ՀՀ Գլխավոր դատախազություն

ՀՀ դատախազությունը միասնական, կենտրոնացված համակարգ է, որը ղեկավարում է գլխավոր դատախազը։ ՀՀ գլխավոր դատախազն է Արթուր Դավթյանը։

Դատախազությունը՝

  • օրենքով նախատեսված դեպքերում և կարգով հարուցում է քրեական հետապնդում,
  • հսկողություն է իրականացնում նախաքննության և հետաքննության օրինականության նկատմամբ,
  • դատարանում պաշտպանում է մեղադրանքը,
  • պետական շահերի պաշտպանության հայց է հարուցում դատարան,
  • բողոքարկում է դատարանների վճիռները, դատավճիռները և որոշումները,
  • հսկողություն է իրականացնում պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման նկատմամբ։
Հանրային քրեական հետապնդում՝ իննամյա դստերը ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժգին տառապանք պատճառած Ա.Փ.-ի նկատմամբ

Հանրային քրեական հետապնդում՝ իննամյա դստերը ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժգին տառապանք պատճառած Ա.Փ.-ի նկատմամբ

Դատախազը 2023 թվականի նոյեմբերի 29-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել իննամյա դստերը ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժգին տառապանք պատճառած Ա.Փ.-ի նկատմամբ: Այս մասին հաղորդում են Գլխավոր դատախազությունից։ «Մասնավորապես՝ քրեական վարույթով պարզվել է, որ Ա.Փ.-ն իննամյա դստեր մազերից քաշելով, ձեռքերով ու ոտքերով մարմնի տարբեր մասերին հարվածներ հասցնելով, միջնակարգ դպրոցից տեղափոխել է իրենց բնակարան, հանել է նրա հագուստը, հագին թողել միայն կիսավարտիքն ու շապիկը և տեղափոխել շենքի բակում գտնվող, իրեն պատկանող խորդանոց: Մոտ 2 ժամ 30 րոպե դստերը պահել է կողպված խորդանոցում՝ ցրտի և մթության պայմաններում: Քրեական վարույթով տվյալներ են ձեռք բերվել, որ Ա.Փ.-ի կողմից դստեր նկատմամբ նման գործողությունները կրել են պարբերական բնույթ: Դատախազը 2023 թվականի նոյեմբերի 29-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել Ա.Փ.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 6-րդ կետերով (հանցավորից նյութական կամ այլ կախվածության մեջ գտնվող անչափահասին ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը): Ա.Փ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառված կալանքը: Ա.Փ.-ի իննամյա դուստրը տեղափոխվել է երեխաների պաշտպանության կենտրոն»,- ասված է հաղորդագրությունում։
12:17 - 05 դեկտեմբերի, 2023
Դատախազությունը պահանջում է ԱԺ նախկին պատգամավորից բռնագանձել ՄԱՊ–ի բաժնետոմսերի 60,9%-ը,  1 մլրդ 298 մլն 273 հազար դրամ

Դատախազությունը պահանջում է ԱԺ նախկին պատգամավորից բռնագանձել ՄԱՊ–ի բաժնետոմսերի 60,9%-ը, 1 մլրդ 298 մլն 273 հազար դրամ

ՀՀ գլխավոր դատախազությունը պահանջում է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Ալեքսան Պետրոսյանից բռնագանձել «ՄԱՊ» ՓԲ ընկերության բաժնետոմսերի 60,9 տոկոսը կամ 19.914 հատ բաժնետոմսեր, 1 մլրդ 298 մլն 273 հազար դրամ՝ որպես ապօրինի ծագում ունեցող գույքի օգտագործումից ստացված եկամտի մնացորդ: Տեղեկությունը հրապարակվել է դատախազության ֆեյսբուքյան էջում։ Հաղորդագրության համաձայն` գխավոր դատախազությունը հօգուտ Հայաստանի Հանրապետության պահանջում է Ալեքսան Պետրոսյանից և նրան փոխկապակցված անձանցից բռնագանձել Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Սայաթ-Նովա փողոցի արտադարամասը, ինչպես նաև Արմավիրի մարզի Արտամետ գյուղի 2, Տալվորիկ գյուղի 4 և Լենուղ գյուղի 2 հողակտորները։  Պահանջների թվում նաև 61 մլն դրամ է նշվում, որը, ըստ դատախազության, չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել։
11:05 - 02 դեկտեմբերի, 2023
23 տարի անց Վանո Սիրադեղյանի վերաբերյալ կասեցված քրեական գործի վարույթը վերսկսվել է 

23 տարի անց Վանո Սիրադեղյանի վերաբերյալ կասեցված քրեական գործի վարույթը վերսկսվել է 

Քսաներեք տարի անց Հակակոռուպցիոն դատարանում վերսկսվել է Հայաստանի ներքին գործերի նախկին նախարար, քաղաքական գործիչ, գրող եւ հրապարակախոս Վանո Սիրադեղյանի վերաբերյալ կասեցված քրեական գործի վարույթը։ Դատարանը, դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, նրա որդուն՝ Խաչատուր Սիրադեղյանին, դատական նիստին մասնակցելու ծանուցում է ուղարկել։ Վերջինս այսօր ներկայացել է դատարան։ Խոսքն այն բազմադրվագ գործի մասին է, որի շրջանակում Վանո Սիրադեղյանը որպես մեղադրյալ է ներգրավված դեռ 1999 թվականից։  Հիշեցնենք՝ 1999 թ․ փետրվարի 19-ին Սիրադեղյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Գրեթե 3 ամիս անց՝ մայիսի 3-ին, նա հայտնաբերվել եւ ձերբակալվել է։ Նրան մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, բանդիտիզմի, հրկիզման եղանակով ուրիշի գույքի ոչնչացնելը կազմակերպելու, ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ կապված շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, մարդուն առեւանգելով կամ պատանդ վերցնելով, այլ հանցանքը թաքցնելու կամ դրա կատարումը հեշտացնելու նպատակով երկու կամ ավելի անձանց սպանության կազմակերպման, դրա նախապատրաստության  համար։ Ձերբակալումից ազատվելուց հետո Սիրադեղյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել անձնական երաշխավորությունը մինչեւ 2000 թ․ ապրիլ ամիսը, երբ Խորհրդարանը բավարարել է Դատախազության միջնորդությունը եւ զրկել նրան պատգամավորական անձեռնմխելիությունից: Խորհրդարանի այդ որոշումից հետո նա լքել է Հայաստանը։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, եւ դարձյալ հայտարարվել է հետախուզում։ 2000 թ․ ապրիլին դատարան ուղարկված քրեական գործի վարույթը կասեցվել է մեղադրյալի գտնվելու վայրի հայտնի չլինելու հիմքով։ Հանրային մեղադրող Մովսես Անտոնյանը Ավելի քան 2 տասնամյակ կասեցված մնալուց հետո՝ նախորդ տարի, գործի ընդդատությունը փոխելու անհրաժեշտություն է ծագել։ Բանն այն է, որ 2021 թ․ ընդունվել եւ 2022 թ․ հուլիսի 1-ին ուժի մեջ է մտել Հայաստանի քրեադատավարական  նոր օրենդրությունը, որի շրջանակում սահմանվել է կոռուպցիոն հանցագործությունների ցանկ։ Ցանկում ներառված հանցագործությունների վերաբերյալ գործերը ենթակա են քննության ոչ թե Ընդհանուր իրավասության, այլ նորաստեղծ Հակակոռուպցիոն դատարանում։ Ըստ այդմ, Ընդհանուր իրավասության դատարանների վարույթում գտնվող կոռուպցիոն այն գործերը, որոնց դատաքննությունը դեռ սկսված չի եղել, պետք է ուղարկվեին Հակակոռուպցիոն դատարան։ Քանի որ Վանո Սիրադեղյանին առաջադրված մեղադրանքների մեջ եւս կան կոռուպցիոն բնույթի, հանցանքներ, նրա վերաբերյալ քրեական գործը 2022 թ․ հոկտեմբեր ամսին ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան։ Մինչ օրս, սակայն, ըստ էության քննություն տեղի չի ունեցել։ Այսօրվա նիստին դատավոր Վահե Դոլմազյանը հայտնեց՝ քրեական գործում առկա են տեղեկություններ, որ Վանո Սիրադեղյանի որդու՝ Խաչատուր Սիրադեղյանի կողմից լիազորված փաստաբանները նախկինում ծանոթացել են գործի նյութերին, ինչով պայմանավորված՝ դատարանը որոշել է ծանուցել որդուն, որպեսզի նրա հետ՝ որպես մերձավոր ազգականի, որոշակի հարցեր քննարկի, այդ թվում՝ գործի հետագա ընթացքի հետ կապված։ Քրեական դատավարության օրենսգիրքը սահմանում է, որ հարուցված քրեական գործը ենթակա է կարճման, եթե անձը մահացել է։ Այս կանոնը, սակայն, չի գործում, եթե մահացածի շահերի ներկայացուցիչը կամ իրավահաջորդը առարկում է դրա դեմ։ Նախկին նախարարը, հիշեցնենք, մահացել է 2021 թ․ հոկտեմբերի 15-ին։ Նախագահող դատավոր Վահե Դոլմազյանը Գործը քննող դատավոր Վահե Դոլմազյանը Խաչատուր Սիրադեղյանից հետաքրքրվեց՝ նա ցանկանո՞ւմ է որպես Վանո Սիրադեղյանի մերձավոր ազգական մասնակցել դատական նիստին եւ որպես իրավահաջորդ ներկայացնել նրա շահերը։ Սիրադեղյանը դրական պատասխանեց։ Իրավահաջորդի կարգավիճակ ստանալու համար նա պետք է առաջիկայում համապատասխան միջնորդություն ներկայացնի։ Դատավորը խնդրեց դրա հետ մեկտեղ ներկայացնել նաեւ Վանո Սիրադեղյանի մահվան վկայականը՝ նշելով, որ դատարանը փորձել է քրեադատավարական ճանապարահով պարզել մահվան հետ կապված որոշ հանգամանքներ, սակայն Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնում այդ պահի դրությամբ առկա չի եղել տեղեկություն այն մասին, որ Վանո Սիրադեղյանը մահացած է։ Խաչատուր Սիրադեղյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Եգորյանը դատարանից ժամանակ խնդրեց անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու, իրավահաջորդի կարգավիճակ ստանալու, ապա նաեւ գործի նյութերին ծանոթանալու համար, հայտնեց՝ դատական նիստին ներկայանալու ծանուցումից բացի իրենք որեւէ այլ տեղեկություն չեն ստացել։ Անդրադառնալով դատական նիստի տեսա եւ լուսանկարահանմանը՝ Եգորյանը նշեց, որ այս պահին առարկություն չունեն, բայց իրենց դիրքորոշումը կարող են հայտնել գործի բովանդակության մասին խորքային պատկերացում ունենալուց հետո միայն։ Մեր զրույցում փաստաբանը տեղեկացրեց՝ Խաչատուր Սիրադեղյանն այս պահի դրությամբ հոր մահվան հիմքով քրեական գործի կարճմանը համաձայն չէ, պահանջելու են շարունակել գործի քննությունը՝ արդարացման ակնկալիքով։  Հաջորդ դատական նիստը նշանակվեց հունվարի 24-ին։   Գլխավոր լուսանկարում՝ ձախից՝ Տիգրան Եգորյանը, Խաչատուր Սիրադեղյանը Հեղինակ՝ Միլենա Խաչիկյան
22:08 - 01 դեկտեմբերի, 2023
Հանրային քրեական հետապնդում է հարուցվել Բրյուսովի համալսարանի նախկին դեկան Ցոլակ Ակոպյանի նկատմամբ

Հանրային քրեական հետապնդում է հարուցվել Բրյուսովի համալսարանի նախկին դեկան Ցոլակ Ակոպյանի նկատմամբ

Դատախազը 2023 թվականի նոյեմբերի 30-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել 2018-2022 թվականներին «Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» ՊՈԱԿ-ի (այսուհետ՝ ՊՈԱԿ) սոցիալական գիտությունների և սերվիսի ֆակուլտետի դեկանի պաշտոնը զբաղեցրած Ց.Ա.-ի նկատմամբ՝ դիտավորությամբ այնպիսի գործողություններ կատարելու համար, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից: Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով պարզվել է, որ Ց.Ա.-ն, զբաղեցնելով ՊՈԱԿ-ի սոցիալական գիտությունների և սերվիսի ֆակուլտետի դեկանի պաշտոնը, համատեղության կարգով հանդիսանալով «Փիլիսոփայության և պատմության», «ԲՊՀ հիմնադրամի Յունեսկոյի մարդու իրավունքների, ժողովրդավարության և քաղաքագիտության» ամբիոնների ավագ դասախոս, ՊՈԱԿ-ի ռեկտորի հրամաններով հանձնաժողովների կազմում ընդգրկված չլինելու պայմաններում, դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից: Մասնավորապես՝ 2019-2022 թվականների ընթացքում անգլերեն առարկայից անբավարար գնահատականներ ստացած ուսանողներից՝ Ռ.Ն.-ից, Հ.Ս.-ից, Մ.Ա.-ից, Մ.Ծ.-ից, Ս.Ա.-ից, Վ.Մ.-ից և Ն.Պ.-ից, ընդունել է «1-ին օտար լեզու (անգլերեն) 4», «Գրավոր խոսք (անգլերեն)», «Գրավոր խոսք (անգլերեն) 2», «Բանավոր խոսք (անգլերեն) 3» առարկաների լուծարային քննություններն ու նշանակել դրական` «60» գնահատականներ՝ քննական տեղեկագրում հանձնաժողովի անդամի փոխարեն դնելով իր ստորագրությունը: Հանրային քրեական հետապնդումը հարուցվել է 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը) (4 դրվագ) և գործող Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի կողմից լիազորություններն անցնելը) (3 դրվագ):              Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
14:39 - 30 նոյեմբերի, 2023
Դատախազը Վիգեն Սարգսյանի վերաբերյալ գործն ուղարկել է Հակակոռուպցիոն դատարան

Դատախազը Վիգեն Սարգսյանի վերաբերյալ գործն ուղարկել է Հակակոռուպցիոն դատարան

Դատախազը 2023 թվականի նոյեմբերի 29-ին հաստատել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վ.Ս.-ի վերաբերյալ հեռակա կարգով իրականացված քրեական վարույթով մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել Հակակոռուպցիոն դատարան: Այս մասին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազությունից: «Միաժամանակ, դատախազի կողմից դատարան է ներկայացվել հետախուզման մեջ գտնվող մեղադրյալ Վ.Ս.-ի նկատմամբ հեռակա դատաքննություն իրականացնելու մասին միջնորդություն: Հիշեցնենք, որ դատախազը 2023 թվականի հոկտեմբերի 24-ին հանրային նոր քրեական հետապնդում է հարուցել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վ.Ս.-ի նկատմամբ այն բանի համար, որ նա Նախարարության հաշվեկշռում գտնվող՝ Երևան քաղաքի Հասրաթյան փողոցի բազմաբնակարան շենքի բնակարանների բաշխման գործընթացում 2018 թվականի հունվարին դիտավորությամբ կատարել է իր լիազորությունների շրջանակից ակնհայտորեն դուրս գտնվող գործողություններ: Արդյունքում՝ էական վնաս է պատճառվել անձանց իրավունքներին, օրինական շահերին, ինչպես նաև պետության օրինական շահերին, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ: Մասնավորապես՝ Պաշտպանության նախարարության հաշվեկշռում ընդգրկված շենքից բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող զինծառայողներին անհատույց օգտագործման իրավունքով 71 բնակարան հատկացնելու նպատակով 2018 թվականի հունվարի 18-ին հրավիրված նիստին ընդառաջ, անտեսելով Կառավարության որոշմամբ հաստատված կարգի պահանջները, Նախարարության կենտրոնական բնակարանային հանձնաժողովի անդամներին Վ.Ս.-ն հանձնարարել է առաջիկա նիստում բնակարաններ հատկացնել բնակարանային հաշվառման մեջ չգտնվող կամ ցուցակներում ավելի ուշ ընդգրկված՝ իր կողմից նախընտրած 26 զինծառայողների, ինչպես նաև Նախարարության համակարգի՝ զինծառայող չհանդիսացող երեք անձանց: Հանձնարարությունը հիմք ընդունելով՝ Հանձնաժողովը կայացրել է ապօրինի որոշում. արդյունքում՝ նշված շենքից անհատույց օգտագործման իրավունքով բնակարաններ են հատկացվել Երևան քաղաքում բնակարանային ապահովման կարիք ունեցող զինծառայողների հաշվառման ցուցակներում ավելի ուշ ընդգրկված ու բնակարանային հաշվառման մեջ չգտնվող զինծառայողների և Պաշտպանության նախարարության համակարգի՝ զինծառայող չհանդիսացող անձանց: 2023 թվականի հոկտեմբերի 25-ին որոշում էր կայացվել մեղադրյալ Վ.Ս.-ի նկատմամբ իրականացնել հեռակա վարույթ: Նույն օրը հեռակա վարույթով մեղադրանքը ներկայացվել է Վ.Ս.-ի պաշտպանին: Հիշեցնենք, որ նախաքննության ընթացքում մեղադրյալ Վ.Ս.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը՝ 2 ամիս ժամկետով. նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում»,- ասված է հաղորդագրության մեջ: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
18:10 - 29 նոյեմբերի, 2023
Գլխավոր դատախազն այցելել է ՀՀ զինված ուժերի N բանակային զորամիավորում. Տավուշի մարզում Զինվորական դատախազության նստավայր կտեղակայվի

Գլխավոր դատախազն այցելել է ՀՀ զինված ուժերի N բանակային զորամիավորում. Տավուշի մարզում Զինվորական դատախազության նստավայր կտեղակայվի

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Տավուշի մարզում Զինվորական դատախազության նստավայրի տեղակայման հետ կապված հարցեր քննարկելու նպատակով, նոյեմբերի 28-ին, ՀՀ զինվորական դատախազ, գլխավոր դատախազի տեղակալ Գրիգոր Էլիզբարյանի ուղեկցությամբ, այցելել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի N բանակային զորամիավորում: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։  Գլխավոր դատախազը Զորամիավորման հրամանատար Ալեքսանդր Ցականյանի հետ զրույցում քննարկել է բանակում կարգապահության, զինծառայողների միջև կանոնադրային հարաբերությունների պահպանման, բանակում հանցագործությունների կանխարգելման և այս համատեքստում Զորամիավորման ու Կայազորի զինվորական դատախազության միջև արդյունավետ փոխգործակցության ապահովման հետ կապված մի շարք հարցեր: Աննա Վարդապետյանը շրջայց է կատարել Զորամիավորման տարածքում, այցելել սահմանագծի մշտադիտարկումն իրականացնող օպերատիվ կառավարման կենտրոն, կորպուսի հատուկ նշանակության գունդ, այնուհետև՝ N մարտական դիրք, զրուցել մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմի հետ: Տավուշի մարզի դատախազությունում ՀՀ գլխավոր դատախազը ՀՀ զինվորական դատախազ Գրիգոր Էլիզբարյանի, Տավուշի մարզի դատախազ Գոռ Ալոյանի և Լոռու կայազորի զինվորական դատախազ Արման Ապրեսյանի մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել, որի ընթացքում քննարկվել են Տավուշի մարզում Զինվորական դատախազության նստավայրի տեղակայման մանրամասները:
12:11 - 29 նոյեմբերի, 2023
Քրեական հետապնդում է հարուցվել տելեգրամի միջոցով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների իրացմամբ և փողերի լվացմամբ զբաղված անձանց նկատմամբ

Քրեական հետապնդում է հարուցվել տելեգրամի միջոցով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների իրացմամբ և փողերի լվացմամբ զբաղված անձանց նկատմամբ

Դատախազը 2023 թվականի նոյեմբերի 22-ին հանրային քրեական հետապնդումներ է հարուցել «Տելեգրամ» հեռահաղորդակցման հավելվածում ստեղծված և կառավարվող «Ismoke», «Ismoke420» և «Marc Emery Market» առցանց խանութ-հարթակների միջոցով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացմամբ և փողերի լվացմամբ զբաղված երեք անձի նկատմամբ: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ Մասնավորապես՝ քրեական վարույթով պարզվել է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ Վ.Մ.-ն և Խ.Ֆ.-ն 2019-2021 թվականներին զբաղվել են առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ` Խ.Ֆ.-ի կողմից «Տելեգրամ» հեռահաղորդակցման հավելվածում ստեղծված և կառավարվող «Ismoke», «Ismoke420» և «Marc Emery Market» առցանց խանութ-հարթակների միջոցով: Խ.Ֆ.-ն ապահովել է, որ թմրամիջոցներն առանձնացվեն ըստ քաշերի, փաթեթավորվեն և նախապես տեղադրվեն ՀՀ տարածքում գտնվող թաքստոցներում, որից հետո թմրամիջոցների գտնվելու վայրերը լուսանկարահանվել են, ծրագրային հավելվածի միջոցով նշվել դրանց գտնվելու վայրերի աշխարհագրական կոորդինատները:Վ.Մ.-ն կառավարել է տելեգրամյան խանութ-հարթակները, նամակագրություն վարել թմրամիջոց ձեռք բերելու ցանկություն հայտնած անձանց հետ, պահանջել թմրամիջոցի համապատասխան չափաբաժնի արժեքը կազմող գումարը (ընդհանուր՝ շուրջ 60 մլն 744 հազար դրամ) փոխանցել կրիպտոարժութային դրամապանակներին, ինչպես նաև ՀՀ և օտարերկրյա էլեկտրոնային դրամապանակներին: Վճարման անդորրագրերի լուսանկարները գնորդի կողմից փոխանցվելուց հետո, Վ.Մ.-ն և Խ.Ֆ.-ն գնորդին ուղարկել են թաքստոցներում նախապես տեղադրված՝ տարբեր տեսակի թմրամիջոցների տեղակայման լուսանկարները՝ ճշգրիտ աշխարհագրական կոորդինատներով: Բացի այդ, իրենց կողմից կառավարվող «Marc Emery Market» խանութ-հարթակի միջոցով՝ մեկ այլ՝ «Davitvanhoktemberyan» անվամբ գրանցված օգտատիրոջից, Խ.Ֆ.-ն և Վ.Մ.-ն, իրացնելու նպատակով, 2021 թվականի օգոստոսին ապօրինի ձեռք են բերել առանձնապես խոշոր չափերով՝ ավելի քան 80 գրամ քաշով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց: Դրա մի մասը տեղադրել են Կոտայքի մարզի տարածքում, լուսանկարել տեղադրման վայրը, նշել աշխարհագրական կոորդինատները և լուսանկարն ուղարկել «Տելեգրամ» հեռահաղորդակցման հավելվածում «ՏՆՕՐԷՆՔ» և «Origin666» անուններով գրանցված Գ.Ա.-ին ու Հ.Հ.-ին: Վերջիններս, Խ.Ֆ.-ի հրահանգով, ձեռք բերված թմրամիջոցի մի մասը փաթեթավորել և թաքցրել են Երևան քաղաքի ու ՀՀ մարզերի տարբեր հատվածներում: Վ.Մ.-ն և Խ.Ֆ.-ն թմրամիջոցի մնացած մասը՝ 60.39 գրամ ընդհանուր քաշով, հետագայում իրացնելու նպատակով, տեղափոխել են Խ.Ֆ.-ի բնակության վայր և թաքցրել տան խորդանոցում (թմրամիջոցը հայտնաբերվել է 2021 թվականի օգոստոսի 30-ին կատարված խուզարկությամբ, իսկ Գ.Ա.-ի և Հ.Հ.-ի կողմից թաքցված փաթեթներից հայտնաբերվել է ընդհանուր 19,93 գրամ քաշով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի պարունակությամբ 49 փաթեթ): Դատախազը 2023 թվականի նոյեմբերի 22-ին հանրային քրեական հետապնդումներ է հարուցել Վ.Մ.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով, իրացնելու նպատակով թմրամիջոց, հոգեմետ (հոգեներգործուն) նյութ, դրանց պատրաստուկ կամ դրանց համարժեք նյութ (անալոգ) ապօրինի արտադրելը, պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, տեղափոխելը, առաքելը, տարածելը, գովազդելը կամ դրանք ապօրինի իրացնելը կամ մեկ ուրիշի դրդմամբ՝ նրա համար թմրամիջոց, հոգեմետ (հոգեներգործուն) նյութ, դրանց պատրաստուկ կամ դրանց համարժեք նյութ (անալոգ) ապօրինի ձեռք բերելը) և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում), իսկ Գ.Ա.-ի, և Հ.Հ.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
11:58 - 28 նոյեմբերի, 2023
«Ես իրականությունը կբացահայտեմ, որ սաղ ամաչեն, գետինը մտնեն»․ Գագիկ Ծառուկյան

 |factor.am|

«Ես իրականությունը կբացահայտեմ, որ սաղ ամաչեն, գետինը մտնեն»․ Գագիկ Ծառուկյան |factor.am|

factor.am: «Ես որևիցե մեկին կաշառք չեմ տվել, այդպիսի բան որևիցե մեկը չի կարող ապացուցել»,- այս մասին այսօր դատարանում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։  Դատախազն ավելի վաղ ընթերցել էր Ծառուկյանի մեղադրանքը, համաձայն որի՝ վերջինը կազմակերպել է Ազգային ժողովի 2017 թվականի ընտրությունների ժամանակ ընտրողներին կաշառք տալը։ Ըստ մեղադրանքի՝ Կոտայքի մարզում 171 մլն դրամ ընտրակաշառք է տրվել՝ 17 հազար քվեի համար։  «Ընտրություն է, բոլորս էլ գիտենք, որ գումարները նախատեսված է կենտրոնական գրասենյակում, որ ասենք՝ վառելիք է, աշխատավարձ է, օգնություն է, բենզին է, վարձավճար է»,- ասաց Ծառուկյանը։ Նա նշեց, թե գործով 53 հազար անձի հարցաքննել են, որևէ մեկը չի հայտնել, թե Ծառուկյանն իրենց կաշառք է տվել, բայց  քննիչները հիմնվել են մեկ անձի՝ Վազգեն Պողոսյանի ցուցմունքի և նրա ղեկավարած կառույցում հայտնաբերված փաստաթղթի վրա։ «Բռնել եք, հանցանք կա, դե ապացուցեք։ 53 հազար մարդու քննել են, կալանավորել են մի ամսով, բայց վերջում ոչ մի բան չկա, էդքան հատորը թափել են մի կողմ, մի Վազգեն Պողոսյան։ Եթե կա, թող դատախազն ասի՝ Ծառուկյան, այ՝ Պողոսն ասում ա, որ դու իրան տվել ես գումար։ Կամ՝ 171 մլն։ Ուրեմն, իրենց ասելով, 117 հազար ձայն պետք է լիներ, բայց տարել ենք 7000-8000 ձայն, ինչի՞ մասին է խոսքը։ Ես ավելին կասեմ, ավելի իրականությունը կբացահայտեմ, որ սաղ ամաչեն, գետինը մտնեն, որ լիարժեք մարդու գլխին չի կարելի էդ աստիճանի սարքել։ Ես համբերատար լսում եմ, համբերատար, շատ հանգիստ լսում եմ։ Չի կարելի, էլի, ամոթ ա մի քիչ։ Ես էլ շատ բաներ ունեմ ասելու, բայց հզոր մարդիկ միշտ զուսպ են լինում, չափի մեջ հարգալից են լինում»,- ասաց Գագիկ Ծառուկյանը։
15:47 - 27 նոյեմբերի, 2023
Չինաստանը հետաքրքրված է ՀՀ դատախազության հետ համագործակցությամբ. գլխավոր դատախազն ընդունել է Հայաստանում Չինաստանի դեսպանին

Չինաստանը հետաքրքրված է ՀՀ դատախազության հետ համագործակցությամբ. գլխավոր դատախազն ընդունել է Հայաստանում Չինաստանի դեսպանին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը նոյեմբերի 24-ին ընդունել է ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպան Ֆան Յունի գլխավորած պատվիրակությանը: ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ Աննա Վարդապետյանը կարևորել է նման ձևաչափով աշխատանքային հանդիպումների կազմակերպումը՝ ի նպաստ երկու երկրների իրավապահ մարմինների արդյունավետ համագործակցության: Դեսպան Ֆան Յունն ընդգծել է, որ Չինաստանը հետաքրքրված է ՀՀ գլխավոր դատախազության հետ ուղիղ համագործակցությամբ, որը, ի թիվս այլնի, կընդգրկի երկու երկրների դատախազությունների միջև փորձի փոխանակման ծրագրերի իրականացումը: Դեսպանի հետ զրույցում Հանրապետության գլխավոր դատախազը ներկայացրել է Դատախազության առաջնահերթությունները՝ ուղղված կոռուպցիայի դեմ պայքարին, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ու պետական շահերի պաշտպանությանը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են իրավական փոխօգնության շրջանակում երկու երկրների դատախազությունների համագործակցությունը զարգացնելու հեռանկարները:
17:15 - 24 նոյեմբերի, 2023
Դատախազությունը 10 տարի անց վիճարկում է տարածքը հանրային գերակա շահ ճանաչելու մասին Կառավարության որոշումը
 |hetq.am|

Դատախազությունը 10 տարի անց վիճարկում է տարածքը հանրային գերակա շահ ճանաչելու մասին Կառավարության որոշումը |hetq.am|

hetq.am: Կառավարությունը 2013թ. օգոստոսի 29-ին որոշել էր Երևան քաղաքում մի շարք տարածքների նկատմամբ ճանաչել բացառիկ` գերակա հանրային շահ: Նպատակը եղել է քաղաքաշինական ծրագրերի իրականացումը: Հանրային գերակա շահ ճանաչված տարածքների ցանկում է նաև Կողբացի 50ա հասցեն: Տարածքները ձեռք բերողը եղել է «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊԸ-ն: Կառավարության որոշումից 10 տարի անց Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությունը դիմել է վարչական դատարան՝ վիճարկելով որոշմամբ «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊԸ-ի՝ որպես Երևան քաղաքի Կողբացու 50ա հասցեում գտնվող շենքի ձեռք բերող լինելու հանգամանքը: «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊԸ-ն հիմնվել է 2002թ. դեկտեմբերին: Ընկերության 50%-ը պատկանում է մի շարք դրվագներով քրեական գործերով անցնող, գործարար Սամվել Մայրապետյանին, մյուս 50%-ը՝ նրա կնոջը՝ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Գոհար Քյալյանին: Ավելի վաղ Գլխավոր դատախազությունը հաղորդագրություն էր տարածել, որ 2009թ. փետրվարի 19-ին Եզնիկ Կողբացի 50ա հասցեում գտնվող անշարժ գույքն առանց մրցույթի՝ ուղղակի վաճառքով, օտարվել է «Լոկալ Դիվելոփըրզ» ընկերությանը: Հանրային գերակա շահ ճանաչված լինելու հիմքով օտարված համայնքապատկան գույքն առ այսօր գտնվում է անփոփոխ վիճակում: Մինչդեռ նախատեսված էր, որ տարածքը բարեկարգվի, որ Երևանում վերանա վթարային բնակելի ֆոնդը, ստեղծվեն կանաչապատ տարածքներ, նորացվեն ինժեներատեխնիկական ենթակառուցվածքները և այլն: Դատախազությունը գտնում է, որ խախտվել է օտարման գործընթացը: Մասնավորապես՝ օտարման նպատակի իրագործումը պետք է սկսվեր գերակա հանրային շահ ճանաչելու մասին Կառավարության համապատասխան որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ 7 տարվա ընթացքում։ Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա՝ դատախազությունը 2023թ. սեպտեմբերի 18-ին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու նպատակով: Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ): Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վիճարկվում է Կառավարության որոշում, վարչական դատարանում հայցի քննությունն իրականացվելու է 5 դատավորի կազմով՝ նախագահությամբ դատավոր Կարեն Զարիկյանի:
10:43 - 24 նոյեմբերի, 2023
Ծառուկյանի գույքի ծագումն օրինական է, կան ծանրակշիռ ապացույցներ. փաստաբանական խումբ

Ծառուկյանի գույքի ծագումն օրինական է, կան ծանրակշիռ ապացույցներ. փաստաբանական խումբ

Գործարար, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գույքի ծագումն օրինական է, դրա վերաբերյալ առկա են ծանրակշիռ ապացույցներ, որոնք հնարավորինս սեղմ ժամկետներում կներկայացվեն դատարան և հայցվորին՝ ՀՀ գլխավոր դատախազությանը: Այս մասին հայտարարություն է տարածել Ծառուկյանի փաստաբանական թիմը։   Հայտնել էինք, որ ՀՀ գլխավոր դատախազությունը Գագիկ Ծառուկյանից որպես ապօրինի գույք պահանջում է հօգուտ ՀՀ-ի բռնագանձել 79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց, 86 մլրդ դրամ, 39 իրավաբանական անձանցում բաժնեմասեր և բաժնետոմսեր։ Պաշտպանական խումբն արձանագրում է, որ Գագիկ Ծառուկյանի գույքի մասով ՀՀ գլխավոր դատախազությունն ուսումնասիրություններ իրականացրել է մոտ 3 տարվա ընթացքում և ձեռք բերված մեծածավալ նյութերը Ծառուկյանին են տրամադրվել հայցադիմումը դատարան ներկայացնելուց ընդամենը մեկ ամիս առաջ:   «Անհնար է եղել նշված կարճ ժամանակահատվածում ամբողջական կերպով ներկայացնել մեծածավալ գույքի վերաբերյալ պահանջված փաստաթղթերը: Գագիկ Ծառուկյանն ամբողջությամբ առարկում է վերը նշված հայցադիմումի դեմ, իսկ անհրաժեշտության դեպքում պաշտպանության խումբը հանդես կգա լրացուցիչ հայտարարություններով և պարզաբանումներով»,- նշվում է հայտարարության մեջ։   2023 թվականի հոկտեմբերի 9-ին Հակակոռուպցիոն դատարան է ներկայացվել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հայցադիմում, որը հոկտեմբերի 10-ին վարույթ է ընդունվել: Հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձման պահանջ է ներկայացված նաև չնույնականացված 8 տրանսպորտային միջոցների ձեռքբերման արժեքի՝ 348 մլն 194 հազար դրամի, զիջված պահանջի իրավունքի գումարի՝ շուրջ 33 միլիոն դրամի, 10 անշարժ գույքի (որոնք օրենքի իմաստով պատկանում են Գագիկ Ծառուկյանին) շուկայական արժեքի, 63 մլրդ դրամի փոխառությունների պահանջի իրավունքի, 12 ֆիզիկական և իրավաբանական անձանց (ում հնարավոր չի եղել նույնականացնել) տրամադրված փոխառությունների գումարի չափ գումարի՝ շուրջ 16.8 մլրդ դրամի նկատմամբ։
21:16 - 23 նոյեմբերի, 2023
Գլխավոր դատախազությունը պահանջում է Գագիկ Ծառուկյանից բռնագանձել 79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց, 86 մլրդ դրամ, 39 իրավաբանական անձանցում բաժնեմասեր և բաժնետոմսեր

Գլխավոր դատախազությունը պահանջում է Գագիկ Ծառուկյանից բռնագանձել 79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց, 86 մլրդ դրամ, 39 իրավաբանական անձանցում բաժնեմասեր և բաժնետոմսեր

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում 2020 թվականի հոկտեմբերի 8-ին սկսվել է ուսումնասիրություն՝ Գագիկ Ծառուկյանին պատկանող գույքի առնչությամբ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: «Ուսումնասիրության ընթացքում Վարչությունը, իրացնելով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով նախատեսված իր լիազորությունները, համապատասխան հարցումներ է կատարել տարբեր պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ, հավաքել անհրաժեշտ տեղեկատվություն, այդ թվում՝ բանկային գաղտնիք կազմող տվյալներ, ինչի արդյունքում, կատարված ուսումնասիրությամբ բացահայտված և օրինական եկամուտներով չհիմնավորվող գույքի նկատմամբ հայցի նախնական ապահովման միջոցներ կիրառելու դիմում է ներկայացվել դատարան: Դատարանի որոշմամբ՝ Գագիկ Ծառուկյանին և նրան փոխկապակցված անձանց արգելվել է կատարել մի շարք անշարժ և շարժական գույքերի տնօրինման հետ կապված գործողություններ: Ուսումնասիրությամբ շահագրգիռ անձինք ծանոթացել են ուսումնասիրությամբ հավաքված տվյալներին, նրանց տրվել է դիրքորոշում ներկայացնելու հնարավորություն, սակայն Վարչության կողմից ապօրինի գնահատված գույքերի ձեռքբերման օրինականությունը հիմնավորող տվյալներ շահագրգիռ անձինք դեռևս չեն ներկայացրել: Այնուհետև, Գագիկ Ծառուկյանին պատկանող գույքի առնչությամբ սկսված ուսումնասիրության արդյունքում 2023 թվականի հոկտեմբերի 9-ին Հակակոռուպցիոն դատարան է ներկայացվել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հայցադիմում, որը 2023 թվականի հոկտեմբերի 10-ին ընդունվել է վարույթ: Համաձայն հայցադիմումի՝ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին Գագիկ Ծառուկյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել. 79 անշարժ գույք. 42 տրանսպորտային միջոց. Չնույնականացված 8 տրանսպորտային միջոցների ձեռքբերման արժեք՝ 348 մլն 194 հազար դրամ. Զիջված պահանջի իրավունքի գումար՝ շուրջ 33 միլիոն դրամ. 10 անշարժ գույքի, որոնք օրենքի իմաստով պատկանում են Գագիկ Ծառուկյանին, շուկայական արժեք. 39 իրավաբանական անձանցում բաժնեմասեր և բաժնետոմսեր. 63 մլրդ դրամի փոխառությունների պահանջի իրավունք. 12 ֆիզիկական և իրավաբանական անձանց (ում հնարավոր չի եղել նույնականացնել) տրամադրված փոխառությունների գումարի չափ գումար՝ շուրջ 16.8 մլրդ դրամ. 86 մլրդ 400 մլն դրամի բռնագանձման պահանջ, որը հանդիսանում է ապօրինի ծագում ունեցող գույքի օգտագործումից ստացված եկամուտների և օրինական եկամուտներով չհիմնավորվող վճարումների, փոխանցումների և այլ ելքերի հանրագումար: Հիշեցնենք, որ 2020 թվականին հարուցված քրեական գործով (վարույթով) Գագիկ Ծառուկյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, որից հետո Գլխավոր դատախազության Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում ստացվել են անհրաժեշտ այն տեղեկությունները, որոնց հիմքով 2020 թվականի հոկտեմբերի 8-ին սկսվել է Գագիկ Ծառուկյանին պատկանող գույքի ուսումնասիրություն»,- ասված է հաղորդագրության մեջ:
14:44 - 23 նոյեմբերի, 2023
Պաշտոնատար անձինք միջոց չեն ձեռնարկել Աբովյան 10 հասցեում գտնվող գույքը պետությանը վերադարձնելու ուղղությամբ. նախաձեռնվել է քրեական վարույթ

Պաշտոնատար անձինք միջոց չեն ձեռնարկել Աբովյան 10 հասցեում գտնվող գույքը պետությանը վերադարձնելու ուղղությամբ. նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատախազությունում, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, ուսումնասիրվել է Աբովյան փողոցի 10 հասցեում գտնվող շենքի օտարման գործընթացը: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ Կառավարության 2007 թվականի ապրիլի 5-ի որոշմամբ՝ Երևան քաղաքի Աբովյան փողոցի 10 հասցեում գտնվող 1250 քմ մակերեսով շենքը և 56 քմ մակերեսով ավտոտնակը հետ է վերցվել Գիտությունների ազգային ակադեմիայի «Երկրաբանական գիտությունների ինստիտուտ» ՊՈԱԿ-ից և ուղղակի վաճառքի ձևով օտարվել «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊ ընկերությանը: Նախնական գին է սահմանվել 166 մլն 318 հազար դրամը: 2007 թվականի մայիսի 23-ին Պետական գույքի կառավարման վարչության պետ Կ. Կ.-ի և «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊ ընկերության տնօրեն Ս.Մ.-ի (Սամվել Մայրապետյան-խմբ.) միջև կնքվել է պետական գույքի օտարման և գրավի պայմանագիր, որով գնորդի համար սահմանվել է պարտականություն՝ պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո՝ 2 տարվա ընթացքում, գույքի հիմնական վերանորոգման և վերականգնման նպատակով ներդնել 150 մլն դրամ: Նույն պայմանագրով սահմանվել է, որ վերոնշյալ պարտականությունը նշված ժամկետում չկատարելու դեպքում, Պետական գույքի կառավարման վարչությունն օրենքով սահմանված կարգով պետք է դիմի դատարան՝ գնորդին սեփականության իրավունքով պատկանող գույքի վրա բռնագանձում կիրառելու կամ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված այլ պահանջով։ 2008 և 2009 թվականներին Պետական գույքի կառավարման վարչության պետի կողմից գրություն է ուղարկվել «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊ ընկերության տնօրենին՝ 150 մլն դրամի ներդրումային պարտավորության կատարումը հավաստող փաստաթղթեր ներկայացնելու պահանջով, սակայն պատասխան չի ստացվել։ 2010 թվականի հուլիսի 7-ին Պետական գույքի կառավարման վարչության պետ Կ.Կ.-ն գրություն է ուղարկել Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին՝ հայտնելով Աբովյան փողոցի 10 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ գրավի իրավունքի վերացման անհրաժեշտության մասին՝ նշելով, որ «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊ ընկերության կողմից պայմանագրով նախատեսված պարտականությունները չեն կատարվել և որ Աբովյան 10 հասցեում գտնվող տարածքը բացառիկ գերակա հանրային շահ է ճանաչվել Կառավարության 2008 թվականի օգոստոսի 28-ի որոշմամբ։ 2010 թվականի հուլիսի 16-ին Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի կողմից պետական գույքի կառավարման վարչության պետ Կ.Կ.-ին ուղարկվել է պատասխան գրություն այն մասին, որ գույքի նկատմամբ բացառիկ գերակա հանրային շահ ճանաչելու փաստը հիմք չէ այդ գույքի նկատմամբ գրանցած գրավի իրավունքը չեղյալ հայտարարելու համար, ուստի վերոնշյալ գրության հիման վրա՝ Աբովյան փողոցի 10 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ հիփոթեքի պետական գրանցումը դադարեցնել հնարավոր չէ։ 2010 թվականի օգոստոսի 18-ին «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊ ընկերության տնօրենը գույքի գրավը հանելու խնդրանքով գրություն է ուղարկել Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ նշելով, որ Ընկերությունը սահմանված ժամկետում իրականացրել է Աբովյան փողոցի 10 հասցեում գտնվող շենքի վերանորոգման և վերականգնման հետ կապված ներդրումային ծրագիրը՝ ներկայացնելով հաշվետվություն: Դատախազության ուսումնասիրությամբ, ի թիվս այլնի, պարզվել է, որ Ընկերության կողմից առերևույթ բիզնես գործունեության շրջանակներում չպարզված ժամանակահատվածում ձեռքբերված ապրանքների համար (ականջակալ, ֆեն, գդալ, ավել, մոխրաման և այլն) ծախսված գումարը գնահատվել է որպես Աբովյան փողոցի 10 հասցեում գտնվող շենքի հիմնական վերանորոգման և վերականգնման նպատակով կատարված ծախս: Կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է նաև, որ բացառիկ հանրային գերակա շահ ճանաչված շենքին, միայն ութ տարի անց՝ 2016 թվականի օգոստոսի 9-ին է տրամադրվել առաջին շինթույլտվությունը: Միաժամանակ, բացակայում է ավարտական ակտը: Նկատի ունենալով, որ ուսումնասիրության ընթացքում հայտնաբերվել է առերևույթ հանցանքի դեպք՝ դատախազը հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե: 2023 թվականի նոյեմբերի 14-ին Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) (2 դրվագ) և 315-րդ հոդվածի 2-րդ մասով (պետական կամ համայնքային uեփականություն հանդիսացող հողամաuերի ինքնակամ զավթումը, ինչպես նաև շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելը) (2 դրվագ): Գլխավոր դատախազությունը, պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, միջոցներ է ձեռնարկում համայնքային սեփականություն հանդիսացող գույքը համայնքին վերադարձնելու նպատակով:
10:06 - 22 նոյեմբերի, 2023
Գլխավոր դատախազն ընդունել է ԵԽ գրասենյակի՝ Հայաստանում առաքելությունն ավարտող ղեկավարին

Գլխավոր դատախազն ընդունել է ԵԽ գրասենյակի՝ Հայաստանում առաքելությունն ավարտող ղեկավարին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է ԵԽ գրասենյակի՝ Հայաստանում առաքելությունն ավարտող ղեկավար Մարտինա Շմիդտին: Այս մասին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազությունից: «Աննա Վարդապետյանը ողջունել է ԵԽ գրասենյակի ղեկավարին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունում և շնորհակալություն հայտնել Դատախազության հիմնադրման 105-ամյակին նվիրված բարձրաստիճան խորհրդաժողովի կազմակերպմանն աջակցելու համար: Այդ համատեքստում ՀՀ գլխավոր դատախազը կարևորել է փոխգործակցության շարունակականությունը և ընդգծել, որ 2024 թվականին նախատեսվում է նման ձևաչափով երկրորդ խորհրդաժողովի անցկացումը: Մարտինա Շմիդտը շնորհակալություն է հայտնել Աննա Վարդապետյանին համատեղ ծրագրերն արդյունավետ իրականացնելու համար և բարձր գնահատել Դատախազության արհեստավարժությունն ու նախաձեռնողականությունը: Ամփոփելով հանդիպումը՝ Աննա Վարդապետյանը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել Հայաստանում առաքելությունն ավարտող Մարտինա Շմիդտին կատարած աշխատանքի համար և Շմիդտին մաղթել ամենայն բարիք ու հաջողություն՝ աշխատանքային հետագա գործունեության ոլորտներում»,- ասված է հաղորդագրության մեջ:
17:29 - 21 նոյեմբերի, 2023
ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Այվազյանի կողմից ապօրինի ռազմամթերք ձեռք բերելու և պահելու վերաբերյալ գործն ուղարկվել է դատարան

ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Այվազյանի կողմից ապօրինի ռազմամթերք ձեռք բերելու և պահելու վերաբերյալ գործն ուղարկվել է դատարան

Դատախազը 2023 թվականի նոյեմբերի 20-ին հաստատել է Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ, ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Վ.Ա.-ի (Վարդան Այվազյանի) վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան: Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում քննված քրեական վարույթով պարզվել էր, որ Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ, ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Վ.Ա.-ն, ապօրինի կերպով ձեռք է բերել և իր փաստացի բնակության վայրում պահել ռազմամթերք հանդիսացող, գործարանային արտադրության «АКМ» տեսակի ինքնաձիգերից, «РПК» տեսակի ձեռքի գնդացիրներից և համապատասխան տրամաչափի ակոսափող այլ զենքերից կրակելու համար նախատեսված 12 հատ 7,62 մմ (7,62*39) տրամաչափի, «СВД» տեսակի նշանառու հրացաններից, «ПК» տեսակի գնդացիրներից և համապատասխան տրամաչափի ակոսափող այլ զենքերից կրակելու համար նախատեսված 2 հատ 7,62 մմ (7,62*54R) տրամաչափի մարտական փամփուշտներ, ինչպես նաև՝ «MP-446 (Viking)», «Glock» տեսակի ատրճանակներից և համապատասխան տրամաչափի ակոսափող այլ զենքերից կրակելու համար նախատեսված 34 հատ 9 մմ (9*19) տրամաչափի սպորտային-վարժանքային փամփուշտներ: Վ.Ա.-ի նկատմամբ հարուցված էր հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը): Վ.Ա.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառված բացակայելու արգելքը: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
15:15 - 21 նոյեմբերի, 2023