Արմեն Սարգսյան

ՀՀ չորրորդ նախագահն է։ 

Ծնվել է 1953թ. հունիսի 23-ին, Երևան քաղաքում:

1970թ. ավարտել է Երևանի թիվ 114 միջնակարգ դպրոցը: 1976թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը: 1978թ. ավարտել է ԵՊՀ տեսական ֆիզիկայի ամբիոնի ասպիրանտուրան: Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու է, դոցենտ:

1991-1996թթ․ զբաղեցրել է Միացյալ Թագավորությունում Հայաստանի  Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատարի, այնուհետև ՀՀ դեսպանի պաշտոնները:

1992-1996թթ․ եղել է Եվրոպայի ավագ դեսպան, ՀՀ դեսպանը Եվրոպական Միությունում, Բելգիայում, Նիդերլանդներում, Լյուքսեմբուրգում, Սուրբ Աթոռում, ԵՄ-ում ՀՀ առաքելության ղեկավարը:

1996-1997թթ․ զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը:

1998-2000թթ․ վերանշանակվել է ՄԹ-ում և, համատեղության կարգով, Վատիկանում Հայաստանի Հանրապետության դեսպան:

2000-2013 թվականներին եղել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ավագ խորհրդական, Eurasia House International –ի հիմնադիր նախագահ, Քեմբրիջի համալսարանի Եվրասիական կենտրոնի հիմնադիր և տնօրեն,  Եվրասիական ամենամյա մեդիա ֆորումի հիմնադիր, Քեմբրիջի համալսարանի բիզնես դպրոցի Տարեկան միջազգային կոնֆերանսի հիմնադիր, Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի (World Economic Forum)  էներգետիկ անվտանգության գլոբալ խորհրդի նախագահ, Արևելք-Արևմուտք ինստիտուտի (East- West Institute) պատվավոր փոխնախագահ, Եվրաատլանտյան անվտանգության նախաձեռնության (Euro‐Atlantic Security Initiative) հանձնաժողովի համանախագահ (Էներգետիկ անվտանգության նախագահ), Բրիտանահայկական համակուսակցական խորհրդարանական խմբի (British-Armenian All-Party Parliamentary Group) հիմնադիր նախագահ, Համաշխարհային առաջնորդության հիմնադրամի (Global Leadership Foundation) խորհրդի անդամ, ԱՄՆ Հարվարդի համալսարանի Քենեդու կառավարման դպրոցի (Kennedy School of Government, Harvard University) խորհրդի անդամ, Չիկագոյի համալսարանի հանրային քաղաքականության ուսումնասիրությունների Հարրիսի դպրոցի (Harris School of Public Policy Studies, University of Chicago) խորհրդի անդամ, Ջոն Սմիթ Հիմնադրամի (John Smith Trust) հոգաբարձու, Հայ բարեգործական ընդհանուր միության խորհրդի անդամ, «Երեւան, իմ սեր» բարեգործական հիմնադրամի հիմնադիր եւ այլն:

2000-2013թթ․ Alcatel, Lucent, Telefonica, British Petrolium, Merrill Lynch-Bank of America և այլ միջազգային ընկերությունների գլխավոր խորհրդատու:

2013-2018թթ. Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան:

2018թ. ապրիլի 9-ին ստանձնել է Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը:

Հրաժարական է ներկայացրել 2022թ. հունվարի 21-ին:

Նախագահ Սարգսյանն ընդունել է ՊՆ ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահին և Chessify ընկերության տնօրենին

Նախագահ Սարգսյանն ընդունել է ՊՆ ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահին և Chessify ընկերության տնօրենին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարության ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Ավետիք Քերոբյանին և Chessify ընկերության տնօրեն Գոռ Վարդանյանին: Chessify ընկերության ղեկավարը նախագահին է ներկայացրել ընկերության գործունեության ուղղություններն ու ծրագրերը՝ նշելով, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործող ընկերությունը զբաղվում է շախմատի բնագավառում տեխնոլոգիական լուծումների մշակմամբ՝ կիրառելով արհեստական բանականության տարրերը: Ընկերությունն արհեստական բանականության գործիքակազմը նաև այլ ոլորտներում կիրառելու ծրագրեր է մշակում: Հանդիպմանն անդրադարձ է եղել ATOM (Advanced Tomorrow) նախագահական նախաձեռնության շրջանակում համագործակցության հնարավորություններին: Նախագահ Սարգսյանը տեղեկացրել է, որ Հայաստանում նորագույն տեխնոլոգիաների և գիտության զարգացմանն ուղղված այս նախաձեռնությունը նպատակ ունի միջազգային խոշոր տեխնոլոգիական ընկերություններին բերել Հայաստան, որոնք հայկական ընկերությունների հետ համատեղ ձեռնարկությունների միջոցով գիտահետազոտական և այլ ծրագրեր կիրականացնեն հիմնականում արհեստական բանականության, մաթեմատիկական մոդելավորման ու մեծածավալ տվյալների կառավարման ոլորտներում: Նշվել է, որ ATOM-ի իրականացումը ոչ միայն կնպաստի մեր երկրի տեխնոլոգիական զարգացմանը, այլև նոր հնարավորություններ կստեղծի վերոնշյալ ոլորտներում գործող տեղական ընկերությունների համար:
13:39 - 12 նոյեմբերի, 2019
Հայաստանն ու Նիդերլանդները հարաբերությունները զարգացնելու մեծ հնարավորություն ունեն.Արմեն Սարգսյան

Հայաստանն ու Նիդերլանդները հարաբերությունները զարգացնելու մեծ հնարավորություն ունեն.Արմեն Սարգսյան

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության նորանշանակ դեսպան Մարիա Կրիստինա վան Կոլդամը (նստավայրը` Թբիլիսի): Շնորհավորելով դեսպանին՝ նախագահ Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ նա առավելագույնը կանի հայ-նիդերլանդական բարձր մակարդակի հարաբերություններն ավելի խորացնելու և ընդլայնելու ուղղությամբ: Նախագահն իր լավագույն բարեմաղթանքներն է փոխանցել Նորին Մեծություն Նիդերլանդների թագավորին ու Նիդերլանդների ժողովրդին: Դեսպան Մարիա Կրիստինա վան Կոլդամը նշել է, որ Նիդերլանդները շահագրգռված է Հայաստանի հետ փոխգործակցության զարգացմամբ, և, որպես դեսպան, ինքն ամեն ինչ կանի՝ առաջիկայում ևս ամրապնդելու այդ հարաբերությունները: Նա ասել է, որ Հայաստանում եղել է 15 տարի առաջ, իսկ այժմ կփորձի հնարավորինս շատ լինել այստեղ: Նշելով, որ Հայաստանը դեռ անցյալ դարի 90-ականներից դեսպանություն է ունեցել Նիդերլանդներում՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ եղել է Հայաստանի առաջին դեսպանը և պատիվ է ունեցել հավատարմագրերը հանձնել Նորին Գերազանցությանը: «Նրա հետ մեր բոլոր հանդիպումներից հիանալի հիշողություններ են մնացել»,- նշել է Արմեն Սարգսյանը: Հանրապետության նախագահն ասել է, որ երկու երկրներն ունեն հարաբերությունները զարգացնելու բավականին մեծ հնարավորություն: «Մենք շատ ընդհանրություններ ունենք և շատ բան կարող ենք սովորել միմյանցից,-նշել է նա: -Հայաստանը սերտորեն համագործակցում է ինչպես ԵԱՏՄ-ի, այնպես էլ Եվրամիության հետ՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում: Դա մեր երկրի առավելությունն է: Ինչ-որ առումով մենք հանդես ենք գալիս նաև որպես համագործակցության խաչմերուկ, և այստեղ փոխգործակցության հնարավորությունները մեծ են»: Զրուցակիցները համակարծիք են եղել, որ երկու երկրները կարող են հաջողությամբ համագործակցել նորագույն տեխնոլոգիաների, ֆինանսական, բանկային սեկտորներում, կարևորվել են մշակութային փոխանակումները: Նախագահ Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ Նիդերլանդները նաև իր խորհրդարանական ժողովրդավարության հարուստ փորձով կարող է օգտակար լինել Հայաստանին:
11:28 - 12 նոյեմբերի, 2019
Դատարանն առաջին հերթին այն դատավորն է, որի հետ քաղաքացին շփվում է.Արմեն Սարգսյան

Դատարանն առաջին հերթին այն դատավորն է, որի հետ քաղաքացին շփվում է.Արմեն Սարգսյան

Հանրապետության նախագահի նստավայրում, նախագահ Արմեն Սարգսյանի ներկայությամբ, այսօր տեղի է ունեցել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նորանշանակ դատավորներ Դանիել Մխեյանի և Արմինե Մելիքսեթյանի, Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Մարիաննա Ստեփանյանի և Գառնիկ Ստեփանյանի երդման արարողությունը։ Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է նորանշանակ դատավորներին և հաջողություններ մաղթել պատասխանատու աշխատանքում: «Դուք շատ բարձր պարտականություն եք ստանձնում: Պատասխանատվությունն այսօր շատ ավելի բարձր է, քանի որ մեր հանրության մեջ դատական համակարգի նկատմամբ վերաբերմունքը միանշանակ չէ: Երբ խոսում ենք պետական կառույցի, պետության, ազգային պետության ամրության և նրա կայունության մասին, ապա դրա հիմնասյուներից մեկը դատական համակարգն է: Այն երկրները, որտեղ դատական համակարգը, որպես ամբողջություն, կայուն է, վստահելի է, անկախ է, այդ երկրներն իսկապես կայուն են»,-ընդգծել է նախագահը՝ ավելացնելով, որ ամուր և առողջ դատական համակարգի շնորհիվ շատ երկրներ կարողացել են իրենց դժվարություններին ու խնդիրներին սահուն կերպով լուծում գտնել: «Ձեր և մեր բոլորիս խնդիրն է, որ մեր երկիրը դառնա իսկապես ոչ միայն ժողովրդավար, ոչ միայն ժամանակակից, այլև, նախ և առաջ, կայուն երկիր: Եվ այդ կայունության զգացողությունը քաղաքացին ստանում է դատարանի հետ շփվելիս: Որքան դատարանն անկանխատեսելի է, որքան թափանցիկ չէ, որքան ժամանակի իմաստով իրեն տրված գործառույթը չի ապահովում, այնքան անկայունություն ու անվստահություն է առաջացնում,-նշել է նախագահ Սարգսյանը:- Խնդիրները բազմաթիվ են, կան կառուցվածքային խնդիրներ: Կան նույնիսկ խնդիրներ, որոնք գուցե սահմանադրական են կամ օրենքների հետ են կապված: Բայց երբ խոսում են դատարանի մասին, այն վերացական մարմին չէ: Դատարանն առաջին հերթին այն դատավորն է, որի հետ տվյալ քաղաքացին կամ կազմակերպությունը շփվում են: Դու՛ք եք արդարադատության դեմքը, և, հետևաբար, տարբերվում եք ձեր առջև դրված պահանջներով, այն է՝ ապահովել անկախ, արդար և օրենքի տառին համապատասխան արդարադատություն: Յուրաքանչյուրիդ հաջողություն եմ մաղթում, բոլորդ երիտասարդ եք, ձեզ երկար տարիների անբասիր գործունեություն եմ մաղթում՝ ի փառս մեր հայրենիքի և երկրի»:
10:32 - 12 նոյեմբերի, 2019
Դաշնակցային հարաբերություններ ու ռազմավարական գործընկերություն բոլոր ոլորտներում. նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին

Դաշնակցային հարաբերություններ ու ռազմավարական գործընկերություն բոլոր ոլորտներում. նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին և նրան ուղեկցող պատվիրակությանը: Ողջունելով հյուրին թե՛ որպես դաշնակից երկրի բարձրաստիճան պաշտոնյայի և թե՛ որպես վաղեմի բարեկամի՝ նախագահ Սարգսյանը նշել է , որ Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրում: Նախագահն ընդգծել է, որ Սերգեյ Լավրովը ևս ԱԳ նախարարի պաշտոնում մեծ ներդրում է ունեցել հայ-ռուսական բարեկամության ամրապնդման գործում: Նախագահ Սարգսյանը հիշել է Լավրովի հետ իրենց առաջին հանդիպումը մոտ 25 տարի առաջ՝ Նյու Յորքում, երբ վերջինս զբաղեցրել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի պաշտոնը՝ շնորհակալություն հայտնելով նրան ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության դիվանագետներին ցուցաբերած աջակցության համար: Հանրապետության նախագահը ՌԴ արտգործնախարարի միջոցով իր ջերմ ողջույնը և կրկին Հայաստանում տեսնելու պատրաստակամությունն է փոխանցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: ՌԴ արտգործնախարարը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, իր հերթին նախագահ Սարգսյանին է փոխանցել նախագահ Վլադիմիր Պուտինի լավագույն բարեմաղթանքները: «Դա վկայում է դաշնակցային հարաբերություններն ու ռազմավարական գործընկերությունը բոլոր ոլորտներում խորացնելու մեր հաստատուն նպատակաուղղվածության մասին»,-ասել է Լավրովը: Խոսելով համագործակցության հեռանկարների մասին՝ նախագահ Սարգսյանը ներկայացրել է նախագահական նախաձեռնությունների շրջանակում հաջորդ տարվա ընթացքում Հայաստանում նախատեսվող մի շարք միջոցառումներ, այդ թվում՝ «Մտքերի հայկական գագաթնաժողովը», STARMUS 6-րդ միջազգային փառատոնը և կարևորել գործակցությունն այդ համատեքստում: Հանրապետության նախագահը, մասնավորապես, անդրադարձել է ATOM նախագահական նախաձեռնությանը, որն ուղղված է Հայաստանում նորագույն տեխնոլոգիաների և գիտության զարգացմանը: Ծրագիրը, ի թիվս այլ բաղադրիչների, նպատակ ունի տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտում միջազգային խոշոր տեխնոլոգիական ընկերություններին բերել Հայաստան՝ մեր երկիրը դարձնելով արհեստական բանականության և մաթեմատիկական մոդելավորման ոլորտում առաջատար կենտրոններից մեկը: «Ակնկալում ենք այս ծրագրի շրջանակում ակտիվ համագործակցություն նաև ռուսական ընկերությունների ու կրթական հաստատությունների հետ»,-ասել է Հայաստանի նախագահը: ՌԴ ԱԳ նախարարը ողջունելի է համարել բոլոր այն նախաձեռնությունները, որոնք ուղղված են երկկողմ շփումների ընդլայնմանն ու հարաբերությունների ամրապնդմանը:
13:04 - 11 նոյեմբերի, 2019
Արմեն Սարգսյանն ընդունել է էմիրաթական Թավազուն տնտեսական խորհրդի պատվիրակությանը

Արմեն Սարգսյանն ընդունել է էմիրաթական Թավազուն տնտեսական խորհրդի պատվիրակությանը

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է էմիրաթական Թավազուն («Tawazun») տնտեսական խորհրդի պատվիրակությանը՝ խորհրդի գործադիր տնօրեն Թարեք ալ Հոսանի գլխավորությամբ: Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից,Թավազուն տնտեսական խորհուրդը հիմնադրվել է 1992 թվականին, Աբու Դաբիում և գործունեություն է ծավալում հիմնականում ռազմարդյունաբերական ոլորտի ժամանակակից տեխնոլոգիական ու նորարարական լուծումների ուղղությամբ: Նախագահ Սարգսյանը, մասնավորապես, ողջունելի է համարել այն, որ արդեն իսկ կան համագործակցության համար հետաքրքրություն ներկայացնող ոլորտներ: Նա վստահություն է հայտնել, որ այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները սկիզբ կդառնան հետագա փոխգործակցության համար: Խորհրդի գործադիր տնօրենը նշել է, որ այն, ինչ տեսել են հայաստանյան ինժեներական և նորարարական ընկերություններում, տպավորիչ է և լավ հիմք է ստեղծում հետագա գործընկերության համար: «Մենք ակնկալում ենք երկարատև ու արդյունավետ համագործակցություն»,- ընդգծել է նա: Զրուցակիցները խոսել են նորագույն տեխնոլոգիաների, կրթության, մասնավորապես ուսանողների փոխանակման և գիտահետազոտական ոլորտներում փոխգործակցության հնարավորությունների մասին: Այս համատեքստում նախագահ Արմեն Սարգսյանը ներկայացրել է ATOM (Advanced Tomorrow) նախագահական նախաձեռնությունը, որն ուղղված է Հայաստանում նորագույն տեխնոլոգիաների և գիտության զարգացմանը: Ծրագիրը, ի թիվս այլ բաղադրիչների, նպատակ ունի տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտում միջազգային խոշոր տեխնոլոգիական ընկերություններին բերել Հայաստան՝ գիտահետազոտական, ուսումնական ծրագրեր իրականացնելու նպատակով։ «Դա կստեղծի ճիշտ միջավայր և կօգնի սովորել խոշոր ընկերություններից»,-ընդգծել է նախագահ Սարգսյանը: Նա առաջարկել է դիտարկել համագործակցության հնարավորությունները նաև այս ծրագրի շրջանակում։
11:56 - 09 նոյեմբերի, 2019
Հայրենիքը կարող ես հետդ տանել, բայց տարիների ընթացքում այդ սերը լցվում է հոգիդ, ուզում ես հետ գալ. Նախագահը՝ Չինարիում

Հայրենիքը կարող ես հետդ տանել, բայց տարիների ընթացքում այդ սերը լցվում է հոգիդ, ուզում ես հետ գալ. Նախագահը՝ Չինարիում

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի աշխատանքային այցը Տավուշի մարզ մեկնարկել է սահմանամերձ Չինարի համայնքից: Նախագահը հանդիպել ու զրուցել է իրեն դիմավորելու եկած բնակիչների հետ: Դիտելով չինարեցի երեխաների պարային կատարումը՝ նախագահը նրանց Ամանորին հրավիրել է նախագահական նստավայր։ Նախագահ Սարգսյանն ասել է, որ առաջին անգամ Չինարի այցելել է ուսանողական տարիներին և հատկապես տպավորվել բնությամբ ու բնակիչների հյուրընկալությամբ։ «Ուզում եմ շնորհակալություն հայտնել, որ դուք կաք, ամուր եք և հողին կապված,-դիմելով գյուղացիներին՝ ասել է նախագահ Սարգսյանը:- Ցանկանում եմ գլուխ խոնարհել նախ և առաջ այն չինարեցիների հիշատակի առաջ, որոնք իրենց կյանքն են տվել հայրենիքի պաշտպանությանը: Ամեն օր մտածում ենք ձեր մասին, այն մարդկանց մասին, որոնք սահմանին են, ապրում են դժվարին պայմաններում, պաշտպանում են ոչ միայն իրենց ընտանիքը, ծրագրեր են կազմում իրենց երեխաների համար, այս փայլուն երեխաների համար, որ երազանքներ ունեն։ Ուզում եմ ձեզ վստահեցնել, որ դուք մոռացված չեք: Շատ հաճելի էր, որ այսօր ձեր շարքերում տեսա այն չինարեցիներին, որոնք գնացել են Ուկրաինա, Ռուսաստան և հետ են եկել։ Մի օր բոլորը հետ են գալու: Հայրենիքը կարող ես հետդ տանել, բայց տարիների ընթացքում այդ սերը և ցավը սկսում են մեծանալ, լցվում ամբողջ մարմինդ, հոգիդ, և ուզում ես հետ գալ: Այն չինարեցիներին, ովքեր դրսում են, ասում եմ՝ հետ եկեք: Դուք պարտականություն ունեք ձեր հաջողությունը կիսելու ձեր հայրենակիցների հետ: Մենք էլ Հայաստանում՝ թե՛ որպես նախագահական ինստիտուտ, թե՛ որպես կառավարություն կամ Ազգային ժողով, պարտականություն ունենք ձեր առջև, որովհետև դուք պահպանում եք մեր երկրի լավագույն կտորը՝ Չինարին»:
12:08 - 08 նոյեմբերի, 2019
ՀՀ նախագահը «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքա­նշա­ն է հանձնել մեծանուն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանին

ՀՀ նախագահը «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքա­նշա­ն է հանձնել մեծանուն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանին

ՀՀ նախագահի աշխատակազմը հայտնում է, որ հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով երաժշտարվեստի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և ակնա­ռու ձեռքբերումների համար մեծանուն կոմպոզիտոր, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքա­նշա­նով: Նախագահական նստավայրում Արմեն Սարգսյանն այսօր պետական բարձր պարգևը հանձնել է մեծանուն կոմպոզիտորին: Նախագահը շնորհավորել է մաեստրոյին՝ մաղթելով քաջառողջություն, ստեղծագործական նոր ձեռքբերումներ և անսպառ եռանդ: «Դուք վաղուց արժանացել եք մեր ժողովրդի սիրուն: Բայց դեռ անելիք ունեք. որքան շատ ժառանգություն թողնեք, այնքան հարուստ կլինենք մենք»,- նշել է նախագահ Սարգսյանը:  
16:04 - 06 նոյեմբերի, 2019
Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Միջազգային ճգնաժամային խմբի ղեկավարին

Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Միջազգային ճգնաժամային խմբի ղեկավարին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Միջազգային ճգնաժամային խմբի նախագահ Ռոբերտ Մալլիին: ՄՃԽ ղեկավարը նախագահ Սարգսյանին է ներկայացրել կազմակերպության գործունեության ուղղությունները և իրականացվող հետազոտությունները։ Նա նշել է, որ Միջազգային ճգնաժամային խումբը նախկին բարձրաստիճան դիվանագետների ու պետական պաշտոնյաների, հեղինակավոր փորձագետների ու վերլուծաբանների միավորող կառույց է, որը զբաղվում է հակամարտությունների ուսումնասիրմամբ, վերլուծում դրանց շուրջ զարգացումները և հրապարակում զեկույցներ, հաշվետվություններ, ինչպես նաև առաջարկներ ներկայացնում դրանց կարգավորման վերաբերյալ: Նշվել է, որ առաջիկայում զեկույց կհրապարակվի ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերաբերյալ: Կարևորելով հակամարտության շուրջ անկողմնակալ փորձագիտական վերլուծությունները՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ դրանք կնպաստեն միջազգային հանրության կողմից հակամարտության և դրան առնչվող գործընթացների վերաբերյալ օբյեկտիվ ընկալումների ձևավորմանը:
12:15 - 06 նոյեմբերի, 2019
Ճանաչումն ուժ է, այլ ոչ թուլություն. ՀՀ նախագահը NYT-ի հետ խոսել է Ցեղասպանության ճանաչման մասին |armenpress.am|

Ճանաչումն ուժ է, այլ ոչ թուլություն. ՀՀ նախագահը NYT-ի հետ խոսել է Ցեղասպանության ճանաչման մասին |armenpress.am|

armenpress.am: Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը միևնույն ժամանակ կլինի ճանաչումն այն փաստի, որ այդ երկիրը հանդուրժող պետություն դառնալու ճանապարհին է: Այս մասին Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ասել է ամերիկյան հեղինակավոր The New York Times պարբերականի լրագրող Ռոժեր Կոհենին տված հարցազրույցում: «Ճանաչումն այն փաստի, որ ինչ-որ բան սխալ ես արել հասարակ կյանքում, ընտանիքում, ընկերների հետ հարաբերություններում, ուժ է: Դա թուլության նշան չի կարող համարվել»,- նշել է Արմեն Սարգսյանը՝ անդրադառնալով Հայոց ցեղասպանությանն ու այս հարցում Թուրքիայի ժխտողական քաղաքականությանը: Լրագրող Ռոժեր Կոհենը The New York Times-ում ստվարածավալ հոդված է հրապարակել, որում անդրադարձել է նաև Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման փաստին: «Հայաստանի բոլոր գրասենյակներում կարող ես տեսնել Արարատ սարի նկարները: Սարը, որն այժմ գտնվում է Թուրքիայում, խորհրդանիշն է հայերի կարոտի, հպարտության, վերադարձի հույսի և Հայոց ցեղասպանության, որը սկսվեց 1915 թվականին, Օսմանյան կայսրությունում սպանվեցին ավելի քան մեկ միլիոն հայեր: Այս շաբաթ Ներկայացուցիչների պալատը, անտեսելով թուրքական նախազգուշացումները, ընդունեց այդ ցեղասպանությունը ճանաչող բանաձև: Նախագահ Բարաք Օբաման այդպես էլ չճանաչեց այն, թեպետ 2008 թվականին որպես նախագահի թեկնածու խոստացել էր: Ռեալպոլիտիկը հաղթեց նրա սկզբունքներին»,- գրում է Կոհենը: Հոդվածագիրն անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության առաջացման պատմությանը՝ արձանագրելով, որ այսօր Հայաստանը փակ սահմաններ ունի Ադրբեջանի ու Թուրքիայի հետ և բաց են միայն Վրաստանի և Իրանի հետ սահմանները: «Այդուհանդերձ, ես հայերին տեսա անկոտրում ոգով: Ի՞նչ նշանակություն կարող են այսօր ունենալ ֆիզիկական սահմանները: Հայաստանի շուրջ երեք միլիոն քաղաքացիները մշտական կապի մեջ են Սփյուռքի մի քանի անգամ ավելի հայերի հետ, ովքեր մշտապես գումարներ են ուղարկում հայրենիք: Ունենալով ուժեղ տեխնիկական սեկտոր՝ Հայաստանն իրեն համարում է ստարտափ երկիր: Երկրի հայացքն ավելի շատ ուղղված է ապագային, այլ ոչ թե անցյալին: Երկրում 2018 թվականին իրականացված հեղափոխությունը, որի ժամանակ ոչ մի կաթիլ արյուն չթափվեց, դրախտ չբերեց, սակայն այն վերացրեց ֆատալիզմը: Մարդիկ զգում են, որ ունեն ազատություն անելու այն, ինչ ցանկանում են»,- գրում է հեղինակը՝ նշելով, որ Հայաստանում շաբաթներ շարունակ տեղի ունեցած բողոքի ցույցերի նման Բեյրութում, Բաղդադում և Սանտյագոյում ևս վերջին շաբաթների ընթացքում ցույցեր սկսվեցին, որոնց հետևանքով ցնցվեցին կառավարությունների հիմքերը, իսկ որոշ դեպքերում հրաժարականների պատճառ դարձան: «Բեռլինյան պատը քանդած ոգին շարունակում է ապրել» խորագիրը կրող հոդվածի հեղինակը Հայաստանի նախագահի հետ զրույցում անդրադարձել է ողջ աշխարհում տեղի ունեցող փոփոխությունների ալիքին: Խոսելով թեմայի մասին՝ Արմեն Սարգսյանը նշել է, որ հին համակարգերը մեր օրերում այլևս չեն աշխատելու: «Մենք ապրում ենք քվանտային աշխարհում, քանի որ մեր կյանքի ավելի քան կեսն արդեն վիրտուալ է»,- ասել է նախագահը՝ Հայաստանն անվանելով աշխարհի «առաջին լաբորատորիաներից մեկը», որը փնտրելու է «վարքագծի նոր կանոններն» այն աշխարհի համար, որտեղ ամեն անհատ ունի ձայն, որը «կարող է լսելի դարձնել ամեն օր»:
11:39 - 02 նոյեմբերի, 2019
Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Հունաստանի նախագահը

Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Հունաստանի նախագահը

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով՝ նոյեմբերի 5-ին պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսը տիկնոջ՝ Վլասիա Պավլոպուլուի հետ: Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում տեղի կունենա Հունաստանի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը, որին կհաջորդի նախագահներ Արմեն Սարգսյանի և Պրոկոպիոս Պավլոպուլոսի առանձնազրույցը, այնուհետև երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով հանդիպումը: Երկու երկրների նախագահները հանդես կգան մամուլի համար հայտարարությամբ: Հունաստանի նախագահի գլխավորած պատվիրակությունը կայցելի Մեծ Եղեռնի հուշահամալիր, ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին, շրջայց կկատարի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում: Պաշտոնական այցի շրջանակում նախատեսվում են Հունաստանի նախագահի հանդիպումները վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Պրոկոպիոս Պավլոպուլոսին կհյուրընկալի Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը: Հունաստանի նախագահի գլխավորած պատվիրակությունը կայցելի նաև Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ՝ Մատենադարան, ինչպես նաև կհանդիպի հունական համայնքի ներկայացուցիչների հետ:
07:43 - 01 նոյեմբերի, 2019
Ապագային միտված համագործակցություն. Սարգսյանը հանդիպել է Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահի հետ

Ապագային միտված համագործակցություն. Սարգսյանը հանդիպել է Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահի հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի պատվիրակությանը՝ բանկի փոխնախագահ Վազիլ Հուդակի գլխավորությամբ։ Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը: Ինչպես հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից, Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահը, ներկայացնելով բանկի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը, նշել է, որ դրանք հիմնականում առնչվում են ենթակառուցվածքներին և ուղղված են երկրում կյանքի որակի բարելավմանը: Հանրապետության նախագահն արդյունավետ է գնահատել բանկի հետ համագործակցությունը՝ նշելով, որ հաջողված ծրագրերը դրա լավագույն վկայությունն են: Նախագահը միևնույն ժամանակ առաջարկել է ավելի մեծ ուշադրություն հատկացնել ապագային միտված նախագծերին` վստահություն հայտնելով, որ մեր երկրի ապագան նորարարություններն ու նորագույն տեխնոլոգիաներն են, արհեստական բանականության և մաթեմատիկական մոդելավորման ոլորտում գործակցությունը: Այս համատեքստում նա ներկայացրել է նախագահական նախաձեռնություններից մեկը՝ Հայաստանում տեխնոլոգիաների ու գիտության զարգացմանն ուղղված ATOM (Advanced Tomorrow) ծրագիրը, որը, ի թիվս այլ բաղադրիչների, նպատակ ունի տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտում միջազգային խոշոր տեխնոլոգիական ընկերություններին բերել Հայաստան՝ գիտահետազոտական, ուսումնական ծրագրեր իրականացնելու։ «Դա կստեղծի ճիշտ միջավայր և կօգնի երիտասարդներին սովորել խոշոր ընկերություններից»,-ընդգծել է նախագահ Սարգսյանը: Նա առաջարկել է դիտարկել այս ծրագրի շրջանակում համագործակցության, մասնավորապես, բանկի ներգրավվածության հնարավորությունները։ «Վստահ եմ՝ Եվրոպական ներդրումային բանկի համար ևս փոխգործակցության հնարավորություններ կլինեն»,-նշել է Վազիլ Հուդակը:
12:45 - 31 հոկտեմբերի, 2019
Արմեն Սարգսյանն ընդունել է Ռումինիայի իշխան Ռադուին

Արմեն Սարգսյանն ընդունել է Ռումինիայի իշխան Ռադուին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Ռումինիայի Նորին Մեծություն իշխան Ռադուին, որը Հայաստանում է նախագահի հրավերով: Նախագահ Սարգսյանը ողջունել է իշխան Ռադուի այցը մեր երկիր՝ նշելով, որ այն նպաստում է երկու ժողովուրդների միջև պատմականորեն ձևավորված բարեկամական հարաբերությունների խորացմանը։ Ռումինիայի իշխանն ասել է, որ տպավորված է հայ ժողովրդի պատմամշակութային ժառանգությամբ և անցած ճանապարհով։ Ընդգծելով, որ երկու ժողովուրդներն իրենց մշակույթով, ավանդույթներով ու արժեհամակարգով շատ ընդհանրություններ ունեն ՝ նա նշել է, որ պատրաստակամ է իր լիազորությունների շրջանակում անել ավելին՝ երկու բարեկամ ժողովուրդների միջև ավելի սերտ հարաբերությունների հաստատման համար։ Զրուցակիցներն այս համատեքստում հատկապես կարևորել են Ռումինիայի հայ համայնքի դերը, որը համարվում է Եվրոպայում հնագույն հայկական համայնքներից մեկը և շարունակում է կամուրջ հանդիսանալ երկու ժողովուրդների միջև։ Նորին Մեծություն իշխան Ռադուն Ռումինիայի վերջին թագավոր Միհայի դստեր՝ արքայադուստր Մարգարետայի ամուսինն է։ Մարգարետան կրում է Ռումինական թագի պահապանի տիտղոսը: Ռումինիայի թագավորական տունը չունի սահմանադրական իրավունքներ, սակայն ունի բարոյական հեղինակություն՝ որպես ազգային ավանդույթների և արժեքների պահապան: Իշխանը մի շարք բարեգործական կազմակերպությունների անդամ է:
06:50 - 30 հոկտեմբերի, 2019
«SkyPower»-ը հետաքրքրված է Հայաստանի հետ արևային էներգիայի ոլորտում համագործակցությամբ. նախագահ Սարգսյանն ընդունել է ընկերության պատվիրակությանը

«SkyPower»-ը հետաքրքրված է Հայաստանի հետ արևային էներգիայի ոլորտում համագործակցությամբ. նախագահ Սարգսյանն ընդունել է ընկերության պատվիրակությանը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է «SkyPower» միջազգային ընկերության պատվիրակությանը` ընկերության առևտրային գծով գլխավոր տնօրեն Չարլզ Կոհենի ղեկավարությամբ: Արևային էներգիայի ոլորտում մասնագիտացած միջազգային խոշոր ընկերությունը Հայաստանում է նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով: Ողջունելով մեր երկրի հետ համագործակցության պատրաստակամությունը՝ նախագահն ասել է, որ Հայաստանը կարևորում է վերականգնողական էներգիայի ոլորտի զարգացումը և բաց է փոխգործակցության համար: «Հուսով եմ, այցի ընթացքում կառավարության ներկայացուցիչների հետ արդյունավետ հանդիպումներ կունենաք և համագործակցության կոնկրետ ուղղություններ կքննարկեք»,-ընդգծել է նա: Չարլզ Կոհենն ասել է, որ հետաքրքրված են Հայաստանի հետ փոխգործակցությամբ և արդեն իսկ նախնական ուսումնասիրություններ են կատարել Հայաստանում արևային էներգիայի ոլորտի զարգացման հնարավորությունների, ծրագրերի իրականացման վերաբերյալ, որոնք կներկայացնեն Հայաստանի կառավարության ներկայացուցիչների հետ առաջիկա հանդիպումների ընթացքում: Նա նաև տեղեկություններ է ներկայացրել աշխարհի մի շարք երկրներում իրականացվող իրենց ծրագրերի մասին՝ նշելով, որ ընկերությունը ներկայացված է գրեթե բոլոր մայրցամաքներում:
11:32 - 29 հոկտեմբերի, 2019
Հայաստանը` միջազգային խոշոր «նավահանգիստ» համաշխարհային տվյալների օվկիանոսում․ Արմեն Սարգսյան

Հայաստանը` միջազգային խոշոր «նավահանգիստ» համաշխարհային տվյալների օվկիանոսում․ Արմեն Սարգսյան

«Ճապոնիայի վարչապետ Շինձո Աբեի հետ հանդիպումը դրական եմ գնահատում: Պայմանավորվեցինք, որ միասին կաշխատենք հայ-ճապոնական գործարար համաժողով կազմակերպելու ուղղությամբ: Այն, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա Ճապոնիայում, որ ավելի լայն ձևով ներկայացնենք Հայաստանը Ճապոնիային և ճապոնացի գործարարներին»,- ասել է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը՝ պատասխանելով «Շանթ» հեռուստաընկերության լրագրողի՝ Ճապոնիա կատարած աշխատանքային այցի արդյունքների մասին հարցին: Նախագահը նշել է, որ միմյանց հետ աշխատելու համար առաջին հերթին պետք է իրար ճանաչել. «Մենք իրենց ավելի լավ ենք ճանաչում, քանի որ ճապոնական արտադրանքը՝ սկսած մեքենաներից, մեծ մեխանիկական սարքերից մինչև էլեկտրոնիկայի վերջին նորույթները, Հայաստանում կա: Հետևաբար, այս ֆորումն առիթ կլինի, որ հայկական գիտական և արդյունաբերական ներուժը ցույց տանք իրենց՝ հիմնականում մաթեմատիկական մոդելավորման, մեծ ծավալի տվյալների կառավարման և արհեստական բանականության ոլորտներում,- ընդգծել է Հայաստանի նախագահը:- Համագործակցության հետաքրքրությունը երկկողմ է։ Ճապոնական կողմի հետաքրքրությունն ավելին էր, քան ես սպասում էի: Հետաքրքրությունը կա, քանի որ աշխարհն է փոխվում: Այս աշխարհում շատ բաներ նույնը չեն լինելու, և բոլորն են գիտակցում, որ անհրաժեշտ են նոր մոտեցումներ, նոր շուկաներ և հարաբերություններ կառուցել: Հայաստանն այստեղ, իհարկե, մեծ հնարավորություններ ունի»: Արդյունքի հասնելու համար նախագահ Սարգսյանը կարևորել է համբերությունը, ամենօրյա աշխատանքն ու շարունակելիությունը. չի կարելի հանդիպել մարդու հետ, հետո մոռանալ։ Խոսելով որպես երկիր հաջողության հասնելու ուղիների մասին՝ նախագահը բերել է Սինգապուրի օրինակը, որի հաջողության հասնելու գործոններից մեկն էլ տեսլական ունենալն էր: «Այսինքն՝ պատկերացնել, թե ուր ես տանում քո երկիրը, դրանից հետո ունենալ հստակ ծրագիր, թե ինչպիսի քայլերի հերթականություն պետք է ընտրել։ Այնուհետև՝ պետք է ունենալ լավ կառավարման համակարգ և մարդիկ, որոնք կարող են այդ ծրագիրն իրականացնել: Պետք է ունենալ նաև կարգապահություն, այդ թվում՝ հոգեբանական, որպեսզի չվհատվես ձախողումներից և շարունակես ճանապարհը,-ընդգծել է նախագահը:- Սինգապուրի, Հոնկոնգի հաջողության մյուս գործոնն այն էր, որ դրանք նավահանգստային քաղաքներ էին և դարձել էին առևտրային կենտրոններ: Հայաստանը ծով չունի, բայց կարող է դառնալ տեղեկատվության և մեծ ծավալի տվյալների մի նոր նավահանգիստ: Եթե մենք կարողանանք տեղեկատվության օվկիանոսի մեջ Հայաստանը դարձնել այն նավահանգիստը, որտեղ մտնելու են թվային մեծ ծավալի տվյալներ և վերամշակվելուց հետո դուրս են գալու՝ վերբաշխվելով աշխարհով մեկ, ապա մենք հաջողության կհասնենք, կկատարենք ճիշտ նույն ֆունկցիան, ինչ միջին դարերից սկսած կատարում են մեծ նավահանգիստները՝ որպես տրանսպորտային խաչմերուկ»: Պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս անել, որպեսզի տեխնոլոգիաները չտանեն մեկուսացման, այլ օգտագործվեն որպես խաչմերուկ, նախագահ Սարգսյանը նկատել է, որ պետք է լրջորեն զբաղվել նոր տեխնոլոգիաներով, չմտածել, թե աշխարհի ամենախելացին ենք կամ ամեն ինչ ունենք: «Պետք է լինենք համեստ՝ գիտակցելով, որ դեռևս շատ-շատ անելիք ունենք, դեռևս շատ քիչ բան ունենք: Այո, ունենք ներուժ, որը կարող ենք իրացնել ու հպարտ լինել, և հակառակը, չիրացնել և մնալ օգտագործողի մակարդակում,-ասել է նա:- Այդ դեպքում մեզնից յուրաքանչյուրը կրկին կխոսի չիրականացված հնարավորության մասին, որն աշխարհի ամենավատ բաներից մեկն է, երբ գիտես, որ ունեիր հնարավորություն և չարեցիր դա»։ Նախագահը կարևորել է նաև մարդկային շփումները՝ դրանք համարելով հաջողությունների, խնդիրները լուծելու, երկխոսության ու առաջխաղացման արժեքավոր աղբյուր: «Կարծում եմ՝ շատ էական է, որ սովորական կյանքում հանդուրժողականության, միմյանց նկատմամբ հարգալից վերաբերմունքը կարողանանք պահել և հարստացնել, դարձնել մեր մշակույթի մասը: Շատ էական է, որ նույն հարաբերությունները կարողանանք տեղափոխել նաև վիրտուալ աշխարհ,-նշել է նա և ավելացրել.- Ճապոնացիներն այստեղ, կարծում եմ, բավականին առաջ են, որովհետև պատասխանատվության, կարգապահության դրսևորումներին այս երկրում հանդիպում ես ամեն րոպե: Ճապոնիայի վերջին 70-80 տարիների հաջողությունների հիմնական աղբյուրը սա է՝ հարգանքը պետության, սեփական մշակույթի, ազգի, սեփական գործի, միմյանց ու ընտանիքի հանդեպ»:
09:54 - 28 հոկտեմբերի, 2019
Արմեն Սարգսյանը հանդիպել է Ճապոնիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Արմեն Սարգսյանը հանդիպել է Ճապոնիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Ճապոնիա աշխատանքային այցի ընթացքում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ հանդիպել է Ճապոնիայի փոքրաթիվ հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Նախագահ Սարգսյանը նախ հետաքրքրվել է, թե ինչով են նրանք զբաղվում, ապա համառոտակի տեղեկացրել այցի ընթացքում ունեցած հանդիպումների և ձեռք բերված պայմանավորվածությունների մասին։ Նա նշել է, որ իրական հետաքրքրություն կա Հայաստանի հանդեպ, և շատ կոնկրետ զրույցներ է ունեցել, թե ինչ կարող ենք անել միասին։ Նախագահի խոսքով՝ համագործակցության ուղղությունները շատ հստակ են՝ նորագույն տեխնոլոգիաներ, արտակարգ իրավիճակներ, առևտրական գործարքներ, սննդի արտահանում և անվտանգություն։ «Նաև իրենցից սովորելու շատ բան ունենք պետական ծառայության ոլորտում, որովհետև այն կարգապահությունն ու նվիրվածությունը, որ այս մարդիկ ունեն, իսկապես, հիացմունք է առաջացնում»,- ընդգծել է նախագահ Սարգսյանը։ Նշելով, որ մեր ազգային ամենամեծ հարստությունը մարդիկ են՝ նախագահն ասել է. «Այդ ռեսուրսը պետք է լավագույնս օգտագործենք։ Մենք ունենք փայլուն անձնավորություններ, ֆանտաստիկ մարդիկ, որոնք աշխարհի տարբեր մասերում տարբեր ոլորտներում մեծ հաջողությունների են հասել, և ժամանակն է, որ օգտագործենք նրանց ներուժը»։ Այնուհետև նախագահ Սարգսյանը պատասխանել է համայնքի ներկայացուցիչների հարցերին։ Աշխատանքային այցի ընթացքում նախագահ Սարգսյանը եղել է նաև Ճապոնիայի հնագույն քաղաքներից մեկում՝ Կամակուրայում, դիտել Ամիդա Մեծ Բուդդայի հսկայական բրոնզե արձանը, այցելել Hokoku-ji տաճար, որը հայտնի է իր բամբուկե անտառով, մասնակցել ճապոնական ավանդական թեյախմության արարողությանը։ Նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանն այցելել են նաև ճապոնական հայտնի սրբավայրերից մեկը՝ «Ցուրուգաոկա Հաչիմանգու» սինտոյական տաճար։ Տասնմեկերորդ դարում հիմնված և Հաչիման աստծուն նվիրված տաճարը ներկայումս համարվում է ոչ միայն պատմական հայտնի վայրերից մեկը, այլև կարևոր մշակութային կենտրոն է։ Տաճարում հնչեցված՝ Հայաստանի ու Ճապոնիայի բարեկամությանը նվիրված աղոթքն ունկնդրելուց հետո նախագահը Սարգսյանն ասել է, որ մեր երկու՝ հայկական ու ճապոնական շատ հին քաղաքակրթություններն ընդհանուր շատ բան ունեն։ Նախագահը շնորհակալություն է հայտնել հայ-ճապոնական կապերին և բարեկամությանը նվիրված գեղեցիկ հոգևոր արարողության համար՝ բարձր գնահատելով այն շնորհակալ գործը, որ արվում է ճապոնական յուրօրինակ մշակույթը և ավանդույթները, հոյակերտ տաճարը որպես հոգևոր ու մշակութային կենտրոն պահպանելու համար: «Վստահեցնում եմ, որ Հայաստան վերադառնալուց հետո, աշխարհի ամենահին եկեղեցիներից մեկում, որը գտնվում է Սուրբ Էջմիածնում, մեր հոգևոր առաջնորդների հետ միասին աղոթք կհնչեցնենք հայ-ճապոնական բարեկամության համար»,-ասել է նախագահ Արմեն Սարգսյանը:
06:24 - 28 հոկտեմբերի, 2019