ԱԳՆ

ԱԳՆ-ն ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունն է։ Հիմնադրվել է 1918թ.-ին։ Նախարարությունը մշակում եւ իրականացնում է ՀՀ կառավարության արտաքին քաղաքականությունը: Նախարարության ստեղծումը, վերակազմակերպումը եւ գործունեության դադարեցումը կարգավորվում է օրենքով: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը գործում է ՀՀ Սահմանադրության, «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին», «Դիվանագիտական ծառայության մասին» եւ այլ օրենքների հիման վրա: Արտաքին գործերի նախարարության աշխատանքներն ուղղված են Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգության ամրապնդմանը, զարգացման արտաքին բարենպաստ պայմանների ապահովմանը, միջազգային կազմակերպություններում եւ միջազգային գործընթացներում ներգրավվածության խորացմանը, բարեկամ եւ գործընկեր երկրների հետ համագործակցության առավել ամրապնդմանը:

Արտաքին գործերի նախարարը Արա Այվազյանն է։ Տեղակալներն են Արմեն Ղեւոնդյանը, Արտակ Ապիտոնյանը, Գագիկ Ղալաչյանը, Ավետ Ադոնցը

ՀՀ ԱԳ նախարարի հեռախոսազրույցը Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարարի հետ

ՀՀ ԱԳ նախարարի հեռախոսազրույցը Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարարի հետ

Հունվարի 10-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանիի հետ: Արարատ Միրզոյանը շնորհավորել է գործընկերոջը ԵԱՀԿ նախագահությունը ստանձնելու կապակցությամբ՝ պատրաստակամություն հայտնելով ակտիվորեն համագործակցել կազմակերպության հիմնարար սկզբունքների պաշտպանության և առաջմղման գործում: Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգության օրակարգի մի շարք հարցերի: Նախարար Միրզոյանը զրուցակցի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամին: Շեշտվել է, որ Ադրբեջանի գործողությունները հանդիսանում են 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, ինչպես նաև միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտում: ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ Ադրբեջանի քայլերն ուղղված են Լեռնային Ղարաբաղի 120 հազար հայերին էթնիկ զտման ենթարկելուն: Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետը կանխարգելելու համատեքստում ԱԳ նախարար Միրզոյանն առանձնահատուկ կարևորել է տարածաշրջանային ու միջազգային համապատասխան կառույցների, այդ թվում՝ ԵԱՀԿ-ի կողմից հստակ քայլերի իրականացման անհրաժեշտությունը:
19:02 - 10 հունվարի, 2023
Արարատ Միրզոյանն ընդունել է ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության անդամներին

Արարատ Միրզոյանն ընդունել է ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության անդամներին

Հունվարի 9-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵՄ տեխնիկական գնահատման խմբի անդամներին՝ Մարչին Վիդռայի գլխավորությամբ: Խումբը Հայաստան է գործուղվել ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայման հնարավորությունը դիտարկելու համար: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Կողմերն անդրադարձ են կատարել դեկտեմբերի 19-ին ավարտված ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքներին: Այս համատեքստում նախարար Միրզոյանը բարձր է գնահատել դիտորդական առաքելության դերը տարածաշրջանում կայունության ամրապնդման ու Հայաստանի նկատմամբ նոր ագրեսիաների կանխարգելման գործում և պատրաստակամություն հայտնել շարունակելու համագործակցությունը։ Քննարկվել են նաև համատեղ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիևի, Էմանուել Մակրոնի և Շառլ Միշելի քառակողմ հանդիպումը։ Հանդիպման արդյունքներով ընդունվել է հայտարարություն։ Ըստ հայտարարության՝ Հայաստանն ու Ադրբեջանը  ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, Հայաստանն իր համաձայնությունն է հայտնել՝ խրախուսելու ԵՄ քաղաքացիական առաքելությունը Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով: Առաքելության նպատակը կլինի վստահության կառուցումը, և իր զեկույցների միջոցով, սահմանային հանձնաժողովներին աջակցելը։ Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտատարել էր, որ առաքելության աշխատանքը «արդյունավետ» էր, բայց առաքելության ժամկետը չի երկարաձգվելու՝ նշելով, որ «և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ պայմանավորվածության համաձայն» առաքելությունը իր գործունեությունը դեկտեմբերի 19-ին պետք է ավարտի։
14:05 - 09 հունվարի, 2023
Հերթական անգամ փաստվում է՝ հայ-թուրքական իբր ընթացող բանակցությունները շարունակում են մնալ նախապայմաններով լեցուն․ Գեղամ Մանուկյան

Հերթական անգամ փաստվում է՝ հայ-թուրքական իբր ընթացող բանակցությունները շարունակում են մնալ նախապայմաններով լեցուն․ Գեղամ Մանուկյան

Սուրբ Ծննդյան օրով Հայաստանի արտգործնախարարությունն ազդարարեց, Թուրքիայի կողմից իբր դրական քայլի մասին, որը ներկայացվեց հերթական մանանան նիկոլական պատկերացմամբ 29800 քառակուսի կիլոմետրանոց Հայաստանի համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: «Նախ թուրքական աղբյուրների տարածած լուրը, հետո արդեն հաստատեց ՀՀ դիգանագիտական գերատեսչությունը, թե Թուրքիան բացել է իր օդային գիծը բեռնափոխադրումների համար։ Ավելին՝ պաշտոնական Երեւանը ինչ-որ հույսեր է փայփայում, թե մնացյալ պայմանավորվածությունները եւս կկատարվեն։ Մնացյալն էլ անորոշ, իսկ խորքում Սյունիքին հարված հասցնող երրորդ երկրների քաղաքացիների համար հայ-թուրքական սահմանը բացելու խոստումն է։ (Սա առանձին թեմա է, որին արդեն բազմիցս անդրադարձել ենք)։ Իսկ ինչ խոստացավ Թուրքիան, իրականում իր տնտեսությանը եւս մեկ խթան հաղորդող աննշան քայլ, որով այն ապրանքները, որոնք Հայաստան էին գալիս ուղեւորատար ինքնաթիռներով ու բեռնատարներով, կարող են բերել առանձին օդանավերով. տնտեսական չնչին միջոցների ավելացում։ Բայց այս ամենն ի գին Արցախի ու շրջափակված Արցախի։ Թուրքիայի կողմից պաշտոնապես խրախուսված եւ արտգործնախարարի շուրթերով արդարացված Լաչինի փակված միջանցքի պարագայում, ՀՀ իշխանությունները մոռանում են այդ ամենը, իրենց իսկ գովերգած հրճվանքով միջազգային հանրության առջև սպիտակեցնում նույն ագրեսիայի, նույն բլոկադայի կազմակերպիչ, ակտիվ մասնակից Թուրքիային։ ՈՒ իրականում հերթական անգամ փաստվում է՝ հայ-թուրքական իբր ընթացող բանակցությունները շարունակում են մնալ նախապայմաններով լեցուն, դրանցից մեկի ականատեսը եղանք նախօրեին։ Արցախի հարց, Արցախի իրավունքների հարց այս իշխանության համար գույություն չունի։ Կարեւորը՝ մի քանի օլիգարխների առեւտրային ախորժակներն ու են փողը։ Այդպես մի քանի կոպեկի համար, Արցախի շրջափակման պայմաններում Հայաստանի օդը սրանք բաց են պահում անգամ Նախիջեւանի եւ Ադրբեջանի միջեւ ինքնաթիռային կապի համար», - գրել է պատգամավորը։
18:15 - 07 հունվարի, 2023
Հայաստանը շարունակելու է բանակցությունները Թուրքիայի հետ՝ հարաբերություններն ամբողջական կարգավորելու նպատակով. ԱԳՆ մամուլի խոսնակ |armenpress.am|

Հայաստանը շարունակելու է բանակցությունները Թուրքիայի հետ՝ հարաբերություններն ամբողջական կարգավորելու նպատակով. ԱԳՆ մամուլի խոսնակ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանը դրական է գնահատում ուղիղ օդային բեռնափոխադրումների արգելքը վերացնելու՝ Թուրքիայի քայլը։ Ընդգծեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։ «Մենք, բնականաբար, դրական ենք գնահատում ուղիղ օդային բեռնափոխադրումների արգելքը վերացնելու Թուրքիայի քայլը: Հայաստանը, ինչպես և նախկինում, կառուցողական կերպով շարունակելու է բանակցություններն ինչպես հուլիսի 1-ին հատուկ ներկայացուցիչների ձեռք Aբերած մյուս պայմանավորվածությունը՝ երրորդ երկրների քաղաքացիների համար ցամաքային սահմանը հատելու հնարավորության ապահովումը շուտափույթ կյանքի կոչելու, այնպես էլ Հայաստան-Թուրքիա հարաբերություններն ամբողջական կարգավորելու, այն է՝ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման և հայ-թուրքական սահմանի բացման նպատակով»,- նկատեց նա։
22:28 - 06 հունվարի, 2023
Տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարարի և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կառավարչի հեռախոսազրույցը

Տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարարի և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կառավարչի հեռախոսազրույցը

Հունվարի 6-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) կառավարիչ Սամանթա Փաուերի հեռախոսազրույցը: Հեռախոսազրույցի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարն ԱՄՆ ՄԶԳ կառավարչին է ներկայացրել դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհի` Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ահագնացող հումանիտար իրավիճակը: Նախարար Միրզոյանը շեշտել է, որ Ադրբեջանի գործողություններն ուղղված են Լեռնային Ղարաբաղում 120 հազար արցախահայությանն էթնիկ զտմանը ենթարկելուն: Ընդգծելով, որ Ադրբեջանը կոպտորեն խախտում է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած իր պարտավորությունները` ՀՀ ԱԳ նախարարը կարևորել է միջազգային հանրության հստակ քայլերը` ուղղված Լաչինի միջանցքի բնականոն աշխատանքի վերականգնմանը և հումանիտար աղետի կանխարգելմանը:
20:54 - 06 հունվարի, 2023
Միրզոյանը  կարևորել է միջազգային հանրության շարունակական և հասցեական արձագանքն ու քայլերը Լաչինի միջանցքը վերաբացելու ուղղությամբ

Միրզոյանը կարևորել է միջազգային հանրության շարունակական և հասցեական արձագանքն ու քայլերը Լաչինի միջանցքը վերաբացելու ուղղությամբ

Հունվարի 5-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոյին: Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, նախարար Միրզոյանը Ֆրանսիայի դեսպանին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակը՝ ընդգծելով, որ Ադրբեջանի ապօրինի գործողությունների հետևանքով շրջափակման մեջ հայտնված Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակչությունն առերեսվում է հետզհետե խորացող հումանիտար ճգնաժամի: Արարատ Միրզոյանը կարևորել է միջազգային հանրության կողմից շարունակական և հասցեական արձագանքն ու քայլերը Լաչինի միջանցքը վերաբացելու ուղղությամբ՝ համաձայն Ադրբեջանի՝ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված պարտավորությունների: Այս համատեքստում ՀՀ ԱԳ նախարարը բարձր է գնահատել ֆրանսիական կողմի դիրքորոշումը՝ գոհունակություն հայտնելով նաև 2022թ. դեկտեմբերի 20-ին ՄԱԿ Անվտանգության խորհրդի հրատապ նիստի ընթացքում Ֆրանսիայի կողմից հնչեցված կոչերի և հետագայում ներդրված ջանքերի կապակցությամբ:
18:13 - 05 հունվարի, 2023
ԱԳՆ-ն կապի մեջ է միջազգային կառույցների հետ՝ ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի հետևանքով առաջացած խնդիրների հասցեագրման համար. Վահան Հունանյան

ԱԳՆ-ն կապի մեջ է միջազգային կառույցների հետ՝ ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի հետևանքով առաջացած խնդիրների հասցեագրման համար. Վահան Հունանյան

Վերջին օրերի ընթացքում քաղաքացիական հասարակության տարբեր ներկայացուցիչներ կոչ են անում դիմել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրին՝ արցախահայությանը օգնություն տրամադրելու խնդրով։ ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարը պատասխանել է հարցին, թե արդյո՞ք ԱԳՆ-ն իրականացրել է որևէ գործողություն։  «Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման առաջին իսկ օրվանից ՀՀ ԱԳՆ-ն և համապատասխան պետական գերատեսչությունները մշտապես կապի մեջ են միջազգային տարբեր կառույցների հետ Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի արդյունքում առաջացած խնդիրների հասցեագրման համար»,- նշել է մամուլի քարտուղար Վահագն Հունանյանը։ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով շրջափակման մեջ է հայտնվել Արցախի 120 000 բնակիչ, այդ թվում՝ 30 000 երեխա։ 1100 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 270 անչափահաս, չի կարողանում Հայաստանից վերադառնալ Արցախ։ Շրջափակման պատճառով Հայաստանից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախ, ինչի հետևանքով առկա է սննդի, դեղորայքի պակաս: 350 հիվանդ չի կարողանում բուժում ստանալ Հայաստանում: 12 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում, 12 բուժառու՝ վերակենդանացման բաժանմունքում․ 5-ը ծայրահեղ ծանր վիճակում են։ Այս օրերի ընթացքում շտապ բուժօգնության կարիք ունեցող 10 հայ և 4 օտարերկրացի է միայն Կարմիր խաչի միջնորդությամբ տեղափոխվել Հայաստան, իսկ Արցախում բուժօգնության կարիք ունեցող և ծանր վիճակում գտնվող հիվանդներից մեկը մահացել է:
17:16 - 05 հունվարի, 2023
Հնարավոր է՝ ԱՄՆ պետքարտուղարը հեռախոսազրույցներ ունենա ՀՀ ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ

Հնարավոր է՝ ԱՄՆ պետքարտուղարը հեռախոսազրույցներ ունենա ՀՀ ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը հայտնել է, որ ինքն ակնկալում է, որ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը առաջիկա օրերին հնարավորություն կունենա կրկին հեռախոսազրույց ունենալու Հայաստանի և Ադրբեջանի իր գործընկերների՝ Արարատ Միրզոյանի ու Ջեյհուն Բայրամովի հետ։ Խոսնակը չի նշել, թե ով է նշանակվելու Ֆիլիպ Ռիքերի պաշտոնում, որը կհեռանա պաշտոնցի վաղը՝ հունվարի 5-ին։ ԱՄՆ պետքարտուղարը այս թեմայի շրջանակում միայն հիշեցրել է, որ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման մեջ ուղիղ ներգրավվածություն ունեն պետքարտուղարն ու Եվրոպայի և Եվրասիայի հարցերով քարտուղարի օգնական Կարեն Դոնֆրիդը։ Հարցին, թե արդյո՞ք հնարավոր է ավելին անել՝ բացի զանգերից՝ կապված հայերի, վրացիների ու ադրբեջանցիների խնդիրների լուծման հետ, Փրայսն ասել է․ «Դե, այն, ինչ դուք մինչ օրս տեսել եք մեզանից, և՛ դեսպան Ռիքերի օրոք, և՛ նրա նախորդի օրոք, մենք համագործակցել ենք երկկողմ ձևաչափով: Մենք համագործակցել ենք համախոհ գործընկերների հետ, ինչպիսին է ԵՄ-ն: Մենք համագործակցել ենք ԵԱՀԿ-ի նման միջազգային կազմակերպությունների հետ՝ հեշտացնելու Հայաստանի ու Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությունը՝ լուծումներ գտնելու բոլոր այն հարցերի համար, որոնք կապված են Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կամ բխում են դրանից: Մեր մոտեցումը չի փոխվելու։ Մեր մոտեցումը դյուրացումն է, որն օգնում է կողմերին կառուցողական ձևով միասին նստել և հասնել առաջընթացի իդեալականորեն, որն ի վերջո կհանգի համապարփակ, երկարաժամկետ լուծման»: Հիշեցնենք, որ ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը հայտարարել էր, որ Ֆիլիպ Ռիքերը հեռանում է ԱՄՆ կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդականի պաշտոնից եւ նշել, որ դեսպան Ռիքերի հեռանալը ոչ մի կերպ չի խարխլում Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգ, կայուն, ժողովրդավարական, բարգավաճ և խաղաղ ապագան խթանելու ԱՄՆ հանձնառությունը։
10:23 - 05 հունվարի, 2023
Անհրաժեշտ է միջազգային փաստահավաք առաքելության գործուղում և ՄԱԿ–ից ԼՂ Հումանիտար հասանելիության ապահովում․ ՀՀ ԱԳՆ

Անհրաժեշտ է միջազգային փաստահավաք առաքելության գործուղում և ՄԱԿ–ից ԼՂ Հումանիտար հասանելիության ապահովում․ ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳ նախարարությունը միջազգային գործընկերների և ողջ առաջադեմ մարդկության ուշադրությունն է հրավիրում այն փաստին, որ ավելի քան երեք շաբաթ Ադրբեջանը շրջափակման մեջ է պահում Լեռնային Ղարաբաղը՝ կոպտորեն խախտելով Լաչինի միջանցքի՝ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված ռեժիմը և արգելափակելով Լեռնային Ղարաբաղը Հայաստանին և ողջ աշխարհին կապող կյանքի ճանապարհը։ Արդեն 23-րդ օրն է, ինչ Ադրբեջանն ամբողջ աշխարհի աչքի առջև բռնի տեղահանության է դրդում Լեռնային Ղարաբաղի բնակչությանը՝ շարունակելով էթնիկ զտումների իր քաղաքականությունը: Հումանիտար ճգնաժամը Լեռնային Ղարաբաղում օրեցօր ահագնանում է։ Ավելի ու ավելի զգալի է դառնում առաջին անհրաժեշտության ապրանքների, սննդի ու դեղորայքի պակասը: Շոշափելի է դառնում թերսնման վտանգը: Հարյուրավոր ընտանիքներ շարունակում են բաժանված մնալ՝ գտնվելով ադրբեջանական բլոկադայի տարբեր կողմերում: 120 հազար մարդ հայտնվել են փաստացի գերեվարված կարգավիճակում: Ադրբեջնական կողմի պնդումները, թե Լաչինի միջանցքն իրականում բաց է, միանգամայն անհիմն են, ինչի ապացույցն է առնվազն այն, որ միայն Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մեքենաներով է թույլատրվում կյանքի վտանգի առաջացման դեպքում սահմանափակ թվով հիվանդների տեղափոխումը Հայաստանի Հանրապետություն: Ստեղծված իրավիճակում կարևորում ենք 2022թ. դեկտեմբերի 20-ին ՄԱԿ Անվտանգության խորհրդի հրատապ նիստի անցկացումը, որը հրավիրվել էր հայկական կողմի խնդրանքին ի պատասխան՝ Լաչինի միջանցքի փակման և Լեռնային Ղարաբաղի բնակչության վրա դրա հումանիտար հետևանքները քննարկելու նպատակով։ Մենք մեծապես գնահատում ենք ԱԽ անդամների գերակշիռ մեծամասնության կողմից հանրայնորեն արտահայտված ու հստակ կոչերը` Ադրբեջանի կողմից միջանցքի շրջափակումը վերացնելու  և միջազգային կառույցների՝ Լեռնային Ղարաբաղ մուտք ապահովելու վերաբերյալ։ Ողջունում ենք նաև ԱԽ հիշյալ նիստին հաջորդած տասնօրյա ժամանակահատվածում Ֆրանսիայի ջանքերը՝ իրավիճակի վերաբերյալ ԱԽ նախագահողի մամուլի հայտարարություն ընդունելու ուղղությամբ։ Հայաստանը շարունակելու է նպատակամղված քայլեր ձեռնարկել բոլոր հնարավոր ձևաչափերում, ներառյալ՝ ՄԱԿ Անվտանգության խորհրդի և միջազգային ու տարածաշրջանային կառույցների շրջանակներում՝ այդ կառույցների մանդատից և գործառույթներից բխող վճռական արձագանք և գործողություններ ապահովելու ուղղությամբ՝ Լաչինի միջանցքի շրջափակումը ու դրա հետևանքով Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակչության առջև ծառացած հումանիտար ճգնաժամը վերացնելու նպատակով։  Անհրաժեշտ ենք համարում նաև Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելության գործուղումը՝ տեղում հումանիտար իրավիճակը գնահատելու համար, ինչպես նաև ՄԱԿ համապատասխան մարմինների համար Լեռնային Ղարաբաղ անարգել հումանիտար հասանելիության ապահովումը: Ադրբեջանը պարտավոր է անհապաղ վերաբացել Լաչինի միջանցքը՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետով ամրագրված սկզբունքներով, համաձայն որի՝ Ադրբեջանը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների երթևեկության անվտանգությունը, և Լաչինի միջանցքը գտնվում է Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի վերահսկողության ներքո: Քանի որ Ադրբեջանի ապօրինի գործողությունների հետևանքով եռակողմ հայտարարության դրույթները խախտված են,  ակնկալում ենք նաև ՌԴ կողմից հստակ ջանքերի իրականացումը՝ ուղղված այս կոպտագույն խախտումն առանց որևէ նախապայմանի վերացնելուն: 
19:13 - 03 հունվարի, 2023
ՀՀ վարչապետին զեկուցել են հումանիտար խնդիրների կարգավորման ուղղությամբ կատարվող աշխատանքների մասին. ներկայացվել է ԱԳՆ 2022 թ. կատարողականը

ՀՀ վարչապետին զեկուցել են հումանիտար խնդիրների կարգավորման ուղղությամբ կատարվող աշխատանքների մասին. ներկայացվել է ԱԳՆ 2022 թ. կատարողականը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արտաքին գործերի նախարարություն՝ գերատեսչության 2022թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով: Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, Վարչապետի աշխատակազմի պաշտոնյաներ, ԱԳՆ աշխատակազմի ղեկավար կազմը, պաշտոնատար այլ անձինք: Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և նրա տեղակալները ներկայացրել են ըստ ոլորտների կատարված աշխատանքները։ Վարչապետին զեկուցվել է միջազգային անվտանգային միջավայրում տեղի ունեցող փոփոխությունների, Հարավային Կովկասում կայունության և խաղաղության ուղղությամբ ՀՀ կողմից իրականացվող ջանքերի, հումանիտար խնդիրների կարգավորման ուղղությամբ կատարվող աշխատանքների, ինչպես նաև երկկողմ մակարդակում գործընկեր պետությունների հետ համագործակցության ամրապնդման և միջազգային կազմակերպություններում տարվող աշխատանքների ընթացքի մասին: Քննարկվել են նաև ԱԳՆ գործունեության արդյունավետության բարձրացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը: Նշվել է, որ բարեփոխումներ են իրականացվել դիվանագիտական կադրերի պատրաստման/վերապատրաստման ոլորտում. լավարկվել է օրենսդրական դաշտը, բարելավված ընթացակարգով իրականացվել է դիվանագետների ատեստավորում և կադրային համալրում: Կապիտալ ծրագրեր են իրականացվել ԱԳՆ կենտրոնական ապարատի և արտերկրում ՀՀ ներկայացուցչությունների աշխատանքային պայմանների բարելավման ուղղությամբ: Թվային օրակարգի շրջանակում իրականացվում է հյուպատոսական ծառայությունների թվայնացում: Հաշվետվության ներկայացումից հետո ծավալվել է մտքերի փոխանակություն: Երկրի վարչապետին ներկայացվել է մի շարք ուղղություններով ԱԳՆ հետագա քայլերի վերաբերյալ տեղեկատվություն: Նիկոլ Փաշինյանը նշել է դիվանագիտական աշխատանքի կարևորությունը ազգային, պետական շահերի առաջմղման ու պաշտպանության, առկա մարտահրավերների հաղթահարման գործում և կարևորել գործիքակազմի շարունակական կատարելագործումը: Վարչապետը նախանշել է Հայաստանի բարեկամ երկրների և գործընկեր կառույցների հետ համագործակցությունը սերտացնելու ու առավել զարգացնելու առաջնահերթությունը: Կառավարության ղեկավարն անդրադարձել է դիվանագիտական ծառայության լավարկման հարցին և առաջարկել քննարկել մասնագիտական որակավորման բարձրացման համակարգի ներդրման մանրամասները: Խորհրդակցության արդյունքներով վարչապետ Փաշինյանը հանձնարարականներ է տվել պատասխանատուներին:
19:26 - 29 դեկտեմբերի, 2022
Համաձայնեք՝ դժվար է կառուցողական և արդյունավետ հանդիպումներ ունենալ չդադարող սպառնալիքների և ուժի գործադրման նորանոր դրսևորումների պայմաններում․ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյան

Համաձայնեք՝ դժվար է կառուցողական և արդյունավետ հանդիպումներ ունենալ չդադարող սպառնալիքների և ուժի գործադրման նորանոր դրսևորումների պայմաններում․ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայցազրույց է տվել «Ազատություն ռադիոկայանին»։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Հարց․ Մոսկվայում Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ ասուլիսի ընթացքում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը զարմանք է հայտնել, որ դեկտեմբերի 23-ին նախատեսված եռակողմ հանդիպմանը ՀՀ ԱԳ նախարարի չմասնակցելու մասին լուրը իմացել են հայկական կողմի մամուլի հաղորդագրությունից, և ոչ թե դիվանագիտական կապուղիներով։ Ինչպե՞ս կմեկնաբանեք դա։ Պատասխան․ Ես էլ զարմանք եմ հայտնում իմ հարգարժան գործընկեր Սերգեյ Լավրովի զարմանքի առնչությամբ։ Հաշվի առնելով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամը՝ Մոսկվայում նախատեսված իմ և Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև հանդիպումը հետաձգելու՝ հայկական կողմի խնդրանքը ՀՀ ԱԳՆ-ն և ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը փոխանցել են թե՛ ՌԴ ԱԳՆ կենտրոնական ապարատի ներկայացուցիչներին, թե՛ ՀՀ-ում ՌԴ դեսպանությանը: Հակառակ դեպքում անբացատրելի է, թե ինչպես կարող էր ՌԴ ԱԳՆ-ն իր տարածած մամուլի հաղորդագրությամբ շատ ավելի շուտ ազդարարել հայկական կողմի Մոսկվա չմեկնելու մասին, քան դրա և դրա պատճառների մասին կհասցներ հայտարարել ՀՀ ԱԳՆ-ն։ Հարց. Նախարար Լավրովի ելույթում հնչել է նաև համոզմունք միջադեպերի շարունակականության մասին, եթե կողմերից մեկը յուրաքանչյուր անգամ հրաժարվի մասնակցել նախապես համաձայնեցված բանակցություններին։ Ինչպե՞ս է պետք, ըստ Ձեզ, սա ընկալել։ Պատասխան. Հայկական կողմը հստակ մատնանշել է հանդիպման հետաձգման պատճառը և անհրաժեշտությունը։ Համաձայնեք՝ դժվար է կառուցողական և արդյունավետ հանդիպումներ ունենալ չդադարող սպառնալիքների և ուժի գործադրման նորանոր դրսևորումների պայմաններում: Ինչ վերաբերում է այդ դրսևորումների հետագա շարունակականության մասին համոզմունքին, կարծում եմ, որ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորակազմը կոչված են հենց նման համոզմունքները բացառելուն։ Հարց․ Սերգեյ Լավրովի հետ ասուլիսի ընթացքում Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովն ասել էր, թե իբր 2020թ.-ի նոյեմբերին Հայաստանը խոստացել է 8 գյուղեր «ազատել» սակայն չի կատարել այդ պայմանավորվածությունը: Դա ինչպե՞ս կմեկնաբանեք։ Պատասխան. Ինչպես բազմիցս հայտարարել ենք, հայկական կողմը ոչ նոյեմբերի 9֊ի եռակողմ հայտարարությամբ, ոչ էլ որևէ այլ կերպ նման պարտավորություն չի ստանձնել։ Այլ բան, քան գրված, ստորագրված, հրապարակված պայմանավորվածություններ, գոյություն չունեն։ Կարծում ենք, Ադրբեջանի ԱԳ նախարարը նման մտացածին պայմանավորվածությունների մասին խոսելով` փորձ է կատարում արդարացնել իր երկրի կողմից նոյեմբերի 9-ին եռակողմ հայտարարության դրույթների շարունակական ու կոպիտ խախտումները: Միաժամանակ հարկ եմ համարում հիշեցնել, որ Հայաստանը քանիցս հանդես է եկել զորքերի հետքաշման` Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերը Հայկական և Ադրբեջանական ԽՍՀ֊ների միջև գոյություն ունեցած վարչական սահմանով տեղակայելու առաջարկով»։
21:55 - 24 դեկտեմբերի, 2022
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթի վերաբերյալ

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթի վերաբերյալ

Այսօր՝ դեկտեմբերի 24-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում հնչեցված մտքերը ևս մեկ անգամ վկայում են, որ այս պետության ղեկավարությունը որևէ կերպ շահագրգիռ չէ Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատմամբ: Ավելին, վերջինս ոչ միայն բացահայտորեն ընդունում է ուժի կիրառման միջոցով ՀՀ ինքիշխան տարածքի օկուպացիայի փաստը, այլև` Հայաստանի Հանրապետության նկատմամբ հնչեցնում է նոր տարածքային պահանջներ և ուժի կիրառման սպառնալիքներ, բացահայտ արհամարհանք ցուցաբերում թե՛ միջազգային իրավունքի և թե՛ միջազգային գործընկերների նկատմամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Ադրբեջանի ղեկավարի հայտարարությունները, որոնք հակասում են Պրահայում և Սոչիում այս տարի ձեռք բերված պայմանավորվածություններին, արտացոլում են Ադրբեջանի ղեկավարության նկրտումները՝ ուղղված խաղաղության գործընթացի վիժեցմանը:  Իրականության հետ որևէ աղերս չունեն նաև Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման վերաբերյալ ելույթում հնչեցված բոլոր հիմնավորումները: Այս և նախկինում Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ իրականացված այլ ագրեսիվ գործողությունները Լեռնային Ղարաբաղի ժողովրդին էթնիկ զտումների ենթարկելու հետևողական քաղաքականության մասն են:  Եվս մեկ անգամ ընդգծելով տարածաշրջանում խաղաղություն և կայունություն կառուցելու հայկական կողմի հաստատակամությունը՝ միջազգային շահագրգիռ գործընկերներին կոչ ենք անում հասցեական հայտարարությունների և թիրախային գործողությունների միջոցով պարտավորեցնել Ադրբեջանին դադարեցնել ռազմատենչ և առավելապաշտական հռետորաբանությունը, իրագործել իր իսկ կողմից ստանձնած պարտավորությունները, դուրս բերել ադրբեջանական զորքերը ՀՀ ինքնիշխան տարածքից և վերականգնել Լաչինի միջանցքի բնականոն գործունեությունը», - նշված է հայտարարության մեջ:
21:45 - 24 դեկտեմբերի, 2022
Գաղափարը, որ Ադրբեջանում կարող են լինել քաղհասարակության ակտիվիստներ, որոնք ի վիճակի կլինեն առանց իշխանությունների անմիջական առաջնորդության այս ծավալի գործողություն սկսել, առնվազն անհավանական է․ ՀՀ ԱԳՆ խոսնակ

Գաղափարը, որ Ադրբեջանում կարող են լինել քաղհասարակության ակտիվիստներ, որոնք ի վիճակի կլինեն առանց իշխանությունների անմիջական առաջնորդության այս ծավալի գործողություն սկսել, առնվազն անհավանական է․ ՀՀ ԱԳՆ խոսնակ

Երբ խոսքը վերաբերում է քաղաքացիական և քաղաքական ազատություններին, Ադրբեջանը պահպանում է ժողովրդավարության ամենացածր վարկանիշն աշխարհում՝ հավաքների, բողոքի ակցիաների և տասնյակ քաղբանտարկյալների իրավունքը ճնշելու ապացուցված փորձով: Այս մասին «Twitter»-ում գրառում է կատարել ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը։ «Հետևաբար, գաղափարը, որ Ադրբեջանում կարող են լինել քաղաքացիական հասարակության ակտիվիստներ, որոնք ի վիճակի կլինեն այս չափի և ծավալի անկախ գործողություն սկսել՝ առանց պետական իշխանությունների անմիջական առաջնորդության և վերահսկողության, առնվազն անհավանական է», - գրել է նա:
20:30 - 24 դեկտեմբերի, 2022
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հեռախոսազրույցը ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյի հետ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հեռախոսազրույցը ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյի հետ

Դեկտեմբերի 23֊ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյի հետ։Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հանգուցալուծմանը վերաբերող հարցերի:Ներկայացնելով Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակը՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանի գործողությունները միտված են Լեռնային Ղարաբաղում լայնածավալ հումանիտար ճգնաժամ ստեղծելուն և Լեռնային Ղարաբաղը էթնիկ զտման ենթարկելուն:Նախարար Միրզոյանը շեշտել է, որ միջազգային հանրությունը պետք է գործուն քայլեր ձեռնարկի՝ ստիպելու Ադրբեջանին լիովին հարգել 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները և անվերապահորեն ապաշրջափակել Լաչինի միջանցքը՝ վերացնելով անվտանգ և անարգել տրանսպորտային հաղորդակցության համար բոլոր խոչընդոտները: Նա կարևորել է Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք փաստահավաք առաքելություն գործուղումը` հումանիտար իրավիճակը գնահատելու նպատակով, ինչպես նաև ՄԱԿ համապատասխան մարմինների համար Լեռնային Ղարաբաղ անարգել հումանիտար հասանելիության ապահովումը:
20:50 - 23 դեկտեմբերի, 2022