ՀՀ ոստիկանություն

ՀՀ ոստիկանությունն իրավապահ համակարգի մարմին է, որի պարտականությունն է հանցավոր եւ հակաիրավական այլ ոտնձգություններից պաշտպանել մարդու կյանքն ու առողջությունը, ինչպես նաեւ այլ իրավունքներն ու ազատությունները, սեփականությունը, հասարակության ու պետության շահերը:

Ոստիկանությունն իրականացնում է հանրապետության տարածքում օպերատիվ-հետախուզական եւ փորձաքրեագիտական գործունեության կազմակերպումը։ Ոստիկանությունը գործում է ՀՀ Սահմանադրության, օրենդրության եւ «Ոստիկանության» մասին ՀՀ օրենքի հիման վրա։ Այն ենթակա է Հանրապետության վարչապետին։ 2020 թ. հունիսի 8-ից ոստիկանապետը Վահե Ղազարյանն է։

Կոստանտին Տեր-Նակալյանը վնասվածքներ է ստացել թաղեցու հետ վիճաբանության ընթացքում

Կոստանտին Տեր-Նակալյանը վնասվածքներ է ստացել թաղեցու հետ վիճաբանության ընթացքում

Երեկ երեկոյան համացանցում տեղեկատվություն տարածվեց, որ հարձակման է ենթարկվել «Ադեկվադ» միաբանության անդամ Կոստանտին Տեր-Նակալյանը։ Միջադեպի հետ կապված մանրամասներ է հայտնել ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը՝ նշելով, որ նա վնասվածքներ է ստացել թաղեցու հետ վիճաբանության ընթացքում: «Նոյեմբերի լույս 17-ի գիշերը «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ «վերին շրթունքի և աջ ականջի պատռված վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Կոստանտին Տեր-Նակալյանը։ Ոստիկանության Մաշտոցի բաժնի և Դավիթաշենի բաժանմունքի ծառայողները, համագործակցելով Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզների հետ, օպերատիվ կերպով պարզեցին, որ Կոստանտին Տեր-Նակալյանն ու հարևանությամբ բնակվող 30-ամյա մի տղամարդ բանավիճել են։ Վեճը վերածվել է ծեծկռտուքի, ինչի ընթացքում էլ Կոստանտին Տեր-Նակալյանը վնասվածքներ է ստացել։ Ահազանգից րոպեներ անց տղամարդն իր բնակարանից բերման է ենթարկվել ոստիկանություն ու կատարվածի վերաբերյալ բացատրություն տվել։ Կոստանտին Տեր-Նակալյանը հրաժարվել է հաղորդում և բացատրություն տալ։Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Դատաբժշկի ուղեգիր է տրվել նաև բերման ենթարկվածին։Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում»,- ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ։
16:14 - 17 նոյեմբերի, 2020
Ոստիկանությունը քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ բռնության ցանկացած դրսևորումից

Ոստիկանությունը քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ բռնության ցանկացած դրսևորումից

Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որում քաղաքացիներին սթափության և օրինապահության կոչ է անում:  «Հարգելի քաղաքացինե՛ր, ՀՀ ոստիկանությունը ձեզ է դիմում սթափության և օրինապահության կոչով:Հորդորում ենք զերծ մնալ բռնության ցանկացած դրսևորումից, չդիմել ու չտրվել սադրանքների, բացառել հակաիրավական գործողությունները, պահպանել օրենքի պահանջներն ու համակեցության կանոնները:Դիմում ենք բոլորին, քանզի երկիրը բոլորինս է, և յուրաքանչյուր քաղաքացու պարտքն է կայունության ապահովումը: Ոստիկանության գերխնդիրը հասարակական կարգի պահպանումն է, բոլոր քաղաքացիների օրինապահության և անվտանգության ապահովումը: Այդ գերխնդիրն իրականացվելու է օրենքով մեզ վերապահված լիազորությունների ողջ ծավալով: Բոլոր նրանք, ովքեր կդիմեն հակաիրավական քայլերի, բռնության, սադրանքների, ովքեր իրենց վեր կդասեն օրենքից ու հասարակությունից, կենթարկվեն ամենախիստ պատասխանատվության:ՀՀ ոստիկանությունը հավատում է մեր հանրային ողջամտությանը և համոզված է, որ համատեղ ուժերով կկարողանանք պահպանել մեր երկրի անդորրն ու անվտանգությունը»:
12:30 - 17 նոյեմբերի, 2020
Եղեգնաձորի ոստիկանները գործարանային համարով «Կալաշնիկովի» ինքնաձիգ են հայտնաբերել

Եղեգնաձորի ոստիկանները գործարանային համարով «Կալաշնիկովի» ինքնաձիգ են հայտնաբերել

Նոյեմբերի 14-ի վաղ առավոտյան Երևան-Մեղրի ճանապարհի 120-րդ կիլոմետրին տեղակայված հսկիչ անցագրային կետում ծառայություն իրականացրած Եղեգնաձորի բաժնի համայնքային ոստիկանները, իրացնելով օպերատիվ տվյալները, ստուգել են «Օպել» մակնիշի մի ավտոմեքենա։ Սյունիքի մարզի բնակիչ, 24-ամյա ուղևորը ոստիկանության ծառայողներին է ներկայացրել հետևի նստելատեղին դրված գործարանային համարով «Կալաշնիկովի» ինքնաձիգ, երկու փամփշտատուփ՝ լիցքավորված 7․62 մմ տրամաչափի 60 փամփուշտով։ Ըստ նրա՝ զենք-զինամթերքը ստացել է Սյունիքի մարզի ինքնապաշտպանության համար։ Ինքնաձիգն ու զինամթերքը վերցվել են։ Նշանակվել է փորձաքննություն։ Հանգամանքները պարզվում են։ Կրկին հորդորում ենք այս օրերին ստացած զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։ 
18:31 - 16 նոյեմբերի, 2020
Պատգամավորների անվտանգությունը ապահովելուն ուղղված դիմումը պետք է բավարարվի քրեական գործ հարուցվելու հարցի լուծման դեպքում․ Ոստիկանության պարզաբանումը՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությանը

Պատգամավորների անվտանգությունը ապահովելուն ուղղված դիմումը պետք է բավարարվի քրեական գործ հարուցվելու հարցի լուծման դեպքում․ Ոստիկանության պարզաբանումը՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությանը

ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է տարածել ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների դիմումի վերաբերյալ։ Պարզաբանումը ներկայացնում ենք սոտրև։ «Այսօր համացանցում և լրատվամիջոցներով տարածում գտավ ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորների դիմումը՝  ուղղված ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանին։ Դիմումի կապակցությամբ պարզաբանում ենք, որ «Ոստիկանության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ պաշտպանության ենթակա անձանց նկատմամբ ոստիկանության կողմից պաշտպանության միջոցներն իրականացվում են Կառավարության որոշմամբ սահմանված կարգով: Պաշտպանության ենթակա անձանց նկատմամբ ոստիկանության կողմից պաշտպանության միջոցների իրականացման կարգը սահմանված է ՀՀ կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 3-ի թիվ 1474-Ն որոշմամբ: Մասնավորապես, նշված որոշմամբ կարգավորվում են քրեական դատավարությանը մասնակցող կամ հանցագործության մասին հաղորդում տվող անձի, նրա ընտանիքի անդամի, մերձավոր ազգականի կամ մերձավորի նկատմամբ ոստիկանության կողմից իրականացվող պաշտպանության միջոցների իրականացման ընթացակարգերը և պաշտպանության իրականացման հետ կապված այլ հարաբերություններ: ՀՀ կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 3-ի թիվ 1474-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետի համաձայն՝ պաշտպանության իրականացման նպատակով քրեական վարույթն իրականացնող մարմինը որոշում է կայացնում պաշտպանության միջոց ձեռնարկելու մասին` օրենսգրքով սահմանված կարգով: Պաշտպանության միջոցի տեսակն ընտրելիս հաշվի է առնվում անձի առողջական վիճակը՝ անձի առողջությանը հասցվող հնարավոր վտանգը բացառելու կամ այն նվազագույնի հասցնելու նպատակով: Կարգի 12-րդ կետի համաձայն՝ պաշտպանության միջոց ձեռնարկելու մասին քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշումն անհապաղ ուղարկվում է պաշտպանություն իրականացնող մարմին: Այլ կերպ՝ ոստիկանության կողմից պաշտպանության միջոցի իրականացման համար անհրաժեշտ է քննիչի պաշտպանության միջոց ձեռնարկելու մասին որոշման առկայություն: Այսպիսով, ԲՀԿ պատգամավորների անվտանգությունը Ոստիկանության կողմից ապահովելուն ուղղված Ձեր դիմումը պետք է բավարարվի օրենքով սահմանված կարգով քրեական գործ հարուցվելու հարցի լուծման դեպքում՝ քրեական դատավարությանը մասնակցող կամ հանցագործության մասին հաղորդում տվող անձանց անվտանգությունը ապահովելու համատեքստում: Քրեական դատավարության օրենսգրքի 176-րդ հոդվածի համաձայն՝ քրեական գործ հարուցելու առիթներն են` 1) հանցագործությունների մասին ֆիզիկական և իրավաբանական անձանց հաղորդումները` ուղղված հետաքննության մարմնին, քննիչին, դատախազին,2) հանցագործությունների մասին լրատվության միջոցների հաղորդումները,3) հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի, դատարանի, դատավորի կողմից հանցագործության մասին տվյալների, հանցագործության նյութական հետքերի և հետևանքների հայտնաբերումը` իրենց լիազորություններն իրականացնելիս: ՀՀ վճռաբեկ դատարանի՝ 31.05.2014 թվականի թիվ ԵԿԴ/0118/11/13 գործի շրջանակներում նշվել է, որ քրեական գործ հարուցելու առիթն այն աղբյուրն է, որտեղից իրավասու պաշտոնատար անձը տեղեկություններ է ստանում նախապատրաստվող, կատարվող և կատարված հանցագործությունների մասին: Հատկանշական է, որ քրեական գործի հարուցման առիթը պետք է համապատասխանի այնպիսի որոշակի պահանջների և այդ համատեքստում բացառիկ կարևորություն ունի նախապատրաստվող, կատարվող և կատարված հանցագործությունների մասին կոնկրետ տեղեկությունների առկայությունը: Այլ կերպ՝ հանցագործության մասին հաղորդումը որպես քրեական գործ հարուցելու առիթ` իրենից ներկայացնում է ֆիզիկական կամ իրավաբանական անձի գրավոր կամ բանավոր դիմումը քրեական հետապնդում իրականացնող մարմնին` կոնկրետ հանցագործության տարրեր պարունակող նախապատրաստվող կամ կատարված հանցագործության մասին տեղեկատվությամբ: Առիթը պայման է, որի առկայության դեպքում օրենքը լիազորում է իրավասու մարմիններին և պաշտոնատար անձանց մտնել իրավահարաբերությունների մեջ, կատարել գործողություններ, որոնք իրենց միասնությամբ ներկայացնում են քրեական դատավարության սկզբնական փուլի Քրեական գործի հարուցման առիթները պետք է բովանդակեն տեղեկություն հանցագործության հատկանիշները մատնանշող տվյալների առկայության մասին: Միայն այս դեպքում դրանք կարող են հիմք հանդիսանալ ստուգելու և քրեական գործ հարուցելու կամ հարուցումը մերժելու որոշում ընդունելու համար: Այսինքն, քրեական գործ հարուցելու առիթ կարող է հանդիսանալ ոչ թե ցանկացած, այլ միայն հանցագործության մասին արված հաղորդումը (ՀՀ վճռաբեկ դատարան 13.07.2007, թիվ՝ ՎԲ-133/07 գործ): ՀՀ վճռաբեկ դատարանի՝ 31.05.2014 թվականի թիվ ԵԿԴ/0118/11/13 գործով նշվել է՝ որպեսզի հաղորդումը հիմք հանդիսնա ՀՀ քր. Դատ օր.-ի 181-րդ հոդվածով նախատեսված որոշումներից որևէ մեկը կայացնելու համար, այն պետք է բովանդակի տվյալներ կոնկրետ հանցագործոթւյան մասին: Քրեական գործի հարուցման նախապատրաստական փուլում կոնկրետ հանցագործության մասին մատնանշող փաստերի գնահատումը վարույթն իրականացնող մարմնի հանրային իրավական պարտականությունն է: ՀՀ վճռաբեկ դատարանը 30.03.2016 թվականի թիվ ԵԿԴ/0154/11/14 գործով վերահաստատելով իր իրավական դիրքորոշումները՝ արձանագրում է, որ հանցագործության մասին հաղորդումն իրավաբանական փաստ է, որն առաջացնում է այն ստուգելուն և լուծելուն ուղղված դատավարական իրավահարաբերություններ: Հաղորդումը` որպես քրեական գործ հարուցելու առիթ, պետք է համապատասխանի որոշակիության բովանդակային չափանիշին, մասնավորապես` բովանդակի տեղեկություն կոնկրետ հանցագործության հատկանիշները մատնանշող տվյալների առկայության մասին: Նշվածը, սակայն, չի ենթադրում, որ քննարկման և լուծման ենթակա է միայն այն հաղորդումը, որը պարունակում է քրեական գործ հարուցելու բավարար հիմքեր: Հաղորդման մեջ պարունակվող տեղեկությունները կարող են բավարար լինել այն քննարկելուն, ստուգելուն և լուծելուն ուղղված օրենսդրական կարգավորումները (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներ) գործողության մեջ դնելու համար, եթե ողջամիտ հավանակություն կա, որ դրանց ստուգման արդյունքում կարող են հայտնաբերվել, այլ ոչ թե հաստատապես հայտնաբերվելու են քրեական գործ հարուցելու բավարար հիմքեր: Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ քննարկված չափանիշին համապատասխանող յուրաքանչյուր հաղորդում առաջացնում է վարույթ իրականացնող մարմնի պարտականությունը դրա կապակցությամբ կայացնել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 181-րդ հոդվածով նախատեսված որոշումներից մեկը: Այս առումով Ձեր կողմից ներկայացված հայտարարության տեքստը թեև առերևույթ հանցագործության մասին հաղորդում իր մեջ չի պարունակում, այդուհանդերձ Ոստիկանության կողմից օպերատիվ կերպով կձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ միջոցները նշված տեղեկությունը ճշտելու, հստակեցնելու, այն որպես հանցագործության մասին հաղորդում ընդունելու կամ չընդունելու հարցը լուծելու ուղղությամբ, որի արդյունքում արդեն հնարավոր կլինի լուծել քրեական դատավարությանը մասնակցող կամ հանցագործության մասին հաղորդում տվող անձի (անձանց) կամ օրենքով սահմանված դեպքերում պաշտպանության ենթակա այլ անձանց նկատմամբ ոստիկանության կողմից պաշտպանության միջոցներ կիրառելու կամ այդպիսիք չկիրառելու վերաբերյալ հարցը»: Հիշեցնենք, որ ավելի վաղ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գրել էր, որ տեղեկություններ են շրջանառվում, թե ստեղծվել են տարբեր զինված բանդաներ, որոնք ընդդիմադիր գործիչների հետ հաշվեհարդարներ են տեսնելու։ Խմբակցությունը պաշտոնապես դիմել էր ՀՀ ոստիկանապետին։
19:05 - 15 նոյեմբերի, 2020
Անհայտ անձինք ապօրինի մուտք են գործել «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ընկերության գրասենյակ

Անհայտ անձինք ապօրինի մուտք են գործել «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ընկերության գրասենյակ

Անհայտ անձինք ապօրինի մուտք են գործել «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ընկերության գրասենյակ․ «Հայտնում ենք, որ 13․10․2020թ֊ին, ժամը 17։30֊ի սահմաններում անհայտ անձինք ապօրինի մուտք են գործել «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲ ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) Երևան քաղաքի Դեմիրճյան փողոցի 38 հասցեում գտնվող գրասենյակ, շուրջ 10 րոպե դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և խաթարելով գրասենյակի բնականոն աշխատանքը հայհոյանքներ ու սպառնալիքներ են հնչեցրել աշխատակիցների հասցեին, նրանց անհիմն մեղադրելով որպես համացանցում զինվորների հասցեին հայհոյանքներ և կեղծ լուրեր տարածողների։ Ավելին, նույն անձինք իրենց խուլիգանական գործողությունները նկարահանել և տարածել են համացանցում։Անհայտ անձանց վերոշարադրյալ գործողությունների ընթացքում մեծ վնաս է հասցվել Ընկերության համբավին, իսկ աշխատակիցներին հասցվել է ծանր բարոյահոգեբանական վնաս, ինչի արդյունքում մինչ այժմ խաթարված է գրասենյակի բնականոն աշխատանքը և Ընկերությունը կրում է ֆինանսական վնասներ։Նշված գրասենյակը հանդիսանում է Ընկերության սեփականությունը և այնտեղ բացառապես ծավալվում է ապահովագրական գործունեություն և անհեթեթ է անգամ արդարանալ, թե այդ աշխատակիցները զինվորների կամ որևէ մեկին հայհոյանքներ տարածելով են զբաղված։Ներկայումս Ընկերությունը գրավոր հաղորդում է ներկայացրել ոստիկանություն՝ անհայտ անձանց հայտնաբերելու և նրանց գործողություններին քրեաիրավական գնահատական տալու համար»։
20:38 - 13 նոյեմբերի, 2020
Հանցագործությունները կանխելու և բացահայտելու ուղղությամբ շուրջօրյա միջոցառումներ են ձեռնարկում

Հանցագործությունները կանխելու և բացահայտելու ուղղությամբ շուրջօրյա միջոցառումներ են ձեռնարկում

Արդեն տևական ժամանակ ոստիկանության ստորաբաժանումները շուրջօրյա ձեռնարկում են բազմաբնույթ միջոցառումներ՝ հանցագործությունների, այդ թվում՝ ապօրինի զենք-զինամթերք պահելու և տեղափոխելու դեպքերը կանխելու և բացահայտելու ուղղությամբ։ Կանխարգելիչ միջոցառումների շրջանակներում անշարժ պահակետեր են տեղակայվել հանրապետության մի շարք բնակավայրերում ու ավտոճանապարհներին և իրականացվում են համապատասխան ստուգումներ։ Այս միջոցառումների շնորհիվ է, որ միայն վերջին օրերին հայտնաբերվել են ընդհանուր մի քանի տասնյակ ինքնաձիգ, գնդացիր, նռնականետ, ընդհանուր մի քանի տասնյակ տարբեր տիպի նռնակներ՝ պայթուցիչներով, տարբեր հրազենների և տրամաչափի ընդհանուր մի քանի հազար փամփուշտ, օպտիկական ու ջերմատեսիլ սարքեր, կապի միջոցներ, հանդերձանք և այլն։ Ոստիկանությունը շարունակելու է այս ուղղությամբ նույն հետևողականությամբ շուրջօրյա միջոցառումները։ Հորդորում ենք Արցախից ապօրինի կերպով Հայաստան բերված զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։     
17:10 - 13 նոյեմբերի, 2020
Ողջ պատերազմի ընթացքում զոհվել է 28 ոստիկան, վիրավորվել՝ 150-ը, անհետ կորել՝ 43-ը

Ողջ պատերազմի ընթացքում զոհվել է 28 ոստիկան, վիրավորվել՝ 150-ը, անհետ կորել՝ 43-ը

Սեպտեմբերի 27-ից՝ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի առաջին օրերից, ոստիկանության զորքերի շուրջ 3000 ծառայող հերթափոխերով մեկնել է ռազմաճակատ։ Նրանք մասնակցել են Քարվաճառի, Հաթերքի, Ջրականի, Բերձորի պաշտպանական մարտերին։ Ծանր մարտեր են մղել հատկապես Շուշի-Լիսագոր ավտոճանապարհի հարակից տարածքում, որի ընթացքում ոստիկանության զորքերն ունեցել է 2 զոհ, 26 վիրավոր և մինչ այս պահը անհետ կորած է համարվում 42 ծառայող։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ոստիկանությունը: «Չափազանց կարևոր էին նաև ոստիկանության զորքերի հատուկ միջոցառումները՝ հայտնաբերելու և չեզոքացնելու Արցախ ներխուժող ահաբեկչական խմբերին՝ թույլ չտալով նրանց հասնել թիկունք։ Հայրենիքի պաշտպանությանն են միացել նաև ոստիկանության կենտրոնական ապարատի, հատուկ նշանակության վարչության, պարեկապահակետային ծառայության գնդի, մարզային և տարածքային բոլոր ստորաբաժանումներից ծառայողներ։ Մի քանի հերթափոխով Արցախ է մեկնել ևս 3200 ոստիկան, որոնցից անմահացել են 26-ը, վիրավորվել՝ 124-ը և մինչ այս պահը անհետ կորած է համարվում 1-ը։ Նրանք Ջրականի, Բերձորի, Շուշիի ու Մարտակերտի շրջանի տարբեր հատվածներում էին։ Ցավոք, պատերազմի ողջ ընթացքում ընկան ազգի նվիրյալ 28 ոստիկան, վիրավորվեցին 150-ը և մինչ այս պահն անհետ կորած է համարվում ոստիկանության 43 ծառայող։ Փա՛ռք և հավերժ հիշատակ հայրենիքի պաշտպանության համար անմահացած մեր բոլոր հայորդիներին»,- ասված է հաղորդագրության մեջ: Բացի այդ, ոստիկանության զորքերի ու ոստիկանության տարածքային ստորաբաժանումների շուրջ 1000 ծառայող մասնակցել է Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանությանը՝ զուգահեռ հանրապետությունում իրականացնելով իրենց անմիջական պարտականությունները։ Կանխվել և բացահայտվել են հանցագործություններ, պահպանվել են հասարակական կարգն ու անվտանգությունը, այդ թվում՝ ճանապարհային երթևեկության, իրականացվում էր հակահամաճարակային կանոնների պահպանման ուղղությամբ հետևողական աշխատանք, զինծառայողների ու կամավոր ջոկատների ուղեկցումներ դեպի ռազմաճակատ, ինչպես նաև ոստիկանները ներգրավված էին զորահավաքի կազմակերպչական աշխատանքներին և այլն։ Ըստ ոստիկանության տեղեկատվության՝ ոստիկանական մեծաքանակ ուժերի՝ առաջնագծում գտնվելու պատճառով հնարավոր են դարձել նոյեմբերի 10-ի գիշերը Երևանում տեղի ունեցած անկարգությունները։ «Վստահեցնում ենք, որ դրանց բոլոր կազմակերպիչներն ու հեղինակները հայտնաբերվելու են և ենթարկվելու պատասխանատվության»,- նշվում է հաղորդագրությունում:
13:30 - 13 նոյեմբերի, 2020
Մասիսի, Վաղարշապատի և Սևանի ոստիկանները Արցախից բերված մեծ քանակությամբ զենք-զինամթերք են հայտնաբերել

Մասիսի, Վաղարշապատի և Սևանի ոստիկանները Արցախից բերված մեծ քանակությամբ զենք-զինամթերք են հայտնաբերել

Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողներ շարունակում են տարաբնույթ միջոցառումները Արցախից ապօրինի կերպով զենք-զինամթերք բերելու դեպքերը կանխելու և բացահայտելու ուղղությամբ։ Արդյունքում՝ նոյեմբերի 11-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, Փարաքար գյուղից, մեքենայով հանդերձ, բաժին բերման են ենթարկել Երևանում բնակվող երկու տղամարդու։ Մեքենայում հայտնաբերվել է գործարանային համարով «Կալաշնիկովի» ինքնաձիգ, փամփշտատուփեր, սվին- դանակ, բաճկոն ու սաղավարտ, որոնք բերել էին Արցախից։Դարձյալ նոյեմբերի 11-ին ոստիկանության Սևանի բաժնի ծառայողներն ու Գեղարքունիքի մարզը սպասարկող ճանապարհային ոստիկանները, իրացնելով օպերատիվ տվյալները, Իջևան քաղաքի և Տավուշի մարզի Սևքար գյուղի երկու բնակչի մոտ հայտնաբերել են գործարանային համարներով «Կալաշնիկովի» ինքնաձիգներ, 7 փամփշտատուփ, ինքնաձիգի փամփուշտներ ու զրահաբաճկոն, որոնք բերել էին Արցախից։Նոյեմբերի 11-ին ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները ևս Արցախից բերված զինամթերք են հայտնաբերել։ Նրանք Երևանի բնակիչ, 34-ամյա մի տղամարդու մեքենայի ստուգմամբ հայտնաբերել են պայթուցիչներով նռնակներ։ Հայտնաբերված զենք-զինամթերքը վերցվել է։ Այս ուղղությամբ իրականացվող տարաբնույթ միջոցառումներն ամենօրյա են։
17:47 - 12 նոյեմբերի, 2020
ՀՀ ոստիկանությունը կոչ է անում ձեռնպահ մնալ հակաիրավական արարքներից

ՀՀ ոստիկանությունը կոչ է անում ձեռնպահ մնալ հակաիրավական արարքներից

ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածը պատասխանատվություն է սահմանում իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի համար: Կոչերը դրսևորվում են այնպիսի գործողություններով, մարդկանց նկատմամբ այնպիսի ազդեցությամբ, որոնց արդյունքում նրանց մեջ ցանկություն է առաջանում բռնությամբ զավթել իշխանությունը: Այդպիսի գործողություններ կարող են հանդիսանալ մարդկանց զինելը, նրանց համոզելը, հրահրելը և այլն:Հանցակազմի առկայության համար անհրաժեշտ է, որ կոչերը հրապարակային լինեն, ինչը նշանակում է, որ կոչերը բացահայտ և ընկալելի բնույթ են կրում, ուղղված են մարդկանց լայն շրջանակի: Հանցագործությունը ավարտված է համարվում հրապարակային կոչերը իրականացնելու պահից` անկախ նրանից` հասե՞լ է հանցավորը իր նպատակին, թե՞ ոչ: Հանցագործությունը բնութագրվում է ուղղակի դիտավորությամբ: Հանցագործության սուբյեկտ կարող է լինել տասնվեց տարին լրացած մեղսունակ ֆիզիկական ցանկացած անձ: ՀՀ քրեական օրենսգրքի 301.1-րդ հոդվածի 1-ին մասը պատասխանատվություն է նախատեսում Հանրապետության նախագահին, Ազգային ժողովին, Կառավարությանը կամ Սահմանադրական դատարանին` նրանց նկատմամբ բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով, նրանց լիազորություններից բխող որևէ գործողություն կատարել կամ չկատարել պարտադրելու համար, որն ուղղված չէ իշխանությունը յուրացնելուն: Հանցագործությունը դրսևորվում է Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի, Կառավարության կամ Սահմանադրական դատարանի անդամների նկատմամբ բռնություն գործադրելով, նրանց նկատմամբ բռնություն գործադրելու, նրանց մասին անվանարկող տեղեկություններ հրապարակելու, գույք ոչնչացնելու կամ վնասելու սպառնալիքով նրանց լիազորություններից բխող գործողություն կատարելուն կամ չկատարելուն (գործողության կատարումից ձեռնպահ մնալուն) հարկադրելու ձևով:Հանցագործությունն ավարտված է համարվում հանցավորի կողմից բռնություն գործադրելով կամ բռնություն գործադրելու կամ այլ բնույթի սպառնալիքով նշված անձանց իրենց լիազորություններից բխող գործողություն կատարելու կամ չկատարելու պահանջ ներկայացնելու պահից` անկախ նրանից, հաջողվե՞լ է հանցավորին հասնել իր նպատակներին, թե՞ ոչ: Հանցագործությունը դրսևորվում է ուղղակի դիտավորությամբ: Հանցագործության սուբյեկտ կարող է լինել տասնվեց տարին լրացած մեղսունակ ֆիզիկական ցանկացած անձ: ՀՀ քրեական օրենսգրքի 301.1-րդ հոդվածի 2-րդ մասով` որպես հանցակազմի ծանրացնող հանգամանք է նախատեսված ծանր հետևանքների առաջացումը: ՀՀ ոստիկանությունը կոչ է անում ձեռնպահ մնալ նշված հակաիրավական արարքներից։
14:51 - 12 նոյեմբերի, 2020
Քիչ առաջ խորհրդարանի մուտքի մոտ տեղի ունեցած սադրանքի հեղինակը բերման է ենթարկվել․ Էդուարդ Աղաջանյան

Քիչ առաջ խորհրդարանի մուտքի մոտ տեղի ունեցած սադրանքի հեղինակը բերման է ենթարկվել․ Էդուարդ Աղաջանյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․«Սիրելի՛ հայրենակիցներ, քիչ առաջ խորհրդարանի մուտքի մոտ տեղի ունեցած սադրանքի հեղինակը բերման է ենթարկվել։ Այս պահին միջոցառումներ են իրականացվում սույն անձի ինքնությունը բացահայտելու ուղղությամբ։ Չնայած այն հանգամանքին, որ ուղիղ եթերում ոստիկանության ներկայացուցիչը բազմիցս նշեց, որ սադրանքի հեղինակը քաղաքացիական անձ էր, և ոստիկանությունը չէր կարող նման անհեթեթ գործողություն իրականացնել, որոշ լրատվամիջոցների կողմից եղածը համառորեն մեկնաբանվում է որպես ոստիկանության կողմից իրականացրած սադրանք, ինչը, կրկնում եմ, իրականության հետ որևէ աղերս չունի։ Սադրիչի ինքնությունը պարզելուն պես հանրությանը հավելյալ կտեղեկացնենք։ Ողջախոհություն բոլորիս»։
20:55 - 11 նոյեմբերի, 2020
Մարդու իրավունքների պաշտպանն ամփոփել է է ՀՀ ոստիկանություն և ԱԱԾ այցի արդյունքները

Մարդու իրավունքների պաշտպանն ամփոփել է է ՀՀ ոստիկանություն և ԱԱԾ այցի արդյունքները

Մարդու իրավունքների պաշտպանն ամփոփում է Ոստիկանություն և Ազգային անվտանգության ծառայություն նոյեմբերի 11-ին կատարած այցերի արդյունքները։ Այս մասին տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից «Այսօր վաղ առավոտից ինչպես Մարդու իրավունքների պաշտպանն անձամբ, այնպես էլ Պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խմբերն այցեր են իրականացրել Ոստիկանություն և Ազգային անվտանգության ծառայություն, այդ թվում՝ Երևանի Ազատության հրապարակից մարդկանց բերման ենթարկելու առնչությամբ: Այս հարցերով Պաշտպանի աշխատանքները շարունակվում են: Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո են իրավապահ մարմինների կողմից ռազմական դրությանը վերաբերող օրենքների և Կառավարության որոշման պահանջների կիրառության, դրանց նկատմամբ միատեսակ մոտեցման հարցերը: Դրանից բացի, անհրաժեշտ է խստորեն պահպանել բերման ենթարկելու ընթացակարգն ու անձի իրավունքների ապահովման սահմանադրական պահանջները: Ի գիտություն են ընդունվել իրավապահ մարմինների պարզաբանումներն առ այն, որ նախաձեռնված են քրեական վարույթներ Քրեական օրենսգրքի 225.1-րդ և 307.1-րդ հոդվածներով, որոնք համապատասխանաբար վերաբերում են օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելուն և անցացնելուն, ինչպես նաև ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում գործող միջոցառումները և ժամանակավոր սահմանափակումները խախտելուն: Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ արձանագրում է, որ նշված քրեական վարույթները, ինչպես նաև այդ վարույթներով կոնկրետ անձանց իրավունքների պաշտպանության հարցերն իր անմիջական ուշադրության ներքո են: Երեկ ու այսօր տեղի են ունեցել նաև Մարդու իրավունքների պաշտպանի խորհրդակցությունները Պաշտպանության նախարարի, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի և իրավապահ մարմինների ղեկավարների հետ: Ակնհայտ է, որ ճակատագրական օրերին մեր երկրին անհրաժեշտ է համերաշխություն ու համախմբվածություն: Մեր յուրաքանչյուր քայլ այս օրերին առավել, քան երբևէ պետք է ուղղված լինի երկրում կայունության ապահովմանն ու պետականության ամրապնդմանը, պետք է բխի մեր հերոս զինվորների կյանքի ու առողջության պաշտպանության նպատակից: Մարդու իրավունքների պաշտպանը շարունակում է իր լիազորությունների գործադրումը կարգավիճակի առավելագույն հնարավորություններով ՝ բոլոր հարցերին հավասար մոտեցմամբ»,- նշված է հաղորդագրության մեջ:
19:23 - 11 նոյեմբերի, 2020