ՀՀ Գլխավոր դատախազություն

ՀՀ դատախազությունը միասնական, կենտրոնացված համակարգ է, որը ղեկավարում է գլխավոր դատախազը։ ՀՀ գլխավոր դատախազն է Արթուր Դավթյանը։

Դատախազությունը՝

  • օրենքով նախատեսված դեպքերում և կարգով հարուցում է քրեական հետապնդում,
  • հսկողություն է իրականացնում նախաքննության և հետաքննության օրինականության նկատմամբ,
  • դատարանում պաշտպանում է մեղադրանքը,
  • պետական շահերի պաշտպանության հայց է հարուցում դատարան,
  • բողոքարկում է դատարանների վճիռները, դատավճիռները և որոշումները,
  • հսկողություն է իրականացնում պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման նկատմամբ։
Ընտրակաշառք տալու և ստանալու դեպքեր Արարատում. 2 քրգործով որպես կասկածյալ է ներգրավվել 9 անձ

Ընտրակաշառք տալու և ստանալու դեպքեր Արարատում. 2 քրգործով որպես կասկածյալ է ներգրավվել 9 անձ

ՀՀ ԱԱԾ Արարատի մարզային վարչությունում նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի մի խումբ բնակիչներ, նախնական համաձայնության գալով, 2021թ. հունիսի 20-ին նշանակված ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցելու և կուսակցությունների դաշինքի, դրա ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածուի օգտին կողմ քվեարկելու համար, ընտրական ցուցակներում ընդգրկված  մի քանի ընտրողներին  անձամբ և միջնորդների միջոցով 2021թ. հունիսի 9-ից մինչև հունիսի 19-ն ընկած ժամանակահատվածում առաջարկել և խոստացել են տրամադրել 20.000-ական ՀՀ դրամ կաշառք: Դեպքերի առթիվ ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական  օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 1-ին մասով, 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 154.9-րդ հոդվածի 1-ին մասով: ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում իրականացվող նախաքննության շրջանակներում ձեռնարկված միջոցառումների արդյունքում մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ երկու կամ ավելի անձ ընտրակաշռք տալու կասկածանքով  ձերբակալվել է մեկ անձ: Առերևույթ ընտրակաշառքի երկրորդ դեպքն արձանագրվել է Արարատի մարզի Նորամարգ գյուղում: Մասնավորապես, Ոստիկանության Մասիսի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել Արարատի մարզի Նորամարգ գյուղում 2021թ. հունիսի 20-ին ՀՀ-ում կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող դաշինքի օգտին ընտրակաշառք տալու վերաբերյալ: Նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Նորամարգ գյուղի երկու բնակիչ, նախնական համաձայնության գալով, խմբի կազմում, ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող դաշինքի օգտին քվեներ ապահովելու համար Նորամարգ գյուղի տարածքում գումարի տեսքով բաժանում են ընտրակաշառք՝ անձամբ բնակիչներին այցելությունների կամ հանդիպումների ժամանակ, ինչպես նաև որոշակի առումով կաշառքի շուրջ համաձայնություններ են ձեռք բերում բջջային հեռախոսակապի միջոցով: Դեպքերի առթիվ ՀՀ ոստիկանության Մասիսի բաժնում և Արարատի մարզի դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 154․2-րդ հոդվածի 1-ին մասով և նույն հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով  հարուցվել են  քրեական գործեր:   Նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ստացվել, որ Ն.Մ.-ն Վ.Հ.-ի հետ բանավոր պայմանավորվածություն է ձեռք բերել հունիսի 20-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ ընտրապայքարին մասնակցող դաշինքի օգտին քվեներ ապահովելու համար մարդկանց «հավաքագրելու» շուրջ, նրանից ստացել մոտ 540.000 ՀՀ դրամ գումար, որը բաժանել են իրենց մտերիմ շուրջ 36 անձի` որպես ընտրակաշառք` դաշինքի օգտին քվերկելու համար՝ յուրաքանչյուր անձին տալով 15.000 ՀՀ դրամ: Կատարել է ստացողների ցուցակագրում, որը տվել է Վ.Հ.-ին: 2021թ. հունիսի 19-ին Վ. Հ.-ն ձերբակալվել է, սակայն ավելի ուշ դատարանի որոշմամբ ձերբակալումը ճանաչվել է ոչ իրավաչափ: Քրեական գործով ենթադրյալ ընտրակաշառք տալու կասկածանքով ներգրավվել է 2, իսկ ստանալու կասկածանքով՝ 6 անձ: Նրանցից 7-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Քրեական գործը քննչական ենթակայության կարգով ՀՀ գլխավոր դատախազությունից փոխանցվել է ՀՀ ՀՔԾ-ին՝ նախաքննությունը շարունակելու համար:  Երկու քրեական գործեի շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում նաև այլ անձանց ներգրավվածությունը պարզելու, նրանց արարքներին քրեաիրավական գնահատականներ տալու համար:  
19:24 - 21 հունիսի, 2021
ԿԸՀ-ն բավարարել է Արմեն Չարչյանի վերաբերյալ դատախազության ներկայացրած միջնորդությունները

ԿԸՀ-ն բավարարել է Արմեն Չարչյանի վերաբերյալ դատախազության ներկայացրած միջնորդությունները

Հայաստանի Հարապետության գլխավոր դատախազությունը հայտնում է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բավարարել է «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արմեն Չարչյանի վերաբերյալ դատախազության ներկայացրած միջնորդությունները:  ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունը. «2021թ. հունիսի 20-ին կայացած ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող դաշինքի պատգամավորության թեկնածու Ա. Չ.-ի կողմից, բժշկական կենտրոնի աշխատակիցների՝ իրենից ծառայողական կախվածության մեջ գտնվելու հանգամանքն օգտագործելով, նրանց պարտադիր կերպով Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցելուն, իր ներկայացրած դաշինքի օգտին քվեարկելու և ընտրություններին մասնակցող կոնկրետ կուսակցության օգտին չքվեարկելուն պարտադրելու դեպքի առթիվ 2021 թվականի հունիսի 18-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով: Վերոնշյալ առերևույթ հանցավոր արարքները կատարելու կասկածանքով բժշկական կենտրոնի ղեկավարը նույն օրը ձերբակալվել էր: Նկատի ունենալով, որ վերջինս հանդիսանում է պատգամավորության թեկնածու՝ քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազի կողմից ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով էին ներկայացվել նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու  միջնորդություններ: Հունիսի 21-ին ՀՀ ԿԸՀ-ն հրավիրած նիստի արդյունքում դատախազի 2 միջնորդությունն էլ բավարարել է:  Դրանց վերաբերյալ ՀՀ ԿԸՀ որոշումները դատախազն ուղարկել է վարույթն իրականացնող մարմնին՝ անհրաժեշտ դատավարական գործողություններ իրականացնելու համար։ Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է»:   
18:17 - 21 հունիսի, 2021
Արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկության ընթացքում ընթացք է տրվել առերևույթ ընտրական հանցագործությունների մասին 319 հաղորդման, հարուցվել է 6 քրգործ. ՀՀ գլխավոր դատախազություն

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկության ընթացքում ընթացք է տրվել առերևույթ ընտրական հանցագործությունների մասին 319 հաղորդման, հարուցվել է 6 քրգործ. ՀՀ գլխավոր դատախազություն

ՀՀ գլխավոր դատախազությունում գործող աշխատանքային խումբն ամփոփել է ՀՀ Ազգային ժողովի  արտահերթ ընտրությունների քվեարկության օրը՝ հունիսի 20-ին, ժամը 8.00-ից մինչև 20.00-ն ընկած ժամանակահատվածում առերևույթ կատարված ընտրական հանցավոր իրավախախտումների վերաբերյալ ստացված ահազանգերի, հաղորդումների, մոնիթորինգի միջոցով առանձնացված ԶԼՄ հրապարակումների քննարկման և դրանց ընթացքավորման աշխատանքների արդյունքները: Նշված ժամանակահատվածում,  մասնավորապես, ընթացք է տրվել ստացված և նախնական ուսումնասիրված ընդհանուր 319 հաղորդման և ահազանգի, որոնցից՝ 68-ը եղել է մամուլի հրապարակում, 127-ը՝ ֆիզիկական անձանց կողմից, այդ թվում նաև՝ ՀՀ դատախազությունում առանձնացված թեժ գծի միջոցով ստացված հաղորդում, 17-ը՝ սոցիալական ցանցերում քաղաքացիների կողմից կատարված գրառում, 107-ը՝ ոստիկանության աշխատակցի կողմից զեկուցագրերով ստացված օպերատիվ տվյալներ: Ստացված հաղորդումներից և ահազանգերից՝  -      79-ը վերաբերում է ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելուն (ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդված) -      7-ը վերաբերում է  տեղամասային կենտրոնում կամ դրա մուտքին հարող տարածքում բռնություն գործադրելուն (ՀՀ քրեական օրենսգրքի 149.2-րդ հոդված) -      89-ը՝ մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելուն (ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդված) -      46-ը՝ քվեարկության գաղտնիությունը խախտելուն (ՀՀ քրեական օրենսգրքի 154-րդ հոդված) -      60-ը՝ ընտրակաշառք տալուն (ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մաս) -      6-ը՝ ընտրողին ազատ կամքի իրականացմանը խոչընդտելուն (ՀՀ քրեական օրենսգրքի 149.1-րդ հոդված) -      32-այլ՝ ընտրական հանցագործությունների հետ չկապված:   Ենթադրյալ ընտրական իրավախախտումների վերաբերյալ 169 հաղորդում, որոնք բնույթով եղել են վերացական և ընդհանրական, ուղարկվել են ՀՀ ոստիկանություն՝ դրանցով անհրաժեշտ ստուգողական գործողություններ կատարելու համար:  Ընդհանուր 319 հաղորդումներից 150-ն ուղարկվել են հետաքննության կամ նախաքննության մարմիններ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու նպատակով:  Դրանցից 6-ով հարուցվել են քրեական գործեր, որոնցից՝ 1-ը ՝ ՀՀ քրեական  օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 1-ին մասով, 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 154.9-րդ հոդվածի 1-ին մասով, 2-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, 1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով, 1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.1-րդ հոդվածի 2-րդ մասով, 1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.4-րդ հոդվածով: Նշված քրեական գործերով իրականացվում է նախաքննություն, որոնց առարկա դարձած հացավոր արարքների, քննությունների արդյունքների, դրանցով իրավապահ մարմինների կատարած բացահայտումների և քրեական հետապնդումների մասին հետագայում կտրվի անհրաժեշտ տեղեկատվություն: ՀՀ գլխավոր դատախազությունն առաջիկայում կներկայացնի նաև ընտրական գործընթացի ամբողջ ընթացքում ստացված հաղորդումների, ահազանգերի հիման վրա իրականացված ծավալուն գործունեության արդյունքները: 
00:32 - 21 հունիսի, 2021
64 հաղորդում, 1 քրեական գործ. ՀՀ դատախազությունը ամփոփել է ժամը 13.00-ի դրությամբ ունեցած տվյալները

64 հաղորդում, 1 քրեական գործ. ՀՀ դատախազությունը ամփոփել է ժամը 13.00-ի դրությամբ ունեցած տվյալները

ՀՀ գլխավոր դատախազությունում ստեղծված աշխատանքային խումբն ամփոփել է ՀՀ ազգային ժողովի  արտահերթ ընտրությունների քվեարկության օրը՝ հունիսի 20-ին, ժամը 8.00-ից մինչև 13.00-ն ընկած ժամանակահատվածում  առերևույթ կատարված ընտրական հանցավոր իրավախախտումների վերաբերյալ ստացված ահազանգերի, հաղորդումների քննարկման և դրանցով ընթացքների ապահովմանն ուղղված աշխատանքների արդյունքները: ՀՀ դատախազությունը տեղեկացնում է, որ նշված ժամանակահատվածում ընթացք է տրվել ստացված և նախնական ուսումնասիրված ընդհանուր 64 հաղորդման և ահազանգի, որոնցից՝ 11-ը եղել է մամուլի հրապարակում, 28-ը՝ ֆիզիկական անձանց կողմից, այդ թվում նաև ՀՀ դատախազությունում առանձնացված թեժ գծի միջոցով ստացված հաղորդում, 2-ը՝ սոցիալական ցանցերում քաղաքացիների կողմից կատարված գրառում, 23-ը՝ ոստիկանության աշխատակցի կողմից զեկուցագրերով ստացված 23 օպերատիվ տվյալներ: Ստացված հաղորդումներից և ահազանգերից՝ 16-ը վերաբերում են քվեարկության գաղտնիությունը խախտելու դեպքերին (ՀՀ քրեական օրենսգրքի 154-րդ), 1-ը՝ ընտրողների ցուցակները կազմելու, դրանք քաղաքացիներին և կուսակցություններին տրամադրելու կամ հրապարակելու կարգը խախտելու դեպքի առթիվ (ՀՀ քրեական օրենսգրքի 152-րդ հոդված) 6-ը՝ ընտրողներին կաշառք տալուն և ստանալուն, այդ թվում՝ կատարված ծանրացուցիչ հանգամանքներում, (ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդված), 16-ը՝ ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելուն (ՀՀ քրեական օրենսգրքի 149 հոդված), 2-ը՝ քարոզչությանը մասնակցելուն հարկադրելուն կամ խոչընդոտելուն (ՀՀ քրեական օրենսգրքի 149.1-րդ հոդված), 4-ը՝ տեղամասային կենտրոնում կամ դրա մուտքին հարող տարածքում բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքի դեպքի առթիվ (ՀՀ քրեական օրենսգրքի 149.2-րդ հոդված) 15-ը՝ մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքերի առթիվ (ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդված) 1-ը՝ կեղծ ընտրական քվեաթերթիկներ կամ քվեարկության ծրարներ, դրոշմանիշեր, կտրոններ պատրաստելը կամ ակնհայտ կեղծ ընտրական քվեաթերթիկներ կամ քվեարկության ծրարներ, դրոշմանիշեր, կտրոններ հանձնելը կամ իրացնելը (ՀՀ քրեական օրենսգրքի 154.1 հոդված) 1-ը՝ ընտրությունների կամ քվեարկության արդյունքները կեղծելը (ՀՀ քրեական օրենսգրքի 150-րդ հոդված): 2-ը՝ այլ:  Ենթադրյալ ընտրական իրավախախտումների վերաբերյալ 38 հաղորդում, որոնք բնույթով եղել են վերացական և ընդհանրական, ուղարկվել են ՀՀ ոստիկանություն՝ դրանցով անհրաժեշտ ստուգողական գործողություններ կատարելու համար: Ընդհանուր 64 հաղորդումներից 26-ն ուղարկվել են հետաքննության կամ նախաքննության մարմիններ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու նպատակով:  Դրանցից մեկով, նշված ժամանակահատվածում  ՀՀ քրեական օրենսգրքի 149.2 հոդվածի 2-րդ մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 154.4-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և իրականացվում է նախաքննություն:
17:57 - 20 հունիսի, 2021
Աբովյանում թիվ 29/20 ընտրատեղամասում ընտրողի կողմից քվեաթերթիկը դուրս հանելու դեպք էր արձանագրվել, որը կանխվել էր Ոստիկանության աշխատակիցների կողմից, հարուցվել է քրգործ. Աբրահամյան

Աբովյանում թիվ 29/20 ընտրատեղամասում ընտրողի կողմից քվեաթերթիկը դուրս հանելու դեպք էր արձանագրվել, որը կանխվել էր Ոստիկանության աշխատակիցների կողմից, հարուցվել է քրգործ. Աբրահամյան

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Աբովյան քաղաքում թիվ 29/20 ընտրատեղամասում մի ընտրողի կողմից քվեաթերթիկը դուրս հանելու դեպք էր արձանագրվել, որը կանխվել էր Ոստիկանության աշխատակիցների կողմից: Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով քրեական գործ է հարուցվել, իրականացվում են անհրաժեշտ գործողություններ: Դրանց շրջանակներում կպարզվեն բոլոր հանգամանքները, այդ թվում՝ հանցավոր արարքում, սխեմաներում ներգրավված այլ անձանց հնարավոր ներգրավվածությունը:  Քրեական օրենսգրքի այդ հոդվածը վերաբերում է քվեարկության գաղտնիության խախտմանը, մասնավորապես,  ընտրողին քվեարկության արդյունքը հայտնելուն հարկադրելուն, քվեարկության արդյունքը բացահայտելու նպատակով քվեարկած քվեաթերթիկը ստուգելուն: Չխախտելով անմեղության կանխավարկածը՝ կրկին կոչ եմ անում ընտրություններում ներգրավված սուբյեկտներին՝ զերծ մնալ ընտրողի ազատ կամարտահայտման վրա ազդելու, նրան ուղղորդելու, նրա քվեարկությունը որևէ ձևով վերահսկելու և այդ նպատակով որևէ սխեմա կիրառելու փորձերից: Բացահայտված դեպքերն անհետևանք չեն մնալու և պատասխանատվությունից խուսափել չի լինելու: Ընտրողներին կոչ եմ անում չտրվել ներգործության միջոցների, իսկ իրենց նկատմամբ նման փորձերի դեպքում հայտնել իրավապահ մարմիններին»:
16:16 - 20 հունիսի, 2021
Դատախազությունը կոչ է անում ընտրողներին՝ զերծ մնալ իրենց կատարած քվեարկության արդյունքը, քվեախցիկում արված՝ նույնականացվող քվեաթերթիկները, լուսանկարները, տեսագրությունները հրապարակելուց

Դատախազությունը կոչ է անում ընտրողներին՝ զերծ մնալ իրենց կատարած քվեարկության արդյունքը, քվեախցիկում արված՝ նույնականացվող քվեաթերթիկները, լուսանկարները, տեսագրությունները հրապարակելուց

Սոցիալական ցանցերում հրապարակվում են քվեարկության ընթացքում թվեաթերթիկների (որպես մարված կամ քվեարկված) լուսանկարներ, ինչպես նաև քվեաթերթիկներ պատռելու տեսագրություններ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: «ՀՀ քրեական օրենսգրքի 154-րդ հոդվածի համաձայն՝ քվեարկության գաղտնիությունը խախտելու նպատակով ընտրողին քվեարկության արդյունքը հայտնելուն հարկադրելը, քվեարկության արդյունքը բացահայտելու նպատակով քվեարկած քվեաթերթիկը ստուգելը, քվեարկության խցիկ (սենյակ) մուտք գործելը, ինչպես նաև քվեարկության գաղտնիությունն այլ կերպ խախտելը հանցագործություն է, որ պատժվում է ընդհուպ մինչև 5 տարի ժամկետով ազատարզկմամբ: Անհրաժեշտ եմ համարում նշել, որ արդեն իսկ հրապարակված և դատախազությանը հասու դարձած նման բոլոր լուսանկարների, տեսագրությունների առթիվ դատախազության կողմից նախաձեռնվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածների կարգով նյութերի նախապատրաստման գործընթաց՝ դրանցում հենց ՀՀ քրեական օրենսգրքի 154-րդ հոդվածի հանցակազմի հատկանիշների ստուգման նպատակով: Եվ դատախազության տեսադաշում հայտնված ցանկացած նոր այդպիսի հրապարակման առթիվ ևս նման գործընթաց է նախաձեռնվելու: Ուստի կոչ ենք անում ընտրողներին՝ զերծ մնալ իրենց կատարած քվեարկության արդյունքի, քվեախցիկում արված՝ նույնականացվող քվեաթերթիկների՝ անկախ դրանց մարված լինել-չլինելու հանգամանքից,  լուսանկարները, տեսագրությունները հանրայնացնելուց և հրապարակելուց»,- գրել է նա:
13:42 - 20 հունիսի, 2021
Հունիսի 19-ի դրությամբ ստացվել է առերևույթ ընտրական հանցագործությունների մասին 338 հաղորդում, հարուցվել է 26 քրեական գործ, քրեական հետապնդման է ենթարկվել 21 անձ. ամփոփում

Հունիսի 19-ի դրությամբ ստացվել է առերևույթ ընտրական հանցագործությունների մասին 338 հաղորդում, հարուցվել է 26 քրեական գործ, քրեական հետապնդման է ենթարկվել 21 անձ. ամփոփում

Հունիսի 20-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազությունում ստեղծված աշխատանքային խումբն ամփոփել է ընտրությունների գործընթացին առնչվող առերևույթ հանցավոր այլ դրսևորւմների վերաբերյալ մինչև քվեարկության նախորդ օրը ներառյալ ստացված ահազանգերի, հաղորդումների և դրանցով իրականացված աշխատանքների միջանկյալ արդյունքները: Նշված ժամանակահատվածում ստացվել է ընդհանուր 338 հաղորդում և ահազանգ: Դրանցից՝ 123-ը ԶԼՄ հրապարակումներ են, 91-ը՝ ֆիզիկական անձանց կողմից տրված հաղորդումներ, այդ թվում՝ նաև ստացված ՀՀ դատախազության թեժ գծի միջոցով, 2-ը՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից ստացված գրություններ, 65-ը՝ սոցիալական ցանցերում օգտատերերի կողմից կատարված գրառումներ, 57-ը՝ ոստիկանության աշխատակիցների կողմից ստացված օպերատիվ տվյալներ:  Ստացված հաղորդումներից և ահազանգերից՝  155-ը վերաբերում է ընտրակաշառք տալուն, ստանալուն կամ ընտրակաշառքի միջնորդությանը (ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ 154.9-րդ հոդված), 59-ը՝ ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելուն (ՀՀ քրեական օրենսգրքի 149 հոդված), 64-ը՝ քարոզչությանը մասնակցելուն հարկադրելուն կամ խոչընդոտելուն (ՀՀ քրեական օրենսգրքի 149.1-րդ հոդված), 42-ը՝ ընտրական քարոզչության և նման բնույթի այլ պաստառների հետ կապված գույքային վնասներ հասցնելուն (ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդված) 18-ը՝ այլ (ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ, 137-րդ, 118-րդ, 164-րդ և 308-րդ հոդվածներ): Ենթադրյալ ընտրական իրավախախտումների վերաբերյալ 212 հաղորդում, որոնք բնույթով եղել են վերացական և ընդհանրական, ուղարկվել են ՀՀ ոստիկանություն՝ անհրաժեշտ ստուգողական գործողություններ կատարելու համար: Իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նշվածներից 77-ում առկա տեղեկությունները չեն հաստատվել և թողնվել են անհետևանք, իսկ 135-ով ստուգողական գործողությունները շարունակվում են:   Ընդհանուր 338 հաղորդումներից 126-ն ուղարկվել են հետաքննության կամ նախաքննության մարմիններ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու նպատակով: Արդյունքում դրանցից 35-ով որոշում է կայացվել քրեական գործ հարուցելը մերժելու մասին, 65-ով նյութերի նախապատրաստման գործընթացը շարունակվում է:   26 դեպքի առթիվ հարուցվել են քրեական գործեր, որոնցից՝ 17-ը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ, 154.9-րդ, 34-154.2-րդ հոդվածների տարբեր մասերով և համակցություններով,  3-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149.1-րդ հոդվածի տարբեր մասերով, 1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 5-ը, կապված պաստառների վնասման հետ, ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի տարբեր մասերի հատկանիշներով:   Նշված քրեական գործերով 14 անձի առաջադրվել են մեղադրանքներ, որոնցից 7-ին՝ ընտրակաշառք վերցնելու, 6-ին ընտրակաշառք տալու և ընտրակաշառք տալու փորձի համար, 1-ին՝ ընտրական քարոզչությանը մասնակցելուն հարկադրելու և մասնակցելուն խոչընդոտելու համար: 7 անձ ունի կասկածյալի կարգավիճակ: 6 անձ կալանավորվել է, 6-ը՝ ձերբակալվել:  ՀՀ գլխավոր դատախազություն ստացվել են նաև ընտրություններին և ընտրական իրավունքին վերաբերող 18 այլ դիմումներ, որոնք, սակայն, ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության մասին տվյալներ չեն պարունակել: Դրանց կապակցությամբ դիմողներին պատշաճ կերպով տրվել են պարզաբանումներ, առանձին դեպքերում դիմումն ուղարկվել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի քննարկմանը: Քվեարկության օրը՝ հունիսի 20-ին, ՀՀ գլխավոր դատախազությունն օպերատիվ կերպով, որոշակի պարբերականությամբ կհրապարակի քվեարկության ընթացքում և դրա հետ կապված հնարավոր առերևույթ հանցավոր իրավախախտումների վերաբերյալ հաղորդումների, ահազանգերի, հրապարակումների վիճակագրությունն ու դրանցով իրականացված աշխատանքները:   
09:11 - 20 հունիսի, 2021
Քվեարկությունը պարզելու հավաստիացումները, հնարավոր սպառնալիքներն անհիմն են. չպետք է տրվել հոգեբանական ներգործությանը. Դատախազություն

Քվեարկությունը պարզելու հավաստիացումները, հնարավոր սպառնալիքներն անհիմն են. չպետք է տրվել հոգեբանական ներգործությանը. Դատախազություն

Քրեական կոնկրետ գործով ձեռք բերված տվյալների վերլուծությունը փաստում է, որ  ընտրողների հետ հանդիպումների ընթացքում առանձին անձինք պնդումներ են արել առ այն, որ առկա են համապետական ընտրություններին ոչ միայն քաղաքացիների մասնակցությունը, այլ նաև անձի կատարած քավեարկությունը պարզելու սոցիոլոգիական, ստատիստիկական  ինչ-որ մեխանիզմներ, ֆորմուլաներ, որոնց գործադրմամբ կարող են պարզել, թե առաջիկա  արտահերթ ընտրություններում ով ինչպես է քվեարկել: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: Նկատի ունենալով, որ նման դրսևորումները կարող են տարածական լինել 2021թ. հունիսի 20-ին կայանալիք ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին ընդառաջ՝ հարկ ենք համարում տեղեկացնել, որ քվեարկության գաղտնիությունը ընտրելու իրավունք ունեցող անձի սահմանադրական իրավունքն է: Ցանկացած եղանակով այդ իրավունքի խախտումը, ցանկացած միջոցով ընտրողի քվեարկությունը պարզելուն, քվեարկության բացահայտմանը հարկադրելուն ուղղված գործողությունը քրեական հանցագործություն է, որի համար նախատեսված է պատիժ՝ ընդհուպ 5 տարի ժամկետով ազատազրկման ձևով: Անհրաժեշտ է իմանալ, որ ընտրողի կողմից կատարվող քվեարկության կոնկրետ արդյունքը, ինչպես ընտրախցիկում գտնվելու ընթացքում, այնպես էլ դրանից հետո, հնարավոր չէ պարզել տեխնոլոգիական, մեթոդաբանական որևէ միջոցով: Բոլոր ընտրատեղամասերում իրականացվելու են վերահսկողական բոլոր անհրաժեշտ միջոցառումները նաև տեխնիկապես նման հնարավորությունը բացառելու համար: Հետևաբար քվեարկության արդյունքը նմանատիպ միջոցներով բացահայտելու մասին հավաստիացումները, նախազգուշացումները սին են, հետապնդում են ընտրողներին վախ ներշնչելու, բարոյա-հոգեբանական ճնշումներ գործադրելու միջոցով նրանց՝ իրենց համար նախընտրելի քվերակությանը, ինչպես նաև կատարած քվեարկության վերաբերյալ ապացույցներ ներկայացնելուն հարկադրելու նպատակներ: Ընտրությանը մասնակցել պատրաստվող քաղաքացիները կարող են լիարժեք վստահ լինել, որ իրենց քվեարկության գաղտնիությունը երաշխավորված է, իսկ որևէ ձևով այն խախտելու փորձ կատարողները ենթարկվելու են քրեական խիստ պատասխանատվության: Հետևաբար ՀՀ գլխավոր դատախազությունն ընտրողներին կոչ է անում որևէ պարագայում չհավատալ քվեարկության արդյունքների բացահայտելիության վերաբերյալ նախազգուշացումներին, չտրվել հոգեբանական ներգործության այդ միջոցներին և ընտրության քաղաքացիական պատքը կատարել՝ առաջնորդվելով սեփական համոզմունքներով: Կոչ ենք անում նաև այլոց կողմից քվեարկության արդյունքներին հասու դառնալու նպատակով գործադրվող հնարավոր նախապատրաստական միջոցառումների, իսկ քվեարկությանը օրը՝ նաև հնարավոր նման դրսևորումների ականատես լինելու, առնչվելու դեպքում անմիջապես դիմել իրավապահ մարմիններին:                   
19:28 - 19 հունիսի, 2021
ՀՀ գլխավոր դատախազությունը պարզաբանել է ընտրողների իրավունքները

ՀՀ գլխավոր դատախազությունը պարզաբանել է ընտրողների իրավունքները

ՀՀ դատախազությունը ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից, ընտրողներից, ինչպես նաև ընտրություններում ներգրավված մյուս սուբյեկտներից քվեարկության օրը ակնկալում է քաղաքացիական բարձր գիտակցության դրսևորում և իրավահպատակ վարքագիծ: Ինչպես տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից, այս կապակցությամբ Դատախազությունը հարկ է համարում հիշեցնել հետևյալը:  Յուրաքանչյուր ընտրող քվեարկությանը մասնակցում է միայն մեկ անգամ:  Մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելն արգելվում է: Դրանց կատարումը ծանր հանցագործություն է և պատժվում է ընդհուպ հինգ տարի ժամկետով ազատազրկմամբ, իսկ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կամ կազմակերպված խմբի կողմից կատարվելու դեպքում նախատեսվում է պատիժ՝ ազատազրկում 4-ից 6 տարի ժամկետով:  Ոչ ոք իրավունք չունի ընտրողին՝  հարկադրելու, համոզելու հայտնել քվեարկության արդյունքը, որևէ եղանակով ստուգելու նրա լրացրած քվեաթերթիկը, առանց ընտրական հանձնաժողովի թույլտվության ընտրողի հետ մտնել քվեարկության խցիկ, որևէ այլ կերպ խախտել քվեարկության գաղտնիությունը, հարկադրել ընտրողին քվեախցիկից հանել և իրեն ցույց տալ կամ տրամադրել քվեաթերթիկ՝ վերջինիս կատարած քվեարկության արդյունքներն իմանալու, այդ թվում նաև՝ ընտրողի կողմից որևէ ուժի օգտին քվեարկած չլինելու մեջ համոզվելու համար: Նման արարքները հանցագործություններ են, որոնք պատժվում են ընդհուպ 5 տարի ժամկետով ազատազրկմամբ:  Արգելվում է նաև՝  բացառությամբ քվեարկողին օգնող անձի, արդյունքը այլոց համար տեսանելի ձևով քվեարկելը, շահադիտական նպատակով քվեարկության արդյունքը բացահայտող լուսանկար կամ տեսաձայնագրություն հրապարակելը: Այս  հանցավոր արարքները պատժվում են 100 հազարից 200 հազար դրամի չափով տուգանքով:  Արգելվում է զենքով ընտրատեղամաս մուտք գործելը:  Դա հանցավոր արարք է, որի համար նախատեսվում է պատիժ 1-ից 3 տարի ժամկետով ազատազրկման ձևով: Զենքով ընտրատեղամաս կարող են մուտք գործել միայն այն անձինք, որոնց համար այդ պահին զենք կրելը ծառայողական անհրաժեշտություն է:
16:32 - 19 հունիսի, 2021
Ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից, ընտրողներից քվեարկության օրն ակնկալվում է քաղաքացիական բարձր գիտակցության դրսևորում և իրավահպատակ վարքագիծ․ ՀՀ գլխավոր դատախազություն

Ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից, ընտրողներից քվեարկության օրն ակնկալվում է քաղաքացիական բարձր գիտակցության դրսևորում և իրավահպատակ վարքագիծ․ ՀՀ գլխավոր դատախազություն

ՀՀ դատախազությունը ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից, ընտրողներից, ինչպես նաև ընտրություններում ներգրավված մյուս սուբյեկտներից քվեարկության օրը ակնկալում է քաղաքացիական բարձր գիտակցության դրսևորում և իրավահպատակ վարքագիծ, ասվում է Դատախազության տարածած հաղորդագրությունում:ՀՀ ընտրական օրենսգրքի համաձայն` արգելվում են քվեարկության օրը տեղամասային կենտրոնին հարող տարածքում մինչև 50 մետր շառավղով խմբերով հավաքվելը, տեղամասային կենտրոնի մուտքին հարող տարածքում մեքենաների կուտակումը: Սույն մասի դրույթների կատարումը, ինչպես նաև այդ տարածքում հասարակական կարգի պահպանումն ապահովում են տեղամասային կենտրոնում ծառայություն իրականացնող ոստիկանության ծառայողները` անկախ ընտրական հանձնաժողովի պահանջից:Նույն օրենսգրքի 55-րդ  հոդվածի համաձայն` ոստիկանության կենտրոնական և տարածքային մարմինները, դրանց ծառայություններն ու ստորաբաժանումները պարտավոր են ապահովել ընտրությունների անցկացման բնականոն ընթացքը, ընտրական հանձնաժողովների ու դրանց անդամների անկաշկանդ գործունեությունը:Ոստիկանությունը ընտրությունների հետ կապված միջոցառումներում ապահովում է պատշաճ կարգ ու կանոն, ընտրական հանձնաժողովի նախագահի պահանջով աջակցում հանձնաժողովներին, ապահովում է ընտրական փաստաթղթերի անվտանգ տեղափոխումն ու դրանց պահպանումն ընտրական հանձնաժողովներում:Օրենսգրքի 67–րդ հոդվածի 14-րդ մասի համաձայն, եթե հանձնաժողովի անդամը, վստահված անձը կամ դիտորդը գտնում է, որ քվեարկության ընթացքում տեղի է ունեցել սույն օրենսգրքով նախատեսված քվեարկության կարգի խախտում, ապա իրավունք ունեն պահանջելու, որ իրենց գնահատականն արձանագրվի տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում:Այսինքն` տեղամասային կենտրոնում և քվեարկության սենյակում ներկա գտնվելու իրավունք ունեցող ընտրական գործընթացի բոլոր մասնակիցները պարտավոր են վերը նշված բոլոր դեպքերում իրենց լիազորություններն իրականացնել ՀՀ ընտրական օրենսգրքով ամրագրված ընթացակարգերի խստիվ պահպանմամբ:Ընտրական գործընթացի մասնակիցների, ցանկացած անձի կողմից իրենց լիազորությունները՝ օրենսգրքի վերը նշված ընթացակարգերի շրջանցմամբ կամ անտեսմամբ իրականացնելը, որը կատարվել է բռնությամբ կամ դրա սպառնալիքով,  կարող է հանգեցնել քրեական պատասխանատվության: Մասնավորապես, ՀՀ քրեական օրենսգրքի 149.2-րդ հոդվածի համաձայն՝ տեղամասային կենտրոնում կամ դրա մուտքին հարող տարածքում բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը, որն ազդել է կամ կարող էր ազդել ընտրությունների բնականոն գործընթացի վրա, պատժվում է ազատազրկմամբ՝ ընդհուպ վեց տարի ժամկետով:Հորդորում ենք ընտրական գործընթացի բոլոր մասնակիցներին քվեարկության ողջ ընթացքում ընտրական օրենսգրքով իրենց վերապահված լիազորություններն իրականացնել բացառապես օրենսգրքով սահմանված կարգով:
13:56 - 19 հունիսի, 2021
«Սևան» հոգեկան առողջության կենտրոնի պացիենտներին ՔՊ հավաքին հարկադրաբար տանելու հրապարակումների վերաբերյալ նյութեր են նախապատրաստվում

«Սևան» հոգեկան առողջության կենտրոնի պացիենտներին ՔՊ հավաքին հարկադրաբար տանելու հրապարակումների վերաբերյալ նյութեր են նախապատրաստվում

ՀՀ դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Տարատեսակ շահարկումները հաշվի առնելով՝ հարկ եմ համարում նշել, որ «Սևան» հոգեկան առողջության կենտրոնի պացիենտներին «Քաղացիական պայմանագիր» կուսակցության հավաքին հարկադրաբար տանելու վերատառությամբ ուղեկցվող տեսանյութը համացանցում հրապարակվելուց անմիջապես հետո արձանագրվել է ՀՀ դատախազությունում իրականացվող մշտադիտարկման արդյունքում, ինչի կապակցությամբ Գեղարքունիքի մարզի դատախազության կողմից ոստիկանությանը հանձնարարվել է դրանում նշված հանգամաքնների կապակցությամբ ստուգողական գործողություններ իրականացնել: Մարդու իրավունքների պաշտպանի կողմից երեկ համապատասխան հայտարարության տարածումից հետո դատախազության կողմից հանձնարարվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստել և այդ շրջանակում ստուգման առարկա դարձնել Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատում նմանատիպ հնարավոր դրսևորումների առկայությունը, այդ թվում՝ դրանց «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի տնօրեն Վ. Գաբրիելյանի հնարավոր առնչությունը»:
12:37 - 19 հունիսի, 2021
Դատախազը ԿԸՀ միջնորդություններ է ներկայացրել Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ. Աբրահամյան

Դատախազը ԿԸՀ միջնորդություններ է ներկայացրել Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ. Աբրահամյան

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը նոր մանարամասներ է հայտնել «Իզմիրլյան» ԲԿ տնօրեն, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արմեն Չարչյանի ձերբակալության վերաբերյալ:   «Ինչպես արդեն տեղեկացվել է, բժշկական հաստատության ղեկավարի կողմից տվյալ կենտրոնի աշխատակիցներին ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելուն առերևույթ հարկադրելու դեպքի առթիվ ՀՀ ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցանք կատարելու կասկածանքով ձերբակալվել է 2021 թ. հունիսի 20-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների դաշինքի պատգամավորության թեկնածուների ցուցակում ընդգրկված Արմեն Չարչյանը:   Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցներով հաստատվել է ձայնագրության մեջ առկա դեպքի փաստն ու բովանդակությունը։ Արմեն Չարչյանն ընդունել է ձերբակալման օրն առավոտյան գործընկերների հետ ունեցած զրույցի փաստը։   Քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազն օրենքով սահմանված կարգով ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով միջնորդություններ է ներկայացրել՝ Ա. Չ.-ի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջինս հանդիսանում է ԱԺ պատգամավորության թեկնածու»,- գրել է Գոռ Աբրահամյանը: 
10:26 - 19 հունիսի, 2021
Հորդորում ենք զերծ մնալ առանց որևէ փաստական հիմքի, կեղծիքի վրա հիմնված հանրային տրամադրություններ գեներացնելու փորձերից. դատախազություն

Հորդորում ենք զերծ մնալ առանց որևէ փաստական հիմքի, կեղծիքի վրա հիմնված հանրային տրամադրություններ գեներացնելու փորձերից. դատախազություն

ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. «Վերջին օրերին ընտրություններին մասնակցող քաղաքական առանձին ուժերի ներկայացուցիչներ ՀՀ դատախազությանը, ի թիվս այլ իրավապահ մարմինների, անհիմն կերպով մեղադրում են ընտրությունների համատեքստում կողմնակալության, և այդ դիրքերից քաղաքական իշխանության օգտին «պատժիչ» գործողություններ կատարելու մեջ: Նման մտացածին մեղադրանքները որևէ փաստական հենք չունեն և չեն կարող ունենալ: ՀՀ դատախազությունը, ի սկզբանե հայտարարելով օրենքով սահմանված՝ քաղաքական զսպվածության սկզբունքով առաջնորդվելու և իր գործառույթի շրջանակներում ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերին հավասարության դիրքերից մոտենալու մասին, շարունակում է պահպանել այդ հավատամքը և գործել բացառապես ընտրությունների օրինականությունը, մասնակից ուժերի հավասար մրցակցայնությունը, քաղաքացու ազատ կամարտահայտման իրավունքը պաշտպանելու նպատակամղվածությամբ:  Ինչպես նախընտրական քարոզարշավի պաշտոնական մեկնարկից առաջ, այնպես էլ դրա ողջ ընթացքում չի եղել հրապարակայնորեն ներկայացված և ՀՀ դատախազությունը հասու դարձած՝ առերևույթ ընտրական կամ ընտրություններին առնչվող հանցավոր դրսևորման մասին որևէ հաղորդում, ահազանգ՝ անկախ նրանից, թե ընտրություններին մասնակցող որ քաղաքական միավորի կամ նրանց համակիրների գործողությունների հետ է կապված, որոնցով ՀՀ գլխավոր դատախազի հրամանով ստեղծված աշխատանքային խմբի շրջանակներում չի ապահովվել պատշաճ իրավական ընթացակարգ՝ դրանք ստուգման կամ քրեադատավարական կարգով քննության առարկա դարձնելու միջոցով: Դատախազությունը քաղաքական գործընթացների հանդեպ բացարձակ չեզոքությամբ պատշաճ հետևողականություն է դրսևորել դրանցից յուրաքանչյուրով իրականացվող ընթացակարգերի օրինականության ապահովման հարցում՝ պարբերաբար հանրայնացնելով արդյունքները:  Ցանկացած ոք ցանկությամբ դեպքում հեշտությամբ կարող է դրանում համոզվել՝ այն պարզ պատճառով, որ բոլորն արձանագրված են: Ի սկզբանե և շարունակաբար դատախազության կողմից ընտրություններում ներգրավված բոլոր սուբյեկտներին, այդ թվում՝ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին ուղղվել են հրապարակային կոչեր՝ իրենց տրամադրության տակ հայտնվող՝ որոշակիություն և կոնկրետություն պարունակող առերևույթ ընտրական հանցավոր իրավախախտումների վերաբերյալ տվյալները, տեղեկությունները, այդ թվում նաև իրավապահ մարմինների ներկայացուցիչների մասին, օպերատիվ կերպով ՀՀ դատախազությանը փոխանցելու վերաբերյալ: Այդ նպատակով նաև թեժ գիծ է գործարկվել դատախազությունում, որն այս ողջ ընթացքում գործել է անխափան և անխափան գործելու է նաև քվեարկության ողջ օրվա ընթացքում:  Ուստի հորդորում ենք զերծ մնալ առանց որևէ փաստական հիմքի, հանիրավի կերպով դատախազության գործունեությանն արհեստականորեն քաղաքական երանգավորում տալու, այդ կերպ դատախազության գործառույթների իրականացման իրավաչափության հանդեպ կասկածներ հարուցելու, կեղծիքի վրա հիմնված հանրային տրամադրություններ գեներացնելու փորձերից:  Դրանք որևէ ազդեցություն չեն ունենում և չեն ունենալու դատախազության վրա: Ելնելով վերոնշյալից՝ այս պահին էլ, նկատի ունենալով, որ առջևում քվեարկության, քվեների հաշվարկի՝ ընտրական գործընթացի կարևորագույն փուլերն են, կրկին վստահեցնում ենք, որ ՀՀ դատախազությունը բոլոր շահագրգիռ կողմերի համար բաց է իր իրավասությունների շրջանակներում համագործակցության՝ հանուն օրինական, թափանցիկ և ժողովրդավարական ընտրությունների, հանուն մեր երկրում իրավակարգի և սահմանադրական կարգի ապահովման»:    
22:18 - 18 հունիսի, 2021
Ընտրակաշառք տալու կասկածանքով ձերբակալվել է դաշինքի պատգամավորության թեկնածու և մեկ անձ

Ընտրակաշառք տալու կասկածանքով ձերբակալվել է դաշինքի պատգամավորության թեկնածու և մեկ անձ

 ՀՀ ԱԱԾ Երևանի քաղաքային վարչությունում նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի մի խումբ բնակիչներ, գալով նախնական համաձայնության, հունիսի 20-ին նշանակված ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցելու և կուսակցությունների դաշինքի, վերջինիս ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածուի օգտին կողմ քվեարկելու համար, նույն վարչական շրջանի մի շարք ընտրողներին անձամբ և միջնորդների միջոցով 2021թ. հունիսի 14-ին առաջարկել, խոստացել կամ տրամադրել են 20.000-ական ՀՀ դրամ կաշառք: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ գլխավոր դատախազությունը: Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ընտրողներին կաշառք տալու, ստանալու և ընտրակաշառքի միջնորդության՝ նշված դեպքերի առթիվ ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝  ՀՀ քրեական  օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 1-ին մասի, 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի, 154.9-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Քննչական ենթակայության կարգով քրեական գործը դատախազությունից ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ նախաքննություն կատարելու համար: Նշված արարքները կատարելու կասկածանքով ձերբակալվել է երկու անձ: Նկատի ունենալով, որ նրանցից մեկն ընդգրկված է դաշինքի պատգամավորության թեկնածուների ցուցակում՝ քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից օրենքով սահմանված կարգով միջնորդություններ են ներկայացվել ՀՀ ԿԸՀ՝ նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ Նախաքննությունը շարունակվում է:
18:13 - 18 հունիսի, 2021
Հունիսի 17-ի դրությամբ ստացվել է առերևույթ ընտրական հանցագործությունների մասին 231 հաղորդում, հարուցվել է 14 քրեական գործ․ Դատախազություն

Հունիսի 17-ի դրությամբ ստացվել է առերևույթ ընտրական հանցագործությունների մասին 231 հաղորդում, հարուցվել է 14 քրեական գործ․ Դատախազություն

2021թ. հունիսի 20-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազությունում ստեղծված աշխատանքային խմբի կողմից ամփոփվել են ընտրական հանցավոր իրավախախտումների, ինչպես նաև ընտրությունների գործընթացին առնչվող առերևույթ հանցավոր այլ դրսևորւմների վերաբերյալ ստացված ահազանգերի, հաղորդումների և դրանցով իրականացված աշխատանքների միջանկյալ արդյունքները: Մասնավորապես, հունիսի 18-ի ժամը 9.00-ի դրությամբ ստացվել է ընդհանուր 231 հաղորդում, ահազանգ: Դրանցից 76-ը ԶԼՄ հրապարակումներ են, 64-ը՝ ֆիզիկական անձանց կողմից տրված հաղորդումներ, այդ թվում՝ նաև ստացված ՀՀ դատախազության թեժ գծի միջոցով, 52-ը՝ սոցիալական ցանցերում օգտատերերի կողմից կատարված գրառումներ, 39-ը՝ ոստիկանության աշխատակիցների կողմից ստացված օպերատիվ տվյալներ:   Ստացված առերևույթ հանցավոր իրավախախտումների մասին հաղորդումներից և ահազանգերից՝  118-ը վերաբերում է ընտրակաշառք տալուն, ստանալուն կամ ընտրակաշառքի միջնորդությանը (ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդված), 44-ը՝ ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելուն (ՀՀ քրեական օրենսգրքի 149 հոդված), 30-ը՝ քարոզչությանը մասնակցելուն հարկադրելուն կամ խոչընդոտելուն (ՀՀ քրեական օրենսգրքի 149.1-րդ հոդված), 25-ը՝ ընտրական քարոզչության և նման բնույթի այլ պաստառների հետ կապված գույքային վնասներ հասցնելուն (ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդված) 14-ը՝ այլ (ՀՀ քրեական օրենսգրքի 177, 137, 118, 164-րդ և 308-րդ հոդվածներ): Ենթադրյալ ընտրական իրավախախտումների վերաբերյալ 152 հաղորդում, որոնք բնույթով եղել են վերացական և ընդհանրական, ուղարկվել են ՀՀ ոստիկանություն՝ դրանցով անհրաժեշտ ստուգողական գործողություններ կատարելու համար: Իրականացված օպերատիվ-հետախուզական աշխատանքների արդյունքում նշվածներից 41-ում առկատեղեկությունները չեն հաստատվել և թողնվել են անհետևանք, իսկ 111-ով ստուգողական գործողությունները շարունակվում են: Իսկ 229 հաղորդումներից 78-ն ուղարկվել են հետաքննության կամ նախաքննության մարմիններ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու նպատակով: Արդյունքում դրանցից 16-ով որոշում է կայացվել քրեական գործ հարուցելը մերժելու մասին, 49-ով նյութերի նախապատրաստման գործընթացը շարունակվում է, իսկ 14 դեպքի առթիվ հարուցվել են քրեական գործեր: Մասնավորապես՝ քրեական գործերից 8-ը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ, 154.9-րդ, 34-154.2-րդ հոդվածների տարբեր մասերով,  2-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149.1-րդ հոդվածի տարբեր մասերով 1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով 3-ը՝ կապված պաստառների վնասման հետ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի տարբեր մասերի հատկանիշներով: Նշված քրեական գործերից 4-ով 13 անձի առաջադրվել են մեղադրանքներ, որոնցից 7-ին՝ ընտրակաշառք վերցնելու, 6-ին ընտրակաշառք տալու և ընտրակաշառք տալու փորձի համար, 2 անձ ունի կասկածյալի կարգավիճակ, որոցից մեկը՝ ընտրակաշառք ստանալու, մեկը՝ ընտրական քարոզչությանը մասնակցելուն հարկադրելու և մասնակցելուն խոչընդոտելու կասկածանքով: 5 անձ կալանավորվել է: ՀՀ գլխավոր դատախազություն ստացվել են նաև ընտրություններին և ընտրական իրավունքին վերաբերող 18 այլ դիմումներ, որոնք, սակայն, ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության մասին տվյալներ չեն պարունակել: Դրանց կապակցությամբ դիմողներին պատշաճ կերպով տրվել են պարզաբանումներ, առանձին դեպքերում դիմումն ուղարկվել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի քննարկմանը:
17:43 - 18 հունիսի, 2021