ԵԱՀԿ

ԵԱՀԿ-ն (Եվրոպայում Անվտանգության եւ Համագործակցության Կազմակերպություն) 1973-ին հիմնված տարածաշրջանի անվտանգության խոշորագույն կազմակերպություն է, որը ներառում է 57 պետություններ Եվրոպայից, Կենտրոնական Ասիայից եւ Հյուսիսային Ամերիկայից։ Կազմակերպության գլխամասը գտնվում է Վիեննայում, ունի 550 աշխատակից։ ԵԱՀԿ-ը կոչված է կանխելու ծագող հակամարտությունները տարածաշրջանում։

Հայաստանը ԵԱՀԿ անդամ պետություն է 1992 թվականի հունվարի 30-ից։

ԱԽ քարտուղարը Լուի Բոնոյին է ներկայացրել Տեղ համայնքի մոտակայքում Ադրբեջանի կողմից իրականացված սադրանքը

ԱԽ քարտուղարը Լուի Բոնոյին է ներկայացրել Տեղ համայնքի մոտակայքում Ադրբեջանի կողմից իրականացված սադրանքը

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ապրիլի 14-ին ընդունել է Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուի Բոնոյին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԽ գրասենյակից։ Ա. Գրիգորյանը ներկայացրել է ադրբեջանական զինված ուժերի կողմից ապրիլի 11-ին Տեղ համայնքի մոտակայքում իրականացրած սադրանքը՝ ընդգծելով, որ նման քայլերի միակ նպատակը հայ-ադրբեջանական խաղաղ բանակցություններին ուղղված ջանքերն ի չիք դարձնելն է: Այս համատեքստում Լ. Բոնոն շեշտել է կառուցողական քայլերի իրականացման և խաղաղության գործընթացին հավատարիմ մնալու անհրաժեշտությունը՝ հետագա էսկալացիաներից խուսափելու համար: ԱԽ քարտուղարը վերահաստատել է հայկական կողմի հանձնառությունը բանակցային գործընթացին՝ ներկայացնելով առկա խնդիրների կարգավորման հարցում Հայաստանի մոտեցումները:
14:37 - 14 ապրիլի, 2023
Արցախի ՄԻՊ-ն իր դժգոհությունն է հայտնել ԵԱՀԿ նախագահին՝ միջազգային հանրության ոչ հասեցական վերաբերմունքի համար

Արցախի ՄԻՊ-ն իր դժգոհությունն է հայտնել ԵԱՀԿ նախագահին՝ միջազգային հանրության ոչ հասեցական վերաբերմունքի համար

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանիի հետ հանդիպմանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից չորս ամիս շարունակվող անօրիանական շրջափակման հումանիտար հետևանքներն ու Արցախի ժողովրդի բազմաթիվ իրավունքների լայնածավալ խախտումները։ Ինչպես տեղեկացնում է ՄԻՊ-ը՝ ԵԱՀԿ գործող նախագահի հետ հանդիպմանն ինքը ներկայացրել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի հաստատումից հետո Ադրբեջանի կողմից վարվող էթնիկ զտման քաղաքականությանը՝ մատնանշելով ադրբեջանական կողմի հանցագործությունների վերաբերյալ կոնկրետ փաստեր և օրինակներ։  Արցախի ՄԻՊ-ը նշել է, որ միջազգային դերակատարների կոչերն անտեսելն ու ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշման չկատարումն Ադրբեջանի համար որևէ հետևանք չեն առաջացնում, ինչն էլ ավելի է ընդլայնում ադրբեջանական անպատժելիությունն ու ամենաթողությունը։ Միջազգային հանրության հայտարարություններին և կոչերին Ադրբեջնանը պատասխանում է շրջափակման խստացմամբ ու խաղաղ բնակչությանը նորանոր տառապանքներ հարուցող գործողություններով։ «Դժգոհություն եմ արտահայտել ստեղծված հումանիտար ճգնաժամին միջազգային հանրության կողմից ոչ համարժեք ու հասցեական վերաբերմունքի առթիվ, նշել, որ անհասկանալի և անընդունելի է մարդու իրավունքների պաշտպանության հարցում միջազգային հանրության տարբերակված մոտեցումները տարբեր հակամարտությունների համատեքստում և հույս հայտնել, որ միջազգային գործընկերների կողմից կձեռնակվեն գործնական քայլեր շրջափակումը վերացնելու և հումանիտար իրավիճակը կարգավորելու ուղղությամբ»,-տեղեկացրել է Ստեփանյանը:  Կարևորելով ԵԱՀԿ ներգրավվածությունն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում՝ Արցախի ՄԻՊ-ն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի գործունեության վերականգնման, կազմակերպության կողմից Արցախ փաստահավաք խումբ ուղարկելու և մշտական ներկայություն ունենալու անհրաժեշտությունը։
21:42 - 13 ապրիլի, 2023
ՀՀ նախագահը և ԵԱՀԿ գործող նախագահը քննարկել են ԼՂ հիմնախնդրի կարգավորման և ԼՂ բնակչության անվտանգության հարցեր

ՀՀ նախագահը և ԵԱՀԿ գործող նախագահը քննարկել են ԼՂ հիմնախնդրի կարգավորման և ԼՂ բնակչության անվտանգության հարցեր

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարար Բույար Օսմանիի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, ողջունելով հյուրերին նախագահն ասել է. «Համոզված եմ, որ Ձեր այցելությունը իր նպաստը կբերի տարածաշրջանում խնդիրների լուծմանը: Ցավոք սրտի, իրավիճակն այնպիսին չէ, որպեսզի մենք անհանգստանալու տեղ չունենանք խաղաղության ճանապարհին առկա գործընթացում: Մենք համոզված ենք, որ ԵԱՀԿ-ն իր դերն ունի մեր տարածաշրջանի հիմնախնդիրների հանգուցալուծման հարցում՝ հաշվի առնելով և ԵԱՀԿ-ի գործունեությունը, և ԵԱՀԿ-ի հետ մեր ունեցած երկարաժամկետ աշխատանքային փորձը»: Ըստ աղբյուրի՝ շնորհակալություն հայտնելով ընդունելության համար Բույար Օսմանին իր խոսքում նշել է. «Պարոն նախագահ, սա իմ առաջին այցելությունն է այս տարածաշրջան և Հայաստան: Այսօր այստեղ եմ որպես ԵԱՀԿ գործող նախագահ՝ ԵԱՀԿ-ի և Հայաստանի միջև երկարամյա հարաբերությունները քննարկելու համար: Կարող եմ ասել, որ մենք ունենք արժեքավոր և արդյունավետ համագործակցություն՝ հիմնված փոխվստահության վրա, ինչպես նաև պատրաստ ենք համագործակցության նոր էջ բացել՝ հաշվի առնելով փոփոխված աշխարհաքաղաքական հանգամանքները»: Նշվում է, որ հանդիպման ընթացքում Հանրապետության նախագահը ԵԱՀԿ գործող նախագահին է ներկայացրել տարածաշրջանային հիմնախնդիրների լուծման վերաբերյալ Հայաստանի մոտեցումներն ու հնարավորությունները: Վահագն Խաչատուրյանն ընդգծել է, որ Հայաստանը հաստատակամ է Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու և հարևանների հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու իր դիրքորոշման մեջ: «Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման, Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամի, ԼՂ բնակչության անվտանգության ու իրավունքների պաշտպանության մեխանիզմների վերաբերյալ հարցեր»,- հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից: Աղբյուրի տեղեկացմամբ՝ Բույար Օսմանին, անդրադառնալով հակամարտությունների կարգավորմանը նշել է, որ ԵԱՀԿ-ն և մասնավորապես Հյուսիսային Մակեդոնիան նման հիմնախնդիրների լուծման մեծ փորձառություն ունեն և պատրաստակամ են կիսվել այդ փորձով:
21:23 - 13 ապրիլի, 2023
ՀՀ վարչապետը և ԵԱՀԿ գործող նախագահն անդրադարձել են Մինսկի խմբի գործունեությանը

ՀՀ վարչապետը և ԵԱՀԿ գործող նախագահն անդրադարձել են Մինսկի խմբի գործունեությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանիին: Վարչապետը ողջունել է ԵԱՀԿ գործող նախագահի այցը տարածաշրջան և նշել, որ այն լավ հնարավորություն է ծանոթանալու այստեղ ստեղծված բարդ իրավիճակին: Նիկոլ Փաշինյանը նշել է ՀՀ կառավարության շահագրգռվածությունը՝ զարգացնելու և ընդլայնելու համագործակցությունը ԵԱՀԿ-ի հետ: Բույար Օսմանին իր հերթին ևս ընդգծել է Հայաստանի հետ փոխգործակցության կարևորությունը և հավելել, որ կազմակերպության նպատակն է նպաստել տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը: Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամին, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի իրականացմանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի ինստիտուտի առավել ակտիվ դերակատարության ապահովմանը: Վարչապետ Փաշինյանը կարևորել է միջազգային հանրության կողմից Ադրբեջանի սադրիչ և ապակառուցողական գործողություններին համարժեք ու հետևողական արձագանքը:
17:25 - 13 ապրիլի, 2023
Պատրաստ ենք աջակցել բոլոր կողմերին, որոնք կօգտագործեն բանակցության սեղանը, ոչ թե մարտի դաշտը․ Բույար Օսմանի
 |armenpress.am|

Պատրաստ ենք աջակցել բոլոր կողմերին, որոնք կօգտագործեն բանակցության սեղանը, ոչ թե մարտի դաշտը․ Բույար Օսմանի |armenpress.am|

armenpress.am: ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանին հայկական և ադրբեջանական կողմերին քաջալերում է անդրադառնալ սահմանագծմանն ու սահմանազատմանը, հաղորդակցության ուղիների բացմանը: ԵԱՀԿ գործող նախագահն այս մասին ասաց Երևանում ՀՀ ԱԳ նախարարի հետ հանդիպումից հետո համատեղ ասուլիսում: Նա նախ ընդգծեց, որ այսօր, սակայն նախկինում ևս ՀՀ ԱԳ նախարարի հետ խոսել են Հայաստանի մտահոգությունների մասին՝ Լաչինի միջանցքի և բնակչության կյանքի վրա դրա ազդեցության մասին: «Ընթացիկ իրավիճակը, Հայաստան-Ադրբեջան այս համատեքստը ընդհանուր առմամբ մնում է գերակայություն ԵԱՀԿ-ի համար, նաև ինձ համար՝ որպես ԵԱՀԿ գործող նախագահ»,-ասաց Բույար Օսմանին: Օսմանին Հայաստան այցից առաջ՝ նախորդ օրը հանդիպումներ է ունեցել նաև Բաքվում: «Որպես նախագահ՝ մենք ձգտում ենք խաղաղ, համապարփակ և կայուն լուծման այն անհամաձայնությունների, որոնք մտահոգություններ են պատճառում Հայաստանին ու Ադրբեջանին:  Մենք պատրաստակամ ենք՝ շարունակելու մեր ջանքերը՝ ԵԱՀԿ-ի մեխանիզմներով ու կառույցներով, նոր գաղափարներով ու մոտեցումներով, որ հասնենք այդ նպատակին: Ի վերջո, խոսքը վերաբերում է ժողովրդին, մարդկանց, այդ իսկ պատճառով ես կշարունակեմ քաջալերել բոլոր կողմերին՝ երկխոսությամբ ու բանակցությամբ առաջ ընթանալու, ոչ թե ուժով և հարկադրությամբ՝ վեճերի լուծման ուղղությամբ: Մենք աջակցում ենք ցանկացածի ջանքի, որը դրական դինամիկա կբերի՝ իրականացնելու նախկինում համաձայնեցված միջոցառումների ողջ իրականացումը և բացահայտելու համաձայնության նոր ոլորտներ»,-ասաց նա: ԵԱՀԿ գործող նախագահը քաջալերում է անդրադառնալ այնպիսի հույժ կարևոր թեմաների, ինչպիսին են սահմանաագծումն ու սահմանազատումը, ինչպես նաև բացելու հաղորդակցության ուղիները: Իբրև ԵԱՀԿ գործող նախագահ՝ Օսմանին սատարում է ցանկացած ջանք, որը կտանի խաղաղության և այն բոլոր նախաձեռնություններին, որոնք կդյուրացնեն երկխոսությունը, կնվազեցնեն լարվածությունը, կխթանեն վստահությունը՝ տանելու հարաբերությունների կարգավորման: Ընդգծելով, որ ինքը գալիս է մի երկրից, որը անցել է հակամարտության տառապանքի ուղով՝ նա նշեց, որ Հյուսիսային Մակեդոնիան օգտագործել է բազմակողմ բանակցային հարթակներ՝ լուծելու բարդագույն խնդիրներն իր հարևանների հետ: «Մեր փորձառությամբ տեսնում ենք, որ բանակցության ընթացը կարող է լինել բարդ և խրթին, սակայն բարի-դրացիական հարաբերությունների հեռանկարը և հարատև կայունությունն ու բարգավաճումը եկան այդ ամենի արդյունքում»,-ասաց նա՝ հավելելով, որ իրենք պատրաստ են կիսելու այդ փորձառությունը և աջակցելու բոլոր կողմերին, որոնք կօգտագործեն բանակցության սեղանը, ոչ թե մարտի դաշտը: Նա վերահաստատեց ԵԱՀԿ-ի հանձնառությունը՝ Հայաստանին իր ջանքերի և հավակնությունների ուղղությամբ՝ հասնելու կայուն խաղաղության: Նա վստահեցրեց, որ իբրև ԵԱՀԿ գործող նախագահ՝ ինքը կաշխատի ամրապնդելու և խորացնելու հարաբերությունը՝ խթանելու խաղաղությունն ու կայունությունն այսօրվա անորոշության դարաշրջանում:
16:19 - 13 ապրիլի, 2023
Հայաստան-Ադրբեջան սահմանին զինված ուժերի փոխարինումը սահմանապահներով պետք է լինի վերջնական կարգավորումների մաս. Միրզոյան

Հայաստան-Ադրբեջան սահմանին զինված ուժերի փոխարինումը սահմանապահներով պետք է լինի վերջնական կարգավորումների մաս. Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարարությունը ներկայացնում է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ մամուլի համար հայտարարությունը և պատասխանները լրագրողների հարցերին ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանիի հետ մամուլի ասուլիսի ժամանակ․ «Ապրիլի 13-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Հայաստանում աշխատանքային այցով գտնվող ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանիի հետ: Հանդիպումը մեկնարկել է առանձնազրույցի, այնուհետև շարունակվել ընդլայնված ձևաչափով, որին հաջորդել է երկու երկրների ԱԳ նախարարների մամուլի ասուլիսը: ԱԳ նախարար Միրզոյանն իր ելույթում, մասնավորապես, նշել է. «Հարգելի պարոն նախարար, պարո՛ն Օսմանի, Հարգելի գործընկերներ, Եվս մեկ անգամ ողջունում եմ Ձեզ Երևանում՝ որպես ԵԱՀԿ գործող նախագահ Հայաստան Ձեր այցի շրջանակներում: Այս այցը տեղի է ունենում Հայաստանի համար դժվար ժամանակաշրջանում, երբ մենք բախվում ենք սպառնալիքների և մարտահրավերների, որոնք ուղղակիորեն առնչվում են ԵԱՀԿ հիմնարար սկզբունքներին ու մանդատին, տարածաշրջանում անվտանգությանն ու կայունությանը, և ԵԱՀԿ գործող նախագահի այցը Հայաստան լավ հնարավորություն է քննարկելու տարածաշրջանում առկա խնդիրները, ընդգծելու ԵԱՀԿ դերը, ներգրավվածության հնարավորությունը, կառույցի հետ մեր հետագա համագործակցության հեռանկարները: Իհարկե, Հայաստանը ԵԱՀԿ գործընկերներին մշտապես տրամադրում է տարածաշրջանում անվտանգային իրավիճակի, Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին և Լեռնային Ղարաբաղի շուրջ զարգացումների վերաբերյալ հավաստի տեղեկատվություն: Այսօրվա հանդիպման ընթացքում մենք անդրադարձ ենք կատարել իրավիճակի շուրջ վերջին զարգացումներին, ես գործընկերոջս ներկայացրել եմ 2021թ. մայիսից Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի և հարձակումների, օկուպացիայի, ինչպես նաև ապրիլի 11-ին՝ այցի նախօրեին, ՀՀ Սյունիքի մարզի Տեղ գյուղի հատվածում ադրբեջանական սադրանքի, ագրեսիվ գործողությունների հետևանքները: Պետք է ընդգծեմ, որ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները հանդիսանում են ԵԱՀԿ արժեքների և Հելսինկիի եզրափակիչ ակտի մի շարք հիմնարար սկզբունքների կոպտագույն խախտումներ: Այս համատեքստում կարևորել եմ 2022թ. սեպտեմբերյան ագրեսիայից անմիջապես հետո ԵԱՀԿ փաստահավաք առաքելության գործուղումը Հայաստան, որը հնարավորություն ընձեռեց ԵԱՀԿ դիտորդներին տեղում ծանոթանալ Ադրբեջանի ռազմական ագրեսիային և դրանց մարդասիրական հետևանքներին։ Հավելեմ, որ մեր կարծիքով առաքելության դիտարկումները և վերջնական զեկույցը պետք է հասանելի դառնան բոլոր մասնակից-պետությունների, ինչպես նաև` միջազգային հանրության մյուս ներկայացուցիչների համար՝ որպես ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ օբյեկտիվ տեղեկատվության աղբյուր։ Հարգելի ներկաներ, Գործընկերոջս հետ քննարկոււմների ընթացքում անդրադարձ ենք կատարել նաև ԵԱՀԿ-ում Հյուսիսային Մակեդոնիայի նախագահության գերակայություններին, ինչպես նաև կազմակերպության առջև ծառացած խոչընդոտներին և դրանց լուծմանն ուղղված հնարավոր ջանքերին: Վերջին աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում այսօր ԵԱՀԿ-ն կանգնած է լրջագույն մարտահրավերների առաջ։ Այդ մարտահրավերները պահանջում են բոլոր մասնակից-պետությունների կողմից ԵԱՀԿ պատասխանատվության գոտում կազմակերպության գործիքակազմի բոլոր մեխանիզմների կիրառմամբ առկա խնդիրների հասցեագրում և դրանց վերաբերյալ հստակ դիրքորոշումների արտահայտում՝ առանց ընտրողականության, քաղաքական նախապատվությունների և աշխարհաքաղաքական առաջնահերթությունների: Հարգելի ներկաներ, Ինչպես գիտեք, լրանում է չորրորդ ամիսը, ինչ Ադրբեջանն ապօրինաբար արգելափակված է պահում Լաչինի միջանցքը՝ արհամարհելով Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի՝ իրավաբանական պարտադիր ուժ ունեցող որոշումը և դրա կատարումն ապահովելուն ուղղված միջազգային հանրության հստակ պահանջը: Լաչինի միջանցքի արգելափակմամբ, ահաբեկումներով, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հայությանն իրենց տները հարկադրաբար լքելուն դրդող այլ գործողություններով Ադրբեջանը ձգտում է Լեռնային Ղարաբաղում իրականացնել էթնիկ զտումների համակարգված քաղաքականություն: Ցանկանում եմ հատկապես ընդգծել, որ Արդարադատության միջազգային դատարանը փաստել է «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» կոնվենցիայի շրջանակներում հայերի իրավունքներին անդառնալի վնասներ հասցնելու անմիջական վտանգի առկայությունը: Այս համատեքստում, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, ևս մեկ անգամ ընդգծել եմ, որ Լեռնային Ղարաբաղ միջազգային մարդասիրական կազմակերպությունների անարգել մուտքը, միջազգային փաստահավաք առաքելության ուղարկումը Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք կարող է կարևոր նշանակություն ունենալ Ադրբեջանի կողմից պարբերաբար շրջանառվող կեղծ թեզերին վերջ դնելու, վերահաս ագրեսիան կանխելու, մարդկային տառապանքները դադարեցնելու և տարածաշրջանում կայունություն հաստատելու գործում: Գործընկերոջս ուշադրությունն եմ հրավիրել նաև Ադրբեջանի կողմից 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մյուս դրույթների խախտումներին: Ադրբեջանը հրաժարվում է վերադարձնել բոլոր հայ ռազմագերիներին և պատանդի կարգավիճակում պահվող քաղաքացիական անձանց՝ նրանց նկատմամբ իրականացնելով շինծու դատավարություններ: Նոյեմբերի 9-ի հայտարարությանը համապատասխան ՄԱԿ-ի փախստականների հարցերով բարձր հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո ներքին տեղահանված անձանց և փախստականների վերադարձը Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ չապահովելուն զուգահեռ Բաքուն ադրբեջանցիներով է բնակեցնում իր վերահսկողության տակ անցած հայկական բնակավայրերը: Բացահայտ արհամարհանք ցուցաբերելով միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների նկատմամբ ադրբեջանական կողմը շարունակում է ռազմատենչ հռետորաբանությունն ու ատելության խոսքը՝ սպառնալով նոր ագրեսիայով և լրջորեն վտանգելով տարածաշրջանային կայունությունը: Հարգելի ներկաներ, Հայաստանը հետևողական է 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության շրջանակներում ստանձնած իր պարտավորությունների կատարման և տարածաշրջանում համապարփակ ու երկարատև կայունության հաստատման ուղղությամբ ջանքերի գործադրման հարցում: Այդ նպատակով Հայաստանը բարեխղճորեն շարունակում է բանակցություններն Ադրբեջանի հետ՝ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ: Կցանկանայի ընդգծել, որ վերջնական կարգավորման համար, իհարկե, առանցքային է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության խնդիրների հասցեագրումը՝ միջազգայնորեն երաշխավորված երկխոսության մեխանիզմների ներքո: Հավատացած ենք, որ ԵԱՀԿ-ն, որպես կազմակերպություն, որը զբաղվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությամբ 1990-ականներից, պետք է ակտիվացնի իր ներգրավվածությունը՝ այդ թվում կանխելու ուժի կիրառման ցանկացած դրսևորում: Մեծապես կարևորում ենք ԵԱՀԿ նախագահության դերակատարությունը, ինչպես նաև` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար ստեղծված կառույցների ներգրավումն՝ իրենց մանդատին համապատասխան։ Եզրափակելով նշեմ, որ օգտվելով այցի ընձեռած հնարավորությունից՝ այսօր մենք մտքեր ենք փոխանակել նաև Հայաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի միջև երկկողմ օրակարգին վերաբերող հարցերի շուրջ: Հայաստանը կարևորում է իր հարաբերությունները Հյուսիսային Մակեդոնիայի հետ և պատրաստ է հետագայում ևս խթանել մեր երկկողմ օրակարգը և փոխշահավետ համագործակցությունը։ Վստահ եմ, որ մեր համատեղ ջանքերով կարող ենք զարգացնել համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում: Պարո՛ն Օսմանի, Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում այսօրվա քննարկումների համար և խոսքը սիրով փոխանցում եմ Ձեզ»:***Հարց («Հանրային հեռուստաընկերություն»). Հարցս ուղղված է երկու արտաքին գործերի նախարարներին: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համատեքստում ընդգծվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի, ԵԱՀԿ գործուն ներգրավվածության անհրաժեշտությունը, բայց ինչպես հայտնի է պատերազմից հետո Ադրբեջանի նախագահը բազմիցս նշել է, որ հակամարտությունն այլևս գոյություն չունի, չնայած փաստերը հակառակն են ապացուցում: Ինչպես նաև, խոսելով Մինսկի խմբի դերակատարության մասին՝ նշել է, որ այն սպառել է իրեն, և այլևս դրա անհրաժեշտությունը չկա: Ինչպե՞ս կմեկնաբանեք սա: Արդյո՞ք սա չի նպաստում հակամարտության ավելի սրացմանը: Արարատ Միրզոյան. Կարծում եմ, որ մենք չենք կարող առաջնորդվել ադրբեջանական պնդումներով՝ առավել ևս հաշվի առնելով փաստը, որ շատ հաճախ տարբեր թեմաների առնչությամբ ադրբեջանական զանազան պնդումներն իրենք իրենց ներսում հակասություններ ունեն: Կարող ենք հիշատակել միայն Լաչինի միջանցքի օրինակը, երբ Ադրբեջանը պնդում էր և, կարծում եմ, մինչև օրս էլ պնդում է, որ միջանցքը փակ չէ, արգելափակված չէ, հետո զուգահեռաբար կամ երկու օրվա տարբերությամբ պնդում, որ միջանցքն արգելափակված է շրջակա միջավայրի ոլորտով զբաղվող քաղաքացիական ակտիվիստներով, ովքեր շրջակա միջավայրի հետ կապված մտահոգություններ ունեն, հետո ասում են, որ այդ ակտիվիստները պետք է ստուգեն միջանցքով անցնող բեռներն ու անձանց և այլն: Եթե մենք առաջնորդվենք ադրբեջանական պնդումներով, կատարյալ շփոթի մեջ կհայտնվենք: Ավելին ասեմ, Ադրբեջանը պնդում է, որ ոչ միայն Մինսկի խումբն այլևս գոյություն չունի, այլև Լեռնային Ղարաբաղը գոյություն չունի, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը գոյություն չունի, ընդհանրապես այդ կոնտեքստում հարց չկա, որը ենթակա է հասցեագրման, միջազգային քննարկման, լուծման և այլն: Եթե մասնավորեցնեմ պատասխանը և հենց Ձեր բարձրացրած թեմայի մասին խոսեմ, փաստն այն է, որ ԵԱՀԿ անդամ որևէ երկիր միայնակ չի կարող վերջ դնել մի մեխանիզմի, մի ինստիտուտի, մի որոշման, որի հիմնադրման շուրջ միակարծիք են եղել բոլոր անդամ երկրները և որը հիմնադրվել է, ըստ էության, բոլոր անդամ երկրների կողմից: Մինսկի գործընթացը, Մինսկի ձևաչափը գոյություն ունի, այլ բան, որ բազմաթիվ պատճառներով՝ օբյեկտիվ և սուբյեկտիվ, համանախագահության գործունեությունն այս պահին սառեցված է: Ես վստահ եմ, որ Մինսկի գործընթացը և Մինսկի կոնֆերանսը, որի մասին ի սկզբանե եղել է, դեռ իր անելիքն ունի և դերակատարումն ունի Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության խնդիրների հասցեագրման գործում: Եվ առհասարակ նաև ԵԱՀԿ-ն անելիք ունի, որովհետև ոչ միայն Մինսկի գործընթացի, այլ նաև մյուս ինստիտուտների, օրինակ՝ գործող նախագահի անձնական ներկայացուցչի և նրա ունեցած մանդատի ու նրա հնարավորությունների գործադրման մասին է խոսքը: Վստահ եմ, որ ԵԱՀԿ-ն իր անելիքն ունի: Նաև փաստահավաք առաքելության մասին խոսեցինք, որը դեկտեմբերին էր գործուղվել տարածաշրջան, այնպես որ, ինչպես դասականը կասեր, այդ լուրերը փոքր-ինչ չափազանցված են: Հարց («Ազատություն ռադիոկայան»). Մի քանի օր, գուցե շաբաթներ առաջ, վարչապետ Փաշինյանը խոսեց, որ ըստ պլանի նախատեսվում է Հայաստանի սահմանի երկայնքով պաշտպանության նախարարության ստորաբաժանումները փոխարինել սահմանապահ ստորաբաժանումներով: Տեսնելով, թե հիմա ինչ է տեղի ունենում, մենք գիտենք, որ ադրբեջանցիներ են ներխուժել Հայաստանի սահման, և նրանցից մեկին այդպես էլ չգտանք, համենայնդեպս և՛ մեր սահմանապահները, և՛ բանակը, Դուք հավելյալ ռիսկեր այստեղ չե՞ք տեսնում, և արդյո՞ք Բաքուն համաձայնություն տվել է բանակը փոխարինել սահմանապահներով: Շնորհակալություն: Արարատ Միրզոյան. Անշուշտ, բանակի, զինված ուժերի փոխարինումը Հայաստան-Ադրբեջան սահմանին, սահմանապահ ներկայացուցիչներով վստահ եմ, պետք է լինի վերջնական կարգավորումների մաս: Սա կարևոր է մի քանի առումներով՝ նաև հասկանալով, որ, անշուշտ, սահմանապահ ծառայությունը բոլոր երկրներում սահմանապահ առաքելություն է իրականացնում, բայց նաև գործիքակազմն է տարբեր, ընդհուպզենքերն են, զինատեսակներն են տաբեր և այլն: Եվ վստահ եմ, որ սահմանի հսկողության հանձնումը սահմանապահ ծառայությանն էականորեն կնվազեցնի հետագա նոր կոնֆլիկտների, այդ թվում նաև՝ ՀՀ տարածք նոր ներխուժումների հավանականությունը: Այս գաղափարը քննարկվում է, այս գաղափարը նոր չէ, իրականում մենք նախկինում էլ հրապարակավ առաջարկել ենք զինված ուժերը միմյանցից որոշակի հեռավորության վրա հետ քաշելու հնարավորությունը, այս պահին էլ դա քննարկվում է: Եվ կարող եմ նաև փոքր ինչ գաղտնիք բացել. դա նաև խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ քննարկումների մաս է՝ առնվազն մեր առաջարկների տեսքով: Կրկնում եմ, մենք կարևոր ենք համարում այս մեխանիզմի ներդրումը: Այժմ արդեն Հայաստան-Ադրբեջան սահմանին մասնակիորեն որոշակի հատվածներում այդպիսի մեխանիզմ ունենք, սահմանապահ ծառայությունն է իրականացնում հսկողությունը: Եվ փորձը ցույց է տալիս, որ այդ տարածքներում բախումների հավանականությունը, այսինքն պատմությունը, համենայն դեպս, ցույց է տալիս, որ մեխանիզմի արդյունավետությունը, որ ես նշեցի, կա, իրականում աշխատում է: Ցավոք սրտի, մենք գործ ունենք բազմաթիվ չլուծված խնդիրների հետ. ես նշեցի, օրինակ, բանակցում էինք, այդ հարցը բանակցությունների մաս է, բայց նաև բանակցություններին զուգահեռ մենք տեսնում ենք, որ գետնի վրա Ադրբեջանը փորձում է, շարունակում է ուժի գործադրման իր անթաքույց քաղաքականությունը: Եվ երբ, ինչպես ասում են, գետնի վրա, ուժը չի կիրառվում, մենք շարունակաբար լսում ենք ամենաբարձր մակարդակով այդ ուժի կիրառման սպառնալիքները և խաղաղ բնակչության, քաղաքացիական բնակչության ահաբեկումը: Եվ այս առավելապաշտական, ագրեսիվ մոտեցումները դրսևորվում են նաև մնացյալ շաղկապված, փոխկապակցված հարցերում, այդ թվում նաև՝ զինված ուժերը սահմանապահներով փոխարինելու, այդ թվում նաև բանակցությունների ընթացքում և այլն: Այսինքն դրանց զուգահեռ սա, իհարկե, մեզ հետ չի պահում շարունակել աշխատել այդ ուղղությամբ, և կրկին վերադառնալով մասնավոր բարձրացված հարցին, այո, դա ընդհանուր կարգավորումների և վերջնական կարգավորումների մաս պետք է լինի»։ 
16:04 - 13 ապրիլի, 2023
Փաստահավաք առաքելության վերջնական զեկույցը պետք է հասանելի դառնա միջազգային հանրության համար. ՀՀ ԱԳ նախարարը՝ ԵԱՀԿ գործող նախագահին
 |armenpress.am|

Փաստահավաք առաքելության վերջնական զեկույցը պետք է հասանելի դառնա միջազգային հանրության համար. ՀՀ ԱԳ նախարարը՝ ԵԱՀԿ գործող նախագահին |armenpress.am|

armenpress.am: Այս այցը տեղի է ունենում Հայաստանի համար դժվար ժամանակաշրջանում, երբ մենք բախվում ենք սպառնալիքների և մարտահրավերների, որոնք ուղղակիորեն առնչվում են ԵԱՀԿ հիմնարար սկզբունքներին ու մանդատին, տարածաշրջանում անվտանգությանն ու կայունությանը: ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: «ԵԱՀԿ գործող նախագահի այցը Հայաստան լավ հնարավորություն է քննարկելու տարածաշրջանում առկա խնդիրները, ընդգծելու ԵԱՀԿ դերը, ներգրավվածության հնարավորությունը, կառույցի հետ մեր հետագա համագործակցության հեռանկարները»,- նկատեց Միրզոյանը: ՀՀ ԱԳ նախարարի խոսքով՝ Հայաստանը ԵԱՀԿ գործընկերներին մշտապես տրամադրում է տարածաշրջանում անվտանգային իրավիճակի, Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին և Լեռնային Ղարաբաղի շուրջ զարգացումների վերաբերյալ հավաստի տեղեկատվություն: «Այսօրվա հանդիպման ընթացքում մենք անդրադարձ ենք կատարել իրավիճակի շուրջ վերջին զարգացումներին, ես գործընկերոջս ներկայացրել եմ 2021 թ. մայիսից Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի և հարձակումների, օկուպացիայի, ինչպես նաև ապրիլի 11-ին՝ այցի նախօրեին, ՀՀ Սյունիքի մարզի Տեղ գյուղի հատվածում ադրբեջանական սադրանքի, ագրեսիվ գործողությունների հետևանքները»,- նշեց նա՝ ընդգծելով, որ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները հանդիսանում են ԵԱՀԿ արժեքների և Հելսինկիի եզրափակիչ ակտի մի շարք հիմնարար սկզբունքների կոպտագույն խախտումներ: Այս համատեքստում Արարատ Միրզոյանը կարևորեց 2022 թ. սեպտեմբերյան ագրեսիայից անմիջապես հետո ԵԱՀԿ փաստահավաք առաքելության գործուղումը Հայաստան, որը հնարավորություն ընձեռեց ԵԱՀԿ դիտորդներին տեղում ծանոթանալ Ադրբեջանի ռազմական ագրեսիային և դրանց մարդասիրական հետևանքներին։ Նա շեշտեց, որ առաքելության դիտարկումները և վերջնական զեկույցը պետք է հասանելի դառնան բոլոր մասնակից-պետությունների, ինչպես նաև` միջազգային հանրության մյուս ներկայացուցիչների համար՝ որպես ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ օբյեկտիվ տեղեկատվության աղբյուր։ Ապրիլի 13-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Հայաստանում աշխատանքային այցով գտնվող ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանիի հետ: Հանդիպումը մեկնարկել է առանձնազրույցի, այնուհետև շարունակվել ընդլայնված ձևաչափով, որին հաջորդել է երկու երկրների ԱԳ նախարարների մամուլի ասուլիսը:
15:44 - 13 ապրիլի, 2023
Մինսկի խմբի աշխատանքը սառեցված է, բայց ձևաչափը կարող է անհրաժեշտ լինել. ԵԱՀԿ ղեկավար
 |armeniasputnik.am|

Մինսկի խմբի աշխատանքը սառեցված է, բայց ձևաչափը կարող է անհրաժեշտ լինել. ԵԱՀԿ ղեկավար |armeniasputnik.am|

armeniasputnik.am: ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը ներկայումս սառեցված է, սակայն այն կարող է համապատասխան հանգամանքներում կիրառվել։ Այս մասին այսօր հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ Երևանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։ Նրա խոսքով՝ ԵԱՀԿ-ն աջակցում է Մինսկի խմբին։ Կազմակերպությունը տեղյակ է իր աշխատանքի վերաբերյալ որոշ կողմերի տարբեր տեսակետներին, ինչպես նաև փոփոխված աշխարհաքաղաքական հանգամանքներին, համանախագահների միջև հարաբերությունների դինամիկային և համատեղ աշխատանքի բացակայությանը։ «Մինսկի խմբի աշխատանքն այս պահին սառեցված է: Բայց ես չեմ կարող հերքել, որ Մինսկի խմբի ձևաչափը կարող է անհրաժեշտ լինել, համապատասխան պայմանների առկայության դեպքում: ԵԱՀԿ-ն միայն Մինսկի խումբը չէ, կազմակերպությունն ունի բազմաթիվ այլ գործիքներ և մեխանիզմներ, որոնք կարող են օգտագործվել հայերի և ադրբեջանցիների միջև խաղաղ գործընթացին աջակցելու համար»,- ասել է Օսմանին։ Նրա խոսքով՝ ինքը տարածաշրջան է ժամանել հենց այդ գործընթացին նպաստելու, կայուն կարգավորման հասնելու համար։ Ավելի վաղ ԵԱՀԿ նախագահ Բույար Օսմանին այցելել էր Ադրբեջան, որտեղ հանդիպումներ էր ունեցել երկրի բարձրագույն ղեկավարության հետ։
12:30 - 13 ապրիլի, 2023
ԵԱՀԿ-ն աջակցում է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված բոլոր նախաձեռնություններին․կառույցի գործող նախագահ
 |factor.am|

ԵԱՀԿ-ն աջակցում է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված բոլոր նախաձեռնություններին․կառույցի գործող նախագահ |factor.am|

factor.am: ԵԱՀԿ նախագահությունը աջակցում է բոլոր նախաձեռնություններին, որոնք նպաստում են Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ այս մասին Բաքվում Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանին։ Նրա խոսքով՝ իր նպատակն է այս պահին ամրապնդել ու խորացնել համագործակցությունը Ադրբեջանի հետ՝ խաղաղությանն ու անվտանգությանը  խթանման համար։ «ԵԱՀԿ-ն հաստատում է իր ցանկությունը ամրապնդելու վստահությունը  կազմակերպության անդամ երկրների միջև ու պետք է շարունակի աշխատանք տանել հարաբերություններ կառուցելու և վստահության մթնոլորտ ստեղծելու ուղղությամբ: Ես զրուցել եմ նախարարի հետ այն մասին, թե կոնկրետ ինչպես Բաքուն կարող է նպաստել այս գործընթացին»,- ասել է Օսմանին։ Նա նաև նշել է, որ տեղյակ է նախօրեին տեղի ունեցած միջադեպից (խոսքը ՀՀ-ի սուվերեն տարածքի վրա Ադրբեջանի զինված ուժերի հերթական ագրեսիայի մասին է) ու առաջարկել ԵԱՀԿ ռեսուրսները կողմերի միջև շփումների  ու նման դեպքերի կրկնությունը կանխելու համար։ Օսմանին նշել է, որ «երկու կողմերի համար էլ խաղաղությունը կարևոր է ու կոչ արել օգտագործել մեխանիզմները խաղաղության ապահովման համար»։ ԵԱՀԿ գործող նախագահը նաև կոչ է արել շարունակել «ուղիղ շփումները Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ երկրների միջև հարաբերությունները կարգավորման համար»։
15:33 - 12 ապրիլի, 2023
Ադրբեջանում մեկնարկել է ԵԱՀԿ գործող նախագահի և Բայրամովի դեմ առ դեմ հանդիպումը
 |tert.am|

Ադրբեջանում մեկնարկել է ԵԱՀԿ գործող նախագահի և Բայրամովի դեմ առ դեմ հանդիպումը |tert.am|

tert.am: Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը դեմ առ դեմ հանդիպում է անցկացնում ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարար Բույար Օսմանիի հետ։ APA գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի նաև Հայաստան։  Նշվում էր, որ Օսմանին ապրիլի 10-13-ը կայցելի Վրաստան, Ադրբեջան և Հայաստան՝ հանդիպելու պետական պաշտոնյաների և այլ շահագրգիռ կողմերի հետ: Այցի նպատակն է ԵԱՀԿ-ի, Վրաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև համագործակցության ամրապնդումը, առկա անվտանգության մարտահրավերների լուծումը և Հարավային Կովկասի տարածաշրջանում երկխոսության միջոցով խաղաղությանն ու կայունությանը նպաստելը։
11:54 - 12 ապրիլի, 2023
Ադրբեջանը մի կողմից հայտարարում է ԼՂ ներկայացուցիչների հետ երկխոսելու պատրաստակամության մասին, մյուս կողմից՝ իրականացնում ահաբեկչական գործողություններ. վարչապետ

Ադրբեջանը մի կողմից հայտարարում է ԼՂ ներկայացուցիչների հետ երկխոսելու պատրաստակամության մասին, մյուս կողմից՝ իրականացնում ահաբեկչական գործողություններ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուիս Բոնոյին: Վարչապետն ամերիկացի համանախագահի ուշադրությունն է հրավիրել մարտի 5-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված դիվերսիոն հարձակման փաստի վրա: Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ Ադրբեջանը մի կողմից հայտարարում է ԼՂ ներկայացուցիչների հետ երկխոսելու պատրաստակամության մասին, մյուս կողմից իրականացնում ահաբեկչական գործողություններ, ինչի հետևանքով երեք օր առաջ զոհվել են ԼՂ ներքին գործերի նախարարության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության երեք ծառայող, մեկը վիրավորվել է: Զրուցակիցներն անդրադարձել են Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամին: Վարչապետ Փաշինյանն ընդգծել է Արդարադատության միջազգային դատարանի կողմից միջանցքն ապաշրջափակելու վերաբերյալ որոշման՝ Ադրբեջանի կողմից անհապաղ կատարելու անհրաժեշտությունը: Քննարկվել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին ու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին վերաբերող հարցեր:
19:55 - 07 մարտի, 2023