Արդարադատության նախարարություն

ՀՀ արդարադատության նախարարությունը գործադիր իշխանության պետական մարմին է։ Նախարարության կազմի մեջ է մտնում 14 կառուցվածքային ստորաբաժանում, 7 առանձնացված ստորաբաժանում, ինչպես նաև ՀՀ ԱՆ-ն ունի տարբեր ոլորտներում գործունեություն իրականացնող 7 իրավաբանական անձ։

ՀՀ արդարադատության նախարարն է Ռուստամ Բադասյանը։

ՔԿՀ պաշտոնյան կաշառք է ստացել և օժանդակել թմրամիջոցի ապօրինի ձեռքբերմանը

ՔԿՀ պաշտոնյան կաշառք է ստացել և օժանդակել թմրամիջոցի ապօրինի ձեռքբերմանը

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտում քննված քրեական վարույթով հիմնավորվել է, որ Ա. Գ.-ն, զբաղեցնելով ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի մասնագետի պաշտոնը, 2022 թվականի ընթացքում նույն հիմնարկի դատապարտյալներից ստացել է կաշառք՝ վերջիններիս օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու համար, այդ թվում՝ փորձելով օժանդակել առանց իրացնելու նպատակի խոշոր չափերով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի ապօրինի ձեռքբերմանը: Այս մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից: «Մասնավորապես՝ պարզվել է, որ 2022 թվականի հունվարին «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալներ Պ. Թ.-ն ու Վ. Գ.-ն ՔԿՀ-ի վերը նշված պաշտոնատար անձին՝ Ա. Գ.-ին, առաջարկել են համապատասխանաբար 50.000 և 80.000 ՀՀ դրամ կաշառքի դիմաց իրենց մատնանշած անձանցից վերցնել և իրենց փոխանցել քրեակատարողական հիմնարկում շրջանառությունն արգելված բջջային հեռախոսներ: Ա. Գ.-ն, ընդունելով դատապարտյալների կողմից կաշառք տալու առաջարկը, հանդիպել է վերջիններիս մատնանշած անձանց և նրանցից վերցրել հեռախոսներն ու գումարը: Բացի այդ, նախաքննությամբ հիմնավորվել է, որ Ա. Գ.-ն համաձայնվել է նաև կաշառքի դիմաց   թմրամիջոց տեղափոխել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ ու փոխանցել դատապարտյալին: Մասնավորապես՝ 2022 թվականի հունվարի 10-ին Ա. Գ.-ն դատապարտյալի մատնանշած անձանցից վերցրել է խոշոր չափի «Մարիխուանա» տեսակի թմարմիջոցն ու կաշառքի առարկա 50.000 ՀՀ դրամը, այնուհետև՝ վերը նշված բոլոր դեպքերով ձեռքբերված պայմանավորվածություններն իրագործելու նպատակով, բջջային հեռախոսներն ու թմրամիջոցի փաթեթը թաքցրել է իր համազգեստի գրպանում և 2022 թվականի հունվարի 15-ին ներկայացել հերթափոխի: Սակայն, մինչ «Արմավիր» ՔԿՀ մուտք գործելը, Ա. Գ.-ն հիմնարկի օպերատիվ բաժնի աշխատակիցների կողմից ենթարկվել է անձնական զննության, որի ժամանակ հայտնաբերվել են բջջային հեռախոսներն ու թմրամիջոցը: Ա. Գ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով /3 դրվագ/ և 38-34-268-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ  դատապարտյալներ Վ. Գ.-ին և Պ. Թ.-ին՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն դատարան ուղարկելու միջնորդությամբ: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»:
16:19 - 06 հուլիսի, 2023
«ԲԴԽ գործողությունները սպառնալիք են դատական իշխանության անկախության համար». Դատավորների միության նախագահի հայտարարությունը

«ԲԴԽ գործողությունները սպառնալիք են դատական իշխանության անկախության համար». Դատավորների միության նախագահի հայտարարությունը

Դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյանը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորեւ. «Հարգելի դատավորներ, իմ կողմից ավելի վաղ արված հայտարարություններով անդրադարձ է կատարվել ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի՝ մինչև սույն թվականի ապրիլն ընկած ժամանակահատվածի անօրինական գործողություններին՝ 20-ից ավելի դատավորների պաշտոնավարման դադարեցում, սեփական շահերին վերաբերող օրենսդրական փոփոխությունների ընդունում, ԲԴԽ դատավոր անդամի ընտրություններին միջամտություն և այլն: 2023 թվականի ապրիլից հուլիսի 3-ը Բարձրագույն դատական խորհրդի նախագահը ֆինանսական անքակտելի կապերով փոխկապակցված ընկերոջ՝ Գրիգոր Մինասյանի հետ համակատարմամբ, այլ անձանց ներգրավմամբ ու օժանդակությամբ շարունակել են սահմանադրական կարգի, դատական իշխանության դեմ ոտնձգությունները, որպիսի  գործողությունները դրսևորվել են հետևյալում. Այսպես՝   Կ.Անդրեասյանը, շարունակել է Արդարադատության նախարար Գ.Մինասյանի հետ (ինչպես նաև մերձավոր ազգականների անուններով) տնօրինել ֆինանսական միջոցներ և գույք, միջազգային համընդհանուր (օրինակ՝ ԱՄՆ, Ֆրանսիա և այլն) ու հատկապես ներպետական օրենսդրության արգելքի պայմաններում (ՀՀ դատական օրենսգրքի 71-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետ) առանձնակի հանդգնությամբ ու հրապարակային կիսելով տնտեսական գործունեության շահույթը (ինչը հաստատել են սեփական ստորագրություններով), որն առերևույթ գերազանցել է վերջիններիս պետական աշխատավարձի առնվազն կրկնապատիկը, մեկը մյուսի գործողությունները լրացնելով, ձեռնամուխ են եղել նախկինում և տվյալ ժամանակահատվածում տարբեր եղանակներով դատավորների անկախության, անփոփոխելիության, խոսքի ազատության սահմանադրական երաշխիքները, սկզբունքները սահմանափակող օրենսդրական փոփոխությունների ընդունմանը, մի շարք  դատավորների նկատմամբ ընտրողական և կամայական կարգապահական վարույթների հարուցմանը, պատասխանատվության ենթարկելուն ու իրավաբանական համայնքում հեղինակություն վայելող դատավորների լիազորությունները դադարեցնելուն: Մասնավորապես՝ ապրիլին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին վարույթներ են հարուցվել դատավորներ Ա.Խառատյանի, Տ.Պետրոսյանի, Ա.Բարսեղյանի և Ս.Թադևոսյանի նկատմամբ ՄԻԵԴ որոշումների արդյունքում ենթադրյալ խախտումների հիմքով, այն պայմաններում, երբ նշված օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ եղել է Կարեն Անդրեասյանի կողմից «Եվրոպայի իմաստություն» որակված Վենետիկի հանձնաժողովի՝ իր իսկ կողմից հայցած, սակայն խիստ բացասական արձագանքի արժանացած կարծիքը՝ պետությանը՝ ՄԻԵԴ վճիռների տեսքով մարտահրավերների առջև կանգնեցնելու անխուսափելի վտանգի մասին (տես` Opinion No 1074/2021 CDL-AD(2022)002): Կարեն Անդրեասյանը և մյուսները չխորշելով պետությանը մարտահրավերների առջև կանգնեցնելու վտանգից՝ դատավորներին, որոնց նկատմամբ հարուցվել են վարույթները և դադարեցրել լիազորությունները ընտրել են կամայական եղանակով՝ չպահպանելով որևէ օրինաչափություն, այդպիսով ևս հաստատվել է խտրական վերաբերմունքը նշված դատավորների նկատմամբ: Բարձրագույն դատական խորհրդում վարույթների վերաբերյալ  գործի քննությունն իրականացվել է դատավորների իրավունքների կոպիտ խախտումներով: Առնվազն աննախադեպ է եղել տևական ստացիոնար բուժման մեջ գտնվող ու բժշկական փաստաթուղթ ներկայացրած դատավորին հիվանդանոցում ծանուցագիր հանձնելն ու նիստին ներկայանալու՝ նույնիսկ քրեական վարույթներով չհանդիպող պարտադրանքը: Վարույթների ընթացքում ի թիվս այլ սահմանադրական երաշխիքների, սկզբունքների խախտումների, առանձնահատուկ հանդգնությամբ են դրսևորվել լիազոր մարմնի՝ նախարարի ու ԲԴԽ նախագահի՝ ո՛չ գործնական, ո՛չ աշխատանքային հանդիպումներն ու համատեղ հանգստի մեկնելը, ինչը բացահայտվել է ոչ թե իրենց կողմից դատական նիստի ընթացքում (ի հակադրումն «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետի), այլ՝ մամուլի կողմից: Հարկ է նկատել, որ դատավորների նկատմամբ խտրական վերաբերմունքի փաստն արձանագրվել է նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից միայն դատավորների լիազորությունները դադարեցնելու հաջորդ օրը՝ հուլիսի 4-ին: ԿԿՀ-ն առաջարկել է նախարարությանը ՄԻԵԴ վճիռների հիման վրա դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու գործընթացում հնարավոր կոռուպցիոն ռիսկերը զսպելու, հանրային վստահությունը բարձրացնելու, ինչպես նաև գործընթացն առավել թափանցիկ դարձնելու նպատակով սահմանել վարույթների հարուցման առաջնահերթությունները՝ անձանց վիճակը վատթարացնող օրենքներին հետադարձ, հակասահմանադրական ուժ տալու առումով: Այս կապակցությամբ պետք է նշել, որ նույնիսկ հանձնաժողովի առաջարկությունները դատավորների լիազորությունները դադարեցնելուց հետո ընդունելու դեպքում, հաստատվելու են միայն խտրական վերաբերմունքի առկայությունը ու դրա հնարավոր չեզոքացումը հետագայում, մինչդեռ նույնիսկ դա չի վերացնելու պետության համար վերահաս մարտահրավերները՝ անձանց վիճակը վատթարացնող օրենքների հետադարձ հակասահմանադրական կիրառման առումով: Հուլիսի 3-ին դադարեցվել են նաև դատական իշխանությանը վերաբերող հարցերի մասին արտահայտվելու իրավասությունը պարբերաբար իրացրած դատավոր Դավիթ Հարությունյանի լիազորությունները: ԲԴԽ-ն առանց դատավորի կարծիքը հաշվի առնելու նախարար Մինասյանի միջնորդության հիման վրա ազատ խոսքի իրացման սահմաններին վերաբերող գործի քննությունը դռնփակ իրականացնելու մասին որոշում է կայացրել՝ նախապես հրապարակելով վերագրվող խախտման բնույթը դռնբաց դատական նիստում: Դատավորին զրկել են վերագրվող խախտման ու մյուս հարցերի վերաբերյալ  հրապարակային դիրքորոշում հայտնելու հնարավորությունից: Տվյալ պահին չանդրադառնալով աննախադեպ խախտումներին՝ հարկ է նշել, որ վարույթի քննությունն իրականացվել է ԲԴԽ ոչ օրինական կազմով՝ 4 ոչ դատավոր անդամի և 2 դատավոր անդամի մասնակցությամբ՝ Կարեն Անդրեասյանի սահմանած ու ընթացքում փոփոխվող կամայական կանոններով: Ավելին՝ միայն նիստերի արձանագրությամբ մասնավորապես՝ ապացուցվել է Կարեն Անդրեասյանի կողմից դիտավորությամբ խորհրդի անդամների մեծ մասից թաքուն վարույթին ներգրավված փաստաբաններին դատական նիստին մասնակցելու արգելք սահմանելու հրամանի արձակումը, իսկ նիստում արդեն բարձրաձայն ափսոսանք ու ցավի արտահայտումը՝ դատավորի և փաստաբանների բացակայության առթիվ՝ իրեն «շնորհելով» դատական նիստը նրանց բացակայությամբ շարունակելու՝ բոլոր փուլերը 17 րոպեում ավարտելու հնարավորություն: Կարեն Անդրեասյանն ամբողջ վարույթի ընթացքում դատավորին զրկելով վերագրվող խախտման վերաբերյալ դիրքորոշում հայտնելու հնարավորությունից, ԲԴԽ անդամների թողտվությամբ անհարգալից վերաբերմունք է դրսևորել նաև վերջիններիս նկատմամբ՝ նրանց բնորոշելով որպես ոչ ինքնուրույն՝ հանելով նրանց տված հարցերը և առաջարկությունները: Արդյունքում ԲԴԽ նախագահն ու մյուսները հավանաբար հիմք են ընդունել դատավորի՝ դատական համակարգին վերաբերող մտահոգությունների կապակցությամբ բազմիցս գրավոր և հրապարակային արտահայտված դիրքորոշումների վերաբերյալ բացառապես ֆինանսական գործընկերոջ՝ վարույթ հարուցելու որոշմամբ արված մեկնաբանությունը: Հարկ է նշել նաև, որ ԲԴԽ ոչ դատավոր անդամները, ովքեր չեն նշանակվել կամ ընտրվել թափանցիկ, արժեքային (որակավորման) չափանիշների հիման վրա և նշանակումներն անհամատեղելի են եղել Դատական խորհուրդների եվրոպական ցանցի (ENCJ) կողմից սահմանված չափանիշների, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) կողմից 2018 թվականին տրված խորհրդատվական հանձնարարականի հետ, ինչն արձանագրվել է նաև դատավորների Եվրոպական միության հունիսի 2-ի հայտարարությամբ, գործնականում ապացուցում են հեղինակավոր կառույցների մտահոգությունները. գործընթացներում դրսևորում են ոչ բարձր մասնագիտական պատրաստվածություն ու անկախության ցածր մակարդակ: Առավել մտահոգիչ է առանձին դատավոր անդամների վարքագիծը՝ անկախությունն ու ինքնուրույնությունը պահպանելու գործընթացում: Բարձրագույն դատական խորհրդի գործողությունները, առանձին անդամների վարքագիծը ոչ թե երաշխավորում են դատավորների անկախությունը և օրինակ հանդիսանում, այլ սպառանալիք են դատական իշխանության անկախության համար՝ տարածելով նաև ահաբեկման մթնոլորտ համակարգում: Դատավորների նկատմամբ վրեժխնդրությունն իրացնելուց զատ Կարեն Անդրեասյանը հուլիսի 3-ին հանդուգն ու բացահայտ անհարգալից վերաբերմունք է դրսևորել լրագրողների մասնագիտական գործունեության նկատմամբ՝ օրենքի ուժով դռնբաց դատական նիստում ակտերը հրապարակելու պարտականության ընթացքում դատական նիստերի դահլիճը պարտադրանքով փորձել են լցնել ԲԴԽ աշխատակազմի, ԲԴԽ անդամների օգնականներով և դեպարտամենտի աշխատակիցներով, իսկ դեպի նիստերի դահլիճ տանող ճանապարհն արգելափակել են կարգադրիչների երկշարք պատնեշով՝ լեփ լեցուն դահլիճի կեղծ պատրվակով արգելել են ներկա բոլոր լրատվամիջոցների և դատավորի ներկայացուցիչներից մեկի մուտքը դատական նիստերի դահլիճ: Ամփոփելով՝ հարկ եմ համարում կրկին ընդգծել, որ Կ.Անդրեասյանը բարձրագույն դատական խորհրդի ժամանակավոր անդամ է, խորհրդի գործունեության բացասական հետևանքները զգացնել են տալու տարիներ շարունակ, և այդ հետևանքների առաջին կրողները դատավորներն են ու հանրությունը, ուստի այսօր՝ Սահմանադրության օրը, կոչ եմ անում դատավորներին գործել բացառապես երկրի գլխավոր օրենքին համահունչ և կասկածելի ու հանցավոր արկածախնդիր, ոչ պրոֆեսիոնալ մարդկանց ձեռքին մանրադրամ չդառնալ»։
11:25 - 05 հուլիսի, 2023
Իրանի դեսպանը շնորհակալություն է հայտնել ՀՀ արդարադատության նախարարին դատապարտյալների փոխանցման և էքստրադիցիայի ոլորտում հաջողությունների համար

Իրանի դեսպանը շնորհակալություն է հայտնել ՀՀ արդարադատության նախարարին դատապարտյալների փոխանցման և էքստրադիցիայի ոլորտում հաջողությունների համար

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին, ով իր դիվանագիտական առաքելությունն է ավարտում Հայաստանում: Այդ մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից: Նախարար Մինասյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին Հայաստանում պաշտոնավարման չորս տարիների ընթացքում ձևավորված սերտ համագործակցության և երկու պետությունների արդարադատության նախարարությունների միջև ստեղծված գործընկերային ամուր հարաբերությունների համար: Նախարարը նշել է, որ վերջին շրջանում Հայաստանում դատապարտված 16 Իրանի քաղաքացիներից 5-ն օրերս փոխանցվել են ԻԻՀ՝ պատժի մնացած մասն իրենց երկրում կրելու նպատակով և գոհունակություն է հայտնել դատապարտյալների փոխացման ոլորտում շարունակական արդյունավետ համագործակցության համար: Դեսպանը շնորհակալություն է հայտնել արդարադատության նախարարին բարձր մակարդակի համագործակցության, մասնավորապես՝ դատապարտյալների փոխանցման, ինչպես նաև էքստրադիցիայի ոլորտում գրանցած հաջողությունների համար: Դեսպանն ընդգծել է Հայաստանի և Իրանի դատական համակարգերի միջև ձևավորված հաջող համագործակցության կարևորությունը՝ հույս հայտնելով, որ առաջիկայում իրավական հանձնախմբի նախատեսվող այցի ընթացքում կհաջողվի լուծել կողմերի միջև առկա իրավական խնդիրները: Դեսպանը նաև հույս է հայտնել, որ իրավական ոլորտում երկու պետությունների սերտ համագործակցության արդյունքում հնարավոր կլինի կանխել տարածաշրջանում թմրանյութերի շրջանառությունը: Գրիգոր Մինասյանը կարևորել է հայ-իրանական իրավական ոլորտի համագործակցությունը: Նախարարը վերահաստատել է, որ երկկողմ այցերը կրելու են շարունակական բնույթ՝ ամրապնդելով հայ-իրանական հարաբերությունները:
16:47 - 30 հունիսի, 2023
Արդարադատության նախարարը միջնորդել է ՄԻԵԴ վճռի հիմքով պատասխանատվության ենթարկել դատավորներին. Անդրեասյանին բացարկի միջնորդությունը մերժվեց

 |factor.am|

Արդարադատության նախարարը միջնորդել է ՄԻԵԴ վճռի հիմքով պատասխանատվության ենթարկել դատավորներին. Անդրեասյանին բացարկի միջնորդությունը մերժվեց |factor.am|

factor.am: Բարձրագույն դատական խորհրդում այսօր քննվում է Արդարադատության նախարարության միջնորդությունը` Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Աստղիկ Խառատյանին, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորներ Արտակ Բարսեղյանին և Տիգրան Պետրոսյանին 14 տարի առաջ կայացված դատական ակտի համար կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ: Նախարարությունը միջնորդել էր պատասխանատվության ենթարկել նաև Սնանկության դատարանի դատավոր Սամվել Թադևոսյանին, սակայն վերջինս գործի քննության մեկնարկից օրեր առաջ հրաժարականի դիմում է ներկայացրել: Այսօր Արտակ Բարսեղյանի ներկայացուցիչ Էմիլ Ամիրխանյանը Խորհրդի անդամ Կարեն Անդրեասյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց` նշելով, որ Անդրեասյանը տնտեսական շահ, ընկերական հարաբերություններ ունի միջնորդությունը հարուցած նախարար Գրիգոր Մինասյանի հետ: Աստղիկ Խառատյանի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանն էլ հիշեցրեց օրեր առաջ մամուլում շրջանառված տեսանյութը, որում երևում են Կարեն Անդրեասյանն ու Գրիգոր Մինասյանը` նույն սրճարանում միասին նստած, որտեղից հետո առանձին դուրս են գալիս: Միջնորդությունը, սակայն, մերժվեց: Նշենք, որ դատավորների նկատմամբ կարգապահական վարույթը հարուցվել է ««Շոլց ԱԳ» ընկերությունն ընդդեմ Հայաստանի» 2019 թ․ հունվարի 24-ին հրապարակված ՄԻԵԴ վճռի հիման վրա։ Ըստ գործի` Գերմանիայում գրանցված այս ընկերությունը դեռևս 1990-ական թվականներից սկսած Հայաստանում գրանցված «Ա. Սաֆարյան և Ասոշիեյթս» ՍՊԸ-ն կանոնավոր գնել է մետաղական ջարդոն, 1999 թ․ փետրվարի 8-ին, 2000 թ․ ապրիլի 10-ին և 2003թ ապրիլի 2-ին գերմանական վերոգրյալ ընկերությանը պատկանող մեկ այլ ընկերություն՝ «ՔեյԲիՔեյԷս» ընկերությունը ՍՊԸ-ի հետ պայմանագիր են կնքել, համաձայն որի՝ «Շոլց ԱԳ» և «ՔեյԲիՔեյԷս» ընկերությունները պետք է «Ա. Սաֆարյան և Ասոշիեյթս» ՍՊԸ-ին վճարեին կանխավճար՝ մետաղական ջարդոնի դիմաց, ինչպես նաև՝ 2002 թ . նոյեմբերի 8-ին դիմումատու ընկերությունը ՍՊԸ-ին վարկ է տրամադրել՝ 100.000 եվրոյի չափով, որը պետք է մարվեր մինչև 2003թ հունվարի 31-ը, սակայն պարզվել է, որ դիմումատուն ոչ միայն չի վերադարձրել գումարը, այլև չի կատարել դիմումատու ընկերության նկատմամբ իր պայմանագրային պարտավությունները, մասնավորապես, մատակարարել է ավելի քիչ մետաղական ջարդոն, քան եղել են կանխավճարները, որոնք արդեն ստացել էր։ 2005թ. հոկտեմբերի 28-ին դիմումատուի և ՍՊԸ-ի ներկայացուցիչների հաշվարկներ են իրականացրել, որով արձանագրվել է, որ տվյալ օրվա դրությամբ ՍՊԸ-ն դիմումատու ընկերությանը պարտք է 1 213 824 ԱՄՆ դոլար։ Բանակցությունների արդյունքում դիմումատու ընկերությունը համաձայնել է 613 824 ԱՄՆ դոլարի չափով ազատել պարտքից՝ պայմանով, որ ՍՊԸ-ն մարի պարտքի մնացած մասը, մասնավորապես՝ 600 000 ԱՄՆ դոլարը՝ համաձայն պարտքի վճարման ժամանակացույցի, որը սահմանվել էր երկու ընկերությունների տնօրենների կողմից նույն օրը ստորագրված առանձին համաձայնագրով։ Նշված համաձայնագրի համաձայն՝ ՍՊԸ-ն պարտավորվել էր պարտքը վճարել հինգ մասնաբաժիններով՝ առաջին վճարումը կատարելով մինչև 2005 թվականի դեկտեմբերի 15-ը, իսկ ժամանակացույցով սահմանված պարտավորությունները չկատարելու դեպքում ՍՊԸ-ն պարտավոր էր վերադարձնել ամբողջ պարտքը, իսկ նույն օրը կնքված մեկ այլ համաձայնագրով սահմանվել է 100 000 եվրոյի չափով վարկի և 10 000 եվրոյի չափով ապառքի մասով վճարման ժամանակացույցը։ Դրանում նաեւ նշվել է, որ վճարման ժամանակացույցը չպահպանելու դեպքում կվճարվի լրացուցիչ 6%։ ՍՊԸ-ն, սակայն, այս պարտավորությունները ևս չի կատարել։ Արդյունքում՝ դիմումատուն հայց է ներկայացրել Տնտեսական դատարան՝ ՍՊԸ-ից պահանջելով վերադարձնել ընդհանուր 1 516 442 ԱՄՆ դոլար եւ 116 600 եվրո, ներառյալ՝ պարտքի հիմնական գումարը, վարկի գումարը և երկուսի համար հաշվարկված տոկոսները, սակայն, Տնտեսական դատարանը, բավարարելով պատասխանող կողմի միջնորդությունը, թողել է հայցը առանց քննության՝ գտնելով, որ վեճի կարգավորման հարցը գտնվում է Արբիտրաժային տրիբունալի իրավազորության շրջանակում, դիմումատուն բողոքարկել է որոշումը, որը կրկին մերժվել է։ Արբիտրաժային տրիբունալը ևս հրաժարվել էր քննել հայցը, արդյունքում, հաշվի առնելով, որ Տնտեսական դատարանն արդեն լուծարվել է, «Շոլց ԱԳ» ընկերությունը 2008թ. հայց է ներկայացրել Երևանի քաղաքացիական դատարան, որը փոխանցվել է Երւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարան։ Նշված հայցը դատարանը թողել է առանց քննության՝ հղում կատարելով Տնտեսական դատարանի որոշմանը։ Այս որոշման դեմ վերաքննիչ բողոքը մերժվել է, իսկ վճռաբեկ բողոքը՝ վարույթ չի ընդունվել։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
11:58 - 28 հունիսի, 2023
«Դատավորները հնարավորություն կունենան իրենց ժամանակն ու ռեսուրսները հատկացնել իրական վեճեր լուծելուն»․ Գրիգոր Մինասյան |aravot.am|

«Դատավորները հնարավորություն կունենան իրենց ժամանակն ու ռեսուրսները հատկացնել իրական վեճեր լուծելուն»․ Գրիգոր Մինասյան |aravot.am|

aravot.am: Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում քննարկվում է Քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին եւ կից նախագծերի փաթեթը։ Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ասաց, որ փաթեթով առաջարկվում է ընդհանուր իրավասության դատարանին ենթակա գումարի բռնագանձման որոշ քաղաքացիական գործեր հանձնել նոտարների իրավասությանը։ Ըստ նախարարի՝ նման գործերով դատավորն, ըստ էության, արդարադատություն չի իրականացնում, վեճ չի լուծում։ «2020-2022 թվականներին ընդհանուր իրավասության դատարան է ներկայացվել 441 հազար հայցադիմում, որից մոտավորապես 395 հազարը եղել են հենց նմանատիպ գործեր։ Այս գործերն այժմ քննում են դատարանում, եւ օրենքը սահմանում է, որ այս վեճերը պետք է լուծարվեն երեք ամսվա ընթացքում։ Եվ ստացվում է, որ դատարանները ծանրաբեռնվում են այս փոքր գործերով, ինչի հետեւանքով տուժում են նույն դատավորի վարույթում գտնվող այլ կարեւոր գործերը։ Նշված պատճառով կառավարության ծրագրով կարեւորվեց փոքր գործերը դուրս բերել դատարաններից եւ մտածել դրանց այլընտրանքային լուծումների մասին։ Այս քայլին գնալով՝ դատավորներն արդեն հնարավորություն կունենան իրենց ժամանակն ու ռեսուրսները հատկացնել իրական վեճեր լուծելուն»,- ասաց նա։
13:08 - 26 հունիսի, 2023
Այս տարվա վերջին հայեցակարգ կունենանք. Գրիգոր Մինասյանը՝ սահմանադրական փոփոխությունների մասին |news.am|

Այս տարվա վերջին հայեցակարգ կունենանք. Գրիգոր Մինասյանը՝ սահմանադրական փոփոխությունների մասին |news.am|

news.am: ՀՀ սահմանադրական փոփոխությունների նախագծի հայեցակարգը նախատեսվում է ունենալ արդեն այս տարվա վերջին։ Այս մասին այսօր՝ հունիսի 22-ին, կառավարության նիստից հետո ճեպազրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։ «Պլանավորում ենք այս տարվա վերջ հայեցակարգն ունենալ, քանի որ ապահովում ենք մասնակցայնություն, այսինքն՝ ի տարբերություն նախորդ նման պրոցեսների՝ գործադիրը չէր որոշում տեմպը, օրակարգը, այլ հասարակական կազմակերպությունների հետ, քաղաքական թիմերի հետ»,– ասաց Մինասյանը։ Հիշեցնենք՝ 2015 թվականի փոփոխությունների արդյունքում սահմանված կարգով 2018 թվականի ապրիլի 9-ից՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի պաշտոնը ստանձնելու օրվանից, Հայաստանի Հանրապետությունը կիսանախագահական կառավարման ձեւից անցել է խորհրդարանական կառավարման ձեւի: Փաշինյանը հայտարարել էր, թե Հայաստանը պիտի շարունակի պահպանել կառավարման խորհրդարանական համակարգը, որովհետեւ 2021 թվականի իրադարձություններն ապացուցեցին, որ այս համակարգը ճգնաժամեր կառավարելու, քաղաքական բանավեճին ժողովրդի ներգրավման ու վճռական մասնակցության ավելի գործուն մեխանիզմներ է ապահովում։
13:37 - 22 հունիսի, 2023
Բոլորը պատժվելու են, եթե կատարել են հանցագործություն. Մինասյանը՝ ՀՀ 2-րդ և 3-րդ նախագահների՝ ազատության մեջ լինելու մասին |1lurer.am|

Բոլորը պատժվելու են, եթե կատարել են հանցագործություն. Մինասյանը՝ ՀՀ 2-րդ և 3-րդ նախագահների՝ ազատության մեջ լինելու մասին |1lurer.am|

1lurer.am: Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը (Հռոմի ստատուտ) առաջիկայում ՀՀ կառավարությունը կներկայացնի Ազգային ժողովի վավերացմանը: «Հռոմի ստատուտի հետ կապված՝ անցած շաբաթ աշխատակազմը, արդեն պատասխանելով ԶԼՄ հարցադրումներին, ներկայացրեց, որ առաջիկայում ուղարկելու է, կարծեմ շաբաթների հարց է»,- Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը: Ինչ վերաբերում է ՀՀ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի՝ ազատության մեջ լինելուն, Գրիգոր Մինասյանն ասաց. «Ես համարում եմ, որ մեր երկրում անկախ նրանից, թե դու որ ժամանակաշրջանի պետական աշխատող ես եղել, և նաև անկախ նրանից, թե ում թիմից ես եղել, բոլորը պատժվելու են, եթե կատարել են հանցագործություն, և մեծ, ծանր գործերի դեպքում ավելի ծավալուն աշխատանք է սպասվում: Ինչն է լավ. որ գնալով՝ իրավապահ համակարգը է՛լ ավելի պրոֆեսիոնալ է դառնում, և ավելի դժվար է լինում սողանցքերով պատասխանատվությունից խուսափելը»:
13:11 - 22 հունիսի, 2023
«Բամբասանքներ են»․ արդարադատության նախարարը՝ Կարեն Անդրեասյանի դեմ ԱԱԾ-ում հարուցված քրգործի լուրերի մասին

«Բամբասանքներ են»․ արդարադատության նախարարը՝ Կարեն Անդրեասյանի դեմ ԱԱԾ-ում հարուցված քրգործի լուրերի մասին

Բամբասանքներ են: Այսպես արձագանքեց ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը հարցին, թե արդյո՞ք ԱԱԾ-ում Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանի դեմ հարուցված քրեական գործ կա։ «ԶԼՄ-ի հայտարարությունները բամբասանքներ են, ոչ ավելին։ Ուղղակի պաշտպանվող կողմը բոլոր ձևերով ուզում է այս ակնհայտ կարգապահական գործի հետ կապված ինչ-որ մեկնաբանություններ անել։ Նորմալ է, իրենք էլ իրենց պաշտպանողական ստրատեգիայի շրջանակում են գործում»,- ասաց Մինասյանը լրագրողների հետ զրույցում։ ՀՀ արդարադատության նախարարի խոսքով լուրերը տարածողներն անգամ ընթացակարգերը չգիտեն, թե որոնք են ԲԴԽ անդամի հետ կապված կարգավորումները։ Նշենք, որ Oragir.News-ը գրել էր, թե իրենց տեղեկություններով Ազգային անվտանգության ծառայությունում քրեական գործ է հարուցված ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի դեմ՝ լիազորությունների չարաշահման հոդվածով, և որ Անդրեասյանին, հնարավոր է կալանավորեն։ Գործն, ըստ լրատվամիջոցի, հարուցված է Վերաքննիչ քրեական դատարանում «ստվերային նախագահ» ընտրելու դեպքի առթիվ։ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը չի մեկնաբանել իր նկատմամբ Ազգային անվտանգության ծառայությունում վարույթ նախաձեռնելու մասին լուրը:
12:52 - 22 հունիսի, 2023
Արշակ Վարդանյանին բացարկի միջնորդությունը բավարարվել է. ինչ կազմով է ԲԴԽ-ն քննում դատավոր Դավիթ Հարությունյանի վերաբերյալ կարգապահական գործը
 |factor.am|

Արշակ Վարդանյանին բացարկի միջնորդությունը բավարարվել է. ինչ կազմով է ԲԴԽ-ն քննում դատավոր Դավիթ Հարությունյանի վերաբերյալ կարգապահական գործը |factor.am|

factor.am: Դատավոր Դավիթ Հարությունյանի վերաբերյալ կարգապահական վարույթով Արդարադատության նախարարության ներկայացուցիչները երեկ բացարկի միջնորդություն են ներկայացրել ԲԴԽ դատավոր անդամ Արշակ Վարդանյանին: Ըստ Արդարադատության նախարարության` դատավոր Դավիթ Հարությունյանն ու Արշակ Վարդանյանը ընկերական հարաբերություններ ունեն, ուստի Վարդանյանը չի կարող անաչառ լինել Հարությունյանի կարգապահական գործով: Բարձրագույն դատական խորհուրդը այս միջնորդությունը բավարարել է: Հատկանշական է, որ Դավիթ Հարությույանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությունը ԲԴԽ-ին ներկայացրել է Արդարադատության նախարարությունը, իսկ նախարարը Կարեն Անդրեասյանի մտերիմ ընկեր Գրիգոր Մինասյանն է, սակայն այս ընկերական հարաբերությունները ԲԴԽ-ի համար, փաստորեն, խնդրահարույց չեն: Նշենք, որ ԲԴԽ-ում այսօր շարունակվում է Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի վերաբերյալ կարգապահական վարույթի քննությունը: Երեկ տեղի ունեցած խորհրդի նիստի ընթացքում Խորհրդի դատավոր անդամ Նաիրա Հովսեփյանն ինքնաբացարկ է հայտնել` նշելով , որ Հարությունյանի հետ ընտանեկան ջերմ հարաբերություններ ունի: Խորհրդի մեկ այլ անդամ` Մեսրոպ Մակյանը, օրեր առաջ հրաժարականի դիմում է ներկայացրել: Խորհրդի անդամ Դավիթ Խաչատուրյանը, թեև երեկվա նիստին մասնակցել է, բայց այսօր գործուղման է։ Այսինքն` այս պահին ԲԴԽ-ն 6-հոգանոց կազմով է քննում Հարությունյանի վերաբերյալ գործը, որոնց թվում` 2 դատավոր անդամ և 4 գիտնական: Խորհրդի կազմում են ՀՀ դատավորներ Արթուր Աթաբեկյանը, Կարեն Անդրեասյանի սանիկ Քրիստինե Մկոյանը, գիտնական անդամներ Երանուհի Թումանյանցը, որը Կարեն Անդրեասյանի՝ ՄԻՊ և Արդարադատության նախարար եղած ժամանակ նրա տեղակալն է եղել, Վիգեն Քոչարյանը, Քննչական կոմիտեի նախնին նախագահ Հայկ Գրիգորյանը:  
14:36 - 20 հունիսի, 2023
Կարեն Անդրեասյանն ինքնաբացարկ չհայտնեց 4 դատավորի պատասխանատվության ենթարկելու գործով
 |aysor.am|

Կարեն Անդրեասյանն ինքնաբացարկ չհայտնեց 4 դատավորի պատասխանատվության ենթարկելու գործով |aysor.am|

aysor.am: ԲԴԽ-ն մերժեց Կարեն Անդրեասյանին ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ միջնորդությունը։ Նրան ինքնաբացարկի միջնորդություն էին ներկայացրել դատավորների ներկայացուցիչները, որոնց կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցն է քննարկվում։ Հայտարարվեց, որ Կարեն Անդրեասյանը, լինելով Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի մտերիմ ընկերը, չի կարող անաչառ մոտենալ այս հարցով որոշմանը։  Նշենք, որ դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդություն ներկայացրել է Արդարադատության նախարարությունը։ Հիշեցնենք՝ ԲԴԽ-ում մեկնարկել է Սնանկության դատարանի դատավոր Սամվել Թադևոսյանին, Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Աստղիկ Խառատյանին, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորներ Արտակ Բարսեղյանին և Տիգրան Պետրոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ գործի քննությունը։ Վարույթի հիմքում ՄԻԵԴ վճիռներից մեկն է, այս անգամ՝ 2019 թվականի հունվարի 24-ի վճիռը:
17:08 - 19 հունիսի, 2023
Սա ճնշում է դատարանի վրա 4-րդ իշխանության կողմից. որեւէ հարցի չեմ  պատասխանելու. Կարեն Անդրեասյան
 |news.am|

Սա ճնշում է դատարանի վրա 4-րդ իշխանության կողմից. որեւէ հարցի չեմ պատասխանելու. Կարեն Անդրեասյան |news.am|

news.am: Բարձրագույն դատական խորհրդում դատավոր Դավիթ Հարությունյանի վերաբերյալ կարգապահական վարույթի քննության ավարտից հետո, երբ փաստաբաններն ու լրագրողները դեռևս ԲԴԽ շենքի դիմաց էին, ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը ՊՊԾ աշխատակիցների ուղեկցությամբ դուրս եկավ շենքից։ Լրագրողները նրանից փորձեցին պարզաբանումներ ստանալ, թե ինչու է Դավիթ Հարությունյանի վերաբերյալ գործը դռնփակ քննվում, նաև ուղղեցին դատական համակարգի վերաբերյալ այլ հարցեր։ Անդրեասյանը, սակայն, հայտարարեց, որ չպատասխանելն իր սահմանադրական իրավունքն է։ «Սա ճնշում է դատարանի վրա՝ 4-րդ իշխանության կողմից»,-  ասաց Կարեն Անդրեասյանը, ապա հայտարարեց, որ լրագրողներն իրավունք չունեն իրեն հետապնդելու, և երբ ինքը հրաժարվում է հարցերի պատասխանել, իրավունք չունեն ստիպել, ճնշել հարցազրույց տալ։ «Որևէ մեկի աշխատանքը մի խոչընդոտեք, դուք իրավունք չունեք խոչընդոտել իմ շարժը. Ես հայտնում եմ, որ որևէ հարցի չեմ պատասխանելու, դա իմ իրավունքն է: Ընթացիկ գործի մասին սա դատավորի վրա ճնշում է: Ես հանդես եմ գալիս որպես դատարան, հիմա դուք լրագրողներով փորձ եք անում ճնշել ինձ: Երբ ես ցանկություն ունենամ որպես դատավոր ընթացիկ նիստից իմ կարծիքները հայտարարել, ես դա կանեմ դատական նիստերի ընթացքում: Դուք խառնում եք իմ նախկին քաղաքական գործունեությունը իմ դատավորի աշխատանքի հետ: Սա ճնշում է դատարանի վրա 4-րդ իշխանության կողմից»,-ասաց նա: Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե Կարեն Անդրեսյանին էլ մեղադրում են դատավորի գործունեությունը քաղաքական գործունեության հետ խառնելու մեջ, ԲԴԽ նախագահն ասաց՝ «զրպարտության և սուտ մատնության դիմելուց առաջ ամեն մարդ պետք է մտածի՝ ինչ է խոսում»։ Անդրեասյանը նաև նշեց, որ քանի դեռ ինքը ԲԴԽ նախագահն է, հարցազրույց չի տալու։ Նշենք, որ ԲԴԽ նիստում այսօր՝ քննվում էր Դավիթ Հարությունյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հարցը: Հաջորդ նիտը կլինի վղը՝ ժամը 10-ին: Նշենք, որ այսօր ԲԴԽ նիստում քննվում էր դատավոր Դավիթ Հարությունյանին Հիշեցնենք Արդարադատության նախարարությունը կարգապահական վարույթ է հարուցել Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի նկատմամբ։ Ըստ Նախարարության Հարությունյանը թույլ է տվել դատավորի վարքագծի կանոնների խախտում։ Մասնավորապես, Նախարարությունը միջնորդության մեջ նշել է, որ Դավիթ Հարությունյանը խախտել է Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 6-րդ և 8-րդ կետերի խախտումներ։ Նշված կետերը սահմանում են, որ ցանկացած գործունեություն իրականացնելիս և բոլոր հանգամանքներում դատավորը պարտավոր է զերծ մնալ դատական իշխանությունը վարկաբեկող, ինչպես նաև դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսևորելուց, զերծ մնալ դատարանի գործողությունները, դատական ակտերը հրապարակայնորեն կասկածի տակ առնելուց (բացառությամբ օրենքով նախատեսված կամ գիտական ազատության շրջանակում իրականացվող մասնագիտական գործունեության դեպքերի), ինչպես նաև զերծ մնալ այնպիսի հայտարարություն անելուց կամ վարքագիծ դրսևորելուց, որը վտանգում կամ կասկածի տակ է առնում դատավորի կամ դատարանի անկախությունը և անաչառությունը։ Հավելենք, որ ըստ helpcourt համակարգի` Դավիթ Հարությունյանը ամենաբարձր վարկանիշ ունեցող դատավորներից է։
14:54 - 19 հունիսի, 2023
Դատարանները կբեռնաթափվեն շուրջ 80 տոկոսով․ Գրիգոր Մինասյանը ներկայացրեց նախագիծը
 |armenpress.am|

Դատարանները կբեռնաթափվեն շուրջ 80 տոկոսով․ Գրիգոր Մինասյանը ներկայացրեց նախագիծը |armenpress.am|

armenpress.am: Այսուհետ բանկերը, վարկային կազմակերպությունները և կոմունալ ծառայություններ մատուցող ընկերությունները քաղաքացիական հայցադիմում չեն ներկայացնելու դատարան, այլ գնալու են նոտարի մոտ, որն իր հերթին հայցադիմումը էլեկտրոնային եղանակող ուղարկելու է Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն։ Կառավարության նիստի ժամանակ համապատասխան նախագիծը ներկայացրեց Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։ Նա նշեց, որ խոսքը մինչև 2 միլիոն դրամի վճարում չկատարելու գործերի մասին է, որը կազմում է քաղաքացիական գործերի 90 տոկոսը։ «Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ 2000-2022 թվականի ընթացքում ընդհանուր իրավասության դատարան 441 հազար քաղաքացիական վեճերով հայցադիմում է ներկայացվել, որից 395 հազարը փոքր բռնագանձման գործեր են։ Ստացվում է, որ գրեթե 90 տոկոսը մեր դատարանների ծանրաբեռնված է գործերով, որոնք, ըստ էության, իրենցից արդարադատություն չեն ներկայացնում, այլ գրավոր գործարքի հիման վրա կողմերի միջև վեճը ուղղակի դատավորը վերցնում է, պայմանագիրը նայում է և հաստատում է։ Այդ գործերի 95 տոկոսը չեն էլ բողոքարկվում, որովհետև քաղաքացիների մեծ մասը համաձայն են, գիտեն, որ պարտք ունեն։ Մենք այս փոփոխությամբ բեռնաթափում ենք դատարանները շուրջ 80 տոկոսով։ Այսուհետ բանկերը, վարկային կազմակերպությունները և կոմունալ ծառայություններ մատուցող ընկերությունները չեն կարողանալու գնալ դատարան, այլ գնալու են նոտարի մոտ, նոտարը հաստատելու է, այնուհետև թվային գործիքներով գործն ուղարկելու է հարկադիր կատարման ծառայություն։ Բայց նաև մեր քաղաքացիներին հնարավորություն ենք տալիս բողոքարկել գործերը»,- ասաց Մինասյանը։ Արդարադատության նախարարը նաև օրինակ բերեց, թե ինչպես է այսուհետ գործելու օրենքը։ «Երբ, օրինակ, բանկը կամ կոմունալ ծառայությունն արդեն տեսնում է, որ պարտավորությունը կատարված չէ, ուղարկում է նոտարին, նոտարը 7-օրյա ժամկետում էլեկտրոնային եղանակով ծանուցում է քաղաքացուն, եթե քաղաքացին վճարում է, գործը փակվում է և ընթացք չի տրվում, իսկ եթե վճարում չի լինում, վճարման կարգադրություն է ուղարկվում հարկադիր կատարման ծառայություն․  այդ գործընթացը տևելու է մեկ ամիս։ Հիմնականում դրանք բանկային փոքր վարկերն են և կոմունալ ծառայությունների վճարներն են»,- ասաց Մինասյանը։
14:05 - 16 հունիսի, 2023
ԵԽ գլխավոր քարտուղարի հետ Գրիգոր Մինասյանը քննարկել է Արդարադատության ոլորտում ընթացող բարեփոխումները

ԵԽ գլխավոր քարտուղարի հետ Գրիգոր Մինասյանը քննարկել է Արդարադատության ոլորտում ընթացող բարեփոխումները

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը Ստրասբուրգում հանդիպել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ: Արդարադատության նախարարության հաղորդագրության համաձայն՝ նախարարը, կորևորելով ԵԽ հետ համագործակցությունը, նշել է, որ ԵԽ-ի հիմնասյուները հանդիսացող մարդու իրավունքների պաշտպանությունը և ժողովրդավարության ու օրենքի գերակայության ամրապնդումը հեղափոխությունից հետո Կառավարության կողմից հռչակվել են պետական քաղաքականության մշակման և ժողովրդավարական կառուցակարգերի զարգացման անկյունաքարային և բացարձակ ուղնիշներ։ «Նախարարն առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել 2020-2022թթ. ռազմական գործողությունների դադարեցման, ռազմագերիների և պահված անձանց ապօրինի կալանավորման, Լաչինի միջանցքի շրջափակման և տարածաշրջանային իրավիճակի հետագա վատթարացման կապակցությամբ տիկին Պեյչինովիչի կողմից արված հայտարարությունների համար: Գրիգոր Մինասյանն ընդգծել է, որ ՀՀ-ԵԽ 2019-2022թթ․ գործողությունների ծրագիրն առանցքային գործիք է եղել Կառավարության բարեփոխումների լայնածավալ օրակարգում և ըստ էության անդրադարձել է արդարադատության ոլորտում ընթացող բարեփոխումների օրակարգի ողջ սպեկտրին: Միաժամանակ, նախարարը կարևորվել է ՀՀ-ԵԽ նոր 2023-2026թթ. գործողությունների ծրագրով համատեղ շարունակական աշխատանքների իրականացումն այնպիսի կարևորագույն ոլորտներում, ինչպիսիք են դատաիրավական համակարգի հետագա բարեփոխումները, ՄԻԵԴ վճիռների կատարումը, քրեակատարողական և պրոբացիոն համակարգերի բարեփոխումները, մարդու իրավունքների պաշտպանության և գենդերային հավասարության ապահովման իրավական և ինստիտուցիոնալ շրջանակները և այլն: Կողմերը քննարկել են նաև Արդարադատության նախարարության և ԵԽ մարմինների ու կոմիտեների հետ ընթացիկ աշխատանքները: Մասնավորապես, քննարկվել է Վենետիկի հանձնաժողովի հետ համագործակցությունը դատական և իրավական բարեփոխումների օրակարգի շրջանականերում: Հատուկ անդրադարձ է կատարվել Եվրոպայի խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի (ԳՐԵԿՈ) հետ կատարված լայնածավալ աշխատանքին: Տիկին Պեյչինովիչը բարձր է գնահատել Հայաստանի վերաբերյալ գնահատման չորրորդ փուլի զեկույցի հանձնարարականների լույսի ներքո կոռուպցիայի կանխարգելման ոլորտում Հայաստանի ձեռքբերումները, ինչի արդյունքում Հայաստանը դուրս է եկել ԳՐԵԿՈ-ի գնահատման անհամապատասխանության գործընթացից: Քննարկել են նաև Հայաստանի կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները և ԵԽ-ի միջազգային իրավական գործիքների շրջանակներում համագործակցությունը: Նախանշվել են առաջիկայում կայանալիք բարձրաստիճան հանդիպումներն ու միջոցառումները, ինչպես նաև ԵԽ-Հայաստան համագործակցության հեռանկարները»,- ասված է հաղորդագրության մեջ։
17:29 - 13 հունիսի, 2023
Վենետիկի հանձնաժողովի նախագահ Կլեր Բազի Մալորիի հետ արդարադատության նախարարը քննարկել է Հայաստանում ընթացող դատաիրավական և սահմանադրական բարեփոխումները

Վենետիկի հանձնաժողովի նախագահ Կլեր Բազի Մալորիի հետ արդարադատության նախարարը քննարկել է Հայաստանում ընթացող դատաիրավական և սահմանադրական բարեփոխումները

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը Ստրասբուրգ կատարած այցի շրջանակում հանդիպել է «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով)» նախագահ Կլեր Բազի Մալորիի և Վենետիկի հանձնաժողովի քարտուղար Սիմոնա Գրանատա-Մենգինիի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ Արդարադատության նախարարությունից։ Նախարար Մինասյանը կարևորվել է Վենետիկի հանձնաժողովի աշխատանքը և նրա ներդրումը Հայաստանում ընթացող դատաիրավական և սահմանադրական բարեփոխումներին: Նախարարը հատուկ անդրադարձ է կատարել Հանձնաժողովի գործուն աջակցությամբ վերջին տարիներին Հայաստանի համար անկյունաքարային հանդիսացող իրավակիրառ հարցերի լուծումներին՝ կապված Սահմանադրական դատարանի նոր մոդելի իրագործման, դատավորների անհամատեղելիության մեխանիզմների և կարգապահական վարույթների, ինչպես նաև և այդ վարույթների արդյունքում ընդունված որոշումների բողոքարկման մեղանիզմների կարգավորման հետ: Կողմերը քննարկել են նաև ներկայումս ընթացող լայանածավալ դատական և իրավական բարեփոխումների օրակարգի շրջանականերում Հանձնաժողովի հետ համագործակցության և դրա շրջանակների ընդլայնման հնարավորությունները: Վենետիկի հանձնաժողովի նախագահ Բազի Մալորին բարձր է գնահատել Արդարադատության նախարարության հետ համագործակցության մակարդակը և շնորհակալություն հայտնել Հանձնաժողովի կողմից ներկայացվող կարծիքների նկատմամբ ցուցաբերված հետևողականության համար: Ամփոփելով՝ կողմերը երկուստեք վստահություն են հայտնել, որ Հանձնաժողովի հետ համագործակցությունը շարունակելու է իր նշանակալի ներդրումը գրանցել Հայաստանում դատական իշխանության անկախության ամրապնդման և իրավական ինստիտուտների զարգացման գործում։
09:46 - 13 հունիսի, 2023