ԵՄ

Եվրոպական միությունը (ԵՄ) իրավունքի քաղաքական համայնք է, որի նպատակն է Եվրոպայի երկրների ու ժողովուրդների ինտեգրման ու կառավարման գործառույթի կազմակերպումը: Հիմնվել է 1993 թվականի նոյեմբերի 1-ին, բաղկացած է եվրոպական 27 երկրներից։ ԵՄ կառույցներն են Եվրոպական խորհրդարանը, Եվրամիության խորհուրդը, Եվրոպական խորհուրդ, Եվրոպական խորհուրդ, Եվրամիության Արդարադատության դատարանը, Հաշիվների դատարանը, Եվրոպական կենտրոնական բանկը։

Լիսաբոնյան համաձայնագրի ընդունմամբ՝ Եվրոպական արտաքին գործերի ծառայության պատասխանատվության տակ անցան Եվրոպական միությունը և իր քաղաքացիներին ներկայացնող 140 պատվիրակությունները և գրասենյակները:

Հայաստանում Եվրոպական միության դեսպանն ու ԵՄ պատվիրակության ղեկավարն է Ն.Գ. Անդրեա Վիկտորին։

«Դավոսը» վերադառնում է․ արդյո՞ք համաշխարհային էլիտան նկատել է, որ աշխարհը փոխվել է․ CNN

«Դավոսը» վերադառնում է․ արդյո՞ք համաշխարհային էլիտան նկատել է, որ աշխարհը փոխվել է․ CNN

Շվեյցարական Դավոս քաղաքում անցկացվում է Համաշխարհային տնտեսական համաժողովը։ Դրա շրջանակում քննարկվելու են իրավիճակն Ուկրաինայում, անհետաձգելի հումանիտար հարցերն ու անվտանգության խնդիրները, համավարակից հետո տնտեսության վերականգնումը և կլիմայական փոփոխությունների դեմ պայքարը։ Համաժողովին ներկա չի լինի ռուսական պատվիրակությունը, քանի որ Ուկրաինա ներխուժման պատճառով Ռուսաստանի դեմ ԱՄՆ և ԵՄ պատժամիջոցների ֆոնին համաժողովը կասեցրել է ՌԴ հետ հարաբերությունները։ CNN-ը գրում է Դավոսում քննարկվելիք խնդիրների մասին։ Հոդվածը ներկայացնում ենք կրճատումներով։ «Վերջին անգամ, երբ առաջատար քաղաքական գործիչները, ընկերությունների ղեկավարներն ու միլիարդատերերը հավաքվել էին շվեյցարական այս լեռնային քաղաքում՝ քննարկելու հասարակության ամենամեծ խնդիրներն ու ներկայացնելու իրենց լուծումները, Չինաստանում կորոնավիրուսի բռնկումը ոչ այլ ինչ էր, քան հեռավոր սպառնալիք։ Տնտեսությունը եռում էր, իսկ ամենախոշոր հակամարտությունը Եվրոպայում ներառված չէր որևէ մեկի՝ լուրջ ռիսկերի ցանկում։ Ավելի քան երկու տարի անց աշխարհը գլխիվայր շուռ եկավ Covid-19-ի համավարակի և Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման պատճառով։ Սակայն շվեյցարական Դավոս ժամանած հարուստ և ազդեցիկ անձանց համար քիչ բան է փոխվել։ Համաժողովը կոչված է միավորելու կարևոր մարդկանց՝ արդիական խնդիրերի համար լուծում գտնելու։ Այդ խնդիրներից են անհավասարությունը, կլիմայի փոփոխությունները, տեխնոլոգիաների ապագան և աշխարհաքաղաքական կոնֆլիկտը։ Սակայն, խնդիրների լուծման համար աշխարհի ամենահարուստ մարդկանցից ոմանց այս համաժողովին հրավիրելու տրամաբանությունը մեր օրերում էլ ավելի անկատար է։ Oxfam-ի՝ հունվարին հրապարակած հաշվետվության համաձայն՝ համավարակի ընթացքում միլիարդատերերն իրենց կարողությունն ավելացրել են 5 տրլն դոլարով։ Իսկ տասնյակ միլիոնավոր մարդիկ ողջ աշխարհում հայտնվել են ծայրահեղ աղքատության մեջ համաշխարհային տնտեսության կանգի պատճառով։ Ֆինանսական շուկայում այս տարվա զեղչված գներով վաճառքները հարվածել են գերհարուստների գրպանին։ Սակայն սա չի սփոփի զարգացած և զարգացող երկրների այն մարդկանց, որոնք վերջին տասնամյակներում կենսաապահովման վատթարագույն ճգնաժամին են բախվել։ Սննդամթերքի և վառելիքի գների սրընթաց աճն արդեն հանգեցնում է սովի և զրկանքների, անկայունություն բերում, ցույցեր առաջացնում։ 2022 թ․-ի համաժողովը պլանվորվում էր անցկացնել հունվարին, սակայն այն հետաձգվել էր կորոնավիրուսի «օմիկրոն» շտամի տարածման պատճառով։ Մինչ կազմակերպիչները նախապատրաստում էին գարնանային հանդիպումը, ծանրաքաշ մասնակիցներից շատերի մոտ ժամանակացույցի խնդիրներ էին առաջանում, ոմանք էլ հրաժարվում էին մասնակցությունից։ ԱՄՆ խոշորագույն JPMorgan Chase բանկի գլխավոր տնօրեն Ջեյմի Դայմոնը չի մասնակցելու միջոցառմանը գրաֆիկի պատճառով, իսկ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, որը մեծ ելույթ էր ունեցել Դավոսի 2017 թ․-ի համաժողովում, այցով գտնվելու է Հարավային Կորեայում և Ճապոնիայում։ Չինաստանի ներկայությունը զգալիորեն կրճատվել է․ նրա խոշոր քաղաքները դեռևս համակված են կորոնավիրուսով: Գլխավոր իրադարձությունն, ըստ ամենայնի, լինելու է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի ելույթը երկուշաբթի օրը, որի ներկայությունն ակնկալվում է տեսակապի միջոցով։ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն ու Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը նույնպես ելույթ կունենան եկող շաբաթվա վերջում․ դրանցում բարձրացված հարցերը մանրամասն կքննարկվեն, քանի որ Եվրամիության երկրները փորձում են պայմանավորվածության գալ ռուսական նավթի էմբարգոյի շուրջ։ Նախկինում ռուսաստանցի քաղաքական գործիչներն ու օլիգարխները Դավոսի անքակտելի մասն էին։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեռ անցյալ տարի է ելույթ ունեցել առցանց ձևաչափով անցկացված Համաշխարհային տնտեսական համաժողովում, նա հրավիրվել էր նաև համաժողովի մասնակիցների առջև ելույթ ունենալու 2015 թ․-ին՝ այն բանից հետո, երբ Ռուսաստանը բռնակցել էր Ղրիմը։ 2020 թ․-ին մասնակիցների թվում էին «Լուկոյլի», «Սբերբանկի» և «Յանդեքսի» ղեկավարներն, ինչպես նաև ՌԴ էներգետիկայի նախարարը։ Այս տարի Պուտինը չի մասնակցելու համաժողովին, ինչպես նաև ռուսաստանցի ոչ մի պաշտոնյա, մագնատ կամ ղեկավար։ Մինչդեռ ծրագրով նախատեսվում է այնպիսի հարցերի քննարկում, ինչպիսիք են «Սառը պատերազմ 2.0»-ն և «Վերադարձը պատերազմին»»։   Նորա Վանյան
21:01 - 22 մայիսի, 2022
Փաշինյանն ու Միշելը հանդիպմանը հույս են հայտնել, որ այսօրվա եռակողմ բանակցությունները կլինեն արդյունավետ

Փաշինյանն ու Միշելը հանդիպմանը հույս են հայտնել, որ այսօրվա եռակողմ բանակցությունները կլինեն արդյունավետ

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից։ «Զրուցակիցներն անդրադարձել են այսօր նախատեսված Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը և կարևորել երկխոսության շարունակականությունը: Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, հումանիտար խնդիրներն ու ընդգծել դրանց լուծման անհրաժեշտությունը: ՀՀ վարչապետը և Շառլ Միշելը մտքեր են փոխանակել նախորդ տարվա դեկտեմբերի 14-ին, ինչպես նաև ընթացիկ տարվա ապրիլի 6-ին Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքի վերաբերյալ: Կողմերը հույս են հայտնել, որ այսօրվա եռակողմ բանակցությունները կլինեն արդյունավետ, ինչը կնպաստի կայունությանն ու խնդիրների համապարփակ կարգավորմանը: Նիկոլ Փաշինյանը և Շառլ Միշելը քննարկել են նաև Հայաստան-ԵՄ երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր, մասնավորապես, ԵՄ-ի կողմից Հայաստանի համար հայտարարված 2.6 միլիարդ եվրոյի տնտեսական և ներդրումային փաթեթի իրականացման ընթացքը»,- նշված է հաղորդագրության մեջ։ Նշենք, որ Բրյուսելում տեղի է ունենալու նաև եռակողմ հանդիպում Փաշինյանի, Միշելի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև։
20:47 - 22 մայիսի, 2022
Ուկրաինան իր ապագան որոշելու իրավունք ունի․ Լեհաստանի նախագահը՝ Ուկրաինայի Գերագույն ռադայում

Ուկրաինան իր ապագան որոշելու իրավունք ունի․ Լեհաստանի նախագահը՝ Ուկրաինայի Գերագույն ռադայում

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան այսօր ելույթ է ունեցել Ուկրաինայի Գերագույն ռադայում, հայտնում է Liga.net-ը։ Դուդան օտարերկրյա առաջին նախագահն է, որը ելույթ է ունեցել Ուկրաինայի խորհրդարանում ռուսական ներխուժումից ի վեր։ «Այսօր ազատ աշխարհի դեմքն Ուկրաինան է», - ասել է նա։ «Ձայներ են հայտնվել, որոնք ասում են, թե Ուկրաինան պետք է զիջի Պուտինի պահանջներին։ Սակայն միայն Ուկրաինան իրավունք ունի որոշելու իր ապագան», - ընդգծել է Լեհաստանի նախագահը։ Reuters-ը գրում է, որ ռուսական ներխուժումից հետո Վարշավան իրեն դրսևորել է՝ որպես Կիևի հավատարիմ դաշնակիցներից մեկը։ Լեհաստանը Ռուսաստանի դեմ խիստ պատժամիջոցների կողմնակից է և ակտիվորեն սատարում է Եվրամիությանն Ուկրաինայի անդամակցությունը։ «Չեմ հանգստանա, մինչև որ Ուկրաինան Եվրամիության անդամ չդառնա», - ասել է Անջեյ Դուդան։ Նորա Վանյան
15:48 - 22 մայիսի, 2022
Լիտվան դադարեցրել է ռուսական էներգակիների ներկրումը

Լիտվան դադարեցրել է ռուսական էներգակիների ներկրումը

Լիտվան մայիսի 22-ից դադարել է էլեկտրաէներգիա ներկրել Ռուսաստանից, գրում է DW-ն։ Ավելի վաղ այդ մասին հայտարարել էր էլեկտրաէներգիայի փոխանցման համակարգի Litgrid լիտվական օպերատորը։ «Բորսայի Nord Pool օպերատորը որոշում է կայացրել կասեցնել Բալթյան երկրներում Ռուսաստանից էլեկտրաէներգիայի միակ ներկրող «Ինտեր ՌԱՕ» ընկերությունների խմբի՝ ռուսական էլեկտրաէներգիայի վաճառքը։ Կիրակի օրվանից ռուսական էլեկտրաէներգիան այլևս չի ներկրվի Լիտվա», - ասված է մայիսի 20-ի հաղորդագրությունում։ «Ռուսաստանի հետ էլեկտրաէներգիայի առևտրի կասեցումը չի ազդի էլեկտրաէներգիայի փոխանցման լիտվական համակարգի հուսալիության վրա։ Երկրում էլեկտրաէներգիայի պահանջարկը կբավարարվի տեղական էլեկտրակայանների և ռազմավարական գործընկերից՝ ԵՄ երկրներից ներկրման հաշվին», - ասել է Litgrid-ի գլխավոր տնօրեն Ռոկաս Մասյուլիսը։ Սա նշանակում է, որ մայիսի 22-ից երկրում չի լինի ոչ ռուսական գազ, ոչ նավթ, ոչ էլ էլեկտրաէներգիա, հաղորդել է Լիտվայի էներգետիկայի նախարարությունը։ «Սա շատ կարևոր սահմանագիծ է ոչ միայն դեպի էներգետիկ անկախություն տանող Լիտվայի ճանապարհին։ Սա մեր համերաշխության արտահայտումն է մարտնչող Ուկրաինայի հետ, մենք չենք կարող թույլ տալ, որ մեր փողերով ֆինանսավորվի ռուսական ռազմական մեքենան», - ասել է Լիտվայի էներգետիկայի նախարար Դայնիուս Կրեյվիսը։ Նախարարի խոսքով՝ Լիտվայի լիակատար էներգետիկ անկախության մասին կարելի է խոսել միայն այն ժամանակ, երբ երկիրը կարողանա ոչ միայն ապահովել էլեկտրաէներգիայի իր պահանջարկը տեղական կանաչ էներգետիկայի հաշվին, այլև արտահանել այն։ Նորա Վանյան
15:14 - 22 մայիսի, 2022
Վարագույրների հետևում խոսում էին ՀՀ-ում ժողովրդավարության մասին․ մեզ համար իրական ժողովրդավարությունը առաջնահերթություն է․ Իշխան Սաղաթելյան

Վարագույրների հետևում խոսում էին ՀՀ-ում ժողովրդավարության մասին․ մեզ համար իրական ժողովրդավարությունը առաջնահերթություն է․ Իշխան Սաղաթելյան

ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը այսօր կայացած հանրահավաքին ամփոփեց «Դիմադրություն» շարժման գրանցած արդյունքները։ Դիմելով հանրահավաքի մասնակիցներին՝ նա ասաց․ «Էսօր դուք ցույց տվեցիք՝ եթե որեւէ մեկը համարձակվի որեւէ փաստաթուղթ ստորագրել, Հայաստան չի մտնելու»։ Սաղաթեյանն անդրադարձավ Թուրքիայի ԱԳ նախարարի հայտարարությանը․ «Որ պատկերացնեք՝ մեր շարժումը ինչ ծավալների է հասել, ու ինչ արդյունքներ ունենք, շատ լավ չափորոշիչ է երեկ Թուրքիայի բացահայտ աջակցությունը օրվա իշխանություններին։ ՀՀ իշխանություններին օգնության է շտապել Թուրքիայի ԱԳ նախարար, որ հայտարարել է, թե Հայաստանի իշխանությունը ներսից արմատական ուժերի, դրսից՝ սփյուռքի ազդեցության տակ է։ Ճիշտ եք ասում՝ ՀՀ իշխանությունը ժողովրդի ճնշման տակ է, սփյուռքը ոտքի է, Արցախը ոտքի է, իսկ ձեր գործընկերը՝ մերժված», - հայտարարեց նա։ Ամփոփելով երեկվա իրենց գործողությունները՝ Սաղաթելյանը նշեց, որ հետապնդելով Լիտվայի նախագահին հստակ ուղերձ հղեցին՝ այն մարդը, որի հետ հանդիպում է, լեգիտիմ չէ։ «Երեկ ՀՀ-ում տեղի էր ունենում մի կարեւոր միջոցառում՝ «Ժողովրդավարությունը Հայաստանում» թեմայով, սա խայտառակություն էր․ ժողովրդավարության թեմայով միջոցառմանը թույլ չէին տալիս մտնել լրատվամիջոցներին կամ ընդդիմադիր գործիչներին, վարագույրների հետեւում խոսում էին ՀՀ-ում ժողովրդավարության մասին։ Հայաստանում չկա ժողովրդավարություն, քանի որ դրա թշնամին հայտնվել է իշխանության գլխին», - նշեց ընդդիմադիր գործիչը։  Սաղաթելյանն խոսեց նաեւ «Ժողովրդավարության հայկական ֆորում»-ի ժամանակ ՀՀ-ում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի ելույթի մասին՝ նշելով, որ «ՀՀ-ում ատելության մթնոլորտ ստեղծողը ունի հստակ հասցե՝ Նիկոլ Վովայի Փաշինյան»։ «Երբ որ վարչապետի աթոռին հայտնված անձը Աժ-ում հայտարարում էր՝ թաթիկներդ կկտրեմ, կծեփեմ ասֆալտին, ընտրարշավի ժամանակ մուրճը ձեռքին վազում էր համայնքի ղեկավարների հետեւից, ձեզանից որեւէ մեկը ձայն չէր հանում, լռում էր, եւ այս իրավիճակի պատասխանատվությունը ինչ-որ կերպով կիսում եք նաեւ դուք։ Հետեւաբար, այո, ՀՀ-ում ատելության խոսքը պետք է վերանա։ Պետք է լինի համերշխություն», - ասաց Սաղաթելյանը։ Սաղաթելյանը նշեց՝ իրենց համար ժողովրդավարական ինստիտուտների կայացումը, իրական ժողովրդավարությունը եւ երկրի իրական բարեփոխումները առաջնահերթություններ են։ Նրա խոսքով՝ ամբողջ ծավալով աշխատելու են միջազգային գործընկերների հետ իրական ժողովրդավարություն ունենալու համար։
22:46 - 21 մայիսի, 2022
«Դիմադրության» շարժման մասնակիցները Մատենադարանի մոտից երթով վերադառնում են Ֆրանսիայի հրապարակ
 |news.am|

«Դիմադրության» շարժման մասնակիցները Մատենադարանի մոտից երթով վերադառնում են Ֆրանսիայի հրապարակ |news.am|

news.am: «Դիմադրության» շարժման մասնակիցները շուրջ մեկ ժամ Մատենադարանի դիմաց կանգնելուց հետո, որոշեցին վերադառնալ Ֆրանսիայի հրապարակ: Մինչ այդ ՀՅԴ երիտասարդական միության կենտրոնական վարչության ներկայացուցիչ Սևակ Նազարյանը հայտարարեց. «Մենք այստեղ սպասում ենք, որ մեր ուղերձը հղենք Լիտվայի նախագահին եւ իր միջոցով միջազգային հանրությանն ու ԵՄ-ին. եկել ենք ասելու, որ Հայաստանը միայն այս իշխանությունների ներկայացրած կողմը չէ, Հայաստանն ունի ժողովրդային լայն աջակցություն վայելով հակառակ կողմ, որը նշանակում է, որ այս իշխանությունները չեն ներկայացնում հայ ժողովրդի շահերը»: Նշենք, որ այս պահին Մատենադարանում է գտնվում Լիտվայի նախագահը: Մեծ թվով ոստիկաններ փակել էին Մաշտոցի պողոտան եւ թույլ չէին տալիս, որ ցուցարարները մոտենան Մատենադարանի շենքին:  
18:20 - 20 մայիսի, 2022
Ինձ հիմա անհանգստացնում է ատելության խոսքն է այս երկրում․ ցնցվում եմ  օգտագործվող լեզվի պատճառով․ ՀՀ-ում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորին

Ինձ հիմա անհանգստացնում է ատելության խոսքն է այս երկրում․ ցնցվում եմ օգտագործվող լեզվի պատճառով․ ՀՀ-ում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորին

Այն, ինչն ինձ հիմա անհանգստացնում է, ատելության խոսքն է այս երկրում։ Այս մասին «Ժողովրդավարության հայկական ֆորում»-ի իր ելույթում նշեց ՀՀ-ում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը․  «Երբ որոշ հրապարակումներ եմ տեսնում, ես ցնցվում եմ այն լեզվի պատճառով, որն օգտագործվում է նույնիսկ հաստատություններում, որտեղ բարեվարքության կանոններ պետք է տիրեն, օրինակ, Ազգային ժողովը»։ ԵՄ դեսպանը նշել է՝ ինքը կողմ է բարեվարքության կանոններ ներդնելուն։ «Կարող եք գտնել մի մարդ, որին կթիրախավորեք․ դա կարող է լինել վարչապետը, միջազգային հանությունը,։ Այնուհետեւ դա մի մակարդակի է հասնում, որ ես ասում եմ՝ լավ, արդյոք ես ընդունում եմ այս քննադատությունը։ Ոչ, որովհետեւ, դա անցնում է կարմիր գիծը», - ասաց Վիկտորինը։
17:47 - 20 մայիսի, 2022
Հակամարտությունների լուծման միակ ճանապարհը խաղաղ բանակցություններն են. Լիտվայի նախագահ

Հակամարտությունների լուծման միակ ճանապարհը խաղաղ բանակցություններն են. Լիտվայի նախագահ

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդայի գլխավորած պատվիրակությանը: Հանդիսավոր ընդունելությանը հաջորդած առանձնազրույցում ՀՀ ԱԺ նախագահը և Լիտվայի նախագահը քննարկել են համագործակցության համատեղ օրակարգի հեռանկարները: Առանձնազրույցին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը: Ողջունելով հյուրերին՝ Ալեն Սիմոնյանը բարձր է գնահատել երկու երկրների միջև առկա համագործակցությունը` առանձնացնելով խորհրդարանական բարեկամական խմբերի գործունեությունը: Հանդիպմանը քննարկվել են ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում Լիտվայի հետ հետագա գործակցությանն առնչվող հարցեր: Անդրադարձ է եղել տարածաշրջանային անվտանգության խնդիրներին: Լիտվայի նախագահը նշել է, որ հակամարտությունների լուծման միակ ճանապարհը խաղաղ բանակցություններն են, և հույս է հայտնել, որ շուտով տարածաշրջանում տևական խաղաղություն կհաստատվի: Հանդիպման ավարտին Ալեն Սիմոնյանը ջերմ ողջույններ է փոխանցել Սեյմասի նախագահ Չմիլիտե-Նիլսենին:
16:23 - 20 մայիսի, 2022
Հայաստանին հաջողվել է պահպանել հիմնական ազատությունները. Անդրեա Վիկտորին

 |armenpress.am|

Հայաստանին հաջողվել է պահպանել հիմնական ազատությունները. Անդրեա Վիկտորին |armenpress.am|

armenpress.am: Ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը և հիմնարար ազատությունները փոխկապակցված են և միմյանց ամրապնդող: Ժողովրդավարության հայկական ֆորումի ժամանակ իր ելույթում այս մասին ասաց Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության գրասենյակի ղեկավար Անդրեա Վիկտորինը: «Դրանք չեն իրագործվում միանգամից, մենք չենք ունենում ժողովրդավարություն և դրանով գոհ լինում: Դա ամենօրյա գործընթաց է, և մենք բոլորս պետք է պայքարենք դրա համար: Հետևաբար, ի՞նչ է ժողովրդավարությունը: Ժողովրդավարությունն ապահովում է այնպիսի միջավայր, որտեղ բոլորը կարող են օգտվել հավասար իրավունքներից, կարող են ազատորեն արտահայտել իրենց կամքը, իրենց ձայնն ունենալ որոշումների կայացման մեջ և ապահովել, որ որոշում կայացնողները հաշվետու լինեն: Ժողովրդավարություն նշանակում է հասանելիություն ունենալ իշխանությանը և այն իրացնել օրենքի գերակայության սկզբունքին համապատասխան, ունենալ իշխանություն, իշխանության ճյուղերի տարանջատում և անկախ դատական համակարգ, ունենալ բազմակարծություն քաղաքական կուսակցություններում և կազմակերպություններում և բազմակարծություն հասարակության մեջ և անկախ լրատվամիջոցներում: Եվ,ի վերջո, ունենալ ուժեղ, թափանցիկ, հաշվետու պետական ինստիտուտներ: Սա միանգամից տեղի չի ունենում, մենք դա գիտենք: Այն ենթադրում է տևական ջանք առաջընթաց արձանագրելու համար: Հիմա կան զգալի նոր մարտահրավերներ, որոնք ազդում են ժողովրդավարության վրա ամբողջ աշխարհում: Մենք նկատում ենք, որ ամբողջ աշխարհում աճող ժողովրդավարացման շրջանից հետո շատ ժողովրդավար երկրներ կարծես թե ետընթաց են ապրում: Հայաստանը նույնպես բախվել է այնպիսի լուրջ մարտահրավերների, ինչպիսիք են կորոնավիրուսի համավարակը, 44-օրյա պատերազմը, ետպատերազմյան իրավիճակը և վերջերս նաև ռուս-ուկրաինական հակամարտության ազդեցությունը»,- ասաց Վիկտորինը: Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության գրասենյակի ղեկավարը համամիտ է, որ չի լինի խաղաղություն և անվտանգություն առանց ժողովրդավարության: «Այս մարտահրավերներն ունեն կարևոր սոցիալական, հոգեբանական և տնտեսական հետևանքներ: Դժվար է դրանք հաղթահարել, միևնույն ժամանակ պաշտպանելով մարդու իրավունքների արտահայտումը: Այնուամենայնիվ, կարծում եմ, որ մենք կարող ենք ասել, որ Հայաստանին հաջողվել է պահպանել հիմնական ազատությունները, հաշվի առնելով համավարակի ժամանակ խորհրդարանի գործունեությունը, մամուլի բազմակարծությունը: Հայաստանի գլխավոր ձեռքբերումներից մեկը՝ ազատ, մրցակցային, թափանցիկ և լավ կազմակերպված արտահերթ խորհդարանական ընտրություններ էին 2021 թվականին՝ չնայած նախապատրաստական կարճ ժամկետին և համաշխարհային առողջապահական ճգնաժամին: Ընտրությունների ժամանակ Հայաստանն արտահայտեց իր ժողովրդի կամքը շարունակելու ժողովրդավարության ուղին, շարունակելու իր բարեփոխումների ուղին: Այս նպատակով Հայաստանին անհրաժեշտ է անկախ, բազմակարծիք, վստահելի և պատասխանատու մեդիա ոլորտ: Խոսքի ազատության իրավունքի ամրապնդումը, անկախ մեդիայի և պատասխանատու լրագրության զգացումը խաղաղության և ժողովրդավարության կարևոր նախադրյալներն են, որպեսզի ճշգրիտ տեղեկատվություն ստանալու հնարավորություն ունենանք և ազդեցություն չկրենք ապատեղեկատվությունից: Եվրամիությունը պաշտպանում է լրատվամիջոցների ազատությունը և բազմակարծությունը որպես ժամանակակից ժողովրդավարության հիմնասյուներ և բաց ու ազատ բանավեճի հնարավորություն ստեղծողներ»,- ասաց Վիկտորինը: Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության գրասենյակի ղեկավարի կարծիքով՝ Հայաստանին նաև անհրաժեշտ է հզոր քաղաքացիական հասարակություն, որը ցանկացած ժողովրդավարական համակարգի առանցքային բաղադրիչն է: «Քաղաքացիական հասարակության ակտիվ ներգրավվածությունը քաղաքականության մշակման և կառավարման բարեփոխումներում կարևոր է Հայաստանում քաղաքական վերափոխման հասնելու համար: Այնուամենայնիվ, Հայաստանի քաղաքացիական հասարակությունը ենթարկվում է քննադատությունների, մարդու իրավունքների ակտիվիստները և քաղաքացիական հասարակության կազմակերպությունները, որոնք առաջ են մղում մարդու իրավունքները և ժողովրդավարական արժեքները և խաղաղաշինությունը, դարձել են հարձակումների, մեղադրանքների և ատելության խոսքի թիրախ»,- եզրափակեց Վիկտորինը:
16:20 - 20 մայիսի, 2022
ԼՂ-ն միայն տարածքի կտոր չէ, այլ մարդիկ են, որոնց արժանապատվությունը պետք է հարգել. ԱԳ նախարարը՝ ԵԽ նախարարների կոմիտեի նիստին

ԼՂ-ն միայն տարածքի կտոր չէ, այլ մարդիկ են, որոնց արժանապատվությունը պետք է հարգել. ԱԳ նախարարը՝ ԵԽ նախարարների կոմիտեի նիստին

Մայիսի 20-ին Իտալիայի Թուրին քաղաքում տեղի է ունեցել Եվրոպայի խորհրդի 132-րդ նախարարական նստաշրջանը, որին մասնակցել և ելույթով հանդես է եկել Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ Իր ելույթում նախարար Միրզոյանը, մասնավորապես, նշել է․«Հարգարժա՛ն նախարար Դի Մայո,Հարգարժա՛ն Գլխավոր Քարտուղար,Հարգելի՛ գործընկերներ, Մենք Հայաստանի փորձից գիտենք, թե ինչ կարևոր դեր կարող է ունենալ Եվրոպայի խորհուրդը՝ աջակցելու երկրներին ամուր ժողովրդավարական ինստիտուտներ և համակարգեր կառուցելու գործում։ Այս տարի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն ընդունեց Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեության մասին բանաձև, որտեղ ԵԽԽՎ-ն հայտարարեց ժողովրդավարական զարգացման գործընթացում Հայաստանի առաջընթացի մասին։ Եվ այդ առաջընթացի, թերևս, ամենավառ օրինակներից մեկը անցած ամառվա արտահերթ խորհրդարանական ընտրություններն էին, երբ Հայաստանի քաղաքացիները ևս մեկ անգամ ապացուցեցին իրենց նվիրումն ու հանձնառությունը ժողովրդավարության և մարդու իրավունքների արժեքներին:Հարգելի՛ գործընկերներ,Այսօր մենք ականատես ենք լինում անվտանգության ճարտարապետության վերահաս անկմանը, որը, իհարկե, վերջերս՝ վերջին մի քանի ամիսների ընթացքում չէ, որ սկսվել է:Մենք երկու տարի առաջ զգացինք բազմակողմանիության խափանումը և միջազգային կառույցներում առաջացած ճեղքվածքը, երբ Ադրբեջանը, ոտնահարելով ուժի չկիրառման սկզբունքը, սանձազերծեց պատերազմ Լեռնային Ղարաբաղի և նրա ժողովրդի դեմ: Երկու տարի է անցել այս սարսափելի ժամանակներից, և Ադրբեջանը պնդում է, որ Լեռնային Ղարաբաղի հարցը լուծվել է, և նրանք պատրաստ են խաղաղության:Գուցե միամիտ կթվա, բայց եթե դա ճիշտ է, ինչո՞ւ ենք մենք դեռ պայքարում ռազմագերիների և պահվող անձանց իրավունքների և նրանց անհապաղ ազատ արձակման և վերադարձի համար։ Ինչո՞ւ ենք մենք դեռևս պայքարում մարդկանց մշակութային իրավունքների համար և Ադրբեջանի քաղաքականությունից բխող՝ իր վերահսկողության տակ գտնվող հայկական մշակութային ժառանգության ոչնչացման դեմ: Ինչո՞ւ ենք մենք պայքարում երեխաների որակյալ կրթություն ստանալու իրավունքի համար, երբ նրանց դպրոցները հաճախակի կրակի տակ են: Ինչո՞ւ ենք մենք պայքարում մարդկանց՝ իրենց տներում տարրական կենսապայմաններ ունենալու իրավունքի համար, երբ միակ գազատարը խափանվում է: Կարող եմ շարունակել նոր օրինակներ բերել, բայց հակիրճ կլինեմ. ինչո՞ւ ենք մենք պայքարում, որ հասկացնենք Ադրբեջանին, որ Լեռնային Ղարաբաղը միայն տարածքի կտոր չէ, այլ մարդիկ են, որոնց արժանապատվությունը պետք է հարգել։ Եվ, հարգելի՛ գործընկերներ, քանի որ մարդու իրավունքներին նվիրումն է մեզ բոլորիս բերել այստեղ, ուրեմն սա բոլորիս խնդիրն է: Հայաստանի կառավարությունը հավատարիմ է տարածաշրջանում խաղաղություն և բարեկեցություն հաստատելու ջանքերին և բազմաթիվ անգամներ վերահաստատել է իր պատրաստակամությունը՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ անհապաղ կերպով իրական և կառուցողական բանակցություններ սկսելու վերաբերյալ: Եվ այս համատեքստում, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն առանցքային դեր ունի խաղաղ գործընթացը առաջ մղելու հարցում: Սակայն, մենք խորապես հավատացած ենք, որ ԵԽ-ն նույնպես՝ իր մանդատի շրջանակներում, պետք է ակտիվ լինի այս գործընթացին սատարելու հարցում: Հարգելի՛ գործընկերներ, Ցանկանում եմ եզրափակել՝ ասելով, որ մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության անհրաժեշտությունը վաղուց հասունացել է: Շնորհակալություն»:  
16:08 - 20 մայիսի, 2022
Չեխիայի ԱԳ նախարարի հետ հանդիպմանը Արարատ Միրզոյանն ընդգծել է հայ գերիների հայրենադարձման անհրաժեշտությունը

Չեխիայի ԱԳ նախարարի հետ հանդիպմանը Արարատ Միրզոյանն ընդգծել է հայ գերիների հայրենադարձման անհրաժեշտությունը

Մայիսի 20-ին ԵԽ նախարարների 132-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով աշխատանքային այցով Թուրինում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Չեխիայի ԱԳ նախարար Յան Լիպավսկիի հետ: Կողմերը կարևորել են երկկողմ հարաբերությունների ընդլայնումը և խորացումը՝ ընդգծելով քաղաքական երկխոսության խթանման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ երկու երկրների ԱԳՆ-ների միջև խորհրդակցությունների պարբերական անցկացման անհրաժեշտությունը: Հայկական կողմը բարձր է գնահատել Չեխիայի աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների օրակարգի առաջմղմանը և քաղաքացիական հասարակության կարողությունների հզորացմանը: Արտգործնախարարները քննարկել են նաև հայ-չեխական բազմակողմ օրակարգին առնչող հարցեր: Այս համատեքստում կարևորելով առաջիկայում Չեխիայի կողմից ԵՄ նախագահության ստանձնումը՝ նախարար Միրզոյանն ընդգծել է հայկական կողմի շահագրգռվածությունը՝ ՀՀ-ԵՄ գործընկերության շարունակական ընդլայնման ու ամրապնդման հարցում։ Անդրադարձ է կատարվել նաև Արևելյան գործընկերության շրջանակներում փոխգործակցությանը։ Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային նշանակության հարցերի շուրջ: Նախարար Միրզոյանը գործընկերոջը ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը տարածաշրջանային խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված գործընթացների վերաբերյալ։ Կարևորվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջնորդական դերը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի առաջմղման հարցում: Անդրադառնալով 44֊օրյա պատերազմի հետևանքներին, մասնավորապես՝ առաջացած հումանիտար խնդիրներին՝ ՀՀ ԱԳ նախարարն առանձնահատուկ ընդգծել է հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց շուտափույթ հայրենադարձման անհրաժեշտությունը:  
15:24 - 20 մայիսի, 2022
Լիտվան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնություն ձեռք բերելուն. Գիտանաս Նաուսեդա

 |armenpress.am|

Լիտվան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնություն ձեռք բերելուն. Գիտանաս Նաուսեդա |armenpress.am|

armenpress.am: Լիտվան աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնություն ձեռք բերելուն: Այս մասին հայտարարեց Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդան Երևանում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպումից հետո լրատվամիջոցների համար համատեղ հայտարարության ժամանակ: Սա Լիտվայի նախագահի առաջին այցելությունն է Հայաստան: Նա նշեց՝ տպավորված է հյուրընկալությամբ: Նաուսեդան  հիշեցրեց՝ 1991 թվականին Լիտվան առաջին երկիրն էր, որ ճանաչեց Հայաստանի անկախությունը: «Այդ ժամանակից առ այսօր մենք օժանդակել ենք ձեր ջանքերին, ինչպես նաև ժողովրդավարական արժեքներին ձեր անցումին: Լիտվան օժանդակում է Արևելյան գործընկերության ծրագրերին: Լիտվան օժանդակում է Հայաստանի ինտեգրմանը եվրոպական ընտանիքին»,- ասաց Նաուսեդան՝ հավելելով, որ իրենք ՀՀ-ԵՄ հարաբերություններում լայն շրջանակ են ներկայացնում: Լիտվայի նախագահը ողջունեց Հայաստանի կառավարության ջանքերը հատկապես արդարադատության համակարգում: «Մենք ցանկանում ենք, որ դուք շարունակեք ժողովրդավարության այս ճանապարհը, որ կհանգեցնի ձեր սոցիալ-տնտեսական զարգացմանը»,- ասաց նա: Նաուսեդան անդրադարձավ նաև Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների հարցին: «Լիտվան օժանդակում է Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնություն ձեռք բերելուն»,-ասաց Լիտվայի նախագահը՝ ընդգծելով, որ ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի ջանքերը նույնպես  ուղղված են դրան: Նա նշեց, որ առավոտյան հնարավորություն է ունեցել ծաղիկներ դնել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրին: «Սա մի բան է, որը երբևիցե ոչ մի ձևով այս երկրագնդի վրա չպետք է կրկնվի»,- նշեց Նաուսեդան: Նա անդրադարձավ նաև Ուկրաինայի իրավիճակին: Նա ընդգծեց, որ ազատությունը ողջ ժողովրդավարական աշխարհի համար չափազանց կարևոր է՝ հավելելով, որ ամեն ձևով պետք է օժանդակել ուկրաինացիներին: Լիտվայի նախագահը վստահություն հայտնեց, որ իր այցելությունը կօժանդակի Հայաստանի և Լիտվայի, երկու երկրների ժողովուրդների միջև հարաբերությունների խորացմանը: Նա այս առումով մեծ ներուժ է տեսնում: Նաուսեդան հավատում է, որ երկկողմ հարաբերությունների տարբեր ոլորտներում՝ բիզնեսի, մշակույթի, կրթության և բազմաթիվ այլ ոլորտներում կարելի է երկու կողմից էլ օգուտ ստանալ:
14:01 - 20 մայիսի, 2022
Ծրագիրն ուղղված է եղել քաղծառայության կարողությունների հզորացմանը. փոխվարչապետը մասնակցել է Եմ Թվինինգ ծրագրի ամփոփմանը

Ծրագիրն ուղղված է եղել քաղծառայության կարողությունների հզորացմանը. փոխվարչապետը մասնակցել է Եմ Թվինինգ ծրագրի ամփոփմանը

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել «Աջակցություն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության բարեփոխումների իրականացմանը» Եվրոպական Միության Թվինինգ ծրագրի ամփոփիչ միջոցառումը։ Փոխվարչապետի գրասենյակից հայտնում են, որ վերջինս ողջունել է բոլորին Թվինինգ ծրագրի ամփոփիչ միջոցառմանը և ընդգծել, որ 2020 թվականին մեկնարկած ծրագիրն ուղղված է եղել Քաղաքացիական ծառայության գրասենյակի և շահառու մարմինների կարողությունների հզորացմանը, քաղաքացիական ծառայողների մասնագիտական զարգացմանը, քաղծառայության համակարգի գրավչության բարձրացմանն ու մարդկային ռեսուրսների կառավարման մասնագիտական ցանցերի ստեղծմանը։ «Տեղյակ եք, որ մեր Կառավարությունն ունի հանրային կառավարման բարեփոխումների հավակնոտ, բայց իրատեսական օրակարգ։ Դրան ուղղված կարևոր քայլերից մեկը Կառավարության նախորդ նիստում հավանության արժանացած Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության և ճանապարհային քարտեզի հաստատումն էր, որոնց արդյունավետ իրագործմամբ կապահովենք մեր երկրի անվտանգությունն ու կայուն զարգացումը»,- նշել է Համբարձում Մաթևոսյանն ու հավելել, որ Եվրոպական միության գործընկերների աջակցությամբ իրականացված այս ծրագիրն ամբողջությամբ համապատասխանում է Կառավարության օրակարգին և  ավելի է մոտեցնում նախանշված  վերջնանպատակին։ Փոխվարչապետի խոսքով՝ Հայաստանի Հանրապետությունը մշտապես կարևորել է նման համագործակցությունները, որոնք էլ ավելի ամրապնդվեցին ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո, որը մեծապես խթանում է ՀՀ կառավարության որդեգրած բարեփոխումների իրականացման գործընթացը։ Համբարձում Մաթևոսյանը վստահություն է հայտնել, որ եվրոպական լավագույն փորձի մոտարկումը կնպաստի ժողովրդավարության և մարդու իրավունքների ամրապնդմանը, մարդկային կապիտալի արդյունավետ զարգացմանը։ «Թվինինգ ծրագիրն այս համագործակցության վառ օրինակ է, որը ևս կարող է լինել կարևոր գործոն Հայաստան-ԵՄ համագործակցության շարունակականության ապահովման համար»,- շեշտել է փոխվարչապետը և վստահություն հայտնել, որ երկու կողմերի՝ թե՛ Հայաստանի և թե՛ անդամ պետությունների ներկայացուցիչները ներդրրել են առավելագույնը՝ ծրագիրը հաջողելու և կանխանշված արդյունքները ստանալու համար։ Եվրոպական Միության և Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի համատեղ կազմակերպած միջոցառմանը մասնակցել և ողջույնի խոսքով են հանդես եկել Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն, Հարավային Կովկասում Ֆինլանդիայի դեսպան Քիրստի Նարինեն, Վրաստանում և Հայաստանում Էստոնիայի դեսպան Ռինա Կալյուրանդը, Քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար Վաչե Քալաշյանը, այլք։
13:58 - 20 մայիսի, 2022
Ռուսաստանը կասկածում է, որ Ուկրաինան զենքի դիմաց ԵՄ-ին վճարում է հացահատիկով. Նեբենզյա
 |1lurer.am|

Ռուսաստանը կասկածում է, որ Ուկրաինան զենքի դիմաց ԵՄ-ին վճարում է հացահատիկով. Նեբենզյա |1lurer.am|

1lurer.am: Ըստ ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյայի՝ Մոսկվան կասկածում է, որ ուկրաինական հացահատիկը տեղափոխում են եվրոպական երկրների պահեստարաններ։ Նրան մեջբերում է РИА Новости-ն։ «Մենք հիմնավոր կասկածներ ունենք, որ հացահատիկը ոչ թե գնվում է սովի մատնված համաշխարհային հարավի կարիքների համար, այլ մղվում է եվրոպական երկրների ամբարներ։ Մեզ համար պարզ է, որ Ուկրաինան վճարում է Արևմուտքին մատակարարվող զենքի համար: Նեբենզյան նաև ասել է, որ պարենային ճգնաժամն աշխարհում չի հրահրվել Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության պատճառով։ Ըստ Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցչի՝ այն սկսվել է դեռևս 2020 թվականին, երբ մոտ 155 միլիոն մարդ 55 երկրում ենթարկվել է սպառնալիքների պարենային անվտանգության ոլորտում։ ՄԱԿ-ում Եվրամիության մշտական ​​ներկայացուցիչ Օլաֆ Սկուգը քննադատել է Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյայի ենթադրությունը, ըստ որի՝ Ուկրաինան արևմտյան երկրներին ցորենով է վճարում զենքի մատակարարման համար։ Եվրոպացի պաշտոնյան այս խոսքերն անվանել է ռուսական ապատեղեկատվություն։
13:45 - 20 մայիսի, 2022
Արարատ Միրզոյանը Ժոզեպ Բորելին է ներկայացրել Հայաստանի դիրքորոշումը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ

Արարատ Միրզոյանը Ժոզեպ Բորելին է ներկայացրել Հայաստանի դիրքորոշումը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ

Մայիսի 18-ին ՀՀ-ԵՄ գործընկերության չորրորդ նիստին ընդառաջ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն առանձնազրույց է ունեցել ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ։ Առանձնազրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստան-ԵՄ հարաբերություններին, տարածաշրջանային ու միջազգային փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերին։ Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը՝ տարածաշրջանային խաղաղության ու կայունության հաստատման և Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ։ ՀՀ ԱԳ նախարարը կարևորել է միջազգային հանրության և, մասնավորապես՝ ԵՄ աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը՝ նպաստելու հակամարտության համապարփակ և տևական լուծմանը։  
14:31 - 19 մայիսի, 2022