Լիտվան մայիսի 22-ից դադարել է էլեկտրաէներգիա ներկրել Ռուսաստանից, գրում է DW-ն։ Ավելի վաղ այդ մասին հայտարարել էր էլեկտրաէներգիայի փոխանցման համակարգի Litgrid լիտվական օպերատորը։ «Բորսայի Nord Pool օպերատորը որոշում է կայացրել կասեցնել Բալթյան երկրներում Ռուսաստանից էլեկտրաէներգիայի միակ ներկրող «Ինտեր ՌԱՕ» ընկերությունների խմբի՝ ռուսական էլեկտրաէներգիայի վաճառքը։ Կիրակի օրվանից ռուսական էլեկտրաէներգիան այլևս չի ներկրվի Լիտվա», - ասված է մայիսի 20-ի հաղորդագրությունում։
«Ռուսաստանի հետ էլեկտրաէներգիայի առևտրի կասեցումը չի ազդի էլեկտրաէներգիայի փոխանցման լիտվական համակարգի հուսալիության վրա։ Երկրում էլեկտրաէներգիայի պահանջարկը կբավարարվի տեղական էլեկտրակայանների և ռազմավարական գործընկերից՝ ԵՄ երկրներից ներկրման հաշվին», - ասել է Litgrid-ի գլխավոր տնօրեն Ռոկաս Մասյուլիսը։
Սա նշանակում է, որ մայիսի 22-ից երկրում չի լինի ոչ ռուսական գազ, ոչ նավթ, ոչ էլ էլեկտրաէներգիա, հաղորդել է Լիտվայի էներգետիկայի նախարարությունը։
«Սա շատ կարևոր սահմանագիծ է ոչ միայն դեպի էներգետիկ անկախություն տանող Լիտվայի ճանապարհին։ Սա մեր համերաշխության արտահայտումն է մարտնչող Ուկրաինայի հետ, մենք չենք կարող թույլ տալ, որ մեր փողերով ֆինանսավորվի ռուսական ռազմական մեքենան», - ասել է Լիտվայի էներգետիկայի նախարար Դայնիուս Կրեյվիսը։
Նախարարի խոսքով՝ Լիտվայի լիակատար էներգետիկ անկախության մասին կարելի է խոսել միայն այն ժամանակ, երբ երկիրը կարողանա ոչ միայն ապահովել էլեկտրաէներգիայի իր պահանջարկը տեղական կանաչ էներգետիկայի հաշվին, այլև արտահանել այն։
Նորա Վանյան
comment.count (0)