ՀՀ Գլխավոր դատախազություն

ՀՀ դատախազությունը միասնական, կենտրոնացված համակարգ է, որը ղեկավարում է գլխավոր դատախազը։ ՀՀ գլխավոր դատախազն է Արթուր Դավթյանը։

Դատախազությունը՝

  • օրենքով նախատեսված դեպքերում և կարգով հարուցում է քրեական հետապնդում,
  • հսկողություն է իրականացնում նախաքննության և հետաքննության օրինականության նկատմամբ,
  • դատարանում պաշտպանում է մեղադրանքը,
  • պետական շահերի պաշտպանության հայց է հարուցում դատարան,
  • բողոքարկում է դատարանների վճիռները, դատավճիռները և որոշումները,
  • հսկողություն է իրականացնում պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման նկատմամբ։
Արմեն Չարչյանի պաշտպաններին հորդորում ենք դադարեցնել դատավարական օպոնենտին սևացնելը պաշտպանության տակտիկա դարձնելու ամոթալի դրսևորումները. դատախազություն

Արմեն Չարչյանի պաշտպաններին հորդորում ենք դադարեցնել դատավարական օպոնենտին սևացնելը պաշտպանության տակտիկա դարձնելու ամոթալի դրսևորումները. դատախազություն

ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն է տարածել՝ «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանի պաշտպաններին հորդորելով մնալ մասնագիտական էթիկայի սահմաններում:  «Այսօր քրեական գործով մեղադրյալ Արմեն Չարչյանի պաշտպաններն իրենց պաշտպանյալի խափանման միջոցի հարցով վերաքննիչ դատական նիստից հետո գործով դատավարական հսկողություն իրականացնող դատախազի հասցեին թույլ են տվել էթիկայի և բարոյականության սահմաններն անցնող, իրավաբանին անհարիր որակումներ՝ միաժամանակ ամբողջությամբ խեղաթյուրելով և բացառապես սեփական շահերի դիտանկյունից մատուցելով դատական նիստը հետաձգելու դատարանի որոշման պատճառները:  Նախ՝ դատախազի կողմից դատական նիստը հետաձգելու անհրաժեշտությունը չի  պատճառաբանվել աշխատանքային օրվա ավարտով: Դատարանն ի սկզբանե հայտարարել էր, որ նիստը շարունակվելու է աշխատանքային օրվա ավարտից մի փոքր ավելի՝ վկայակոչելով Վերաքննիչ դատարանում ձևավորված՝ նիստերն աշխատանքային օրվա սահմաններում անցկացնելու պրակտիկան, ինչին դատախազը չի առարկել: Սակայն երբ դատական նիստի ընթացքից դատախազի համար ակնհայտ է դարձել, որ, հաշվի առնելով իր խոսքի, ելույթի ծավալնելը, նիստը կարճ ժամանակում ավարտելու դեպքում հնարավորություն չի ունենալու իր հիմնավորումները ողջ ծավալով ներկայացնել, դատարանին առաջարկվել է հետաձգել նիստը: Ընդ որում՝ դատական նիստի ընթացքում դատախազը ներկայացրել է նիստը հետաձգելու իր առաջարկի պատճառները, որոնց հաշվառմամբ էլ դատարանը կայացրել է նման որոշում: Այդ ամենն արձանագրված է նիստի ձայնագրառմամբ՝ անկախ իրողությունները խեղաթյուրելու և դատավարական հակառակորդին վիրավորելը սեփական փաստարկների սնանկությունը ծածկելու միջոց դարձնելու պաշտպանների անհույս փորձերից: Իրենց խոսքում պաշտպաններն անընդհատ շահարկման առարկա են դարձնում իրենց պաշտպանյալի առողջական վիճակը՝ փորձելով հանրության մոտ տպավորություն ստեղծել, թե այն կախված է կալանքի վերաբերյալ որոշումից և անհիմն կերպով այդ ամենը մատուցելով որպես հակահումանիստական մոտեցում դատախազության կողմից:  Պաշտպանները ամեն կերպ միտումնավոր կերպով փորձում են անտեսել այն հանգամանքը, որ Ա. Չարչյանի նկատմամբ խափանման միջոց կալանքն ընտրելու պահից սկսած՝ առ այսօր վերջինս քրեակատարողական հիմնարկ չի մտել, գտնվում է իր նախընտրած բժշկական հաստատությունում, իր նախընտրած բժշկի հսկողության ներքո, և որ դատախազի կողմից որևէ քայլ առ այսօր չի արվել նրա բուժօգնության տրամադրությումը որևէ կերպ խոչընդոտելու ուղղությամբ: Պաշտպանները համառորեն փորձում են պատրանք ստեղծել, թե Ա. Չարչյանի առողջական վիճակի վատթարացումը պայմանավորված է եղել կալանքը որպես խափանման միջոց ընտրելու որոշման կայացման փաստով, մինչդեռ իրենք են նշել, որ առողջության վատթարացումը տեղի է ունեցել այդ որոշումը կայացվելուց առաջ:  Ինչ վերաբերում է այն անհեթեթ պնդումներին, թե դատական նիստի հետաձգմամբ դատախազը փորձ է արել ժամանակ ձգձգել և այդ վարքագիծը պատժիչ բնույթ է կրում, ապա ընդամենը մնում է հորդորել պաշտպաններին ավելի չանլրջացնել սեփական պնդումները և չմերկացնել դրանց մերկապարանոց լինելու հանգամանքը: Պաշտպաններն իրենք էին մինչև դատական նիստի մեկնարկը հանրայնացրել, որ Ա. Չարչյանին վերաբերող քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Հարկ ենք համարում հիշեցնել, որ նախաքննության ավարտ հայտարարվել է քրեական գործը հարուցելուց ընդամենը 14 օր անց: Ակնհայտ է, որ ձգձգելու նպատակ հետապնդելու պարագայում նման սեղմ ժամկետներում նախաքննության ավարտ չէր հայտարարվի, դատախազի կողմից այդ ընթացքում վարույթն իրականացնող մարմնին քննությունը, անհրաժեշտ դատավարական, քննչական գործողություններն արագացնելու ցուցում չէր տրվի և պատշաճ դատախազական հսկողության ներքո այդ կարճ ժամանակահատվածում, օրինակ, 60 անձ հարցաքննության չէր ենթարկվի: Ուղղակի հորդորում ենք պաշտպանության կողմին դադարեցնել փաստերի աղավաղման, դատավարական օպոնենտին սևացնելը պաշտպանության տակտիկա դարձնելու այս ամոթալի դրսևորումները և մնալ մասնագիտական էթիկայի սահմաններում»,- ասված է հայտարարությունում:
22:34 - 02 հուլիսի, 2021
Հետաձգվել է Արմեն Չարչյանի գործով պաշտպանական կողմի վերաքննիչ բողոքի քննությունը |armtimes.com|

Հետաձգվել է Արմեն Չարչյանի գործով պաշտպանական կողմի վերաքննիչ բողոքի քննությունը |armtimes.com|

armtimes.com: Վերաքննիչ դատարանում ընթացող Արմեն Չարչյանի գործով պաշտպանական կողմի ներկայացված վերաքննիչ բողոքի քննությունը հետաձգվել է: Այս մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրեցին Չարչյանի պաշտպանները: Ըստ նրանց, անկախ նախապես ձեռք բերված պայմանավորվածության, համաձայն որի բողոքի քննությունն ընթանալու էր աշխատանքային ժամի ավարտից հետո նաև, դատախազը չի ցանկացել այն շարունակել: «Պայմանավորվածություն ձեռք բերեցինք կողմեն ու դատարանը, որ ժամը 6-ից հետո (18:00) կարող ենք շարունակել մեր աշխատանքը, դատարանը կարող է լսել բոլոր կողմերին և ավարտել բողոքի քննությունը: Դտախազը չառարկեց, այսինքն մենք շարունակեցինք 6-ից հետո աշխատել, սակայն մի պահ դատախազն ինչ-որ հոգեվարքի մեջ հայտնվեց, նեղացավ, հայտարարեց, որ չի ցանկանում բողոքի քննությանն այս պահին մասնակցել, աշխատանքային ժամն ավարտվել է և ցանկանում է իր դիրքորոշումն արտահայտել հաջորդ դատական նիստին»,-տեղեկացրեց պաշտպանը:
19:47 - 02 հուլիսի, 2021
Գլխավոր դատախազը բարձրացրել է պատերազմի մասնակիցների, զինծառայողների հարազատների հոգեբանական օգնությունն ընդլայնելու անհրաժեշտության հարցը |armenpress.am|

Գլխավոր դատախազը բարձրացրել է պատերազմի մասնակիցների, զինծառայողների հարազատների հոգեբանական օգնությունն ընդլայնելու անհրաժեշտության հարցը |armenpress.am|

armenpress.am: Դատախազության գործառույթների իրականացման շրջանակում պարզվել է, որ վերջին ժամանակահատվածում արձանագրված մի շարք ինքնասպանության և ինքնասպանության փորձ կատարելու դեպքեր ուղղակի առնչություն ունեն Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության դեմ 2020թ.-ին սանձազերծված պատերազմի արդյունքում անձանց մոտ առաջացած հոգեբանական խնդիրների հետ:  ՀՀ դատախազությունը տեղեկացնում է, որ մասնավորապես,  2021թ. մայիսի 3-ին Երևան քաղաքի Հալաբյան փողոցի շենքերից մեկում կատարված ինքնասպանության դեպքի առթիվ նախապատրաստված նյութերով պարզվել է, որ 1975թ.-ին ծնված անձը, որը պատշգամբից նետվելու միջոցով ինքնասպանություն է գործել, որպես դիպուկահար, կամավորական հիմունքներով «Աջափնյակ» ջոկատի կազմում մասնակցել է 44-օրյա պատերազմին, գտնվել Հադրութում, Մարտակերտում՝ ողնաշարի և ոտքի շրջաններում ստանալով մարմնական վնասվածքներ: Պարզվել է, որ վերջինս մարտի դաշտում բազմաթիվ զոհեր է տեսել, կորցրել ընկերներին, պատերազմից վերադառնալուց հետո գտնվել դեպրեսիոն հոգեվիճակում, անընդհատ օգտագործել ալկոհոլ և 2021թ.-ի մարտ և ապրիլ ամիսներին ինքնասպանություն գործելու փորձեր կատարել: Մեկ այլ՝ 2021թ. մայիսի 10-ին  Երևան քաղաքի Բաբաջանյան փողոցի շենքերից մեկում բնակարանի պատուհանից նետվելու միջոցով կատարված ինքնասպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանկաում պարզվել է, որ ինքնասպանություն գործած անձի որդին՝ ժամկետային զինծառայողը, մասնակցել է 44-օրյա պատերազմին՝ լինելով ամենաթեժ կետերում՝ Շուշիում, Լիսագորում, Քարինտակում: Պատերազմի ընթացքում որոշ ժամանակ որդուց որևէ տեղեկություն չունենալով, տեղյակ լինելով նրա ընկերների զոհվելու մասին, հայրն այցելել է տարբեր դիահերձարաններ՝ փորձելով որոնել ու գտնել նրա դիակը, որի արդյունքում հոգեկան ներաշխարհը խաթարվել է: Բացի այդ, 2021թ. ապրիլի 26-ին Արտաշատ քաղաքի Իսակովի փողոցի շենքերից մեկի բնակիչ, 1993թ. ծնված անձը զանգահարել է ԱԻՆ և հայտնել, որ կյանքին վերջ տալու նպատակով գտնվում է Երևան քաղաքի «Կիևյան» կամրջի մոտ: Դեպքի առթիվ նախապատրաստված նյութերի ընթացքում նա բացատրություն է տվել այն մասին, որ կամավորական հիմունքներով մասնակցել է 2016թ. ապրիլյան և 2020թ. Արցախյան երկրորդ պատերազմի ռազմական գործողություններին: Պատերազմի ավարտից հետո չի կարողանում քնել, աչքերին զոհված զինծառայողների դիակներ են երևում, մշտապես վախի զգացողություն ունի, չի կարողանում քնել ու ապրելու ցանկություն չունի: Այսինքն՝ պատերազմը, ինչպես օրինաչափորեն բնորոշ է նմանատիպ իրավիճակներին, բացասական ազդեցություն է գործում մարդկանց, հատկապես պատերազմի մասնակիցների, զոհերի և անհայտ կորած անձանց ընտանիքների անդամների՝ պատերազմի, որպես սոցիալական արհավիրքի, աղետաբեր հետևանքների անմիջական կրողների հոգեկան առողջության վրա՝ հանգեցնելով տարբեր հոգետրավմատիկ իրավիճակների, ընդհուպ՝ հոգեբանական տարբեր խանգարումների: Հոգեբանական նշված խնդրի ազդեցությունը կարող է լինել բավականին երկարատև և դժվար հաղթահարելի, եթե դրա չեզոքացման համար ձեռնարկվող միջոցառումները չլինեն բազմակողմանի և համալիր, այսինքն նշված անձինք առանձնահատուկ հոգածության կարիք ունեն: Հոգեբանական վերոնշյալ խնդիրների պատճառների և հետևանքների վերլուծությունը, ինչպես նաև դրանց լուծմանն ուղղված գործողությունները ՀՀ դատախազության համար էական են՝ հաշվի առնելով հետպատերազմյան ողբերգական հետևանքները նվազագույնի դարձնելու անհրաժեշտությունը: Ելնելով վերոնշյալից, խնդրի լուծման հրատապությունից և սոցիալական նշանակությունից՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը գրությամբ դիմել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատարին և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ առաջարկելով վերը թվարկված դեպքերը քննարկման առարկա դարձնել պատերազմի հետևանքով առաջացած հոգեբանական խնդիրների լուծմամբ զբաղվող մասնագիտական շրջանակների հետ, առավել արդյունավետ և ընդգրկուն դարձնել պատերազմական գործողություններին անմիջական մասնակցություն ունեցած և նրանց ընտանիքների անդամներին տրամադրվող հոգեբանական և հոգեբուժական առաջնային օգնությունը: Առաջարկվել է նաև ընդլայնել հոգեկան առողջության պահպանմանն ուղղված ծառայությունների տրամադրումը:
16:22 - 02 հուլիսի, 2021
Ավարտվել է Լոռու մարզի բնակիչներին ընտրակաշառք տալու փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունը

Ավարտվել է Լոռու մարզի բնակիչներին ընտրակաշառք տալու փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունը

ՀՀ Լոռու մարզի Արջուտ գյուղի բնակիչներին ընտրակաշառք տալու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորել է, որ 2021 թվականի հունիսի 20-ին նշանակված ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու և «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար վերը նշված գյուղի բնակչուհի Ն. Ա.-ն իր համագյուղացիներին առաջարկել է տարբեր չափերի կաշառք: Այս մասին հայտնում է ՀՔԾ-ն: Մասնավորապես, Ն. Ա.-ն, ում գործատուն` «Սպիտակի թռչնաբուծական ֆաբրիկա» ՍՊ ընկերության բաժնետիրոջ որդի Ս. Հ.-ն, նույնպես առաջադրված է եղել «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքով, ԱԺ արտահերթ ընտրություններին հիշյալ դաշինքի օգտին կողմ քվեարկելու նպատակով 2021 թվականի հունիսի 18-ին իր համագյուղացուն անձամբ առաջարկել է 10.000-20.000 ՀՀ դրամ կաշառք, սակայն վերջինս մերժել է: Այնուհետև Ն. Ա.-ն իր բնակարան է հրավիրել մեկ այլ համագյուղացու և արտահերթ ընտրություններին նույն դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար որպես առավելություն խոստացել է զիջել նախկինում իր կողմից մատուցած ծառայությունների արդյունքում գոյացած 7500 ՀՀ դրամի չափով պարտքը: Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Ն. Ա.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով: Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:   Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
12:14 - 02 հուլիսի, 2021
Բարեփոխումների վերջնական նպատակը պետք է լինի իրավունքի, արդարադատության և արդարության հաստատումը. Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Դատախազության աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին

Բարեփոխումների վերջնական նպատակը պետք է լինի իրավունքի, արդարադատության և արդարության հաստատումը. Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Դատախազության աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Հայաստանի Հանրապետության դատախազության ստեղծման 103-րդ տարեդարձի և Դատախազության աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին: Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով և շնորհավորական խոսք հղել դատախազության բոլոր աշխատակիցներին. «Հարգելի պարոն Դավթյան,հարգելի գործընկերներ, Նախ ուզում եմ շնորհավորել բոլորիս Դատախազության աշխատողի օրվա առիթով: Այս ժամանակաշրջանում հատկապես ուզում եմ ընդգծել, որ մեր իրավապահ համակարգը, որտեղ դատախազությունն ունի խաչմերուկային նշանակություն, ըստ էության, կատարեց իր առջև դրված խնդիրը: Այն է՝ ապահովել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ազատ կամարտահայտությունն արտահերթ խորհրդարանական ընտրություններում: Հիմա իհարկե տեսնում ենք, թե ինչպիսի արձագանքներ ունեն խորհրդարանական ընտրությունները հայ և միջազգային հանրության շրջանում: Ուզում եմ ընդգծել, որ Հայաստանի Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ է, որ ընտրությունները որպես ինստիտուտ ծառայում են որպես ճգնաժամի հաղթահարման գործիք: Ցավոք, նախկինում առավելապես ընտրությունների արդյունքում ավելի շատ ճգնաժամեր են առաջացել, և առաջին դեպքն է, երբ մենք կիրառել ենք ժողովրդավարական այդ գործիքը՝ ներքաղաքական ճգնաժամն ու հակադրությունը հաղթահարելու գործում: Իհարկե, 2018 թվականն իր առանձնահատկությունն ուներ և 2018-ին էլ մեր ընտրություններն անցան շատ բարձր որակով, բայց դրանք կանխատեսելի ընտրություններ էին և ընդհանրապես որևէ հարց, հարցական այդ ընտրություններում չկար: Եթե հիմա բացառությունները հանած նայենք մեր ընտրությունների պատմությունը և տեսնենք, թե ինչպիսի իրադրություն էր երկրում տիրում ընտրություններից առաջ և հետո՝ կտեսնենք, որ սովորաբար ընտրություններից հետո կրքերը բորբոքվում են և առաջին անգամ է, որ բորբոքված կրքերը հանդարտվում են ընտրությունների արդյունքում: Սա շատ բանի մասին է խոսում: Եվ ես այստեղ չեմ կարող չընդգծել մեր դատաիրավական համակարգի, դատախազության դերը, որովհետև ընտրությունների նախընթաց շրջանում շատ մեծ մտավախություններ կային քարոզարշավի անվտանգության ապահովման, քվեարկության անվտանգության ապահովման, ձայների հաշվարկի անվտանգության ապահովման հետ կապված, բայց պետք է արձանագրենք, որ այս բոլոր հարցերը լուծվեցին ու ապահովվեցին ամենաբարձր մակարդակով: Ուզում եմ դրա համար շնորհակալություն հայտնել բոլորիդ, որովհետև ակնհայտ է, որ այստեղ կատարվել է համակարգային աշխատանք և այդ համակարգային աշխատանքի շնորհիվ է ապահովվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ազատ կամարտահայտությունը: Նույնպիսի շատ ավելի բարդ իրավիճակում էինք, այո, հետպատերազմյան շրջանում՝ նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրումից հետո, և պետք է արձանագրել, որ վերջին 7-8 ամիսներին մեր պետությունն անցել է աննախադեպ ցնցումների միջով: Մենք ունեցել ենք եզրային վիճակներ, որտեղ ընդհանրապես պետական ինստիտուտների ու պետության գոյության հարցն է դրվել կասկածի տակ, և այստեղ իրավակարգի ապահովման ուժերի և մարմինների դերակատարումը պիտի առանցքային լիներ՝ երաշխավորելու համար մեր իրավակարգը, մեր սահմանադրական կարգը, մեր պետականության լինելիությունը»: Այս առումով նույնպես Նիկոլ Փաշինյանն ընդգծել է իրավապահ համակարգի և դատախազության դերը: Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ այսպիսի ճգնաժամային իրավիճակներում առավել ևս ակներև է դառնում պետական ինստիտուտների և հատկապես դատախազության կարևորությունը: «Եվ իսկապես շատ ճիշտ նկատվեց, որ այդ ճգնաժամային հատվածում մենք տեսանք պատշաճ արձագանք, որի արդյունքում խուսափեցինք բազմաթիվ կորուստներից, ավելի խորը ցնցումներից և երաշխավորեցինք մեր պետականության ու պետական կարգի լինելիությունը: Իհարկե, կարծում եմ, որ նոյեմբերին տեղի ունեցած իրադարձությունների ուսումնասիրությունը, գործերով քննությունները և բացահայտումները դեռ ամբողջական չեն և դեռ պետք է շարունակվեն: Դա մեր իրավապահ մարմինների օրակարգում է, և այդ հարցում համոզված եմ, որ հետևողական կլինենք: Առաջիկայում շատ ավելի կարևոր և ծավալուն աշխատանք է սպասվում: Հանրությունն ու բոլորս, կարծում եմ, ունենք գիտակցում, որ 44-օրյա պատերազմի հանգամանքները պետք է լրջորեն և մանրամասն քննության առարկա դառնան, որովհետև կան հարցեր, որոնց պատասխանը պիտի ստանա հանրությունը: Իհարկե առանձին թեմա է, թե որ հատվածն է, որ պետք է դատաիրավական համակարգի շրջանակներում քննվի, որ համակարգն է, որ հանձնաժողովային կամ օրենսդրությամբ նախատեսված այլ ֆորմատներով պիտի քննարկվի, բայց կարևոր է արձանագրել, որ 44-օրյա պատերազմի բոլոր հանգամանքները և դրան հարակից այլ հանգամանքներ պիտի անպայման քննվեն այնտեղ, որտեղ կա քրեաիրավական գնահատականի խնդիր, պիտի տրվի քրեաիրավական գնահատական: Այնտեղ, որտեղ կա քաղաքական գնահատականի խնդիր, պիտի տրվի քաղաքական գնահատական, բայց հանրությունը և մենք բոլորս, կարծում եմ, զգում ենք այդ անհրաժեշտությունը, կարիքը և առաջիկայում դատախազությունն այս առումով բավականին մեծ աշխատանք ունի կատարելու»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետի պաշտոնակատարն անդրադառնալով վերջին երեք տարիներին դատաիրավական համակարգի հետ տեղի ունեցածին՝ նշել է, որ 2018թ. ձևավորված իշխանությունը հրաժարվեց դատաիրավական համակարգի թելադրանքի քաղաքականությունից: «Մենք պետք է խոստովանենք, որ սա նույնպես բերեց որոշակի ցնցումների, որովհետև դա մի զարգացում էր, որին որևէ մեկը չէր պատրաստվել և որին որևէ մեկը չէր էլ սպասում: Ընդհանրապես հետահայց նայելով, հիմա, օրինակ, վերլուծություններ են հնչում, որոնք գոյության իրավունք ունեն, որ հարաբերությունների այդպիսի կտրուկ փոփոխություն պետք չէր իրականացնել, այլ պետք էր փորձել, այսպես ասած, աստիճանական դա անել: Բայց իմ համոզմունքը նա է, որ եթե վճռական քայլեր չեն արվում՝ դատաիրավական համակարգի ինստիտուցիոնալ կայացման ճանապարհին հընթացս իներցիան սկսում է ավելի ու ավելի մեծ տեմպերով գերակշռել ու արդյունքում ոչ մի փոփոխություն մենք չենք ունենում: Սակայն երեք տարվա այս գործընթացների արդյունքում մենք կարող ենք արձանագրել, որ ի վերջո շատ կարևոր հենք և բազա ենք ստեղծել դատաիրավական համակարգի իսկապես ինստիտուցիոնալ լիարժեք կայացման համար: Ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ մեր նախընտրական ծրագրի առանցքային դրույթներից մեկը վերաբերվում էր իրավունքին և արդարադատությանը: Ընդհանրապես Երրորդ Հանրապետության պատմության մեջ, կարծում եմ, արդարության և արդարադատության պակասն ամենամեծ խնդիրն է եղել մեր երկրում և մեր ժողովրդի ամենակարևոր ձգտումներից մեկը հենց արդարությունն ու արդարադատությունն է և մենք պարտավոր ենք դա անել: Բայց ի սկզբանե ուզում եմ ընդգծել, որ երեք տարվա աշխատանքի արդյունքում ախտորոշել ենք համակարգային և խորքային խնդիրներ, տեսել ենք, որ ի հեճուկս ի սկզբանե տարածված և կարծրացած կարծիքի՝ մենք խնդիրներ ունենք ոչ միայն դատարաններում, այլև նախաքննության որակի հետ կապված, դատախազության համակարգում, և շատ կարևոր է, որ այդ խնդիրներին առերեսվում ենք ու արձանագրում, որ բարեփոխումների կուրսը պետք է շարունակվի, որոնց վերջնական նպատակը պետք է լինի Հայաստանում իրավունքի, արդարադատության, արդարության հաստատումը: Շատ կարևոր է արձանագրել, որ մենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից ստացել ենք մանդատ՝ Հայաստանի Հանրապետությունում օրենքի և իրավունքի դիկտատուրա հաստատելու վերաբերյալ: Սա ի՞նչ է նշանակում. սա նշանակում է, որ պիտի կարողանանք հասնել մի իրադրության, երբ ՀՀ քաղաքացիների և ինստիտուտների փոխադարձ հարաբերությունները հենված և սահմանափակված լինեն օրենքներով ու իրավունքով, և մյուս կողմից այդ օրենքները լինեն կիրառելի, այդ օրենքները ծառայեն իրավունքին և այդ օրենքները լինեն մարդկանց համար, հանրության համար և ոչ թե հակառակը»,- ասել է վարչապետի պաշտոնակատարը: Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ առնվազն հոգեբանական շատ լուրջ և խորքային փոփոխություններ են տեղի ունեցել: Վարչապետի պաշտոնակատարը ներկաների ուշադրությունն է հրավիրել այն փաստի վրա, որ ի վերջո արտահերթ խորհրդարանական ընտրությունները, նրանց բովանդակությունը և արդյունքները ցույց են տալիս այն, որ մեր հանրության շրջանում տեղի են ունեցել անշրջելի փոփոխություններ և պետական կառավարման համակարգն ամբողջությամբ պետք է դիրքավորվի ըստ այդ փոփոխությունների՝ արձանագրելով, որ երկրում ամենամեծ պահանջը և պահանջարկը ինչպես եղել, այնպես էլ շարունակում է մնալ իրավունքի և արդարության, արդարադատության լիարժեք կայացումը, օրենքի գերակայությունը, պատասխանատվության և պատժի անխուսափելիությունը: Այդ առումով, Նիկոլ Փաշինյանի խոսքով, դատախազությունն ունի առանցքային նշանակություն և կան բոլոր հիմքերն արձանագրելու, որ այդ գործառույթն այս նոր քաղաքական իրավիճակում դատախազությունն ի վիճակի է լիարժեք իրագործել: «Շատ կարևոր գործառույթ է նաև ապօրինի գույքի բռնագանձման ինստիտուտը, որը Հայաստանի Հանրապետությունում նոր սկսել է գործել: Այստեղ է, որ մենք նույնպես պիտի կարողանանք արդարության ճանապարհներով քայլել, որպեսզի, այսպես ասած, վրեժխնդրության տրամաբանություն չգործի, այլ գործի օրինականության տրամաբանություն և ի վերջո արդարությունը հաստատվի, վերականգնվի ու պետության, ժողովրդի, հանրության շահերը լիարժեք վերականգնվեն: Ի վերջո սա կլինի ինստիտուցիոնալ արձանագրումն այն բանի, որ ընդհանրապես կոռուպցիոն գործունեությունը Հայաստանի Հանրապետությունում չունի որևէ հեռանկար և Հայաստանի Հանրապետությունում համակարգային կոռուպցիայի վերականգնման համար որևէ հիմք, նախադրյալ ու հնարավորություն չկա: Այս բոլոր գործառույթներում դատախազության դերն առանցքային է և ուրախ եմ, որ, այո, Գլխավոր դատախազը նշեց՝ հանրության շրջանում մենք տեսնում ենք վերաբերմունքի որոշակի փոփոխություն և կարծում եմ՝ դատախազությունը, իրավապահ համակարգը և դատարաններն ի վերջո պիտի հանրության շրջանում ընկալվեն որպես ինստիտուտներ, որոնք պաշտպանում են մարդուն, որոնք պաշտպանում են իրավունքը, որոնք պաշտպանում են պետությունը, որոնք պաշտպանում են իրավակարգը և որոնք ասոցացվում են, նույնականացվում են արդարության ու արդարադատության հետ: Կրկին ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ կատարված աշխատանքի համար: Շատ կարևոր աշխատանք է կատարվել, իհարկե, ինչպես մեր, ինչպես իմ, այնպես էլ ձեր աշխատանքն անթերի չէ և սա ամենակարևոր արձանագրումն է բոլորիս համար, որպեսզի հետագա առաջընթացի համար ունենանք շարժառիթ և գիտակցում՝ արձանագրելով, որ մեզանից յուրաքանչյուրի անհատական ու ինստիտուցիոնալ աշխատանքի որակի շարունակական բարձրացումն այն առանցքային նպատակն է, որը միասին պետք է իրագործենք, այն առանցքային պարտավորությունն է, որն ունենք մեր ժողովրդի, մեր նահատակների առաջ: Նրանց առաջ ունեցած մեր ամենակարևոր պարտավորությունն ուժեղ, մրցունակ, արդար, հզոր, զարգացող պետություն ստեղծելն է: Եվ դատախազությունն այս ընթացքում պետությունը պաշտպանելու իր գործառույթը կատարել է և ես համոզված եմ, որ այդ գործառույթի կատարման որակի շարունակական բարձրացումը կարևորագույն խնդիր է, որի լուծումն անպայման տեղի կունենա մեր համատեղ աշխատանքի արդյունքում»,- նշել է Նիկոլ Փաշինյանը: Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նշել է, որ այս տոնական օրն իրենց համար լոկ համակարգի լինելիության և դրա մասը կազմելու գերատեսչական հպարտության հավաստիք չէ: «Այս օրը մեր համակարգի հարուստ տարեգրության էջանշում է, որի համար միասին դրել ենք մեր բոլոր կարողությունները, մասնագիտական ու մարդկային ներուժը, էներգիան՝ առջևում ունենալով մեր պետականության իրավահենության, ներքին իրավական անվտանգության ապահովման, իրավունքի և օրենքի գերակայության, այդպիսով՝ իրավական պետության կառուցման տեսլականը»: Գլխավոր դատախազն ընդգծել է, որ ընտրություններին վերաբերող բազմաթիվ դրվագներ սպասում են իրավական գնահատականների: «Վստահ եմ, սակայն, որ այս փուլը ևս արժանապատվորեն անցնելու ենք, որովհետև նշածս հավատամքի կրողը ամբողջական դատախազական համակարգն է՝ իր դրսևորած բացառիկ կայունությամբ, պահի լրջության, ընտրությունների պատմական կարևորության և դրանցից ածանցվող՝ իր դերակատարության նշանակալիության խորքային ընկալմամբ: Մենք ջանք չենք խնայելու մեր՝ ինչպես ավանդական գործառույթների իրականացման որակի ու բովանդակության ամենօրյա զարգացման, այնպես էլ հատկապես բոլորովին վերջերս ստանձնած՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման՝ որպես մեր երկրում սոցիալական արդարության վերականգնմանը միտված բացառիկ առաքելության նկատմամբ մեր հանրության սպասումներն արդարացնելու ուղղությամբ»,- ասել է Արթուր Դավթյանը: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ, օրինականության և իրավակարգի ամրապնդման գործում ներդրած ավանդի համար Մխիթար Գոշի մեդալով է պարգևատրել՝ Գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական և իրավական ապահովման վարչության պետ Արմեն Մարուխյանին, Գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում մինդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Արթուր Չախոյանին և Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության պետ Վահե Ռաֆայելյանին: Բացի այդ, Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահին է ներկայացրել միջնորդություն՝ Գլխավոր դատախազի տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական Արմեն Աֆանդյանին, Գլխավոր դատախազի տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական Գևորգ Բաղդասարյանին և Գլխավոր դատախազի տեղակալ՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական Սրբուհի Գալյանին արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան շնորհելու վերաբերյալ:
14:29 - 01 հուլիսի, 2021
Խախտվել են «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ»-ի բազմաթիվ շահառուների գույքային իրավունքները. Դատախազությունը դիմել է միջոցների

Խախտվել են «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ»-ի բազմաթիվ շահառուների գույքային իրավունքները. Դատախազությունը դիմել է միջոցների

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել են ՀՀ հաշվեքննիչ պալատի կողմից 2021թ. «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ում իրականացված հաշվեքննության արդյունքները: Պարզվել է, որ ՀՀ կադաստրի կոմիտեում տուն-ինտերնատի թվով 10 շահառուների սեփական, ինչպես նաև նրանց շահերի տիրույթում գտնվող անշարժ գույքերի վերաբերյալ կատարվել են գործարքներ՝ առանց նրանց կամ վերջիններիս խնամակալի մասնակցության: Այս մասին հայտնում է Դատախազությունը: Ոսումնասիրությամբ պարզվել է, որ 2 դեպքում առանց խնամակալության մարմինների մասնակցության տեղի է ունեցել գույքի առքուվաճառք, որոնցով հարուցվել են քրեական գործեր: 1 դեպքում դատական ակտով խնամարկյալը փաստացի տիրապետման հիմքով ժառանգությունն ընդունած ժառանգ է ճանաչվել, որի հանգամանքների պարզման նպատակով նախաձեռնվել է քրեադատավարական կարգով նյութերի նախապատրաստման գործընթաց: Իսկ մնացած 7 դեպքերում (որոնցից 2-ը՝ մահվան հիմքով) նոտարական գրասենյակներում ժառանգական գույքի ընդունման շրջանակներում այլ անձանց տրվել են ժառանգության վկայագրեր և կատարվել են անշարժ գույքի իրավունքների պետական գրանցումներ, որի արդյունքում շահառուները զրկվել են օրենքով սահմանված ժառանգական գույքի ընդունման հնարավորությունից: Վերը նշված 2 քրեական գործերի շրջանակներում, օրինակ, պարզվել է, որ ՏԻՄ պատասխանատու պաշտոնատար անձինք անտեսել են այն հանգամանքը, որ անգործունակ ճանաչված 2 անձինք հանդիսացել են «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ»-ի շահառու, խնամակալ են ճանաչել այլ անձանց և տվել են գույքի օտարման համաձայնություն: Արդյունքում շահառուներին պատկանող գույքն անօրինական օտարվել է: Ընդ որում, ուսումնասիրության արդյունքում պարզվել է նաև, որ անձանցից մեկը թեև 2016թ. ընդունվել է «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ, սակայն մինչ օրս հաշվառված է ՀՀ Լոռու մարզի Օձուն համայնքում և ընդգրկված է ընտրողների ռեգիստրում: Ուսումնասիրությունը փաստում է, որ «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ը, հանդիսանալով անգործունակ ճանաչված և իրենց մոտ տեղափոխված, իրենց շահառու հանդիսացող անձանց խնամակալը, տեղեկացված չի եղել վերջիններիս ժառանգության իրավունքի ծագման մասին և չի մասնակցել ժառանգության բացմանը: Իսկ նոտարական գրասենյակները չունենալով անգործունակ ճանաչված անձանց ցանկին հասանելիություն, այլ անձանց անուններով վավերացրել են գործարքներ և տվել ժառանգության իրավունքի վկայագրեր: Արդյունքում տուն ինտերնատի շահառուները զրկվել են առնվազն հիշյալ գույքերի սեփականության, ինչպես նաև ժառանգման իրավունքներից: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1228 հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ժառանգությունն ընդունելու ժամկետը բաց թողած ժառանգի դիմումի հիման վրա դատարանը կարող է նրան ճանաչել ժառանգությունն ընդունած` հարգելի համարելով ժամկետը բաց թողնելու պատճառները, եթե պարզվի, որ ժամկետը բաց թողնելու պատճառ է դարձել այն հանգամանքը, որ ժառանգը չգիտեր և պարտավոր չէր իմանալ ժառանգության բացման մասին ու պայմանով, որ ժառանգությունն ընդունելու ժամկետը բաց թողած ժառանգն այդ ժամկետը բաց թողնելու պատճառները վերացվելուց հետո` վեց ամսվա ընթացքում, դիմել է դատարան: Նկատի ունենալով վերոգրյալը՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը դիմել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ քննարկելու տուն-իներնատի շահառուների ժառանգության ընդունման պահանջներով հայց հարուցելու նպատակահարմարությանը հարցը: Հաշվի առնելով, որ պարզվել է 2016թ.-ից տուն-ինտերնատի շահառու անձի՝ դեռևս Լոռու մարզի Օձուն համայնքում հաշվառված լինելու հանգամանքը, առաջարկվել է պարզել նմանատիպ հնարավոր այլ դեպքերը և լուծել վերջիններիս հաշվառման հասցեների փոփոխման հարցը՝ ըստ նրանց բուժման կամ խնամքի հաստատության գտնվելու վայրի: Բացի այդ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 38-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն խնամակալները պարտավոր են պաշտպանել խնամարկյալների իրավունքներն ու շահերը: Հիմք ընդունելով դա՝ ՀՀ գլխավոր դատախազության կողմից խնդիր է դրվել գործուն միջոցներ ձեռնարկել օրենսդրական փոփոխություններ կատարելու ուղղությամբ՝ իրավասու մարմինների (այդ թվում՝ նոտարիատի ընդգրկմամբ) միջև խնդրո առարկայի մասին անհրաժեշտ տեղեկատվության փոխանակման և այլ գործիքակազմերի ներդրման ու կիրառման միջոցով անգործունակ ճանաչված անձանց, ինչպես նաև այլ խոցելի խմբերի իրավունքների և օրինական շահերի հնարավոր խախտումները բացառելու, և նրանց իրավունքներն (այդ թվում՝ գույքային) առավել արդյունավետ իրացնելու նպատակով:
16:34 - 30 հունիսի, 2021
Ապօրինի ծագման գույքի բռնագանձման ընթացիկ ուսումնասիրություններից 3-ն ավարտվել են. դատախազություն |1lurer.am|

Ապօրինի ծագման գույքի բռնագանձման ընթացիկ ուսումնասիրություններից 3-ն ավարտվել են. դատախազություն |1lurer.am|

1lurer.am: Հնարավոր ապօրինի ծագում ունեցող գույքի առկայության վերաբերյալ ուսումնասիրություն սկսելու հիմքերը ստուգելու նպատակով 2020 թ. ընթացքում ՀՀ դատախազության այլ ստորաբաժանումներից ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն է ստացվել 201 քրեական գործով նյութ 430 անձի վերաբերյալ, իսկ 2021 թվականի ընթացքում` 18 քրեական գործով նյութ, 1 դատավճիռ և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներով հայտնաբերված տվյալների վերաբերյալ 3 նյութ: Նշված նյութերի հիման վրա ուսումնասիրություն սկսելու հիմքերի ստուգման արդյունքում 2020 թ. ընթացքում կայացվել է ուսումնասիրություն սկսելու մասին 214 որոշում, իսկ 2021 թ.՝ 26 որոշում:  Ուսումնասիրությունների շրջանակում իրականացվել են բազմաթիվ գործողություններ: Մասնավորապես՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ, պետական և համայնքային (ինչպես նաև պետական և համայնքային մասնակցությամբ) կազմակերպություններ, ֆիզիկական և իրավաբանական անձանց ուղարկվել է շուրջ 2100 հարցում, ստացվել շուրջ 2000 պատասխան: Ապօրինի ծագում ունեցող գույքի, իրական շահառուների, նրանց փոխկապակցված անձանց շրջանակը, գույքի ծավալը, ինչպես նաև ուսումնասիրության համար անհրաժեշտ այլ հանգամանքներ պարզելու նպատակով օրենքով սահմանված շրջանակներում տրվել է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին 91 հանձնարարական, ստացվել՝ 61 պատասխան:  Թվով 7 ուսումնասիրությունների շրջանակում ուղարկվել են միջազգային իրավական օգնության հարցումներ, որոնցից 4-ով ստացվել է պատասխան գրություն: ՀՀ տարածքում գտնվող գույքի և (կամ) անձանց առնչությամբ օտարերկրյա պետությունների իրավասու մարմիններից ստացվել է 4 միջազգային հարցում, որոնց շրջանակում անհրաժեշտ գործողությունների կատարման արդյունքում Վարչության կողմից պատասխաններ են ուղարկվել հայցող պետությունների իրավասու մարմիններին: Բանկային, ապահովագրական կամ առևտրային գաղտնիք կազմող տեղեկություններ ստանալու նպատակով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է ներկայացրել 21 դիմում: Դատարանի կողմից մինչ օրս կայացվել է 18 որոշում, որից 12 դիմումով բանկային գաղտնիքի տրամադրումը բավարարվել է ամբողջությամբ, իսկ 6 դիմումով՝ մասնակի: Նշված որոշումներից մեկի առնչությամբ ներկայացվել է վերաքննիչ բողոք: Ուսումնասիրությամբ հայտնաբերված ապօրինի ծագում ունեցող գույքի շուկայական արժեքը պարզելու նպատակով նշանակվել է 11 փորձաքննություն, որոնցից 3-ի վերաբերյալ  փորձագիտական հիմնարկից ստացվել է եզրակացություն:  ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության կողմից Դատարան է ներկայացվել հայցի նախնական ապահովման միջոցներ կիրառելու մասին 6 դիմում: Մասնավորապես, թվով 3 ուսումնասիրություններին վերաբերող 4 դիմումները Դատարանի կողմից արդեն իսկ բավարարվել են:  Ավարտված ուսումնասիրություններով բացահայտվել է ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող 20 անշարժ և 5 շարժական գույք, 3 բաժնետիրական ընկերության բաժնետոմսեր, ինչպես նաև 6,194,611,586 ՀՀ դրամի չափով գումար: Նշված 3 ուսումնասիրության շրջանակում համապատասխան շահագրգիռ անձինք արդեն ծանուցվել և հրավիրվել են ուսումնասիրության արդյունքներով հավաքված նյութերին ծանոթանալու և ստացված տվյալների առնչությամբ իրենց դիրքորոշումը ներկայացնելու համար:
11:04 - 30 հունիսի, 2021
Ապօրինի անտառահատումների բազմաթիվ դեպքեր Արփի լիճ ազգային պարկում. մարզի դատախազի կողմից միջնորդագրեր են ներկայացվել

Ապօրինի անտառահատումների բազմաթիվ դեպքեր Արփի լիճ ազգային պարկում. մարզի դատախազի կողմից միջնորդագրեր են ներկայացվել

ՀՀ Շիրակի մարզի դատախազությունում ապօրինի ծառահատումների դեպքերով իրականացված քրեական վարույթների նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Աշոցքի բաժնում 2021 թվականի առաջին կիսամյակի ընթացքում «Արփի լիճ ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքից ապօրինի ծառահատումների վերաբերյալ նախապատարաստվել են 7 նյութեր։ Այս մասին տեղեկացնում է Դատախազությունը: Նախապատրաստված բոլոր նյութերով կայացվել է հանցակազմի բացակայության հիմքով քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշում, քանի որ յուրաքանչյուր դեպքում պատճառված վնասը չի գերազանցել քրեական օրենսգրքով նախատեսված նվազագույն չափը։ Նյութերի ուսումնասիրությունը վկայել է, որ անհայտ անձի /անձանց/ կողմից ապօրինի ծառահատումների դեպքերը «Արփի լիճ ազգային պարկ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից յուրաքանչյուր դեպքում արձանագրվել են առանձին-առանձին (մեկ կամ երկու ծառ) և դրանց վերաբերյալ ուղարկվել են առանձին գրություններ: Դրանց հիման վրա նախապատրաստված նյութերի շրջանակում բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման չափը մասնագետների կողմից նույնպես տրվել է առանձին: Մինչդեռ, ապօրինի ծառահատումների դեմ պայքարի տեսանկյունից առավել արդյունավետ կլիներ արձանագրել ամբողջ տարածքում կամ որոշակի հատվածում ծառահատումների դեպքերը, դրանց հիման վրա կազմել կատարված ծառահատումների վերաբերյալ ամփոփ հաղորդում, ինչը հնարավոր կդարձներ հարուցել քրեական գործ, և քրեադատավարական, օպերատիվ-հետախուզական միջոցառումների լայն գործիքակազմով հետամուտ լինել հանցանքի բացահայտմանը և այն կատարող անձանց հայտնաբերմանն ու պատասխանատվության ենթարկելուն: Նման մոտեցում չցուցաբերելու արդյունքում ապօրինի ծառահատում կատարած անձը /անձինք/ հնարավորություն է ստացել խուսափել ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածով նախատեսված քրեական պատասխանատվությունից, ինչը նպաստել է նշված տեղանքում ապօրինի ծառահատումների դեպքերի կրկնությանը: Նկատի ունենալով, որ վերոնշյալն ակնհայտորեն հետևանք է ազգային պարկի տարածքն անտառային կենսաբազմազանությանը վնաս պատճառող գործողություններից և անտառային օրենսդրության խախտումներից պաշտպանելու, բնության դեմ կատարվող հանցագործությունները կանխելու, հանցագործությունը կատարած անձանց հայտնաբերելու ուղղությամբ իրավասու պետական օղակների կողմից բավարար միջոցներ և գործողություններ չձեռնարկելու, ՀՀ Շիրակի մարզի դատախազի կողմից միջնորդագրեր են հասցեագրվել ՀՀ շրջակա միջավայրի նախարարին, ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարին, ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետին: Միջնորդագրերով, ըստ յուրաքանչյուր պետական մարմնի իրավասությունների շրջանակների, բարձրացվել են նմանատիպ հանցագործությունները կանխելու և բացահայտելու համար ազգային պարկի տարածքում շուրջօրյա վերակարգեր սահմանելով անտառային տարածքներ տրանսպորտային միջոցների մուտքի և ելքի նկատմամբ հսկողությունն ուժեղացնելու, ապօրինի հատված ծառերի այլ կոճղեր հայտնաբերելու, դրանցով համապարփակ տեղեկատվություն տրամադրելու նպատակով ՊՈԱԿ-ի համապատասխան անտառտնտեսությունների տարածքներն ուսումնասիրելու, այդպիսիք հայտնաբերելու դեպքում բուսական աշխարհին պատճառված վնասի հաշվարկի վերաբերյալ մասնագիտական եզրակացություն տրամադրելու խնդիրը: Բացի այդ, անհրաժեշտություն է համարվել գործուն քայլեր իրականացնել «Արփի լիճ ազգային պարկ» ՊՈԱԿ-ի, Ոստիկանության աշխատակիցների կողմից իրենց պարտականությունների կատարման ընթացքում տեղ գտած բացթողումները, թերացումները վերացնելու ուղղությամբ, այդ թվում կարգապահական կամ այլ բնույթի պատասխանատվության միջոցներ ձեռնարկել կոպիտ խախտումներ թույլ տված անձանց նկատմամբ:  
14:37 - 29 հունիսի, 2021
Օձունի համայնքապետը տուժող է ճանաչվել Լոռու մարզպետարանում ծեծկռտուքի գործով |1lurer.am|

Օձունի համայնքապետը տուժող է ճանաչվել Լոռու մարզպետարանում ծեծկռտուքի գործով |1lurer.am|

1lurer.am: Լոռու մարզպետարանում ծեծկռտուքի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում Օձունի համայնքապետ Արսեն Տիտանյանը տուժող է ճանաչվել՝  տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազությունից: Հիշեցնենք՝ «Հայաստան» դաշինքի շտաբի ղեկավար Արմեն Գևորգյանը հայտնել էր, որ Արսեն Տիտանյանին իր մոտ է կանչել մարզպետը և ներկայացրել հրաժարականի դիմում գրելու պահանջ։ Սակայն համայնքապետը հրաժարվել էր կատարել պահանջը, ինչի պատճառով նրան ծեծի էին ենթարկել: Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, սակայն, հերքել էր այդ լուրերը: Դատախազությունից տեղեկացանք նաև, որ այս քրեական գործով այլ կարգավիճակ ունեցող անձինք չկան: Ավելի վաղ ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնել էին, որ Օձունի համայնքապետը հաղորդում է ներկայացրել իր նկատմամբ կատարված հանցագործության վերաբերյալ:  
15:21 - 28 հունիսի, 2021
Ադրբեջանցի զինծառայողների կողմից միջազգային լրագրողին սպառնալու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ․ Գոռ Աբրահամյան

Ադրբեջանցի զինծառայողների կողմից միջազգային լրագրողին սպառնալու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ․ Գոռ Աբրահամյան

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հղում կատարելով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությանը՝ այսօր լրատվամիջոցները տեղեկատվություն էին հրապարակել Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանում Հայաստանի պետական սահմանից 2 կիլոմետր դեպի երկրի ներսն ընկած տարածքում իր մասնագիտական գործունեությունն իրականացնող միջազգային լրագրողի աշխատանքը խոչընդոտելու, զենքով նրան սպառնալու մասին։ Ըստ ՀՀ ՄԻՊ-ի և նրա հայտարարությունը հրապարակած ԶԼՄ-ների՝ դեպքը տեղի է ունեղել 2021թ. հունիսի 15-ին, երբ միջազգային լրագրողը մեկ այլ լրագրողի հետ լուսաբանման և լրագրողական այլ աշխատանքներ իրականացրելիս է եղել ՀՀ համապատասխան տարածքում՝ ադրբեջանական զինծառայողներց 100 մետր հեռավորության վրա, վերջիններս ագրեսիվ պահվածք են ցուցաբերել, լիցքավորել իրենց զենքերը և պահել լրագրողների ուղղությամբ՝ սպառնալով կրակել։ Անկանխատեսելի հետևանքներից խուսափելու նպատակով միջազգային լրագրողը դադարեցրել է աշխատանքը։ Ըստ առկա տվյալների՝ միջազգային լրատվամիջոցի լրագրողներն ունեցել են մամուլի ներկայացուցչի՝ ադրբեջանական զինծառայողների համար տեսանելի տարբերանշան և պահպանել են լրագրողական աշխատանքի կանոնները: Հրապարակումները ՀՀ Գեղարքունիքի մարզի դատախազությունից ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն՝ քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու և քրեական գործ հարուցելու նպատակով։ Արդյունքում ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և ընդունվել վարույթ։ Նախաքննությամբ կպարզվեն հանցագործության բոլոր հանգամանքները»։
16:18 - 26 հունիսի, 2021
Փորձ է արվում հանրությանը պարտադրել Արմեն Չարչյանի նկատմամբ քաղաքական հետապնդում իրականացվելու կեղծ օրակարգը. դատախազություն

Փորձ է արվում հանրությանը պարտադրել Արմեն Չարչյանի նկատմամբ քաղաքական հետապնդում իրականացվելու կեղծ օրակարգը. դատախազություն

«Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանին առնչվող քրեական գործի հարուցումից և հատկապես նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ դատարանի որոշման ընդունումից հետո այս ողջ ընթացքում ինչպես նրա պաշտպանների, այնպես էլ դաշինքի կողմից համառորեն փորձ է արվում հանրությանը պարտադրել Ա. Չարչյանի նկատմամբ քաղաքական հետապնդում իրականացվելու կեղծ օրակարգը: Դրա համար օգտագործվում են ինչպես նրա պաշտպանների հրապարակային միակողմանի մեկնաբանությունները, այնպես էլ օրինականության և քրեական իրավունքի հետ որևէ աղերս չունեցող քաղաքական հայտարարությունները, որոնց պակասը չզգացվեց նաև ՀՀ դատախազության առջև հունիսի 24-ին կայացած բողոքի ակցիայի ժամանակ: Այս մասին նշված է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի տարածած հաղորդագրության մեջ։ «Դատախազությունն անհրաժեշտ է համարում արձագանքել այս ընթացքում հանրությանն ակնհայտ մոլորության մեջ գցելուն միտված մի քանի անհիմն պնդումների: Նախ՝ պաշտպանության կողմից շահարկվող և տարբեր լրատվամիջոցներով տիրաժավորվող այն պնդումները, թե քրեական գործը հարուցվել է անանուն հաղորդման հիման վրա, չեն համապատասխանում իրականությանը: ՀՀ ՀՔԾ-ում քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 176-րդ հոդվածով նախատեսված օրինական առիթի առկայության պայմաններում, նյութեր նախապատրաստելու ընթացքում ձեռք բերված բավարար հիմքերով: Քրեական գործ հարուցելու համար առիթ է հանդիսացել վարույթն իրականացնող մարմնի կողմից իր լիազորություների իրականացման ընթացքում հանցագործության վերաբերյալ վկայող տվյալների հայտնաբերումը: Ավելին, նույն օրը դատախազի կողմից վարույթն իրականացնող մարմնին քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու հանձնարարությամբ ուղարկվել էր FIP-Փաստերի ստուգման հարթակում տեղ գտած՝  նշյալ իրադարձության վերաբերյալ հրապարակումը, որն առկա է քրեական գործի նյութերում: Պաշտպանության կողմը փորձում էր հասարակության մոտ կարծիք ձևավորել, թե առկա ձայնագրությունը կեղծ է: Դեռևս 2021թ. հունիսի 19-ին Ա.Չարչյանի պաշտպանն իր ֆեյսբուքյան էջում կատարված գրառմամբ և լրագրողներին տված ճեպազրույցներում նշել էր, որ իր պաշտպանյալը չի ընդունում ձայնագրության բովանդակությունը՝ ակնհայտ կերպով խեղաթյուրելով մինչ այդ դատախազության կողմից տրված պարզաբանման էությունը: Մինչդեռ խափանման միջոցի ընտրությանը վերաբերող դատական նիստի ընթացքում պաշտպանության կողմը հրապարակել է տեսաձայնագրություն, որում ամբողջությամբ ընդգրված է քրեական գործի հարուցման պահին նախաքննական մարմնի տրամադրության տակ գտնվող ձայնագրության բովանդակությունը և ընդունել, որ խոսողը հանդիսանում է Ա.Չարչյանը: Այնուամենայնիվ, նկատի ունենալով, որ վերոնշյալ տեսաձայնագրությունը (որով, իբրև թե, ըստ պաշտպանության կողմի, հերքվում է Ա. Չարչյանի մեղադրանքը) լրատվամիջոցներով հրապարակվել է քրեական գործի հարուցումից հետո, և դրանում առկա խոսակցության տարբեր հատվածների բովանդակային հակասությունները՝ հանձնարավել է անհրաժեշտ միջոցառումների ձեռնարկմամբ օբյեկտիվ քննությամբ պարզել դրա արժանահավատությունը: Հարկ ենք համարում պարզաբանել, որ նախնական կալանքին, ինչպես նաև խափանման միջոցի վերացմանն առնչվող դատախազության լիազորությունները հայեցողական չեն, ինչպես փորձ է արվում ներկայացնել Ա. Չարչյանի պաշտպանների կողմից: Դրանք կարգավորվում են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի՝ փախանման միջոց կալանքի ընտրության հիմքերի և պայմանների վերաբերյալ իրավանորմերով: Առաջնորդվելով դրանցով՝ քրեական գործով նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը, քննարկելով Ա. Չարչյանի նկատմամբ խափանման միջոցը վերացնելու վերաբերյալ պաշտպանի միջնորդությունը, մերժել է այն, ինչի վերաբերյալ որոշումը սահմանված ընթացակարգով ուղարկվում է պաշտպաններին: Իսկ միջնորդությունը չի բավարարվել այն հիմնավորմամբ, որ քննությամբ ձեռք բերված ապացույցներն ինքնին փաստում են նրա կողմից քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու միջոցով մինչդատական վարույթում գործի քննությանը խոչընդոտելու ռիսկերի առկայությունը, ինչը նաև դատարանի համար էր հիմք հանդիսացել նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու որոշում կայացնելիս: Որևէ իրավական և տրամաբանական հիմք չունեն հիվանդության պատճառով մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց կալանքը դատախազի կողմից պարտադիր վերացնելու և դա օրենքի պահանջ հանդիսանալու մասին դատողությունները, որոնք արվեցին նաև ՀՀ գլխավոր դատախազության առջև կազմակերպված ակցիայի ընթացքում: Նախ՝ ներկա պահին Ա. Չարչյանը գտնվում է իր նախընտրած քաղաքացիական հիվանդանոցում՝ բժիշկների հսկողության ներքո: Երկրորդ՝ ՀՀ օրենսդրությամբ հիվանդության պատճառաբանությամբ նախնական կալանքից ազատվելու հարցը լուծելու համար կա հստակ ընթացակարգ: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 151-րդ հոդվածի 3.2-րդ մասի համաձայն՝ դատախազն իրավունք ունի փոփոխելու կամ վերացնելու մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքը, երբ առկա է կալանքը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդություն, իսկ նման եզրահանգումը պետք է կատարված լինի համապատասխան բժշկական հանձնաժողովի կողմից: Ընդ որում, կալանքը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների ցանկը սահմանված է ՀՀ կառավարության որոշմամբ: Թե՛ դատարանին, և թե՛ դատախազությանը պաշտպանության կողմից միջնորդությանը կից ներկայացված ընդամենը տեղեկանքում արձանագրված ախտորոշումն ընդգրկված չէ այդ ցանկում: Առ այսօր պաշտպանության կողմից նախաքննական մարմնին չի ներկայացվել որևէ փաստական տվյալ, որ մեղադրյալի մոտ, հնարավոր է՝ առկա է կալանքի հետ անհամատեղելի ծանր հիվանդություն: Այդուհանդերձ, Ա. Չարչյանի մոտ նշված ցանկում ընդգրկված հիվանդության առկայության վերաբերյալ տվյալները քրեական գործով իրականացվող քննությամբ ձեռք բերվելու կամ պաշտպանության կողմից տրամադրվելու դեպքում անհապաղ կնշանակվի օրենքով նախատեսված դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն, որի եզրակացության հիման վրա էլ քրեադատավարական օրենքով կլուծվի վերջինիս նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման վերացման հարցը: Վերջում հարկ ենք համարում նշել, որ Դատախազության կողմից որևէ գործողությամբ կասկածի տակ չի դրվել և չի դրվելու Ա. Չարչյանի մասնագիտական հեղինակությունը: Սակայն արդարադատության շահը չի կարող ստորադասվել որևէ անձի վաստակին կամ որևէ խմբային շահի»,- ասվում է պարզաբանման մեջ:
21:52 - 24 հունիսի, 2021
Արմեն Չարչյանին ազատ արձակելու պահանջով բողոքի ակցիա դատախազության առջև |azatutyun.am|

Արմեն Չարչյանին ազատ արձակելու պահանջով բողոքի ակցիա դատախազության առջև |azatutyun.am|

azatutyun.am: «Իզմիրլյան» բժկական կենտրոնի ղեկավար, Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած «Հայաստանի» դաշինքի անդամ Արմեն Չարչյանին ազատ արձակելու պահանջով բողոքի ակցիա ընթացավ գլխավոր դատախազության շենքի առջև: Ելույթ ունեցողները հայտարարեցին, որ պրոֆեսոր Չարչյանը քաղբանտարկյալ է, և սա ներկայիս իշխանությունների քաղաքական հետապնդումն է իրենց դաշինքի դեմ: Նրանք պահանջում են, որ ԲԿ տնօրենն անհապաղ ազատ արձակվի: Դատարանը երեկ բավարարել է նրան կալանավորելու վերաբերյալ Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը, ինչից հետո տեղեկություններ տարածվեցին, որ Չարչյանն առողջական խնդիրներով հոսպիտալացվել է: Դատախազությունից այսօր որևէ մեկը դուրս չեկավ: Արմեն Չարչյանը մեղադրվում է ընտրություններին մասնակցելուն հարկադրելու համար։ Քվեարկությունից օրեր առաջ «Անկախ դիտորդ» դաշինքն էր տարածել հիվանդանոցի աշխատակիցների հետ Չարչյանի անցկացրած ժողովի ձայնագրությունից մի հատված, որը իրավապահներոը որակում են որպես ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտել։ Ցուցմունք տալուց հրաժարվող պրոֆեսորը պնդում է՝ իր արարքը հանցագործություն չէ, ինքն իր աշխատակիցներին չի հարկադրել։
19:41 - 24 հունիսի, 2021