ԵՄ

Եվրոպական միությունը (ԵՄ) իրավունքի քաղաքական համայնք է, որի նպատակն է Եվրոպայի երկրների ու ժողովուրդների ինտեգրման ու կառավարման գործառույթի կազմակերպումը: Հիմնվել է 1993 թվականի նոյեմբերի 1-ին, բաղկացած է եվրոպական 27 երկրներից։ ԵՄ կառույցներն են Եվրոպական խորհրդարանը, Եվրամիության խորհուրդը, Եվրոպական խորհուրդ, Եվրոպական խորհուրդ, Եվրամիության Արդարադատության դատարանը, Հաշիվների դատարանը, Եվրոպական կենտրոնական բանկը։

Լիսաբոնյան համաձայնագրի ընդունմամբ՝ Եվրոպական արտաքին գործերի ծառայության պատասխանատվության տակ անցան Եվրոպական միությունը և իր քաղաքացիներին ներկայացնող 140 պատվիրակությունները և գրասենյակները:

Հայաստանում Եվրոպական միության դեսպանն ու ԵՄ պատվիրակության ղեկավարն է Ն.Գ. Անդրեա Վիկտորին։

ԵՄ դեսպանատան դիմաց ոստիկանությունը լուսաձայնային նռնակ է օգտագործում, իսկ դեսպանատունը լուռ է. Վարդեւանյան |news.am|

ԵՄ դեսպանատան դիմաց ոստիկանությունը լուսաձայնային նռնակ է օգտագործում, իսկ դեսպանատունը լուռ է. Վարդեւանյան |news.am|

news.am: Հունիսի 3-ին հենց այս հատվածում՝՝ ԵՄ գրասենյակի անմիջական հարևանությամբ, ժողովրդի վրա կիրառվեց լուսաձայնային նռնակ: Այս մասին այսօր՝ հունիսի 7-ին՝ ԵՄ գրասենյակի դիմաց «Դիմադրություն» շարժման ակցիայի ժամանակ, հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը: «Ես կարծում եմ՝ սա նաև այս իշխանությունների հերթական ամոթալի էջերից մեկն է: Զարմանալին այն է, որ ԵՄ դեսպանատունը դրա մասին չի խոսում: Չի խոսում տասնյակ հարյուրավոր վնասվածքներ ստացած քաղաքացիների մասին, չի խոսում, որ խաղաղ հավաքի նկատմամբ նռնակ է օգտագործվել»,-ասաց նա: Այնուհետև Վարդևանյանն ընթերրցեց ԱԺ ընդդիմադիր երկու խմբակցությունների («Հայաստան» և «Պատիվ ունեմ») հայտարարության տեքստը, որը փոխանցվեց ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինին: Հայտարարությունում ասվում է. «Ընդդիմադիր խորհրդարանական երկու խմբակցություններն արձանագրում են. Սույն թվականի հունիսի 3-ին Պռոշյան-Դեմիրճյան փողոցների հատման հատվածում խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ ոստիկանական ուժերի կողմից կիրառվել է ապօրինի և անհամաչափ ուժ ու հատուկ միջոցներ, այն է «Սվիրել» լուսաձայնային նռնակներ: Չնայած այն բանին, որ հավաքը կրում էր բացառապես խաղաղ բնույթ, և այդ պարագայում ոստիկանական ուժերը պետք է ոչ թե խոչընդոտեին, այլ ընդհակառակը, պարտավոր էին աջակցել խաղաղ հավաքի անցկացմանը: Ընդ որում, լուսաձայնային նռնակների կիրառում իրականացվել է առանց նախնական զգուշացման: Անհամաչափ ուժի և հատուկ միջոցների կիրառման արդյունքում խաղաղ հավաքի մասնակից հարյուրավոր քաղաքացիների շրջանում, որոնց թվում նաև կանանց ու տարեցների մոտ առկա են տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ: Մարմնական տարատեսակ վնասվածքներ են ստացել նաև ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներից մի քանիսը, ինչպես նաև «Դիմադրություն» շարժման մասնակից քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ: Ընդ որում, վնասվածք ստացածների միայն մի հատվածն է դիմել բժշկական օգնության: Զգալի հատվածը նախընտրել է բուժում ստանալ տնային պայմաններում, ինչը հիմք է տվել իշխանական ներկայացուցիչներին լրատվական դաշտ նետել թեզ, թե բախումների արդյունքում ոստիկանների շրջանում վնասվածք ստացածների քանակը շատ ավելին է, քան ցուցարարների շրջանում: Հարկ է նշել, որ ոստիկանության ներկայացուցիչների մեծ մասը տուժել է հատուկ միջոցների սխալ կիրառման արդյունքում: Իսկ որոշ լրատվամիջոցներում տեղ գտած տեղեկատվության համաձայն՝ կիրառված լուսաձայնային նռնակները նաև եղել են ժամկետանց: Հաջորդ խնդիրը, որ ներկայացվում է դեսպանին, խաղաղ հավաքի ընթացքում ոստիկանության մի շարք ծառայողների կողմից ոստիկանության մասին և ՀՀ օրենսդրության կոպիտ խախտմամբ ոստիկանության ծառայողների նույնականացնելու հնարավորություն տվող տարբերանշանները չկրելու փաստն է: Օրենքի նման պահանջը նպատակ է հետապնդում, որ քաղաքացին կարողանա ճանաչել կամ նույնականացնել իրեն մոտեցած կամ իրեն բերման ենթարկող ոստիկանության ծառայողին: Ավելին՝ ԵՄ դեսպանատան համար մշտապես կարևորվող ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի խաղաղ հավաքների ազատության վերաբերյալ ուղեցույցի 159-րդ կետում ուղղակի առկա է նման պահանջ: Նաև անհրաժեշտ ենք համարում նշել, որ այս խնդիրը նույնիսկ արձանագրվել է գործող ՄԻՊ-ի կողմից: Ոստիկանական բիրտ ու անհամաչափ ուժ է կիրառվել ոչ միայն քաղաքացիների նկատմամբ, այլ նաև լրատվամիջոցների նկատմամբ, խոչընոտվել է նրանց մասնագիտական աշխատանքը: Այսպես, սադրանքի արդյունքում ստեղծված հրմշտոցի ժամանակ ոստիկանները խլել են լրատվամիջոցներից մեկի օպերատորի տեսախցիկի ձողը, երբ լրագրողը ընկած է եղել գետնին, և այդ ձողով ոստիկանները սկսել են ծեծել ցուցարարներին: Արդյունքում օպերատորը ստացել է ոտքի վնասվածք, իսկ ԶԼՄ գույքը վնասվել է: Ոստիկանները խոչընդոտել են այն լրագրողների և օպերատորների աշխատանքը, որոնք այդ պահին փորձել են նկարահանել լուսաձայնային նռնակներ նետող ոստիկանին: Ընդ որում, պետք է արձանագրել, որ ոստիկանական ուժերի կողմից առանց զգուշացման հատուկ միջոցների կիրառումը ինքնին արդեն վտանգ է ստեղծել նշված տարածքում աշխատող լրագրողների առողջության և մասնագիտական գործունեություն ծավալելու համար: Խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ բիրտ ու սադրիչ գործողությունները կատարվել են անձամբ Նիկոլ Փաշինյանի ապօրինի հրամանի հիման վրա: Սա հերթական կարմիր գծի հատումն էր, երբ սեփական ժողովրդի նկատմամբ Փաշինյանի հրամանով կիրառվում են լուսաձայնային նռնակներ՝ քաջ գիտկցելով, որ հավաքի մսնակիցների մեծ մասը 44-օրյա պտերազմի մասնակիցներ են: Իսկ հետպատերազմական շրջանում այդ միջոցների ձայնն անգամ բվական է հավաքի մասնակիցներին սադրելու համար»: Արամ Վարդևնայնանը հույս հայտնեց, որ ԵՄ դեսպանի կողմից այս հայտարարությանը կլինի պատշաճ արձագանք: «Երբ ԵՄ դեսպանատան դիմաց ոստիկանությունը խախտում է մարդու իրվունքների կոնվենցիայի բոլոր կետերը, և ԵՄ դեսպանատունը լուռ է մնում, ես սա չեմ հասկանում: Սա ամենաանընդունելի երկակի ստանդարտն է: Նույն այս դեսպանատունը 2018-ին մարդու մազ ծռվելու դեպքում օրվա մեջ մի քանի հայտարարություն էր տարածքում, իսկ հիմա լուռ է և այդ լռությամբ խրխուսում է ոստիկանական վայրագությունները»,- ասաց Վարդևանյանը:
13:01 - 07 հունիսի, 2022
Առանց Ղարաբաղի հայերի կարծիքը հաշվի առնելու հնարավոր չէ հասնել կարգավորման. Տոյվո Կլաար  |azatutyun.am|

Առանց Ղարաբաղի հայերի կարծիքը հաշվի առնելու հնարավոր չէ հասնել կարգավորման. Տոյվո Կլաար |azatutyun.am|

azatutyun.am: «Առանց Ղարաբաղի հայերի կարծիքը հաշվի առնելու հնարավոր չէ հասնել կարգավորման», - «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի մասնակցությունն է նկատի ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելը, երբ բրյուսելայն եռակողմ հանդիպումից հետո հայտարարեց, թե տևական և արդար խաղաղության համար պետք է քննարկում լինի հիմնական բոլոր հարցերի շուրջ՝ շահագրգիռ բոլոր կողմերի մասնակցությամբ։ «Կարծում եմ, ի վերջո, Ղարաբաղի հայերը, իհարկե, մի կողմ են, որոնք պետք է լինեն լուծման մաս՝ ինչ ձևով էլ դա տեղի ունենա… Եւ շատ պարզ է, որ Ղարաբաղում ապրող մարդիկ հիմնարար շահագրգռվածություն ունեն համապարփակ կարգավորման հասնելու հարցում: Եվ անձամբ ես չեմ տեսնում, թե ինչպես կարող ենք հասնել նման կարգավորման՝ առանց այդ մարդկանց կարծիքն ու տեսակետը հաշվի առնելու», - նշեց նա։ Այդուհանդերձ, Շարլ Միշելը Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո խոսեց միայն Ղարաբաղի էթնիկ հայերի իրավունքների մասին՝ որևէ բան չնշելով ապագա կարգավիճակի վերաբերյալ, ինչը մտահոգություն առաջացրեց Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում. - «Կարծում եմ, ի վերջո հարցն այն է, որ սա պետք է լինի համապարփակ կարգավորում։ Եվ մենք բոլորս գիտենք, թե ինչպես սկսվեց հակամարտությունը, և այն պետք է վերջնականապես փակվի։ Նախագահ Միշելն իր հայտարարության մեջ էլի շատ բան չի նշել։ Սա հայտարարություն չէր, որն ընդգրկում էր բոլոր այն խնդիրները, որոնք պետք է լուծվեն: Բայց փաստն այն է, որ մենք միշտ ընդգծել ենք, որ հակամարտության համապարփակ կարգավորումն անհրաժեշտ է, և մենք հենց դրա ուղղությամբ ենք աշխատում»։ Երկու մայրաքաղաքներից էլ Տոյվո Կլաարը ընդհանուր առմամբ դրական ուղերձներ է ստանում։ Լեռնային Ղարաբաղի անորոշ կարգավիճակի վերաբերյալ Տոյվո Կլաարն ասում է՝ հիմա ամենակարևորն է փորձել առաջ մղել գործընթացը՝ արձագանքելով դիտարկմանը թե մինչ Երևանը խոսում է Մինսկի խմբի մասին, Բաքուն պնդում է, որ Ղարաբաղի հարցը փակված է, եռանախագահությունն էլ կարող է լուծարվել. - «Եվրամիությունը չի պնդում, թե ունի որևէ բանի հեղինակային իրավունք: Մենք շահագրգռված են առաջընթաց տեսնելու ու դրան աջակցելու մեջ, և դա, կարծում եմ, այն է, ինչին նախագահ Միշելը կարողացավ հասնել առաջնորդների հետ իր երեք հանդիպումների, ինչպես նաև նախագահներ Մակրոնի, Ալիևի և վարչապետ Փաշինյանի հետ իր հանդիպման միջոցով։ Եվ դա այն է, ինչ մենք ուզում ենք անել», - ասում է դիվանագետը՝ հիշեցնելով, որ կան նաև այլ ձևաչափեր, մասնավորապես մոսկովյան եռակողմ հանդիպումները առաջնորդների մակարդակով, ապաշրջափակման հարցով՝ փոխվարչապետերի հանձնաժողովն է վերսկսել նիստերը. - «Դա հոյակապ է, շատ լավ է, եթե այն մեզ առաջ տանի ճիշտ ուղղությամբ: Այսպիսով, Եվրամիության միակ ու միակ շահն է օգնել գործընթացին ու օգնել հասնելու կայուն և համապարփակ կարգավորման»: Առավել մանրամասն՝ azatutyun.am-ում
17:01 - 06 հունիսի, 2022
Վարչապետն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին

Վարչապետն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Վարչապետը կարևորել է Հայաստան-Եվրամիություն գործընկերությունը և բարձր գնահատել ԵՄ-ի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի՝ տարածաշրջանային կայունությանը միտված ջանքերը: Տարածաշրջանային խաղաղության և Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման համատեքստում Նիկոլ Փաշինյանն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության գործունեության կարևորությունը: Տոյվո Կլաարը նշել է, որ Եվրամիությունը կարևորում է Հայաստանի հետ փոխգործակցության խորացումը և աջակցում է տարածաշրջանային երկխոսությանը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել բրյուսելյան հանդիպումների արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքի շուրջ: Անդրադարձ է եղել սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի աշխատանքներին, տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակմանն առնչվող հարցերի:
17:23 - 03 հունիսի, 2022
Ռուբեն Ռուբինյանը և Տոյվո Կլաարը մտքեր են փոխանակել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ

Ռուբեն Ռուբինյանը և Տոյվո Կլաարը մտքեր են փոխանակել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ

Հայաստանը բարձր է գնահատում Եվրոպական միության հետ համագործակցությունը: Այս մասին ասել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հունիսի 3-ին Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ընթացքում: Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը: Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ: Ռուբեն  Ռուբինյանը ներկայացրել է ՀՀ դիրքորոշումներն ու առաջնահերթությունները: Տոյվո Կլաարն ընդգծել է, որ ԵՄ-ն հետաքրքրված է` նպաստելու գործընթացի առաջմղմանը: Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային իրավիճակը, կարևորել Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատումը:
16:45 - 03 հունիսի, 2022
ԵՄ-ի խորհուրդը հաստատել է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների վեցերորդ փաթեթը |armenpress.am|

ԵՄ-ի խորհուրդը հաստատել է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների վեցերորդ փաթեթը |armenpress.am|

armenpress.am: ԵՄ-ի խորհուրդը հունիսի 3-ին հաստատել Է հակառուսական պատժամիջոցների վեցերորդ փաթեթը, որոնք վերաբերում են տնտեսական հատվածին, ինչպես նաեւ Ռուսաստանից եւ Բելառուսից ֆիզիկական անձանց: «Այսօր Խորհուրդը որոշում Է ընդունել կիրարկել տնտեսական եւ անհատական պատժամիջոցների վեցերորդ փաթեթը, որոնք ուղղված են Ռուսաստանին եւ Բելառուսին»,-ասվում Է մամուլի տեղեկագրում, որը հրապարակվել Է ԵՄ-ի խորհրդի կայքում: ԵՄ-ի այդ պատժամիջոցների շրջանակներում արգելք կսահմանվի Ռուսաստանից նավթահումքի եւ առանձին նավթամթերքների ներմուծան վրա: Նշվում Է, որ նավթահումքից փուլային հրաժարումը կտեւի շուրջ կես տարի, իսկ նավթամքերքներից հրաժարումը՝ մինչեւ ութ ամիս: ԵՄ-ի խորհրդի հայտարարության մեջ հավաստվում Է, որ միության առանձին երկրների համար նախատեսված են ժամանակավոր բացառություններ: Ինչպես հաղորդվել Է, մի շարք պետություններ, մասնավորապես Հունգարիան, հնարավորություն կստանան ինչ-որ ժամանակ հումք ներմուծել «Դրուժբա» խողովակաշարով: Բուլղարիային թույլատրում են ժամանակավորապես շարունակել Ռուսաստանից նավթի ներկրումը ծովով, իսկ Խորվաթիան կպահպանի առանձին նավթամթերքների ներմուծման հնարավորությունը: Բացի այդ, պատժամիջոցները ենթադրում են SWIFT միջազգային համակարգից ռուսաստանյան երեք բանկերի՝ ««Սբերբանկ»-ի, «Մոսկվայի վարկային բանկի» եւ «Ռոսսելխոզբանկ»-ի անջատում: Բացի դրանցից, համակարգից կբացառեն Բելառուսի զարգացման եւ վերակառուցման բանկը: Փաստաթղթում ընդգծվում Է, որ ԵՄ-ն նաեւ կընդլայնի մի շարք ապրանքների եւ տեխնոլոգիաների արտահանական սահմանափակումները, «որոնք կարող են նպաստել Ռուսաստանի պաշտպանության եւ անվտանգության հատվածի տեխնոլոգիական կատարելագործմանը»: Դրանք ներառում են քիմիկատների 80 տեսակ, որոնք կարող են օգտագործվել քիմիական զենքի արտադրության համար»: Բացի այդ, ԵՄ-ն արգելք կսահմանի Ռուսաստանին հաշվապահական, խորհրդատվական ծառայություններ եւ հասարակայնության հետ կապերի ծառայություններ տրամադրելու վրա: Արգելքի տակ կհայտնվեն նաեւ ամպային ծառայությունները: Եվրամիության պատժամիջոցների ցուցակում կընդգրկվեն մի շարք ֆիզիկական եւ իրավական անձինք: Նրանց թվում են՝ ձեռնարկատերերը եւ նրանց ընտանիքների անդամները, Ռուսաստանի իշխանությունների, ինչպես նաեւ պաշտպանական ձեռնարկությունների ներկայացուցիչներ եւ մեկ ֆինանսական կազմակերպություն, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
15:44 - 03 հունիսի, 2022
Միրզոյանը Կլաարի հետ հանդիպմանը վերահաստատել է ՄԽ համանախագահության աշխատանքների վերականգնման կարևորությունը

Միրզոյանը Կլաարի հետ հանդիպմանը վերահաստատել է ՄԽ համանախագահության աշխատանքների վերականգնման կարևորությունը

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Այս մասին հայտնեցին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից:  Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը՝ տարածաշրջանային խաղաղության ու կայունության հաստատման և Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ և այս համատեքստում վերահաստատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության աշխատանքների վերականգնման կարևորությունը։ Կողմերը քննարկել են բրյուսելյան հանդիպումների արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը: Նախարար Միրզոյանն ընդգծել է պայմանավորվածությունների կամայական, իրականությանը չհամապատասխանող մեկնաբանությունների անթույլատրելիությունը և կարևորել կառուցողական մթնոլորտի ապահովմանն ուղղված հռետորաբանության և գործնական քայլերի անհրաժեշտությունը։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի աշխատանքների, տարածաշրջանի տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման հետ կապված հարցերի շուրջ։  Նախարար Միրզոյանն անընդունելի է համարել ռազմատենչ հայտարարությունների և սահմանային սադրանքների միջոցով Հարավային Կովկասում իրավիճակը ապակայուցանցնելու Ադրբեջանի շարունակական փորձերը։ 
14:58 - 03 հունիսի, 2022
Գերմանիան կորցնում է իր ազդեցությունը Եվրամիությունում․ Politico

Գերմանիան կորցնում է իր ազդեցությունը Եվրամիությունում․ Politico

Politico  պարբերականը գրում է Եվրամիությունում Գերմանիայի ազդեցության նվազման և դրա  պատճառների մասին։ Հոդվածը ներկայացնում ենք կրճատումներով․ «Տարիներ շարունակ Գերմանիան Եվրամիության առաջատար երկիրն էր, ԵՄ-ում Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների ձայնը, որոնք փնտրում էին Բեռլինի հովանավորությունը, առաջնորդությունը, երբեմն էլ՝ ցանկանում հստակ հրահանգներ լսել։  Սակայն վերջերս տեղի ունեցած մի շարք զարգացումներ խաթարել են Բեռլինի հեղինակությունը և ազդեցությունը Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում և, որ ավելի կարևոր է, Եվրախորհրդի գագաթնաժողովում հավաքված առաջնորդների շրջանում։ Դրա պատճառներից են անցյալ տարի կանցլեր Անգելա Մերկելի բազմամյա պաշտոնավարման ավարտը, Բեռլինում ավելի բարդ եռակուսակցական իշխող կոալիցիայի կազմավորումը և մի շարք քաղաքական սխալներ, Ռուսաստանի քաղաքականության և ուկրաինական պատերազմի հետ կապված հակասական հայտարարությունները։ Այս ամենի արդյունքը Բեռլինի ազդեցության զգալի թուլացումն է և մյուս երկրների՝ իրենց ճանապարհով գնալու պատրաստակամությունը, որոշ դեպքերում էլ ֆրանս-գերմանական դաշինքին բացահայտ մարտահրավեր նետելը, որն, ըստ ԵՄ բազմաթիվ պաշտոնյաների և դիվանագետների, տարիներ շարունակ եղել է ԵՄ որոշումների կայացման կենտրոնում։ «Մեզ պետք չէ Գերմանիայի հովանավորությունը, - ասում է Արևելյան Եվրոպայի դիվանագետներից մեկը։ - Լեհաստանն իրեն լավ է դրսևորել Ռուսաստանի հարցում, [ուկրաինացի] փախստականներին ընդունելու, գազից աստիճանաբար հրաժարվելու հարցերում։ Բալթյան երկրները խելացի ղեկավարություն ունեն։ Բուլղարիայում նոր, ավելի մեծ վստահություն վայելող կառավարություն է ձևավորվել։ Ռումինիայում իրավիճակը կայուն է»։ Գերմանիայի հեղինակության նսեմացումը վառ ձևով արտահայտվեց այս շաբաթ, երբ ԵՄ պետությունների ղեկավարներն ամեն կերպ փորձում էին համաձայնության գալ ռուսական նավթի էմբարգոյի շուրջ և հաղթահարել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի համառ դիմադրությունը։ Նախկինում, երբ Օրբանը խոչընդոտում էր ԵՄ առաջարկներին, հաճախ Մերկելին  խնդրում էին միջնորդել։ Եվրամիությունում Մերկելի և Բեռլինի ազդեցությունը կասկածներ չէր առաջացնում։ Այս անգամ Գերմանիային մեղադրում էին այն բանի  համար, որ նա փորձում է օգուտ քաղել խողովակաշարով մատակարարվող նավթի նկատմամբ էմբարգո չսահմանելու առաջարկից։ Բեռլինը բազմիցս հերքել է այս առաջարկին իր մասնակցությունը և վերջնարդյունքում խոստացել է մինչև այս տարեվերջ հրաժարվել ռուսական նավթի ներկրումից՝ որպես հստակ նշան, որ ոչինչ չի շահելու խողովակաշարով նավթի մատակարարման շարունակումից։ Սակայն այն փաստը, որ ԵՄ մյուս անդամ երկրներն այդիպի կասկածներ ունեին, ընդգծում է Բեռլինի նկատմամբ խաթարված վստահությունը։ Իսկ ավելի վաղ Եվրահանձնաժողովի նախագահ, Գերմանիայի պաշտպանության նախկին նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյայենի այցը Բուդապեշտ ոչ մի բեկում չէր մտցրել նավթի ներկրման արգելքի շուրջ առկա անհամաձայնությունում։  Փոխարենը Եվրախորհրդի նախագահ, Բելգիայի նախկին վարչապետ Շառլ Միշելին էր բաժին ընկել փոխզիջում գտնելը, որը Հունգարիան, ի վերջո, ընդունեց, իսկ Միշելը հիմքեր գցեց ոչ միայն նավթի արգելքի, այլև պատժամիջոցների ամբողջ վեցերորդ փաթեթի ընդունման համար։ Մերկելին փոխարինած Օլաֆ Շոլցն այս հարցում առանցքային դեր չխաղաց։ «Շոլցն իսկական խնդիր է։ Նա պարզապես շահախնդիր գերմանացի է, փոխզիջում ձևավորող չէ, ինչպես Մերկելը։ Ոչ ոք չի փոխարինի Մերկելին», - ասում է ԵՄ դիվանագետներից մեկը։ Սակայն գերմանացի պաշտոնյաներից մեկը դեմ է արտահայտվում այս պնդումներին՝ ասելով, որ «ան փաստը, որ քննադատությունը գալիս է այսքան մեծ քանակությամբ երկրներից, վկայում է այն մասին, որ Գերմանիան առաջատար դեր է խաղում» այս դժվար պահին ԵՄ մակարդակով փոխզիջումների հասնելու գործում։ Թեև ոչ մի պետության ղեկավար չի ստանձնել Մերկելի՝ որպես ազդեցիկ միջնորդի դերը, Իտալիայի վարչապետ և Եվրոպական կենտրոնական բանկի նախկին նախագահ Մարիո Դրագին, որը հայտարարել էր, թե բանկը կանի «հնարավոր ամեն ինչ» եվրոգոտու ճգնաժամի ժամանակահատվածում, այն առաջնորդն է, որն այժմ մեծ կշիռ ունի։ Սակայն Իտալիան տասնամյակներով անկայուն քաղաքականության և ֆինանսական կառավարման բեռ ունի, ինչը սահմանափակում է Իտալիայի ազդեցության շրջանակն՝ անկախ նրանից, թե ով է վարչապետը։ Ինչ վերաբերում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, ապա համարվում է, որ նա չի կարողանում մի կողմ թողնել իր էգոն և մեծությունն՝ աննկատ, բայց ազդեցիկ մեկը դառնալու համար, որը փոխզիջումների վրա հիմնված քաղաքականություն կձևավորի և կազդի որոշումների կայացման վրա։ Որոշ արևելաեվրոպական դիվանագետներ և պաշտոնյաներ ասում են, թե դեռ հույս ունեն, որ Բեռլինը վերադարձնելու է իր դիրքերը՝ վերականգնելով իր հեղինակությունը միջազգային հարաբերություններում արտգործնախարար Աննալենա Բերբոկի միջոցով, որը նրանց վրա ավելի խարիզմատիկ և ինքնավստահ մարդու տպավորություն է թողել, քան Շոլցը։ Լատվիայի վարչապետ Կրիշյանիս Կարինշը դեմ է արտահայտվել Ֆրանսիային ձայնի ավելի մեծ իրավունք տրամադրելուն՝ դրա փոխարեն Գերմանիային կոչ անելով վերադարձնել իր առաջատար դիրքը։ «Մեր տեսակետից շատ ավելի լավ կլիներ, որ Գերմանիան ավելի առաջատար դեր խաղար։ Իմ հայացքները չեն փոխվել Գերմանիայի կառավարության փոփոխման հետևանքով»,- ասել է նա Politico-ին։ Որոշ պաշտոնյաների համար միայն ժամանակի հարց է այն, թե երբ Բեռլինը կվերահաստատվի ԵՄ ամենահեղինակավոր և ամենաազդեցիկ մայրաքաղաքի դերում»։ Նորա Վանյան
14:22 - 03 հունիսի, 2022
Գնաճը եվրոգոտում նոր ռեկորդ է սահմանել․ ինչո՞վ է դա պայմանավորված․ Reuters

Գնաճը եվրոգոտում նոր ռեկորդ է սահմանել․ ինչո՞վ է դա պայմանավորված․ Reuters

Գնաճը եվրոգոտում նոր ռեկորդ է սահմանել մայիսին։ Եվրոգոտու 19 երկրներում գնաճը ապրիլին 7,4% տոկոս է եղել, իսկ մայիսին հասել է 8,1%-ի՝ գերազանցելով 7,7% կանխատեսումները, գրում է Reuters-ը, որի հոդվածը ներկայացնում ենք կրճատումներով․ «Սա նշանակում է, որ դա արդեն կապված չէ պարզապես էներգակիրների գների աճի հետ։ «Գնաճի խնդիրը եվրոգոտում վատթարանում է։ Գների մասին այսօրվա տվյալները կրկին ավելացնում են Եվրոպական կենտրոնական բանկի (ԵԿԲ) վրա ճնշումը, որպեսզի այն դադարեցնի իր չափազանց մեղմ դրամավարկային քաղաքականությունը», - ասում է «Կոմերցբանկի» տնտեսագետ Քրիստոֆ Վայլը: Եվրոգոտու երկրների պետական պարտատոմսերի եկամտաբերությունն աճել է, քանի որ այս տվյալներն ուժեղացրել են այն ակնկալիքները, որ Եվրոպական կենտրոնական բանկը կարող է արագացնել իր քաղաքականության խստացումը։ Վերջին մեկ տարում գների կտրուկ աճ է գրանցվել ողջ Եվրոպայի տարածքում, սկզբից՝ համավարակից հետո մատակարարման շղթաների հետ կապված խնդիրների, հետո արդեն՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժման պատճառով։ Գների արագ աճի այս ժամանակաշրջանն, ըստ էության, փոխարինելու է գալիս գնաճի գերցածր ցուցանիշները, որոնք գրանցվում էին նախորդ տասնամյակում։ Թեև գնաճն այս պահին քառակի գերազանցում է ԵԿԲ համար ցանկալի 2%-ը, բանկը պետք է ավելի շատ մտահոգվի բազային գների արագ աճով, քանի որ դա ցույց է տալիս, որ այն, ինչ կարճատև աճ էր թվում, այժմ սկսում է կայուն բնույթ կրել։ Հույս ունենալով զսպել արժեզրկումը, ԵԿԲ նախագահ Քրիստին Լագարդն ու գլխավոր տնտեսագետ Ֆիլիպ Լեյնն արդեն նախանշել են 25 բազիսային կետով ավանդային տոկոսադրույքի բարձրացումը․ այժմ այն կազմում է մինուս 0.5%։ Սակայն որոշ տնտեսագետներ կասկածում են, որ դա բավարար կլինի, հատկապես, որ բազային արժեզրկումը նվազման միտումներ չի գրանցում: Բանն այն է, որ, հենց էներգակիրների բարձր գները սկսում են անդրադառնալ տնտեսության վրա, արժեզրկումը սկսում է կայուն բնույթ կրել՝ ի վերջո ամրապնդվելով «գին-աշխատավարձ» պարույրի միջոցով։ Ահա թե ինչու են Ավստրիայի, Նիդերլանդների և Լատվիայի կենտրոնական բանկերն ասում, որ հուլիսին 50 բազիսաին կետով տոկոսադրույքի բարձրացումը պետք է բանակցությունների սեղանին լինի։ ԵԿԲ հաջորդ նիստը կայանալու է հունիսի 9-ին»: Նորա Վանյան
17:45 - 01 հունիսի, 2022
Դանիայում հանրաքվե է՝ ԵՄ պաշտպանական քաղաքականությանը մասնակցելու մասին

Դանիայում հանրաքվե է՝ ԵՄ պաշտպանական քաղաքականությանը մասնակցելու մասին

Դանիայում այսօր՝ հունիսի 1-ին, հանրաքվե է անցկացվում ԵՄ պաշտպանական հարցերով համագործակցության ծրագրին երկրի մասնակցության մասին։ Դանիայի շուրջ 4,3 մլն քաղաքացի որոշում է այն բացառություններից հրաժարվելու հարցը, որոնք երկրին թույլ են տալիս չմասնակցել ԵՄ Պաշտպանության և անվտանգության ընդհանուր քաղաքականությանը (CSDP), հայտնում է DW-ն։ Այս բացառությունների չեղարկմանը կողմ է արտահայտվել 14 քաղաքական կուսակցություններից 11-ն, այդ թվում՝ իշխող սոցիալ-դեմոկրատները։ Քվեարկության նախնական արդյունքները հայտնի կդառնան ուշ երեկոյան։ Հանրաքվե անցկացնելու որոշման մասին մարտի սկզբին՝ Ուկրաինայում պատերազմի մեկնարկից 10 օր անց, հայտարարել էր երկրի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենն այն բանից հետո, երբ հինգ առաջատար քաղաքական կուսակցություններ պայմանավորվել էին երկրի անվտանգության քաղաքականության փոփոխման մասին։ Դանիան ՆԱՏՕ-ի անդամ է, սակայն ԵՄ միակ պետությունն է, որը չի մասնակցում Պաշտպանության և անվտանգության ընդհանուր քաղաքականությանը։ Դանիայի համար ԵՄ բացառությունը գործում է 1993 թ-ից, այն ընդունվել է, երբ դանիացիները հանրաքվեին մերժել են ԵՄ հիմնադրման մասին Մաաստրիխտի պայմանագիրը։ Այս բացառությունը նշանակում է, որ Կոպենհագենը մասնակցում է ԵՄ քաղաքացիական առաքելություններին, բայց՝ ոչ ռազմական։ Բացի այդ, թագավորությունը չի մասնակցում սպառազինության համատեղ մշակմանը, ռազմական սարքավորումների ձեռքբերմանն ու անվտանգության հարցերի քննարկմանը։ Նորա Վանյան
15:16 - 01 հունիսի, 2022
Ադրբեջանը մտադիր է ընդլայնել իր ներկայությունը եվրոպական գազի շուկայում. Ալիև |tert.am|

Ադրբեջանը մտադիր է ընդլայնել իր ներկայությունը եվրոպական գազի շուկայում. Ալիև |tert.am|

tert.am: Ադրբեջանը մտադիր է ընդլայնել իր ներկայությունը եվրոպական գազի շուկայում։ Այս մասին չորեքշաբթի հայտարարել է երկրի նախագահ Իլհամ Ալիևը՝ Բաքվի էներգետիկ շաբաթվա և Կասպյան նավթի և գազի 27-րդ միջազգային ցուցահանդեսի բացման ժամանակ։«Այսօր օրակարգում է եվրոպական շուկայում մեր ներկայության ընդլայնման հարցը»,- ասել է Ալիևը։ Նրա խոսքով, անցյալ տարի ադրբեջանական գազի արտահանման ծավալը կազմել է 22 մլրդ խմ, այս տարի նախատեսվում է արտահանել 24 մլրդ խմ, հաջորդ տարի նախատեսվում է ավելացնել ծավալները։«Դա կախված կլինի նոր հանքավայրերի շահագործման հանձնելուց, քանի որ մեր գազային ներուժը չի սահմանափակվում միայն «Շահ Դենիզ» հանքավայրով»,- ընդգծել է պետության ղեկավարը։Ալիևը նշել է, որ Եվրոպան ադրբեջանական նավթագազային ռեսուրսների մեծ կարիք ունի, և Ադրբեջանը դա հաշվի է առնում։ Նրա խոսքով, այժմ պետք է մտածել նոր հանգույցների ու փոխկապակցիչների կառուցման մասին։Միաժամանակ, Ադրբեջանի նախագահն ընդգծել է, որ արտահանումն ավելացնելու համար ժամանակ է պետք։
12:09 - 01 հունիսի, 2022
ԵԽ-ն հայտնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի հաստատման ամսաթիվը

 |armenpress.am|

ԵԽ-ն հայտնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի հաստատման ամսաթիվը |armenpress.am|

armenpress.am:  Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների վեցերորդ փաթեթը, ներառյալ էմբարգոն ռուսական նավթի տանկերով մատակարարումների վրա, կարող է վերջնականապես հաստատվել հունիսի 1-2-ը։  Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով նրա հայտարարությանը։ «Ես կարող եմ հաստատել, որ իրավական տեքստը արդեն խմբագրվում է, ժամերի հարց է, ակնկալում ենք, որ հունիսի 1-2-ին իրավական տեքստը կհաստատվի»,- ասել է նա։ Մայիսի 31-ին Շառլ Միշելը հայտարարել էր, որ ԵՄ անդամ երկրների ղեկավարները համաձայնության են եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի շուրջ։ Նոր սահմանափակումները կազդեն Ռուսաստանից նավթի ներկրման, երկրի խոշորագույն բանկի, պետական լրատվամիջոցների և քաղաքացիների վրա: Ավելի վաղ Եվրահանձնաժողովը հայտնել էր, որ Ռուսաստանից հում նավթի գնման ԵՄ արգելքը ուժի մեջ կմտնի պատժամիջոցների ուժի մեջ մտնելուց վեց ամիս հետո։  
20:53 - 31 մայիսի, 2022