ԵՄ

Եվրոպական միությունը (ԵՄ) իրավունքի քաղաքական համայնք է, որի նպատակն է Եվրոպայի երկրների ու ժողովուրդների ինտեգրման ու կառավարման գործառույթի կազմակերպումը: Հիմնվել է 1993 թվականի նոյեմբերի 1-ին, բաղկացած է եվրոպական 27 երկրներից։ ԵՄ կառույցներն են Եվրոպական խորհրդարանը, Եվրամիության խորհուրդը, Եվրոպական խորհուրդ, Եվրոպական խորհուրդ, Եվրամիության Արդարադատության դատարանը, Հաշիվների դատարանը, Եվրոպական կենտրոնական բանկը։

Լիսաբոնյան համաձայնագրի ընդունմամբ՝ Եվրոպական արտաքին գործերի ծառայության պատասխանատվության տակ անցան Եվրոպական միությունը և իր քաղաքացիներին ներկայացնող 140 պատվիրակությունները և գրասենյակները:

Հայաստանում Եվրոպական միության դեսպանն ու ԵՄ պատվիրակության ղեկավարն է Ն.Գ. Անդրեա Վիկտորին։

Եվրահանձնաժողովը սատարել է Ուկրաինային ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակի տրամադրումը

Եվրահանձնաժողովը սատարել է Ուկրաինային ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակի տրամադրումը

Եվրամիության գործադիր մարմինը՝ Եվրահանձնաժողովը, սատարել է Ուկրաինային անդամակցության թեկնածուի կարգավիճակի շնորհումը, գրում է AP-ն։ Սա առաջին քայլն է անդամակցության երկար ճանապարհին։ Հանձնաժողովի այս հորդորը Եվրամիության 27 երկրների առաջնորդները կքննարկեն հաջորդ շաբաթ Բրյուսելում։ Անդամակցության շուրջ բանակցությունների մեկնարկի համար պահանջվում է ԵՄ բոլոր անդամ պետությունների համաձայնությունը։ «Ուկրաինան հստակ ցույց է տվել եվրոպական արժեքներին և չափանիշներին համապատասխանելու ձգտումն ու վճռականությունը», - Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի խոսքերն է մեջբերում Reuters-ը։ Ուկրաինան ԵՄ անդամակցության հայտ էր ներկայացրել այն բանից չորս օր անց, երբ ռուսական զորքերը հատել էին նրա սահմանը փետրվարին։ Չորս օր անց հայտ էին ներկայացրել նաև Մոլդովան ու Վրաստանը։ Եվրահաձնաժողովը հորդորել է թեկնածուի կարգավիճակ տրամադրել նաև Մոլդովային, իսկ Վրաստանին մերժել է՝ նշելով, որ նա մի շարք պահանջներ պետք է կատարի։ Բարձրաստիճան դիվանագետների մեկի խոսքով՝ պատճառը Վրաստանում բարեփոխումների անցկացման ձախողումն է։   Նորա Վանյան
15:59 - 17 հունիսի, 2022
Մակրոնի, Շոլցի և Դրագիի պատմական այցը Կիև․ Politico

Մակրոնի, Շոլցի և Դրագիի պատմական այցը Կիև․ Politico

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն ու Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին օրերս Կիև են ժամանել Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժումից հետո առաջին անգամ։ Politico-ն այս այցը «պատմական» է անվանում և մանրամասներ ներկայացնում։ Հոդվածը հրապարակում ենք կրճատումներով․ «Առաջնորդները գիշերը գնացքով Կիև են ուղևորվել, որտեղ նրանց «դիմավորել է» օդային տագնապի ազդանշանը՝ շարունակվող ռուսական ներխուժման ֆոնին։ Նրանք Ուկրաինայի սահմանը հատել են Լեհաստանի կողմից։ «Մենք պատրաստվում ենք հանդիպել նախագահ Զելենսկուն և այցելել ռազմական գործողությունների վայր, որտեղ զանգվածային սպանություններ են տեղի ունեցել, այնուհետև պլանավորված շփումներ ենք ունենալու նախագահ Զելենսկու հետ», - լրագրողներին ասել էր Մակրոնը Կիևի երկաթուղային կայրանում։ Այս այցը «եվրոպական միասնության և աջակցության ուղերձն է ուկրաինացիներին», հավելել էր Ֆրանսիայի նախագահը։ Եվրոպացի առաջնորդներն այցելել են Կիևից դեպի հյուսիս-արևմուտք տեղակայված Իրպեն քաղաք, որտեղ ռուսաստանցի զավթիչներն ավերել են շենքեր և ենթադրաբար խոշտանգել և սպանել են խաղաղ բնակիչներին շաբաթներ տևած օկուպացիայի ընթացքում՝ նախքան այն պահը, երբ ուկրաինական  ուժերը նրանց դուրս են մղել այդ տարածքից։ Երկրների առաջնորդները քաղաքի վերականգնման հարցերը քննարկել են Ուկրաինայի տարածքային զարգացման նախարար Ալեքսեյ Չեռնիշովի հետ։ «Մենք ամեն ինչ կվերականգնենք», - ասել է Դրագին մամուլի ներկայացուցիչներին։ Մակրոնն Իրպենում ասել է․ «Սա միաժամանակ հերոսական քաղաք է, որովհետև հենց այստեղ, ի թիվս այլ վայրերի, ուկրաինացիները կանգնեցրել են Կիևը գրոհող ռուսական բանակը»։ Շոլցը հավելել է, որ Իրպենը «ռուսական ագրեսիվ պատերազմի դաժանության օրինակն է, որը պարզապես ուղղված է ոչնչացմանը և զավթմանը»։ Ֆրանսիացի դիվանագետներից մեկը լրագրողներին հայտարարել է, որ պատերազմի ավարտից հետո Մոսկվայի և Կիևի միջև «անհրաժեշտ է երկխոսություն՝ պարզելու համար, թե ինչպես ենք կառուցելու կայուն խաղաղություն»՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքներով և Ուկրաինա-ՆԱՏՕ հարաբերությունների բնույթի որոշմամբ։ Նա հավելել է․ «Զելենսկին պետք է որոշի, թե ինչն է իր համար ռազմական հաղթանակ համարվելու․․․ մենք կողմ ենք լիակատար հաղթանակին և [Ուկրաինայի] տարածքային ամբողջականության վերականգնմանը, ներառյալ այն տարածքները, որոնք գրավել են ռուսաստանցիները, այդ թվում՝ Ղրիմը»։ Եվրամիության երեք առաջատար երկրների առաջնորդների համատեղ այցը կարևոր խորհրդանշական կշիռ ունի, հատկապես՝ հաջորդ շաբաթ ԵՄ առաջնորդների կայանալիք հանդիպման նախաշեմին, որի ընթացքում նրանք որոշելու են Ուկրաինային անդամակցության թեկնածուի կարգավիճակ շնորհելու հարցը։ Թե ինչ կասեն այս հարցի մասին Մակրոնը, Շոլցն ու Դրագին, դեռևս հայտնի չէ։ «Թեկնածուի կարգավիճակի վերաբերյալ փոխհամաձայնություն չկա, թեկնածուի կարգավիճակ չշնորհելու շուրջ նույնպես փոխհամաձայնություն չկա։ Բայց, կարծես, երրորդ տարբերակի շուրջ կա՝ թեկնածուի կարգավիճակ՝ որոշակի պայմաններով», - ասել է թեմային լավատեղյալ դիվանագետներից մեկը։ Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննիսը միացել էր երեք երկրների առաջնորդներին արդեն Կիևում»։   Նորա Վանյան  
14:56 - 17 հունիսի, 2022
Զելենսկի․ «Եվրոպացի առաջնորդների այցը Կիև պատմական իրադարձություն էր»
 |azatutyun.am|

Զելենսկի․ «Եվրոպացի առաջնորդների այցը Կիև պատմական իրադարձություն էր» |azatutyun.am|

azatutyun.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու համոզմամբ՝ Ֆրանսիայի, Գերմանիայի և Իտալիայի ղեկավարների համատեղ այցը Ուկրաինա, ինչպես նաև Ռումինիայի նախագահի ժամանումը Կիև պատմական իրադարձություններ էին։ Ուկրաինայի ղեկավարն այս մասին հայտարարել է իր ամենօրյա կեսգիշերային ուղերձում՝ նշելով, որ Եվրամիության առաջատար պետությունները կողմ են Կիևին դաշինքի անդամակցության թեկնածուի պաշտոնական կարգավիճակի շնորհմանը։ «Ուկրաինան զգաց եվրոպական չորս ազդեցիկ պետությունների աջակցությունը՝ մասնավորաբար Եվրամիությանն անդամակցելու հարցում։ Բոլոր չորս առաջնորդներն էլ՝ պարոնայք Դրագին, Յոհաննիսը, Մակրոնը և Շոլցը, աջակցում են Ուկրաինային ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ շնորհելուն։ Բնականաբար, բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը պետք է պահպանվեն, սակայն մեր այսօրվա հանդիպումը մի մեծ քայլ էր առաջ», - նշում էր Զելենսկին։ «Ինձ համար շատ կարևոր էր նաև մեկ այլ հիմնարար հայտարարություն, որ հնչեց այսօրվա հանդիպման ընթացքում։ Եվրոպացի առաջնորդները համակարծիք են, որ պատերազմի ավարտն ու խաղաղությունը պետք է համապատասխանեն Ուկրաինայի պատկերացումներին», - նաև ասել է Ուկրաինայի նախագահը։   Հետևե՛ք մեզ նաև Telegram-ում
14:00 - 17 հունիսի, 2022
Եվրոպան ավելացրել է հարավաֆրիկյան ածխի ներմուծումը՝ փորձելով այլընտրանք գտնել ռուսականին․ Reuters

Եվրոպան ավելացրել է հարավաֆրիկյան ածխի ներմուծումը՝ փորձելով այլընտրանք գտնել ռուսականին․ Reuters

Եվրոպական երկրները, որոնք փորձում են այլընտրանք գտնել ռուսական ածխին, այս տարվա առաջին հինգ ամսում 40%-ով ավելի շատ ածուխ են ներկրել հարավաֆրիկյան արտահանման գլխավոր հանգույցից, քան 2021 թ-ին, հայտնում է Reuters-ը, որի հոդվածը ներկայացնում ենք կրճատումներով․ «Այս տարվա մայիսի վերջի տվյալներով՝ Ռիչարդս Բեյ հարավաֆրիկյան ածխային տերմինալը (RBCT) 3 մլն 240 հազար 752 տոննա ածուխ է արտահանել եվրոպական երկրներ, որը կազմում է RBCT-ի արտահանման ընդհանուր ծավալի 15%-ը, 2021 թ-ին այն կազմել է 2 մլն 321 հազար 190 տոննա (4%)։ Օգոստոսի երկրորդ կեսից սկսած՝ Եվրամիությունն արգելելու է ռուսական ածխի ներկրումը, դա Մոսկվայի դեմ լայնամասշտաբ պատժամիջոցների մի մասն է։ RBCT-ն դեռ չի պատասխանել մեկնաբանություն տալու հարցմանը։ Այն սովորաբար ցուցանիշները ներկայացնում է տարեկան կտրվածքով և արտահանման ուղղությունների վերաբերյալ մանրամասն տվյալներ չի տրամադրում։ Այս տարի RBCT-ից ածուխ են գնել Նիդերլանդներն, Իտալիան, Ֆրանսիան, Իսպանիան, Դանիան, Լեհաստանը, Գերմանիան և Ուկրաինան։ Նրանցից ոմանք սկսել են ածուխ ներկրել RBCT-իц միայն փետրվարի 24-ից հետո, երբ Ռուսաստանը ներխուժել է Ուկրաինա։ Նիդերլանդները RBCT-ից ածուխ չի գնել այս տարվա հունվարին և փետրվարին, սակայն 1,27 մլն տոննա ներկրել է մարտին, ապրիլին և մայիսին, ընդ որում՝ ծավալներն ավելանում են յուրաքանչյուր ամիս։ RBCT-ից ածխի ներկրման ծավալներով այն չորրորդն է, նրան բաժին է ընկել տերմինալի արտահանման ընդհանուր ծավալի 5,76%-ը։ Ֆրանսիան RBCT-ից յոթնապատիկ ավելի շատ ածուխ է գնել այս տարի՝ 464 հազար 432 տոննա՝ ի տարբերություն անցյալ տարվա 68 հազար 5 տոննայի։ Իսպանիան, Լեհաստանն ու Գերմանիան անցյալ տարի նույնպես ածուխ չեն ներկրել տերմինալից։ Այս տարվա առաջին հինգ ամսվա ընթացքում Իսպանիան գնել է 355 հազար 250 տոննա ածուխ, Լեհաստանը՝ 181 հազար 515 տոննա, Գերմանիան՝ 157 հազար 383 տոննա։ Ճապոնիան, որը նույնպես հայտարարել է, որ արգելելու է ռուսական ածխի ներկրումը, հունվարից ի վեր RBCT-ից գնել է 388 հազար 249 տոննա ածուխ, ինչը գրեթե կրկնակի ավելին է նախորդ տարվա ցուցանիշից։ Չինաստանը՝ 2021 թ-ին RBCT-ից ամենաշատ ածուխ ներկրած երրորդ երկիրը (6,09 մլն տոննա), այս տարի տերմինալից ածուխ չի գնել, սակայն ավելացրել է ռուսական ածխի ներկրման ծավալները։ Եվրոպական երկրներ արտահանման աճը տեղի է ունեցել՝ չնայած RBCT-ի աշխատանքի ցածր ցուցանիշներին։ Տեխնիկական վատ սպասարկումը, գնացքաքարշերի պակասն ու պղնձե մալուխների գողությունը խաթարել են հարավաֆրիկյան պետական երկաթուղային բեռնափոխադրումները, որոնց միջոցով ածուխը տեղափոխվում էր RBCT և մյուս տերմինալներ։ Որոշ հանքափորներ ածուխը տեղափոխում են բեռնատարներով։ 2022 թ-ի հինգ ամսում RBCT-ն արտահանել է 22 մլն 057 հազար 587 տոննա ածուխ։ Այս տեմպերով տերմինալում կրկին կգրանցվի տարեկան արտահանման անկում այն դեպքում, երբ 2021 թ-ին արտահանման ծավալներն ամենացածրն են եղել 1996 թ-ից ի վեր»։   Նորա Վանյան
20:28 - 15 հունիսի, 2022
Եվրահանձնաժողովը մտադիր է ԵՄ-ին հորդորել՝ Ուկրաինային անդամակցության թեկնածուի կարգավճակ շնորհել․ Politico

Եվրահանձնաժողովը մտադիր է ԵՄ-ին հորդորել՝ Ուկրաինային անդամակցության թեկնածուի կարգավճակ շնորհել․ Politico

Եվրահանձնաժողովը հորդորելու է Ուկրաինային ԵՄ անդամակցության թեկնածու երկրի պաշտոնական կարգավիճակ շնորհել, հայտնում է Politico-ն՝ վկայակոչելով հանձնաժողովում կայացած քննարկումներին լավատեղյակ իր աղբյուրները։ Հոդվածը ներկայացնում ենք կրճատումներով․ «Եվրահանձնակատարների կոլեգիայում դեբատներն անցկացվել են այն բանից հետո, երբ հունիսի 11-ին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենն անակնկալ այց է կատարել Կիև, որտեղ Ուկրաինայի անդամակցության հարցը քննարկել է նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Սա ֆոն դեր Լյայենի երկրորդ այցն էր Ուկրաինայի մայրաքաղաք այն բանից հետո, երբ փետրվարի վերջին սկսվել է Ռուսաստանի լայնածավալ ներխուժումը։ Զելենսկին և ուկրաինացի մյուս պաշտոնյաները կողմ են արտահայտվել երկիրը՝ որպես ԵՄ անդամակցության թեկնածու ճանաչելուն՝ նշելով, որ դա կբարձրացնի բարոյական ոգին պատերազմի ժամանակ։ Եվրահանձնակատարների միջև տեղի ունեցած քննարկումներին ծանոթ պաշտոնյաներն ասել են, որ հստակ գիտակցում կա, թե ինչ զոհողությունների են գնացել ուկրաինացիները, հանձնակատարները նաև լավ հասկանում են, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին պետք է աներկբա ազդակ ուղարկել․ նա կորցրել է Ուկրաինան իր ազդեցության հնարավոր գոտի վերադարձնելու բոլոր հնարավորությունները։ Ուկրաինային թեկնածու երկրի կարգավիճակի տրամադրումը պահանջում է Եվրամիության 27 անդամ պետությունների ղեկավարների միաձայն հաստատումը։ Նրանք այս հարցն, ինչպես ակնկալվում է, քննարկելու են հաջորդ շաբաթ Բրյուսելում կայանալիք գագաթնաժողովի ժամանակ։ Որոշ պաշտոնյաներ և դիվանագետներ հայտնել են, որ նվազագույնը երեք երկիր նախկինի պես դեմ է այդ  կարգավիճակի շնորհմանը։ Կողմ արտահայտվողները նշել են, որ այս կարգավիճակի տրամադրման ձգձգումը խորապես կարող է բարոյալքել Ուկրաինան, քանի որ նրա տարածք ներխուժած ռուսական զորքերը շարունակում են ավելի մեծ տարածքներ զբաղեցնել երկրի հարավում և արևեմլքում՝ ձգտելով գրավել ողջ Դոնբասը։ Վերջին շաբաթների ընթացքում որոշ առաջնորդներ, այդ թվում՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նշել են, որ օգտակար կլիներ Ուկրաինային որևէ ժամանակավոր կարգավիճակ շնորհել, որը կամրապնդեր նրա հարաբերությունները ԵՄ հետ։ Մակրոնն ասել է, որ, անգամ եթե Ուկրաինան թեկնածու երկիր ճանաչվի, ԵՄ-ին միանալու առկա ընթացակարգերի համաձայն՝ ավելի քան տասը տարի կպահանջվի անդամակցման համար։ Մոլդովան ու Վրաստանը նույնպես թեկնածուի կարգավիճակ ստանալու հայտեր են ներկայացրել, և որոշ աղբյուրների պնդմամբ, եվրահանձնակատարներն, ընդհանուր առմամբ, սատարել են Մոլդովային, որի ներկայիս կառավարությունը կողմ է եվրաինտեգրմանը։ Սակայն նրանք պակաս վստահ են Վրաստանի հարցում, որտեղ քաղաքական շարժառիթներով հուզումներ են տեղի ունենում, իսկ վերջին տարիներին ժողովրդավարական հարցերում զգալի նահանջ կա։ Ելիսեյան պալատի պաշտոնական ներկայացուցիչը կրկնել է Մակրոնի խոսքերն այն մասին, որ թեկնածուի կարգավիճակը, եթե այն տրամադրվի, միայն շատ ավելի երկար գործընթացի մեկնարկն է։ «Եթե Ուկրաինան թեկնածուի կարգավիճակ ստանա, մենք պետք է հասկանանք, թե երբ են սկսվելու բանակցությունները։ Դուք գիտեք, որ ԵՄ անդամակցության մեթոդաբանությունը ենթադրում է բանակցություններ՝ ըստ կետերի։ Եվ կան պահանջներ, որոնք համապատասխանում են ԵՄ չափանիշներին, սակայն դրանք շատ բան կպահանջեն Ուկրաինայից», - ասել է նա։ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալ Իգոր Ժովկվան հայտարարել է, որ ուկրաինացի պաշտոնյաներն աշխատում են ուժեղացված ռեժիմով, որպեսզի իրենց կողմ տրամադրեն ԵՄ երկրների այն ղեկաարներին, որոնք դեռևս համոզված չեն, որ Կիևին պետք է թեկնածուի կարգավիճակ տալ հաջորդ շաբաթ։ «Մենք իրոք արժանի ենք հաջորդ տրամաբանական քայլին՝ թեկնածուի կարգավիճակին, - ասել է Ժովկվան Politico-ին։ - Անդամակցությանը դեռ շատ կա։ Սա նույնիսկ անդամակցության շուրջ բանակցությունների մեկնարկ չէ։ Մենք արժանի ենք գոնե սրան»։ «Մենք չենք ընդունի որևէ այլընտրանք կամ փոխզիջում, ինչպես մեզ ասում են որոշ առաջնորդներ, կամ որևէ շեղում թեկնածուի կարգավիճակից», - ընդգծել է նա»։   Նորա Վանյան
20:18 - 15 հունիսի, 2022
Քննարկվել է Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման հարցը. ՊԵԿ նախագահի այցը Մեղրի

Քննարկվել է Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման հարցը. ՊԵԿ նախագահի այցը Մեղրի

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Երևանի գրասենյակի ղեկավար Գեորգի Ախալկացիի մասնակցությամբ հունիսի 15-ին աշխատանքային այց է կատարել Հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետ-բաժին՝ մաքսային ծառայության աշխատանքային գործընթացի կազմակերպմանը տեղում հետևելու համար: Մեղրիի անցակետում ներկայացվել են քաղաքացիների և արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողների սպասարկման համար ստեղծված պայմանները: Դիտարկվել են նաև սահմանահատման գործընթացի բոլոր փուլերի պատշաճ կազմակերպման ընթացակարգերը:  Կոմիտեի ղեկավարն ընդգծել է, որ տնտեսվարողների և քաղաքացիների համար սահմանային անցակետերով դյուրին և արագ տեղաշարժ ապահովելը Պետական եկամուտների կոմիտեի առաջնահերթություններից է, և Հայաստանի հարավային սահմանային անցակետի արդիականացումը ևս կարևոր նշանակություն ունի: Ռուստամ Բադասյանը հայտնել է, որ առաջիկայում ԵՄ և ՎԶԵԲ ֆինանսական աջակցությամբ կմեկնարկի Մեղրիի սահմանային անցակետի վերակառուցման և արդիականացման ծրագիրը: ՊԵԿ նախագահը հյուրերի հետ շրջել է տարածքում, ծանոթացել անցակետի արդիականացմանն ուղղված նախապատրաստական աշխատանքների ընթացքին: Ռուստամ Բադասյանը վստահություն է հայտնել, որ անցակետի արդիականացումը նոր ազդակ կհաղորդի Հայաստանի հարավային տնտեսական սահմանով իրականացվող ուղևորափոխադրումների և առևտրաշրջանառության աշխուժացմանը: Ընդգծվել է, որ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի Մեղրիի անցման կետի վերակառուցումն ու արդիականացումը պայմանավորված է անցակետով անձանց և ապրանքներ փոխադրող տրանսպորտային միջոցների հոսքերի շարունակաբար ավելացող աճով: Այն կնպաստի նաև «Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքի ակտիվացմանը՝ խթանելով նաև տարանցիկ փոխադրումները:
15:47 - 15 հունիսի, 2022
Եվրամիությունը համաձայնագիր է կնքել Եգիպտոսի և Իսրայելի հետ՝ գազի մատակարարման ավելացման մասին

Եվրամիությունը համաձայնագիր է կնքել Եգիպտոսի և Իսրայելի հետ՝ գազի մատակարարման ավելացման մասին

Եվրամիությունն, Իսրայելն ու Եգիպտոսն այսօր գործարք են կնքել Եմ երկրներին բնական հեղուկ գազի մատակարարման ծավալների ավելացման մասին, գրում է The Associated Press-ը։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի խոսքով՝ համաձայնագրով նախատեսվում է, որ Իսրայելն ավելի մեծ քանակությամբ գազ կուղարկի ԵՄ երկրներ Եգիպտոսի միջոցով, որն այն հեղուկ վիճակում կարտահանի ծովով։ «Ես ջերմորեն ողջունում եմ այս պատմական համաձայնագրի սստորագրումը», - ասել է ֆոն դեր Լյայենը Եգպիպտոսի և Իսրայելի էներգետիկայի նախարարների հետ համատեղ ասուլիսին։ Նրա խոսքով՝ այս համաձայնագիրը կնքվել է Եվրոպայի ջանքերով, որոնք ուղղված են էներգակիրների մատակարարման աղբյուրների դիվերսիֆիկացմանը և Ռուսաստանից զատ այլ «հուսալի մատակարարներից» դրանց ներկրմանը։ Գործարքի համաձայն՝ Եվրամիությունը կօգնի Եգպիտոսին և Իսրայելին ավելացնել գազի արդյունահանումն ու նրանց տարածքային ջրերում բացահայտել դրա նոր աղբյուրներ։ Դեռևս պարզ չէ, թե ինչ ծավալով գազ է Եվրոպային մատակարարելու Իսրայելը կամ Եգիպտոսը։ Անցյալ տարի ԵՄ-ն գազի իր պահանջարկի 40%-ը ներկրել է Ռուսաստանից, սա դժվարություններ է առաջացրել ուկրաինական պատերազմի պատճառով Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառման հարցում։   Նորա Վանյան Հետևե՛ք մեզ նաև Telegram -ում
15:14 - 15 հունիսի, 2022
ՀՀ ԱԳ նախարարը և Բուլղարիայի ԱԺ նախագահը կարևորել են Երևանը և Սոֆիան կապող ուղիղ ավիաչվերթի ծրագրի կյանքի կոչումը

ՀՀ ԱԳ նախարարը և Բուլղարիայի ԱԺ նախագահը կարևորել են Երևանը և Սոֆիան կապող ուղիղ ավիաչվերթի ծրագրի կյանքի կոչումը

Պաշտոնական այցով Բուլղարիայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հունիսի 14-ին հանդիպում է ունեցել Բուլղարիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Նիկոլա Մինչևի հետ:  Զրուցակիցները բարձր են գնահատել պատմական ընդհանրությունների և երկու ժողովուրդների միջև ջերմ բարեկամական կապերի վրա հիմնված երկկողմ հարաբերությունները՝ դրանց ընդլայնման և խորացման առումով կարևորելով նաև շփումները միջխորհրդարանական մակարդակում: Երկուստեք ընդգծվել է պատրաստակամությունը՝ ակտիվացնելու  Հայաստանի և Բուլղարիայի խորհրդարաններում գործող բարեկամության խմբերի միջև կապերը, ինչպես նաև ընդլայնելու միջազգային խորհրդարանական հարթակներում համագործակցությունը:  Արարատ Միրզոյանը Նիկոլա Մինչևին ներկայացրել Հայաստանում իրականացվող բարեփոխումները՝ ուղղված ժողովրդավարական զարգացմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը և օրենքի գերակայության ապահովմանը։ ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է, որ ժողովրդավարական բարեփոխումները Հայաստանում անշրջելի են։ Կողմերը մտքեր են փոխանակել տնտեսական համագործակցության զարգացման հնարավորությունների շուրջ։ Մարդկային շփումների ու գործարար կապերի ակտիվացման տեսանկյունից կարևորվել է Երևանը և Սոֆիան կապող ուղիղ ավիաչվերթի ծրագրի կյանքի կոչումը։ Քննարկվել է նաև ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման հեռանկարները:  ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Բուլղարիայի Ազգային ժողովի նախագահին է ներկայացրել Հարավային Կովկասում խաղաղության ու կայունության հաստատման ուղղությամբ հայկական կողմի իրագործած ջանքերը, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություններին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին վերաբերող վերջին զարգացումները:  Ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո խաղաղ բանակցությունների միջոցով ԼՂ հիմնախնդրի տևական և համապարփակ կարգավորման հասնելու անհրաժեշտությունը: Նախարար Միրզոյանն անդրադարձ է կատարել նաև 2020 թ. Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակին, մասնավորապես՝ Ադրբեջանում ապօրինաբար պահվող ռազմագերիների և քաղաքացիական անձանց հայրենադարձման, ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային ու կրոնական ժառանգության պահպանման, Ադրբեջանի կողմից Արցախում միտումնավոր կերպով հումանիտար խնդիրներ ստեղծելու հարցերին:    
11:16 - 15 հունիսի, 2022
Տպավորություն է՝ Փաշինյանը և իր թիմը մերժել են ՀՀ-ԵՄ համաձայնագիրը՝ համարելով այն նախկինների ժառանգություն. Թովմասյան

Տպավորություն է՝ Փաշինյանը և իր թիմը մերժել են ՀՀ-ԵՄ համաձայնագիրը՝ համարելով այն նախկինների ժառանգություն. Թովմասյան

Տպավորություն է, որ հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանը և իր թիմը մերժել են նաև ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը՝ դիտարկելով այն որպես նախկինների ժառանգություն: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը: Նա նաեւ նշել է. «Օրերս Ազգային ժողովում հանդիպել եմ «Աջակցություն ՀՀ արդարադատության նախարարությանը` ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրից բխող օրենսդրության մոտարկման գործընթացում» ծրագրի ղեկավար Միկելե Դինելիի և ծրագրի փորձագետների հետ: Ողջունել եմ, որ ԵՄ-ն ակտիվորեն քննարկում է համաձայնագրի իրականացման հարցը, քայլեր է ձեռնարկում այն կյանքի կոչելու համար, քանի որ դրա իրականացումը շատ կարևոր է Հայաստանի համար: Համաձայնագիրը կնքվել է դեռ 2017 թվականի նոյեմբերին  և տարիներ է, ինչ փոշոտվում է դարակներում: Տպավորություն է, որ ներկա իշխանությունը, նախկիններին մերժելով, մերժել է նաև մինչ հեղափոխությունը կնքված միջազգային այս համաձայնագիրը: Այս համաձայնագրով նոր օրենքները պետք է մշակվեն համաձայնագրի պահանջներին համապատասխան, մինչդեռ, ինչպես նշել եմ հանդիպման ընթացքում, այսօր ընդունվում են այնպիսի օրենքներ, որոնք չեն բխում համաձայնագրի սկզբունքներից: Այդպիսիններից է օրինակ հենց ծանր վիրավորանքը քրեականացնող օրինագիծը: Այս համաձայնագրում հստակ նշված է նաև, որ կողմերն ընդունում են, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը պետք է հիմնված լինի ՄԱԿ-ի կանոնադրությունում և ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտում ամրագրված նպատակների և սկզբունքների վրա, մասնավորապես՝ ուժի սպառնալիքից կամ գործադրումից զերծ մնալու, պետությունների տարածքային ամբողջականության և ժողովուրդների հավասար իրավունքների և ինքնորոշման սկզբունքների վրա՝ հաշվի առնելով նաև կարգավորման գործընթացին աջակցելու Եվրամիության հանձնառությանը: Իսկ այս ուղուց մենք ինքներս վաղուց շեղվել ենք: Հավելել եմ, որ անհրաժեշտ է ոչ թե ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը համաձայնեցնել Հայաստանի իրավիճակին, այլ Հայաստանում առկա իրավիճակը փորձել համաձայնեցնել ժողովրդավարության սկզբունքներին. պետք է ոչ թե փորձել հարմարվել հայաստանյան իրականությանը, այլ՝ Հայաստանը տանել ժողովրդավարացման ճանապարհով»։
10:42 - 15 հունիսի, 2022
Ռուսաստանն էներգակիրների արտահանումից $98 միլիարդ է «վաստակել» ուկրաինական պատերազմի 100 օրվա ընթացքում․ զեկույց

Ռուսաստանն էներգակիրների արտահանումից $98 միլիարդ է «վաստակել» ուկրաինական պատերազմի 100 օրվա ընթացքում․ զեկույց

Էներգետիկայի և մաքուր օդի հետազոտման ֆիննական կենտրոնն (CREA) զեկույց է հրապարակել, որում նշել է, որ էներգակիրների արտահանման հաշվին Ռուսաստանն $98 միլիարդ է վաստակել Ուկրաինայի դեմ պատերազմի 100 օրվա ընթացքում։ Ընդ որում, այդ էներգակիրների խոշորագույն ներկրողը Եվրամիությունն է։ Al Jazeera-ն անդրադարձել է զեկույցին, հոդվածը ներկայացնում ենք կրճատումներով։ «CREA ֆիննական անկախ կենտրոնի այսօրվա զեկույցը հրապարակվել է այն շրջանում, երբ ռուսական զորքերը շարունակում են դանդաղ, բայց հաստատուն առաջընթացն՝ Ուկրաինայի արևելքում գտնվող Դոնբասի շրջանի ամբողջական գրավման արշավի շրջանակում։ Միացյալ Նահանգներն ու Եվրամիությունն Ուկրաինային զենք և գումար են տրամադրել, որպեսզի օգնեն նրան դիմակայել Ռուսաստանի գրոհին, ինչպես նաև Մոսկվային պատժել են աննախադեպ տնտեսական պատժամիջոցներով։ Սակայն Կիևն արևմտյան երկրների կոչ է արել խզել Մոսկվայի հետ բոլոր առևտրային կապերը՝ հույս ունենալով, որ դա կխլի նրանից ֆինանսական այդ փրկօղակը փետրվարի 24-ի ներխուժումից հետո։ Պատերազմից առաջ Ռուսաստանը Եվրամիությանը գազ էր մատակարարում նրա պահանջարկի 40%-ի չափով, և նավթ՝ 27%-ի չափով։ Այս ամիս ավելի վաղ ԵՄ-ն համաձայնության է եկել ռուսական նավթի մեծ մասի ներկրումից հրաժարվելու շուրջ և մտադիր է այս տարվա ընթացքում երկու երրորդով նվազեցնել գազի ներկրումը։ CREA-ի հաշվետվության համաձայն՝ պատերազմի առաջին 100 օրվա ընթացքոմ Եվրամիությանը բաժին է ընկել ռուսական էներգակիրների արտահանման 61%-ը, որը համարժեք է $60 միլիարդին։ Ընդհանուր առմամբ, առաջատար ներկրողներն են եղել Չինաստանն՝ էներգակիրների դիմաց վճարելով $13.2 միլիարդ, Գերմանիան՝ $12.7 մլրդ, Իտալիան՝ $8.2 մլրդ, Նիդերլանդները՝ $8.4 մլրդ, Թուրքիան՝ $7 մլրդ, Լեհաստանը՝ $4.6 մլրդ, Ֆրանսիան՝ $4,5 մլրդ և Հնդկաստանը՝ $3,6 մլրդ։ Հանածո վառելիքից Ռուսաստանի եկամուտները ստացվում են, նախևառաջ, անմշակ նավթի վաճառքից ($48.2 մլրդ), այնուհետև՝ խողովակաշարով մատակարարվող գազից ($25.1 մլրդ), նավթամթերքից ($13.6 մլրդ), հեղուկ բնական գազից ($5.3 մլրդ) և ածխից ($4.8 մլրդ)։ Անգամ չնայած այն բանին, որ մայիսին ռուսական էներգակիրների արտահանումը կտրուկ կրճատվել է, իսկ շատ երկրներ և ընկերությունները հրաժարվել են մատակարարումներից պատերազմի պատճառով, հանածո վառելիքի համաշխարհային գների աճը շարունակել է համալրել Կրեմլի գանձարանը, իսկ արտահանումից ստացված եկամուտները ռեկորդային բարձր մակարդակի են հասել։ CREA-ի տվյալներով՝ արտահանման միջին գները Ռուսաստանում մոտ 60%-ով ավելի բարձր են եղել, քան նախորդ տարի։ Որոշ երկրներ էլ ավելացրել են Ռուսաստանից էներգակիրների ներկրման ծավալները։ Նրանց թվում են Չինաստանը, Հնդկաստանը, Արաբական Միացյալ Էմիրություններն ու Ֆրանսիան, ասված է զեկույցում։ «Հնդկաստանը ռուսական անմշակ նավթի խոշոր ներկրող է դարձել՝ ձեռք բերելով արտահանված ապրանքի 18%-ը», - նշել է CREA-ն՝ հավելելով, որ «դրա զգալի մասը վերաարտահանվում է զտված նավթամթերքի տեսքով», այդ թվում՝ ԱՄՆ և եվրոպական երկրներ։ «Մինչ ԵՄ-ն դիտարկում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացման հավանականությունը, Ֆրանսիան ավելացրել է ներկրումն ու դարձել հեղուկ բնական գազի խոշորագույն ներկրողն աշխարհում», - ասել է CREA-ի վերլուծաբաններից մեկը»։   Նորա Վանյան  
17:01 - 14 հունիսի, 2022
ՀՀ փոխվարչապետի և ԵՄ դեսպանի մասնակցությամբ քննարկվել են ԵՄ Տնտեսական և ներդրումային պլանի ներքո իրականացվող ծրագրերը

ՀՀ փոխվարչապետի և ԵՄ դեսպանի մասնակցությամբ քննարկվել են ԵՄ Տնտեսական և ներդրումային պլանի ներքո իրականացվող ծրագրերը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ և ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի մասնակցությամբ Կառավարությունում կայացել է ԵՄ Տնտեսական և ներդրումային պլանի ներքո իրականացվող ծրագրերի վերաբերյալ քննարկում: Քննարկմանը ներկա են եղել ինչպես ՀՀ գերատեսչությունների, այնպես էլ՝ եվրոպական ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչներ: ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել ԵՄ Տնտեսական և ներդրումային պլանի ներքո իրականացվող ծրագրերի ընթացքին: Այս համատեքստում փոխվարչապետը կարևորել է ՓՄՁ աջակցության ծրագրի շուրջ առկա համաձայնությունն ու դրա պաշտոնական ստորագրման շուտափույթ կազմակերպումը: «Երկուստեք կարևորվել են Հյուսիս-Հարավ մայրուղու կառուցման ծրագիրը և դրա շրջանակներում եվրոպական ֆինանսական կառույցների հետ կատարվող փորձագիտական աշխատանքները: Ըստ աղբյուրի՝ փոխվարչապետն ընդգծել է նաև Սյունիքի մարզում COAF հիմնադրամի հետ նախատեսված համատեղ ծրագրի կարևորությունը՝ հույս հայտնելով, որ ծրագիրը կնպաստի Սյունիքում կրթության որակի բարելավմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ: Անդրադարձ է կատարվել նաև Երևանի կանաչ զարգացման ուղենիշի ներքո պլանավորված էներգաարդյունավետության խթանման ծրագրին և դրա շրջանակում Երևանում մանկապարտեզների և պոլիկլինիկաների վերակառուցմանը: Նշվում է, որ մտքեր են փոխանակվել մի շարք առանցքային ուղղություններով ԵՄ Տնտեսական և ներդրումային պլանի ներքո հաջորդ ծրագրային փաթեթի հնարավոր ուղղությունների շուրջ: Հանդիպման վերջում ընդգծվել է երկուստեք պատրաստակամություն Եվրոպական հանձնաժողովի կողմից հաստատված և 2021 թվականի հուլիսին ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից հայտարարված աջակցության փաթեթի ներքո իրականացվող ծրագրերի ընթացքն ապահովելու վերաբերյալ:         
20:25 - 13 հունիսի, 2022