Ֆրանսիա

Ֆրանսիական Հանրապետություն, ունիտար կիսանախագահական հանրապետություն Արևմտյան Եվրոպայում՝ իր մի քանի անդրծովյան տարածքներով և կղզիներով, որոնք տեղակայված են Հնդկական, Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսներում։ Մայրցամաքային Ֆրանսիան ձգվում է Միջերկրական ծովից մինչև Անգլիական նեղուց և Հյուսիսային ծով, Հռենոսից մինչև Ատլանտյան օվկիանոս։ Տարածքը՝ 674,843 կմ², բնակչության թիվը 2020-ի տվյալներով ավելի քան 65 միլիոն է։

Ֆրանսիայի մայրաքաղաքը Փարիզն է, պետական լեզուն ֆրանսերենը։

Նոր Կալեդոնիան չի անկախանա. բնակիչների 96 %-ը քվեարկել է Ֆրանսիայի կազմում մնալու օգտին |hetq.am|

Նոր Կալեդոնիան չի անկախանա. բնակիչների 96 %-ը քվեարկել է Ֆրանսիայի կազմում մնալու օգտին |hetq.am|

hetq.am: Խաղաղ օվկիանոսում Ֆրանսիայի անդրծովյան տարածք հանդիսացող Նոր Կալեդոնիայի ընտրողները ձայների մեծամասնությամբ երրորդ և վերջին հանրաքվեի ժամանակ, դեմ են քվեարկել Նոր Կալեդոնիայի անկախությանը։ BBC-ն գրում է, որ հանրաքվեին մասնակցած ընտրողների 96 %-ը կողմ է Ֆրանսիայի կազմում մնալուն։  Նախորդ երկու հանրաքվեների ժամանակ, որոնք կայացել են 2018 և 2020 թվականներին, անկախությանը դեմ կողմը հաղթել էր ձայների փոքր տարբերությամբ։ Երեք հանրաքվեները նախատեսված էին 1988 թվականի համաձայնագրով, որը ֆրանսիական իշխանությունները կնքել էին կղզու անկախության օգտին հանդես եկող ուժերի հետ։  Անկախության կողմնակիցները խնդրել էին հետաձգել ներկայիս հանրաքվեն՝ հայտարարելով, որ կորոնավիրուսի համավարակը անհնարին է դարձրել արդար քարոզարշավի անցկացումը, իսկ արշիպելագի բնիկ ժողովուրդներին՝ կանակներին ժամանակ է անհրաժեշտ քովիդից մահացածներին սգալու համար։   Չկարողանալով հասնել հանրաքվեի հետաձգմանը՝ անջատողականները կոչ էին արել բոյկոտել այն, ինչը կարող է ազդած լինել մասնակցության ցուցանիշների վրա։ Վերջինս կազմել է 43,9 %։ Ինչպես հայտնում է AFP-ն, իր թղթակիցները, կանակների հոծ բնակության շրջաններում, գրանցել են մասնակցության ցածր ցուցանիշներ։  Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ «Ֆրանսիան ավելի գեղեցիկ է, քանի որ Նոր Կալեդոնիան որոշել է մնալ իր կազմում»։ Ուղիղ չհիշատակելով հանրաքվեի բոյկոտմի մասին, Մակրոնը, այդուհանդերձ, ընդունել է, որ Նոր Կալեդոնիայի ընտրողների մեջ խորը պառակտում կա և ցավակցել բոլոր նրանց, որոնք կորցրել են հարազատներին։   «Ազատվելով «այո»-ի և «ոչ»-ի երկընտրանքից, մենք հիմա պետք է կառուցենք ընդհանուր ծրագիր՝ ճանաչելով և հարգելով յուրաքանչյուրի արժանապատվությունը»,- տեսաուղերձում ընդգծել է նախագահ Մակրոնը։
21:08 - 12 դեկտեմբերի, 2021
Գերմանիայում, Ֆրանսիայում և Իսպանիայում բնակվող հայերը բողոքի ակցիաներ են արել՝ դատապարտելով Ադրբեջանի ապօրինի գործողությունները

Գերմանիայում, Ֆրանսիայում և Իսպանիայում բնակվող հայերը բողոքի ակցիաներ են արել՝ դատապարտելով Ադրբեջանի ապօրինի գործողությունները

Սփյուռքի երիտասարդ դեսպաններն իրենց բնակության երկրներում ոչ միայն կազմակերպում են համայնքային միջոցառումներ, այլև ներդնում են իրենց ջանքները հայկական շահերի պաշտպանության գործում: Այս մասին հայտնում է Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը։ «Գերմանիայում սփյուռքի երիտասարդ դեսպան Մարի Հունանյանը Բունդեսթագի դիմաց կազմակերպված խաղաղ ցույցի կազմակերպիչներից մեկն էր: Գերմանիայի տարբեր քաղաքների հայերը կոչ հնչեցրին գերմանական իշխանություններին՝ դատապարտելու Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները, միջազգային նորմերի խախտումները և հայ զինծառայողներին գերության մեջ պահելը:  Ֆրանսիայում սփյուռքի երիտասարդ դեսպան Սոնա Սուրեկեն Սունգուլյանը Փարիզում ֆրանսահայերի բողոքի ակցիայի կազմակերպիչներից էր: Ֆրանսահայերը բարձրաձայնում և դատապարտում էին Ադրբեջանի ապօրինի գործողությունները Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ:  Իսպանիայում սփյուռքի երիտասարդ դեսպան Սարգիս Հակոբյանը նույն թեմայի շուրջ հանդիպումներ է ունեցել ինչպես Սենատում, այնպես էլ Կոնգրեսում ընդգրկված կուսակցությունների, մասնավորապես՝ Partido Popular, Podemos, Eh Bildu կուսակցությունների ներկայացուցիչների հետ»,- նշվում է հայտարարության մեջ։
17:24 - 12 դեկտեմբերի, 2021
Արցախում պատերազմից մեկ տարի անց Փարիզն իր համերաշխությունն է հայտնում հայերիս. Միրզոյանը՝ Փարիզում Հայաստանի էսպլանադի բացմանը

Արցախում պատերազմից մեկ տարի անց Փարիզն իր համերաշխությունն է հայտնում հայերիս. Միրզոյանը՝ Փարիզում Հայաստանի էսպլանադի բացմանը

Այստեղ՝ Փարիզի սրտում, մեր բարեկամ ֆրանսիացի ժողովուրդը հերթական անգամ մեծարում է հայտնում Հայաստանին ու հայ ժողովրդին։ Այս իրադարձությունն առավել քան խորհրդանշական է․ Արցախում արյունալի և հյուծիչ պատերազմից մեկ տարի անց մայրաքաղաք Փարիզն իր համերաշխությունն է հայտնում մեզ՝ հայերիս՝ հայ-ֆրանսիական բարեկամության հերթական լուսավոր էջը բացելով մեր առանձնաշնորհյալ հարաբերությունների պատմությունում։ Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ Փարիզում Հայաստանի էսպլանադի դեկտեմբերի 10-ին կայացած բացման արարողությանը, որին մասնակցել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն: Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն՝  միջոցառմանը ներկա են գտնվել պատգամավորներ, սենատորեներ, պաշտոնյաներ, մտավորականներ, ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչներ:  Բացման արարողությանը նախարար Միրզոյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, ասել է. «Մեծարգո՛ տիկին քաղաքապետ, սիրելի Անն Իդալգո, Սիրելի՛ հյուրեր, բարեկամներ, Այսօր ինձ պատիվ է ընձեռնվել՝ ներկա գտնվելու պատմական այս իրադարձությանը՝ Հայաստանի էսպլանադի բացման հուզիչ և, միևնույն ժամանակ, գոտեպնդող արարողությանը։ Այստեղ՝ Փարիզի սրտում, մեր բարեկամ ֆրանսիացի ժողովուրդը հերթական անգամ մեծարում է հայտնում Հայաստանին ու հայ ժողովրդին։ Այս իրադարձությունն առավել քան խորհրդանշական է․ Արցախում արյունալի և հյուծիչ պատերազմից մեկ տարի անց մայրաքաղաք Փարիզն իր համերաշխությունն է հայտնում մեզ՝ հայերիս՝ հայ-ֆրանսիական բարեկամության հերթական լուսավոր էջը բացելով մեր առանձնաշնորհյալ հարաբերությունների պատմությունում։ Հայաստանի ու հայ ժողովրդի կապերը մայրաքաղաք Փարիզի հետ դարերի պատմություն ունեն և հարուստ են համագործակցության ու պատմական առնչությունների բազմաթիվ դրվագներով։ Դրանք սկիզբ են առնում դեռևս Կիլիկյան Հայաստանի թագավորության ժամանակաշրջանից և շարունակություն գտնում հաջորդ դարերում, երբ հայ առևտրականներն աշխույժ կապեր են ստեղծում Ֆրանսիայի մայրաքաղաքի հետ՝ ամրապնդելով արևելյան քրիստոնեական համայնքների և Եվրոպայի կենտրոնի միջև քաղաքական ու մշակութային կապերը։ Խորհրդանշական է, որ Փարիզի արվարձաններից մեկում գտնվող տաճարներից մեկում է հանգչում հայոց վերջին արքան՝ Լևոն 6-րդը։ Փարիզի նշանակությունը հայ ժողովրդի կյանքում մեծացավ հատկապես 20-րդ դարի սկզբին, երբ Հայոց ցեղասպանությունից փրկված հազարավոր հայեր և նրանց սերունդներ Փարիզում և նրա շրջակայքում ձևավորեցին ֆրանսահայ ստվար  համայնք՝ իրենց ներդրումն ունենալով նաև այս հիանալի քաղաքի զարգացման գործում։   Մենք չենք մոռանում, որ հենց Փարիզը դարձավ այն միջազգային կենտրոններից մեկը, որտեղ բազմաթիվ հայ գաղթականներ ու ականավոր մշակութային գործիչներ ապաստան գտան ու նոր կյանքի հնարավորություն ստացան։ Այստեղ՝ Փարիզում, փարիզցիների ջերմ հյուրընկալության պայմաններում ապրել և ստեղծագործել են մեծանուն ֆրանսահայեր Շառլ Ազնավուրը, Միսակ Մանուշյանը, Միշել Լեգրանը, Անրի Տրուայան, Անրի Վեռնոյը, Ժանսեմը, Գառզուն, Զաբել Եսայանը, Շավարշ և Արփիկ Միսակյանները և ուրիշներ։  Հայաստանի առաջին Հանրապետության անկումից հետո Փարիզում է ապաստան գտել և գործունեություն ծավալել Հայաստանի վտարանդի կառավարությունը։ Փարիզի Պեր Լաշեզ գերեզմանում են հանգչում Առաջին Հարապետության հիմնադիր հայրերից մի քանիսը՝ Ահարոնյանը, Խատիսյանը, Տեր-Մինասյանը և այլք։  Փարիզի հետ ջերմ բարեկամության ամենաակտիվ շրջանը կապված է Հայաստանի անկախության երեք տասնամյակների հետ, երբ Երևանի ու Փարիզի միջև ձևավորվեց շատ սերտ ու ընդգրկուն համագործակցություն: Այդ համագործակցության՝ վերջին տարիների ամենաշոշափելի ձեռքբերումներից մեկը հայկական Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի փարիզյան մասնաճյուղի բացումն էր, ինչը գործող քաղաքապետ տիկին Իդալգոյի նախաձեռնությունն էր և կյանքի կոչվեց իր հետևողական ջանքերի շնորհիվ։  Սիրելի՛ բարեկամներ, Ցանկանում եմ հատուկ ընդգծել, որ, Հայաստանի անկախության առաջին իսկ օրվանից սկսած, Փարիզն ու փարիզցիները մշտապես Հայաստանի ու հայ ժողովրդի կողքին են եղել և ուղեկցել ու սատարել են մեզ նույնիսկ ամենածանր պահերին։ Այս համատեքստում կցանկանայի հիշել և հիշեցնել ևս մեկ պատմական դրվագ, որը շատ խոսուն է այսօրվա մեր միջոցառման համատեքստում։ 1980-ական թվականների վերջին, երբ ղարաբաղյան շարժումը նոր էր մեկնարկել և օրեցօր ավելի էր ուժգնանում, Փարիզ քաղաքն այն եզակի միջազգային կենտրոններից էր, որն իր հանրային ուշադրությամբ պաշտպանության տակ վերցրեց այդ անկախական շարժման ղեկավարներին։ Փարիզի այն ժամանակվա քաղաքապետ Ժակ Շիրակը հյուրընկալեց Արցախը Մայր Հայաստանին վերամիավորելու համար պայքարող ՝ «Ղարաբաղ» կոմիտեի առաջնորդներին՝ ի աջակցություն հայ ժողովրդի նվիրական ձգտումների։  Մեծ է եղել Փարիզի քաղաքական և մարդասիրական աջակցությունը արցախահայության արդարացի ձգտումներին նաև հետագայում։ Այս տեսանկյունից առանցքային նշանակություն ուներ նախորդ տարի՝ Արցախում արյունալի պատերազմում հրադադարից օրեր անց, Փարիզի քաղաքային խորհրդի կողմից քաղաքապետ Անն Իդալգոյի նախաձեռնությամբ ընդունված Լեռնային Ղարաբաղի ճանաչման մասին բանաձևը, որն արցախահայությանը սպառնացող ֆիզիկական ոչնչացման և էթնիկ զտումների վերաբերյալ հստակ ահազանգ էր՝ ուղղված ինչպես ֆրանսիական հասարակությանը, այնպես էլ՝ ողջ միջազգային հանրությանը։ Մենք բարձր ենք գնահատում այդ մարդասիրական և քաղաքական քայլը, որը ոգևորությամբ ընդունվեց նաև հայ հասարակության լայն շրջանակների կողմից։ Մեծարգո՛ տիկին քաղաքապետ,  Վստահ եղեք, որ Հայաստանն ու հայ ժողովուրդը բարձր են գնահատում Ձեր անկեղծ բարեկամությունն ու նվիրվածությունը։ Հայաստանի Հանրապետության անունից իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում տարիներ շարունակ մեր կողքին լինելու և մեր վիշտն ու ուրախությունը կիսելու համար։ Մենք առանձնահատուկ ջերմությամբ ենք հիշում Ձեր բոլոր այցերը Հայաստան, և վստահ եղեք, որ, այսօր էլ և ընդմիշտ, Դուք մշտապես սպասված եք Հայաստանում՝ թե՛ որպես գործընկեր և թե՛ որպես հարազատ ու հավատարիմ բարեկամ։ Ձեր շնորհիվ այսօր Փարիզի հետ մեր բազմադարյա հարաբերությունների պատմությունը հարստանում է ևս մեկ, բայց իր բնույթով շատ կարևոր ու խորհրդանշական նոր դրվագով՝ Հայաստանի էսպլանադի բացման հանգամանքով, որը մեկ տարածքի մեջ է հյուրընկալելու Կոմիտաս վարդապետի արձանը և Երևանի այգին։ Այս կապակցությամբ կցանկանայի նաև շնորհակալություն հայտնել Փարիզի փոխքաղաքապետ պարոն Առնո Նգաչային՝ նախագծին հետամուտ լինելու համար, ինչպես նաև Փարիզի 8-րդ թաղամասի ղեկավար տիկին Ժան դ’Օտըսերին այս հարցում ցուցաբերած աջակցության համար։ Եվ վերջապես, շնորհակալություն եմ հայտնում Փարիզի քաղաքային խորհրդի բոլոր անդամներին՝ այս պատմական որոշումը միաձայն սատարելու համար:  Հարգելի՛ բարեկամներ, հյուրեր և հայրենակիցներ,  Եզրափակելով խոսքս՝ ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհավորել մեզ բոլորիս՝ Փարիզի սրտում հայկական այս նոր ու գեղեցիկ անկյունի ստեղծման՝ Հայաստանի Էսպլանադի բացման կապակցությամբ։ Այս առիթով իմ մաղթանքը մեկն է՝ խաղաղություն ու բարեկեցություն հայ և ֆրանսիացի ժողովուրդներին և հարատև կյանք հայ-ֆրանսիական անխախտ բարեկամությանը։  Կեցցե՜ն Հայաստանն ու Ֆրանսիան, կեցցե՜ն Երևանն ու Փարիզը, կեցցե՜ մեր ժողովուրդների միջև բարեկամությունը»։
18:43 - 10 դեկտեմբերի, 2021
Ֆինանսների նախարարն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին և Զարգացման ֆրանսիական գործակալության տարածաշրջանային ղեկավարին

Ֆինանսների նախարարն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին և Զարգացման ֆրանսիական գործակալության տարածաշրջանային ղեկավարին

Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր՝ դեկտեմբերի 10-ին, հանդպում է ունեցել Ֆրանսիայի դեսպան Անն Լույոյի գխավորած պատվիրակության հետ: Հանդիպմանը ներկա են եղել Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) տարածաշրջանային ղեկավար Ռաֆայել Ժոզանը, ինչպես նաեւ դեսպանատան եւ գործակալության ներկայացուցիչներ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ֆինանսների նախարարությունը: Ողջունելով հյուրերին՝ նախարար Խաչատրյանը կարեւորել է Ֆրանսիայի հետ համագործակցության զարգացումը հատկապես կառավարության առաջ քաշած բարեփոխումների իրականացման գործընթացում: Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է կառավարության ծրագրի հիմնական դրույթները, ինչպես նաեւ շեշտել ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում երկկողմ հարաբերությունները զարգացնելու հնարավորությունները: Տիկին դեսպանն իր խոսքում նշել է, որ պատրաստ է սերտորեն համագործակցել ՀՀ կառավարության հետ՝ երկկողմ ծրագրերի իրականացման, հայ-ֆրանսիական հարաբերությունների հետագա զարգացման եւ երկու երկրների տնտեսական կապերի հետագա ընդլայնման գործում: Դեսպանն ընդգծել է, որ Զարգացման ֆրանսիական գործակալությունը շարունակելու է ակտիվ ներդրումային գործունեությունը ՀՀ-ում հատկապես ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ: ԶՖԳ տարածաշրջանային ղեկավարը ներկայացրել է կազմակերպության կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքը, ինչպես նաեւ հայտնել է կազմակերպության պատրաստակամությունն ապագայում եւս Հայաստանի կառավարության առաջ քաշած բարեփոխումներին համահունչ նոր ծրագրեր մշակելու հարցում:
16:20 - 10 դեկտեմբերի, 2021
ՀՀ ԱԳ նախարարը և Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղարը ստորագրել են «Հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության 2021-2026թթ. ճանապարհային քարտեզը»

ՀՀ ԱԳ նախարարը և Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղարը ստորագրել են «Հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության 2021-2026թթ. ճանապարհային քարտեզը»

Դեկտեմբերի 9-ին Փարիզում տեղի է ունեցել Հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության աշխատանքային խմբի առաջին համատեղ նիստը։ Միջոցառմանը հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ֆրանսիականը՝ Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանը։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն: Հայկական պատվիրակությունում ընդգրկված էին նաև տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների, էկոնոմիկայի, ֆինանսների, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունների փոխնախարարները,  փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդականը և այլ պաշտոնատար անձինք։ Իր խոսքում նախարար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել պետքարտուղար Լըմուանին՝ ջերմ հյուրընկալության և արդյունավետ քննարկումների կազմակերպմանն օժանդակելու համար՝ ընդգծելով, որ համատեղ նիստի անցկացումը շուրջ մեկ տարի տևած երկկողմ հետևողական աշխատանքի և երկու երկրների ղեկավարների մակարդակով ներդրված ջանքերի և ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքն է:  Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ անհրաժեշտ է նպատակամղված աշխատանքներ տանել՝ կյանքի կոչելու երկու երկրների բարձրագույն ղեկավարության պայմանավորվածությունները տնտեսական հարաբերությունների շեշտակի ակտիվացման ուղղությամբ, ինչը կհամապատասխանի Հայաստանի և Ֆրանսիայի միջև առկա առանձնաշնորհյալ հարաբերությունների մակարդակին։ Քննարկումների ընթացքում երկուստեք կարևորվել է հայ-ֆրանսիական առևտրատնտեսական կապերի դիվերսիֆիկացումը, համագործակցությունը տնտեսական նոր ծրագրերով հարստացնելու անհրաժեշտությունը և փոխադարձ ներդրումների աշխուժացումը։ Զրուցակիցները նշել են նաև Ֆրանսիայի և Հայաստանի գործարար շրջանակների միջև շփումների ակտիվացման անհրաժեշտության մասին, մասնավորապես՝ պատվիրակությունների փոխայցելությունների և տնտեսական միջոցառումների կազմակերպման միջոցով։ Ընդգծվել է նաև Զարգացման ֆրանսիական գործակալության ընթացիկ գործունեությունը Հայաստանում և կարևորվել նոր ծրագրերի իրականացումը։ Նիստի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանը և Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղար Լըմուանը ստորագրել են «Հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության 2021-2026թթ. ճանապարհային քարտեզը»։ Փաստաթղթի հիմնական նպատակն է Հայաստանի և Ֆրանսիայի միջև ստեղծել առաջիկա հինգ տարիների համար նախատեսվող երկկողմ տնտեսական ծրագրերի ռազմավարություն ու համագործակցության շրջանակը, որը ընդգրկելու է ենթակառուցվածքների, քաղաքաշինության, էներգետիկայի, գյուղատնտեսության, զբոսաշրջության, նորարարության և բարձր տեխնոլոգիաների, առողջապահության և հեռանկարային այլ ոլորտներ:
21:07 - 09 դեկտեմբերի, 2021
ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներն աջակցություն են հայտնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսության վերսկսմանը |azatutyun.am|

ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներն աջակցություն են հայտնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսության վերսկսմանը |azatutyun.am|

azatutyun.am: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Ֆրանսիայի Եվրոպայի ու արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը աջակցություն են հայտնում ուղիղ երկխոսության վերսկսմանը Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո։ Այս մասին ասված է Մինսկի խմբի համանախագահ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների երեկ երեկոյան հրապարակած համատեղ հայտարարությունում: Համանախագահները կոչ են անում շարունակել երկխոսությունը Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև, ինչպես նաև շարունակել շփումները ղեկավարների մակարդակով՝ տարածաշրջանում տևական կայուն խաղաղություն ապահովելու նպատակով: Համանախագահ երկրները կոչ են անում Հայաստանին և Ադրբեջանին զերծ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից ու սադրիչ գործողություններից և ամբողջությամբ կատարել 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստանձնած պարտավորությունները, որոնք Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները վերահաստատել են 2021 թվականի նոյեմբերի 26-ի իրենց հայտարարությունում։ «Համանախագահ երկրները կոչ են անում Հայաստանին և Ադրբեջանին շարունակել իրենց ներգրավվածությունը համանախագահների հովանու ներքո՝ կոնկրետ առաջընթաց գրանցելու մարդասիրական հարցերում, այդ թվում՝ պահվող անձանց, ականազերծման, անհետ կորածների, տեղահանվածների կամավոր վերադարձի և պատմական հուշարձանների վերաբերյալ», - ասված է հայտարարությունում: Համանախագահ երկրները նաև «մտահոգությամբ են նշում վերջին միջադեպերը Հայաստան-Ադրբեջան չսահմանազատված սահմանին և վերահաստատում են, որ սահմանային վեճերը լուծելու համար ուժի կիրառումը կամ սպառնալիքն անընդունելի է»։ Համանախագահ երկրները նաև հիշեցնում են Հայաստանին ու Ադրբեջանին միջազգային մարդասիրական իրավունքի պահանջներին համապատասխանելու իրենց պարտավորության մասին և կողմերին կոչ են անում անհապաղ վերացնել հակամարտությունից տուժած տարածքներ և բնակչության մոտ մուտք գործելու բոլոր սահմանափակումները միջազգային մարդասիրական կազմակերպությունների նկատմամբ։ Համանախագահ երկրները կոչ են անում կողմերին որքան հնարավոր է շուտ հնարավորություն տալ համանախագահներին աշխատելու տարածաշրջանում ՝ թույլ տալով նրանց «առաջին ձեռքից» գնահատել իրավիճակը տեղում: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները վերահաստատում են իրենց հանձնառությունը՝ աշխատելու կողմերի հետ՝ գտնելու համապարփակ լուծումներ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված կամ դրանից բխող մնացյալ բոլոր հարցերի համար, իրենց մանդատի համաձայն՝ ապահովելու անվտանգ, կայուն, բարգավաճ և խաղաղ ապագա Հարավային Կովկասի տարածաշրջանի համար: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը դեկտեմբերի 2-ին Ստոկհոլմում խոսել էր ԵԱՀԿ նախարարական հանդիպմանը Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների հայտարարության մասին, որը փաստորեն հրապարակվեց մոտ մեկ շաբաթ անց:
09:59 - 08 դեկտեմբերի, 2021
Կառավարությունը պատվիրակություն է գործուղում Փարիզ՝ հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության հարցերը քննարկելու

Կառավարությունը պատվիրակություն է գործուղում Փարիզ՝ հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության հարցերը քննարկելու

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՀՀ կառավարությունը դեկտեմբերի 8-10-ը պատվիրակություն կգործուղի Ֆրանսիայի Հանրապետություն (Փարիզ)՝ հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցությանն առնչվող հարցերը ֆրանսիական կողմի հետ քննարկելու նպատակով: Այդ մասին հայտնում է e-gov.am կայքը: Հայկական պատվիրակության կազմում կլինեն ՀՀ ֆինանսների փոխնախարար Վահե Հովհաննիսյանը, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Ռոբերտ Խաչատրյանը, էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը և տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը: Ըստ վարչապետի  1391 – Ա որոշման՝ պատվիրակության անդամները գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում ՀՀ արտաքին գործերի նախարարություն պետք է ներկայացնեն հաշվետվություն Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման արդյունքների վերաբերյալ, իսկ ԱԳ նախարարը 5-օրյա ժամկետում գործուղման արդյունքների մասին ամփոփ հաշվետվություն պետք է ներկայացնի ՀՀ վարչապետի աշխատակազմ:
23:21 - 07 դեկտեմբերի, 2021
Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը քննարկվել է ԵԱՀԿ 28-րդ նախարարական համաժողովում |armenpress.am|

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը քննարկվել է ԵԱՀԿ 28-րդ նախարարական համաժողովում |armenpress.am|

armenpress.am: Դեկտեմբերի 2-3-ը Ստոկհոլմում կայացել է  ԵԱՀԿ 28-րդ նախարարական համաժողովը։ Ի թիվս կազմակերպության շրջանակներում միջազգային կարևոր թեմաների, երկու տասնյակի հասնող արտաքին գերատեսչությունների ղեկավարներ անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին։ Կարող ենք արձանագրել, որ հակառակ Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից ավարտված է, ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում տարբեր երկրների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից արված  հայտարարությունները գալիս են փաստելու, որ միջազգային հանրության համար հակամարտության կարգավորման հարցն արդիական է, ինչպես նաև վերահաստատելու, որ ԼՂ հակամարտության կարգավորումը դիտվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում և մանդատի ներքո՝ խաղաղ բանակցությունների միջոցով։ ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդենն իր ելույթում  շեշտել է. «Չլուծված խնդիրներ կան Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում, որոնք դրսևորվեցին նաև տարածաշրջանում նախորդ ամիս ռազմական գործողությունների վերսկսմամբ: ԵԱՀԿ-ն տարածաշրջանում կենսական դեր ունի, և մենք բոլորս պետք է լիակատար աջակցություն ցուցաբերենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին՝ այս նախարարական համաժողովի ընթացքում և դրանից հետո»: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը իր հերթին ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսության վերսկսումը․ «Կոչ ենք անում կողմերին առաջընթացի հասնել հումանիտար հարցերի, այդ թվում՝ պատանդների ու պահվող անձանց, ականազերծման, անհայտ կորածների, մարդու իրավունքների ենթադրյալ խախտումների, միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների վերաբերյալ հետաքննության հարցերում, որի արդյունքում ոճրագործները պետք է պատասխանատվության ենթարկվեն: Հուսով եմ, որ այս հարցերի վերաբերյալ մենք բոլորս միասին կկարողանանք աշխատել, այդ թվում՝ Ռուսաստանի հետ, առաջընթացի հասնելու համար։ Բոլոր կողմերին կոչ ենք անում լուծել մյուս կարևոր խնդիրները, մասնավորապես՝ սահմանազատման և սահմանագծման, տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերը, ինչպես նաև շարունակել փոխգործակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարատև խաղաղ կարգավորման համար», - թեմայի շուրջ մանրամասնել է Բլինկենը։ Իսկ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը  հակամարտության կարգավորման հարցում բարձր է գնահատել ԵԱՀԿ դերը։ Համաժողովին Ֆրանսիայի պատվիրակության ղեկավար Ֆրանկ Ռիսթերը նույնպես ողջունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության վերսկսումը։ «Կոչ ենք անում կողմերին Մինսկի խմբի հովանու ներքո համաձայնության գալ այնպիսի միջոցառումների իրականացման շուրջ, որն ի շահ ժողովուրդների կնվազեցնի լարվածությունը և կնպաստի այլ ոլորտներում առաջընթացի համար համապատասխան միջավայր ստեղծելուն։ Մենք վերահաստատում ենք մեր վստահությունը կողմերի հետ համանախագահության տարվելիք աշխատանքի նկատմամբ։ Կոչ ենք անում նաև հավատարիմ մնալ նոյեմբորի 9-ի հայտարարության շրջանակներում  ձեռք բերված պայմանավորվածություններին»,- նշել է Ռիսթերը։ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Մարգարետա Սեդերֆերտը իր ելույթում Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության հասնելու կոչով է հանդես եկել։ «Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի միջև սահմանային բախումները վերսկվեցնին աղետալի պատերազմից մեկ տարի անց։ Խնդրում եմ կողմերին համախմբել և համաձայնության գալ երկարատև խաղաղության հասնելու շուրջ»,- ընդգծել է Սեդերֆերտը։ ԼՂ հակամարտության գոտում տիրող իրավիճակին անդրադարձ են կատարել նաև ԵՄ-ում նախագահող Սլովենիայի, Կանադայի, Իսպանիայի, Ֆինլանդիայի, Իռլանդիայի, Լյուքսեմբուրգի, Ռումինիայի,  Խորվաթիայի, Իսլանդիայի և այլ պատվիրակությունների ղեկավարները՝ աջակցություն հայտնելով հակամարտության տևական լուծմանն ուղղված ջանքերին։  Նիդերլանդների ԱԳ նախարար Բեն Կնապեն հայտնել է, որ հարկավոր է շուտափույթ լուծում տալ բոլոր գերիների վերադարձի խնդրին։ Հատկանշական է, որ  ԼՂ հակամարտությանն անդարդարձ կատարած պատվիրակությունների ղեկավարների հայտարարություններում, որպես հումանիտար հրատապ լուծման ենթակա հարց առաջնայինը դիտարկվել է ռազմագերիների և այլ պահվող անձանց վերադարձի խնդիրը։ Եվրոպական միության եզրափակիչ հայտարարությունում նաև անդրադարձ է կատարվել ԼՂ հակամարտության վերջնական կարգավորման անհրաժեշտությանը։ «Եվրամիությունը շարունակում է աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական ու համապարփակ կարգավորման գործում և պատրաստ է իր ներդրումը ունենալ այդ գործում»,- ասված է հայտարարության մեջ։ Հրադադարի պահպանման խնդրին հայտարարությամբ անդրադարձել է նաև ԵԱՀԿ «Քառյակը»՝ Ալբանիան, Շվեդիան,  Լեհաստանը և Հյուսիսային Մակեդոնիան: Երկրները կոչ են արել հավելյալ միջոցներ ձեռնարկել իրավիճակի դեէսկալացիայի և առարկայական բանակցություններ վերսկսելու ուղղությամբ: «Հրատապ անհրաժեշտություն կա առաջընթաց գրանցելու այնպիսի հումանիտար հարցերի կարգավորման ուղղությամբ ինչպիսիք են գերիների ու պահվող անձանց վերադարձը,  ականազերծմումը, անհետ կորածները, տեղահանվածների կամավոր վերադարձը, պատմամշակութային ժառանգության պահպանման հարցերը, ինչպես նաև ապահովել միջազգային մարդասիրական  կազմակերպությունների  անխոչընդոտ մուտքը տարածաշրջան: Այդ նպատակով մենք լիակատար աջակցություն ենք հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հովանու ներքո գործադրվող ջանքերին։»,- ասված է «Քառյակի» հայտարարության մեջ: Փաստորեն՝ ԵԱՀԿ նախարարական 28-րդ համաժողովը ի ցույց դրեց, որ առկա է ԼՂ հակամարտության  վերաբերյալ երկու, կարելի է ասել, հակադիր մոտեցում․ մի կողմից՝  Հայաստանի և միջազգային հանրության դիրքորոշումները, որոնք մեծապես համընկնում և համահունչ են, իսկ մյուս կողմից՝ Ադրբեջանի՝ ուժի կիրառման արդյունքում ստեղծված իրողությունները որպես իրավիճակի լուծման հիմք ներկայացնելու փորձերը, մտացածին պատկերացումներն ու քարոզչությունը, որոնք, խոշոր հաշվով, որևէ «խրախուսական» արձագանքի չարժանացան միջազգային հանրության կողմից։  Թերևս, հենց այս պատճառով է, որ ադրբեջանական կողմը մտացածին պատճառաբանությամբ խուսափեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահութայն հովանու ներքո Ստոկհոլմում նախատեսված ՀՀ ԱԳ նախարարի հետ հանդիպումից։ Իրապես, թե՛ համանախագահ երկրների ներկայացուցիչների, թե՛ ԵԱՀԿ անդամ մյուս երկրների վերոնշյալ հայտարարություններից հետո, այս հանդիպումն ամենուրեք ընկալվելու էր որպես Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ գործընթացի առաջմղման համատեքստում, այլ ոչ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև այսպես կոչված “հետկոնֆլիկտային” խնդիրների լուծման, ինչպես ադրբեջանական կողմը փորձում էր իր հանրությանը ներկայացնել Նյու Յորքում և Փարիզում տեղի ունեցած հանդիպումները։ Հատկանշական է, որ համաժողովի ավարտին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել՝ արձանագրելով, որ թեև  համանախագահներն առանձին հանդիպումներ ունեցել են Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հետ, սակայն չի հաջողվել իրենց հովանու ներքո անցկացնել համատեղ հանդիպում։ «Հանգամանքները թույլ տալուն պես նրանք պատրաստակամություն են հայտնում անցկացնել նման հանդիպում՝ շարունակելու քննարկումները, որոնք սկսվել են սեպտեմբերին՝ Նյու Յորքում  և նոյեմբերին՝ Փարիզում»,- ասված է հայտարարության մեջ։
17:12 - 07 դեկտեմբերի, 2021
Գերիների վերադարձ, ադրբեջանական պատերազմական հանցագործություններ և մի շարք այլ թեմաներ Արման Թաթոյանը ներկայացրել է Ֆրանսիայի գործընկերոջը

Գերիների վերադարձ, ադրբեջանական պատերազմական հանցագործություններ և մի շարք այլ թեմաներ Արման Թաթոյանը ներկայացրել է Ֆրանսիայի գործընկերոջը

Երեկ Փարիզում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդիպել է գործընկերոջ՝ Ֆրանսիայի իրավունքների պաշտպան Կլեր Հենոնի հետ։ Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։ Քննարկել են այն խոչընդոտները, որոնք խանգարում են մեր երկրներում մարդու իրավունքների պաշտպանությանը։ Արման Թաթոյանը, մասնավորապես, նշել է Ադրբեջանում ապօրինի պահվող հայկական կողմի գերիների անհապաղ վերադարձի անհրաժեշտության մասին, տեղեկացրել է, որ նրանք պահվում են քաղաքական նկատառումներով՝ խախտելով միջազգային իրավունքի կանոնները։  Առանձին անդրադարձ է կատարել նաև ադրբեջանական զինված ծառայողների կողմից հայ զինծառայողների և քաղաքացիական բնակիչների իրավունքների կոպիտ խախտումներին, այդ թվում՝ խոշտանգումների, վայրագությունների համար պատասխանատվությանն հարցին։ Շեշտել է, որ ադրբեջանական իշխանությունների հայատյացության քաղաքականություն է տարածում և ակտիվ պահում հայերի դեմ թշնամանքն ամբողջ աշխարհում, լարվածության մեջ է պահում երկու ժողովուրդներին, վտանգում է այլ երկրներում մարդու իրավունքների համակարգն ու պահում մթնոլորտը լարվածության մեջ։ Հենց այդ քաղաքականության արդյունք են այն խոշտանգումներն ու վայրագությունները, որոնք իրականացվել են պատերազմի ընթացքում և դրանից հետո։ COVID-19 համավարակի առաջացրած բացասական հետևանքները մարդկանց վրա, կանանց ու երեխաների իրավունքներին, միջազգային ատյաններում մարդու իրավունքների հաստատությունների մասնակցությանն առնչվող հարցերը ևս եղել են քննարկումների թեմա։
11:38 - 07 դեկտեմբերի, 2021
Շիրակի մարզպետը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է կրթության, ՏՏ ոլորտներում համագործակցության հնարավորությունները

Շիրակի մարզպետը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է կրթության, ՏՏ ոլորտներում համագործակցության հնարավորությունները

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին։ Այդ մասին ասված է մարզպետի Ֆեյսբուքի էջում:   «Ձերդ գերազանցություն տիկին դեսպանի հետ զրույցի ժամանակ խոսել եմ հայ-ֆրանսիական բարեկամության երկարամյա պատմության, Հայաստանի համար Ֆրանսիայի հետ առանձնահատուկ հարաբերությունների մասին։ Այդ առանձնաշնորհ դերը ես տեսել եմ նաև նախկին աշխատանքիս ժամանակ՝ օրենսդիր մարմնում։ Ֆրանսիան մեր կողքին է եղել մեզ համար ամենադժվար օրերին՝ թե՛ պատերազմական ժամանակաշրջանում, թե՛ համավարակի հետ պայքարում, թե՛ տասնամյակներ առաջ՝ երկրաշարժի օրերին։ Պատրաստակամությունս եմ հայտնել համագործակցության, հատկապես ապակենտրոնացված՝ մարզային մակարդակով, որը շատ եմ կարևորում և լիահույս եմ, որ մեր գործակցությունը կլինի արդյունավետ, արգասաբեր և հեռանկարային։ Ուրախալի է, որ տիկին դեսպանը ևս պատրաստակամ է համագործակցության և կարևորում է ապակենտրոնացված մակարդակով գործակցությունը։ Հանդիպման ժամանակ քննարկեցինք նաև կրթության, տեղեկատվական տեխնոլոգիաների, սպասարկման բնագավառներում համագործակցության հնարավոր տարբերակներ»,- նշված է գրառման մեջ։    
18:59 - 06 դեկտեմբերի, 2021
Ֆրանսիան վերականգնում է ավիահաղորդակցությունը Աֆրիկայի հարավի հետ և մտցնում պարտադիր կարանտին |armenpress.am|

Ֆրանսիան վերականգնում է ավիահաղորդակցությունը Աֆրիկայի հարավի հետ և մտցնում պարտադիր կարանտին |armenpress.am|

armenpress.am: Ֆրանսիան դեկտեմբերի 4-ից կվերականգնի ավիաչվերթներն Աֆրիկայի հարավային երկրների հետ, որը դադարեցվել էր կորոնավիրուսի օմիկրոն շտամի հայտնաբերումից հետո: Այդուհանդերձ, ուղևորները ստիպված կլինեն Ֆրանսիա ժամանելուն պես երկշաբաթյա կարանտին անցնել: Այս մասին հայտնել է կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Գաբրիել Ատտալը: «Հարավաֆրիկյան Հանրապետությունից և աֆրիկյան մյուս երկրներից չվերթները, որոնք դադարեցվել էին, մեկ շաբաթ անց կվերականգնվեն: Սակայն մենք հատուկ պահանջներ կներկայացնենք կարմիր և խիստ կարմիր գոտիներից եկողներին: Օրինակ, պարտադիր ՊՇՌ թեստավորում կարվի և կգործի երկշաբաթյա կարանտին»,- ասել է նա: Կորոնավիրուսի տարածման արագությունից կախված՝  Ֆրանսիայի կառավարությունը դասակարգում է երկրները չորս տեսակի՝ կանաչ, նարնջագույն, կարմիր ու խիստ կարմիր:
14:05 - 04 դեկտեմբերի, 2021
ՀՀ ԱԳ նախարարը և ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կարևորել են համանախագահության մանդատի ներքո խաղաղ կարգավորման ծավալումը

ՀՀ ԱԳ նախարարը և ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կարևորել են համանախագահության մանդատի ներքո խաղաղ կարգավորման ծավալումը

Դեկտեմբերի 1-ին Ստոկհոլմում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), Իգոր Խովաևի (Ռուսաստան) և Բրիս Ռոքֆոյի (Ֆրանսիա) հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։ Զրույցի ընթացքում ընդգծվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում և մանդատի ներքո խաղաղ կարգավորման գործընթացի լիարժեք ծավալման կարևորությունը։Արարատ Միրզոյանն անընդունելի է համարել Ադրբեջանի ղեկավարության շարունակական ռազմատենչ հռետորաբանությունը և ագրեսիվ գործողությունները։ Այդ համատեքստում ԱԳ նախարարը կարևորել է Լեռնային Ղարաբաղում և տարածաշրջանում լարվածության նվազեցման ուղղությամբ կոնկրետ քայլերի ձեռնարկումը։ Նախարարն անհրաժեշտ է համարել նաև հումանիտար խնդիրների անհապաղ լուծումը, մասնավորապես ռազմագերիների և այլ պահվող անձանց շուտափույթ վերադարձը, բռնի անհետացման դեպքերի բացահայտումը, ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական պատմամշակութային ժառանգության պահպանությունը և միջազգային կազմակերպությունների՝ Լեռնային Ղարաբաղում գործունեության համար հնարավորությունների ստեղծումը։Հայկական կողմը վերահաստատել է իր հավատարմությունը՝ շարունակելու աշխատանքները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական և համապարփակ լուծման ուղղությամբ՝ կողմերին հայտնի սկզբունքների և տարրերի հիման վրա։
22:08 - 03 դեկտեմբերի, 2021
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ԱԳ նախարարները ԼՂ-ի վերաբերյալ հայտարարություն են ընդունել  |armtimes.com|

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ԱԳ նախարարները ԼՂ-ի վերաբերյալ հայտարարություն են ընդունել |armtimes.com|

armtimes.com: Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հայտարարություն են ընդունել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտաքին գործերի նախարարները: Այս մասին տեղեկացնում է ТАСС-ը։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի արդյունքների առնչությամբ հրավիրված ասուլիսում: «ԵԱՀԿ-ի շրջանակներում Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարները, որպես ԵԱՀԿ համանախագահող երկրներ, ընդունել են հայտարարություն՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ, որում նաև ողջունվում են ՌԴ-ի միջնորդական ջանքերը: Անշուշտ, մենք կցանկանայինք տեսնել այս նստաշրջանի ավելի հագեցած արդյունքներ, այդ թվում նաև քաղաքական հռչակագիրը, որն արդեն 10 տարի չի հաջողվում ընդունել»,-ՌԴ ԱԳՆ-ի փոխանցմամբ, ասել է Լավրովը:
09:57 - 03 դեկտեմբերի, 2021