Նոր Կալեդոնիան չի անկախանա. բնակիչների 96 %-ը քվեարկել է Ֆրանսիայի կազմում մնալու օգտին |hetq.am|
21:08 - 12 դեկտեմբերի, 2021

Նոր Կալեդոնիան չի անկախանա. բնակիչների 96 %-ը քվեարկել է Ֆրանսիայի կազմում մնալու օգտին |hetq.am|

hetq.am: Խաղաղ օվկիանոսում Ֆրանսիայի անդրծովյան տարածք հանդիսացող Նոր Կալեդոնիայի ընտրողները ձայների մեծամասնությամբ երրորդ և վերջին հանրաքվեի ժամանակ, դեմ են քվեարկել Նոր Կալեդոնիայի անկախությանը։ BBC-ն գրում է, որ հանրաքվեին մասնակցած ընտրողների 96 %-ը կողմ է Ֆրանսիայի կազմում մնալուն։ 

Նախորդ երկու հանրաքվեների ժամանակ, որոնք կայացել են 2018 և 2020 թվականներին, անկախությանը դեմ կողմը հաղթել էր ձայների փոքր տարբերությամբ։ Երեք հանրաքվեները նախատեսված էին 1988 թվականի համաձայնագրով, որը ֆրանսիական իշխանությունները կնքել էին կղզու անկախության օգտին հանդես եկող ուժերի հետ։ 

Անկախության կողմնակիցները խնդրել էին հետաձգել ներկայիս հանրաքվեն՝ հայտարարելով, որ կորոնավիրուսի համավարակը անհնարին է դարձրել արդար քարոզարշավի անցկացումը, իսկ արշիպելագի բնիկ ժողովուրդներին՝ կանակներին ժամանակ է անհրաժեշտ քովիդից մահացածներին սգալու համար։  

Չկարողանալով հասնել հանրաքվեի հետաձգմանը՝ անջատողականները կոչ էին արել բոյկոտել այն, ինչը կարող է ազդած լինել մասնակցության ցուցանիշների վրա։ Վերջինս կազմել է 43,9 %։ Ինչպես հայտնում է AFP-ն, իր թղթակիցները, կանակների հոծ բնակության շրջաններում, գրանցել են մասնակցության ցածր ցուցանիշներ։ 

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ «Ֆրանսիան ավելի գեղեցիկ է, քանի որ Նոր Կալեդոնիան որոշել է մնալ իր կազմում»։ Ուղիղ չհիշատակելով հանրաքվեի բոյկոտմի մասին, Մակրոնը, այդուհանդերձ, ընդունել է, որ Նոր Կալեդոնիայի ընտրողների մեջ խորը պառակտում կա և ցավակցել բոլոր նրանց, որոնք կորցրել են հարազատներին։  

«Ազատվելով «այո»-ի և «ոչ»-ի երկընտրանքից, մենք հիմա պետք է կառուցենք ընդհանուր ծրագիր՝ ճանաչելով և հարգելով յուրաքանչյուրի արժանապատվությունը»,- տեսաուղերձում ընդգծել է նախագահ Մակրոնը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել