ՀԱՊԿ

Հավաքական անվտանգության մասին Պայմանագիրը ստորագրվել է 1992թ. մայիսի 15-ին Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի եւ Ուզբեկստանի ղեկավարների կողմից:

Հավաքական անվտանգության մասին Պայմանագրում առանձնահատուկ կարեւորություն ունի վերջինիս 4-րդ հոդվածը, համաձայն որի «եթե անդամ պետություններից որեւէ մեկը ենթարկվի ագրեսիայի որեւէ պետության կամ պետությունների խմբի կողմից, ապա անդամ պետությունների կողմից դա կհամարվի որպես ագրեսիա սույն Պայմանագրի բոլոր մասնակից պետությունների դեմ:

Մասնակից պետություններից որեւէ մեկի դեմ ագրեսիայի ակտի ի հայտ գալու պարագայում, մնացած մասնակից պետությունները կցուցաբերեն անհրաժեշտ օժանդակություն` ներառյալ ռազմական օգնությունը, նաեւ կցուցաբերեն օժանդակություն իրենց տրամադրության տակ գտնվող միջոցներով` հավաքական պաշտպանության իրավունքի իրագործման կարգին համապատասխան` համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի»:

Պայմանագրով նաեւ նախատեսված է խորհրդատվությունների մեխանիզմ` մասնակից պետության կամ մի քանի մասնակից պետությունների անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը վտանգող սպառնալիքի դեպքում, կամ միջազգային խաղաղությանը եւ անվտանգությանը սպառնալիքի պարագայում:

Արարատ Միրզոյանը չի մեկնի Մինսկ՝ ՀԱՊԿ նիստին մասնակցելու նպատակով

Արարատ Միրզոյանը չի մեկնի Մինսկ՝ ՀԱՊԿ նիստին մասնակցելու նպատակով

Բելառուսական կողմի նախաձեռնությամբ նոյեմբերի 21-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի արտաքին գործերի նախարար Սերգեյ Ալեյնիկի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։ Նշվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել հայ-բելառուսական երկկողմ օրակարգի շուրջ: «Անդրադարձ է կատարվել ՀԱՊԿ գործունությանն առնչվող հարցերի: Արարատ Միրզոյանը նշել է, որ չի կարողանա մասնակցել նոյեմբերի 22-ին Մինսկում նախատեսվող ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին»,- հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության բոլոր բարձրաստիճան համապատասխան պաշտոնյաները (ՀՀ վարչապետ, պաշտպանության նախարար, ԱԳ նախարար, ԱԽ քարտուղար) հայտնել են, որ չեն մասնակցելու ՀԱՊԿ-ի շրջանակում կազմակերպվող առաջիկա նիստերին։ Նիկոլ Փաշինյանը այդ մասին ասել էր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ հույս հայտնելով, որ ՀԱՊԿ գործընկերներն ըմբռնումով կվերաբերվեն այդ որոշմանը: ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պատասխանելով հարցին, թե արդյոք նման քայլերով հող են նախապատրաստում ՀԱՊԿ-ից դուրս գալու համար, նա ասել է՝ որևէ բանի համար հող չի նախապատրաստում, «քանի որ հողը կա՛մ կա, կա՛մ չկա՝ անկախ մեր նախապատրաստելուց»․ «Մենք նաև այսպիսի որոշումներ ենք կայացնում, որպեսզի մեզ և ՀԱՊԿ-ին մտածելու ժամանակ տանք»։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հստակեցնելով, որ խոսքը վերաբերում է Նիկոլ Փաշինյանի կողմից ՀԱՊԿ նիստին մասնակցությունից հրաժարվելուն, այսպես կոչված եվրաինտեգրման վերաբերյալ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի բացահայտումներին, հանրապետությանը արևմտյան սպառազինությունների մատակարարումների ընդլայնմանը, Կիևի ռեժիմի հետ «Երևանի հանկարծակի բարեկամությանը, ասել է, որ Մոսկվան հայկական ղեկավարության վերջին քայլերը դիտարկում է որպես միևնույն շղթայի օղակներ»՝ հավելով, թե իր կարծիքով, դա «ստրկության շղթա է»։  ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովն էլ հայտնել է, որ Երևանը ՀԱՊԿ-ին խնդրել է օրակարգից հանել Հայաստանին օգնություն տրամադրելու փաստաթուղթը։
20:26 - 21 նոյեմբերի, 2023
Ինչու է Երևանը խնդրել ՀԱՊԿ-ի օրակարգից հանել Հայաստանին օգնություն ցուցաբերելու մասին փաստաթուղթը․ պարզաբանում է ԱԺ նախագահի տեղակալը
 |armenpress.am|

Ինչու է Երևանը խնդրել ՀԱՊԿ-ի օրակարգից հանել Հայաստանին օգնություն ցուցաբերելու մասին փաստաթուղթը․ պարզաբանում է ԱԺ նախագահի տեղակալը |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը ներկայացրեց, թե ինչու է Երևանը խնդրել ՀԱՊԿ-ի օրակարգից հանել Հայաստանին օգնություն ցուցաբերելու մասին փաստաթուղթը։ «Դրա մասին բազմիցս խոսվել է, և ՀԱՊԿ-ի հավաքական անվտանգության խորհրդում փաստաթղթի չստորագրելը դրանով էր պայմանավորված, որ Հայաստանը ակնկալում էր, որ անհրաժեշտ էր արձանագրել, թե որտեղ է սկսվում և ավարտվում ՀԱՊԿ-ի պատասխանատվության տարածքը։ Ցավոք, այդ պատասխանատվության տարածքը և Հայաստանի կոնկրետ քարտեզը իր սահմաններով չի արձանագրվել և դա է խնդիրը ՀԱՊԿ-ի հետ կապված աշխատանքների մեջ»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահի տեղակալը։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբետովը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) իր գործընկերներին խնդրել է օրակարգից հանել երկրին օգնության մասին փաստաթուղթը։     
15:24 - 21 նոյեմբերի, 2023
Հայաստան դիտորդական առաքելություն ուղարկելու ուղղությամբ աշխատանքները շարունակվում են. ՀԱՊԿ |tert.am|

Հայաստան դիտորդական առաքելություն ուղարկելու ուղղությամբ աշխատանքները շարունակվում են. ՀԱՊԿ |tert.am|

tert.am: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) դիտորդական առաքելություն Հայաստան ուղարկելու և այլ գործնական միջոցառումների վերաբերյալ որոշման նախագծի ուղղությամբ աշխատանքները շարունակվում են: Այս մասին ասվում է ՀԱՊԿ քարտուղարության մեկնաբանությունում: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:«Մինսկում ՀԱՊԿ կանոնադրական մարմինների առաջիկա նիստերի նախաշեմին հայկական կողմն առաջարկել է հետ կանչել հայտարարության նախագիծը քննարկումից։ Հայաստան դիտորդական առաքելություն ուղարկելու և այլ գործնական միջոցառումներ իրականացնելու մասին Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագծի վերաբերյալ աշխատանքները շարունակվում են»,- ասված է մեկնաբանության մեջ։Երեկ հայտնի էր դարձել, որ Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության իր գործընկերներին խնդրել է օրակարգից հանել երկրին օգնության մասին փաստաթուղթը։ Այս մասին նոյեմբերի 20-ին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Տասմաղամբետովը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպմանը: Նրա խոսքով՝ Հավաքական անվտանգության խորհրդի նախորդ տարվա նոյեմբերյան նստաշրջանի որոշումների կատարման ծրագրի 34 միջոցառումից 32-ն է կատարվել: «Ցավոք, երկու գործողություն իրականացնել չի հաջողվել. առաջինը մեր միջազգային շփումներն են եվրոպական միջազգային կազմակերպությունների հետ, ինչպիսին ԵԱՀԿ-ն է։ Պատճառը նրանց դիրքորոշումն է: Երկրորդ հարցը Հավաքական անվտանգության խորհրդի հանձնարարականն է՝ վերջնական տեսքի բերելու Հայաստանին օգնության մասին որոշումը։ Թեև մնացած բոլոր դաշնակիցները սատարել են այս որոշմանը, սակայն հայկական կողմը որևէ հետաքրքրություն չի ցուցաբերել այս փաստաթղթի նկատմամբ և, ավելին, մեր աշխատանքի վերջին մասում խնդրել է այն ընդհանրապես հանել օրակարգից»,- ասել էր ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում 
14:54 - 21 նոյեմբերի, 2023
Երևանը ՀԱՊԿ-ին խնդրել է օրակարգից հանել Հայաստանին օգնություն տրամադրելու փաստաթուղթը
 |civilnet.am|

Երևանը ՀԱՊԿ-ին խնդրել է օրակարգից հանել Հայաստանին օգնություն տրամադրելու փաստաթուղթը |civilnet.am|

civilnet.am: Երևանը ՀԱՊԿ գործընկերներին խնդրել է նոյեմբերի 23-ի նիստի օրակարգից հանել Հայաստանին օգնություն տրամադրելու փաստաթուղթը։ Այդ մասին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպմանը հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը, փոխանցում է Belta-ն։ «Հայկական կողմը, չնայած մյուս բոլոր դաշնակիցները սատարել են այդ որոշմանը, որևէ հետաքրքրություն չի հայտնել այդ փաստաթղթի նկատմամբ և ավելին, մեր աշխատանքի ավարտական մասում նրանք խնդրել են այն ընդհանրապես հանել օրակարգից»,- ասել է Կազմակերպության գլխավոր քարտուղարը։ 2022-ի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հարձակվել էր Հայաստանի վրա։ Նույն օրը Հայաստանի պահանջով հրավիրված ՀԱՊԿ խորհրդի նիստում որոշում էր ընդունվել կազմակերպության միացյալ շտաբի պետի ղեկավարությամբ դիտորդական առաքելություն ուղարկել Հայաստան։ Առաքելությունը պետք է գնահատեր ստեղծված իրավիճակը, տարածաշրջանում իրավիճակի վերաբերյալ հանգամանալից զեկույց պատրաստեր և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին առանձին շրջաններում առաջացած լարվածության թուլացման վերաբերյալ առաջարկություններ մշակեր։ 2022-ի նոյեմբերի 24-ին Երևանում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ պատրաստ չէ ստորագրել Հայաստանին օժանդակություն ցուցաբերելու ՀԱՊԿ որոշման նախագիծը, քանի որ դրանում բացակայում է ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ քաղաքական գնահատականը։ Հայաստանի կառավարությունը հայտարարել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի նոյեմբերի 23-ին Մինսկում կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին։ Նիկոլ Փաշինյանը չէր մասնակցել նաև հոկտեմբերի 13-ին Բիշքեկում տեղի ունեցած ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին: Արտգործնախարար Արարատ Միրզոյանի փոխարեն էլ հոկտեմբերի 12-ին Բիշքեկում անցկացված ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստին մասնակցել էր ԱԳ նախարարի տեղակալը։ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ևս չէր մասնակցել նոյեմբերի 8-ին Մոսկվայում կայացած ԱՊՀ պետությունների անվտանգության խորհրդի քարտուղարների հերթական հանդիպմանը։
14:07 - 20 նոյեմբերի, 2023
ՀԱՊԿ-ը չի պատրաստվում հեռանալ Հայաստանից․ Միացյալ շտաբի պետ |armeniasputnik.am|

ՀԱՊԿ-ը չի պատրաստվում հեռանալ Հայաստանից․ Միացյալ շտաբի պետ |armeniasputnik.am|

armeniasputnik.am: ՀԱՊԿ-ում ոչ ոք չի ծրագրում հեռանալ Հայաստանից: Այս հայտարարությունն արեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը Մոսկվա-Մինսկ-Աստանա-Բիշքեկ-Երևան տեսակամուրջի ժամանակ, որը կազմակերպվել էր Sputnik Արմենիայի հարթակի միացմամբ։ Խոսելով Հայաստանի Հանրապետության դժվարությունների մասին՝ Սիդորովը կարծիք հայտնեց, որ ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները կգտնեն խնդիրների լուծման ճանապարհը: «Կազմակերպությունը ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին պաշտոնական հայտարարություններ չի ստացել Հայաստանի ղեկավարությունից»,- ասաց Սիդորովը: Ինչ վերաբերում է 2023 թվականին ՀԱՊԿ միջոցառումների սահմանափակ մասնակցությանը, ապա, նրա խոսքով, պետության ներսում իրավիճակը կարող է տարբեր կերպ դասավորվել։ «Այստեղ մենք որոշումները չենք քննարկում։ Միևնույն ժամանակ Հայաստանը մասնակցում է թե՛ օրինաստեղծ գործունեությանը, կազմակերպության փաստաթղթերի ուսումնասիրմանը, թե՛ մշտապես գործող մարմինների գործունեության ֆինանսավորմանը: Գործընթացն ընթանում է»,- նշեց Սիդորովը։ Բուն ՀԱՊԿ-ում, ըստ նրա, ոչ մի խոսակցություն չկա այն մասին, որ կազմակերպությունը կորցրել է հետաքրքրությունը կովկասյան տարածաշրջանի նկատմամբ կամ պատրաստվում է հեռանալ Հայաստանից։
13:34 - 16 նոյեմբերի, 2023
ՀԱՊԿ-ի աճպարարությունը, որն արվում է, մեզ համար անընդունելի է․ Ալեն Սիմոնյան |armtimes.com|

ՀԱՊԿ-ի աճպարարությունը, որն արվում է, մեզ համար անընդունելի է․ Ալեն Սիմոնյան |armtimes.com|

armtimes.com: ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կարծիքով՝ Հայաստանը որևիցե տեղ չի պատրաստվում գնալ, այլ ապահովելու է տարածաշրջանում իր անվտանգությունը։ «Երբ ՀԱՊԿ-ը կամ այլ գործընկերներ ասում են՝ մենք պատրաստ էինք, դուք չուզեցիք, իսկ որտեղ էին իրենք պատրաստ, որտեղ էին գալու կանգնեին, որտեղ էին այդ գործողությունները անելու, եթե միևնույն ժամանակ ասում են, որ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանը չի խախտվել»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց նա։ ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշում, ըստ նրա, նույնպես չենք կայացրել․ «Այստեղ խնդիրն այն է, թե այդ կառույցը ինչպես է դիրքավորվում. արդյո՞ք ՀԱՊԿ-ը մի կառույց է, որը ստեղծված է ինչ-որ գործողություն անելու, երբ այդ կառույցի անդամներից մեկին վտանգ է սպառնում։ Այդ հարցն ուղղված է ավելի շատ այդ կառույցի այլ երկրներին։ ՀԱՊԿ-ի աճպարարությունը, որն արվում է, մեզ համար անընդունելի է։ Ամեն անգամ, այն բոլոր գործընկերները, որոնք փորձ են անում Ալմաթայի դեկլարացիան, Պրահայի համաձայնությունը ներկայացնել մի կետ, որից հետո իրենք չէին կարող որևէ բան անել, թող հետ նայեն և ասեն, թե ինչ են իրենք արել, երբ այդ ամենը տեղի չէր ունեցել»։
13:02 - 16 նոյեմբերի, 2023
Մենք ոչ թե հրաժարվել ենք, այլ որոշում ենք կայացրել չմասնակցել կոնկրետ այդ միջոցառումներին տարբեր պատճառներով․ Փաշինյանը՝ ՀԱՊԿ նիստին չմասնակցելու մասին

Մենք ոչ թե հրաժարվել ենք, այլ որոշում ենք կայացրել չմասնակցել կոնկրետ այդ միջոցառումներին տարբեր պատճառներով․ Փաշինյանը՝ ՀԱՊԿ նիստին չմասնակցելու մասին

Մենք ոչ թե հրաժարվել ենք, այլ որոշում ենք կայացրել չմասնակցել կոնկրետ այդ միջոցառումներին ներկա չգտնվել տարբեր պատճառներով։ Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով ՀԱՊԿ նիստին իր չմասնակցելու մասին։  Պատասխանելով հարցին, թե արդյոք նման քայլերով Փաշինյանը հող է նախապատրաստում ՀԱՊԿ-ից դուրս գալու համար, Փաշինյանն ասաց՝ ինքը որևէ բանի համար հող չի նախապատրաստում, քանի որ հողը կամ կա, կամ չկա՝ անկախ մեր նախապատրաստելուց։ Ցավոք, ՀԱՊԿ-ը ի հեճուկս իր ունեցած դե յուրե պարտադիր պարտավորությունների՝ պատշաճ արձագանք չի տվել ՀՀ-ի անվտանգային մարտահրավերներին և դա կրկնվել է մի քանի անգամ։ Մեր հանրության համար էլ հասկանալի չէ, թե ինչու ենք ամեն անգամ գնում, նույն բաները ասում, կրկնում՝ չստանալով ոչ մի արձագանք, թողնում վերադառնում, հետո էլի գնում ասում։ Ամենամեծ ֆունդամենտալ խնդիրն այն է, որ դե յուրե ՀԱՊԿ-ը հրաժարվում է արձանագրել իր պատասխանատվության գոտին ՀՀ-ում, ինչը կարող է նշանակել, որ մենք այդ պայմաններում ուղղակի լուռ մասնակցելով կարող ենք միանալ այն տրամաբանությանը, որը որևէ կերպ կասկածի տակ դնի ՀՀ տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Մենք մեզ նման բան թույլ տալ չենք կարող այն առումով նաև, որ մենք նաև այսպիսի որոշումներ ենք կայացնում, որպեսզի մեզ և ՀԱՊԿ-ին մտածելու ժամանակ տանք։
16:57 - 15 նոյեմբերի, 2023
Չգնալ ՀԱՊԿ-ի միջոցառումներին նշանակում է ևս մեկ վտանգի տակ դնել մեր տարածաշրջանը և ՀՀ-ի անվտանգությունը. Սեյրան Օհանյան |aysor.am|

Չգնալ ՀԱՊԿ-ի միջոցառումներին նշանակում է ևս մեկ վտանգի տակ դնել մեր տարածաշրջանը և ՀՀ-ի անվտանգությունը. Սեյրան Օհանյան |aysor.am|

aysor.am: Այս իշխանությունների համար գոնե արտաքին քաղաքականության ոլորտում խոսքը գործին չի համապատասխանում, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն՝ արձագանքելով ՀԱՊԿ նիստին Նիկոլ Փաշինյանի չմասնակցելու փաստին։ «ՀԱՊԿ-ն այն կազմակերպությունն է, որի ձևավորման ակունքներում կանգնած է նաև ՀՀ-ն։ Պարզ է, որ հարաբերությունների մեջ կան խնդիրներ, պարզ է, որ այնքան էլ դյուրին չի եղել այն ամբողջ ճանապարհը, որ ձևավորել է ՀԱՊԿ-ը, բայց ստեղծվել է պայմանագրաիրավագրային մի ամբողջ փաթեթ, և մանավանդ ռազմական բաղադրիչի մեջ ՀՀ-ն մեծ ներգրավվածություն է ունեցել։ Այս պարագայում, երբ Հայաստանն ու Արցախը գտնվում են բարդ ռազմաքաղաքական իրավիճակում, և սպառնալիքները խորանում են, չգնալ ՀԱՊԿ-ի միջոցառումներին, նշանակում է ևս մեկ վտանգի տակ դնել մեր տարածաշրջանը և ՀՀ-ի անվտանգությունը», - ասաց Սեյրան Օհանյանը։ Նա նշեց, թե ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների վատթարացումը շատ դեպքերում կախված է եղել նաև Հայաստանի իշխանություններից։ «Բոլոր այն կառույցներում, որտեղ ՀՀ-ն մասնակցություն ունի, պետք է գնալ և մասնակցել։ Եվ եթե խնդիրներ կան դաշինքի անդամների կամ հարևանների հետ, ապա այդ հարցերը պետք է բարձրաձայնել այն հարթակներում, որտեղ միջոցառումներ են իրականացվում», - նշեց Օհանյանը։ Հիշեցնենք՝ վարչապետ Փաշինյանը Բելառուսի նախագահին տեղեկացրել է, որ չի կարողանա մասնակցել նիստին և հույս է հայտնել, որ ՀԱՊԿ գործընկերներն ըմբռնումով կվերաբերվեն այդ որոշմանը:
12:26 - 15 նոյեմբերի, 2023
Լուկաշենկոն Փաշինյանին առաջարկել է հապճեպ որոշումներ չկայացնել |news.am|

Լուկաշենկոն Փաշինյանին առաջարկել է հապճեպ որոշումներ չկայացնել |news.am|

news.am: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հանգիստ է արձագանքել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ նոյեմբերի 23-ին Մինսկում կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին մասնակցելու մերժմանը։ Այս մասին լրագրողներին հայտնել է Բելառուսի պետության ղեկավարի մամուլի քարտուղար Նատալյա Էյսմոնտը, փոխանցում է БЕЛТА-ն։ Նոյեմբերի 14-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ալեքսանդր Լուկաշենկոյի և Նիկոլ Փաշինյանի միջև։ Կողմերը քննարկել են Կովկասում տիրող իրավիճակը, երկկողմ հարաբերությունները և ՀԱՊԿ առաջիկա գագաթնաժողովի օրակարգը։ Սա առաջին դեպքը չէ, երբ Հայաստանի ղեկավարը հրաժարվում է ինտեգրացիոն միջոցառումներին մասնակցելուց։ Այսպես, հոկտեմբերին նա բաց է թողել Բիշքեկում ԱՊՀ գագաթնաժողովը, նշում է բելառուսական լրատվամիջոցը։ «Նախագահը հասկանում է, որ դա ցանկացած պետության ղեկավարի գործն է։ Հրավերն ուղղված էր Հայաստանի վարչապետին այնպես, ինչպես նաև այլ պետությունների ղեկավարներին։ Ռուսաստանի նախագահին, օրինակ, նույնպես՝ վերջերս կայացած հեռախոսազրույցի ժամանակ։ Նա ընդունել է հրավերը»,- նշել է Նատալյա Էյսմոնտը։ «Նախագահը, ելնելով իր փորձից և նմանատիպ իրավիճակներում հայտնված մի քանի այլ հայտնի քաղաքական գործիչների գործողություններից, Հայաստանի վարչապետին առաջարկել է չշտապել, հապճեպ որոշումներ չկայացնել, այլ լրջորեն մտածել հաջորդ քայլերի մասին, որոնք կարող են ուղղված լինել դեզինտեգրացիային», - ավելացրել է նա:      
09:32 - 15 նոյեմբերի, 2023
Ինչու Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ նիստին. մեկնաբանում է ՀՀ Անվտանգության քարտուղարը |news.am|

Ինչու Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ նիստին. մեկնաբանում է ՀՀ Անվտանգության քարտուղարը |news.am|

news.am: ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային Հեռուտաընկերության եթերում մեկնաբանել է, թե ինչու Հայսատանը չի մասնակցում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին: «Հայաստանը 2020 թվականի պատերազմից հետո, երբ [ՀԱՊԿ-ում] ասում էին, որ Լեռնայի Ղարաբաղը ՀՀ սուվերեն տարածքի մաս չէ, մենք չենք կարող այդ հարցերով զբաղվել, բայց 2021թ․ մայիսից, երբ ադրբեջանական զորքերը ներխուժել են ՀՀ սուվերեն տարածք, մենք դիմել ենք ՀԱՊԿ-ին, և այդ պահից սկսած մինչև անցած տարի սեպտեմբերը, երբ որ Ադրբեջանը հարձակվել է Հայաստանի վրա և մենք ՀԱՊԿ-ից օգնություն ենք խնդրել, չենք ստացել անհրաժեշտ օգնությունը մեր սուվերեն տարածքը պաշտպանելու համար, և այդտեղից սկսած՝ մենք բազմաթիվ հարցեր ենք ունեցել ՀԱՊԿ-ին, մինչև այժմ մենք չունենք այդ հարցերի պատասխանը։ Եվ սա է նաև պատճառը, որ չենք մասնակցում»,- ասել է նա: Հարցին, թե նիտերին չմասնակցելով՝ մենք ստանո՞ւմ ենք այդ հարցերի պատասխանները, Գրիգորյանը պատասխանել է, որ նիստերին մասնակցելով՝ միանշանակ, չենք ունենում պատասխաններ։ ԱԽ քարտուղարը նիստերին չմասնակցելը դեմարշ չի կոչել, սակայն նորից է նշել, որ հարցեր կան, որոնց պատասխաններն ակնկալում են ստանալ: Նա նաև հավելել է, որ ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց օրակարգում չկա: «Մենք ակնկալում ենք ՀԱՊԿ-ի հետ կապված հարցերի պատասխաններին, որևէ խնդիր չեմ տեսնում, որ մենք չենք մասնակցում որևէ միջոցառման ՀԱՊԿ-ի շրջանակներում»,- ասել է նա:
23:21 - 14 նոյեմբերի, 2023
Կարելի է ափսոսանք հայտնել. Պեսկովը Փաշինյանի՝ ՀԱՊԿ գագաթնաժողովին չմասնակցելը
 |tert.am|

Կարելի է ափսոսանք հայտնել. Պեսկովը Փաշինյանի՝ ՀԱՊԿ գագաթնաժողովին չմասնակցելը |tert.am|

tert.am: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով ՀԱՊԿ գագաթնաժողովին մասնակցելու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարումը, ասաց, որ եթե այդպես է, ապա մնում է միայն ափսոսանք հայտնել, քանի որ նման հանդիպումները լավ առիթ են դիրքորոշումները հստակեցնելու համար։ Այս մասին փոխանցում է  «ՌԻԱ Նովոստին»: «Եթե դա իսկապես այդպես է, ապա մենք կարող ենք ափսոսանք հայտնել, հասկանում ենք, որ յուրաքանչյուր կառավարության ղեկավար կամ պետության ղեկավար կարող է ունենալ իր միջոցառումերը իր աշխատանքային գրաֆիկում, իր հանգամանքները, բայց մենք կարող ենք միայն ափսոսանք հայտնել, քանի որ նման հանդիպումները կարծիքներ փոխանակելու, դիրքորոշումներ հստակեցնելու շատ լավ առիթ են»,- լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես են Կրեմլում ընկալում Փաշինյանի որոշումը և ինչպես են գնահատում Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու հավանականությունը։ Հիշեցնենք, որ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ: Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի՝ նոյեմբերի 23-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայանալիք նիստի կազմակերպման հետ կապված հարցեր: Վարչապետ Փաշինյանը Բելառուսի նախագահին տեղեկացրել է, որ չի կարողանա մասնակցել նիստին և հույս հայտնել, որ ՀԱՊԿ գործընկերներն ըմբռնումով կվերաբերվեն այդ որոշմանը:
13:48 - 14 նոյեմբերի, 2023
ՀԱՊԿ-ի և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարները քննարկել են աշխատանքային շփումների ակտիվացման վերաբերյալ հարցեր |1lurer.am|

ՀԱՊԿ-ի և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարները քննարկել են աշխատանքային շփումների ակտիվացման վերաբերյալ հարցեր |1lurer.am|

1lurer.am: ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը տեսակապով զրուցել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ: «Պաշտոնյաները քննարկել են ՀԱՊԿ-ի քարտուղարության և ՄԱԿ-ի քարտուղարության միջև փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր, մասնավորապես՝ տարածաշրջանային կանխարգելիչ գործունեության հաշվին անվտանգության ռազմավարական ռիսկերի նվազեցման հետ կապված միջազգային քայլերի համաձայնեցվածության վերաբերյալ խնդիրներ»,- նշված է ՀԱՊԿ-ի հաղորդագրությունում: Անդրադարձ է եղել նաև ՄԱԿ-ի պրոֆիլային կառույցների հետ ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքային շփումների հետագա զարգացմանը՝ ահաբեկչության, թմրանյութերի տարածման, անդրսահմանային հանցավորության, անօրինական միգրացիայի հակազդման, ինչպես նաև խաղաղապահության ոլորտում փոխգործակցության հարցերով: Տասմագամբետովն ու Գուտերեշը պայմանավորվել են շարունակել փոխգործակցությունն ահաբեկչական գաղափարախոսության և քարոզչության տարածման դեմ պայքարի ու տեղեկատվական անվտանգության ոլորտում ջանքերի միավորման ուղղությամբ:
11:56 - 07 նոյեմբերի, 2023
Հայաստանի ապագան առանց ՀԱՊԿ-ի չեմ պատկերացնում. նախկին գլխավոր քարտուղար
 |armeniasputnik.am|

Հայաստանի ապագան առանց ՀԱՊԿ-ի չեմ պատկերացնում. նախկին գլխավոր քարտուղար |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան կարծում է, որ Հայաստանը դուրս չի կազմակերպությունից։ Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ–ը, նա այդ մասին ասել է բելառուսական СТВ հեռուստաալիքին տված հարցազրույցում «Մենք շատ լավ հարաբերություններ ունենք Հայաստանի բազմաթիվ քաղաքական ուժերի հետ։ Այդ պատճառով, իմ կարծիքով, սա ժամանակավոր երեւույթ է, բայց ամեն դեպքում Հայաստանը կլինի և՛ Ռուսաստանի, և՛ Բելառուսի, և՛ ՀԱՊԿ - ի հետ», - ասել է նա։ Բորդյուժան ընդգծել է, որ ինքն ընդհանրապես չի պատկերացնում Հայաստանի ապագան առանց ՀԱՊԿ-ի։ «Պարզապես չեմ պատկերացնում այդ ապագան, քանի որ Հայաստանը խիստ ինտեգրված է Ռուսաստանի հետ, և ոչ միայն տնտեսապես, չէ՞ որ Ռուսաստանում հսկայական թվով հայեր են ապրում՝ մի քանի միլիոն», - ասել է ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղարը: Հիշեցնենք սեպտեմբերի 24–ին ժողովրդին ուղղված իր ուղերձում ՀՀ վարչապետՆիկոլ Փաշինյանը հայտարարեց հանրապետության արտաքին և ներքին անվտանգության գործիքները փոխելու և լրացնելու անհրաժեշտության մասին։ Նա նշեց, որ Ադրբեջանի հարձակումները ՀՀ–ի վրա հանգեցնում են նրան, որ արտաքին անվտանգության համակարգերը, որում երկար տարիներ ներգրավված է եղել երկիրը, անարդյունավետ են պետական շահերի և անվտանգության համար։
10:13 - 30 հոկտեմբերի, 2023