Արթուր Դավթյան

ՀՀ  գլխավոր դատախազ, Իրավաբանական գիտությունների թեկնածու։

Ծնվել է 1978թ. դեկտեմբերի 8-ին։ 2000-2006թթ. դասախոսել է Երեւանի պետական համալսարանի քրեական դատավարության եւ կրիմինալիստիկայի ամբիոնում։

2006-2007թթ. նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության հետաքննության եւ նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ։ 2007-2008թթ.-ին ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ։ 2008-2012թթ. զբաղեցրել է ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալի պաշտոնը։

2012-2013թթ.-ին եղել է Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազ։ 2013-2016 թթ. զբաղեցրել է Երեւան քաղաքի դատախազի պաշտոնը։ 2016թ. հունիսի 22-ի ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ։ ՀՀ Ազգային ժողովի`15.09.2016 թվականի որոշմամբ նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազ։

Գրավադրված տրանսպորտային միջոցը երկրից դուրս հանելու համար կպահանջվի գրավատուի համաձայնությունը

 |armenpress.am|

Գրավադրված տրանսպորտային միջոցը երկրից դուրս հանելու համար կպահանջվի գրավատուի համաձայնությունը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները ներկայացրել են օրենքի նախագիծ, որով առաջարկում են սահմանել, որ գրավադրված տրանսպորտային միջոցով սահմանը հատելու համար պետք է լինի գրավատուի համաձայնությունը: Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին  օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց համահեղինակ Արթուր Դավթյանը: Դավթյանը ներկայացրեց նախաձեռնության նպատակը: «Օրենքով այսօր որևէ սահմանափակում դրված չէ, և մարդիկ կարողանում են գրավադրված շարժական գույքը  երկրից դուրս հանել, օտարել, իսկ այստեղ խնդիր է առաջանում դրանց վարկերի վերադարձելիության հետ կապված»,-ասաց Դավթյանը: Այսպիսով` նախագծով սահմանվել է, որ գրավատուն և գրավառուն կարող են շարժական գույքի գրավի պայմանագրով ամրագրել գրավատուի, կամ նրա լիազորված անձի կողմից գրավադրված տրանսպորտային միջոցով պետական սահմանը հատելու իրավունքը, կամ դրա սահմանափակումը: Պատգամավորը պարզաբանեց, որ այսինքն, շարժական գույքը ՀՀ սահմանն անցկացնելու համար պետք է լինի նրա համաձայնությունը, ում մոտ, որ գրավադրված է այդ շարժական գույքը:  «Այսպիսով, իրավունք կունենան սահմանը հատել համաձայնության առկայության պայմաններում»,-ասաց պատգամավորը:
17:54 - 16 ապրիլի, 2021
ՌԴ գլխավոր դատախազը Երևանից ուղևորվել է Բաքու |armtimes.com|

ՌԴ գլխավոր դատախազը Երևանից ուղևորվել է Բաքու |armtimes.com|

armtimes.com: Ռուսաստանի գլխավոր դատախազ ԻգորԿրասնովը Հայաստան կատարած իր մեկօրյա այցից հետո Երևանից ուղևորվել է Բաքու: Այս մասին հայտնում է ՌԴ գլխավոր դատախազությունը՝ մանրամասնելով, որ Բաքվում  նախատեսվում են հանդիպումներ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և երկրի գլխավոր դատախազ Քյամրամ Ալիևի հետ: Կրասնովն երեկ Երևանում հանդիպումներ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ: Հիշեցնենք, նա Հայաստան էր ժամանել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրավերով: Վարչապետի հետ հանդիպման ժամանակ ՌԴ գլխավոր դատախազը կարևորել է 2020 թվականի նոյմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետի լիարժեք իրագործման անհրաժեշտությունը, ըստ որի` պետք է տեղի ունենա ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց փոխանակում: Իգոր Կրասնովն ընդգծել է, որ այդ ուղղությամբ իր ջանքերը կրում են շարունակական բնույթ և կանի ամեն ինչ՝ խնդրի լուծման նպատակով:
09:49 - 09 ապրիլի, 2021
Գլխավոր դատախազը դատավոր Դավիթ Գրիգորյանի գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել |hetq.am|

Գլխավոր դատախազը դատավոր Դավիթ Գրիգորյանի գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել |hetq.am|

hetq.am: Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը բողոքարկել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի և նույն դատարանի նիստերի քարտուղար Գոռ Վարդանյանի գործով Վերաքննիչ դատարանի որոշումը, համաձայն որի՝ Գրիգորյանի և Վարդանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշումն անփոփոխ է թողնվել: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։ Դավիթ Գրիգորյանն այն դատավորն է, ում ի սկզբանե մակագրվել էր Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը։ Նա որոշել էր գործի վարույթը կասեցնել ու դիմել Սահմանադրական դատարան։ Բացի այդ, դատավոր Գրիգորյանը նաև որոշել էր անձնական երաշխավորությամբ ազատ արձակել Քոչարյանին։ Այս որոշումներից երկու ամիս անց Դավիթ Գրիգորյանին պաշտոնեական կեղծիք կատարելու մեղադրանք է առաջադրվել։ Պաշտոնեական կեղծիքն, ըստ վարույթն իրականացնող մարմնի, այն է, որ Դավիթ Գրիգորյանն իր վարույթում քննվող բողոքներից մեկով նիստ կայանալու մասին կեղծ արձանագրություն է կազմել։ Դատարանի նիստերի քարտուղար Գոռ Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական կեղծիք կատարելուն օժանդակելու հոդվածով։ Գրիգորյանի և Վարդանյանի վերաբերյալ գործը 2020 թվականի մայիսին մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, մակագրվել դատավոր Դավիթ Բալայանին, ով առանց դատաքննություն նշանակելու՝ գործի նախապատրաստման փուլում որոշում է կայացրել Դավիթ Գրիգորյանի և Գոռ Վարդանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և գործի վարույթը կարճելու վերաբերյալ։ Այս որոշումը դատախազությունը բողոքարկել է Վերաքննիչ դատարան, սակայն դատարանն անփոփոխ է թողել այն։ Գլխավոր դատախազը Վերաքննիչ դատարանի դատական այս ակտն է բողոքարկել:
14:28 - 05 ապրիլի, 2021
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործով ՀՀ գլխավոր դատախազը դիմել է Սահմանադրական դատարան

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործով ՀՀ գլխավոր դատախազը դիմել է Սահմանադրական դատարան

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Ռոբերտ Քոչարյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործով 01.04.2021 թ. դիմել է Սահմանադրական դատարան: Այս մասին հայտնում են Դատախազությունից։ Դիմումով վիճարկվում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին և 4-րդ  մասերի, 309․1-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև դրանց հետ համակարգային առումով փոխկապակցված` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 5-րդ մասի և 366-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթների՝ ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին, 75-րդ հոդվածին և 176-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետին համապատասխանությունն այնքանով, որքանով դրանք, անձին մեղսագրվող կոնկրետ արարքի իրավաբանական որակման առնչությամբ վարույթը բացառող հանգամանք ի հայտ գալուց անմիջապես հետո, դատախազի (մեղադրողի) համար առաջացնում են մեղադրանքից հրաժարվելու, իսկ դատարանի համար՝ քրեական հետապնդումը դադարեցնելու պարտականություն՝ հնարավորություն չտալով որևէ դատավարական գործողություն կատարել և ամբաստանյալին առաջադրված մեղադրանքը փոփոխել ու վերաորակել նրա արարքը այն դեպքում, երբ դրանում առկա են ՀՀ քրեական օրենսգրքով չթույլատրված այլ՝ այնպիսի արարքի հատկանիշներ, որի առնչությամբ վարույթը բացառող տվյալ հանգամանքն առկա չէ, և այդ կերպ չեն երաշխավորում տուժողի դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքները, չեն նախատեսում այդ հիմնական իրավունքների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր ու ընթացակարգեր և բովանդակազրկում են մեղադրանքի պաշտպանությունը՝ որպես նշված իրավունքների ապահովման կառուցակարգ՝ հանգեցնելով նրա դատավարական շահերի ոտնահարման: Մասնավորապես. ՀՀ քրեական օրենսգրքում նկարագրված բազմաթիվ հանցակազմեր ունեն ընդհանուրի և հատուկի, մասի և ամբողջի հարաբերակցություն։ Հատուկ հանցակազմերի առանձնահատկությունն այն է, որ դրանք իրենց մեջ պարունակում են ինչպես մեկ այլ` ընդհանուր հանցակազմի հատկանիշներն ամբողջությամբ, այնպես էլ հանցակազմի լրացուցիչ կամ տարբերվող հատկանիշ: Հատուկ հանցակազմը ընդհանուր հանցակազմի մասնավոր՝ քրեաիրավական որևէ հատկանիշով առանձնացված դրսևորումն է, և այդ դրսևորման առանձնահատկություններով պայմանավորված էլ նախատեսված է որպես առանձին հանցակազմ։ Ընդհանուր և հատուկ հանցակազմերի մրցակցության, այսինքն՝ այն դեպքում, երբ անձի արարքը համապատասխանում է ինչպես ընդհանուր, այնպես էլ դրա հատուկ դրսևորումը պարունակող հատուկ հանցակազմի հատկանիշներին, այն ենթակա է որակման հատուկ հանցակազմով, քանի որ ընդհանուր հանցակազմը կլանվում է վերջինիս  մեջ: Միևնույն ժամանակ, բոլոր այն դեպքերում, երբ ի հայտ է գալիս հատուկ հանցակազմը բացառող որևէ հանգամանք, որը վերաբերում է միայն դրան և կիրառելի չէ ընդհանուր հանցակազմը նախատեսող նորմի նկատմամբ, օրինակ՝ տվյալ հանցակազմը նախատեսող քրեաիրավական նորմն ուժը կորցրել է քրեական օրենսգրքից հանվելու կամ ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչվելու պատճառով, անձի արարքը պետք է որակվի ընդհանուր հանցակազմի շրջանակներում։ Քրեական հետապնդումը և քրեական վարույթը բացառող հանգամանքների վերաբերյալ իրավակարգավորումները, սակայն, այդ հանգամանքներն ի հայտ գալուց անմիջապես հետո առաջ բերելով համապատասխան դատավարական հետևանքներ առաջացնելու՝ համապատասխանաբար մեղադրողի կողմից մեղադրանքից հրաժարվելու, իսկ դատարանի կողմից՝ քրեական հետապնդումը դադարեցնելու կամ քրեական գործի վարույթը կարճելու պարտականություն, հնարավորություն չեն տալիս համապատասխան ու անհրաժեշտ դատավարական գործիքակազմի գործադրմամբ փոփոխել մեղադրանքը, կամ այդ ուղղությամբ կատարել որևէ դատավարական գործողություն՝ հանգեցնելով վիճակի, երբ ՀՀ քրեական օրենսգրքի նորմը, որով նախատեսված և որով որակված է անձի արարքը, այլևս չի գործում, այդ արարքը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի մեկ այլ նորմով նախատեսված ընդհանուր հանցակազմի հատկանիշներին, սակայն առնվազն այդ արարքի կապակցությամբ վարույթը չբացառելու դատավարական հնարավորություն առկա չէ։ Բանն այն է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309.1 հոդվածի իրավակարգավորումների և իրավամեկնաբանությունների համադրված վերլուծությունը վկայում է, որ մեղադրողի կողմից մեղադրանքի փոփոխության բոլոր ռեժիմների գործադրման հիմքը մեղադրանքի փաստական կողմը կազմող հանգամանքների, դրանց կապակցությամբ մեղադրողի հետևությունների փոփոխությունն է։ Իսկ արարքի իրավաբանական որակումն, արտահայտելով մեղադրանքի «փաստ-իրավունք» բաղադրիչների կապը, չի տեղավորվում «ապացույց-փաստ» կապի շրջանակներում, ուստի դրա փոփոխությունը չի կարող հանդիսանալ ապացույցների հետազոտման անմիջական արդյունք, ինչը նշանակում է, որ մեղադրանքի իրավական տարրը՝ իրավաբանական որակումը, ինքնուրույն՝ առանց փաստական հանգամանքների փոփոխության, երկրորդ ռեժիմի գործադրմամբ ևս փոփոխվել չի կարող: Մինչդեռ, ինչպես ակնհայտ է տուժողի իրավունքների վերաբերյալ միջազգային իրավական փաստաթղթերից և ՀՀ վճռաբեկ դատարանի իրավունքից, իրավունքների դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքները վերաբերում են նաև հանցագործությունից տուժած անձանց, և վերջիններս հավասարապես օգտվում են ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածներով սահմանված երաշխիքներից: Տուժողի` արդար դատաքննության իրավունքն իր մեջ ներառում է վերջինիս շահը, որ իրեն հասցված վնասը վերականգնվի, իրեն վնաս պատճառած արարքի հանգամանքները լրիվ բացահայտվեն ու դրանց տրվի ճիշտ քրեաիրավական որակում, իր նկատմամբ հանցանք կատարած անձը դատապարտվի և նրա նկատմամբ նշանակվի արդարացի պատիժ: Իսկ ՀՀ Սահմանադրության 75-րդ հոդվածը պահանջում է, որպեսզի հիմնական իրավունքները և ազատությունները, այդ թվում՝ իրավունքների դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքները կարգավորելիս օրենքները սահմանեն այդ իրավունքների և ազատությունների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր: Այնինչ, գործող իրավակարգավորումների պայմաններում հանցանք կատարած անձը կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից, իսկ տուժողը` զրկվել իր իրավունքների դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքից ու դրանում տեղավորվող իր դատավարական շահերի բավարարումից միայն այն պատճառով, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309.1-րդ հոդվածը չի նախատեսում միայն արարքի իրավաբանական որակումը մեղադրողի կողմից փոփոխելու հնարավորություն, իսկ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին, 4-րդ և 5-րդ մասերը և 366-րդ հոդվածի 2-րդ մասը պարտադրում են քրեական հետապնդում չիրականացնել, մեղադրանքից հրաժարվել և քրեական հետապնդումը դադարեցնել առանց որևէ վերապահման, առանց արարքում այլ հանցակազմի առկայության հնարավոր հանգամանքը գնահատելու հնարավորության, այն դեպքում, երբ թեև հանցագործությունը սահմանող քրեաիրավական նորմը վերացվել է, բայց անձի արարքը համապատասխանում է այլ հանցակազմի հատկանիշներին: Այսպիսի կարգավորումները, ակնհայտորեն, չարդարացված ձևականությամբ չերաշխավորելով տուժողի դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքները, չնախատեսելով այդ հիմնական իրավունքների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կառուցակարգեր և ընթացակարգեր, բովանդակազրկելով մեղադրանքի պաշտպանությունը որպես նման իրավիճակում նշված իրավունքների ապահովման կառուցակարգ և արդյունքում հանգեցնելով տուժողի դատավարական շահերի ոտնահարման,  հակասում են ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի և 63-րդ հոդվածի 1-ին մասի, 75-րդ հոդվածի և 176-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի պահանջներին: Վերոգրյալը վկայում է, որ բարձրացված հարցի կապակցությամբ Սահմանադրական դատարանի որոշումից հետո միայն հնարավոր կլինի դատավարական լեգիտիմ դիրքորոշում ձևավորել սույն քրեական գործով ամբաստանյալների քրեական հետապնդման հետագա ճակատագրի հարցում: 
13:13 - 02 ապրիլի, 2021
Արթուր Դավթյանը Սերգեյ Կոպիրկինի հետ քննարկել է հայ գերիներին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ գործադրվող ջանքերը

Արթուր Դավթյանը Սերգեյ Կոպիրկինի հետ քննարկել է հայ գերիներին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ գործադրվող ջանքերը

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։ «Հանդիպման ընթացքում քննարկվել են դաշնակից երկու երկրների միջև իրավական փոխօգնության, քրեաիրավական ոլորտում փոխհարաբերությունների զարգացման խորացմանը և փորձի փոխանակմանը միտված նախանշված համատեղ միջոցառումների իրականացմանը վերաբերող հարցեր, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ խնդիրներ: Անդրադարձ է կատարվել նաև Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց հայրենիք վերադարձման հնարավորություններին, այդ ուղղությամբ գործադրվող ջանքերին: ՀՀ գլխավոր դատախազը շնորհակալություն է հայտնել ռուսական կողմին, մասնավորապես նաև ՌԴ գլխավոր դատախազությանը այս ուղղությամբ իրականացվող ակտիվ քայլերի համար և նշել ամենօրյա շփումներով գործընթացի շարունակման մասին: Ինչպես տեղեկացվել էր ավելի վաղ,սույն թվականի հունվարին ՀՀ գլխավոր դատախազի՝ Մոսկվա կատարած աշխատանքային այցի ընթացքում Արթուր Դավթյանը ՌԴ իր գործընկերոջը՝ Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովին, հրավիրել էր Հայաստան: Հրավերն ընդունվել է, և ապրիլին նախատեսված է ՌԴ գլխավոր դատախազի գլխավորած պատվիրակության այցը մեր երկիր: Արթուր Դավթյանը և դեսպան Կոպիրկիննայս համատեքստում քննարկել են նաև վերոնշյալ այցի օրակարգին, կազմակերպչական խնդիրներին վերաբերող հարցեր»,- ասված է հաղորդագրության մեջ:
18:20 - 25 մարտի, 2021
Արթուր Դավթյանը խորհրդակցություն է անցկացրել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում

Արթուր Դավթյանը խորհրդակցություն է անցկացրել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում

ՀՀ գլխավոր դատախազն այցելել է ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությանը հատկացված նոր վարչական մասնաշենք, ծանոթացել աշխատանքային պայմաններին, ինչպես նաև աշխատանքային խորհրդակցություն անցկացրել ոլորտը համակարգող ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Սրբուհի Գալյանի, վարչության դատախազների և տնտեսագետների հետ: Այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացի շրջանակներում սկսված և լայն թափով իրականացվող ուսումնասիրությունների վարույթների ընթացքին, աշխատանքների կազմակերպմանը, առկա խնդիրներին և դրանց լուծման եղանակներին առնչվող հարցեր: Անդրադարձ է կատարվել, մասնավորապես, ուսումնասիրության առարկա հանդիսացող գույքերի արժեքների գնահատման, անձանց ֆինանսական հոսքերի և մեխանիզմների պարզման, վերլուծության ժամանակակից տեխնոլոգիական լուծումների կիրառման, վարչության աշխատանքների օպերատիվության, մասնագիտական ներուժի ավելացման նպատակով ներգրավված տնտեսագետների գործունեության արդյունավետության բարձրացման, ինչպես նաև ապօրինի ձեռք բերված գույքի բռնագանձման գործընթացի պատշաճ իրականացման համար առանցքային նշանակություն ունեցող՝ պատկան այլ մարմիններից պահանջվող անհրաժեշտ տեղեկատվության ստացման խնդիրներին:     ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նշել է, որ ՀՀ դատախազությունը, ի դեմս վարչության, ստանձնել է պետության և հասարակության համար առանցքային նշանակություն ունեցող և մեր երկրում նախադեպը չունեցող բնույթի և ծավալների՝ ապօրինի ծագում ունեցող գույքը, ակտիվները վերադարձնելու, իր իրական օրինական տիրոջը՝ պետությանը վերադարձնելու, այդպիսով սոցիալական արդարության վերականգնմանը նպաստելու հանձնառություն: Հետևաբար անհրաժեշտ է օրենքի պահանջներին համապատասխան, հարգելով մարդականց սեփականության իրավոււնքը, արդարացնել այդ ակնկալիքները: Չնայած վարչության հսկայական ծանրաբեռնվածությանը՝ ՀՀ գլխավոր դատախազը վարչության դատախազներին հանձնարարել է էլ ավելի մեծ հետևողականությամբ և ակտիվությամբ իրականացնել իրենց գործառույթները՝ բավարար ապացուցողական բազայի հիման վրա հնարավորինս շուտ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հացեր ունենալու և դատարան ուղարկելու համար:
15:53 - 19 փետրվարի, 2021
Արթուր Դավթյանը խնդիր է դրել առանձնահատուկ բծախնդրությամբ հետևել ձերբակալման հիմքերի ապահովմանը

Արթուր Դավթյանը խնդիր է դրել առանձնահատուկ բծախնդրությամբ հետևել ձերբակալման հիմքերի ապահովմանը

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը խնդիր է դրել առանձնահատուկ բծախնդրությամբ հետևել ձերբակալման հիմքերի ապահովմանը, ձերբակալության՝ այդ հիմքերի հստակ նկարագրմամբ և պատճառաբանված արձանագրությունների կազմմանը: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:  «Խնդրահարույց համարելով հատկապես վերջին շրջանում ձերբակալման որոշումների դեմ բերվող բողոքների քննության արդյունքում դատարանների կողմից դրանց բավարարման դեպքերի բարձր մակարդակը՝ Արթուր Դավթյանը խնդիր է դրել առանձնահատուկ բծախնդրությամբ հետևել ձերբակալման հիմքերի ապահովմանը, ձերբակալության՝ այդ հիմքերի հստակ նկարագրմամբ և պատճառաբանված արձանագրությունների կազմմանը, իսկ դատարանի կողմից նման բողոքների բավարարման յուրաքանչյուր դեպք դարձնել մանրամասն ուսումնասիրության առարկա: Եվ այն դեպքերում, երբ դատարանի տվյալ որոշումը կլինի հիմնավոր, ըստ Արթուր Դավթյանի, պետք է ընդհուպ դնել իրավունքի խախտում թույլ տվող պաշտոնատար անձանց համար պատասխանատվության հարցը, իսկ դատարանի կողմից ակնհայտ անհիմն, ապօրինի որոշումներ կայացնելու դեպքում ոչ միայն դրանք պարտադիր բողոքարել վերադասության կարգով, այլ նաև քննարկել նման որոշումներ կայացրած դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներ նախաձեռնելու անհրաժեշտությունը»,- գրել է Աբրահամյանը:
17:19 - 15 փետրվարի, 2021
Արթուր Դավթյանը կայազորների զինդատախազությունների հետ քննարկել է պատերազմին և դրա հետևանքներին հանգեցրած հանգամանքներին վերաբերող քրգործերով քննությունների ընթացքը

Արթուր Դավթյանը կայազորների զինդատախազությունների հետ քննարկել է պատերազմին և դրա հետևանքներին հանգեցրած հանգամանքներին վերաբերող քրգործերով քննությունների ընթացքը

Արցախ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթանը ՀՀ զինվորական դատախազ Վահե Հարությունյանի և կայազորի զինվորական դատախազությունների դատախազների մասնակցությամբ անցկացրել է խորհրդակցություն: Այս մասին տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազությունը: Քննարկվել են 2020թ.-ի ընթացքում կայազորների զինվորական դատախազությունների աշխատանքի արդյունքները, 2021թ.-ի գործունեության առաջնահերթությունները: Մանրամասն անդրադարձ է կատարվել կայազորների դատախազների դատավարական հսկողության և ղեկավարման ներքո գտնվող քրեական վարույթների ընթացքին, դրանց վրա պատերազմի և դրա հետևանքների թողած  ազդեցությանը, դրանց հաղթահարման միջոցներին: Համակողմանի քննարկման առարկա են դարձել հետպատերազմյան շրջանում զինված ուժերի վերափոխումների համատեքստում զինծառայողների իրավունքների պաշտպանության, զինված ուժերում հանցավորության վիճակի վերահսկելիության և այս համատեքստում զորամիավորումների ղեկավարության հետ գործակցության խնդիրները:     Արձանագրելով, որ 2020թ.-ը ծանրագույն տարի էր նաև Արցախում ծառայություն իրականացնող քրեական հետապնդման մարմինների և դատախազության ստորաբաժանումների համար՝ ՀՀ գլխավոր դատախազը շնորհակալություն է հայտնել պատերազմի ամբողջ ընթացքում իրենց կյանքը վտանգի ենթարկելով՝ ծառայողական պարտքը բարեխղճորեն և մեծ նվիրումով իրականացրած կայազորների դատախազության աշխատակիցներին: ՀՀ գլխավոր դատախազը հանձնարարել է առանձնահատուկ ուշադրություն դարձնել Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության դեմ սանձազերծած ագրեսիվ պատերազմին վերաբերող քրեական գործերով ողջամիտ ժամկետներում լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությունների իրականացմանը, հայ զինծառայողների և խաղաղ բնակչության նկատմամբ կատարված պատերազմական հանցագործությունների վերաբերյալ ապացույցների ամբողջականության և լիարժեքության ապահովմանը: ՀՀ գլխավոր դատախազը մանրամասն հետաքրքրվել է նաև պատերազմի նման ողբերգական ելքին հանգեցրած պայմանների, պատճառների վերաբերյալ քննվող քրեական գործերով և տվել է դրանցով վարվող քննությունների օպերատիվությանը, համակողմանիությանն ուղղված կոնկրետ հանձնարարություններ: Մասնավորապես,  Արթուր Դավթյանը խստիվ շեշտել է ռազմական գործողությունների մասնակիցների, զոհված, անհետ կորած կամ ռազմագերու կարգավիճակում Ադրբեջանի տիրապետության տակ գտնվող զինծառայողների հարազատների կողմից ներկայացված պատերազմական գործողությունների տարբեր դրվագները, տարբեր պատասխանատու պաշտոնատար անձանց գործողությունների իրավաչափության վերաբերյալ հաղորդումները, ինչպես նաև սոցիալական հարթակներով, զարգվածային լրատվամիջոցներով հրապարակված առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող բոլոր հանգամանքներն ինչպես առանձին-առանձին, այնպես էլ ընդհանրության մեջ մանրամասն քննության առարկա դարձնելու անհրաժեշտությունը: Նա հանձնարարել է նշված քրեական գործերի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողությունն իրականացնել ամենօրյա ռեժիմով և քննությունների արդյունավետությունն ապահովելու նպատակով կիրառել դատախազական ներգործության՝ օրենքով նախատեսված  հնարավոր բոլոր միջոցները, հատկապես՝ ցուցումներ, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու հանձնարարություններ տալու, հաղորդումներ ներկայացնելու, իրավասու մարմիններից վերաբերելի և անհրաժեշտ փաստաթղթերն ու տեղեկությունները պահանջելու և ստանալու ուղղությամբ: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են կայազորների գործունեությանն առնչվող նաև այլ հարցեր:
13:25 - 10 փետրվարի, 2021
ՀՀ դատախազությունը շարունակում է աջակցել Արցախի իրավապահ համակարգում նախատեսվող վերափոխումներին. Ա. Դավթյանը հանդիպել է Ա. Հարությունյանի հետ

ՀՀ դատախազությունը շարունակում է աջակցել Արցախի իրավապահ համակարգում նախատեսվող վերափոխումներին. Ա. Դավթյանը հանդիպել է Ա. Հարությունյանի հետ

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն աշխատանքային այցով գտնվում է Արցախում: Նրան ընդունել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը: Այս մասին տեղեկացնում է Գլխավոր դատախազությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են հետպատերազմյան շրջանում Արցախի Հանրապետությունում քաղաքացիների կյանքի, տեղաշարժի և կենսական այլ իրավունքների պաշտպանությանն ուղղված պետական ինստիտուտների գործունեության կազմակերպմանը, իրավակարգի և օրինականության ապահովման՝  իրավապահ մարմինների գործառույթների իրականացման բնականոնության ապահովմանը, ՊԲ զինծառայողների ծառայողական պարտականություններին և իրավունքներին առնչվող հարցեր: Քննարկվել է նաև ռազմական գործողությունների հետևանքով զոհված հայ զինծառայողների մարմինների, անհայտ կորած զինծառայողների և քաղաքացիական անձանց որոնողական աշխատանքների, Ադրբեջանի տիրապետության տակ գտնվող հայ ռազմագերիների և մնացած անձանց վերադարձման ուղղությամբ կատարվող գործընթացներում ՀՀ և ԱՀ իրավապահ մարմինների գործառույթները համակարգված իրականացնելու խնդիրները: Արթուր Դավթյանը նշել է, որ ՀՀ դատախազությունը բոլոր հնարավոր միջոցներով շարունակում է աջակցել Արցախի դատախազությանը՝ ներկայիս բարդ իրավիճակում հանցավորության դեմ պայքարում, քրեական վարույթների շրջանակներում իր դատավարական գործառույթների իրականացմանը, ինչպես նաև ԱՀ-ում քրեական արդարադատության և իրավապահ համակարգում նախատեսվող վերափոխումներին:   
11:22 - 09 փետրվարի, 2021
Գլխավոր դատախազը հանձնարարել է քայլեր ձեռնարկել Սյունիքի մարզում ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ

Գլխավոր դատախազը հանձնարարել է քայլեր ձեռնարկել Սյունիքի մարզում ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այցելել է Սյունիքի մարզ՝  ամփոփելու 2020 թ. ընթացքում մարզի դատախազության գործունեությունը և մարզի իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ քննարկելու արցախյան 44-օրյա պատերազմից հետո ստեղծված նոր իրողությունների պայմաններում մարզի բնակչության հիմնական իրավունքների պաշտպանության և անվտանգության ապահովման, հանցավորության դեմ պայքարի արդյունավետության բարձրացման հետ կապված ակտուալ խնդիրները: Մարզի դատախազությունում անցկացված խորհրդակցությանը, որին, բացի իրավապահ մյուս մարմինների մարզային ստորաբաժանումների ղեկավարներից, մասնակցել է նաև Սյունիքի մարզպետը, մանրամասն քննարկվել են մարզի տարածքում հանցավորության ընդհանուր միտումները, բնակչության իրավունքների պաշտպանության առումով ստեղծված նոր մարտահրավերները, հանցագործությունների կանխման, բացահայտման ուղղությամբ իրականացված աշխատանքը, ինչպես նաև քրեական վարույթներով դատախազական գործառույթների իրացման արդյունքները: 2020 թ. Սյունիքի մարզում արձանագրվել է հանցա­գործության դեպքերի նվազում 5%-ով՝ 744  դեպք՝ 2019 թ. 783 դեպքի դիմաց: Նվազել են հատկապես առանձնապես ծանր, ծանր և միջին ծանրության հանցա­գործու­թյունների դեպքերը: 2020 թ. արձանագրվել է սպանության 1 դեպք՝ նախորդ տարվա 4 դեպքի դիմաց, սպանության փորձի դեպքեր չեն արձանագրվել, 5 դեպքով ավելացել են դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքերը՝ 13-8: Մարզում 7 դեպքով նվազել են սեփականության դեմ ուղղված հանցագործության դեպքերը: Նախորդ տարվա համեմատ էապես՝ մոտ 38%-ով նվազել են հատկապես բնակարանային գողությունները՝ 19-31: Նման ցուցանիշը մեծապես պայմանավորված է կորոնավիրուսային համավարակի պատճառով հայտարարված արտակարգ դրության, ինչպես նաև 44-օրյա պատերազմով պայմանավորված՝ երկրում հայտարարված ռազմական դրության իրավական ռեժիմներով նախատեսված սահմանափակումներով, որոնց պայմաններում քաղաքացիներն ավելի քիչ են բացակայել իրենց բնակարաններից:      2020 թ. ընթացքում բացահայտվել է կոռուպցիոն հանցագործության 36 դեպք, ինչը 6-ով կամ 20%-ով ավելի է նախորդ տարվա համեմատ: Դրանով պայմանավորված՝ ավելացել է նաև հարուցված քրեական գործերի թիվը:  Սյունիքի մարզում գրանցվել է ճանապարհային երթևեկության և տրանսպոր­տային միջոցների շահագործման կանոնները խախտելու 55 դեպք, գրեթե նույնքան, որքան 2019 թ., սակայն մահվան ելքով պատահարներն ավելի են եղել 2-ով՝ 17-15: Նկատի ունենալով պատերազմի հետևանքները հատկապես Սյունիքի մարզի տարածքում ճանապարհային հաղորդակցության ոլորտում՝ ՀՀ գլխավոր դատախազը հատկապես շեշտել է մարզկենտրոնի և հանրապետության մյուս տարածքների հետ ՀՀ հարավային բնակավայրերի տրանսպորտային հաղորդակցության, բնակիչների երթևեկության անվտանգության ապահովման և հնարավոր պատահարները նվազագույնի հասցնելու ուղղության իրավապահ մարմինների ջանքերի բազմապատկման անհրաժեշտությունը՝  հատկապես ոստիկանության պարեկային ծառայությունների, ՃՈ-ի կողմից ճանապարհներին երթևեկության հսկողության ուժեղացման առումով:               Մարզի տարածքում 2020 թ. արձանագրվել է զենքի, ռազմամթերքի ապօրինի շրջանառության դեպքերի կտրուկ ավելացում 23-ով կամ գրեթե 4.5 անգամ. 2019 թ. 5 նման դեպքի դիմաց 2020-ին արձանագրվել է 28 դեպք: Նման պատկերը մեծապես պայմանավորված է այն հանգամանքով, որ Սյունիքի մարզը և հատկապես Գորիս քաղաքը պատերազմի ողջ ընթացքում հանդիսացել է Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության միջև հաղորդակցության, լոկացիոն հիմնական հանգուցային կետը: Պատերազմի ընթացքում և դրանից հետո Արցախից ապօրինի կերպով զենք-զինամթերքը դեպի ՀՀ տարածք տեղափոխելու բազմաթիվ դեպքերը բացահայտվել են հենց մարզի հիմնական մայրուղիներում տեղակայված հսկիչ կետերի կողմից իրականացվող ստուգումների արդյունքում: ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հանձնարարել է 2021 թ. ընթացքում ինչպես անհրաժեշտ բացատրական աշխատանքների, այնպես էլ օպերատիվ-հետախուզական գործիքակազմի կիրառմամաբ գործուն քայլեր ձեռնարկել մարզի տարածքում բնակչության մոտ հնարավոր կուտակված ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ՝ շեշտելով այս աշխատանքի կարևորությունը հատկապես հանրապետությունում ներքին անվտանգության ապահովման, հրազենի կամ այլ զինատեսակների կիրառմամբ հանցագործությունների կանխարգելման տեսանկյունից: Ընդհանուր առմամբ՝ գլխավոր դատախազը գոհունակություն է հայտնել 2020 թ.՝ հատկապես Սյունիքի մարզի համար ծանրագույն տարվա ընթացքում, արտակարգ դրության, ռազմական դրության պայմաններում, դեպի Արցախ և հակառակ ուղղությամբ տրանսպորտային, տեխնիկական միջոցների և մարդկանց աննախադեպ հոսքի պայմաններում մարզում օրինապահության, հասարակական կարգի ապահովման  ուղությամբ իրավապահ մարմինների մարզային կառույցների կատարած աշխատանքը: Արթուր Դավթյանը նշել է, որ 2021 թ. բացարձակ առաջնահերթություն է մարզի բնակչության բնական կենսագործունեության, հատկապես սահմանամերձ դարձած բնակավայրերի բնակչության անվտանգության ապահովումը, կյանքի, ազատ տեղաշարժի և կենցաղավարման հիմնարար իրավունքների երաշխավորումը՝ այդ նպատակով սերտորեն համագործակցելով ինչպես հանրապետական, այնպես էլ հատկապես համայնքային մարմինների և մարզում ծառայություն իրականացնող ՌԴ սահմանապահ ուժերի ստորաբաժանումների հետ:          Ելնելով առանձին հանցատեսակներով նախորդ տարվա ընթացքում արձանագրված միտումներից՝ ՀՀ գլխավոր դատախազը կոնկրետ հանձնարարություններ է տվել նաև քրեական վարույթներով իրականացվող նախնական քննության օրինականության նկատմամբ դատախազական հսկողության արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ:
13:24 - 08 փետրվարի, 2021
ՀՀ գլխավոր դատախազը Բելառուսի դեսպանի հետ քննարկել է իրավական փոխօգնության ոլորտի հարցեր

ՀՀ գլխավոր դատախազը Բելառուսի դեսպանի հետ քննարկել է իրավական փոխօգնության ոլորտի հարցեր

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դեկտեմբերի 28-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին: Ինչպես տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից, ողջունելով հյուրին՝ ՀՀ գլխավոր դատախազը նախ շնորհավորել է Ալեքսանդր Կոնյուկին մեր երկրում ստանձնած առաքելության կապակցությամբ և մաղթել արդյունավետ, երկու բարեկամ երկրների շահերին նպաստող բեղմնավոր գործունեություն: «Արթուր Դավթյանը վստահություն է հայտնել, որ իր նախկին՝ Բելառուսի Հանրապետության գլխավոր դատախազի պաշտոնում պարոն Կոնյուկի աշխատանքային փորձառությունը, այդ համատեքստում երկու երկրների դատախազությունների միջև ծավալված երկկողմ և բազմակողմ գործակցությունը, միջանձնային ջերմ և անմիջական հարաբերությունները լուրջ նախադրյալներ են ստեղծում երկու կառույցների միջև համագործակցությանը նոր որակ հաղորդելու համար՝ միտված այն առավել սերտ, թիրախային դարձնելուն: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Բելառուսի Հանրապետության նորանշանակ դեսպանն իր հերթին պատրաստակամություն է հայտնել արդեն իսկ առկա բազայի և իր համար տեսանելի ինստիտուցիոնալ կարիքների հիման վրա խթանելու իրավական ոլորտում երկու երկրների հարաբերությունների ընդլայնմանը, անդրազգային հանցագործությունների դեմ պայքարում երկու երկրների իրավապահ մարմինների ռեսուրսներն առավել նպատակային կիրառելուն ուղղված նախաձեռնությունները: Հանդիպման ընթացքում քննարկվել են իրավական փոխօգնության ոլորտում գործակցությանը, երկու երկրների դատախազությունների միջև փորձի փոխանակմանը, դրանից բխող համատեղ ծրագրերին, հնարավոր ուղղություններին և մեխանիզմներին վերաբերող, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր»,- նշված է հաղորդագրության մեջ:
20:53 - 28 դեկտեմբերի, 2020
Դատախազությունը կոռուպցիայի դեմ քրեաիրավական պայքարում իրեն տեսնում է լոկոմոտիվի դերում․ Արթուր Դավթյանի ուղերձը

Դատախազությունը կոռուպցիայի դեմ քրեաիրավական պայքարում իրեն տեսնում է լոկոմոտիվի դերում․ Արթուր Դավթյանի ուղերձը

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ուղերձ է հղել կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվա առթիվ։ Ուղերձը ներկայացնում ենք ստորև։ «Սիրելի՛ հայրենակիցներ Այսօր դեկտեմբերի 9-ն է՝ Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրը: Այս օրվա խորհուրդը կոռուպցիան իբրև հասարակությունների, պետությունների զարգացման մեծագույն խոչընդոտներից մեկն ընդունելու և այդ ընդհանուր չարիքի դեմ համակարգված և անզիջում պայքար մղելու անհրաժեշտության համընդհանուր ամրագրումն է: Իրավական, սոցիալական, ժողովրդավարական պետության կերտման  ճանապարհը ցանկացած դեպքում հարթվում է կոռուպցիայի դեմ իրական, ինստիտուցիոնալ պայքարի աներկբա կամքի արտահայտմամբ, կոռուպցիայի նկատմամբ հասարակության միարժեք անհանդուրժողականությամբ և այս հարցում պետության ու հանրության լիարժեք համագործակցությամբ: Հակակոռուպցիոն իրական ու հետևողական պայքարը, սակայն, որպես կանոն, բոլոր երկրներում իրականացվում է մեծ դժվարությամբ, որովհետև մշտապես բախվում են կոռուպցիան՝ իբրև կենսագործունեության և սեփական նյութական շահերի սպասարկման, մասնավոր բարեկեցության ապահովման միջոց, կառավարման և իշխանավարման գործիք դարձրած, կոռուպցիայի միջոցով պետության հարստությունն ու ռեսուրսները մսխող ու մսխած շրջանակների լրջագույն դիմադրությանը:   Երբեմն բարեփոխումների գործընթացը վիժեցնելու, այդ կերպ կոռուպցիայի միջոցով ձեռք բերած ապօրինի կարողությունները պաշտպանելու, անխուսափելի քրեական պատասխանատվությունից խուսափելու համար ներդրվում են բոլոր հնարավոր ռեսուրսները՝ սկսած ֆինանսականից և մարդկայինից, վերջացրած տեղեկատվական-մանիպուլյացիոնով՝ խնդիր ունենալով ցանկացած գնով արժեզրկել այդ գործընթացը, խեղաթյուրել դրա նշանակությունն ու նպատակները, հարուցել հանրության անվստահությունը պետության, մասնավորապես իրավապահ համակարգի և վերջինիս կողմից դրսևորվող՝ կոռուպցիան արմատախիլ անելու մտադրության և կամքի ազնվության, հաստատակամության հանդեպ: ՀՀ դատախազությունը կոռուպցիայի դեմ քրեաիրավական պայքարում իրեն տեսնում է լոկոմոտիվի դերում և հաստատակամ է հակակոռուպցիոն բարեփոխումների շրջանակներում իր վրա դրված առաքելության անվերապահ իրագործման հարցում: Այսօր մեր հանրապետությունում կատարվող վայրիվերումներն ու գործընթացները, մեր ժողովրդին պատուհասած աղետաբեր պատերազմն իր հետևանքներով ոչ միայն չեն հուսահատեցնելու մեզ այդ դիմադրությունը ջարդելու, կոռուպցիոն սխեմաներով գողացված ազգային կապիտալը վերադարձնելու և կոռուպցիայում թաթախված բոլոր հանցավոր տարրերին, անկախ նրանց պաշտոնավարման շրջանից, հասարակական կամ պաշտոնեական դիրքից, արդարադատության առջև կանգնեցնելու, քրեական պատասխանատվության ենթարկվելու հարցում, այլև մղելու  են ավելի վճռական լինել՝ առավել ուժեղ հակակոռուպցիոն պայքարը դիտարկելով որպես մեր պետականության ամրապնդման, երկրում սոցիալական արդարության վերականգնման, պետական ռեսուրսները կենսականորեն և անվտանգային առումով հրատապ և կարևոր ծրագրերի իրականացմանն ուղղորդելու հնարավորությունների ստեղծման միջոց: Այդ նպատակների համար Դատախազությունը գործադրելու է օրենքով իրեն վերապահված բոլոր լծակները:   Ուստի կոչ եմ անում մեր հայրենակիցներին հանուն մեր երազանքների հայրենիքի տեսլականի իրագործման, հանուն պետականատիրոջ մեր հպարտության վերահաստատման, այսօրվա խորհրդին համահունչ, առավել ակտիվ ներգրավվել կոռուպցիայի դեմ պայքարին, աջակցել կոռուպցիայի կանխարգելման և վերահսկողական ինստիտուցիոնալ մեխանիզմների ներդրման գործընթացին,  կոռուպցիոն հանցագործությունների բացահայտմանն ուղղված իրավապահ մարմինների ջանքերին»:       
14:48 - 09 դեկտեմբերի, 2020
Արթուր Դավթյանն ու Իրանի դեսպանը քննարկել են քրեական արդարադատության մասին հարցեր

Արթուր Դավթյանն ու Իրանի դեսպանը քննարկել են քրեական արդարադատության մասին հարցեր

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին։ Ողջունելով հյուրին՝ ՀՀ գլխավոր դատախազը նախ շնորհավորել է պարոն դեսպանին Հայաստանում ստանձնած բարձր և պատասխանատու առաքելության կապակցությամբ: Նա նշել է, որ ՀՀ-ի և ԻԻՀ-ի հարաբերությունները բոլոր՝ այդ թվում նաև իրավական գործակցության ոլորտում, գտնվում են բարձր մակարդակի վրա, ինչը հնարավորություն է տալիս երկու երկրների իրավապահ մարմինների միջև արդյունավետ և փոխադարձ վստահության հենքին սերտ շփումների ծավալմանը, առաջացող օպերատիվ խնդիրներին արագ և փոխշահավետ արձագանքմանը: ՀՀ գլխավոր դատախազն իր գոհունակությունն է հայտնել 2018թ. նոյեմբերին իր՝ ԻԻՀ կատարած այցի շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունների, այդ այցի ընթացքում ՀՀ և ԻԻՀ դատախազությունների միջև ստորագրված 2019-2020թթ. համագործակցության ծրագրով նախատեսված կոնկրետ միջոցառումների կատարման ընթացքի ու արդյունքների առթիվ և ափսոսանք հայտնել կորոնավիրուսային համավարակի տարածման պատճառով ԻԻՀ գլխավոր դատախազ Մոհամադ Ջաֆար Մոնթազերիի՝ այս տարվա գարնանը Հայաստան նախատեսված այցի անհնար դառնալու կապակցությամբ: Նա հույս է հայտնել, որ առաջիկայում, առաջին իսկ պատեհ հնարավորության  դեպքում այդ այցը կկազմակերպվի: Պարոն Աբբաս Բադախշան Զոհուրին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ հաստատելով դեսպանատան պատրաստակամությունը շարունակելու ՀՀ գլխավոր դատախազության հետ ձևավորված սերտ, անմիջական և խիստ արդյունավետ համագործակցությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են քրեական արդարադատության ոլորտում երկու երկրների միջև գործակցության զարգացմանը, միմյանց երկրներում ՀՀ և ԻԻՀ-ի քաղաքացիների, հատկապես՝ քրեական հետապնդման ենթարկվող անձանց, դատապարտյալների, մեղադրյալների քրեադատավարական, դատական իրավունքների պաշտպանությանը, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում երկու երկրների միջև առկա օրենսդրական իրավակարգավորումներից ածանցող խնդիրների լուծման նոր հնարավորություններին, ապօրինի միգրացիայի դեմ պայքարին առնչվող հարցեր: Պարոն դեսպանը շնորհակալություն է հայտնել ՀՀ իրավասու մարմինների կողմից ԻԻՀ քաղաքացիների նկատմամբ դրսևորվող վերաբերմունքի համար: Նա նաև վսհատություն է հայտնել, որ պատերազմական գործողությունների դադարից հետո իրավիճակի կայունացումը հնարավորություն կտա երկու երկրներին իրականացնելու նախատեսված համատեղ ծրագրերը՝ նշելով, որ Իրանը Հայաստանին մոտենում է որպես հին բարեկամի և «անվտանգ պատուհանի»: ՀՀ գլխավոր դատախազը նշել է, որ պատերազմի ընթացքում Հայաստանն զգացել է բարեկամ Իրանի հավասարակշռված և ՀՀ-ի նկատմամբ հարգալից վերաբերմունքը, ռազմական գործողությունների դադարեցման ուղղությամբ ներդրած ջանքերը՝ բարձր գնահատելով հատկապես տարածաշրջան միջազգային ահաբեկչության ներթափանցման դեմ ԻԻՀ-ի սկզբունքային դիրքորոշումը: Արթուր Դավթյանն այս կապակցությամբ հավելել է, որ պատերազմի ընթացքին զուգահեռ իր կողմից Իրանի իր գործընկերոջը տեղեկացվել է ռազմական գործողությունների գոտում միջազգային ահաբեկչական խմբավորումների ներկայացուցիչների առկայության մասին՝ տրամադրելով դրանք հաստատող ապացույցներ և փաստական տվյալներ: Եվ մտահոգություն հայտնելով ՀՀ-ի և ԻԻՀ-ի սահմանների հարևանությամբ միջազգային ահաբեկչության ռիսկերի մեծացման իրողությունների կապակցությամբ՝ Արթուր Դավթյանը կրկին պատրաստակամություն է հայտնել իրանական կողմի հետ ընդլայնելու և զարգացնելու ահաբեկության դեմ պայքարում երկկողմ համագործակցությունը:
18:29 - 01 դեկտեմբերի, 2020
Արթուր Դավթյանը Շանհայի համագործակցության կազմակերպության շրջանակում բարձրացրել է Ադրբեջանի կողմից միջազգային ահաբեկչությունը խաղաղ բնակչության դեմ օգտագործելու անթույլատրելիության խնդիրը

Արթուր Դավթյանը Շանհայի համագործակցության կազմակերպության շրջանակում բարձրացրել է Ադրբեջանի կողմից միջազգային ահաբեկչությունը խաղաղ բնակչության դեմ օգտագործելու անթույլատրելիության խնդիրը

Այսօր կայացել է Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ-պետությունների գլխավոր դատախազների հերթական տարեկան առցանց նիստը, որին մասնակցել է նաև ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից։ Նիստի օրակարգում քննարկված հարցերի շրջանակում Արթուր Դավթյանը մասնակից երկրների դատախազներին ներկայացնել է նաև Ադրբեջանի Հանարպետության կողմից Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ագրեսիվ պատերազմի ընթացքում ադրբեջանական զինված ուժերի կողմից կատարված խաղաղության և մարդկության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունները: Մասնավորապես, նա նշել է, որ հայ ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից ավելի քան երեք շաբաթ շարունակվող պատերազմական գործողությունների ընթացքում հրթիռահրետանային միջոցներից, այդ թվում նաև միջազգայնորեն արգելված զինատեսակներից, դիտավորյալ և նպատակաուղղված հարվածների թիրախներ է դարձվել նաև բնակավայրերն ու քաղաքացիական ենթակառուցվածքները, ինչի հետևանքով մահացել կամ վիրավորում են ստացել ռազմական գործողությունների հետ որևէ առնչություն չունեցող բազմաթիվ խաղաղ բնակիչներ, այդ թվում նաև մանկահասակ երեխաներ, ինչպես նաև միջազգային պաշտպանության ներքո գտնվող անձինք՝ լրագրողները:   ՀՀ գլխավոր դատախազն ընդգծել է նաև արդեն իսկ միջազգային հանրության կողմից փաստված՝ հակամարտության գոտի միջազգային ահաբեկչական խմբավորումների անդամների, վարձկանների տեղափոխման և Ադրբեջանի կողմից ռազմական գործողություններին և կատարված հանցագործություններին նրանց ներգրավելու իրողությունը: Նա շեշտել է, որ նման հանցավոր վարքագիծը լրջագույն սպառնալիք է ինչպես տարածաշրջանի, այնպես էլ միջազգային անվտանգության համար, քանի որ ահաբեկիչների կործանարար գործունեությունն արդեն իսկ դուրս է եկել հակամատրության գոտուց և ներթափանցում է տարածաշրջանի առանձին երկրներ՝ վերածվելով անկախ սահմաններից խաղաղ բնակչության անվտանգության համար իրական «դամոկլյան սրի»: Հղում կատարելով այն հանգամանքին, որ Շանհայան համագործակցության կազմակերպության հիմնական նպատակներից մեկը այդ մեծ տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և կայունության ապահովումն է, միջազգային ահաբեկչության համատեղ հակազդումը՝ Արթուր Դավթյանն անթույլատրելի է համարել ռազմական գործողություններին ահաբեկչական տարրի ներգրավումը, խաղաղ բնակիչների, զինծառայողների նկատմամբ ահաբեկիչ ծայրահեղականներին բնորոշ վայրագությունների իրականացումը: ՀՀ գլխավոր դատախազը հայտնել է ՀՀ դատախազության պատրաստակամությունը համագործակցելու կազմակերպության անդամ երկրների համապատասխան իրավապահ կառույցների հետ ոչ միայն տերածաշրջանային, այլ արդեն իսկ միջազգային հանրությանն սպառնացող ահաբեկչության դեմ ընդհանուր պայքար մղելու գործում:
14:35 - 25 հոկտեմբերի, 2020
Գլխավոր դատախազը գործընկերներին ներկայացրել է Արցախի պատերազմին ահաբեկիչների ներգրավման մասին տվյալները

Գլխավոր դատախազը գործընկերներին ներկայացրել է Արցախի պատերազմին ահաբեկիչների ներգրավման մասին տվյալները

 ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ի լրումն դեռևս հոկտեմբերի 7-ին  գրությունների, դիմել է ԱՊՀ անդամ պետությունների գլխավոր դատախազներին, ԻԻՀ գլխավոր դատախազին, Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի նախագահին և ԵԽ անդամ պետությունների դատախազությունների գործընկերներին՝ տեղեկացնելով 2020թ. սեպտեմբերի 27-ից Արցախի և Հայաստանի դեմ սանձազերծված ռազմական գործողությունների ընթացքում Ադրբեջանի զինված ուժերի կողմից կատարված մարդու հիմնարար, մարդասիրական իրավուքնների տոտալ և կոպտագույն խախտումների, խաղաղ բնակչությանն ու բնակավայրերն ընդհուպ միջազգային կոնվենցիաներով արգելված զինատեսակներով թիրախավորելու, բազմաթիվ մարդկանց տեղահանվելու, գերիներին, ռազմագերիներին, ինչպես նաև զոհված զինծառայողների մարմինները խոշտանգումների ենթարկելու փաստերի մասին: Ինչպես տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից, ՀՀ գլխավոր դատախազն իր խորը մտահոգությունն է արտահայտել Ադրբեջանի կողմից իրականացվող ագրեսիային Թուրքիայի ուղղակի ներգրավվածության, ինչպես նաև վերջինիս կողմից օտարերկրյա ահաբեկիչների հավաքագրման և ռազմական գործողություններին ադրբեջանական զինուժի կողմից նրանց ներգրավվածության կապակցությամբ, ինչը բացի հակամարտության խորացումից, նաև լրջագույն սպառնալիք է ստեղծում տարածաշրջանային և միջազգային անվտանգության համար: Նշելով, որ ՀՀ իրավասու մարմինների կողմից միջազգային ահաբեկչության փաստով հարուցվել է քրեական գործ՝ Արթուր Դավթյանը տեղեկացրել է, որ Թուրքիայի կողմից ահաբեկչական խմբավորումների վարձկանների՝ ռազմական գործողություններում ներգրավվածությունը հաստատվել է նշված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով ու փաստական տվյալներով՝ հավելելով, որ ըստ բաց աղբյուրներով ստացվող տեղեկատվության, հակամարտության գոտի ահաբեկչական նոր խմբավորումների տեղափոխման գործընթացը շարունակվում է: Արթուր Դավթյանն իր գործընկերների ուշադրությունը հրավիրել է այն հանգամանքի վրա, որ միջազգային հանրության, համապատասխան երկրների իրավասու մարմինների կողմից այս փաստերի նկատմամբ պահպանվող լռությունն ու անտարբերությունն Ադրբեոջանի և Թուրքիայի կողմից դիտվում են որպես միջազգային իրավունքի խախտմամբ սկսած ագրեսիան շարունակելու թույլտվություն: Վերջինս ոչ միայն հղի է սանձազերծված ագրեսիվ պատերազմի շարունակականությամբ, այլ նաև սպառնում է տարածաշրջանը միջազգային ահաբեկչության հիմնական օջախներից մեկի վերածվելու իրատեսական սպառնալիքով: Գրություններին կից ներկայացվել են ռազմական գործողություններում ահաբեկիչների ներգրավվածության մասին վկայող՝ ՀՀ իրավասու մարմինների տրամադրության տակ գտնվող տվյալները: Ելնելով վերոնշյալից` ՀՀ գլխավոր դատախազն առաջարկել է ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով խորացնել համագործակցությունը տարածաշրջանում միջազգային ահաբեկչության դեմ պայքարում՝ փոխանցելով դրան բոլոր հնարավոր միջոցներով օժանդակելու Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունը:
18:35 - 21 հոկտեմբերի, 2020