Ազգային ժողով

ՀՀ Սահմանադրության համաձայն Ազգային ժողովը ժողովրդի ներկայացուցչական մարմինն է: Այն իրականացնում է օրենսդիր իշխանությունը: Ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ, ընդունում է պետական բյուջեն եւ իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված այլ գործառույթներ: Ազգային ժողովի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ եւ այն գործում է իր կանոնակարգին համապատասխան: Խորհրդարանն ընտրվում է 5 տարի ժամկետով, կազմված է առնվազն 101 անդամից։

Այժմ գործում է 8-րդ գումարման ազգային ժողովը, որը բաղկացած է 106 պատգամավորից, որոնցից 71-ը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից, 28-ը՝ «Հայաստան» խմբակցությունից, 7-ը՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունից։ ԱԺ գործող նախագահը Ալեն Սիմոնյանն է։

Այսօր արդեն էմիրաթական ներդրումներն ավելի ու ավելի նկատելի են դառնում ՀՀ տնտեսության մեջ. ԱԺ փոխխոսնակը՝ Ալի Ալ-Նուայիմիին

Այսօր արդեն էմիրաթական ներդրումներն ավելի ու ավելի նկատելի են դառնում ՀՀ տնտեսության մեջ. ԱԺ փոխխոսնակը՝ Ալի Ալ-Նուայիմիին

Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակում ՀՀ ԱԺ պատվիրակությունը հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների Դաշնային ազգային խորհրդի պաշտպանության, ներքին գործերի և արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ և Միջխորհրդարանական միության փոխնախագահ դոկտոր Ալի Ալ-Նուայիմիի գլխավորած պատվիրակության հետ: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից: Հանդիպմանը կողմերը քննարկել են հայ-էմիրաթական առևտրատնտեսական համագործակցության կարևորությունը՝ գոհունակությամբ արձանագրելով վերջին տարիների ընթացքում երկու երկրների միջև ապրանքաշրջանառության աննախադեպ աճը: Հանդիպման ընթացքում Հակոբ Արշակյանը նշել է, որ ԱՄԷ-ն Հայաստանի առաջին առևտրային գործընկերն է Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանում, և այսօր արդեն էմիրաթական ներդրումներն ավելի ու ավելի նկատելի են դառնում Հայաստանի տնտեսության մեջ: «Հայ-էմիրաթական փոխգործակցության խոստումնալից ուղղություններ կարող են լինել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, առողջապահության, կրթության և գիտության, տուրիզմի ոլորտները, ինչպես նաև լոգիստիկ և փոխշահավետ ներդրումային նախագծերում համագործակցության հնարավորությունները»,- կարևորել է Հակոբ Արշակյանը: Ալի Ալ-Նուայիմին իր հերթին նշել է, որ հունվարին Հայաստան կատարած այցից հետո ԱՄԷ-ն հետաքրքրություն է հայտնել Ակադեմիական և Ինժեներական քաղաքների շրջանակներում համագործակցության ընդլայնման և փոխայցերի հնարավորության վերաբերյալ: ՀՀ և ԱՄԷ պատվիրակներն արձանագրել են՝ կգործադրեն հավելյալ ջանքեր, որ հայ-էմիրաթական համագործակցության հաջողության պատմությունները միայն ավելանան: Հայաստանյան պատվիրակությունն իր աջակցությունն է հայտնել ցանկացած նախաձեռնության, որը միտված կլինի հայ-էմիրաթական քաղաքական, տնտեսական և մշակութային հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը: ԱԺ պատվիրակության կազմում են պատգամավորներ Ծովինար Վարդանյանը և Հասմիկ Հակոբյանը:  
14:52 - 27 մարտի, 2024
Անդրանիկ Քոչարյանը դժգոհեց ՔԿԾ պետի նշանակումից՝ պնդելով, որ ՔԿՀ-ներում «ախպերությունը» շարունակում է մնալ արտոնյալ |aysor.am|

Անդրանիկ Քոչարյանը դժգոհեց ՔԿԾ պետի նշանակումից՝ պնդելով, որ ՔԿՀ-ներում «ախպերությունը» շարունակում է մնալ արտոնյալ |aysor.am|

aysor.am: Մարտի 1-ի էջը փակո՞ւմ ենք, թե՞ բաց է. ԱԺ պետաիրվական հանձնաժողովի նիստին դիմելով Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին՝ հարցրեց ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։ Ըստ նրա՝ բոլոր այն քննիչները, որոնք այդ գործերով ունեցել են մասնակցություն, նշանակվել են Քրեակատարողական հիմնարկների ղեկավարներ, այդ թվում՝ ՔԿԾ պետ Ամբակում Գրիգորյանը։ «Իրենք պետք է մանրամասն ուսումնասիրվեն նշանակումից առաջ։ Կներեք, դատախազական մոտեցումներով համակարգը չես կարող բերել այն վիճակին, ինչ կա։ Եթե ձեզ զեկուցել են՝ պետք է իմանաք, որ այնտեղ «ախպերությունը» շարունակում է մնալ արտոնյալ վիճակում, սկսած սենյակների կահավորանքից՝ բոլոր փաստերը փակ քննարկմանը դրվել են պարոն Գրիգորյանի և տեղակալի առջև։ Եթե նույն վիճակը շարունակվում է, ուրեմն՝ հեռու ենք ռեֆորմ բառից»,-ասաց նա։ Ըստ Քոչարյանի՝ այդ աշխարհն իր ուրույն տեղում հարմարվել է և պետությանը պարտադրում է իր հարմարվածությունը, մինչդեռ պետությունը չի կարող հարմարվել իրենց պայմաններին։ «Պետք է հասկանալ, թե ոնց են հայտնվում թմրամիջոցները ՔԿՀ-ներում, երբ կան սարքավորումներ, որ հնարավոր չլինեն ընդհանրապես անցնել, իրենք ասում են էտ ի՞նչ սարք է։ Ուզում եմ հարցնել այդ թեկնածությունը, որ ընտրեցիք, այլ թեկնածուներ քննարկե՞լ եք, թե՞ ոչ։ Արդյո՞ք Ամբակում Գրիգորյանի թեկնածությունից առաջ էլի են եղել թեկնածուներ»,-հարցրեց նա։ Մինասյանը նշեց, որ հարցը մի քանի շերտ ունի։ «Տոնոյանի հետ կապված առեղծվածային պատմությունն էր, որի արդյունքում ազատումներ եղան համակարգից, բոլոր մարդիկ, որ ներգրավված են եղել պրոցեսում, այսօր չեն աշխատում համակարգում»,-ասաց նախարարը։ՔԿԾ-ի ղեկավարի նշանակման մտահոգության հետ կապված ասաց, որ հնարավոր չէ գտնել զինվորական ծառայություն անցած մեկին, այսինքն՝ «պագոնավոր» մարդ, որը չի աշխատել  համակարգերում մինչև 2018թ.-ը։ «Այսինքն՝ անփորձ մարդ, նորավարտ ուսանող կարող ես գտնել, բայց եթե աշխատել է, ուրեմն՝ աշխատել է մինչև 2018-ը։ Կարող եմ վստահեցնել՝ անկաշառ, սկզբունքային պետական աշխատող է, և արձանագրենք՝ ոչ թե իմ ճաշակով կամ Ձեր, այլ աշխատանքով։ Կխնդրեմ՝ Ձեզ ուղղակի տանք ժամանակ, թև ու թիկունք կանգնենք բարդ գործում, որ իրար հետ կարողանանք վայելել արդյունքը»,-ասաց նախարարը։
12:53 - 26 մարտի, 2024
ԼՂ-ից տեղահանված 76,339 անձ ՀՀ-ում ստացել է ժամանակավոր պաշտպանության վկայական, քաղաքացիության համար դիմել է 1,437 անձ

ԼՂ-ից տեղահանված 76,339 անձ ՀՀ-ում ստացել է ժամանակավոր պաշտպանության վկայական, քաղաքացիության համար դիմել է 1,437 անձ

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 25-ի նիստում քննարկել է Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը: Փաստաթուղթն ընդունվել է ի գիտություն: Այս մասին հայտնում են ԱԺ-ից: Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը նախ ներկայացրել է նախարարության ձևավորման ուղղությամբ իրականացված աշխատանքները, կառուցվածքային վերափոխման գործընթացը: Ոստիկանությունը` որպես մասնագիտական կառույց, զարգանալու է 4 հենասյունային ուղղություններով` քրեական ոստիկանություն, պարեկային ծառայություն, ոստիկանության գվարդիա և համայնքային ոստիկանություն: Վերացվելու են ոստիկանության մարզային վարչությունները, Երևանում և մարզերում 4 հիմնական ուղղություններով ստորաբաժանումներն ունենալու են իրենց տարածքային ստորաբաժանումները: Վահե Ղազարյանի խոսքով՝ պարեկային ծառայությունը ներդրվել է հանրապետության ամբողջ տարածքում: Այն ունի լիովին նոր նյութատեխնիկական հագեցվածություն, այդ թվում` գործարանային վիճակում գտնվող 630 ավտոմեքենա: Նախարարը մանրամասն ներկայացրել է ծառայության իրականացման ընթացքը, ջրային պարեկների գործունեությունը: Հաշվետու ժամանակահատվածում Ազգային ժողովի կողմից ընդունվել են համայնքային ոստիկանության վերաիմաստավորման ու քրեական ոստիկանության վերափոխմանն ուղղված օրենսդրական փաթեթները: Բարձրաձայնվել է Քրեական ոստիկանության կադրային համալրման նպատակով հայտարարված մրցույթի գործընթացը: Խոսելով ոստիկանության գվարդիայի ձևավորման հայեցակարգից՝ Վահե Ղազարյանը նշել է, որ բացառվում է ոստիկանության գվարդիայի երկակի կարգավիճակը. այն լինելու է բացառապես ոստիկանական ծառայություն` դուրս բերելով այն զորքերի իրավական կարգավիճակից: Անդրադառնալով ոստիկանության համակարգում կատարված օրենսդրական բարեփոխումներին` նախարարն ընդգծել է, որ ոստիկաններին ատեստավորման միջոցով աշխատավարձից բացի հավելավճար ստանալու հնարավորություն է տրվել: Նրա խոսքով նախկինում 222,000 դրամ ստացող օպերատիվ աշխատակիցը, ատեստավորումը գերազանց հանձնելով, ստանում է 459,000 դրամ: Նշվել է, որ փրկարար ծառայության աշխատակիցները եւս օգտվում են ատեստավորման միջոցով վարձատրությունը բարձրացնելու հնարավորությունից: Նախարարի համոզմամբ՝ ոստիկանության համակարգի բարեփոխումների արդյունքում է աճել է համակարգի նկատմամբ հանրային վստահությունը: Ըստ նրա` այս մասին են վկայում նաև հասարակական կազմակերպությունների վերլուծությունները: Նշվել է, որ փրկարար ծառայությունը համալրվել է 8 ամենագնացներով, ձեռք է բերվել 2 անօդաչու թռչող սարք, հաստատվել են աղետների ռիսկերի կառավարման 2023-2030 թվականների ռազմավարությունը և 2023-2026 թվականների գործողությունների ծրագիրը: Մանրամասն ներկայացրել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության,  աղետների դիմակայության, միգրացիոն հոսքերի կառավարման և այլ ծրագրերի շրջանակում կատարված աշխատանքը: Վահե Ղազարյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հաշվառման գործընթացը: Ներկայումս ժամանակավոր պաշտպանության վկայական է ստացել 76,339 անձ, հաշվառվել 79,682-ը, իսկ քաղաքացիության համար դիմել է 1,437 անձ: Հարցուպատասխանի և ելույթների ընթացքում պատգամավորներն անդրադարձել են ճանապարհատրանսպորտային պատահարների կանխարգելման հարցում բարեփոխումներին, համապատասխան կառույցի կողմից ճանապարհային նշանների ճշգրիտ տեղադրմանը, որոշ վայրերում գծանշումների բացակայությանը, մայրուղիների լուսավորության ապահովմանը, ոստիկանության ուժերի կողմից երբեմն ուժի կիրառման անհամաչափությանը, թմրամիջոցների դեմ պայքարի շրջանակում պատժի խստացմանն ու պայքարի արդյունավետության մեխանիզմներին և այլ հարցերի: Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի գնահատմամբ հաշվետու տարում լայնածավալ բարեփոխումներ են իրականացվել: Նա բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության և ԱԱԾ ծառայողների երեկվա գործողությունները, որոնց արդյունքում կանխվեցին հետագա զարգացումները: Հիշեցնենք, որ երեկ նռնակներով զինված 3 անձ մոտեցել էին ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի հերթապահ մասի բաց պատուհանին, սպառնացել ձեռքի նռնակներով պայթեցնել հերթապահ մասը: Նախարարը պատգամավորներին մտահոգող մի շարք այլ հարցերի վերաբերյալ եւս տվել է պարզաբանումներ:
18:37 - 25 մարտի, 2024
ՀՀ ԱԺ նախագահը կառուցողական և գործընկերային հանդիպումներ է ունեցել Միջխորհրդարանական միության վեհաժողովի շրջանակում

ՀՀ ԱԺ նախագահը կառուցողական և գործընկերային հանդիպումներ է ունեցել Միջխորհրդարանական միության վեհաժողովի շրջանակում

Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Ժնեւում Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակում մի շարք հանդիպումներ է ունեցել տարբեր երկրների խորհրդարանականների հետ: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, հանդիպումների ընթացքում Ալեն Սիմոնյանը գործընկերներին է ներկայացրել Հարավային Կովկասում իրադրությունը՝ կարեւորելով տարածաշրջանում խաղաղության հաստատման հրամայականը եւ վերահաստատելով Հայաստանի Հանրապետության հավատարմությունը խաղաղության օրակարգին: Պաղեստինի Ազգային խորհրդի փոխնախագահ Մուսա Հադիդի հետ երկկողմ հանդիպմանը քննարկվել են Գազայի տարածքում տեղի ունեցող իրադարձությունները: Հայաստանի խորհրդարանի նախագահը համառոտ ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը խնդրի կարգավորման վերաբերյալ: «Միջազգային տարբեր հարթակներում մենք միշտ աջակցել ենք պաղեստինյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը՝ երկու պետությունների սկզբունքի հիման վրա»,- ասել է Ալեն Սիմոնյանը: Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակում ունեցած հանդիպումներն անցել են կառուցողական եւ գործընկերային մթնոլորտում:
17:19 - 25 մարտի, 2024
Պապիկյանն առաջարկեց հանձնաժողովի նիստն անցկացնել փակ ռեժիմով՝ գաղտնի տեղեկությունների առկայությամբ պայմանավորված

Պապիկյանն առաջարկեց հանձնաժողովի նիստն անցկացնել փակ ռեժիմով՝ գաղտնի տեղեկությունների առկայությամբ պայմանավորված

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մասնակցում է ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստին։ Օրակարգում ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023թ․ կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցն է։ Պաշտպանության նախարարը հակիրճ տեղեկություններ ներկայացրեց՝ նշելով, որ ՀՀ շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակով պայմանավորված՝ 2023թ․ բարդ տարի էր ՊՆ-ի և ողջ ԶՈՒ-ի համար։ «Տարվա ընթացքում զորքերը գտնվել են մարտական տարբեր պատրաստականության աստիճաններում, կառավարման մարմիններն աշխատել են ուժեղացված աշխատանքային ռեժիմով։ Մայիս և սեպտեմբեր ամիսներին, անվտանգային իրավիճակի սրման հետ կապված, ԶՈՒ-ն բերվել է պատրաստականության դարձյալ տարբեր աստիճանների։ Մարտական հերթապահությունը և դրան զուգահեռ մարտական պատրաստականության պայմաններում ծառայությունն իրականացվել է ԶՈՒ կարողությունների վերականգնման, վերակազմավորման և համալրման գործընթացներին զուգահեռ, ոնոց զգալի մասն իրականացվել է քաղված դասերի հաշվառմամբ և միջազգային չափորոշիչների կիրառմամբ»,- ասաց նա։ Ապա Սուրեն Պապիկյանն առաջարկվեց նիստն անցկացնել փակ ռեժիմով, քանի որ քննարկվելիք հարցերում առկա են գաղտնի և հույժ գաղտնի տեղեկություններ։
11:36 - 25 մարտի, 2024
Թագուհի Թովմասյանը գրություններ է ուղարկել գլխավոր դատախազին և ՆԳ նախարարին Նարեկ Սամսոնյանի ձերբակալման առիթով

Թագուհի Թովմասյանը գրություններ է ուղարկել գլխավոր դատախազին և ՆԳ նախարարին Նարեկ Սամսոնյանի ձերբակալման առիթով

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ լիազորությունները դադարեցված նախագահ, անկուսակցական պատգամավոր Թագուհի Թովմասյանը սոցցանցի իր էջում գրում է. «Գրություններ՝ ՀՀ գլխավոր դատախազին և Ներքին գործերի նախարարին՝ Նարեկ Սամսոնյանին ( Նարեկ Սամսոնյան / Narek Samsonyan)՝ բիրտ ուժի կիրառմամբ ձերբակալելու առիթով։ Ուսումնասիրելով մարտի 22-ին համացանցում հրապարակված՝ Ն. Սամսոնյանին անմարդկային ձևով ձերբակալության կադրերը, որտեղ, իմ տպավորությամբ, կան խոշտանգման, արժանապատվության նսեմացման և ակնհայտ անհամաչափ ուժի կիրառման դրվագներ՝ գրություններ եմ ուղարկել ուժային կառույցներին։ ՀՀ ներքին գործերի նախարարին ուղարկված գրությամբ պահանջել եմ պարզաբանել. ✔️ինչու՞ է անհրաժեշտություն առաջացել ուժի նման ցուցադրաբար կիրառմամբ ձերբակալել Ն. Սամսոնյանին: ✔️Ինչու՞ են ոստիկանները նրան ոչ միայն գետնին տապալում, երբ չի դիմադրում, այլեւ գլուխը սեղմում են ասֆալտին: Ոստիկանների ենթադրյալ ոչ իրավաչափ գործողությունների մասով ի՞նչ հանձնարարականներ են տրվել: Կա՞ն արդյոք պատժված ծառայողներ: ՀՀ գլխավոր դատախազին խնդրել եմ. ՀՀ ոստիկանության համազգեստով աշխատակիցների ու քաղաքացիական անձանց գործողություններին տալ քրեաիրավական գնահատական, Ուսումնասիրության ենթարկել Նարեկ Սամսոնյանի փաստաբանների հաղորդումները, ըստ որոնց՝ Ն. Սամսոնյանն իրավապահ մարմիններում զրկված է եղել փաստաբան ունենալու և իր պաշտպանությունն ապահովելու իրավունքից։ Հետևողական կլինեմ գործի ընթացքին և կտեղեկացնեմ հետագա զարգացումների մասին»։
10:54 - 25 մարտի, 2024
Մեր երկիրը ձգտում է վերականգնել տարածաշրջանային տարանցիկ ճանապարհներն ու ենթակառուցվածքները. Սիմոնյան

Մեր երկիրը ձգտում է վերականգնել տարածաշրջանային տարանցիկ ճանապարհներն ու ենթակառուցվածքները. Սիմոնյան

Ալեն Սիմոնյանը ելույթ է ունեցել Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովում։ ԱԺ մամուլի ծառայությիւնը ներկայացրել է Սիմոնյանի ելույթը.    «Միջխորհրդարանական միության տիկի՛ն նախագահ, Ձե՛րդ գերազանցություններ, Գործընկեր խորհրդարանականնե՛ր, Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, Նախքան ելույթս սկսելը ցանկանում եմ նշել, որ մենք խստորեն դատապարտում ենք Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչությունը, որը բազմաթիվ կյանքեր խլեց: Ցավակցում եմ զոհվածների հարազատներին, իսկ վիրավորներին մաղթում շուտափույթ ապաքինում: Ուրախ եմ ողջունել ձեզ Ժնեւում հինգ տարվա ընդմիջումից հետո եւ հուսով եմ, որ Միջխորհրդարանական միության վեհաժողովի շրջանակում քննարկված հարցերը կնպաստեն խաղաղությանը, անվտանգությանը եւ կայունությանը, որոնց ձգտում է կազմակերպությունը: Ցանկանում եմ նաեւ իմ շնորհավորանքներն ուղղել տիկին Տուլիա Էքսոնին՝ Միջխորհրդարանական միության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ եւ հաջողություններ մաղթել իր առաքելության մեջ: Խորհրդարանական դիվանագիտությունը միջազգային հարաբերություններում դարձել է ուժ: Այն պետությունների միջեւ ավելի ամուր հարաբերություններ է խթանում միջխորհրդարանական երկխոսության, մտքերի փոխանակման եւ համագործակցության միջոցով: Այդօրինակ ջանքերը նպաստում են երկրների միջեւ վստահության, փոխըմբռնման եւ համագործակցության ձեւավորմանը: Վերջերս շատ է խոսվում «փափուկ» ուժի մասին: Այդ կապակցությամբ ուզում եմ նշել, որ խորհրդարանական պատվիրակությունները եւ մտքերի փոխանակումը նպաստում են հանրային դիվանագիտության ջանքերին՝ ամրապնդելով երկրի «փափուկ» ուժը: Օտարերկրյա գործընկերների հետ համագործակցելով՝ խորհրդարանականները կարող են ձեւավորել հասարակական կարծիք արտերկրում, ստեղծել ցանցային համագործակցություն եւ արտերկրում իրենց երկրի համար դրական կերպար կերտել: Հայաստանի Ազգային ժողովը, իմ ղեկավարությամբ, կարեւորում է խորհրդարանական դիվանագիտությունը: Հայ պատգամավորները ներգրավված են տարբեր միջխորհրդարանական վեհաժողովներում, համագործակցում են իրենց գործընկերների հետ՝ ամուր կապեր ստեղծելու եւ փոխըմբռնումը խթանելու նպատակով: Մենք՝ պատգամավորներս, անում ենք հնարավորը՝ խաղաղ գործընթացին նպաստելու համար: Տարածաշրջանի անվտանգությունը եւ պաշտպանական կարողությունների զարգացումը Հայաստանի համար առաջնահերթություն են: Մեր երկիրը ձգտում է վերականգնել տարածաշրջանային տարանցիկ ճանապարհներն ու ենթակառուցվածքները: Հայաստանի կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, կարծում ենք, կաշխուժացնի տնտեսական կապերը տարածաշրջանում եւ դրական ազդեցություն կունենա անվտանգային ընդհանուր իրավիճակի վրա: Որպես խորհրդարանական դիվանագիտության վառ օրինակ՝ կցանկանայի նշել Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար պարոն Մարտին Չունգոնգի՝ վերջերս Հայաստան եւ Ադրբեջան կատարած այցերը, որոնց նպատակն էր հասկանալ իրավիճակը Հարավային Կովկասի տարածաշրջանում: Իր այցից հետո գլխավոր քարտուղարն առաջարկեց կազմակերպել եռակողմ հանդիպում իր, իմ եւ Ադրբեջանի խորհրդարանի նախագահի միջեւ: Հանդիպումը տեղի է ունեցել մարտի 22-ին այստեղ՝ Ժնեւում: Գործընկերնե՛ր, Հնարավոր է՝ տեղյակ չեք, որ 2024 թվականի սեպտեմբերի 12-14-ը Հայաստանի մայրաքաղաք Երեւանում տեղի կունենա Երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովը: Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ երիտասարդ պատգամավորներին հրավիրել մասնակցելու համաժողովին: Այն նրանց հնարավորություն կտա անձամբ ծանոթանալ եւ տեղեկանալ մեր գեղեցիկ երկրի մասին ու խորացնել իրենց միջեւ հաստատված կապերը՝ խորհրդարանական դիվանագիտության իրական ոգով: Շնորհակալություն»։  
09:49 - 25 մարտի, 2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Ժնեւում մասնակցել է Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի բացման արարողությանը

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Ժնեւում մասնակցել է Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի բացման արարողությանը

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Ժնեւում մասնակցել է Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի բացման արարողությանը:  Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունը։ Բացման խոսքով հանդես են եկել Միջխորհրդարանական միության նախագահ Տուլիա Էքսոնը, գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգը, Երիտասարդ խորհրդարանականների ֆորումի նախագահ Դեն Քարդենը: Վեհաժողովի հիմնական ուղղվածությունը «Խորհրդարանական դիվանագիտություն. կամուրջների ստեղծում հանուն խաղաղության եւ փոխըմբռնման» խորագրով քննարկումն է: Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը վեհաժողովի շրջանակում հանդես կգա ելույթով: Խորհրդարանի ղեկավարը կունենա նաեւ երկկողմ հանդիպումներ: Միջխորհրդարանական միությունում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամներ` Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, պատգամավորներ Հասմիկ Հակոբյանը, Ծովինար Վարդանյանը, Արսեն Թորոսյանը, Լեւոն Քոչարյանը եւ ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը կմասնակցեն վեհաժողովի շրջանակում անցկացվող նիստերին, քննարկումներին եւ աշխատաժողովներին:
18:33 - 24 մարտի, 2024
Ալեն Սիմոնյանն ու Սահիբա Գաֆարովան պայմանավորվել են դիտարկել միջխորհրդարանական մակարդակով երկխոսության հնարավորությունը

Ալեն Սիմոնյանն ու Սահիբա Գաֆարովան պայմանավորվել են դիտարկել միջխորհրդարանական մակարդակով երկխոսության հնարավորությունը

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 22-ին Ժնևում անցկացվող Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակում հանդիպել է Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից: Հանդիպումը կազմակերպվել է Միջխորհրդարանական միության նախաձեռնությամբ և միջնորդությամբ: Քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղ բանակցությունների գործընթացին երկու երկրների խորհրդարանների հնարավոր աջակցությունը: Կողմերը պայմանավորվել են դիտարկել միջխորհրդարանական մակարդակով երկխոսության հնարավորությունը: Հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում: Հանդիպման ավարտին երկու երկրների խորհրդարանների ղեկավարները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ:
22:35 - 22 մարտի, 2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Ժնեւում է

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Ժնեւում է

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 22-27-ն աշխատանքային այցով Ժնեւում է` մասնակցելու Միջխորհրդարանական միության (IPU) 148-րդ վեհաժողովին: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունը։ Պատվիրակության կազմում են Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Հասմիկ Հակոբյանը, Ծովինար Վարդանյանը եւ Արսեն Թորոսյանը, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լեւոն Քոչարյանը: Այցի շրջանակում նախատեսվում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ելույթը վեհաժողովում եւ մի շարք աշխատանքային հանդիպումներ: Ավելի վաղ ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանն «Արմենպրես»-ին հայտնել էր, որ Ժնևում Ալեն Սիմոնյանը կհանդիպի Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ։    
16:00 - 22 մարտի, 2024
Բանակը կարող է Նիկոլ Փաշինյանի անօրինական հրամաններից հետ կանգնել. Սեյրան Օհանյան
 |aravot.am|

Բանակը կարող է Նիկոլ Փաշինյանի անօրինական հրամաններից հետ կանգնել. Սեյրան Օհանյան |aravot.am|

aravot.am: Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի՝ Տավուշում արած հայտարարություններին։  «Առանց վերջնական համաձայնության ու փոխադարձության սկզբունքի պահպանման, հատվածական սահմանազատումն ու սահմանագծումն ամբողջությամբ բխում է Ադրբեջանի շահերից։ Երկրորդ, հատվածական սահմանազատումը հատկապես Տավուշի մարզից սկսելը հանգեցնելու է ՀՀ ամենանախապատրաստված առաջնագծի հնարավորությունների նվազեցմանը, ու այդ հատվածում հավելյալ խնդիրներ են ստեղծվելու սահմանամերձ բնակչության համար։ Եվ, իհարկե, ռազմավարական նշանակություն ունեցող այդ ճանապարհահատվածի նկատմամբ վերահսկողությունն Ադրբեջանի կողմից բազմապատկելու է ՀՀ անվտանգության սպառնալիքները։ Մտահոգության համար առաջին հերթին հիմք է հանդիսանում այն, որ սահմանազատման ու սահմանագծման գործընթացի իրականացման համար նախապայմաններ չկան, ու այդ ընթացակարգերը խախտվում են, որովհետեւ Ադրբեջանի հետ որեւիցե համաձայնագիր չկա։ Եվ այդ գործընթացի առաջին կետը սահմանազատումն է, դա նշանակում է աշխատել քարտեզների վրա։ Երեկ նույն Նիկոլ Փաշինյանն ասաց, որ որեւիցե քարտեզ չկա, դա նշանակում է, որ այդ սահմանազատումը չի իրականացվել։ Եվ այս ամենն իրականացրած այցելում է ՀՀ Տավուշի մարզ, ժողովրդի մոտ մտահոգություն ստեղծում եւ ասում, ու իրականում սահմանագծում ենք իրականացնելու։ Իսկ սահմանագծում նշանակում է տեղում արդեն իրականացնել գործընթաց, զորքերին կամ բնակչությանը հետ քաշել ու կահավորել այդ սահմանը»,- ասաց Օհանյանը։ Հարցին, թե իրատեսակա՞ն է համարում, որ բանակը կարող է չկատարել հրամանները, Սեյրան Օհանյանը պատասխանեց. «Ես ասացի, որ յուրաքանչյուր ոք՝ թե զինվորական, թե քաղաքացիական, հասկանում են, որ այս գործընթացն անօրինական է, ընթացակարգերի խախտումը հանցագործություն է։ Այդ գործընթացում ամենամեծ դերակատարությունը պետք է ունենա Ազգային ժողովը։ Եվ այդ հանցավոր գործընթացից հրաժարվելը յուրաքանչյուր մարդու իրավունքների մեջ է մնում, սրա մեջ կարող են լինել զինծառայողներ։ Թեեւ բանակը կարգապահ կառույց է եւ իրականացնում է մեր երկրի անվտանգությունը, ես ասում եմ՝ ոչ թե պաշտպանությունից հրաժարվել, այլ անօրինական տրվող հրամաններից հետ կանգնել»։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում  
14:03 - 21 մարտի, 2024