Ֆրանսիա

Ֆրանսիական Հանրապետություն, ունիտար կիսանախագահական հանրապետություն Արևմտյան Եվրոպայում՝ իր մի քանի անդրծովյան տարածքներով և կղզիներով, որոնք տեղակայված են Հնդկական, Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսներում։ Մայրցամաքային Ֆրանսիան ձգվում է Միջերկրական ծովից մինչև Անգլիական նեղուց և Հյուսիսային ծով, Հռենոսից մինչև Ատլանտյան օվկիանոս։ Տարածքը՝ 674,843 կմ², բնակչության թիվը 2020-ի տվյալներով ավելի քան 65 միլիոն է։

Ֆրանսիայի մայրաքաղաքը Փարիզն է, պետական լեզուն ֆրանսերենը։

Պուտինը Մակրոնին ասել է, որ պատրաստ է երկխոսել Կիևի հետ` Ռուսաստանի պահանջները կատարելու դեպքում

Պուտինը Մակրոնին ասել է, որ պատրաստ է երկխոսել Կիևի հետ` Ռուսաստանի պահանջները կատարելու դեպքում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այսօր կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Մոսկվայի և Կիևի միջև բանակցությունների ընթացքը։ Պուտինը պատրաստակամություն է հայտնել շարունակել երկխոսությունը Կիևի հետ, եթե վերջինս կատարի Ռուսաստանի պահանջները։ «Պատրաստակամություն է արտահայտվել շարունակելու երկխոսությունը ռուսական հայտնի պահանջների անվերապահ կատարման դեպքում», - հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը՝ նշելով, որ հեռախոսազրույցը կայացել է ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ։ Էմանուել Մակրոնն անհանգստություն է արտահայտել Ուկրաինայի տարածքում ատոմակայանների անվտանգության ապահովման վերաբերյալ։ Ի պատասխան՝ Վլադիմիր Պուտինը նշել է, որ օրերս Զապարոժիեի ատոմակայանում բռնկված հրդեհի համար պատասխանատվությունը «ռուս զինվորականների վրա գցելը ցինիկ քարոզչական արշավի տարր է»։ «Ռուսական զորքերն անվտանգության ծառայության ուկրաինական ստորաբաժանման և անձնակազմի հետ միասին շարունակում են ապահովել ատոմակայանի նորմալ գործունեությունը, ռադիոակտիվ ֆոնը նորմայի սահմաններում է։ Կայանի ֆիզիկական և միջուկային անվտանգությունը հուսալիորեն պաշտպանված է», - ասված է հաղորդագրությունում Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև հումանիտար հարցերին։ Պուտինը Կիևին մեղադրել է մարտական գործողությունների շրջանից խաղաղ բնակչության տարհանման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների չկատարման համար։ «Ֆրանսիայի նախագահին առաջարկվել է կրկին ակտիվորեն աշխատել Կիևի իշխանության հետ՝ միջազգային հումանիտար իրավունքի նորմերի պահպանման նպատակով», - ասված է Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրությունում։  
18:52 - 06 մարտի, 2022
Մակրոնը Փաշինյանին մարտի 9-ին հրավիրել է Փարիզ` մասնակցելու հայ-ֆրանսիական համագործակցության ֆորումին

Մակրոնը Փաշինյանին մարտի 9-ին հրավիրել է Փարիզ` մասնակցելու հայ-ֆրանսիական համագործակցության ֆորումին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մարտի 9-ին հրավիրել է Փարիզ` մասնակցելու հայ-ֆրանսիական համագործակցության ֆորումին: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության կողմից հրապարակված` Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի շնորհավորական ուղերձից, որը նվիրված է հայ-ֆրանսիական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին: Ֆրանսիայի նախագահը շնորհավորական ուղերձում ընդգծել է, որ դարեր շարունակ ֆրանսիացի և հայ ժողովուրդներին կապող սերտ բարեկամության շնորհիվ երկու երկրները վերջին երեք տասնամյակների ընթացքում կառուցել են ամուր, բազմազան և խոստումնալից գործընկերություն՝ հանուն ապագայի: «Ուրախ եմ, որ մեր քաղաքական, մշակութային և տնտեսական շփումները շարունակում են էլ ավելի ամրապնդվել՝ շնորհիվ տնտեսական համագործակցության ճանապարհային քարտեզի ընդունման, համաճարակային ճգնաժամի դեմ պայքարում Հայաստանին աջակցություն ցուցաբերելու նպատակով պատվաստանյութի չափաբաժինների տրամադրման, ինչպես նաև վերջերս Հայաստանում Ֆրանսիական ինստիտուտի ստեղծման: Այս օրը նշելու և մեր ընդհանուր հավակնությունն իրագործելու համար, ցանկացա մարտի 9-ին Փարիզում կազմակերպել հանդիպում ֆրանս-հայկական համագործակցության դերակատարների մասնակցությամբ։ Երկխոսության այս հարթակը, որի նպատակը հաստատակամորեն դեպի ապագա ուղղորդելն է, կմիավորի ֆրանսիացի և հայ բարձրաստիճան պաշտոնյաների, տեղական ինքնակառավարման մարմինների, ձեռնարկությունների, ասոցիացիաների, ինչպես նաև բազմաթիվ անհատների ամենատարբեր բնագավառներից: Այն հնարավորություն կընձեռի բոլոր նրանց, ովքեր կյանքի են կոչում մեր մշակութային, գիտական և տնտեսական հարաբերությունները, նախանշել երկարաժամկետ կառուցվածքային նախագծեր՝ նպաստելու Հայաստանի կայուն զարգացմանն ու բարգավաճմանը՝ շեշտը հատուկ դնելով Ձեր երկրի երիտասարդության վրա։ Ուրախ կլինեմ այս առիթով ընդունել Ձեզ Փարիզում՝ նշելու մեր երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը»,- նշված է հաղորդագրության մեջ: Ֆրանսիայի նախագահը նշել է, որ Հայաստանը կարող է ապավինել Ֆրանսիայի վճռական մոբիլիզացմանը, ինչպես երկկողմ, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում` հասնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական կարգավորման նպատակով դեէսկալացիոն միջոցառումների ընդունմանը և իրականացմանը։ «Հավատացած եղեք, որ Ֆրանսիան լիովին հանձնառու կլինի առաջիկա տարիներին մեր գործընկերության ամրապնդմանը` դիմագրավելու ժամանակակից աշխարհի բազմաթիվ մարտահրավերներին: Հաճեցեք ընդունել, պարոն Վարչապետ, հարգանացս հավաստիքը»,- ընդգծել է Մակրոնը:
20:45 - 03 մարտի, 2022
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ու քարտուղար Արթուր Հովհաննիսյանը Ազգային ժողովում մարտի 3-ին ընդունել են Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին։ Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է Հայկ Կոնջորյանը: «Դեսպանին ներկայացրել ենք Հայաստանում ժողովրդավարական առաջընթացի ուղղությամբ մեր կողմից տարվող աշխատանքները և մեծապես կարևորել Ֆրանսիայի աջակցությունն այդ ուղղությամբ։ Կարևորել ենք Հայաստանի և Ֆրանսիայի միջև միջխորհրդարանական կապերի զարգացումը բարեկամական խմբերի և միջխորհրդարանական պատվիրակությունների մակարդակում։ Պայմանավորվածություն ենք ձեռք բերել շարունակելու ակտիվ համագործակցությունը միջխորհրդարանական համագործակցության ամենատարբեր բնագավառներում»,- նշված է գրառման մեջ:
17:30 - 03 մարտի, 2022
Ալիևն ու Մակրոնը քննարկել են ուկրաինական ճգնաժամը |azatutyun.am|

Ալիևն ու Մակրոնը քննարկել են ուկրաինական ճգնաժամը |azatutyun.am|

azatutyun.am: Հեռախոսազրույց են ունեցել Ֆրանսիայի և Ադրբեջանի նախագահները։ «Զրույցի ընթացքում նախագահները քննարկել են ճգնաժամային իրավիճակը Ուկրաինայում և Ուկրաինային մարդասիրական օգնության տրամադրումը», - հաղորդում է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի մամլո ծառայությունը։ Աղբյուրի համաձայն՝ Իլհամ Ալիևն ու Էմանյուել Մակրոնը մտքեր են փոխանակել նաև էներգետիկ հարցերի շուրջ։ Ադրբեջանի նախագահականը նշում է, որ հեռախոսազրույցը կայացել է Ֆրանսիայի նախագահի նախաձեռնությամբ։ Նույն օրը Ելիսեյան պալատի ղեկավարը հեռախոսազրույց է ունեցել նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Հայկական կողմի փոխանցմամբ՝ Մակրոնն ու Փաշինյանն անդրադարձել են Հայ-ֆրանսիական համագործակցության համաժողովի անցկացմանն ու առաջիկայում կայանալիք իրենց հանդիպմանն առնչվող օրակարգային հարցերի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակին, Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգության ու կայունության ամրապնդմանը, մտքեր են փոխանակել միջազգային ասպարեզում տեղի ունեցող գործընթացների շուրջ:
15:13 - 02 մարտի, 2022
Լա-Մանշում ռուսական բեռնատար նավ է կալանվել

Լա-Մանշում ռուսական բեռնատար նավ է կալանվել

Ֆրանսիայում Ռուսաստանի դեսպանատունը հաստատել է ռուսական Baltic Leader բեռնատար նավի կալանումը Լա Մանշում և սպասում է պարզաբանման այս միջադեպի առնչությամբ ֆրանսիական կողմից։ Այս մասին ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել են ՌԴ դիվանագիտական ​​ներկայացուցչության մամուլի ծառայությունում։  Նավը, որը հայտնվել է ԱՄՆ պատժամիջոցների տակ, ուղարկվել է Բուլոն-սյուր-Մեր կոմունայի նավահանգիստ, հաղորդում է AFP լրատվական գործակալությունը։ «Դեսպանատունը շտապ ահազանգ է ստացել ռուսական բեռնատար նավի նավապետից․ նա հայտնել է Լա Մանշում ֆրանսիական իշխանությունների կողմից նավի կալանման մասին: Դեսպանատան հյուպատոսական վարչությունն անմիջապես կապ է հաստատել Ֆրանսիայի իշխանությունների հետ՝ պարզաբանումներ ստանալու համար։ Արդյունքների մասին կտեղեկացվի ավելի ուշ»,- ասել է Փարիզում ՌԴ դեսպանատան մամուլի ծառայության ղեկավար Ալեքսանդր Մակոգոնովը: AFP գործակալությունը, հղում անելով Լա Մանշի և Հյուսիսային ծովի ծովային պրեֆեկտուրային, հայտնել է, որ նավը տեղափոխում էր նոր մեքենաներ։ Պրեֆեկտուրան պարզաբանել է, որ այս քայլը կարող է պայմանավորված լինել այն հանգամանքով, որ նավը «կարող է կապված լինել ռուսական շահերի հետ, որոնք ենթակա են պատժամիջոցների»։ Պրեֆեկտուրայում նաև ասացին, որ նման միջոց հազվադեպ է կիրառվում։ Նավը պատկանում է Պրոմսվյազբանկի դուստր ձեռնարկությանը, որը ենթարկվել է ԱՄՆ պատժամիջոցներին, և ապրիլի 12-ից նրա նկատմամբ պետք է սահմանափակումներ մտցվեն նաև ԵՄ-ից։
15:48 - 26 փետրվարի, 2022
Քննարկվել են ԲՏԱ նախարարության, Ֆրանսիական համալսարանի և Ֆրանսիայի Թուլուզ III համալսարանի միջև համագործակցության հեռանկարները

Քննարկվել են ԲՏԱ նախարարության, Ֆրանսիական համալսարանի և Ֆրանսիայի Թուլուզ III համալսարանի միջև համագործակցության հեռանկարները

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը փետրվարի 24-ին հանդիպում է ունեցել Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Բերտրան Վենարի, Թուլուզ III համալսարանի նախագահ Ժան Մարկ Բրոտոյի, ինչպես նաև Հայ-ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատի ադմինիստրատոր, նախարարին կից խորհրդակցական մարմնի անդամ Միշել Դավուդյանի հետ:      Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել «Ինժեներական քաղաք» նախագծին, ՀՀ ԲՏԱ նախարարության, Հայաստանում ֆրանսիական համալսարանի և Ֆրանսիայի Թուլուզ III համալսարանի միջև առկա և զարգացման հեռանկարներ ունեցող համագործակցության հնարավորություններին:     Նախարար Խաչատուրյանն ընդգծել է «Ինժեներական քաղաք» ծրագրի իրագործման կարևորությունը, որում շահագրգռված են և՛ պետական գերատեսչությունները, և՛ մասնավոր ոլորտի ներկայացուցիչները: Քննարկվել է նաև «Ինժեներական քաղաք»-ում ֆրանսիական ընկերությունների տեղակայման հնարավորությունը: Նախարարը ֆրանսիական կողմին շնորհակալություն է հայտնել գերհամակարգչի նվիրատվության նախաձեռնության համար և նշել վերջինիս կարևորությունը ինչպես տեխնիկական կրթություն ստացող ուսանողների, այնպես էլ գիտական գործունեություն ծավալող ոլորտի ներկայացուցիչների համար:    Նախարարը հավելել է, որ ներկայումս Հայաստանում տիեզերական բնագավառի ծրագրերը նոր թափ են ստանում, և այս գերհամակարգչի գործածության համատեքստում հնարավոր կլինեն նաև այլ համագործակցություններ:  Թուլուզ III համալսարանի նախագահը խոսել է նաև կրթական ոլորտում համագործակցության մասին՝ մատնանշելով Գիտությունների ակադեմիայի հետ ստորագրված համաձայնագիրը, որը հնարավոր կդարձնի Թուլուզ III համալսարանի նույնատիպ մագիստրոսական ծրագրերում նաև հայ ուսանողների ներգրավումը:  
12:37 - 26 փետրվարի, 2022
Ֆրանսիան խոստացել է օգնել Զելենսկուն նրա անվտանգության սպառնալիքի դեպքում |armenpress.am|

Ֆրանսիան խոստացել է օգնել Զելենսկուն նրա անվտանգության սպառնալիքի դեպքում |armenpress.am|

armenpress.am: Ֆրանսիան կկարողանա օգնություն ցուցաբերել Վլադիմիր Զելենսկուն նրա անվտանգության սպառնալիքի դեպքում: Այդ մասին հայտարարել է երկրի ԱԳՆ-ի ղեկավար Ժան Իվ լե Դրիանը: «Զելենսկու անվտանգությունը… տեղի ունեցողի կենտրոնական էլեմենտն է, եւ մենք ի վիճակի ենք նրան օգնել անրաժեշտության դեպքում»,-ասել է լե Դրիանը՝ հանդես գալով France Inter ռադիոկայանի եթերում: «Մենք կձեռնարկենք միջոցներ, որոնք հարկավոր կլինի ձեռնարկել»,-ասել է նախարարը ի պատասխան այն հարցին, թե ենթադրում է արդյոք այդ օգնությունը Զելենսկու դուրսբերումն Ուկրաինայից: Ինչպես արդեն հաղորդվել է, փետրվարի 24-ի առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ որոշում է ընդունել Ուկրաինայի տարածքում երկրի ապառազմականացման նպատակով հատուկ ռազմական գործողություն անցկացնելու մասին: Ռուսաստանցիներին հղած հեռուստաուղերձում նա հայտարարել է, որ հանգամանքները «մեզանից պահանջում են վճռական եւ անհապաղ գործողություններ. Դոնբասի ժողովրդական հանրապետությունները Ռուսաստանին են դիմել օգնության խնդրանքով»: Ռուսաստանի ղեկավարի խոսքով՝ արյունահեղության ողջ պատասխանատվությունը դրվելու է Ուկրաինայում կառավարող ռեժիմի խղճի վրա: Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել՝ չկատարել Ուկրաինայի իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքը եւ տուն գնալ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
16:38 - 25 փետրվարի, 2022
Ֆրանսիան Ուկրաինային կտրամադրի ռազմական տեխնիկա, ինչպես նաև 300 միլիոն եվրո ֆինանսական օգնություն․ Մակրոն

Ֆրանսիան Ուկրաինային կտրամադրի ռազմական տեխնիկա, ինչպես նաև 300 միլիոն եվրո ֆինանսական օգնություն․ Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան Ուկրաինային կտրամադրի ռազմական տեխնիկա, ինչպես նաև 300 միլիոն եվրո ֆինանսական օգնություն։ Այս մասին հայտնում է «Ռիա նովոստի»-ն։ Մեկնաբանելով նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երեկ՝ փետրվարի 24-ի երեկոյան, տեղի ունեցած զրույցը՝ Մակրոնն ասել է, որ այն Ուկրաինայի նախագահ Զելենսկիի խնդրանքով է տեղի ունեցել, և եղել է արագ, անկեղծ և անմիջական։ «Նպատակն էր առաջին հերթին խնդրել շուտափույթ դադարեցնել ռազմական գործողությունները, և երկրորդ՝ առաջարկել զրուցել Զելենսկիի հետ, որը ցանկանում է, բայց անձամբ չի կարողացել կապ հաստատել նրա հետ։ Առայժմ դա արդյունք չի տվել»,- ասել է Մակրոնը։ Նա նաև ընդգծել է, որ Ֆրանսիան, բացի ԵՄ-ի պատժամիջոցների փաթեթից, սեփական պատժամիջոցները կսահմանի Ռուսաստանի դեմ։ Նրա խոսքով՝ դրանցից կտուժեն մի շարք ռուսներ, որոնց մասին կհայտարարվի ավելի ուշ։ Կրեմլից ավելի վաղ հայտնել էին, որ հեռախոսազրույցի ընթացքում Վլադիմիր Պուտինը սպառիչ բացատրություն է տվել հատուկ ռազմական գործողության անցկացման որոշման պատճառների ու հանգամանքների վերաբերյալ։ Փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է հատուկ ռազմական գործողություն իրականացնելու մտադրության մասին, որի նպատակն է պաշտպանել մարդկանց, «որոնք ութ տարի շարունակ Կիևի ռեժիմի կողմից ենթարկվել են բռնությունների ու ցեղասպանության»։ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Պուտինը պատերազմ է սանձազերծել Ուկրաինայի դեմ՝  հարձակվելով ուկրաինական խաղաղ քաղաքների վրա։ Ուկրաինայի օդային սահմանը փակվել է, այդ երկրում ռազմական դրություն է հայտարարվել։
11:02 - 25 փետրվարի, 2022