ՀՀ Գլխավոր դատախազություն

ՀՀ դատախազությունը միասնական, կենտրոնացված համակարգ է, որը ղեկավարում է գլխավոր դատախազը։ ՀՀ գլխավոր դատախազն է Արթուր Դավթյանը։

Դատախազությունը՝

  • օրենքով նախատեսված դեպքերում և կարգով հարուցում է քրեական հետապնդում,
  • հսկողություն է իրականացնում նախաքննության և հետաքննության օրինականության նկատմամբ,
  • դատարանում պաշտպանում է մեղադրանքը,
  • պետական շահերի պաշտպանության հայց է հարուցում դատարան,
  • բողոքարկում է դատարանների վճիռները, դատավճիռները և որոշումները,
  • հսկողություն է իրականացնում պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման նկատմամբ։
Բացահայտվել են «Տելեգրամ»-ով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող հանցավոր խմբեր, ձերբակալվել է 6 անձ. Դատախազություն

Բացահայտվել են «Տելեգրամ»-ով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող հանցավոր խմբեր, ձերբակալվել է 6 անձ. Դատախազություն

ՀՀ դատախազության համակարգման ներքո քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնող մարմինների ակտիվ ու արդյունավետ համագործակցության արդյունքում աննախադեպ արդյունքներ են արձանագրվել թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում: Այս մասին հայտնում է Դատախազությունը: ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ  քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում ձեռնարկված լայնածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում ձեռք բերված մեծ ծավալի էլեկտրոնային և այլ ապացույցների, օտարերկրյա պետությունների իրավասու մարմիններին ուղարկված իրավական օգնության միջնորդությունների կատարմամբ ստացված տեղեկատվության պատշաճ վերլուծության արդյունքում հնարավոր է եղել բացահայտել համացանցային հաղորդակցման հավելվածների, առավելապես՝ «Տելեգրամ» ալիքների միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող մի քանի կազմակերպված խմբերի: Նշված քրեական գործի նախաքննության ընթացքում ի թիվս այլ դատավարական գործողությունների` կատարվել են շուրջ 50 խուզարկություններ, համացանցային հասանելիության և բաժանորդային տվյալներ ստանալու 100-ից ավել միջնորդություններ են ներկայացվել դատարան, 10-ից ավել իրավական օգնության միջնորդություններ են ուղարկվել օտարերկրյա իրավասու մարմիններին, որոնցից մեկի հիման վրա քրեական գործ է հարուցվել նաև ՌԴ-ում: Կատարված նախաքննությամբ պարզվել է, որ Կոտայքի մարզի բնակիչը, 2017թ. մինչև 2021թ. օգոստոսի 30-ը հեռահաղորդակցության  «Տելեգրամ» հավելվածում ստեղծել ու կառավարել է 5 ալիք, որոնց միջոցով իր կողմից ստեղծված և ղեկավարվող կազմակերպված խմբի անդամների հետ, հիմնականում Երևան քաղաքի տարածքում իրացրել է առանձնապես խոշոր չափերով տարբեր տեսակի թմրամիջոցներ, որի արդյունքում միայն ՌԴ-ում գործող վճարահաշվարկային կազմակերպությունում բացված վերջինիս պատկանող 2 էլեկտրոնային դրամապանակներին ստացվել է 52.327.000 ՀՀ դրամին համարժեք գումար։ Ստացված հիշյալ ֆինանսական միջոցների հանցավոր ծագումը թաքցնելու, իրական բնույթը խեղաթյուրելու նպատակով դրանք հետագայում փոխանցվել են մեղադրյալի և նրա հետ փոխակապակցված անձանց կողմից ՀՀ-ում վճարահաշվարկային գործունեություն իրականացնող կազմակերպություններում բացված էլեկտրոնային դրամապանակներին կամ բանկային քարտերին, որից հետո տնօրինվել են հանցակիցների հայեցողությամբ։ Բացի այդ, նույն քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Երևան քաղաքի բնակիչը 2019թ.-ից համացանցային տարբեր հավելվածներով զբաղվել է «Շոկո» անվանմամբ «5F-MDMB-PICA» տեսակի թմրամիջոցի ապօրինի իրացմամբ, որի արդյունքում 2019 թվականի 3 ամսվա ընթացքում քննությանը հայտնի միայն ՌԴ-ում գործող վճարահաշվարկային կազմակերպությունում բացված  էլեկտրոնային դրամապանակին ստացել է 15.822.906 ՀՀ դրամին համարժեք գումար, որը ֆինանսկան միջոցների հանցավոր ծագումը թաքցնելու, իրական բնույթը խեղաթյուրելու նպատակով հետագայում փոխանցվել է մեղադրյալի և նրա հետ փոխկապակցված անձանց անուններով բացված ՀՀ-ում գործող վճարահաշվարկային կազմակերպությունների էլեկտրոնային դրամապանակներին, բանկային քարտերին և տնօրինվել նշված անձանց հայեցողությամբ: Կատարված նախաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել, որ մեղադրյալի և նրա հետ փոխկապակցված անձանց կողմից իրացման նպատակով թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար օգտագործված օտարերկրյա վճարահաշվարկային կազմակերպություններում բացված դրամապանակներից ՀՀ-ում նմանատիպ գործունեություն ծավալող կազմակերպությունների ավելի քան 3 տասնյակ  դրամապանակներին փոխանցվել է շուրջ 74.000.000 ՀՀ դրամ: Բացի այդ, 2022թ. հունվարի 20-ին հայտնաբերվել և ձերբակալվել է թմրամիջոցների ապօրինի իրացմամբ զբաղվող համացանցային «Տելեգրամ» հավելվածի ալիք ստեղծած և ղեկավարած մեկ այլ անձ, որից անմիջապես հետո միաժամանակյա խուզարկություններ են կատարվել վերջինիս բնակության վայրում, ամառանոցում և նրա կողմից շահագործվող գրասենյակում, որոնց արդյունքում հայտնաբերվել է առանձնապես խոշոր չափերով տարբեր տեսակի թմրամիջոցներ: Ձեռք բերված տվյալների համաձայն՝ իրացման նպատակով թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար օգտագործված ՌԴ-ում գործող դրամապանակից նշված անձի՝ ՀՀ-ում գործող էլեկտրոնային դրամապանակին 2020 թվականի հունվարից ապրիլ ընկած ժամանակահատվածում փոխանցվել է 5.302.222 ՀՀ դրամ։ Տվյալներ են ձեռք բերվել նաև, որ նույն դրամապանակին 2020-2021թթ. ընթացքում այլ օտարերկրյա դրամապանակներից ստացվել է ընդհանուր 73.447.078 ՀՀ դրամ գումար: Դրանից բացի, 2022թ. հունվարի 23-ին և 25-ին տարբեր վայրերից հայտնաբերվել և ձերբակալվել է 5 անձ: Կատարված  խուզարկություններով հայտնաբերվել, ինչպես նաև մեղադրյալների կողմից ներկայացվել է առանձնապես խոշոր չափերով տարբեր տեսակի թմրամիջոցներ: Նախաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել, որ նշված անձանց կողմից կառավարվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող տելեգրամյան ալիքների ցանց՝ բաղկացած ավելի քան 20 էջից: Նախաքննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2020թ. սկսած նշված անձինք իրացման նպատակով թմրամիջոցների ապօրինի շրջանառությունն իրականացրել են կրիպտոարժույթներով, քննությամբ մինչ օրս պարզվել է թմրամիջոցների ապօրինի իրացման նպատակով օգտագործված 1 «Դաշքոին» և 1 «Բիթքոին» հաշիվների տվյալներ, որոնց կատարված փոխանցումների ընդհանուր գումարը կազմում է ավելի քան 50.000.000 ՀՀ դրամ:  Նշված անձանցից 2-ի բնակարանների խուզարկությամբ հայտնաբերվել է շուրջ 70.000 ԱՄՆ դոլար: Նախաքննության ընթացքում վարույթն իրականացնող մարմնի կողմից զննության են ենթարկվել թմրամիջոցների ապօրինի իրացմամբ զբաղվող և գործով անցնող տելեգրամյան ալիքները, որոնցում առկա տվյալների համաձայն՝ նախաքննության ընթացքում հայտնաբերված թմրամիջոցների և հոգեմետ նյութերի արժեքը վաճառքի գներով կազմել է շուրջ 180.000.000 ՀՀ դրամ, իսկ թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ առնչություն ունեցող էլեկտրոնային դրամապանակներով և տարբեր հաշիվներով շրջանառվել է շուրջ 320.000.000 ՀՀ դրամ: Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության և հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելու համար 17 անձանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի և 190-րդ հոդվածի  տարբեր մասերով, որոնցից 13-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են քրեադատավարական և օպերատիվ-հետախուզական անհրաժեշտ միջոցառումներ, այդ թվում նաև Դատախազության կողմից համագործակցության վարույթի հնարավորությունների օգտագործմամբ, հանցավոր սխեմաներում ներգրավված բոլոր անձանց, օգտագործված վճարային գործիքները, հանցավոր գործունեությունից ստացված և օրինականացված գույքի ամբողջական չափերը պարզելու նպատակով։ Վերոնշյալ աննախադեպ արդյունքներն ապահովելու, համագործակցված աշխատանքի և ներդրած ջանքերի համար ՀՀ գլխավոր դատախազի հրամաններով ՀՀ Քննչական կոմիտեի և Ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների մի խումբ աշխատակիցներ արժանացել են խրախուսանքի:  
18:41 - 16 մարտի, 2022
Արթուր Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, երկրից դուրս գալու արգելքը՝ հանվել |hetq.am|

Արթուր Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, երկրից դուրս գալու արգելքը՝ հանվել |hetq.am|

hetq.am: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է, քրեական գործը կարճվել է: Այս մասին հայտնեց գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։ Հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ) քննվող քրեական գործի շրջանակներում Արթուր Ղազինյանին, ի թիվս այլ հանրային գործիչների, 2020 թվականի նոյեմբերին մեղադրանք էր առաջադրվել քրեական օրենսգրքի 225.1-րդ հոդվածի 1-ին մասով (օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքը դիտավորությամբ կազմակերպելու և անցկացնելու մեղադրանքով): Ղազինյանը մինչ ԱԺ պատգամավոր ընտրվելը քրգործում ներգրավված էր որպես մեղադրյալ, վերջինիս նկատմամբ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցն էր ընտրվել: Սա նշանակում է, որ պատգամավոր ընտրվելուց հետո վերջինս չէր կարող խորհրդարանի կողմից գործուղվել որևէ երկիր: Քրգործի կարճվելուց հետո Արթուր Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, հետևաբար հանվել է նաև երկրից դուրս գալու արգելքը: Շարունակությունը՝ hetq.am-ում
16:20 - 16 մարտի, 2022
Հակակոռուպցիոն կոմիտեի պատասխանը՝ Հովիկ Աբրահամյանի տան վաճառքի գործով դատախազության արձագանքին

Հակակոռուպցիոն կոմիտեի պատասխանը՝ Հովիկ Աբրահամյանի տան վաճառքի գործով դատախազության արձագանքին

ՀՀ հակակռուպցիոն կոմիտեն հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործով գույքի նկատմամբ սահմանափակումը վերացնելու կապակցությամբ նախօրեին հրապարակված` ՀՀ գլխավոր դատախազության արձագանքին անդրադառնալով՝ տեղեկացնում ենք, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն խնդրահարույց է համարում օրենքից չբխող առանձին դեպքերի հիման վրա «կայուն դատական պրակտիկա» ձևավորելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության մեր գործընկերների արտահայտած տեսակետը և, հավատարիմ մնալով միայն օրենքով գործելու և իրավական բանավեճերն արդյունավետ քննարկումների դաշտ տեղափոխելու իր ուղենիշներին, այսուհետ դադարեցնում է սույն հարցի քննարկումը հանրային տիրույթում: Միաժամանակ սպասում ենք գույքի օտարմանը նպաստած բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ դատախազության խոստացած հետևողականության դրսևորմանը, որի կապակցությամբ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է իր անվերապահ աջակցությունը»:
16:05 - 15 մարտի, 2022
Գլխավոր դատախազության պարզաբանումը՝  Հովիկ Աբրահամյանի առանձնատան վաճառքի և Հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդագրության վերաբերյալ

Գլխավոր դատախազության պարզաբանումը՝ Հովիկ Աբրահամյանի առանձնատան վաճառքի և Հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդագրության վերաբերյալ

Երեկ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը լրագրողների հարցին, թե հանրությունը տարակուսած է, թե ինչպես կարող է կալանքի տակ գտնվող առանձնատունը վաճառվել, Արթուր Դավթյանը ասել էր, թե Գլխավոր դատախազությունում նույնպես տարակուսած են, քանի որ դատախազության որոշման դեմ բողոք էր ներկայացվել։ Դատարանի որոշման ու դատախազության բողոքի վերաբերյալ Արթուր Դավթյանի պատասխաններին արձագանքել էր Հակակոռուպցիոն կոմիտեն։  Իսկ այժմ ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեի պարզաբանմանն անդրադարձել է Գլխավոր դատախազությունը, որը հայտնել է, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2022թ. փետրվարի 3-ի որոշումը (նախքան դատախազության կողմից դրա բողոքարկման հարցի լուծումը) կատարելու վերաբերյալ, ոչ միայն չի բխում քրեական դատավարության օրենսգրքի կարգավորումներից, ձևավորված դատական կայուն պրակտիկայից, այլև ուղղակիորեն  հակասում է իր իսկ վարույթում գտնվող բազմաթիվ այլ գործերով ՀՀ ՀԿ (ինչպես նաև նախկին ՀՀ ՀՔԾ) դրսևորված իրավական դիրքորոշմանը: «ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեի պարզաբանումը իր կողմից Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2022թ. փետրվարի 3-ի որոշումը (նախքան դատախազության կողմից դրա բողոքարկման հարցի լուծումը) կատարելու վերաբերյալ, ոչ միայն չի բխում քրեական դատավարության օրենսգրքի կարգավորումներից, ձևավորված դատական կայուն պրակտիկայից, այլև ուղղակիորեն  հակասում է իր իսկ վարույթում գտնվող բազմաթիվ այլ գործերով ՀՀ ՀԿ (ինչպես նաև նախկին ՀՀ ՀՔԾ) դրսևորված իրավական դիրքորոշմանը: Նախ՝ խիստ տարօրինակ է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 427-րդ հոդվածի 1-ին մասին հղում կատարելու պարագայում ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի գործընկերները այս անգամ չեն հիշել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 4-րդ մասի գոյության մասին, համաձայն որի օրենսգրքով նախատեսված դեպքում բողոք տալը կասեցնում է բողոքարկվող որոշումն ի կատար ածելը: Եվ դա այն դեպքում, երբ նույն 103-րդ հոդվածի 4-րդ մասի հիմքով, սկսած նախկին ՀՔԾ-ից, հենց Հակակոռուպցիոն կոմիտեում ձևավորված է կայուն պրակտիկա, ըստ որի՝ գործն ըստ էության չլուծող դատական ակտերի դեմ բողոք տանելը կասեցնում է դրանց կատարումը, մինչև վերադաս դատարանի կողմից որոշման կայացումը: Դատական պրակտիկան զարգացել է այն ուղղությամբ, որ նման դատական ակտերն ի կատար են ածվում դրանցում նշած բողոքարկման ժամկետներն անցնելուց հետո, իսկ այդ ակտերի բողոքարկման դեպքում՝ վերադաս դատական ատյանների կողմից համապատասխան որոշում կայացնելուց հետո: Ակնհայտ է, որ հակառակ մոտեցման պարագայում առհասարակ իմաստազրկվում է բողոքարկման ինստիտուտը, իսկ հետևանքների առումով կարող են առաջանալ անդառնալի հետևանքներ: Ինչ վերաբերում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 427-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվող՝ դատական ակտի կատարման համար 3-օրյա ժամկետին, ինչին հղում է կատարվում ՀՀ ՀԿ պարզաբանման մեջ, ապա այն կարող է վերաբերել միայն հիմնական ուժի մեջ մտած դատական ակտի կատարմանը: Այս դիրքորոշումը պաշտպանվել է նաև դատարանների իրավական մեկնաբանություններով: Մասնավորապես, հենց Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչների վարույթում քննվող մեկ այլ գործով գույքի վրա կալանք դնելու հարցով ՀՀ դատախազության ներկայացրած բողոքի հիման վրա ՀՀ վերաքննիչ դատարանը կայացրած որոշմամբ (ԵԴ/0513/11/20), վերլուծության ենթարկելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 427-րդ և 428-րդ հոդվածները՝ հստակ ամրագրել է, որ եռօրյա ժամկետը սահմնվում է հիմնական ուժի մեջ մտած դատական ակտը կատարման հանձնելու համար, իսկ օրենսդրի սահմանած եռօրյա այդ ժամկետը վերաբերում է դատական ակտը կայացրած դատարանին և այդ ժամկետում դատական ակտը կատարման հանձնելու դատարանի պարտականությանը, այլ ոչ դատական ակտը կատարող մարմնին: Ընդ որում՝ վարույթն իրականացնող մարմինը, շտապելով դատարանի նշված որոշումն ուղարկել ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարին՝ վերացնելու քրեական գործով Ա.Աբրահամյանին պատկանող հողամասի նկատմամբ կիրառված սահմանափակումները, ինչպես արդեն նշվել է, գործել է իր իսկ վարույթում գտնվող բազմաթիվ այլ քրեական գործերով ձևավորած պրակտիկային հակառակ: Մասնավորապես, բազմաթիվ են նույնատիպ իրավիճակներում դատավարության մասնակիցների գրություններին ի պատասխան  հենց վերոնշյալ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 4-րդ մասի հիմքով դատական ակտը չկատարելու վերաբերյալ ՀՀ ՀԿ քննիչների գրությունները, ինչպես նաև նույն հիմքով դատական ակտերը բողոքարկելու հնարավորության հարցը քննարկելու նպատակով քննիչների կողմից հսկողություն իրականացնող դատախազին դիմելու դեպքերը , ինչը կոնկրետ այս դեպքում ՀՀ ՔԿ-ում, փաստորեն, մոռացել են անել: Ավելին, համանման վարքագիծ դրսևորել է նաև հենց այն քննիչը, որը սույն գործով գրություն է հասցեագրել ՀՀ կադաստրի կոմիտե: Ինչ վերաբերում է ՀՀ ՀԿ պարզաբանման այն հատվածին, որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտը դիտավորությամբ չկատարելը, համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածի, համարվում է հանցագործություն, ապա պարզաբանման հեղինակները գուցե տեղյակ չեն, որ բամաթիվ են դեպքերը, երբ դատավարության մասնակիցների կողմից նույն նորմի վկայակոչմամբ գործն ըստ էության չլուծող դատական ակտը չկատարելու վերաբերյալ ներկայացված հանցագործության մասին հաղորդումների կապակցությամբ ՀՀ ՀԿ քննիչները կայացրել են քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումներ կամ դրանց անդրադառնալը հնարավոր են համարել միայն վերադաս դատարանում այդ ակտերի դեմ ներկայացված բողոքների քննության արդյունքներով պայմանավորված:      Այս ամենի ֆոնին տվյալ առանձին վերցրած գործով ձևավորված կայուն պրակտիկայից ակնհայտորեն շեղվող վարքագիծ դրսևորելու և այն հրապարակայնորեն պաշտպանելու իրողությունը տարակուսելի է, հաշվի առնելով, որ դատական ակտը 2022թ. փետրվարի 11-ին ստացվելուց հետո՝ 4 օր անց՝ փետրվարի 15-ին, նախքան նույնիսկ ՀՀ դատախազության կողմից վերաքննիչ բողոք տանելը, քննիչը շտապել է առանց հսկող դատախազին իրազեկելու, չսպասելով բողոքարկման ժամկետի ավարտին, գրություն ուղարկել ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարին՝ վերացնելու քրեական գործով Ա.Աբրահամյանին պատկանող հողամասի նկատմամբ կիրառված սահմանափակումները: Արդյունքում նշված անշարժ գույքը օտարվել է: Ակնհայտ է, որ նման տարբերակված մոտեցման մասին վկայող իրողություններն առաջացնում են գույքի օտարմանը նպաստած բոլոր հանգամանքները պարզելու անհրաժեշտություն, ինչի առումով դրսևորվելու է հետևողականություն: Դրա մասին է նշել ՀՀ գլխավոր դատախազը՝ լրագրողների կողմից տրված հարցին ի պատասխան»: 
20:25 - 14 մարտի, 2022
Դավիթ Գալստյանը հատուցել է պատճառված ավելի քան 2.7 մլրդ դրամ վնասը. Դատախազություն

Դավիթ Գալստյանը հատուցել է պատճառված ավելի քան 2.7 մլրդ դրամ վնասը. Դատախազություն

ՀՀ գլխավոր դատախազությունից մեկնաբանել են Դավիթ Գալստյանի (Պատրոն Դավիթ) կալանքի  փոփոխության հարցը։ «Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը, տեղեկացնում եմ, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի և մյուսների վերաբերյալ գործով ամբաստանյալ Դավիթ Գալստյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2022թ․ մարտի 14-ի որոշմամբ փոփոխվել է և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել 50 մլն ՀՀ դրամ գրավը։Նկատի ունենալով, որ ամբաստանյալ Դավիթ Գալստյանը արդեն իսկ միջոցներ է ձեռնարկել մեղսագրվող հանցագործությամբ պատճառված վնասի ամբողջ չափը՝ ավելի քան 2 մլրդ 700 մլն ՀՀ դրամ գումարը վերականգնելու ուղղությամբ, մեղադրողները նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոփոխելու դեմ չեն առարկել»,-ասված է պարզաբանման տեքստում։ Հիշեցնենք, որ Դավիթ Գալստյանի խափանման միջոցը փոխվել է, կիրառվել է գրավ՝ 50 մլն դրամ։
18:32 - 14 մարտի, 2022
Հայաստան է ժամանել ՌԴ գլխավոր զինվորական դատախազ Վալերի Պետրովը. Գլխավոր դատախազությունում տեղի է ունեցել ընդունելություն

Հայաստան է ժամանել ՌԴ գլխավոր զինվորական դատախազ Վալերի Պետրովը. Գլխավոր դատախազությունում տեղի է ունեցել ընդունելություն

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ընդունել է տարածաշրջանային այցի շրջանակում Հայաստանի Հանրապետություն ժամանած Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազի տեղակալ, գլխավոր զինվորական դատախազ Վալերի Պետրովի գլխավորած պատվիրակությանը: Վերջինիս կազմում էր նաև ՌԴ հարավային ռազմական շրջանի զինվորական դատախազ Վլադիսլավ Պրիխոդկոն, որի ենթակայությամբ են գործում ռուսական խաղաղապահ ուժերի շրջանակում Արցախում տեղակայված ՌԴ դատախազության ներկայացուցիչները:  Այս մասին հայտնում է Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժինը: Արթուր Դավթյանը նախ շնորհակալություն է հայտնել այս կարևոր այցը ՌԴ-ի համար ներկայիս դժվարին պահին իրականացնելու համար: Նա արժևորել է ՀՀ և ՌԴ դատախազական համակարգերի միջև հաստատված և օրստօրե ավելի խորացող հարաբերությունները: Համագործակցությունը զարգացնելու երկուստեք շահագրգռությունը, ըստ ՀՀ գլխավոր դատախազի, նպաստել է իրավական փոխօգնության, մարդկային ռեսուրսների կատարելագործման և անդրազգային հանցավորության դեմ պայքարի ոլորտներում համատեղ շոշափելի արդյունքների ապահովմանը: Նա ընդգծել է ՌԴ իր գործընկերոջ՝ Իգոր Կրասնովի անձնական ներդրումը հետպատերազմյան շրջանում կուտակված հումանիտար հիմնահարցերի լուծման նախաձեռնություններում, շեշտել հատկապես կողմերի միջև հաղորդակցության, տեղեկատվության փոխանակման ձևաչափեր ապահովելու, երկխոսության մթնոլորտ ձևավորելու հարցում ՌԴ դատախազության դրսևորած հետևողականությունը:  ՌԴ գլխավոր զինվորական դատախազ Վալերի Պետրովը նշել է, որ ՀՀ և ՌԴ դատախազությունները հաջողությամբ գործակցում են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակող ձևաչափերով, ինչի համար կարևոր նախադրյալ է ապահովում նախընթաց ժամանակահատվածում ձևավորված հարուստ իրավապայմանագրային բազան, ունեցած ընդհանուր պատմությունն ու ավանդույթները: Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության, հանցավորության միտումների վրա հակամարտությունների ազդեցության վերաբերյալ: Երկուստեք կարևորվել է Արցախում ռուսական խաղաղապահ ուժերի և Սյունիքում սահմանապահ ծառայություն իրականացնող ՌԴ ԶՈւ ստորաբաժանումների դերը տարածաշրջանային կայունության, լարվածության թուլացման հարցում: Արթուր Դավթյանն նշել է, որ Հայաստանում և Արցախում տեղակայված ՌԴ ԶՈՒ ուժերը ՀՀ ԶՈՒ և ԱրՀ պաշտպանության բանակի հետ միասին անվտանգության երաշխիքներ են ստեղծում հայ ազգաբնակչության համար, ապահովում բնականոն կենսագործունեությունը հատկապես շփման գծին մերձ բնակավայրերում: Ընդգծվել է, որ Արցախում գտնվող ՌԴ դատախազության ներկայացուցիչների գործունեությունը նպաստում է ռուսական ռազմական կոնտիգենտի շրջանում իրավակարգի ապահովմանը, ազգաբնակչության հետ հարաբերություններում փոխվստահության բարձրացմանը: Արթուր Դավթյանը հյուրերին մանրամասն տեղեկացրել է այն մասին, որ Ադրբեջանը շարունակում է չկատարել 2020թ. նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունից բխող՝ հայ ռազմագերիների և պահվող այլ անձանց ՀՀ-ին անվերապահորեն վերադարձնելու հումանիտար պարտավորությունները, ավելին, շարունակվում են նրանց նկատմամբ անհիմն և ապօրինի քրեական հետապնդումները և դատական գործընթացները: Բացի այդ, արձանագրվել են հրադադարի ռեժիմն Ադրբեջանի ԶՈւ կողմից խախտելու բազմաթիվ դեպքեր, որոնք զինծառայողների և քաղաքացիական բնակչության շրջանում հանգեցրել են զոհերի, բազմաթիվ գույքերի վնասման: Այդ միջադեպերի մասին տեղեկատվության փաթեթը փոխանցվել է ռուսական կողմին՝ հույս հայտնելով, որ դրանք կքննարկվեն ադրբեջանական կողմի հետ հետագա հաղորդակցության ընթացքում:  Արթուր Դավթյանը ՌԴ գործընկերների ուշադրությունը հրավիրել է այն իրողության վրա, որ ադրբեջանական կողմի խուսափողական վարքագծի պատճառով գործնականում ցածր արդյունավետություն ունի նաև շփման գոտում խախտումների և միջադեպերի վերաբերյալ ՀՀ-ի, ՌԴ-ի և ԱՀ-ի միջև տեղեկատվության փոխանակման, բոլոր դեպքերը պատշաճ քննության առարկա դարձնելու շուրջ երեք երկրների գլխավոր դատախազների ձեռք բերած պայմանավորվածությունների կատարումը: Կողմերը պայմանավորվել են շարունակել երկխոսությունը երկուստեք բարձրացված հարցերի շուրջ: 
15:40 - 04 մարտի, 2022
ՀՀ գլխավոր դատախազը և ԵՄ պատվիրակության ղեկավարը քննարկել են Հայաստանում դատաիրավական ոլորտի բարեփոխումների հարցեր

ՀՀ գլխավոր դատախազը և ԵՄ պատվիրակության ղեկավարը քննարկել են Հայաստանում դատաիրավական ոլորտի բարեփոխումների հարցեր

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը մարտի 3-ին ընդունել է Հայաստանում Եվրոպական Միության պատվիրության ղեկավար  Անդրեա Վիկտորինին: Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։ Ողջունելով հյուրերին՝ Արթուր Դավթյանը բարձր է գնահատել ԵՄ պատվիրակության առաքելության դերը, ինչի վկայությունն են հաստատված սերտ և արդյունավետ համագործակցության արդյունքում ի նպաստ օրենքի, ժողովրդավարության և մարդու իրավունքների գերակայության, Հայաստանում և մասնավորապես ՀՀ դատախազության համակարգում ԵՄ աջակցությամբ իրագործվող բազմաթիվ ծրագրերը: Դրանում առանցքային նշանակություն ունի ՀՀ-ի և ԵՄ-ի միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որով նախանշված են տարբեր ոլորտներում ռազմավարական բարեփոխումների հիմնական ուղղություններն ու նպատակները: «Գլխավոր դատախազն ընդգծել է, որ կոռուպցիայի դեմ պայքարը շարունակում է մնալ ՀՀ դատախազության բացարձակ առաջնահերթություններից: Նա ներկայացել է այս ուղղությամբ դատախազության համակարգում կատարված բարեփոխումները՝ կապված հակակոռուպցիոն, ինչպես նաև ապօրինի ծագում ուենցող գույքի բռնագանձման հարցերով մասնագիտացած ստորաբաժանումների ստեղծման և վերջիններիս արդյունավետ գործունեության հետ: Արթուր Դավթյանը հավելել է, որ ՀՀ դատախազությունը հանձնառու է կատարելու դատաիրավական և հակակոռուպցիոն ոլորտներում բարեփոխումների ռազմավարական ծրագրերով ստանձնած իր պարտավորությունները՝ հույս հայտնելով, որ ԵՄ-ն կաջակցի դրանց կենսագործմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ըստ աղբյուրի՝ Անդրեա Վիկտորինը արժևորել է այն հանգամանքը, որ չնայած 2020թ. արցախյան պատերազմի, կորոնավիրուսային համավարակի հարուցած ծանր հետևանքներին և նոր մարտահրավերներին՝ Հայաստանը շարունակում է կենսագործել օրենքի գերակայության, ժողովրդավարության և մարդու իրավուքնների պաշտպանության ինստիտուտների ուժեղացմանն ուղղված բարեփոխումների փաթեթը՝ փոխանցելով ԵՄ-ի պատրաստակամությունը աջակցելու այդ գործընթացին: Նա ընդգծել է, որ բարեփոխումների ծրագրով դատախազության բաղադրիչը իրականացվում է հաջողությամբ: Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են դատաիրավական ոլորտի բարեփոխումներին, էլեկտրոնային արդարադատության համակարգի ներդրմանն ուղղված ԵՄ աջակցության ծրագրերը, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, այդ թվում՝ նաև կալանքը որպես խափանման միջոց կիրառելու հայաստանյան պրակտիկան, դրա բարելավմանն ուղղված ՀՀ դատախազության նախաձեռնությունները:   ՀՀ գլխավոր դատախազության տեղեկացմամբ՝ Անդրեա Վիկտորինի խնդրանքով ՀՀ գլխավոր դատախազը հանգամանալից ներկայացրել է Հայաստանում ծանր վիրավորանքի քրեականացման անհրաժեշտության հիմնավորումները, նոր իրավակարգավորմամբ հետապնդվող՝ հանրային խոսույթում ատելության խոսքի ծավալն ու ազդեցությունը նվազեցնելու կամ չեզոքացնելու նպատակները:    
20:17 - 03 մարտի, 2022
Անձանց խոշտանգման, վատ վերաբերմունքի դրսևորումների դեպքերով քննվող քրեական գործերն ավելացել են

Անձանց խոշտանգման, վատ վերաբերմունքի դրսևորումների դեպքերով քննվող քրեական գործերն ավելացել են

2021թ. ընթացքում քաղաքացիներին ոստիկանության և այլ մարմինների բաժիններում ապօրինի պահելու, նրանց փաստացի ազատությունից զրկելու, խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից մարդու իրավունքների այլ ենթադրյալ խախտումների վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ, 309-րդ հոդվածի 2-րդ մասով և 341-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով քննվել է 156 քրեական գործ: Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից, նշելով, որ դա 2020թ. համեմատ ավելի է շուրջ 10 տոկոսով, որոնցից 64-ի վարույթը կարճվել է 2020թ.՝ 80, 31-ի վարույթը կասեցվել է որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձի հայտնի չլինելու հիմքով: Քննված քրեական գործերից կոնկրետ խոշտանգման հանցակազմով 2021թ. քրեական հետապնդում հարուցվել է 1 անձի նկատմամբ: Վարույթները կարճելու որոշումները մեծամասամբ պայմանավորված են եղել նրանով, որ  հանցագործություններ կատարած անձինք իրենց մեղադրանքից պաշտպանվելու, նախաքննության ընթացքում տված խոստովանական ցուցմունքներն անթույլատրելի ճանաչելու, հաճախ նաև իրավապահ մարմնի այս կամ այն աշխատակցից վրեժ լուծելու նպատակով իշխանության տարբեր մարմիններին բազմաթիվ դիմում-բողոքներ են ներկայացրել իրենց նկատմամբ ֆիզիկական կամ հոգեբանական բռնություն կիրառելու մասին: Խոշտանգման փաստով քննված քրեական գործերի նախաքննության արդյունքներով հարուցվել է 3 քրեական գործ, որից 2-ը՝ 2 անձի վերաբերյալ, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: Խոշտանգումների և վատ վերաբերմունքի վերաբերյալ բողոքների և պնդումների մասին քննությունն օպերատիվ, անաչառ, մանրակրկիտ և արդյունավետ կատարելու, դրա պատշաճ արագությունն ապահովելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազի կողմից դատախազության կառուցվածքային ստորաբաժանումներին դեռևս 2020թ. օգոստոսին հանձնարարվել է խոշտանգման ենթարկված անձանց բողոքները և պնդումներն անհապաղ, բայց ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում, ուղարկել ՀՀ գլխավոր դատախազության՝ ՀՀ հատուկ քննչական ծառայություն (ներկայում ՀՀ ԱԱԾ) ուղարկելու հարցը քննարկելու համար: Վարույթում քննված՝ վերոնշյալ բնույթի քրեական գործերով դատախազական պատշաճ հսկողության պայմաններում ապահովվել է գործերի քննության լրիվությունը, օբյեկտիվությունը և բազմակողմանիությունը: Շեշտադրումը կատարվել է խոշտանգման դատական պրակտիկայի ձևավորման վրա, որի տեսանկյունից 2021թ. եղել է առանձնահատուկ: Մասնավորապես, 2021թ. ընթացքում ՀՀ Վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքի շրջանակում լուծվել է խոշտանգման հանցակազմը ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված այլ՝ 309-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ բռնությամբ ուղեկցված պաշտոնեական լիազորություններն անցնելու հանցակազմից ճշգրիտ սահմանազատելու խնդիրը (Արմեն Հովհաննիսյանի վերաբերյալ թիվ ԵԴ/0558/01/18 քրեական գործով 2021թ. հոկտեմբերի 15-ի որոշումը): Վերջինս էական նշանակություն ունի նմանատիպ գործերով նախաքննության ընթացքում հանցավոր արարքներին ճիշտ քրեաիրավական որակում տալու տեսանկյունից: Վճռաբեկ դատարանն այդ կարևոր որոշմամբ գտել է, որ խոշտանգման արդյունքում անձի առողջությանը կարող է նույնիսկ առհասարակ վնաս չպատճառվել. տվյալ դեպքում կարևոր է ֆիզիկական ուժեղ ցավի կամ հոգեկան ուժեղ տառապանքի պատճառումը: Ավելին, իրավապահի կողմից իր հսկողության տակ գտնվող անհատին հասցված ապտակը դատարանը դիտում է որպես խոշտանգման դրսևորում, լուրջ հարձակում անձի արժանապատվության վրա, քանի որ դեմքին հասցված ապտակն ազդում է անձի մարմնի այն մասի վրա, որն արտահայտում է նրա անհատականությունը, դրսևորում նրա սոցիալական ինքնությունը: Բացի այդ, հանրային իշխանության ներկայացուցիչների կողմից խոշտանգման կամ այլ վատ վերաբերմունքի դրսևորումների քրեականացումից հետո, առաջին անգամ 2021թ. դատարանում կայացվել է այդ հանցակազմով առաջին մեղադրական դատավճիռը, որը ևս նախադեպային կարևոր նշանակություն ունի դատարանում քննվող նմանատիպ գործերի լուծման տեսանկյունից: Մեղադրող դատախազի կողմից ներկայացված ապացույցները հիմնավորված համարելով՝  Երևան  քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը 2021թ. դեկտեմբերի 28-ին կայացրել է մեղադրական դատավճիռ, որով ոստիկանության երկու աշխատակից մեղավոր են ճանաչվել խմբի կազմում խոշտանգում կատարելու համար և դատապարտվել ազատազրկման 7 տարի ժամկետով: Ավելին՝ խոշտանգման նկատմամբ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներ չկիրառելու հիմնավորմամբ «Վիրաբյանն ընդդեմ Հայաստանի» գործով դատախազության ներկայացրած վճռաբեկ բողոքը ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից ընդունվել է վարույթ: Խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով Վճռաբեկ դատարանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Եվրոպական դատարանի առաջ ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը բարձրացրել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 7-րդ հոդվածի պահանջներին՝ խոշտանգման կամ դրան հավասարեցված հանցանքներով միջազգային իրավունքի աղբյուրների վկայակոչմամբ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետների չկիրառման համապատասխանության հարցը: Ոստիկանության բաժիններում քաղաքացիներին խոշտանգումներից զերծ պահելու հետ կապված որոշ խնդիրների լուծման նպատակով ՀՀ գլխավոր դատախազությունը հանդես է եկել նաև կոնկրետ նախաձեռնություններով:    
16:11 - 03 մարտի, 2022
Ադրբեջանական գերությունից վերադարձած մեկ անձ Հայաստանում կալանքի տակ է |fip.am|

Ադրբեջանական գերությունից վերադարձած մեկ անձ Հայաստանում կալանքի տակ է |fip.am|

fip.am: «Փաստերի ստուգման հարթակը» դիմել էր Գլխավոր դատախազությանը՝ խնդրելով տրամադրել տվյալներ այն մասին, թե 2020-ի նոյեմբերի 9-ից հետո գերությունից վերադարձած քանի՞ քաղաքացու է մեղադրանք առաջադրվել, նրանցից քանի՞սն են ձերբակալվել կամ կալանավորվել։ Ի պատասխան մեր հարցման, Դատախազությունից հայտնում են, որ 2021-ի նոյեմբերի 14-16-ին ՀՀ արևելյան սահմանին Ադրբեջանի սադրած ռազմական միջադեպի առիթով հարուցված քրեական գործի նախաքննության շրջանակներում, մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելու կասկածանքով ձերբակալվել է 8 զինծառայող, որոնցից 6-ը՝ գերությունից վերադարձած։  Նախաքննության ընթացքում որոշում է կայացվել վերը նշված զինծառայողներին որպես մեղադրյալներ ներգրավել՝ դարձյալ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով։ Հաշվի առնելով մեղադրյալների՝ մինչդատական վարույթում գործի քննությանը խոչընդոտելու բարձր հավանականությունը, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Այնուհետև, դատարանում բողոքարկման արդյունքում 5 մեղադրյալների խափանման միջոցը փոխվել է, և նրանք կալանքից դուրս են եկել։ Այսպիսով, 2022-ի փետրվարի վերջի դրությամբ նախնական կալանքի տակ է գտնվում գերությունից վերադարձած մեկ անձ։ Մինչ այդ, 2022-ի հունվարի 18-ին, որոշում է կայացվել քրեական գործից անջատել 3 մեղադրյալների վերաբերյալ գործը, որոնցից 1-ը եղել է գերությունից վերադարձած անձ։ Գործն ուղարկվել է դատարան և գտնվում է դատաքննության փուլում։ Իսկ գերությունից վերադարձած մյուս 5 զինծառայողների գործը գտնվում է նախաքննության փուլում։ «Իրավական ուղի» ՀԿ հիմնադիր Սիրանուշ Սահակյանը Fip.am-ի հետ զրույցում նշում է, որ գերության մեջ լինելու հանգամանքը պետք է հաշվի առնվեր կալանքը որպես խափանման միջոց կիրառելիս։ «Կալանքի համար կարևոր նշանակություն ունի իր՝ դատարանի առջև կանգնելուց խուսափելը և քննությանը խոչընդոտելը, հիմա այդ մարդիկ հնարավորություն են ունեցել Ադրբեջանի իշխանությունների հետ համագործակելով, տեղափոխվել երրորդ երկրներ, նրանք դա չեն արել՝ քաջատեղյակ լինելով քրեական սպառնալիքների մասին»,- ասում է Սիրանուշ Սահակյանը։  Ազգային անվտանգության ծառայությունից Fip.am-ին հայտնում են, որ փետրվարի 2022-ի փետրվարի 22-ի դրությամբ Ադրբեջանում գտնվում է 38 հայ գերի, որոնցից 3-ը քաղաքացիական անձինք են։  2020-ի նոյեմբերի 9-ից մինչ օրս Ադրբեջանից վերադարձել է 150 գերի, որոնցից 43-ը քաղաքացիական անձինք են։ Պատերազմից հետո գերիներից 1-ը տեղափոխվել է Լիբանան, բացի այդ՝ ևս 1 անձ գերությունից վերադառնալուց հետո իր ցանկությամբ տեղափոխվել է Ռուսաստան։   Շուշան Ստեփանյան 
17:18 - 02 մարտի, 2022
Աղվան Հովսեփյանը կմնա կալանքի տակ. նրա մեղադրանքը համալրվել է

Աղվան Հովսեփյանը կմնա կալանքի տակ. նրա մեղադրանքը համալրվել է

ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՀՀ քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանը կմնա կալանքի տակ: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնում են պաշտպանները:  Ալեքսանյանը նաև հայտնել է, որ Հովսեփյանին առաջադրված մեղադրանքը համալրվել է:  Ըստ ՀՔԾ-ի՝ Աղվան Հովսեփյանը, 2004 թվականի մարտի 18-ից մինչև 2013 թվականի սեպտեմբերի 13-ը զբաղեցնելով ՀՀ գլխավոր դատախազի, իսկ 2014 թվականի հուլիսի 18-ից մինչև 2018 թվականի հունիսի 11-ը՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնները, հիշյալ ժամանակահատվածում փաստացի մասնակցել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող մի շարք ՍՊ ընկերությունների կառավարմանը, բացի այդ՝ ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 190.000.000 ՀՀ դրամ կաշառք և խարդախության եղանակով կատարել առանձնապես խոշոր չափերով՝ 800.000.000 ՀՀ դրամ գույքի հափշտակություն: Ըստ ՀՔԾ-ի՝ նա նաև օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 1.299.404.414 ՀՀ դրամ: Հովսեփյանը կալանավորվել է սեպտեմբերի 8-ին:
13:16 - 28 փետրվարի, 2022
Գոռ Աբրահամյանը մանրամասներ է ներկայացրել 1994-ին կատարված սպանության գործը նոր քննության ուղարկելու վերաբերյալ

Գոռ Աբրահամյանը մանրամասներ է ներկայացրել 1994-ին կատարված սպանության գործը նոր քննության ուղարկելու վերաբերյալ

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում մանրամասներ է ներկայացրել 1994թ. ապրիլի 16-ին Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղի տարածքում գործող ռեստորանային համալիրում Մհեր Պողոսյանի սպանության գործն Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան նոր քննության ուղարկելու վերաբերյալ։ «ՀՀ դատախազությունը տեղեկացվել է այն մասին, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն այսօր՝ 2022թ. փետրվարի 23-ին, որոշում է կայացրել դատախազի բողոքը բավարարելու և 1994թ. ապրիլի 16-ին Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղի տարածքում գործող ռեստորանային համալիրում Մհեր Պողոսյանի սպանության գործն Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան նոր քննության ուղարկելու մասին: Հիշեցնեմ, որ 1994թ. դեկտեմբերի 19-ին՝ 1 օրվա ընթացքում քննելով Մհեր Պողոսյանի սպանության գործը՝ Աշտարակի շրջանային ժող. դատարանը դատավճիռ էր կայացրել, որով Հրանտ Գրիգորյանին մեղավոր էր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 259.1-րդ հոդվածի «Բ» կետով նախատեսված հանցագործություն կատարելու, այն է՝ զենքի, զինամթերքի, պայթուցիկ և այլ նյութերի ու առարկաների հետ վարվելու կանոնների խախտման համար և նրան դատապարտել 1 տարի ժամկետով ազատազրկման: 2018թ. հուլիսին ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժին էր ստացվել սպանվածի որդու՝ Էդուարդ Պողոսյանի դիմումն այն մասին, որ 1994թ. ապրիլի 16-ին իր հորը՝ Մ. Պ.-ին դիտավորյալ սպանել է Հ.Գ.-ն, սակայն դեպքի իրական հանգամանանքները խեղաթյուրվել են: ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում սկսված նախաքննության ընթացքում իրականացված բազմածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների, օպերատիվ-հետախուզական միջոցառումների, դրանց նկատմամբ իրականացված պատշաճ դատախազական հսկողության արդյունքում ի հայտ էին բերվել դատական ակտ կայացնելիս դատարանին անհայտ մնացած այնպիսի նոր հանգամանքներ, որոնք ինքնին ապացուցում են դատապարտյալի կատարած հանցանքի ավելի ծանր լինելը, քան այն, որի համար նա դատապարտվել է: Այսինքն՝ այդ տվյալներն առերևույթ վկայում էին այն մասին, որ Հրանտ Գրիգորյանը 1994թ. ապրիլի 16-ին խուլիգանական դրդումներով և շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանել է Մհեր Պողոսյանին, սակայն նա դատապարտվել է զենքի հետ վարվելու կանոնները խախտելու համար, իսկ նշված հանգամանքը թաքցնելու նպատակով ՀՀ պաշտպանության փոխնախարարի ստորագրությամբ տրվել է գրություն, իբր Մ. Պողոսյանը զոհվել է մարտական գործողությունների ժամանակ և նրա անվամբ ՀՀ ՊՆ ԶՍՊ վարչությունում կազմվել է անձնական գործ, ապա ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանի կողմից Մ.Պողոսյանին հետմահու շնորհվել է արիության մեդալ: Ելնելով նախաքննության արդյունքներից՝ ՀՀ զինվորական կենտրոնական դատախազությունում 2018թ. դեկտեմբերի 10-ին որոշում էր կայացվել նոր երևան եկած հանգամանքների հետևանքով վարույթ հարուցելու մասին: 2019թ. փետրվարի 20-ին ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Վ.Հարությունյանի կողմից այս գործով բերվել էր վերաքննիչ բողոք՝ խնդրելով վերանայել ու բեկանել Աշտարակի շրջանային ժող.դատարանի 1994թ. դեկտեմբերի 19-ի վերոնշյալ դատավիճռը և գործն ուղարկել առաջին ատյանի դատարան՝ նոր քննության: ՀՀ վերաքննիչ դատարանը 05.03.2020թ. որոշմամբ ամբողջությամբ բավարարել էր զինվորական դատախազի բողոքը: Գործի նախապատրաստական փուլում քննելով Հրանտ Գրիգորյանի պաշտպանի միջնորդությունը՝ 2021թ. հուլիսի 23-ին Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը որոշում է կայացրել բավարարել բողոքը, քրեական գործով վարույթը կարճել՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով: Այս որոշման դեմ դատախազի կողմից 27.08.2021թ. բերվել էր վերաքննիչ բողոք, որն էլ ՀՀ վերաքննիչ դատարանն իր այսօրվա որոշմամբ լիովին բավարարել է: Դատախազությունը բողոք էր ներկայացրել այն պատճառով, որ առաջին ատյանի դատարանը դատական ակտում, ըստ էության, որևէ հստակ պատճառաբանություն չէր նշվել, թե ինչո՞ւ է այդ հիմքով Հ. Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցրել, եթե ՀՀ վերաքննիչ դատարանն արդեն իսկ փաստել էր, որ առկա է նոր երևան եկած հանգամանք՝ Հ.Գրիգորյանի կողմից հնարավոր ավելի ծանր (քան այն, որի համար նա արդեն դատապարտվել է) հանցանք կատարելու վերաբերյալ: Ավելին, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը փաստել էր, որ Հրանտ Գրիգորյանին նախկինում առաջադրված մեղադրանքի որակումը, հնարավոր է՝ եղել է սխալ և անհրաժեշտ է կատարել նոր՝ բազմակողմանի, օբյեկտիվ քննություն՝ գործի իրական հանգամանքները պարզելու և Հրանտ Գրիգորյանի կողմից կատարված հանցանքին ճիշտ որակում տալու համար»,- նշել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
20:38 - 23 փետրվարի, 2022
Երևանի մետրոպոլիտենի նախկին տնօրենին և նրա ընտանիքին պատկանող գույքերի վրա կալանք է դրվել |armenpress.am|

Երևանի մետրոպոլիտենի նախկին տնօրենին և նրա ընտանիքին պատկանող գույքերի վրա կալանք է դրվել |armenpress.am|

armenpress.am: Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի նախկին տնօրեն Փայլակ Յայլոյանը, նրան փոխկապակցված անձանց՝ կնոջը՝ Սվետլանա Մովսիսյանը, երկու որդիներին՝ Արտակ և Վահագն Յայլոյանները, և ևս մեկ անձի՝ Մարիաննա Հովհաննիսյանը մարտի 1-ին հրավիրվել են ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն: Համապատասխան ծանուցագրերը հրապարակվել են պաշտոնական հայտարարությունների  «Azdarar.am» կայքում: ՀՀ գլխավոր դատախազի օգնական Գոռ Աբրահամյանը հայտնեց, որ դատարանը բավարարել է նրանց գույքերի վրա, որպես հայցի նախնական ապահովման միջոց, կալանք դնելու ՀՀ դատախազության միջնորդությունները, նրանց մասով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ուսումնասիրությունն ավարտվել է: «Նրանք հրավիրվել են Դատախազության համապատասխան վարչություն՝ իրենց վերաբերող վարույթի նյութերին ծանոթանալու և դիրքորոշում հայտնելու համար»,- հավելեց Գոռ Աբրահամյանը:
16:38 - 23 փետրվարի, 2022
Մայրաքաղաքում հանցագործության դեպքերի թիվն աճել է. Դատախազություն

Մայրաքաղաքում հանցագործության դեպքերի թիվն աճել է. Դատախազություն

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Երևան քաղաքի դատախազությունում անցկացրել է խորհրդակցություն՝ ամփոփելով 2021թ. ընթացում մայրաքաղաքում հանցավորության ընդհանուր շարժընթացի, դրա դեմ պայքարի, Երևան քաղաքի և վերջինիս վարչական շրջանների դատախազությունների կատարած աշխատանքի արդյունքները: Ինչպես հայտնում Գլխավոր դատախազությունից, խորհրդակցությանը մասնակցել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, ինչպես նաև՝   հետաքննության և նախաքննության մարմինների՝ Երևան քաղաքի ստորաբաժանումների ղեկավարները: Երևան քաղաքի դատախազ Սևակ Հովհաննիսյանը զեկուցել է, որ 2021թ. մայրաքաղաքում գրանցվել է հանցագործության 16438  դեպք՝ նախորդ տարվա 13892 դեպքի փոխարեն, այսինքն՝ դեպքերը աճել են 2546-ով կամ 18.3 % - ով: Բացահայտումը կազմել է 51.6%՝ նախորդ տարվա 50.4% - ի դիմաց: Հատկապես անհանգստացնող է համարվել մայրաքաղաքում սպանությունների կատարման դեպքերի աճը: Մասնավորապես, 2021թ. Երևանում արձանագրվել է սպանության 26 դեպք, որը նախորդող տարվա համեմատ ավելի է 15-ով կամ 136.4%-ով: Անդրադառնալով այս խնդրին՝ Երևան քաղաքի դատախազը նշել է, որ դրանց մի մասը կատարվել է լարված հարաբերությունների, անձնական թշնամանքի և վրեժի հողի վրա: Որոշ դեպքերում դրանք կատարվել են նաև քրեական ենթամշակույթից ածանցվող մտածողության և վարքագծի ազդեցությամբ: ՀՀ գլխավոր դատախազն այս կապակցությամբ առկա իրավիճակը համարել է ահազանգող։ Նա շեշտել է հատկապես պրոֆիլակտիկ, կանխարգելիչ միջոցառումների, հանցավոր վարքագիծ ունեցող անձանց նկատմամբ հսկողության գործառույթների անշեղ իրականացման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով նաև, որ մայրաքաղաքում ավելացել են կրկնահանցագործությունները: Արթուր Դավթյանը հանձնարարել է սպանության, ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու, ավազակության բոլոր դեպքերն ուսումնասիրել, և այն դեպքերում, երբ կպարզվի, որ դրանց նպաստել է նաև պրոֆիլակտիկ պարտադիր աշխատանքների կատարման պարտականությունների չկատարումը, համաչափորեն նախաձեռնել Ոստիկանության տվյալ աշխատակիցների նկատմամբ ծառայողական քննություն անցկացնելու գործընթաց: Իսկ քրեական ենթամշակույթի դեմ պայքարում որևէ նահանջ, փոխզիջում չպետք է լինի: Խնդրահարույց ուղղություններից մեկը շարունակում է մնալ մայրաքաղաքում երթևեկության կանոնների հանցավոր խախտման, մահվան ելքով դեպքերի  աճը: 2021թ. մայրաքաղաքում գրանցվել է ՃԵԿ խախտման հետևանքով անձանց առողջությանն անզգուշությամբ վնաս պատճառելու 625 դեպք, որը 15.5%-ով ավելի է նախորդող տարվա համեմատ, իսկ մահվան ելքով դեպքերը եղել են 64-ը՝ 2020թ. 59 դեպքի դիմաց: Որոշ չափով աճել է այս բնույթի հանցագործությունների բացահայտման մակարդակը՝ կազմելով 85.1%, նախորդ տարված 79.8%-ի դիմաց: Արթուր Դավթյանը դատախազներին հանձնարարել է յուրաքանչյուր նման քրեական գործով օպերատիվ կերպով պարզել ՃՏՊ-ի պատճառները և նպաստած գործոնները և բոլոր այն դեպքերում, երբ դրանք պայմանավորված են իրավասու մարմինների գործառույթների, դրանց թերի կատարման հետ, այդ մարմիններին պարտադիր ներկայացնել դրանց վերացմանն ուղղված՝ առարկայական լուծումների առաջարկներ պարունակող միջնորդագրեր:  Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը նշել է, որ Երևան քաղաքի դատախազության հետ արդյունավետ հաղորդակցություն է հաստատվել: Դրա արդյունքում դատախազությունից ստացել են այնքան տեղեկատվություն, որը թույլ է տալիս բավարար վերլուծությունների հիման վրա հասցեական միջոցառումներ իրականացնել մայրաքաղաքում տրանսպորտային երթևեկության անվտանգությունը բարձրացնելու ուղղությամբ: Նա նաև մանրամասներ է ներկայացրել քաղաքապետարանի կողմից երթևեկության կազմակերպման ոլորտում նախաձեռնված բարեփոխումներից, որոնք մի մասով ուղղված են նաև ՃԵԿ իրավախախտումների արձանագրման առավել ճկուն համակարգի ներդրմանը: Թեև ընդհանուր առմամբ հանցագործությունների պատճառների և նպաստող պայմանների վերացման նպատակով իրավասու մարմիններին կամ սուբյեկտներին Երևան քաղաքի և վարչական շրջանների դատախազությունների դատախազների կողմից միջնորդագրեր ներկայացնելու ցուցանիշը գրեթե կրկնապատկվել է, սակայն գլխավոր դատախազը դա բավարար չի համարել: Նա նշել է, որ այդ գործառույթի իրականացումը իրավիճակի փոփոխմանը միտված դատախազական ներգործության ամենաազդեցիկ միջոցներից է, և այդ գործիքը պետք է կիրառվի բոլոր անհրաժեշտ դեպքերում: Ընդ որում՝ նա հանձնարարել է նախաձեռնողականությունն ավելացնել ոչ միայն միջնորդագրերի ներկայացման, այլ նաև դրանցով գործնական արդյունքների ապահովմանը հետամուտ լինելու հարցում: Արթուր Դավթյանը շեշտել է, որ ինչպես այս, այնպես էլ նախնական քննության արդյունավետության, լրիվության և բազմակողմանիության ապահովման նպատակով նախաքննության մարմիններին արդյունավետ ցուցումներ, օպերատիվ-հետախուզական մարմիններին առարկայական հանձնարարություններ տալու դատախազական գործառույթի իրականացման ցուցանիշը դառնալու է դատախազների խրախուսման, առաջխաղացման հարցի քննարկման հիմնական բաղադրիչներից մեկը: Այս առումով Սևակ Հովհաննիսյանը նշել է, որ  Երևան քաղաքի դատախազության և մայրաքաղաքի վարչական շրջանների դատախազների կողմից ներկայացվել է ընդհանուր 421 միջնորդագիր և հաղորդում, իսկ  քրեական գործերով վարույթն իրականացնող մարմնին տրվել է 1919 ցուցում, հետաքննության մարմնին՝  օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկելու 842 հանձնարարություն, որոնք ևս կրկնակի ավելի են նախորդող տարվա համեմատ: Դրանից բացի՝ դատախազների կողմից նախնական քննության օրինականության ապահովման համատեքստում վերացվել են վարույթն իրականացնող մարմնի կողմից կայացված՝ քրեական գործ հարուցելը մերժելու մասին 127, քրեական գործի վարույթը կարճելու մասին 262, ինչպես նաև քրեական գործի վարույթը կասեցնելու մասին 418 որոշում: Նրանց կողմից նաև հաստատվել է 1869 քրեական գործով մեղադրական եզրակացություն, այդ գործերն ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու:   Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել նաև բնակարանային գողությունների դեպքերի նվազմանը, դրան միտված դատախազության նախաձեռնությունների շարունակմանը, Երևանի ժամանցային վայրերում գիշերային ժամերին տեղի ունեցող խուլիգանությունների դեմ պայքարի միջոցների կոշտացմանը, Երևանի խոշոր առևտրի կենտրոններում տեղի ունեցող գողությունների դեմ պայքարի արդյունավետությանը: Մանրամասն քննարկվել են նաև պետական շահերի պաշտպանության ոլորտում Երևան քաղաքի դատախազության կողմից նախաձեռնված ոլորտային ծավալուն ուսումնասիրությունների միջանկյալ արդյունքները: Ամփոփելով՝ ՀՀ գլխավոր դատախազը տվել է խորհրդակցության  արդյունքներից բխող կոնկրետ այլ հանձնարարություններ ևս:  Նա շնորհակալություն է հայտնել դատախազներին՝ 2021թ. ընթացքում տեղի ունեցած համապետական ընտրությունների օրինականությունը, քաղաքացիների ընտրական ազատ կամարտահայտությունն ապահովելու հարցում դրսևորած հետևողականության,  պետության կայունության տեսանկյունից վճռորոշ ժամանակահատվածում բացարձակ քաղաքական զսպվածություն և պետական ծառայողին հարիր անկողմնակալություն ցուցաբերելու համար: Նա շեշտել է, որ դատախազության ստորաբաժանումները հիմնական առաջնահերթություն պետք է դարձնեն նաև քաղաքացիների հետ ուղիղ հաղորդակցության ձևավորումը, քաղաքացիների, դատավարության մասնակիցների հետ ինչպես վերջիններիս, այնպես էլ հենց դատախազների նախաձեռնությամբ ընդունելությունների կազմակերպումը:
16:27 - 23 փետրվարի, 2022
44-օրյա պատերազմի ժամանակ պետական դավաճանության հոդվածով երեք քրգործ կա, 24 մեղադրյալ |azatutyun.am|

44-օրյա պատերազմի ժամանակ պետական դավաճանության հոդվածով երեք քրգործ կա, 24 մեղադրյալ |azatutyun.am|

azatutyun.am: 44-օրյա պատերազմի ժամանակ պետական դավաճանության հոդվածով հարուցված երեք քրեական գործ կա, երկուսն արդեն դատարանում են։ Գլխավոր դատախազության տվյալներով, այս պահին մեղադրյալները 24-ն են։ Մեղադրյալների շարքում բարձրաստիճան սպաներ չկան, փոխանցեց գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։ Դատական նիստերն անցնում են դռնփակ։ «Գործը դատարանում է, ընթանում է դատական քննություն, իհարկե դռնփակ է իրականացվում, որովհետև առանչվում են այն հանգամանքներին, որոնք պետական գաղտնիքի են նաև վերաբերում», - ասաց Աբրահամյանը։ Դատարան ուղարկված առաջին քրեական գործով անցնում են վանաձորցի երիտասարդ ամուսիններ։ Ըստ մեղադրական եզրակացության, նախկին զինվորական տղամարդը կնոջ օժանդակությամբ, լրտեսության միջոցով հավաքել է պետական և ծառայողական գաղտնի տեղեկություններ ու դրանք հանձնել օտարերկրյա կազմակերպության ներկայացուցչին։ Կինն էլ մեղադրվում է ամուսնուն օժանդակելու համար։ Երկրորդ քրեական գործով անցնող երկու մեղադրյալները սերտ կապեր են ունեցել զինված ուժերի ներկայացուցիչների հետ, նշում է գլխավոր դատախազի խորհրդականը։ «Սերտ կապեր ունեին զինված ուժերի հետ, որոնց հավաքագրել էին Թուրքիա այցելության ժամանակ Ադրբեջանի հատուկ ծառայությունները, և դրա շրջանակներում բավականին մեծաքանակ տեղեկություններ էին տրամադրվել Ադրբեջանի հատուկ ծառայություններին, այդ թվում՝ նաև կոնկրետ ռազմաճակատում կոնկրետ հայկական դիրքերի տեղաբաշխման, զորամիավորումների քանակի, տեխնիկայի քանակի, տեղաբաշխումների վերաբերյալ, որոնց հիման վրա նաև իրականացվել էին Ադրբեջանի զինված ուժերի կողմից գործողություններ, որոնց հետևանքով և՛ մարդկային կորուստներ էինք ունեցել, և՛ նաև տեխնիկայի լուրջ կորուստներ էինք ունեցել», - ասաց Գոռ Աբրահամյանը։ Երրորդ՝ լրտեսության ամենաաղմկահարույց գործում 20 մեղադրյալ կա, նրանցից 14-ը կալանավորված է, մի մասը խոստովանական ցուցմունքներ է տվել։ ԱԱԾ հրապարակած տեսանյութերում որպես ապացույց են ներկայացվում մեղադրյալների հեռախոսներից վերցված զորամասերի, դիրքերի տարբեր նկարներն ու տեսանյութերը, գումարի փոխանցման ստացականներ։ Օտարերկրյա հետախուզության ներկայացուցիչները կանանց անունով համացանցում կեղծ հաշիվներ են բացել, այդպես կապ հաստատել հայ զինվորականների հետ։ Մեղադրյալներն ունեն հանրային պաշտպաններ, որոնք դեռևս մեկնաբանություններ տալ չեն ցանկանում։ Այս գործը քննող Ազգային անվտանգության ծառայությունն օրերս հաղորդեց, որ ադրբեջանական հետախուզությունը լրտեսական ցանցում ներգրավել է հիմնականում նախկին կամ ներկա զինվորականների, որոնք հնարավորություն են ունեցել մուտք գործել Հայաստանի և Արցախի զորամասեր, բարձրանալ մարտական դիրքեր, ծանոթանալ ռազմական բնագավառին վերաբերող բազմապիսի փաստաթղթերի ու տեղեկությունների, որոնք էլ գումարի դիմաց փոխանցել են օտարերկրյա հետախուզությանը։
10:50 - 23 փետրվարի, 2022
ՀՀ և Արցախի քաղաքացիների դեմ Ադրբեջանի քրեական հետապնդումներն անօրինական են. Դատախազություն

 |armenpress.am|

ՀՀ և Արցախի քաղաքացիների դեմ Ադրբեջանի քրեական հետապնդումներն անօրինական են. Դատախազություն |armenpress.am|

armenpress.am: Ադրբեջանի Հանրապետության իրավասու մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության քաղաքացիների դեմ քրեական հետապնդումները, հետախուզումներն անօրինական են ու անհիմն: Այս մասին նշեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: «Այդ գործողություններն ունեն քաղաքական շարժառիթներ, նաև պատերազմի հիմքում ընկած ատելության, ազգային խտրականության, թշնամանքի դրսևորումներն են, որոնք առ այսօր շարունակվում են: Ինչ վերաբերում է նրան, թե դատախազությունն ինչ միջոցներ է ձեռնարկում, ասեմ, որ բոլոր այն դեպքերում, երբ մենք նման տեղեկություն ենք ստանում, մեր միջազգային գործակցության գործիքակազմի կիրառմամբ, համապատասխան խողովակներով քայլեր են իրականացվում, որպեսզի միջազգային հետախուզման հետ կապված իրենց նախաձեռնություններն այդ շրջանակներում որևէ ընթացք չստանա»,-ասաց Գոռ Աբրահամյանը:  
21:26 - 21 փետրվարի, 2022