ՀՀ Գլխավոր դատախազություն

ՀՀ դատախազությունը միասնական, կենտրոնացված համակարգ է, որը ղեկավարում է գլխավոր դատախազը։ ՀՀ գլխավոր դատախազն է Արթուր Դավթյանը։

Դատախազությունը՝

  • օրենքով նախատեսված դեպքերում և կարգով հարուցում է քրեական հետապնդում,
  • հսկողություն է իրականացնում նախաքննության և հետաքննության օրինականության նկատմամբ,
  • դատարանում պաշտպանում է մեղադրանքը,
  • պետական շահերի պաշտպանության հայց է հարուցում դատարան,
  • բողոքարկում է դատարանների վճիռները, դատավճիռները և որոշումները,
  • հսկողություն է իրականացնում պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման նկատմամբ։
Դատախազությունը կոչ է անում զերծ մնալ մարդկանց հավաքներին մասնակցելուն հարկադրելու, այդ նպատակով նյութապես շահագրգռելու դրսևորումներից

Դատախազությունը կոչ է անում զերծ մնալ մարդկանց հավաքներին մասնակցելուն հարկադրելու, այդ նպատակով նյութապես շահագրգռելու դրսևորումներից

Գլխավոր դատախազությունը հայտնում է, որ քրեական հետապնդման մարմիններում նախաձեռնված քրեական համապատասխան վարույթների նյութերի ուսումնասիրությունը վկայում է, որ արձանագրվել են Երևան քաղաքում վերջին օրերին տեղի ունեցող հավաքներին, երթերին, դրանց շրջանակներում կազմակերպվող բողոքի, անհնազանդության գործողություններին մասնակցելու համար ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ առանձին մարզերում  բնակվող քաղաքացիներին առերևույթ հարկադրելու կամ նյութապես շահագրգռելու մի քանի դեպքեր: «Դրանցից 3-ով արդեն իսկ հարուցվել է քրեական գործ, որոնցից մեկով երկու անձ ներգրավվել է որպես մեղարդյալ և նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Իսկ մեկ դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր: Մասնավորապես՝ 2022թ. մայիսի 5-ին համացանցում տարածվել է երկու անձի հեռախոսային խոսակցության ձայնագրություն, որը վերաբերել է հավաքներին մասնակցելու համար գումար ստանալու հանգամանքներին: Նախապատրաստված նյութերով դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Դրա շրջանակներում իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել է նշված 2 անձանց ինքնությունը, տվյալներ են ստացվել Երևանում իրականացվող հավաքներին մասնակցելու նպատակով Արմավիրի մարզի հիշյալ բնակիչներից մեկին նյութապես շահագրգռելու, վերջինս կողմից իր հերթին այլ անձանց  նյութապես շահագրգռելու վերաբերյալ: Ապացույցների համակցությամբ Արմավիրի մարզի՝ արդեն իսկ ձերբակալված վերոհիշյալ երկու բնակիչներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, նրանց նկատմամբ, որպես խափանման միջոց, կիրառվել է կալանավորումը: Համացանցում հրապարակվել է այլ ձայնագրության վերաբերյալ մեկ այլ տեսանյութ՝ «1000 դրամ յուրաքանչյուր ուսանողի համար, Ագրարային համալսարանի դատասխոս Էմմա Սարգսյանը դրդում է ուսխորհրդի նախագահ Թոռնիկ Ալիյանին գումարի դիմաց կազմակերպել, որպեսզի ուսանողները մասնակցեն ընդդիմության հավաքներին՝ յուրաքանչյուր ուսանողի դիմաց առաջարկելով 1000 դրամ» վերտառությամբ: Ոստիկանությունում նյութերի նախապատրաստման շրջանակներում ձայնագրության ուսումնասիրությամբ պարզվել է, որ չորս անձանց մասնակցությամբ տեղի ունեցող խոսակցության ընթացքում նրանցից երեքը Ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Թոռնիկ անունով ներկայացած անձին առաջարկում են ՀՀ-ում տեղի ունեցող ցույցերին 2000 ուսանողի մասնակցելու և որոշակի գործողություններ՝ անհնազանդության ակցիաներ կատարելու դիմաց տրամադրել 2.000.000 ՀՀ դրամ գումար: Դեպքեի առթիվ 2022թ. մայիսի 10-ին ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով հարուցվել է քրեական գործ: Քրեադատավարական ողջ գործիքակազմի կիրառմամբ սեղմ ժամկետներում դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու նպատակով հսկող դատախազի կողմից վարույթն իրականացնող մարմնին տրվել է կոնկրետ գործողություններ կատարելու ցուցում, նախաքննությունը շարունակվում է: Մեկ այլ դեպքում, Երևան քաղաքի դատախազության հանձնարարությամբ ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվել ԶԼՄ հրապարակման կապակցությամբ, ըստ որի՝ 2022թ. մայիսի 4-ին վարորդներին ստիպել են բեռնատար, բետոնախառնիչ ավտոմեքենաներով փակել Երևան քաղաքի «Կիևյան» և «Դավթաշեն» կամուրջները: Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ 4 անձինք իրենց կողմից վարվող «Էյ ԴԻ Էյ Թեք» ՍՊԸ-ին պատկանող տարբեր մակնիշների բեռնատար,  բետոնախառնիչ ավտոմեքենաներով փակել են Երևան քաղաքի Կիևյան և Դավթաշեն կամուրջների երթևեկելի մասերը, ինչի հետևանքով խաթարվել է նշված հատվածների բնականոն երթևեկությունը: Դեպքի առթիվ 2022թ. մայիսի 5-ին ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում ստացվել են տվյալներ «Էյ Դի Էյ Թեք» ՍՊԸ-ի վարորդներին 2022թ. մայիսի 4-ին Երևանի տարբեր հասցեներում անհնազանդության ակցիաներ իրականացնելու և երթևեկությունը արգելափակելու հանձնարարություն տրվելու վերաբերյալ: Կատարվածի  ամբողջական հանգամանքները պարզելու ուղղությամբ նախաքննությունը շարունակվում է: Բացի նշվածները, 2022թ. մայիսի 4-ին Ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել այն մասին, որ  դեռևս ինքնությունը չպարզված անձը հարկադրել է երկու քաղաքացիների մասնակցել նույն օրը Երևան քաղաքում անցկացվող հավաքներին, նյութապես շահագրգռել նրանց, ինչի արդյունքում վերջիններս «Մերսեդես» մակնիշի երկու բեռնատար ավտոմեքենաներով փակել են Երևան քաղաքի «Հաղթանակ» կամուրջի երթևեկելի ուղղությունները: Նշված դեպքի առթիվ Ոստիկանությունում նախապատրաստվում են նյութեր: Ելնելով վերոգրյալից՝ ՀՀ գլխավոր դատախազությունը հարկ է համարում հիշեցնել, որ հավաքներին, երթերին, դրանց ընթացքում կատարվող գործողություններին մասնակցելու նպատակով անձանց հարկադրելու կամ նյութապես շահագրգռելու դրսևորումները քրեական օրենքով արգելված արարքներ են, որի համար, որպես պատիժ, նախատեսված է ընդհուպ ազատազրկում մինչև 5 տարի ժամկետով: Հորդորում ենք զերծ մնալ նման արարքներ կատարելու փորձերից, ՀՀ դատախազության կողմից հստակ հետևողականություն է դրսևորվում և դրսևորվելու  յուրաքանչյուր նման դեպքի, փորձի արձանագրման պարագայում դրանցում ներգրավված անձանց գործողություններին համարժեք իրավական գնահատական տալու, բավարար հիմքերի պայմաններում նրանց քրեական պատասխանատվության ենթարկելու հարցում: Միաժամանակ քաղաքացիներին կոչ ենք անում նման հանցավոր ոտնձգությունների առերեսվելու կամ այդպիսի երևույթների վերաբերյալ կոնկրետ տվյալներ ունենալու պարագայում դրանք տրամադրել իրավապահ մարմիններին»,- նշվում է հաղորդագրության մեջ։ Հիշեցնենք՝ Infocom-ն ավելի վաղ անդրադարձել է Ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի նախագահի մասնակցության խոսակցության ձայնագրությանը։
16:30 - 12 մայիսի, 2022
ԱԺ արտահերթ ընտրություններին ընտրակաշառք տալու գործով հերթական մեղադրական դատավճիռն է կայացվել

ԱԺ արտահերթ ընտրություններին ընտրակաշառք տալու գործով հերթական մեղադրական դատավճիռն է կայացվել

ՀՀ ոստիկանության Գավառի բաժնում 2021թ. հունիսի 9-ին հարուցված և  ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Գավառի տարածքային գրասենյակի քարտուղար Սոնյա Զաքոյանը նախնական համաձայնություն է ձեռք բերել նույն գրասենյակի աշխատանքները համակարգող, ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին «Բարգավաճ  Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակի 83-րդ հերթական համարի պատգամավորի թեկնածու Արամայիս Ապրոյանի հետ՝ ընտրությունների ժամանակ նշված կուսակցության օգտին կողմ քվեարկելու համար շուրջ ութ տասնյակ ընտրողների սննդամթերքի տեսքով կաշառք տալու վերաբերյալ: Ինչպես հայտնում են Գլխավոր դատախազությունից, Ա. Ապրոյանի պահանջով նա նախապես ձեռք բերած տարբեր սննդամթերքն, ըստ միևնույն ապրանքատեսակների խմբաքանակի, տեղավորել է մեկական փաթեթներում և հնարավոր բացահայտումից խուսափելու նպատակով կուսակցության Գավառի տարածքային գրասենյակից տեղափոխել Գավառ քաղաքում գտնվող իր բնակարան: Դրանից հետո Ս. Զաքոյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին կողմ քվեարկելու համար նույն գրասենյակի ղեկավար Ա. Ապրոյանի  հետ, նախնական համաձայնությամբ, համաձայն նախապես կազմված ցուցակի և դրանում ընդգրկված ընտրողների հետ նախապես ձեռք բերված պայմանավորվածության, 2021թ. հունիսի 8-ին և 9-ին նշված բնակարան այցելած ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառի տարածաշրջանի 31 ընտրողների տվել է տարբեր տեսակի սննդամթերքի տեսքով կաշառք: Նախաքննության ընթացքում Ա. Ապրոյանին և Ս. Զաքոյանին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով: 2021թ.դեկտեմբերի 17-ին Ս. Զաքոյանի վերաբերյալ մասն անջատվել է քրեական գործից և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Գեղարքունիք մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան: Մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել նաև Ա. Ապրոյանի մասով քրեական գործը: Դատական քննության ընթացքում Ս. Զաքոյանի միջնորդության հիման վրա, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իրավակարգավորումների համաձայն, իրականացվել է համաձայնության վարույթ, որի արդյունքներով դատարանը 2022թ. մայիսի 4-ին կայացրել է մեղադրական դատավճիռ` Ս. Զաքոյանին մեղավոր ճանաչելով իրեն մեղսագրված հանցավոր արարքի կատարման համար: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կարգով պատիժը պայմանականորեն չի կիրառվել՝ չորս տարի ժամկետով փորձաշրջանի սահմանմամբ, միաժամանակ ամբաստանյալի վրա դրվել են ուղղմանը նպաստող այլ պարտականություններ: Ա. Ապրոյանի վերաբերյալ քրեական գործով դատական քննությունը շարունակվում է:
13:21 - 12 մայիսի, 2022
Հեռուստալրագրող Արմինե Ճաղարյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Հեռուստալրագրող Արմինե Ճաղարյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Հեռուստալրագրող Արմինե Ճաղարյանի ողբերգական մահվան դեպքի առթիվ ՀՀ Լոռու մարզի դատախազությունում, ՀՀ ՔԿ Լոռու մարզային վարչությունում նախապատրաստված նյութերի հիման վրա հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի (Անվտանգության պահանջներին չհամապատասխանող աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով: Այս մասին տեղեկացրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: «Քրեական գործը, դեպքի հանգամանքների լիարժեք և համակողմանի պարզմանն ուղղված կոնկրետ գործողություններ կատարելուն ուղղված գրավոր ցուցումով, ուղարկվել է ՀՀ ՔԿ Լոռու մարզային վարչություն՝ նախաքննություն կատարելու համար»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Աբրահամյանը:    
20:23 - 11 մայիսի, 2022
Գագիկ Խաչատրյանին առնչվող քրեական գործի շրջանակներում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցադիմում է ընդունվել վարույթ

Գագիկ Խաչատրյանին առնչվող քրեական գործի շրջանակներում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցադիմում է ընդունվել վարույթ

ՀՀ գլխավոր դատախազության կողմից Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ներկայացված ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումն ընդունվել է վարույթ: Ինչպես հայտնում են Դատախազությունից, համաձայն վերջինիս՝ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին Գալուստ Գրիգորյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել մասնավորապես՝   Երևան քաղաքում գտնվող 1 հասարակական նշանակության տարածք, 2 բնակարան և մեկ ավտոկայանատեղի, մեկ տրանսպորտային միջոց, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքը, որն ընդհանուր կազմում է 1.475.449.400 ՀՀ դրամ, Երևան քաղաքում գտնվող երկու ավտոկայանատեղիի, երկու բնակարանի և երկու տրանսպորտային միջոցի շուկայական արժեքը, որն ընդհանուր կազմում է 590.140.000 ՀՀ դրամ, մասնակցություն մեկ ընկերությունում, վարձակալությունից, օտարումից, փոխառությունից առաջացած գումարներ, որոնք ընդհանուր կազմում են 750.221.142 ՀՀ դրամ, ինչպես նաև 3,722,693,253 ՀՀ դրամի չափով գումար, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել: ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված և քննվող՝ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ, ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գ. Խաչատրյանի և մի շարք այլ անձանց կողմից առերևույթ կատարված յուրացումներին, պաշտոնեական լիազորությունների չարաշահմանը, պաշտոնեական կեղծիքին և փողերի լվացմանը վերաբերող քրեական գործի շրջանակներում Գ. Գրիգորյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-214-րդ հոդվածի 2-րդ մասով և 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքները կատարելու համար: Նշված քրեական գործի նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել վերջինիս ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքերի առկայության մասին, ինչի հիման վրա նախաձեռնվել էր ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ուսումնասիրություն: ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության կողմից այլ գործերով, որոնցով արդեն իսկ կիրառվել են հայցի նախնական ապահովման միջոցներ, շարունակվում են ներկայացվել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցադիմումներ։
10:51 - 11 մայիսի, 2022
Այլազգի մարմնավաճառ կանանց պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու դիտավորությամբ հանցավոր խումբ է ստեղծվել

Այլազգի մարմնավաճառ կանանց պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու դիտավորությամբ հանցավոր խումբ է ստեղծվել

ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի (Պոռնկությամբ զբաղվելուն նպաստելը) 3-րդ մասով հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ այլազգի մարմնավաճառ կանանց պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու դիտավորությամբ մի շարք անձինք ստեղծել են կայուն հանցավոր խումբ: Վերջինիս անդամները հիմնականում առցանց եղանակներով հավաքագրել են ՌԴ, Բելառուսի քաղաքացի մարմնավաճառներ և առաջարկել տարբեր երկրներում, այդ թվում՝ Հայաստանում զբաղվել մարմնավաճառությամբ՝ խոստանալով անընդմեջ ապահովել հաճախորդներով, ինչպես նաև՝ կոնկրետ երկրում ապահովելով բնակության վայրով և անհրաժեշտ պայմաններով՝ դրա դիմաց «վաստակած» գումարների կեսը խմբին փոխանցելու պայմանով: Կազմակերպված խմբի կազմում առցանց եղանակով ընդգրկել են նաև վարձակալությամբ բնակարանների տրամադրմամբ զբաղվող անհատ քաղաքացիների, Երևանում գործող կազմակերպության սեփականատիրոջ ու աշխատակցի, որոնք ստանձնել են ՀՀ ժամանած մարմնավաճառներին՝ պոռնկությամբ զբաղվելու նպատակով բնակարանով ապահովելու պարտականությունը: Կազմակերպված հանցավոր խմբի անդամները հեռահաղորդակցման հարթակներով այլ երկրի քաղաքացի հանդիսացող կանանց հետ վարել են հաղորդագրություններ, իսկ համաձայնության գալուց հետո պահանջել և ստացել են նրանց՝ էրոտիկ բնույթի լուսանկարները, դրանցով անհատական էջեր ստեղծել էսկորտ ծառայությունների մատուցման նպատակ հետապնդող կոնկրետ համացանցային կայքում: Ապա՝ խմբի մի շարք անդամներ կազմակերպել են մարմնավաճառ կանանց ժամանումը, Երևան քաղաքի Կենտրոն թաղամասում գտնվող տարբեր բնակարանները պոռնկությամբ զբաղվելու նպատակով, վարձակալությամբ գումարի դիմաց նրանց տրամադրումը: Հաճախորդները նշված կայքի միջոցով կապ են հաստատել կազմակերպված խմբի անդամների հետ: Վերջիններս հաճախորդների հետ պայմանավորվել են սեռական ծառայությունների մատուցման ժամի և գումարի մասին, ապա դրանք հստակեցնելուց հետո նոր միայն հաճախորդներին փոխանցել են մարմնավաճառներին տրամադրված բնակարանների հասցեները: Վերջիններս այդ հասցեներում ընդունել են հաճախորդներին, նրանցից վերցրել մարմնավաճառության համար 1 ժամի դիմաց 200 ԱՄՆ դոլար, հետագայում ստացված գումարի կեսը փոխանցել հանցախմբի անդամներին: Քրեական գործով մի շարք անձանց մեղադրանք է առաջադրվել կազմակերպված խմբի կազմում պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու համար: Գործի նյութերի ուսումնասիրությունը փաստում է, որ նշված համացանցային կայքին հասանելիությունը ներկայումս էլ շարունակում է հանդիսանալ հանցագործություններին նպաստող հանգամանք, քանի որ անձինք շարունակում են օգտվել կայքից: Ելնելով պոռնկությամբ զբաղվելուն նպաստող պայմանների վերացման անհրաժեշտությունից՝ ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունից միջնորդագրեր են ուղարկվել բջջային հեռահաղորդակցության հայաստանյան երեք ընկերությունների՝ «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի, «Յուքոմ» ՓԲԸ-ի և «Թիմ Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեններին՝ ձեռնարկելու գործուն միջոցներ բաժանորդների հասանելիությունը էսկորտ նպատակներ հետապնդող տվյալ կայքն արգելափակելու համար և ձեռնարկված միջոցառումների և արդյունքների մասին հայտնել ՀՀ գլխավոր դատախազությանը:
17:24 - 10 մայիսի, 2022
Գլխավոր դատախազությունը միջնորդագրեր է ուղարկել հեռահաղորդակցության ոլորտի ընկերություններին՝ արգելափակելու մարմնավաճառության տարածմանը նպաստող կայքը

Գլխավոր դատախազությունը միջնորդագրեր է ուղարկել հեռահաղորդակցության ոլորտի ընկերություններին՝ արգելափակելու մարմնավաճառության տարածմանը նպաստող կայքը

ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 3-րդ  մասով հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ այլազգի մարմնավաճառ կանանց պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու դիտավորությամբ մի շարք անձինք ստեղծել են կայուն հանցավոր խումբ: Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից։ Հանցավոր խմբի անդամները հիմնականում առցանց եղանակներով հավաքագրել են ՌԴ, Բելառուսի քաղաքացի մարմնավաճառներ և առաջարկել տարբեր երկրներում, այդ թվում՝ ՀՀ-ում զբաղվել մարմնավաճառությամբ՝ խոստանալով անընդմեջ ապահովել հաճախորդներով, ինչպես նաև՝ կոնկրետ երկրում ապահովելով բնակության վայրով և անհրաժեշտ պայմաններով՝ դրա դիմաց «վաստակած» գումարների կեսը խմբին փոխանցելու պայմանով: Կազմակերպված խմբի կազմում առցանց եղանակով ընդգրկել են նաև վարձակալությամբ բնակարանների տրամադրմամբ զբաղվող անհատ քաղաքացիների, Երևանում գործող կազմակերպության սեփականատիրոջ ու աշխատակցի, որոնք, ստանձնել են ՀՀ ժամանած մարմնավաճառներին՝ պոռնկությամբ զբաղվելու նպատակով բնակարանով ապահովելու պարտականությունը: Կազմակերպված հանցավոր խմբի անդամները հեռահաղորդակցման հարթակներով այլ երկրի քաղաքացի հանդիսացող կանանց հետ վարել են հաղորդագրություններ, իսկ համաձայնության գալուց հետո պահանջել և ստացել են նրանց՝ էրոտիկ բնույթի լուսանկարները, դրանցով անհատական էջեր ստեղծել էսկորտ ծառայությունների մատուցման նպատակ հետապնդող կոնկրետ համացանցային կայքում: Ապա խմբի մի շարք անդամներ կազմակերպել են մարմնավաճառ կանանց ժամանումը, Երևան քաղաքի Կենտրոն թաղամասում գտնվող տարբեր բնակարանները պոռնկությամբ զբաղվելու նպատակով, վարձակալությամբ գումարի դիմաց նրանց տրամադրումը: Հաճախորդները նշված կայքի միջոցով կապ են հաստատել կազմակերպված խմբի անդամների հետ: Վերջիններս հաճախորդների հետ պայմանավորվել են սեռական ծառայությունների մատուցման ժամի և գումարի մասին, ապա դրանք հստակեցնելուց հետո նոր միայն հաճախորդներին փոխանցել են մարմնավաճառներին տրամադրված  բնակարանների հասցեները: Վերջիններս այդ հասցեներում ընդունել են հաճախորդներին, նրանցից վերցրել մարմնավաճառության համար 1 ժամի դիմաց 200 ԱՄՆ դոլար, հետագայում ստացված գումարի կեսը փոխանցել հանցախմբի անդամներին: Քրեական գործով մի շարք անձանց մեղադրանք է առաջադրվել կազմակերպված խմբի կազմում պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու համար: Գործի նյութերի ուսումնասիրությունը փաստում է, որ նշված համացանցային կայքին հասանելիությունը ներկայումս էլ շարունակում է հանդիսանալ հանցագործություններին նպաստող հանգամանք, քանի որ անձինք շարունակում են օգտվել կայքից: Ելնելով պոռնկությամբ զբաղվելուն նպաստող պայմանների վերացման անհրաժեշտությունից՝  ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունից միջնորդագրեր են ուղարկվել բջջային հեռահաղորդակցության հայաստանյան երեք ընկերությունների՝ «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի, «Յուքոմ» ՓԲԸ-ի և «Թիմ Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեններին՝ ձեռնարկելու գործուն միջոցներ բաժանորդների հասանելիությունը էսկորդ նպատակներ հետապնդող տվյալ կայքն արգելափակելու համար և ձեռնարկված միջոցառումների և արդյունքների մասին հայտնել ՀՀ գլխավոր դատախազությանը:
16:52 - 10 մայիսի, 2022
Ապօրինի գույքի բռնագանձման վարչության դիմումով արգելանք է դրվել Ռուսլան Բաղդասարյանի և կնոջ գույքի վրա |hetq.am|

Ապօրինի գույքի բռնագանձման վարչության դիմումով արգելանք է դրվել Ռուսլան Բաղդասարյանի և կնոջ գույքի վրա |hetq.am|

hetq.am: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում իրականացվում է Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանին և կնոջը՝ Արմինե Հարությունյանին պատկանող գույքի ուսումնասիրություն: Ուսումնասիրության շրջանակներում դատարանը 2022թ. ապրիլի 20-ին կիրառել է հայցի ապահովման միջոցներ: Արգելվել է դատախազությանը հետաքրքրություն ներկայացնող գույքերի տնօրինման հետ կապված որևէ գործողության կատարումը, ինչպես նաև արգելանք է դրվել շահագրգիռ անձանց պատկանող որոշակի գույքերի վրա։ Ինչպես մյուս դեպքերում, այս ուսումնասիրության շրջանակներում ևս Գլխավոր դատախազությունը չի բացահայտում, թե խոսքը որ գույքերին է վերաբերում: Քանի որ ուսումնասիրության վարույթը չի ավարտվել, դատախազությունը պատճառաբանում է, որ շահագրգիռ անձանց բացատրությունների հիման վրա կարող է փոփոխվել գույքի շրջանակը, ուստի նպատակահարմար չէ մատնանշել բռնագանձվող գույքի կազմը: Նշենք, որ ուսումնասիրությունը սկսվել է 1,5 տարի առաջ՝ 2020թ. հոկտեմբերի 7-ին: Այն իրականացվում է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով, այն է՝ «հարուցված քրեական գործով անձը որպես մեղադրյալ է ներգրավվել սույն օրենքով նախատեսված հանցագործություններից որևէ մեկի կատարման համար, և առկա են բավարար հիմքեր՝ կասկածելու, որ առկա է ապօրինի ծագում ունեցող գույք»: Շարունակությունը՝ hetq.am-ում
12:59 - 10 մայիսի, 2022
Զոհված զինծառայողների մի խումբ ծնողների բողոքը Դատախազությանն ու դրա հետագա ընթացքը․ ամփոփ

Զոհված զինծառայողների մի խումբ ծնողների բողոքը Դատախազությանն ու դրա հետագա ընթացքը․ ամփոփ

ՀՀ քննչական կոմիտեն վարույթ է ընդունել ՊՆ ռազմական վերահսկողության ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանի հարցազրույցի հիման վրա հարուցված, 44-օրյա պատերազմին առնչվող քրեական գործը։ Այս մասին Infocom-ի հարցին ի պատասխան՝ տեղեկացրեց Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադեւոսյանը։ Հիշեցնենք՝ այդ քրեական գործը հարուցվել է 2020 թ․ նոյեմբերի 21-ին ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետեւանքներ)։ Հետագայում դրան միացվել է նաեւ Փաստաբանների պալատի նախկին նախագահ, այժմ՝ «Զարթոնք» կուսակցության նախագահ Արա Զոհրաբյանի հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործը։ Դրանով քննության առարկա են պատերազմից առաջ եւ դրա ընթացքում ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից հնարավոր կատարված այնպիսի արարքները, որոնք բացասական նշանակություն են ունեցել զինված ուժերի մարտունակության հարցում եւ ազդել պատերազմի արդյունքի վրա։ Ինչպես հայտնի է, ապրիլի 13-ին՝ Ազգային ժողովում ելույթ ունենալիս, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պատերազմը հնարավոր էր կանխել, ինչի արդյունքում կլիներ նույն իրավիճակը, սակայն առանց զոհերի։ Փաշինյանի այս հայտարարությունը զոհված զինծառայողների մի շարք ծնողների վրդովմունքի պատճառ դարձավ, ինչին հաջորդեցին բողոքի ակցիաներ՝ Գլխավոր դատախազության շենքի դիմաց։ Օրեր շարունակ զոհվածների հարազատները բարձրացրին իրենց դժգոհությունը՝ նաեւ Փաշինյանի դեմ հանցագործության մասին հաղորդում ներկայացնելով եւ պահանջելով նրան կալանավորել։ Դատախազության բակում նրանց ընդունեցին եւ լսեցին Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, նրա խորհրդական Գոռ Աբրահամյանը, Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրկնականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազ Արմեն Մուրադյանը։ Ապրիլի 22-ին՝ լրագրողների հետ ճեպազրույցում, Արթուր Դավթյանը հայտնեց, որ ծնողների հաղորդումն ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե՝ պատերազմին առնչվող այնտեղ քննվող քրեական գործի շրջանակում քննարկման առարկա դարձնելու նպատակով։ Իսկ ապրիլի 27-ին Գլխավոր դատախազությունը հաղորդեց, որ նախորդ օրը ծնողները նաեւ միջնորդություն են ներկայացրել՝ իրենց զոհված որդիներին այդ գործով տուժող, իսկ իրենց՝ տուժողի իրավահաջորդ ճանաչելու վերաբերյալ։ Հսկող դատախազը միջնորդությունն ուղարկեց Հակակոռուպցիոն կոմիտե՝ քննիչին ցուցում տալով այն բավարարել։ Ծնողների այդ միջնորդությանը զուգահեռ Փաստաբանների պալատի նախկին նախագահ, այժմ՝ «Զարթոնք» կուսակցության նախագահ Արա Զոհրաբյանն առանձին պահանջ ներկայացրեց նույն գործով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ պաշտոնեական լիազորությունները անցնելու հոդվածներով որպես մեղադրյալ ներգրավվելու մասին։ Հսկող դատախազը դա եւս ուղարկեց Հակակոռուպցիոն կոմիտե՝ օրենքով սահմանված կարգով քննարկելու նպատակով։ 5 օր անց՝ մայիսի 3-ին, Հակակոռուպցիոն կոմիտեից տեղեկացանք, որ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավվելու միջնորդության լուծումը քննիչը հետաձգել է, մինչեւ որոշում ընդունելու համար էական հանգամանքների պարզումը, իսկ զինծառայողներին՝ տուժող եւ նրանց ծնողներին տուժողի իրավահաջորդ ճանաչելու մասին ցուցումի դեմ՝ առարկություն ներկայացրել։ Մայիսի 4-ին Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն էլ մեզ հայտնեց՝ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի որոշմամբ 44-օրյա պատերազմին առնչվող քրեական գործը վերցվել է Հակակոռուպցիոն կոմիտեից եւ հանձնվել Քննչական կոմիտեին։ Դավթյանը նման որոշում է կայացրել գործի լրիվ, օբյեկտիվ եւ բազմակողմանի քննությունն ապահովելու նպատակով։ Պարզ դարձավ նաեւ, որ դատախազը չի ընդունել քննիչի առարկությունը եւ զոհված զինծառայողներին ճանաչել է տուժող։ Ինչ վերաբերում է Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու միջնորդության լուծման հետաձգմանը, Դատախազությունն այն չի վերացրել։ Այսպիսով, պատերազմին առնչվող քրեական գործով նախաքննությունն այսուհետ կիրականացնի Քննչական կոմիտեն։   Միլենա Խաչիկյան
18:03 - 06 մայիսի, 2022
Կալանքի միջնորդության մերժման դատարանի անհիմն որոշման արդյունքում մեղադրյալը թաքնվել է քննությունից և առերևույթ նոր հանցագործություն կատարել

Կալանքի միջնորդության մերժման դատարանի անհիմն որոշման արդյունքում մեղադրյալը թաքնվել է քննությունից և առերևույթ նոր հանցագործություն կատարել

Արձանագրվել է կալանավորման ակնառու հիմքերի և պայմանների առկայությամբ դատարանի կողմից այդ խափանման միջոցի կիրառման միջնորդությունն անհիմն և անհամաչափ կերպով մերժելու և դրա պատճառով մեղադրյալի ազատության մեջ մնալու արդյունքում կոնկրետ հանցավոր հետևանքների առաջացման հերթական դեպքը: Այս մասին նշված է Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության մեջ, որտեղ ասվում է, որ 2016-2018թթ. ընթացքում Շիրակի մարզի Արթիկ քաղաքի և Արևաշատ գյուղի բնակիչների կողմից տրված հաղորդումների հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 6-րդ կետերի հատկանիշներով հարուցված քրեական գործերի՝ մեկ վարույթում իրականացված նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Արագածոտնի մարզի Գեղադիր գյուղի նախկին բնակիչ, հետագայում ՌԴ-ում հաստատված և այնտեղ գործունեություն ծավալած Կ.Գ,-ն, ՀՀ-ում բնակվող եղբոր օգնությամբ ՀՀ 6 քաղաքացիների շահագործման նպատակով հավաքագրել է Հայաստանում, տեղափոխել ՌԴ և այնտեղ ենթարկել աշխատանքային շահագործման՝ թրաֆիքինգի: Այդ անձանցից մեկի դեպքում գործողությունները զուգորդվել են նրա կյանքի համար վտանգավոր բռնություն կիրառելու սպառնալիքով: Վերոնշյալ արարքները կատարելու համար 2021թ. դեկտեմբերի 6-ին որոշում է կայացվել  Կ. Գ.-ին  ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 4-րդ և 6-րդ կետերով որպես մեղադրյալ ներգրավելու մասին:  Ոստիկանությունից ստացված նյութերի ուսումնասիրությունից պարզ է դարձել, որ դեռևս 2021թ. հուլիսի 7-ին հանցավոր այդ արարքներից տուժած քաղաքացիներից մեկը դիմել է ՀՀ ոստիկանություն՝ հայտնելով, որ իրեն հանդիպել է Կ.Գ.-ի եղբայրը և առաջարկել վճարել Կ. Գ.-ի կողմից իրեն չվճարված պարտքի՝ 180.000 ՌԴ ռուբլի գումարը՝ պայմանով, որ ինքը պետք է հրաժարվի իր բողոքից, ինչին ինքը չի համաձայնվել: Վերոնշյալը քաղաքացին վերահաստատել է 08.12.2021թ. որպես տուժող տված ցուցմունքով: Քրեական գործում առկա են նաև տվյալներ այն մասին, որ մեղադրյալը, տեղեկանալով ՀՀ-ում իր դեմ հաղորդում ներկայացվելու մասին, հաղորդում տված անձի՝ իր մոտ ՌԴ-ում գտնվող 2 հարազատներին ստիպել է  նոտարական վավերացմամբ փոխառության պայմանագիր կնքել իր հետ՝ հորինված 500.000 ՌԴ ռուբլի պարտքով տրամադրելու վերաբերյալ՝ խոստանալով այն պատռել Հայաստանում իրավապահ մարմիններին ներկայացված բողոքից հրաժարվելու դեպքում: Բացի այդ, նրա պահանջով այդ անձինք, բռնության ենթարկվելու մտավախությունից ելնելով, գրել են ստացականներ՝ աշխատավարձներն ամբողջությամբ ստանալու վերաբերյալ: Այսինքն, քրեական գործով արդեն իսկ առկա են եղել փաստական տվյալներ՝ մեղադրյալի կողմից տուժողների, վկաների վրա անօրինական ազդեցության գործադրման մասին:  2021թ. դեկտեմբերի 9-ին վարույթն իրականացնող քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ մեղադրյալ Կ. Գ.-ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ: Սակայն դատարանի 2021թ. դեկտեմբերի 10-ի որոշմամբ այն մերժվել է: Նույն օրը մեղադրյալ Կ. Գ.-ի  նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը։ ՀՀ վերաքննիչ դատարանը հետագայում որոշմամբ մերժել է այդ ակտի դեմ դատախազի բերած վերաքննիչ բողոքը, ինչի դեմ  ներկայացվել է վճռաբեկ բողոք, որն ընթացքի մեջ է: Առաջին ատյանի դատարանը կալանքի միջնորդությունը մերժել է այն ամենահիմնական պատճառաբանությամբ, որ քննությանը խոչընդոտելու, մեղադրյալի ազատության մեջ գտնվելու դեպքում քրեական օրենքով չթույլատրված արարք կատարելու հնարավորության վերաբերյալ քննիչի  հետևությունները զուտ ենթադրություններ են, փաստարկված չեն քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալներով: ՀՀ վերաքննիչ դատարանը, մերժելով դատախազության բողոքը և անփոփոխ թողնելով Առաջին ատյանի դատարանի որոշումը, արձանագրել է, որ վերջինիս եզրահանգումներն իրավաչափ են և կայացվել է օրինական և պատճառաբանված որոշում։ Ըստ էության, դատարաններն անտեսել են այն, որ Կ. Գ.-ին մեղսագրվել է անձի ազատության դեմ ուղղված առանձնապես ծանր հանցագործություն, որի համար պատիժ է նախատեսված ազատազրկման ձևով՝ 7-ից 12 տարի ժամկետով: Հաշվի չեն առել նաև հանցագործության կատարման եղանակը, մեղադրյալի՝ ազատության մեջ հայտնվելով անձամբ կամ այլոց, այդ թվում եղբորն օգտագործելով դեպքին մասնակից մյուս անձանց, ինչպես նաև ականատես վկաների նկատմամբ անօրինական ազդեցություն գործադրելու՝ միջնորդությամբ ներկայացված վերոնշյալ առավել քան խոսուն փաստական տվյալները: Անտեսվել է նաև այն իրողությունը, որ մեղադրյալը հանդիսանում է ՌԴ քաղաքացի, այնտեղ ծավալում է տնտեսական գործունեություն և ազատության մեջ գտնվելով, ՌԴ-ում օգտագործելով իր կապերը, կարող է թաքնվել քննությունից, խուսափել  քրեական պատասխանատվությունից: Արդյունքում իրականացված օպերատիվ-հետախուզական աշխատանքների արդյունքում Կ.Գ.-ին հնարավոր չի եղել հայտնաբերել, և 29.03.2022թ. որոշում է կայացվել հետախուզում հայտարարելու մասին և նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն է ներկայացվել դատարան, որը բավարարվել է։ Հետագայում պարզվել է, որ մեղադրյալն ապօրինի լքել է ՀՀ պետական սահմանը և 2022թ. ապրիլի 18-ին հայտնաբերվել է ՌԴ-ում և վերցվել արգելանքի։ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը միջնորդություն է ներկայացրել ՀՀ արդարադատության նախարարին՝ խափանման միջոց կալանքի վերաբերյալ առաջին միջնորդությունը մերժելու վերաբերյալ որոշումը կայացրած Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորին, օրենքով նախատեսված լիազորություններ իրականացնելիս թույլ տված նյութական և դատավարական օրենքի կոպիտ խախտումներ կատարելու հիմքով, կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով իրավասու մարմնին դիմելու համար: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  
17:25 - 06 մայիսի, 2022
Աղվան Հովսեփյանը կմնա կալանքի տակ. դատարանը մերժեց պաշտպանների միջնորդությունը |news.am|

Աղվան Հովսեփյանը կմնա կալանքի տակ. դատարանը մերժեց պաշտպանների միջնորդությունը |news.am|

news.am: Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝  նախագահությամբ դատավոր Մնացական Մարտիրոսյանի, այսօր՝ մայիսի 6-ին, մերժեց ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանին գրավի դիմաց կալանքից ազատելու մասին պաշտպանների միջնորդությունը՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ։  Պաշտպաները նշել էին, որ քրեական գործում առկա չէ տվյալ, որով կհիմնավորվեր գործին խոչընդոտելու հավանականությունը։ Ըստ նրանց՝ Աղվան Հովսեփյանին կալանքի տակ պահելն ինքնանպատակ է, իսկ քրեական գործը կառուցված է բացառապես երկու անձի ամբիցիաների հիման վրա։ Ըստ մեղադրանքի՝ քրեական գործով ձեռք բերված ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Աղվան Հովսեփյանը, 2004-2013թթ. զբաղեցնելով ՀՀ գլխավոր դատախազի, իսկ 2014-2018թթ.՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնները, չնայած օրենքով սահմանված արգելքին, 2007-2015թթ. մասնակցել է իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող Ա. Ս.-ի հիմնադրած կազմակերպությունների կառավարմանը, ինչը կապված է եղել այդ կազմակերպություններին արտոնություններ եւ առավելություններ տրամադրելու եւ այլ ձեւով հովանավորելու հետ: Նշված ապօրինի գործունեության արդյունքում Աղվան Հովսեփյանը հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացրել է: Հակակոռուպցիոն կոմիտեի փոխանցմամբ՝ 2008թ.-ից Աղվան Հովսեփյանն Ա. Ս.-ի միջոցով նույն կերպ մասնակցել է ավտոմեքենաների անվադողերի ներմուծմամբ եւ վաճառքով զբաղվող ընկերությունների կառավարմանը: Աղվան Հովսեփյանը, օգտագործելով պաշտոնից բխող կապերն ու ազդեցությունը, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության տնօրենի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել, որպեսզի հիշյալ ընկերության բեռնատար ավտոմեքենաների համար անհրաժեշտ անվադողերը գնվեն իր ներկայացրած անձանցից ու ընկերություններից: Արդյունքում` 2008-2015թթ. ընթացքում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությանը մատակարարվել են ընդհանուր շուրջ 7 մլրդ դրամի անվադողեր: Նախաքննությամբ պարզվել է նաեւ, որ նույն ժամանակաշրջանում Աղվան Հովսեփյանը ապօրինի մասնակցել է Ա. Ս.-ի կողմից հիմնադրված եւս երկու ընկերության կառավարմանը, վերահսկել դրանց ֆինանսական գործունեությունը: Մասնավորապես` նշված ընկերություններին պատկանող «Վարդահովիտ» եւ «Վայոց» փոքր հիդրոէլեկտրակայաններին ջրօգտագործման թույլտվություններ անխոչընդոտ տրամադրելու համար Աղվան Հովսեփյանը, օգտագործելով պաշտոնեական դիրքը, դիմել է ոլորտում քաղաքականություն մշակող եւ իրականացնող լիազոր մարմնի բարձրաստիճան պաշտոնատար անձանց, ինչի արդյունքում հիշյալ ընկերություններին տրամադրվել են փոքր հէկերի կառուցման եւ շահագործման համար ջրօգտագործման թույլտվություններ: Հովսեփյանին վերագրվում է նաեւ այլ ենթադրյալ հանցավոր արարքների կատարում:
10:33 - 06 մայիսի, 2022
Դատավորներ Գևորգ Նարինյանն ու Արա Կուբանյանը հայտարարեցին, թե չեն ճանաչում իրենց վերաբերյալ քրեական գործով տուժողին

Դատավորներ Գևորգ Նարինյանն ու Արա Կուբանյանը հայտարարեցին, թե չեն ճանաչում իրենց վերաբերյալ քրեական գործով տուժողին

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն եւ Նորք Մարաշ նստավայրում այսօր կայացավ Սնանկության դատարանի՝ լիազորությունները կասեցված դատավորներ Գեւորգ Նարինյանի եւ Արա Կուբանյանի եւ եւս երկու անձի վերաբերյալ քրեական գործով առաջին դատական նիստը։ Այն նախագահում էր դատավոր Ջոն Հայրապետյանը։ Վերջինս մի քանի օր է, ինչ տեղափոխվել է Երեւան, մինչ այդ նա դատավոր էր Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում։ Սնանկության դատարանի դատավոր Գեւորգ Նարինյանը, հիշեցնենք, մեղադրվում է ապօրինի հարստանալու, հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու կամ կեղծելու, առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման, ինչպես նաեւ՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն եւ հրապարակային սակարգությունների անցկացման կարգը չարամտորեն խախտելուն դրդելու, իսկ մյուս դատավոր Արա Կուբանյանը՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, ինչն առաջացրել է ծանր հետեւանքներ։ Գործով անցնող մյուս անձինք՝ Տիգրան Մարտիրոսյանը, մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն օժանդակելու, իսկ Աշոտ Խատատրյանը՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն օժանդակելու եւ հրապարակային սակարգությունների իրականացման կարգը խախտելու համար։ Ըստ մեղադրական եզրակացության՝ դատավոր Գեւորգ Նարինյանը, տեղեկանալով քաղաքացիական գործերից մեկով անհատ ձեռներեց Սիմոն Աղեկյանին սնանկ ճանաչելու գործընթացի մասին, նպատակ է ունեցել նրան պատկանող անշարժ գույքը՝ բնակարանը, ձեռք բերել հնարավորինս էժան գնով, ինչի համար իրենից որոշակի ծառայողական կախվածության մեջ գտնվող սնանկության կառավարիչ Աշոտ Խաչատրյանին դրդել է խախտել հրապարակային սակարգությունների անցկացման կարգը, իսկ նույն դատարանի իր մտերիմ դատավոր Արա Կուբանյանին՝ պաշտոնեական լիազորությունները ծառայության շահերին հակառակ օգտագործել, ինչի ընթացքում նրանց օժանդակել է նաեւ Նարինյանի ազգական Տիգրան Մարտիրոսյանը։ Արդյունքում, ըստ մեղադրանքի, կայացվել է դատական ակտ, տրվել է կատարողական թերթ, որով Աղեկյանը պարտավորվել է իր կենցաղային իրերը դուրս բերել աճուրդի դրված եւ վաճառված անշարժ գույք հանդիսացող բնակարանից։ Դեռ երկու տարի առաջ դեպքի մասին հաղորդելիս ԱԱԾ-ն նաեւ հայտնել էր, որ տուժած քաղաքացին ՀՀ կառավարության շենքի դիմաց ինքնահրկիզման փորձ է կատարել՝ դժգոհելով թույլ տրված չարաշահումներից եւ դրա արդյունքում իր ունեզրկման փաստից: Հայտնի է, որ դատավորներ Նարինյանն ու Կուբանյանը չեն ընդունել իրենց առաջադրված մեղադրանքները։  Լուսանկարում՝ Արա Կուբանյանը, աղբյուրը՝ helpcourt.am Այսօրվա դատական նիստի սկզբում դատավոր Ջոն Հայրապետյանը կողմերին տեղեկացրեց զանգվածային լրատվության միջոցների ներկայության մասին՝ ճշտելով նրանց դիրքորոշումը նիստի տեսա եւ լուսանկարահանման  վերաբերյալ։ Մեղադրող դատախազ Արամ Արամյանը առարկություն չներկայացրեց, իսկ պաշտպանական կողմն ամբողջությամբ առարկեց տեսա եւ լուսանկարահանման դեմ։ Գործով տուժող ճանաչված քաղաքացի Սիմոն Աղեկյանն էլ հայտարարեց, որ ցանկանում է՝ լրատվամիջոցները նկարահանեն, եւ հանրությունը տեղյակ լինի այս դատավարության մասին։ Լսելով կողմերին՝ դատավորը որոշեց թույլատրել տեսա եւ լուսանկարահանել դատական նիստի առաջիկա 5 րոպեն միայն՝ պայմանով, որ ամբաստանյալները կադրում չերեւան։ Այնուհետեւ դատախազ Արամ Արամյանը դատարանին ներկայացրեց Գլխավոր դատախազի գրությունը, որով վերջինս լիազորում է իրեն այս գործով իրականացնել մեղադրանքի պաշտպանություն։ Լիազորագրի անհրաժեշտությունը պայմանավորված էր այն հանգամանքով, որ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 51-րդ հոդվածի համաձայն՝ դատավորի նկատմամբ քրեական հետապնդման հարուցումը եւ տվյալ գործով մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատախազական հսկողությունն իրականացնում է գլխավոր դատախազը կամ նրա հանձնարարությամբ` տեղակալը։ Այսինքն՝ Արամ Արամյանը, ով ԱԱԾ մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալն է, նախաքննության փուլում գործով ներգրավված չի եղել։ Պաշտպանական կողմը դատախազին բացարկի միջնորդության այսօր չներկայացրեց, միայն Նարինյանի պաշտպան Լուսինե Սահակյանը տեղեկացրեց, որ հնարավոր է՝ որոշ հարցեր ճշտելուց հետո ներկայացնեն։ Ինչ վերաբերում է դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելուն, Սահակյանը դարձյալ նշեց, որ այս պահին նման միջնորդություն չունեն։ Չունեին նաեւ մյուս ամբաստանյալների պաշտպանները։ Անդրադառնալով ամբաստանյալներին՝ դատավորը ճշտեց նրանց ինքնությունը։ Ըստ այդմ, Գեւորգ Նարինյանը հայտնեց, որ ՀՀ քաղաքացի է, ամուսնացած, խնամքին ունի 2 երեխա, որոնցից մեկը՝ մինչեւ 14 տարեկան։ Արա Կուբանյանը հայտնեց, որ ՀՀ քաղաքացի է, ծնվել է Երեւանում, խնամքին ունի 2 ծնող եւ 3 անչափահաս երեխա։ Աշոտ Խաչատրյանը եւս ՀՀ քաղաքացի է, ամուսնացած, ունի բարձրագույն կրթություն, չունի դատվածություն։ Տիգրան Մարտիրոսյանն էլ ՀՀ քաղաքացի է, խնամքին ունի 2 անչափահաս երեխա, 3-րդ էլ ամռանն է լույս աշխարհ գալու։ Տուժող Սիմոն Աղեկյանի ինքնությունը ճշտելու համար դատարանն ընդմիջում հայտարարեց։ Բանն այն է, որ Աղեկյանի անձը հաստատող փաստաթուղթը նրա մոտ չէր, եւ նախագահող դատավորը ընդմիջման վրա ժամանակ չծախսելու համար նրան նույնականացնող տվյալների վերաբերյալ մի քանի հարց տվեց, որից հետո նաեւ պաշտպանական կողմից հետաքրքրվեց՝ նրանք ճանաչո՞ւմ են Աղեկյանին, արդյո՞ք նա այն նույն տուժողն է, որի հետ նախաքննության փուլում առերեսվել են։ Ամբաստանյալները, սակայն, հայտարարեցին, թե չեն առերեսվել եւ չեն ճանաչում։ Ի պատասխան՝ տուժող Աղեկյանը հայտնեց՝ ինքն առերեսվել է ե՛ւ Տիգրան Մարտիրոսյանի, ե՛ւ Աշոտ Խաչատրյանի հետ։ Դատավորը լրացուցիչ հարց հղեց նրանց՝ Քննչականում չե՞ն տեսել տուժողին, սակայն նրանք դարձյալ բացասական պատասխան տվեցին։ Վայրկյաններ անց, երբ նիստն արդեն ընդմիջվել էր, Աշոտ Խաչատրյանը, ամեն դեպքում, ասաց, որ ինքը ճանաչում է տուժողին։ Լուսանկարում՝ գործով տուժող Սիմոն Աղեկյանը Նիստը վերսկսելուց հետո, երբ անձնագիրն արդեն ներկայացվել էր, նախագահող դատավորը հայտնեց, որ տուժող Սիմոն Աղեկյանը ավելի վաղ դիմում է ներկայացրել դատարան՝ տեղեկացնելով, որ չունի իրավաբանական կրթություն եւ բավարար միջոցներ, որպեսզի փաստաբան վարձի։ Նա տուժողին պարզաբանեց՝ եթե բավարարում է համապատասխան չափանիշներին, կարող է դիմել Հանրային պաշտպանի գրասենյակ, եւ նրան փաստաբան կտրամադրվի պետության միջոցներին հաշվին։ Տուժողը ցանկացավ հայտարարությամբ հանդես գալ՝ եւս մեկ անգամ շեշտելով, որ բոլոր ամբաստանյալներն իրեն լավ ճանաչում են։  Ամբաստանյալների պաշտպանների ինքնությունը ճշտելուց հետո նախագահող դատավորը ստիպված էր հետաձգել դատական նիստը, քանի որ Տիգրան Խաչատրյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը չէր մասնակցում նիստին երկրում չլինելու պատճառաբանությամբ, իսկ Խաչատրյանը առարկեց առանց նրա նիստը շարունակելու դեմ։ Տուժող Սիմոն Աղեկյանը դատարանին խնդրեց ստուգել՝ արդյո՞ք Պետրոսյանը իսկապես բացակայում է երկրից թե՞ ձեւականորեն չի ներկայանում (քանի որ իրեն հայտնի էին այլ փաստաբանների կողմից ձեւականորեն չներկայանալու դեպքեր), սակայն նախագահող դատավոր Ջոն Հայրապետյանը հայտնեց, որ դրա անհրաժեշտությունը չի տեսնում՝ ընդգծելով, որ փաստաբանը ՀՀ-ում արտոնագրված անձ է։ Լուսանկարում՝ Գեւորգ Նարինյանը, աղբյուր՝ dataran.am Նախքան նիստը հետաձգելը ամբաստանյալ Գեւորգ Նարինյանին դատավորը տեղեկացրեց, որ դատական քննություն նշանակելու որոշմամբ վերջինիս նկատմամբ խափանման միջոց է ընտրել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը․  «Այն, ինչ Դուք բարձրաձայնեցիք, պարզ է, սակայն պարզ չեն դրա հիմքերն ու ընտրելու անհրաժեշտությունը »,- հայտարարեց Նարինյանը։ Նրա պաշտպան Երվանդ Վարոսյանը հետաքրքրվեց՝ նման միջնորդությամբ դատախա՞զն է հանդես եկել, ինչին ի պատասխան՝ դատավորը հայտնեց, որ այդպիսի միջնորդություն չի եղել, ինքը սեփական նախաձեռնությամբ է խափանման միջոց ընտրել։ Դատավորը պարզաբանեց, որ ի թիվս այլնի, հաշվի է առել նաեւ Վերաքննիչ դատարանի նախկինում կայացրած այն որոշումը, որով վերջինս, թեեւ մերժել էր Նարինյանի կալանավորման ժամկետը երկարաձգելու միջնորդությունը, սակայն միաժամանակ արձանագրել էր, որ առկա է վարույթին խոչընդոտելու հիմք․  «Եվ նյութերում չկա որեւէ տվյալ, որ դատական ակտն այդ մասով բողոքարկվել է, ուստի առկա է այդ մասով օրինական ուժի մեջ մտած դատական ակտ »,- նշեց նա։ Պաշտպան Լուսինե Սահակյանն էլ կարծիք հայտնեց, թե դատավորը իրավունք չուներ նման որոշում կայացնելու, եւ այն որակեց չպատճառաբանված․  «Գտնում ենք, որ դատարանը մեղադրողի ֆունկցիա է վերցրել՝ առանց դատախազի կողմից նման միջնորդություն ներկայացնելու խափանման միջոց ընտրելով, չլսելով մեր պաշտպանյալին եւ մեզ, ինչը, բնականաբար, պետք է արվեր»։ Սահակյանն ընդգծեց, որ Վերաքննիչ դատարանի որոշումը, որին դատավորը հղում է արել, կայացվել է նախաքննության փուլում՝ մոտ մեկ ու կես տարի առաջ․  «Եվ եթե նույնիսկ Վերաքննիչ դատարանը նման ռիսկ տեսել է, տեսել է նախաքննության ընթացքում՝ տարի ու կես առաջ, բայց նախաքննությունն ավարտվել է, գործը ուղարկվել է դատարան, եւ դատարանը այս փուլում նման որոշում կայացնելիս պիտի դա հաշվի առներ»,- ասաց նա՝ հայտարարելով, որ որոշումը ստանալուն պես կբողոքարկեն։ Նարինյանն էլ իր հերթին նշեց, որ օբյեկտիվ իրականության մեջ չի կարող լինել որեւէ ապացույց, որ ինքը կալանավորումից հետո որեւէ կերպ խոչընդոտած լինի գործի քննությանը։  Հաջորդ դատական նիստը նշանակվեց մայիսի 13-ին։   Գլխավոր լուսանկարում՝ դատավոր Ջոն Հայրապետյանը Միլենա Խաչիկյան  
20:14 - 05 մայիսի, 2022
Գլխավոր դատախազի որոշմամբ պատերազմին առնչվող քրեական գործը վերցվել է Հակակոռուպցիոն կոմիտեից և հանձնվել ՔԿ-ին

Գլխավոր դատախազի որոշմամբ պատերազմին առնչվող քրեական գործը վերցվել է Հակակոռուպցիոն կոմիտեից և հանձնվել ՔԿ-ին

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի որոշմամբ 44-օրյա պատերազմին առնչվող քրեական գործը վերցվել է Հակակոռուպցիոն կոմիտեից եւ հանձնվել Քննչական կոմիտեին։ Այս մասին Infocom-ի հարցին ի պատասխան՝ տեղեկացրեց Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը՝ հավելելով, որ դատախազը նման որոշում է կայացրել գործի լրիվ, օբյեկտիվ եւ բազմակողմանի քննությունն ապահովելու նպատակով։ Նրա խոսքով՝ գլխավոր դատախազը առաջնորդվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով եւ 190-րդ հոդվածի 1-ին մասով։  Նշենք, որ 53-րդ հոդվածը սահմանում է, որ նախաքննության եւ հետաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնելով` դատախազի բացառիկ լիազորությունն է, ի թիվս այլնի, նաեւ քրեական գործը նույն օրենսգրքի 190-րդ հոդվածով սահմանված նախաքննության մի մարմնից նախաքննության մեկ այլ մարմնին հանձնելը` բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննություն ապահովելու նպատակով։ Իսկ 190-րդ հոդվածը սահմանում է գործերի քննչական ենթակայությունը, այսինքն՝ թե որ հոդվածով հարուցված քրեական գործը նախաքննական որ մարմնում կարող է քննվել։ Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, զոհված զինծառայողների մի խումբ ծնողների պահանջի հիման վրա ապրիլի 26-ին Գլխավոր դատախազությունը ցուցում էր տվել Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչին՝ զոհված զինծառայողներին գործով տուժող, իսկ նրանց ծնողներին՝ տուժողի իրավահաջորդ ճանաչելու մասին։ Միեւնույն ժամանակ փաստաբան Արա Զոհրաբյանի կողմից ներկայացվել էր առանձին պահանջ՝ նույն գործով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ պաշտոնեական լիազորությունները անցնելու հոդվածներով որպես մեղադրյալ ներգրավվելու մասին, որը հսկող դատախազն ուղարկել էր Հակակոռուպցիոն կոմիտե՝ քննարկելու նպատակով: Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավվելու միջնորդության լուծումը Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչը հետաձգել էր, մինչեւ որոշում ընդունելու համար էական հանգամանքների պարզումը, իսկ զինծառայողներին՝ տուժող եւ նրանց ծնողներին տուժողի իրավահաջորդ ճանաչելու մասին ցուցումի դեմ առարկություն էր ներկայացրել։  Գոռ Աբրահամյանը մեր զրույցում տեղեկացրեց, որ դատախազը վերացրել է քննիչի առարկությունը  եւ որոշում կայացրել 27 զոհված զինծառայողի տուժող ճանաչելու մասին, քանի որ պատշաճ կերպով այդ միջնորդություններն են ներկայացված եղել․ «Իսկ տուժողի իրավահաջորդ ճանաչելու ընթացակարգն արդեն վարույթն իրականացնող մարմնի (տվյալ դեպքում՝ Քննչական կոմիտեի,- հեղ․) շրջանակում կլինի»,- նշեց նա։ Ինչ վերաբերում է Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու միջնորդության լուծման հետաձգմանը, Դատախազությունն այն չի վերացրել։ Հիշեցնենք՝ քրեական գործը, որի մասին խոսվում է, հարուցվել է 2020 թ․ նոյեմբերի 21-ին ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետեւանքներ)։ Քրեական գործը հարուցվել է ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողության ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանի հարցազրույցի հիման վրա ՀՀ ՀՔԾ-ում, որին հետագայում միացվել է նաեւ Փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանի հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործը։ Դրանցով քննության առարկա են պատերազմից առաջ եւ դրա ընթացքում ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից հնարավոր կատարված այնպիսի արարքները, որոնք բացասական նշանակություն են ունեցել զինված ուժերի մարտունակության հարցում եւ ազդել պատերազմի արդյունքի վրա։   Միլենա Խաչիկյան
21:38 - 04 մայիսի, 2022
Կոտայքի մարզում ապօրինի օտարված անտառային հողատարածքը կվերադարձվի պետությանը

Կոտայքի մարզում ապօրինի օտարված անտառային հողատարածքը կվերադարձվի պետությանը

ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը կայացրած վճռով բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության կողմից ներկայացված հայցն ընդդեմ Կոտայքի մարզպետարանի և օրենսդրության խախտմամբ իրականացված աճուրդով ձեռք հողամաս բերած անձի։ Այս մասին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազությունից։ ««Հետք» էլեկտրոնային թերթի 2018թ. սեպտեմբերի 28-ի «Պաշտոնյաները Ծաղկաձորում 60 հա անտառ են սեփականաշնորհել» վերտառությամբ հրապարակման հիման վրա հարուցված քրեական գործի շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազությունը, հայտնաբերելով պետական շահերի խախտման փաստը, 2019-2020թթ. պետական շահերի պաշտպանության հայց է ներկայացրել դատարան ընդդեմ ՀՀ Կոտայքի մարզպետարանի և մյուսների, որոնց շրջանակներում վիճարկել է Կոտայքի մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող թվով 25 հողամասի վերաբերյալ 2007թ.կայացված աճուրդները՝ պահանջելով կիրառել հետևանքներ: ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը կայացրած վճռով բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության կողմից ներկայացված հայցն ընդդեմ Կոտայքի մարզպետարանի և նշված հողամասերից մեկը օրենսդրության խախտմամբ իրականացված աճուրդով ձեռք բերած Զ. Գ.-ի: Մասնավորապես, դատարանի վճռով անվավեր է ճանաչվել 26.05.2007թ. կայացած այդ հողամասի աճուրդը և որպես դրա հետևանք՝ անվավեր է ճանաչվել նաև Կոտայքի մարզպետի և նշված անձի միջև 31.05.2007թ. կնքված հողամասի առուվաճառքի պայմանագիրը, դրա հիման վրա 0,55 հա տվյալ հողամասի նկատմամբ անձի սեփականության իրավունքի պետական գրանցումը»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ըստ աղբյուրի՝ դատարանը քաղաքացուն նաև պարտավորեցրել է Հայաստանի Հանրապետությանը վերադարձնել տվյալ հողամասը, իսկ Կոտայքի մարզպետարանին պարտավորեցրել է նրան վերադարձնել անվավեր ճանաչված հողամասի առուվաճառքի պայմանագրի գինը կազմած 3 մլն 435.5 հազար ՀՀ դրամը: «Դատարանի այս որոշումը կարևոր նշանակություն ունի նույնպիսի սխեմայով իրականացված՝ Ծաղկաձորում գտնվող մյուս հողամասերի աճուրդներն անվավեր ճանաչելու, պետության խախտված գույքային իրավունքները վերականգնելու դատախազության նախաձեռնած իրավական գործընթացի համար: Դեռևս դատարանի վարույթում են գտնվում թվով 24 հողամասերի աճուրդն անվավեր ճանաչելու և հետևանքներ կիրառելու վերաբերյալ ՀՀ դատախազության ներկայացրած հարցեը, որոնք քննության արդյունքների վերաբերյալ հետագայում նույնպես հանրությունը կտեղեկացվի»,- հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ Լուսանկարը՝ hetq.am-ի
20:03 - 04 մայիսի, 2022
Գլխավոր դատախազը խոսեց Մարտի 1-ի գործի ընթացքի մասին

 |armenpress.am|

Գլխավոր դատախազը խոսեց Մարտի 1-ի գործի ընթացքի մասին |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը անդրադարձավ Մարտի 1-ի վերաբերյալ քրեական գործի ընթացքին։ Դավթյանը նշեց, որ Մարտի 1-ի վերաբերյալ քրեական գործով հանրային հետաքրքրություն ունի երկու ուղղություն. Մեկը դատարանում գտնվող սահմանադրական կարգը տապալելու հոդվածով մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական գործն է, մյուսը՝ նախաքննության փուլում գտնվող քրեական գործի այլ հանգամանքների, այդ թվում՝ սպանությունների բացահայտումը։ «Դատարանում գտնվող քրեական գործի մասին շատ ենք խոսել։ Այս պահին կարող եմ ասել, որ Վճռաբեկ դատարանը վերջերս վարույթ է ընդունել իմ կողմից բերված վճռաբեկ բողոքը, որը վերաբերվում էր առաջին ատյանի դատարանի կողմից Ռոբերտ Քոչարյանի և մյուսների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշմանը։ Մենք բողոքով պահանջել ենք Վճռաբեկ դատարանից, որպեսզի նաև Սահմանադրական դատարանի միջամտության արդյունքում ունենանք քրեական դատավարության օրենսգրքի 309-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանող այնպիսի մեկնաբանություն, որը թույլ կտա մեզ մեղադրանքի փոփոխություն իրականացնել և շարունակել գործի դատական քննությունը։ Ինչ վերաբերվում է նախաքննության փուլում գտնվող քրեական գործին, ցավով պետք է նշեմ, որ դեռևս նախաքննական մարմինը արդյունքներ չունի, բայց այստեղ էլ դատախազական ներգործության առումով արվել է առավելագույնը, որպեսզի հնարավոր լինի ունենալ բացահայտումներ»,- ասաց Դավթյանը։ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, 2021-ի ապրիլի 6-ին, հիմք ընդունելով ՍԴ՝ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը հակասահմանադրական ճանաչելու որոշումը, արդարացրել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին և ԶՈՒ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովին՝ դադարեցնելով նրանց նկատմամբ սույն հոդվածով քրեական հետապնդումը՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով: Վերաքննիչ քրեական դատարանը նախորդ տարվա նոյեմբերին մերժել էր Գլխավոր դատախազության և Մարտի 1-ի գործով տուժողների բողոքը՝ անփոփոխ թողնելով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և նրա նախկին երեք ենթականերին արդարացնելու որոշումը։ 2022 թվականի մարտի 31-ին Քոչարյանի և մյուսների գործով ՀՀ գլխավոր դատախազի վճռաբեկ բողոքը վարույթ է ընդունվել:
11:13 - 04 մայիսի, 2022
Դատախազական ներգործության անհրաժեշտ միջոցները կիրառվում են Հոկտեմբեր 27-ի գործը բացահայտելու համար․ Արթուր Դավթյան |armenpress.am|

Դատախազական ներգործության անհրաժեշտ միջոցները կիրառվում են Հոկտեմբեր 27-ի գործը բացահայտելու համար․ Արթուր Դավթյան |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հայտարարեց, որ Հոկտեմբեր 27-ի գործով անելիքներ շատ կան, թե քննչական գործողությունների, թե օպերատիվ-հետախուզական միջոցառումների առումով։ «Հոկտեմբերի 27-ի վերաբերյալ քրեական գործի վերաբերյալ հրապարակային հանդես ենք եկել։ Պատգամավորները ևս տեղյակ են դրա մասին։ Իմ որոշմամբ վերաբացվել է այդ քրեական գործով կազմակերպիչների վերաբերյալ կայացված որոշումը, վերաբացվել է քրեական գործի նախաքննությունը։ Քրեական գործով մեծ անելիք կա, ինչպես քննչական գործողությունների առումով, այնպես էլ օպերատիվ հետախուզական միջոցառումների առումով։ Վստահաբար կարող եմ ասել, որ դատախազական ներգործության բոլոր միջոցները անհրաժեշտ պահին կիրառվել և կիրառվում են այդ քրեական գործը բացահայտելու և մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելու համար»,- ընդգծեց Դավթյանը։ Նաիրի Հունանյանը 1999 թվականի հոկտեմբերի 27-ին եղբոր, քեռու և մի խումբ այլ անձանց հետ իրականացրել են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վրա հարձակումը, որը տեղի է ունեցել հերթական նստաշրջանի կառավարությանը հարց ու պատասխանի ժամանակ՝ կառավարության անդամների ներկայությամբ։ Տեղի ունեցած ահաբեկչությանը զոհ են գնացել 8 պետական գործիչներ`ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, փոխխոսնակներ Յուրի Բախշյանն ու Ռուբեն Միրոյանը, Օպերատիվ հարցերի նախարար Լեոնարդ Պետրոսյանը, պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը եւ Միքայել Քոթանյանը: 2020 թվականի փետրվարի 2-ին Դատախազությունը հայտնել էր, որ Հոկտեմբերի 27-ի գործի անջատված մասով ԱԱԾ-ում քննչական խումբ է ստեղծվել: Դատախազությունն այսպիսով մասամբ բավարարել էր հասարակական-քաղաքական գործիչ, հանրային խորհրդի անդամ Անահիտ Բախշյանի՝ Հոկտեմբերի 27-ի գործի վերաբերյալ Գլխավոր դատախազությանն ուղղված դիմումն, որով վերջինս խնդրել էր անջատված գործով քննչական խումբ ստեղծել:
10:57 - 04 մայիսի, 2022