ՏՄՊՊՀ

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նպատակն է պաշտպանել եւ խրախուսել ազատ տնտեսական մրցակցությունը, ապահովել բարեխիղճ մրցակցության համար անհրաժեշտ միջավայր, նպաստել ձեռնարկատիրության զարգացմանը եւ սպառողների շահերի պաշտպանությանը ՀՀ-ում։

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի խնդիրներն են՝ ձեռնարկատիրության զարգացման եւ սպառողների շահերի պաշտպանության նպատակով տնտեսական մրցակցության պաշտպանումը եւ խրախուսումը,
բարեխիղճ եւ ազատ մրցակցության համար անհրաժեշտ միջավայրի ապահովումը,
հակամրցակցային գործունեության կանխարգելումը, սահմանափակումը, տնտեսական մրցակցության պաշտպանության նկատմամբ վերահսկողությունը:
Հանձնաժողովն ինքնավար մարմին է:
ՏՄՊՊՀ նախագահն է Գեղամ Գեւորգյանը։
Խախտումներ՝ Բժշկական համալսարանի գնումներում |civilnet.am|

Խախտումներ՝ Բժշկական համալսարանի գնումներում |civilnet.am|

civilnet.am: Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը գնումների գործըթնացում խախտումներ է թույլ տվել, այդ թվում՝ ձեռք բերված ապրանքների համար այնպիսի տեխնիկական բնութագրեր առաջարկելով, որը խաթարել է մրցույթի մասնակիցների միջև մրցակցությունը։ Բացի այդ՝ որոշ ապրանքատեսակներ համալսարանը ձեռք է բերել շուկայականից էապես բարձր գնով։ Նման արձանագրում է արել Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը։  Հուլիսի 8-ին Հանձնաժողովը որոշել է նախազգուշացում հայտնել ԵՊԲՀ-ին։  ՏՄՊՊՀ-ն վարույթ սկսել է «Փրիթի ուեյ» ՍՊԸ-ի դիմումի հիման վրա՝ տեխնիկայի ձեռքբերման մրցույթի վերաբերյալ։ «Փրիթի ուեյ»-ը «Վեստա» խանութների ցանցի սեփականատեր ընկերությունն է։ Վերջինիս պնդմամբ՝ Բժշկական համալսարանն այնպիսի պայմաններ է ստեղծել, որ հաղթի կոնկրետ ընկերություն՝ «Փի-լենդ»-ը։ «Վեստա»-ն հայտնել է՝  ձեռք է բերվել 5 հեռուստացույց, միավորի գինը 802  000 դրամ է գնահատվել, այնինչ շուկայում առկա է եղել 605 000 դրամով, 20 օդորակիչ է ձեռք բերվել՝ հատը 230 000 դրամով, այնինչ շուկայում այն 209 000  դրամ է, 4 փոշեկուլ՝ հատը 50 000 դրամով, այնինչ շուկայում նույնը 40 000 դրամ է, 2 լվացքի մեքենա՝ հատը 400 000 դրամով, այնինչ շուկայում հնարավոր է գտնել 256 000 դրամով։ Բարձր գնով է ձեռք բերվել նաև սառնարան՝ 100 000 դրամով, այնինչ շուկայում առկա է եղել 70 000  դրամով։  ՏՄՊՊՀ-ն արձանագրել է, որ մի շարք դեպքերում գնումներին մասնակցելու հայտերը մերժվել են՝ տեխնիկական բնութագիրներին չհամապատասխանելու հիմքով։ Բացի այդ, հանձնաժղովը հայտնել է, որ «հեռուստացույցի ձեռքբերման չափաբաժնի նախասահմանված գներն էականորեն բարձր են եղել»։ Բանակցային եղանակով գնում կազմակերպելու և արժեքը նվազեցնելու գործընթաց ԵՊԲՀ-ն, ըստ ՏՄՊՊՀ-ի, չի նախաձեռնել։  Ուշագրավ է, որ համալսարանը գնման տեխնիկական բնութագրում սահմանել է ապրանքի գույնի պահանջ՝ մասնավորապես հայտնելով, որ փոշեկուլը, լվացքի մեքենան և սառնարանը պետք է լինեն սև և արծաթագույն։ Հանձնաժողովը համեմատել է ԵՊԲՀ-ի գնումները պետական այլ հաստատությունների գնումների հետ, որոնք նույնանման ապրանքներ են ձեռք բերել։ Ըստ հանձնաժողովի՝ այդ մարմինները տեխնիկական բնութագրերի մեջ սահմանափակող դրույթներ չեն ունեցել և նույն ապրանքները ձեռք են բերել շուրջ երկու անգամ ցածր գնով։  «Վեստա»-ի ներկայացուցիչները հայտնել են նաև, որ ԵՊԲՀ-ն տեխնիկական բնութագրերը հատուկ հարմարեցրել է այնպես, որ ձեռք բերվի Hisense ապրանքանիշի ապրանքը։  Բժշկական համալսարանը ՏՄՊՊՀ ներկայացրած իր դիրքորոշմամբ հերքել է, որ Hisense-ին համապատասխանող տեխնիկական բնութագրեր են կազմվել՝ հղում անելով այն փաստին, որ նաև Skyline ապրանքանիշի հեռուստացույց է ձեռք բերվել ու Centek  ապրանքանիշի օդորակիչ։ Դիտարկմանը, որ մրցույթում սահմանափակող գործոն է եղել տեխնիկայի գույնը, պատասխանել են՝ արծաթագույնն ու սևը  ցանկացած տեխնիկայի համար մեծ տարածում ունեցող ու ընդունելի տարբերակ է։  Շարունակությունը՝ civilnet.am-ում
16:49 - 20 հուլիսի, 2020
ՏՄՊՊՀ-ն ՀՀ-ից արտահանված մրգերի իրացման արգելքի հարցով դիմել է ՌԴ և ԵԱՏՄ գործընկերներին

ՏՄՊՊՀ-ն ՀՀ-ից արտահանված մրգերի իրացման արգելքի հարցով դիմել է ՌԴ և ԵԱՏՄ գործընկերներին

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանն այսօր պաշտոնական գրություններով դիմել է ՌԴ դաշնային հակամենաշնորհային ծառայության ղեկավար Իգոր Արտեմևին և ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Սերիկ Ժումանգարինին վերջին մի քանի օրերին ՌԴ տարածքում, մասնավորապես «Ֆուդ Սիթի» սննդամթերքի մեծածախ և մանրածախ կենտրոնի ղեկավարության կողմից ս.թ. հուլիսի 17-18-ը ՀՀ-ից արտահանված մրգերի իրացումն արգելելու հարցի վերաբերյալ: Այս մասին հայտնում են ՏՄՊՊՀ-ից: Գործընկերներին ուղղված գրություններում մասնավորապես ընգծվում է, որ վերոնշյալ գործողությունները չունեն տնտեսական հիմնավորում, խոչընդոտում են ԵԱՏՄ անդամ-երկրների միջև ապրանքների ազատ իրացմանը, խտրական վերաբերմունքի դրսևորում են և ստեղծում են անհավասար պայմաններ անդրսահմանային շուկայում` խախտելով մրցակցության ընդհանուր կանոնները, որոնք ամրագրված են ԵԱՏՄ պայմանագրում: ՏՄՊՊՀ նախագահը հույս է հայտնել, որ ՌԴ և ԵԱՏՄ գործընկերները քննարկման առարկա կդարձնեն նշված հակամրցակցային քայլերը և կձեռնարկվեն օպերատիվ միջոցառումներ վերականգնելու շուկայում մրցակցության հավասար պայմանները՝ հետագայում բացառելով նման հակամրցակցային գործողությունները:
16:33 - 20 հուլիսի, 2020
Ռուսական շուկայում հայկական ծիրանի հետ կապված խնդիրն անհետևանք չպետք է մնա, զրուցել եմ ՏՄՊՊՀ նախագահի հետ. Թունյան

Ռուսական շուկայում հայկական ծիրանի հետ կապված խնդիրն անհետևանք չպետք է մնա, զրուցել եմ ՏՄՊՊՀ նախագահի հետ. Թունյան

Ռուսաստանյան շուկայում հայկական ծիրանի հետ կապված խնդիրը լուծվում է հիմնականում ՌԴ-ում ապրող հայերի, Ռուսաստանում գործող հայ գործարարների և ՌԴ-ում Հայաստանի դեսպանության համատեղ ջանքերով։ Սակայն սա չպետք է անհետևանք մնա։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյանը: «Նոր զրուցեցի ՀՀ Տնտեսակական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանի հետ։ ՏՄՊՊՀ-ն՝ ռուսաստանյան իր գործընկեր կառույցի հետ համատեղ, հետամուտ կլինի տեղի ունեցածին։ Եվ եթե պաշտոնապես հիմնավորվի, որ ազգային խտրականության հողի վրա ակնհայտ հակամրցակցային վարքագիծ է ցուցաբերվել, ապա դրան պետք է հետևեն համապասխան քայլեր։ Հ.Գ. - Առանձնահատուկ շնորհակալությունս Ռուսաստանում բնակվող մեր հայրենակիցներին»,-ասված է պատգամավորի գրառման մեջ։
15:13 - 18 հուլիսի, 2020
Պետական գնումների ոլորտում բողոքների քննությունը միայն դատական համակարգի վրա թողնելը լրջագույն խնդիրներ է առաջացնելու․ Վարուժան Հոկտանյան

Պետական գնումների ոլորտում բողոքների քննությունը միայն դատական համակարգի վրա թողնելը լրջագույն խնդիրներ է առաջացնելու․ Վարուժան Հոկտանյան

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանի հետ զրուզել ենք պետական գնումների ոլորտի խնդիրների, առաջարկվող փոփոխությունների մասին։ - Պարո՛ն Հոկտանյան, այս տարվա փետրվարին Ֆինանսների նախարարությունը նախագիծ էր շրջանառել, որով առաջարկում էր հրաժարվել գնումների վերաբերյալ բողոքարկումների արտադատական համակարգից։ «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը դեմ էր արտահայտվել այս փոփոխությանը և նշել  արտադատական լիովին նոր, անկախ համակարգի ստեղծման անհրաժեշտության մասին։ Արդյոք նոր արտադատական մարմնի կազմում պետք է լինեն միայն պետական կառավարման համակարգում կամ տվյալ ոլորտո՞ւմ փորձ ունեցող անձինք, թե՞ պետք է ընդգրկված լինեն նաեւ ոլորտն ուսումնասիրող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք բողոքի քննման ընթացքում կապահովեն կարծիքների բազմազանություն։  - Սկսեմ նրանից, որ Ֆինանսների նախարարությունն այս գաղափարն ավելի շուտ ուներ։ Ֆինանսների կառավարման համակարգի՝ 2019-2023թթ․ բարեփոխման ռազմավարության գործողությունների ծրագրում արդեն կար այն։ Երբ օրենքի նախագիծը դրվել էր շրջանառության մեջ, մենք մեր առաջարկներն էինք ներկայացրել։ Մինչև հիմա ամփոփաթերթին (առաջարկներին-հեղ․) պատասխաններ չեն ուղարկել։ Օրենքի նախագիծը դեռ Ազգային ժողովում շրջանառության մեջ չի դրվել։ Մենք ռազմավարության քննարկման ժամանակ առաջարկել էինք, սակայն առանց պատճառի ասել էին՝ ոչ, արտադատական համակարգ չի լինելու։ Մենք առաջարկում ենք, որ արտադատական համակարգը պահպանվի, բայց չենք կոնկրետացնում, թե ինչպիսին լինի։ Խնդիրն այն է, որ արտադատական համակարգի տարբեր մոդելներ կան։ Գնումների մասին նախորդ օրենքով այլ մոդել էր, հետո փոխեցին և ներմուծեցին բողոքը քննող անձանց ինստիտուտը։ Խնդիրներ, իհարկե, շատ կան։ Ես չեմ պնդում, որ նախկինը կամ նորը հոյակապ աշխատող համակարգեր են։ Թե ինչպիսին կլինի արտադատական համակարգի մոդելը, մենք չենք կոնկրետացրել, որովհետև ուզում էինք ծավալել քննարկում, երբ փաթեթը մտներ Ազգային ժողով։ Օրինակ՝ մենք տեսնում ենք արբիտրաժի գաղափարը, այսինքն՝  արտադատական խորհուրդն աշխատի որպես արբիտրաժ։ Ընդ որում՝ այն կարող է նաև ոչ պետական մարմին լինել, քանի որ արտադատական համակարգի մեծագույն խնդիրը դրա անկախ չլինելն է։ Երբ նայում ենք նախկին կամ ներկա կարգավորումները, փաստորեն, արդարադատության խորհուրդը բավականին կախվածության մեջ է Ֆինանսների նախարարությունից։ Այն, ինչ մենք նախնական վիճակում առաջարկում ենք և ցանկանում քննարկել՝ արբիտրաժն է, որում արբիտրի դերը կստանձնի որևէ մասնավոր ընկերություն կամ հասարակական կազմակերպություն։ Այսինքն՝ 2-3 այդպիսի կազմակերպություն ստեղծեն այդ բողոքներ քննող մարմինը։ Ինչու ոչ, սա կարող էր լինել նաև վճարովի հիմունքներով՝ որպես կազմակերպության համար մոտիվացիա։ Սա բավականին հում տարբերակ է, և մենք այս փուլում ավելի շատ հակված ենք ուղղակի արտադատական համակարգը պահպանելուն։ Փոփոխությունների նախագծում, որով առաջարկվում է վերացնել արտադատական համակարգը, ասվում է, որ բողոքները լինեն քաղաքացիական հայցեր։ Սա արդեն որոշ չափով հարցական է։ Միշտ չէ, որ պատվիրատուի կամ մասնակից ընկերության բողոքը կարելի է համարել քաղաքացիական հայց։ Միաժամանակ, արտադատական համակարգի հեռացումը և ամեն ինչ դատական համակարգի վրա թողնելը առաջացնելու է երկու լրջագույն խնդիր։ Առաջինը՝ բավականին ծանրաբեռնված են մեր դատարանները։ Սա կարող է շատ լրջորեն ձգձգել գործերի քննությունը։ Պատկերացրեք՝ պատվիրատուն շտապ գնում է կատարում՝ ապրանքի, աշխատանքի կամ ծառայության, ու հետո տարիներ տևող դատական վեճ է լինում, նիստերը չեն կայանում, որովհետև դատավորները ծանրաբեռնված են, ինչը շատ հնարավոր է։ Այսինքն՝ առաջին խնդիրն այն է, թե մեր դատական համակարգում որքանով կան բավական թվով քաղաքացիական գործեր քննող դատավորներ, եթե ընդունենք, որ սրանք քաղաքացիական գործեր են (կարող են լինել նաև վարչական կամ քրեական)։ Երկրորդը՝ դատարան դիմելը ենթադրում է բավականին ծախսեր՝ ընկերության կողմից հայցադիմումի, փաստաբան վարձելու հետ կապված։ Առանց այդ էլ մտցվեց որակավորման ապահովման բանկային երաշխիքի ինստիտուտը։ Այսինքն՝ ընկերությունները բավականին ծախսեր են անում գնումների մրցույթներին մասնակցելու համար։ Դատարան հայց ներկայացնելու համար լրացուցիչ ծախսերը կդառնան պատճառ, որ շատ ընկերություններ չեն դիմի, ինչի հետևանքով մրցակցությունն է՛լ ավելի կպակասի։ Երրորդ խնդիրը դատավորների մասնագիտացումն է։ Սրանք գնումների ոլորտի սպեցիֆիկ հարցեր են, և բողոքների քննության դատական տարբերակին անցնելու դեպքում ցանկալի կլինի գործ ունենալ այնպիսի դատավորների հետ, որոնք այդ համակարգից ինչ-որ չափով տեղյակ են։ Բայց, նորից եմ հիշեցնում, դատավորների ծանրաբեռնվածությունն առանց այն էլ մեծ է։ Որքանով այդ դատավորները մասնագիտացված կլինեն այս տիպի բողոքների հացերը քննելուն՝ հարցական է։ Նրանց պրոֆեսիոնալիզմի խնդիրը նույնպես կառաջանա։ Որպես կանոն՝ արտադատական համակարգի առկայության դեպքում այնպես չէր, որ շատ մեծ թվով ընկերություններ կամ պատվիրատուներ դիմում են դատարան։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ դատական համակարգին դիմելու ձգտում առանձնապես չկա։ Այն, որ դատարան դիմելը այդքան էլ տարածված չէ պետական գնումների գործընթացներին մասնակցելու համար, նույնպես պետք է ինդիկատոր լիներ։ - Ներկայիս դատական համակարգի պայմաններում որքանո՞վ եք արդյունավետ համարում գնումների վերաբերյալ բողոքների քննությունը։ - Սա նույնպես կարող է խնդիր լինել։ Ընդ որում՝ խնդիր կարող է առաջացնել այն իմաստով, որ մենք գործ ունենք դատական համակարգում նախկին կադրերի հետ․ սա ինքնին կարող է կոռուպցիոն լուրջ ռիսկեր առաջացնել։ Բայց դրան ավելանում է մեկ այլ բան․ եթե վեթինգն իսկապես իրականացվի, և այն լինի մեծամասշտաբ, այդ դեպքում ռիսկ կա, որ կոռումպացված դատավորներին կարող են փոխարինել անփորձ դատավորներ, այնպիսի մարդիկ, որոնք այսպիսի հարցեր քննելու ավելի քիչ փորձ կունենան։ Սա խնդիրն է՛լ ավելի կարող է բարդացնել։ Մենք կունենանք իրավիճակ, երբ դատավորներն ուղղակի պատրաստ չեն լինի քննել այսպիսի գործեր։ Հերիք չէ ծանրաբեռնվածությունը մեծ կլինի, դրան կավելանա նաև պրոֆեսիոնալիզմի պակասը։ Այո՛, մենք կունենանք որոշակի դրական կողմ, եթե վեթինգը պատշաճ իրականացվի, կոռուպցիոն ռիսկերը կնվազեն, բայց, մյուս կողմից, կառաջանա արհետավարժության խնդիրը։ - Պետական գնումների մրցույթներին մասնակից ընկերությունների իրական սեփականատերերի բացահայտումը գնումների ոլորտում կոռուպցիոն ռիսկերի մեղմմանն ուղղված արդյունավետ քայլերից է, սակայն մինչ այժմ օրենսդրական մակարդակում կարգավորումները չեն տալիս իրական սեփականատերերի մասին լիարժեքորեն տեղեկանալու հնարավորություն։ Արդյոք սա զրոյի չի՞ հավասարեցնում հնարավորությունը՝ տեսնելու տարբեր պետական կառույցների գնումների և այլ բաժինների աշխատակիցների կապը՝ մրցույթին մասնակից ընկերությունների իրական սեփականատերերի հետ։  - «Գնումների մասին» ՀՀ օրենքի՝ իրական սեփականատերերին վերաբերող ենթակետը առանձնապես դեր չի խաղում իրական սեփականատերերի բացահայտման գործում։ Ես շատ լավ հիշում եմ՝ երբ այս օրենքը ընդունվում էր, 2016 թվականի դեկտեմբերին էին այդ քննարկումները, թմբկահարվում էր՝ «մենք մտցնում ենք իրական սեփականատերերի բացահայտման մեխանիզմներ»։ Երբ 2017 թվականի ապրիլին օրենքն ուժի մեջ մտավ, մենք մինչ այդ էինք գնումների մոնիթորինգ իրականացնում։ Մենք 2017 թվականի ապրիլին իրական սեփականատերերի մասով մոնիթորինգ իրականացրինք, և ուղղակի ծիծաղելի էր։ Այդ փաստաթղթերից չի երևում, թե իրական սեփականատերերն ովքեր են, չի երևում նաև պատվիրատուի հետ փոխկապակցվածությունը։ Բաց կառավարության գործընկերության (ԲԿԳ) ներկա գործողությունների ծրագրի երրորդ հանձնառությունն է՝ Հայաստանում ներդնել իրական սեփականատերերի բաց հանրային գրանցամատյան, որը պետք է ավարտին հասցվեր այս տարվա դեկտեմբերին։ Եթե այս հանձնարարականն իրականացվի, մենք ինչ որ առաջընթաց, հուսով եմ, կունենանք, որովհետև ԲԿԳ-ի դեպքում հասարակական կազմակերպությունների վերահսկողությունն ավելի մեծ է։ Այդ հսկողությունը կօգնի այդպիսի լուրջ համակարգ ներդնել։ Բայց, ներկա դրությամբ, սա շատ լուրջ խնդիր է, և այն, ինչ կա «Գնումների մասին» ՀՀ օրենքով, որևէ բան չի բացահայտում։ Օրինակ՝ Բրիտանիայում իրական սեփականատերերի երևույթն այլ նպատակով է արվել։ Այնտեղ նույն պատգամավորը կամ նախարարն իրավունք ունեն ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվել, և շատ ավելի թափանցիկ կստացվի, եթե ինչ-որ բան լինի բացահայտելու։ Այս դեպքում իրական սեփականատերերի խնդիրը բացահայտվեց ընկերությունների հարկեր թաքցնելու, իրական եկամուտները ցույց չտալու դեպքերի հետ կապված։ Իսկ Հայաստանի դեպքում և, ընդհանրապես, հետկոմունիստական կամ երրորդ աշխարհի երկրների դեպքում խնդիրն այլ է։ Իրական սեփականատերերի բացահայտումն անհրաժեշտ է, որպեսզի տեսնենք՝ արդյոք պետական պաշտոնյան, պատգամավորը զբաղվո՞ւմ են ձեռնարկատիրական գործունեությամբ, թե՞ ոչ, որովհետև դա Սահմանադրությամբ արգելված է։ Բնական է՝ եթե արգելված է, ապա այդ իրական սեփականատերն ամեն ինչ կանի, որպեսզի թաքցնի։ Այստեղ իրական սեփականատեր բացահայտելը նշանակում է քրեորեն պատժելի արարք բացահայտել, այն դեպքում, երբ, ինչպես նշեցինք, Բրիտանիայում այլ է, այնտեղ պաշտոնյային չի արգելվում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվել։ Մեր դեպքում, եթե ուզում ենք իրական սեփականատիրոջը բացահայտել, և եթե նա նախարար է, ստացվում է՝ բացահայտում ենք ապօրինի ձեռնարկատիրություն, որը քրեորեն պատժելի արարք է։ Սրա մասին պետք է մտածել։ Եթե մենք հանրային ծառայողին արգելում ենք զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, այն, բնականաբար, կկատարվի շատ ավելի քողարկված ձևով՝ օգտագործելով օֆշորային գոտիներ և Հայաստանից դուրս այլ ընկերությունների գրանցումներ։ - Դեռևս 2015 թվականին խոսել եք ՀԷՑ-ի կատարած գնումներում հնարավոր կոռուպցիոն ռիսկերի մասին։ Մինչ այժմ հանրային ծառայությունների ոլորտի ընկերությունների իրականացնելիք գնումների հաշվետվողականության և թափանցիկության ապահովման պահանջը չկատարելու նկատմամբ պատասխանատվության ու վերահսկողության միջոցներ սահմանված չեն։ Ի՞նչ օրենսդրական լուծում է անհրաժեշտ նշված ոլորտում գործող ընկերությունների գնումները թափանցիկ դարձնելու համար։  - 2015 թվականին՝ «Էլեկտրիկ Երևանի» ժամանակ, մեր գնումների փորձագետը՝ Արտակ Մանուկյանը, որն այժմ պատգամավոր է, հանրային ծառայությունների ոլորտի ընկերությունների գնումների ուսումնասիրություն իրականացրեց։ Հիմնական նպատակն էր հասկանալ, թե այդ սակագինը, որն ուզում էին բարձրացնել, որքանով էր արդարացված։ Եվ, այո, խնդիրներ կային այդ ոլորտի ընկերությունների գնումների հաշվետվողականության ու թափանցիկության հետ կապված։ Ներկայումս gnumner.am կայքում հիմանականում դրվում են հանրային կազմակերպությունների իրականացրած գնումներին առնչվող փաստաթղթերը, բացի՝ գնումների պլանից, որը «Գնումների մասին» ՀՀ օրենքով պարտադիր չէ տեղադրել։ Այն, ինչ մենք տեսնում ենք gnumner.am կայքում, չենք կարող ասել, որ այդ կազմակերպությունների իրականացրած գնումների ողջ ծավալն է։ Սա առաջին խնդիրն է։ Երկրորդ խնդիրն այն է, որ չենք տեսնում պայմանագրերի կատարման, հանձնման-ընդունման փաստաթղթերը։ Սա, բնականաբար, պետք է օրենսդրորեն փոխվի։ Ինչպես նաև այս տարվա դեկտեմբերի վերջին նախատեսվում է ներդնել լիովին նոր համակարգ, որտեղ ավելի դյուրընթեռնելի ձևաչափով կներբեռնվեն նշված փաստաթղթերը։ Եթե փոփոխություններից հետո չդրվեն պայմանագրերը, հանձնման-ընդունման փաստաթղթերը, ապա արդեն կարելի է մտածել, թե ինչ եղանակով պատասխանատվության կանչել։ Նախ պետք է օրենսդրական, ենթաօրենսդրական, տեխնիկական փոփոխություններ արվեն։ Կա նաև մեկ ալ մոտեցում, որ հանրային ծառայություններ մատուցող  կազմակերպությունները մասնավոր ընկերություններ են։ Երբ հարցադրում է արվում, թե ինչու մասնավոր ընկերությունը պետք է իր գնումներն իրականացնի «Գնումների մասին» ՀՀ օրենքի համաձայն, սա կարող է պարադիգմայի փոփոխություն լինել։ Բնականաբար, այստեղ այն հարցն է, որ այս կազմակերպությունների իրականացրած գնումները կարող են ազդել իրենց մատուցած ծառայությունների սակագնի վրա։ Դրա համար կա Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, որը պետք է մշտական մոնիթորինգի ենթարկի այդ կազմակերպություների գործունեությունը՝ հետևելով միայն նրան, թե որքանով են նրանց ծախսերն ազդում սակագնի վրա, որովհետև քաղաքացուն հետաքրքրում է սակագինը, ինչպես եղավ 5 տարի առաջ, երբ պարզվեց, որ ՀԷՑ-ը այնպիսի գնումներ է իրականացնում, որն ազդում է վերջինիս վրա։ Բայց թե ինչպես են իրականացվում գնումները՝ մեկ անձից, թե բաց մրցույթով, մասնավոր կազմակերպությունների դեպքում այդպիսի պարտադրանք դնելն այնքան էլ արադարացված չէ։ Այդ դեպքում տրամաբանական հարց կա կառաջանա, թե ինչու մյուս խոշոր ընկերությունների՝ սուպերմարկետների, ներկրողների դեպքում չկա պարտադրանք, որ  «Գնումների մասին» ՀՀ օրենքով իրականացնեն։ Ի վերջո, չի բացառվում, որ նրանց գնումները նույնպես բարձրացնում են այն ապրանքների գները, որոնք մենք սուպերմարկետներում գնում ենք։ Այդ տրամաբանությամբ՝ նրանցից ևս պետք է պահանջել, որ նշյալ օրենքի համաձայն իրականացնեն իրենց գնումները, բայց գիտենք, որ այդպիսի պահանջ չկա։ Դրա համար ես ավելի շատ ակնկալում եմ Տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովի, բայց ավելի շատ՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շատ արդյունավետ գործունեությունը, մոնիթորինգը, որպեսզի այնպիսի գնումներ չլինեն, որոնք կազդեն սակագնի վրա կամ, եթե սակագինը բարձրացվում է, ապա օբյեկտիվ պատճառներով լինի, այլ ոչ թե շռայլ գնումների հետևանք։ Չգիտեմ՝ սա որքանով ընդունելի կլինի հանրության համար, բայց, ընդհանրապես, ճիշտ կլինի, որ «Գնումների մասին» օրենքը չտարածվի այն մասնավոր ընկերությունների վրա, որոնք հանրային կազմակերպություններ են։ Եթե Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն անի բավականին լուրջ և հանգամանալից մոնիթորինգ, այս հարցերը վեր կհանվեն։ Արփի Ավետիսյան
20:49 - 15 հուլիսի, 2020
ՏՄՊՊՀ-ն հրապարակել է «ՎԵՈՆ Արմենիա» և «ԹԻՄ» ընկերությունների համակենտրոնացումը պայմանով թույլատրելու մասին որոշումը

ՏՄՊՊՀ-ն հրապարակել է «ՎԵՈՆ Արմենիա» և «ԹԻՄ» ընկերությունների համակենտրոնացումը պայմանով թույլատրելու մասին որոշումը

Հրապարակվել է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2020 թվականի հուլիսի 9-ի որոշումը «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲ և «ԹԻՄ» ՍՊ ընկերությունների համակենտրոնացումը պայմանով թույլատրելու մասին: Այս մասին հայտնում է ՏՄՊՊՀ-ն։Ըստ այդմ՝ հանձնաժողովը թույլատրել է վերոնշյալ ընկերությունների համակենտրոնացումը «ԹԻՄ» ընկերության կողմից «ՎԵՈՆ Արմենիայի» 100 տոկոս փայաբաժնի ձեռքբերման միջոցով:Որոշմամբ ի գիտություն է ընդունվել, որ «ԹԻՄ» ՍՊԸ-ն համակենտրոնացումը գործողության մեջ դնելուց հետո առնվազն վեց ամսվա ընթացքում չի իրականացնելու աշխատողների զանգվածային ազատումներ (աշխատողների ընդհանուր թվի ավելի քան 10 տոկոսը):Հանձնաժողովի որոշմանը, որը ներառում է նաև հանձնաժողովի կողմից իրականացված հեռահաղորդակցության ոլորտի լայնածավալ ուսումնասիրություն, կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ  http://competition.am/uploads/resources/Vo282_09_07_2020.pdf :
16:54 - 14 հուլիսի, 2020
ՏՄՊՊՀ-ն թույլատրեց «Թիմ» ընկերության կողմից «ՎԵՈՆ Արմենիա»-ն գնելու գործարքը |azatutyun.am|

ՏՄՊՊՀ-ն թույլատրեց «Թիմ» ընկերության կողմից «ՎԵՈՆ Արմենիա»-ն գնելու գործարքը |azatutyun.am|

azatutyun.am: Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) երեկ որոշել է թույլատրել Հայաստանում «Բիլայն» ապրանքանիշով ներկայացված «ՎԵՈՆ Արմենիա» փակ բաժնետիրական և «Թիմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների համակենտրոնացումը` «Թիմ»-ի կողմից «ՎԵՈՆ Արմենիա»-ի 100 տոկոս փայաբաժնի ձեռքբերման միջոցով: Միևնույն ժամանակ, ինչպես  հայտնեցին ՏՄՊՊՀ-ից, սահմանվել է, որ «Թիմ» ընկերությունը պարտավորվում է համակենտրոնացումը գործողության մեջ դնելուց հետո առնվազն վեց ամսվա ընթացքում աշխատակիցների զանգվածային ազատումներ (աշխատողների ընդհանուր թվի ավելի քան 10 տոկոսը) չիրականացնել: «Յուքոմ» ընկերությունից վերջերս հեռացած Եսայան եղբայրների հիմնադրած «Թիմ» ընկերության կողմից «Վեոն Արմենիա»-ն գնելու գործընթացն օրերս էր մեկնարկել:
17:22 - 10 հուլիսի, 2020
Քննարկվել են տնտեսական մրցակցության վրա Covid-19-ի ազդեցությանը վերաբերող հարցեր

Քննարկվել են տնտեսական մրցակցության վրա Covid-19-ի ազդեցությանը վերաբերող հարցեր

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը մասնակցել է Հայաստանում եվրոպական բիզնես ասոցիացիայի կողմից Տնտեսական մրցակցության արդիական խնդիրներ և մարտահրավերներ թեմայով կազմակերպված վեբինար-քննարկմանը: Հանդիպմանը մասնակցել է նաև Հանձնաժողովի անդամ Հայկ Կարապետյանը, ԵՄ պատվիրակության դեսպան Անդրեա Վիկտորինը, ԵՄ հանձնաժողովի փորձագետներ, եվրոպական երկրների բիզնես հանրության ներկայացուցիչներ: Այս մասին հայտնում է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը։Վեբինարի ընթացքում մասնավորապես քննարկվել են շուկաներում բնականոն մրցակցության վրա Covid-19-ի ազդեցության, գործարարական հարաբերություններում տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրությամբ ամրագրված կանոնների պահպանմանը վերաբերող հարցեր:Իր խոսքում Հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը ընդգծել է քննարկվող հարցերի արդիականությունը՝ հաշվի առնելով, որ նոր կորոնավիրուսի համավարակը ոչ միայն բացասական ազդեցություն է թողնում հասարակության առողջության վրա, այլև մարտահրավեր է նետում բիզնեսին, տնտեսությանը, ինչպես նաև տնտեսական մրցակցությանը՝ ստիպելով որդեգրել նոր մոտեցումներ և նոր կանոններ։«Համավարակի ողջ ընթացքում աշխատելով արտակարգ ռեժիմով՝ մենք փորձում ենք շուկայում ապահովել կայունություն, տնտեսվարող սուբյեկտներին հորդորում ենք զերծ մնալ տնտեսական մրցակցության օրենսդրության խախտման դրսևորումներից և վերահսկողություն ենք իրականացնում դրանց պահպանման նկատմամբ»,- մասնավորապես նշել է Գեղամ Գևորգյանը:Միջոցառման շրջանակում անդրադարձ է կատարվել նաև տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության փոփոխությունների շրջանառվող նախագծին և այլ հարցերի:
15:56 - 08 հուլիսի, 2020
ԱԺ-ն ՏՄՊՊՀ անդամ է ընտրելու․ թեկնածուն Կարեն Սեդրակյանն է

ԱԺ-ն ՏՄՊՊՀ անդամ է ընտրելու․ թեկնածուն Կարեն Սեդրակյանն է

Ազգային ժողովը Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում քննարկում է կառավարության կողմից առաջադրված Կարեն Սեդրակյանի թեկնածությունը: Սեդրակյանն իր ելույթում նշեց, որ  մեկ տարվա ընթացքում հարուցվել են հակամրցակցային համաձայնությունների և գերիշխող դիրքի չարաշահման մեկ տասնյակից ավելի վարչական վարույթներ, որոնցից մի քանիսն արդեն արձանագրվել են չարաշահման դրսևորման դեպքերով: «Դրանց գերիշխող մասը գտնվում է ընթացիկ վարույթում: Հանձնաժողովի ուշադրության կենտրոնում են նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների համակենտրոնացման գործողությունները։ Վերջերս հանձնաժողովի որոշմամբ օրենքի խախտման համար պատասխանատվության միջոց է կիրառվել նախարարության և համայնքի ղեկավարի նկատմամբ»,- ասաց Սեդրակյանը։ ՏՄՊՊՀ անդամն ընտրվում է գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ։ Հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը տեղեկացրեց, որ ՏՄՊՊՀ անդամի ընտրությունը անցկացվելու է այսօր ժամը 12։10-13։10 ժամանակահատվածի ընթացքում։  
12:09 - 08 հուլիսի, 2020
Մեկնարկում է տնտեսական մրցակցության ոլորտում տեխնիկական աջակցության նոր ծրագիր

Մեկնարկում է տնտեսական մրցակցության ոլորտում տեխնիկական աջակցության նոր ծրագիր

Մեկնարկում է տնտեսական մրցակցության ոլորտում տեխնիկական աջակցության նոր ծրագիր: Այս մասին հայտնում է ՏՄՊՊՀ լրատվական ծառայությունը: ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանն այսօր տեսահամաժողովի ձևաչափով քննարկում է ունեցել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Դմիտրի Գվինտադձեի և Հայաստանում ԵՄ պատվիրակության մասնավոր հատվածի զարգացման և առևտրի գծով ծրագրի ղեկավար Ստանիսլավ Տոշկովի հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև ՎԶԵԲ-ի գլխավոր տնտեսագետ Վալերի Մյուլերը, Հայաստանում ԵՄ պատվիրակության առևտրի գծով պատասխանատու Կարեն Ազարյանը, փորձագետներ, հանձնաժողովի ներկայացուցիչներ: Հանդիպման առանցքում ԵՄ ֆինանսավորմամբ «Հայաստանի հետ տեխնիկական համագործակցության գործիք» ֆինանսավորման համաձայնագրի շրջանակում ՎԶԵԲ-ի հետ տնտեսական մրցակցության ոլորտում իրականացվելիք տեխնիկական աջակցության ծրագրին վերաբերող հարցերն էին: Տեսահամաժողովի ընթացքում ԵՄ պատվիրակության և ՎԶԵԲ-ի ներկայացուցիչները տեղեկացրել են, որ ֆինանսավորման համաձայնագիրն արդեն իսկ ստորագրվել է: Քննարկվել են ծրագրի իրականացմանն առնչվող հետագա քայլերը:  Հանդիպման շրջանակում մասնակիցները մտքեր են փոխանակել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի շուրջ ևս:
19:03 - 24 հունիսի, 2020
ՏՄՊՊՀ-ն տուգանել է «Սoս Սիսթեմս» ընկերությանը մենաշնորհ դիրքի չարաշահման համար

ՏՄՊՊՀ-ն տուգանել է «Սoս Սիսթեմս» ընկերությանը մենաշնորհ դիրքի չարաշահման համար

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը  հարուցված վարչական վարույթի շրջանակում օրենքով արգելված հակամրցակցային գործողությունների համար  նախազգուշացում է կիրառել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության նկատմամբ և մենաշնորհ դիրքի չարաշահման համար՝ 20 887 068  ՀՀ դրամի չափով տուգանք «Սoս Սիսթեմս» ՍՊԸ-ի  նկատմամբ: Այս մասին հայտնեցին ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից։ «Նշված ընկերության հետ 2012 թվականին նախարարությունը կնքել է համագործակցության պայմանագիր, որով ձևավորել է միասնական հսկողական համալիր համակարգ, և դրա շրջանակում ընկերությունը  բացառիկ իրավունքով մատուցել է օպերատորային, ինչպես նաև օբյեկտներում  հրդեհի տագնապի ազդանշանի փոխանցման ինքնաշխատ համակարգերի տեղադրման, սպասարկման և մոնիթորինգի ծառայություններ: Հարկ է նշել, որ վարչական վարույթը հարուցվել է ԱԻՆ-ի գրության  հիման վրա միասնական հսկողական համալիր համակարգի ձեռքբերման գործընթացների վերաբերյալ իրականացված ուսումնասիրության արդյունքներով:  Վարույթի շրջանակում հանձնաժողովը մասնավորապես արձանագրել է, որ նախարարության կողմից միասնական հսկողական համալիր համակարգի ձեռքբերման, շահագործման, ծառայությունների մատուցման, մասնավորապես՝ պայմանագրի կնքման և դրա շրջանակում «Սօս Սիսթեմս» ընկերությանը բացառիկ իրավունք տալու, մատուցված ծառայություններից գումար ստանալու  գործընթացները սահմանափակել, կանխել կամ արգելել են տնտեսական մրցակցությունը։ Միաժամանակ  արձանագրվել է, որ «Սoս Սիսթեմս» ՍՊԸ-ն  չարաշահել է մենաշնորհ դիրքը՝ իրացման չհիմնավորված, խտրական գների, այլ տնտեսվարող սուբյեկտների կամ սպառողների նկատմամբ այլ հավասար պայմաններում խտրական պայմանների (այդ թվում` գների) սահմանման կամ կիրառման, ապրանքի գնի չհիմնավորված պահպանման, չհիմնավորված բարձր գնի սահմանման և (կամ) կիրառման գործողություններ իրականացնելու միջոցով: ՏՄՊՊՀ որոշմամբ հանձնարարվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը վերացնել արձանագրված օրենքի խախտումը՝ 3-ամսյա ժամկետում ապահովելով տնտեսվարող սուբյեկտների՝ մրցակցային պայմաններով հասանելիությունը միասնական հսկողական համալիր համակարգում ծառայություններ մատուցելու գործընթացին»,-ասված է հաղորդագրության մեջ:
15:35 - 18 հունիսի, 2020
ՏՄՊՊՀ-ն շաքարի շուկայում նկատած գնանկումը գնահատել է ոչ համաչափ |armenpress.am|

ՏՄՊՊՀ-ն շաքարի շուկայում նկատած գնանկումը գնահատել է ոչ համաչափ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը մի քանի ապրանքային շուկաներում հարուցել է վարույթներ, իսկ շաքարի շուկայում նկատած գնի նվազումը գնահատել ոչ այնքան համաչափ: ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանն այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով հարցին, թե բացի պաշտպանիչ միջոցներից, այլ շուկաներում գնային առումով ի՞նչ վիճակ է: «Կան հարուցված վարույթներ՝ մի շարք ապրանքային շուկաներում՝ ձեթի, հավի, բդի: Նաև որոշակի գործընթաց էինք սկսել շաքարի շուկայում, բայց այնտեղ հակառակ գործընթացն էր տեղի ունեցել, գնի նվազում կար, որը գնահատել էինք ոչ այդքան համաչափ: Կարագի ապրանքային շուկայում ևս ունենք հարուցված գործ, սակայն դա կապված է ոչ թե գնի բարձրացման, այլ ուրիշ երևույթի հետ»,-ասաց Գևորգյանը: ՏՄՄՊՀ-ն, ընդհանուր առմամբ, ուսումնասիրել է 44 ապրանքային շուկա: Գևորգյանի խոսքով՝ բացի մի քանի ապրաքներից՝ ցիտրուսային մրգեր, կոճապղպեղ, դիմակներ, այլ բարձրացումներ չեն նկատվել այս ժամանակահատվածում: Նրա գնահատմամբ՝ դոլարի կուրսի տատանումը և ճանապարհածախսի որոշակի թանկացումը շատ փոքր ազդեցություն են թողել, գների էական բարձրացում չի եղել: «Ընդ որում, առաջին սպառողական ապրանքներում գների նվազում կա: 2018, 2019 թթ. համեմատ այդ նվազումն ակնհայտ է»,-ասաց Գևորգյանը:    Նա վստահեցրեց, որ այս պահին որևէ դեֆիցիտ չկա: ՏՄՊՊՀ նախագահը հիշեց՝ միայն մի պահ եղավ կոճապղպեղի մասով, բացատրեց՝ բնակչությունը միանգամից մեծ գնում կատարեց, և այն արագ սպառվեց մինչև նոր ներկրում տեղի ունեցավ: «Սկզբնական էտապում դիմակների հետ կապված էլ կար դեֆիցիտ, դա ամբողջ աշխարհում տիրող խնդիր էր, որովհետև այն երկրները, որոնք արտահանում են անում, չէին արտահանում, քանի որ ներքին սպառման խնդիր ունեին»,-ասաց Գևորգյանը:
13:39 - 08 հունիսի, 2020
Մոտ ապագայում կավարտենք վարույթները դիմակի, ալկոգելի եւ ձեռնոցի շուկաներում. Գեղամ Գեւորգյան |news.am|

Մոտ ապագայում կավարտենք վարույթները դիմակի, ալկոգելի եւ ձեռնոցի շուկաներում. Գեղամ Գեւորգյան |news.am|

news.am: Բոլոր երեք շուկաներում՝ դիմակ, ալկոգել, ձեռնոց, ուսումնասիրությունները շարունակվում են: Այս մասին Այսօր՝ հունիսի 8-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույց նշեց Տնտնեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը: «Բժշկական կամ պաշտպանիչ դիմակների շուկայում եւ լատեքս ձեռնոցների շուկայում ունենք հարուցված վարույթներ, առաջին լսումը  տեղի է ունեցել: Հիմա նորից տնտեսվարող սուբյեկտները տեղեկատվություն են ներկայացնելու: Կարծում եմ՝ մոտ ապագայում վարույթի ավարտը տեղի կունենա եւ կհայտնենք ձեզ: Մենք նկատել էինք որոշակի գնի բարձրացում եւ դրա հիման վրա գերիշխող դիրքի չարաշահման փաստի ուժով հարուցել ենք վարույթ»,-ասաց նա: Նրա խոսքով, այն ժամանակահատվածը, որ դիտարկել են, 220 դրամի կարգի է եղել դիմակի գինը խոշոր դեղատնային ցանցերում: Մենք նայում ենք ամբողջ շղթան, թե Հայաստան որքանով է ներմուծվում, որքանով է մեծածախ եւ մանրածախ վաճառք իրականացվում: Բայց մի բան հստակ կարող եմ փաստել, որ Հայաստանում չկա դեպք, որ 20 դրամով դիմակ ներմուծված լինի եւ վաճառված լինի 220 դրամով: Հաշվի առնելով աշխարհում տեղի ունեցած դեֆիցիտը, դիմակը հայաստան ներկրվել է մոտ 10 անգամ բարձր գնով: Ես խոսել եմ Ռուսաստանի, ԵՏՄ այլ երկրների հետ, նույն վիճակն այնտեղ է: Ընդ որում, մենք որոշակի քայլեր ձեռնարկեցինք, դիմակների գինը բավական իջել է: Նաեւ մետրոյի կայարաններում ավտոմատ սարքերի միջոցով երկու դիմակը 200 դրամով է վաճառվում: Այսինքն մեկ դիմակը 100 դրամ է, բայց անկախ ամեն ինչից կնայենք, կհասկանանք, թե արդյոք մարժաների փոփոխություն տեղի է ունեցել, թե ոչ, եւ արդյոք դրանք արդարացված են, թե ոչ: Պատասխանը մոտ ժամանակներս կլինի, եւ եթե պարզվի, որ տնտեսվարողները չարաշահել են իրենց գերիշխող դիրքը, անպայման պատասխանատվության կենթարկվեն»,-ընդգծեց Գեւորգյանը:
12:35 - 08 հունիսի, 2020
ՏՄՊՊՀ-ն բժշկական ձեռնոցների շրջանառության ոլորտում վարույթ է հարուցել որոշ տնտեսվարողների նկատմամբ

ՏՄՊՊՀ-ն բժշկական ձեռնոցների շրջանառության ոլորտում վարույթ է հարուցել որոշ տնտեսվարողների նկատմամբ

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի որոշմամբ վարչական վարույթ է հարուցվել մի շարք տնտեսավարողների նկատմամբ 2020 թվականի մարտի 16-ից մինչև մայիսի 15-ն ընկած ժամանակահատվածում լատեքսից ու նետրիլից պաշտպանիչ և բժշկական ձեռնոցների շրջանառության ոլորտում գերիշխող դիրքի հնարավոր չարաշահումների և/կամ հնարավոր հակամրցակցային համաձայնությունների վերաբերյալ: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՏՄՊՊՀ-ն։ «Հարկ է նշել, որ վարույթի ընթացքում տնտեսավարողների ցանկը կարող է ընդլայնվել: Ուսումնասիրությունն իրականացվել է՝ հաշվի առնելով ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» թիվ 298-Ն որոշումը: Ուսումնասիրության արդյունքում պարզ է դարձել, որ ապրանքների մանրածախ և մեծածախ իրացման ոլորտներում մի շարք տնտեսավարող սուբյեկտների կողմից վարվող գնային քաղաքականությունը, ինչպես նաև ապրանքային շուկայում  ապրանքների շրջանառության ընդհանուր պայմանների վրա ազդեցությունը կարող է պարունակել «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի հնարավոր խախտման հատկանիշներ: Մեծածախ իրացնողների և առևտրային ցանցերի կողմից 2020 թվականի մարտ-մայիս ամիսներին ձեռնոցների իրացման ոլորտում նկատվել են հնարավոր չհիմնավորված բարձր գներով իրացման դրսևորումներ, արդյունքում՝ տվյալ ժամանակահատվածում վերջնական սպառողը դրանք ձեռք է բերել բարձր գներով։ Մասնավորապես՝ մեկ զույգ ձեռնոցի մեծածախ վաճառքի գինը 2020 թվականի մայիսին միջինը եղել է 31-86 դրամ, իսկ մանրածախ իրացման գինը՝ միջինը 34-90 դրամ»,- ասված է հաղորդագրության մեջ: Հանձնաժողովի որոշմանը կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ։ 
15:44 - 27 մայիսի, 2020
ՏՄՊՊՀ-ն դիմակների շրջանառության ոլորտում գերիշխող դիրքի հնարավոր չարաշահումների վերաբերյալ վարույթ է հարուցել

ՏՄՊՊՀ-ն դիմակների շրջանառության ոլորտում գերիշխող դիրքի հնարավոր չարաշահումների վերաբերյալ վարույթ է հարուցել

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նիստում այսօր որոշում է կայացվել վարչական վարույթ հարուցել մի շարք տնտեսվարողների նկատմամբ 2020 թվականի մարտի 16-ից մինչև մայիսի 15-ն ընկած ժամանակահատվածում մեկանգամյա օգտագործման պաշտպանիչ դիմակների շրջանառության ոլորտում գերիշխող դիրքի հնարավոր չարաշահումների և/կամ հնարավոր հակամրցակցային համաձայնությունների վերաբերյալ: Հարկ է նշել, որ վարույթի ընթացքում վերոնշյալ տնտեսվարողների ցանկը կարող է ընդլայնվել: Ուսումնասիրությունն իրականացվել է՝ հաշվի առնելով ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 16-ի Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին թիվ 298-Ն որոշումը, որի արդյունքում բացահայտվել են «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի հնարավոր խախտման հատկանիշներ: Մասնավորապես մեծածախ իրացնողների և առևտրային ցանցերի կողմից 2020 թվականի մարտ-մայիս ամիսներին դիմակների իրացման ոլորտում նկատվել են հնարավոր չհիմնավորված բարձր գներով իրացման դրսևորումներ, ինչի արդյունքում տվյալ ժամանակահատվածում վերջնական սպառողը դիմակները ձեռք է բերել  բարձր գներով։ Մասնավորապես՝ մեծածախ վաճառքի գինը մեկ դիմակի համար 2020 թվականի մայիսին միջինում կազմել է 120-175 դրամ, իսկ մանրածախ իրացման գինը` միջինում  160-220 դրամ: Հանձնաժողովի որոշմանը կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝   http://competition.am/uploads/resources/Vo195_26_05_2020.pdf: ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով
19:13 - 26 մայիսի, 2020