Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով

Հանձնաժողովի գործունեության ոլորտներն են՝ հարկեր, տուրքեր, վճարներ, արդյունաբերություն, քաղաքաշինություն, էներգետիկա, բնական պաշարներ, տրանսպորտ, կապ, հեռահաղորդակցություն, ինտերնետ (համացանց), արտադրական ենթակառուցվածքի այլ ճյուղեր, զբոսաշրջություն, առեւտուր եւ ծառայություններ, ձեռնարկատիրական գործունեություն, պետական գույքի կառավարում, սակագներ, ներդրումներ, տնտեսական մրցակցություն, հակամենաշնորհ եւ այդ ոլորտները կարգավորող օրենքներ

ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը։ Նախագահի տեղակալն է նույն խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը։

Հայաստանի և Ղրղզստանի միջև կրկնակի հարկումը բացառող համաձայնագիրը հավանության արժանացավ |armenpress.am|

Հայաստանի և Ղրղզստանի միջև կրկնակի հարկումը բացառող համաձայնագիրը հավանության արժանացավ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց Հայաստանի և Ղրղզստանի միջև կրկնակի հարկումը բացառող համաձայնագրին: «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ղրղզստանի Հանրապետության կառավարության միջեւ «Եկամտի կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելը կանխելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը հանձնաժողովի նիստում ներկայացրեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը: Նա նախ նշեց, որ կառավարության ծրագրով ամրագրված քաղաքականության ուղղություններից մեկն է միջազգային հարկային հարաբերությունների ակտիվացումը, զարգացումը և,ըստ այդմ, նաև գործընկերներ երկրների հետ եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառող համաձայնագրերի ստորագրումը: Պողոսյանը նկատեց՝ Ղրղզստանի պարագայում այս անհրաժեշտությունն ավելի քան առկա է, քանի որ գտնվում ենք միևնույն տնտեսական միությունում՝ ԵԱՏՄ-ում:  Նա նշեց՝ համաձայնագիրը շատ սպասված ու պահանջված է մասնագիտական ծառայություններ մատուցող տնտեսավարող սուբյեկտների համար՝ հատկապես աուդիտորական, խորհրդատվական, հաշվապահական հաշվառման ոլորտներում:  «Մեր ռեզիդենտ համարվող այս ոլորտի խորհրդատվական կազմակերպությունները բավականին լուրջ ծավալների են հասցնում իրենց շրջանառությունները նաև Ղրղզստանում: Եթե չկա, օրինակ, մշտական հաստատության չափորոշիչ համարվող շրջանակը, ստացվում է, որ երբ մեր ռեզիդենտները Ղրղզստանի աղբյուրներից ստանում են ձեռնարկատիրական եկամուտներ, այդ եկամուտները վճարման աղբյուրի մոտ հարկվում են, և այնուհետև դրանք կարող են նվազեցվել Հայաստանում վճարվող համախառն հարկերից: Եվ արդյունքում ստացվում է, որ մեր պետական բյուջեի հարկային եկամուտների որոշ մաս վճարվում է կոնտրագենտ երկրում: Եթե համաձայնագիրն ուժի մեջ մտնի, ապա սահմանված է ժամանակահատված, ու եթե այդ ժամանակահատվածը չի գերազանցվում, ապա համարվում է, որ մշտական հաստատություն չի ձևավորվել, և, հետևաբար, այդ եկամուտները ռեզիդենտության տեղեկանքի ներկայացման պարագայում այլևս հարկման ենթակա չեն  լինի Ղրղզստանում: Դրանք ամբողջությամբ հարկման ենթակա կլինեն Հայաստանում»,-ասաց փոխնախարարը: Համաձայնագիրը ստորագրվել է  2019-ի օգոստոսի 9-ին Ղրղզստանում:
15:05 - 26 փետրվարի, 2020
ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց ուսանողների ուսման վարձը եկամտահարկով փոխհատուցելու օրինագծին |armenpress.am|

ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց ուսանողների ուսման վարձը եկամտահարկով փոխհատուցելու օրինագծին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկմանը դրական եզրակացություն տվեց  մագիստրատուրայում, ասպիրանտուրայում և օրդինատուրայում մի շարք մասնագիտություններով սովորող և միաժամանակ աշխատող անձանց եկամտային հարկը վերադարձնելու նախագծին: «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի և պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հեղինակած նախագիծը հանձնաժողովի նիստում ներկայացրեց Սիսակ Գաբրիելյանը: Նախագծով սահմանվում է, որ այն ուսանողները, որոնք կառավարության սահմանված մասնագիտությունների ցանկով սովորելուն զուգահեռ կաշխատեն, ուսումնական տարվա ավարտից հետո պետությունը ուսման վարձը կփոխհատուցի եկամտային հարկի վերադարձի տեսքով, եթե եկամտային հարկը կբավարարի ուսման վարձի չափով` ոչ ավելի, քան ուսման վարձը: Առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում նախագծում կատարվել է 3 փոփոխություն: «Նախագծով առաջարկվում էր, որ սույն օրենքով նախատեսված փոխհատուցման իրավունքից չեն կարող օգտվել ոչ ռեզիդենտ եկամտային հարկ վճարողները: Եղավ քննարկում, որ դժվար կլինի տարբերակել ոչ ռեզիդենտը և ռեզիդենտը: Ձևակերպումը փոխել ենք՝ սահմանելով, որ կարող են օգտվել միայն ՀՀ քաղաքացիները: Սա կառավարության առաջարկությունն էր, ինչը մեզ համար ընդունելի է»,-ասաց Գաբրիելյանը: Առաջին ընթերցմամբ քննարկմանը ներկայացված նախագծում նշված էր, որ ֆիզիկական անձը առաջարկվող հնարավորությունից կարող է օգտվել միայն մեկ անգամ: Գաբրիելյանը նկատեց՝ անհասկանալի էր ձևակերպումը, թե ինչ է նշանակում մեկ անգամը: Ձևակերպումն արվել է հետևյալ կերպ՝ վարձու աշխատող հանդիսացող սովորող ուսանողը կարող է օգտվել դրանից միայն մեկ մասնագիտություն ձեռք բերելու համար: Առաջին ընթերցմամբ ընդունված նախագծում նշվում էր, որ օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող տասներորդ օրը և տարածվում է  2020 թվականի սեպտեմբերի 1-ից հետո ծագող իրավահարաբերությունների վրա: Գաբրիելյանը նշեց՝ կար որոշակիության խնդիր, և իրենք ձևակերպել են հետևյալ կերպ՝ վերադարձման ենթակա եկամտային հարկի գումարը հաշվարկվում է  2020 թվականի սեպտեմբերի 1-ից: Առաջարկություններ են եղել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կողմից: Առաջարկ է եղել, որ արտոնությունը տարածեն նաև բակալավրիատի ուսանողների վրա, սակայն հեղինակների համար առաջարկն այս պահին ընդունելի չի եղել՝ թեև նախագծի սկզբնական մշակման փուլում հենց այդպես էին նախատեսել: «Մենք կարծում ենք, որ սկզբնական փուլում ավելի լավ է սկսել քայլ առ քայլ: Տեսնենք, թե օրենքն այս շրջանակի համար ինչպես է գործում, հետագայում, եթե հաջող ընթացք լինի, կարելի է քննարկել նաև բակալավրիատի ուսանողների համար այն ևս հասանելի դարձնելու տարբերակը՝ միայն ավարտական վերջին կուրսում»,-ասաց Գաբրիելյանը: Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը հիշեցրեց, որ կառավարությունը երկու առաջարկ է ներկայացրել նախագծի համար: «Մենք համաձայն չլինելով կամ վիճարկելով նպատակադրումը կամ դրան հասնելու գործնական հնարավորությունները, այդուհանդերձ, օրենքը, հավանաբար, կընդունվի, և դա պետք է կիրառել: Եվ կիրառության առումով 2 խնդիր տեսել ենք, որոնց վերաբերյալ ներկայացրել ենք առաջարկություններ»,-ասաց նա ու նկատեց՝ իրենց առաջարկներով հեղինակներն արդեն հստակեցումներ արել են: Նախագիծը քվեարկությամբ ստացավ դրական եզրակացություն:
14:26 - 26 փետրվարի, 2020
ԱԺ-ում չընդունվեց ժամկետանց վարկերի մասին օրինագիծը |armtimes.com|

ԱԺ-ում չընդունվեց ժամկետանց վարկերի մասին օրինագիծը |armtimes.com|

armtimes.com: Այսօր ԱԺ-ում չընդունվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության առաջարկած «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախագծին կողմ քվեարկեց 40 պատգամավոր, դեմ՝ 62, ձեռնպահ մնացին 10-ը: Ինչպես ներկայացրեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը, նախագիծը բանկերում եւ վարկային կազմակերպություններում հաշվառված արտաբալանսում պահվող ժամկետնանց պարտավորություններին է վերաբերում: «Տարիների ընթացքում այդ պարտավորությունները կուտակվում են, եւ սրանց մասով բանկերը եւ վարկային կազմակերպություններն ունենում են խնդիր՝ կապված հարկային օրենսդրության հետ»,- ասաց Թանդիլյանը: Ըստ Թանդիլյանի ներկայացրած տվյալների՝ բանկային համակարգում ժամկետանց վարկերը կազմում են 13%, որոնցից արտաբալանսում պահվում է մոտ 8%-ը: «Հաճախ բանկերն ու վարկային կազմակերպությունները պատրաստ են լինում ներել ժամկետանց պարտավորությունների մի մասը՝ մնացած մասը միանվագ կամ նոր ժամանակացույցով վճարելու պարագայում: Կա նաեւ պարտքի զիջման հնարավորություն՝ որոշակի զեղչերով: Սակայն այս բոլոր դեպքերում ֆինանսական կառույցների համար առաջանում են հարկային պարտավորություններ, մասնավորապես՝ ներված վարկի տոկոսագումարի տույժի համար բանկերը վճարում են շահութահարկ»,- ասաց Թանդիլյանը՝ հավելելով, որ, ըստ նոր նախագծի, հնարավորություն է ընձեռվելու առանց հարկային պարտավորությունների իրականացնել վարկերի ներման եւ զեղչով զիջման գործարքներ: Նրա պնդմամբ՝ սա կնպաստի նաեւ վարկերի տոկոսների նվազմանը: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը հայտնեց Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դիրքորոշումը: Նրա պնդմամբ՝ Կառավարությունը նախագիծը խնդրահարույց է համարել, որովհետեւ հնարավոր է՝ ավելանա վարկառուների անպարտաճանաչ վարքագիծը: «Կառավարությունն ու Կենտրոնական բանկը կարծիք են հայտնել, որ ավելի ինստիտուցիոնալ մոտեցումների են կողմ, հանձնաժողովում նախագիծն ստացել է բացասական եզրակացություն»,- ասաց պատգամավորը:
12:56 - 11 փետրվարի, 2020