armtimes.com: Այսօր ԱԺ-ում չընդունվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության առաջարկած «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախագծին կողմ քվեարկեց 40 պատգամավոր, դեմ՝ 62, ձեռնպահ մնացին 10-ը:
Ինչպես ներկայացրեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը, նախագիծը բանկերում եւ վարկային կազմակերպություններում հաշվառված արտաբալանսում պահվող ժամկետնանց պարտավորություններին է վերաբերում:
«Տարիների ընթացքում այդ պարտավորությունները կուտակվում են, եւ սրանց մասով բանկերը եւ վարկային կազմակերպություններն ունենում են խնդիր՝ կապված հարկային օրենսդրության հետ»,- ասաց Թանդիլյանը:
Ըստ Թանդիլյանի ներկայացրած տվյալների՝ բանկային համակարգում ժամկետանց վարկերը կազմում են 13%, որոնցից արտաբալանսում պահվում է մոտ 8%-ը:
«Հաճախ բանկերն ու վարկային կազմակերպությունները պատրաստ են լինում ներել ժամկետանց պարտավորությունների մի մասը՝ մնացած մասը միանվագ կամ նոր ժամանակացույցով վճարելու պարագայում: Կա նաեւ պարտքի զիջման հնարավորություն՝ որոշակի զեղչերով: Սակայն այս բոլոր դեպքերում ֆինանսական կառույցների համար առաջանում են հարկային պարտավորություններ, մասնավորապես՝ ներված վարկի տոկոսագումարի տույժի համար բանկերը վճարում են շահութահարկ»,- ասաց Թանդիլյանը՝ հավելելով, որ, ըստ նոր նախագծի, հնարավորություն է ընձեռվելու առանց հարկային պարտավորությունների իրականացնել վարկերի ներման եւ զեղչով զիջման գործարքներ: Նրա պնդմամբ՝ սա կնպաստի նաեւ վարկերի տոկոսների նվազմանը:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը հայտնեց Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դիրքորոշումը: Նրա պնդմամբ՝ Կառավարությունը նախագիծը խնդրահարույց է համարել, որովհետեւ հնարավոր է՝ ավելանա վարկառուների անպարտաճանաչ վարքագիծը:
«Կառավարությունն ու Կենտրոնական բանկը կարծիք են հայտնել, որ ավելի ինստիտուցիոնալ մոտեցումների են կողմ, հանձնաժողովում նախագիծն ստացել է բացասական եզրակացություն»,- ասաց պատգամավորը:
comment.count (0)