Սահման

Սոթքում վիրավորված Նարեկ Պողոսյանի առողջական վիճակում դրական տեղաշարժ կա. ՊՆ
 |armeniasputnik.am|

Սոթքում վիրավորված Նարեկ Պողոսյանի առողջական վիճակում դրական տեղաշարժ կա. ՊՆ |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Սեպտեմբերի 1-ին Սոթքի ուղղությամբ ադրբեջանական կրակոցից վիրավորում ստացած Նարեկ Պողոսյանի առողջական վիճակում դրական դինամիկա կա։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը: Նարեկ Պողոսյանին, որի անունը սկզբում հայտնվել էր զոհվածների ցանկում, բժիշկները կարողացել էին ռեանիմացիոն ինտենսիվ միջոցառումների արդյունքում փրկել, բայց նրա վիճակը գնահատվում էր ծայրահեղ ծանր։ «Բժիշկների գործադրած ջանքերի արդյունքում բուժման ակտիվ փուլն ավարտվել է, առողջական վիճակը գնահատվում է բավարար, այժմ վերականգնողական բուժման կարիք ունի»,-ասաց Թորոսյանը: Հիշեցնենք` ադրբեջանական ԶՈւ-ն սեպտեմբերի 1-ին՝ ժամը 07:50-ից սկսած, ինտենսիվ կրակ էր բացել Գեղարքունիքի մարզի Սոթք և Նորաբակ համայնքների հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Ադրբեջանը կիրառել էր նաև ականանետներ և անօդաչու սարքեր: Հայկական կողմից 3 զինծառայող էր զոհվել, 2-ը` վիրավորվել:
17:10 - 11 հոկտեմբերի, 2023
Փաշինյանն ասել է՝ որոնք պետք է լինեն տարածաշրջանում խաղաղության հենասյուները՝ ըստ Գրանադայի հայտարարությունների

Փաշինյանն ասել է՝ որոնք պետք է լինեն տարածաշրջանում խաղաղության հենասյուները՝ ըստ Գրանադայի հայտարարությունների

Բացարձակ իդեալական վիճակներ չկան և չեն էլ լինելու։ Այս մասին Հանրային ՀԸ-ին տված հարցազրույցի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Գրանադայում ստորագրված հայտարարությանը։ «Գրանադան մեզ տվեց երկու շատ կարևոր հայտարարություն՝ 1-ինը՝ քառակողմ հայտարարություն (Ն․ Փաշինյան, Է․ Մակրոն, Օ․ Շոլց, Շ․ Մեշել) և 2-րդը՝ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն Դեր Լայենի հետ։  Ըստ էության, սրանով արձանագրվեց, չեմ ուզում ասել աննախադեպ, բայց շատ կարևոր արձանագրում [եղավ], որ ԵՄ-ում Հայաստանի հետ հարաբերությունների խորացման առումով կա կոնսենսուս։ Որովհետև ԵՄ երկու սյուները՝ Եվրամիության խորհուրդը և Եվրահանձնաժողովը, արձանագրեցին այս փաստը»,- ասել է Փաշինյանը։ Ըստ ՀՀ վարչապետի՝ երկու հայտարարություններում էլ արձանագրվեցին և՛ մեր, և՛ ԵՄ տեսակետից, թե որոնք պետք է լինեն տարածաշրջանում խաղաղության հենասյուները․ «1-ինը՝ Հայաստանի և Ադրբեջանի փոխադարձաբար տարածքային ամբողջականության ճանաչումն է՝ ընդծումով տարածքների չափերը։  2-րդը՝ դելիմիտացիայի գործընթացը պետք է տեղի ունենա 1991թ․ կնքված Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա և համաձայն կողմերին փոխանցված ԽՍՀՄ վերջին շրջանի քարտեզների։  3-րդը՝ տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակումը պետք է տեղի ունենա երկրների սուվերենության լիարժեք պաշտպանության, իրավազորության, հավասարության և փոխադարձության ներքո»։ Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ Գրանադայում կայացած հանդիպումների բացն այն է, որ այնտեղ ընդունված առաջին հայտարարությունը քառակողմ է, այլ ոչ թե հնգակողմ։ «Այսինքն՝ ի սկզբանե պլանավորված էր, որ այն լինելու է հնգակողմ, բայց Ադրբեջանի բացակայությունը՝ այդ փաստաթղթի ներքո, թերություններից է։ Եթե այդ թղթի ներքո լիներ Ադրբեջանի ստորագրությունը, ապա ես հիմա կասեի, որ հավանականությունը, որ մինչև տարվա վերջ մենք կստորագրենք խաղաղության պայմանագիր, 70%-ից բարձր կլիներ»,- հավելել է նա։ Որպես Գրանադայում տեղի ունեցած հանդիպումների արդյունքում արձանագրված կարեւոր դրվագ՝ Փաշինյանը նշել է, որ արձանագրվել եւ դատապարտվել է Արցախի նկատմամբ Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը եւ Արցախի ժողովրդի բռնի տեղահանումը․ «Արձանագրվեց ԵՄ և ԱՄՆ պատրաստակամությունը՝ հումանիտար իրավիճակը կարգավորելու համար։ Արձանագրվեց, որ ԼՂ հայերը ԼՂ վերադառնալու իրավունք պետք է ունենան առանց նախապայմանների, և նրանց այդ իրավունքը պետք է պաշտպանվի։  Արձանագրվեց, որ ԵՄ-ն պատրաստ է հարաբերությունները Հայաստանի հետ խորացնել այնքան, ինչքան Հայաստանը կցանկանա, կամ այնքան, ինչքան համապատասխան է Հայաստանի կարիքներին։ Սրանք առավելություններն են»,- ասել նա։ Պատասխանելով հարցին, թե արդյոք քառակողմ հայտարարությունը չեզոքացրե՞լ է ՀՀ անվտանգային խնդիրները, արդյոք Ադրբեջանը դուրս կգա՞ ՀՀ ինքնիշխան տարածքներից, որոնք գրավել է, Փաշինյանը նշել է. «Եթե մենք դելիմիտացիայի հիմքում դնում ենք կոնկրետ քարտեզներ, արձանագրվում են սահմանի խախտումները, դա նշանակում է, որ դելիմիտացիայի պրոցեսում այդ խախտումները պետք է վերացվեն։ Հիմա խնդիրը այն է, որ այս ձևակերպման տակ չկա Ադրբեջանի ստորագրությունը, բայց մյուս կողմից՝ առնվազն արևմտյան տիրույթում ձևավորվել է արդեն պաշտոնական ըմբռնում, որ սա պետք է լինի ապագա խաղաղ կարգավորման հիմքը»։ Փաշինյանը հայտնել է նաև, որ իրականում այդ հայտարարության մեջ գերիների թեմային անդրադարձ կար. «Այնտեղ կոչ էր հղված բոլոր կողմերին, որ նրանք բոլոր գերիներին ազատ արձակեն։ Մենք միշտ էլ պատրաստակամություն ենք հայտնել ենք՝ գնալ այդպիսի լուծումների։ Իմիջիայլոց, քառակողմ հայտարարության մեջ կա նաև անդրադարձ անհետ կորած անձանց խնդրին»։
23:43 - 10 հոկտեմբերի, 2023
Մենք այժմ գտնվում ենք Հայաստան ներխուժման անմիջական սպառնալիքի տակ․ ԵՄ-ում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը՝ Brussels Signal-ին տված հարցազրույցում

Մենք այժմ գտնվում ենք Հայաստան ներխուժման անմիջական սպառնալիքի տակ․ ԵՄ-ում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը՝ Brussels Signal-ին տված հարցազրույցում

ԵՄ-ում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը Brussels Signal-ին տված հարցազրույցում ասել է, որ Հայաստանը հավանական է համարում, որ Ադրբեջանը կարող է «շաբաթների ընթացքում» ներխուժել։ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի կապիտուլյացիային կարող է հետեւել հենց Հայաստանի վրա հարձակումը։ Լրատվամիջոցի խոսքով՝ նշել է Բալայանը։ «Մենք այժմ գտնվում ենք Հայաստան ներխուժման անմիջական սպառնալիքի տակ»,- ասել է դեսպանը։ Բալայանն ասել է, որ միջազգային իրավունքը հարգելու Ադրբեջանի խոստումները կեղծ են։ Ադրբեջանը կանգ չի առնի, եթե «չկանգնի հավաքական Արևմուտքի կողմից ձեռնարկված շատ գործնական քայլերի դեմ»։  «Նա առաջարկել է, որ ԵՄ-ն Ալիևին վերջնաժամկետ տա իր բանակը Հայաստանի սահմանից դուրս բերելու համար, և եթե նա չկատարի, կասեցնի Ադրբեջանի՝ ԵՄ-ի հետ առանց վիզայի մուտքի համաձայնագիրը: Նա նաև նշել է, որ «անհատական պատժամիջոցները կարող են հստակ ուղերձ լինել», - գրում է լրատվամիջոցը։
20:11 - 08 հոկտեմբերի, 2023
Այս պահին սահմանային իրավիճակը հարաբերականորեն կայուն է, լարման միտում չի նկատվում. ՊՆ փոխնախարար |news.am|

Այս պահին սահմանային իրավիճակը հարաբերականորեն կայուն է, լարման միտում չի նկատվում. ՊՆ փոխնախարար |news.am|

news.am: Այս պահին Հայաստանի սահմանամերձ հատվածներում վիճակը հարաբերականորեն կայուն է, ՊՆ-ն ուշի ուշով հետեւում է այդ իրավիճակի փոփոխության դինամիկային եւ որեւէ փոփոխության դեպքում, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, անմիջապես կիրազեկենք հանրությանը մեր լրատվական ծառայության միջոցով: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 29-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը: «Ես այս պահին չեմ ցանկանա ասել լրացուցիչ տեղեկատվություն, կխնդրեմ բավարարվել վերջին շրջանում, այդ թվում կառավարության նիստի ընթացքում  եւ նաեւ մեր կողմից հրապարակված տվյալներով: Մենք չպետք է մոռանանք, որ ՀՀ-ն արդեն գրեթե Ադրբեջանի հետ ամբողջ սահմանագծով սահմանային գոտում ենք հայտնվել եւ եթե կուտակումներ լինում են, ապա դա վերաբերում է բոլոր հատվածներին՝ մի տեղ ավել, մի տեղ պակաս: Կարեւորը, որ այս պահին սահմանային իրավիճակը հարաբերականորեն կայուն է եւ լարման, ընդհարման միտում գոնե այս պահին չի նկատվում»,-ասաց նա:
12:11 - 29 սեպտեմբերի, 2023
Ալիևը Բլինքենին ասել է, որ կընդունի դիտորդական առաքելություն․ Պետքարտուղարության խոսնակ

Ալիևը Բլինքենին ասել է, որ կընդունի դիտորդական առաքելություն․ Պետքարտուղարության խոսնակ

Միջազգային դիտորդների տեղակայումը հարց է, որ քննարկվում է տարածաշրջանում մեր դաշնակիցների ու գործընկերների հետ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը՝ ի պատասխան հարցին, թե արդյո՞ք ԼՂ-ում միջազգային դիտորդական առաքելություն տեղակայելու թեման քննարկվել է Երևանի ու Բաքվի հետ։ «Ես չեմ ցանկանում նախապես ասել, թե սա ինչ տեսք կարող է ունենալ, մինչև երկխոսությունները չավարտվեն»,- ասել է նա՝ հիշեցնելով, որ Բլիքենն Ալիևի հետ ունեցած հեռախոսազրույցի ու ԱՄՆ պետքարտուղարի՝ Ադրբեջանի նախագահին ուղղված կոչի մասին։ «Եվ մենք նշում ենք, և ԱՄՆ պետքարտուղարն էլ նշել է այդ հեռախոսազրույցում, որ նախագահ Ալիևը ասել է, որ հետագա ռազմական գործողությունները չեն լինի և մենք ակնկալում ենք, որ նա հավատարիմ կմնա դրան։ Նա նաև ասել է, որ ինքը կընդունի դիտորդական առաքելություն, և մենք ակնկալում ենք, որ նա հավատարիմ կմնա դրան»։ Հարցին, թե արդյո՞ք Յուրի Քիմը և Սամանթա Փաուերը նախատեսում են այցելել Ադրբեջան, Միլլերը պատասխանել է․ «Ես որևէ այլ հայտարարություն չունեմ, քանի դեռ նրանք տարածաշրջանում են»։
10:04 - 27 սեպտեմբերի, 2023
Ինտեգրվելու մասին խոսք անգամ լինել չի կարող. մարդիկ դեռ տրամադրված չեն դուրս գալու. շրջափակված Մեծ Շենի գյուղապետ
 |news.am|

Ինտեգրվելու մասին խոսք անգամ լինել չի կարող. մարդիկ դեռ տրամադրված չեն դուրս գալու. շրջափակված Մեծ Շենի գյուղապետ |news.am|

news.am: Շուշիի շրջանի Մեծ Շեն գյուղը շարունակում է շրջափակված մնալ, գյուղ սնունդ առայժմ չի մտել: Այս մասին NEWS.am-ին պատմեց Մեծ Շենի գյուղապետ Դավիթ Դավթյանը: «Էսօր խաղաղ է: Գիշերվանից դադարել են կրակոցները: Տարհանում չի արվել, բնակիչները դեռ գյուղում են: Սնունդ չի մտնում, դրա մասին մոռացեք, չկա նման բան: Բնակիչների մոտ անորոշություն է, ոչ ոք չգիտի՝ ինչ է լինելու: Արդեն մենք չենք որոշում, թե ինչը ոնց է լինելու»,- նշեց գյուղապետը: Հարցին, թե ի՞նչ տրամադրություններ են բնակչության շրջանում, գյուղապետը պատասխանեց. «Մարդիկ դեռ տրամադրված չեն դուրս գալու, դուրս գալու տեղ էլ չկա, ո՞ւր գնան: Եթե մարդիկ կարողանան մնալ իրենց հողում, ապրեն ինչպես առաջ էր, բոլորն էլ այդպես ուզում են, իսկ ինտեգրվելու մասին խոսք անգամ լինել չի կարող»:
19:24 - 21 սեպտեմբերի, 2023
Ադրբեջանի ՊՆ-ն, ամենօրյա ռեժիմով տարածելով կեղծ հաղորդագրություններ` տեղեկատվական հենք նախապատրաստեց ռազմական ագրեսիա սկսելու համար. Արցախի ՊՆ

Ադրբեջանի ՊՆ-ն, ամենօրյա ռեժիմով տարածելով կեղծ հաղորդագրություններ` տեղեկատվական հենք նախապատրաստեց ռազմական ագրեսիա սկսելու համար. Արցախի ՊՆ

Ադրբեջանի ԶՈՒ-ն, շաբաթներ շարունակ ապատեղեկատվություն տարածելուն զուգահեռ, ռազմական տեխնիկայի և անձնակազմի տեղաշարժեր և կուտակումներ էր իրականացնում շփման գծի երկայնքով, ինչը փաստող անհերքելի տեսանյութ պաշտպանության բանակը ներկայացրել էր դեռևս սեպտեմբերի 5-ին: Այս մասին հայտնում են Արցախի ՊՆ-ից: «Այդպիսի տեսանյութեր սփռվում էին նաև հենց ադրբեջանական սոցիալական ցանցերում: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ամենօրյա ռեժիմով տարածելով հրադադարի խախտման, ամրաշինական և ինժեներական աշխատանքների կատարման, քաղաքացիական օդանավերի GPS տեղորոշման համակարգի աշխատանքը խափանելու վերաբերյալ կեղծ հաղորդագրություններ` քարոզչական դաշտում տեղեկատվական հենք նախապատրաստեց Արցախի Հանրապետության դեմ լայնածավալ ռազմական ագրեսիա սկսելու նպատակով»,- հայտնում են Արցախի ՊՆ-ից: 
00:45 - 20 սեպտեմբերի, 2023
Ադրբեջանի ՊՆ տեղեկատվական ստահոդ քաղաքականության նպատակը միջազգային հանրությանը մոլորեցնելն է․ Արցախի ՊՆ

Ադրբեջանի ՊՆ տեղեկատվական ստահոդ քաղաքականության նպատակը միջազգային հանրությանը մոլորեցնելն է․ Արցախի ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ողջ օրվա ընթացքում փորձել է հիմնավորել իր կեղծ պնդումն այն մասին, թե քաղաքացիական ենթակառուցվածքների և քաղաքացիական անձանց ուղղությամբ իբր կրակ չի բացել: Այս մասին հայտնում են Արցախի ՊՆ-ից։   Ադրբեջանի պաշտպանության նախարարության տեղեկատվական ստահոդ քաղաքականության նպատակը միջազգային հանրությանը մոլորեցնելն է: Ինչպես հայտնել են պաշտոնական աղբյուրները, զոհեր կան նաև քաղաքացիական բնակչության շրջանում:   Ադրբեջանական քարոզչամեքենայի կիրառած տեղեկատվական հնարքների հետևանքով հայկական սոցիալական ցանցերում շրջանառվել են նաև մի շարք սխալ կամ կեղծ տեղեկություններ:   Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը կոչ է անում հետևել բացառապես պաշտոնական աղբյուրներին:
00:32 - 20 սեպտեմբերի, 2023