Արդարադատության նախարարություն

ՀՀ արդարադատության նախարարությունը գործադիր իշխանության պետական մարմին է։ Նախարարության կազմի մեջ է մտնում 14 կառուցվածքային ստորաբաժանում, 7 առանձնացված ստորաբաժանում, ինչպես նաև ՀՀ ԱՆ-ն ունի տարբեր ոլորտներում գործունեություն իրականացնող 7 իրավաբանական անձ։

ՀՀ արդարադատության նախարարն է Ռուստամ Բադասյանը։

Իրավաբանական համայնքը քննարկել է Վարչական դատավարության օրենսդրության կատարելագործմանը վերաբերող մի շարք հարցեր

Իրավաբանական համայնքը քննարկել է Վարչական դատավարության օրենսդրության կատարելագործմանը վերաբերող մի շարք հարցեր

Ապրիլի 4-ին Ծաղկաձորում տեղի է ունեցել Վարչական դատավարության օրենսդրության կատարելագործման նպատակով երկօրյա քննարկում: Այն կազմակերպել էր Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամը՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ: Քննարկմանը մասնակցել են ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արտակ Ասատրյանը, Բարձրագույն դատական խորհրդի անդամ Գևորգ Դանիելյանը, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ Ռուզաննա Հակոբյանը, Հիմնադրամի տնօրեն Տիգրան Մարկոսյանը, Վերաքննիչ վարչական և Վարչական դատարանների դատավորներ, Ֆինանսների նախարարության, Դատախազության, Դատական դեպարտամենտի, ինչպես նաև միջազգային կառույցների՝ ԱՄՆ ՄԶԳ-ի և GIZ-ի ներկայացուցիչներ, փաստաբաններ, Հիմնադրամի փորձագետներ, քաղացիական հասարակության ներկայացուցիչներ, այլք: Արդարադատության նախարարի առաջին տեղեկալը, ողջունելով քննարկման մասնակիցներին, անդրադարձել է Նախարարության առաջնահերթություններին՝ նշելով, որ վարչական արդարադատության բարեփոխումները օրակարգի կարևորագույն հարցերից են: Արտակ Ասատրյանը հույս է հայտնել, որ ներկաները, իրենց փորձառությունից ելնելով, կարևոր առաջարկներ ու դիտարկումներ կներկայացնեն ամենօրյա աշխատանքում ի հայտ եկող թերությունները շտկելու նպատակով: «Ինչ վերաբերում է ոլորտի հետագա բարեփոխումներին, որպես ուղեցույց, վերցնելու ենք Բարձրագույն դատական խորհրդի մշակած «ՀՀ-ում արդարադատության արդյունավետության համալիր բարեփոխումների» հայեցակարգը, ինչպես նաև այս քննարկումների արդյունքում ձևավորված կարծիքներն ու առաջարկները»,- նշել է նախարարի առաջին տեղակալը՝ ներկաներին մաղթելով արդյունավետ քննարկում: ԲԴԽ անդամ Գևորգ Դանիելյանը շնորհակալություն է հայտնել նախաձեռնության համար և նշել, որ վերջին ժամանակահատվածում ակնհայտ է, որ Արդարադատության նախարարությունն ու Հիմնադրամը որևէ նախագծի շուրջ ստացած առաջարկը, կարծիքն ու դիրքորոշումը ոչ թե քննարկում են քննարկելու համար, այլ դրանց հստակ ընթացք են տալիս: Գևորգ Դանիելյանը տեղեկացրել է, որ Վարչական դատավարության օրենսգրքի գործող դրույթների վերաբերյալ ԲԴԽ-ի կողմից Նախարարություն են ուղարկվել 50 էջը գերազանցող եզրակացություն՝ հայեցակարգային դրույթների վերաբերյալ: Տիգրան Մարկոսյանի խոսքով, այլևս սահմանադրական մակարդակով հրամայական է բոլոր հիմնարար իրավունքների առնչությամբ օրենքի մակարդակով ամրագրել արդյունավետ կառուցակարգեր և ընթացակարգեր: «Այս առումով, վարչական արդարադատության ոլորտը չպետք է բացառություն լինի, քանի որ ոլորտում առկա խնդիրները խոչընդոտում են մեր նպատակներին հասնելուն»,- նշել է Տիգրան Մարկոսյանը՝ ընդգծելով, որ նման ձևաչափով քննարկումը բացառիկ է, քանի որ քննարկվում է ոչ թե մշակած նախագիծը, այլ մասնագիտական շրջանակը նախագծում է նախագիծը: Երկօրյա հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել Վարչական դատավարության օրենսգրքի ընդհանուր դրույթներին, դատարանում գործի քննության ու լուծման ընթացակարգերին և այլ հարցերին: Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ Ռուզաննա Հակոբյանի գնահատմամբ, հանդիպումն արդյունավետ էր, քանի որ վեր հանվեցին պրակտիկ գործունեության ընթացքում առաջացած խնդիրներ, որոնց սպասվող նախագծում լուծում կտրվեն:
12:26 - 06 մայիսի, 2019
Քրեակատարողական ծառայության պատվիրակությունն աշխատանքային այցով եղել է ՌԴ-ում

Քրեակատարողական ծառայության պատվիրակությունն աշխատանքային այցով եղել է ՌԴ-ում

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Հայկ Քոչինյանի գլխավորած պատվիրակությունը 2019թ-ի ապրիլի 23-24-ը Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքում մասնակցել է ԱՊՀ անդամ երկրների քրեակատարողական ծառայությունների ղեկավարների խորհրդի աշխատանքային խմբի փորձագետների 3-րդ հերթական նիստին, որին մասնակցում էին Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի Հանրապետությունների քրեակատարողական ծառայության ներկայացուցիչներ, ինչպես նաև պենիտենցիար բժշկության ոլորտի փորձագետներ և գիտնականներ: Նիստի շրջանակներում քննարկվել են անազատության մեջ պահվող անձանց բժշկական սպասարկման ծառայությունների կազմակերպա-իրավական հիմնավորումները, բժշկական ծառայությունների անկախության երաշխիքների արդյունավետության վերաբերյալ մասնակից պետությունների փորձը, թմրամոլների և թմրամոլության նկատմամբ կախվածություն ունեցող դատապարտյալների և կալանավորված անձանց բժշկական օգնության կազմակերպման առանձնահատկություններն ու ոլորտում արձանագրված հաջողությունները: Զեկույցով հանդես են եկել ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Հ.Քոչինյանն ու ծառայության բժշկական սպասարկման բաժնի պետ Ա.Հովհաննիսյանը, որոնք մանրամասն ներկայացրել են Հայաստանի Հանրապետության քրեակատարողական բժշկության ոլորտում առկա իրավակարգավորումները, մեկնարկած բարեփոխումներն ու հեռանկարային ծրագրերը: Մասնավորապես, «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի ստեղծման հայեցակարգի, կազմակերպչական հիմքերի և պայմանների, ինչպես նաև քրեակատարողական ծառայությունում e-Penitentiary ժամանակակից էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրմանն ուղղված աշխատանքները: Բարձր գնահատելով ՀՀ քրեակատարողական համակարգում և բժշկական սպասարկման ոլորտում Հայաստանի Հանրապետությունում մեկնարկած բարեփոխումները՝ նիստին մասնակից բոլոր երկրների փորձագետներն արձանագրել են, որ բժշկական սպասարկման ոլորտում միասնական էլեկտրոնային տեղեկատվական շտեմարաններ ստեղծելու և դրանք քաղաքացիական առողջապահական համակարգում գործող տեղեկատվական շտեմարաններին կապելու նախաձեռնություններն այլևս անհրաժեշտություն են, որոնք իրապես ունակ են ապահովելու պենիտենցիար բժշկության անկախությունն ու արդյունավետությունը: Առաջավոր փորձի փոխանակման և համապատասխան հետազոտությունների տեղեկատվական հարթակ ստեղծելու նպատակով նիստի շրջանակներում որոշում է կայացվել պենիտենցիար բժշկության ոլորտի առնչությամբ մասնակից երկրների կողմից ներկայացված զեկույցներով կազմել իրավա-տեղեկատվական մեթոդական ուղեցույց և հրապարակել այն: Փորձագետների խմբի նիստում քննարկվել են նաև 2019թ-ի հուլիսին Ղազախստանի Նուր-Սուլթան քաղաքում կայանալիք ԱՊՀ անդամ երկրների քրեակատարողական ծառայությունների ղեկավարների խորհրդի հերթական՝ 4-րդ նստաշրջանի նախապատրաստման և օրակարգի ձևավորմանն առնչվող հարցեր:
07:20 - 26 ապրիլի, 2019
Հայաստանի պետական սահմանը խախտած կալանավոր, Ադրբեջանի Հանրապետության քաղաքացին վիրահատվել է

Հայաստանի պետական սահմանը խախտած կալանավոր, Ադրբեջանի Հանրապետության քաղաքացին վիրահատվել է

Ապրիլի 24-ին «էրեբունի» ԲԿ է ընդունվել կալանավոր, Հայաստանի պետական սահմանը խախտած, Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Էլվին Արիֆ օղլու Հիբրագիմովը: Ըստ Արդարաադատության նախարարության հաղորդագրության՝ բուժզննման արդյունքում պարզվել է, որ վերջինիս անհրաժեշտ է բժշկական շտապ միջամտություն: Իրականացված բաց եղանակով վիրահատության արդյունքում վերջինիս ստամոքսից հեռացվել է օտար մարմին: Հիվանդը գտնվում է բժիշկների մշտական հոգածության և վերահսկողության ներքո, վիճակը կայուն է: Բոլոր գործողությունները իրականացվել են ՀՀ արդարադատության և առողջապահության նախարարությունների և Կարմիր խաչի գրասենյակի սերտ համագործակցությամբ:Հիշեցնենք՝ 2019 թվականի մարտի 16-ին ՀՀ հյուսիս-արևելյան սահմանագոտում, N զորամասի պահպանության տեղամասում, հայ դիրքապահների կողմից հայտնաբերվել, նախազգուշացվել և նախազգուշացմանը չենթարկվելուց հետո վնասազերծվել է ՀՀ պետական սահմանը խախտած Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Էլվին Արիֆ օղլու Հիբրագիմովը։
05:46 - 26 ապրիլի, 2019