Իսրայել

Իսրայելի պետությունը ստեղծվել է 1948 թվականի մայիսի 14-ին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 1947 թվականի նոյեմբերի 29-ի որոշմամբ, ըստ որի Մեծ Բրիտանիայի ենթամանդատային Պաղեստինը հռչակվում էր անկախ եւ նրա տարածքում ստեղծվում էին երկու ինքնուրույն՝ արաբական եւ հրեական պետություններ։

Հրեական պետությանը՝ Իսրայելին, հատկացվում էր 14 հզ. կմ2 (Պաղեստինի տարածքի 56%) տարածություն՝ խառը բնակչությամբ։ Երուսաղեմը հանձնվում էր ՄԱԿ-ի կառավարմանը։ 1948 թվականի մայիսին Իսրայելում ստեղծվեց ժամանակավոր կառավարություն, որը կազմված էր բացառապես սիոնիստական կուսակցությունների ներկայացուցիչներից։ Կառավարության առաջին իսկ՝ «Անկախության դեկլարացիայով» սիոնիզմը հռչակվեց Իսրայելի պաշտոնական գաղափարախոսություն եւ քաղաքականություն։

Արաբա-իսրայելական պատերազմներից հետո` 1974 թվականի հունվարին եւ 1975 թվականի սեպտեմբերին Եգիպտոսի, իսկ 1974 թվականի մայիսին Սիրիայի հետ Իսրայելը կնքեց զորքերի տարանջատման եւ նրանց միջեւ բուֆերային գոտիներ ստեղծելու համաձայնագրեր։ 1979 թվականին Եգիպտոսը՝ առաջին արաբական երկիրն էր, որը խաղաղության դաշինք կնքեց Իսրայելի հետ։ Արդյունքում, Իսրայելը Սինայի թերակղզին Եգիպտոսին հետ վերադարձրեց։ Հորդանանը եւ Իսրայելը խաղաղության դաշինք կննքեցին 1994 թվականին։ Իսկ 2005 թվականին Իսրայելը իր բանակը դուրս բերեց Գազայի շրջանից։

Իսրայելում կառավարության տնտեսական քաղաքականության դեմ 80.000-անոց բողոքի ցույց է անցկացվել. ոստիկանության հետ բախումներ են տեղի ունեցել. The Jerusalem Post (տեսանյութ)
 |tert.am|

Իսրայելում կառավարության տնտեսական քաղաքականության դեմ 80.000-անոց բողոքի ցույց է անցկացվել. ոստիկանության հետ բախումներ են տեղի ունեցել. The Jerusalem Post (տեսանյութ) |tert.am|

tert.am: Իսրայելի մայրաքաղաք Թել-Ավիվի կենտրոնական՝ Իցհակ Ռաբինի անվան հրապարակում հուլիսի 11-ին մոտ 80.000-անոց բողոքի ցույց է անցկացվել. հազարավոր քաղաքացիներ իրենց դժգոհությունն են արտահայտել կորոնավիրուսի պայմաններում կառավարության վարած քաղաքականության դեմ: Ինչպես հաղորդում է The Jerusalem Post պարբերականը, բողոքող քաղաքացիները պնդում են, որ վարչապետ Բենյամին Նեթանյահուն և ֆինանսների նախարար Իսրայել Քաթցը չեն կատարել տրված խոստումները: Հնչել են նաև վարչապետ Նեթանյահուհի հրաժարականի կոչեր: Գիշերը, երբ հանրահավաքը ավարտվել է, մի շարք ցուցարարներ փողոցներ են փակել, բախումներ են սկսվել ոստիկանների հետ, վերջինների կողմից ցուցարարները ձերբակալվել եմ:
10:43 - 12 հուլիսի, 2020
Իսրայելի պաշտպանական տեխնոլոգիաները զեղչով հասանելի են նաև Հայաստանին․ զրույց Գրիգոր Հովհաննիսյանի հետ |civilnet.am|

Իսրայելի պաշտպանական տեխնոլոգիաները զեղչով հասանելի են նաև Հայաստանին․ զրույց Գրիգոր Հովհաննիսյանի հետ |civilnet.am|

civilnet.am: Որպես Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ (2018-20)՝ Գրիգոր Հովհաննիսյանը կարևոր դեր է խաղացել Իսրայելում Հայաստանի դեսպանատուն բացելու գործում։ Մինչ այդ նա ԱՄՆ-ում ՀՀ դեսպանն էր (2016-18): Մինչ 2006-ին Հայաստան վերադառնալը՝ Հովհաննիսյանն աշխատում էր Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) առաքելություններում՝ Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում, այդ թվում՝ Իսրայելում։ Անցած ապրիլ Հովհաննիսյանը լքեց արտաքին գործերի նախարարությունը՝ մասնավոր հատվածում աշխատելու համար։ Իսրայելի և ԱՄՆ-ի հետ Հայաստանի հարաբերությունների մասին նա պատասխանել է Էմիլ Սանամյանի հարցերին։ Ի՞նչ կարգավիճակ ունի Իսրայելում Հայաստանի դեսպանատունը։ Այն պաշտոնապես բացվել և գործո՞ւմ է։ Այն պաշտոնապես բաց է, ունի հասցե և հավատարմագրված դիվանագիտական անձնակազմ։ Համավարակի և ճանապարհորդելու սահմանափակումներով պայմանավորված՝ մեր դիվանագետները չեն կարողացել վերադառնալ Թել Ավիվ, բայց կարծում եմ՝ դա շաբաթների հարց է։ Դեսպանատուն բացելու ի՞նչ խոչընդոտներ կային այս տարիներին, և ինչպե՞ս դրանք վերջապես հաղթահարվեցին։ Ինչ վերաբերում է Հայաստանին, պաշտոնական խոչընդոտներ չկային։ Հայաստանի անկախության սկզբնական շրջանում Իսրայելը բավականին բաց էր հարաբերություններ կառուցելու առումով, բայց հայկական կողմում ինչ-որ զսպվածություն կար։ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը և իր թիմը չափազանց զգույշ էին Իսրայելի հետ հարաբերություններում, որպեսզի չվնասեն Հայաստանի հարաբերությունները Միջին Արևելքի մնացած գործընկերների հետ։ Թեև Հայաստանը մշտապես հայտնում էր Իսրայելի հետ համագործակցությունը զարգացնելու ցանկության մասին՝ Մեծ Մերձավոր Արևելքի խորհրդային ավանդական մտածելակերպից,- որ բնորոշ է Հայաստանի դիվանագետների առաջին սերնդին,- իրապես ազգային տեսլականի անցման դանդաղկոտությունը, իմ կարծիքով, կանխեց պահանջվող համարձակ քայլը։ Այդ նույն ժամանակ Իսրայելը բավականին ակտիվ էր նախկին խորհրդային բլոկի՝ գործնականորեն բոլոր երկրների հետ համագործակցելու գործում, ներառյալ՝ մեր տարածաշրջանային գլխավոր թշնամու, որը դարձավ Իսրայելի ռազմարդյունաբերական համալիրի կարևոր հաճախորդ և էներգիայի մատակարար այդ երկրի համար։ Քսան տարուց ավելի փոխադարձ կամ միաժամանակ դեսպանատներ բացելու մասին ակտիվ քննարկումներ են ընթացել, սակայն տարածաշրջանի անկայուն աշխարհառազմավարական միջավայրը դրան չէր նպաստում։ Հայաստանում հարկավոր եղավ պարադիգմի փոփոխություն՝ կարծրատիպային մտածողությունը և անիմաստ փակուղին հաղթահարելու համար։ Մեծ Մերձավոր Արևելքում հայաստանակենտրոն արտաքին քաղաքականությունը ենթադրում է տարածաշրջանի բոլոր գործընկերների հետ ակտիվ ներգրավվածություն։ Թեև Մերձավոր Արևելքի հակամարտությունների հարցում Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ հաստատված միջազգային լեգիտիմությանը, սակայն մենք այլևս չենք կարող կարևոր գործընկերների հետ մեր հարաբերությունները պայմանավորել երրորդ երկրների հետ մեր հարաբերություններով։ Մենք անկեղծորեն խոսել ենք Իրանի և արաբական մայրաքաղաքների մեր ավանդական գործընկերների հետ ակտիվ ներգրավվածության այս քաղաքականության մասին, և կարծում եմ՝ այն շատ լավ ընդունվեց և հասկացվեց։ Ես գրեթե վստահ եմ, որ Իսրայելը շուտով փոխադարձ քայլ կանի և իր սեփական դեսպանատունը Երևանում կբացի։ Թեև դա կարող է նախատեսվածից երկար տևել՝ Իսրայելում կոալիցիոն կառավարություն կազմելու դրամատիկ գործընթացների պատճառով։ Որո՞նք են Իսրայելի հետ հարաբերություններում Հայաստանի առաջնահերթությունները։ Իսրայելը տարածաշրջանում և դրանից դուրս տեխնոլոգիական ուժային կենտրոն է։ Գիտելիքահեն տնտեսության ցատկելու մեր տեսլականն իրականացնելու համար Իսրայելը դիտվում է որպես շատ անհրաժեշտ դաշնակից՝ իր R&D-ով (հետազոտություն և զարգացում), ՏՏ-ով, ագրոտեխնոլոգիաներով, կիբերանվտանգությամբ, պաշտպանական համակարգով, բժշկական հետազոտություններով, բիոինժեներիայով և Startup համայնքներով, համալսարաններով և վենչուրային կապիտալիստներով։ Թերևս, սա ապագա հարաբերությունների առաջին հիմնաքարը կլինի։ Իսրայելի տեսանկյունից, Հայաստանը՝ կառավարման իր լիբերալ ռեժիմով, աճող թափանցիկությամբ և Եվրասիական տնտեսական միության անդամակցությամբ Մաքսային միություն տանող հնարավոր դարպաս է։ Հայաստանը տարածաշրջանում լավ է դիրքավորված՝ ՏՏ-ում և կիբերանվտանգության ոլորտում համագործակցելու համար։ Բացի այդ, Հայաստանը իսրայելցի զբոսաշրջիկների համար անվտանգ երկիր է, այդ պատճառով զբոսաշրջութունը ևս պետք է դիտվի որպես համագործակցության խոստումնալից ոլորտ։ Ապագայում ես տեսնում եմ Իսրայելի հետ անվտանգության մասին ավելի մեծ երկխոսություն, քանի որ Իսրայելը Լևանտի և Արևելյան Միջերկրականի միջոցով գնալով ավելի շատ կապեր է հաստատում մեր ռազմավարական դաշնակիցների հետ, օրինակ՝ ՀԱՊԿ-ի կամ Հնդկաստանի։ Եվ վերջապես, մենք՝ հայերս, Իսրայելում ունենք մշակութային և պատմական հսկայական ժառանգություն, որը պահանջում է «խնամք և պահպանում», ինչպես նաև մեծ սփյուռք՝ Խորհրդային և ավելի հին ժամանակներից, ինչը ևս համակարգված աշխատանք և ծառայություն է պահանջում։ Այսպես, կարճ ասած, ներկա պահին կառուցվող երկկողմանի օրակարգը ունի տնտեսական համագործակցության, քաղաքական երկխոսության և սփյուռքի հետ հարաբերությունների տարրեր։ Ինչպես նշեցիք, Իսրայելը Ադրբեջանի՝ զենքի ամենամեծ մատակարարն է։ Վերջերս, Իսրայելը մատակարարեց LORA հրթիռային համակարգ, և Ադրբեջանը սպառնաց դա օգտագործել Հայաստանի ատոմակայանի դեմ։ Ի՞նչ պետք է անեն այս առիթով Հայաստանը և նրա բարեկամները Իսրայելում։ Դա, ակնհայտորեն, շատ լուրջ և անհանգստացնող զարգացում է։ Չնայած, որ Երևանից հրապարակային պարզաբանումներ չենք լսել, ես գրեթե վստահ եմ, որ մեր ծառայությունները այս զարգացումը ի գիտություն են ընդունել և հետևում են կամ կհետևեն ՀԱՊԿ-ի մեր գործընկերների և Իսրայելի հետ։ Նախկինում, երբ Իսրայելին հարց էր ուղղվում Ադրբեջանին զենք վաճառելու մասին, նա հակադարձում էր, թե ինչու է մյուս երկրների դեպքում Ադրբեջանին զենք վաճառելը նորմալ, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի և ՆԱՏՕ-ի անդամների, իսկ Իսրայելի դեպքում՝ ոչ։ Եվ այդ հարցի պատասխանը բավական պարզ է․ քանի որ Իսրայելական զենքը փոխում է սովորական (կոնվենցիոնալ) պատերազմի ռազմավարական հավասարակշռությունը և հրահրում է սպառազինության մեծ մրցավազք։ Դա ցավալիորեն զգացվեց 2016-ին՝ հայ-ադրբեջանական առաջնագծում ապրիլյան բռնկման ժամանակ, երբ իսրայելական մահապարտ-դրոնները ծանր կորուստներ պատճառեցին մեր ռազմական անձնակազմին։ Պետք է նշել նաև, որ Իսրայելի պաշտպանական տեխնոլոգիաները Հայաստանին հասանելի են զեղչով, եթե ոչ լրիվ նույն տեսակները, որոնք մատակարարվում են Ադրբեջանին, բայց նմանատիպները։ Այդ նպատակով իսրայելցի արտադրողներն ու զենք վաճառողները արդեն բավական ժամանակ է դիմում են մեզ։ Գործարքային քաղաքականության այսօրվա աշխարհում, բարոյական փաստարկներին և խոսույթներին քիչ տեղ է հատկացվում, բայց ես Իսրայելի քաղաքական առաջնորդների հետ համատեղ աշխատանքի ներուժ եմ տեսնում՝ նպատակով, որ Իսրայելը սահմանափակի մասնակցությունը արցախա-ադրբեջանական հակամարտությանը՝ պատասխանատու վարքագիծ, որին հավատարիմ է ժողովրդավար երկրների մեծ մասը։ ԱՄՆ-ի հետ վերջին տարիների հարաբերությունների մասին Ի՞նչ եք կարծում, ո՞րն է ձեր գլխավոր ձեռքբերումը որպես դեսպան, ինչի՞ն չկարողացաք հասնել և ի՞նչ եք ակնկալում հայ-ամերիկյան հարաբերություններից մոտակա տարիներին։ Իմ պաշտոնավարումը Վաշինգտոնում համընկավ Օբամայի լիբերալ կառավարումից անցմանը Թրամփի՝ աշխարհի ամերիկակենտրոն տեսլականի հետ, որում Հայաստանը հազիվ թե տեղ ուներ։ Այսպիսով, դա բեկումների և մեծաքանակ ձեռքբերումների ժամանակ չէր, ավելի շուտ դա փոփոխության խորությունը հասկանալու և Երևանին նոր կառավարության և նրա առաջնահերթություններին ճիշտ մոտենալու խորհուրդներ տալու շրջան էր։ Օբամայի կառավարման վերջին տարին էլ բավական լարված/ինտենսիվ էր, և ի դեմս մեր ներքին քաղաքականության կամ աշխարհաքաղաքական որոշումների նկատմամբ աճող դժգոհության՝ իմ առաքելությունն էր մեր քաղաքական երկխոսության ինտենսիվությունը պահելը և այն նոր մակարդակի բարձրացնել փորձելը։ Նշեմ նաև, որ ես կարծում եմ, որ իմ թիմի հետ միասին շատ բանի հասանք։ Մենք հաջողեցինք մեր երկրի մասին ընկալումը Վաշինգտոնում փոխելու և ԱՄՆ մայրաքաղաքի քարտեզի վրա Հայաստանի դեսպանատունը որպես քաղաքական, ակադեմիական և մշակութային փոխանակման, արվեստի և գաստրոնոմիայի վայր նշելու գործում։ Մենք Հայաստանը ավելի ճանաչելի դարձրինք նորարարական մշակութային և կրթական միջոցառումների միջոցով, ինչպիսին է Սմիթսոնյան «Ֆոլքլայֆ» փառատոնը։ Քանի դեռ կառավարությունը փոփոխությունների երկարատև շրջանում էր, մենք ամրացրինք հարաբերությունները Կոնգրեսի հետ։ Վաշինգտնում գտնվելուս 2,5 տարվա ընթացքում անձնապես հանդիպել եմ Կոնգրեսի ավելի քան 250 անդամի հետ։ Եվ ավելի քան տասը տարի դադարից հետո մենք վերսկսեցինք կոնգրեսական պատվիրակությունների այցերը Հայաստան և Արցախ, որոնք դարձան ամենամյա։ Ի լրումն Հայ դատի հանձնախմբի, որն ավանդապես զբաղվում է հայկական հարցերով Կապիտոլիումի բլրում, մենք հարաբերությունները զարգացրինք Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարության համագործակցության ծրագրի հետ։ Մենք ընդլայնեցինք մեր հարաբերությունները Կալիֆոռնիայի և Մասաչուսեթս նահանգների հետ, Հայաստանի և Կալիֆոռնիայի միջև առևտրի և ներդրումների շրջանակային համաձայնագիր կնքեցինք: Մեր ավանդական «ընտրատարածքի»՝ ամերիկահայ համայնքի հետ Հայաստանի շփման ուղղությամբ, որպես նշանակալի քայլ, ընդլայնեցինք պատվո հյուպատոսությունների ցանկը։ Ընդհուպ հասանք մեքսիկա-ամերիկյան ազդեցիկ ավետարանական համայնքների, տեղացի հրեաների իրավապաշտպան խմբերի հետ համագործակցային հարաբերությունների խորացմանը:  Ամենակարևոր ձեռքբերումներից մեկը թերևս ամերիկահայ համայնքի հետ ինտենսիվ երկխոսությունը և բեղմնավոր աշխատանքն էր։ Այդ 2,5 տարիները Վաշինգտոնում դեպի հեռավոր համայնքներ, եկեղեցիներ և դպրոցներ անդադար ճամփորդությունների տարիներ էին, որոնց ընթացքում ես տասնյակ հազարավոր մարդկանց եմ հանդիպել, նրանց մեր  ընդհանուր հայրենիքի տեսլականով ոգևորել և ինքս ոգևորվել մեր հայրենակիցների նվիրվածությամբ և պատրաստակամությամբ։  Կարդալ ավելին՝ civilnet.am-ում։   
13:59 - 10 հունիսի, 2020
Փաշինյանը շնորհավորել է Նեթանյահուին` Իսրայելի վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ

Փաշինյանը շնորհավորել է Նեթանյահուին` Իսրայելի վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ

ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել  է Բենյամին Նեթանյահուին Իսրայելի Պետության  վարչապետի պաշտոնում վերանշանակվելու և նոր կառավարություն կազմավորելու կապակցությամբ, որում, մասնավորապես, ասված է.  «Ջերմորեն շնորհավորում և անկեղծ բարեմաղթանքներ եմ հղում Ձեզ Իսրայելի Պետության վարչապետի պաշտոնում վերանշանակվելու և նոր կառա­վարություն կազմավորելու կապակցությամբ։ Վստահ եմ, որ Ձեր գլխավորությամբ ձևավորված կոալիցիոն կառա­վա­րությունը շարունակելու է Իսրայելի զարգացման վերընթաց ուղին՝ ամրագրելով նոր հաջողություններ և ձեռքբերումներ։   Հայաստանի Հանրապետության կառավարությունը շահագրգռված է շարունակելու քաղաքական երկխոսությունը և ակտիվ համագործակցությունը Իսրայելի նորակազմ կառավարության հետ՝ երկկողմ հարաբերությունների տար­բեր բնա­գա­վառներում, ինչպես նաև բազմակողմ ձևաչափերում փոխ­գոր­ծակ­ցությունն առավել խորացնելու և ամրապնդելու համար։ Լիահույս եմ, որ միասնական ջանքերով կկարողանանք համալրել և հարստաց­նել հայ-իսրայելական գործակցության օրակարգը և զարգացնել փոխ­շահավետ գործընկերային հարաբերություններ՝ ի նպաստ մեր երկրների և ժողո­վուրդների բարօրության: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Իսրայելի բարե­կամ ժողովրդին` հարատև խաղաղություն և բարօրություն»։
19:30 - 19 մայիսի, 2020
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսրայելի վարչապետին Անկախության օրվա կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսրայելի վարչապետին Անկախության օրվա կապակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսրայելի Պետության վարչապետ Բենյամին Նեթանյահուին Անկախության օրվա առթիվ: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Իսրայելի բարեկամ ժողովրդին՝ Իսրայելի Պետության ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ: Մենք բարձր ենք գնահատում հայ-իսրայելական հարաբերությունների զարգացման դրական դինամիկան և մշտապես ընդգծում ենք Իսրայելի հետ տարբեր ոլորտներում գործակցությունն առավել խորացնելու և որակական նոր մակարդակի բարձրացնելու կարևորությունը։ Տարեսկիզբը նշանավորվեց Թել Ավիվում Հայաստանի Հանրապետության դեսպանության բացմամբ, ինչը մեկ անգամ ևս վկայում է, որ մեր կառավարությունը  պատրաստակամ է գործադրելու միասնական ջանքեր՝ զարգացնելու և ամրապնդելու փոխշահավետ գործակցությունը՝ ի բարօրություն մեր երկրների և ժողովուրդների: Վստահ եմ, որ դեսպանության գործունեության շոշափելի արդյունքները տեսանելի կլինեն մոտ ապագայում և կնպաստեն երկու երկրների միջև բարեկամության առավել ամրապնդմանը: Մեկ անգամ ևս շնորհավորելով Ազգային տոնի առթիվ՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Իսրայելի բարեկամ ժողովրդին` կայունություն և բարեկեցություն»։
13:08 - 29 ապրիլի, 2020
Չնայած համաճարակին Իսրայելում բազմամարդ բողոքի ցույց է տեղի ունեցել |azatutyun.am|

Չնայած համաճարակին Իսրայելում բազմամարդ բողոքի ցույց է տեղի ունեցել |azatutyun.am|

azatutyun.am: Կիրակի երեկոյան Թել Ավիվի կենտրոնում բազմամարդ հանրահավաք է կայացել, որի մասնակիցները պահանջել են երկրի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հրաժարականը: Չնայած կորոնավիրուսի համաճարակին Թել Ավիվի քաղաքապետարանի առջև շուրջ երկու հազար մարդ է հավաքվել, որոնք, սակայն, ամեն կերպ փորձել են պահպանել սոցիալական տարածությունը և ցույցին ներկայացել են բժշկական պաշտպանիչ դիմակներով: Բողոքի ակցիայի մասնակիցները Նեթանյահուին մեղադրում են կոռուպցիոն սկանդալներում ներգրավված լինելու և երկրի ժողովրդավարական ինստիտուտները թուլացնելուն ուղղված գործողություններ ձեռնարկելու համար: «Մենք պայքարում ենք հանուն կենսական նշանակություն ունեցող մի երևույթի, որի անունն է իսրայելական ժողովրդավարություն: Բացի այդ, մենք վրդովված ենք, թե որքան փնթիորեն է Նեթանյահուի կառավարությունը պայքարում կորոնավիրուսի համաճարակի դեմ»,- հայտարարում էր ցույցի կազմակերպիչներից մեկը` ընդդիմադիր գործիչ Յաիր Լապիդը: Պաշտոնական տվյալների համաձայն` Իսրայելում կորոնավիրուսի շուրջ 13 հազար դեպք է արձանագրվել, 172 մարդ մահացել է: Մարտի սկզբին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո Իսրայելում նոր կառավարություն չի ձևավորվել: Իշխող «Լիկուդ» կուսակցությունը, սակայն, այժմ բանակցություններ է վարում կոալիցիոն կառավարության ձևավորման շուրջ, որի ղեկավարությունը կրկին պետք է ստանձնի Բենյամին Նեթանյահուն:
16:02 - 20 ապրիլի, 2020
Իսրայելը սկսել է մեղմել կարանտինը
 |news.am|

Իսրայելը սկսել է մեղմել կարանտինը |news.am|

news.am: Կիրակի Իսրայելի իշխանությունները սկսել են թուլացնել որոշ սահմանափակումներ, որոնք մտցվել էին նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով, հաղորդում է AFP-ը։ Մասնավորապես, չեղարկվել է ազատ տեղաշարժման արգելքը, ընդ որում՝ կառավարությունում դեռեւս խուսափում են հայտարարել ամբողջ կարանտինը չեղարկելու մասին՝ խուսափելով կորոնավիրուսի տարածման նոր ալիքից։ Վաղ առավոտնյան կառավարությունը քվեարկել է մի շարք արգելքներ չեղարկելու օգտին։ Մասնավորապես, կրկին կբացվեն խոշոր խանութները, հատուկ կարիքներով երեխաների համար դպրոցները, ինչպես նաեւ կրկին կթույլատրվեն հավատացյալների փոքր խմբերով հավաքներն աղոթքների համար, հայտարարել են երկրի վարչապետի գրասենյակում։ Ընդունված որոշումների մեծ մասը հիմնականում ուժի մեջ է մտնում կիրակի, իսկ հատուկ դպրոները կբացվեն երեքշաբթի։ Ըստ կառավարության որոշման՝ կրոնական հավաքներում հավատացյալների թիվը չպետք է գերազանցի 19-ը։ Ընդ որում՝ մարդիկ պարտադիր պետք է կրեն պաշտպանիչ դիմակներ ու պահպանեն առնվազն 2 մետր հեռավորությունը։ Վերջին տվյալներով՝ Իսրայելում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 13 360 դեպք, որոնցից 171-ը՝ մահվան ելքով։
16:57 - 19 ապրիլի, 2020
Հայաստանի և Իսրայելի մասնագետների միջև կկազմակերպվի տեսաժողով կորոնավիրուսի հաղթահարման թեմայով

Հայաստանի և Իսրայելի մասնագետների միջև կկազմակերպվի տեսաժողով կորոնավիրուսի հաղթահարման թեմայով

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, մարտի 22-ին Իսրայելի Պետության նախագահ Ռեուվեն Ռիվլինի հետ հեռախոսազրույցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի առողջապահության նախարարության միջազգային հարաբերությունների վարչության տնօրեն, COVID 19 հարցերով Իսրայելի համակարգող, դոկտոր Աշեր Շալմոնի հետ։ Դոկտոր Շալմոնը մանրամասն ներկայացրել է կորոնավիրուսի համավարակի հաղթահարման ուղղությամբ Իսրայելում ձեռնարկված քայլերը։ Զրույցի ընթացքում քննարկվել է Իսրայելի կողմից Հայաստանին հնարավոր օգնության ցուցաբերման հարցը, հստակեցվել են Հայաստանի կարիքները։Նախագահ Սարգսյանը և դոկտոր Շալմոնը պայմանավորվել են, որ առաջիկա օրերին Հայաստանի և Իսրայելի մասնագետների միջև կկազմակերպվի տեսաժողով՝ հետագա համագործակցության կոնկրետ ուղղությունների հստակեցման և գործնական քայլերի ձեռնարկման նպատակով։ Հեռախոսազրույցի ընթացքում նախագահ Սարգսյանն անդրադարձել է նաև Հայաստանում բժշկական ինժեներիայի զարգացման ուղղությամբ իրականացվող քայլերին և այս ոլորտում Իսրայելի հետ հնարավոր համագործակցությանը։ Իսրայելն ունի ժամանակակից բժշկություն և զարգացած առողջապահական համակարգ, որը ուսանելի կարող է լինել Հայաստանի համար: Օրեր առաջ Հայաստանի և Իսրայելի նախագահների հեռախոսազրույցից հետո նախագահ Սարգսյանի նախաձեռնությամբ զրույց էր տեղի ունեցել նաև ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի և COVID 19 հարցերով Իսրայելի համակարգող, դոկտոր Աշեր Շալմոնի միջև: Նրանք ներկայացրել էին կորոնավիրուսի դեմ պայքարի՝ երկու երկրների փորձը և պայմանավորվել շարունակել մասնագիտական շփումները: Կորոնավիրուսի դեմ պայքարի Իսրայելի փորձը կարող է օգտակար լինել Հայաստանի համար:
15:19 - 01 ապրիլի, 2020
ՀՀ և Իսրայելի նախագահների հեռախոսազրույցից հետո կապ է հաստատվել նաև առողջապահության նախարարությունների միջև

ՀՀ և Իսրայելի նախագահների հեռախոսազրույցից հետո կապ է հաստատվել նաև առողջապահության նախարարությունների միջև

ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է, որ երեկ նախագահ Արմեն Սարգսյանի և Իսրայելի Իսրայելի Պետության նախագահ Ռեուվենի հեռախոսազրույցից հետո կապ է հաստատվել նաև երկու երկրների առողջապահության նախարարությունների միջև։ «Նախագահի հեռախոսազրույցից հետո վերջինիս նախաձեռնությամբ կապ հաստատվեց երկու երկրների առողջապահության նախարարությունների միջև։ Մեր հեռախոսային խոսակցության ընթացքում կիսվեցինք երկու երկրների փորձով և ճշգրտեցինք կորոնավիրուսի դեմ պայքարի մեր մոտեցումները՝ պայմանավորվելով շփումները տեղափոխել ավելի մասնագիտական դաշտ համաճարակաբանների և վարակաբանների միջև։ Մեր խոսակցության պահին Իսրայելում կար 1000 հաստատված դեպք, որից 20-ը ինտենսիվ թերապիայի կարիք ուներ»։  
09:19 - 23 մարտի, 2020
ՀՀ և Իսրայելի նախագահները ներկայացրել են նոր կորոնավիրուսի տարածումը հաղթահարելու քայլերը

ՀՀ և Իսրայելի նախագահները ներկայացրել են նոր կորոնավիրուսի տարածումը հաղթահարելու քայլերը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 22-ին հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի Պետության նախագահ Ռեուվեն Ռիվլինի հետ։ Նախագահները տեղեկություններ են փոխանակել իրենց երկրներում նոր կորոնավիրուսի տարածման առկա վիճակի, վարակի կանխարգելման և հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի վերաբերյալ։ Հաշվի առնելով, որ Իսրայելն աշխարհում ունի լավագույն, զարգացած ու առաջադեմ, գիտահետազոտական նորարարությունների վրա հիմնված ժամանակակից բժշկություն և առողջապահական համակարգ, նախագահ Սարգսյանը նշել է, որ Իսրայելի աջակցությունն ինչպես մասնագիտական խորհրդատվության, այնպես էլ սարքավորումների և պարագաների տեսքով զգալի օժանդակություն կլինի Հայաստանի համար կորոնավիրուսի հաղթահարման գործընթացում: Արմեն Սարգսյանի և Ռեուվեն Ռիվլինի պայմանավորվածության համաձայն, հարցի ավելի առարկայական և մասնագիտական քննարկման նպատակով այսօր կամ վաղը հեռախոսազրույց տեղի կունենա երկու կողմերի գործադիր իշխանության առողջապհության մարմինների պատասխանատուների միջև։ Անհրաժեշտության դեպքում կարիքները գնահատելու նպատակով տեսակապի միջոցով կանցկացվի նաև մասնագետների ընդլայնված քննարկում։ Հեռախոսազրույցի ընթացքում երկու նախագահներն անդրադարձել են Հոլոքոսթի հիշատակին նվիրված 5-րդ միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով նախագահ Սարգսյանի Իսրայել Պետություն կատարած այցին, ինչպես նաև ձեռք բերված պայմանավորվածություններին: Հիշյալ այցի շրջանակներում ՀՀ նախագահը հանդիպումներ էր ունեցել Իսրայելի նախագահի և Կնեսետի նախագահի հետ, որոնց ընթացքում բարձրացրել էր Իսրայելի Կնեսետի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: ՀՀ նախագահը նաև ելույթ է ունեցել Իսրայելի երկու լավագույն համալսարաններում:
16:26 - 22 մարտի, 2020