Արարատ Միրզոյան

ՀՀ արտաքին գործերի նախարար։ Այս պաշտոնին նա նշանակվել է 2021թ․ օգոստոսի 19-ին։

7-րդ գումարման Ազգային ժողովի նախագահն է։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։ Ծնվել է 1979թ․ նոյեմբերի 23-ին։ Մասնագիտությամբ պատմաբան է եւ պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մասնագետ։

2003-2005 թվականներին աշխատել է ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում՝ որպես կրտսեր գիտաշխատող: 2005-2007 թվականներին աշխատել է Հայաստանի ազգային արխիվում՝ որպես հասարակական-քաղաքական փաստաթղթերի բաժնի գլխավոր արխիվագետ։ 2007-2010 թվականներին աշխատել է «Էյչ-Էս-Բի-ՍԻ Բանկ Հայաստան» ՓԲԸ-ում: 2011-2012 թվականներին որպես վերլուծաբան՝ աշխատել է «Ռեգնում» միջազգային լրատվական գործակալությունում: 2012-2013 թվականներին աշխատել է Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամում (IFES)՝ որպես ընտրողների իրազեկման ծրագրի համակարգող: 2012 թվականի հոկտեմբերից 2013 թվականի փետրվարն ընկած ժամանակահատվածում դասավանդել է ԵՊՀ-ում: 2013-2015 թվականներին եղել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDEA) հիմնադրամի «Ավրորա մրցանակ եւ 100 կյանք» նախաձեռնության հետազոտական խմբի ղեկավարը։ 2014-2017 թվականներին աշխատել է որպես Բազմակուսակցական ժողովրդավարության նիդեռլանդական ինստիտուտի (NIMD) քաղաքական կուսակցությունների եւ ռազմավարական պլանավորման փորձագետ։

Արարատ Միրզոյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է: 2016 թվականից հանդիսանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ: 2017 թվականի ապրիլի 2-ին «Ելք» կուսակցությունների դաշինքի թիվ 3 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով ընտրվել է ՀՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր: 2018 թվականին եղել է «Իմ քայլը» շարժումը նախաձեռնող խմբի անդամ: 2018 թվականի մայիսի 11-ին նշանակվել է ՀՀ առաջին փոխվարչապետ: 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա եւ Շենգավիթ վարչական շրջաններն ընդգրկող թիվ 3 ընտրատարածքում լինելով «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնածուներից մեկը՝ ստացել է 25 550 ձայն: 2019 թվականի հունվարի 10-ին ստացել է պատգամավորական մանդատը։

2019 թվականի հունվարի 14-ին տեղի ունեցած ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստի ժամանակ ընտրվել է ԱԺ նախագահ՝ 131 կողմ ձայնով: 

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի մամուլի համար հայտարարությունը Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպման արդյունքներով

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի մամուլի համար հայտարարությունը Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպման արդյունքներով

Փետրվարի 15-ին Անկարայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ, որից հետո Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները հանդես են եկել մամուլի համար հայտարարություններով: ԱԳ նախարար Միրզոյանն իր խոսքում, մասնավորապես, նշել է.«Հարգելի՛ պարոն Չավուշօղլու, Հարգելի՛ ներկաներ, Նախևառաջ, Հայաստանի Հանրապետության անունից ևս մեկ անգամ ցավակցություն եմ հայտնում ավերիչ երկրաշարժին զոհ գնացած բազմահազար մարդկանց ընտանիքներին, Թուրքիայի ժողովրդին ու կառավարությանը և շուտափույթ ապաքինում եմ մաղթում բոլոր վիրավորներին: Իմ ժողովրդի պատմության ամենադառը էջերից մեկը 1988թ․ Սպիտակի կործանիչ երկրաշարժն էր, և այսօր մեզ համար խորթ չէ այն վիշտը, որն այցելել է Թուրքիայի հազարավոր ընտանիքներին։ Նմանօրինակ բնական աղետներն ու դրանց ծավալները դուրս են գալիս պետությունների սահմաններից՝ դառնալով համամարդկային ողբերգություններ։ Եվ աշխարհը դրանք հաղթահարելու համար պետք է գործի միասնական ճակատով։ Ես հավատացած եմ, որ միջազգային հանրությունը մոլորակի որևէ կետում տեղի ունեցող որևէ հումանիտար ճգնաժամի պարագայում չպետք է անտարբեր մնա։ Եվ հենց այս սկզբունքով էր, որ ՀՀ կառավարությունն աղետալի երկրաշարժից անմիջապես հետո որոշում կայացրեց Թուրքիա ուղարկել փրկարարներ և հումանիտար օգնություն։ Շնորհակալ եմ պարոն Չավուշօղլուին մեր փրկարարների հասցեին և, ընդհանուր առմամբ, հայկական ներկայության ու աջակցության կապակցությամբ արտահայտած գնահատանքի խոսքերի համար: Շատ ուրախ եմ, որ մեր փրկարարներին՝ իրենց գործընկերների հետ համագործակցությամբ հաջողվել է անել ամենակարևորն այս իրավիճակում՝ փրկել մարդկային կյանքեր: Խորհրդանշական եմ համարում նաև, որ շաբաթ օրը շուրջ երեսուն տարի փակի տակ գտնվող հայ-թուրքական սահմանը բացվեց՝ Ադիյաման ուղևորվող հումանիտար օգնությամբ բարձված հայկական բեռնատարների համար: Նույնը տեղի ունեցավ երեկ երեկոյան, և ժամեր անց հումանիտար օգնության հերթական խմբաքանակը կհասնի Ադիյաման:Հարգելի՛ ներկաներ, Մեր այսօրվա հանդիպումը, իհարկե, պայմանավորված է բազում կյանքեր խլած աղետով, սակայն, այս դժվարին պահին գտնվելով Թուրքիայում, ևս մեկ անգամ ցանկանում եմ վերահաստատել տարածաշրջանում խաղաղություն կառուցելու և, մասնավորապես, Թուրքիայի հետ հարաբերությունների ամբողջական կարգավորման՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատման ու Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի ամբողջական բացման հարցում Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունը և ձգտումը։ Ուզում եմ տեղեկացնել, ինչպես նախարար Չավուշօղլուն քիչ առաջ նշեց, որ այսօր մենք քննարկել ենք այս գործընթացին վերաբերող որոշ դետալներ, ունենք համաձայնություն համատեղ ջանքերով վերանորոգել Անիի կամուրջը, ինչպես նաև հոգ տանել համապատասխան ենթակառուցվածքների մասին՝ սահմանի ամբողջական բացմանն ընդառաջ»:
16:13 - 15 փետրվարի, 2023
Աշխարհագրությունը մեր համատեղ ճակատագիրը որոշող կարևորագույն գործոնն է. Սերդար Քըլըչ

Աշխարհագրությունը մեր համատեղ ճակատագիրը որոշող կարևորագույն գործոնն է. Սերդար Քըլըչ

Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ, դեսպան Սերդար Քըլըչը Հայաստանի պատվիրակությանն օդանավակայանում դիմավորելու ընթացքից լուսանկարներ է հրապարակել թվիթերյան իր միկրոբլոգում և կից գրել․ «Աշխարհագրությունը մեր համատեղ ճակատագիրը որոշող կարևորագույն գործոնն է։ Երբեմն, ինչպես այժմ, այս ճակատագիրը ցավերով է ձևավորվում։ Տարածաշրջանային երկրների միջև ցուցաբերվող մարդասիրական համերաշխությունն այս ցավերի թեթևացման լավագույն դեղամիջոցն է։ Տարածաշրջանի բոլոր երկրների նման Հայաստանը ևս թուրք ժողովրդի կողքին եղավ»։ Հիշեցնենք, որ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը գտնվում է Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում: Անկարայում տեղի է ունենցել Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի ու Մևլութ Չավուշօղլուի առանձնազրույցը, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը, ինչից հետո նախարարները հանդես են եկել հայտարարություններով:
15:58 - 15 փետրվարի, 2023
Համոզված ենք, որ այս օրերին տեղի ունեցած համագործակցությունը նպաստելու է Հարավային կովկասում հարաբերությունների նորմալացման գործընթացին. Չավուշօղլու |armenpress.am|

Համոզված ենք, որ այս օրերին տեղի ունեցած համագործակցությունը նպաստելու է Հարավային կովկասում հարաբերությունների նորմալացման գործընթացին. Չավուշօղլու |armenpress.am|

armenpress.am: Հայաստանն այս դժվարին օրերին մեզ իր մարդասիրական ձեռքն է ուղղել և ցույց է տվել համերաշխություն և համագործակցություն: Անկարայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո լրագրողների համար կատարած հայտարարության ժամանակ ասաց Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն: «Այսօր Հանդիպել ենք Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ: Երկրաշարժից հետո նա  այցելել է մեզ՝ ի նշան Թուրքիայի հետ համերաշխության: Երկրաշարժից անմիջապես հետո վարչապետ Փաշինյանը ցավակցական ուղերձ հղեց մեր նախագահին և հայտնեց, որ պատրաստ է աջակցություն տրամադրել: Վարչապետ Փաշինյանը նաև հեռախոսազրույց ունեցավ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Դրանից հետո Հայաստանը մեր երկիր որոնողափրկարարական խումբ ուղարկեց, ովքեր փետրվարի 8-ից մինչ օրս Ադայամանում աշխատում են մեզ հետ: Նրանք փոքր աղջկա և երիտասարդ կնոջ են կարողացել ողջ դուրս բերել փլատակներից»,- նշեց Թուրքիայի ԱԳ նախարարը՝ շնորհակալություն հայտնելով հայկական կողմին այս դժվարին օրերին իրենց միայնակ չթողնելու համար: Չավուշօղլուն մանրամասնեց, որ Հայաստանը 100 տոննա մարդասիրական աջակցություն է ուղարկել աղետից տուժած Թուրքիա, ևս մեկ խմբաքանակ ճանապարհին է: «Դժբախտաբար, Հայաստանը ևս գտնվում է սեյսմիկ գոտում: Բոլորիս հիշողության մեջ մնում է 1988 թվականին Սպիտակի աղետալի երկրաշարժը, որի ժամանակ Թուրքիան ևս օգնություն էր ուղարկել Հայաստանին: Հայաստանը 1999 թվականին մեր երկրում տեղի ունեցած երկրաշարժի ժամանակ ևս մարդասիրական օգնություն էր ուղարկել: Այս դժվարին օրերին ևս մեզ իր մարդասիրական ձեռքն է ուղղել և ցույց է տվել համերաշխություն և համագործակցություն»,- նկատեց Թուրքիայի ԱԳ նախարարը: Մևլութ Չավուշօղլուն մամուլի ներկայացուցիչների համար հայտարարության ժամանակ անդրադարձավ նաև Արարատ Միրզոյանի հետ երկկողմ հանդիպմանը: Նա նշեց, որ հանդիպման ընթացքում անդրադարձել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող աշխատանքներին: «Հարավային կովկասում շարունակվում է հարաբերությունների նորմալացման գործընթացը: Համոզված ենք, որ այս օրերին տեղի ունեցած համագործակցությունը նպաստելու է այս գործընթացին: Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև նորմալացման գործընթացները, կարծում եմ, նպաստելու են մեր տարածաշրջանում կայունության և բարօրության հաստատմանը: Մեր երեք երկրներն իրենց անկեղծ քայլերով կարող են հարատև կայունություն բերել կովկասյան տարածաշրջանում»,-եզրափակեց Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարը: ՀՀ ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն Անկարայից ուղևորվեց Ադեյաման:
14:08 - 15 փետրվարի, 2023
Վերահաստատում եմ Թուրքիայի հետ հարաբերությունների ամբողջական կարգավորման ՀՀ պատրաստակամությունը․ Միրզոյան
 |1lurer.am|

Վերահաստատում եմ Թուրքիայի հետ հարաբերությունների ամբողջական կարգավորման ՀՀ պատրաստակամությունը․ Միրզոյան |1lurer.am|

1lurer.am: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն առանձնազրույցից հետո հայտարարությամբ են հանդես եկել։ Միրզոյանը մասնավորապես հայտնել է Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանների ամբողջական բացման հարցում ՀՀ պատրաստակամությունը։  «Մեր այսօրվա հանդիպումը պայմանավորված է բազում կյանքեր խլած աղետով, սակայն  այս դժվարին պահին գտնվելով Թուրքիայում՝ ևս մեկ անգամ ցանկանում եմ վերահաստատել տարածաշրջանում խաղաղություն կառուցելու և, մասնավորապես, Թուրքիայի հետ հարաբերությունների ամբողջական կարգավորման, դիվանագիտական հարաբերությունների հաստատման ու Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանների ամբողջական բացման հարցում ՀՀ պատրաստակամությունը և ձգտումը»,- ասել է Արարատ Միրզոյանը։ Նախարարը հայտնել է, որ Չավուշօղլուի հետ քննարկել է այս հարցի վերաբերյալ որոշ դետալներ։ «Ունենք համաձայնություն համատեղ ջանքերով վերանորոգել Անիի կամուրջը, ինչպես նաև հոգ տանել համապատասխան ենթակառուցվածքների մասին սահմանի ամբողջական բացմանն ընդառաջ»,- ասել է Միրզոյանը։
13:52 - 15 փետրվարի, 2023
Հայաստանի արտգործնախարարի գլխավորած պատվիրակությունը ժամանեց Անկարա
 |armenpress.am|

Հայաստանի արտգործնախարարի գլխավորած պատվիրակությունը ժամանեց Անկարա |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը քիչ առաջ վայրէջք կատարեց Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում: Օդանավակայանում ՀՀ ԱԳ նախարարին դիմավորել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարագվորման բանակցություններում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը:  ՀՀ ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակության կազմում է նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման բանակցություններում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ, ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:  Այցի շրջանակում ակնկալվում է Միրզոյանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի երկկողմ հանդիպումը, որից հետո նախարարները հանդես կգան հայտարարությամբ։ Ավելի ուշ Հայաստանի արտաքին գործերի նախարարը կմեկնի աղետի հետևանքով ամենաշատ տուժած շրջաններից մեկը՝ Ադըյաման, որտեղ երկրաշարժի հաջորդ իսկ օրվանից որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացնում մոտ երեք տասնյակ հայ փրկարարներ։ Փետրվարի 6-ի 7,7 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժի և դրան հաջորդած ավելի քան 100 ուժեղ հետցնցումների հետևանքով Թուրքիայում զոհերի թիվը գերազանցել է 30 հազարը։ Հայաստանը փետրվարի 11-ին և 14-ին ցամաքային սահմանով հումանիտար բեռ է ուղարկել Թուրքիա: 
12:18 - 15 փետրվարի, 2023
Տոյվո Կլաարը պատմական է որակել Հայաստանի ԱԳ նախարարի այցը Թուրքիա և երկու երկրների հարաբերություններում նոր զարգացումների հույս հայտնել
 |armenpress.am|

Տոյվո Կլաարը պատմական է որակել Հայաստանի ԱԳ նախարարի այցը Թուրքիա և երկու երկրների հարաբերություններում նոր զարգացումների հույս հայտնել |armenpress.am|

armenpress.am: ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը պատմական է որակել Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի այցը Թուրքիա: «Կարիքի մեջ գտնվող հարևանին աջակցելու՝ Հայաստանի որոշումից հետո սա պատմական այց է: Հուսով ենք, որ սա Թուրքիա-Հայաստան հարաբերություններում սպասվող զարգացումների լավ նախանշան է», -  «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Տոյվո Կլաարը: ԵՄ հատուկ ներկայացուցիչը կից ներկայացրել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանի գրառումը, որում հաղորդվում է, որ Արարատ Միրզոյանը փետրվարի 15-ին կմեկնի Թուրքիա, որտեղ հանդիպում կունենա այդ երկրի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ, ինչից հետո Ադըյաման քաղաքում կհանդիպի որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնող հայ փրկարարների հետ:
10:42 - 15 փետրվարի, 2023
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյի հետ

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյի հետ

Փետրվարի 10-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։  Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են տարածաշրջանում անվտանգություն ու կայունություն հաստատելու հեռանկարները և այդ ուղղությամբ Հայաստանի ու միջազգային հանրության կողմից ներդրվող ջանքերը: Հիշեցնենք, որ այս ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելու հարցերով ՌԴ արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը Հայաստանում է։ Խովաևի հետ հանդիպում են ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։ 
16:59 - 10 փետրվարի, 2023
ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպման անցկացման գաղափարը քննարկվում է

ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպման անցկացման գաղափարը քննարկվում է

Տարածաշրջանում իրավիճակը կայունացնելու նպատակով Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավարներ Սերգեյ Լավրովի, Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպման անցկացման գաղափարը քննարկվում է։ Այս մասին հինգշաբթի օրը լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։ «Մենք չենք հրաժարվում այս գաղափարից։ Մենք ցանկանում ենք առավելագույնս օգտագործել մեր ռեսուրսները՝ գոյություն ունեցող համաձայնագրերի շրջանակներում հարթակներ տրամադրելու և կայունացման ուղղությամբ հետագա շարժման ձևաչափ ապահովելու առումով»։ Հիշեցնենք, որ 2022 թվականի դեկտեմբերի 23-ին Մոսկվայում պետք է կայանար Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը, որը, սակայն, հայկական կողմը խնդրել էր հետաձգել։ «Այս պահին ՀՀ ԱԳ նախարարի առաջնահերթությունը Լաչինի միջանցքի անխոչընդոտ վերագործարկման և Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի արդյունքում ստեղծված խնդիրների հասցեագրումն է»,- պարզաբանել էր ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը։    
15:18 - 09 փետրվարի, 2023
Զգալի է նոր էսկալացիայի հավանականությունը․ Արարատ Միրզոյանը՝ տարածաշրջանում իրավիճակի մասին
 |armenpress.am|

Զգալի է նոր էսկալացիայի հավանականությունը․ Արարատ Միրզոյանը՝ տարածաշրջանում իրավիճակի մասին |armenpress.am|

armenpress.am: Չնայած Հայաստանի բոլոր ջանքերին՝ տարածաշրջանում իրավիճակը մնում է փխրուն և լարված, զգալի է նոր էսկալացիայի հավանականությունը։ Այս մասին ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ Խորվաթիայի արտգործնախարար Գորդան Գրլիչ Ռադմանի հետ համատեղ  մամուլի ասուլիսի ժամանակ։ «2020 թվականին Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծած պատերազմից հետո, 2021 թվականի մայիսին և նոյեմբերին, ինչպես նաև 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի և օկուպացիայի հետևանքով առաջացած անվտանգային մարտահրավերները ոչ միայն խաթարում են Հայաստանի կառավարության ջանքերը՝ ուղղված Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և անվտանգության հաստատմանը, այլև սպառնում են հայկական ժողովրդավարությանը»,- ասաց Միրզոյանը։ ԱԳ նախարարը հիշեցրեց, որ արդեն 2 ամիս է՝ Ադրբեջանը, կոպտորեն խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ իր իսկ կողմից ստանձնած պարտավորությունները և Միջազգային հումանիտար իրավունքի դրույթները, արգելափակել  է Լաչինի միջանցքը, որի հետևանքով Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակչությունը հայտնվել է պաշարման մեջ՝ զրկված լինելով արտաքին աշխարհի հետ բնականոն կապից։ «Օրեցօր սրվող հումանիտար ճգնաժամը կարող է վերածվել իրական հումանիտար աղետի։ Անհրաժեշտ է ընդգծել, որ բազմաթիվ մեծ ու փոքր պետությունների, միջազգային կազմակերպությունների, հեղինակավոր ոչ կառավարական կազմակերպությունների կոչերը և հորդորները դեռևս չեն ազդել Ադրբեջանի վարքագծի վրա։ Այս պարագայում ցանկանում եմ ընդգծել միջազգային հանրության կողմից հստակ գործողությունների և համապատասխան մեխանիզմների կյանքի կոչման անհրաժեշտությունը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի ապօրինի շրջափակումը դադարեցնելուն, արցախահայության էթնիկ զտումն ու Ադրբեջանի հետագա ագրեսիան կանխելուն»,- ընդգծեց Միրզոյանը։ Այս առումով ԱԳ նախարարը կարևորում է նաև Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ միջազգային փաստահավաք առաքելության գործուղումը։ «Ուզում եմ ընդգծել այն կարևոր դերը, որ ունի Եվրոպական Միության դիտորդական առաքելությունը Հայաստանի Հանրապետության սահմանների շուրջ կայունությունը ապահովելու ուղղությամբ։ Ուժի պարբերական կիրառումը կամ ուժի կիրառման անթաքույց սպառնալիքները, մարդու իրավունքների զանգվածային խախտումները, չեն կարող կայուն հիմք ստեղծել տարածաշրջանում խաղաղության և անվտանգության համար։ Հայաստանը բազմիցս հայտարարել է ատելության խոսքից, նախապայմաններից, ռազմատենչ հռետորաբանությունից զերծ միջավայրում կառուցողական երկխոսության իր պատրաստակամության մասին՝ հանուն Հարավային Կովկասում կայուն խաղաղության և զարգացման։ Առկա խնդիրների ու հակասությունների խաղաղ կարգավորումը այլընտրանք չունի՝ սա է մեր հավատամքը»,- եզրափակեց Միրզոյանը։
17:04 - 08 փետրվարի, 2023