ՏՄՊՊՀ

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նպատակն է պաշտպանել եւ խրախուսել ազատ տնտեսական մրցակցությունը, ապահովել բարեխիղճ մրցակցության համար անհրաժեշտ միջավայր, նպաստել ձեռնարկատիրության զարգացմանը եւ սպառողների շահերի պաշտպանությանը ՀՀ-ում։

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի խնդիրներն են՝ ձեռնարկատիրության զարգացման եւ սպառողների շահերի պաշտպանության նպատակով տնտեսական մրցակցության պաշտպանումը եւ խրախուսումը,
բարեխիղճ եւ ազատ մրցակցության համար անհրաժեշտ միջավայրի ապահովումը,
հակամրցակցային գործունեության կանխարգելումը, սահմանափակումը, տնտեսական մրցակցության պաշտպանության նկատմամբ վերահսկողությունը:
Հանձնաժողովն ինքնավար մարմին է:
ՏՄՊՊՀ նախագահն է Գեղամ Գեւորգյանը։
ՏՄՊՊՀ-ն հորդորում է զերծ մնալ ծաղիկների գների բարձրացումներից

ՏՄՊՊՀ-ն հորդորում է զերծ մնալ ծաղիկների գների բարձրացումներից

 ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, հաշվի առնելով սոցիալական ցանցերում և մամուլում շրջանառվող տեղեկությունները ծաղկեպսակների և որոշ ծաղկի տեսակների գների բարձրացման վերաբերյալ, ուսումնասիրություն է իրականացրել շուկայում։ Հանձնաժողովի տրամադրած հաղորդագրության մեջ նշվում է. «Հարկ է արձանագրել, որ ծաղկի աճեցմամբ ՀՀ-ում զբաղվում են հազարավոր փոքր ջերմոցային տնտեսություններ: Շուկան մրցակցային է, և չկան գերիշխող դիրք ունեցող տնտեսվարողներ, հետևաբար ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն իրավասու չէ օրենքով սահմանված կարգով վարույթ հարուցել:   Այնուամենայնիվ, հաշվի առնելով պատերազմական դրությունը և խնդրի բարոյական կողմը, հորդորում ենք տնտեսվարողներին այս դժվարին օրերին միասնականություն դրսևորել և զերծ մնալ գների բարձրացումներից»:
11:45 - 14 հոկտեմբերի, 2020
ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրել է մասնագիտացված մի շարք տնտեսվարողների մոտ զինվորական համազգեստի գների բարձրացման հարցը

ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրել է մասնագիտացված մի շարք տնտեսվարողների մոտ զինվորական համազգեստի գների բարձրացման հարցը

ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրել է մասնագիտացված մի շարք տնտեսվարողների մոտ զինվորական համազգեստի գների բարձրացման հարցը։ Այս մասին հայտնում է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանությանպետական հանձնաժողովը։ Հաշվի առնելով մամուլում և սոցիալական ցանցերում տարածվող տեղեկությունները զինվորական համազգեստի գների բարձրացման վերաբերյալ՝ ՀՀ ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրել է խնդիրը: Մասնագիտացված իրացում իրականացնող մի շարք տնտեսվարող սուբյեկտներ հանձնաժողովին հավաստիացրել են, որ ոչ միայն չեն բարձրացրել զինվորական համազգեստի գները, այլև որոշ դեպքերում վաճառքն իրականացնում են նվազեցված գներով: Նշված պայմաններում մի շարք վերավաճառողներ հնարավորություն են ստացել ապրանքն էժան ձեռք բերել և ավելի թանկ վաճառել, որոնց հայտնաբերման և նույնականացման նպատակով Հանձնաժողում ներկայումս իրականացվում են աշխատանքներ: Հանձնաժողովի կողմից իրավախախտման հնարավոր դեպքերի հայտնաբերման ուղղությամբ իրականացվող գործընթացները շարունակվում են:Հանձնաժողովը քաղաքացիներին ևս մեկ անգամ հորդորում է ապրանքներ գնելիս լինել առավել ուշադիր, գնային խնդրահարույց բարձրացումներ հայտնաբերելու դեպքում անմիջապես փաստագրել գինը, ապրանքը, տնտեսվարող սուբյեկտին և դիմել հանձնաժողով:Տնտեսվարող սուբյեկտներին հորդորում ենք զերծ մնալ գների անհիմն բարձրացումներից, քանի որ իրավախախտում հայտնաբերելու դեպքում լինելու են ծանր ֆինանսական պատասխանատվության միջոցներ:Ստորև ներկայացվում է մասնագիտական վաճառք իրականացնող մի շարք տնտեսվարող սուբյեկտների ցանկը և գործող գները (ցանկն ամբողջական չէ):
17:06 - 08 հոկտեմբերի, 2020
Փորձում ենք գնումների գործընթացում խնդիրների բացահայտման ավտոմատացված համակարգ ինտեգրել․ Հայկ Կարապետյան

Փորձում ենք գնումների գործընթացում խնդիրների բացահայտման ավտոմատացված համակարգ ինտեգրել․ Հայկ Կարապետյան

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամ Հայկ Կարապետյանի հետ զրուցել ենք պետական գնումների ոլորտում հանձնաժողովի արձանագրած խնդիրների և վերջիններիս լուծման հնարավոր ուղիների շուրջ։ - Պարո՛ն Կարապետյան, պետական գնումների ոլորտում հանդիպող խնդիրներից են հակամրցակցային համաձայնությունները՝ թե՛ տնտեվարող սուբյեկտների, թե՛ գնում հայտարարող պետական մարմինների և տնտեսվարող սուբյեկտների միջև։ Ի՞նչ քայլեր է ձեռնարկում ՏՄՊՊՀ-ն վերոնշյալի կարգավորան նպատակով։  - Նշեցիք 2 իրավախախտում, բայց պետական գնումների գործընթացում հանդիպող իրավախախտումներն ավելի շատ են։ Կարող են լինել գերիշխող դիրքի չարաշահումներ, ինչպես նաև անբարեխիղճ մրցակցության դրսևորումներ։ Հանձնաժողովը նախկինում նման երևույթների ևս հանդիպել է։ Ինչ վերաբերում է հակամրցակցային համձայնություններին՝ ճիշտ նշեցիք, որ 2 բնույթի են լինում՝ սուբյեկտների միջև ու պետական մարմնի և սուբյեկտի միջև։ Այստեղ կարևոր է նշել, որ իրենք բնույթով իրարից էապես տարբերվող խախտումներ են։ Սուբյեկտների միջև համաձայնությունը ու դրա բացահայտման ուղիները, եղանակները լրիվ այլ մեխանիզմներ ու գործիքներ են պահանջում, իսկ պետական մարմնի ու սուբյեկտների միջև համաձայնություններն այլ գործիքներով են բացահայտվում։ Այս ուղղությամբ հանձնաժողովն աշխատանքներ իրականացնում է, ուսումնասիրվում են ինչպես ներկայացվող բողոքները, այնպես էլ հանձնաժողովի նախաձեռնությամբ ուսումնասիրվում է որոշակի ոլորտ՝ հասկանալու՝ արդյոք առկա՞ են իրավախախտումներ։ Իրավախախտման բացահայտման մեթոդների տեսնակյունից հանձնաժողովը հիմա աշխատանքներ է իրականցնում։ Փորձում ենք կիրառել այլ միջազգային հարթակներում օգտագործվող մեթոդները ու համագործակցել ծրագրերի շրջանակներում, որոնք, այսպես ասած, ինտեգրում են գնումների համակարգը սպասարկող ծրագրերին և որոշակի ալգորիթմների միջոցով բացահայտվում են գնումների ռիսկային գործընթացները։ Այդտեղից էլ փորձում ենք բացահայտել հնարավոր հակամրցակցային համաձայնությունները։ Այս պահին ընթանում են հանձնաժողովի էլեկտրոնային հարթակի ձևավորման աշխատանքները, և փորձում ենք արդեն միանգամից ինտեգրել գնումների գործընթացում խնդիրների բացահայտման ավտոմատացված համակարգ, որպեսզի հնարավոր լինի գնման ավելի շատ ընթացակարգեր ուսումնասիրել։ Մենք մեծ քանակի գնումների գործընթացի շրջանակից պետք է հնարավորություն ունենանք զտել այն գործընթացները, որոնք մրցակցության տեսանկյունից խնդրահարույց չեն։ Այսինքն՝ մենք պետք է թողնենք միայն նրանք, որոնք խնդիր են պարունակում։ Օրինակ՝ մենք փորձում ենք բացահայտել 2 կազմակերպության միջև հնարավոր հակամրցակցային համաձայնություն, պետք է փորձենք համակարգի միջոցով հետևել միայն այդ երկու կազմակերպության մասնակցությամբ իրականացված գործընթացներին և հասկանալ, թե ինչո՞ւ են, օրինակ, կազմակերպությունները հերթականությամբ հաղթող ճանաչվում տարբեր մրցույթներում, կամ ի՞նչ մեխանիզմ, ի՞նչ համաձայնության էլեմենտներ են գործում տնտեսվարող այդ սուբյեկտների միջև։ Կամ տնտեսվարող սուբյեկտների առաջարկած գինը ի՞նչ չափանիշով կարող է որոշվել․ մի դեպքում 2 օրվա կտրվածքով ներկայացվում է շատ էժան գին, մի քանի օրից՝ շատ բարձր գին։ Կամ ինչո՞ւ մի սուբյեկտը որևէ տարածքում ընդհանրապես չի մասնակցում գնումների գործընթացին, իսկ դրա փոխարեն իր մրցակից սուբյեկտը մասնակցում է, և հակառակը՝ նա էլ չի մասնակցում մյուս սուբյեկտի հաղթած գնումների գործընթացներին։ Տարբերակները, որոնց շուրջ աշխատում ենք, բազմաթիվ են։ Նաև միջազգային համագործակցություն կա, որպեսզի ավելի կատարելագործենք։ - Անդրադառնանք տեխնիկական բնութագրերի սահմանափակ և հակամրցակցային լինելուն։ Արդյոք խնդիրը միայն մրցակցության խախտո՞ւմն է, թե՞ այլ խնդիրներ ևս առկա են։ - Տեխնիկական բնութագրերի դեպքում 2 խնդիր կա՝ կամ շատ մանրամասն են նշվում, կամ շատ ընդհանրական։ Նշված 2 դեպքում էլ մենք խնդիր ունենք, եթե շատ մանրամասն է նշվում, ուրեմն որևէ տնտեսվարող սուբյեկտի ուղղորդում է պարունակում, իսկ եթե շատ ընդհանրական է, սուբյեկտները պատկերացում չեն ունենում տվյալ գնման գործընթացի վերաբերյալ, և այստեղ գործում է այլ մեխանիզմով տեղեկություն ստանալու եղանակով մրցույթներին հաղթելը։ Այսինքն՝ փորձում են այլ ճանապարհով իմանալ մրցույթի իրական տեխբնութագիրը։ Երկու դեպքում էլ ուղղորդում կա․ պետական մարմինը ցանկություն ունի կոնկրետ սուբյեկտի հետ կնքել պայմանագիրը։ Բայց կան նաև դեպքեր, երբ առկա է գնումը կազմակերպող պատվիրատուի համապատասխան աշխատակիցների մասնագիտական խնդիր։ Տեխնիկական բնութագիրը կազմելիս պետք է ավելի պրոֆեսիոնալիզմ դրսևորեն, սակայն լինում են դեպքեր, երբ ոչ պրոֆեսիոնալիզմ է լինում։ Ամեն դեպքում, միշտ կապել մրցակցության խախտման հետ՝ ճիշտ չէ։ Այս առումով հանձնաժողովը ևս ուսումնասիրում է մրցույթներ, և փորձում ենք հասկանալ՝ կարո՞ղ են լինել տնտեսական մրցակցության խախտման դրսևորումներ։ Հանձնաժողովն արդեն մի քանի դեպք բացահայտել է, որոշում կայացրել է, օրինակ՝ Հերացու անվան բժշկական համալսարանի, Դատական դեպարտամենտի հայտարարած մրցույթներում հանձնաժողովը տեխնիկական բնութագրերի հետ կապված խնդիրներ հայտնաբերել և հրապարակել է։ - Տեխնիկական բնութագրերից զատ՝ ի՞նչ այլ խնդիրներ է առանձնացրել ՏՄՊՊՀ-ն, որոնք հավասար մրցակցություն չեն ապահովում պետական գնումներին մասնակից ընկերությունների միջև։  - Գերիշխող դիրք ունեցող սուբյեկտը, որը շուկայում ունի ազդեցություն, կարողանում է նաև գնման գործընթացներում չարաշահել իր դիրքը։ Այսինքն՝ ասում է այնպիսի գին, որն իր մրցակից տնտեսվարող սուբյեկտները չեն կարող ներկայացնել։ Հանուն արդարության նշեմ, որ վերջին տարիներին հանձնաժողովի ուսումնասիրությամբ նման դեպքեր չեն հայտնաբերվել։ Ամեն դեպքում՝ մենք չենք բացառում, որ այդպիսի դեպքեր հիմա կարող են տեղի ունենալ։ - Պարո՛ն Կարապետյան, և վերջում անդրադառնանք հանձնաժողովի աշխատանքային ռեսուրսներին։ Արդյոք վերջիններս բավարա՞ր են շուրջ 3500 պետական պատվիրատուների իրականացրած գնումների ուսումնասիրման համար։ Ուսումնասիրությունները սովորաբար ի՞նչ ընտրանքով են իրականացվում։ - Նշեմ, որ ռեսուրսի խնդիր ունենք, նման քանակի գնում ուսումնասիրել հնարավոր չէ։ Դրա համար վերոնշյալ ծրագրային ապահովումը կարող է որոշակի լուծում լինել այս հարցում։ Հանձնաժողովի ուսումնասիրելիք ընտրանքը որոշվում է ոչ թե համապատասխան պետական մարմնով, այլ ավելի շատ ապրանքային շուկայով, այսինքն՝ ո՞ր շուկան նայել, ո՞ր ապրանքատեսակը նայել, և սա էլ բխում է հանձնաժողովի ընդհանուր բնույթի ուսումնասիրություններից։ Այսինքն՝ եթե հանձնաժողովն ուսումնասիրում է մի շուկա, ուսումնասիրում է նաև այդ շուկային առնչվող գնումների գործընթացը, որպեսզի շուկայի վերաբերյալ ամբողջական պատկերացում լինի։ Բայց կարող են լինել նաև բողոքներ, հնարավոր չարաշահումների վերաբերյալ կարծիքներ, մամուլի հրապարակումներ, և հանձնաժողովն արդեն կոնկրետ մարմնի կամ կոնկրետ գնման գործընթաց ուսումնասիրի, փորձի հասկանալ՝ ի՞նչ է տեղի ունենում տվյալ մարմնում կամ սուբյեկտների մասնակցությամբ գնումներում։ Ընտրանքը հիմնականում բազմազան է, և հանձնաժողովի ընտրությունը պայմանավորվում է շուկաներով։  Արփի Ավետիսյան
20:14 - 26 սեպտեմբերի, 2020
ՏՄՊՊՀ անդամը նախատեսվող փոփոխությունները շահեկան է համարում տնտեսվարողների և հանձնաժողովի համար

 |armenpress.am|

ՏՄՊՊՀ անդամը նախատեսվող փոփոխությունները շահեկան է համարում տնտեսվարողների և հանձնաժողովի համար |armenpress.am|

armenpress.am: «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում նախատեսվում են փոփոխություններ.  փոփոխությունները մշակվել են այն տրամաբանությամբ, որ շահեկան լինեն թե տնտեսվարողների, թե Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի համար: Թեմայի շուրջ «Արմենպրես»-ը զրուցել է իրավաբանական գիտությունների թեկնածու, ՏՄՊՊՀ անդամ Տիգրան Մարկոսյանի հետ: -Պարոն Մարկոսյան, ՏՄՊՊՀ-ն այս տարի հանդես եկավ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում մի շարք փոփոխություններ կատարելու մասին օրենսդրական նախաձեռնությամբ: Ինչո՞վ էր պայմանավորված դրա անհրաժեշտությունը և որո՞նք են լինելու առանցքային փոփոխությունները տնտեսավարողների համար: -2020 թվականին մեր առջև դրված կարևոր գերակայություններից էր տնտեսական մրցակցության պաշտպանությունը կարգավորող օրենսդրական դաշտի կատարելագործումը: «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքը ընդունվել է 20 տարի առաջ և մինչ օրս ենթարկվել բազմաթիվ փոփոխությունների: Չնայած դրան՝ այն դեռևս  ունի զգալի բարեփոխման կարիք, ինչը մի կողմից պայմանավորված է իրավական բացերի առկայությամբ, մյուս կողմից` առկա կարգավորումների անկատարություններով, որոնց լուծումն ունի առանցքային նշանակություն ազատ տնտեսական մրցակցության պաշտպանության շարունակական կատարելագործումն ապահովելու առումով: Այդ նպատակով, ինչպես Դուք արդեն նշեցիք, մշակել և հանրային քննարկման ենք ներկայացրել Օրենքում ծավալուն փոփոխություններ նախատեսող նախագիծ, որում մի շարք կարևոր նորամուծություններ են կատարվել:  Փոփոխությունները մշակելիս  առաջնորդվել ենք ոչ թե հակամրցակցային գործունեության համար պատժելու, այլ այն բացառելու առաջնահերթությամբ: Առաջարկվող նորամուծություններից մեկը վերաբերում է իրավախախտում կատարած տնտեսվարող սուբյեկտների կողմից ՏՄՊՊՀ-ի հետ համագործակցության դրսևորումներին և այն որպես պատասխանատվությունը մեղմացնող հանգամանք դիտարկելուն: Պատասխանատվության միջոցների կիրառումն ինքնանպատակ չէ. «փակ աչքերով» վարչարարությունը միշտ չէ որ դրական ազդեցություն է ունենում տնտեսվարող սուբյեկտների վարքագծի և ընդհանուր մրցակցային դաշտի վրա: Մեր ուղերձն է տնտեսվարող սուբյեկտներին՝ համագործակցության միջոցով՝ համատեղ փոխլրացնող քայլերով նպաստել երկրում ազատ, բարեխիղճ և արդար մրցակցության ամրապնդմանը: - Ինչպիսի՞ն են գործող օրենսդրությամբ այդ դրույթի կարգավորումները ներկայում. - Ընդհանրապես ցանկացած մարմնի, այդ թվում՝ ՏՄՊՊՀ-ի կողմից պատասխանատվության միջոցի կիրառումը պետք է հիմնվի  կատարված իրավախախտման վտանգավորության աստիճանի ու բնույթի, խախտում կատարող սուբյեկտին բնութագրող հատկանիշների, պատասխանատվությունը մեղմացնող և ծանրացնող հանգամանքների համապարփակ վերլուծության և գնահատման վրա։ Ասվածը բխում է արդարության և պատասխանատվության անհատականացման հիմնարար սկզբունքների բովանդակությունից։ Այս տեսանկյունից Օրենքը սահմանում է, որ պատասխանատվության միջոց կիրառելիս ՏՄՊՊՀ-ն պետք է հաշվի առնի տվյալ իրավախախտման բնույթը, տևողությունը, իրավախախտման հնարավոր կամ փաստացի ազդեցությունը շուկայում մրցակցային իրավիճակի կամ սպառողների շահերի վրա, տվյալ տնտեսվարող սուբյեկտի կողմից Օրենքի խախտումների կրկնակիությունը, տնտեսվարող սուբյեկտի դիտավորության աստիճանը, տնտեսվարող սուբյեկտի կողմից իրավախախտում կատարելու շարժառիթները և հանգամանքները, իրավախախտում կատարելու փաստն ընդունելու կամ ՏՄՊՊՀ-ի հետ համագործակցելու հանգամանքը, տնտեսվարող սուբյեկտի վրա նշանակվող տուգանքի հնարավոր ազդեցությունը, տվյալ տնտեսվարող սուբյեկտի գործունեության ոլորտը և (կամ) պատմությունը: Ակնհայտ է, որ տնտեսվարող սուբյեկտի կողմից ՏՄՊՊՀ-ի հետ համագործակցելու հանգամանքը վկայում է նրա նկատմամբ պատասխանատվության առավել մեղմ միջոց կիրառելու անհրաժեշտության մասին։ Այդ առումով այս հանգամանքը դասվում է պատասխանատվությունը մեղմացնող, իսկ հակամրցակցային համաձայնությունների դեպքում նաև պատասխանատվությունից ազատող հանգամանքների շարքը։ Թեև օրենքը չի մանրամասնել նման համագործակցության դրսևորումները, այնուամենայնիվ նման օրինակ կարող է դիտարկվել տնտեսվարող սուբյեկտի կողմից իրավախախտում կատարելու փաստի ընդունումը և իր կատարած իրավախախտման հանգամանքների բացահայտմանը նպաստելը, իրավախախտումը դադարեցնելը և հետևանքները վերացնելը, իրավախախտումը մի քանի տնտեսվարող սուբյեկտների կողմից  կատարված լինելու դեպքում այլ սուբյեկտների կողմից կատարված իրավախախտման հանգամանքների բացահայտմանը նպաստելը։ Շարունակությունը՝ armenpress.am-ում։
11:20 - 24 սեպտեմբերի, 2020
Նախկինում կատարված ապօրինություններ ՏՄՊՊՀ-ում․ ոստիկանների բացահայտումը

Նախկինում կատարված ապօրինություններ ՏՄՊՊՀ-ում․ ոստիկանների բացահայտումը

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության աշխատակիցները բացահայտել են նախկինում կատարված հանցագործության դեպք:Օպերատիվ տեղեկությունների հիման վրա նախապատրաստվել են նյութեր, ձեռք են բերվել փաստական տվյալներ, որ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի աշխատակից պաշտոնատար անձինք մի շարք ընկերությունների օգտին կատարել են գործողություններ` ելնելով անձնական շահագրգռվածությունից, պաշտոնեական դիրքն օգտագործել են ծառայության շահերին հակառակ:Մասնավորապես, 2017 թվականի օգոստոսի 8-ին «Ստանդարտ դիալոգ» ընկերության տրամադրած` պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող փորձարկման արձանագրությունների համապատասխան սյունակներում ՏՄՊՊ հանձնաժողովի աշխատակիցները կեղծել են արտադրանքը սահմանված չափորոշիչներին չհամապատասխանելու վերաբերյալ տվյալները: Կեղծիքի հետևանքով կաթնամթերք արտադրող 12 ընկերություն չի ենթարկվել օրենքով նախատեսված` տարեկան շրջանառության մեկ տոկոսի չափով վարչական պատասխանատվության, ինչը կազմել է ընդհանուր մոտ 155 միլիոն դրամ: Պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս:Ստացվել են նաև փաստական այլ տվյալներ:ՏՄՊՊ հանձնաժողովի պաշտոնատար անձինք, հափշտակություն կատարելու միասնական դիտավորությամբ, 2015-2017 թվականներին երկու անձի հրամանագրել են փորձագետի և մասնագետի հաստիքներում` նրանցից մեկին ապօրինի հատկացնելով հիմնարկի հաշվեկշռում հաշվառված «Տոյոտա» մակնիշի մեքենա: Նշված անձինք աշխատանքի չեն հաճախել, սակայն նրանց անվամբ դուրս է գրվել աշխատավարձ և պարգևավճար: Մեքենան էլ չի օգտագործվել հանձնաժողովի կարիքների համար, բայց այդ ընթացքում դուրս է գրվել 9113 լիտր վառելիք: Այսպիսով, յուրացման և վատնելու միջոցով հափշտակվել է ավելի քան 12 միլիոն դրամ:Դեպքերի առիթով հարուցվել է քրեական գործ:
17:38 - 15 սեպտեմբերի, 2020
ՏՄՊՊՀ-ն կարճել է «Նոր սերնդի դպրոց» ՀԿ-ի դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթը. ՀՀ ԿԳՄՍ նախարարությանն առաջարկներ են ներկայացվել

ՏՄՊՊՀ-ն կարճել է «Նոր սերնդի դպրոց» ՀԿ-ի դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթը. ՀՀ ԿԳՄՍ նախարարությանն առաջարկներ են ներկայացվել

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից տեղեկացնում են, որ ՏՄՊՊՀ-ի որոշմամբ կարճվել է «Նոր սերնդի դպրոց» ՀԿ-ի նախագահի դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթը: ««Նոր սերնդի դպրոց» ՀԿ-ն, որը www.dasaran.am կայքի միջոցով տրամադրում է էլեկտրոնային մատյանի, օրագրի և դրա հետ կապված մի շարք այլ ծառայություններ, դիմում էր ներկայացրել հանձնաժողով ընդդեմ  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության՝ հայտնելով, որ նախարարության և նրա պաշտոնատար անձանց կողմից իրականացվել են մի շարք քայլեր, որոնք միտված են եղել Dasaran հարթակը շուկայից դուրս մղելուն։ Ըստ դիմումատուի՝ «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն»-ի («ԿՏԱԿ») Կրթության կառավարման միասնական տեղեկատվական համակարգի (emis.am) շրջանակում առաջարկվող էլեկտրոնային մատյանի առցանց ծառայությունը 2020 թվականի մարտից պարտադրվել է հանրակրթական դպրոցներին, տնտեսվարողների նկատմամբ սահմանվել և կիրառվել են խտրական պայմաններ՝ սահմանափակելով մրցակցությունը: Վարույթի արդյունքում հանձնաժողովն արձանագրել է, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարության գործողություններն ու վարքագիծը չեն կարող որակվել որպես պետական մարմնի կամ դրա պաշտոնատար անձի` տնտեսական մրցակցությունը սահմանափակող, կանխող կամ արգելող: Մասնավորապես, նախարարության կողմից մատյանի լրացման հետ կապված գործունեությունը չի հանդիսանում ձեռնարկատիրական գործունեության առարկա, այդ առումով «ԿՏԱԿ»-ը չի հանդիսանում տնտեսավարող սուբյեկտ, հետևաբար մատյանները Կրթության կառավարման միասնական տեղեկատվական համակարգի (emis.am) միջոցով  վարելու վերաբերյալ ՀՀ ԿԳՄՍՆ-ի դիրքորոշումը չի  կարող ստեղծել անհավասար մրցակցային պայմաններ «Նոր սերնդի դպրոց» ՀԿ-ի և «ԿՏԱԿ»-ի միջև: Միաժամանակ հանձնաժողովն արձանագրել է, որ էլեկտրոնային մատյաններում առկա տեղեկություններն օգտագործելու միջոցով հնարավոր է իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն, եթե այդ գործունեությունը չի ներառվում վարչական ռեգիստրների վարման և նորմատիվ իրավական ակտերով սահմանված կրթական գործընթացներում: Այս պարագայում էլեկտրոնային մատյանների միջոցով ստացվող տեղեկությունները միայն «ԿՏԱԿ»-ի կողմից ձեռնարկատիրական գործունեության իրականացման նպատակով օգտագործվելու դեպքում «ԿՏԱԿ»-ը կունենա մենաշնորհ դիրք,  որը օրենքով նախատեսված չլինելու պայմաններում անթույլատրելի է: Հաշվի առնելով վերը նշվածը՝ հանձնաժողովը տնտեսական  մրցակցության պաշտպանության կատարելագործման նպատակով ՀՀ ԿԳՄՍՆ-ին առաջարկել է դիտարկել տնտեսվարող սուբյեկտների, այդ թվում՝ «ԿՏԱԿ» ՊՈԱԿ-ի համար ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու նպատակով տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենսդրության պահանջների պահպանմամբ էլեկտրոնային մատյաններում ներառվող տեղեկությունները ստանալու հնարավորություն ընձեռելու հարցը՝ հստակ տարանջատելով այդ ոլորտում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու սահմանները և պայմանները վարչական ռեգիստրների վարման գործառույթի և նորմատիվ իրավական ակտերով սահմանված կրթական գործընթացում ներառվող գործունեության իրականացումից»,- ասված է հաղորդագրությունում: Հանձնաժողովի որոշմանը կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝  http://competition.am/uploads/resources/Vo325_01_09_2020.pdf :
11:58 - 08 սեպտեմբերի, 2020
«Յուքոմ»-ը հայց է ներկայացրել ՏՄՊՊՀ-ի դեմ՝ վիճարկելով «ՎԵՈՆ Արմենիա» և «ԹԻՄ» ընկերությունների համակենտրոնացման որոշման օրինականությունը |hetq.am|

«Յուքոմ»-ը հայց է ներկայացրել ՏՄՊՊՀ-ի դեմ՝ վիճարկելով «ՎԵՈՆ Արմենիա» և «ԹԻՄ» ընկերությունների համակենտրոնացման որոշման օրինականությունը |hetq.am|

hetq.am: «Յուքոմ» ՓԲԸ-ն վարչական դատարանում վիճարկում է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) որոշումը, որով թույլատրվել է «ՎԵՈՆ Արմենիա» և «ԹԻՄ» ընկերությունների համակենտրոնացումը՝ վերջինիս կողմից «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ի 100 % փայաբաժնի ձեռքբերման միջոցով: «Յուքոմ»-ն ընդդեմ ՏՄՊՊՀ-ի 09.07.2020թ. թիվ 282-Ա որոշումը վերացնելու պահանջով հայցադիմումը վարչական դատարան է ներկայացրել երեկ՝ սեպտեմբերի 3-ին: Նշենք, որ ՏՄՊՊՀ-ն նշված որոշմամբ թույլատրել էր համակենտրոնացումը՝ առաջ քաշելով մի շարք պայմաններ: Մասնավորապես այն, որ «ԹԻՄ» ընկերության սեփականատերեր Հայկ և Ալեքսանդր Եսայան եղբայրները համակենտրոնացումը գործողության մեջ դնելուց հետո ձեռնպահ մնան իրացնել հետևյալ իրավունքները. մասնակցել ժողովին` վերջինիս իրավասությանը պատկանող բոլոր հարցերի նկատմամբ ձայնի իրավունքով,  մասնակցել ընկերության կառավարմանը,  ժողովներում իրենց իրավունքները ներկայացնելու համար լիազորել երրորդ անձի հանդես գալ առաջարկություններով ժողովներում ժողովներում քվեարկել իրեն պատկանող բաժնետոմսերի ձայների չափով և այլն: Բացի այդ, եղբայրները պարտավոր են համակենտրոնացումը գործողության մեջ դնելուց հետո ձեռնպահ մնալ «Յուքոմ» ՓԲԸ-ի վերաբերյալ օրենքով պահպանվող գաղտնիք հանդիսացող տեղեկությունները պահանջելուց և ստանալուց: Հանձնաժողովը որոշել էր նաև, որ համակենտրոնացումը գործողության մեջ դնելուց հետո մեկ ամսյա ժամկետում Հայկ և Ալեքսանդր Եսայանները պարտավոր են ներկայացնել բաժնետիրական համաձայնագիր կնքելու առաջարկ և համաձայնագրի նախագիծ, որով կսահմանվեին թվարկված իրավունքների և գործողությունների իրականացումից ձեռնպահ մնալու պարտավորությունները: ՏՄՊՊՀ-ի որոշումից օրեր առաջ՝ հուլիսի 6-ին, «Յուքոմ» ընկերությունը հայտարարություն էր տարածել, որով հայտնում էր համակենտրոնացման անթույլատրելիության մասին: Մասնավորապես, ընկերությունից նշում էին, որ «Յուքոմ»-ի նախկին գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը, ինչպես նաև նախկին փոխտնօրեն և ռազմավարական գծով տնօրեն Ալեքսանդր Եսայանը խախտել են «Յուքոմ» ընկերության հանդեպ ունեցած ֆիդուցիար պարտավորությունները, ինչպես նաև «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ի հետ գործարքը բանակցելիս: ՏՄՊՊՀ ներկայացված հուշագիրը կնքելիս օգտագործել են «Յուքոմ» ՓԲԸ սեփականությունը համարվող գաղտնի տեղեկատվություն (ներառյալ ՎԵՈՆ-ի հետ գործարքի դետալները, ինչը մի շարք երկրների օրենսդրության և դատական պրակտիկայում ստացել է կորպորատիվ հնարավորության յուրացման դոկտրին անվանումը): «Այսպիսով, գտնում ենք, որ Եսայանների կողմից Ucom ընկերությանը պատկանող գաղտնի տեղեկատվության բացահայտման և օգտագործման արդյունքում է, որ «Թիմ» ՍՊԸ-ն մեկ ամսվա ընթացքում կարողացել է բանակցել, հուշագիր կնքել և պատրաստվում է ձեռք բերել «Վեոն Արմենիա» ՓԲԸ բաժնետոմսերը, այնինչ նմանատիպ գործարքների բանակցությունները տևում են ամիսներ, եթե ոչ ավելի երկար: Նշված գործողությունները, ինչպես հիմնավորված է դիրքորոշման մեջ, անբարեխիղճ մրցակցություն են և արգելված են»,- նշված էր «Յուքոմ»-ի տարածած հայտարարության մեջ:
12:57 - 04 սեպտեմբերի, 2020
ՏՄՊՊՀ-ն կարճել է դիմակների և ձեռնոցների շրջանառության ոլորտներում հարուցված վարչական վարույթները

ՏՄՊՊՀ-ն կարճել է դիմակների և ձեռնոցների շրջանառության ոլորտներում հարուցված վարչական վարույթները

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի որոշումներով կարճվել են 2020 թվականի մարտի 16-ից մինչև մայիսի 15-ն ընկած ժամանակահատվածում լատեքսից ու նետրիլից մեկանգամյա օգտագործման պաշտպանիչ և բժշկական ձեռնոցների և մեկանգամյա օգտագործման պաշտպանիչ դիմակների շրջանառության ոլորտներում գերիշխող դիրքի հնարավոր չարաշահումների և կամ հնարավոր հակամրցակցային համաձայնությունների վերաբերյալ  ս.թ. մայիսի 26-ին հարուցված վարչական վարույթները: Վարչական վարույթների քննությամբ խոշոր տնտեսվարողների կողմից ձեռնոցների և դիմակների իրացման ոլորտներում մրցակցության օրենսդրության խախտման երևույթներ չեն բացահայտվել: Ուսումնասիրություններն իրականացվել են մեծածախ վաճառքով զբաղվող հինգ ընկերություններում («ԱԼՖԱ-ՖԱՐՄ ԻՄՊՈՐՏ» ՓԲԸ, «ՎԱԳԱ-ՖԱՐՄ», «ՆԱՏԱԼԻ ՖԱՐՄ», «ՏՈՆՈՒՍ-ԼԵՍ», «ՌԻԽՏԵՐ-ԼԱՄԲՐՈՆ» Հ/Ձ ՍՊԸ-ներ), հինգ խոշոր դեղատնային ցանցերում («ԱԼՖԱ-ՖԱՐՄ» ՓԲԸ, «ԱՌՆԻԿԱ», «ՆԱՏԱԼԻ ՖԱՐՄ ԴԵՂԱՏՈՒՆ», «ԳԵԴԵՈՆ ՌԻԽՏԵՐ» ԴԵՂԱՏՈՒՆ Հ/Ձ, «ՏՈՆՈՒՍ-ԼԵՍ ՌԵՄԵԴԻ» ՍՊԸ-ներ), մեկ առևտրային ցանցում՝ «ՍԻԹԻ» ՍՊԸ-ում, և դիմակի տեղական արտադրություն իրականացնող երկու խոշոր ընկերություններում` «ՍԱԼՅՈՒՍ», «ՏԱՎՈՒՇ ՏԵՔՍՏԻԼ» ՍՊԸ-ներում։ Մասնավորապես պարզվել է, որ դիմակների գների բարձրացումը պայմանավորված է եղել ներմուծման և/կամ ձեռքբերման գների բարձրացմամբ: Տեղական արտադրության դիմակների բարձր գները պայմանավորված են եղել միջազգային շուկաներում հումք-նյութերի գների բարձրացմամբ: Հանձնաժողովն արձանագրել է, որ տնտեսվարող սուբյեկտների կողմից 2019 թվականի դեկտեմբերին 2020 թվականի մայիսի համեմատ ձեռնոցների և դիմակների պարագայում վերադիրների ավելացում տեղի չի ունեցել, սակայն տեղի է ունեցել դիմակների և ձեռնոցների բարձր գներով ձեռք բերում, ինչի արդյունքում դրանք վերջնական սպառողին իրացվել են բարձր գներով։  Հանձնաժողովի որոշումներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով՝ https://bit.ly/3gBqEKO https://bit.ly/2YD5Pss
15:14 - 27 օգոստոսի, 2020
Սնանկության գործով կառավարիչների որակավորման համակարգը ենթարկվել է արմատական բարեփոխումների |armenpress.am|

Սնանկության գործով կառավարիչների որակավորման համակարգը ենթարկվել է արմատական բարեփոխումների |armenpress.am|

armenpress.am: Սնանկության գործով կառավարիչների որակավորման համակարգը ենթարկվել է մի շարք արմատական բարեփոխումների, որոնց հիմնական նպատակն է ապահովել սնանկության գործով կառավարիչների պատշաճ մասնագիտական պատրաստվածությունը։ Այս մասին ասաց իրավաբանական գիտությունների թեկնածու, Սնանկության գործով կառավարիչների որակավորման հանձնաժողովի անդամ, ՏՄՊՊՀ անդամ Տիգրան Մարկոսյանը։ Սնանկության գործով կառավարիչն ունի առանցքային դերակատարում սնանկության ինստիտուտի նպատակների իրականացման հարցում և նրա հաջող գործունեության գրավականներից է համապատասխան մասնագիտական որակների առկայությունը: Սնանկության գործով կառավարիչների որակավորման հանձնաժողովի անդամի խոսքով՝ հենց դա էր պատճառը, որ Արդարադատության նախարարության կողմից անցած տարի իրականացված ծավալուն բարեփոխումների շրջանակներում զգալի տեղ է հատկացվել նաև սնանկության գործով կառավարիչների որակավորման համակագի վերանայմանը:  Մարկոսյանը ներկայացրեց սնանկության գործերով կառավարիչների հավակնորդներին ներկայացվող նախկին պահանջները և դրանց որոշակի խնդիրները։ «Նախկինում սահմանված էր, որ սնանկության գործով կառավարիչ կարող է դառնալ այն անձը, որն ունի բարձրագույն կրթություն, որակավորման համար դիմելու պահին նախորդող հինգ տարիների ընթացքում առնվազն 3 տարի ունեցել է որևէ կազմակերպության ֆինանսատնտեսական գործունեության ղեկավարման կամ կազմակերպման հետ կապված փորձ կամ սնանկության գործով կառավարիչների ինքնակարգավորող կազմակերպությունում անցել է ստաժավորում։  Ակնհայտ է, որ նման պահանջների պայմաններում սնանկության գործով կառավարչի պաշտոնում թույլատրում էինք անձնանց, որոնք հնարավոր է, որ իրենց մասնագիտական գործունեության հետ կապված հասել են որոշակի հաջողության, սակայն սնանկության ինստիտուտի առումով չունեին անհրաժեշտ գիտելիքներ կամ համապատասխան հմտություններ»,- ասաց Մարկոսյանը։ Որակավորման հանձնաժողովի անդամը նշեց, որ 2019 թվականին Արդարադատության նախարարության պաշտոնական կայքում հրապարակվել են ոլորտին վերաբերվող երկու հետազոտական փաստաթղթեր՝  «Սնանկության ոլորտի բարեփոխման ճանապարհային քարտեզ և գործողությունների ծրագիր» և «Սնանկության ոլորտի հետազոտության հաշվետվություն», որոնցում, ի թիվս այլ խնդիրների, հստակ մատնանշվել են նաև սնանկության գործով կառավարիչների մասնագիտական պատրաստվածության կամ մասնագիտական որակների ցածր լինելու հիմնահարցը։  «Խնդրի լուծման երկու ուղղություն տրվեց, առաջինը՝ ամրագրվեց, որ  սնանկության գործով կառավարիչ կարող են դառնալ միայն իրավագիտության և տնտեսագիտության ոլորտում բարձրագույն կրթություն ունեցող անձինք, երկրորդը՝ ամրագրվեց, որ բոլոր դեպքերում անձը պարտադիր պետք է անցնի ուսուցում, որպեսզի կարողանա մասնացել որակավորմանը։ Այսինքն՝ անձը, անկախ մասնագիտական փորձառությունից, պետք է անցնի լրացուցիչ պատրաստում , որպեսզի կարողանա հավակնել այդ ոլորտում մասնագիտական գործունեությանը»,- ընդգծեց Մարկոսյանը` հավելելով, որ ուսուցման կարգը սահմանվել է Արդարադատության նախարարության հրամանով։ Մարկոսյանի խոսքով՝ ուսուցումն ուղղված է ինչպես նվազագույն մասնագիտական գիտելիքների, այնպես էլ գործնական հմտությունների ձևավորմանը և զարգացմանը, օրինակ՝ սնանկության վարույթի փաստաթղթերի կազմում, վերլուծություն և այլն։  «Ուսուցումն իրականացվում է համապատասխան ծրագրի հիման վրա, որը հաստատվում է Արդարադատության նախարարի կողմից։ Ոլորտային խնդիրներին առնչվող լիազոր մարմինը՝ Արդադատության նախարարությունը  պարբերաբար ստանում է որոշակի գանգատներ, բողոքներ, հավաքագրում է վիճակագրական տվյալներ, որոնք էլ կարևոր հիմք կարող են լինել ծրագրի կազմման համար։ Ուսուցման իրականացումը ներկայումս վերապահված է  «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ին։ Ընդ որում, ամրագրվել է, որ նման ուսուցում պետք է կազմակերպվի տարեկան առնվազն մեկ անգամ, այսինքն՝ ոլորտով հետաքրքրվող անձինք տարեկան առնվազն մեկ անգամ կարող են ակնկալել, որ նման ուսուցում կլինի և նրանք հնարավորություն կունենան ուսուցումը ավարտելու դեպքում մասնակցել որակավորմանը և համապատասխանաբար ստանալ նաև կառավարչի գործով զբաղվելու հնարավորություն»,- ավելացրեց Սնանկության գործով կառավարիչների որակավորման հանձնաժողովի անդամը, նշելով, որ ուսուցման արդյունքը հաստատվում է համապատասխան վկայագրով, որը վավեր է երկու տարի։ Շարունակությունը՝ armenpress.am-ում
09:30 - 18 օգոստոսի, 2020
ՏՄՊՊՀ-ը «Ալեքս Հոլդինգ»-ին տուգանել է 24․7 միլիոն դրամով

ՏՄՊՊՀ-ը «Ալեքս Հոլդինգ»-ին տուգանել է 24․7 միլիոն դրամով

Շաքարավազի շուկայում իրականացրած ուսումնասիրության շրջանակում մի շարք տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ հարուցված վարչական վարույթի արդյունքում ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի որոշմամբ շուրջ 24.7 մլն դրամի չափով տուգանք է կիրառվել «Ալեքս Հոլդինգ» ՍՊԸ-ի նկատմամբ գերիշխող դիրքի չարաշահման համար: Վարույթի քննությամբ պարզվել է, որ հանձնաժողովի կողմից դիտարկված ողջ ժամանակահատվածում՝ 2018 թվականի հունվարից մինչև 2020 թվականի մարտ ամիսը,  «Ալեքս Հոլդինգ» ընկերությունը չարաշահել է ապրանքային շուկայում ունեցած գերիշխող դիրքը, ինչը դրսևորվել է երեք խախտման հատկանիշներով՝ գների չհիմնավորված իջեցում, խտրական պայմանների և գների կիրառում, այնպիսի պայմանների կամ վարքագծի սահմանում կամ կիրառում, որոնք հանգեցնում են կամ կարող են հանգեցնել տնտեսական մրցակցության սահմանափակմանը, կանխմանը կամ արգելմանը։   Մասնավորապես, «Ալեքս Հոլդինգ» ընկերության գործողություններն ուղղված են եղել ապրանքային շուկայում իր մասնաբաժինը պահպանելուն,  այդ թվում՝  շուկայում առավել էժան շաքարավազի առկայության պարագայում ընկերությունն իր կողմից արտադրված և ներմուծված շաքարավազի գինը իջեցրել է այնպես, որ հնարավոր լինի իրացնել շաքարավազը մրցունակ գնով՝ որոշ դեպքերում կրելով վնասներ: Արդյունքում՝ այն տնտեսվարող սուբյկետների համար, որոնք ներմուծել են «Ալեքս Հոլդինգ» ընկերության կողմից իրացվող շաքարավազի գնից համեմատաբար ավելի ցածր գնով շաքարավազ, այլևս նպատակահարմար չի լինում զբաղվել այդ գործունեությամբ: Միաժամանակ,  շաքարավազի իրացման գործընթացը «Ալեքս Հոլդինգ» ընկերության կողմից իրականացվում է այնպես, որ շաքարավազի խոշոր գնորդ հանդիսացող և տնտեսական կարողություններ ու հնարավորություններ ունեցող տնտեսվարող սուբյեկտների համար տնտեսապես նպատակահարմար չլինի շաքարավազի ներմուծումն իրականացնել ինքնուրույն։ Հանձնաժողովի որոշմամբ «Ալեքս Հոլդինգ» ՍՊԸ-ին հանձնարարվել է որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 1-ամսյա ժամկետում վերացնել օրենքի խախտումը՝ շաքարավազի իրացման պայմանները և գնային քաղաքականությունը համապատասխանեցնել օրենքին՝ սահմանելով նաև շաքարավազի իրացման հստակ, օբյեկտիվ և ոչ խտրական պայմաներ:   Հանձնաժողովի որոշմանը կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ http://competition.am/uploads/resources/vor_306.pdf :
13:18 - 10 օգոստոսի, 2020
ՏՄՊՊՀ-ն հորդորել է առևտրի կետերում կաթնային յուղի փոխարինիչով մթերքները ցուցադրել կաթնային մթերքներից առանձին սպառողների մոլորության դեպքերը կանխելու նպատակով

ՏՄՊՊՀ-ն հորդորել է առևտրի կետերում կաթնային յուղի փոխարինիչով մթերքները ցուցադրել կաթնային մթերքներից առանձին սպառողների մոլորության դեպքերը կանխելու նպատակով

ՏՄՊՊՀ-ն հորդորել է առևտրի կետերում կաթնային յուղի փոխարինիչով մթերքները ցուցադրել կաթնային մթերքներից առանձին սպառողների մոլորության դեպքերը կանխելու նպատակով։ Այս մասին հայտնում է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը։ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախաձեռնությամբ այսօր կազմակերպվել էր հանդիպում խոշոր առևտրի ցանցերի ներկայացուցիչների հետ կաթնամթերքի իրացման փուլում սպառողների մոլորության, անբարեխիղճ մրցակցության հնարավոր դրսևորումների կանխելարգելմանը, տնտեսվարողների համար բարենպաստ և հավասար մրցակցային պայմանների ապահովմանը վերաբերող հարցեր քննարկելու նպատակով: Հանդիպումը վարել է հանձնաժողովի անդամ Հայկ Կարապետյանը: Հանդիպմանը մասնակցել են «Էվրիկա», «Ծիրան», «Կրպակ», «Նոր Զովք», «ՍԱՍ», «Սիթի», «Քարֆուր» առևտրի ցանցերի ներկայացուցիչներ:Հայկ Կարապետյանը, շնորհակալություն հայտնելով ներկաներին հրավերին արձագանքելու համար, տեղեկացրել է, որ լիազոր մարմնի կողմից արդեն իսկ շրջանառության մեջ է դրվել օրենսդրական նախաձեռնություն, որով նախատեսվում է առևտրի օբյեկտներում և առևտրի իրականացման վայրերում սահմանել կաթնամթերքի դասավորվածությանը ներկայացվող պարտադիր պահանջներ, որպեսզի սպառողը հեշտ կողմնորոշվի և կարողանա հստակ տարբերակել՝ կաթնային, թե կանթային փոխարինիչով կաթ պարունակող մթերք է ձեռք բերում: Հանձնաժողովի կողմից կանթամթերքի ոլորտի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ներկայում բազմաթիվ են դեպքերը, երբ սպառողներն ապրանքի արտաքին տեսքի նույնական կամ շփոթության աստիճանի նման լինելու պատճառով հաճախ են մոլորության մեջ ընկնում և հաճախ չգիտեն, որ, օրինակ, թթվասերի փոխարեն մշտապես գնում են թթվասերի տեխնոլոգիայով պատրաստվող կաթնային յուղի փոխարինիչով մթերք:«Մենք ցանկանում ենք հորդորել Ձեզ՝ մինչև օրենքի կիրառումը համագործակցության սկզբունքով աշխատել և նախաձեռնել այդ փոփոխությունները, որպեսզի առևտրի կետերում կաթնային յուղի փոխարինիչով կաթ պարունակող մթերքները ցուցադրվեն կաթնային մթերքներից առանձին՝ տարբեր սպառողական դարակներում կամ սառնարաններում կամ այդպիսի հնարավորության բացակայության դեպքում՝ դարակի կամ սառնարանի միմյանցից առանձնացված հատվածներում՝ միաժամանակ հստակ, տեսանելի և ընթեռնելի նշելով ապրանքախմբերի անվանումները»,-նշել է ՏՄՊՊՀ ներկայացուցիչը՝ հավելելով, որ հանձնաժողովի աշխատակիցները պատրաստակամ են այցելել և տեղոււմ մասնագիտական խորհրդատվություն տրամադրել, ինչպես նաև օժանդակել հանրայնացնելու իրականացված փոփոխությունները:Տնտեսվարողները ընդհանուր առմամբ դրական են արձագանքել փոփոխություններին՝ միաժամանակ բարձրացնելով մի շարք հարցեր, որոնց հանձնաժողովի ներկայացուցիչների կողմից պարզաբանումներ են տրվել:
16:56 - 05 օգոստոսի, 2020
ՏՄՊՊՀ-ն պատասխանատվության միջոցներ է կիրառել «Ալեքս էնդ հոլդինգ» և «Սիթի» ՍՊԸ-ների նկատմամբ գերիշխող դիրքի չարաշահման համար

ՏՄՊՊՀ-ն պատասխանատվության միջոցներ է կիրառել «Ալեքս էնդ հոլդինգ» և «Սիթի» ՍՊԸ-ների նկատմամբ գերիշխող դիրքի չարաշահման համար

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի որոշմամբ «Կարագ» ապրանքային շուկայի ուսումնասիրության շրջանակում հարուցված վարչական վարույթի արդյունքում շուրջ 17.6 մլն դրամի չափով տուգանք է կիրառվել «Սիթի» և նախազգուշացում «Ալեքս էնդ հոլդինգ» ՍՊԸ-ների նկատմամբ գերիշխող դիրքի չարաշահման համար: Վարույթի քննությամբ պարզվել է, որ 2018 թվականի հուլիսից մինչև 2020 թվականի ապրիլը ներառյալ կարագի շրջանառության ոլորտում «Սիթի» ընկերության դրսևորած վարքագիծը խտրական պայմաններ է սահմանել և մուտքի խոչընդոտներ է ստեղծել այլ տնտեսվարող սուբյեկտների համար: Մասնավորապես՝ «Սիթի» ընկերությունը երկու ընկերություններից ձեռք բերված կարագի համեմատ այլ ներմուծող և (կամ) արտադրող տնտեսվարողներից ձեռք բերված կարագներն իրացրել է խտրական պայմաններով՝ ավելի բարձր շահութաբերությամբ, առևտրային կետերի դարակաշարերում դրանք ներկայացրել է առավել փոքր քանակություններով, ինչն էլ հանգեցրել է այդ ապրանքների զգալի փոքր ծավալներով իրացմանը: Միաժամանակ արձանագրվել է, որ «Ալեքս էնդ հոլդինգ» ընկերության կողմից 2018 թվականի օգոստոսից մինչև 2020 թվականի ապրիլը ներառյալ կարագի մեծածախ շրջանառության ոլորտում դրսևորված վարքագիծը խտրական մոտեցումներ է պարունակում մանրածախ շրջանառության ոլորտում գործունեություն ծավալող տնտեսվարողների նկատմամբ, ինչն ընկերության կողմից ապրանքատեսակների իրացման գների սահմանման հստակ չափանիշների բացակայության արդյունք է: «Ալեքս էնդ հոլդինգ» ՍՊԸ-ին հանձնարարվել է 1-ամսյա ժամկետում վերացնել օրենքի խախտումը՝ սահմանելով հստակ չափանիշներ ապրանքների իրացման գների և այլ պայմանների վերաբերյալ, «Սիթի» ՍՊԸ-ին՝ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 3-ամսյա ժամկետում վերացնել օրենքի խախտումը` սահմանելով հստակ չափանիշներ առևտրային ցանցում ապրանքների ընդունման, ցուցադրման, իրացման գների և այլ պայմանների վերաբերյալ: Հանձնաժողովի որոշմանը կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ:
11:57 - 03 օգոստոսի, 2020
ՏՄՊՊՀ-ն պատասխանատվության միջոց է կիրառել «Արմենիա» միջազգային օդանավակայաններ ՓԲԸ-ի նկատմամբ

ՏՄՊՊՀ-ն պատասխանատվության միջոց է կիրառել «Արմենիա» միջազգային օդանավակայաններ ՓԲԸ-ի նկատմամբ

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն ուսումնասիրություն է իրականացրել օդանավակայանային ծառայությունների մատուցման ոլորտում: Ուսումնասիրության արդյունքում հարուցված վարչական վարույթի քննության արդյունքում մասնավորապես պարզվել է, որ «Արմենիա» միջազգային օդանավակայաններ ՓԲԸ-ի կողմից 2020 թվականի հունվարի 15-ին «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում մեքենաների ավտոկայանատեղիի ծառայության մատուցման սակագնի բարձրացումը պայմանավորված չի եղել տնտեսական գործոնների ազդեցությամբ: ՀՀ ՏՄՊՊՀ-ի որոշմամբ պատասխանատվության միջոց է կիրառվել «Արմենիա» միջազգային օդանավակայաններ ՓԲԸ-ի նկատմամբ: Հանձնաժողովի լրատվական ծառայության փոխանցմամբ՝ ընկերությանը հանձնարարվել է շտկել արձանագրված «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի խախտումը՝  1-ամսյա ժամկետում ապահովելով ավտոկայանատեղիի սակագների վերանայումը: Բացի այդ, հանձնարարվել է ապահովել առևտրային շահագործման և օգտագործման ընդհանուր բնույթի թույլտվություններով սահմանված պայմանների սահմանումը՝ 3-ամսյա ժամկետում Հաձնաժողով ներկայացնելով այդ նպատակով իրականացվող փոփոխությունների հիմնավորված ժամանակացույցը:
19:08 - 31 հուլիսի, 2020
Նախատեսվում է 444 միլիոն դրամ հատկացնել ՏՄՊՊՀ-ի նոր շենքի հիմնանորոգման համար |hetq.am|

Նախատեսվում է 444 միլիոն դրամ հատկացնել ՏՄՊՊՀ-ի նոր շենքի հիմնանորոգման համար |hetq.am|

hetq.am: Պետական գույքի կառավարման կոմիտեն նախատեսում է հիմնանորոգել տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին (ՏՄՊՊՀ) հատկացվող վարչական շենքը։ Նշենք, որ վարչական այդ շենքը նախկինում հատկացված էր  «Նորավանք» գիտակրթական  հիմնադրամին։ Շենքի հիմնանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման համար կոմիտեն առաջարկում է կառավարության պահուստային ֆոնդից 21 միլիոն դրամ հատկացնել։  Նախագծում նշված է, որ շենքը գտնվում է ոչ բարվոք վիճակում և դրա հիմնանորոգման համար հետագայում հատկացվելու է 444 միլիոն դրամ։ Վարչական շենքի մակերեսը 1634 քմ է։  «Ներկայումս հիմնանորոգման ենթակա գույքը դեռևս չի ընդունվել պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից և չի ամրացվել տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին, սակայն պայմանավորված հիմնանորոգման հրատապությամբ, նախատեսվում է սկսել նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման գործընթացը»,-նախագծում հայտնել է Պետական գույքի կառավարման կոմիտեն։
12:54 - 25 հուլիսի, 2020
ՏՄՊՊՀ-ին ամրակցված հողատարածքը կօտարվի |armenpress.am|

ՏՄՊՊՀ-ին ամրակցված հողատարածքը կօտարվի |armenpress.am|

armenpress.am: Կառավարության որոշմամբ ՀՀ-ի սեփականությունը հանդիսացող Երևան քաղաքի Մոսկովյան 5 հասցեում գտնվող 1333.6 քառ.մետր մակերեսով շենքը և դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված 0.044121 հեկտար մակերեսով հողատարածքը հետ է վերցվել ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից և ամրացվել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին: Որոշմամբ նախատեսվում է նաև կոմիտեին ամրացված` պետական սեփականություն հանդիսացող Երևան քաղաքի Մոսկովյան 13 հասցեում գտնվող 2418.3 քառ. մետր մակերեսով շենք-շինությունները և դրանց օգտագործման և սպասարկման համար հատկացված 0.23824 հեկտար մակերեսով հողամասն օտարել մրցույթով՝ ելնելով պետական գույքի կառավարման արդյունավետության բարձրացման քաղաքականությունից և ՀՀ պետբյուջե լրացուցիչ մուտքեր ապահովելու անհրաժեշտությունից։ Մոսկովյան 13 հասցեում գտնվող անշարժ գույքն ընդգրկված է եղել օտարման ենթակա անշարժ գույքի ցանկում։ Այդ հասցեում գտնվող անշարժ գույքը դեռևս խորհրդային շրջանից օգտագործվում է որպես պոլիկլինիկա, որից սպասարկվող բնակչության թիվը կազմում է 15787 մարդ, ուստի բուժհաստատության գործունեության տեղափոխումը այլ վայր կառաջացնի անհարմարություն սպասարկվող բնակչության համար։ Ըստ այդմ՝ նախատեսվում է նաև «Թիվ 4 պոլիկլինիկա» ՓԲԸ-ի աշխատակազմը տեխափոխել Մոսկովյան 5 հասցեում գտնվող շենք՝ հետագա գործունեության համար։
16:38 - 23 հուլիսի, 2020
ՏՄՊՊՀ-ում ԶԼՄ ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկում էր կազմակերպվել գովազդի շուկայի վերաբերյալ

ՏՄՊՊՀ-ում ԶԼՄ ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկում էր կազմակերպվել գովազդի շուկայի վերաբերյալ

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում այսօր քննարկում էր կազմակերպվել հեռուստատեսության և թվային հարթակների միջոցով գովազդի տարածման ոլորտում իրականացվող ուսումնասիրության վերաբերյալ, որը վարել է ՀՀ ՏՄՊՊՀ անդամ Հայկ Կարապետյանը: Քննարկմանը մասնակցել են Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը, մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Այս մասին տեղեկացնում է ՏՄՊՊՀ-ն։ Հիշեցնենք, որ հեռուստատեսության և թվային հարթակների միջոցով գովազդի տարածման ոլորտում իրականացվող ուսումնասիրության շրջանակում հանձնաժողովը հարցումներ էր ուղարկել լրատվամիջոցներին, կայքերին և գովազդային գործակալություններին: Այդ առնչությամբ հանձնաժողովը հանդիպում կազմակերպելու նախաձեռնությամբ էր հանդես եկել: ԶԼՄ-ների ներկայացուցիչները պատրաստակամություն էին հայտնել մասնակցել հանդիպմանը գրավոր հարցում ուղարկելու և հանձնաժողովի կողմից պատասխան ստանալու պարագայում, ինչը նույնպես ապահովվել է: ՀՀ ՏՄՊՊՀ անդամ Հայկ Կարապետյանը, ողջունելով ներկաներին, ներկայացրել է ուսումնասիրության հիմնական նպատակը: Նա պարզաբանել է, որ ուսումնասիրությունը լրատվամիջոցների դեմ ուղղորդված չէ, նրանց գործունեությանը կամ ֆինանսական աղբյուրների բացահայտմանը չի վերաբերում, և այս ուղղությամբ բոլոր շահարկումներն անտեղի են: «Հանձնաժողովի միակ նպատակն է բացահայտել գովազդի շուկայի կառուցվածքը, կենտրոնացվածության աստիճանը, հնարավոր իրավական խնդիրները, մուտքի խոչընդոտները, գերիշխող դիրք ունեցող ընկերությունների առկայությունը կամ բացակայությունը»,- պարզաբանել է Հայկ Կարապետյանը: Նա տեղեկացրել է, որ հանձնաժողովն ամեն տարի առնվազն 5 ապրանքային շուկաներում ուսումնասիրություն է իրականացնում, իսկ գովազդի շուկայի ընտրության համար հիմք են հանդիսացել տարբեր տարիներին հնարավոր հակամրցակցային գործողությունների վերաբերյալ հանձնաժողով ներկայացված բողոքները: Ուսումնասիրության շրջանակում հարցումներ են ուղարկվել Երևանում և հանրապետական սփռում ունեցող բոլոր հեռուստաընկերություններին և ռադիոընկերություններին, ինչպես նաև www.similarweb.com և www.alexa.com հարթակների հրապարակային ինֆորմացիայի համադրության արդյունքում ընտրված 2020 թվականի մարտ ամսվա դրությամբ առավել բարձր վարկանիշ ունեցող (ըստ այցելությունների) և կայքէջերում գովազդ տեղադրող առաջին 10 ընկերությունների համեմատության և համադրության արդյունքում առանձնացված 13 տնտեսվարող սուբյեկտների: Հայկ Կարապետյանի խոսքով՝ կայքերին դիմելու միջոցով հանձնաժողովը բացահայտել է գովազդային գործակալներին, որոնց երկրորդ փուլով հարցումներ են ուղարկվել: Այդ տեղեկատվության ամփոփման արդյունքում հանձնաժողովը կընդլայնի էլեկտրոնային հարթակների ցանկը` ընդգրկելով առավել մեծ իրացման ծավալներ ունեցող տնտեսվարողներին: Հանձնաժողովի ներկայացուցիչը տեղեկացրել է, որ երրորդ փուլով դիմելու են գովազդ պատվիրող ընկերություններին՝ շուկայի վերաբերյալ տեղեկություններ ստանալու նպատակով: Հայկ Կարապետյանը նշել է նաև, որ պատրաստակամ են լսել բոլոր մտահոգությունները և շուկային վերաբերող այլ խնդիրների առկայության դեպքում դրանք նույնպես քննարկման առարկա դարձնել ուսումնասիրության շրջանակում: ԶԼՄ ներկայացուցիչներն իրենց հերթին բարձրացրել են մի շարք հարցադրումներ և մտահոգություններ, որոնց շրջանակում մանրակրկիտ քննարկում է ծավալվել: 
19:54 - 21 հուլիսի, 2020