Անվտանգության խորհուրդ

Անվտանգության խորհուրդը պետական մարմին է, որը գլխավորում է վարչապետը: Խորհուրդը սահմանում է պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունները, այդ թվում՝ իրականացնում է պաշտպանության ռազմավարական պլանավորում եւ վերանայում, հաստատում է զինված ուժերի, այլ զորքերի զարգացման պլանը, զինված ուժերի ծավալման պլանը, զինված ուժերի զորահավաքային պլանը, զինված ուժերի կիրառման պլանը, Հայաստանի Հանրապետության տարածքի պաշտպանության օպերատիվ սարքավորման պլանը, քաղաքացիական պաշտպանության հանրապետական պլանը, զինված ուժերի եւ այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմի պաշտոնների, բարձրագույն սպայական կազմի պաշտոնների եւ դրանց համապատասխանող բարձրագույն սպայական զինվորական կոչումների ցանկերը. ԱԽ-ն իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ եւս։ Վարչապետի առաջարկությամբ Ազգային խորհուրդը քննարկում է Հայաստանի Հանրապետության անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը եւ սահմանների անձեռնմխելիությանը վերաբերող հարցեր եւ պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղություններին վերաբերող հարցերով ընդունում է որոշումներ, իսկ իր իրավասության մեջ մտնող այլ հարցերով` խորհրդատվական բնույթի որոշումներ։

Խաղաղության խաչմերուկը մեծ ներուժ ունի Ծոցերը, Սև և Կասպից ծովերը կապելու տեսանկյունից. Արմեն Գրիգորյան

Խաղաղության խաչմերուկը մեծ ներուժ ունի Ծոցերը, Սև և Կասպից ծովերը կապելու տեսանկյունից. Արմեն Գրիգորյան

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի 2023 թ. աշնանային նստաշրջանին ողջույնի խոսքով է հանդես եկել: «ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի հարգելի՛ նախագահ, Հարգելի՛ գլխավոր քարտուղար,Հարգելի՛ պատվիրակներ,Տիկնա՛յք և պարոնա՛յք:Ինձ համար մեծ պատիվ է մասնակցել Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի 21-րդ աշնանային նստաշրջանին։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել կազմակերպիչներին համաժողովը Հայաստանում անցկացնելու այս կարևոր նախաձեռնության համար։ Ես նաև իմ երախտագիտությունն եմ հայտնում ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովին և բոլոր ազգային պատվիրակություններին իրենց ջանքերի համար՝ սատարելու ԵԱՀԿ-ի արժեքները և ամրապնդելու անվտանգությունն ու համագործակցությունը Եվրոպայում և նրա սահմաններից դուրս:Ժամանակակից գլոբալացված աշխարհի արագ փոփոխվող բնույթը դինամիկ կերպով փոխակերպում է տարածաշրջանային անվտանգության համակարգերը, ինչպես նաև պետությունների ներսում տեղի ունեցող քաղաքական, տնտեսական և սոցիալական գործընթացները, ինչը երկրների կառավարությունների համար զգալիորեն ավելացնում է ռազմավարական մարտահրավերները: Սոցիալական կյանքի բոլոր ոլորտների վրա ազդող ժամանակակից անվտանգային խնդիրների բարդության հաշվառմամբ՝ անհրաժեշտություն է առաջանում լուծումները գտնել ջանքերի միասնության և մասնակցային քննարկումների միջոցով: Այս առումով ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի կանոնավոր հանդիպումները կարևոր դեր են խաղում գլոբալ մարտահրավերների և, մասնավորապես՝ ներկա փուլում ԵԱՀԿ անդամ պետությունների առջև ծառացած մարտահրավերների լուծման գործում։Վերջին մի քանի տարիների ընթացքում Հայաստանն անցել է կտրուկ փոփոխությունների միջով, որոնք նոր տեսլական են ձևավորել միջազգային ասպարեզում նրա դերի մասին։ Ժողովրդավարացման գործընթացը շարունակաբար ամրապնդում է հայկական պետական ինստիտուտները և հայ հասարակությանը դարձնում ավելի դիմակայուն ներքին և արտաքին մարտահրավերների նկատմամբ։ Միաժամանակ, մեր երիտասարդ ժողովրդավարությունը դեռ պետք է անցնի տոկունության փորձության միջով, քանի որ տարբեր ուղղություններից բխող մարտահրավերները լուրջ են և ապակայունացնող։ Այնուամենայնիվ, մենք խորապես համոզված ենք, որ ժողովրդավարությունը կդիմանա փորձություններին, քանի որ Հայաստանի կառավարությունն ունի ուժեղ քաղաքական կամք՝ խորացնելու ժողովրդավարական կառավարումը, իսկ Հայաստանի ժողովուրդը վճռականորեն սատարում է ժողովրդավարական արժեքները: Հայաստանի ժողովրդի և կառավարության հայացքների այս միասնությունը պայմաններ է ստեղծում ժողովրդավարության հաջողության համար։ Այս համատեքստում միջազգային հանրության անսասան աջակցությունը Հայաստանի ժողովրդավարացմանը կապահովի Հայաստանում ժողովրդավարության հաջողությունը։Հայաստանը ցանկանում է խաղաղություն հաստատել տարածաշրջանում, և մենք հաստատակամորեն հավատարիմ ենք խաղաղության օրակարգին ու շահագրգռված ենք Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրմամբ։ Ցավոք, սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը հարձակվեց Լեռնային Ղարաբաղի վրա, որտեղ ռուս խաղաղապահների ներկայությամբ տեղի ունեցավ բնիկ հայ բնակչության էթնիկ զտում, և ավելի քան 100.000 էթնիկ հայեր ստիպված եղան լքել իրենց տները և անցնել Հայաստան։Չնայած բոլոր դժվարություններին, որոնց մենք այսօր բախվում ենք, Հայաստանը պատրաստ է աշխատել միջազգային գործընկերների հետ՝ տարածաշրջան խաղաղություն և զարգացում բերելու համար։ Այս համատեքստում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացն էական դեր ունի տարածաշրջանային կայունության ձևավորման տեսանկյունից։ Հայաստանը հրապարակայնորեն և թափանցիկ կերպով հայտարարել է, որ Ալմա Աթայի հռչակագիրն այն հիմնարար փաստաթուղթն է, որի հիման վրա Հայաստանն ու Ադրբեջանը պետք է ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Իրականում, 2022 թ. հոկտեմբերի 6-ին Ֆրանսիայի նախագահ Է. Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շ. Միշելի համատեղ ջանքերով Պրահայում կազմակերպված հանդիպմանը վարչապետ Փաշինյանը և նախագահ Ալիևը հաստատել են իրենց հավատարմությունը Ալմա Աթայի հռչակագրին։ Հատկանշական է նաև, որ բրյուսելյան բանակցային գործընթացների ընթացքում համաձայնություն է ձեռք բերվել, որ երկու երկրների ղեկավարները հրապարակայնորեն ճանաչում են հարևան երկրի տարածքի ճշգրիտ չափը՝ ազդարարելու իրենց հավատարմությունը խաղաղության գործընթացին։ 2023 թ. մայիսի 14-ին Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպումից հետո նախագահ Միշելը հայտարարել է, որ «առաջնորդները հաստատել են իրենց աներկբա հավատարմությունը 1991 թ. Ալմա Աթայի հռչակագրին և Հայաստանի (29.800 քառակուսի կմ) ու Ադրբեջանի համապատասխան տարածքային ամբողջականությանը (86.600 քառակուսի կմ)»: Նախագահ Միշելը նույնը կրկնել է 2023 թ. հուլիսի 15-ին: Ավելին՝ 2023 թ. հոկտեմբերի 5-ին Գրանադայում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շ. Միշելի, Ֆրանսիայի նախագահ Է. Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օ. Շոլցի քառակողմ հանդիպումը, որի ժամանակ վերահաստատվել է վերոնշյալ դիրքորոշումը։ Խաղաղության հաստատման գործընթացում հաջորդ կարևոր քայլը տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակմանն ուղղված ապագա պայմանավորվածությունների ձեռքբերումն է։ Հայաստանն իսկապես շահագրգռված է Հարավային Կովկասում ներառական տարածաշրջանային և միջսահմանային կապերի խթանմամբ։ Հաղորդակցության ուղիների ապաշրջափակման նպատակին հասնելու համար Հայաստանը կարևորում է հարգանքը հետևյալ չորս սկզբունքների նկատմամբ. ինքնիշխանություն, իրավազորություն, փոխադարձություն և հավասարություն: Մենք կարծում ենք, որ փոխկապակցված և տնտեսապես բարգավաճ տարածաշրջանը կդառնա կայուն խաղաղության գրավականը: Հենց այս ըմբռնմամբ է Հայաստանը ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։ Այս նախաձեռնությունը միտված է Հայաստանի և հարևան երկրների միջև հաղորդակցության զարգացմանը։ «Խաղաղության խաչմերուկը» մեծ ներուժ ունի Ծոցերը, Սև ծովը և Կասպից ծովը արդյունավետորեն կապելու տեսանկյունից: Այն հսկայական տնտեսական, սոցիալական և քաղաքական օգուտներ կբերի տարածաշրջանի բոլոր երկրներին:Վերջում հարկ եմ համարում նշել, որ Հայաստանը ցույց է տվել իր միջազգային գործընկերներին, որ դիվերսիֆիկացնում է իր արտաքին և անվտանգային քաղաքականությունը։ Այս համատեքստում Հայաստանը կարևորում է գործընկերությունն արևմտյան և ասիական երկրների հետ։ Ցանկանում եմ նաև ընդգծել, որ Հայաստանում ընթանում է զինված ուժերի բարեփոխման լայնածավալ գործընթաց, որը ներառում է կառուցվածքային և բովանդակային փոփոխություններ։ Հարկ եմ համարում կրկնել, որ մենք ընկալում ենք Հայաստանի զինված ուժերի ժողովրդավարացումը, ինչպես նաև անվտանգության ոլորտում միջազգային գործընկերների հետ մեր համագործակցությունը՝ որպես Հայաստանի ինքնիշխանության, անկախության, տարածքային ամբողջականության և ժողովրդավարության պաշտպանության հիմնասյուներ։Այս համատեքստում ցանկանում եմ օգտվել առիթից և բարձր գնահատել Հայաստանի Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի հովանու ներքո ԵԱՀԿ հատուկ աջակցությամբ ստեղծված «Անվտանգության ոլորտի ժողովրդավարական վերահսկողության ազգային հարթակը», որի շրջանակում մենք ակնկալում ենք ԵԱՀԿ-ի աջակցությունը հատկապես ՀՀ զինված ուժերի համար նախատեսված հակակոռուպցիոն ռազմավարության մշակման, «Պաշտպանության և անվտանգության ոլորտներում պատշաճ կառավարում և բարեվարքության ամրապնդում» կրթական ծրագրի ու ռազմաուսումնական հաստատություններում դասավանդվող «Մարդու իրավունքները զինված ուժերում» առարկայի վերանայման գործընթացներում։ Ցանկանում եմ ընդգծել, որ Հայաստանի անվտանգության խորհրդի գրասենյակը հարթակի մաս է և շարունակելու է աջակցել այս կարևոր նախաձեռնությունը։Ամփոփելով՝ ցանկանում եմ ընդգծել, որ անվտանգությունը բազմաշերտ հասկացություն է և վերաբերում է քաղաքական, ռազմական, տնտեսական, բնապահպանական և անհատի անվտանգությանն առնչվող ոլորտներին։ Իր գոյության ամբողջ ընթացքում ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը անդրդվելի է եղել իր տարեկան հռչակագրերի միջոցով հումանիտար և մարդու իրավունքներին առնչվող սպառնալիքները վերհանելու և առկա խնդիրները լուծելու հարցում: Հայաստանը կանգնած է ԵԱՀԿ-ի կողքին իր դժվար աշխատանքում, որն ընդգրկում է ահաբեկչության դեմ պայքարից մինչև կլիմայի փոփոխությանն առնչվող խնդիրները, կանանց իրավունքների պաշտպանության ոլորտը և երիտասարդության համար նախատեսված ծրագրերը, որոնք ուղղված են ավելի լավ ապագայի ստեղծմանը: Մենք բարձր ենք գնահատում նաև Հայաստանում ժողովրդավարական կառավարման ամրապնդմանն ուղղված ԵԱՀԿ շարունակական աջակցությունը:Հարգելի՛ մասնակիցներ,Շնորհակալություն եմ հայտնում ձեզ և հաջողություն մաղթում Երևանում անցկացվող ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի 21-րդ աշնանային նստաշրջանի աշխատանքներում»,- նշել է նա:
11:29 - 20 նոյեմբերի, 2023
Արմեն Գրիգորյանը Միրոսլավ Յենչային է ներկայացրել սեպտեմբերի 19-ին ԼՂ-ի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծած հարձակումից հետո ստեղծված հումանիտար իրավիճակը

Արմեն Գրիգորյանը Միրոսլավ Յենչային է ներկայացրել սեպտեմբերի 19-ին ԼՂ-ի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծած հարձակումից հետո ստեղծված հումանիտար իրավիճակը

Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նոյեմբերի 17-ին ընդունել է Քաղաքական և խաղաղաշինության հարցերով վարչությունում ՄԱԿ գլխավոր քարտուղարի փոխտեղակալ Միրոսլավ Յենչայի գլխավորած պատվիրակությանը: ՀՀ ԱԽ գրասենյակից հայտնում են, որ Արմեն Գրիգորյանը զրուցակիցներին է ներկայացրել սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ հարձակումից հետո ստեղծված հումանիտար իրավիճակը և դրա հաղթահարման նպատակով ՀՀ կառավարության կողմից իրականացվող քայլերը: Այս համատեքստում քարտուղար Գրիգորյանը կարևորել է ՄԱԿ համապատասխան կառույցների համագործակցությունը ՀՀ կառավարության հետ: Հանդիպմանը կողմերը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային գործընթացը, ինչի շրջանակներում Արմեն Գրիգորյանը ներկայացրել է ՀՀ մոտեցումներն ու տեսակետները:
14:21 - 17 նոյեմբերի, 2023
Գնում ենք այնտեղ, որտեղ կարևոր ենք համարում․ Արմեն Գրիգորյանը՝ Ադրբեջանի հետ բանակցությունների համար Մոսկվա չգնալու մասին |tert.am|

Գնում ենք այնտեղ, որտեղ կարևոր ենք համարում․ Արմեն Գրիգորյանը՝ Ադրբեջանի հետ բանակցությունների համար Մոսկվա չգնալու մասին |tert.am|

tert.am: Մենք առաջնային ուզում ենք բանակցությունների գնալ այնտեղ, որտեղ պայմանավորածություններ ենք ունեցել։ Այս մասին այսօր Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ ասաց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, որ եթե ՀՀ-ն ուզում է բանակցությունները շարունակել, ապա ինչու չի գնում Մոսկվա այն դեպքում, երբ և՛ Իլհամ Ալիևը, և՛ ռուսական կողմը պատրաստակամություն են հայտնում։ «Մենք պատրաստ ենք շարունակել բանակցությունների այս (բրյուսելյան) ֆորմատով՝ խաղաղության պայմանագիրը վերջնականացնելու և հնարավորության դեպքում մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիրը ստորագրելու համար։ Հնարավորություն կա նաև այլ մակարդակներում, օրինակ՝ Վաշինգտոնում, այդ բանակցությունները շարունակելու։ Հայաստանը պատրաստակամ է, և հուսանք, որ այդպիսի հանդիպում տեղի կունենա»,- ասաց նա։ Անդրադառնալով հարցին, թե ինչու հայկական կողմը, այնուամենայնիվ, Մոսկվա չի գնում, Արմեն Գրիգորյանը պատասխանեց․ «Մենք գնում ենք այնտեղ, որտեղ կարևոր ենք համարում, որտեղ այս պահին հնարավորություն ենք տեսնում և որտեղից մեզ հստակ առաջարկներ են եղել»։ Ճշտող հարցին՝ Մոսկվայից առաջարկներ չե՞ն եղել, ԱԽ քարտուղարը նշեց, որ տեղյակ չէ նման առաջարկների մասին։
10:16 - 15 նոյեմբերի, 2023
Ինչու Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ նիստին. մեկնաբանում է ՀՀ Անվտանգության քարտուղարը |news.am|

Ինչու Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ նիստին. մեկնաբանում է ՀՀ Անվտանգության քարտուղարը |news.am|

news.am: ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային Հեռուտաընկերության եթերում մեկնաբանել է, թե ինչու Հայսատանը չի մասնակցում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին: «Հայաստանը 2020 թվականի պատերազմից հետո, երբ [ՀԱՊԿ-ում] ասում էին, որ Լեռնայի Ղարաբաղը ՀՀ սուվերեն տարածքի մաս չէ, մենք չենք կարող այդ հարցերով զբաղվել, բայց 2021թ․ մայիսից, երբ ադրբեջանական զորքերը ներխուժել են ՀՀ սուվերեն տարածք, մենք դիմել ենք ՀԱՊԿ-ին, և այդ պահից սկսած մինչև անցած տարի սեպտեմբերը, երբ որ Ադրբեջանը հարձակվել է Հայաստանի վրա և մենք ՀԱՊԿ-ից օգնություն ենք խնդրել, չենք ստացել անհրաժեշտ օգնությունը մեր սուվերեն տարածքը պաշտպանելու համար, և այդտեղից սկսած՝ մենք բազմաթիվ հարցեր ենք ունեցել ՀԱՊԿ-ին, մինչև այժմ մենք չունենք այդ հարցերի պատասխանը։ Եվ սա է նաև պատճառը, որ չենք մասնակցում»,- ասել է նա: Հարցին, թե նիտերին չմասնակցելով՝ մենք ստանո՞ւմ ենք այդ հարցերի պատասխանները, Գրիգորյանը պատասխանել է, որ նիստերին մասնակցելով՝ միանշանակ, չենք ունենում պատասխաններ։ ԱԽ քարտուղարը նիստերին չմասնակցելը դեմարշ չի կոչել, սակայն նորից է նշել, որ հարցեր կան, որոնց պատասխաններն ակնկալում են ստանալ: Նա նաև հավելել է, որ ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց օրակարգում չկա: «Մենք ակնկալում ենք ՀԱՊԿ-ի հետ կապված հարցերի պատասխաններին, որևէ խնդիր չեմ տեսնում, որ մենք չենք մասնակցում որևէ միջոցառման ՀԱՊԿ-ի շրջանակներում»,- ասել է նա:
23:21 - 14 նոյեմբերի, 2023
Գրիգորյանն ու Կլաարը կքննարկեն Փաշինյան-Ալիև-Միշել հանդիպում անցկացնելու հարցը |azatutyun.am|

Գրիգորյանն ու Կլաարը կքննարկեն Փաշինյան-Ալիև-Միշել հանդիպում անցկացնելու հարցը |azatutyun.am|

azatutyun.am: Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, որն այժմ Բրյուսելում է, Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության (ԵՄ) հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ հանդիպմանը կքննարկի Փաշինյան-Ալիև-Միշել ձևաչափով հանդիպում անցկացնելու հարցը։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է Գրիգորյանը։ Հոկտեմբերի վերջին հենց Կլաարն էր տեղեկացրել, որ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը տեղի չի ունենա ժամանակի սղության պատճառով։ Անվտանգության խորհրդի քարտուղարը այսօր վերահաստատել է՝ Հայաստանը պատրաստ է եռակողմ ձևաչափով հանդիպմանը Բրյուսելում։ «Դա նախկինում էլ ենք ասել, հիմա էլ ենք ասում՝ Հայաստանը պատրաստ է։ Երբ հնարավոր լինի, այսինքն՝ երեք կողմը պետք է համաձայն լինեն։ Առնվազն Հայաստանը միանշանակ համաձայն է: Երբ որ համաձայնություն լինի, այդ հանդիպումը տեղի կունենա»,- շեշտել է Գրիգորյանը։ Ինչ վերաբերում է ռուսական կողմից պարբերաբար հնչող հրավերներին, թե իրենք պատրաստ են բանակցությունների համար Մոսկվայում կողմերին հարթակ տրամադրել, Գրիգորյանն արձագանքել է, թե նման հրավերներից տեղյակ չէ։
10:25 - 11 նոյեմբերի, 2023
Հայաստանում կարծես թե կա եվրաինտեգրման գաղափար, բայց նաև կա ոչ բլոկային պետություն դառնալու գաղափար. ԱԽ քարտուղար
 |1lurer.am|

Հայաստանում կարծես թե կա եվրաինտեգրման գաղափար, բայց նաև կա ոչ բլոկային պետություն դառնալու գաղափար. ԱԽ քարտուղար |1lurer.am|

1lurer.am: Հայաստանում կարծես թե կա եվրաինտեգրման գաղափար, բայց նաև կա ոչ բլոկային պետություն դառնալու գաղափար. սպեկտրը շատ մեծ է: Այդ մասին Բրյուսելում «Հայաստանի ռազմավարական ապագան. ՀՀ-Եվրոպա» համաժողովի շրջանակում ասաց ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը: «Ե՛վ ակադեմիական, և՛ քաղաքական շրջանակներում կա ամենակարևոր հարցը՝ ի՞նչ է Եվրոպան, և ինչպե՞ս ես դու Եվրոպայի հետ: Ինձ համար դրա կարճ պատասխանը ժողովրդավարությունն է, այսինքն՝ եթե դու ժողովրդավարություն ունես, դու կիսում ես այդ արժեքները, և [եթե] երկիրը կառավարվում է այդ սկզբունքով, դու միանշանակ մոտ ես Եվրոպային»,- ասաց ԱԽ քարտուղարը: Այս համատեքստում Արմեն Գրիգորյանը համոզմունք հայտնեց, որ ժողովրդավարությունը լավագույն գործիքն է՝ հասցեագրելու Հայաստանի ներքին խնդիրները: «Հիմա մեր հանրության մեջ ամենամեծ հարցը հենց դա է. արդյոք ժողովրդավարությունը նաև կարո՞ղ է արտաքին անվտանգություն ապահովել: Իսկապես, Հայաստանի ժողովրդավարությունը հաճախ թիրախավորվում է, և այդ թիրախավորումից պաշտպանվելու համար անհրաժեշտ է, որ Հայաստանը նաև լուրջ աջակցություն ստանա՝ դիվերսիֆիկացնելու իր տնտեսությունը, Հայաստանն աջակցություն ստանա անվտանգության ոլորտում՝ դիվերսիֆիկացնելու իր ռեսուրսները: Իհարկե, երբ մենք 2021-ի վերջին 2022-ի սկզբներին այս խոսակցությունը սկսել էինք, բազմաթիվ հարցեր կային Հայաստանին, բայց, կարծում եմ՝ այդ հարցերի մեծամասնությունն արդեն անցյալում է, կարևոր առաջընթացներ ենք ունեցել»,- ասաց նա և վերոնշյալ հարցին դրական պատասխան տվեց. «Այո՛, ժողովրդավարությունը ներքին կայունության ապահովման լավագույն գործիքներից է, բայց նաև ժողովրդավարությունը արտաքին անվտանգության ապահովման լավագույն գործիքներից է: Սա մեզ երկուսից է կախված, նկատի ունեմ Երևանից, Բրյուսելից»: Նա հավելեց, որ դա կախված է նաև արևմտյան աշխարհից, այդ թվում՝ ԱՄՆ-ից, որը ևս ինտենսիվ ներգրավված է Հայաստանում խաղաղություն հաստատելու գործում:
16:18 - 10 նոյեմբերի, 2023
Անվտանգության թեմայով նախկինում այսպիսի ինտենսիվ երկխոսություն Արևմուտքի, Եվրոպայի հետ երբեք չենք ունեցել. ԱԽ քարտուղար
 |news.am|

Անվտանգության թեմայով նախկինում այսպիսի ինտենսիվ երկխոսություն Արևմուտքի, Եվրոպայի հետ երբեք չենք ունեցել. ԱԽ քարտուղար |news.am|

news.am: Արեւմուտքի հետ հարաբերությունները, եթե փորձենք շերտերի բաժանել, երեք կարեւոր շերտ ունի: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 10-ին, Բրյուսելում անցկացվող «Հայաստան-Եվրոպա» համաժողովի ժամանակ նշեց Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը: «Այս առումով, գործադիր, օրենսդիր, քաղաքացիական հասարակություն, տնտեսություն, այս երեք շերտերով պետք է կարողանանք ուժեղ համագործակցություն կառուցել: Քաղաքացիական եւ էքսպերտային համայնքի աշխատանքը, որ հիմա դուք կատարում եք, շատ գնահատելի է: Վերջին շրջանում, իսկապես, ինտենսիվ երկխոսություն կա ԵՄ-ի եւ ԵՄ երկրների հետ: Բացվել են նոր հնարավորություններ, որոնք տարբեր տեսակի են: Երեւի անվտանգության թեմայով մենք նախկինում այսպիսի ինտենսիվ երկխոսություն Արեւմուտքի, Եվրոպայի հետ երբեք չենք ունեցել: Ֆրանսիայի հետ ռազմական ոլորտում համագործակցության մեծ առաջընթաց ենք գրանցել, բայց ակնկալիքներ ունենք, որ եւ հավաքական Եվրոպայի, եւ անհատական երկրների հետ մենք կարողանալու ենք ամրապնդել մեր անվտանգային համագործակցությունը: Ըսդ որում, դրա տակ ես միայն նկատի չունեմ ռազմականը: Նույնիսկ կարող եմ ասել, որ մեր տնտեսական համագործակցությունը կարող է իր ենթատեքստում ունենալ անվտանգության բաղադրիչ եւ ամրապնդել ՀՀ անվտանգությունը: Հայաստանը պատրաստ է սրան»,-ասաց նա: ԱԽ քարտուղարն ընդգծեց, որ Եվրախորհրդարանում ՀՀ վարչապետի ելույթի հիմնական մեսիջներից մեկն այն է, որ Հայաստանը պատրաստ է այնքան, որքան պատրաստ է Եվրոպան. «Մենք ցույց ենք տվել կամք առաջ գնալու համագործակցության առումով»: Անդրադառնալով Գրանադայում տեղի ունեցած քառակողմ հանդիպմանը, Արմեն Գրիգորյանն ասաց, որ դա շատ կրեւոր էր նաեւ Հայաստան-ԵՄ համագործակցության, տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն հաստատելու համատեքստում: «Նիկոլ Փաշինյանի եւ ֆոն դեր Լայենի հանդիպման արդյունքում ընդունված հայտարարությունում նշվում է, որ մեր հարաբերությունները նաեւ հիմնված են արժեքների վրա»:
15:28 - 10 նոյեմբերի, 2023