Արման Եղոյան

ՀՀ Ազգային Ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ։

Ծնվել է 1984թ. հունիսի 28-ին Երևանում: 2001-2005թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում: 2005-2007թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում: 2009թ. ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի մագիստրատուրան: 2014-2015թթ. սովորել է Եվրոպայի քոլեջում (Վարշավայի համալսարանական ավան)՝ ստանալով Եվրոպագիտության մագիստրոսի կոչում: 2016-2018թթ.մասնակցել է Կենտրոնական եվրոպական համալսարանի (Բուդապեշտ) «Մշակութային ժառանգության ակադեմիական հետազոտություն, քաղաքականություն և մենեջմենթ» մագիստրոսական երկամյա ծրագրին:

2008թ.՝ «Հիմա» երիտասարդական նախաձեռնության հիմնադիր անդամ, 2013 թվականից՝ «Քաղաքացիական պայմանագիր» հանրային քաղաքական միավորման և 2015 թվականից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է: 2010-2013թթ. աշխատել է ՀՀ մշակույթի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալությունում: 2013թ.՝ ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի կրտսեր գիտաշխատող, 2016թ.՝ «Ալիք մեդիա» հայ-վրացական լրատվական հարթակ (Թբիլիսի). նախագծի համակարգող:

2018 թվականի հունիսի 1-ին նշանակվել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար: 2019-2021թթ. եղել է ԱԺ պատգամավոր «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով: 

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

Արման Եղոյանը Ֆրանկոֆոնիայի ԽՎ գլխավոր քարտուղարին է ներկայացրել Արցախի դեմ սանձազերծած պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակը

Արման Եղոյանը Ֆրանկոֆոնիայի ԽՎ գլխավոր քարտուղարին է ներկայացրել Արցախի դեմ սանձազերծած պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակը

ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը տեղեկացրել է, որ այսօր Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար Ժակ Կրաբալին և ՖԽՎ Եվրոպայի տարածաշրջանի ղեկավար Ժան-Շառլ Լյուպերտոնին է ներկայացրել Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Արցախի և Հայաստանի դեմ սանձազերծած պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակը։ «Հիշեցնեմ, որ Ֆրանսիայի Ազգային Ժողովի պատգամավոր Ժակ Կրաբալը Ֆրանսիայի 173 պատգամավորների, սենատորների և քաղաքապետների ստորագրությամբ հրապարակված այն բաց նամակի հեղինակներից մեկն է, որով Ֆրանսիայի կառավարությանը կոչ էր արվում դատապարտել Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան, իսկ հակառակ դեպքում սատարել Լեռնային Ղարաբաղի իշխանություններին և այդ դիրքորոշումը ամրագրել Լեռնային Ղարաբաղի լեգիտիմությունը լիակատար և հիմնովին ճանաչելով»,- գրել է պատգամավորը Ֆեյսբուքի իր էջում:  
20:59 - 21 հոկտեմբերի, 2020
Մեծ հաշվով Թուրքիան է, որ հաշվի չի նստում հումանիտար հրադադարի ռեժիմի հետ․ Արման Եղոյան |hetq.am|

Մեծ հաշվով Թուրքիան է, որ հաշվի չի նստում հումանիտար հրադադարի ռեժիմի հետ․ Արման Եղոյան |hetq.am|

hetq.am: Այս կռիվը Արցախի համար չէ, տարածաշրջանը վերաձևելու փորձ է` նախաձեռնած Թուրքիայի կողմից: Այս մասին հոկտեմբերի 13-ին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը: «Կարծում եմ` այլևս Ադրբեջանը չի որոշում` ինքը հարձակվի, չհարձակվի, նահանջի թե հրադադար հաստատի, այդ որոշումները կայացվում են Թուրքիայում, և մեծ հաշվով Թուրքիան է, որ հաշվի չի նստում հումանիտար հրադադարի ռեժիմի հետ»,- նշեց Եղոյանը: Ըստ պատգամավորի` նույնիսկ կարճատև հրադադարից հետո Ադրբեջանի հասարակությունը տարբեր աղբյուրներից հնարավորություն է ստանալու իրենց կորուստների իրական թվերի մասին տեղեկություններ ստանալ: Այդ թվերը ներքաղաքական լուրջ խնդիրներ են ստեղծելու Ադրբեջանի ղեկավարության համար: «Հարձակվող կողմը մի քանի անգամներով ավելի շատ կորուստներ է կրում, և նման կորուստ կրել են ոչնչի կամ մեկ-երկու դիրքի կամ գյուղի դիմաց: Այս պահի դրությամբ դա տոտալ պարտություն է»,-ասաց նա` ընդգծելոց, որ դա է պատճառը, որ Ադրբեջանը  հնարավորինս փորձում է բարելավել իր դիրքերը: Ըստ քաղաքական մեծամասնության պատգամավորի` միջազգային հանրությունը գիտակցում է, որ այս ամենը ոչ տարածքի, ոչ էլ ինքնորոշման իրավունքի վեճ չէ, այն գոյամարտ է: Ինչ վերաբերում է այն հարցին, թե միգուցե այս պահին պատեհ պահն է, որ Հայաստանը ճանաչի Արցախի անկախությունը, Արման Եղոյանն արձագանքեց` Հայաստանը փաստացի ճանաչել է Արցախի անկախությունը: Արցախի անվտանգության միակ երաշխավորը Հայաստանն է, Հայաստանն է, որ միջպետական վարկ է տրամադրում Արցախին: «Մենք փաստացի հարաբերությունների մեջ ենք Արցախի հետ, սակայն, մեր  ճանաչումը միջազգային տեսանկյունից շատ բան չի փոխի: Մեզ պետք է, որ այլ երկրներ ճանաչեն Արցախի անկախությունը: Եթե այլ երկրներ սկսեն փաստացի ճանաչել, բարձր մակարդակով պատվիրակություններ գան Արցախ, համագործակցության այնպիսի ձևաչափ ստեղծվի այնպիսի, ինչպիսին մենք ունենք, արդեն մեծ առաջընթաց կլինի»,- ասաց Արման Եղոյանը: Շարունակությունը՝ hetq.am-ում
15:21 - 13 հոկտեմբերի, 2020
Տրայան Բասեսկուն Եվրախորհրդարանի ղեկավարությանը Հայաստանի հարցով զեկուցողի պաշտոնից հրաժարական է ներկայացրել․ Արման Եղոյան

Տրայան Բասեսկուն Եվրախորհրդարանի ղեկավարությանը Հայաստանի հարցով զեկուցողի պաշտոնից հրաժարական է ներկայացրել․ Արման Եղոյան

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Տրայան Բասեսկուն Եվրախորհրդարանի ղեկավարությանը Հայաստանի հարցով զեկուցողի պաշտոնից հրաժարական է ներկայացրել։ Մոտ մեկ ամիս առաջ Եվրախորհրդարանի պատգամավոր տիկին Մարինա Կալյուրանդը, որը նաև ԵՄ-Հայաստան գործընկերության, ԵՄ-Վրաստան ասոցացման և ԵՄ-Ադրբեջան համագործակցության խորհրդարանական կոմիտեների համանախագահն է, Եվրախորհրդարանում Հայաստանի հարցով զեկուցող Տրայան Բասեսկուի և Ադրբեջանի հարցով զեկուցող Ժելյանա Զովկոյի հետ, Արցախին առնչվող վիճահարույց հայտարարությամբ էին հանդես եկել՝ իրենց ձևակերպումներում էականորեն շեղվելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կողմից օգտագործվող և Եվրախորհրդարանի կողմից ընդունված ձևակերպումներից։ Դրանից հետո ՀՀ-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեում հայկական ողջ պատվիրակությունը հանդես էր եկել պատասխան հայտարարությամբ՝ դրանում մանրամասն ներկայացնելով վերոնշյալ հայտարարությունում տեղ գտած իրավաքաղաքական սխալներն ու մեզ համար անընդունելի ձևակերպումները։ Նույնն արել էինք նաև Եվրախորհրդարանի մեր մյուս բոլոր գործընկերների հետ ակտիվ նամակագրական կապի ընթացքում։ Այսօր տեղեկացանք, որ Տրայան Բասեսկուն Եվրախորհրդարանի ղեկավարությանը Հայաստանի հարցով զեկուցողի պաշտոնից հրաժարական է ներկայացրել։ Իսկ հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանական վերջին սադրանքների առիթով տիկին Կալյուրանդը հանդես է եկել ևս մեկ հայտարարությամբ, որտեղ, զգուշավոր լավատեսությամբ կարող ենք արձանագրել, որ հաշվի է առել իր նախորդ հայտարարության հետ կապված մեր դիտարկումներն ու մտահոգությունները։ Մասնավորապես Արցախյան հիմնախնդրի կարգավորման երեք հիմնարար սկզբունքներից որևէ մեկին առավելություն չի տրվել, այլ հղում է արվել բոլոր երեքը պարունակող ՄԱԿ-ի կանոնադրությանը և ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտին»։
15:31 - 16 հուլիսի, 2020
Արման Եղոյանը պարզաբանել է գույքահարկին վերաբերող օրենսդրական փոփոխությունները

Արման Եղոյանը պարզաբանել է գույքահարկին վերաբերող օրենսդրական փոփոխությունները

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում պարզաբանումներ է ներկայացրել հունիսի 25-ին ԱԺ-ում ընդունված, կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագծի վերաբերյալ, որով, ըստ էության, Հարկային օրենսգրքի փոփոխություններով աստիճանաբար առաջարկվում է գույքային հարկի բեռի բարձրացում: «Գույքահարկի նոր սանդղակում որպես հաշվարկի հիմք վերցվելու է գույքի շուկայական գնի 80 տոկոսը։ Այսինքն եթե բնակարանի շուկայական գինը 50 միլիոն դրամ է, պետք է վճարեք 40 միլիոն արժողությամբ գույքի համար սահմանված գույքահարկ։ Իրավիճակն ավելի պարզ ներկայացնելու համար կից սանդղակում կարող եք տեսնել, թե ո՛ր գնով բնակարանի համար ինչքան գույքահարկ եք վճարելու 2026 թվականին (բնակելի տների սանդղակը փոքր ինչ տարբեր է)։ Խնդրում եմ, «բնիկ» թե «եկվոր», տեղորոշեք ձեր կամ ձեր ծանոթների գույքը այս աղյուսակում և ասեք, թե ով ինչ խնդիր է տեսնում այս սանդղակի տողերից որևէ մեկի հետ։ Ուշադրություն դարձրեք յուրաքանչյուր խումբ բնակարանների քանակին։ Նկատեք, օրինակ, որ 60 միլիոն դրամ և ավել գնահատված ընդամենը 10 000 բնակարան կա ամբողջ երկրում (բնականաբար ոչ բոլորը՝ Երևանի փոքր կենտրոնում)։ Երեկ շատ էին խոսում միայնակ թոշակառուներին պատկանող ինչ-որ աստղաբաշխական գներով բնակարանների մասին։ Ի՞նչ եք կարծում, այս 10 000 բնակարաններից քանիսի՞ սեփականատերերն են միայնակ թոշակառուները, իսկ քանիսինը՝ վարձու աշխատողներ կամ գործարարներ, որոնց եկամտահարկն ու շահութահարկը այս տարվանից իջեցվել է համապատասխանաբար 5 և 1 տոկոսով (ու ևս մեկական տոկոսով իջեցվելու է հաջորդ և այն մյուս տարի)։ Հիշեցնեմ նաև, որ հաջորդ տարի վճարելու ենք այս աղյուսակում նշված գույքահարկի 25 տոկոսը միայն, 2022-ին՝ 30 տոկոսը, 2023-ին՝ 35 տոկոսը, 2024-ին՝ 50 տոկոսը, 2025-ին՝ 75 տոկոսը, և միայն 2026-ից սկսած ենք վճարելու ամբողջ 100 տոկոսը»,- նշված է գրառման մեջ։
17:30 - 28 հունիսի, 2020
Մեր գործողություններն այսքանով չեն սահմանափակվելու. Եղոյանը՝ Եվրախորհրդարանի պատգամավորների անընդունելի հայտարարության մասին

Մեր գործողություններն այսքանով չեն սահմանափակվելու. Եղոյանը՝ Եվրախորհրդարանի պատգամավորների անընդունելի հայտարարության մասին

Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի հայկական պատվիրակության հայտարարությունը Եվրախորհրդարանի երեք պատգամավորների անընդունելի հայտարարության վերաբերյալ։ Այս մասին ֆեյսբույքան էջում գրել է պատգամավոր Արման Եղոյանը։  «Հայերեն տարբերակն ԱԺ կայքում հասանելի կլինի ավելի ուշ։ Այս հարցով մեր գործողություններն այսքանով չեն սահմանափակվելու։ Մեզ համար անընդունելի են Արցախի ինքնորոշման, արցախահայության ազատ տեղաշարժի իրավունքը կասկածի տակ առնող ու Արցախի անվտանգությանը սպառնացող ցանկացած հայտարարություն և դրանց հեղինակների հետ մեր հետագա հարաբերությունները կկառուցվեն ըստ իրենց կատարած այս կոպիտ սխալի վատթար հետևանքները չեզոքացնելու պատրաստակամության»։
16:57 - 12 հունիսի, 2020
Արման Եղոյանը ԵՄ ներկայացուցիչների հետ քննարկել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին առնչվող հարցեր

Արման Եղոյանը ԵՄ ներկայացուցիչների հետ քննարկել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին առնչվող հարցեր

ՀՀ Ազգային Ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը ԵՄ «վիրտուալ առաքելության» շրջանակում առցանց հանդիպում է ունեցել Եվրահանձնաժողովի, Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության (ԱԳԵԾ) և Հայաստանում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչների հետ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի աշխատակազմից, հանդիպմանը մասնակցել են ԱԳԵԾ Ռուսաստանի, Արևելյան գործընկերության, Կենտրոնական Ասիայի և ԵԱՀԿ-ի գծով տնօրեն Լյուկ Դեվինը, Եվրահանձնաժողովի եվրոպական հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրինության՝ Հայաստանի հետ գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսը, ԱԳԵԾ Արևելյան գործընկերության երկրների հետ երկկողմ հարաբերությունների բաժնի ղեկավար Ռիչարդ Թիբելսը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը և պատվիրակության այլ ներկայացուցիչներ: Քննարկվել են ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ընթացքին, դրա նկատմամբ խորհրդարանական վերահսկողությանը, ԱԺ ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանն առնչվող հարցեր: Այս համատեքստում առանձնահատուկ կարևորվել է այս տարի մեկնարկող, ՀՀ Ազգային Ժողովի հետ առաջին անգամ իրականացվող ԵՄ ինստիտուցիոնալ համագործակցության Twinning գործիքով փորձի փոխառման ծրագիրը: Հանձնաժողովի նախագահը բարձր է գնահատել COVID-19 համավարակի հետևանքների հաղթահարման համատեքստում ՀՀ-ԵՄ օպերատիվ համագործակցությունն ու Հայաստանին տրամադրված ԵՄ աջակցությունը: Անդրադարձ է կատարվել նաև Արևելյան գործընկերության շրջանակներում համագործակցությանը, ՀՀ Ազգային Ժողովի և Եվրախորհրդարանի հարաբերությունների ամրապնդմանը, ինչպես նաև՝ ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկին առնչվող հարցերին:
22:30 - 10 հունիսի, 2020
ԵՄ բոլոր երկրների կողմից ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացում կլինի հաշված ամիսների ընթացքում. Եղոյան |armenpress.am|

ԵՄ բոլոր երկրների կողմից ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացում կլինի հաշված ամիսների ընթացքում. Եղոյան |armenpress.am|

armenpress.am: ՀՀ Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը Եվրոպական Միության բոլոր երկրների կողմից հաշված ամիսների ընթացքում Հայաստանի և Եվրոպական Միության միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացում է ակնկալում: Այս մասին Եղոյանն ասաց փետրվարի 26-ին ՀՀ Ազգային ժողովում Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի կողմից կազմակերպված ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացին նվիրված խորհրդարանական լսումների ընթացքում: «Մեր հարաբերություններն այսօր հիմնվում են ՀՀ-ԵՄ համաձայնագրի վրա, բայց մասամբ, քանի որ այն դեռ ամբողջությամբ ուժի մեջ չի մտել: Այս պահին այն վավերացրել են ԵՄ անդամ 23 պետություններ, մյուս հինգ պետությունների վավերացումից հետո, որն ակնկալում եմ, որ կլինի հաշված ամիսների ընթացքում, համաձայնագիրն ուժի մեջ կմտնի և կփոխարինի նախորդ համաձայնագրին»,- ասաց Եղոյանը:
13:47 - 26 փետրվարի, 2020
ՀՀ-ԵՄ համաձայնագիրը 28 պետությունից վավերացրել է 23-ը. Արման Եղոյան |aysor.am|

ՀՀ-ԵՄ համաձայնագիրը 28 պետությունից վավերացրել է 23-ը. Արման Եղոյան |aysor.am|

aysor.am: Այս տարի ՀՀ-ԵՄ համաձայնագիրը վավերացրել է 15 երկիր, ԱԺ-ում, լրագրողների հետ հանդիպմանն ամփոփելով տարին, ասաց ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլի» պատգամավոր Արման Եղոյանը: «Եթե սրան գումարենք նախորդի տարի համաձայանգիրը վավերացրած 8 երկրները, կստանանք 23 երկիր, ուստի ԵՄ անդամ 28 պետություններից մնացել են 5-ը, որոնք դեռ չեն ավարտել վավերացման գործընթացը: Իտալիայի դեպքում սենատն է վավերացրել, հիմա հերթը ներկայացուցիչների պալատինն է: Մյուս 4-ը՝ Հունաստանն է, Ավստրիան, Իսպանիան և Պորտուգալիան», - ասաց Եղոյանը: Վերջինս նշեց, որ չվավերացված երկրներն այս տարի զբաղված են եղել իրենց հերթական, որոշ դեպքերում էլ արտահերթ խորհրդարանական ընտրություններով, մինչդեռ նախատեսվում է առաջիկայում հասնել համաձայանգրի վավերացման. «Կապի մեջ ենք այնտեղի մեր ներկայացուցիչների հետ: Առաջիկա ամիսներին բոլոր այս պետություններում գործընթացը կհասնի իր ավարտին», - ասաց պատգամավորը:
09:04 - 26 դեկտեմբերի, 2019
Արման Եղոյանը կղեկավարի Հայաստան-Կանադա եւ Հայաստան-Շվեյցարիա բարեկամական խմբերը

Արման Եղոյանը կղեկավարի Հայաստան-Կանադա եւ Հայաստան-Շվեյցարիա բարեկամական խմբերը

ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․  «Պատիվ ունեմ հայտնել, որ Ազգային Ժողովի խորհրդի որոշմամբ ղեկավարելու եմ Հայաստան-Կանադա և Հայաստան-Շվեյցարիա բարեկամական խմբերը։ Ուժեղ խորհրդարանական ավանդույթներով այս երկու «լրիվ ժողովրդավարություններ»-ի և «ազատ տնտեսություններ»-ի հետ ունենք համագործակցության՝ դեռևս ամբողջությամբ չօգտագերծված ներուժ։ Էգալիտարիզմը, ներառականությունը, պետական-մասնավոր սերտ համագործակցությունն ու սոցիալական արդարության ձգտումը կանադական քաղաքական մշակույթի ուսանելի տարրերն են: Ուղիղ ժողովրդավարությունը, ուժեղ տեղական ինքնակառավարումը և ընդդիմության բացակայությունը, այո, այո, ընդդիմության բացակայությունը շվեյցարական քաղաքական համակարգի բնորոշիչ տարրերն են: Ուշադրության է արժանի նաև Շվեյցարիայի զինված ուժերի ունիկալ կառուցվածքն ու դրա դերը արդեն երկու հարյուրամյակ տևող շվեյցարական խաղաղության մեջ»:  
12:08 - 13 ապրիլի, 2019
Հույս ունեմ, որ ԵՄ-ում չեն խախտի նուրբ բալանսը. Եղոյանը՝ ԵՄ-Ադրբեջան համաձայնագրի մասին |news.am|

Հույս ունեմ, որ ԵՄ-ում չեն խախտի նուրբ բալանսը. Եղոյանը՝ ԵՄ-Ադրբեջան համաձայնագրի մասին |news.am|

news.am: Ղարաբաղի հարցում ամբողջ ինստիտուցիոնալ հիշողությունը կուտակված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափում եւ առանց այս ձեւաչափի հարցի լուծումը դժվար է պատկերացնել: Այս մասին, այսօր՝ ապրիլի 12-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը: Նրա խոսքով, ԵՄ-ն կարող է իր նպաստը բերել խնդրի կարգավորմանը, բայց դրա համար պետք է ակունքից ծանոթ լինի խնդրին, իսկ դրա համար ԵՄ-ն պետք է ջանք գործադրի այդ խնդրի կոնտեքստին, տեքստին ծանոթանալու համար: «Դա որոշակի ջանք ու ժամանակ կպահանջվի: Ես լիահույս եմ, որ մեր գործընկերները կցուցաբերեն այդ ջանքը, լիահույս եմ, որ այս հարցում կցուցաբերեն առավելագույն հավասարակշռվածություն՝ չխախտելու համար այն նուրբ բալանսը, որ ԵՄ-ն ունի տարածաշրջանում: Ես հույս ունեմ, որ ԵՄ պաշտոնյաները շատ լավ գիտակցում են, որ հավասարակշռության խախտումը կբերի տարածաշրջանում Եմ ազդեցության եւ դերի, դրա մասին ընկալումների փոփոխության»,-ասաց Եղոյանը: Նա անդրադառնալով ԵՄ-Ադրբեջան համաձայնագրին, ուղերձ հղեց ԵՄ գործընկերներին. «Այո, թեեւ պայմանագիրը երկկողմ է, բայց այն կետերում, որոնք այն կարող է առնչվել երրորդ կողմին, իրենք պետք է ցուցաբերեն առավելագույն հավասարակշռված եւ տարածաշրջանի անվտանգության շահերը հաշվի առնող որոշումներ: Խոսքը Արցախի խնդրի կարգավորման համատեքստում Ադրբեջան-ԵՄ համաձայնագրում ենթադրվող ձեւակերպումների մասին է, որոնք կարող են ազդեցություն ունենալ խնդրի կարգավորման վրա: Դրանք պետք է առավելագույս հարմոնիզացված լինեն Մինսկի խմբի գործընթացի հետ»:
10:34 - 12 ապրիլի, 2019