Լուգանսկի և Դոնեցկի ինքնահռչակ հանրապետություններ

Դոնեցկի Հանրապետության ղեկավարը պնդում է, որ Ուկրաինայում բացված մարդասիրական միջանցքները ոչ մի տեղ լիարժեք չեն աշխատում

Դոնեցկի Հանրապետության ղեկավարը պնդում է, որ Ուկրաինայում բացված մարդասիրական միջանցքները ոչ մի տեղ լիարժեք չեն աշխատում

Ուկրաինայում բացված մարդասիրական միջանցքները ոչ մի տեղ լիարժեք չեն աշխատում։ Այս մասին հայտարարել է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինը, հաղորդում է «TACC»-ը։ «Չնայած պայմանավորվածություններին, որոնք ձեռք են բերվել հումանիտար միջանցքների բացման շուրջ բանակցությունների շրջանակներում, դրանք ոչ մի տեղ լիարժեք չեն աշխատում»։ Նրա խոսքով այս պահի դրությամբ «ազատագրվել է» Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության 50%-ից ավելին։ Հիշեցնենք, որ արդեն երրորդ օրն է, ՌԴ ՊՆ-ն վաղ առավոտից հայտարարում է լռության ռեժիմ՝ բացելով մարդասիրական միջանցքներ։ Ուկրաինական կողմից նշում են, որ համաձայն չեն քաղաքացիների տարհանմանը դեպի ՌԴ, այլ որ նրանք պետք է տեղափոխվեն ուկրաինական այլ, երկրի արևմուտքում գտնվող քաղաքներ։ Այսօր Ուկրաինան նշել է մարդասիրական միջանցքների հետևյալ ուղղությունները․ Վորզելից, Բորոդյանկայից, Իրպինից և Բուչայից մարդասիրական միջանցք է բացվում դեպի Կիև, Մարիուպոլից՝ Զապորոժիե, Վոլնովախայից՝ Պոկրովսկ, Իզյումից՝ Լոզովա և Էներգոդարից՝ Զապորոժիե։ Ավելի վաղ հայտնել էին, որ լռության ռեժիմի հաստատումից հետո Ուկրաինայի Սումի քաղաքից մոտ 5000 մարդ է տարհանվել։
13:20 - 09 մարտի, 2022
Խափանվել է Ուկրաինայի արևմուտքում նոր «ժողովրդական հանրապետությունների» ստեղծման փորձը․ Ուկրաինայի անվտանգության ծառայություն

Խափանվել է Ուկրաինայի արևմուտքում նոր «ժողովրդական հանրապետությունների» ստեղծման փորձը․ Ուկրաինայի անվտանգության ծառայություն

Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հայտնում է, որ խափանել է Կրեմլի պլանները Ուկրաինայի արևմուտքում նոր «ժողովրդական հանրապետությունների» ձևավորման մասով»։ «Ուկրաինայի Դաշնային Հանրապետությունը» պետք է ներառեր հետևյալ մարզերը. ▪️ Իվանո-Ֆրանկովսկի մարզը,▪️ Անդրկարպատյան մարզը,▪️ Լվովի մարզը▪️ Տերնոպոլի մարզը▪️ Չեռնովցիի մարզը Ըստ հաղորդագրության՝ Ուկրաինայի Անվտանգության ծառայությունը Իվանո-Ֆրանկովսկի մարզում ձերբակալել է ցանցի կազմակերպչին և առանցքային դեմքերին։ «Զինված անջատողականները պետք է ոչնչացնեին հիմնական ուժայիններին և իշխանության ներկայացուցիչներին։ Դրանից հետո նախատեսվում էր գրավել վարչական շենքերը և այսպես կոչված «ԼԺՀ/ԴԺՀ»-ի մոդելով «ժողովրդական հանրապետություններ» հռչակել, ապա միավորվել Ռուսաստանի կողմից վերահսկվող նոր պետության մեջ»,- ասված է հաղորդագրության մեջ։        
10:13 - 06 մարտի, 2022
Ռուսաստանցի և բելառուս մարզիկներին արգելվել է մասնակցել Ձմեռային պարալիմպիկ խաղերին

Ռուսաստանցի և բելառուս մարզիկներին արգելվել է մասնակցել Ձմեռային պարալիմպիկ խաղերին

Ռուսաստանցի և բելառուս մարզիկներին արգելվել է մասնակցել Պեկինում մարտի 4-ին մեկնարկող Ձմեռային պարալիմպիկ խաղերին։ Այս մասին, The Guardian-ի փոխանցմամբ, հայտարարել է Միջազգային պարալիմպիկ կոմիտեն։ Նախօրեին կոմիտեն թույլատրել էր Ռուսաստանի և Բելառուսի մարզիկներին մասնակցել խաղերին չեզոք դրոշի ներքո։ Այսօր առավոտյան արված հայտարարությունում Միջազգային պարալիմպիկ կոմիտեի նախագահ Էնդրյու Փարսոնսը նշել է․ «Երեկվա որոշումը կայացնելիս մենք հաշվի ենք առել պարալիմպիկ շարժման հետագա հեռանկարները։ Մենք հպարտանում ենք այն սկզբունքներով և արժեքներով, որոնք շարժումը դարձրել են այնպիսին, ինչպիսին այն կա։ Սակայն սրվող իրավիճակը մեզ դժվարին դրության մեջ է գցել խաղերի հենց մեկնարկի նախաշեմին»։ Նա ընդգծել է, որ մարզիկների անվտանգության ապահովումն ու պաշտպանությունը կազմակերպության համար առաջնային նշանակություն ունեն, իսկ իրավիճակն օլիմպիական ավաններում սրվում է և ներկա պահին անթույլատրելի է դարձել։ «Նախևառաջ, Պարալիմպիկ առաքելության շրջանակում, որն ամրագրված է Կանոնադրությունում, մենք պարտավոր ենք երաշխավորել հաջող Պարալիմպիկ խաղերի կազմակերպումն, ապահովել, որ սպորտում պարալիմպիկ շարժման շրջանակում գերիշխի ազնիվ խաղի ոգին, չլինեն բռնություն և մարզիկների առողջության համար ռիսկեր, ու պահպանվեն հիմնական էթիկական սկզբունքները»,- ասել է Փարսոնսը։ Պարալիմպիկ կոմիտեի այս որոշման հետևանքով խաղերին չի մասնակցի 83 մարզիկ։ Նորա Վանյան
13:37 - 03 մարտի, 2022
Պուտինը Պետդումային առաջարկել է ՀԱՊԿ-ում համակարգող պետության կարգավիճակ սահմանել

Պուտինը Պետդումային առաջարկել է ՀԱՊԿ-ում համակարգող պետության կարգավիճակ սահմանել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Պետդումայի վավերացմանն է ներկայացրել ՀԱՊԿ խաղաղապահ գործունեության մասին համաձայնագրում փոփոխություններ կատարելու վերաբերյալ արձանագրություն։ Այն ենթադրում է «համակարգող պետություն» հասկացության ներմուծում, որի հովանու ներքո խաղաղապահ ուժեր կձևավորվեն՝ ՄԱԿ-ի կողմից իրականացվող գործողություններին մասնակցելու համար: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։ Տեքստը տեղադրված է Պետդումայի էլեկտրոնային բազայում։ «Արձանագրությունը ներմուծում է «համակարգող պետություն» հասկացությունն ու նախատեսում, որ նրա հովանու ներքո ստեղծվում են ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր, որոնք ներգրավվելու են ՄԱԿ-ի՝ խաղաղության պահպանմանն ուղղված գործողություններում»,- պարզաբանվում է արձանագրությունում։ «ՄԱԿ-ի խաղաղության աջակցության գործողություններում հավաքական խաղաղապահ ուժերի մասնակցության պայմանները որոշվում են համաձայնագրով, որը կնքվում է համակարգող պետության և ՄԱԿ լիազորված ստորաբաժանման միջև»,- նշված է փաստաթղթում։ Արձանագրությունը ստորագրվել է 2021 թվականի սեպտեմբերի 16-ին Դուշանբեում։ Նորա Վանյան
12:23 - 03 մարտի, 2022
«Spotify»-ը փակում է իր գրասենյակը Ռուսաստանում

«Spotify»-ը փակում է իր գրասենյակը Ռուսաստանում

Շվեդական «Spotify» հոսքային աուդիոյի համացանցային ծառայությունը փակել է իր գրասենյակը Ռուսաստանում անորոշ ժամանակով՝ ի պատասխան Ռուսաստանի ներխուժմանն Ուկրաինա։ Այս մասին գրում է Reuters-ը։ «Մեր առաջնահերթ խնդիրը նախորդ շաբաթ եղել է ապահովել,որ  մեր աշխատակիցներն անվտանգ լինեն, և «Spotify»-ը շարունակի ծառայել որպես համաշխարհային և տարածաշրջանային նորությունների կարևոր աղբյուր այն փուլում, երբ տեղեկությունների հասանելիությունն, ավելի քան երբևէ, կարևոր է»,- նշել է «Spotify»-ն իր հայտարարությունում։ Ընկերությունը հայտնել է, որ Ուկրաինայում պատերազմի մեկնարկից ի վեր՝ ուսումնասիրել է ահռելի քանակությամբ բովանդակություն և սահմանափակել ռուսական իշխանամետ լրատվամիջոցներին պատկանող և դրանց կողմից կառավարվող հաղորդումների որոնման հնարավորությունը։ «Spotify» ծառայությունը գործարկվել է 2008 թ-ին, իսկ Ռուսաստանում աշխատում էր 2020 թ-ի ամռանից։ Այսօրվա դրությամբ այն ունի ավելի քան 381 մլն օգտատեր, այդ թվում՝ «Spotify Premium»-ի 172 մլն օգտատեր աշխարհի 178 երկրներում։ Նորա Վանյան
12:08 - 03 մարտի, 2022
Հաագայի միջազգային դատարանը սկսել է հետաքննել Ռուսաստանի գործողություններն Ուկրաինայում

Հաագայի միջազգային դատարանը սկսել է հետաքննել Ռուսաստանի գործողություններն Ուկրաինայում

Միջազգային քրեական դատարանի գլխավոր դատախազ Քարիմ Խանը հաղորդել է հնարավոր ռազմական հանցագործությունների հետաքննության մեկնարկի մասին, որոնք Ռուսաստանը կատարել է Ուկրաինայում վերջին տարիներին։ Այս ամսին հայտնում է BBC-ն։ «Ուկրաինայում ստեղծված իրավիճակի առաջնային վերլուծությունից հետո իմ գրասենյակը բավականաչափ հիմքեր է գտել համարելու, որ կարող են լինել հանցագործություններ, որոնք մեր դատարանի ենթադատության տակ են։ Հստակ դեպքեր, որոնք կարող են այդպիսին համարվել, արդեն բացահայտվել են և հետաքննության հիմքում կլինեն», - հայտարարել է դատարանի գլխավոր դատախազը։ Նրա խոսքով՝ Միջազգային քրեական դատարանի անդամ 39 երկիր դիմել է իրեն՝ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի հետաքննություն անցկացնելու խնդրանքով։ Այդ երկրների թվում են Եվրամիության բոլոր 27 երկրները, Շվեյցարիան, Կանադան և Նոր Զելանդիան։ Նորա Վանյան
11:23 - 03 մարտի, 2022
Ռուսաստանի ԿԲ-ն կասեցրել է դրամական փոխանցումները մի շարք երկրների քաղաքացիների համար

Ռուսաստանի ԿԲ-ն կասեցրել է դրամական փոխանցումները մի շարք երկրների քաղաքացիների համար

Ռուսաստանի Կենտրոնական բանկը վարկային կազմակերպություններին պարտավորեցրել է մարտի 1-ից մինչև մարտի 31-ը կասեցնել այն երկրների իրավաբանական և ֆիզիկական անձանց դրամական միջոցների փոխանցումներըը դեպի օտարերկրյա հաշիվներ, որոնք սահմանափակումներ են կիրառել Ռուսաստանի դեմ։ «Ծառայողական օգտագործման համար» կնիքով նամակն ուղարկվել է բանկերին։ Ռուսական «Վեդոմոստի» պարբերականը պնդում է, որ ունի դրա պատճենը, իսկ փաստաթղթի իսկությունը հաստատել են իր երկու աղբյուրները ֆինանսական կազմակերպություններում։ Բացի այդ՝ բոլոր օտարերկրյա քաղաքացիներն, առանց բանկային հաշվեհամար բացելու, կարող են ամսական $5000-ից կամ դրան համարժեք գումարից ոչ ավելի միջսահմանային դրամական փոխանցումներ անել։ Այդպիսի փոխանցումներ սովորաբար իրականացնում են դրամական փոխանցման համակարգերը։ Սահամանչափը կորոշվի փոխանցման պահին ռուբլու նկատմամբ արտարժույթի՝ ԿԲ սահմանած փոխարժեքի հիման վրա։ Այս սահմանափակումը վերաբերում է ոչ միայն պատժամիջոցներ կիրառած երկրների քաղաքացիներին, այլև բոլոր օտարերկրացիներին։ «Ազգային վճարային խորհուրդ» ոչ առևտրային գործընկերության կառավարման նախագահ Ալմա Օբաևան նշել է, որ վերջին կետը վերաբերում է նաև աշխատանքային միգրանտների փոխանցումներին։ Ռուսաստանի ԿԲ նամակում նշվում է, որ այն ուղղված է «ֆինանսական կայունության ապահովմանը»։ Սահմանափակումները գործում են 2022 թ-ի մարտի 1-ից 31-ը ներառյալ։ Նամակին կցված է այն երկրների ցանկը, որոնք 2022 թ-ի փետրվարի 23-28-ը հայտարարել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին։ Այդ ցանկում 43 պետություն կա, այդ թվում՝ Մեծ Բրիտանիան, Գերմանիան, ԱՄՆ-ն։ Բանկը «Վեդոմոստիի» հետ զրույցում հաստատել է սահմանափակումների մասին լուրը․ «Ռուսական ֆինանսական շուկայից միջոցների դուրսբերումը կանխելու և ֆինանսական կայունություն ապահովելու համար Ռուսաստանի բանկը ժամանակավորապես կասեցրել է փոխանցումները մի շարք երկրների ոչ ռեզիդենտ իրավաբանական և ֆիզիկական անձանց հաշիվներից օտարերկրյա հաշիվներին»։ ԿԲ-ն հստակեցրել է, որ այս սահմանափակումը չի վերաբերում Ռուսաստանի քաղաքացիներին, ինչպես նաև ԱՊՀ պետությունների քաղաքացիների մեծ մասին։ Նորա Վանյան  
17:30 - 02 մարտի, 2022
Ինչպե՞ս է ազդում ռուս-ուկրաինական հակամարտությունը համաշխարհային տնտեսության վրա․ «The New York Times»-ի անդրադարձը

Ինչպե՞ս է ազդում ռուս-ուկրաինական հակամարտությունը համաշխարհային տնտեսության վրա․ «The New York Times»-ի անդրադարձը

Ամերիկյան հեղինակավոր «The New York Times» պարբերականն անդրադարձել է համաշխարհային տնտեսության վրա ռուս-ուկրաինական հակամարտության ազդեցությանը։ Ստորև ներկայացնում ենք պարբերականի հոդվածագիր Պատրիշա Կոենի հոդվածը։ «Ընդամենը մի քանի օրում համաշխարհային տնտեսության հեռանկարները վատթարացել են Ուկրաինայում ընթացող պատերազմի և Ռուսաստանի տնտեսությունը ցնցած աննախադեպ ֆինանսական պատժամիջոցների ֆոնին, որոնք սպառնում են էլ ավելի բարձրացնել վառելիքի համաշխարհային գները։ Երկուշաբթի՝ փետրվարի 28-ին, նավթի, բնական գազի և այլ ապրանքների գները կտրուկ բարձրացել են։ Միաժամանակ, մատակարարման ցանցերի ծանրաբեռնվածությունը, որը գոյացել էր համավարակի հետևանքով, աճել է, քանի որ ԱՄՆ-ն, Եվրոպան ու նրանց դաշնակիցները «ձգել են պտուտակները» Ռուսաստանի ֆինանսական գործարքների համար և սառեցրել նրա Կենտրոնական բանկի՝ արտասահմանում պահվող միլիարդավոր դոլարների ակտիվները։ Ռուսաստանը երկար ժամանակ համեմատաբար փոքր խաղացող է եղել համաշխարհային տնտեսությունում՝ հաշվի առնելով 1,7%-ի մասնաբաժինը համաշխարհային արտադրության ընհանուր ծավալում՝ չնայած նրա էներգակիրների արտահանման հսկայական ծավալին։ Վերջին տարիներին Ռուսաստանի նախագահ Վլադիիր Պուտինը ավելի հեռուն է գնացել երկիրը մեկուսացնելու հարցում՝ ստեղծելով արտարժութային պահուստների «պահեստ», նվազեցնելով պետական պարտքը և անգամ արգելելով պանրի և այլ սննդամթերքի ներկրումը Եվրոպայից։ Սակայն, մինչ նախագահ Պուտինն անտեսում է մի շարք միջազգային նորմեր, նա չի կարող անտեսել ժամանակակից հսկայական ֆինանսական համակարգը, որը գլխավորապես վերահսկում են նրա երկրի սահմաններից դուրս գտնվող կառավարություններն ու բանկերը։ Այսպես է կարծում Ատլանտյան խորհրդի պետական տնտեսական կառավարման բաժնի տնօրեն Ջուլյա Ֆրիդլենդերը։ «Եվ այժմ սա պայքար է ֆինանսական և ռազմական հնարավորությունների միջև՝ փոշիացնելու պատերազմ մղելու ռեսուրսները»,- նշում է նա։ Ուկրաինա ներխուժումն ու Ռուսաստանի դեմ կիրառված պատժամիջոցները հսկայական անորոշություն և անկայունություն են առաջացնում տնտեսական որոշումների կայացման հարցում։ Պատժամիջոցները մշակվել են այնպես, որ հնարավոր լինի խուսափել անհրաժեշտ այն էներգակիրներների արտահանման խաթարումից, որոնցով Եվրոպան ջեռուցում է տները, գործարաններ աշխատեցնում և մեքենաները լիցքավորում։ Սա օգնել է մեղմել, բայց ոչ կանխել էներգակիրների գների կտրուկ աճը, որը պայմանավորված է պատերազմով և նավթի ու գազի մատակարարման խափանումների վերաբերյալ տագնապով։ Պակասուրդի վերաբերյալ անհանգստությունը հանգեցրել է նաև հացահատիկի և մետաղների գների բարձրացման, ինչը հղի է սպառողների և ձեռնարկությունների համար ծախսերի ավելացմամբ։ Ռուսաստանը և Ուկրաինան նաև խոշոր արտահանողներն են ցորենի և եգիպտացորենի, ինչպես նաև կարևոր մետղաների՝ պալադիումի, ալյումինիումի և նիկելի, որոնք կիրառվում են ամենուր, մասնավորապես՝ բջջային հեռախոսների և ավտոմեքենաների արտադրությունում։ Սպասվում է նաև տրանսպորտային ծախսերի կտրուկ բարձրացում։ «Մենք ականատես ենք լինելու ծովային և ավիափոխադրումների գների աճի»,- ասում է «FourKites» ընկերության ցանցային համագործակցության բաժնի գլխավոր մենեջեր Գլեն Քեփքին։ Նա զգուշացնում է, որ ծովային փոխադրումների գները կարող են կրկնապատկվել կամ եռապատկվել՝ մեկ կոնտեյների դիմաց 10 հազար դոլարից հասնելով 30 հազար դոլարի, իսկ ավիափոխադրումների գներն էլ ավելի բարձր կլինեն, կսրվի ապրանքների պակասի խնդիրը։ Հոդվածագիրը նշում է, որ երկուշաբթի Ուոլ-սթրիթի որոշ վերլուծաբաններ և տնտեսաբաններ խոստովանել են, որ թերագնահատել են Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժման և միջազգային արձագանքի մասշտաբները։ Միացյալ Նահանգներում արդեն անհանգստություն է առաջացրել արժեզրկումը, որն ամենաբարձր ցուցանիշն է գրանցել 1980-ականներից ի վեր։ «Դաշնային պահուստների համակարգը դժվարին կացության մեջ է, արժեզրկումը կազմում է 7,5%, բայց նրանք գիտակցում են, որ տոկոսադրույքների բարձրացման դեպքում [ֆինանսական] շուկաներում կտրուկ անկում կգրանցվի»,- կարծում է Ձեռնարկատիրության ամերիկյան ինստիտուտի ավագ գիաշխատող Դեսմոնդ Լաքմանը։ Նավթի գինն ամենաբարձրն է՝ 2014 թ-ից ի վեր, և այն շարունակում է աճել՝ հակամարտության սրացմանը զուգահեռ։ Իսկ գազի գների աճը (գազի գրեթե 40%-ը Եվրոպան ներկրում է Ռուսաստանից) կհանգեցնi ջեռուցման համար ծախսվող գումարների ավելացման»։ Նորա Վանյան  
16:17 - 02 մարտի, 2022
Մոսկվայի օդանավակայաններում հետաձգվել կամ չեղարկվել է շուրջ 150 չվերթ

Մոսկվայի օդանավակայաններում հետաձգվել կամ չեղարկվել է շուրջ 150 չվերթ

Այսօր Մոսկվայում շուրջ 150 ավիաչվերթ է հետաձգվել կամ չեղարկվել։ Այս մասին են վկայում Ռուսաստանի մայրաքաղաքի օդանավակայանների առցանց չվացուցակները։ Առավոտյան՝ 09:25-ի դրությամբ, «Վնուկովո» օդանավակայանում հետաձգվել է 1 չվերթ, «Շերեմետևոյում»՝ 6, «Դոմոդեդովոյում»՝ 3։ «Շերեմետևոյում» չեղարկված չվերթների քանակը հասնում է 125-ի, «Դոմոդեդովոյում»՝ 8-ի, «Ժուկովսկիում»՝ 2-ի, «Վնուկովոյում»՝ 4-ի, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ Մարտի 1-ին, Ռուսաստանի Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը՝ Ռոսավիացիան, մինչև մարտի 8-ը երկարաձգել է երկրի հարավում և կենտրոնական մասում չվերթների արգելքը։ Երկրի հարավում օդային տարածքը փակ է փետրվարի 24-ից։ Փետրվարի 27-ին Եվրամիության 27 երկրների արտգործնախարարները որոշում են կայացրել ամբողջությամբ փակելու միության օդային տարածքը ՌԴ ինքնաթիռների համար։ Նույնը արել են Կանադան ու ԱՄՆ-ն։ Որպես պատասխան միջոց՝ Ռուսաստանը փակել է իր օդային տարածքը մի շարք երկրների համար։ Նորա Վանյան
12:27 - 02 մարտի, 2022
Ուկրաինայի Ժիտոմիրում ավիահարվածի հետեւանքով երկու մարդ է զոհվել․ Ուկրաինայի ԱԻՊԾ

Ուկրաինայի Ժիտոմիրում ավիահարվածի հետեւանքով երկու մարդ է զոհվել․ Ուկրաինայի ԱԻՊԾ

Լուսանկարում՝ Ժիտոմիրի ավիահարվածի հետևանքները | Ուկրաինայի ԱԻՊԾ Մարտի 2-ին առավոտվա դրությամբ հաստատվել է, որ Ուկրաինայի Ժիտոմիրում ավիահարվածի հետեւանքով երկու մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում են Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։ Նշվում է, որ տուժել են 10 առանձնատուն և քաղաքային հիվանդանոց։ «12 մարդ է փրկվել, այդ թվում՝ 6 երեխա, որոնց փրկարարները կիսաավերված մասնավոր տների նկուղներից դուրս են բերել։ Փրկարարական աշխատանքները շարունակվում են»,- նշված է հաղորդագրության մեջ։ Ռուսական կողմից հայտնում են, որ Ուկրաինական զորքերի կողմից Դոնեցկի գիշերային հրետակոծության հետևանքով վնասվել են դպրոցի շենք և սպորտային համալիր։ Դոնեցկի քաղաքապետ Ալեքսեյ Կուլեմզինի խոսքով Ուկրաինայի զինված ուժերի գիշերային հրետակոծության հետևանքով քաղաքի Կույբիշևսկի շրջանի հիվանդանոցի և դպրոցի շենքը վնասվել են։ ԼԺՀ-ի պաշտպանության վարչության ներկայացուցիչ Իվան Ֆիլիպոնենկոն հայտարարել է, որ ազգային ոստիկանությունը առավոտյան ազատագրել է 40 բնակավար, որոնք գտնվում էին ուկրաինական բանակի վերահսկողության տակ:
10:40 - 02 մարտի, 2022
Ո՞ր երկրներն են ռազմական օգնություն տրամադրում Ուկրաինային․ ամփոփ

Ո՞ր երկրներն են ռազմական օգնություն տրամադրում Ուկրաինային․ ամփոփ

Աշխարհի մի շարք երկրներ զենք և հումանիտար օգնություն են ցուցաբերում Ուկրաինային, որտեղ, Ռուսաստանի ներխուժումից ի վեր, շարունակվում են ռազմական գործողությունները։ Ներկայացնում ենք երկրների ցանկն ու տրամադրվող օգնության տեսակն՝ ըստ Al Jazeera-ի անդրադարձի։  ԱՄՆ: Փետրվարի 25-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Պետդեպարտամենտին հրահանգել է լրացուցիչ 350 մլն դոլարի զենք տրամադրել Ուկրաինային։ Ուկրաինան խնդրել էր իրեն տրամադրել «Ջավելին» հակատանկային հրթիռային համալիրներ և «Ստինգեր» զենիթային հրթիռներ։ Պենտագոնը նշել է, որ տրամադրվող զենքը ներառում է հակատանկային միջոցներ, զենիթային կայաններ, հրաձգային զենք, զրահաբաճկոններ և զինամթերք՝ առաջնագծում կռվող ուկրաինացիների համար։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի խոսքով՝ այդպիսով, անվտանգության ոլորտում ԱՄՆ տրամադրած օգնությունն Ուկրաինային վերջին մեկ տարում կազմել է ավելի քան 1 մլրդ դոլար։ Եվրամիություն: Եվրամիությունն իր պատմության մեջ առաջին անգամ ֆինանսավորել է զենքի գնում և մատակարարում այն բանից հետո, երբ միության երկրների առաջնորդները համաձայնության են եկել Կիևին 450 մլն եվրոյի ($502) զենք տրամադրելու հարցում։ ԵՄ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ժոզեպ Բորելը նշել էր, որ երկրներից մի քանիսը Կիևին կործանիչներ կուղարկեն։ Մեծ Բրիտանիա։ Հունվարին Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը հայտարարել էր, որ մեծ Բրիտանիան «որոշում է կայացրել Ուկրաինային թեթև հակատանկային հրթիռներ մատակարարելու»։ Ֆրանսիա։ Ֆրանսիան, որն արդեն օգնություն ցուցաբերել է Ուկրաինային, ավելի շատ ռազմական տեխնիկա և վառելիք է տրամադրում։ Փարիզը հայտարարել է, որ հաշվի է առել Ուկրաինայի խնդրանքը՝ պաշտպանական զենիթային և թվային զենք ստանալու մասին։ Նիդերլանդներ։ Նիդերլանդներն Ուկրաինային կաջակցի հակաօդային պաշտպանության հրթիռներով և հակատանկային համակարգերով։ Այս մասին շաբաթ օրը հաղորդել է Նիդերլանդների կառավարությունը։ Կառավարությունն արձագանքել է Ուկրաինայի խնդրանքին՝ հրատապ տրամադրելու 200 «Ստինգեր» զենիթահրթիռային համալիր, 50 «Պանցերֆաուստ-3» հակատանկային նռնականետ և 400 ռեակտիվ արկ։ Գերմանիա։ Գերմանիան Ուկրաինային կտրամադրի 1000 միավոր հակատանկային զենք և 500 «Ստինգեր» զենիթահրթիռային համալիր։ Մինչ այս Գերմանիան զերծ էր մնում հակամարտության գոտի զենք արտահանելուց։ «Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա շրջադարձային պահ է։ Այս իրավիճակում մեր պարտականությունն է անել հնարավոր ամեն ինչ՝ Պուտինի բանակից պաշտպանվելու հարցում Ուկրաինային օգնելու համար»,- շաբաթ օրն ասել էր Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։ Կանադա։ Օտտավան Ուկրաինային զենք է ուղարկում և տրամադրում է կես միլիարդ կանադական դոլար վարկ ($394 մլն)՝ նրա ինքնապաշտպանությանն օգնելու նպատակով։ Շվեդիա, Նորվեգիա և Դանիա։ Ստոկհոլմը նույնպես խախտում է իր պատմականորեն չեզոք դիրքորոշումը և Ուկրաինա ուղարկում 5000 միավոր հակատանկային զենք։ Դանիան ուղարկում է ևս 2700 միավոր։ Նորվեգիան ուղարկում է սաղավարտներ և զրահաբաճկոններ, ինչպես նաև «Մ-72» հակատանկային նռնականետներ։ Ֆինլանդիա։ Ֆինլանդիան նույնպես «պատմական» որոշում է կայացրել Ուկրաինային ուղարկելու 1500 միավոր հակատանկային զենք, 2500 գրոհային հրացան, 150 000 փամփուշտ և 70 հազար մթերաբաժին։ Բելգիա։ Բելգիան հայտարարել է, որ Ուկրաինային կտրամադրի 3000 միավոր ինքնաձիգ և 200 միավոր հակատանկային զենք։ Պորտուգալիա։ Պորտուգալիան Ուկրաինային տրամադրում է գիշերային տեսանելիության սարքեր, զրահաբաճկոններ, սաղավարտներ, զինամթերք և G3 ինքնաձիգներ։ Հունաստան։ Հունաստանը, որ մեծ համայնք ունի Ուկրաինայում (համայնքաից 10 հոգի զոհվել է ռուս-ուկրաինական հակամարտության ընթացքում), «պաշտպանական միջոցներ» և մարդասիրական օգնություն կուղարկի Ուկրաինա։ Ռումինիա։ Ուկրաինային սահմանակից Ռումինիան առաջարկում է Ուկրաինայից վիրավորներ ընդունել իր 11 ռազմական հոսպիտալներում, ինչպես նաև տրամադրում է վառելիք, զրահաբաճկոններ, սաղավարտներ և $3,3 միլիոնի այլ զինամթերք։ Իսպանիա։ Իսպանիայի կառավարությունը խոստացել է ուղարկել 20 տոննա օգնություն Ուկրաինային, հիմնականում՝ բժշկական սարքավորումներ և պաշտպանական միջոցներ, այդ թվում՝ զրահաբաճկոններ։ Չեխիա։ Չեխիան շաբաթ օրը հայտարարել է, որ հաշված ժամերի ընթացքում Ուկրաինային է ուղարկելու 4000 ականանետ, 7000 գրոհային հրացան, 30 հազար ատրճանակ, 3000 ականանետ, դիպուկահար հրացաններ և մեկ միլիոն փամփուշտ։ Չեխիան խոստացել է Կիևին $1,6 միլիոնի 4000 ականանետներ, որոնք դեռ պետք է առաքվեն։ Խորվաթիա։ Զագրեբը Ուկրաինային է տրամադրելու 16 միլիոն եվրոյի հրաձգային զենք և զրահաբաճկոններ։ Գլխավոր լուսանկարը՝ «Al Jazeera»-ի Նորա Վանյան  
18:25 - 01 մարտի, 2022
Ղազախստանը կոչ է անում Ռուսաստանին և Ուկրաինային ընդհանուր լեզու գտնել

Ղազախստանը կոչ է անում Ռուսաստանին և Ուկրաինային ընդհանուր լեզու գտնել

Ղազախստանը Ռուսաստանին և Ուկրաինային կոչ է անում ընդհանուր լեզու գտնել հակամարտության կարգավորման համար և պատրաստ է անհրաժեշտության դեպքում հանդես գալու որպես միջնորդ, գրում է ТАСС-ը։ Այս մասին այսօր հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։ «Մեր դիրքորոշումը պետք է բխի մեր անվտանգության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ապահովման ծայրահեղ անհրաժեշտությունից։ Որպես երկիր, որը 2010 թ-ին ընդունել է ԵԱՀԿ գագաթաժողովը, մենք ընդգծում ենք եվրասիական անվտանգության անքակտելիության սկզբունքի կարևորությունը։ Այս մասին ես հայտարարել եմ փետրվարի 10-ին՝ Մոսկվա կատարած այցիս ընթացքում»,- ասել է նա։ Նրա խոսքով՝ նման սկզբունքը ենթադրում է փոխըմբռնում փոխադարձ վստահության հիման վրա։ «Ցավոք, նման բան տեղի չունեցավ։ Մինսկի համաձայնագրերը թղթի վրա մնացին, ինչը հանգեցրեց Ուկրաինայի տարածքում ռազմական գործողությունների։ Մենք երկու պետություններին կոչ ենք անում ընդհանուր լեզու գտնել բանակցությունների սեղանի շուրջ, պայմանավորվածության և համաձայնության գալ։ Ղազախստանն, իր հերթին, պատրաստ է ցանկացած աջակցություն ցուցաբերել, այդ թվում՝ միջնորդական ծառայություններ, եթե կարիքը լինի», - նշել է պետության ղեկավարը։ Տոկաևը նաև հիշեցրել է, որ արդեն մի շարք աշխատանքային խորհրդակցություններ է անցկացրել Անվտանգության խորհրդում և հստակ խնդիրներ դրել կառավարության առջև, որոնք վերաբերում են Ղազախստանի կայուն սոցիալ-տնտեսական զարգացման ապահովմանն աննախադեպ պատժամիջոցային իրավիճակում։ «Մեր տնտեսությունը պետք է պատրաստ լինի դիմակայելու պատժամիջոցային մարտահրավերներին՝ ճգնաժամային իրավիճակում անխափան աշխատանք ապահովելու համար։ Կարծում եմ՝ մենք բոլորս միասին կհաղթահարենք հնարավոր դժվարություններն ու մարտահրավերները։ Դրանց բարդությունը չի կարելի թերագնահատել, բայց գերագնահատել նույնպես պետք չէ»,- նշել է Ղազախստանի նախագահը։ Նորա Վանյան
12:17 - 01 մարտի, 2022