Ինֆոքոմ

Փաշինյանը հայտնեց, որ և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի տարածքների թվերը կլորացված են եղել խորհրդային հանրագիտարանի տիտղոսաթերթում

Փաշինյանը հայտնեց, որ և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի տարածքների թվերը կլորացված են եղել խորհրդային հանրագիտարանի տիտղոսաթերթում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսի ժամանակ հարց հնչեց, թե նա Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման ժամանակ հնչեցրե՞լ է հարց, թե ինչու Ադրբեջանը չի ասում, որ ճանաչում է ՀՀ տարածքային ամբողջականությունը 29 800 քառ․ կմ տարածքով։ Փաշինյանը առաջարկեց բանակցությունների ներքին քննարկումներից բացահայտումներ չանել, քանի որ այնտեղ էլ մթնոլորտը շատ պոզիտիվ չէ, և պետք չէ ինչ-որ հայտարարությունով եղած հնարավոր պոզիտիվի հնարավորությունն էլ նվազեցնել։ Այս համատեքստում նա հիշեցրեց ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ 2023թ․ մայիսին տեղի ունեցած բրյուսելյան բանակցությունները, որտեղ առաջին անգամ քննարկվել է այս հարցը։  Փաշինյանի խոսքով որոշում է կայացվել բանակցություններից հետո դուրս գալ, հայտարարել այն թիվը, որ ֆիքսված է խորհրդային հանրագիտարանների վերջին հրատարակության մեջ։ «Ես առաջին գործողությունը, որ արեցի, կապվեցի մեր գործընկերների հետ, ասեցի՝ խորհրդային վերջին հանրագիտարաններից նկարեք և ուղարկեք Հայաստանի և Ադրբեջանի տվյալները, տիտղոսաթերթ կա, չէ՞։ Չնայած ես այդ թիվը հիշում էի 29 800 քառ․ կմ։ ԵՄ խորհրդի նախագահը հրապարակեց այդ փոխանցված տվյալները, հետո ես վերադարձա և հրապարակեցի այդ թիվը։ Հետո մենք ավելի մանրամասն դիտարկեցինք և տեսանք, որ հանրագիտարանում ուրիշ թվեր էլ կան։ Տիտղոսին գրված է 29 800, պարզվեց՝ դա կլորացված թիվ է, տեքստի մեջ կա ուրիշ թիվ 29 743 քառ․ կմ։ Հետո այդ թվում ադրբեջանական կողմը մեր ուշադրությունը հրավիրեց այն փաստի վրա, որ ՀՀ պետական մարմինների կայքերում (ես ստուգել եմ՝ այդ տվյալը այնտեղ եղել է տասնյակ տարիներ), որտեղ ՀՀ տարածք նշված է 29 743 քառ․ կմ (Փաշինյանը հստակ չէր հիշում թիվը, դրա համար նշեց, որ 29 800 քառ․ կմ-ից պակաս թիվ էր նշված՝ խմբ․)»,- ասաց Փաշինյանը։ Նա հավելեց, որ հետո պարզվել է, որ երբ ՀՀ կառավարությունը իր հողային հաշվեկշիռը ժամանակ առ ժամանակ հաստատում է, այնտեղ էլ գրված է մյուս թիվը, որի նկատմամբ 29 800 քառ․ կմ-ը կլորացրած թիվ է․ «Եվ նույնը վերաբերում է Ադրբեջանին, որովհետև կա տիտղոսային թիվ, և կա ավելի պարզաբանված թիվ»։ Նա նշեց, որ այս հարցի շուրջ քննարկումների պատճառով էր, որ նաև որոշակի լարումներ առաջացան, կամ այդ լարումների շուրջ փոխադարձաբար շատ խոր կասկածներ առաջացան․ «Ես սա ասում եմ, որովհետև կան խոսակցություններ, և մեր հանրությունը չի հասկանում, թե այդ խոսակցությունների մեջ ինչը էն չի»։
13:49 - 12 մարտի, 2024
Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ Սահմանադրական փոփոխությունների հայեցակարգին

Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ Սահմանադրական փոփոխությունների հայեցակարգին

Հունվարի 19-ին հայտարարել էիք, որ մեր մայր օրենքը փոփոխության կարիք ունի, երեկ տեղեկացանք, որ Արդարադատության նախարարությունում արդեն հայեցակարգը մշակված է, խնդրում ենք բացահայտել՝ արդյոք այդ նոր սահմանադրության մեջ կա՞ Անկախության հռչակագիրը, ինչ հետաքրքիր այլ փոփոխություններ կան, որոնց մասին կարող եք բարձրաձայնել, եւ ինչ ժամկետներում եք պատրաստվում հանրաքվե անել։ Նման հարց հնչեց Նիկոլ Փաշինյանի ասուլիսի ժամանակ։  Փաշինյանը արձագանքեց՝ ինչ վերաբերում է սահմանադրության հայեցակարգին,գիտենք, որ մենք երկար ժամանակ հանձնաժողով ենք ունեցել, որն աշխատել է սահմանադրական փոփոխությունների հայեցակարգի վրա։ «Սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը պատրաստ է, ես ծանոթացել եմ դրան, նաեւ էդ հայեցակարգին ծանոթանալու արդյունքում է, որ ես հանգել եմ եզրակացության, որ ՀՀ-ին անհրաժեշտ է նոր սահմաանդրություն։ Չնայած էլի պետք է ասեմ, որ 2020-ի փետրվարին, երբ առաջիկայում սահմանադրական հանրաքվե էր նախատեսված, բայց չեղարկվեց Կովիդի պատճառով, ես այն ժամանակ էլ եմ խոսել նոր սահմանադրության անհրաժեշտության մասին։ Եւ հիմա այդ հայեցակարգն արդեն արդի չէ, հիմա ինչ հայեցակարւգ կա․ նոր սահմանադրության վերաբերյալ չկա հայեցակարգ, չկա տեքստ, նոր սահմանադրության վերաբերյալ կա քաղաքական խոսույթ եւ քաղաքական օրակարգ՝ իմ կողմից առաջարկվող ՀՀ ժողովրդին՝ իր հիմանվորումներով։ Երբ կլինի հանրաքվե․ երբ ես, իմ քաղաքական թիմը եւ բոլորս զգանք, որ ՀՀ ժողովուրդը բավարար չափով [ուղիղ եթերը կտրտում է]․․․։ Ամեն ինչ տեղի ա ունենում էն ժամանակ, երբ տեղի ա ունենում, էս փուլի իմ խնդիրը՝ հանրության հետ ունենալ խոսակցություն էս թեմայով»,- ասաց Փաշինյանը։ 
13:41 - 12 մարտի, 2024
Եթե իրավական հիմք չկա, ՀՀ-ն չի կարող որևէ մեկին՝ անկախ քաղաքացիությունից, պահել կալանքի տակ․ Փաշինյան

Եթե իրավական հիմք չկա, ՀՀ-ն չի կարող որևէ մեկին՝ անկախ քաղաքացիությունից, պահել կալանքի տակ․ Փաշինյան

Ադրբեջանը Հայաստանի առաջ ի՞նչ պայման է դրել գերիներին վերադարձնելու համար, ինչու վերջին դեպքի հետ կապված, երբ ադրբեջանցի զինծառայողը հայտնվել էր ՀՀ տարածքում, գեթ մեկ հայ ռազմագերի նրա փոխարեն չվերադարձվեց, և, առհասարակ, այս պահին գերիների վերադարձի հետ կապված քննարկումներ կա՞ն։ Այս հարցը հնչեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսի ժամանակ։ Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն հայտարարել էր, որ որպես բարի կամքի դրսևորում և ի կատարումն Հայաստանի և Ադրբեջանի միջև բարձրագույն մակարդակում ձեռք բերված պայմանավորվածության, որ երկու կողմերի մոլորված և հակառակ կողմում հայտնված զինծառայողները սեղմ ժամկետներում պետք է վերադարձվեն, Հայաստանի Հանրապետությունը որոշում է կայացրել Ռուսլան Էլդանիս-Օղլու Փենախովին հանձնել ադրբեջանական կողմին։ Վերջինս փետրվարի 28-ին՝ ժամը 05:15-ի սահմաններում, Սյունիքի մարզի Տեղ համայնքի սահմանային հատվածում հատել էր հայ-ադրբեջանական շփման գիծը: Նա զինված է եղել ԱԿՄ տիպի ինքնաձիգով ու 1 պահատուփով:  «Շատ վաղուցվանից ՀՀ և Ադրբեջանի միջև գոյություն է ունեցել և շարունակում է գոյություն ունենալ մի պայմանավորվածություն, որ այն զինվորները, ովքեր մոլորվելով, այսինքն՝ նպատակ չունենալով, հայտնվում են հակառակ կողմում, կարճ ժամանակ անց վերադարձվում են։ Այս պայմանավորվածությունը մի իքս պահից՝ 2018-ից առաջ, խախտվել է, և 18-ից հետո էլ խախտվել է, ոչ թե պայմանավորվածությունը, այլ պարզվել է, որ ընկալման շուրջ կան տարբերություններ, որովհետև այն զինծառայողները կամ անձինք, ովքեր կամ դիտավորյալ են խախտել, կամ թեկուզ մոլորվելու ընթացքում գործել են ինչ-որ արարքներ, որոնք տեղավորվում են քրեական օրենսգրքի տրամաբանության մեջ, հասկանալիորեն կա բարդություն այդ խնդիրը լուծելու համար»,- ասաց Փաշինյանը։ Նա հայտնեց, որ Ադրբեջանի նախագահի հետ վերջին շրջանի քննարկումներում վերահաստատել են փոխադարձաբար, որ եթե շփոթվելու դեպք լինի, քննության արդյունքներով է պարզվել, թե արդյոք անձն անցնել է դիտավորյալ, շփոթությամբ, և Հայաստանի տարածքում հայտնվելով կամ մինչ Հայաստանի տրամադրության ներքո հայտնվելը արդյոք արարքներ գործել է, որոնք ենթակա են որակման ՀՀ քրեական օրենսգրքով․ «Երբ որ պարզվել ա, որ ոչ [ուղիղ եթերը կտրտվում է]․․․։ Մենք չգիտենք՝ հաջորդ զինվորը որ կողմից կլինի, չգիտենք՝ հաջորդ զինվորը էլի նույն պայմաններում (կարևոր է հիշել, որ զուգահեռ այլ արարք տեղի ունեցած չլինի), և եթե նույն պայմաններում որ կողմից զինվոր շփոթվի և անցնի հակառակ կողմը, ես էլի վերահաստատում եմ մեր դիրքորոշումը՝ մենք էլի հավատարիմ ենք մնալու բարձրագույն մակարդակով ձեռք բերված այդ պայմանավորվածությանը, եթե ձեզ մոտ հարց ծագի՝ ես համոզվա՞ծ եմ արդյոք, որ մյուս կողմը նույնպես հավատարիմ կմնա այդ պայմանավորվածությանը (ես հույս ունեմ, որ մեր զինվորները չեն շփոթվի և հակառակ կողմում չեն հայտնվի), եթե այդպիսի դեպք լինի, ես այդ հարցին կկարողանամ պատասխանել այդ դեպքի համատեքստում։ Բայց սա արվել է այդ օբյեկտիվ իրողությունից ելնելով։ Տեսեք, մարդուն կալանքի տակ պահելու համար պետք են իրավական հիմքեր, եթե այդ հիմքը չկա, ՀՀ-ն չի կարող որևէ մեկին, անկախ որ երկրի քաղաքացի է, պահել կալանքի տակ կամ պահել որպես պատանդ, դա մեր երկրի գործելակերպը չէ»։ Գերիների վերադարձի թեմայով միշտ տարվում է ամենօրյա աշխատանք։ Հասկանալի է, որ մենք հասկանում ենք հարցի և բարոյական, և քաղաքական, և մարդկային կողմը։
13:20 - 12 մարտի, 2024
Փաշինյանը չբացառեց, որ խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո երկուստեք կարող են հրաժարվել միջազգային ատյաններում գանգատներից

Փաշինյանը չբացառեց, որ խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո երկուստեք կարող են հրաժարվել միջազգային ատյաններում գանգատներից

Բանակցությունների ընթացքում այդպիսի հարց քննարկվել է և քննարկվում է։ Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե Հայաստանի օրակարգում կա՞ միջազգային ատյաններում ընդդեմ Ադրբեջանի գանգատներից հրաժարվելու հարց։ «Մեր դիրքորոշումը հետևյալն է․ դա մի հարց է, որը կարող է քննարկվել ամենավերջում, երբ ըստ էության խաղաղության պայամանագրի դրույթներն արդեն իսկ համաձայնեցված կլինեն, և արդեն ակհայտ կլինի, որ երկու կողմերը պատրաստ են դրանք ստորագրել, և դա տրամաբանական է, որովհետև եթե կողմերը կքնում են խաղաղության պայմանագիր [այստեղ ուղիղ եթերում դարձյալ ընդհատում կա]»,- ասաց նա։ Փաշինյանի խոսքով եթե խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ գալիս են համաձայնության և գալիս են ստորագրման փուլին, չի բացառում, և նույնիսկ տրամաբանական կհամարի երկուստեք նաև նման լուծման գնալը։
13:03 - 12 մարտի, 2024
Ըստ Փաշինյանի՝ ադրբեջանական մամուլում բարձրաձայնված անուններով գյուղեր երբեք չեն եղել ՀՀ տարածքում

Ըստ Փաշինյանի՝ ադրբեջանական մամուլում բարձրաձայնված անուններով գյուղեր երբեք չեն եղել ՀՀ տարածքում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասուլիսի ժամանակ անդրադարձավ ադրբեջանական կողմի հայտարարություններին, որ ր Հայաստանն «անհապաղ պետք է վերադարձնի 4 գյուղերը»։ Հիշեցնենք, որ Ադրբեջանը բարձրաձայնում է հետևյալ տեղանունները՝ Բաղանիս Այրում, Աղաշը (ներքին) Ոսկեպար, Խեյրիմլի, Կըզըլ Հաջիլի՝ միաժամանակ հրաժարվելով ընդունել, որ ադրբեջանական օկուպացիայի տակ են գտնվում Հայաստանի 31 ոչ անկլավային բնակավայրերի կենսական նշանակության տարածքներ»։ Միևնույն ժամանակ պահանջում է ազատել 4 «օկուպացված» գյուղեր։ «Այս ֆոնին Ադրբեջանը սկսել է զորավարժություններ իրականացնել։ Ձեր գնահատականը իրավիճակին, և այս պայմաններում ինչպես եք պատկերացնում խաղաղության պայմանագրի ստորագրումը»,- ասաց լրագրողը՝ հարց ուղղելով Փաշինյանին։ «Զգում եմ, որ այդ հարցի շուրջ կա որոշակի շփոթ և որոշակի թերըմբռնում, թյուրըմբռնում։ Որովհետև եկեք նախ արձանագրենք, թե որն է Հայաստանի Հանրապետությունը, որպեսզի այդ արձանագրումից ելնելով կարողանանք հստակ ձևակերպել, թե որտեղ ինչպես Ադրբեջանն ունի տարածքային պահանջներ ՀՀ-ի նկատմամբ և որտեղ է, որ ըստ էության չունի կամ հնարավոր է՝ չունի տարածքային պահանջներ ՀՀ-ի նկատմամբ։ Ես նախ ուզում եմ անդրադառնալ նրան, թե որն է Հայաստանի Հանրապետությունը։ Ես առաջին անգամ վիզուալ պատասխան եմ պատրաստել (ցուցադրում է Հայաստանի քարտեզ)․ Հայաստանի Հանրապետությունը սա է»,- ասաց Փաշինյանը։ Նա առաջարկեց մի պահ մի կողմ թողնել Ադրբեջանին, այլ Հայաստանի ելակետից հանդես գանք․ «Որն է մեր ելակետը, որովհետև ասվում ա, որ ՀՀ կառավարությունը պատրաստվում է Տավուշի մարզի գյուղեր հանձնել Ադրբեջանին։ Երբեք ոչ մի քննարկման ժամանակ խոսք չի եղել և խոսք չի կարող լինել Տավուշի մարզի որևէ գյուղ հանձնելու մասին։ Երբ ադրբեջանական մամուլում բարձրաձայնվում են գյուղերի անուններ, Հայաստանի Հանրապետության տարածքում երբեք այդպիսի անուններով գյուղեր չեն եղել, և ՀՀ տարածքում, ընդ որում ոչ միայն խորհրդային ժամանակներում, այլև դրանից հետո։ Պատկերը, որ ես ցույց տվեցի, ուղղակի պատկեր չէ, ՀՀ դե յուրե ամրագրված․․․ [այս պահին ուղիղ եթերից մի հատված կտրվում է և Փաշինյանի խոսքն ամբողջությամբ չի լսվում, բայց նա, ըստ ամենայնի, նկատի ուներ, որ դա Հայաստանի Հանրապետության դե յուրե տարածքն է։]»։ Այնուհետև Փաշինյանը շարունակեց խոսել Ալմա Աթայի հռչակագրից։ Նա նշեց, որ որ Ալմա Աթայի հռչակագիրը վերահաստատվել է և դարձել սահմանների և միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու հիմք, և, հետևաբար, այդ համաձայնության բերումով ԽՍՀՄ նախկին ադմինիստրատիվ սահմաններից ինչ գտնվում է պայմանական ասած «այն կողմում» Ադրբեջան է, ինչ այս կողմում՝ Հայաստան է։ «Հիմա դելիմիտացիայի գործընթացում մենք պետք է աշխատենք որևէ ֆորմատով այդ սահմանը վերարտադրելու վրա։ Եվ հիմա էս պրոցեսում մենք պետք ա արձանագրենք, որ մենք պետք ա ելնենք դե յուրե իրողությունից․ էն, ինչ-որ Հայաստան է, Հայաստան է, էն, ինչ-որ Հայաստան չէ, Հայաստան չէ, էն, ինչ-որ Ադրբեջան է, Ադրբեջան է։ Հիմա կա ուրիշ հարց՝ որ փուլից և որտեղից սկսել դելիմիտացիայի գործընթացը։ Ամենատարբեր տեսակետներ կան, որ դելիմիտացիան պետք է ամբողջությամբ ծայրից ծայր անել, հետո նոր անդրադառնալ կոնկրետ գործողությունների և այլն։ Էս հարցի վերաբերյալ ես չեմ բացառել և չեմ բացառում, որ դելիմիտացիայի գործընթացը կարող է սկսվել Տավուշի մարզից, և այս գործընթացի շուրջ որոշում կայացնելիս մենք պետք է ելնենք իրողությունների և իրավիճակի համապարփակ վելուծությունից և Հայաստանի շուրջ առկա մարտահրավերները և իրադրության կայունության ապահովման պահանջները և անհրաժեշտությունները կառավարելու տրամաբանությամբ։ Բանակցային պրոցեսներում երբեմն եղել է տպավորություն, թե մենք կարող ենք որոշակի իրողությունները հաշվի առնելով սահմանի գծի վերականգնմումից հետո կամ զուգընթաց տարածքների որոշակի փոխանակումներ անել, փոխանակում էն իմաստով, որ չնայած դե յուրե սահմանն էստեղ ա, բայց դե ֆակտո իրողությունները նկատի ունենալով ինչ-որ փոփոխություններ անենք, բայց ես տեսնում եմ, որ նման հնարավորությունները մեծ չեն, կամ դա կարող է դեֆորմացնել գործընթացը և լրացուցիչ ռիսկեր բերել, և,, այդ պատճառով ես կարծում եմ, առաջիկայում մենք պետք է գործողություններ անենք՝ հետևյալ տրամաբանությամբ [այստեղ դարձյալ խոսքն ընդհատվում է]»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։ Նա հայտնեց, որ առաջիկայում այլեցություն կունենա Տավուշի մարզ՝ նաև տեղում հնարավոր խնդիրներին ծանոթանալու համար․ «Բայց այս պահի դրությամբ մենք որոշումներ չունենք, բայց ես կարծում եմ, որ մենք պետք է այս ընդհանուր պրոցեսը կառավարենք այդ տրամաբանությամբ։ Էլի եմ ասում, երբ ես հետևում եմ մեր փորձագետների և ոչ փորձագետների գնահատականներին, տեսնում եմ, որ, այնուամենայնից, էդտեղ ինչ-որ առումով կա շփոթ և մտածողության և դիտանկյան խնդիր, և իմ դիրքորոշումն այն է, որ, ասելով որ ՀՀ անվտանգության ապահովման հարցում պետք է առանցքային և կարևոր [դարձյալ տեսանյութը ընդհատվում է]»։ Փաշինյանն ասաց, որ երեք կարևոր պայման պետք է ապահովվի․ «Իրավական հենքը տեղի ունեցող պրոցեսի, որպեսզի մենք իրավունքից և օրինականությունից դուրս որևէ բան չանենք, երկրորդը՝ ֆունկցիոնալ հարցերի լուծումը՝ ենթակառուցվածքներ և այլն, երրորդը՝ անվտանգությունը, որովհետև պետք է ապահովվի դելիմիտացված սահմանի երկայնքով ապրող մարդկանց անվտանգությունը։ Էս առումով դելիմիտացված սահմանը պետք է դառնա երկաթյա երաշխիք՝ այդ հատվածի հարատև կայունության համար»։
12:46 - 12 մարտի, 2024
ՀՀ սահմանապահ զորքերը նամակով դիմել են ՀՀ-ում ՌԴ սահմանապահ զորքերին․ Փաշինյանը՝ օդանավակայանից ռուս սահմանապահներին դուրս բերելու հայտարարությունների մասին

ՀՀ սահմանապահ զորքերը նամակով դիմել են ՀՀ-ում ՌԴ սահմանապահ զորքերին․ Փաշինյանը՝ օդանավակայանից ռուս սահմանապահներին դուրս բերելու հայտարարությունների մասին

ՀՀ սահմանապահ զորքերը նամակով դիմել են ՀՀ-ում ՌԴ սահմանապահ զորքերին. Նիկոլ Փաշինյանը մեկնաբանեց «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահներին դուրս բերելու վերաբերյալ Արմեն Գրիգորյանի հայտարարությունը «Շնորհակալություն են հայտնել Հայաստանի անկախությունից ի վեր «Զվարթնոց» օդանավակայանում ծառայություն իրականացնելու և անվտանգությունը ապահովելու, սահմանային հսկողություն իրականացնելու հարցում ցուցաբերած աջակցության և մատուցված ծառայության համար։  Տեղեկացրել են, որ քանի որ մեր երկրում պետական ինստիտուտները զարգանում են, ահա այս ողջ ընթացքում, այդ թվում նաև՝ ՌԴ մեր գործընկերների աջակցությամբ ՀՀ սահմանապահ ծառայությունը, մասնավորապես օդանավակայանում արդեն իսկ բավարար փորձ, հմտություն և հնարավորություն է ձեռք բերել, որ այնտեղ սահմանապահ հսկողությունն իրականացնի առանց ռուսական կողմի աջակցության»,- ասել է Փաշինյանը։ Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն էր հայտնել, որ Հայաստանը պաշտոնական նամակով Ռուսաստանին տեղյակ պահել է «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահներին դուրս բերելու իր հստակ դիրքորոշման մասին։ Ի սկզբանե ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էր կարծիք հայտնել, որ ռուս սահմանապահները պետք է դուրս գան «Զվարթնոց» օդանավակայանից։ ՌԴ ԱԳՆ քարտուղար Մարիա Զախարովան, մեկնաբանելով Սիմոնյանի հայտարարությունը, ասել էր, որ Ռուսաստանը Ալեն Սիմոնյանի խոսքերը՝ «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահներին դուրս բերելու անհրաժեշտության մասին, «անբարյացակամ պահվածքի ևս մեկ օրինակ» է համարում․ «Այնքան էլ պարզ չէ, թե որքանով է Ազգային ժողովի նախագահը պատասխանատու իր բարձրացրած թեմաների համար»:
12:30 - 12 մարտի, 2024
73 զինծառայողների զոհվելու գործով դատաքննությունը՝ առանց մեղադրյալ սպաների մասնակցության

73 զինծառայողների զոհվելու գործով դատաքննությունը՝ առանց մեղադրյալ սպաների մասնակցության

44-օրյա պատերազմի ժամանակ Հադրութի շրջանի Այգեստան գյուղում 73 զինծառայողների զոհվելու դեպքի վերաբերյալ դատական քննությունն այսուհետ կշարունակվի առանց երկու մեղադրյալների մասնակցության։ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարնի Շենգավիթի նստավայրում շարունակվում է այս գործով դատաքննությունը․ այսօրվա դատական նիստի ժամանակ գործով մեղադրյալ, ՊԲ օպերատիվ բաժնի նախկին պետ Նվեր Մարտիրոսյանի պաշտպան Արման Բայադյանը միջնորդեց առանց իր պաշտպանյալի շարունակել հետագա դատաքննությունը, ինչը եւ նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը բավարարեց։ Նախորդ դատական նիստին էլ մյուս մեղադրյալի՝ ՊԲ N զորամասի նախկին հրամանատար Գոռ Իշխանյանի պաշտպան Երեմ Սարգսյանն էր իր պաշտպանյալի վերաբերյալ նման միջնորդությամբ հանդես եկել, այն եւս բավարարվել էր։ Եթե Գոռ Իշխանյանի պաշտպանի միջնորդության հիմքն այն էր, որ դատական նիստերի դահլիճում իրադրությունը լարվում է, եւ իր պաշտպայալի բացակայության դեպքում քննությունն ավելի արագ կընթանա, ապա Մարտիրոսյանի պաշտպաններն իրենց միջնորդությունը ներկայացնելիս նշեցին այն հանգամանքը, որ իրենց պաշտպանյալին մեղսագրվող արարքը միջին ծանրության է, եւ նա կարող է ներկայանալ դատարան, երբ դրա անհրաժեշտությունը կլինի։ Հանրային մեղադրող Գ․ Մղդեսյանը պաշտպան Բայադյանի միջնորդության վերաբերյալ հանդես եկավ նույն մտահոգությամբ, ինչ Գոռ Իշխանյանի պարագայում՝ իսկ ինչպե՞ս է մեղադրյալն ապացույցների հետազոտման ցանկացած պահի իրացնելու ցուցմունք տալու իր իրավունքը, եթե չլինի նիստերի դահլիճում։ Ի պատասխան՝ դատավոր Գաբրիելյանն արձագանքեց, որ ոչ մեծ կամ միջին ծանրության հանցաքների դեպքում դատական քննությունը կարղ է անցկացվել մեղադրյալի բացակայությամբ, եթե նման միջնորդություն է ներկայացվել, իսկ եթե նրա մասնակցությունը պարտադիր համարվի, դատարանը դահլիճ կհրավիրի մեղադրյալներին, կհետաքրքրվի համապատասխան դիրքորոշման մասին։ Միջնորդության բավարարումից անմիջապես հետո մեղադրյալ Նվեր Մարտիրոսյանը լքեց նիստերի դահլիճը։ Դրանից հետո դատարանը հայտարարեց հիմնական դատալսումներ նշանակելու որոշման մասին, եւ հանրային մեղադրողը ներկայացրեց Գոռ Իշխանյանի եւ Նվեր Մարտիրոսյանի մեղադրական եզրակացությունները։ Ըստ մեղադրական եզրակացության՝ հրամանատարները պատշաճ չեն կատարել իրենց պարտականությունները, ինչի հետեւանքով զոհվել է 73 զինծառայող Գոռ Էդուարդի Իշխանյանը, որը ծնվել է 1971թ․-ի ապրիլի 3-ին Լեռնային Ղարաբաղի Մարտունի քաղաքում, զբաղեցրել է ՊԲ N զորամասի հրամանատարի պաշտոնը։ Նա մեղադրվում է այն արարքի համար, որ 2020թ․ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում ենթակա անձնակազմի նկատմամբ հանդիսանալով պետ եւ պաշտոնատար անձ, ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անփույթ վերաբերմունքի հետեւանքով չի կատարել դրանք, որպիսի գործողություններն անզգուշությամբ առաջացրել են ծանր հետեւանքներ։  Գոռ Իշխանյանը, ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի համաձայն ի պաշտոնե իրավասու է եղել տալ հրամաններ, կարգադրություններ եւ ապահովել դրանց կատարումը։ Մասնավորապես, ինչպես ներկայացրեց հանրային մեղադրողը, Գոռ Իշխանյանը ՊԲ հրամանատարի 2020թ․ հոկտեմբերի 11-ի N գաղտնի հրամանի համաձայն մարտական խնդիր կատարելու համար պետք է մեկ հրաձգային վաշտ ուղարկեր ՊԲ 18-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատարության ներքո Հադրութի շրջանի ճանապարհների խաչմերուկի «9-րդ կմ» կոչվող տեղամաս։  «ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի համաձայն՝ մինչեւ ենթականերին հրաման տալը՝ Գոռ Իշխանյանը պարտավոր էր համակողմանիորեն գնահատել իրադրությունը, մանրակրկիտ ուսումնասիրել ՊԲ հրամանատարի կողմից տրված մարտական կարգադրությունը եւ իր կողմից տրվող մարտական կարգադրությունում պահպանել ՀՀ ՊՆ N հրամանով հաստատված մարտական կանոնադրության 1-ին մասի եւ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի N դիրեկտիվով մարտական կարգադրությանը ներկայացվող եւ դրանում պարտադիր ներառվող դրույթները՝ այն է՝ մեկնող անձնակազմին տրամադրել հակառակորդի վերաբերյալ գնահատումից բխող հակիրճ եզրակացություններ, երթի սկսման եւ ավարտման ժամեր»,- ներկայացրեց մեղադրողը՝ նշելով, սակայն, որ մարտական կարգադրության կազմման եւ կատարման սահմանված պարտադիր պահանջները կատարելու փոխարեն՝ Գոռ Իշխանյանը սահմանված պարտականությունների նկատմամբ անփույթ վերաբերմունքի հետեւանքով չի կատարել դրանք, այլ կերպ ասած՝ ՊԲ հրամանատարի մարտական կարգադրության հիման վրա զորամասի 3-րդ հրաձգային գումարտակի 7-րդ վաշտին տրված մարտական կարգադրությունում չի ներառել եւ պահպանել վերը նշված պարտադիր պահանջները։  Բացի դրանից, ըստ մեղադրական եզրակացության, մարտական կարգադրությունն ի սկզբանե տվել է բանավոր եղանակով, որի դեպքում եւս չեն նշվել մարտական կարգադրությանը վերաբերելի՝ վերը հիշատակված պարտադիր պահանջները։ Գոռ Իշխանյանը, հանդիսանալով ՊԲ N զորամասի հրամանատար, անձնակազմի կողմից երթը սկսելուց հետո որեւէ եղանակով չի վերահսկել անձնակազմի տեղաշարժը, ինչպես նաեւ միջոցներ չի ձեռնարկել ՊԲ 18-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատարության հետ համագործակցությունը կազմակերպելու ուղղությամբ, որոնց արդյունքում անզգուշությամբ առաջացել են ծանր հետեւանքներ՝ ՊԲ N զորամասի 3-րդ գումարտակի 7-րդ վաշտի 73 զինծառայողներից բաղկացած անձնակազմն իրենց տեղափոխող մեքենաներով 2020թ․ հոկտեմբերի 11-ին կեսօրին անցել է Հադրութի «9-րդ կմ» կոչվող ճանապարհների խաչմերուկ տեղամասը եւ հայտնվել Հադրութի շրջանի Այգեստան գյուղի վարչական տարածքում, որտեղ հակառակորդի ռմբակոծության եւ դիվերսիոն գործողությունների հետեւանքով անձնակազմի բոլոր զինծառայողները զոհվել են։  Նվեր Վիտալիի Մարտիրոսյանը, որը ծնվել է 1976 թվականի մայիսի 23-ին ԼՂ Մարտունի քաղաքում, զբաղեցրել է ՊԲ օպերատիվ բաժնի պետի պաշտոնը, կոչումով գնդապետ է, ներկայումս զբաղեցնում է ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության օպերատիվ վարչության պետի պաշտոնը։ Նա մեղադրվում է այն արարքի համար, որ 2020-ի սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի ընթացքում հանդիսանալով պաշտոնատար անձ եւ ենթակա անձնակազմի նկատմամբ հանդիսանալով պետ, իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անփույթ վերաբերմունքի հետեւանքով չի կատարել դրանք, որպիսի գործողություններն անզգուշությամբ առաջացրել են ծանր հետեւանքներ։  Մասնավորապես, Նվեր Մարտիրոսյանը 2017-ի դեկտեմբերից մինչեւ 2020 թվականի հոկտեմբերի 26-ը, զբաղեցնելով ՊԲ օպերատիվ բաժնի պետի պաշտոնը, հոկտեմբերի 11-ին ՊԲ հրամանատարի կողմից խնդիր է ստացել պատրաստել մարտական կարգադրություն՝ ՊԲ N զորամասից մեկ վաշտ ՊԲ 18-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատարի ենթակայության ներքո ուղարկելու վերաբերյալ։ Նվեր Մարտիրոսյանը նույն օրը ՊԲ հրամանատարի ստորագրմանն է ներկայացրել թիվ 08 մարտական կարգադրությունը, համաձայն որի՝ մարտական խնդիր կատարելու համար ՊԲ N զորամասից պետք է մեկ վաշտ համապատասխան երթուղով մեկներ Հադրութի շրջանի «9 կմ» կոչվող տեղամաս եւ անցներ ՊԲ 18-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատարի ներքո, մինչդեռ, ինչպես նշված է մեղադրական եզրակացության մեջ, Մարտիրոսյանը, անփույթ վերաբերմունք դրսեւորելով իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ, դրանք կատարել է ոչ պատշաճ, ՊԲ հրամանատարի ստորագրմանը ներկայացված մարտական կարգադրության մեջ չի նշել հակառակորդի վերաբերյալ գնահատումից բխող հակիրճ եզրակացություններ, երթի սկսման եւ ավարտման ժամը, որի հետեւանքով ՊԲ հրամանատարի կողմից արձակած մարտական կարգադրության հիման վրա ՊԲ N զորամասի հրամանատար Գոռ Իշխանյանի կողմից զորամասի 3-րդ հրաձգային գումարտակի 7-րդ վաշտին նույն օրը տրվել է մարտական կարգադրություն, որում, ինչպես նշեցինք վերեւում, վերջինիս կողմից նույնպես չեն ներառվել եւ պահպանվել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի համապատասխան դիրեկտիվով մարտական կարգադրության ներկայացվող եւ դրանում պարտադիր ներառվող դրույթները։  «Այնուհետեւ նույն օրը՝ ժամը 13:00-ի սահմաններում, ՊԲ N զորամասի հրամանատարի կողմից ՊԲ օպերատիվ շտաբ զեկուցվել է անձնակազմի երթը սկսվելու մասին, որի մասին Նվեր Մարտիրոսյանը զեկուցել է ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանին, եւ վերջինս տվել է հանձնարարություն՝ վաշտի երթի վերաբերյալ տեղեկատվությունը 18-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատար Կարեն Առստամյանին փոխանցելու վերաբերյալ, մինչդեռ Նվեր Մարտիրոսյանը մինչ այդ եւ դրանից հետո միջոցներ չի ձեռնարկել 18-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատարության հետ համագործակցությունը կազմակերելու ուղղությամբ, երթի սկսման վերաբերյալ չի հայտնել հրաձգային դիվիզիայի հրամանատարին, չի կազմակերպել ու վերահսկել մեկնող անձնակազմի տեղաշարժը, ինչի արդյունքում անզգուշությամբ առաջացել են ծանր հետեւանքներ (73 զինծառայողները զոհվել են Այգեստան գյուղում,-հեղ․)»,- նշեց հանրային մեղադրող Մղդեսյանը։ Մեղադրյալ Նվեր Մարտիրոսյանի պաշտպան Արման Բայադյանը մեղադրական եզրակացությունը լսելուց հետո հայտարարեց, որ ներկայացված մեղադրանքը չի համապատասխանում իրականությանը։ Նա նշեց, որ Մարտիրոսյանը հետագայում իր ցուցմունքում կներկայացնի բոլոր հանգամանքները։ Գոռ Իշխանյանի պաշտպանը կարծում է՝ վարույթն իրականացնող մարմինը փորձել է ծածկադմփոց անել Մեղադրյալ Գոռ Իշխանյանի պաշտպանը հայտարարեց, որ վարույթն իրականացնող մարմինը, «գտնելով» մեղավորներ, փորձել է ծածկադմփոց անել․ «Բայց իրականում գործի մեղադրանքը լսելիս նկատում ենք, որ բազմաթիվ դիտավորյալ գործողությունների մեջ հանկարծ որոշվեց, որ Գոռ Իշխանյանն անզգույշ արարաք է կատարել, եւ մեր զոհերի պատճառը եղել է ինքը»,- ասաց պաշտպանը։ Նա հայտարարեց, որ քննությամբ առաջին հերթին պետք է պարզել՝ ընդհանրապես իրավաչա՞փ է եղել դիվիզիան «9 կմ» կոչվող տեղանքի ուղղությամբ ուղարկելու՝ Ջալալ Հարությունյանի հրամանը․ «Մեղադրողը հրապարակում է մեղադրանքը, բայց ընդհանրապես ոչինչ չի խոսում Ջալալ Հարությունյանի կարգադրության մասին։ Տվյալ կա, պարզ օրինակ, որ շրջանցվեց․ գործընկերները որպես ապացույց ներկայացրել են Մարտական կանոնադրություն համար մեկը, որով կարգավորվում են բոլորի լիազորությունները, այնտեղից նշումներ են արել, թե ինչ պարտականություն ուներ Գոռ Իշխանյանը, այդ նշումներից մի պարտականություն ասեմ․ էդ Մարտական կանոնադրության մեջ հստակ գրված է՝ երբ զորքն անցնում է պաշտպանության, պաշտպանության դեպքում անպայման ինժեներական արգելափակոցներ են դրվում։ Գրված է, որ ուրիշ ՊՇ ուղարկեց զորքին, մինչեւ վերջ հետեւողական չեղավ զորքի ճակատագրին, բայց Գոռ Իշախնյանը կատարել է Ջալալ Հարությունյանի հրամանը, մյուս կողմից էլ պիտի գնային (զորքը,-հեղ․) Կարեն Առուստամյանի մոտ։ Մինչեւ էս երեխեքի էնտեղ հասնելը էնտեղ գնացել է հակատանկային դասակ, որը մինչեւ «9 կմ» հասնելը հակառակորդի կողմից ռմբակոծվել է»,- հայտարարեց Գոռ Իշխանյանի պաշտպանը։ Ըստ նրա հայտնած տեղեկությունների՝ Կարեն Առուստամյանը եկել, ասել է՝ անցնել պաշտպանության, իսկ Մարտական կանոնադրության համաձայն՝ այդ ժամանակ ամբողջ ճանապարհը պիտի փակվեր, մինչդեռ չի փակվել։ Սակայն, ըստ պաշտպանի, Կարեն Առստամյանը եւ նրա կողմնակիցները, հասկանալով Կանոնադրության այդ պահանջը, հետաքրքիր մոտեցում են ցուցաբերել՝ բոլորը հանկարծ ասելով, թե Առստամյանը փակել է տվել ճանապարհը․ «Իրենք հասկանում են, որ տղերքի գալուց առաջ, եթե էդտեղ ռմբակոծվել է, ճանապարհը վտանգավոր է եղել, եւ Մարտական կանոնադրությունը պահանջում է, որ ճանապարհը փակես՝ անգամ յուրայինները չգնան վտանգի տակ։ Դրա համար էդպիսի ցուցմունք են տալիս»,- ասաց պաշտպանը՝ հավելելով, որ պարզվում է՝ ռմբակոծության տակ հայտնված տղաները հայտարարել են, որ ճանապարհը չի էլ փակվել։  «Հիմա, որ հարգարժան քննչական մարմինն էդ տվյալը տեսնում է, որ Կարեն Առստամյանը, Ջալալ Հարությունյանը չորս ժամ առաջ էդ տվյալը տեսել են, տեսել են՝ վտանգավոր է, թուրքը գրավել է, ինչի՞ են էդ ճանապարհով ուղարկել, ու էդ ճանապարհն արգելափակված չի եղել։ Սա մի հարց է, որ անպայման քննության առարկա պիտի դարձվի»։  Նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանն ասաց, որ նշված մարդիկ՝ Կարեն Առստամյանն ու Ջալալ Հարությունյանը, դատակոչված են որպես վկա, նրանք կհրավիրվեն հարցաքննության եւ պաշտպանի բարձրաձայնած բոլոր հարցերը, որոնք, ըստ նրա, նախաքննության մարմինը վեր չի հանել, կհնչեցվեն։  Դատարանն անցավ ապացույների հետազոտման փուլին, հանրային մեղադրողը սկսեց ներկայացնել ապացույցները՝ այսօրվա դատական նիստում, մասնավորապես, ընթերցելով մարտական կանոնադրության՝ գործին վերաբերելի հոդվածները։ Հաջորդ նիստը նշանակվեց մարտի 20-ին՝ առավոտյան 9:30։ Հայարփի Բաղդասարյան
23:18 - 11 մարտի, 2024
Վահագն Վերմիշյանի նկատմամբ որպես նոր խափանման միջոց են ընտրվել տնային կալանքն ու գրավը

Վահագն Վերմիշյանի նկատմամբ որպես նոր խափանման միջոց են ընտրվել տնային կալանքն ու գրավը

Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի նկատմամբ որպես նոր խափանման միջոց են ընտրվել տնային կալանքն ու գրավը՝ 25 միլիոն ՀՀ դրամի չափով։ Այս մասին «Ինֆոքոմ»-ի հետ զրույցում տեղեկացրեց պաշտպան Ալեքսանդր Կոչուբաեւը։  Նշենք, որ Վերմիշյանի վերաբերյալ մեղադրական դատավճիռը դեռեւս ուժի մեջ չի մտել, դրա դեմ պաշտպանական կողմի բողոքը, դատավորներ Կարեն Ամիրյանի, Մեսրոպ Մակյանի եւ Արմեն Հովհաննիսյանի կազմով, դեռեւս քննվում է Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանում։ Մինչ այդ նախկինում ընտրված խափանման միջոց կալանավորումը մնացել էր անփոփոխ, ինչն էլ պաշտպանը բողոքարկել էր։ Կոչուբաեւը նաեւ ֆեյսբուքյան էջում է գրառում արել՝ նշելով. «Այսօր 4 տարի և 1 ամիս անօրինական կալանքից հետո ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վանիկի Վերմիշյանը ազատ կարձակվի։ Հակակառուպցիոն վերաքննիչ դատարանը բավարարեց կալանավորման փոփոխության միջնորդութունը»։ Ավելի ուշ պարզաբանում տարածեց նաեւ Դատական իշխանության տելեգրամյան ալիքը՝ մանրամասնելով հետեւյալը․ «Դատարանը գտել է, որ այլևս ամբաստանյալի պատշաճ վարքագիծը և գործի բնականոն ընթացքը հնարավոր է ապահովել նաև նրա ազատության մեջ գտնվելու պայմաններում՝ կիրառելով այլընտրանքային խափանման միջոցներ՝ տնային կալանքը, գրավը և բացակայելու արգելքը: Ընդ որում, որպես գրավի չափ միջնորդվել էր 20.000.000 (քսան միլիոն) դրամ, մինչդեռ` որպես գրավի պիտանի և ողջամիտ չափ է ընդունվել 25.000.000 (քսանհինգ միլիոն) դրամը»: Ըստ Հակակոռուպցիոն դատարանի մամուլի խոսնակի՝ պաշտպանական կողմը միջնորդել էր միայն տնային կալանք եւ գրավ, սակայն Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը անհրաժեշտ է համարել դրանց հետ միասին կիրառել նաև բացակայելու արգելքը, ինչը նշանակում է, որ ամբաստանյալ Վերմիշյանը իրավունք չունի հատել ՀՀ պետական սահմանը: Հիշեցնենք՝ Վահագն Վերմիշյանը 2023 թ․ մայիսին մեղավոր էր ճանաչվել եւ դատապարտվել 8 տարվա ազատազրկման։ Ըստ առաջադրված մեղադրանքի՝ նա, 2019 թվականի մարտի 21-ից զբաղեցնելով ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնը, 2019 թվականի սեպտեմբերից մինչև 2020թ փետրվարի 5-ն ընկած ժամանակահատվածում իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները՝ խախտելով «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի պահանջները, որն է՝ հանրային պաշտոն զբաղեցնող անձինք և հանրային ծառայողները չեն կարող զբաղեցնել որևէ պաշտոն առևտրային կազմակերպություններում, զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ, ինչպես նաև ստացել է խոշոր և առանձնապես խոշոր չափերի հասնող կաշառք, պաշտոնեական դիրքն օգտագործելով խարդախությամբ հափշտակել ուրիշի՝ խոշոր չափերի հասնող գույքը։
17:35 - 04 մարտի, 2024
Մոսկվան սպասում է ՀԱՊԿ-ի վերաբերյալ Երևանի վերջնական որոշմանը․ Լավրով

Մոսկվան սպասում է ՀԱՊԿ-ի վերաբերյալ Երևանի վերջնական որոշմանը․ Լավրով

Մոսկվան սպասում է, որ Երևանը  ՀԱՊԿ-ին անդամակցության վերաբերյալ իր վերջնական որոշման մասին արդեն հայտարարի։ Այս մասին Անթալիայի դիվանագիտական ֆորումի արդյունքներն ամփոփող մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։   «Սպասում ենք, որ բոլորիս պաշտոնապես հաստատեն, թե որն է լինելու վերջնական որոշումը․ ասում են՝ դե ֆակտո սառեցնում ենք ՀԱՊԿ-ում [շփումը-խմբ․], եթե ուզենք՝ դե յուրե կսառեցնենք, դե յուրե դուրս կգանք, ԵԱՏՄ-ն մեզ առայժմ հետաքրքիր է, քանի որ մենք այդտեղից ինչ-որ բան ենք ստանում»,- ասել է Լավրովը՝ նշելով, որ «դա այդքան էլ գեղեցիկ պատկեր չէ»։  «Մենք իսկապես կցանկանայինք, որ մեր հայ գործընկերներն իրենց համար կողմնորոշվեին, թե ինչպես են ցանկանում շարունակել ապրել և փոխադարձ հիմունքներով իրականացնել այն համաձայնագրերը, որոնք մեզ կապում են ինտեգրացիոն տարբեր կառույցներում»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը։ 
17:23 - 02 մարտի, 2024
Մարտի 1-ի դեպքերով Քոչարյանի, Խաչատուրովի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ

Մարտի 1-ի դեպքերով Քոչարյանի, Խաչատուրովի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ

«Մարտի 1»-ի վարույթով անցնող Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի գործով Վճռաբեկ դատարանը դիմել է Սահմանադրական դատարան։ Այս մասին «Լուրեր»-ի հետ զրույցում ասել է գործով հսկող դատախազ Հայկ Հովհաննիսյանը։ Խնդիրը 1998-ին ընդունված, այժմ մասնակի գործող Քրեական դատավարության օրենսգիրքն էր, որը հնարավորություն չէր տալիս հոդվածը հակասահմանադրական ճանաչելուց հետո դատարանում վերաորակել մեղադրանքը։ Այժմ Վճռաբեկ դատարանը միջնորդել է որոշել այդ օրենսգրքի մի շարք հոդվածների՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը։ «Հաշվի առնելով, որ առկա օրենսդրական բացը ստեղծում է տուժողի դատական պաշտպանության, արդար դատաքննության իրավունքի, այդ թվում՝ սոցիալական արդարության վերականգնման իրավունքի անհաղթահարելի խոչընդոտ»,- Վճռաբեկ դատարանի որոշումը մեջբերել է Հովհաննիսյանը։ Դատախազը «Լուրեր»-ի հետ զրույցում հայտնել է, որ այդպիսով ստացվում է՝ հնարավոր էր տեսականորեն մեղսագրել ամբաստանյալներին այլ արարք, որ նախատեսված է Քրեական օրենսգրքով, բայց քանի որ 1998թ․ հուլիսի 1-ին ընդունված Քրեական դատավարության օրենսգիրքը չէր նախատեսում առկա պայմաններում առաջադրված մեղադրանքը փոփոխելու հնարավորություն, այդքանով խախտվում է տուժողների իրավունքը։ Քոչարյանն ու նրա ենթակաները արդարացվեցին 2021թ․ ապրիլին, երբ ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչեց նրանց մեղսագրված, սահմանադրական կարգը տապալելու 300․1 հոդվածը, ինչից հետո այն ժամանակ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դիմել էր ՍԴ գրեթե նույն գանգատով, ինչ այժմ դիմում է Վճռաբեկը։ Բարձր դատարանը մերժել էր գանգատի վերաբերյալ գործի քննությունը, ինչից հետ քրեական հետապնդումը դադարեցնելու և գործի վարույթը կարճելու՝ առաջին ատյանի դատարանի որոշումը Դատախազությունը բողոքարկել էր։
11:30 - 01 մարտի, 2024
Անհամապատասխանություններ՝ Աղվան Վարդանյանի հայտարարագրած գույքի, ծախսերի ու եկամուտների միջև

Անհամապատասխանություններ՝ Աղվան Վարդանյանի հայտարարագրած գույքի, ծախսերի ու եկամուտների միջև

ՀՀ Ազգային ժողովի 8-րդ գումարման պատգամավոր Աղվան Վարդանյանի` Կոռուպցիայի կանխարգելան հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում առկա են հայտարարագրված եկամուտներով չհիմնավորվող գույքային փոփոխություններ ու ծախսեր, բացակայող կամ ոչ ճշգրիտ ներկայացված տվյալներ։ Բացի այդ՝ Աղվան Վարդանյանի ընտանիքի անդամները չեն ներկայացրել մի շարք հայտարարագրեր։  Աղվան Վարդանյանը, սակայն, չի պատասխանում այս անհամապատասխանությունների վերաբերյալ «Ինֆոքոմի» գրավոր հարցմանը, հրաժարվում է բանավոր մեկնաբանությունից՝ նշելով, որ հայտարարագրի վերլուծության համար կա Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը։ Հանձնաժողովը, իր հերթին, նշում է, որ հայտարարագրերի վերլուծություն չի իրականացրել։   Հայտարարագրված եկամուտներով չհիմնավորվող գույքային փոփոխություններ ու ծախսեր Աղվան Վարդնայանի՝ 2022 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի տարեկան հայտարարագրում առկա են անհամապատասխանություններ հայտարարագրված գույքի, իրականացված ծախսերի ու եկամուտների միջև։ 2022 թվականի ընթացքում Աղվան Վարդանյանի դրամական միջոցներն աճել են շուրջ 48․1 միլիոն ՀՀ դրամով և 450 ԱՄՆ դոլարով։ Տարվա ընթացքում Աղվան Վարդանյանն իրականացրել է շուրջ 32 միլիոն ՀՀ դրամի ծախս։ Տարվա ընթացքում ստացված եկամուտները կազմել են շուրջ 6․6 միլիոն ՀՀ դրամ։ Այսպիսով, համաձայն Աղվան Վարդանյանի՝ 2022 թվականի տարեկան հայտարարագրի, 2022 թվականի գույքային փոփոխությունների ու ծախսերի մի մասը (ավելի քան 73․5 միլիոն ՀՀ դրամը և 450 ԱՄՆ դոլարը) չեն հիմնավորվում հայտարարագրված եկամուտներով։ Աղվան Վարդանյանին հարց ենք ուղղել, թե ինչով է պայմանավորված այս անհամապատասխանությունը և որտեղից են գոյացել այդ միջոցները, սակայն վերջինս հրաժարվել է պատասխանել հարցմանը։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից էլ հայտնել են, որ Աղվան Վարդանյանի 2021 և 2022 թվականնների տարեկան հայտարարարգրերի վերլուծություն չեն իրականացրել։   Վարկի մարմանն ուղղված ծախս՝ առանց վարկի հայտարարագրման Աղվան Վարդանյանը 2022 թվականի՝ գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի իր տարեկան հայտարարագրի ծախսերում նշել է, որ 6 970 000 դրամ ուղղել է վարկի մարմանն ուղղված վճարումների իրականացմանը։ 2021 և 2022 թվականների տարեկան հայտարարագրերի՝ «Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ» դաշտում, սակայն, վարկի մայր գումարի մնացորդ հայտարարագրված չէ։  Աղվան Վարդանյանին հարցրել ենք, թե ինչով է պայմանավորված մայր գումարի մնացորդի չհայտարարագրումը, և եթե վարկը ստացվել է 2022 թվականի ընթացքում, ինչո՞ւ հաշվետու տարվա եկամուտների բաժնում հայտարարագրված չեն ստացված վարկային միջոցները։ Այս հարցերի պատասխանները ևս չենք ստացանել ոչ գրավոր հարցման միջոցով, ոչ էլ բանավոր զրույցի ընթացքում։   Անգին թանկարժեք գեղանկարներ Վարդանյանը 2022 թվականի տարեկան հայտարարագրի՝ չորս միլիոն դրամից ավելի արժեք ունեցող գույքի ցանկում տարեսկզբի դրությամբ հայտարարագրել է գեղանկարներ։ Որպես գույքի ձեռքբերման տարի նշված է 2002 թվականը։ 2021 թվականի տարեկան հայտարարագրում, սակայն, այս գեղանկարները հայտարարագրված չեն։ Գույքի ձեռքբերման եղանակը նշված է նվիրատվություն, իսկ գինը՝ 0 ՀՀ դրամ։ Այս եղանակով ձեռքբերված գույքը պետք է հայտարարագրվի ստացման տարում այն ձեռք բերելու հնարավոր գնով։ Հնարավոր կամ շուկայական գին է համարվում այն գինը, որը համեմատելի հանգամանքներում սովորաբար գանձվում է նույնանման ապրանքների համար։ Այդ նպատակով կիրառելի են, մասնավորապես, առուվաճառքով զբաղվող սուբյեկտների (բրոքերների, խանութների, բորսաների, տոնավաճառների, շուկաների և այլն) գները, գնացուցակային (կատալոգային) գները, այդ թվում՝ համացանցի միջոցով ստացված տվյալները և այլն:  Աղվան Վարդանյանին հարցրել էինք, թե  ինչո՞վ է պայմանավորված 2021 թվականի տարեկան հայտարարագրում գեղանկարների չհայտարարագրումը, և թե ինչու՞ է դրանց գնի դաշտում նշված 0 ՀՀ դրամ։ Այս հարցը ևս մնացել է անպատասխան։   Ընտանիքի անդամների չներկայացված հայտարարագրերը Աղվան Վարդանյանի 2021 և 2022 թվականների՝ գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի տարեկան հայտարարագրում ընտանիքի անդամներ են նշված Ցողիկ Լավրենտի Բեժանյանը, Վահե Աղվանի Վարդանյանը և Վարդուհի Լևոնի Վարդանյանը։ Վահե Վարդանյանը և Վարդուհի Վարդանյանը, սակայն, չեն ներկայացրել պաշտոնատար անձի ընտանիքի անդամի՝ 2021 և 2022 թվականների գույքի, եկամուտների և ծախսերի տարեկան հայտարարագրերը, ինչպես նաև պաշտոնատար անձի ընտանիքի անդամի՝ պաշտոնատար անձի պաշտոնեական պարտականությունները ստանձնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների և ծախսերի հայտարարագրերը։  Պաշտոնատար անձի ընտանիքի անդամի՝ պաշտոնատար անձի պաշտոնեական պարտականությունները ստանձնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների և ծախսերի հայտարարագիր չի ներկայացրել նաև Ցողիկ Բեժանյանը։  Կոռուպցիայի կանխարգելման հարձնաժողովից մեր գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են, որ հայտարարագրման պարտականությունները պատշաճ կերպով չկատարած ընտանիքի անդամների ծանուցումների գործընթացը ներկայում  ընթացքի մեջ է, բայց, հաշվի առնելով հարցմամբ ներկայացված տվյալները, Հանձնաժողովն առաջնահերթություն է տվել Աղվան Վարդանյանի ընտանիքի անդամների ծանուցման գործընթացին։ Հանձնաժողովից նաև տեղեկացրել են, որ հայտարարագրերի ներկայացման համար տրամադրվել է ծանուցման պահից 30-օրյա ժամկետ, իսկ պարտականության չկատարումը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169․28-րդ հոդվածի 1-ին մասով վարչական տույժի ենթարկելու հիմք կհանդիսանա (տուգանք՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով)։ Հանձնաժողովից մեր զրույցում նշեցին, որ ծանուցումը փոստային տարբերակով իրականացվել է 2024 թվականի փետրվարի 27-ին, և հայտարարատու անձինք պատշաճ ծանուցված կհամարվեն միայն ծանուցումը ստանալուց հետո, որից հետո էլ արդեն կսկսվի 30-օրյա ժամկետի հաշվարկը։Ջուլիետտա Հովհաննիսյան
19:55 - 29 փետրվարի, 2024