Վլադիմիր Պուտին

Ռուսաստանի Դաշնության գործող նախագահ։ Ծնվել է 1952թ. հոկտեմբերի 7-ին։ 1975-1991թթ․ ծառայել է ՊԱԿ-ում (КГБ), զբաղեցրել հետախուզական պաշտոններ։ 1991թ. ըստ պաշտոնական տեղեկատվության սեփական զեկուցագրով զորացրվել է ՊԱԿ-ից։ 1990-1995թթ. զբաղեցրել է Լենինգրադի քաղաքային իշխանության տարբեր պաշտոններ։ 1996-1998թթ․ արագ վերելք է գրանցել Կրեմլի տարբեր պաշտոններում՝ ի վերջո ստանձնելով Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը։ 1998-ին նշանակվում է ԱԴԾ (ФСБ) տնօրեն։

1999-ի օգոստոսին ընդունելով նախագահ Ելցինի առաջարկը ստանձնել է ՌԴ վարչապետի պաշտոնը։ 1999-ի դեկտեմբերի 31-ին հրաժարական տվեց Ելցինը եւ Պուտինը դարձավ նախագահի պաշտոնակատար։ 2000թ․ մարտին ընտրվեց նախագահ եւ պաշտոնավարեց առավելագույն երկու ժամկետով։ 2008-ին՝ վարչապետ Մեդվեդեւի նախագահ ընտրվելուց հետո Պուտինը ստանձնեց Վարչապետի պաշտոնը։ Այս դրվագը հանրային լայն շրջանակներում ընկալվեց որպես «փոխատեղում»։ 2012-ից ի վեր Պուտինը նորից նախագահի պաշտոնում է։ 

Պուտինը Էրդողանի հետ հեռախոսազրույցի ժամանակ ասել է, որ դեմ չէ Զելենսկու հետ հանդիպմանը

Պուտինը Էրդողանի հետ հեռախոսազրույցի ժամանակ ասել է, որ դեմ չէ Զելենսկու հետ հանդիպմանը

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահի հետ հեռախոսազրույցի ժամանակ ասել է, որ դեմ չէ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպմանը։ Այս մասին հաղորդում է ria.ru-ն։ «Մենք նախանձախնդիր ենք` կազմակերպելու առաջնորդների հանդիպում (Ռուսաստանի և Ուկրաինայի - խմբ.): Դեռ պատերազմի սկսվելուց առաջ մենք նման ձգտումներ ունեինք: Սկզբունքորեն, Պուտինը մեր նախագահի հետ հեռախոսազրույցների ժամանակ ասաց, որ ինքը դեմ չէր նման հանդիպմանը...Ուկրաինական կողմը պատրաստ է»,- ասել է Չավուշօղլուն ասուլիսի ժամանակ։ Նա նաև նշել է, որ Բելառուսում կողմերի միջև տեխնիկական բանակցություններ են ընթանում․ «Մյուս կողմից կան այլ ուղիների ջանքեր, որոնց մենք նույնպես աջակցում ենք»։ ՌԴ և Թուրքիայի նախագահների հեռախոսազրույցը տեղի էր ունեցել մարտի 6-ին։ ՌԴ նախագահը Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում ասել է, որ Ուկրաինայում ռազմական գործողության դադարեցումը հնարավոր է միայն այն դեպքում, եթե Կիևը դադարեցնի ռազմական գործողությունները և կատարի Ռուսաստանի պահանջները։
16:50 - 13 մարտի, 2022
Վլադիմիր Պուտինը ահաբեկչություն է նախապատրաստում Չեռնոբիլի ատոմակայանի վրա․ Ուկրաինայի ՊՆ |tert.am|

Վլադիմիր Պուտինը ահաբեկչություն է նախապատրաստում Չեռնոբիլի ատոմակայանի վրա․ Ուկրաինայի ՊՆ |tert.am|

tert.am: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը «ահաբեկչություն նախապատրաստել»  Չեռնոբիլի ատոմակայանում։ «Ուկրինֆորմ»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչությունը։ Ըստ առկա տեղեկատվության՝ Պուտինը հրահանգել է ահաբեկչություն նախապատրաստել Չեռնոբիլի ատոմակայանում։ Ռուսական զորքերի կողմից վերահսկվող Չեռնոբիլի ատոմակայանում նախատեսվում է տեխնածին աղետ ստեղծել, որի պատասխանատվությունը ռուս զավթիչները կփորձեն բարդել Ուկրաինայի վրա։ «Ներկայումս Չեռնոբիլի ԱԷԿ-ն ամբողջությամբ անջատված է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության մոնիտորինգի համակարգերից։ Կայանը հոսանքազրկված է»,- ասվում է զեկույցում։ Պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչությունը նշում է, որ «հակառակորդը հրաժարվել է թույլ տալ ուկրաինացի վերանորոգողներին մուտք գործել կայան»։ «Այնտեղ Ալեքսանդր Լուկաշենկոյի ցուցումով ներս մտան նաև «բելառուս մասնագետները»։ Նրանց մեջ միջուկային գիտնականների անվան տակ մտնում են ռուս դիվերսանտներ՝ ահաբեկչություն կազմակերպելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ։
17:11 - 11 մարտի, 2022
Ուկրաինայի հետ բանակցություներում որոշակի դրական տեղաշարժ է գրանցվել․ Պուտին

Ուկրաինայի հետ բանակցություներում որոշակի դրական տեղաշարժ է գրանցվել․ Պուտին

Ուկրաինայի հետ բանակցություներում որոշակի դրական տեղաշարժ է գրանցվել։ Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպման ընթացքում, հայտնում է «Ռիա Նովոստին»։ «Ես ձեզ անպայման կտեղեկացնեմ Ուկրաինայի շուրջ իրավիճակի մասին և, առաջին հերթին, թե ինչպես են այժմ ընթանում բանակցությունները․ դրանք այժմ ընթանում են գրեթե ամենօրյա ռեժիմով, կան որոշակի դրական զարգացումներ, ինչպես ինձ զեկուցել են ռուսական կողմի բանակցողները։ Այս ամենի մասին ես ձեզ ավելի մանրամասն կպատմեմ»,- ասել է պետության ղեկավարը։ Երկու երկրների ղեկավարները նաև սահմանափակող միջոցների ազդեցությունը Բելառուսի և Ռուսաստանի տնտեսությունների վրա։ Պուտինը ընդգծել է, որ Մոսկվայի և Մինսկի զարգացումը սահմանափակելու փորձեր միշտ արվել են, սակայն ռուսներին և բելառուսներին միշտ հաջողվել է հաղթահարել այդ խոչընդոտները․ «ԽՍՀՄ-ը ապրել է պատժամիջոցների տակ, զարգացել և հասել է հսկայական հաջողությունների»։ Լուկաշենկոն էլ նշել է, որ  որ նման մարտահրավերները զարգացման ներուժ են պարունակում։  
16:26 - 11 մարտի, 2022
Ռուսաստանը կատարում է Եվրոպային եւ աշխարհի այլ տարածաշրջաններին էներգառեսուրսներ մատակարարելու իր պարտավորությունները․ Պուտին

Ռուսաստանը կատարում է Եվրոպային եւ աշխարհի այլ տարածաշրջաններին էներգառեսուրսներ մատակարարելու իր պարտավորությունները․ Պուտին

Ռուսաստանը կատարում է Եվրոպային եւ աշխարհի այլ տարածաշրջաններին էներգառեսուրսներ մատակարարելու իր պարտավորությունները։ Հինգշաբթի կառավարության անդամների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Ինչ վերաբերում է այն երկրներին, որոնք ոչ բարեկամական քայլեր են անում մեր երկրի եւ տնտեսության նկատմամբ, ապա մենք լավ գիտենք՝ նրանք իրենց քաղաքացիներին կոչ են անում ձգել գոտիները, տաք հագնվել, եւ, ընդհանրապես, որպես իրենց վիճակի վատթարացման պատճառ՝ մատնանշում են այն պատժամիջոցները, որոնք կիրառում են մեր դեմ»,- նշել է ՌԴ ղեկավարը՝ շարունակելով․ «Այս ամենը շատ տարօրինակ է երեւում, հատկապես երբ մենք  էներգառեսուրսների մատակարարման ոլորտում մեր բոլոր պարտավորությունները կատարում ենք»,- ընդգծել է նա: Պուտինի խոսքով՝ Ռուսաստանը չի պատրաստվում որեւէ մեկից փակվել եւ պատրաստ է պատրաստ է աշխատել բոլոր գործընկերների հետ, որոնք դա կցանկանան։  «Մենք ինքներս ոչ մեկից չենք պատրաստվում փակվել։ Մենք բաց ենք մեր բոլոր գործընկերների, օտարերկրյա գործընկերների հետ աշխատելու համար, բոլոր նրանց, որոնք կցանկանան»,- ասել է Պուտինը։ Պետության ղեկավարի խոսքով՝ հուսալիորեն պաշտպանված պետք է լինեն այն օտարերկրյա ներդրողների իրավունքները, որոնք մնում են Ռուսաստանում աշխատելու։ Նախագահը պահանջել է վճռական գործել՝ ի պատասխան Ռուսաստանում օտարերկրյա սեփականատերերի ձեռնարկությունների փակմանը, արտաքին կառավարում ներդնել․ «Ինչ վերաբերում է նրանց, որոնք ցանկանում են փակել իրենց արտադրությունը, պետք է գործել վճռական ու ոչ մի դեպքում թույլ չտալ որեւէ վնաս հասցվի տեղական մատակարարներին»։ Վլադիմիր Պուտինը ասել է նաև, որ հակառուսական պատժամիջոցներն ամեն դեպքում կիրառվելու էին Արեւմուտքի կողմից։ Այս կարծիքը նա հայտնել է՝ ամփոփելով կառավարության անդամների հետ հանդիպումը։ «Ես կասկած չունեմ, որ այս պատժամիջոցները այնպես թե այնպես կիրառվելու էին, քանի որ դրանք ներդրվել են վերջին շատ ու շատ տարիների ընթացքում»,- ասել է նա։ Նախագահն ընդգծել է, որ այս պահին պատժամիջոցների ճնշումը բարդ է և որոշակի խնդիրներ ու դժվարություններ է ստեղծում Ռուսաստանի համար։ «Ինչպես նախորդ տարիներին հաղթահարեցինք այդ խնդիրներն ու դժվարությունները, այնպես էլ հիմա կհաղթահարենք»,- եզրափակել է Պուտինը։
20:10 - 10 մարտի, 2022
Զելենսկին կարծում է՝ հակամարտությունը կարելի է լուծել միայն ՌԴ նախագահի հետ ուղիղ երկխոսության միջոցով

Զելենսկին կարծում է՝ հակամարտությունը կարելի է լուծել միայն ՌԴ նախագահի հետ ուղիղ երկխոսության միջոցով

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարծում է, որ երկրում ընթացող հակամարտությունը կարելի է լուծել միայն ՌԴ նախագահի հետ ուղիղ երկխոսության միջոցով։ Այս մասին նա հայտարարել է BILD-ին տված հարցազրույցում։ Գրում է tass.ru-ն։ «Հարցն այն չէ, թե ես ինչի կարող եմ գնալ։ Ցանկացած երկխոսության մեջ իմ նպատակը ՌԴ-ի հետ պատերազմին վերջ տալն է»,- ասել է Զելենսկին՝ պատասխանելով հարցին՝ պատրա՞ստ է արդյոք ինքը ճանաչել Դոնեցկի ու Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների անկախությունը, իսկ Ղրիմը՝ ռուսական տարածք․ «Դրա համար [պատերազմը դադարեցնելու] ես պատրաստ եմ որոշակի քայլերի, պատրաստ եմ բանակցություններ վարել, պատրաստ եմ փոխզիջումների։ Բայց դրանք չեն կարող իմ ժողովրդի առաջ դավաճանություն լինել։ Եւ մյուսը կողմն էլ պետք է պատրաստ լինի փոխզիջումների»,- ասել է Ուկրաինայի նախագահը։ «Միայն այդպես մենք կարող ենք դուրս գալ այս իրավիճակից։ Դետալների մասին դեռ վաղ է եւ դժվար է խոսել։ Նախագահների միջեւ դեռեւս շփում չի եղել, եւ այս պատերազմը մենք կարող ենք կանգնեցնել միայն երկու նախագահների միջեւ ուղիղ բանակցությունների միջոցով»,- կարծիք է հայտնել Զելենսկին։
22:48 - 09 մարտի, 2022
Պուտինն ու Շոլցը քննարկել են քաղաքական և դիվանագիտական ​​ջանքերի տարբերակները՝ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի համատեքստում

Պուտինն ու Շոլցը քննարկել են քաղաքական և դիվանագիտական ​​ջանքերի տարբերակները՝ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի համատեքստում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հեռախոսազրույց են ունեցել։ Կողմերը քննարկել են քաղաքական և դիվանագիտական ​​ջանքերի տարբերակները՝ Ուկրաինայի  շուրջ ստեղծված իրավիճակի համատեքստում։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Դոնբասի պաշտպանության հատուկ ռազմական գործողության շուրջ իրավիճակի զարգացման համատեքստում քննարկվել են քաղաքական և դիվանագիտական ​​ջանքերի տարբերակները, մասնավորապես՝ Ռուսաստանի պատվիրակության և Կիևի իշխանությունների ներկայացուցիչների միջև բանակցությունների երրորդ փուլի արդյունքները»,- հայտնում են Կրեմլի մամուլի ծառայությունից։ Քաղաքացիական բնակչության տարհանում «Պուտինը Շոլցին ներկայացրել է Ուկրաինայում ազգայնականների կողմից խաղաղ բնակչության անվտանգ տարհանումը կանխելու փորձերի մասին։ Հատկապես ուշադրություն է դարձվել Ուկրաինայի և Դոնբասի հանրապետություններում իրավիճակի հումանիտար ասպեկտներին: Ռուսաստանի նախագահը տեղեկացրել է բախումների վայրերից խաղաղ բնակչությանը տարհանելու համար մարդասիրական միջանցքների կազմակերպման և ազգայնական կազմավորումների՝ մարդկանց անվտանգ տարհանումը խափանելու փորձերի մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ։  
19:52 - 09 մարտի, 2022
Պուտինը պնդում է, թե ժամկետային զինծառայողներին Ուկրաինա չեն ուղարկում, բայց դա այնքան էլ այդպես չէ․ Meduza

Պուտինը պնդում է, թե ժամկետային զինծառայողներին Ուկրաինա չեն ուղարկում, բայց դա այնքան էլ այդպես չէ․ Meduza

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ հայտարարել էր, որ ժամկետային և պահուստային զինծառայողները չեն ուղարկվելու Ուկրաինա։ «Մեր առջև դրված խնդիրները կատարում են միայն արհեստավարժ զինվորականները», - ասել էր նա։ ՌԴ պաշտպանության նախարարությունը նույնպես հայտնել էր, որ Ուկրաինայում «հատուկ գործողությանը» մասնակցում են միայն պայմանագրային զինծառայողներ։ Սակայն ռուսական Meduza պարբերականը պնդում է, որ դա այնքան էլ այդպես չէ։ Ներկայացնում ենք հոդվածը ստորև։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ոչ մի տեղեկություն չի տրամադրում գերեվարված ռուսաստանցի զինվորականների մասին, սակայն հարազատները նրանց տեսնում են տեսանյութերում, որոնք սկսել են հայտնվել համացանցում։ Այդ տեսանյութերից մեկում ռուս զինծառայող Դամուր Մուստֆաևը պատմում է, որ զորավարժությունների փոխարեն իրեն ու իր ծառայակիցներին «խաբեությամբ» ուղարկել են Ուկրաինա կռվելու։ Չեռնիգովի շրջանի տարածքում տանկը, որում գտնվել է Մոստաֆաևը, փչացել է, տանկերի շարասյունը նրան մենակ է թողել։ Մուստաֆաևը գնացել է ծառայակիցներին փնտրելու և գերեվարվել է։ Meduza-ն խոսել է Մուստաֆաևի հոր հետ։ Նա պատմել է, որ իր որդին ժամկետային զինծառայող է։ Սոբիրժոն Մուստաֆաև, գերեվարված ժամկետային զինծառայող Դամուր Մուստաֆաևի հայրը․ «Որդիս զորակոչվել է 2021 թ-ին։ Նա չէր ուզում ռազմական կարիերա անել։ Նրան երկու կամ երեք անգամ [չեն զորակոչել]․ արյան հետ կապված խնդիրներ ուներ։ Բայց դեղեր էր խմում։ Անցյալ տարի կանչեցին։ «Կարող ես ծառայել», - ասացին։ Արդյունքում՝ ուղարկեցին Չիտայի մերձակայքում ծառայելու, վարորդ-մեխանիկի վերապատրաստում է անցել։ Այնուհետև՝ Նարո-Ֆոմինսկ։ Կարծես, հետո նրանք սկսել են մասնակցել զորավարժությունների։ Նրանց ուղարկում էին Վորոնեժ, Բելգորոդի և Կուրսկի շրջաններ։ Նրա հետ հեռախոսով եմ խոսել։ Վերջին անգամ՝ փետրվարի 22-ին։ Կարծես, ամեն ինչ նորմալ էր։ Եվ 24-ին էլ են հրաման ստացել, ասել են զորավարժությունների մեկնել»։ Դամուր Մուստաֆաևի մասնակցությամբ տեսանյութն առաջին անգամ հայտնվել է «Գտիր հարազատներիդ» Տելեգրամ-ալիքում․ այդտեղ ուկրաինական կողմը տվյալներ է տեղադրում գերեվարված ռուսաստանցի զինծառայողների մասին։ Հայտարարվում է, որ նախագիծը ստեղծվել է «Ուկրաինայի ՆԳՆ ներկայացուցիչների կողից»։ Այս ալիքը Ռուսաստանում արգելափակված է։ «Նա իրոք ժամկետային զինծառայող է։ Չգիտեմ, թե ինչ է տեղի ունեցել նրանց մոտ։ Որդիս ասում էր, որ պայմանագիր չի ստորագրել։ Բայց ես զարմացած էի, որ նրանց փոխարեն կարող են ստորագրել կամ նման մի բան անել։ Նա ասում էր․ «Նրանք են մեզ գրանցել որպես պայմանագրայիններ»։ Այս մասին մենք խոսել ենք ամսի 22-ին։ Ես ասացի․ «Ինչպե՞ս կարող են նման բան անել [առանց ձեր ստորագրության]»։ Նա ասաց, որ դա պահանջում են։ Ասաց, որ ինքը չի ստորագրել։ Պահանջողը սպա է՝ ողջ գումարտակի, վաշտի, զորամասի հրամանատարը։ Չեմ հարցրել, թե կոնկրետ ով։ Այժմ, երբ նայում եմ տեսանյութը․․․ Գերի ընկածներից շատերն այդպես էլ ասում են, որ իրենց փոխարեն ստորագրել են։ Նրանք չեն իմացել, նրանց ասել են, որ զորավարժությունների են տանում, բայց նրանք հայտնվել են մարտի դաշտում։ Նրանց տանկը փչացել է։ Գիշերել են տանկում, հետո որոշել են ծառայակիցների մոտ գնալ։ Ճանապարհին հայտնվել են ճահճում, և նրանց գերեվարել են։ Չգիտեմ՝ ինչ անեմ, ինչպես նրան ազատեմ, ով էր մեղավոր։ Կարծես, մեր նախագահն ասում է, որ հրաման չկա ժամկետայիններին այնտեղ ուղարկելու և այնտեղ ժամկետայիններ ընդհանրապես չկան։ Ես իրոք չգիտեմ՝ ինչ անեմ, ինչպես օգնեմ։ Ո՞վ էր ընդհանրապես սրա համար մեղավոր․․․ Ավագ որդուս ասել եմ, որ նա կապվի գերատեսչությունների հետ, գնա ու հարցուփորձ անի։ Ինքս չեմ կարողանում, ոտքերս ցավում են։ Չգիտեմ՝ դա փակ տեղեկություն է [որդու մասին], թե ոչ։ Փետրվարի 28-ին նա [գերեվարված որդին] ավագ որդուս հայտնել է, որ 27-ին գերի է ընկել։ Նրան գերությունից թույլ են տվել գրել եղբորը։ Նա չի ասել, թե երբ են իրեն ազատ արձակելու։ Որդիս ուրախացել է, որ կենդանի է։ Ասում է․ «Ինձ նրանք չեն ծեծում»։ Նրանց հագուստը թրջվել է ճահիճում, նրանց չոր հագուստ են տվել փոխվելու համար։ Նրան սպասում էինք այս տարվա հունիսին։ Եվ, ինչպես ասում են, միշտ ենք սպասում»։  
17:13 - 09 մարտի, 2022
Պուտինը հրամանագիր է ստորագրել ապրանքների և հումքի արտահանման և ներմուծման սահմանափակումների մասին

Պուտինը հրամանագիր է ստորագրել ապրանքների և հումքի արտահանման և ներմուծման սահմանափակումների մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել արտաքին տնտեսական գործունեության ոլորտում ՌԴ անվտանգության ապահովման համար հատուկ միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ։ Գրում է ria.ru-ն։ Կառավարության ղեկավարը հանձնարարել է մինչեւ տարեվերջ արգելք դնել որոշ ապրանքների եւ հումքի երկրից դուրս արտահանման վրա․ դրանց ցանկը կորոշի կառավարությունը։«Արդյունաբերության անվտանգության ապահովման եւ անխափան գործունեության համար որոշում եմ... մինչեւ 2022-ի դեկտեմբերի 31-ը կիրառել հետեւյալ հատուկ տնտեսական միջոցները»,- ասված է հաղորդագրության մեջ։Հրամանի համաձայն՝ սահմանափակումը չի տարածվի այն ապրանքների ու հումքի վրա, որոնք ռուսները, օտարերկրացիները կամ էլ քաղաքացիություն չունեցող անձինք կներկրեն կամ կարտահանեն անձնական օգտագործման համար։
23:15 - 08 մարտի, 2022
Պուտինը Իսրայելի վարչապետին է ներկայացրել բանակցությունների երրորդ փուլի վերաբերյալ իր գնահատականները

Պուտինը Իսրայելի վարչապետին է ներկայացրել բանակցությունների երրորդ փուլի վերաբերյալ իր գնահատականները

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթի հետ, որի ընթացքում իր գնահատակններն է ներկայացրել ռուս-ուկրաինական բանակցությունների երրորդ փուլի վերաբերյալ, որ կայացել էր երեկ՝ երկուշաբթի օրը։ Ինչպես հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը, հեռախոսազրույցը տեղի է ունեցել իսրայելական կողմի նախաձեռնությամբ։ «Քննարկվել են իրավիճակի տարբեր ասպեկտներ՝ կապված Դոնբասի պաշտպանության համար ՌԴ-ի ռազմական հատուկ գործողության հետ։ Վլադիմիր Պուտինն իր գնահատականներն է ներկայացրել մարտի 7-ին Բելառուսում ռուսական պատվիրակության եւ ուկրաինական իշխանությունների ներկայացուցիչների միջեւ կայացած բանակցությունների երրորդ փուլի վերաբերյալ»,- ասված է հաղորդագրության մեջ։ Ինչպես նշել է Կրեմլի մամուլի ծառայությունը, ՌԴ նախագահն ու Իսրայելի վարչապետը պայմանավորվել են շարունակել այս խնդրի շուրջ երկխոսությունը։  Ուկրաինայում ՌԴ գործողություններից ի վեր սա Պուտինի ու Բենեթի միջեւ արդեն չորրորդ հեռախոսազրույցն է։
21:13 - 08 մարտի, 2022
Պուտինը Մակրոնին ասել է, որ պատրաստ է երկխոսել Կիևի հետ` Ռուսաստանի պահանջները կատարելու դեպքում

Պուտինը Մակրոնին ասել է, որ պատրաստ է երկխոսել Կիևի հետ` Ռուսաստանի պահանջները կատարելու դեպքում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այսօր կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Մոսկվայի և Կիևի միջև բանակցությունների ընթացքը։ Պուտինը պատրաստակամություն է հայտնել շարունակել երկխոսությունը Կիևի հետ, եթե վերջինս կատարի Ռուսաստանի պահանջները։ «Պատրաստակամություն է արտահայտվել շարունակելու երկխոսությունը ռուսական հայտնի պահանջների անվերապահ կատարման դեպքում», - հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը՝ նշելով, որ հեռախոսազրույցը կայացել է ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ։ Էմանուել Մակրոնն անհանգստություն է արտահայտել Ուկրաինայի տարածքում ատոմակայանների անվտանգության ապահովման վերաբերյալ։ Ի պատասխան՝ Վլադիմիր Պուտինը նշել է, որ օրերս Զապարոժիեի ատոմակայանում բռնկված հրդեհի համար պատասխանատվությունը «ռուս զինվորականների վրա գցելը ցինիկ քարոզչական արշավի տարր է»։ «Ռուսական զորքերն անվտանգության ծառայության ուկրաինական ստորաբաժանման և անձնակազմի հետ միասին շարունակում են ապահովել ատոմակայանի նորմալ գործունեությունը, ռադիոակտիվ ֆոնը նորմայի սահմաններում է։ Կայանի ֆիզիկական և միջուկային անվտանգությունը հուսալիորեն պաշտպանված է», - ասված է հաղորդագրությունում Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև հումանիտար հարցերին։ Պուտինը Կիևին մեղադրել է մարտական գործողությունների շրջանից խաղաղ բնակչության տարհանման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների չկատարման համար։ «Ֆրանսիայի նախագահին առաջարկվել է կրկին ակտիվորեն աշխատել Կիևի իշխանության հետ՝ միջազգային հումանիտար իրավունքի նորմերի պահպանման նպատակով», - ասված է Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրությունում։  
18:52 - 06 մարտի, 2022
Պուտինը Էրդողանին հայտնել է Ուկրաինայում ռազմական գործողությունը դադարեցնելու պայմանների մասին

Պուտինը Էրդողանին հայտնել է Ուկրաինայում ռազմական գործողությունը դադարեցնելու պայմանների մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում ասել է, որ Ուկրաինայում ռազմական գործողության դադարեցումը հնարավոր է միայն այն դեպքում, եթե Կիևը դադարեցնի ռազմական գործողությունները և կատարի Ռուսաստանի պահանջները։ «Ուշադրություն է հրավիրվել բանակցային գործընթացը ձգձգելու ցանկացած փորձի ապարդյունության վրա, որն օգտագործում են Ուկրաինայի ուժայինները՝ իրենց ուժերն ու միջոցները վերախմբավորելու համար։ Այս առումով ընդգծվել է, որ հատուկ գործողության կասեցումը հնարավոր է միայն այն դեպքում, եթե. Կիևը դադարեցնում է ռազմական գործողությունները և կատարում է Ռուսաստանի հայտնի պահանջները», - ասվում է Կրեմլի մամուլի հաղորդագրության մեջ։ Պուտինը հաստատել է Ուկրաինայի հետ երկխոսությունը շարունակելու Ռուսաստանի պատրաստակամությունը՝ հակամարտության կարգավորման համար։ «Հաստատվել է ուկրաինական իշխանությունների և օտարերկրյա գործընկերների հետ երկխոսության ռուսական կողմի պատրաստակամությունը՝ հակամարտությունը կարգավորելու նպատակով»։ Պուտինն ասել է, որ Ուկրաինայում Ռուսաստանի Դաշնության հատուկ ռազմական գործողությունն ընթանում է ըստ պլանի և նախատեսված ժամանակացույցի։ «Վլադիմիր Պուտինը տեղեկացրեց Դոնբասի պաշտպանության հատուկ ռազմական գործողության ընթացքի մասին, ուրվագծեց այս համատեքստում հիմնարար մոտեցումներն ու գնահատականները, մանրամասն բացատրեց դրված հիմնական նպատակներն ու խնդիրները։ Ընդգծվեց, որ հատուկ գործողությունն ընթանում է ըստ պլանի և ժամանակացույցին համապատասխան»։ Քաղաքացիական բնակչության անվտանգություն Պուտինն նշել է, որ Ռուսաստանի զինված ուժերը Ուկրաինայում գործողության ընթացքում անում են հնարավոր ամեն ինչ խաղաղ բնակչության անվտանգության համար։ «Ռուսական զինված ուժերն անում են հնարավոր ամեն ինչ՝ փրկելու և խաղաղ բնակչության անվտանգությունն ապահովելու համար, դիպուկ հարվածներ են հասցվում բացառապես ռազմական ենթակառուցվածքներին։ Այս ֆոնին ազգայնական, նեոնացիստական ​​կազմավորումների գործողությունները, որոնք շարունակում են Դոնբասի ինտենսիվ գնդակոծությունը և որպես «մարդկային վահան» Ուկրաինայի քաղաքներում և ավաններում օգտագործում են խաղաղ բնակիչներին, այդ թվում՝ օտարերկրացիներին, որոնք փաստացի պատանդ են վերցված»։ Պուտինը հույս է հայտնել, որ Կիևն ավելի կառուցողական մոտեցում կցուցաբերի Բելառուսում կայանալիք բանակցությունների երրորդ փուլին։ Էրդողանը քննադատորեն է գնահատել Արևմուտքի գործողությունները ռուսական մշակույթի գործիչների նկատմամբ։ «Հատկանշական է, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատական ​​գնահատական ​​է տվել ռուսական մշակույթի և նրա գործիչների նկատմամբ խտրականության մոլեգնած արշավին, որը մեծ թափ է հավաքում մի շարք արևմտյան երկրներում»,- ասվում է զեկույցում։ Պուտինն ու Էրդողանը պայմանավորվել են կապեր պահպանել երկրների(ՌԴ-ի և Թուրքիայի) դիվանագիտական ​​և ռազմական գերատեսչությունների միջոցով։ Կրեմլից նաև հայտնում են, որ Պուտինը «հաստատել է ռուսական կողմի պատրաստակամությունը՝ տրամադրելու բոլոր անհրաժեշտ միջոցները՝ ռազմական գործողությունների տարածքներից Թուրքիայի քաղաքացիների անվտանգ տարհանման համար»։
16:07 - 06 մարտի, 2022
Որեւէ երկրի կողմից Ուկրաինայի երկինքը ոչ թռիչքային գոտի սահմանելը ՌԴ-ն կդիտարկի որպես մասնակցություն ռազմական հակամարտությանը․ Պուտին

Որեւէ երկրի կողմից Ուկրաինայի երկինքը ոչ թռիչքային գոտի սահմանելը ՌԴ-ն կդիտարկի որպես մասնակցություն ռազմական հակամարտությանը․ Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր ասուլիսի ժամանակ ասել է, որ ՌԴ-ում չի պլանավորվում արտակարգ կամ ռազմական դրություն մտցնել։ Նա հայտարարել է, որ ոչ ժամկետային զինծառայողները, ոչ էլ նրանք, որոնք կանչվում են հավաքների, չեն ներգրավվելու Ուկրաինայում Ռուսստանի գործողություններին։ Նա անդրադարձել է իր ավելի վաղ հնչեցրած հայտարարությանը, ըստ որի՝ Ուկրաինայում ՌԴ-ի գործողությունները այդ երկրի դենացիֆիկացիայի համար են․  «Ինչ է նշանակում դենացիֆիկացիան։ Ահա, ես զրուցել եմ արեւմտյան գործընկերների հետ․ իսկ ի՞նչ կա, ձեզ մոտ նույնպես կան կան արմատականներ։ Այո՛, մեզ մոտ կան։ Բայց մեր կառավարությունում արմատականներ չկան։ Եւ բոլորը խոստովանում են, որ այնտեղ կան»։ Ինչ վերաբերում է Ուկրաինայի երկինքը փակելու վերաբերյալ քննարկումներին՝ ՌԴ նախագահը հայտարարել է, որեւէ երկրի կողմից Ուկրաինայի երկինքը ոչ թռիչքային գոտի սահմանելը ՌԴ-ն կդիտարկի որպես մասնակցություն ռազմական հակամարտությանը, եւ մեկ է, թե այդ երկրներն ինչ կառույցի անդամ կլինեն։ Պուտինի խոսքով՝ ուկրաինական գրեթե բոլոր ռազմական ենթակառուցվածքները ոչնչացվել են, այդ թվում ավիացիոն եւ հակաօդային պաշտպանության միջոցները։ Ըստ ՌԴ նախագահի՝ «նրանք [ուկրաինական կողմը,-խմբ․] պետք է հասկանան, որ եթե շարունակեն անել այն, ինչ անում են, հարցականի տակ են դնելու ուկրաինական պետության ապագան։ Եւ եթե դա տեղի ունենա, դա ամբողջությամբ նրանց խղճին կլինի»։
18:02 - 05 մարտի, 2022
Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որով քրեական պատասխանատվություն է սահմանվում ՌԴ զինված ուժերի վերաբերյալ կեղծ տեղեկություններ տարածելու համար

Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որով քրեական պատասխանատվություն է սահմանվում ՌԴ զինված ուժերի վերաբերյալ կեղծ տեղեկություններ տարածելու համար

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որով քրեական պատասխանատվություն է սահմանվում ՌԴ զինված ուժերի վերաբերյալ կեղծ տեղեկություններ տարածելու համար։ Փաստաթուղթը հրապարակված է իրավական տեղեկությունների պաշտոնական հարթակում։ Նախաձեռնությունը քննարկվել եւ հավանության է արժանացել Պետդումայում եւ Դաշնային խորհրդում։ ՌԴ քրեական օրենսգիրքը լրացվում է 207.3 հոդվածով՝ «ՌԴ զինված ուժերի կիրառման մասին ակնհայտորեն կեղծ տեղեկությունների տարածումը», որի համար նախատեսված է ազատազրկում մինչեւ 3 տարի կամ տուգանք՝ 1,5 ռուբլի։ Միեւնույն ժամանակ օրենքի խախտումը, որը կատարվել է պաշտոնեական դիրքի չարաշահմամբ, շահադիտական նպատակներով, հիմնված քաղաքական, գաղափարական, ռասայական, ազգային կամ կրոնական ատելության կամ թշնամանքի վրա, պատժվում է ազատազրկմամբ մինչեւ 10 տարի կամ 5մլն ռուբլի տուգանքով։ Եթե կեղծ տեղեկությունը հանգեցրել է ծանր հետեւանքների, ազատազրկումը 10-ից 15 տարի է։ Ինչպես նիստի ժամանակ նշել է Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը, օրենքի ընդունումը պետք է օբյեկտիվ տեղեկության տրամադրման համար, որպեսզի «քաղաքացիներին եւ երկիրը պաշտպանեն ստից, որն առաջին հերթին հոսում է այն տեղեկատվական ռեսուրսներից, որոնց վրա դրսից են ազդում»։ Նա միաժամանակ ստորագրել է օրենք, որը թույլ է տալիս պատժամիջոցներ կիրառել այն օտարերկրացիների նկատմամբ, ովքեր կխախտեն Ռուսաստանի քաղաքացիների իրավունքները։ 
23:46 - 04 մարտի, 2022
 Պուտինը Շոլցի հետ զրույցում ընդգծել է, որ Ուկրաինայում ռազմական հատուկ գործողության նպատակներն ու խնդիրներն անպայման կիրագործվեն

Պուտինը Շոլցի հետ զրույցում ընդգծել է, որ Ուկրաինայում ռազմական հատուկ գործողության նպատակներն ու խնդիրներն անպայման կիրագործվեն

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Գերմանիայի կանցլեր Օլավ Շոլցի միջեւ հեռախոսազրույցը Բեռլինի նախաձեռնությամբ է կայացել։ Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ ասվում է, որ Շոլցն իր մտահոգությունն է հայտնել Ուկրաինայի տարածում ռուս եւ ուկրաինացի զինվորականների ակտիվ ռազմական գործողությունների, կողմերի ռազմական կորուստների եւ խաղաղ բնակիչների շրջանում զոհերի առնչությամբ։ Ի պատասխան՝ Պուտինը հիշեցրել է, որ Արեւմուտքն ութ տարվա ընթացքում աչք է փակել Դոնբասում մոտ 14 հազար մարդկանց, այդ թվում՝ երեխաների մահվան վրա, այն ցեղասպանության վրա, որը Կիեւն իրագործել է հարավ-արեւելքի բնակիչների նկատմամբ։ Ռուսաստանի ղեկավարն ընդգծել է, որ Ուկրաինայում ռազմական հատուկ գործողության նպատակներն ու խնդիրներն անպայման կիրագործվեն։ Միեւնույն ժամանակ Պուտինն ընդգծել է, որ Կիեւում եւ այլ խոշոր քաղաքներում իբրեւ թե գնդակոծությունների մասին տեղեկատվական լցոնումները քարոզչական կոպիտ կեղծիքներ են։ Բացի դրանից՝ ՌԴ նախագահն իր զրուցակցին տեղեկացրել է, որ Ուկրաինայում հիմնական վտանգը գալիս է նեոնացիստների զինված կազմավորումներից, որոնք ռազմական հանցագործություններ են կատարում, կիրառում են ահաբեկչական մեթոդներ, բնակելի թաղամասերում տեղակայում են հարվածային զենքեր եւ խաղաղ բնակչությանն օգտագործում որպես վահան՝ ցինիկաբար թաքնվելով նրանց հետեւում։ Նախագահը նշել է, որ նման դեպքերն ավելի են շատանում։ Իսկ պաշտոնական Կիեւը, ընդգծել է Պուտինը, չի կատարում այդ բարբարոսությունը դադարեցնելու իր խոստումը։ Պուտինի խոսքով՝ ռադիկալներն ավելի քան 6 հազար օտարերկրյա քաղաքացիների պատանդ են վերցրել, մեծ մասամբ ուսանողների։ՌԴ նախագահն ասել է, որ նրանք օտարերկրացիներին օգտագործում են որպես կենդանի վահան եւ զենքի օգնությամբ կանխում երկիրը լքելու նրանց փորձերը։ Պուտինը որպես ահավոր փաստ՝ հիշատակել է Սումի քաղաքում օտարերկրյա ուսանողների հանրակացարանի գնդակոծությունը նեոնացիստների կողմից։ Նա նշել է, որ այդ գնդակոծության հետեւանքով վիրավորներ կան։ Նախագահ Պուտինը Շոլցին խնդրել է օգտագործել իր ազդեցությունը Կիեւի իշխանությունների վրա՝ օտարերկրացիների շուտափույթ ազատմանն ու նրանց անվտանգ տարհանմանը հասնելու համար։ Բացի դրանից, շարունակել է Պուտինը, Ուկրաինայում ավելի հաճախ է արձանագրվում վարձկանների հայտնվելը այլ երկրներից, օրինակ՝ մարտիկներ Ալբանիայից, Խորվաթիայից, Կոսովոյից եւ մարտական փորձ ունեցողներ՝ Սիրիայից։ Պուտինն ու Շոլցը հույս են հայտնել, որ Կիեւի ներկայացուցիչները բանակցությունների երրորդ փուլում խելամիտ եւ կառուցողական դիրքորոշում կունենան։ Պուտինը հույս ունի նաեւ, որ կհաջողվի պայմանավորվել հակամարտության գոտուց խաղաղ բնակիչներին դուրս հանելու մարդասիրական միջանցքների ստեղծման աշխատանքների շուրջ։ Գերմանիայի կանցլերն ու ՌԴ նախագահը պայմանավորվել են շարունակել շփումը։
22:55 - 04 մարտի, 2022