Արցախ

Արցախի Հանրապետություն կամ Լեռնային Ղարաբաղ․ 1991թ․ սեպտեմբերի 2-ին անկախացած հանրապետություն։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո Արցախում տեղակայվել են ՌԴ խաղաղապահ ուժերը։ Ներկայումս  Արցախի  վերահսկողության տակ է նախկին Խորհրդային Միության կազմի մեջ մտնող Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը՝ բացառությամբ Հադրութի շրջանի և Շուշիի շրջանի Շուշի և Քարին տակ բնակավայրերի։

Մայրաքաղաքը Ստեփանակերտն է։ Գործող նախագահը Արայիկ Հարությունյանն է։

Արցախի Հանրապետության անկախությունը դեռեւս չի ճանաչել ՄԱԿ անդամ որեւէ պետություն։

ՍԾՏՀ-ի նախկին գլխավոր քարտուղարն ահազանգում է Արցախից գրավված տարածքներում Բաքվի մշակութային ֆաշիզմի մասին

ՍԾՏՀ-ի նախկին գլխավոր քարտուղարն ահազանգում է Արցախից գրավված տարածքներում Բաքվի մշակութային ֆաշիզմի մասին

Արցախում հայկական մշակութային ժառանգության դեմ սպառնալիքների վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել Հայաստանում Հունաստանի առաջին դեսպան, Սևծովյան տնտեսական համագործակցությունում (ՍԾՏՀ) նախկին գլխավոր քարտուղար Լեոնիդաս Խրիզանթոպուլոսը՝ նշելով, որ Արցախից գրավված տարածքներում գտնվող հայկական տաճարներում՝ հայկական ներկայության ոչնչացման նպատակով Ադրբեջանի կողմից աշխատանքային խմբի ստեղծումը հանդիսանում է մշակութային ֆաշիզմ։ Հայտարարության հայերեն թարգմանությունը «Ֆեյսբուք»-ի իր էջում ներկայացրել է Հունաստանում Հայաստանի դեսպանությունը։ Լեոնիդաս Խրիզանթոպուլոսը հայտարարության մեջ նշել է. «Բաքվի կողմից վերջին պատերազմի արդյունքում Արցախից գրավված տարածքներում գտնվող հայկական տաճարներում՝ հայկական ներկայության ոչնչացման նպատակով Ադրբեջանի կողմից աշխատանքային խմբի ստեղծումը հանդիսանում է մշակութային ֆաշիզմ: Քրիստոնեական տաճարների Կովկասի ալբանացիներին պատկանելու պատրվակով այդ խումբը պետք է որոշի, որ տաճարներից պետք է վերացվի հայկական ներկայությունը: Կովկասի Ալբանական եկեղեցին եղել է ինքնավար եկեղեցի: Այն ստեղծվել է կարճ ժամանակով հինգերորդ դարում և 705 թ-ին ենթարկվել հայկական առաքելական եկեղեցուն: Ալբանական այբուբենը ստեղծվել է Մեսրոպ Մաշտոցի կողմից, ով ստեղծել է հայկական այբուբենը 405 թվականին և միառժամանակ հետո ստեղծել ալբանականը: Հետևաբար անհնարին է, որ Հայկական եկեղեցին իր իսկ օգտին համար օգտագործեր ալբանական տաճարները: Բաքվի նպատակն է իրականացնել մշակութային ցեղասպանություն, և դրա համար նա պետք է դատապարտվի»։
11:32 - 06 փետրվարի, 2022
Արթուր Վանեցյանը և Տիգրան Աբրահամյանը հանդիպել են Արցախի խորհրդարանի «Արդարություն» խմբակցության ներկայացուցիչներին

Արթուր Վանեցյանը և Տիգրան Աբրահամյանը հանդիպել են Արցախի խորհրդարանի «Արդարություն» խմբակցության ներկայացուցիչներին

Փետրվարի 5-ին ՀՀ Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը և խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը Երևանում հանդիպել են Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանին և խմբակցության քարտուղար Մետաքսե Հակոբյանին: Այս մասին տեղեկացնում են «Պատիվ ունեմ» խմբակցությունից։Կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը, Արցախի Հանրապետության անվտանգությանը, սոցիալական պաշտպանության ապահովմանը, երկու խմբակցությունների համագործակցությանը, ինչպես նաև Արցախի Հանրապետության Ազգային ժողովում շրջանառության մեջ դրված «Բռնազավթված տարածքների մասին» ԱՀ օրենքի նախագծին վերաբերող հարցեր:Պատգամավորները պայմանավորվել են առաջիկայում տարբեր ձևաչափերով կազմակերպել քննարկումներ Արցախի Հանրապետության ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման և Արցախի անվտանգության ամրապնդման հարցերի շուրջ:
18:03 - 05 փետրվարի, 2022
ԿԽՄԿ-ն ակնկալում է շարունակել մարդասիրական աշխատանքը Լեռնային Ղարաբաղում |azatutyun.am|

ԿԽՄԿ-ն ակնկալում է շարունակել մարդասիրական աշխատանքը Լեռնային Ղարաբաղում |azatutyun.am|

azatutyun.am: Կարմիր խաչի միջազգային կոմիտեից (ԿԽՄԿ) առայժմ հրաժարվում են մեկնաբանել՝ արդյոք կազմակերպությունը շարունակելո՞ւ է իր աշխատանքն Արցախում, թե՝ ոչ։ ԿԽՄԿ Հայաստանի գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին՝ անդրադառնալով հարցին, «Ազատությանն» ասաց, որ կոմիտեի Ստեփանակերտի գրասենյակն այս պահի դրությամբ ամբողջ ծավալով աշխատում է, շարունակում են աջակցել հակամարտությունից տուժած բնակիչներին։ «Ինչ վերաբերում է հետագային, այս պահին որևէ մեկնաբանություն չենք կարող անել։ Կարող ենք փաստել, որ գրասենյակն աշխատում է և պլանավորած ծրագրերով կարողանում է այս պահի դրությամբ իրականացնել իր աշխատանքները», - տեղեկացրեց Ամատունին: Կազմակերպության Հայաստանի գրասենյակից չեն մեկնաբանում նաև, թե ինչպես են սահմանափակվում գրասենյակի աշխատանքներն Արցախում։ Որ Բաքուն Լեռնային Ղարաբաղում փորձում է խոչընդոտել նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատանքները, հայտնի դարձավ 3 օր առաջ։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ ադրբեջանական Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատանքն է ցանկանում խաթարել, ըստ էության, սահմանափակվում է կազմակերպության մուտքն ու ելքը Արցախ։ Նույն օրը պաշտոնական Բաքուն էլ փաստացի չէր հերքել Երևանից հնչող հայտարարությունը։ Շարունակությունը՝ azatutyun.am կայքում
17:50 - 05 փետրվարի, 2022
ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչը վստահեցնում է՝ Արցախը եղել է և կմնա իրենց մշտական ուշադրության կենտրոնում |armenpress.am|

ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչը վստահեցնում է՝ Արցախը եղել է և կմնա իրենց մշտական ուշադրության կենտրոնում |armenpress.am|

armenpress.am: Հայ յեղափոխական դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատրյանը վստահեցնում է՝ ՀՅԴ-ի համար Արցախի խնդիրը եղել է և կմնա առանցքային, մշտական ուշադրության կենտրոնում: Բյուրոյի ներկայացուցիչն այս մասին ասաց «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցության 131-ամյակին նվիրված պաշտոնական հանդիսության իր ելույթում: Նա նշեց՝ 2021-ին կենտրոնացել են վերականգնման աշխատանքների վրա: «ՀՅԴ աշխարհասփյուռ ընտանիքն՝ իր Հայ դատի կառույցներով, ուղեկից միություններով, երիտասարդական միավորներով և համակիր շրջանակով հավելյալ թափով լծվեց Արցախի դատը հետապնդելու և Արցախը վերականգնելու գործին»,-ասաց նա: Ըստ Տեր-Խաչատրյանի՝ պատերազմը դեռ բոլոր ճակատներով և դրսևորումներով շարունակվում է անկայուն հրադադարի քողի տակ: Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցին՝ նա նշեց, որ իրենք, ըստ էության, դեմ չեն հարաբերությունների հաստատմանը,սակայն դրանք չպետք է լինեն նախապայմաններով, չպետք է նահանջ լինի հայ ժողովրդի անժամանցելի իրավունքներից, այդ հարաբերությունները չպետք է կարգավորվեն պարտադրանքի տակ: Տեր-Խաչատրյանի խոսքով, սակայն, իրենք Թուրքիայի կողմից առաջ քաշված նախապայմաններ են տեսնում: 
16:50 - 05 փետրվարի, 2022
ԵՄ-ն պատրաստ է տեխնիկական աջակցություն ցուցաբերելու սահմանների սահմանազատման գործընթացին. ԵՄ հանձնակատար |1lurer.am|

ԵՄ-ն պատրաստ է տեխնիկական աջակցություն ցուցաբերելու սահմանների սահմանազատման գործընթացին. ԵՄ հանձնակատար |1lurer.am|

1lurer.am: Եվրամիության հարևանության և ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Օլիվեր Վարհելին և էներգետիկայի հարցերով եվրահանձնակատար Քադրի Սիմսոնը փետրվարի 4-ին այցելել են Ադրբեջան՝ մասնակցելու է «Հարավային գազային միջանցքի» խորհրդատվական խորհրդի 8-րդ նիստին։ Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումից հետո մամուլի ասուլիսին Վարհելին նշել է, որ քննարկումներն ընթացել են երեք հիմնական ուղղություններով: «ԵՄ-ն հաստատում է հանձնառությունը Ադրբեջանի հետ ամուր ռազմավարական էներգետիկ գործընկերությանը»,- նշել է հանձնակատարը՝ ընդգծելով Եվրոպայում էներգետիկ ռեսուրսների պակասը և հուսալի գործընկերներ գտնելու անհրաժեշտությունը, որոնցից մեկը, ըստ նրա՝ Ադրբեջանն է: Վարհելիի խոսքով՝ «Հարավային գազային միջանցքը» կարևոր նշանակություն ունի Եվրոպայի էներգետիկ անվտանգության համար։ Հանձնակատարը հույս է հայտնել, որ Ադրբեջանից էներգակիրների մատակարարումները կավելանան ոչ միայն դեպի Եվրոպա, այլև դեպի Արևմտյան Բալկաններ։ Երկրորդ կարևոր հարցը եղել է Ադրբեջանի տնտեսության մեջ եվրոպական ներդրումները: Վարհելիի խոսքով՝ դրանք ուղղված կլինեն տնտեսության բազմազանեցմանը, կայուն աճին, կանաչ տնտեսությանը, ինչպես նաև տարածաշրջանի ներսում կապերի զարգացմանը: Նշվում է, որ ծրագրի շրջանակում առաջին նախագիծն արդեն իրականացվել է: Այն ենթադրում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի 12 միլիոն եվրոյի վարկ և ուղղված է գյուղատնտեսական ձեռնարկատիրության զարգացմանը: Հաջորդ ներդրումները նախատեսվում են ջրի մաքրման և թափոնների հեռացման, կանաչ էներգետիկայի, վերականգնվող էներգիայի աղբյուրների, կապի ոլորտներում, փոքր և միջին բիզնեսի աջակցությանը, հետազոտությունների իրականացմանը: «Քննարկումների արդյունքում մենք հանգեցինք այն եզրակացության, որ Եվրոպան կարող է միջազգային ֆինանսական գործընկերների, Եվրոպական ներդրումային բանկի և ՎԶԵԲ-ի հետ առնվազն 2 մլրդ եվրո ներդրում կատարել Ադրբեջանում»,- հայտնել է Վարհելին: Բանակցությունների երրորդ ուղղությունը եղել է Հարավային Կովկասում խաղաղության ու բարգավաճման անհրաժեշտությունը: «Մենք պատրաստ ենք աջակցելու հաշտեցման ջանքերին, որոնք ուղղված են հակամարտությունից հետո երկու կողմերի միջև լարվածության նվազեցմանը: Պատրաստ ենք տրամադրելու տեխնիկական աջակցություն սահմանների սահմանազատման և սահմանագծման գործընթացին, ներդրում ունենալ ականազերծման գործում, և մենք կշարունակենք ֆինանսական աջակցություն ցուցաբերել այդ ջանքերին»,- նշել է Վարհելին՝ հավելելով, որ Եվրամիությունը կշարունակի կողմերին աջակցելու նոր ուղիներ փնտրել:
14:06 - 05 փետրվարի, 2022
Ռուս խաղաղապահներն ամփոփել են Լեռնային Ղարաբաղում վերջին մեկ ամսվա գործունեության արդյունքները. ՌԴ ՊՆ  |tert.am|

Ռուս խաղաղապահներն ամփոփել են Լեռնային Ղարաբաղում վերջին մեկ ամսվա գործունեության արդյունքները. ՌԴ ՊՆ |tert.am|

tert.am: v class="inner-content__left inner-content__left--770 fl"> Ռուսական խաղաղապահ առաքելության զինծառայողներն ամփոփել են վերջին մեկ ամսում Լեռնային Ղարաբաղի Ասկերանի, Մարտակերտի, Մարտունիի շրջաններում և Լաչինի միջանցքում իրենց գործունեության արդյունքները: Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում:«Ռուս խաղաղապահներն այս տարվա հունվարին ապահովել են հումանիտար ուղեբեռով շարասյուների անվտանգ անցումը, ուխտավորների այցելությունն Ամարաս, հերթապահությունը կողմերի միջև սահմանազատման գծի երկայնքով, տեղանքի և կառույցների ականազերծումը, ինչպես նաև ոչնչացրել են չպայթած զինամթերքը»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:Խաղաղապահները նաև ավելի քան 30 մարդասիրական ակցիա են կազմակերպել, որոնց ընթացքում ավելի քան 500 կգ հումանիտար բեռ է փոխանցվել տեղահանված անձանց և կարիքավոր ընտանիքներին, այդ թվում և բազմազավակ:Նշվում է, որ խաղաղապահները շարունակում են առաջադրանքներ կատարել Լեռնային Ղարաբաղում հրադադարի մասին  պայմանավորվածությունների իրագործման ընթացքը վերահսկելու ուղղությամբ: Շարունակությունը՝ tert.am կայքում
14:02 - 05 փետրվարի, 2022
Արցախում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 74 նոր դեպք, հիվանդներից 5- ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր

Արցախում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 74 նոր դեպք, հիվանդներից 5- ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր

Արցախի հանրապետությունում վերջին մեկ օրում կատարվել 190 թեստավորում, գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 74 նոր դեպք: Արցախի առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ կորոնավիրուսային հիվանդությամբ ներկայում ստացիոնար բուժում է ստանում 23 վարակակիր: Բժիշկները 5 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 15-ինը՝ ծանր: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։ 2022 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 2715 քաղաքացու հետազոտություն, որից 421-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։ Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար:
12:00 - 05 փետրվարի, 2022
Արցախի ԱԺ-ն արտահերթ նիստ է գումարել․ ընդունվել է սահմանադրական փոփոխությունների նախագիծ

Արցախի ԱԺ-ն արտահերթ նիստ է գումարել․ ընդունվել է սահմանադրական փոփոխությունների նախագիծ

Արցախի Հանրապետության Սահմանադրության 114-րդ հոդվածի 2-րդ մասի և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն Հանրապետության նախագահի նախաձեռնությամբ  փետրվարի 4-ին գումարվել է  Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ՝ նախաձեռնողի սահմանած հետևյալ օրակարգով` ««Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծ։ Այս մասին հայտնում են ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից։ Հիմնական զեկուցողը  ԱՀ արդարադատության նախարար Ժիրայր Միրզոյանն էր: Նա ներկայացրել է կարգավորման անհրաժեշտությունը: Նախագծի ընդունմամբ Ազգային ժողովի կողմից ընդունված Արցախի Հանրապետության Սահմանադրության մեջ փոփոխությունները հրապարակվելու է Ազգային ժողովի կողմից։ Ըստ կարգավորման՝ Ազգային ժողովի նախագահն Ազգային ժողովի որոշմամբ ընդունված Սահմանադրության փոփոխությունները հրապարակում է մեկ շաբաթվա ընթացքում: ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սևակ Աղաջանյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը, որից հետո նախագիծը քվեարկության է դրվել, և 24 կողմ, 2 ձեռնպահ ձայների համամասնությամբ այն ընդունվել է որպես օրենք։
12:55 - 04 փետրվարի, 2022
Ճարտարի բնակչին սպանած ադրբեջանցի զինծառայողի նկատմամբ հետախուզում է հայտարարվել. Արցախի ՔԿ

Ճարտարի բնակչին սպանած ադրբեջանցի զինծառայողի նկատմամբ հետախուզում է հայտարարվել. Արցախի ՔԿ

 Ճարտար համայնքի բնակչին սպանած ադրբեջանցի զինծառայողի նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի քննչական կոմիտեն: «2021թ. դեկտեմբերի 4-ին հաջորդաբար տեղեկություններ էինք տարածել ազգային ատելության շարժառիթով Ադրբեջանի Հանրապետության մի խումբ զինծառայողների կողմից 2021թ. դեկտեմբերի 3-ին ԱՀ Մարտունու շրջանի Ճարտար համայնքի վարչական տարածքից կյանքի և առողջության համար վտանգավոր բռնության գործադրմամբ նշված վայրում անասնապահությամբ զբաղվող նույն համայնքի բնակիչ՝ 1956թ. ծնված Սեյրան Սմբատի Սարգսյանին բացահայտ առևանգելու և Ադրբեջանի Հանրապետության ԶՈՒ մարտական դիրք տեղափոխելու ու ազգային ատելության շարժառիթով դիտավորությամբ կյանքից զրկելու հանցադեպի մասին: Հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացված աշխատանքների արդյունքում պարզվել է, որ Սեյրան Սարգսյանին սպանած անձը հանդիսանում է Ադրբեջանի Հանրապետության ԶՈՒ զինծառայող, շարքային Ռահիմզադե Դավիթ Գաբիլ Օղլին»,- նշված է հաղորդագրության մեջ: ԱՀ քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 7-րդ և 14-րդ կետերով և ԱՀ քրեական օրենսգրքի 129-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված հանցագործության կատարման համար 2022թ. փետրվարի 1-ին Ռահիմզադե Դավիթ Գաբիլ Օղլին ներգրավվել է որպես մեղադրյալ և նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին հարուցելու միջնորդությունը Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից բավարարվել է:Մեղադրյալ Ռահիմզադե Դավիթ Գաբիլ Օղլու նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Նախաքննությունը շարունակվում է:  
18:35 - 03 փետրվարի, 2022
ՀՀ բնակչության 35%-ի համար ԼՂ հակամարտության ընդունելի լուծումը ԼՂ-ի՝ որպես անկախ պետության ճանաչումն է

ՀՀ բնակչության 35%-ի համար ԼՂ հակամարտության ընդունելի լուծումը ԼՂ-ի՝ որպես անկախ պետության ճանաչումն է

ՀՀ բնակչության 35%-ի համար Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընդունելի լուծումը ԼՂ-ի՝ որպես անկախ պետության ճանաչումն է, 34%-ը կողմ է ԼՂ-ի միացմանը Հայաստանին՝ որպես ՀՀ մարզ։ Այս մասին տեղեկանում ենք Միջազգային հանրապետական ինտիտուտի կատարած հարցումից, որը վերաբերում է ՀՀ բնակչության շրջանում հանրային կարծիքի ուսումնասիրմանը: Տվյալները հավաքվել են 2021 թ․-ի նոյեմբերի 22-ից դեկտեմբերի 5-ը ընկած ժամանակահատվածում։ Հարցմանը մասնակցել է 1512 չափահաս քաղաքացի՝ ՀՀ բոլոր մարզերից եւ մայրաքաղաք Երեւանից։ 16%-ը կողմ է, որ ԼՂ-ն Հայաստանի կազմում ինքնավար մարզի կարգավիճակ ստանա։ ՌԴ կազմում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակին կողմ է հարցվածների 11%-ը, Լեռնային Ղարաբաղի ներկայիս ստատուս քվոն պահպանելուն կողմ է հարցվածների 1%-ը։ Ո՞րը կլինի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ընդունելի լուծումը Հարցին, թե որքանով է կարևոր Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը Հայաստանի ապագայի համար հաջորդ 10 տարիներին, հարցվածների 82%-ը պատասխանել են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը Հայաստանի համար շատ կարևոր է, 14%-ը համարել է, որ մասամբ կարևոր է, 1% համարել է, որ մասամբ կարևոր չէ, 2%-ը համարել է, որ ընդհանրապես կարևոր չէ։ Որքանո՞վ է կարևոր Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծումը Հայաստանի ապագայի համար առաջիկա 10 տարիներին      
17:16 - 03 փետրվարի, 2022
Ադրբեջանցիների կողմից ազգային ատելության շարժառիթով կատարված հանցագործություններն Արցախի ՔԿ-ում վարույթ են ընդունվել

Ադրբեջանցիների կողմից ազգային ատելության շարժառիթով կատարված հանցագործություններն Արցախի ՔԿ-ում վարույթ են ընդունվել

ԱՀ ՔԿ տարածքային քննչական վարչության Մարտունու շրջանի քննչական բաժնում վարույթ են ընդունվել ԱՀ Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերից անհայտ անձի /անձանց/ կողմից հանրավտանգ եղանակով, ազգային ատելության շարժառիթով, դիտավորությամբ 2021թ. հունվարի 10-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, հրաձգային զինատեսակներից Թաղավարդ գյուղի ուղղությամբ կրակոցներ արձակելու և նույն համայնքի 1999թ. ծնված բնակչի առանձնատանը զգալի չափերի գույքային վնաս պատճառելու, 1956թ. ծնված բնակչին պատկանող ավտոմեքենաներից մեկը ոչնչացնելու, իսկ մյուսը վնասելու արդյունքում խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու, ինչպես նաև 1955թ. ծնված բնակչի խոշոր եղջերավոր անասունը վնասելու և զգալի չափերի գույքային վնաս պատճառելու դեպքերի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 33-191 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով հարուցված քրեական գործերը։ Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
16:09 - 03 փետրվարի, 2022
Նախագահ Հարությունյանը հետևել է տեղահանված բնակիչների համար կառուցվող նոր բնակավայրերի շինաշխատանքների ընթացքին

Նախագահ Հարությունյանը հետևել է տեղահանված բնակիչների համար կառուցվող նոր բնակավայրերի շինաշխատանքների ընթացքին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այցելել է Ասկերանի շրջանի Նորագյուղ, Հովսեփավան, Աստղաշեն և Այգեստան համայնքների վարչական տարածքներ, որտեղ կառուցվում են բնակելի առանձին թաղամասեր՝ նախատեսված 2020 թվականին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով Հադրութի շրջանի Ազոխ, Դրախտիկ, Շուշիի շրջանի Քարին տակ, Ասկերանի շրջանի Ավետարանոց, Սղնախ, Ջրաղացներ, Մոշխումհատ և Մադաթաշեն բռնազավթված համայնքներից տեղահանված բնակիչների համար։ Երկրի ղեկավարը ծանոթացել է բնակարանաշինական աշխատանքների ընթացքին, քաղաքաշինության պատասխանատուների հետ տեղերում քննարկել առկա խնդիրները։ «Երկու, երեք, չորս և հինգ սենյականոց ավելի քան 700 կառուցվող առանձնատներից յուրաքանչյուրին տնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով նախատեսված է հատկացնել 1200-1500ք/մ մակերես ունեցող տնամերձ հողատարածքներ։ Նոր բնակավայրերի և բնակելի թաղամասերի տարածքներում կիրականացվեն  կանաչապատման աշխատանքներ, ինչպես նաև կհիմնվեն պտղատու այգիներ և ջերմոցային տնտեսություններ, ինչը թույլ է տալու հիմնարար լուծում տալ բնակիչների զբաղվածության հարցին»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Պետական և բարեգործական միջոցներով կառուցվող բնակարանները նախատեսվում է շահագործման հասցնել մի քանի փուլով։ Տեղահանված ընտանիքների զգալի մասի բնակարանային ապահովության խնդիրը լուծված կլինի արդեն ընթացիկ տարում։ Նշվում է, որ նախագահ Հարությունյանը հանձնարարել է  շինարարության պատասխանատուներին և համապատասխան պետական ու համայնքային կառույցներին հնարավորինս արագ տեմպերով և կարճ ժամանակահատվածում ավարտին հասցնել շինարարական աշխատանքները՝ խստորեն պահպանելով որակական բարձր չափանիշները։ Այցի ընթացքում նախագահին ուղեկցել է քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը։
18:44 - 02 փետրվարի, 2022
Հայաստանը պատրաստ է և իսկապես ցանկանում է կառուցել խաղաղություն մեր տարածաշրջանում և լուծել բոլոր կնճռոտ հարցերը. ՀՀ ԱԳ նախարար

Հայաստանը պատրաստ է և իսկապես ցանկանում է կառուցել խաղաղություն մեր տարածաշրջանում և լուծել բոլոր կնճռոտ հարցերը. ՀՀ ԱԳ նախարար

ՀՀ ԱԳՆ-ն ներկայացրել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի խոսքը և պատասխանները լրագրողների հարցրեին Ավստրիայի ԱԳ նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ: Բարև ձեզ, հարգելի՛ գործընկերներ,Հարգելի՛ պարոն նախարար, պարո՛ն Շալենբերգ, Ողջունում եմ Ձեր այցը Երևան, Հայաստանի Հանրապետություն: Հատկանշական է և շատ ուրախալի, որ այս այցը համընկնում է մեր երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի հետ, և ուրախությամբ պետք նկատեմ, որ այս 30 տարիների ընթացքում բազմաթիվ համատեղ ծրագրեր են իրականացվել․ կա քաղաքական, տնտեսական և մշակութային երկխոսության ու համագործակցության լուրջ փորձ: Անշուշտ, մենք չենք իրացրել այն ողջ ներուժը, որը կա մեր երկու երկրների միջև հարաբերություններում, և ես մեծ հույս ունեմ, որ այս այցը խթան կհանդիսանա, որպեսզի այդ ուղղությունով առաջ շարժվենք՝ անցնենք մեր միջև հարաբերությունների հաջորդ փուլին։ Այս առումով ուրախալի է նկատել, որ պարոն Շալենբերգին ուղեկցում է ավստրիական լուրջ բիզնես պատվիրակություն, և մենք այստեղ վաղը ունենք հայ-ավստրիական բիզնես ֆորումի բացում և աշխատանքներ։ Եվ նաև ուզում եմ ևս մեկ հատկանշական փաստ ներկայացնել. մենք այս այցի ընթացքում համատեղ կբացենք Ավստրիական զարգացման գործակալության գրասենյակը Երևանում, և այս գործակալությունը ևս կլինի այն կարևոր միջոցներից մեկը, որով մեր համագործակցությունը կշարունակվի: Ուզում եմ մեր գործընկերներին, Ձեր թույլտվությամբ, պարո՛ն նախարար, տեղեկացնել, որ մենք քիչ առաջ ունեցել ենք համատեղ քննարկում, որտեղ անդրադարձել ենք և՛ երկկողմ հարաբերություններին և՛ տարածաշրջանին և ընդհանրապես՝ աշխարհում տեղի ունեցող վերջին զարգացումներին: Ես կիսվել եմ նախարար Շալենբերգի հետ մեր տարածաշրջանում տեղի ունեցած զարգացումներով՝ և՛ Լեռնային Ղարաբաղին, և՛ Հայաստան-Ադրբեջան սահմանին առնչվող բոլոր խնդիրներով։ Տեղեկացրել եմ նաև Հայաստան-Թուրքիա երկխոսության վերջին զարգացումների մասին: Ուրախությամբ պիտի նկատեմ, որ պարոն Շալենբերգը, վստահ եմ՝ իր ելույթում ևս կնշի, միանշանակ ողջունում և սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափինվ և նրանց ջանքերին՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի դեռ չլուծված հակամարտության կարգավորմանը։ Նա նաև իր աջակցությունն է հայտնել բոլոր առկահումանիտար խնդիրների լուծմանը, ինչպիսիք են մեր ռազմագերիների հարցը և մշակութային հուշարձանների պահպանման ու հասանելիության հարցը։ Մենք այսօր նաև հարցուպատասխանի հնարավորություն կունենանք։ Խոսքս փոխանցում եմ իմ գործընկերոջը։ Համեցե՛ք, խնդրեմ։ ՀՀ ԱԳ նախարարի արձագանքը՝ Ավստրիայի ԱԳ նախարարի ելույթից հետո Շնորհակալ եմ ջերմ խոսքերի համար, պարո՛ն նախարար։ Ես հուսով եմ, որ Դուք այս անգամ Երևանից գնալիս ինձ հրաժեշտ կտաք ոչ միայն որպես գործընկերոջ, այլև՝ որպես ընկերոջ։ Եվ նաև, ուզում եմ կրկին ընդգծել բիզնես համայնքների միջև համագործակցության կարևորությունը և ասել, որ Հայաստանը ժողովրդավարական երկիր է, Հայաստանն ազատ և իրապես մրցակցային շուկա ունեցող, շուկայական տնտեսական հարաբերություններ ունեցող երկիր է։ Հայաստանը մի երկիր է, որն անհաշտ պայքար է մղում կոռուպցիայի դեմ, և այս առումով կարծում եմ, որ ավստրիացի գործարարների համար անհրաժեշտ պայմանները ստեղծված են՝ իրենց հետաքրքրություններն իրականացնելու համար։ Այժմ Ձեր թույլտվությամբ անդրադառնանք հարցերին։ Հարց. Հարցս կցանկանայի ուղղել Ավստրիայի արտաքին գերատեսչության ղեկավարին: Պարո՛ն նախարար, արցախյան երկրորդ պատերազմից հետո հանրապետությունում առկա են մի շարք հումանիտար բնույթի խնդիրներ: Խոսքը, առաջին հերթին, բնականաբար, գերիների և քաղաքացիական անձանց մասին է, որոնք շարունակում են պահվել Բաքվում․ չնայած տարբեր հորդորների, Ադրբեջանը հրաժարվում է մարդկանց վերադարձնել Հայաստան: Երկրորդ կարևոր խնդիրը դա միջազգային հումանիտար կառույցների մուտքի արգելափակումն է Արցախի Հանրապետություն: Այդ կառուցները, ցավոք սրտի, հնարավորություն չունեն աշխատելու այդ տարածքներում: Ինչպիսի՞ն եք Դուք տեսնում միջազգային հանրության դերակատարումը այս երկու՝ Հայաստանի համար երկու կարևոր հարցերի հանգուցալուծման առումով: Շնորհակալություն: Արարատ Միրզոյան. Թեև հարցը ինձ չէր ուղղված, այնուամենայնիվ ես էլ արձագանքեմ, որովհետև պարոն նախարարը չափազանց կարևոր բաներ ասեց, ես ուզում եմ փոքրիկ լրացում անել։ Իսկապես, որքան էլ որ միջազգային հանրությունն իր գործիքակազմը կիրառի և խրախուսի՝ կողմերին գալու համաձայնության տարբեր հարցերում, այնուամենայնիվ էական է, որ բուն կողմերն ունենան այդ քաղաքական կամքը։ Կարծում եմ և՛ դուք, և՛ ողջ աշխարհը տեսել եք, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է և իսկապես ցանկանում է կառուցել խաղաղություն մեր տարածաշրջանում և լուծել բոլոր կնճռոտ հարցերը, և այս մասին մենք հայտարարել ենք ոչ միայն հրապարակավ, այլև գրել ենք մեր կառավարության ծրագրում: Այն ընդունվել է Ազգային ժողովում և դրանից հետո տեղի են ունեցել ընտրություններ, և Հայաստանի ժողովուրդը, ըստ էության, քվեարկել է այդ խաղաղության համար: Եվ ահա այստեղ է, որ մենք պետք է ցավով արձանագրենք, որ ոչ միշտ կամ, կարելի է ասել՝ ճիշտ հակառակը, մշտապես հակառակ մեսիջներ ենք ստանում պաշտոնական Բաքվից։ Որպես օրինակ, կարող եմ գործընկերներին խորհուրդ տալ նայել Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունը: Ինչպես և նախկինում, այնպես էլ այսօր, ես կրկնում եմ, որ հակահայ հռետորաբանությունը, ագրեսիվ հռետորաբանությունը, ագրեսիվ քայլերը սահմանին և հումանիտար խնդիրների չլուծելը, օրինակ՝ ռազմագերիների շարունակական առկայությունը Ադրբեջանում, մեղմ ասած, չեն նպաստում կառուցողական մթնոլորտի ստեղծմանը: Ուզում եմ հավելել, որ թեև դա նախատեսված չէր հրադադար հաստատող եռակողմ հայտարարությամբ, այնուամենայնիվ հայկական կողմն Ադրբեջանին է փոխանցել ականապատ դաշտերի քարտեզներ, քանի որ մենք շահագրգռված չենք մարդկանց մահվան մեջ և մեր կողմից միակողմանիորեն լուծում ենք տվել այդ հարցին: Նաև ուզում եմ անդրադառնալ միջազգային կազմակերպություններին: Ցավով պետք է ասեմ, որ այստեղ ևս Ադրբեջանի ոչ կառուցողական մոտեցումն ակնհայտ երևում է, որովհետև նրանք պարտադրում են ոչ միայն այլ միջազգային կառույցների, այլև նույնիսկ միջազգային Կարմիր խաչի կոմիտեին, որը մարդասիրական նպատակներ հետապնդող կազմակերպություն է և որևէ քաղաքական ենթաշերտ և կոնտեքստ չունի, և, ահա, Ադրբեջանը, ըստ էության, պարտադրում է նույնիսկ միջազգային Կարմիր խաչին տեղավորվել այն քաղաքականության մեջ, որ իրենք են տեսնում: Սա միակ կազմակերպությունն է, որն այս տարիների ընթացքում եղել է, ունեցել է ներկայություն և մուտք ու ելք է ունեցել Լեռնային Ղարաբաղ, և այժմ Ադրբեջանը, ըստ էության, փաստորեն նույնիսկ սա է սահմանափակում: Ես պետք է ամփոփելով վերահաստատեմ, որ մենք ցանկանում ենք կառուցողական խոսակցություն և բոլոր հարցերի լուծում, ինչպես և Դուք նշեցիք՝ նպատակ ունենալով խաղաղություն և կայունություն հաստատել տարածաշրջանում, և այստեղ պահանջվում է նաև Ադրբեջանի նույնատիպ դիրքորոշումը: Հարց․ Ինչպես է ընթանում Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Արարատ Միրզոյան. Շատ շնորհակալ եմ հարցի համար: Սա իսկապես կարևոր հարց է, որը հետքրքրում է և՛ հայ հասարակությանը, և՛, կարծում եմ, Թուրքիայի քաղաքացիներին, ինչպես նաև բոլոր միջազգային գործընկերներին: Պետք է ասեմ, որ, մեծ հաշվով, Հայաստանի Հանրապետության դիրքորոշման մեջ այս հարցում ոչինչ չի փոխվել այս տարիների ընթացքում։ Ինչպես և նախորդ բոլոր 25, 30 տարիների ընթացքում, այնպես էլ այսօր Հայաստանը կարծում է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանները պետք է բացվեն, և մեր երկրների միջև պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ առանց որևէ նախապայմանի: Ահա այս նպատակադրումով, այս ակնկալիքով է, որ մենք կրկին մտել ենք այս երկխոսության գործընթացի մեջ: Գիտեք, որ առայժմ տեղի է ունեցել մեկ հանդիպում: Պետք է ասեմ, որ առաջին հանդիպումը, իհարկե, շատ բովանդակային հարցերի չի կարողացել անդրադառնալ, բայց կան որոշակի դրական ազդակներ, որ գործընթացը կընթանա բարեհաջող, բայց կրկնում եմ՝ սա այն հարցերից է, որոնք ակնհայտորեն միայն մեկ կողմի դիրքորոշումից չեն կախված: Շնորհակալ եմ: Հարց. Շնորհակալություն: Հարցս ուղղում եմ Հայաստանի արտգործնախարարին: Դուք նոր խոսեցիք հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումից, կարո՞ղ եք ասել այս պահի դրությամբ պաշտոնական Երևանը, ի վերջո, որոշում կայացրե՞լ է, մասնակցելու՞ է Անթալիայի համաժողովին: Դու՞ք եք մեկնելու, թե պարոն Ռուբինյանն է մեկնելու: Այս հարցում որևէ նորություն կա՞, և հաջորդ հանդիպումը Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների միջև ե՞րբ և որտե՞ղ է կայանալու: Դուք նաև հպանցիկ անդրադարձաք Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարություններին, այնուամենայնիվ, Ձեր գնահատմամբ, պարոն Ալիևի այս խոսքերը, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները բանակցությունների ֆոնին ինչպե՞ս են դիտվում: Շնորհակալություն: Արարատ Միրզոյան. Նախ՝ Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացի կոնտեքստում՝ այո, ես և պարոն Ռուբինյանը հրավեր ենք ստացել մասնակցելու Անթալիայի միջոցառմանը, և, ըստ էության, քիչ առաջ մենք միջոցառումը քննարկել ենք նաև պարոն Շալենբերգի հետ: ՀՀ արտաքին գործերի նախարարությունն այս մասով դեռևս որոշում չունի. հարցը քննարկվում է: Ուղղակի ուզում եմ նշել, որ սա, ըստ էության, կարևոր է ընդգծել, որ երկկողմ այց չէ և երկկողմ համատեքստում պետք չէ դիտարկել, սա միջազգային դիվանագիտական իրադարձություն է, որին կարող է և Հայաստանի Հանրապետությունը որոշի մասնակցել. ես այդտեղ ոչ միայն խնդիր չեմ տեսնի, այլև, կարծում եմ, որ, նույնիսկ եթե այն շաղկապենք Հայաստան-Թուրքիա երկխոսության հետ, դրական երանգներ հաղորդելուց բացի այլ բան չունի: Ինչ վերաբերում է Ադրբեջանի մասով Ձեր հարցին, պիտի ուղղակի կրկնեմ, որ ես կարծում եմ, որ այն պայմաններում, երբ Հայաստանն իսկապես շահագրգիռ է և հայտարարում է տարածաշրջանում խաղաղություն և կայունություն կառուցելու իր պատրաստականության և ցանկության մասին, ահա այդ պայմաններում մենք պիտի նայենք երկրորդ կողմից, տվյալ դեպքում՝ Ադրբեջանից, նույն կառուցողական մոտեցումը տեսնենք: Նորից եմ կրկնում՝ այդ ագրեսիվ և հակահայ հռետորաբանությունը որևէ կերպ համապատասխան կառուցողական մթնոլորտի ստեղծմանը չի նպաստում: Նույնիսկ ավելին կարող եմ ասել․ գիտեք որ Հաագայի դատարանը դեկտեմբերի 7-ին կայացրել է համապատասխան որոշումներ, և ահա այդ որոշումներից մեկը ֆիքսում էր ադրբեջանական պաշտոնյաների կողմից հակահայկական հռետորաբանությունը. շատ հստակ արձանագրված է որոշումներում, և կոչ էր անում և պարտադրում էր Ադրբեջանի բարձր ղեկավարությանը՝ զերծ մնալ այդպիսի հռետորաբանությունից: Ահա սա ևս մի կարևոր նրբերանգ և պատճառ է, ինչի համար կարծում եմ, որ նրանք պիտի դադարեցնեն դա: Շնորհակալություն: Հարց․ Պարո՛ն նախարար, արդյո՞ք Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի վաղ թե ուշ կնքումը օգտակար կլինի Հայաստանի համար, և որո՞նք են նմանատիպ պայմանագրի պարագայում հայկական կողմի կարմիր գծերը։ Արարատ Միրզոյան. Իսկապես, կարևոր հարց եք բարձրացնում և պատասխանները, կարծում եմ, առավել քան ակնհայտ են: Ես քիչ առաջ խոսեցի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մասին և ուզում եմ այժմ մանրամասնել. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն այն միջազգային ձևաչափն է, որը ստեղծվել է և օժտվել միակ և բացառիկ մանդատով՝ գտնել քաղաքական կարգավորում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի համար: Ահա, հիմնախնդրի կարգավորումը դեռևս գտնված չէ, և մենք պիտի շարունակենք բանակցություններն այդ ձևաչափում․ կրկնում եմ, քաղաքական կարգավորում գտնելու ճանապարհը կամ արդյունքներից մեկը հենց խաղաղության համապարփակ համաձայնագրի պարամետրերը հստակեցնելն է և այդպիսի պայմանագիր մշակելը և, ըստ այդմ նաև՝ կնքելը: Ուզում եմ այստեղ ասել նաև, որ չափազանց էական է հիշել այն սկզբունքները, որոնք այս համանախագահությունը տարիների ընթացքում մշակել է և, ահա, այդ սկզբունքներից մեկը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքներն են և, մասնավորապես, ինքնորոշման իրավունքը։ Եվ այդ սկզբունքներից մեկը, օրինակ, ուժի չկիրառումն է, որը, ցավոք, տեսանք 2020 թվականի ընթացքում կոպտորեն ոտնահարվեց, և հիմա ոչ միայն Հայաստանը և Ադրբեջանը և ոչ միայն Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, այլև ողջ աշխարհը պիտի որոշի՝ արդյոք ուժի չկիրառումը մնում է հիմնարար սկզբունք աշխարհում, թե՝ պետությունները կարող են թույլ տալ ուժի կիրառմամբ և ուժի սպառնալիքով կարևորագույն հարցեր և ժողովուրդների ճակատագրեր որոշել, որովհետև, եթե կանոնը խախտվում է մեկի համար, հավանաբար, դուռ է բացվում նաև մյուսների համար այդ ճանապարհով շարժվելու:
18:04 - 02 փետրվարի, 2022