Արցախ

Արցախի Հանրապետություն կամ Լեռնային Ղարաբաղ․ 1991թ․ սեպտեմբերի 2-ին անկախացած հանրապետություն։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո Արցախում տեղակայվել են ՌԴ խաղաղապահ ուժերը։ Ներկայումս  Արցախի  վերահսկողության տակ է նախկին Խորհրդային Միության կազմի մեջ մտնող Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը՝ բացառությամբ Հադրութի շրջանի և Շուշիի շրջանի Շուշի և Քարին տակ բնակավայրերի։

Մայրաքաղաքը Ստեփանակերտն է։ Գործող նախագահը Արայիկ Հարությունյանն է։

Արցախի Հանրապետության անկախությունը դեռեւս չի ճանաչել ՄԱԿ անդամ որեւէ պետություն։

ՀՀ-ն Ադրբեջանին առաջարկում է անհապաղ բանակցություններ սկսել համապարփակ խաղաղության պայմանագրի շուրջ․ ՀՀ անվտանգության խորհրդի հայտարարությունը

ՀՀ-ն Ադրբեջանին առաջարկում է անհապաղ բանակցություններ սկսել համապարփակ խաղաղության պայմանագրի շուրջ․ ՀՀ անվտանգության խորհրդի հայտարարությունը

Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհուրդն այսօր կայացած նիստում քննարկել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակն` այն գնահատելով խիստ լարված: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարությունը։  Իրադրության վերլուծությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանական Հանրապետությունը, փորձելով գտնել մտացածին հիմնավորումներ, հող է նախապատրաստում Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ նոր սադրանքներ և հարձակում սկսելու համար, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությանը մեղադրելով խաղաղության պայմանագրի հարցում ապակառուցողական գործողությունների մեջ: Անվտանգության խորհուրդը ստեղծված իրավիճակում հարկ է համարում ևս մեկ անգամ վերահաստատել Հայաստանի Հանրապետության ավելի վաղ հնչեցրած դիրքորոշումը եւ Ադրբեջանական Հանրապետությանն առաջարկում է անհապաղ բանակցություններ սկսել համապարփակ խաղաղության պայմանագրի շուրջ: Անվտանգության Խորհուրդը, միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելով Լեռնային Ղարաբաղում եւ Հայաստան-Ադրբեջան սահմանին ռազմական բախումների հնարավորության վրա, անհրաժեշտ է համարում միջազգային զսպման մեխանիզմների գործարկումը՝ տարածաշրջանում նոր ռազմական էսկալացիա և էթնիկ զտում թույլ չտալու համար:
22:21 - 28 մարտի, 2022
Լեռնային Ղարաբաղում  հրադադարի ռեժիմի խախտումներ մարտի 28-ի դրությամբ չեն արձանագրվել․ ՌԴ ՊՆ

Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի խախտումներ մարտի 28-ի դրությամբ չեն արձանագրվել․ ՌԴ ՊՆ

ՌԴ պաշտպանության նախարարությունը հրապարակել է տեղեկատվական տեղեկագիր՝ Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի գործունեության մասին։ Գերատեսչությունը հաղորդում է, որ Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ մարտի 28-ի դրությամբ չեն արձանագրվել։ Նշվում է, որ քսանյոթ դիտակետերում ռուս խաղաղապահներն իրականացնում են իրավիճակի շուրջօրյա դիտարկում և վերահսկում հրադադարի ռեժիմի պահպանումը։ Ընդհանուր առմամբ, 2020 թվականի նոյեմբերի 23-ից ռուսական խաղաղապահ զորակազմի ինժեներական և սակրավորական խմբերը մաքրել են 2358,9 հեկտար տարածք, 689,5 կմ ճանապարհ, 1937 շենք չպայթած ականներից և արկերից, հայտնաբերել և վնասազերծել 26257 պայթուցիկ առարկա։ Հիշեցնենք, որ մարտի 24-ին Ադրբեջանի զինված ուժերն Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը:    
22:14 - 28 մարտի, 2022
Դեսպան Մկրտչյանը ԵԽ պատգամավորին է ներկայացրել Արցախում վերջին օրերի զարգացումները

Դեսպան Մկրտչյանը ԵԽ պատգամավորին է ներկայացրել Արցախում վերջին օրերի զարգացումները

Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ստելիոս Կիմբուրոպուլոսին։ Այդ մասին ասված է Հունաստանում ՀՀ դեսպանության Ֆեյսբուքի էջում: «Դեսպանը շնորհակալություն հայտնեց մարտի 10-ին Եվրոպական խորհդարանի կողմից «Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման վերաբերյալ» բանաձևին հույն պատգամավորի աջակցության համար։ Այնուհետև դեսպանը ներկայացրեց Արցախում վերջին օրերին տեղի ունեցած զարգացումները, ներկայացրեց ԵԱՀԿ ՄԽ եռանախագահ երկրների, ինչպես նաև Հունաստանի, արձագանքներն ու կոչերն ուղղված Ադրբեջանին, ընդգծեց Արցախի բնակչության բնականոն կյանքին սպառնացող ադրբեջանական քաղաքականության շարունականությունը և միջազգային հանրության կողմից թիրախավորված կոչերի ու քայլերի անհրաժեշտությունը»,- նշված է գրառման մեջ։  
20:16 - 28 մարտի, 2022
ՀՀ ԱԳ նախագահն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են Ադրբեջանի ներխուժման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը

ՀՀ ԱԳ նախագահն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են Ադրբեջանի ներխուժման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը

Մարտի 28-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոյին։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն: Հանդիպման քննարկման առանցքում եղել է Ադրբեջանի զինուժի ներխուժման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը։ Արարատ Միրզոյանն անթույլատրելի է համարել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության դեմ շարունակական սադրանքներն և ագրեսիվ գործողություններ, կենսական նշանակության ենթակառուցվածքների բնականոն աշխատանքը դիտավորյալ խափանելու փորձերը։ Նախարար Միրզոյանը կարևորել է ստեղծված իրավիճակի վերաբերյալ միջազգային հանրության պատշաճ և հասցեական արձագանքը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի տարածքից ադրբեջանական զինուժի դուրսբերմանը և իրավիճակի դեէսկալացիային։
18:57 - 28 մարտի, 2022
ԱՀ նախագահն ընդունել է Արցախյան երրորդ պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների հարազատների միության անդամների

ԱՀ նախագահն ընդունել է Արցախյան երրորդ պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների հարազատների միության անդամների

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 28-ին ընդունել է Արցախյան երրորդ պատերազմում զոհված և անհայտ կորած զինծառայողների հարազատների միության մի շարք անդամների՝ կազմակերպության նախագահ Արմեն Ասրյանի գլխավորությամբ։ Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից։ Քննարկվել են վերջին օրերին շփման գծում լարվածության առնչվող հարցեր։ «Երկրի ղեկավարը նշել է, որ Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հետ ամենօրյա ռեժիմով աշխատանքներ են իրականացվում՝ սահմանագծի արևելյան հատվածում հակառակորդին ելման դիրքեր վերադարձնելու, ինչպես նաև հետագայում նման իրավիճակները բացառելու ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Նախագահ Հարությունյանը պատասխանել է նաև հանդիպման մասնակիցներին հուզող հարցերին, վստահեցրել, որ Արցախի իշխանությունները գործադրում են բոլոր ջանքերը ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը կայունացնելու համար։ Նշվում է, որ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև զոհված և անհայտ կորած զինծառայողների ընտանիքների խնդիրներին, որոնց լուծման ուղղությամբ հասարակական կազմակերպության անդամները նախագահին են ներկայացրել իրենց կարծիքները։  
18:30 - 28 մարտի, 2022
Սեյրան Օհանյանը միջազգային երաշխիքների ամրապնդման ուղղությամբ տեսնում է լուրջ աշխատանքների կարիք

 |armenpress.am|

Սեյրան Օհանյանը միջազգային երաշխիքների ամրապնդման ուղղությամբ տեսնում է լուրջ աշխատանքների կարիք |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը կարևորում է անվտանգային համակարգի ամրապնդման ուղղությամբ աշխատանքների իրականացումը, միջազգային երաշխիքների ամրապնդումը: Օհանյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժմանը  Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի: Օհանյանը նախ ընդգծեց, որ ադրբեջանցիների հետ խաղաղ համակեցության պայմաններ այսօր ձևավորված չեն: Նա, առանց նախապայմանների, առանց համապատասխան իրադրության ճիշտ գնահատման խաղաղության գնալը անընդունելի համարեց: «Եթե մեզ թվում է, թե հակառակորդն իր հիմնական նպատակների իրականացմանը հետամուտ չի լինելու, այն է՝ Արցախի Հանրապետության հայաթափումը, միանշանակ այդպես չէ»,-ասաց Օհանյանը: Պատգամավորը ընդգծում է՝ Ադրբեջանն իր հեռահար նպատակներն են իրականացնում՝ տարբեր տիպի ճնշումներով, մարտավարական քայլերով փորձելու է ռազմավարական կարևոր բարձունքները, կետերը զբաղեցնել, որպեսզի հետագայում կարողանա այդ հատվածներից ճնշումները Արցախի ժողովրդի վրա շարունակական դարձնել: Նա այդ առումով անընդունելի է համար ՀՀ իշխանությունների՝ մինչև հիմա ձեռնարկած միջոցառումները: «Գտնում եմ, որ լուրջ համագործակցություն պետք է իրականացվեր ՀՀ-ի, ՌԴ-ի, նաև վերաբերող մասով Ադրբեջանի հետ, նաև  տեղում Արցախի Հանրապետության ՊԲ-ի և խաղաղապահ ուժերի բոլոր ստորաբաժանումների հետ, որտեղ նրանք տեղակայված են: Պետք է հստակեցվեին բոլոր խնդիրները, թե ՊԲ-ն ինչ խնդիր է իրականացնում, խաղաղապահ ուժերն ինչ խնդիրներ են իրականացնում, և բոլոր բաց տեղերը, ճեղքերը պետք է փակվեն»,-ասաց Օհանյանը: Օհանյանը իրադրության պատասխանատուն համարեց իշխանությանը՝ ընդգծելով արագ միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը: «Արագ միջոցառումների ձեռնարկման ուղղությունները երկուսն են՝ ազգային երաշխիքները՝ անվտանգության մեր համակարգը, հայկական բանակը, բոլոր ուժային կառույցները, Արցախի ՊԲ-ն, և միջազգային երաշխիքները՝ լայն ընդգրկվածություն ունեցող արտաքին քաղաքականությունը՝ հատկապես ՌԴ-ի հետ, որոնց խաղաղապահ ուժերն Արցախում են»,-նշեց պատգամավորը: Նա շեշտեց, որ պետք է լուրջ աշխատանք տանել միջազգային երաշխիքների ամրապնդման ուղղությամբ, այսինքն` լուրջ աշխատանք տանել ՌԴ ղեկավարության և ՌԴ ԶՈՒ ղեկավարության հետ:
17:49 - 28 մարտի, 2022
Արարատ Միրզոյանը ԵԱՀԿ ՄԽ ՌԴ համանախագահի հետ հանդիպմանը ընդգծել է ադրբեջանական ստորաբաժանումների՝ ելման դիրքեր վերադարձի անհրաժեշտությունը

Արարատ Միրզոյանը ԵԱՀԿ ՄԽ ՌԴ համանախագահի հետ հանդիպմանը ընդգծել է ադրբեջանական ստորաբաժանումների՝ ելման դիրքեր վերադարձի անհրաժեշտությունը

Մարտի 28-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ՌԴ համանախագահ Իգոր Խովաևին: Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։  Կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շփման գծի խախտման և Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում՝ Փառուխ գյուղի հատվածում, մարտի 24-ին մեկնարկած ադրբեջանական ներխուժման հետևանքով ստեղծված իրավիճակը։ Անդրադարձ է կատարվել Արցախում հումանիտար ճգնաժամ ստեղծելու, քաղաքացիական բնակչությանը թիրախավորելու և էթնիկ զտմանն ուղղված ադրբեջանական կողմի այլ գործողություններին։ Ընդգծվել է ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների՝ մարտի 23-ի ելման դիրքեր վերադարձի անհրաժեշտությունը։  Նախարար Միրզոյանը ներկայացրել է հայկական կողմի դիրքորոշումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում խաղաղության պայմանագրի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններ սկսելու վերաբերյալ: Վերահաստատվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության լիարժեք աշխատանքների կարևորությունը։
17:30 - 28 մարտի, 2022
Արարատ Միրզոյանը Քեթրին Բոմբերգերին է ներկայացրել Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հումանիտար հետևանքները

Արարատ Միրզոյանը Քեթրին Բոմբերգերին է ներկայացրել Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հումանիտար հետևանքները

Մարտի 28-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Անհայտ կորած անձանց հարցերով միջազգային հանձնաժողովի գլխավոր տնօրեն Քեթրին Բոմբերգերին։ Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: Զրուցակիցները գոհունակությամբ են նշել Հայաստանի համապատասխան պետական կառույցների և Հանձնաժողովի միջև հաստատված արդյունավետ համագործակցությունը: Այս համատեքստում նախարար Միրզոյանը երախտագիտություն է հայտնել Քեթրին Բոմբերգերին 2020 թ. 44-օրյա պատերազմի հայ զոհերի աճյունների ԴՆԹ-ի նույնականացման գործընթացում ունեցած ներդրման համար։ Կողմերը քննարկել են փոխգործակցության ընդլայնման և խորացման  հեռանկարները, այդ թվում՝ Հայաստանում համապատասխան լաբորատորիաների տեխնիկական վերազինման և նրանց կարողությունների ավելացման առումով: ԱԳ նախարարը նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է պատերազմի հետևանքով անհետ կորած անձանց ճակատագրերի, ինչպես նաև անհետացման հանգամանքները պարզելու անհրաժեշտությունը՝ այս առումով ընդգծելով Հանձնաժողովի հետ համագործակցության հնարավորություները։  Արարատ Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել 2020 թ․ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հումանիտար հետևանքները՝ մասնավորապես շեշտելով Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և պատանդների անհապաղ հայրենադարձման անհրաժեշտությանը։  ՀՀ ԱԳ նախարարը նաև ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի Փառուխ գյուղ Ադրբեջանի զինված ուժերի ներխուժման հետևանքով ստեղծված իրադրությունը։  Կարևորվել է իրավիճակի լարվածության թուլացման և տարածաշրջանում կայունության հաստատման ուղղությամբ քայլերի ձեռնարկումը։
17:02 - 28 մարտի, 2022
Շարունակում ենք պնդել՝ կոնկրետ քայլեր պետք է ձեռնարկվեն, որ ադրբեջանցիները վերադառնան ելման դիրքեր. Արթուր Հովհաննիսյան

 |armenpress.am|

Շարունակում ենք պնդել՝ կոնկրետ քայլեր պետք է ձեռնարկվեն, որ ադրբեջանցիները վերադառնան ելման դիրքեր. Արթուր Հովհաննիսյան |armenpress.am|

armenpress.am: Հայկական կողմն ակնկալում է, որ կոնկրետ քայլեր կձեռնարկվեն, և ռուս խաղաղապահների միջնորդությամբ ադրբեջանցիները կվերադառնան ելման դիրքեր: Այս մասին ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը խմբակցության նիստից հետո լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժմանը Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի: «Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի հետ կապված գործընթացները շարունակվում են: Մենք պարբերական կապի մեջ ենք մեր բոլոր գործընկերների հետ, առաջին հերթին ՌԴ մեր գործընկերների հետ են մեր բանակցությունները: Մենք շարունակում ենք պնդել, որ կոնկրետ գործուն քայլեր պետք է ձեռնարկվեն, որ ադրբեջանցիները վերադառնան ելման դիրքեր»,-ասաց Հովհաննիսյանը: Բոլոր միջազգային գործընկերների, առաջին հերթին ՌԴ-ի հետ հարաբերություններում հայկական կողմն արձանագրում է, որ խախտվել են նոյեմբերի 9-ի և դրան հաջորդող բոլոր պայմանավորվածությունները: «Այս պահին դիվանագիտական բոլոր խողովակները գործի են դրված՝ խնդրին հնարավորինս շուտ հանգուցալուծում տալու՝ թե ռազմական էսկալացիայի խնդիրը վերացնելու, թե Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի հարցերը լուծելու համար»,-ասաց Հովհաննիսյանը: Հղում կատարելով ՀՀ ԱԳՆ-ի պաշտոնական հայտարարություններին՝ պատգամավորը նշեց՝ հայկական կողմը պատշաճ քննություն է ակնկալում խաղաղապահների գործողությունների, ադրբեջանցիների գործողությունների վերաբերյալ՝ հավելելով, որ այդ քննությունը դեռևս ավարտին չի հասել: Գործողությունները տեղի են ունեցել խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող տարածքում: ՀՀ ԱԳՆ-ն արձանագրել էր, որ ադրբեջանցիները շարունակում են մնալ Քարագլխի մի հատվածում ամրացված դիրքերում: «Ըստ էության, խնդիրը չի լուծվել: Ադրբեջանի ՊՆ-ի, ԱԳՆ-ի հայտարարություններն ավելի են սադրում իրավիճակը և բնավ չեն նպաստում այս պահի իրավիճակի հանգուցալուծմանը»,-նշեց  պատգամավորը: Պատգամավորը շեշտեց, որ Ադրբեջանի գործողությունները, նաև սրանից առաջ, երբ լույսեր են գցում տների վրա, բարձրախոսներով բնակավայրը լքելու մասին տեքստեր հնչեցնում, հետապնդում են մեկ նպատակ՝ վախի մթնոլորտ սերմանել, հոգեբանական ճնշման ենթարկել և շարունակել էթնիկ զտման ցեղասպան  քաղաքականությունը: «Մենք էլ ամբողջ աշխարհին շարունակում ենք ներկայացնել իրավիճակը, ներկայացնել, որ ՀՀ կառավարությունը, ժողովուրդը շարունակում է գնալ խաղաղության օրակարգով, և մենք ամեն ինչ անելու ենք, որ մեր բաժին անելիքը տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ուղղությամբ իրականացնենք: Այո, աշխարհաքաղաքական զարգացումները, ցավոք սրտի, այս պահին դժվարացնում են այս առաքելության իրականացումը, բայց սա չի նշանակում, որ մենք պետք է մեր նպատակներից հետ կանգնենք»,-եզրափակեց Հովհաննիսյանը:  
16:18 - 28 մարտի, 2022
Պեսկովն ընդգծել է Արցախի վերաբերյալ պայմանավորվածությունների կատարման ապահովման կարևորությունը

Պեսկովն ընդգծել է Արցախի վերաբերյալ պայմանավորվածությունների կատարման ապահովման կարևորությունը

Կրեմլն անհրաժեշտ է համարում Արցախի շուրջ ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը բոլոր կողմերի համար։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ-ը։ Ինչ վերաբերում է ռուսական խաղաղապահ զորախմբի թվաքանակն ավելացնելու Արցախի իշխանության կոչին՝ Պեսկովն ասել է․ «Այդ հարցը պետք է ուղղել մեր զինվորականներին։ Նրանք կապի մեջ են ադրբեջանական և հայկական կողմերի հետ։ Հիմա գլխավորը համապատասխան պայմանավորվածությունների պայմանների կատարման ռեժիմի շարունակականությունն ապահովելն է»։ Մարտի 25-ին Արցախի Անվտանգության խորհրդի նիստում որոշվել էր պաշտոնական գրությամբ դիմել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և առաջարկվել էր ավելացնել ՌԴ խաղաղապահ զորակազմի թվաքանակն ու սպասարկող միջոցների քանակը՝ ելնելով վերջերս Արցախում ստեղծված իրավիճակից։   Նորա Վանյան
14:57 - 28 մարտի, 2022
Փառուխ գյուղն այժմ ռուս խաղաղապահ զորակազմի վերահսկողության գոտում է․ Արցախի տեղեկատվական շտաբ

Փառուխ գյուղն այժմ ռուս խաղաղապահ զորակազմի վերահսկողության գոտում է․ Արցախի տեղեկատվական շտաբ

Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Մարտի 27-ի երեկոյան և 28-ին՝ ժամը 12։00 դրությամբ օպերատիվ-մարտավարական իրադրությունը շփման գծի ամբողջ երկայնքով, այդ թվում` նաև շփման գծի արևելյան հատվածում, հարաբերական կայուն է, հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել: Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն այժմ գտնվում է Արցախում տեղակայված ռուս խաղաղապահ զորակազմի վերահսկողության գոտում։  Արցախի զինված ուժերի խիզախ ջանքերի շնորհիվ՝ հայկական կողմին հաջողվել է կասեցնել ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների առաջխաղացումը և պահպանել Քարագլուխ լեռան հիմնական մասի հանդեպ տիրապետումը։  Ադրբեջանական զորքերը շարունակում են մնալ Քարագլխի մի հատվածում ամրացված դիրքերում։  Աշխատանքները ռուս խաղաղապահ զորակազմի հրամատարության հետ ադրբեջանական կողմի՝ ելման դիրքեր վերադառնալու շուրջ շարունակվում են»: Հիշեցնենք, որ երեկ Ռուսաստանի ՊՆ-ն հայտարարություն է տարածել, որ «բանակցությունների արդյունքում ադրբեջանական կողմն իր ստորաբաժանումները դուրս է բերել Փառուխ բնակավայրի տարածքից»։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը արձագանքել է ՌԴ ՊՆ-ի՝ Փառուխից զորքերը դուրս բերելու վերաբերյալ հայտարարությանը՝ հերքելով դրանք և նշելով, թե «ցավում է, որ կետերը, որոնք արտացոլված են ՌԴ ՊՆ-ի՝ մարտի 27-ի հայտարարության մեջ, չեն համապատասխանում իրականությանը»։ ՀՀ ԱԳՆ-ն էլ այսօր հայտարարություն է տարածել, որ «ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժումը Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի շարունակվում է»՝ կից ներկայացնելով նաև իրադրությունը նկարագրող քարտեզներ։
12:33 - 28 մարտի, 2022
Ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժումը ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի շարունակվում է․ ՀՀ ԱԳՆ

Ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժումը ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի շարունակվում է․ ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը գոհունակությամբ արձանագրում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները հստակ գնահատական են տվել Լեռնային Ղարաբաղում իրադրության վերջին սրմանը՝ փաստելով, որ այն հետևանք է ադրբեջանական զորքերի շարժի: Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե բանակային ստորաբաժանումները ետ քաշելու կոչ է հղել ադրբեջանական կողմին: Մարտի 27-ին էլ ՌԴ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, թե ադրբեջանական կողմը իր ստորաբաժանումները դուրս է բերել Լեռնային Ղարաբաղի Փառուխ բնակավայրի հատվածից: Այսուհանդերձ, ստիպված ենք արձանագրել, որ ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժումը Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի շարունակվում է, ինչը արտահայտված է կից ներկայացված քարտեզներում: Ակնկալում ենք, որ Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը կոնկրետ միջոցներ կձեռնարկի ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժումը խաղաղապահների պատասխանատվության գոտի դադարեցնելու և Ադրբեջանի զինված ուժերը դուրս բերելու համար: Կարևոր ենք համարում, որ ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժման այս ողջ ընթացքում խաղաղապահ զորախմբի գործողությունների պատշաճ քննություն տեղի ունենա և տրվեն մի շարք հարցերի պատասխաններ: Ծանոթագրություն կցված քարտեզների. Երկու քարտեզներում էլ ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտու ուրվագիծը վերցված է ՌԴ պաշտպանության նախարարության կայքէջից: 2022թ. մարտի 24-ի իրադրությունը նկարագրող քարտեզում հստակ երևում է, որ Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում ադրբեջանական հենակետեր չկան: 2022թ. մարտի 29-ի առավոտյան ժամը 09.00-ի իրադրությունը արտահայտող քարտեզում երևում է, որ Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում տեղադրված են ադրբեջանական հենակետեր»:    
12:11 - 28 մարտի, 2022
Արցախի անվտանգության ու հետագա ճակատագրի հարցը մեծապես կախված է Երևանից․ «5165 շարժում»

Արցախի անվտանգության ու հետագա ճակատագրի հարցը մեծապես կախված է Երևանից․ «5165 շարժում»

«5165 շարժման» անդամները մարտի 26-ին այցելել են Արցախ, եղել Ստեփանակերտում, Ասկերանում և Խրամորթում, տեղում ծանոթացել իրավիճակին։  Շարժման լրատվական բաժնից հայտնում են, որ այցի նպատակն էր տեղում հասկանալ Ադրբեջանի զինուժի կողմից Ասկերանի շրջանի Փառուխ գյուղ ներխուժելու, հայկական զինուժի դիրքերն զբաղեցնելու և Քարագլուխ ռազմավարական բարձունքի մի մասին տիրելու հանգամանքները, ինչպես նաև քաջալերել ադրբեջանական հերթական ագրեսիայից տուժած մեր հայրենակիցներին։ «Մեր խնդիրն էր, մասնավորապես, հասկանալ, թե որքանով է իրականությանը համապատասխանում հայկական մեդիադաշտում տարածված տեղեկությանն առ այն, որ հայկական և ադրբեջանական կողմերը ռուս խաղաղապահների հետ միասին ի սկզբանե ձեռք էին բերել պայմանավորվածություն դիրքերից հայելային ետքաշվելու և դիրքերը ռուս խաղաղապահների կողմից զբաղեցնելու մասին, մինչդեռ ադրբեջանցիները, հերթական անգամ դիմելով նենգության, խաբել են ռուսական կողմին և, հայերի կողմից պայմանավորվածությունը կատարելուց հետո, զբաղեցրել են դիրքերը և ներխուժել Փառուխ գյուղ։ Մարտի 26-ին և 27-ին մեր հանդիպումների ու զրույցների ընթացքում տարբեր շրջանակների կողմից ներկայացվեցին ռացիոնալ ենթադրություններ, ըստ որ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի մերձակա դիրքերից հայկական զինուժի դուրսբերումը կատարվել է Արցախում մարտի 8-ից դադարեցված գազամատակարարումը վերագործարկելու դիմաց պայմանավորվածության արդյունքում, սակայն թե ո՞վ է այս գործարքի նախաձեռնող կողմը, ու՞մ միջև է տեղի ունեցել պայմանավորվածությունը, ռուսական կողմը ի սկզբանե՞ է մասնակցել պայմանավորվածության ձեռքբերմանը, թե՞ դրա ձեռքբերման կամ իրականացման որոշակի փուլում, հարցեր են, որոնց դեռ պետք է պատասխաններ տրվեն։ Դա շատ կարևոր է, քանի որ մեր ստացած տպավորություններով միանշանակ չէ, որ ռուսական կողմը հենց ի սկզբանե է մաս կազմել այս պայմանավորվածության։ Անկախ այս ամենից, առնվազն տարակուսելու տեղիք է տալիս հետևյալը․ եթե Արցախի գազամատակարարումը Ադրբեջանը այս անգամ օգտագործել է որպես գործիք՝ ամրանալու ռազմավարական նշանակության բարձունքի վրա, տիրանալու հայկական գյուղի, ապա ի՞նչ երաշխիք ունենք, որ թշնամին պարբերաբար չի գործադրելու այս կարգի լծակներ և հերթով չի գրավելու Արցախի բնակավայրերն ու բարձունքները։ Ընդհանուր իրավիճակի վերաբերյալ հայտնում ենք, որ Քարագլուխ բարձունքը, որտեղից անմիջաբար վերահսկվում են Ասկերանի շրջանի մի քանի գյուղեր, ինչպես նաև դեպի Ստեփանակերտ տանող ռազմավարական ճանապարհը, ադրբեջանական մասնակի հսկողության տակ է․ ցանկանում ենք ընդգծել, որ բարձունքը միայն թշնամու վերահսկողության տակ չէ․ այնտեղ տեղակայված են ինչպես ադրբեջանական ուժերը, այնպես էլ Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումները։ Ցանկանում ենք շեշտել նաև, որ ի հեճուկս թշնամու սադրանքների ու ահաբեկման, արցախցիների մարտական ոգին բարձր է։ Շարժման անդամները զրուցել են Խրամորթ համայնքի ղեկավարի ու գյուղացիների հետ։ Խրամորթում, որտեղ հաստատվել են նաև Փառուխի տղամարդիկ, վճռական են տրամադրված թշնամու հետագա առաջխաղացումը կասեցնելու և նրան ելման դիրքեր շպրտելու հարցում։ Մեր տպավորությամբ 44-օրյա պատերազմի շոկն Արցախում այլևս հաղթահարված է և առկա է պայքարի վճռականություն։ Չնայած ռուս խաղաղապահների ներկայությունը անվտանգության զգացում է ստեղծում, այդուհանդերձ Արցախում հասկանում են, որ թշնամու դավադիր ներխուժումների ու սադրանքների դեմն առնելը հնարավոր է միայն հայ ազգաբնակչության համառ ու խրոխտ պայքարով։ Այս տեսանկյունից խիստ կարևոր է Հայաստանի Հանրապետությունից տարբեր մակարդակներով ու ձևերով Արցախին աջակցելը։ Արցախի մեր հայրենակիցներն առաջին հերթին մեր բարոյահոգեբանական աջակցության կարիքն ունեն։ Արցախ այցելելու, արցախցիների կողքին լինելու հանգամանքը մեծ նշանակություն ունի ժողովրդի ոգին բարձր պահելու առումով։ Ցանկանում ենք հատուկ ընդգծել, որ Արցախ տանող ճանապարհն անվտանգ է։ «5165 շարժման» անդամների Արցախ այցը և բնակչության հետ շփումները ցույց են տալիս, որ Արցախի անվտանգության ու նրա հետագա ճակատագրի հարցը մեծապես կախված է Երևանից»,- ասված է հաղորդագրությունում։
11:03 - 28 մարտի, 2022
Այնպես չէ, որ ստեղծված իրավիճակում պատասխանատուն միայն երկրի նախագահն է, իրավիճակի ճշգրիտ վերլուծության հնարավորություն ունենք բոլորս․ Արցախի ԱԺ նախագահ

Այնպես չէ, որ ստեղծված իրավիճակում պատասխանատուն միայն երկրի նախագահն է, իրավիճակի ճշգրիտ վերլուծության հնարավորություն ունենք բոլորս․ Արցախի ԱԺ նախագահ

Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը ուղերձ է հղել, որում ասվում է․ «Սիրելի' հայրենակիցներ Արցախի Հանրապետությանը վերաբերող սկզբունքային բոլոր հարցերը որոշվում են Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդում։ Այնպես չէ, որ ստեղծված իրավիճակում պատասխանատուն միայն երկրի նախագահն է, ով միաժամանակ նաև Անվտանգության խորհրդի նախագահն է, կամ Անվտանգության խորհրդի քարտուղարը, պատասխանատու են Անվտանգության խորհրդի բոլոր անդամները։ Իրավիճակի ճշգրիտ վերլուծության հնարավորություն ունենք բոլորս և եթե Անվտանգության խորհրդում կան մարդիկ, ովքեր համաձայն չեն, առաջ չենք շարժվում։ Ինչպես նաև, եթե Անվտանգության խորհրդում կան մարդիկ, ովքեր համաձայն չեն ԱԽ-ի կայացրած որոշումներին, կարող են դուրս գալ Անվտանգության խորհրդի կազմից։ Բարեբախտաբար, այդպես չէր մինչև գազատարի պայթեցումը և այդպես չէ նաև հիմա։ Արցախը կանգնած էր լոկալ պատերազմական գործողությունների առջև, և մենք ոչ միայն ուժային, այլև իմաստուն դիվանագիտությամբ պետք է աշխատենք բոլորի հետ (ՀՀ գործընկերներ, ՌԴ խաղաղապահ ուժեր և այլ կառույցներ)։ Հեշտ է մեղքը բարդել մեկ անձի վրա և նրան դարձնել քավության նոխազ։ Պատեհ առիթ չէ դրան անդրադառնալը։ Ընդհանրապես խաղաղապահների առաքելությունը բարի կամքի դրսևորումն է պատերազմող կողմերի միջև՝ զերծ պահելու նոր պատերազմների ծագումից։ Բայց աշխարհը սրընթաց փոփոխությունների է ենթարկվում, ալեկոծվում է հին աշխարհակարգը, և մեր աչքի առջև նոր աշխարհակարգ է ձևավորվում։ Ու եթե ԱՀ ԱԺ խմբակցությունները՝ անկախ քաղաքական հայացքներից, և ԱԽ բոլոր անդամները ճիշտ համադրում չանեն, մնալու ենք հին աշխարհակարգի փլատակների տակ։ Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի վերջին նիստերը և Արցախի Հանրապետության Նախագահ, Անվտանգության խորհրդի նախագահի վերջին հանդիպումը Ազգային ժողովում հույս է ներշնչում, որ մենք ճիշտ ուղու վրա ենք։ Տա Աստված` այդպես շարունակվի»։
10:22 - 28 մարտի, 2022