ԵԱՀԿ

ԵԱՀԿ-ն (Եվրոպայում Անվտանգության եւ Համագործակցության Կազմակերպություն) 1973-ին հիմնված տարածաշրջանի անվտանգության խոշորագույն կազմակերպություն է, որը ներառում է 57 պետություններ Եվրոպայից, Կենտրոնական Ասիայից եւ Հյուսիսային Ամերիկայից։ Կազմակերպության գլխամասը գտնվում է Վիեննայում, ունի 550 աշխատակից։ ԵԱՀԿ-ը կոչված է կանխելու ծագող հակամարտությունները տարածաշրջանում։

Հայաստանը ԵԱՀԿ անդամ պետություն է 1992 թվականի հունվարի 30-ից։

Արա Այվազյանը հանդիպել է ՀՀ-ում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանների հետ և ընդգծել է Ադրբեջանի ԶՈՒ՝ ՀՀ տարածքն անհապաղ լքելու հրամայականը

Արա Այվազյանը հանդիպել է ՀՀ-ում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանների հետ և ընդգծել է Ադրբեջանի ԶՈՒ՝ ՀՀ տարածքն անհապաղ լքելու հրամայականը

Մայիսի 24-ին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանն ընդունեց Հայաստանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպաններ ՝ Սերգեյ Կոպիրկինին (ՌԴ), Ջոնաթան Լաքոթին (Ֆրանսիա) և Լին Թրեյսիին (ԱՄՆ): Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն: Անդրադարձ կատարվեց ԼՂ հակամարտության լայն համատեքստին և տարածաշրջանային անվտանգության ու խաղաղության հարցերին: Հանդիպման առանցքում էին Ադրբեջանի զինված ուժերի՝ ՀՀ ինքնիշխան տարածք ներթափանցման հետևանքով Հայաստանի սահմանամերձ մարզերում ստեղծված իրադրությունը: ԱԳ նախարարի պաշտոնակատարը ներկայացրեց վերջին զարգացումները՝ վերահաստատելով Հայաստանի պատրաստակամությունը՝ խնդիրը լուծելու քաղաքական-դիվանագիտական ճանապարհով: Նախարարի պաշտոնակատար Այվազյանն անթույլատրելի համարեց Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգության ցանկացած դրսևորում և ընդգծեց ադրբեջանական զինված ուժերի՝ ՀՀ տարածքը անհապաղ և անվերապահ լքելու հրամայականը՝ իրավիճակի հետագա լարումից խուսափելու համար: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին ստեղծված իրավիճակում ձեռնարկվող քայլերի շուրջ:
16:29 - 24 մայիսի, 2021
ԵԱՀԿ նախագահը կոչ է արել անհապաղ ազատ արձակել Բելառուսում ձերբակալված ընդդիմադիր լրագրողին |tert.am|

ԵԱՀԿ նախագահը կոչ է արել անհապաղ ազատ արձակել Բելառուսում ձերբակալված ընդդիմադիր լրագրողին |tert.am|

tert.am: Շվեդիայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ան Լինդեն կոչ է արել անհապաղ ազատ արձակել Բելառուսում ծայրահեղական ճանաչված Nexta թելեգրամյան ալիքի հիմնադիր Ռոման Պրոտասևիչին:«Խորապես մտահոգիչ է հաղորդումն այն մասին, որ Մինսկում հարկադիր վայրէջք է կատարել քաղաքացիական օդանավը՝ լրագրող Ռոման Պրոտասևիչին ձերբակալելու համար: Բոլորովին անթույլատրելի վարքագիծ է: Բելառուսը պետք է անհապաղ ազատ արձակի Պրոտասևիչին: Հնարավոր հետևանքները կքննարկենք ԵՄ գործընկերների հետ»,- ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է Լինդեն: Հիշեցնենք, որ Ռոման Պրոտասևիչի ձերբակալությունը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ինքնաթիռը, որով նա Հունաստանից Լիտվայի մայրաքաղաք էր ուղևորվում, արտակագ կերպով վայրէջք է կատարել Մինսկի օդանավակայանում։ Ինչպես հաղորդել են տեղական լրատվամիջոցները, որպես վայրէջքի պատճառ է նշվել ինքնաթիռի ականապատված լինելու մասին հաղորդագրությունը։ Պրոտասևիչին Բելառուսում մահապատիժ է սպառնում։  
09:12 - 24 մայիսի, 2021
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատում կարող է կատարվել միայն միջազգային մանդատի ներքո ու ստանդարտների հիման վրա. «Հանուն Հանրապետության» կուսակցություն

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատում կարող է կատարվել միայն միջազգային մանդատի ներքո ու ստանդարտների հիման վրա. «Հանուն Հանրապետության» կուսակցություն

«Հանուն Հանրապետության» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Ս.թ. մայիսի 20 ՀՀ վարչապետի կողմից արված հայտարարությունից հայտնի դարձավ, որ Ադրբեջանի եւ մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի կողմից փաստացի պարտադրվող նոր համաձայնագրին պաշտոնական Երեւանը մտադիր է հավանություն տալ, արտահայտելով միայն մեկ վերապահում, այն է` ՀՀ սուվերեն տարածք ներխուժած ադրբեջանական զորքերի դուրս բերում: Առկա իրավիճակում, երբ. - Արցախյան հակամարտությունը չի ստացել իր վերջնական կարգավորումը, - չեն կատարվում 2020թ նոյեմբերի 9-ի եւ 2021թ հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կարեւորագույն դրույթները, այն է` գերիների վերադարձ, հաղորդակցության ուղիների անվերապահ ապաշրջափակում, - Ադրբեջանում չեն թաքցնում տարածքային պահանջները Հայաստանի Հանրապետության նկատմամբ` շարունակական հայատյաց թունավոր պրոպագանդայի պայմաններում, - Հայաստան-Ադրբեջան սահմանագոտում ադրբեջանական ներխուժման կապակցությամբ մինչ այժմ ստացված միջազգային արձագանքները (առաջին հերթին՝ ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահներ և ՄԱԿ Անվտանգության Խորհրդի մշտական անդամներ ԱՄՆ, Ֆրանսիա) ներառում են Արցախյան կարգավորումը եւ միջպետական սահմանազատումը որպես մեկ միասնական փաթեթով համալիր քննարկման առաջարկ և պարունակում են հնարավորություն միջազգային մանդատի, առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի Խմբի շրջանակներում, «Հանուն Հանրապետության» կուսակցությունը հայտարարում է. 1. Հայաստանի և Ադրբեջանի, ու ընդհանրապես՝ նման բարդ, արյունոտ եւ տասնամյակներով ձգվող հակամարտություն ունեցող երկրների միջև սահմանազատում կարող է կատարվել միայն միջազգային մանդատի ներքո ու ստանդարտների հիման վրա, հակամարտության կարգավորվածության, միջէթնիկ թշնամության պատճառների դե յուրե և դե ֆակտո վերացման դեպքում, իսկ դա հնարավոր է կրկին միջազգային մանդատի ներքո Արցախյան հակամարտության վերջնական, սպառիչ, համապարփակ կարգավորման պայմաններում։ 2․ԵԱՀԿ Մինսկի Խմբի եռանախագահությունը պետք է անհապաղ ընդունի և հրապարակի իր որոշումը Արցախյան հարցի վերջնական կարգավորման, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների նորմալիզացման պլան, իսկ Հայաստանի կառավարությունը պետք է ընդունի բացառապես այդ պայմաններով խնդիրների փաթեթային լուծման տարբերակը։ 3.Սահմանազատման խնդրի դե յուրե կամ դե ֆակտո տարանջատումը հակամարտության կարգավորումից մեծ վտանգներ է պարունակում, սանձազերծելով հակամարտության թեժացման, այլ ոչ թե հակամարտության կարգավորման տրամաբանությամբ մի գործընթաց, որը վերածվելու է Հայաստանի ինքնիշխանության վրա ազդելու և կամայականորեն սահմանագծելու, նոր սահմանազանցումների ազդեցիկ լծակի։ 4․ Նման ճակատագրական և բախտորոշ որոշումներն առավել ևս չեն կարող ընդունվել ժամանակավոր կառավարության պայմաններում, առանց հանրային կարծիքի ու շահերի վերհանման, մանավանդ անօրինական պարտադրանքի ներքո, ինչը կարող է հանգեցնել ժողովրդավարության վիժեցմանը Հայաստանում եւ քաոսի սպառնալիք ստեղծել ոչ միայն երկրում, այլեւ ողջ տարածաշրջանում: «Հանուն Հանրապետության» կուսակցությունը խստորեն դատապարտում է Հայաստանի Հանրապետությանը որոշումներ պարտադրելու ցանկացած փորձ` դաշնակից համարվող երկրների երկդիմի դիրքորոշման պայմաններում, եւ կոչ է անում գործող իշխանությանը ձեռնպահ մնալ միջազգային հանրության վերահսկողություն դուրս գտնվող, ոչ թափանցիկ բանակցություններին մասնակցելուց, մինչեւ չստեղծվեն պատշաճ պայմաններ` մեր երկրի կենսական շահերը հաշվի առնելով կառուցողական գործընթացների համար»։
17:23 - 20 մայիսի, 2021
Քարոզարշավին հետևելուց մինչև մեդիա մոնիտորինգ. Մըրֆին ներկայացրեց դիտորդական առաքելության անելիքները |armenpress.am|

Քարոզարշավին հետևելուց մինչև մեդիա մոնիտորինգ. Մըրֆին ներկայացրեց դիտորդական առաքելության անելիքները |armenpress.am|

armenpress.am: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունը Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններին հետևելու է իրավական, օրենսդրական դաշտին և դրա կիրարկմանը, ինչպես նաև՝ քարոզարշավի ընթացքին, ընտրական մարմինների և համապատասխան պետական մարմինների աշխատանքին: Առաքելության աշխատանքներից մանրամասներ հայտնեց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Օուեն Մըրֆին Երևանում՝ առաքելության աշխատանքի մեկնարկի առիթով հրավիրված ասուլիսում: Օուեն Մըրֆին տեղեկացրեց, որ իրենց առաքելությունը Հայաստանում է իշխանությունների պաշտոնական հրավերով, որպեսզի հետևեն, թե Հայաստանը, հանդիսանալով Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության մասնակից պետություն, որքանով է կատարում իր ստանձնած պարտավորությունները: Առաքելությունը կազմված է լինելու 11 միջազգային փորձագետից, որոնք ներկայացնելու են ԵԱՀԿ 9 մասնակից պետություններ, աշխատելու են Երևանում: «Մենք նաև խնդրել ենք ԵԱՀԿ մասնակից երկրներին, որ իրենք գործուղեն 24 երկարաժամկետ դիտորդներ, որոնք իրենց աշխատանքը երկրում կսկսեն մայիսի 26-ից: Մենք նախատեսում ենք նաև ԵԱՀԿ մասնակից երկրներին խնդրել Հայաստան ուղարկել 250 կարճաժամկետ դիտորդներ, որոնք ընտրությունների օրը կհետևեն ընտրական գործընթացներին»,-ասաց առաքելության ղեկավարը: Սակայն, կարճաժամկետ դիտորդներ ուղարկելու հնարավորությունը կախված է լինելու կորոնավիրուսի համավարակի հետ կապված իրավիճակի գնահատականներից, այդ թվում ճամփորդելու և սահմանների հետ կապված սահմանափակումներից, որոնք կգործեն ԵԱՀԿ տարածաշրջանում, ինչպես նաև Հայաստանում գործող առողջապահական կարգավորումներից: «Մեր առաքելությունը գնահատելու է, թե որքանով են ընտրությունները համապատասխանում ժողովրդավարական ընտրությունների չափանիշներին և այդ մասով ստանձնած միջազգային պարտավորություններին: Դա ենթադրում է նաև ԵԱՀԿ բոլոր երկրների կողմից ստանձնած պարտավորությունները և համապատասխանությունը ազգային օրենսդրությանը: Դիտորդները հետևելու են իրավական, օրենսդրական դաշին և դրա կիրարկմանը, ինչպես նաև հետևելու են քարոզարշավի ընթացքին, ընտրական մարմինների և համապատասխան պետական մարմինների աշխատանքին, այդ թվում՝ անդրադառնալու են ընտրողների հաշվառման, գրանցման հարցերին և ընտրական վեճերի լուծմանը: Մեդիա մոնիտորինգը ևս կազմելու է այս դիտորդական առաքելության անբաժան մաս»,-ասաց Մըրֆին: Ընտրության օրը առաքելությունը մեկտեղելու է իր ջանքերը՝ ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովի ուղարկած պատվիրակության հետ: Առաքելությունն աշխատանքի ընթացքում հրապարակելու է միջանկյալ հաշվետվություն, իսկ ընտրությունների հաջորդ օրը կլինի մամուլի ասուլիս, որի ընթացքում կներկայացվի հայտարարությունը՝ նախնական բացահայտումների և եզրահանգումների վերաբերյալ: Իսկ ընտրական գործընթացների ավարտից հետո՝ մոտ 2 ամիս անց կհրապարակվի վերջնական հաշվետվություն, որտեղ կամփոփվեն ողջ ընտրական գործընթացի դիտորդության արդյունքները: Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են հունիսի 20-ին:
12:40 - 19 մայիսի, 2021
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն ընդունել է ԵԱՀԿ/ԺՄԻԳ հունիսի 20-ին կայանալիք ընտրությունների դիտորդական առաքելության հիմնական կազմին

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն ընդունել է ԵԱՀԿ/ԺՄԻԳ հունիսի 20-ին կայանալիք ընտրությունների դիտորդական առաքելության հիմնական կազմին

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ)` 2021 թվականի հունիսի 20-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրությունների դիտորդական առաքելության հիմնական կազմին՝ դիտորդական առաքելության ղեկավար Էողան Մերֆիի գլխավորությամբ։   Ողջունելով պատվիրակության անդամներին՝ ԿԸՀ նախագահը կարևորել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության դերը գալիք ընտրությունների ժամանակ և ներկայացրել ԿԸՀ կողմից իրականացվող ընտրությունների կազմակերպման և անցկացման նախապատրաստական աշխատանքները, ընտրական վարչարարությանն առնչվող խնդիրներն ու ընտրական հանձնաժողովների գործառույթները։
18:41 - 18 մայիսի, 2021
ԵԱՀԿ-ն շարունակելու է բարձրացնել բոլոր գերիների վերադարձի խնդիրները. ԵԱՀԿ գլխավոր քարտուղար

ԵԱՀԿ-ն շարունակելու է բարձրացնել բոլոր գերիների վերադարձի խնդիրները. ԵԱՀԿ գլխավոր քարտուղար

Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գլխավոր քարտուղար Հելգա Մարիա Շմիդը պատասխանել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի՝ Ադրբեջանի կողմից պահվող բոլոր հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց շուտափույթ վերադարձի վերաբերյալ նամակին: Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը նշել է, որ ուշադրությամբ ուսումնասիրել է նախագահ Սարգսյանի նշած խնդիրները, դրանք ներկայացրել ԵԱՀԿ համապատասխան կառույցներին: «Ես շարունակում եմ հետևել իրավիճակին և այս ու հարակից հարցերի վերաբերյալ կապի մեջ եմ Մինսկի խմբի համանախագահների ու գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ: Տեղյակ եմ, որ այս խնդիրները քննարկել եք նաև գործող նախագահ Անն Լինդեի հետ մարտին Երևան կատարած նրա այցի ընթացքում: Մինսկի խմբի համանախագահները 2021 թ. ապրիլի 13-ին հայտարարություն են տարածել, որում անդրադառնում են նաև Ձեր նամակում նշված հարցերին: Համանախագահներն ընդգծել են, որ լրացուցիչ ջանքեր են անհրաժեշտ` դեռևս գոյություն ունեցող մտահոգությունները փարատելու և երկարատև խաղաղությանը նպաստող փոխադարձ վստահության մթնոլորտ ձևավորելու համար: Այդ համատեքստում համանախագահները մատնանշել են բոլոր ռազմագերիների և կալանավորված այլ անձանց վերադարձի հետ կապված խնդիրները` համաձայն միջազգային մարդասիրական իրավունքի դրույթների: Նրանք, ինչպես և ես ու ԵԱՀԿ մյուս պաշտոնյաները, շարունակելու են հետևել և բարձրացնել այս հարցը: ԵԱՀԿ ինստիտուտներն ու կառույցները ԵԱՀԿ բոլոր երեք հարթություններում ծրագրված աշխատանքների միջոցով արդեն իսկ սերտորեն համագործակցում են Հայաստանի հետ: Հույս ունեմ որպես ԵԱՀԿ գլխավոր քարտուղար իմ պաշտոնավարման ընթացքում զարգացնել և առավել ընդլայնել այս համագործակցությունը»,-ասված է Հելգա Մարիա Շմիդի նամակում: 
18:43 - 17 մայիսի, 2021
Արա Այվազյանը և ԵԱՀԿ Գործող նախագահ Անն Լինդեն քննարկել են ՀՀ սահմանամերձ տարածքում տիրող իրավիճակը

Արա Այվազյանը և ԵԱՀԿ Գործող նախագահ Անն Լինդեն քննարկել են ՀՀ սահմանամերձ տարածքում տիրող իրավիճակը

Մայիսի 13-ին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ Գործող նախագահ, Շվեդիայի ԱԳ նախարար Անն Լինդեի հետ: Զրույցի առանցքային թեման ՀՀ սահմանամերձ տարածքում տիրող իրավիճակն է եղել: Նախարարի պաշտոնակատար Այվազյանն իր գործընկերոջը հանգամանալից ներկայացրել է Ադրբեջանի զինված ուժերի գործողությունների արդյունքում ՀՀ Սյունիքի մարզում ստեղծված իրավիճակը` անթույլատրելի համարելով միջազգային իրավունքի խախտմամբ Հայաստանի Հանրապետության ինքիշխան տարածքի նկատմամբ ոտնձգության փորձերը: ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատարը և ԵԱՀԿ Գործող նախագահը համակարծիք էին, որ նմանատիպ գործողությունները լուրջ մարտահրավեր են տարածաշրջանային անվտանգությանը և խաղաղությանը: Այս համատեքստում ԱԳ նախարարի պաշտոնակատարը նշել է, որ ԵԱՀԿ մասնակից պետության տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ Ադրբեջանի գործողությունները, դրանց նախորդած սպառնալիքներն ուղղակիորեն հետևանք են նախորդ տարի սեպտեմբերի 27-ին Արցախի ժողովրդի դեմ սանձազերծված պատերազմի և դրան հաջորդած շրջանում Ադրբեջանի ծայրաստիճան ագրեսիվ  գործելակերպի հանդեպ միջազգային հանրության ոչ պատշաճ արձագանքի: Կողմերը վերահաստատեցին իրենց հանձնառությունը համատեղ և գործուն ջանքեր գործադրելու ԵԱՀԿ տարածաշրջանի անվտանգության, խաղաղության և կայունության պահպանմանն ուղղությամբ:
19:57 - 13 մայիսի, 2021
Դեսպան Պապիկյանը ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստին անդրադարձել է ՀՀ ինքնիշխան տարածք Ադրբեջանի ներխուժմանը

Դեսպան Պապիկյանը ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստին անդրադարձել է ՀՀ ինքնիշխան տարածք Ադրբեջանի ներխուժմանը

Վիեննայում մայիսի 13-ին կայացած ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստին, օրակարգի «Ընթացիկ հարցեր» կետի ներքո ԵԱՀԿ-ում ՀՀ պատվիրակության կողմից ներկայացվել է «Հայաստանի ինքնիշխան տարածք Ադրբեջանի ներխուժման մասին» վերտառությամբ կետը։ Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանը ԵԱՀԿ մասնակից երկրներին տեղեկացրել է մայիսի 12-ին ադրբեջանական զինված խմբավորումների կողմից ՀՀ Սյունիքի մարզի ուղղությամբ ներխուժման մասին։ Նա նշել է, որ Հայաստանն այդ գործողությունները դիտարկում է որպես ոտնձգություն իր ինքնիշխան տարածքի հանդեպ, որի նպատակն է Հայաստանի պետական սահմանի երկայնքով լարվածության նոր օջախների ստեղծումը, ինչպես նաև՝ սահմանամերձ բնակավայրերի քաղաքացիական բնակչության հանդեպ հոգեբանական ճնշումը։ Ըստ աղբյուրի՝ դեսպան Պապիկյանը տեղեկացրել է նաև, որ ՀՀ կառավարությունն առայժմ փորձում է իրավիճակը հանգուցալուծել խաղաղ ճանապարհով՝ հետագա սրացումից և հնարավոր զոհերից խուսափելու համար։ Միևնույն ժամանակ դեսպան Պապիկյանը շեշտել է, որ Հայաստանը չի հանդուրժի Ադրբեջանի նման սադրիչ գործելաոճը։ Այնուհետև ՀՀ դեսպանը նշել է, որ Ադրբեջանի գործողություններին նախորդել են այդ երկրի նախագահի ռազմատենչ և Սյունիքի մարզի հանդեպ տարածքային պահանջներ պարունակող հայտարարությունները՝ ընդհուպ մինչև ուժի կիրառման սպառնալիքը։  ԱԳՆ-ից հայտնում են, որ ՀՀ մշտական ներկայացուցիչը նաև տեղեկացրեց, որ «Ադրբեջանի սադրիչ գործողությունների ֆոնին այդ երկրում տեղի են ունենալու զորավարժություններ, որոնք անց են կացվում առանց նախապես տեղեկացման և 2011թ․ Վիեննայի փաստաթղթի պահանջների խախտմամբ։ Ադրբեջանի կողմից վերջին տարիների ընթացքում անցկացված զորավարժություններից առնվազն երկուսին հետևել է Արցախի դեմ հարձակումը՝ 2016 և 2020 թվականներին․․․»։ Ամփոփելով խոսքը՝ դեսպան Պապիկյանը կոչ է արել ԵԱՀԿ մասնակից երկրներին համարժեք արձագանքել Ադրբեջանի նման ռազմատենչ գործողություններին՝ նշելով, որ Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի նմանօրինակ կոպիտ խախտումները լուրջ սպառնալիք են ստեղծում տարածաշրջանային խաղաղության և անվտանգության համար:
19:34 - 13 մայիսի, 2021
ՌԴ արտգործնախարարը ԵԱՀԿ Մինսկի խումբը պահանջված է համարում |armenpress.am|

ՌԴ արտգործնախարարը ԵԱՀԿ Մինսկի խումբը պահանջված է համարում |armenpress.am|

armenpress.am: ԵԱՀԿ Մինսկի խումբը շարունակում է պահանջված մնալ՝ առաջին հերթին մարդասիրական խնդիրների լուծման շուրջ համագործակցության և կողմերի միջև վստահության ստեղծման միջոցառումներն առաջ մղելու գործում: Այս մասին Բաքվում Ադրբեջանի արտգործնախարարի հետ հանդիպումից հետո կայացած ճեպազրույցի ընթացքում ասաց Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ անդրադառնալով Արցախում իրավիճակի կարգավորմանը: «Իրավիճակի հետագա կարգավորման բանալին՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև անցած տարվա նոյեմբերի 9-ին և այս տարվա հունվարի 11-ին ձեռքբերված պայմանավորվածություններին ամբողջ ծավալով հետևելն է: Այդ պայմանավորվածություններն ապահովում են ինչպես ռազմագործողությունների դադարի պահպանմանը նպաստող բոլոր անհրաժեշտ մեխանիզմները, այնպես էլ նպատակաուղղված են ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, որոնք երկար տարիներ հնարավորություն չեն ընձեռել՝ բացահայտելու աշխարհաքաղաքական կարևորություն ունեցող այս տարածաշրջանի շատ լուրջ տրանզիտային ու տնտեսական  ներուժը»,-մասնավորապես ասաց Սերգեյ Լավրովը՝ հավելելով, որ ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման գործում  կարևոր ներդրում ունի նաև Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների համատեղ նախագահությամբ ստեղծված եռակողմ աշխատանքային խումբը: Փոխվարչապետների գլխավորությամբ ստեղծված խումբն արդյունավետ է աշխատում, և Լավրովի համոզմամբ՝  մոտ ապագայում առաջին արդյունքները տեսանելի կլինեն: Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարի համոզմամբ՝ խումբը զբաղվում է տրանսպորտային ու տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակման հնարավորությունների հստակեցմամբ: Ըստ Լավրովի՝ ենթակառուցվածքների ապաշրջափակումը Անդրկովկասյան պետություններին իրենց հարևանների հետ միասին հնարավորություն կընձեռի միանալու տրանսպորտային փոխադրումների միասնական տարածքի:
14:49 - 11 մայիսի, 2021
Արցախի ԱԳ նախարարը ջրային անվտանգության վերաբերյալ նամակներ է հղել ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին և Անջեյ Կասպշիկին

Արցախի ԱԳ նախարարը ջրային անվտանգության վերաբերյալ նամակներ է հղել ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին և Անջեյ Կասպշիկին

Մայիսի 7-ին Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը նամակներ է հղել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին և ԵԱՀԿ Գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին Արցախի ջրային անվտանգության վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է Արցախի ԱԳՆ-ն: Նամակներում, մասնավորապես, նշվում է, որ 2020 թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան լուրջ սպառնալիքներ է ստեղծել Արցախի Հանրապետության ջրային անվտանգության համար։ 2020 թ. նոյեմբերի 9-ին ռազմական գործողությունների դադարեցման մասին եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել Քարվաճառի (Քելբաջարի) շրջանը, որն Արցախի ջրային ռեսուրսների հիմնական աղբյուրն է։ Այժմ Արցախի Հանրապետությունում օգտագործվող ջրի մոտ 98%-ը սկիզբ է առնում Քարվաճառում։ Այնտեղ են գտնվում նաև Սևանա լիճը սնուցող Արփա և Որոտան գետերի ակունքները։ Սևանում է կենտրոնացած Հայաստանի ջրային ռեսուրսների 80%-ը. առանց այդ գետերի Սևանին բնապահպանական աղետ է սպառնում։ Այսպիսով, այսօր ավելի քան երբևէ Արցախի Հանրապետության պատմության ընթացքում, չափազանց կարևոր է ապահովել արցախցիների ջրօգտագործման իրավունքը և Հանրապետության ջրային անվտանգությունը։ Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ էթնիկ զտման մշտական սպառնալիքին, ինչպես նաև Ադրբեջանի իշխանությունների կողմից խրախուսվող և համակարգվող հայատյացության երկարամյա պետական քաղաքականությանն ու էթնիկ հայերի դեմ ատելության քարոզչությանը հակազդելու համար անհրաժեշտ են անվտանգային լուրջ  միջոցառումներ: Նամակներում նաև նշվում է, որ Արցախի Հանրապետության իշխանությունները կոչ են անում ԵԱՀԿ-ին մշտադիտարկման միջազգային առաքելություն իրականացնել այն գոտում, որտեղ սկիզբ են առնում վերոնշյալ գետերը։ Հակառակ դեպքում, կվտանգվի ոչ միայն Արցախի ժողովրդի ջրօգտագործման հիմնարար իրավունքը, այլ նաև՝ ընդհանրապես բնակչության գոյությունը։
17:39 - 07 մայիսի, 2021
Կանադայի ԱԳՆ-ն հայ գերիների հարցով դիմել է Ադրբեջանին |tert.am|

Կանադայի ԱԳՆ-ն հայ գերիների հարցով դիմել է Ադրբեջանին |tert.am|

tert.am: Կանադայի արտաքին գործերի նախարարությունն իր թվիթերյան պաշտոնական միկրոբլոգում հայտարարություն է տարածել, որում անդրադարձել է օրերս Ադրբեջանի կողմից 3 հայ գերիների ազատ արձակման թեմային:«Կանադան ողջունում է Ադրբեջանի կողմից պահվող հայ անձանց ազատ արձակումը, որը Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման առանցքային քայլ է: Կանադան շարունակում է կոչ անել ազատ արձակել բոլոր պահվող անձանց»,- ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ:«ԱՄՆ-ն ողջունում է Ադրբեջանի կողմից պահվող երեք հայ անձանց ազատ արձակումը: Մենք կոչ ենք անում երկու կողմերին էլ ամբողջությամբ և արագորեն ավարտել բոլոր բանտարկյալների, կալանավորվածների և մնացած անձանց փոխանակման գործընթացը և հարգել պահվող անձանց նկատմամբ մարդասիրական վերաբերմունքն ապահովելու իրենց պարտավորությունները»,- շեշտել էր Բլինկենը:Այս առնչությամբ ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գրասենյակից հայտնել էին, որ «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերի արդյունքում և միջազգային հանրության օրեցօր աճող ճնշման պայմաններում Ադրբեջանը վերադարձրել է երեք հայ ռազմագերների: Լիահույս ենք, որ այս գործընթացը կունենա իր տրամաբանական շարունակությունն ու շուտափույթ ավարտը»:
11:16 - 07 մայիսի, 2021
Այվազյանը վերահաստատել է այն դիրքորոշումը, որ ԼՂ հակամարտությունը հեռու է կարգավորված լինելուց |armenpress.am|

Այվազյանը վերահաստատել է այն դիրքորոշումը, որ ԼՂ հակամարտությունը հեռու է կարգավորված լինելուց |armenpress.am|

armenpress.am: ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը վերահաստատել է հայկական կողմի այն հստակ դիրքորոշումը, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը հեռու է կարգավորված լինելուց: Այս մասին Այվազյանն ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ զրույցում: «Եվս մեկ անգամ վերահաստատեցի մեր հստակ դիրքորոշումը, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը հեռու է կարգավորված լինելուց: Բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով է հնարավոր հասնել համապարփակ քաղաքական կարգավորման, որը հաշվի կառնի բոլորի իրավունքները և խաղաղություն ու կայունություն կբերի Հարավային Կովկաս։ Եվ նման կարգավորման հիմքում պետք է առաջին հերթին ընկած լինի Արցախի կարգավիճակի որոշումն այն սահմաններում, որտեղ ինքնորոշվել է Արցախի ժողովուրդը»,- ասաց Այվազյանը: Արտաքին գործերի նախարարի պաշտոնակատարը նշեց, որ կարգավորման սկզբունքները մշակվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կողմից, և հայկական կողմը շահագրգռված է միջազգային հանրության կողմից միջնորդական մանդատով օժտված այդ ձևաչափի գործունեության առավել ամրապնդման և ակտիվացման մեջ։ «Հայկական կողմը կիսում է Մինսկի խմբի համանախագահ երկրների միասնական դիրքորոշումը, որը ներկայացվեց ապրիլի 13-ի հայտարարությամբ առ այն, որ «հատուկ ուշադրություն պետք է դարձնել վերջնական, համապարփակ և կայուն կարգավորման ձեռքբերմանը` կողմերին հայտնի տարրերի և սկզբունքների հիման վրա»,- նշեց Արա Այվազյանը: Այվազյանն ընդգծեց նաև, որ ռազմական գործողությունների դադարեցումից գրեթե կես տարի անց Ադրբեջանը, խախտելով միջազգային մարդասիրական իրավունքը, խաթարում է հայտարարության դրույթների իրականացումը և հրաժարվում վերադարձնել բոլոր ռազմագերիներին և պատանդի կարգավիճակում գտնվող քաղաքացիական անձանց: «Այս համատեքստում գործընկերոջս ներկայացրի միջազգային հանրության մոտեցումները»,- եզրափակեց նախարարի պաշտոնակատարը:
15:11 - 06 մայիսի, 2021
Կարևոր է համանախագահների հովանու ներքո խաղաղ գործընթացի վերսկսման համար պայմանների ստեղծումը. Արա Այվազյան

Կարևոր է համանախագահների հովանու ներքո խաղաղ գործընթացի վերսկսման համար պայմանների ստեղծումը. Արա Այվազյան

ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ հանդես է եկել բացման խոսքով: «Հարգելի Սերգեյ Վիկտորի,  Սիրելի բարեկամներ,  Ուրախ եմ ողջունել ձեզ Երևանում: Ձեր այցը լավ առիթ է՝ շարունակելու հայ-ռուսական միջպետական ​​երկխոսության հարցերի լայն շրջանակի վերաբերյալ քննարկումները: Հուսով եմ, որ մենք կքննարկենք երկկողմ օրակարգի առավել արդիական խնդիրները, որոնք ունեն ռազմավարական ուղղվածություն: Հայաստանի և Ռուսաստանի միջև փոխգործակցության դաշնակցային բնույթը կանխորոշում է այն խնդիրների շրջանակը, որոնք մենք համատեղ հասցեագրում ենք` ի շահ մեր ժողովուրդների բարեկամության առավել ամրապնդման և անվտանգության, խաղաղության ու կայունության պայմաններում մեր երկրների զարգացման: Ակտիվ քաղաքական երկխոսությունը և արտաքին քաղաքական լայն համակարգումը, ծանրակշիռ իրավապայմանագրային դաշտը, որը կարգավորում է մեր երկրների փոխգործակցությունը բոլոր ոլորտներում, ներառյալ՝ պաշտպանության ոլոտրում, ստեղծում են բոլոր անհրաժեշտ պայմանները՝ համատեղ ջանքերի հաջողության համար: Մենք շահագրգռված ենք խթանել երկկողմ հարաբերություններն այնպիսի մեխանիզմների հետևողական գործունեության միջոցով, ինչպիսիք են տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովը, միջխորհրդարանական հանձնաժողովը, ռազմատեխնիկական համագործակցության հանձնաժողովը: Ձեր այցի շրջանակներում մենք սկսեցինք քննարկումները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցի շուրջ և շարունակելու ենք քննարկումները օրվա ընթացքում: Այս համատեքստում կարևոր է միջնորդական մանդատով օժտված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` ի դեմս Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի, հովանու ներքո խաղաղ գործընթացի վերսկսման համար պայմանների ստեղծումը: Կարևորագույն հարցը Ադրբեջանի կողմից բոլոր ռազմագերիների և պատանդի կարգավիճակում գտնվող քաղաքացիական անձանց վերադարձի ապահովումն է: Եվ այս խնդիրը պետք է հնարավորինս արագ լուծվի, ինչի մասին են վկայում նաև շարունակվող միջազգային մարդասիրական իրավունքի զանգվածային խախտումների վերաբերյալ բազմաթիվ փաստերը: Ոչ պակաս հրատապ է նաև տեղահանված անձանց՝ իրենց բնակավայրերը վերադառնալու համար տարրական պայմանների ստեղծումը, բնակչությանը մարդասիրական օգնության տրամադրումը և Արցախի տնտեսության վերականգնումը: Չափազանց արդիական է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ անցած պատմական և մշակութային ժառանգության պահպանման խնդիրը:  Համոզված եմ, որ այսօր մենք կարծիքներ կփոխանակենք հետագա անելիքների վերաբերյալ, այդ թվում՝ հունվարի 11-ի հայտարարության դրույթների կատարման մասով կապված տրանսպորտային կապերի ապաշրջափակման հետ: Կանդրադառնանք տարածաշրջանային մակարդակով իրավիճակի զարգացման վերջին միտումներին, ներառյալ` շահերն առաջ մղելու և ընդհանուր սպառնալիքներին հակազդելու խնդրի համատեքստում: Կարծիքներ կփոխանակենք նաև բազմակողմ և ինտեգրացիոն միավորումների ձևաչափով համագործակցության շուրջ: Լինելով միջպետական ​​համագործակցության կարևոր ոլորտ՝ այն նաև լրացուցիչ հնարավորություններ և առավելություններ է պարունակում հայ-ռուսական հարաբերությունների զարգացման համար: Ինչպես տեսնում եք, թեմատիկան բավականին լայն է և առարկայական:  Այնպես որ, ևս մեկ անգամ բարի գալուստ»,- հայտարարել է Արա Այվազյանը։
11:56 - 06 մայիսի, 2021
ԵԱՀԿ Անվտանգության համագործակցության ֆորումի ՀՀ նախագահության նիստը՝ նվիրված ՄԱԿ ԱԽ 1540 բանաձևին

ԵԱՀԿ Անվտանգության համագործակցության ֆորումի ՀՀ նախագահության նիստը՝ նվիրված ՄԱԿ ԱԽ 1540 բանաձևին

Տեղի է ունեցել ԵԱՀԿ Անվտանգության համագործակցության ֆորումի ՀՀ նախագահության նիստը՝ նվիրված ՄԱԿ Անվտանգության խորհրդի 1540 բանաձևին: Բացելով նիստը՝ ԵԱՀԿ ԱՀՖ նախագահ, ԵԱՀԿ-ում ՀՀ առաքելության ղեկավար, դեսպան Արմեն Պապիկյանը նշել է, որ բազմակողմ դիվանագիտության և սպառազինությունների վերահսկման ռեժիմների աստիճանական թուլացումը, սպառազինությունների վերահսկման մեխանիզմներում առկա բացերը և տեխնոլոգիական առաջընթացը կարող են պայմաններ ստեղծել ահաբեկիչների կողմից զանգվածային ոչնչացման զենքերի օգտագործման համար: Ընդգծվել է, որ միջուկային, քիմիական և կենսաբանական զենքերի վերահսկումն ու չտարածումը պահանջում են տարածաշրջանային և միջազգային կազմակերպությունների միջև սերտ համագործակցություն և գործողությունների համակարգում, այդ թվում՝ վերահսկողության միջազգային արդյունավետ ու գործուն մեխանիզմների ապահովման և ազգային կարողությունների զարգացման նպատակով պետություններին աջակցելու միջոցով: Հանդիպմանը, որպես բանախոսներ, մասնակցել են ՀՀ ԱԳՆ Միջազգային անվտանգության վարչության պետ Գեորգի Քոչարյանը, ՄԱԿ ԱԽ 1540 կոմիտեի փոխնախագահ Էդվարդ Ռայս-Հաուելը, ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Գրիգորի Մաշկովը և ԱՄՆ Պետքարտուղարության ՄԱԿ ԱԽ 1540 բանաձևի ազգային համակարգող Թոդ Փերին:  ԵԱՀԿ մասնակից պետություններին ներկայացվել են զանգվածային ոչնչացման զենքերի չտարածման ուղղությամբ ՀՀ ջանքերը: Մասնակիցների ուշադրությունը հրավիրվել է Հարավային Կովկասում ԴԱԵՇ, Ջաբհատ-ալ-Նուսրա և այլ ահաբեկչական կազմակերպությունների հետ առնչություն ունեցող օտարերկրյա ահաբեկիչ մարտիկների ներկայության վրա, որն իրական սպառնալիք է ԵԱՀԿ տարածաշրջանային անվտանգությանը: Հետագա ահաբեկչական ակտերի կանխարգելման, ինչպես նաև այդ ահաբեկիչների կողմից զանգվածային ոչնչացման զենքերի հնարավոր օգտագործումը բացառելու նպատակով անհրաժեշտ է համարվել հետաքննման արդյունավետ մեխանիզմի ստեղծումը: Նիստին անդրադարձ է կատարվել ՄԱԿ ԱԽ 1540 կոմիտեի և ԵԱՀԿ-ի միջև համագործակցության ամրապնդմանը, մասնավորապես, ՄԱԿ ԱԽ 1540 բանաձևի իրականացման 2021 թ. համապարփակ վերանայման գործընթացին ընդառաջ: Քննարկվել է նաև ԵԱՀԿ-ի՝ որպես տարածաշրջանային կազմակերպության ներդրումը չտարածման գլոբալ ռեժիմի ամրապնդմանն ուղղված միջազգային ջանքերում: 
09:58 - 06 մայիսի, 2021