Արդարադատության նախարարություն

ՀՀ արդարադատության նախարարությունը գործադիր իշխանության պետական մարմին է։ Նախարարության կազմի մեջ է մտնում 14 կառուցվածքային ստորաբաժանում, 7 առանձնացված ստորաբաժանում, ինչպես նաև ՀՀ ԱՆ-ն ունի տարբեր ոլորտներում գործունեություն իրականացնող 7 իրավաբանական անձ։

ՀՀ արդարադատության նախարարն է Ռուստամ Բադասյանը։

Քրեական օրենսգրքի փոփոխություններով առաջարկվում է պետական ծառայողին վիրավորելու կամ զրպարտելու համար պատիժ սահմանել

Քրեական օրենսգրքի փոփոխություններով առաջարկվում է պետական ծառայողին վիրավորելու կամ զրպարտելու համար պատիժ սահմանել

Հանրային քննարկման է ներկայացվել «ՀՀ քրեական օրենսգրքում» փոփոխությունների նախագիծ, որով առաջարկվում է պետական և տեղական մարմիններում ծառայող անձին վիրավորելու կամ զրպարտելու համար պատիժ սահմանել նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով: «Միաժամանակ, ըստ նախագծի, առաջարկվում է սահմանել, որ այդ հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է զանգվածային լրատվության միջոցներով կամ հրապարակային այլ եղանակով՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից երեքհազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով»,- նշված է նախագծում, որ քննարկման է դրվել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում: Նախագծի հիմնավորումներում նշված է, որ դրա ընդունմամբ ակնկալվում է վերացնել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով արարքները որակելու հետ կապված իրավակիրառ պրակտիկայում հանդիպող խնդիրները, ինչպես նաև քրեաիրավական առավել արդյունավետ պաշտպանության մեխանիզմներ նախատեսել հանրային ծառայության մեջ գտնվող անձանց համար՝ կապված նրանց կողմից իրենց ծառայողական պարտականությունները կատարելու հետ՝ պաշտպանելով նրանց հրապարակային վիրավորանքից և զրպարտությունից:
14:05 - 17 փետրվարի, 2021
Ռուստամ Բադասյանը քաղհասարակության ներկայացուցիչների հետ քննարկել է համատեղ ուժերով բարեփոխումներին նոր թափ հաղորդելու հնարավորությունը

Ռուստամ Բադասյանը քաղհասարակության ներկայացուցիչների հետ քննարկել է համատեղ ուժերով բարեփոխումներին նոր թափ հաղորդելու հնարավորությունը

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը փետրվարի 12-ին հանդիպել է քաղաքացիական հասարակության մի շարք ներկայացուցիչների և քննարկել համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Հանդիպմանը մասնակցել են փոխնախարար Քրիստիննե Գրիգորյանը, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ Արաքս Մելքոնյանը, «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» հասարակական կազմակերպության ծրագրերի գծով փոխտնօրեն Դավիթ Ամիրյանը, «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ ղեկավար Արթուր Սաքունցը, «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ նախագահ Նինա Կարապետյանցը և «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը։ Ընդգծվել է դատաիրավական և հակակոռուպցիոն բարեփոխումների իրականացմանը քաղհասարակության մասնակցության կարևորությունը, և անդրադարձ է կատարվել Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի և Թուրքիայի կողմից թույլ տրված մարդու հիմնարար իրավունքների խախտումների վերաբերյալ ՀԿ-ների կողմից իրականացված փաստահավաք առաքելության արդյունքներին և այդ ոլորտում համագործակցությանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև արդարադատության ոլորտում սկսված բարեփոխումների ընթացքը, դրանց ընթացքում օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով ի հայտ եկած խնդիրները, անդրադարձ է կատարվել դատաիրավական բարեփոխումների հետ կապված հասարակական կազմակերպությունների մտահոգություններին և դրանց լուծման համար սահմանադրական երաշխքիների ձևավորման անհրաժեշտությանը։
12:21 - 13 փետրվարի, 2021
Արդարադատության նախարարի տեղակալը ՀՀ-ում Լեհաստանի դեսպանի հետ քննարկել է Պրոբացիայի ծառայությանը վերաբերող հարցեր

Արդարադատության նախարարի տեղակալը ՀՀ-ում Լեհաստանի դեսպանի հետ քննարկել է Պրոբացիայի ծառայությանը վերաբերող հարցեր

Արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանն այսօր ընդունել է Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակին: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԱՆ պրոբացիայի ծառայության պետ Գևորգ Սիմոնյանը և քրեական օրենսդրության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչության պետ Արփինե Սարգսյանը: Փոխնախարարը ողջունել է հյուրերին արդարադատության նախարարությունում և անդրադարձել դեսպանի այցի օրակարգային հարցերին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Պրոբացիայի ծառայությանը և հակակոռուպցիոն բարեփոխումների շրջանակին առնչվող համագործակցային մի շարք հեռանկարային հարցեր: Մասնավորապես՝ դեսպանի հարցմամբ, փոխնախարար Գրիգորյանը ներկայացրել է Քրեական դատավարության և Քրեական նոր օրենսգրքերի բարեփոխումների շրջանակը՝ ընդգծելով, որ վերականգնողական արդարադատության կայացման հիմնական գործիքը նախարարության համար Պրոբացիայի ծառայությունն է՝ կարևորելով ծառայության բովանդակային և կիրառական կարողությունների զարգացումը: Այս համատեքստում պայմանավորվածություն է ձեռք բերվել Լեհաստանի պրոբացիոն մոնիթորինգային փորձի փոխանակման վերաբերյալ՝ կիրառվող տեխնիկական սարքերին, ծրագրային ապահովումներին ծանոթանալու, ինչպես նաև ԱՆ պրոբացիայի ծառայությանը հնարավոր տեխնիկական աջակցություն ցուցաբերելու հարցերի շուրջ: Հանդիպման ընթացքում փոխնախարարը ներկայացրել է նաև Հայաստանում հակակոռուպցիոն ինստիտուտների ներդրման ու գործունեության ընթացքը և դրանց կազմավորմանը նախորդող օրենսդրական լայնածավալ աշխատանքները: Կոռուպցիայի կանխարգելման ոլորտում ևս դեսպան Չեպլակն ընդգծել է համագործակցության հնարավորությունը՝ Լեհաստանի կենտրոնական հակակոռուպցիոն բյուրոյի հետ փորձի փոխանակման կազմակերպման միջոցով: Ամփոփելով հանդիպումը՝ կողմերը ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում համագործակցությունը խորացնելու պատրաստակամություն են հայտնել:
19:17 - 11 փետրվարի, 2021
Կառավարությունն առաջարկում է ներդնել փաստերի իրավական կանխավարկածի ինստիտուտ |armenpress.am|

Կառավարությունն առաջարկում է ներդնել փաստերի իրավական կանխավարկածի ինստիտուտ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունելու համար քննարկում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի նախագիծը: Այն խորհրդարանի նիստում ներկայացրեց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: «Նպատակն է վարույթի ամրագրումը դարձնել էլեկտրոնային: Առաջին անգամ որպես քրեական դատավարության սկզբունք ամրագրվում է իրավունքի չարաշահման արգելքը, հնարավորություն է տրվում ներդնել պահեստային դատավորի գաղափարը»,- ասաց Բադասյանը: Ըստ արդարադատության նախարարի՝ դա հնարավարություն կտա բուն դատավորի փոփոխության դեպքում գործը նորից չսկսել: Նախաքննության փուլում առաջարկվում է մեծացնել պաշտպանի դերակատարությունը, հետայսու վերջինիս կողմից ներկայացված տեղեկությունները ապացույցի կարգավիճակ կունենան: Կներդրվի փաստերի իրավական կանխավարկածի ինստիտուտը, կվերացվի նաև քրեական գործի հարուցման ձևական փուլը:
10:37 - 10 փետրվարի, 2021
Ռուստամ Բադասյանը Շվեդիայի, Լեհաստանի և Լիտվայի դեսպանների հետ քննարկում է ունեցել

Ռուստամ Բադասյանը Շվեդիայի, Լեհաստանի և Լիտվայի դեսպանների հետ քննարկում է ունեցել

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է Հայաստանում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին, Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակին և Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին։ Այս մասին հայտնում է Արդարադատության նախարարությունը: Ռուստամ Բադասյանը ողջունել է դեսպաններին Արդարադատության նախարարությունում և նշել, որ հանդիպումը լավ հնարավորություն է քննարկելու մարդու հիմնարար իրավունքների խախտումների դեպքում համաչափ արձագանքին վերաբերող հարցերը։ Հայաստանում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնը գործընկերների անունից շնորհակալություն է հայտնել հանդիպման հնարավորության համար և նշել, որ ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները այն ոլորտներն են, որոնց ուղղությամբ առաջիկա տարիներին համագործակցությունը զարգացնելու մեծ ցանկություն կա։ «Մենք աջակցում ենք Հայաստանի՝ թավշյա հեղափոխությունից հետո նախանշած բարեփոխումներին՝ ուղղված մարդու իրավունքների պաշտպանությանը, դատաիրավական բարեփոխումներին, օրենքի գերակայության և ժողովրդավարության ամրապնդմանը»,- նշել է դեսպանը, հավելելով, որ այստեղ են՝ վերահաստատելու համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունը։  Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեի գնահատմամբ, Հայաստանի արդարադատության նախարարությունը բարեփոխումների իրականացման առաջամարտիկն է և նշել, որ չնայած 2020 թվականին տեղի ունեցած ողբերգությանն ու անբարենպաստ իրադարձություններին՝ կարևոր է արձանագրել, որ Հայաստանը բարեփոխումները շարունակել է։ Դեսպանը նաև շնորհավորել է Հայաստանին՝ Թրանսփարենսի ինթերնեշնլի Կոռուպցիայի ընկալման համաթվի 2020 թվականի արդյունքներով արձանագրված առաջընթացի համար: «Մենք պատրաստ ենք ինտենսիվացնել մեր համագործակցությունը՝ երկու տարի առաջ սկսած բարեփոխումները հաստատուն քայլերով առաջ տանելու համար»,- ընդգծել է Լիտվայի դեսպանը։ Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակը, միանալով գործընկերների խոսքերին, հետաքրքրվել է հակակոռուպցիոն մարմինների և Ներքին գործերի նախարարության ստեղծման ուղղությամբ իրականացվող աշխատանքներից։ Հանդիպման ընթացքում կարևորվել են գերիների անհապաղ վերադարձման, մարդու իրավունքների կոպտագույն խախտումներին արագ, համաչափ արձագանքման հետ կապված հարցերը։ Նախարար Բադասյանը շնորհակալություն է հայտնել դեսպաններին դրական գնահատականների համար և մանրամասներ ներկայացրել հակակոռուպցիոն ոլորտի և ոստիկանության բարեփոխումների գործընթացներից։ Այդ համատեքստում Ռուստամ Բադասյանը կարևորել Եվրոպական միության կողմից Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների իրականացմանն աջակցելու նպատակով Հայաստանի կառավարությանը հատկացվող 30 մլն եվրոյի չափով բյուջետային աջակցությունը, որից  9 միլիոն եվրոն արդեն տրամադրվել է։ Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են խորացնել բարեփոխումներին միտված համագործակցությունը։ 
14:38 - 05 փետրվարի, 2021
Ազատազրկված անձանց իրավունքները դիտարկվում են բացառապես դրանց բովանդակության լույսի ներքո. ԱՆ արձագանքը ՄԻՊ զեկույցին

Ազատազրկված անձանց իրավունքները դիտարկվում են բացառապես դրանց բովանդակության լույսի ներքո. ԱՆ արձագանքը ՄԻՊ զեկույցին

ՀՀ արդարադատության նախարարությունն արձագանքել է Մարդու իրավունքների պաշտպանի «Ազատությունից զրկված անձի հիվանդասենյակում քրեակատարողական ծառայողի մշտական ներկայության անթույլատրելիության վերաբերյալ արտահերթ հրապարակային զեկույցին:  «Փետրվարի 3-ին հրապարակվել է Մարդու իրավունքների պաշտպանի «Ազատությունից զրկված անձի հիվանդասենյակում քրեակատարողական ծառայողի մշտական ներկայության անթույլատրելիության վերաբերյալ (կալանավորված անձի օրինակով)» արտահերթ հրապարակային զեկույցը: Արդարադատության նախարարությունը հարկ է համարում ընդգծել, որ ազատությունից զրկված անձանց իրավունքների երաշխավորումը մշտապես դիտարկվում է դրանց բովանդակության լույսի ներքո՝ բացառելով ցանկացած ձևական (formal) մոտեցում: Այս պնդումն ավելի ցայտուն կերպով արտացոլված է ոլորտային բարեփոխումների օրակարգում, որի շրջանակներում ձեռնարկված քայլերն ինչպես առանձին, այնպես էլ իրենց համակցության մեջ, արձանագրում են համակարգային առաջընթաց: Հատկապես բանտային բժշկության ոլորտում բարեփոխումների օրակարգը, որպես վերջնարդյունք, թիրախավորել է բանտային առողջապահության ոլորտը հանրային առողջապահության ոլորտ ինտեգրելը: Սա նշանակում է, որ ազատությունից զրկված անձանց պետք է հասանելի լինի երկրում առկա բժշկական օգնության և սպասարկման այն նույն մակարդակը, ինչ ընդհանուր բնակչության համար՝ բացառելով իրավական կարգավիճակով պայմանավորված խտրականության դրսևորումները: Անդրադառնալով զեկույցի բովանդակային կետերին՝ Նախարարությունը հարկ է համարում առանձնացնել հետևյալ դիտարկումները. «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքով ամրագրվում են ձերբակալված և կալանավորված անձանց բուժսանիտարական և բուժկանխարգելիչ օգնությունը կազմակերպելու օրենսդրական հիմքերը, իսկ ենթաօրենսդրական ակտերով սահմանվում են դրանց ընթացակարգերը։ Այլ կերպ՝ նշված օրենքի կարգավորումների համալիր վերլուծությունից բխում է, որ ձերբակալված և կալանավորված անձանց բուժհաստատություններում պահելու լիազորությունը հստակ է և կանխատեսելի, հստակ է նաև այն, որ նման լիազորությամբ օժտված է Քրեակատարողական ծառայությունը, իսկ այն, թե ինչ ընթացակարգով է իրականացվում պահպանման լիազորությունը, օրենքն այն ընդունելու լիազորությունը վերապահել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն ու լիազոր մարմնին: Ընթացակարգային հարցերը ենթաօրենսդրական ակտի մակարդակով կարգավորելը չի կարող ընդունվել որպես անձի իրավունքը սահմանափակող երևույթ: Բացի այդ, տրամաբանական է, որ ընթացակարգային բոլոր հարցերը չեն կարող դառնալ օրենքի կարգավորման առարկա՝ ելնելով ողջամտության կանխավարկածից: Ի դեպ, Մարդու իրավունքների պաշտպանը ևս կիսում է այս տեսակետը: Ընթացակարգային հարցերը ենթաօրենսդրական ակտով կարգավորելը որևէ պարագայում չի կարող դիտարկվել օրենքի «հովանոցից» օգտվել և մեկնաբանվել իբրև անձի իրավունքներին միջամտելու «արդարացում»: Ինչպես նշվեց, օրենքով նախատեսված են բուժսանիտարական և բուժկանխարգելիչ օգնությունը կազմակերպելու իրավական հիմքերը, իսկ թե ինչպես պետք է իրացվեն այդ հիմքերը, հարցի պատասխանը ընթացակարգային տեսանկյունից տալիս են ենթաօրենսդրական ակտերի կարգավորումները: Այս պայմաններում առնվազն հասկանալի չէ, թե ինչպես կարող են ենթաօրենսդրական ակտերի կարգավորումները, որոնք տալիս են անձի նկատմամբ հսկողության իրականացման մանրամասները, դիտարկվել ծավալային առումով օրենքին ոչ համահունչ կամ տալ անձի իրավունքներին անհամաչափ միջամտության թյուր պատկերացում: Բժշկական հետազոտությունների և խորհրդատվությունների իրականացման ընթացքում կոնֆիդենցիալության ապահովման նպատակով դրանք իրականացվում են (կալանավորված անձի օրինակով) պահակետի ծառայողի լսողության սահմաններից դուրս: Նման պայմաններում պահակետի ծառայողը դուրս չի գալիս իր լիազորությունների շրջանակից և չի կատարում այնպիսի գործողություն, որն ուղղված է բժշկական հետազոտությունների և խորհրդատվությունների իրականացմանը խոչընդոտելուն կամ բժշկական գաղտնիքը բացահայտելուն կամ անձի արժանապատվությունը նվաստացնելուն: Ըստ այդմ՝ կարելի է արձանագրել, որ բժշկական օգնության և սպասարկման գաղտնիության ղեկավար սկզբունքները չեն կարող խախտվել: Դրան զուգահեռ, պահակետի ծառայողն ունի տեսողական արդյունավետ հսկողության ապահովման պարտականություն, ինչը տրամաբանական է՝ հաշվի առնելով այն, որ պահակետի ծառայողը հսկում է ազատությունից զրկված անձին և ապահովում անվտանգություն: Այս տեսանկյունից հարկ է նկատել, որ պահակետի ծառայողը գործել է Սահմանադրության 6-րդ հոդվածի կարգավորումներին համահունչ: Գործող օրենսդրական կարգավորումների պայմաններում այնպիսի գործողությունների կատարումը, որոնք չեն բխում նրան վերապահված լիազորությունների ծավալից, կարող է հանգեցնել ընդհուպ մինչև քրեական պատասխանատվության: Ուստի, Սահմանադրության և օրենքներին համահունչ գործելն ըստ էության համարել ձևական (formal) մոտեցում, կարծում ենք՝ որևէ կերպ ընդունելի համարվել չի կարող: Չպետք է մոռանալ, որ քրեակատարողական հիմնարկն ինքնին հատուկ պահպանվող գոտի է և անվտանգության ապահովման ուժերը չեն կարող համեմատվել քաղաքացիական բժշկական հաստատությունում անվտանգության ապահովման ուժերի հետ: Կարևոր է ընդգծել, որ քաղաքացիական բժշկական հաստատությունում անվտանգության ապահովման որակական կողմի տեսանկյունից պետք է ապահովել անհրաժեշտ հավասարակշռություն անձի առողջության պահպանման իրավունքի և անվտանգության երաշխավորման նպատակով գործադրվող միջոցների միջև: Տեղյակ լինելով միջազգային իրավաբանությունում առկա մոտեցումներին՝ հայտնի իրողություն է, որ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտման առկայության կամ բացակայության հանգամանքը Եվրոպական դատարանը գնահատում է գործով առկա բոլոր հանգամանքների համակցության մեջ: Պահակետի ծառայողի հսկողության տակ գտնվելու փաստն առանձին վերցված 3-րդ հոդվածի համատեքստում դիտարկելն ընդունելի համարվել չի կարող, այն էլ այն դեպքում, երբ չեն խախտվում բժշկական օգնության և սպասարկման գաղտնիության ղեկավար սկզբունքները: Ինչ վերաբերում է զեկույցում նշված՝ ոլորտային բարեփոխումների առնչությամբ Պաշտպանին իրազեկելուն, հարկ ենք համարում ևս մեկ անգամ փաստել, որ բանտային առողջապահության ոլորտում Կառավարության բարեփոխումների օրակարգը բավական հավակնոտ է: Բանտային առողջապահության ոլորտը կենդանի օրգանիզմ է, այն անընդհատ կատարելագործման և արդի զարգացման միտումներին համահունչ գործելու կարիք ունի այնպես, ինչպես հանրային առողջապահության ոլորտը: Բարեփոխումների իրականացումը երբեք չպետք է ընկալվի անձի իրավունքների հնարավոր խախտումները քողարկելու քայլ: Ճիշտ հակառակը՝ Կառավարությունը՝ ընդհանրապես, և Նախարարությունը՝ մասնավորապես, հետևողական է անձի իրավունքների խախտման ցանկացած դեպք բացահայտելուն, երբ առկա են օբյեկտիվ և ողջամիտ հիմքեր: Արդարադատության նախարարությունը վերստին ընդգծում է իր մոտեցումն առ այն, որ ազատությունից զրկված ցանկացած անձի իրավունքի երաշխավորումը գտնվում է մեր ամենօրյա ուշադրության կենտրոնում՝ անկախ կոնկրետ անձի կարգավիճակից կամ նրա անձի նկատմամբ հանրային հետաքրքրության աստիճանից: Եվ որ ամենակարևորն է, նշված մոտեցումը պետք է ընկած լինի մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ցանկացած անձի կամ կառույցի գործունեության հիմքում»:
11:01 - 04 փետրվարի, 2021
ԱԺ-ն ընդունեց առանձին ենթամասնագիտացմամբ դատավորների ինստիտուտ ներդնելու նախագիծը


 |armenpress.am|

ԱԺ-ն ընդունեց առանձին ենթամասնագիտացմամբ դատավորների ինստիտուտ ներդնելու նախագիծը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ներդնել մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերով առանձին ենթամասնագիտացում ունեցող դատավորների ինստիտուտ: «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ստացավ 83 կողմ, 24 դեմ, 1 ձեռնպահ ձայներ: Նախագծերի փաթեթով առաջարկվում է մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերով առանձին ենթամասնագիտացում ունեցող դատավորների ինստիտուտի ներդրումը: Նախագծով նախատեսվում է, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում առանձին դատավորներ, որոնք ունեն քրեական մասնագիտացում, քննելու են մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերը և ՀՀ տարածքում իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումների թույլտվության միջնորդությունները, օրինակ` խուզարկության սանկցիաները, կալանքի հետ կապված սանկցիաները, ձերբակալման իրավաչափության հետ կապված գործերը և մի շարք այլ միջնորդություններ և բողոքներ, որոնք բնորոշ են մինչդատական վարույթի փուլին: Մարզերում քրեական մասնագիտացում ունեցող դատավորները, ի լրումն իրենց կողմից քննվող քրեական գործերի, կրկին մասնագիտանալու են մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերով: ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշել էր, որ այդ նպատակով դատական համակարգում ավելացվում է առնվազն 17 հաստիք, որոնցից առնվազն 8-ը՝  Երևանում: «Վերաքննիչ դատարանում ընդհանուր առմամբ վեց դատավոր կրկին մասնագիտանալու է մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերով՝ ի լրումն իրենց կողմից քննվող քրեական գործերի»,-ասել էր նախարարը: Առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկմանը նախագծում արվել է 3  փոփոխություն, որոնք կոնցեպտուալ բնույթ չունեն: Եվս 2 փոփոխություններից մեկը վերաբերվում է դատավորների հայտարարագրերը վերլուծելուն, սահմանվում է 1 ամիս ժամկետ, մյուսը տերմինաբանական բնույթի փոփոխություն է:  
19:20 - 03 փետրվարի, 2021
ԱԺ-ն ընդունեց Դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծը |armtimes.com|

ԱԺ-ն ընդունեց Դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծը |armtimes.com|

armtimes.com: Ազգային ժողովը առաջին ընթերցմամբ ընդունեց Կառավարության կողմից ներկայացրած «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում և կից օրենքում փոփոխությունների նախագծերի փաթեթը: Նախագծի հիմնական զեկուցող, Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշեց, որ առաջարկվում է մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերով առանձին ենթամասնագիտացում ունեցող դատավորների ինստիտուտի ներդրումը: «Նախագծով նախատեսվում է, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում առանձին դատավորներ, ովքեր ունեն քրեական մասնագիտացում, քննելու են մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերը և Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումների թույլտվության միջնորդությունները: Դրանցից, օրինակ, խուզարկության սանկցիաները, կալանքի հետ կապված սանկցիաները, ձերբակալման իրավաչափության գործերը և մի շարք այլ միջնորդություններ և բողոքներ, որոնք բնորոշ են մինչդատական վարույթի փուլին»: Նրա խոսքով՝ մարզերում քրեական մասնագիտացում ունեցող դատավորները ի լրումն իրենց կողմից քննվող քրեական գործերի մասնագիտանալու են նաև մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերում Նախարարը նաև տեղեկացրեց, որ այս նպատակով դատական համակարգում ավելանալու է առնվազն 17 հաստիք, որոնցից 8-ը Երևան քաղաքում: Որոշումն ընդունվեց 83 կողմ, 17 դեմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:
14:25 - 03 փետրվարի, 2021
ԱԺ-ն քննում է առանձին ենթամասնագիտացում ունեցող դատավորների ինստիտուտի ներդրման մասին նախագիծը |1lurer.am|

ԱԺ-ն քննում է առանձին ենթամասնագիտացում ունեցող դատավորների ինստիտուտի ներդրման մասին նախագիծը |1lurer.am|

1lurer.am: ԱԺ-ում քննարկվում է Կռավարության ներկայացրած «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում և կից օրենքներում փոփոխությունների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ասաց, որ նախագծերի փաթեթով առաջարկվում է մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերով առանձին ենթամասնագիտացում ունեցող դատավորների ինստիտուտի ներդրում: «Նախագծով նախատեսվում է, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում առանձին դատավորներ լինեն, ովքեր ունեն քրեական մասնագիտացում, քննելու են մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերը և ՀՀ տարածքում իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումների թույլտվության միջնորդությունները: Օրինակ՝ խուզարկության սանցիաները, կալանքի հետ կապված սանկցիաները, ձերբակալման իրավաչափության գործերը և մի շարք այլ միջնորդություններ և բողոքներ, որոնք բնորոշ են մինչդատական վարույթի փուլին»,- ասաց Բադասյանը: Նախարարը նաև երեկ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում նախագիծը ներկայացնելիս նշել էր, որ, հաշվի առնելով մարզերի առանձնահատկությունները, քրեական գործերի ավելի քիչ ծանրաբեռնվածությունը՝ ի տարբերություն Երևանի, առաջարկում են, որ մարզերում քրեական գործեր քննող առանձին դատավորներ՝ ի լրումն իրենց կողմից քննվող քրեական գործերի, մասնագիտանան մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերով:
13:00 - 03 փետրվարի, 2021
Ազատությունից զրկված անձանց տեսակցությունները կթույլատրվեն. Բադասյան

Ազատությունից զրկված անձանց տեսակցությունները կթույլատրվեն. Բադասյան

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Ֆեյսբուքի էջում գրել է.    «Սիրելի՛ հայրենակիցներ,   Բազմիցս տեղեկացրել եմ, որ COVID-19-ի կանխարգելման և ազատությունից զրկված անձանց առողջության պահպանման իրավունքը երաշխավորելու նպատակով Արդարադատության նախարարությունը գործընկեր կառույցների հետ ձեռնարկել է համալիր միջոցառումներ։ Առանձնացնեմ մի քանիսը․   COVID 19-ի վարակման դեպքերին արագ արձագանքելու համար «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ն առանձնացվել է որպես կարանտինային գոտի․   COVID-19-ի ախտանշաններ ունեցող ազատությունից զրկված անձանց մեկուսացման համար ՔԿՀ-ներում առանձնացվել են առնվազն 1-ական խցեր, երկարաձգվել է կարանտինային բաժանմունքում պահելու օրերի թիվը.   Իրականացվել են իրազեկման միջոցառումներ, վերապատրաստումներ․   Ձեռնարկվել են սանիտարահամաճարակային մի շարք միջոցառումներ։   Համալիր միջոցառումների իրականացման և դրանց նկատմամբ հետևողական աշխատանքի արդյունքում է, որ ՔԿՀ-ներում վարակվածության նվազ ցուցանիշ ունենք (02.02.2021թ․-ի դրությամբ ՔԿՀ-ներում պահվող 1971 անձից ընդամենը 39-ի (1.98 %) մոտ է հաստատվել վարակի առկայությունը, բոլորն ապաքինվել են)։   Եվ որ ամենակարևորն է, որ COVID-19-ի հիմքով մահացության ոչ մի դեպք չի արձանագրվել։   Նկատի ունենալով արձանագրված արդյունքները՝ Արդարադատության նախարարությունը հանդես կգա ազատությունից զրկված անձանց և՛ կարճատև, և՛ երկարատև տեսակցությունները թույլատրելու նախաձեռնությամբ։   Տեսակցությունները թույլատրելու դեպքում իրականացնելու ենք մոնիթորինգ՝ գործնականում նախաձեռնության հետևանքները մշտապես գնահատելու նպատակով։ Քիչ առաջ այս թեմային անդրադարձել է նաև ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Շնորհակալ եմ հարցի նկատմամբ անտարբեր չլինելու համար։ Միշտ պատրաստ եմ համագործակցության»,- գրել է Բադասյանը։
18:38 - 02 փետրվարի, 2021
ՔԿ հիմնարկներում 2020թ. մահվան դեպքերը տեսանելիորեն նվազել են. Ռուստամ Բադասյան

ՔԿ հիմնարկներում 2020թ. մահվան դեպքերը տեսանելիորեն նվազել են. Ռուստամ Բադասյան

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ներկայացրել է պարզաբանում՝ բանտային առողջապահության ոլորտում դրական տեղաշարժերի վերաբերյալ իր հայտարարությանը հաջորդած մեկնաբանությունների առնչությամբ: Նախարարը կրկին ընդգծել է՝ 2020թ. ՔԿ հիմնարկներում մահվան դեպքերը տեսանելիորեն նվազել են: «Առանձին իրավապաշտպաններ, անդրադառնալով չորս օր առաջ արված իմ հայտարարությանը, ըստ որի՝ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի արդյունավետ աշխատանքի շնորհիվ բանտային առողջապահության ոլորտում դրական տեղաշարժ ենք արձանագրել, ու ՔԿՀ-ներում մահերի թիվը 4 անգամ նվազել է, նշել են, որ «թվերը ոչինչ չեն ասում, քանի չկա վերլուծություն, որը պետք է իրականացված լիներ 2019 թվականի դեպքերի առթիվ»։ Նման հայտարարություններ անելուց առաջ խորհուրդ եմ տալիս իրավապաշտպաններին տեղեկությանը լիովին տիրապետելուց հետո նոր հանրայնացնել իրենց կարծիքը: Իմ հայտարարությունն արվել է ԱՆ ՔԿՀ-ներում արձանագրված մահվան դեպքերի համապատասխան ուսումնասիրության հիման վրա: Իրավապաշտպաններին տեղեկացնեմ, որ վերջին 9 տարիների համեմատությամբ, այո՛, 2020թ-ին ՔԿ հիմնարկներում մահվան դեպքերը տեսանելիորեն նվազել են. 2011թ-ին 4532 ազատազրկվածների շրջանում արձանագրվել է 37 (0.70%) մահվան դեպք, 2012թ-ին՝ 4756-ից 28 (0.58%) և այլն (տես գրաֆիկական պատկերում): Այսպիսով, մահացության դեպքերի ամենացածր ցուցանիշն արձանագրվել է 2020թ-ին՝ 2003 ազատազրկվածներից 5 (0.25%) դեպք, որոնցից 2-ի պարագայում մահը վրա է հասել քաղաքացիական հիվանդանոցներում, 3-ը՝ ՔԿ հիմնարկներում: Ի դեպ, 2019 թվականի դեպքերի առնչությամբ հարուցված են քրեական գործեր, որոնց ավարտից հետո կկարողանանք տալ գնահատականներ: Վիճակագրության մանրամասները՝ գրաֆիկական պատկերում: Ուսումնասիրության մյուս մանրամասները պատրաստ ենք սիրով տրամադրել իրավապաշտպաններին: Կարծում եմ՝ դրական վիճակագրությունը, որոշ դեպքերում, կարելի է զուտ ընդունել ի գիտություն»,- նշել է նախարար Բադասյանը
18:16 - 30 հունվարի, 2021
ՔԿ համակարգում գերբեռնվածության խնդիր չկա. միջին խտությունը եվրոպական երկրների ամենացածր ցուցանիշներից է |armenpress.am|

ՔԿ համակարգում գերբեռնվածության խնդիր չկա. միջին խտությունը եվրոպական երկրների ամենացածր ցուցանիշներից է |armenpress.am|

armenpress.am: 2021 թվականի համար նախատեսված ծրագրերը հիմնականում կապված են քրեակատարողական հիմնարկների արդիականացման, ինչպես նաև դատապարտյալների ու կալանավորված անձանց պահման պայմանների բարելավման հետ։ Քրեակատարողական համակարգի զարգացման, օպերատիվ կառավարման կենտրոնի ստեղծման, դատապարտյալների և կալանավորների էլեկտրոնային ռեգիստրի, նախատեսվող ծրագրերի և այլ հարցերի շուրջ հարցազրույց ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության պետ Արթուր Գոյունյանի հետ: - Նշանակումից հետո խոսելով համակարգի զարգացման Ձեր տեսլականի մասին' նշել էիք, որ վերջնական նպատակներից մեկն է ունենալ միջազգային չափանիշներին համապատասխան քրեակատարողական համակարգ և պատժողական քաղաքականությունից անցում կատարել վերականգնողական արդարադատությանը: Արդյոք հասե՞լ եք այս նպատակների իրագործմանը, թե՞ դեռ անելիքներ շատ կան: - Միջազգային չափանիշներին համապատասխանությունը և քաղաքականության ուղղվածության փոփոխությունը տևական ջանքեր պահանջող գործընթաց է, որտեղ առանձնահատուկ կարևորվում է վճռականության և հետևողականության դրսևորումը։ Երկար տարիներ համակարգը հիմնականում ծառայել է ազատությունից զրկված անձանց նկատմամբ պատժողական տարրերի ապահովմանը, նրանց վերասոցիալականացման ուղղությամբ տարվող աշխատանքները մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով ստորադասվել են պատժողական այդ քաղաքականության սկզբունքներին։ Ներկայումս նախատեսվում է առավել կարևորություն տալ հենց իրավախախտում կատարած անձանց վերականգնմանը և վերաինտեգրմանը հասարակության մեջ՝ բնականաբար որևէ կերպ չանտեսելով նաև հիմնարկներում անվտանգության և պահպանության ապահովման մյուս գործառույթները։ Վերականգնողական արդարադատությունը ենթադրում է վերասոցիալականացման ուղղությամբ դատապարտյալների հետ տարվող աշխատանքների էական ակտիվացում, նրանց ռիսկերի և կարիքների լիարժեք բացահայտում և գնահատում, վերականգնողական տարաբնույթ ծրագրերի իրականացում և այլն։ Անցած ժամանակահատվածում քրեակատարողական հիմնարկներում պահվող կալանավորված անձանց և դատապարտյալների հետ արդեն էականորեն ակտիվացվել էին սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքները, որոնք կազմակերպվել են հիմնականում հետևյալ ուղղություններով` հոգեախտորոշում (թեստավորում, հոգեբանական զրույց), սոցիալական (խորհրդատվական) և հոգեբանական թերապևտիկ (խորհրդատվական) աշխատանքներ, իրավական խորհրդատվություն, կանխարգելիչ աշխատանքներ, ինչպես նաև արտաքին աշխարհի հետ կապի բարելավման և սոցիալական ապահովության ուղղությամբ աշխատանքներ: Ներկայումս ընթացքի մեջ են տարաբնույթ մի շարք ծրագրերի մշակումը և իրականացումը, որոնց արդյունքները տեսանելի են դառնալու միայն որոշ ժամանակ անց։ Միջազգային չափանիշներին համապատասխանող քրեակատարողական համակարգ ունենալու տեսլականի կապակցությամբ ևս հարկ է նշել, որ այն մի շարք բաղկացուցիչների համակցություն է (քրեակատարողական հիմնարկների արդիականացում և ազատությունից զրկված անձանց պահման պայմանների բարելավում, վերջիններիս իրավունքների և ազատությունների պաշտպանության մեխանիզմների կատարելագործում, բժշկական օգնության և սպասարկման պայմանների բարելավում, վերասոցիալականացում, քրեական ենթամշակույթի և կոռուպցիայի հաղթահարում և այլն), որոնցից յուրաքանչյուրը կյանքի կոչելու ուղղությամբ չնայած արդեն իսկ կատարվել են որոշ գործողություններ, բայց և շատ են անելիքները։ Հետևաբար տեսլականի և վերջնական նպատակների իրագործման մասին դեռևս վաղաժամ է խոսելը։ Ամենակարևորը, որը պետք է շեշտադրել, մեր վճռականության և հետևողական կամքի առկայությունն է, ինչը հույս է տալիս համոզմունք ունենալու, որ քայլ առ քայլ մոտենալու ենք այդ տեսլականի իրագործմանը։ Կարծում եմ, որ Ձեր հաջորդ հարցերի պատասխաններով կկարողանամ մասնակի անդրադառնալ վկայակոչածս հիմնարար ուղղություններից յուրաքանչյուրով կատարված աշխատանքներին։ -Արդյո՞ք քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում ստեղծվել է օպերատիվ կառավարման կենտրոն, որը նախատեսվում էր ներդնել 2020 թվականին: -Նախևառաջ, պարզաբանեմ, թե ինչ է իրենից ներկայացնում օպերատիվ կառավարման կենտրոնի գաղափարը։ Դեռևս նախկինում «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի նախագծա-նախահաշվային փաստաթղթերով նախատեսված է եղել հիմնարկում ներդնել ներքին և արտաքին անվտանգության արդի համակարգեր, որոնք պետք է բաղկացած լինեին գիշերային տեսանելիության, ինֆրակարմիր և ջերմային ցուցիչներով տեսախցիկներից, միկրոալիքային ազդակներից, տեսադիտման և տեսահսկման թվային կրիչներից, անխափան սնուցման սարքավորումներից, թվային հաշվառման սարքավորումներից և այլ հանգույցներից։ Դրանց միջոցով օպերատիվ կառավարման կենտրոնից պետք է իրականացվեր հիմնարկի ամենօրյա աշխատանքային գործունեության վերահսկողություն: Անցած տարիների ընթացքում այդ համակարգերը փաստացի ներդրված չեն եղել՝ ֆինանսական միջոցների սղության պատճառաբանությամբ։ Ընդ որում, դեռևս 2005-2006 թվականներին նախագծանախահաշվային փաստաթղթերով հաշվարկվել էր, որ դրանց ներդրման համար կպահանջվի շուրջ 1 միլիարդ ՀՀ դրամ: Քրեակատարողական համակարգում իրականացվող բարեփոխումների շրջանակում կարևորելով «Արմավիր» ՔԿ հիմնարկի անվտանգության համակարգերի գործունեության հուսալիության բարձրացման և խոցելիության վերացման, ինչպես նաև տեսահսկման սարքերի գործադրմամբ ազատությունից զրկված անձանց պատշաճ վարքագծի վերահսկման և ծառայողների (աշխատակիցների) կոռուպցիոն դրսևորումների բացառման անհրաժեշտությունը՝ Քրեակատարողական ծառայության ղեկավարության կողմից նախաձեռնվել է նոր գործընթաց՝ անվտանգության համակարգերը լրիվությամբ գործարկելու, խոցելի և չտեսահսկվող տեղամասերի և հատվածների նկատմամբ պատշաճ հսկողություն իրականացնելու, ինչպես նաև մարդկային գործոնի ռիսկը նվազագույնի հասցնելու համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու ուղղությամբ։ Այդ նպատակով կատարվել են լրացուցիչ ուսումնասիրություններ, պատվիրվել են նախագծանախահաշվային նոր աշխատանքներ, որոնց հիման վրա հայտարարվել է տեսահսկման համակարգի ձեռքբերման բաց մրցույթ: Հաղթող ճանաչված կազմակերպությունը պարտավորվել է համակարգը ներդնել (ներառյալ սարքավորումներն ու ծրագրային ապահովումը) մոտ 587 միլիոն ՀՀ դրամով։ Մրցույթի արդյունքներն արդեն ամփոփվել են, գործընթացն ավարտելու համար սպասում ենք ՀՀ կառավարության դիրքորոշմանը և արձագանքին, քանի որ այդ նպատակով նախապես հատկացված ֆինանսական միջոցներ բյուջեով նախատեսված չեն եղել, մրցույթն անցկացվել է պայմանով, որ նախագծանախահաշվային փաթեթով նախատեսված ողջ աշխատանքները հնարավոր է կյանքի կոչել և իրագործել, եթե վերջնականապես որոշվի անհրաժեշտ ֆինանսական միջոցների հատկացման հարցը։ Լիահույս ենք, որ առաջիկայում գաղափարը վերջիվերջո կյանքի է կոչվելու, ինչը հետագայում հնարավորություն է տալու նույնպիսի համակարգեր ներդնել նաև մյուս քրեակատարողական հիմնարկներում և օպերատիվ կառավարման կենտրոնից դինամիկ հսկողություն իրականացնել բոլոր հիմնարկներում։ -Նաև նախատեսվում էր ներդնել դատապարտյալների և կալանավորների էլեկտրոնային ռեգիստր: Այս մասով ի՞նչ կարող եք ասել: -Էլեկտրոնային ռեգիստրի (e-penitentiary էլեկտրոնային կառավարման համակարգ) ներդրման աշխատանքները ևս ավարտական փուլում են։ Արդեն իսկ ձեռք են բերվել անհրաժեշտ բոլոր տեխնիկական միջոցները՝ համակարգիչներ և տպիչ սարքեր, նույնականացման քարտ ընթերցող սարքեր, մատնահետք վերցնելու սարքավորումներ, թվային տեսախցիկներ, սերվերային համալիր համակարգ և այլն։ Ծառայության կենտրոնական մարմնի և 12 քրեակատարողական հիմնարկների միջև ստեղծվել է կորպորատիվ ցանց, բոլոր կապուղիները միացված են, կենտրոնական մարմնում կահավորվել է սերվերային սենյակ, ձեռք է բերվել լիցենզավորված օպերացիոն համակարգ։ Էլեկտրոնային կառավարման համակարգի օգտագործման համար անհրաժեշտ հմտությունների ձեռքբերման նպատակով քրեակատարողական ծառայողներն անցել են վերապատրաստում։ Համակարգի փորձարկման ընթացքում առաջ են եկել մի շարք օբյեկտիվ պատճառներ, որոնք խոչընդոտում են համակարգի վերջնական շահագործմանը։ Մասնավորապես ծրագրի մշակումից հետո քրեակատարողական օրենսդրությունում կատարվել են բազմաթիվ փոփոխություններ, կալանավորված անձանց և դատապարտյալների բժշկական օգնությունը և սպասարկումը փոխանցվել է «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ին և այլն, այլ գերատեսչությունների համապատասխան համակարգերում կատարվել են ծրագրային թարմացումներ, ինչը հնարավորություն չի տալիս մեր համակարգի հետ դրանց համակցումը։ Արդարադատության նախարարության ակտիվ ներգրավմամբ ներկայումս կոնկրետ միջոցներ են ձեռնարկվում համապատասխան մասնագետների միջոցով e-penitentiary համակարգի ծրագրային ապահովման արդիականացումն իրականացնելու ուղղությամբ, ինչից հետո կարճ ժամկետում մեր ծառայողները (աշխատակիցները) լիարժեք հնարավորություն կունենան արդեն ամբողջ ծավալով շահագործելու արդիական այդ համակարգը։ -Նախորդ տարի խոսում էիք քրեակատարողական ծառայության աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման մասին: Բարձրացե՞լ են աշխատավարձերը, կխնդրեի խոսել նաև աշխատակիցների մասնագիտական հատկանիշների բարձրացմանն ուղղված քայլերի մասին: -Արդարադատության նախարարության և Կառավարության գործուն աջակցությամբ այդ խնդրին տրվել է դրական լուծում, և ծառայողների աշխատավարձը բարձրացվել է։ Եթե նախկինում նոր աշխատանքի ընդունված կրտսեր մասնագետի վարձատրության ընդհանուր գումարը կազմում էր 150.000 ՀՀ դրամ, հիմա նա արդեն ստանում է 210.000 ՀՀ դրամ։ Առնվազն 20 տարվա ծառայության ստաժ ունեցող քրեակատարողական հիմնարկի պետի վարձատրության ընդհանուր գումարը 410.000 ՀՀ դրամ էր, այժմ արդեն՝ 530.000 ՀՀ դրամ։ Քրեակատարողական ծառայողների աշխատավարձի բարձրացմամբ հնարավոր է դարձել էականորեն կրճատել համակարգում առկա թափուր հաստիքները, ինչով մասամբ չեզոքացնել վարչակազմի կողմից իր լիազորությունների ոչ պատշաճ իրականացումը և ոչ ապահով միջավայրի ստեղծումը, մեղմել կամ կանխել ծառայողների կողմից կոռուպցիոն և այլ հակաիրավական ռիսկերի հակումներ ու դրսևորումներ ունենալու հավանականությունը։ Վերոհիշյալի հետ մեկտեղ պետք է փաստել նաև, որ միայն վարձատրության բարձրացումը, ինքնին, չի կարող ամբողջովին լուծել համակարգի կադրերի հետ կապված հիմնախնդիրները։ Այդ նպատակով համակարգի կադրային բոլոր մակարդակներում նաև իրականացվում են կադրային փոփոխություններ ու փոխատեղումներ (ռոտացիաներ)։ Ընդ որում, փորձում ենք համակարգը համալրել այնպիսի կադրերով, որպիսիք ունեն անհրաժեշտ մասնագիտական գիտելիքներ և որակներ, բարոյահոգեբանական անհատական հատկանիշներ, բացահայտ ու քողարկված կոռուպցիոն և այլ հակաիրավական ռիսկերի հակումների ու դրսևորումների բացակայություն և անկաշկանդվածություն, ղեկավար կազմի համար՝ նաև վարչակառավարչական անհրաժեշտ հմտություններ (ունակություններ): Բացի այդ, քրեակատարողական ծառայողները (աշխատակիցները) պարբերաբար վերապատրաստման ու հատուկ ուսուցման դասընթացներ են անցնում «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ում, որտեղ կարևորվում է այդ դասընթացների արդյունավետ կազմակերպումը, ձևական մոտեցումների բացառումը, հեղինակավոր և փորձառու դասախոսների ներգրավումը։ Շարունակությունը՝ armenpress.am-ում
11:39 - 29 հունվարի, 2021
Հայաստանն էական առաջընթաց է գրանցել Կոռուպցիայի ընկալման համաթվում

Հայաստանն էական առաջընթաց է գրանցել Կոռուպցիայի ընկալման համաթվում

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հայտնում է, որ Հայաստանն էական առաջընթաց է գրանցել Կոռուպցիայի ընկալման համաթվում: ՀՀ արդարադատության նախարարն այս մասին գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում: «Սիրելի՛ հայրենակիցներ, Հրապարակվել են Թրանսփարենսի ինթերնեշնլի Կոռուպցիայի ընկալման համաթվի (ԿԸՀ) 2020 թվականի արդյունքները: Հայաստանը շարունակում է զգալիորեն աճ գրանցել՝ այս տարի ևս 7 միավորով բարելավելով նախորդ տարվա արդյունքը: Այսպես, ունենալով 49 միավոր՝ Հայաստանը զբաղեցրել է 60-րդ հորիզոնականը (2019 թվականին՝ 77-րդ հորիզոնական, 2018 թվականին՝ 105): ԹԻ-ն նշում է, որ 49 միավորով Հայաստանը Կոռուպցիայի ընկալման համաթվում էական առաջընթաց գրանցող երկիր է, որը 15 միավորով բարելավել է արդյունքը 2012 թվականից ի վեր։ Հայաստանը որդեգրել է բարեփոխումներ իրականացնելու աստիճանական մոտեցում՝ հանգեցնելով հակակոռուպցիոն կայուն և դրական բարեփոխումների։ Միաժամանակ, ԹԻ նշմամբ դատական համակարգում առկա խնդիրները դեռևս շարունակում են մարտահրավեր լինել կոռուպցիայի դեմ պայքարում լիարժեք հաջողելու համար։ Հիշեցնեմ, որ ԿԸՀ-ի արդյունքները կարևորվում են այն առումով, որ գնահատում է պետության իրականացրած քայլերի վերաբերյալ քաղաքացիների ընկալումը։ Վստահ եմ՝ հակակոռուպցիոն հետևողական ու իրական բարեփոխումները, դատաիրավական համակարգի բարեփոխումները կնպաստեն նաև մեր զինված ուժերի հզորացմանը: Շնորհավոր Հայոց բանակի օրը... Փառք ու պատիվ հայրենիքի մեր պաշտպաններին... Խոնարհումս իրենց կյանքը մեր հայրենիքին նվիրած հայորդիների հիշատակին»,- գրել է Բադասյանը:
11:12 - 28 հունվարի, 2021
Քրիստիննե Գրիգորյանը Եվրոպայի խորհրդի իր գործընկերոջն է ներկայացրել դատաիրավական ոլորտի բարեփոխումները

Քրիստիննե Գրիգորյանը Եվրոպայի խորհրդի իր գործընկերոջն է ներկայացրել դատաիրավական ոլորտի բարեփոխումները

Արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանն այսօր ընդունել է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարի տեղակալ Մաքսիմ Լոնգանգեին։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Փոխնախարար Գրիգորյանը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի և Երևանյան գրասենյակի հետ համագործակցությունը, ընդգծել դրա արդյունքում իրականացված և իրականացվող ծրագրերի կարևորությունն ու փոխգործակցությունը շարունակելու պատրաստակամություն է հայտնել։ Մաքսիմ Լոնգանգեն շնորհակալություն է հայտնել փոխնախարարին ընդունելության համար և շեշտել, որ Արդարադատության նախարարությունը ԵԽ երևանյան գրասենյակի բարեփոխումների ծրագրերի հիմնական գործընկերն է։ Եվրոպացի գործընկերոջ հետ զրույցում Քրիստիննե Գրիգորյանը ներկայացրել է Հայաստանի դատաիրավական և հակակոռուպցիոն ոլորտներում իրականացվող բարեփոխումների վերջին զարգացումները, մասնավորապես՝ անդրադարձել հակակոռուպցիոն դատարանների, Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծման ուղղությամբ տարվող աշխատանքներին, քրեական արդարադատության ոլորտում ընթացող միջոցառումներին, էլեկտրոնային արդարադատության գործիքների ներդրման ծրագրերին և այլն։ Արդարադատության փոխնախարարը վերահաստատել է մարդու իրավունքների ոլորտում Հայաստանի ստանձնած հանձնառությունները ու նշել, որ, չնայած դժվար ժամանակներին, ՀՀ Կառավարությունը շարունակում է առաջ շարժվել և իրականացնել բոլոր ոլորտային ռազմավարություններով նախատեսված միջոցառումները։ Հանդիպման ավարտին կողմերը քննարկել են նաև «Գործընկերություն հանուն լավ կառավարման» ծրագրի շրջանակում առաջիկայում նախատեսվող ղեկավար հանձնաժողովի նիստի օրակարգային հարցերը և համագործակցության հեռանկարները։
18:08 - 26 հունվարի, 2021