Արդարադատության նախարարություն

ՀՀ արդարադատության նախարարությունը գործադիր իշխանության պետական մարմին է։ Նախարարության կազմի մեջ է մտնում 14 կառուցվածքային ստորաբաժանում, 7 առանձնացված ստորաբաժանում, ինչպես նաև ՀՀ ԱՆ-ն ունի տարբեր ոլորտներում գործունեություն իրականացնող 7 իրավաբանական անձ։

ՀՀ արդարադատության նախարարն է Ռուստամ Բադասյանը։

ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանի ելույթը ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 14-րդ կոնգրեսում

ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանի ելույթը ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 14-րդ կոնգրեսում

Հայաստանի պատվիրակությունը շարունակում է մասնակցել Կիոտոյում ընթացող ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 14-րդ կոնգրեսի աշխատանքներին: Մարտի 11-ին, կոնգրեսի շրջանակներում, ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը հանդես եկավ ելույթով՝ ահաբեկչությանը նվիրված օրակարգային կետի ներքո։ Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ-ի պաշտոնական կայքը։ «Արտակ Ապիտոնյանն իր խոսքում բարձր գնահատեց ՄԱԿ-ի և միջազգային այլ մարմինների գործիքակազմերի դերն ահաբեկչության կանխարգելման և վերացման գործում՝ միաժամանակ ընդգծելով, որ այդ գործիքակազմերի արդյունավետ իրականացումն ու ներդրումն ազգային օրենսդրություններում հնարավոր է պետությունների քաղաքական կամքի առկայության պարագայում։ Արտակ Ապիտոնյանն արձանագրեց, որ ահաբեկչության դեմ պայքարում բազմակողմ համագործակցությունը լուրջ խոչընդոտների է բախվում որոշ երկրների կողմից ահաբեկչության ուղիղ և համակարգված ֆինանսավորման ու լոգիստիկ աջակցության պայմաններում։  Նախարարի տեղակալն անդրադարձավ Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում Թուրքիայի անմիջական աջակցությամբ օտարերկրյա զինյալ ահաբեկիչների ներգրավմանն ու միջազգային հանրության արձագանքին. «Արցախի դեմ սանձազերծված պատերազմն ի ցույց դրեց օտարերկրյա զինյալ ահաբեկիչների հավաքագրման դեմ պայքարում առկա միջազգային իրավական գործիքների բացերը, մասնավորապես, երբ խոսքը վերաբերում է դրանց կյանքի կոչմանը»։ Արտակ Ապիտոնյանն ընդգծեց ահաբեկչության մեջ ներգրավված, ինչպես նաև զինված հակամարտություններում օտարերկրյա զինյալ ահաբեկիչներ հավաքագրող անձանց հայտնաբերման և պատասխանատվության ենթարկելու գործում միջազգային առավել համապարփակ համագործության անհրաժեշտությունը», - նշված է կայքում։
21:23 - 11 մարտի, 2021
Ադրբեջանն ու Թուրքիան պետք է պատասխանատվության ենթարկվեն․ Ճապոնիայում Ռուստամ Բադասյանը ներկայացրել է Արցախում կատարված ռազմական հանցագործությունները

Ադրբեջանն ու Թուրքիան պետք է պատասխանատվության ենթարկվեն․ Ճապոնիայում Ռուստամ Բադասյանը ներկայացրել է Արցախում կատարված ռազմական հանցագործությունները

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը 2021 թվականի մարտի 5-ից 11-ը Ճապոնիայի Կիոտո քաղաքում է։ Նախարարը մասնակցում է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 14-րդ կոնգրեսին (UNODC)։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Արդարադատության նախարարությունը: Վերջինին մասնակցում են նաև Արտաքին գործերի նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը և ԱՆ քրեական օրենսդրության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչության պետ Արփինե Սարգսյանը։ Մարտի 7-ի ելույթում նախարար Բադասյանը շնորհակալություն է հայտնել Ճապոնիային և UNODC-ի քարտուղարությանը միջոցառումը կազմակերպելու համար և նշել, որ ՄԱԿ-ի այս հարթակը լավ հնարավորություն է կառավարությունների համար քննարկելու հանցագործությունների կանխարգելման և քրեական արդարադատության խնդիրների վերհանման, ինչպես նաև անհրաժեշտ մեխանիզմներ և գործիքակազմեր ներդնելու հարցերը։ Նախարարի խոսքով՝ 2018 թվականի թավշյա հեղափոխությունից ի վեր Հայաստանը նոր վճռականությամբ է ձեռնամուխ եղել բարեփոխումների հավակնոտ օրակարգի իրականացմանը և զգալի առաջընթաց է արձանագրել օրինականության մշակույթը խթանելու և հանցագործությունների կանխարգելման ու քրեական արդարադատության օրենսդրական շրջանակները բարելավելու հարցերում: Անդրադառնալով դատաիրավական բարեփոխումների գործընթացին՝ Ռուստամ Բադասյանն ընդգծել է, որ առաջնային նպատակը դատական համակարգի անկախությունն ապահովելն ու համակարգի նկատմամբ հասարակության վստահությունը ամրապնդելն է՝ դատավորների բարեվարքության ստուգման հավասարակշռված մեխանիզմների և այլ գործիքների ներդրման միջոցով։ Խոսելով Կառավարության օրակարգի մյուս առաջնահերթությունից՝ կոռուպցիայի դեմ պայքարից, ՀՀ արդարադատության նախարարը ներկայացրել է Ռազմավարությամբ նախատեսված ինստիտուցիոնալ լուծումները՝ ուղղված կանխարգելմանը, քննությանն ու կրթությանը, այնուհետև անդրադարձել է քրեական արդարադատության բարեփոխումներին՝ նշելով, որ դրանց հիմքում մարդակենտրոն և մարդասեր մոտեցումն է՝ պատժողական քաղաքականությունից վերականգնողական արդարադատության անցնելը, որը և արտացոլված է Քրեական և Քրեական դատավարության նոր օրենսգրքերի նախագծերում։ Որպես հանցավորության դեմ պայքարի առանցքային ուղղություն՝ նախարարն առանձնացրել է նաև քրեական ենթամշակույթի բացասական ազդեցությունը վերացնելու հասարակական պահանջով պայմանավորված քրեական տարրերի դեմ պայքարն ու այդ նպատակով իրականացված օրենսդրական փոփոխությունները։ Նախարար Բադասյանը հատուկ անդրադարձել է նաև ատելության խոսքի հիմնախնդիրներին և նշել, որ այս հարցը արդիական է Հայաստանի համար, քանի որ իր էթնիկ, կրոնական և մշակութային ինքնության հանդեպ անհանդուրժողականության պատճառով ողջ պատմության ընթացքում հայ ժողովուրդը խտրականության, հետապնդումների, ատելության հիմքով հանցագործությունների և ցեղասպանության զոհ է դարձել: «Այս համատեքստում Հայաստանի պատվիրակությունը նախաձեռնել է Կիոտոյի հռչակագրում ներառել ատելության հանցագործության վերաբերյալ առանձին պարբերություն»,- նշել է Ռուստամ Բադասյանը՝ ընդգծելով, որ ատելության և ինքնության հատկանիշների վրա հիմնված հանցագործությունները առաջին քայլն են, որոնք կարող են հանգեցնել մարդկության դեմ ուղղված լուրջ հանցագործությունների, ներառյալ՝ ռազմական հանցագործությունների և էթնիկ զտումների: «Կարծում եմ, որ անցյալում կատարված հանցագործությունների համար անպատժելիությունը, դրանց արդարացումն ու մերժումը ճանապարհ են հարթում բռնության և նոր վայրագությունների վերածննդի համար»,- շեշտել է Հայաստանի արդարադատության նախարարը՝ որպես ակնհայտ օրինակ ներկայացնելով 2020 թվականի սեպտեմբերին ԼՂ հակամարտության գոտում թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքները՝ հայերի դեմ պայքարի համար Լիբիայից և Սիրիայից վարձկանն ահաբեկիչների ներգրավումը՝ ընդգծելով, որ ինչպես և 1990-ականների սկզբին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած առաջին պատերազմի պատճառները ևս պայմանավորված են եղել հայերի նկատմամբ ատելությամբ և խտրականությամբ, մարդու հիմնարար իրավունքների ժխտումով։ «Տասնամյակներ շարունակ խթանված Ադրբեջանի հակահայ քաղաքականությունն իր առավել անմարդկային արտահայտությունն է գտել Արցախի ժողովրդի դեմ վերջին ագրեսիայի ընթացքում, որն ուղեկցվել է ռազմական և մարդկության դեմ հանցագործություններով: Նման հանցագործությունների ամենանշանավոր օրինակներից են, երբ քաղաքացիական բնակչության դեմ օգտագործվեց կասետային զինամթերք, թիրախավորվեց և ոչնչացվեց հայկական մշակութային ժառանգությունը, օգտագործվեց արգելված ֆոսֆորային զինամթերք՝ այդ թվում նաև անտառներում ապաստանած, բռնի տեղահանված բնակչության դեմ՝ պատճառելով հսկայական վնաս ինչպես մարդկությանը, այնպես էլ շրջակա միջավայրին»,- ասել է Ռուստամ Բադասյանը՝ որպես մեկ այլ վկայություն բերելով Ադրբեջանի կողմից Ժնևի «Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին» կոնվենցիան կոպտորեն խախտելու փորձերը՝ հայ ռազմագերիներին և այլ գերիներին, այդ թվում` կանանց, վերադարձնելուց հրաժարվելը։ «Թուրքիայի կողմից օտարերկրյա ահաբեկիչների հավաքագրումը և նրանց հետագա տեղակայումը Ադրբեջանի զինված ուժերի շարքերում՝ Արցախի դեմ ծավալած ռազմական գործողությունների համար, Ադրբեջանի և Թուրքիայի կողմից կատարված հերթական ծանր հանցագործությունն է՝ միջազգային բոլոր նորմերի կոպիտ խախտմամբ: Համապատասխան աղբյուրներից ստացված բազմաթիվ ապացույցները վկայում են, որ Թուրքիան և Ադրբեջանը աջակցում և նպաստում են մեր տարածաշրջանում ահաբեկչական սպառնալիքի ավելացմանը և տարածմանը: Հետևաբար, կարծում ենք, որ միջազգային հանրությունը պետք է միանա ջանքերին՝ այս սպառնալիքին դիմակայելու և այս հանցագործության կողմնակիցներին ու մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար»,- հայտարարել է Ռուստամ Բադասյանը և այդ համատեքստում ողջունել Կիոտոյի հռչակագրի՝ ահաբեկչության հանցագործությանն անդրադառնալու փաստը։ Նախարարը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել կազմակերպիչներին ջերմ ընդունելության համար և բոլոր մասնակիցներին մաղթել է  արդյունավետ քննարկում։
14:41 - 07 մարտի, 2021
Ցավում եմ, որ ընտրությունը կատարվում է քաղաքական որոշման արդյունքում. Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու |armtimes.com|

Ցավում եմ, որ ընտրությունը կատարվում է քաղաքական որոշման արդյունքում. Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու |armtimes.com|

armtimes.com: Ես ցավում եմ, որ ընտրությունը օբյեկտիվ չափանիշների հիման վրա չի կատարվում, այլ՝ քաղաքան որոշման արդյունքում: Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու Արսեն Մկրտչյանը՝ անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի հայտարարությանը, ըստ որի իշխող խմբակցությունը չի ընտրելու թեկնածուներից ոչ մեկին: «Ես ինքս՝ որպես թեկնածու ներկայանալով, հասկանում էի, որ գալիս եմ քաղաքական մարմին, և հասկանում էի, որ կարող է լինել ցանկացած որոշում: Ազգային ժողովը, իմ գնահատմամբ, կադրային որոշում է կայացնում, և որոշում է՝ արդյոք անհրաժեշտ է այս կամ այն անձին ներկայացնել Վճռաբեկ դատարան, կամ Ազգային ժողովը կարող է բավարար ձայներ չտալ և այդ անձը շարունակեր աշատել որպես դատավոր»: Մկրտչյանը հավելեց՝ հասկանում է, որ տեղի են ունեցել իրադարձություններ, որոնք պետք է հետևանքներ ունենային: «Ցավում եմ, որ նման քննարկում տեղի ունեցավ Ազգային ժողովում, մեր թեկնածությունների բովանդակության շրջանակում, բայց միևնույն ժամանակ հասկանում եմ, որ տեղի են ունեցել իրադարձություններ, որոնք ունեն հետևանքներ՝ գուցե նաև քաղաքական իմաստով: Հասկանում եմ պատգամավորներին, որ իրենք ինչ-որ ձևով պետք է արտահայտեին դա: Չէի ակնկալում, որ այդ արտահայտումը պետք է լինի քվեարկության ձևով, որովհետև քննադատություններ հնչեցին այս քանի օրերի ընթացքում»: Անդրադառնալով մամուլում շրջանառվող տեղեկություններին, թե իր և վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև հանդիպում է տեղի ունեցել, Մկրտչյանն ասաց, որ այդ տեղեկությունները չունեն հենման կետ:
14:49 - 04 մարտի, 2021
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց Դատական օրենսգրքում լրացում կատարելու նախագիծը |armtimes.com|

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց Դատական օրենսգրքում լրացում կատարելու նախագիծը |armtimes.com|

armtimes.com: Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին և հարակից օրենքների նախագծերի փաթեթը: Հեղինակը Կառավարությունն է: Նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ նախագծի հիմնական զեկուցող Ռուստամ Բադասյանը ասել էր, որ Նախագծով առաջարկվում է կարգավորել «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի և «Սնանկության մասին» օրենքով սահմանված վարույթների հարաբերակցությունը: «Այսինքն՝ ինչ է տեղի ունենում, երբ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքով գույքի բռանգանձումը որևէ կերպ առնչվում է սնանկության վարույթին, իրավասու մարմինը, տվյալ դեպքում՝ գլխավոր դատախազությունը, սնանկության վարույթում ինչ իրավունքներ և պարտականություններ ունի, ինչպես է ներգրավվում վարույթին»   Նախագիծն ընդունվեց  97 կողմ,  20 դեմ, 3 ձեռնպահ ձայներով:
10:59 - 03 մարտի, 2021
ԱԺ-ն քննարկեց դատարան ներկայացվող դիմում-բողոքների համար պետտուրքի դրույքաչափերը փոփոխող նախագիծը |armenpress.am|

ԱԺ-ն քննարկեց դատարան ներկայացվող դիմում-բողոքների համար պետտուրքի դրույքաչափերը փոփոխող նախագիծը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում նախատեսվում է փոփոխել դատարան ներկայացվող դիմում-բողոքների համար պետտուրքի դրույքաչափերը: «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ արդադարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը: Փոխնխարարը նշեց, որ «Պետական տուրքի մասին» օրենքով նախատեսված որոշ տուրքեր 1999-ից ի վեր որևէ փոփոխության չեն ենթարկվել, մինչդեռ ՀՀ-ում այդ ընթացքում սոցիալ-տնտեսական բազմաթիվ գործոններ են փոխվել: «Այժմ Առաջին ատյանի դեպքում սահմանվում է մինչև 25 մլն, Վերաքննիչ դեպքում՝ մինչև 15 մլն, Վճռաբեկի դեպքում՝ մինչև 10 մլն»,-ասաց նա ու հավելեց՝ սրանք սահմանվել են կոնկրետ հաշվարկներով: Սնանկության վարույթով տուրքն է փոխվում, դարձվում է 1 մլն և 500 հազար դրամ՝ համապատասխանաբար իրավաբանական անձանց և քաղաքացիների սնանկության դեպքերի համար: «Սա կնպաստի սնանկության գործերի դեպքում քիչ դիմումների ներկայացմանը և քաղաքացիների, իրավաբանական անձանցª քիչ սնանկուÃյան գնալուն»,-ասաց նա: Վեճերի այլընտրանքային լուծման համար սահմանվել են արտոնություններ՝ տուրքերի տեսքով: Մասնավորապես, արբիտրաժի կատարողական թերթի համար պետական տուրք չի գանձվելու: Սահմանվել են նաև այլ արտոնություններ: Նախագիծը նպատակ ունի զարգացնել վեճերի լուծման այլընտրանքային եղանակները: ԼՀԿ-ից Անի Սամսոնյանը ողջունեց ռազմավարական նպատակը՝ նկատելով, որ սա կնպաստի նաև պետական համակարգի ուսերից թոթափելու դատարանների գերծանրաբեռնվածության խնդիրը: Սակայն նա նշեց, որ վեճերի այլընտրանքային լուծման եղանակները պետք է ստեղծվեին, հետո նոր պետտուրքը բարձրացվեին: Նույն խմբակցությունից Գևորգ Գորգիսյանն էլ նկատեց, որ համավարակից, պատերազմից հետո լրիվ ուրիշ իրականություն է, հարցրեց, թե որքանո՞վ է արդիական քաղաքացիների համար նոր բեռ ավելացնելը: Փոխնախարարը արձագանքեց՝ 1999-ի համեմատ՝ անկախ 2020-ի վատ տնտեսական ցուցանիշների պարագայում սոցիալ-տնտեսական ցուցանիշները մոտ 4-5 անգամ բարձր են:
14:25 - 02 մարտի, 2021
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ քննարկեց ՀՀ դատական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը |1lurer.am|

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ քննարկեց ՀՀ դատական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը |1lurer.am|

1lurer.am: Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում և կից օրենքներում փոփոխությունների նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է կարգավորել «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի և «Սնանկության մասին» օրենքով սահմանված վարույթների հարաբերակցությունը: Մասնավորապես՝ ինչ է տեղի ունենում, երբ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով գույքի բռնագանձումը որևէ կերպ առնչվում է սնանկության վարույթին,  իրավասու մարմինը՝ Գլխավոր դատախազությունը, ինչ իրավունքներ ունի:  «Առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում մենք հիմնականում կենտրոնացել ենք «Սնանկության մասին» օրենքում որոշակի հարաբերությունների կարգավորման հստակեցմանը, որը բխում էր պրակտիկայից: Այսինքն՝ առաջինից երկրորդ ընթերցում նախագիծը կոնցեպտուալ առումով փոփոխություններ չի կրել»,- նշեց  արդարադատության նախարար Բադասյանը: «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում և կից օրենքներում փոփոխությունների նախագծերի փաթեթով առաջարկվում է ստեղծել մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերը քննելու համար ենթամասնագիտացված դատարաններ, որոնք կլուծեն նաև դատարանների ծանրաբեռնվածության խնդիրը: 
11:28 - 02 մարտի, 2021
Արդարադատության նախարարությունում քննարկվել են գումարի բռնագանձման մեխանիզմների կիրառման հիմնախնդիրները

Արդարադատության նախարարությունում քննարկվել են գումարի բռնագանձման մեխանիզմների կիրառման հիմնախնդիրները

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր մասնակցել է «Գումարի բռնագանձման մեխանիզմների կիրառման հիմնախնդիրները» թեմայով հանրային քննարկման, որը կազմակերպել էր ԱՆ «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտություններ կենտրոն» հիմնադրամը՝ ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ։ Այս մասին տեղեկացնում է Արդարադատության նախարարությունը: Հանրային քննարկմանը մասնակցել են նաև Բարձագույն դատական խորհրդի անդամներ, դատավորներ, Կենտրոնական բանկի, Նոտարական պալատի, Փաստաբանների պալատի, ԱՆ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության, առևտրային բանկերի, ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչներ, իրավաբան-գիտնականներ, փաստաբաններ, Հիմնադրամի ներկայացուցիչներ: Նախարար Բադասյանը ողջունել է քննարկման մասնակիցներին և նշել, որ Արդարադատության նախարարությունը, հավատարիմ մնալով Դատաիրավական ռազմավարությամբ նախանշված գործողություններին, հերթական բարեփոխումն է իրականացնելու՝ այս անգամ գումարի բռնագանձման մեխանիզմները բարելավելու նպատակով։ «Դատական համակարգի քաղաքացիական գործերով ծանրաբեռնվածության մեծագույն հատվածը՝ 70-80 տոկոս, վերաբերում է գումարի բռնագանձման պահանջով գործերին։ Հենց այդ գործերը դատական համակարգից դուրս հանելու կամ դատական համակարգի ծանրաբեռնվածությունը նվազեցնելու համար պետք է քայլեր ձեռարկենք, և որ ամենակարևորն է, սա դիտարկելով որպես ծառայություն, քաղաքացիների և իրավաբանական անձանց համար այն պետք է դարձնենք հասանելի, մատչելի և ոչ ժամանակատար»,- ընդգծել է Ռուստամ Բադասյանը և այդ համատեքստում ներկայացրել էլեկտրոնային արդարադատության ներդրման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։ Արդարադատության նախարարը կրկին շնորհակալություն է հայտնել ներկաներին քննարկմանը մասնակցելու համար և վստահություն հայտնել, որ բարձրացված խնդիրները  իրավակիրառների առաջարկների հիման վրա լուծում կստանան։  ԱՆ «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտություններ կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցը ևս ողջունել է ներկաներին և նշել, որ  քննարկումն ուղղված է տվյալ ոլորտում կարիքների գնահատմանն ու հավաքագրմանը։ «Բոլորս էլ գիտենք, որ այս ոլորտում ունենք խնդիրներ։ Գիտենք նաև, որ Արդարադատության նախարարությունն ունի քաղաքական կամք այս ոլորտը բարեփոխելու համար։ Հետևաբար, շատ կարևոր է լսել Ձեր կարծիքը՝ որպես շահառուներ, հավաքագրել դրանք և ձևավորել օրակարգ՝ հետագա բարեփոխումնեի համար»,- ասել է Տիգրան Դադունցը և անցել օրակարգով նախատեսված հարցերի քննարկմանը։ Դրանք վերաբերել են նոտարական մակագրության թերթի կիրառման արդյունավետության բարձրացմանը, փոքր հայցագնով պահանջների դատական քննության ընթացքում հանդիպող խնդիրներին, ինչպես նաև փոքր հայցապահանջներով կայացված ակտերի հարկադիր կատարման խնդիրներին։ Կատարողական մակագրության թերթի ինստիտուտի առնչությամբ քննարկման մասնակիցները բարձրացրել են մի շարք խնդիրներ՝ յուրաքանչյուրն իրենց տեսանկյունից, որոնք առավելապես վերաբերել են գործարքների վավերացմանը, կողմերի ծանուցմանը, կատարողական մակագրության թերթի հարկադիր կատարմանը և այլն: Փոքր հայցապահանջների դատական քննության առումով քննարկում է ծավալվել պարզեցված վարույթի և արագացված դատաքննության կարգերի կիրառման հարցերի շուրջ, նշվել է նաև պարզեցված վարույթի և վճարման կարգադրությունների մեխանիզմների արդյունավետության մասին: Հարկադիր կատարման ոլորտում առկա խնդիրների առնչությամբ տեղի ունեցած քննարկումը վերաբերել է ոլորտում սպասվող նոր փոփոխություններին։ Քննարկման ավարտին մասնակիցներին առաջարկվել է բարձրացրած բոլոր խնդիրների, հնչած գաղափարների վերաբերյալ գրավոր առաջարկները ներկայացնել Արդարադատության նախարարություն` հետագա օրենսդրական բարեփոխումների նպատակով:   
15:33 - 01 մարտի, 2021
Ռուստամ Բադասյանը ներկայացրել է հանրային ծառայությունների մատուցման ոլորտի բարեփոխումները

Ռուստամ Բադասյանը ներկայացրել է հանրային ծառայությունների մատուցման ոլորտի բարեփոխումները

Արդարադատության նախարարությունը հանրային ծառայությունների մատուցման ոլորտում արմատական բարեփոխում է իրականացնում: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: Արդյունքում այլևս պետական տուրք չի պահանջվի․ Ամուսնության գրանցման, ՔԿԱԳ տեղեկանքներ տրամադրելու, Առցանց եղանակով անհատ ձեռնարկատեր հաշվառվելու, Առանձին տառերի կամ թվերի կամ ուղղագրական սխալների փոփոխության համար։ Նախարարը հայտնել է, որ ՔԿԱԳ պետտուրքի վճարումից ընդհանրապես կազատվեն՝ Կենսաթոշակառուները, առաջին և երկրորդ խմբի հաշմանդամները և հաշմանդամ երեխաները, ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված անձինք, ռազմական գործողությունների մասնակիցները, ռազմական գործողությունների հետևանքով զոհված, հաշմանդամ դարձած, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձի ամուսնինը, զավակը և ծնողը։ Բարեփոխումների արդյունքում կրճատվել են նաև հետևյալ գործընթացների ժամկետները. Ամուսնության բացակայության մասին տեղեկանքը 7 օրվա փոխարեն կտրամադրվի տեղում։ Ամուսնության գրանցումը հնարավոր կլինի իրականացնել դիմումը ներկայացնելու հաջորդ օրվանից մինչև 6 ամիս ժամկետում՝ դիմողի նախընտրած օրը։ Անվան փոխման գրանցման ժամկետը մինչև 5 ամսից կդառնա 15 աշխատանքային օր։ Ուղղում, փոփոխություն և լրացում, ինչպես նաև ակտի վերականգնում կատարելու համար մինչև 4 ամիս տևող ժամկետը դարձել է 15 աշխատանքային օր: Ուղղագրական սխալների փոփոխման համար սահմանված ժամկետը կկրճատվի մինչև 3 աշխատանքային օր ։ Առևտրային կազմակերպությունների գրանցման ժամկետը սահմանվել է 1 աշխատանքային օր։ «Փաստաթղթերն ապոստիլով կվավերացվեն մեկ պետական մարմնի՝ Արդարադատության նախարարության կողմից՝ 1 օրում՝ նախկին 3 օրվա փոխարեն: Ա/Ձ հաշվառումը հնարավոր կլինի նաև լիազորված անձի միջոցով։ Հանրային ծառայությունների մատուցման ոլորտում բարեփոխումները շարունակվում են։ Պետռեգիստրին առնչվող փոփոխություններն ուժի մեջ կմտնեն այսօրվանից, իսկ ՔԿԱԳ ոլորտին առնչվող բարեփոխումները՝ 2021 թվականի մայիսի 16-ից»,- գրել է Բադասյանը։
12:43 - 26 փետրվարի, 2021
Ինչպես է ծախսվելու արդարադատության ոլորտի բարեփոխումներին ուղղված ԵՄ 9 մլն եվրո դրամաշնորհը. ԱՆ-ն մանրամասնում է

Ինչպես է ծախսվելու արդարադատության ոլորտի բարեփոխումներին ուղղված ԵՄ 9 մլն եվրո դրամաշնորհը. ԱՆ-ն մանրամասնում է

Եվրոպական միությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների իրականացմանն աջակցելու նպատակով Հայաստանի կառավարությանը 9 միլիոն եվրո դրամաշնորհ էր հատկացրել։ Այս գումարը մասն է 30 մլն եվրոյի չափով բյուջետային աջակցության, որի վերաբերյալ գրանտային համաձայնագիրը Եվրոպական միության հետ կնքվեց 2020 թվականի սեպտեմբերին։Այս մասին հայտնեցին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: 9 միլիոն եվրո դրամաշնորհի ծախսման ուղղությունները փետրվարի 25-ին հաստատվեց ՀՀ կառավարության նիստում։ Ի՞նչ ուղղություններով են ծախսվելու այս գումարները և ինչպիսի՞ ազդեցություն է ունենալու մարդկանց կյանքի վրա։ Գումարի մի մասն ուղղվելու է քննչական նոր մարմնի՝ Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծման համար անհրաժեշտ պայմանների (շենք, սարքավորումներ, աշխատավարձ և այլն) ապահովմանը։ Այս մարմինը, բարեվարքության ստուգում անցած կադրերի ու նեղ մասնագիտացման շնորհիվ առավել արդյունավետ է դարձնելու կոռուպցիոն հանցագործությունների քննությունը։ Հայտարարվել է Հակակոռուպցիոն դատարանի ստեղծման մասին, որի դատավորները, մասնագիտական պատրաստում են անցնելու Արդարադատության ակադեմիայում և որոնց բարեվարքությունը ստուգվելու է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից, իսկ հոգեբանական կայունությունը՝ ժամանակակից գործիքակազմով։ Հատկացված այս աջակցության միջոցով նոր մասնագիտացված դատարանի դատավորների համար կապահովվի ավելի բարձր աշխատավարձ՝ լավագույն կադրերին համակարգ ներգրավելու նպատակով, ինչպես նաև գումարներ կուղղվեն նոր դատարանի շենքային պայմանների ապահովմանը։ Կավելացվեն դատավորների հաստիքները՝ այսպիսով լուծելով և՛ դատարանների ծանրաբեռնվածության, և՛ դատական համակարգում նոր ու բարեվարք մասնագետների՝ դատավորների ներգրավման հարցը։ Սրանով էականորեն կբարձրացվի նաև նախաքննության փուլին առնչվող գործերով (հատկապես մեծ թիվ կազմող՝ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու, կալանքի ժամկետը երկարաձգելու, կալանքը վերահաստատելու և այլն) դատարանի կողմից որոշումների կայացման արդյունավետությունն ու նման որոշումների նկատմամբ վստահությունը, ինչպես նաև կապահովվի այդ գործերով դատավորների մասնագիտացումը։ Կներդրվի էլեկտրոնային արդարադատության համակարգ, որը լուրջ ազդեցություն կունենա դատարանում գործերի քննության ժամկետները կրճատելու հարցում։ Նախատեսված գործիքների ներդրման միջոցով ընդհանուր կուտակված գործերի քանակը թե՛ առաջին ատյանի քաղաքացիական և թե՛ վարչական դատարաններում 10 տոկոսով կնվազի 2021 թվականին և 20%-ով կնվազի 2022 թվականին։ Բացի այդ, նշված գործիքների ներդրման արդյունքում 2021 թվականից նոր ներկայացված դատական գործերի 10 տոկոսին, իսկ 2022 թվականից՝ 50%-ին ընթացք կտրվի էլեկտրոնային եղանակով։ Սա նշանակում է, որ քաղաքացիական ու վարչական գործերով տարիներով դատարանի որոշումներին սպասողների թիվը կկրճատվի նշված չափերով։ Համաձայնագրով հատկացվող գումարները կուղղվեն նաև արբիտրաժի ինստիտուցիոնալ կառույցի ստեղծմանն ու ԱՆ «Փորձագիտական կենտրոն»-ի տեխնիկական վերազինմանը։ Արբիտրաժի ինստիտուտի խրախուսման, որակյալ կադրերի ներգրավման ու նպաստավոր իրավական հիմքեր ձևավորելու արդյունքում բիզնես կառույցները, ներդրողները վեճերի դեպքում հնարավորություն և ցանկություն կունենան դիմելու պրոֆեսիոնալ, ոչ ժամանակատար և կողմերի շահերից բխող լուծման՝ դատարան դիմելու փոխարեն։ Իսկ «Փորձագիտական կենտրոն»-ը, ոլորտում ունենալով ամենամեծ ծանրաբեռնվածությունը, հաճախ տեխնիկական հագեցվածության բացակայության պատճառով չի կարողանում ապահովել անհրաժեշտ փորձաքննության կատարումը, ինչը հանգեցնում է դատավարության ժամկետների ձգձգման։ Ուստի, դատավարական նման ձգձգումները բացառելու համար նշված գումարները նախատեսվում է նաև ուղղել «Փորձագիտական կենտրոն»-ի անհրաժեշտ տեխնիկական հագեցվածության ապահովմանը։  
12:35 - 26 փետրվարի, 2021
Մեզ համար նման սցենարը կանխատեսելի էր. ԱՆ խոսնակը՝ «Դատական օրենսգրքի» փոփոխությունները նախագահի կողմից չստորագրելու մասին
 |1lurer.am|

Մեզ համար նման սցենարը կանխատեսելի էր. ԱՆ խոսնակը՝ «Դատական օրենսգրքի» փոփոխությունները նախագահի կողմից չստորագրելու մասին |1lurer.am|

1lurer.am: «Մեզ համար նման սցենարը կանխատեսելի էր, բայց ոչ այն պատճառաբանությամբ, որ նախագիծը սահմանադրականության խնդիր ուներ»,- հայտարարեց ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ-խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը՝ մեկնաբանելով նախագահ Արմեն Սարգսյանի կողմից «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում և «Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը չստորագրելու և ՍԴ ուղարկելու որոշումը: «Եվ հետաքրքիր է, որ ԲԴԽ-ն ևս չի տեսել սահմանադրականության խնդիր, ավելին՝ կողմ է եղել նախագծին, քանի որ դրանով դատական համակարգի ծանրաբեռնվածության խնդիր էր լուծվում»,- ասաց Լուսինե Մարտիրոսյանը: Հիշեցնենք՝ նախագծերի փաթեթը նախատեսում է մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերով առանձին ենթամասնագիտացում ունեցող դատավորների ինստիտուտի ներդրում: Այսօր նախագահի աշխատակազմը տեղեկացրեց, որ Արմեն Սարգսյանը չի ստորագրել օրենքներն ու դիմել է ՍԴ՝ դրանց Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու խնդրանքով:
20:40 - 24 փետրվարի, 2021
Առաջարկվում է ավելացնել դատարան դիմելու պետտուրքերի չափերը. ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց նախագծին |1lurer.am|

Առաջարկվում է ավելացնել դատարան դիմելու պետտուրքերի չափերը. ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց նախագծին |1lurer.am|

1lurer.am: ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվեց «Պետական տուրքի մասին» և հարակից օրենքներում փոփոխությունների փաթեթը:   Արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը նշեց, որ Հայաստանի դատական համակարգում գործող պետական տուրքերը 1999 թվականից չեն փոխվել, մինչդեռ Համաշխարհային բանկի տվյալներով՝ այս տարիներին սոցիալ-տնտեսական ցուցանիշները միջինում աճել են 4.1 անգամ: Մասնավորապես, ըստ նրա, փոխվել են՝ ՀՆԱ-ն՝ մեկ շնչի հաշվով, նվազագույն աշխատավարձի, նվազագույն սպառողական զամբյուղի չափերը և այլն:  Փոխնախարարի խոսքով՝ դիտարկելով պետության կողմից դատարանների վրա ծախսված գումարը և հավաքագրվող պետական տուրքերը՝ 4-5 անգամ տարբերություն է նկատվում: Նա տեղեկացրեց, որ 2018-ին փաստացի ծախսերը կազմել են 9 մլրդ դրամ, եկամուտները՝ 1 մլրդ դրամ, 2019-ին փաստացի ծախսերը կազմել են 12 մլրդ դրամ, եկամուտները՝ մոտ 2 մլրդ դրամ, նույն ցուցանիշներն են նաև 2020-ին: Դանիելյանն ասաց, որ միջազգային փորձի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մի շարք երկրներում պետական տուրքերն ավելի բարձր են, քան Հայաստանում:  Նախարարի տեղակալը ներկայացրեց նախագծով առաջարկվող փոփոխությունները, թե պետական տուրքի ինչ նոր դրույքաչափեր են սահմանվում դատարան տրվող հայցադիմումների, դիմումների, դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:  «Առաջին ատյանի դատարան դրամական պահանջներով 2 տոկոսի հայցագինը դարձվել է 3 տոկոս, սահմանվել է առավելագույն չափ՝ 25 մլն դրամ: Սահմանվել է նաև 15 մլն դրամ Վերաքննիչ դատարանում՝ որպես պետական տուրքի առավելագույն չափ, Վճռաբեկ դատարանում՝ 10 մլն դրամ: Փոփոխությունը կատարվել է՝ համեմատելով նվազագույն սպառողական զամբյուղի հետ:  Սահմանվել է նաև դատարաններ դիմելու համար պետական տուրքի նվազագույն չափ՝ 6000 դրամ: Պետտուրքի գործող նվազագույն չափը 1500 դրամ է:     Արբիտրաժի վճռի կատարողական թերթի տրամադրման համար պետտուրք չի գանձնվի: Պետական տուրք չի գանձվի դիտորդական կազմակերպությունների կողմից ներակայացված, ընտանիքում բռնության կանխարգելման գործերով հայցերի, հավաքի անցկացման վերաբերյալ համայնքի ղեկավարի գործողությունների իրավաչափությունը վիճարկելու, շրջակա միջավայրի պաշտպանության վերաբերյալ դիմումների դեպքում»,- նշեց նա:   Վահե Դանիելյանն ասաց, որ դատարան դիմելու առումով պետական տուրքն ապահովում է դատարանների ծախսերի փոխհատուցում և  քաղաքացիների դեմ անհիմն հայցերից պաշտպանվածություն: Նա վստահեցրեց, որ այդ դեպքում պետական տուրքի բարձրացումն ի վնաս քաղաքացու չէ, այլ հակառակը:  Հանձնաժողովի անդամները, մի շարք խնդիրներ մատնացույց անելուց և առաջարկներ ներկայացնելուց հետո, հավանություն տվեցին նախագծին. այն կներառվի առաջիկա լիագումար նիստերի օրակարգում:  Նշենք՝ ավելի վաղ նախագիծը քննարկվել էր նաև ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովում: Հանձնաժողովը դրական եզրակացություն էր տվել նախագծին:
15:17 - 24 փետրվարի, 2021
Հակակոռուպցիոն, վերաքննիչ հակակոռուպցիոն դատարաններ ստեղծելու օրինագծի քննարկումը հետաձգվեց |armenpress.am|

Հակակոռուպցիոն, վերաքննիչ հակակոռուպցիոն դատարաններ ստեղծելու օրինագծի քննարկումը հետաձգվեց |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունը ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում հետաձգեց հակակոռուպցիոն և վերաքննիչ հակակոռուպցիոն դատարաններ ստեղծելու նախագծերի փաթեթի՝ երկրորդ ընթերցմամբ քննարկումը: ԱԺ հանձնաժողովի նիստում «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի առնչությամբ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հիշեցրեց, որ  այն հակակռուպցիոն դատարանի ստեղծման վերաբերյալ է: «Քանի որ առաջինից երկրորդ ընթերցմանը բավականին ծավալուն աշխատանք կատարելու անհրաժեշտություն կա, որը մասամբ կատարել ենք, մասամբ էլ ընթացքի մեջ է, հանձնաժողովի հետ նույնպես համագործակցում ենք առանձին հարցեր քննարկելու առումով, առաջարկում եմ հետաձգել նախագծի քննարկումը, ներառել հետագա օրակարգում»,- ասաց նախարարը: Նախագծերի փաթեթով առաջարկվում է ստեղծել հակակոռուպցիոն և վերաքննիչ հակակոռուպցիոն դատարաններ, ինչի արդյունքում կապահովվի կոռուպցիոն բնույթի գործերով մասնագիտացված քննությունը: Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացում մասնագիտացվածությունն ապահովելու նպատակով առաջարկվում է ստեղծել մասնագիտացված հակակոռուպցիոն դատարան: Հակակոռուպցիոն դատարանը կգործի առնվազն 25 դատավորի թվակազմով: Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը կգործի առնվազն 10 դատավորի թվակազմով: Այսպիսով, նախագծերի փաթեթի քննարկումը հետաձգվեց մինչև 2 ամիս ժամկետով:
14:02 - 24 փետրվարի, 2021
Ամուսնության պետական գրանցումը այսուհետ կարող է հանդիսավոր պայմաններում կատարվել

Ամուսնության պետական գրանցումը այսուհետ կարող է հանդիսավոր պայմաններում կատարվել

Արդարադատության նախարարությունը ընտանիքի ստեղծման առաջին քայլի՝ ամուսնության գրանցման արարողությունը իրապես հանդիսավոր պայմաններում անցկացնելու հնարավորություն է ստեղծել։ Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:    «Ամուսնացող անձանց ցանկությամբ այսուհետ ամուսնության պետական գրանցումը կարող է հանդիսավորությամբ կատարվել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի «Արմենիա» սրահում:   Ամուսնության պետական գրանցումը կատարվում է Արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության մասնագետների կողմից:   Հանդիսավոր ամուսնության գրանցման համար կարող են դիմել Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները, ինչպես նաև քաղաքացիություն չունեցող անձինք:   Դիմումները պետք է ներկայացնել Հանրային ծառայությունների միասնական գրասենյակ (Վազգեն Սարգսյան 3)՝ յուրաքանչյուր աշխատանքային օր՝ 09։00-14։00-ն և 15։00-18։00-ն ընկած ժամանակահատվածում»,- գրել է նախարարը։
10:09 - 24 փետրվարի, 2021
Քննարկվել են իրավական ակտերի նախագծերի մշակման և դրանց հիմնավորումները կազմելու հմտությունները

Քննարկվել են իրավական ակտերի նախագծերի մշակման և դրանց հիմնավորումները կազմելու հմտությունները

Փետրվարի 20-ին տեղի է ունեցել Արդարադատության նախարարության ստորաբաժանումների ներկայացուցիչների կարողությունների զարգացմանն ուղղված աշխատանքային երկօրյա քննարկում: Այն կազմակերպել էր ԱՆ «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտություններ կենտրոն» հիմնադրամը ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ:   Քննարկմանը մասնակցել են ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրենի պաշտոնակատար Դեյվիդ Հոֆմանը, արդարադատության փոխնախարարներ Քրիստիննե Գրիգորյանը և Վահե Դանիելյանը, ԱՆ «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտություններ կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցը, այլք: Ռուստամ Բադասյանը ողջունել է բոլոր մասնակիցներին, բարձր գնահատել Հիմնադրամի իրավաստեղծ գործունեությունը՝ հատկանշական համարելով COVID-19 համավարակի ընթացքում կատարած իրավաստեղծ աշխատանքը և շնորհակալություն է հայտնել ԱՄՆ ՄԶԳ-ին՝ Հիմանդրամի ստեղծման օրվանից Նախարարության կողքին լինելու և մի շարք կարևոր նախաձեռնություններին աջակցելու համար:   Այդ համատեքստում նախարար Բադասյանը նախարարության շնորհակալագրով է պարգևատրել ԱՄՆ ՄԶԳ ծրագրերի ղեկավար Լուսինե Հակոբյանին՝ իրականացվող ծրագրերի հարցում անձնական ներդրման ու արդյունավետ համագործակցության համար: Դիմելով նախարարության աշխատակիցներին՝ Ռուստամ Բադասյանը կոչ է արել լինել նախաձեռնող, աշխատանքի ընթացքում հանդիպող խնդիրները լուծելու համար հանդես գալ նորարական առաջարկներով, ներկայացնել նոր գաղափարներ և վստահեցրել, որ դրանք իրականացնելու համար կարվի առավելագույնը:   Դեյվիդ Հոֆմանը շնորհակալություն է հայտնել հրավերի համար, բարձր գնահատել Արդարադատության նախարարության հետ համագործակցությունը, կարևորել օրենսդրության մշակման հարցում Հիմնադրամի փորձագիտական ներուժը և անդրադարձել դատաիրավական և հակակոռուպցիոն ոլորտում ԱՄՆ ՄԶԳ աջակցության ծրագրերին:   Տիգրան Դադունցը կարևորել է երկխոսության ու փորձի փոխանակման միջոցով աշխատանքի որակը բարձրացնելուն ուղղված նման հնարավորությունը և հանդիպման մասնակիցներին մաղթել է արդյունավետ աշխատանք:   Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել առցանց ռեսուրսներից օգտվելու հմտություններին և դրանց կիրառման հնարավորություններին, ներկայացվել են հետազոտական և վերլուծական աշխատանքների իրականացման առանցքային մոտեցումները, մասնավորապես՝ միջազգային փորձի, այլ երկրների օրենսդրության, հղումների, վիճակագրության հետազոտման մեթոդները, ինչպես նաև քննարկվել է իրավական ակտերի նախագծերի մշակման և դրանց հիմնավորումները կազմելու հմտությունները, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի կիրարկման օրենսդրական տեխնիկան, դատական ներկայացուցչության իրականացման հիմնական խնդիրները և այլն: Նշված հարցերին անդրադարձել են Տիգրան Դադունցը, Հիմնադրամի փոխտնօրեն Լիլիթ Պետրոսյանը, ԱՆ իրավական ակտերի փորձաքննության գործակալության պետ Էմիլ Մարգարյանը և ԱՆ իրավական ապահովման վարչության պետ Անահիտ Անտոնյանը:   Աշխատանքային հանդիպման ընթացքում իրավիճակային խնդիրներ են առաջադրվել Նախարարության աշխատակիցներին, ակտիվ քննարկումների, խմբային աշխատանքների արդյունքում առաջարկվել են դրանց իրավական լուծումները: Կարողությունների զարգացմանն ուղղված նման ձևաչափով քննարկումները կշարունակվեն:
13:11 - 22 փետրվարի, 2021
Ռուստամ Բադասյանը ԵՄ գործընկերների հետ քննարկել է դատաիրավական և հակակոռուպցիոն ոլորտներում իրականացվող աշխատանքները

Ռուստամ Բադասյանը ԵՄ գործընկերների հետ քննարկել է դատաիրավական և հակակոռուպցիոն ոլորտներում իրականացվող աշխատանքները

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր Եվրոպական միության բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ հեռավար ձևաչափով քննարկել է Հայաստանի դատաիրավական, հակակոռուպցիոն և ոստիկանության բարեփոխումներին առնչվող մի շարք հարցեր։ Այս մասին տեղեկացնում է Արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։ «Քննարկմանը մասնակցել են նաև Եվրոպական հանձնաժողովի Հարևանության հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսը, Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության Արևելյան գործընկերության երկրների հետ երկկողմ հարաբերությունների բաժնի ղեկավար Ռիչարդ Թիբելսը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը, ՀՀ ԱՆ միջազգային իրավական համագործակցության համակարգող խորհրդական Ամալյա Հովսեփյանը, այլք։ Նախարարը շնորհակալություն է հայտնել Եվրոպական միությանը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների իրականացմանն աջակցելու նպատակով Հայաստանի կառավարությանն առաջին փուլով հատկացված 9 միլիոն եվրո դրամաշնորհի համար, որը մասն է 30 մլն եվրոյի չափով բյուջետային աջակցության։ Ռուստամ Բադասյանը, ներկայացնելով կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում իրականացված աշխատանքները, ի թիվս այլ ձեռքբերումների, առանձնացրել է ԱԺ կողմից առաջին ընթերցմամբ ընդունված Հակակոռուպցիոն կոմիտեի և Հակակոռուպցիոն դատարանների ստեղծմանն ուղղված օրենսդրական փաթեթները, ինչպես նաև անդրադարձել ամբողջությամբ ընդունված օրենսդրական նախաձեռնությանը, որի համաձայն, մինչդատական քրեական վարույթների գործերը (կալանք, խուզարկություն և այլն) և օպերատիվ-հետախուզական միջոցառումների մասին միջնորդությունները կքննեն բարեվարքության ստուգում անցած դատավորները։ Խոսելով Ոստիկանության բարեփոխումներից՝ Հայաստանի արդարադատության նախարարը ներկայացրել է Պարեկային ծառայության ստեղծման համար իրականացվող աշխատանքները, այս փուլի ձեռքբերումները, ինչպես նաև Ներքին գործերի նախարարության ստեղծման համար հանրային քննարկման դրված օրենսդրական նախաձեռնության կարգավորումները։  Կողմերը նաև քննարկել են առաջիկա յոթ տարիների ընթացքում ոլորտի համագործակցության առաջնահերթությունների, ինչպես նաև արդարադատության ոլորտի երկխոսության հաջորդ նիստի նախապատրաստմանն առնչվող հարցեր։  ԵՄ պաշտոնյաներն անկյունաքարային են գնահատել Արդարադատության նախարարության հետ համագործակցությունը և վերահաստատել հայաստանյան բարեփոխումների օրակարգին ԵՄ աջակցության հանձնառությունը»,- նշված է հաղորդագրության մեջ։
16:32 - 18 փետրվարի, 2021
Վերականգնում ենք ազատությունից զրկված անձանց տեսակցությունների հնարավորությունը. Բադասյան

Վերականգնում ենք ազատությունից զրկված անձանց տեսակցությունների հնարավորությունը. Բադասյան

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը գրառում է արել Ֆեյսբուքի իր էջում՝ հիշեցնելով, որ օրեր առաջ խոստացել էր, որ կվերացնեն ազատությունից զրկված անձանց հետ տեսակցությունների ընդհանուր արգելքը։   «Կառավարության այսօրվա համապատասխան որոշմամբ այն արդեն իրականություն է․ վերականգնում ենք ազատությունից զրկված անձանց և՛ կարճատև, և՛ երկարատև տեսակցությունների հնարավորությունը։   Ազատությունից զրկված անձինք այսուհետ կրկին հնարավորություն կունենան օգտվելու արտաքին աշխարհի հետ կապի իրավունքից, ինչը կնպաստի ազատությունից զրկված անձանց արտաքին աշխարհի հետ կապի ամրապնդմանը և վերասոցիալականացմանը:   Հիշեցնեմ, որ տեսակցությունները սահմանափակվել էին համավարակի ռիսկով պայմանավորված։ Հուրախություն բոլորիս, համալիր միջոցառումների իրականացման և դրանց նկատմամբ հետևողական աշխատանքի արդյունքում, ՔԿՀ-ներում վարակվածության նվազ ցուցանիշ ունենք (ՔԿՀ-ներում պահվող անձանցից ընդամենը 39-ի (1.98 %) մոտ է հաստատվել վարակի առկայությունը, բոլորն ապաքինվել են)։   Տեղեկացնեմ նաև, որ իրականացնելու ենք մոնիթորինգ՝ գործնականում նախաձեռնության հետևանքները մշտապես գնահատելու նպատակով»,- գրել է Բադասյանը:
12:48 - 18 փետրվարի, 2021