Առաջարկվում է ավելացնել դատարան դիմելու պետտուրքերի չափերը. ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց նախագծին |1lurer.am|
15:17 - 24 փետրվարի, 2021

Առաջարկվում է ավելացնել դատարան դիմելու պետտուրքերի չափերը. ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց նախագծին |1lurer.am|

1lurer.am: ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվեց «Պետական տուրքի մասին» և հարակից օրենքներում փոփոխությունների փաթեթը:  

Արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը նշեց, որ Հայաստանի դատական համակարգում գործող պետական տուրքերը 1999 թվականից չեն փոխվել, մինչդեռ Համաշխարհային բանկի տվյալներով՝ այս տարիներին սոցիալ-տնտեսական ցուցանիշները միջինում աճել են 4.1 անգամ: Մասնավորապես, ըստ նրա, փոխվել են՝ ՀՆԱ-ն՝ մեկ շնչի հաշվով, նվազագույն աշխատավարձի, նվազագույն սպառողական զամբյուղի չափերը և այլն: 

Փոխնախարարի խոսքով՝ դիտարկելով պետության կողմից դատարանների վրա ծախսված գումարը և հավաքագրվող պետական տուրքերը՝ 4-5 անգամ տարբերություն է նկատվում: Նա տեղեկացրեց, որ 2018-ին փաստացի ծախսերը կազմել են 9 մլրդ դրամ, եկամուտները՝ 1 մլրդ դրամ, 2019-ին փաստացի ծախսերը կազմել են 12 մլրդ դրամ, եկամուտները՝ մոտ 2 մլրդ դրամ, նույն ցուցանիշներն են նաև 2020-ին: Դանիելյանն ասաց, որ միջազգային փորձի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մի շարք երկրներում պետական տուրքերն ավելի բարձր են, քան Հայաստանում: 

Նախարարի տեղակալը ներկայացրեց նախագծով առաջարկվող փոփոխությունները, թե պետական տուրքի ինչ նոր դրույքաչափեր են սահմանվում դատարան տրվող հայցադիմումների, դիմումների, դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար: 

«Առաջին ատյանի դատարան դրամական պահանջներով 2 տոկոսի հայցագինը դարձվել է 3 տոկոս, սահմանվել է առավելագույն չափ՝ 25 մլն դրամ: Սահմանվել է նաև 15 մլն դրամ Վերաքննիչ դատարանում՝ որպես պետական տուրքի առավելագույն չափ, Վճռաբեկ դատարանում՝ 10 մլն դրամ: Փոփոխությունը կատարվել է՝ համեմատելով նվազագույն սպառողական զամբյուղի հետ: 

Սահմանվել է նաև դատարաններ դիմելու համար պետական տուրքի նվազագույն չափ՝ 6000 դրամ: Պետտուրքի գործող նվազագույն չափը 1500 դրամ է:    

Արբիտրաժի վճռի կատարողական թերթի տրամադրման համար պետտուրք չի գանձնվի: Պետական տուրք չի գանձվի դիտորդական կազմակերպությունների կողմից ներակայացված, ընտանիքում բռնության կանխարգելման գործերով հայցերի, հավաքի անցկացման վերաբերյալ համայնքի ղեկավարի գործողությունների իրավաչափությունը վիճարկելու, շրջակա միջավայրի պաշտպանության վերաբերյալ դիմումների դեպքում»,- նշեց նա:  

Վահե Դանիելյանն ասաց, որ դատարան դիմելու առումով պետական տուրքն ապահովում է դատարանների ծախսերի փոխհատուցում և  քաղաքացիների դեմ անհիմն հայցերից պաշտպանվածություն: Նա վստահեցրեց, որ այդ դեպքում պետական տուրքի բարձրացումն ի վնաս քաղաքացու չէ, այլ հակառակը: 

Հանձնաժողովի անդամները, մի շարք խնդիրներ մատնացույց անելուց և առաջարկներ ներկայացնելուց հետո, հավանություն տվեցին նախագծին. այն կներառվի առաջիկա լիագումար նիստերի օրակարգում: 

Նշենք՝ ավելի վաղ նախագիծը քննարկվել էր նաև ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովում: Հանձնաժողովը դրական եզրակացություն էր տվել նախագծին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել