Միգրացիոն ծառայություն

Միգրացիոն ծառայությունը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմին է, որը մշակում և իրականացնում է միգրացիայի բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը։

Ուկրաինայի 213 քաղաքացի Հայաստանում ապաստանի հայց է ներկայացրել
 |hetq.am|

Ուկրաինայի 213 քաղաքացի Հայաստանում ապաստանի հայց է ներկայացրել |hetq.am|

hetq.am: 2022 թվականի առաջին վեց ամիսների ընթացքում Հայաստանում ապաստանի հայց են ներկայացրել 320 անձինք, որոնցից 213-ը՝ Ուկրաինայի քաղաքացիներ։ Այս մասին նշված է ՀՀ-ում փախստական ճանաչված անձանց բնակարանային ապահովության ծրագիրը հաստատելու մասին կառավարության որոշման նախագծում, որը Միգրացիոն ծառայությունը ներկայացրել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։ Ինչպես ասվում է նախագծում, Հայաստանում տարեկան միջին հաշվով փախստական են ճանաչվում և ապաստան են ստանում շուրջ 150 անձինք: Հայաստանում ապաստան ստացած և փախստական ճանաչված անձինք հանդիսանում են ինտեգրման քաղաքականության նպատակային հիմնական խմբերից մեկը: Նրանց ինտեգրման տեսանկյունից ամենակարևորը, ըստ Միգրացիոն ծառայության՝ Հայաստանում ժամանակավոր բնակության համար կացարանի խնդրի լուծումն է, քանի որ այդ անձինք փախստական ճանաչվելուց հետո հնարավորություն չունեն ինքնուրույն լուծել իրենց կացարանի հարցը։ Ներկայացված նախագծով՝ փոխհատուցումը կտրամադրվի Հայաստանում փախստական ճանաչված անձանց ժամանակավոր կացարանով ապահովման խնդրի լուծման նպատակով` 6 ամիս ժամկետով: Այդ ժամկետով աջակցության տրամադրման  նպատակն է հնարավորություն տալ Հայաստանում փախստական ճանաչված անձանց 6 ամիսների   ընթացքում սովորել լեզուն, լուծել իրենց զբաղվածության հետ կապված հարցերը՝ ժամկետի լրանալուց հետո կացարանի խնդիրն ինքնուրույն լուծելու նպատակով։ Շարունակությունը՝ hetq.am-ում
15:09 - 19 սեպտեմբերի, 2022
Հայտարարել են, թե ՀՀԿ անդամ են, հալածանքների են ենթարկվում և 20-26 հազար դոլար վճարի դիմաց կեղծ փաստաթղթերով մեկնել. ԱԱԾ

Հայտարարել են, թե ՀՀԿ անդամ են, հալածանքների են ենթարկվում և 20-26 հազար դոլար վճարի դիմաց կեղծ փաստաթղթերով մեկնել. ԱԱԾ

ԱԱԾ-ի կողմից իրականացված մեծածավալ  գործողությունների արդյունքում պարզվել է, որ մի խումբ անձինք,  նախնական համաձայնության գալով Երևան քաղաքում գործող տուրիստական գործակալության ղեկավար կազմի հետ, յուրաքանչյուր անձի հաշվարկով 20.000-26.000 ԱՄՆ դոլարի դիմաց կազմակերպել են ՀՀ մի շարք քաղաքացիների անօրինական մեկնումը օտարերկրյա պետություններ և Շենգենյան համաձայնության երկրներ: Այդ նպատակով մեկնող անձանց անվամբ պատրաստել են աշխատանք ունենալու, աշխատավարձի չափի, այլ եկամուտների, անշարժ ու շարժական գույքերի վերաբերյալ կեղծ փաստաթղթեր, որոնք ներկայացվել են ՀՀ-ում և արտերկրում գտնվող իրավասու մարմիններին: ԱԱԾ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախաքննության ընթացքում քրեական վարույթի շրջանակներում անօրինական միգրացիայի կազմակերպմամբ զբաղվող հանցավոր խմբի անդամների բնակարաններում, ավտոմեքենաներում, ինչպես նաև տուրիստական գործակալությունում կատարված խուզարկություններով հայտնաբերվել և վերցվել են բազմաթիվ կեղծ կնիքներ, դրոշմներ, փաստաթղթեր, փաստաթղթերի դատարկ ձևանմուշներ, օտարերկրյա պետություններ  անօրինական մուտքի թույլտվություն ստացած մի քանի տասնյակ քաղաքացիների կողմից վճարված առանձնապես խոշոր չափերով գումարների վերաբերյալ գրառումներ պարունակող նոթատետրեր, էլեկտրոնային կրիչներ: Հատկանշանական է նաև այն, որ հանցավոր խմբի անդամներն իրենց հանցավոր մտադրությունն ավարտին հասցնելու համար չեն խորշել նույնիսկ պետության հեղինակությունն ու միջազգային վարկանիշն էապես խաթարող այնպիսի կեղծ տեղեկություններ ներկայացնելուց, ինչպիսիք են քաղաքական հայացքներով պայմանավորված՝ անձանց որոշ խմբերի նկատմամբ ՀՀ-ում քաղաքական հետապնդումների ենթարկվելու, իշխանությունների կողմից բռնաճնշումներ գործադրելու և այլ մտացածին նույնաբնույթ հանգամանքների վերաբերյալ: Մասնավորապես` վարույթում առկա փաստական տվյալներով հաստատվել է, որ խմբի անդամները մի շարք անձանց տրամադրել են նախապես մշակված տեքստեր այն մասին, թե իբր ՀՀ-ում 2018 թվականից հետո գործող իշխանությունների կողմից քաղաքական ճնշումներ են սկսվել Հանրապետական կուսակցության անդամների և նրանց աջակիցների նկատմամբ, որի արդյունքում չեն դիմացել հալածանքներին, հետապնդումներին և հարկադրված լքել են հայրենիքը, ինչի կապակցությամբ հրահանգավորումներ են կատարել և հորդորել քաղաքացիներին՝ նույնությամբ չկրկնել տեքստի բովանդակությունը: Ավելին, խմբի անդամները նախապես մշակված տեքստերում հատուկ շեշտադրումներ են կատարել այն մասին, որ քաղաքական հայացքներով պայմանավորված՝ հիշյալ անձանց կյանքին ու ազատությանը վտանգ է սպառնում, նրանք կորցրել են իրենց բիզնեսը և այլ մտացածին կեղծ տեղեկություններ՝ հայցելով օտարերկրյա կառավարությանը՝ քաղաքական ապաստան տրամադրել իրենց: Նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա հսկող դատախազի կողմից որոշում է կայացվել հանցավոր խմբի անդամներից 6-ի նկատմամբ անօրինական միգրացիայի կազմակերպման, ինչպես նաև կեղծ փաստաթղթեր, կնիքներ պատրաստելու և օգտագործելու համար ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, նրանցից 4-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, 1 անձի նկատմամբ կիրառվել է գրավ, իսկ 1-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է, իրականացվում են քննչական անհրաժեշտ գործողություններ և օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, հանցավոր սխեմայում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու և նրանց նկատմամբ քրեաիրավական ներգործության միջոցներ կիրառելու համար: Ազգային անվտանգության ծառայությունը զգուշացնում է, որ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում այսուհետ ևս համարժեք միջոցներ է ձեռնարկելու` ՀՀ քաղաքացիների՝ օտարերկրյա պետություններ մուտքն ապօրինի ճանապարհով կազմակերպող հանցավոր խմբերի բացահայտման ու մեղավորներին քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ, միաժամանակ տեղեկացնում, որ նշված հանցավոր արարքի համար ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված է ազատազրկում` 4-8 տարի ժամկետով:   
10:43 - 19 հուլիսի, 2022
ՀՀ-ԵՄ ռեադմիսիոն համաձայնագրի տարեկան կատարումը բարձր է գնահատվել համատեղ կոմիտեի նիստում

ՀՀ-ԵՄ ռեադմիսիոն համաձայնագրի տարեկան կատարումը բարձր է գնահատվել համատեղ կոմիտեի նիստում

Եվրոպական Միություն-Հայաստանի Հանրապետություն ռեադմիսիոն հարցերի համատեղ կոմիտեի 8-րդ նիստը տեղի է ունեցել հուլիսի 14-ին։ Հայաստանյան կողմից ներգրավված են եղել Միգրացիոն ծառայության Վերադարձի և վերաինտեգրման բաժնի, Արտաքին գործերի նախարարության, Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության և Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի ներկայացուցիչները։ Եվրոպական կողմի հետ քննարկումը կազմակերպվել է տեսակապով։ Այս մասին հայտնում են Միգրացիոն ծառայությունից։ Կոմիտեի համանախագահ, Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը բարձր է գնահատել ռեադմիսիայի ոլորտում համագործակցությունը ԵՄ գործընկերների հետ, ինչպես նաև ԵՄ օժանդակությունը Հայաստանում միգրացիայի կառավարման ոլորտում նախատեսված ինստիտուցիոնալ բարեփոխումների ծրագրին, այդ թվում Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում։ «Մեզ համար իսկապես կարևոր է փորձագիտական, տեխնիկական, ֆինանսական աջակցությունը, որ ստանում ենք ԵՄ-ից, քանի որ բարեփոխումների համատեքստում մենք շարժվում ենք գործընթացների թվայնացման ճանապարհով»,-ասել է նա՝ ներկայացնելով 2022 թ-ի հունվարի մեկից գործարկված workpermit.am միասնական էլեկտրոնային հարթակը՝ օտարերկրացիներին աշխատանքային գործունեության հիմքով կացության կարգավիճակի տրամադրման համար, ինչպես նաև ռեադմիսիոն հայցերի կառավարման էլեկտրոնային համակարգի արդյունավետ շահագործումը 2019 թ-ից ի վեր։ Կոմիտեի համանախագահ, Եվրոպական հանձնաժողովի Ներքին գործերի տնօրինության անկանոն միգրացիայի և վերադարձի բաժնի ղեկավարի տեղակալ Մաուրո Գալիարդին իր հերթին բարձր է գնահատել ռեադմիսիայի ոլորտում համագործակցության շրջանակում Հայաստանի կատարողականը և կառուցողականությունը։ «Այժմ մենք աշխատում ենք ոչ ԵՄ անդամ երկրների հետ ռեադմիսիոն համագործակցության վերաբերյալ երրորդ գնահատման զեկույցի ուղղությամբ։ Նախորդ զեկույցներում, Հայաստանի ցուցանիշները բավականին տպավորիչ են եղել»,-նշել է նա։
17:30 - 14 հուլիսի, 2022
Ոստիկանությունը, ԱԻՆ-ը և Միգրացիոն ծառայությունը կմիավորվեն ՆԳՆ կազմում․ Սարգսյան

Ոստիկանությունը, ԱԻՆ-ը և Միգրացիոն ծառայությունը կմիավորվեն ՆԳՆ կազմում․ Սարգսյան

Ներքին գործերի նախարարության մեջ կներառվեն երեք ծառայություններ՝ Ոստիկանությունը, Փրկարար ծառայությունը և Միգրացիոն ծառայությունը։ Այս մասին Ներքին գործերի նախարարության ստեղծման վերաբերյալ խորհրդարանական լսումների ընթացքում ասաց արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։  «Բարեփոխումները ի սկզբանե միտված են եղել Ոստիկանութան կառուցածքային և գործառութային վերանայմանը։ Բայց հասել ենք այն փուլին, երբ այս բարեփոխումների շղթայում ներառվում են նաև Միգրացիոն ծառայությունը և Արտակարգ իրավիճակների նախարարությունը։ Վերջին մի քանի ամիսների քննարկումները տանում էին այն ուղղությամբ, որ իրապես պետք է ունենալ ներքին գործերի նախարարության շատ ավելի արդիական կառուցվածք, որը համահունչ կլինի միջազգային ստանդարտներին, և բացի միջազգային ստանդարտները, կկարողանա մեր Հանրապետության մակարդակով ճիշտ կառավարելի դարձնել աղետները, արտակարգ իրավիճակները, ճգնաժամային իրավիճակները»։ Նրա խոսքով՝ ներքին գործերի նախարարության տանիքի ներքո կլինեն 3 խոշոր ծառայություն՝ Ոստիկանությունը, Փրկարար ծառայությունը և միգրացիոն ծառայությունը։ Փոխնախարարը հավելեց՝ պետք է լինեն նաև կառուցվածքային փոփոխություններ, գործառութային շրջանակի վերանայումներ․ «Առանձնացվել են այն գործառույթները, որոնք ՆԳՆ-ի «տանիքի ներքո» պետք է կազմակերպվեն, և դրանց համար համապատասխան քաղաքականությունները պետք է մշակվեն: «Առաջինը՝ հասարակական կարգի պահպանություն, հանցագործությունների կանխում և բացահայտում: Երկրորդ կարևոր ֆունկցիան՝ աղետների ռիսկի կառավարումն է, երրորդը՝ պետական ռեզերվների կառավարումը: Հումանիտար հարցերը նույնպես կներառվեն ՆԳՆ-ի ֆունկցիոնալ բազայում: Վերջին կարևոր ֆունկցիան, որն, ըստ էության, կառուցվածքային լուրջ փոփոխություններ է ենթադրելու, միգրացիային և քաղաքացիությանը վերաբերող հարցերն են»։ Նա նաև նշեց, որ Ոստիկանության պետը և փրկարար ծառայության պետը, ըստ էության, համատեղելու են նախարարի տեղակալների պաշտոնները։
13:43 - 12 հուլիսի, 2022
Միգրացիոն ծառայության պետը ՄԱԿ-ում ներկայացրել է Հայաստանում ոլորտի բարեփոխումների ընթացքը

Միգրացիոն ծառայության պետը ՄԱԿ-ում ներկայացրել է Հայաստանում ոլորտի բարեփոխումների ընթացքը

Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը ելույթ է ունեցել Նյու Յորքում ընթացող առաջին Միգրացիայի դիտարկման միջազգային ֆորումին՝ կարևորելով ֆորումի ձևաչափը՝ որպես Անվտանգ, կանոնավոր և ապահով միգրացիայի և Փախստականների մասին գլոբալ դաշնագրերի ընդունումից ի վեր միգրացիոն միտումներն ավելի լավ արտացոլելու և գլոբալ ջանքերը միավորելու հնարավորություն: Ինչպես հայտնում են Միգրացիոն ծառայությունից, Արմեն Ղազարյանը նշել է, որ Միգրացիայի միջազգային կազմակերպության հետ սերտ համագործակցությամբ Հայաստանն առաջին անգամ 2020 թ-ին և երկրորդ անգամ՝ այս տարի, հաստատել է իր ազգային կամավոր զեկույցն՝ Անվտանգ, կանոնավոր և ապահով միգրացիայի գլոբալ դաշնագրի կատարման վերաբերյալ: «Հայաստանը շարունակական ջանքեր է գործադրում երկու դաշնագրերով սահմանված նպատակների իրականացման ուղղությամբ՝ բարելավելով միգրացիայի կառավարումն ու տեղահանված անձանց պաշտպանությունը»,- ընդգծել է Արմեն Ղազարյանը: Հայաստանի միգրացիոն ծառայության պետը ներկայացրել է, որ Ծառայության կողմից վերջին շրջանում իրականացված լայնածավալ ծրագրերից մեկն ուղղված է փախստականի ձգձգված իրավիճակում հայտնված անձանց բնակարանային ապահովման խնդրին՝ բնակարանի գնման վկայագրերի տրամադրման միջոցով: «Միևնույն ժամանակ, մենք բախվել ենք տեղահանության ևս մեկ ալիքի՝ Լեռնային Ղարաբաղի բնակչության նկատմամբ դրսևորված ագրեսիայի և ուժի կիրառման հետևանքով: Արցախից տեղահանվածներից նշանակալի թվով  անձինք ապահով վերադարձի հնարավորություն կարող է չունենան՝ նույնիսկ հիմա՝ հրադադարի հաստատումից հետո»,- նշել է Արմեն Ղազարյանը՝ հավելելով Կառավարության կողմից ձեռնարկված աջակցության միջոցառումների մասին և շեշտելով, որ այս առումով Հայաստանի ջանքերը միանգամայն համընկնում են երկու դաշնագրերին՝ ամրապնդելով փախստականների ինքնուրույնությունը ու ընդունող հասարակություններում սոցիալական համերաշխությունը: Նա հատուկ կարևորել է միջազգային հանրության ներգրավվածությունն ու աջակցությունն այս համատեքստում: Արմեն Ղազարյանն իր ելույթում անդրադարձել է նաև ՔՈՎԻԴ-19 համավարակի ազդեցությանը Հայաստանի վրա և ձեռնարկված միջոցառումներին, մասնավորապես միգրացիայի ոլորտում, ինչպես նաև այս համատեքստում արձանագրված վերադարձի միգրացիոն հոսքին: Այնուհետև նա ներկայացրեց միգրացիայի կառավարման ոլորտում գործընթացների թվայնացման միտումները Հայաստանում՝ անդրադառնալով օտարերկրացիներին աշխատանքի թույլտվության և այդ հիմքով կացության կարգավիճակի տրամադրման համար գործարկված միասնական էլեկտրոնային հարթակին: Ղազարյանը շեշտել է, որ այն համահունչ է դաշնագրով սահմանած նպատակներին՝ դյուրացնել անհրաժեշտ փաստաթղթերին հասանելիությունը, ապահովել կանոնավոր միգրացիայի ուղիները և կանխարգելել թրաֆիքինգը: «Մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը բազմակողմանի ջանքերի և մարդու իրավունքների վրա հիմնված լուծումների ուղղությամբ՝ միգրացիայի և շարժունության ոլորտում ի հայտ եկող մարտահրավերներին դիմակայելու առումով»,- եզրափակել է իր խոսքը Հայաստանի միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը: Ընդհանուր քննարկման ժամանակ անդրադարձ կատարվելով ադրբեջանական պատվիրակության ներկայացուցիչների արձագանքին՝ Միգրացիոն ծառայության պետը նկատել է, որ միգրացիային առնչվող ֆորումը այդ եզրույթի միտումների ու զարգացումների քննարկումների հարթակ է, այլ ոչ թե քարոզչության վերարտադրության վայր՝ ամբողջությամբ մերժելով նման դրսևորումները:
17:54 - 20 մայիսի, 2022
Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնը կշարունակի Հայաստանում աջակցել վերադարձի եւ վերաինտեգրման գործընթացներին

Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնը կշարունակի Հայաստանում աջակցել վերադարձի եւ վերաինտեգրման գործընթացներին

Միգրացիոն ծառայության (ՄԾ) պետի տեղակալ Իրինա Դավթյանը մայիսի 17-ին ընդունել է Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի (ՄՔՄՄԿ) միգրացիոն երկխոսությունների և համագործակցության գծով տնօրեն Մարտաին Փլյումին և ՄՔՄՄԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար Քարել Հոֆսթրային։ Այս մասին հայտնում են Միգրացիոն ծառայությանից։ Կողմերն ամփոփել են երկկողմ համագործակցության ընթացիկ փուլն ու քննարկել նոր ծրագրերը։ ՄԾ վերադարձի և վերաինտեգրման հարցերի բաժնի պետ Հայկանուշ Չոբանյանը ներկայացրել է վերադարձի ոլորտի առաջնահերթությունները, համագործակցությունը ինչպես միջազգային, այնպես էլ հասարակական հատվածի դերակատարների հետ։ Մ․ Փլյումն, ամփոփելով Վերադարձի և վերաինտեգրման եվրոպական ցանցի հայաստանյան ծրագիրը, հայտնել է, որ այն ավարտվում է ընթացիկ տարվա մայիսին, և ՄՔՄՄԿ-ն այս ուղղությամբ Հայաստանում կշարունակի գործունեություն ծավալել հուլիսի 1-ից նոր՝ Վերադարձի և վերաինտեգրման կառույցի ներքո։ «Վերադարձի և վերաինտեգրման եվրոպական ցանցի ծրագիրը Հայաստանում շատ ոգեշնչող էր, և մենք կշարունակենք աջակցել Հայաստանի կառավարությանն այս ուղղությամբ՝ պահպանելով կարողությունների զարգացման և վերադարձող միգրանտներին վերաինտեգրման աջակցության բաղադրիչները»,-նշել է նա՝ հավելելով, որ ծրագիրը կծառայի ոլորտի կարիքներին և եղած բացերին։
15:53 - 17 մայիսի, 2022
300-ից ավելի օտարերկրացի աշխատանքի հիմքով կացության կարգավիճակ է ստացել․ Ա․ Ղազարյան
 |hetq.am|

300-ից ավելի օտարերկրացի աշխատանքի հիմքով կացության կարգավիճակ է ստացել․ Ա․ Ղազարյան |hetq.am|

hetq.am: Հայաստանում վերջին 4 ամսում աշխատանք է գտել 300-ից ավելի օտարերկրացի` ստանալով աշխատանքի հիմքով կացության կարգավիճակ: Խորհրդարանում հայտարարեց Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը: Օտարերկրացիները կացության վիճակ են ստացել Workpermit.am կայքի հեշտացված տարբերակով: Արմեն Ղազարյանը հիշեցրեց, որ 2022-ի հունվարի 1-ից ուժի մեջ են մտել «Օտարերկրացիաների մասին» և հարակից օրենքներում փոփոխությունները: «Դրանով դյուրացվել է ՀՀ-ում աշխատանքի հիմքով կացության կարգավիճակի տրամադրման կարգը, թվայնացվել է ամբողջ գործընթացը: Եթե մինչև օրենսդրական փոփոխությունների իրականացումն այդ գործընթացն իրականացվում էր երկու տարբեր վարչական մարմինների կողմից, և ամբողջ գործընթացը կարող էր տևել 2 ամիս և ավելին, ներկայումս այն իրականացվում է թվայնացված էլեկտրոնային հարթակի միջոցով՝ Workpermit.am կայքի միջոցով, և ամբողջ գործընթացն առավելագույնը տևում է 30 օր»,- ասաց նա: Միգրացիոն ծառայության պետի խոսքով` ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիներն ազատված են աշխատանքի նման թույլտվություն և կացության կարգավիճակ ստանալու պարտավորությունից, վերջիններս կարող են տվյալ հարթակի միջոցով ստանալ օրինական բնակությունը հավաստող տեղեկանք: Տեղեկանքն, ըստ Արմեն Ղազարյանի, տրամադրվում է առավելագույնը 1 շաբաթվա ընթացքում: Հարցից հետաքրքրվող ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը գործատուների ուշադրությունը հրավիրեց՝ հավելելով, որ դյուրացված կարգով կարող են նաև օտարերկրացի մասնագետներ ներգրավել ընկերություններում: «Առաջին 4 ամիսների ընթացքում արդեն 300-ից ավել նմանատիպ կացության կարգավիճակ է տրամադրվել, դիմումները 500-ից ավելին են»,- հավելեց Արմեն Ղազարյանը:
16:15 - 03 մայիսի, 2022
Հայաստանի միգրացիոն ծառայություն փախստականի կարգավիճակ ստանալու համար դիմել է Ուկրաինայի 90 քաղաքացի |armenpress.am|

Հայաստանի միգրացիոն ծառայություն փախստականի կարգավիճակ ստանալու համար դիմել է Ուկրաինայի 90 քաղաքացի |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի միգրացիոն ծառայություն ապրիլի 8-ի դրությամբ դիմել է Ուկրաինայի 90 քաղաքացի փախստականի կարգավիճակ ստանալու խնդրանքով: Հարցմանն ի պատասխան Հայաստանի միգրացիոն ծառայությունը տեղեկացրեց, որ դիմողների կեսից մի փոքր ավելին ազգությամբ հայեր են: Օտարերկրացու դիմումը քննվում է Հայաստանի միգրացիոն ծառայության կողմից անցկացվող հարցազրույցի հիման վրա։ Փախստականի կարգավիճակ տալու պարագայում անձին տրվում է կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ: Այդ փաստաթղթով փախստականի կարգավիճակ ստացած անձն ունենում է գրեթե ՀՀ քաղաքացու իրավունքներին ու պարտականություններին համահավասարեցված իրավունքներ ու պարտականություններ: Միգրացիոն ծառայության ինտեգրման կենտրոնում, մեկ տարի, երբեմն ավելի երկար ժամկետով, փախստականի կարգավիճակ ստացածներն անվճար ապրելու հնարավորություն ունեն:  Հայաստանի միգրացիոն ծառայության տվյալներով, ապրիլի 8-ի դրությամբ, ԵԱՏՄ-ի 90 քաղաքացի workpermit.am հարթակով դիմել է Հայաստանում օրինական հիմունքներով աշխատանքային գործունեություն ծավալելու համար: Դիմողների շրջանում հիմնականում ազգությամբ ռուսներ են:
10:30 - 12 ապրիլի, 2022
Հայաստանի միգրացիոն ծառայությունը Ուկրաինայից որևէ քաղաքացուց ապաստան հայցելու դիմում չի ստացել |armenpress.am|

Հայաստանի միգրացիոն ծառայությունը Ուկրաինայից որևէ քաղաքացուց ապաստան հայցելու դիմում չի ստացել |armenpress.am|

armenpress.am: Ուկրաինայում ռազմական գործողություններով պայմանավորված Հայաստանի միգրացիոն ծառայությունը, մարտի 2-ի դրությամբ Ուկրաինայից որևէ քաղաքացուց ապաստան հայցելու դիմում չի ստացել: Այս մասին նշեց Միգրացիոն ծառայության պետի տեղակալ Իրինա Դավթյանը: «Այս պահի դրությամբ ծառայությունը թե ՌԴ, թե Ուկրաինայի քաղաքացիներից դիմում չունի: Ապաստանի հայցի հետ կապված զանգեր, նամակներ նույնպես չունենք: Մեր ծառայության իրավասությունների ոլորտում է գտնվում օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց ապաստանի հայցերի քննարկումը, ապաստանի տրամադրումը: Ըստ այդմ, եթե մենք կունենանք օտարերկրյա քաղաքացիներ, որոնք կդիմեն այդ հայցով ծառայությանը, ապա պատշաճ ձևով կքննարկենք և համապատասխան որոշում կկայացնենք»,-ասաց Իրինա Դավթյանը:
16:44 - 02 մարտի, 2022
Հայաստանում․ ի թիվս այլ երկրների քաղաքացիների, ապաստան են հայցել Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքացիներ |armenpress.am|

Հայաստանում․ ի թիվս այլ երկրների քաղաքացիների, ապաստան են հայցել Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքացիներ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում ապաստանի իրավունք ստանալու համար 2021 թվականին Հայաստանի Միգրացիոն պետական ծառայություն է դիմել 260 անձ: Հարցմանն ի պատասխան տվյալներ է տրամադրել Միգրացիոն պետական ծառայությունը: Հայաստանից 2021 թվականին ամենաշատը ապաստան են հայցել Իրանի քաղաքացիները՝ 118 անձ, կասեցվել կամ կարճվել են 35-ի դիմումները, մերժում է ստացել Իրանի 42 քաղաքացի: Փախստականի կարգավիճակ է հայցել Իրանի 40 քաղաքացի: Դադարեցվել է 3-ի փախստականի կարգավիճակը:   Իրանի քաղաքացիներից հետո 2021-ին ամենաշատ ապաստան հայցել են Իրաքի քաղաքացիները՝ 52 անձ, կասեցվել կամ կարճվել է 4-ի դիմումը, փախստականի կարգավիճակ է ստացել 9-ը: Նախորդ տարի ապաստան ստանալու համար հայց է ներկայացրել Սիրիայի 27 քաղաքացի: Սիրիայի 2 քաղաքացու դիմում կասեցվել կամ կարճվել է, 20-ը ստացել է փախստականի կարգավիճակ: Հայաստանից 2021 թվականին ապաստան է հայցել նաև Կուբայի 14 քաղաքացի, կասեցվել կամ կարճվել է 2-ի դիմումը, մերժում է ստացել Կուբայի 7 քաղաքացի, փաստականի կարգավիճակ՝ 1 անձ: Նախորդ տարի Հայաստանում ապաստանի դիմում է ներկայացրել նաև Ռուսաստանի 7 քաղաքացի, կասեցվել կամ կարճվել է 1-ի դիմումը, մերժում է ստացել 4-ը: Հայաստանից 2021-ին ապաստան է հայցել նաև Թուրքիայի 6 քաղաքացի, կասեցվել կամ կարճվել է 1 անձի դիմում, մերժում է ստացել 1-ը, փախստականի կարգավիճակ է ստացել 3 քաղաքացի: 2021-ին կասեցվել կամ կարճվել է ապաստանի հայցով դիմած Ադրբեջանի 1 քաղաքացու դիմում, ապաստան համար մերժում է ստացել Ադրբեջանի 2 քաղաքացի: Տարվա ընթացքում ապաստան են հայցել նաև Չինաստանի, Ուկրաինայի, Հորդանանի, Վրաստանի և այլ երկրների քաղաքացիներ: Այսպիսով 2021-ի արդյունքներով ընդհանուր առմամբ ապաստանի համար դիմած 260 քաղաքացուց կասեցվել կամ մերժվել է 69-ի դիմումը, մերժում է ստացել ապաստան հայցող 67 քաղաքացի, փախստականի կարգավիճակ է ստացել 78 անձ: Դադարեցվել է 10 անձի փախստականի կարգավիճակ: Ընդ որում 2021-ին Հայաստանում ապաստան են հայցել էականորեն ավելի շատ քաղաքացիներ, քան 2020-ին, 2019-ին:
10:08 - 16 փետրվարի, 2022
Ռեադմիսիոն համաձայնագրերով ՀՀ-ն 1354 անձանց մասին ստացել է 785 հայց |armenpress.am|

Ռեադմիսիոն համաձայնագրերով ՀՀ-ն 1354 անձանց մասին ստացել է 785 հայց |armenpress.am|

armenpress.am: Եվրամիության և Ռուսաստանի Դաշնության հետ կնքված ռեադմիսիոն համաձայնագրերի շրջանակներում Հայաստանի միգրացիոն ծառայությունը 2021թ-ին ստացել է 785  ռեադմիսիոն հայց՝ 1354 անձանց մասին: Հայաստանի միգրացիոն ծառայությունը տեղեկացնում է, որ ստացված հայցերի թվով առաջատար երկիրը Գերմանիան է՝ 503 հայց 916 անձանց մասին, որից հաստատվել է 674 անձի քաղաքացիությունը (83,42%), այնուհետև՝ Ֆրանսիան, որտեղից ստացվել է 134 հայց 174 անձանց մասին, որից հաստատվել է 167 անձի քաղաքացիությունը (96,53%): ՀՀ կառավարության որոշման մեջ տեղի են ունեցել փոփոխություններ, որի արդյունքում ընդլայնվել է Հայաստանի Հանրապետություն վերադարձող (այդ թվում՝ հարկադիր վերադարձող) քաղաքացիների վերաինտեգրմանն ուղղված առաջնային աջակցության պետական ծրագրի շահառուների շրջանակը։ Ծրագիրը բաղկացած է երկու բաղադրիչից՝ տեղեկատվական աջակցության տրամադրում և կարիքներին համապատասխան ուղղորդում, ինչպես նաև բնակվարձի փոխհատուցում հարկադիր, առանձին դեպքերում՝ նաև կամավոր վերադարձողներին: Ծրագրի շրջանակում՝ 2021 թվականի ընթացքում Միգրացիոն ծառայության վերադարձի և վերաինտեգրման բաժնի կողմից ընդունվել է 25 դիմում, որի արդյունքում 21 դիմում բավարարվել է, 4-ը՝ մերժվել։ Շահառուները Գերմանիայից, ՌԴ-ից, Շվեդիայից, Ֆրանսիայից,Ավստրիայից և Շվեյցարիայից են։ Ընդ որում, 4-ը կամավոր են վերադարձել, 17-ը՝ հարկադիր։ Ընդհանուր առմամբ, բնակվարձի փոխհատուցման ծրագրից օգտվել է 66 անձ՝ 21 շահառու:
15:41 - 11 հունվարի, 2022
Հայաստանը Արցախին տրամադրել է շուրջ 156 միլիարդ դրամի ֆինանսական աջակցություն |1lurer.am|

Հայաստանը Արցախին տրամադրել է շուրջ 156 միլիարդ դրամի ֆինանսական աջակցություն |1lurer.am|

1lurer.am: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը ԱԺ նիստի ընթացքում հայտնել է, որ հետպատերազմական շրջանում Արցախի կառավարությանն ու արցախահայության աջակցելու նպատակով ՀՀ կառավարությունն իրականացրել է 20-ից ավելի միջոցառում՝ մեղմելու սոցիալ-տնտեսական խնդիրները, որոնց համար տրամադրվել է շուրջ 156 միլիարդ դրամ: «Իրականացվող աջակցության միջոցառումների շրջանակում Արցախի տարածքում 2020 թվականի սեպտեմբերից կոմունալ ծախսերը ֆինանսավորելու համար 2020 և 2021 թվականների ընթացքում պետական բյուջեից նվիրաբերվել է 9.8 միլիարդ դրամ: Արցախի պետական հատվածի աշխատողների վարձատրությունը ֆինանսավորելու, կենսաթոշակառուների և նպաստառուների կենսաթոշակներն ու նպաստները վճարելու, կապիտալ շինարարության և առողջապահական ծախսերը ֆինանսավորելու նպատակով ՀՀ 2020 և 2021 թվականների պետական բյուջեից Արցախի կառավարությանը տրամադրվել է շուրջ 44.7 միլիարդ դրամ բյուջետային վարկ»,- ասաց նախարարը: Նախարարը տեղեկացրեց նաև, որ իրականացվում է նաև տեղահանված բնակչությանը բնակարանով ապահովելու ծրագիր: «Ըստ ՏԿԵՆ Միգրացիոն ծառայության տրամարդված տվյալների՝ Արցախից տեղահանվածների թիվը կազմել է ավելի 91 հազար մարդ, բայց հիմա պետք է նաև շեշտադրել, որ մեծամասնությունը՝ ավելի քան 80 տոկոս, վերադարձել է Արցախ, և ՀՀ-ում դեռ շարունակում է մնալ արցախահայություն, և նրանց վերաբերող խնդիրները շարունակում են մնալ ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում»,- նշեց Մկրտչյանը:
15:46 - 17 նոյեմբերի, 2021
Հոկտեմբերի դրությամբ ՀՀ-ում բնակվում է Արցախից տեղահանված 20433 անձ կամ 5294 ընտանիք․ նրանց մեծ մասն ապրում է վարձու բնակարաններում

Հոկտեմբերի դրությամբ ՀՀ-ում բնակվում է Արցախից տեղահանված 20433 անձ կամ 5294 ընտանիք․ նրանց մեծ մասն ապրում է վարձու բնակարաններում

Լուսանկարը՝ hetq.am-ի Հոկտեմբերի 25-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր (փաստացի) բնակվում է Արցախից տեղահանված 20433 մարդ կամ 5294 ընտանիք (հոկտեմբերի 1-ի հաշվառմամբ)։ Այս մասին Infocom-ին հայտնել է ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբի պետ Միքայել Վիրաբյանը։  2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետեւանքով (պատերազմի ընթացքում եւ դրանից հետո` հիմնականում մինչեւ 2021թ. հոկտեմբերի վերջը) Հայաստանի Հանրապետությունում տեղահանված արցախցիների թիվը հասնում էր 96 հազարի․ նրանցից 64 հազարն արդեն վերադարձել է Արցախ։ Ինֆոգրաֆիկայում պատկերված է, թե ՀՀ-ում բնակվող 20433 տեղահանված արցախցիները ԱՀ որ շրջաններից են։ Տվյալները՝ ՀՀ-ում ԱՀ կառավարության օպերատիվ շտաբից Ընդհանուր առմամբ, Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր բնակվող 20433 արցախցիների գերակշռող մասն այսօր ապրում է վարձու բնակարաններում։ Մեր ստացած տվյալների համաձայն՝ շուրջ 300 ընտանիք ապրում է հանրակացարանային տիպի ժամանակավոր կացարաններում։ Մեր հարցին ի պատասխան՝ Օպերատիվ շտաբի պետը հայտնել է, որ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցության շրջանակներում համապատասխան աշխատանքներ են կատարում՝ այդ 300 ընտանիքներին հետագայում վարձու բնակարաններ տեղափոխվելու համար:    Ինֆոգրաֆիկայում պատկերված է, թե ՀՀ որ մարզերում Արցախից տեղահանված քանի անձ է բնակվում։ Տվյալները՝ ՀՀ-ում ԱՀ կառավարության օպերատիվ շտաբից ՀՀ-ում գտնվող տեղահանված արցախցիների տեղաբաշխվածության շրջանակն ու աշխարհագրությունն առայժմ թույլ չեն տալիս հստակ պատասխան տրամադրել մեր այն հարցին, թե նրանցից քանիսն է մշտական բնակություն հաստատել Հայաստանի Հանրապետությունում։ Սակայն մոտավոր թիվ կա այն անձանց վերաբերյալ, որոնք լքել են Հայաստանի Հանրապետությունը՝ չվերադառնալով նաեւ Արցախ․ Օպերատիվ շտաբի ունեցած հաշվառմամբ՝ նրանց թիվը հասնում է 800-ի։ Թեեւ Շտաբից նշել են, որ այս պարագայում եւս օբյեկտիվորեն հնարավոր չէ ճշգրիտ տվյալներ ներկայացնել։ Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբը թե՛ ինքնուրույն աշխատանքով, թե՛ Հայաստանի Հանրապետության սոցիալական աշխատողների ասոցացիայի հետ համագործակցության շրջանակններում գնահատել է ՀՀ-ում ժամանակավորապես ապաստանած արցախցիների կարիքները: Դրանք, ինչպես մեր հարցին ի պատասխան նշել է Շտաբի պետը, բազմաբնույթ են։ Վերջինս, սակայն, առանձնացնում է հատկապես սոցիալական նվազագույն ապահովվածությունը (այն է՝ սնունդ, կոմունալ ծախսեր եւ վարձավճար), եւ ժամանակավոր աշխատանքի ապահովումը՝ մինչեւ այդ մարդիկ Արցախի Հանրապետության տարածքում ստանան բնակարաններ․ «Հետեւաբար, ակնկալում ենք ՀՀ եւ ԱՀ կառավարությունների համատեղ ակտիվ համագործակցությունը՝ սոցիալական տարբեր ծրագրերի ընդունմամբ մեղմել արցախցիների առօրյա հոգսերը»,- նշել է Վիրաբյանը: ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության Միգրացիոն ծառայությունից էլ ՀՀ-ում բնակվող տեղահանված արցախցիների վերաբերյալ մեր հարցմանն ի պատասխան հայտնել են, որ 2020-ի սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետեւանքով Արցախից տեղահանվել է 91 հազար 716 անձ (Օպերատիվ շտաբի տրամադրած տվյալը՝ 96 հազար տեղահանված, վերաբերում է 2020-ի սեպտեմբերի 27-ից 2021-ի հոկտեմբերն ընկած ժամանակահատվածը,- հեղ․)։ Արցախից տեղահանված եւ Հայաստան ժամանած անձինք «փախստականի» իրավական կարգավիճակ չունեն, քանի որ, ինչպես մեկնաբանում են Ծառայությունից, «Փախստականների կարգավիճակի վերաբերյալ» Ժնեւի կոնվենցիայի 1-ին հոդվածի (Ե) կետով սահմանվում է, որ այս Կոնվենցիայի դրույթները չեն կիրառվում այն անձի նկատմամբ, որն այն երկրի իրավասու մարմինների կողմից, որտեղ ինքն ունեցել է բնակության վայր, ճանաչվել է այդ երկրի քաղաքացիությունն ունենալու հետ կապված իրավունքներ ու պարտականություններ ունեցող․  «Նշված դրույթը պարզաբանող՝ ՄԱԿ-ի Փախստականների գծով գերագույն հանձնակատարի «Փախստականի կարգավիճակը սահմանող ընթացակարգերի եւ չափանիշների ձեռնարկ»-ի 144-145 -րդ պարբերությունների համաձայն՝ «144. Այս դրույթը վերաբերում է այն անձանց, որոնք կարող էին ընկնել փախստականի կարգավիճակ ստանալու սահմանման տակ եւ որոնք ընդունվել են տվյալ երկրի կողմից, որտեղ իրենց տրվել է այդ երկրի քաղաքացիներին վերապահված իրավունքների մեծ մասը, սակայն չի շնորհվել քաղաքացիություն: Երկիրը, որն ընդունել է նրանց, հաճախ այնպիսին է, որտեղ բնակչությունն ունի նույն ազգային (էթնիկ) ծագումը, ինչ փախստականներն իրենք»: Նշված կարգավորումները որեւէ կերպ չեն անդրադառնում տեղահանված անձանց սոցիալական խոցելի կարգավիճակի վրա, քանի որ տեղահանված անձիք սոցիալական իմաստով դիտարկվում են որպես «փախստական կարգավիճակի նման իրավիճակում հայտնվածներ» (people in refugee like situations)»,- մանրամասնել են Միգրացիոն ծառայությունից։  Այսինքն՝ Արցախից տեղահանվածները չունեն փախստականի իրավական կարգավիճակ, սակայն դիտարկվում են փախստական կարգավիճակի նման իրավիճակում հայտնվածներ։ Վերջերս էլ՝ հոկտեմբերի 27-ին, Ազգային ժողովում կառավարության անդամների ու ԱԺ պատգամավորների միջեւ հարց ու պատասխանի ժամանակ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հայտարարեց, որ արցախցիների սոցիալական ապահովության խնդիրը շարունակում է մնալ կառավարության ուշադրության կենտրոնում, եւ որ իրենք մշտապես կապի մեջ են ինչպես Հայաստանում տեղակայված մեր հայրենակիցների, այնպես էլ Արցախի գործընկերների հետ։ Ի դեպ՝ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը Հայաստանում ժամանակավոր կամ մշտական բնակություն հաստատած Արցախի Հարապետության քաղաքացիների հաշվառում չի իրականացնում։ Օպերատիվ շտաբից մեզ հայտնեցին, որ անհրաժեշտ տեղեկությունները իրենք են տրամադրում նախարարությանը։ ԱՍՀ նախարարությունից ստացած պատասխանի համաձայն՝ գերատեսչությունն իր լիազորությունների շրջանակում իրականացնում է արցախահայության աջակցության սոցիալական միջոցառումները, կոմունալ կացարաններում ժամանակավոր բնակեցված քաղաքացիների կարիքների գնահատման գործընթացը։  Ի հավելումն՝ նշենք, որ պատերազմից հետո ՀՀ կառավարությունն իրականացնում է արցախցիների աջակցության ծրագրեր։ Դրանցից շատերին դիմելու ժամկետներն արդեն ավարտվել են, սակայն արդեն արված եւ գործարկվելիք ծրագրերի մասին տեղեկությունները հասանելի են ՀՀ կառավարության կայքում եւ ՀՀ ԱՍՀ նախարարության կայքում։  Այս տարվա հոկտեմբերի 28-ից Սոցհարցերի նախարարությունը սկսել է դիմումներ ընդունել Արցախի Հանրապետության տեղահանված կամ Արցախի Հանրապետությունում բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին 4 ամիս ժամկետով ամսական դրամական օգնության աջակցության ծրագրի շրջանակում։ Դիմումը ներկայացնելու կարգը մանրամասն՝ այստեղ։ Հայարփի Բաղդասարյան
19:26 - 03 նոյեմբերի, 2021
Քննարկվում է Եվրոպական միգրացիոն ցանցին դիտորդի կարգավիճակով Հայաստանի անդամակցության հարցը

Քննարկվում է Եվրոպական միգրացիոն ցանցին դիտորդի կարգավիճակով Հայաստանի անդամակցության հարցը

Հայաստանի միգրացիոն ծառայության աշխատակազմը` Ծառայության պետ Արմեն Ղազարյանի գլխավորությամբ, այսօր ընդունեց Եվրոպական միգրացիոն ցանցի պատվիրակությանը` քննարկելու Հայաստանի Հանրապետության` դիտորդի կարգավիճակով Ցանցին միանալու հնարավորությունը․ տեղեկացնում են Հայաստանի միգրացիոն ծառայությունից։ Եվրոպական միգրացիոն ցանցի նպատակը, որ սահմանվել է կազմակերպության խորհրդի որոշմամբ 2008 թ-ին, միգրացիայի և ապաստանի ոլորտների ինստիտուտների և անդամ երկրների իշխանությունների տեղեկատվական կարիքները բավարարելն է և ապահովելը անաչառ, արժանահավատ, թարմ և համադրելի տեղեկատվություն` Եվրոպական միությունում քաղաքականություն մշակողներին աջակցելու նպատակով: Ցանցը կոչված է վստահելի տեղեկությունների աղբյուր հանդիսանալու նաև հանրության լայն շերտերի համար: ՄԾ պետ Արմեն Ղազարյանը, ողջունելով հանդիպման մասնակիցներին, պատրաստակամություն հայտնեց կիսվելու հայաստանյան միգրացիոն փորձառությամբ, գործընթացների վերաբերյալ տեղեկատվությամբ և համապատասխանաբար ստանալու նաև տեղեկություններ Ցանցի գործունեության, կառուցվածքի և փորձառության մասին: «Այս հանդիպումը կարևոր է և’ մեզ համար` հասկանալու Եվրոպական միգրացիայի ցանցին միանալու առավելությունները, դիտորդի կարգավիճակի առանձնահատկությունները, և’ ձեզ համար` ծանոթանալու հայաստանյան փորձին, պատկերացում կազմելու մեր միգրացիայի և ապաստանի համակարգի վերաբերյալ»,-ասաց նա: Եվրոպական միգրացիոն ցանցը անհրաժեշտության դեպքում արդյունավետ համագործակցային կապեր է ստեղծում ԵՄ անդամ երկրների և Եվրոպական հարևանության քաղաքականության անդամ այլ երկրների միջև: Եվրոպական միգրացիայի ցանցի ներկայացուցիչ Ադոլֆո Սոմմարիբասը իր հերթին պատրաստակամություն հայտնեց անմիջական և թափանցիկ համագործակցություն հիմնելու համար: «Մեր փորձառությունը ցույց է տալիս, որ որքան սերտ, անմիջական և արագ են գործընկերների միջև շփումները, այնքան արդյունավետ է ստացվում համագործակցությունը: Ուստի մենք պատրաստ ենք քննարկելու բոլոր հարցերն ու փոխանակվելու փորձով, որպեսզի կայուն աշխատանքային կապեր ստեղծենք»,-ասաց նա: Հանդիպումը կազմակերպվել է Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ: Գրասենյակի ղեկավար Քարել Հոֆթրան ևս կարևորեց դետալային քննարկումը՝ փորձի երկկողմ փոխանակման և անհրաժեշտ փաստերի արձանագրման համատեքստում: 2021 թ-ին Վրաստանն ու Մոլդովան Ցանցին միացել են որպես դիտորդներ:
14:44 - 25 հոկտեմբերի, 2021
Զանգվածային արտաքսումների դեպքեր չկան․ Միգրացիոն ծառայության պետը՝ ՌԴ-ում հայ ապօրինի միգրանտների վերաբերյալ

Զանգվածային արտաքսումների դեպքեր չկան․ Միգրացիոն ծառայության պետը՝ ՌԴ-ում հայ ապօրինի միգրանտների վերաբերյալ

ՌԴ-ում հոկտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել նոր կարգավորումները, ըստ որոնց՝ այն օտարերկրացիները, որոնք մինչ հոկտեմբերի 1-ը չեն օրինականացրել երկրում գտնվելը, ենթակա են արտաքսման։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը հայտնում է, որ ըստ ՌԴ Ներքին գործերի նախարարության՝ 2021թ․ մարտի տվյալների՝ ՌԴ տարածքում կա շուրջ 1,6 միլիոն մարդ, որոնք հայտնվել են անօրինական միգրանտի կարգավիճակում։ Նրանց թվում ՀՀ քաղաքացիների թիվը նշվում էր շուրջ 60 հազար։ «Երբ կորոնավիրուսի համավարակը սկսվեց, մարդիկ դարձան անօրինական միգրանտ՝ իրենց կամքից անկախ, որովհետեւ ճամփորդական հստակ սահմանափակումներ մտցրին բազմաթիվ երկրներ, եւ մարդիկ հնարավորություն չունեին դուրս գալ եւ ներս մտնել ու օրինականացնել իրենց կարգավիճակը։ Այս պարագայում բազմաթիվ երկրներ, այդ թվում նաեւ ՌԴ-ն, կազմակերպեցին միգրացիոն որոշակի կարգավորումներ, որոնք թույլ էին տալիս անձանց անօրինական կարգավիճակով գտնվել երկրի տարածքում մինչ համավարակի բարձր ցուցանիշների նվազումը»,- Հանրային ՀԸ-ին տված հարցազրույցի ժամանակ հայտնեց Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը։ Նրա խոսքով՝ ՌԴ-ում առաջին անգամ հայտարարվեց, որ որոշումը ուժի մեջ կմտնի 2021թ․ մարտին։ Այնուհետեւ որոշման ուժի մեջ մտնելը մի քանի երկարաձգվեց եւ տեղափոխվեց մինչեւ սեպտեմբերի 30, եւ հոկտեմբերի 1-ից արդեն ուժի մեջ մտավ։ Դրա էությունն այն է, որ մինչ այդ ժամկետը բոլոր անձինք՝ այդ 1,6 միլիոն մարդիկ, պետք է օրինականացնեին իրենց կարգավիճակը ՌԴ-ում կամ լքեին երկիրը։ «Օրինականացումը ենթադրում է կա՛մ ձեռք բերել կացության կարգավիճակ՝ ժամանակավոր կամ մշտական, կա՛մ լքել երկիրը։ Այս մասով մենք կարող էինք իրականացնել զուտ իրազեկման գործառույթներ, որոնք լայնորեն իրագործվել են»,- մանրամասնեց Ղազարյանը։ Հարցին, թե արդյո՞ք զանգվածային արտաքսումներ արդեն իսկ սկսվել են, թե ոչ, նա ասաց, որ այս երկու շաբաթվա ընթացքում զանգվածային արտաքսումների դեպքերի ականատես չեն լինում․ «Արտաքսումների առանձին դեպքեր եղել են նաեւ այս գործընթացից առաջ։ 14 օրվա արտաքսվածների թիվ չեմ կարող նշել, անշուշտ կան մարդիկ, բայց զանգվածային դեպքեր չկան, ստանդարտից դուրս որեւէ բան առ այս պահը տեղի չի ունեցել»։ Անդրադառնալով նաեւ օրինական դաշտ մտնելու ֆինանսական կամ այլ խնդիրներին՝ Միգրացիոն ծառայության պետն ընդգծեց, որ օրինական դաշտ գալը շատ մեծ գումարների հետ կապված չէ․ «Իսկ զանգվածային արտաքսումներ կազմակերպելը բավականին ծախսատար է՝ հաշվի առնելով, որ արտաքսման ծախսերը հոգում է արտաքսող երկիրը․ դա ընդունված է բոլոր միգրացիոն կարգավորումներով ամբողջ աշխարհում»։ Խոսելով ժամկետների մասին՝ Արմեն Ղազարյանն ասաց, որ դա կախված է վարչական իրավախախտման ծանրությունից․ «ՌԴ-ում հիմնականում մուտքի արգելքները մտցվում են 3-5 տարի ժամկետով՝ կախված, թե ինչ ծանրության վարչական իրավախախտում է կատարել քաղաքացին։ Եթե հանցագործությունների կամ ծանր հանցագործությունների մասին ենք խոսում, ՌԴ-ն ունի նաեւ իրավական կարգավորումներ, երբ կարող է ամբողջ կյանքի ընթացքում արգելել տվյալ անձի մուտքը իր երկիր»։ Ղազարյանի խոսքով՝ միգրացիոն կարգավորումների խստացումներ ներկայումս գնում են ամբողջ աշխարհում,դրա համար ծառայությունը խրախուսում է քաղաքացիների վերադարձը։ «Օրինակ՝ հարկադիր վերադարձի պարագայում մենք ընդունել ենք նաեւ պետական ծրագիր, որով եթե քաղաքացին հարկադիր վերադառնում է, եւ Հայաստանում չունի, օրինակ, բնակության վայր, կարող է դիմել Միգրացիոն ծառայություն եւ առժամանակ ստանալ բնակարանի վարձի սուբսիդիա, մինչ կարողանա իր հարցերը որոշակիորեն կարգավորել։ Միջազգային գործընկերների հետ լայնորեն ներգրավված ենք համագործակցության մեջ, որ վերադարձող քաղաքացիների աջակցման ծրագրեր մշակվեն եւ ներդրվեն»,- նշեց նա։ Արմեն Ղազարյանը հայտնեց, որ վերջին շրջանում բավական մեծ ծրագիր է ներդրվել Եվրամիության հետ համագործակցությամբ, որը կոչվում է «EU for Impact»․ այն իրագործվում է Միգրացիայի քաղաքականության զարգացման միջազգային կենտրոնի կողմից եւ ենթադրում է համաֆինանսավորմամբ բիզնեսի հիմնում՝ եվրոպական կողմի ֆինանսավորմամբ եւ միգրանտի՝ նույն չափով ֆինանսավորմամբ․ «Սա վերաբերում է վերադարձող միգրանտներին՝ կապ չունի որտեղից, ինչպես նաեւ աշխատանքային միգրանտներին, միգրանտների ընտանիքի անդամներին։ Եթե ընտանիքի անդամը ՀՀ-ում է եւ կարող է ապացուցել, որ իր ընտանիքի մյուս անդամը աշխատանքային միգրանտ է, կարող է դիմել ծրագրին, եւ դա հավելյալ խրախուսիչ գործոն է, որ միգրանտը վերադառնա հայրենիք»։
11:29 - 14 հոկտեմբերի, 2021
Մեկնարկել է Ադրբեջանից բռնագաղթած փախստականների բնակարաններով ապահովման երրորդ փուլը

Մեկնարկել է Ադրբեջանից բռնագաղթած փախստականների բնակարաններով ապահովման երրորդ փուլը

Ադրբեջանից 1988-1992-ին բռնագաղթած փախստական 24 ընտանիքների հուլիսի 29-ին տրամադրվել են բնակարանի գնման վկայականներ, ինչով ազդարարվել է բնակարաններով ապահովման ծրագրի երրորդ փուլի մեկնարկը: Այս փուլի հավակնորդ շահառուները Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ժամանակավոր կացարաններում բնակվող փախստականներն են: Ըստ աղբյուրի՝ առաջին և երկրորդ փուլերով վկայականներ են հանձնվել Երևանի մյուս տասը վարչական շրջանների շահառուներին: Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը հուլիսի 29-ին մոտ 337.5 մլն դրամի շրջանակում հանձնել է 17 մեկսենյականոց բնակարանի վկայական, 6 երկուսենյականոց և 1 երեքսենյականոց բնակարանի վկայական: Ծառայության պետը շնորհավորել է շահառուներին՝ ներկայացնելով գործընթացի փուլերը և հույս հայտնելով, որ հաջորդ տարի հնարավորություն կստեղծվի ծրագիրն իրականացնել նաև Հայաստանի մարզերում: «Հույս ունեմ, որ այսպիսով ձեր բեռը որոշակիորեն թեթևացնում ենք՝ երեսուն տարի անց լուծում տալով բնակապահովման խնդրին»,- ասել է նա: Միգրացիոն ծառայությունից հայտնում են, որ ծրագրի երրորդ փուլի հավակնորդ 161 շահառուներից 115-ը ծրագրին մասնակցելու համար դիմել է ծառայություն, և հավելում, որ ծրագրի երեք փուլերի արդյունքներով՝ բնակարանի գնման վկայականներ են հանձնվել 209 շահառուների: 133 ընտանիքներ (շահառուների ավելի քան 60 տոկոսը) արդեն իսկ գտել են բնակարաններ և դիմել գնման գործընթացը սկսելու համար: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է ավելի քան 5.8 մլրդ դրամ:  
19:15 - 29 հուլիսի, 2021