Մեսրոպ Առաքելյան

Մեսրոպ Առաքելյանը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարն է:

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1985 թ. ապրիլի 23, ք. Երևան

Կրթություն
1991–2000թթ. - ավարտել է Երևանի Լ. Շանթի անվան թիվ 4 միջնակարգ դպրոցը` գերազանցության ատեստատ, մեդալ, էքստեռն կարգով
2000–2006թթ. - ավարտել է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետը, մագիստրոսի կոչումով` ստանալով ֆինանսիստ-տնտեսագետի որակավորում
2006-2009թթ. - ավարտել է ԵՊՀ ասպիրանտուրան, տնտեսագիտության թեկնածու
2008թ. – ավարտել է «Բանկի ակտիվների և պասիվների կառավարում» դասընթացները` Ռուսաստանի Դաշնության ժողովրդական տնտեսության ակադեմիայում

Աշխատանքային գործունեություն
2004-2008թթ. – «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ Մյասնիկյան մասնաճյուղի կառավարիչի տեղակալ
2008-2010թթ. – «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ Սպանդարյան մասնաճյուղի կառավարիչ
2008-2013թթ. – «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ Փոքր բիզնեսի վարչության պետ
2013-2017թթ. – «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ Ռիսկերի կառավարման տնօրենի տեղակալ-վարկային ռիսկի կառավարման վարչության պետ
2017-2020թթ. – «Մոգո» ՈՒՎԿ Գլխավոր տնօրեն
2007թ. – մինչ այժմ – ԵՊՀ դասախոս
2018-2020թթ. - Վարչապետի խորհրդական` հասարակական հիմունքներով
2020թ. նոյեմբերի 20-ին նշանակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար

Կուսակցական պատկանելություն
«Առաքելություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի 2 դուստր:

Այն աջակցությունը, որ տրամադրվում է Հայաստանի և Արցախի կառավարությունների կողմից, լիարժեք բավարար է, որ լուծվեն այն սոցիալական խնդիրները, որոնք պատերազմի ընթացքում առաջացել են. Մեսրոպ Առաքելյան
 |tert.am|

Այն աջակցությունը, որ տրամադրվում է Հայաստանի և Արցախի կառավարությունների կողմից, լիարժեք բավարար է, որ լուծվեն այն սոցիալական խնդիրները, որոնք պատերազմի ընթացքում առաջացել են. Մեսրոպ Առաքելյան |tert.am|

tert.am: Կառավարության որոշման համապատասխան՝ Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի 39 նոր համայնք ներառվեցին սոցիալական աջակցություն ստացող համայնքների ցանկում, կստանան աջակցություն կոմունալների, գույքահարկի փոխհատուցման տեսքով: Որոշ համայնքների հետ կապված՝ կան դժգոհություններ։ Խնձորեսկը, Քարահունջը, նաև Վարդենիսի տարածաշրջանում մի քանի համայնքի վերաբերյալ քննարկումներ են ընթանում, առաջիկայում անհրաժեշտության դեպքում կներառվեն. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը: Հարցին, թե կասկածներ կար, որ Խնձորեսկը, Քարահունջը հանձնվելու են, դրա համար Կառավարությունը չի ցանկանում գումար ներդնել, Առաքելյանը նշեց՝ նման բան չկա, կան որոշակի չափանիշներ, մեթոդաբանության համաձայն՝ սահմանամերձ համայնքի հեռավորությունը հաշվարկվում է, օրինակ՝ բնակելի տներից, սակայն նշված համայնքների սահմանամերձ լինելու փաստը հողատարածքներից է հաշվարկվում, հետևաբար այդ տները ևս կներառվեն սահմանամերձ համայնքների ցանկում: Դիտարկմանը, թե Կառավարության նիստին Նիկոլ Փաշինյանն ասել է, առաջին և երկրորդ կարգի հաշմանդամության ունենալու պարագայում վիրավոր զինծառայողները ստանում են աջակցություն «1000 դրամների» հիմնադրամից, սակայն կա անհրաժեշտություն, որ վիրավորվելու պատճառական կապը հաստատվի, այսինքն, որ շահառուն վիրավորվել է ռազմական գործողությունների ընթացքում, և այդ պրոցեսի պարզեցման գործընթացը ներկայացվել  է: Այս պահին մոտ 400 քաղաքացու փորձաքննություն իրականացվել է, և նրանք ստացել են հաշմանդամության խումբ, բայց գործընթացի պարզեցման շնորհիվ հնարավորություն կստանան հիմնադրամից աջակցություն ստանալ ավելի արագ տեմպերով: Հարցին, թե Դուք ասել էիք, որ Արցախում ոչ մի սոցիալական խնդիր չկա, Առաքելյանը պատասխանեց. «Այն աջակցությունը, որ տրամադրվում է Հայաստանի և Արցախի կառավարությունների կողմից, լիարժեք բավարար են, որ լուծվեն այն սոցիալական խնդիրները, որոնք պատերազմի ընթացքում առաջացել են: Արցախցի միջին ընտանիքի մոտավորապես պետական աջակցությունը կազմում է 320 հազար դրամ, միևնույն ժամանակ Արցախում ամբողջովին փոխհատուցում են կոմունալ վճարները, առաջիկայում վարկերի փոխհատուցման որոշակի ծրագիր կիրականացվի, այն աջակցության չափը, որ տրամադրվում է, կարծում ենք, որ սոցիալական խնդիրները լուծված են»:      
13:58 - 18 փետրվարի, 2021
Վարչապետի «ճանապարհային քարտեզի» շրջանակում արցախահայության աջակցությանն ուղղվել է 61 մլրդ դրամ

 |armenpress.am|

Վարչապետի «ճանապարհային քարտեզի» շրջանակում արցախահայության աջակցությանն ուղղվել է 61 մլրդ դրամ |armenpress.am|

armenpress.am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից 2020 թվականի նոյեմբերի 18-ին հրապարակված «Ճանապարհային քարտեզ»-ի մի քանի կետերի շրջանակում արցախահայությանը սոցիալական աջակցություն ցուցաբերելու նպատակով ՀՀ կառավարությունն արդեն հաստատել է 61 մլրդ դրամի ծրագրեր: Այդ մասին կառավարության նիստում նշեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Փոխվարչապետը հարցին անդրադարձավ՝ Արցախի Հանրապետությունում հաշվառված կամ փաստացի բնակված քաղաքացիներին 4 ամիս ժամկետով ամսական դրամական օգնություն տրամադրելու կարգը հաստատելու մասին նախագծի քննարկման շրջանակում: Այն ներկայացրած Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը տեղեկացրեց, որ հաստատվել է 20 միջոցառում, որոնց մի մասն ամբողջությամբ կատարված է, մի մասն ընթացքի մեջ է: «Այդ բոլոր միջոցառումների համար փոխանցվել է 21,1 միլիարդ դրամ, առկա ծրագրերի շրջանակում մինչև 3 միլիարդ դրամի լրացուցիչ բյուջե ունենք», - ասաց նախարարը: Նրա խոսքով՝ այս պահին կառավարության կողմից հաստատված որոշումների շրջանակում արցախահայությանը տրամադրված աջակցության ընդհանուր բյուջեն հասնում է մոտ 55 միլիարդ դրամի: Այս համատեքստում փոխվարչապետ Գրիգորյանն էլ նկատեց, որ ևս 6 մլրդ դրամ սոցաջակցություն կառավարությունը հատկացրել է նախորդ տարվա դեկտեմբերին և ընդհանուր հատկացումները հասնում են 61 մլրդ դրամի:  
12:44 - 18 փետրվարի, 2021
Նախարարն ու ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչը քննարկել են հետպատերազմյան իրավիճակի համատեղ ծրագրերը

Նախարարն ու ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչը քննարկել են հետպատերազմյան իրավիճակի համատեղ ծրագրերը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինի հետ։ Հանդիպման ընթացքում կարևորվել են գործընկերային հարաբերությունների արդյունավետ շարունակականությունը, ինչպես նաև կարճաժամկետ և երկարաժամկետ համագործակցության հեռանկարները․ «Նախարարության և ՄԱԿ-ի համագործակցությունը տասնամյակների փորձ ունի։ Մենք բարձր ենք գնահատում այն աշխատանքը, որը կատարում եք Հայաստանում։ Համավարակով և պատերազմի հետևանքներով պայմանավորված՝ սոցիալական խնդիրները Հայաստանում այլ տեսք են ստացել, որոնք էականորեն փոխել են նաև մեր առաջնահերթությունները։ Ուստի, շնորհակալ եմ նաև այն արագ արձագանքման և ցուցաբերած աջակցության համար, որ այս ընթացքում ստացել ենք Ձեր կողմից»,- նշել է Մեսրոպ Առաքելյանը։ Զրուցակիցները քննարկել են նաև համատեղ իրականացված աշխատանքները՝ արցախցիների կացարանների ապահովման, հյուրընկալված քաղաքացիների կոմունալների վճարման, ժամանավոր աշխատատեղեր ստեղծելու, կանանց դերի բարձրացման, գենդերային հավասարության ապահովման և մի շարք այլ ծրագրերի շրջանակում։ «Ձեր նախարարությունը մեր հիմնական գործընկերներից մեկն է․ Ձեզ հետ ենք՝ թե՛ երկարաժամկետ, և թե՛ կարճաժամկետ ծրագրերի իրականացման ճանապարհին»,- նշել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչը։ «Դժբախտաբար, այս պահի դրությամբ ՄԱԿ-ը դեռևս չի կարող ուղղակիորեն աշխատել Արցախում, բայց ես լիահույս եմ, որ ՄԱԿ-ն առաջիկայում կկարողանա աշխատել նաև այնտեղ»,- նշել է Մարիյասինը։ Շնորհակալություն հայտնելով ցուցաբերած պատրաստակամության համար՝ նախարար Մեսրոպ Առաքելյանն ընդգծել է, որ հետպատերազմյան իրավիճակում համատեղ աշխատանքներ են տարվում վիրավորում ստացած զինծառայողներին աջակցելու, կարիքները գնահատելու և դրանց համարժեք լուծումներ գտնելու ուղղությամբ։ Կողմերը քննարկել են նաև հաշմանդամություն ունեցող քաղաքացիների համար զբաղվածության ապահովման, սոցիալական վերականգնողական միջոցառումների իրականացման անհրաժեշտությունն ու տարբերակները։
20:36 - 15 փետրվարի, 2021
Առաքելյանը հուսով է, որ ԱՄՆ-ն ևս կաջակցի Հայաստանում ապրող արցախցիներին

Առաքելյանը հուսով է, որ ԱՄՆ-ն ևս կաջակցի Հայաստանում ապրող արցախցիներին

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ։ Հանդիպման ընթացքում կարևորվել է գործընկերային հարաբերությունների և համատեղ իրականացվող ծրագրերի արդյունավետ շարունակականությունը։ Զրույցի ընթացքում Մեսրոպ Առաքելյանն անդրադարձել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման և արցախահայության աջակցության ծրագրերին՝ նշելով, որ դրանց հասցեականության ապահովումն ու քաղաքացիների կյանքի որակի բարձրացումը նախարարության առաջնահերթություններից են։  «Պատերազմի օրերին Արցախի գրեթե ամբողջ բնակչությունը տեղափոխվել է Հայաստան։ Մեր և Արցախի կառավարությունների գործուն ջանքերի շնորհիվ՝ երկու ամսվա ընթացքում Արցախում կեցության վայր ունեցող շուրջ 100.000 քաղաքացի վերադարձել է Արցախ։ Քաղաքացիների կյանքի որակը բարձրացնելու նպատակով շարունակում ենք վերջիններիս սոցիալական աջակցության տրամադրման գործընթացը»,- նշել է նախարարը՝ հույս հայտնելով, որ Միացյալ Նահանգները ևս մասնակցություն կունենա Հայաստանում ապրող արցախցիներին աջակցելու գործում։ «Ձեր ղեկավարած նախարարությունը Միացյալ Նահանգների համար կարևոր գործընկեր է։ Երկու կառույցների միջև լավ հարաբերություններն էական դեր ունեն  համատեղ իրականացվող ծրագրերի հարցում, որոնք մեր երկրների կառավարությունների ընդհանուր օրակարգերի մասն  են կազմում»,- նշել է դեսպանը։ Նա կարևորել է նաև թրաֆիքինգի զոհերի և աշխատանքային շահագործման դեպքերի բացահայտման ուղղությամբ ներդրված համատեղ ջանքերը՝ նշելով, որ այս հարցում Հայաստանն էականորեն բարելավել է իր դիրքերը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից սոցիալական աշխատողի ինստիտուտի զարգացման, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող և նախատեսվող ծրագրերը։
19:04 - 11 փետրվարի, 2021
ՀՀ կառավարությունը կշարունակի արցախցիներին ֆինանսական օժանդակությունը. այդ ծավալն արդեն հասել է 15 մլրդ դրամի |armenpress.am|

ՀՀ կառավարությունը կշարունակի արցախցիներին ֆինանսական օժանդակությունը. այդ ծավալն արդեն հասել է 15 մլրդ դրամի |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունն առաջիկա օրերին գրավոր ընթացակարգով կընդունի Արցախի քաղաքացիներին ֆինանսական աջակցություն տրամադրելու վերաբերյալ նոր որոշում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը նշեց, որ նախագծի ընդունման պարագայում մարտից Արցախի քաղաքացիներին ևս 4 ամսով կտրամադրվի 68 հազար դրամ աջակցություն՝ յուրաքանչյուր անձի գծով: Ծրագրի համար բացառություն են արական սեռի 18-63 տարեկան հաշմանդամություն չունեցող անձինք, որոնք օգտվում են աշխատանքի խրախուսման այլ միջոցառումներից: «Պատերազմից հետո արդեն ավելի քան 15 մլրդ դրամի աջակցություն է տրամադրվել Արցախի 100 հազարից ավելի քաղաքացու»,- ասաց Առաքելյանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց, որ այս ծրագրերը 2020 թվականի նոյեմբերի 18-ին իր կողմից հրապարակված ճանապարհային քարտեզի շրջանակում են, և կառավարությունը հետևողականորեն գնում է այն իրականացնելու ուղղությամբ:  
14:02 - 11 փետրվարի, 2021
Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի մոտ 40 համայնք ևս կներառվի սահմանամերձ համայնքների ցանկում, բնակիչները կստանան արտոնություն |1lurer.am|

Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի մոտ 40 համայնք ևս կներառվի սահմանամերձ համայնքների ցանկում, բնակիչները կստանան արտոնություն |1lurer.am|

1lurer.am: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը, անդրադառնալով Սյունիքի մարզի՝ սահմանամերձ դարձած բնակավայրերի բնակիչներին ցուցաբերվելիք աջակցությանը, տեղեկացրեց՝ «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքով այս պահին մոտ 40 համայնք ունի սահմանամերձ կարգավիճակ, և Կառավարության վաղվա նիստում կներկայացվի այդ համայնքների ցանկում փոփոխությունների նախագիծ: Ըստ Առաքելյանի, Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի թվով մոտ ևս 40 համայնք կներառվի այդ ցանկում: Առաքելյանը նշեց՝ այդ համայնքների բնակիչները ևս կօգտվեն սահմանված արտոնություններից: «2021 թվականի հունվարի 1-ից սկսած գույքահարկի վճարումից կազատվեն և փետրվարից սկսած որոշակի մասնակի փոխհատուցում կտրամադրվի կոմունալ վճարների, գազի, էլեկտրաէներգիայի և ոռոգման ջրի մասով, ինչպես նաև նախորդ տարի ԱԺ-ի կողմից ընդունված օրենքի փոփոխությունների համաձայն՝ կփոխհատուցվի դպրոցական դասագրքերի վճարը»,- ասաց Առաքելյանը: Նախարարի խոսքով՝ Սյունիքի մարզի սոցիալ-տնտեսական խնդիրների կարգավորման մասով ստեղծված է աշխատանքային խումբ, որն ուսումնասիրում է նաև քաղաքացիների զբաղվածության և սոցիալական այլ հարցեր: Նախարարն ասաց, որ այդ մասով առաջիկայում նախատեսված միջոցառումները ևս կներկայացվեն:
18:45 - 10 փետրվարի, 2021
Մեսրոպ Առաքելյանը ՌԴ դեսպանին է ներկայացրել կառավարության իրականացրած արցախահայության աջակցության ծրագրերը

Մեսրոպ Առաքելյանը ՌԴ դեսպանին է ներկայացրել կառավարության իրականացրած արցախահայության աջակցության ծրագրերը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանն այսօր ընդունել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինին։ «Հանդիպման ընթացքում քննարկել ենք Հայաստանի սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումները, հետպատերազմական շրջանում Արցախում տիրող իրավիճակը, առկա մարտահրավերներն ու դրանց լուծման տարբերակները։ Կարևորել ենք ԵԱՏՄ շրջանակներում սոցիալական ոլորտում երկու երկրների համագործակցությունը, քննարկվել են առկա և նախանշվող ծրագրերը։   Ներկայացրել եմ ՀՀ կառավարության կողմից իրականացվող արցախահայության աջակցության ծրագրերը, դրանց ընթացքը, Արցախում առկա սոցիալական վիճակը։ Երկուստեք ընդգծել ենք Արցախում սոցիալական իրավիճակի բարելավմանն ուղղված ջանքերի կարևորությունը՝ հույս հայտնելով, որ սերտ համագործակցության արդյունքում հնարավոր կլինի բարձրացնել արցախցիների կյանքի որակը»,- տեղեկացրել է Մեսրոպ Առաքելյանը։  
19:49 - 05 փետրվարի, 2021
Հաշմանդամության 3 գործող խմբերի փոխարեն կսահմանվի անձի ֆունկցիոնալության սահմանափակման 4 աստիճան. նախարար |tert.am|

Հաշմանդամության 3 գործող խմբերի փոխարեն կսահմանվի անձի ֆունկցիոնալության սահմանափակման 4 աստիճան. նախարար |tert.am|

tert.am: Կառավարությունն այսօրվա նիստում ընդունեց «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին», և կից օրենքների փաթեթը հիմնական զեկույցով հանդես եկավ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը: Նախարարը նշեց, որ Նախագծով նախատեսվում է հաշմանդամության երեք գործող խմբերի փոխարեն սահամանել անձի ֆունկցիոնալության սահմանափակման աստիճան՝ թեթև, միջին, ծանր և խորը: Նրա խոսքով՝ գնահատումը հիմնված է միջազգային գաղափարախոսության և մոտեցումների հիման վրա: «Այս նոր մոտեցումը մենք իրականացնում ենք վերջերս ընդունված Արցախյան վերջին պատերազմին ծանր վիրավորում և պրոթեզավորման կարիք ունեցող անձանց մասով, երեկվանից արդեն մեր աշխատանքային խմբերն այցելում են այդ անձանց բնակության վայրեր և հենց այս միջազգային չափանիշների հիման վրա ընդունված մոտեցումով իրականացվում են անձի բազմաֆունկցիոնալ կարիքների գնահատում, մասնավորապես, բնակության, միջավայրի, աշխատանքի և հնարավոր այլ նախասիրությունների մասով»,- նշեց Առաքելյանը: Նրա խոսքով՝ այս ամսվա ընթացքում այդ անձանց մասով կիրականացվեն կարիքների ամբողջական գնահատում և միջազգային չափանիշներին համապատասխան պրոթեզավորումը հիմնված կլինի այդ ամբողջական կարիքների գնահատման հիման վրա: Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին նշեց, որ այստեղ ուշադրության է արժանի այն հայեցակարգային նորամուծությունը, որը պետք է արվի այս օրենսդրական փաթեթով: «Իսկ հայեցակարգային փոփոխությունը հետևյալն է՝ այսպիսի ռեֆորմով մենք խնդիր պետք է լուծենք: Առաջինը՝ օգնենք հաշմանդամություն ունեցող անձանց, որ նրանք վերագնահատեն իրենց հնարավորությունները, հանրության կյանքին մասնակցեն բոլորի հետ հավասար պայմաններով, մյուս կողմից՝ օգնենք, որ հանրությունը վերագնահատի հաշմանդամություն ունեցող անձանց պոտենցիալը, նրանք ներգրավվեն երկրի զարգացման գործում»,- ասաց նա:
13:03 - 04 փետրվարի, 2021
Միասնական ծառայության ստեղծմամբ կդյուրացվի սոցիալական ծառայությունների մատուցումը. ԱԺ-ն ընդունեց նախագիծը
 |1lurer.am|

Միասնական ծառայության ստեղծմամբ կդյուրացվի սոցիալական ծառայությունների մատուցումը. ԱԺ-ն ընդունեց նախագիծը |1lurer.am|

1lurer.am: Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Կառավարության ներկայացրած «Սոցիալական աջակցության մասին» օրենքում ու կից օրենքներում փոփոխություններ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը: Կողմ էր 98, դեմ՝ 8, ձեռնպահ՝ 1 պատգամավոր:  Հիշեցնենք, որ նախագծերի փաթեթով առաջարկվում է գործող Սոցիալական ապահովության ծառայության հիմքի վրա ստեղծել միասնական սոցիալական ծառայություն, դյուրացնել սոցիալական ծառայությունների մատուցումը:  Նախագծի քննարկմանը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը հայտնեց, որ գործող կարգավորումներով 2021 թվականի ապրիլի 1-ից պետք է ներդրվեր ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգ: Մասնավորապես՝ Ինտեգրված սոցիալական ծառայությունների պետական գրասենյակ՝ սոցպաշտպանության ոլորտի չորս մարմիններից երեքի հիման վրա: Սակայն վերջինիս կազմում նախատեսված չէ ներառել Սոցիալական ապահովության ծառայությունը, որը նախատեսված էր անել հաջորդ փուլում: Գործող առաջարկով՝ առաջարկվում է բոլոր չորս կառույցները միավորել և ստեղծել միասնական սոցիալական ծառայություն՝ գործող Սոցիալական ապահովության ծառայության հիմքի վրա, որը հնարավորություն կտա գործընթացն իրականացնել ավելի սահուն ու արդյունավետ: Նախագծի երկրորդ ընթերցման ժամանակ Մեսրոպ Առաքելյանը նշեց, որ բովանդակային առումով առաջինից երկրորդ ընթերցման ժամանակահատվածում նախագիծը փոփոխության չի ենթարկվել:  
19:05 - 03 փետրվարի, 2021
Առաջարկվում է միավորել սոցիալական ոլորտի 4 կառույց |hetq.am|

Առաջարկվում է միավորել սոցիալական ոլորտի 4 կառույց |hetq.am|

hetq.am: Խորհրդարանն արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկեց Կառավարության ներկայացրած «Սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը, որով առաջարկվում է ներդնել մեկ միասնական ինտեգրված սոցիալական ծառայություն: Նախագիծը ներկայացրեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը, որի խոսքով՝ նպատակը սոցիալական պաշտպանության բնագավառում կառավարութան որդեգրած քաղաքականության իրականացման արդյունավետ մեխանիզմների ներդրումն է:  Փոփոխությունների համաձայն՝ 4 կառույց՝ սոցիալական ապահովության ծառայությունը, ընտանեկան նպաստների համակարգը, հաշմանդամության ու զբաղվածության ոլորտները կմիավորվեն: Նախարարը հիշեցրեց, որ կառավարությունը սոցիալական պաշտպանության բնագավառում որդեգրել է ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրման քաղաքականությունը, որը պետք է հիմնված լինի սոցիալական կարիքի գնահատման միասնական համակարգի վրա: Նախարարի համոզմամբ` ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրումը կբարձրացնի սոցիալական պաշտպանության համակարգի կառավարման արդյունավետությունը, ինչպես նաև սոցիալական ծառայությունների որակը: «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը հետաքրքրվեց, թե արդյոք փոփոխություններից հետո հաստիքների կրճատում լինելու՞ է: Նախարարն արձագանքեց, որ նախարարությանը ենթակա սոցիալական բոլոր կառույցներում առկա է 1824 հաստիք, և այդ բոլոր հաստիքները պահպանվելու են, որևէ հաստիքի կրճատում չի լինելու: «Բայց քանի որ բովանդակային փոփոխություն է լինելու` ինտեգրված ծառայությունների մատուցում, բնական է, որ հաստիքների և գործառույթների փոփոխություն է լինելու, և աշխատակիցները մրցութային կարգով ընտրվելու են՝ համաձայն նոր գործառույթների»,-ասաց Մեսրոպ Առաքելյանը: Սրբուհի Գրիգորյանը նշեց, որ երբեմն քաղաքացիները սոցիալական ապահովության ծառայությունը շփոթում են սոցիալական ծառայության հետ և մի փաստաթղթի համար ստիպված են լինում տարբեր գրասենյակներ գնալ, ուստի այդ տեսանկյունից փոփոխությունները ողջունելի են: Պատգամավորը, սակայն, կարծիք հայտնեց, որ դժվար իրավիճակում հայտնված ընտանիքներին աջակցություն տրամադրվի ոչ միայն  կարիքների գնահատմամբ, այլ սոցաշխատողները մշտական աշխատանք տանեն նման ընտանիքների հետ` փորձելով ժամանակի ընթացքում փոխել կարիքները:
13:30 - 03 փետրվարի, 2021
Փետրվարի 3-ից սկսվում է պրոթեզավորման անհրաժեշտություն ունեցող անձանց կարիքների գնահատման գործընթացը. նախարար

Փետրվարի 3-ից սկսվում է պրոթեզավորման անհրաժեշտություն ունեցող անձանց կարիքների գնահատման գործընթացը. նախարար

Պետության պարտավորությունն է ապահովել մարդկանց կենսագործունեության անխափան իրացումը։ Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը:    «Պատերազմի ընթացքում ծանր վիրավորում ստացած անձինք լինելու են պետության բացառիկ հոգածության ներքո՝ որպես մեր հայրենիքի առջև իրենց պարտքը անձնուրաց կատարած նվիրյալներ։   Պրոթեզավորման կարիք ունեցողներին միջազգային չափանիշների պրոթեզավորմամբ ապահովելը իրականացվելիք առաջին քայլերից է։ Սա նվազագույնն է, որ մենք պարտավոր ենք անել հայրենիքի պաշտպանության համար անմնացորդ անձնազոհություն ցուցաբերած անձանց համար։   Այսպիսով, վաղվանից՝ փետրվարի 3-ից, Արցախի մեր գործընկերների հետ համատեղ, սկսում ենք իրականացնել պրոթեզավորման անհրաժեշտություն ունեցող անձանց կարիքների բազմակողմանի գնահատման գործընթացը։   Այն նպատակ ունի հատուկ ստեղծված գնահատման գործիքակազմի միջոցով ոչ միայն ստանալ ամբողջական և համապարփակ տեղեկատվություն անձին անհրաժեշտ պրոթեզի տեսակի, դրա ֆունկցիոնալության մասին, այլև տրամադրել եզրակացություն՝ մասնագիտական վերականգնման, բնակարանի, աշխատավայրի ու հարակից միջավայրի հարմարեցման և նրա անկախ կյանքի հմտությունների զարգացման համար անհրաժեշտ ծառայությունների վերաբերյալ։   Մեր կողմից ստեղծված բազմամասնագիտական խմբերը կապ կհաստատեն պրոթեզավորման կարիք ունեցող անձանց հետ, կքննարկվեն նրանց գտնվելու վայր այցելության օրերը և ժամերը, կկազմակերպվի կարիքների գնահատման ամբողջական գործընթացը։   Որևէ դիմում լրացնելու կարիք չկա։ Մեր մասնագետները ունեն անհրաժեշտ բոլոր կոնտակտային տվյալները և անձամբ կապ կհաստատեն շահառուների հետ։   Երախտապա՛րտ ենք ձեզ ծառայության համար․․․»,- գրել է նախարարը: 
20:02 - 02 փետրվարի, 2021
ԱՀ և ՀՀ սոցապ նախարարներն այցելել են «ՍՕՍ մանկական գյուղեր» բարեգործական հիմնադրամ

ԱՀ և ՀՀ սոցապ նախարարներն այցելել են «ՍՕՍ մանկական գյուղեր» բարեգործական հիմնադրամ

Այսօր՝ հունվարի 29-ին, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը և Արցախի աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանն այցելել են «ՍՕՍ մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի «Կոտայք» մասնաճյուղ, որտեղ այս պահին ապրում է հայաստանցի և արցախցի շուրջ 60 երեխա։  ՍՕՍ մանկական գյուղեր «Կոտայք» մասնաճյուղի փոքրիկ բնակիչների ցանկություններն ու երազանքները բացահայտելու համար նախարարների նախաձեռնությամբ հանձնարարվել էր գրել շարադրություն՝ «Ես ապրելու եմ Հայաստանում կամ Արցախում և դառնալու եմ..․» թեմայով:«Մեզ համար՝ որպես ոլորտի պատասխանատուների, շատ կարևոր էր հասկանալ, թե ինչի մասին են երազում մեր հոգածության ներքո ապրող երեխաները։ Այն նպատակներն ու նվիրումը, որ ներկայացրել եք Ձեր շարադրություններում, մեր երկիրն ավելի հզոր և ուժեղ են դարձնելու։ Մենք էլ անելու ենք առավելագույնը ձեր երազանքների իրականացման համար՝ այդ թվում նաև ձեր շնորհիվ, քանի որ առանց երազանքի ուժի հնարավոր չէ առաջ շարժվել։ Այն ժպիտներն ու ոգևորությունը, որ տեսնում ենք հիմա, վստահություն է տալիս, որ ճիշտ ճանապարհին ենք»,- բացման խոսքում նշել է Մեսրոպ Առաքելյանը։Մանե Թանդիլյանի խոսքով՝ այս տարբերակը հնարավորություն է տվել ավելի լավ ճանաչել երեխաներին, և հասկանալ, թե ինչպիսի երկիր պետք է կերտել, որ երեխաների մասնագիտական ցանկություններն իրականություն դառնան Հայաստանում կամ Արցախում․  «Այս նախաձեռնության շրջանակում մենք հրաշալի շարադրություններ ենք ընթերցել ու բացահայտել ձեզ, ձեր հայրենասիրությունն ու նվիրվածությունը։ Պատկերացում ենք կազմել, թե ինչի մասին եք մտածում, ինչ եք երազում և այս կամ այն մասնագիտության միջոցով ինչպես եք պատրաստվում ծառայել մեր միասնական հայրենիքին»,- ընդգծել է Մանե Թանդիլյանը։Նախարարները երեխաներին գրքեր են նվիրել՝ յուրաքանչյուրի ընտրած մասնագիտության համապատասխան․ մրցանակներ են ստացել նաև լավագույն շարադրությունների հեղինակները։ Միջոցառման շարունակությունը լինելու է «Մեկ օր՝ երազանքիս հետ» նախաձեռնությունը, որի շրջանակում երեխաներն՝ ըստ մասնագիտության, կայցելեն իրենց նախընտրելի հաստատությունները։   
22:44 - 29 հունվարի, 2021
Պատերազմի ժամանակ վիրավորում ստացածներին 500 հազար դրամ միանվագ աջակցություն կտրվի․ նախարար |armtimes.com|

Պատերազմի ժամանակ վիրավորում ստացածներին 500 հազար դրամ միանվագ աջակցություն կտրվի․ նախարար |armtimes.com|

armtimes.com: ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետեւանքով վիրավորում ստացած զինծառայողների սոցիալական աջակցության միջոցառումը։ Հարցը զեկուցող աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանն ասաց, որ նախագծով առաջարկվում է պատերազմի հետեւանքով վիրավորում ստացած անձանց միանվագ սոցիալական աջակցություն հատկացնել 500 հազար դրամի չափով։ Խոսքը չի վերաբերում առաջին եւ երկրորդ խմբի հաշմանդամություն ձեռք բերած անձանց, որոնք արդեն օրենքով սահմանված կարգով ֆինանսական աջակցություն են ստանում։ «Սա վերաբերում է ոչ միայն ժամկետային զինծառայողներին, այլեւ աշխարհազորին, կամավորներին։ Բոլոր անձինք, ովքեր ստացել են վիրավորում եւ որոշ ժամանակով անցել են բուժական գործընթաց ե՛ւ զինվորական, ե՛ւ նաեւ քաղաքացիական բուժական հաստատություններում»,- ներկայացրեց Առաքելյանը։ Նախարարի խոսքով՝ թեեւ որոշ անձանց մոտ վիրավորումները բավականին թեթեւ են եղել, սակայն այդ անձինք որոշակի ժամանակ են կորցրել, աշխատունակության որոշակի խնդիր են ունեցել, եւ սրանով փորձ է արվում այդ սոցիալական խնդիրները կարգավորել. «Համաձայն մեզ փոխանցած տեղեկությունների՝ միջոցառման շահառու կհանդիսանա մոտ 6000 քաղաքացի, բացառությամբ 1-ին եւ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց, որոնց թիվը, մեր առկա տեղեկատվության հիման վրա կատարված ուսումնասիրությունների, չի գերազանցում 1000-ը»։ Առաքելյանը նշեց, որ այս պահին արդեն 200-ից ավելի քաղաքացի անցել է բժշկասոցիալական փորձաքննություն եւ ստացել հաշմանդամության խումբ։ Գործընթացն ամեն օր շարունակվում է։ Արձագանքելով վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե գործնականում շահառուները ե՞րբ կկարողանան ստանալ այդ գումարները, ի պատասխան՝ Առաքելյանն ասաց, որ առավելագույնը 10 օրվա ընթացքում. «Գործընթացը փորձում ենք բավականին պարզեցնել՝ էլեկտրոնային տարբերակով՝ մեր մնացած միջոցառումների պես։ Բացառապես իրենց անհրաժեշտ է լինելու իրենց անձնական տվյալները եւ բանկային հաշվեհամարը նշել, մենք էլեկտրոնային եղանակով հենց այդ պահին նույնականացնելու ենք իրենց առկա բազայի հետ ու հաստատելու շահառու հանդիսանալը»։ Վարչապետը նշեց, որ հակաճգնաժամային միջոցառումների տրամաբանությամբ մարդը որեւէ տեղ դիմելու եւ գնալու անհրաժեշտություն չի ունենա։ Նախարարն էլ իր հերթին նշեց, որ անհրաժեշտություն չկա նաեւ փաստաթղթեր տրամադրելու, քանի որ բուժհաստատություններից ստացված տեղեկության հիման վրա իրենց մոտ կան բոլոր տվյալները։  
12:39 - 27 հունվարի, 2021
Մեսրոպ Առաքելյանը հանդիպել է Մանե Թանդիլյանի, Հայաստանից և Արցախից մի շարք պաշտոնատար անձանց հետ

Մեսրոպ Առաքելյանը հանդիպել է Մանե Թանդիլյանի, Հայաստանից և Արցախից մի շարք պաշտոնատար անձանց հետ

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը Ֆեյսբուքում գրել է. Արցախ կատարած այցի շրջանակում աշխատանքային քննարկում եմ ունեցել ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանի, Հայաստանից և Արցախից մի շարք պաշտոնատար անձանց հետ։   Կարևորելով Հայաստանի և Արցախի գերատեսչությունների միջև սերտ համագործակցության շարունակականությունը՝ քննարկել ենք Հայաստանի և Սփյուռքի ներգրավմամբ արցախցիների սոցիալական խնդիրների լուծման տարբերակները։   Բնակարանային ապահովումը, ներդրումների միջոցով Արցախում աշխատատեղերի ստեղծումը դիտարկել ենք որպես առաջնահերթություն։   Որոշել ենք առաջնորդվել միասնական օպերատիվ աշխատանքային օրակարգով, որը հնարավորություն կտա Արցախում առկա խնդիրներին տալ առավել օպերատիվ լուծումներ, ստեղծել արցախցիների հետագա կենսագործունեության համար անհրաժեշտ նախադրյալներն ու այդ ուղղությամբ աշխատանքներն իրականացնել առավել թիրախային։    
12:54 - 24 հունվարի, 2021