ԵՄ

Եվրոպական միությունը (ԵՄ) իրավունքի քաղաքական համայնք է, որի նպատակն է Եվրոպայի երկրների ու ժողովուրդների ինտեգրման ու կառավարման գործառույթի կազմակերպումը: Հիմնվել է 1993 թվականի նոյեմբերի 1-ին, բաղկացած է եվրոպական 27 երկրներից։ ԵՄ կառույցներն են Եվրոպական խորհրդարանը, Եվրամիության խորհուրդը, Եվրոպական խորհուրդ, Եվրոպական խորհուրդ, Եվրամիության Արդարադատության դատարանը, Հաշիվների դատարանը, Եվրոպական կենտրոնական բանկը։

Լիսաբոնյան համաձայնագրի ընդունմամբ՝ Եվրոպական արտաքին գործերի ծառայության պատասխանատվության տակ անցան Եվրոպական միությունը և իր քաղաքացիներին ներկայացնող 140 պատվիրակությունները և գրասենյակները:

Հայաստանում Եվրոպական միության դեսպանն ու ԵՄ պատվիրակության ղեկավարն է Ն.Գ. Անդրեա Վիկտորին։

ԵՄ-ն Բաքվին պետք է հասցնի ուղերձներ առ այն, որ չի հանդուրժի խաղաղ բնակիչների թիրախավորումը. Տիգրան Աբրահամյան

ԵՄ-ն Բաքվին պետք է հասցնի ուղերձներ առ այն, որ չի հանդուրժի խաղաղ բնակիչների թիրախավորումը. Տիգրան Աբրահամյան

Ադրբեջանական վերջին օրերի ակտիվությունն առաջնագծում դրսևորվեց նաև խաղաղ բնակավայրերի թիրախավորմամբ, սա իրադրային զարգացումների ամենավտանգավոր հանգամանքն է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը: «Ուշագրավ է, որ Տավուշի գյուղերի ուղղությամբ վերջին տարիներին կրակահերթեր չէին եղել: Ինչ վերաբերվում է Սյունիքի մարզի գյուղերին` Խոզնավարից մինչև Արավուս, Տեղ, ապա 44-օրյա պատերազմից հետո, երբ Ադրբեջանը երկու փուլով դիրքավորվեց համայնքից բավականին մոտ հեռավարության վրա, սա առհասարակ նոր երևույթ է: Կարծում եմ` ԵՄ դիտորդական առաքելությունը պետք է կենտրոնանար հատկապես այս խնդրին, սակայն ոչ միայն դրանք արձանագրելու և զեկույցներում ամրագրելու, այլ դրանից բխող օպերատիվ քայլերով: ԵՄ-ն տարբեր խողովակներով պաշտոնական Բաքվին պետք է հասցնի ուղերձներ առ այն, որ չի հանդուրժի հատկապես խաղաղ բնակիչների թիրախավորումը և միջոցներ ձեռնարկի, որպեսզի դրանք այլևս չկրկնվեն: Զինված ուժերի տեսադիտարկման համակարգերերն արձանագրելու նվազագույն գործառույթն իրականացնում են, ԵՄ դիտորդների դերն այդ փաստերի հիման վրա քաղաքական ճնշումների հիմք ստեղծելն ու Բրյուսելին փոխանցելն է` Բաքվին հետագա գործողություններից զերծ պահելու նպատակով: Համենայդեպս, սա է մեր հասարակության սպասումը, հակառակ դեպքում ԵՄ առաքելության ներկայությունը որևէ ձևով չի կարող արդարացված կամ ընկալելի լինել», - գրել է նա:
10:37 - 08 ապրիլի, 2024
Սա մեծ գործընթացի մաս էր. Արարատ Միրզոյանը` բրյուսելյան հանդիպման մասին
 |arm.sputniknews.ru|

Սա մեծ գործընթացի մաս էր. Արարատ Միրզոյանը` բրյուսելյան հանդիպման մասին |arm.sputniknews.ru|

arm.sputniknews.ru: Բրյուսելյան հանդիպումը մեծ գործընթացի մի մաս էր։ Հանրային հեռուստաընկերության եթերում այս հայտարարությունն արեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ «Երբևէ այսպիսի ձևաչափով ԱՄՆ-ԵՄ-ՀՀ հանդիպում չէր եղել, համենայնդեպս ՀՀ-ի հետ հարաբերությունների առումով։ Այս հանդիպումը չափազանց կարևոր հանգրվան էր Միացյալ Նահանգների և ԵՄ-ի հետ մեր հարաբերությունների խորացման գործընթացի համատեքստում։ Սա ո՛չ սկիզբն էր, ո՛չ էլ ամենևին ավարտը, այլ մեծ գործընթացի կարևոր մաս»,– ասաց նա։   Միրզոյանն ընդգծեց, որ Հայաստանը սերտացնում է հարաբերությունները թե՛ ԱՄՆ-ի, թե՛ ԵՄ-ի հետ։   «Ապրիլի 5-ին կայացած հանդիպման համատեղ արդյունքներով մի քանի կարևոր ուղղություններ են նշվում, որոնք մեզ համար չափազանց կարևոր են` սկսած ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սատարումից։ Սա կարևոր քաղաքական հայտարարություն էր, որի կարիքն իսկապես այսօր ունենք»,– նշեց նախարարը։   Միրզոյանը շեշտեց` հանդիպման ժամանակ անվտանգային թեմաներ չեն քննարկվել, ռազմական բաղադրիչ չի եղել քննարկումների սեղանին։   «Բայց մյուս կողմից այն ամենը, ինչի մասին խոսել ենք, նաև երկրի դիմակայության ավելացման մասին է, որը ևս անվտանգային մաս է դառնում»,– ասաց նա։   Հիշեցնենք` ապրիլի 5-ին Բրյուսելում Փաշինյանի, ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հանդիպման արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն` Եվրամիությունն առաջիկա 4 տարիների համար Հայաստանին կտրամադրի 270 միլիոն եվրո դրամաշնորհ, ԱՄՆ-ն Հայաստանի տնտեսությունում 65 միլիոն դոլարի ներդրում կանի։
11:11 - 07 ապրիլի, 2024
Ուր են հասել ՀՀ-ԵՄ քննարկումները՝ անվտանգությունից մինչև վիզաների ազատականացում. մանրամասներ Բրյուսելից
 |azatutyun.am|

Ուր են հասել ՀՀ-ԵՄ քննարկումները՝ անվտանգությունից մինչև վիզաների ազատականացում. մանրամասներ Բրյուսելից |azatutyun.am|

azatutyun.am: «ԱՄՆ-ԵՄ- Հայաստան եռակողմ հանդիպումն ապացուցում է, որ մենք մոտենում ենք միմյանց», «Ազատության» հետ զրույցում հայտարարեց ԵՄ արտաքին հարաբերությունների խոսնակ Պետեր Ստանոն: Ստորև ներկայացնում ենք հատված հարցազրույցից. «Ազատություն». - Անցած տարի վարչապետ Փաշինյանը Եվրախորհրդարանում հայտարարեց, որ «Հայաստանը պատրաստ է մոտ լինել ԵՄ-ին այնքան, որքան Եվրամիությունը դա հնարավոր կհամարի»։ Արդյո՞ք սա նշանակում է, որ գնդակն այժմ Եվրամիության դաշտում է՝ որոշելու, թե որքան սերտ կարող են լինել Հայաստանի հետ հարաբերությունները։ Պետեր Ստանո․ - Երկու գործընկերների հարաբերությունների բնույթը միշտ կախված է նրանց հավակնություններից: Այնպես որ, դա, իհարկե, կախված չէ միայն Բրյուսելից կամ միայն Երևանից։ Դա կախված է նրանից, թե որտեղ ենք մենք ցանկանում միասին լինել և որքան հեռու ենք ուզում գնալ մեր համագործակցությունն ամրապնդելու համար: Բրյուսելում կայացած ԱՄՆ-ԵՄ- Հայաստան եռակողմ հանդիպումն ապացուցում է, որ մենք մոտենում ենք միմյանց։ Եվ սա հիմնված է ընդհանուր վճռականության վրա: «Ազատություն». - Կարո՞ղ եք մանրամասնել՝ սա նշանակում է խորացնել հարաբերությունները արդեն իսկ գոյություն ունեցող Համապարփակ ու ընդլայնված գործընկերության շրջանակներում, նոր համաձայնագիր ստորագրել, թե՞, միգուցե, Հայաստանին տալ ԵՄ թեկնածուի կարգավիճակ։ Պետեր Ստանո․ - Մեր ընթացիկ աշխատանքում մենք հիմնվում ենք այն հենքի վրա, որ ունենք։ Միաժամանակ արդեն առաջ ենք տանում դա գործընկերության նոր օրակարգով, որը համաձայնեցվել է երկու ամիս առաջ և կրկին ամրապնդվել Բրյուսելում։ ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի, նախագահ Ֆոն դեր Լայենի, բարձր ներկայացուցիչ Բորելի և Հայաստանի վարչապետի հանդիպումը, իհարկե, ընդգծեց կամ ձևակերպեց՝ ինչ ենք ուզում անել, ինչպես ենք ուզում անել, իհարկե, ելնելով մեր ունեցած հնարավորություններից, միաժամանակ գիտակցումից, որ մենք մեր ունեցածն ավելի ենք ընդլայնում և բերում նոր, ավելի բարձր մակարդակի, որովհետև ուզում ենք համագործակցել՝ առավել սերտ ու ընդարձակ, և առավել լայն հարցերի շուրջ ու ավելի շատ ոլորտներում։ «Ազատություն». - Հայաստանցիների համար այսօր անվտանգությունն է ամենամեծ մտահոգությունը։ Ֆրանսիայի արտգործնախարարը անցած հոկտեմբերին Երևանում հայտարարեց, որ Եվրամիությունը կարող է ավելին անել՝ օգնելու Հայաստանին։ Նա, մասնավորապես, գրավոր դիմում էր ուղարկել Եվրամիության արտգործնախարարին, որպեսզի Հայաստանը ևս ներառվի Խաղաղության մեխանիզմից օգտվող երկրների ցանկում։ Սակայն, առաջընթացն այս ուղղությամբ դանդաղ է, մինչդեռ Հայաստանն անհետաձգելի օգնության կարիք ունի: Պետեր Ստանո․ - Սա անդամ երկրների որոշելիքն է, քանի որ խոսքը անվտանգության քաղաքականության մասին է, ինչը մի ոլորտ է, որ գտնվում է անդամ պետությունների խիստ վերահսկողության ներքո, և այնտեղ ցանկացած որոշում կարող է ընդունվել միայն բոլոր անդամ պետությունների համաձայնությամբ։ Բայց նրանք աշխատում են դրա վրա։ Խաղաղության եվրոպական հիմնադրամի աջակցության շուրջ քննարկումները շարունակվում են, և ինչ-որ պահի որոշում կկայացվի։ Բայց ԵՄ-ում գործընթացները որոշակի ժամանակ են պահանջում, հատկապես, հաշվի առնելով, որ դրա շուրջ պետք է կոնսենսուս լինի բոլոր 27 անդամ պետությունների միջև։ «Ազատություն». - Մեկ այլ հարց, որ տևական ժամանակ է՝ հուզում է հայաստանցիներին. վիզաների ազատականացումը։ Մի կողմից՝ Հայաստանի ու Եվրամիության միջև հարաբերությունները երբեք այսքան սերտ չեն եղել, մյուս կողմից, Բրյուսելը դեռ ուսումնասիրում է այս հարցով երկխոսություն սկսելու հնարավորությունները։ Ո՞րն է ուշացման պատճառը՝ եվրոպական վարչարարությո՞ւնը, որոշ անդամ երկրների դժկամությու՞նը, թե՞ Հայաստանն է, որ չի կատարում իր պարտավորությունները Պետեր Ստանո․ - Նախ ուշացում չկա, քանի որ դրա համար պետք է ունենալ ժամանակացույց։ Ոչ ոք ժամանակացույց չի սահմանել։ Վիզաների ազատականացումը նման է Եվրամիության մյուս գործընթացներին: Դա շատ մանրակրկիտ, մեծապես տեխնոկրատական գործընթաց է, ի վերջո՝ նաև քաղաքական, քանի որ որոշումը պետք է հաստատվի անդամ պետությունների կողմից: Այստեղ է պատասխանը Ձեր հարցին, թե ինչո՞ւ է դա այդքան երկար տևում։ Որովհետև անդամ պետությունները պետք է գտնեն լավագույն ճանապարհը՝ համոզվելու, որ իրենք գոհ են բոլոր այն չափանիշներից, որոնք կատարվել են, որ ունեն բավարար երաշխիքներ, որ վիզային ռեժիմի ազատականացումը չի չարաշահվի և այլն։ Կան տեխնիկական, անվտանգային և այլ նկատառումներ, որոնք անդամ պետությունները հաշվի են առնում որոշումներ կայացնելիս։ Որոշումը նրանք պետք է կայացնեն։ Բայց մենք հայտարարել ենք, որ վիզային ռեժիմի ազատականացումը՝ Խաղաղության եվրոպական հիմնադրամից աջակցության հետ զուգահեռ այն ոլորտներն են, որտեղ մենք ցանկանում ենք ավելի մանրամասն քննարկել գործնական արդյունքների հասնելու հնարավորությունները։ Այնպես, որ պատրաստակամությունը կա։ «Ազատություն». - Մեկ այլ զգայուն հարց է Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանի դելիմիտացիան։ Երևանը պնդում է, որ ադրբեջանական զորքերը Հայաստանի վրա հարձակումներով ռազմավարական բարձունքներ ու տարածքներ են գրավել, Բաքուն հերքում է սա։ Կարո՞ղ է Եվրամիությունն օգնել՝ վերականգնելու Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և կա արդյոք Բրյուսելում նման պատրաստակամություն Պետեր Ստանո․ - Տարածքային ամբողջականության, ինքնիշխանության համար մենք ունենք միջազգային իրավունք։ Եվ Եվրամիությունը շատ հստակ մոտեցում ունի՝ պետք է հարգել միջազգային իրավունքը, այն չի կարող խախտվել։ Իսկ եթե կան խնդիրներ, ապա դրանք պետք է լուծվեն բանակցային սեղանի շուրջ։ Այդ իսկ պատճառով մենք մեծապես ներգրավված ենք աջակցելու Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունների գործընթացին՝ լուծելու բոլոր առկա խնդիրները։ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը շատ է ներգրավված դրանում՝ բարձր ներկայացուցիչ Բորելի, ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի աջակցությամբ։ Սա այն է, ինչ մենք արդեն անում ենք՝ աշխատում ենք երկու կողմերի հետ երկկողմ և եռակողմ ձևաչափերով՝ այդ գործընթացն առաջ տանելու համար: Բայց, ի վերջո, Ադրբեջանն ու Հայաստանը պետք է իրենք լուծումը գտնեն: Ոչ ոք չի կարող խնդիրը լուծել ձեր փոխարեն։ Ոչ ոք չի կարող ձեզ լուծումներ պարտադրել։ Մենք բոլորս՝ միջազգային հանրությունը միայն կարող ենք օգնել։ «Ազատություն». - Խոսելով բանակցային գործընթացից՝ Եվրոպայի խորհրդի ղեկավար Շարլ Միշելը ակտիվորեն զբաղվում էր այս հարցով մոտ երկու տարի, պարբերաբար խոսելով առաջընթացի մասին։ Անցած մայիսին, օրինակ, նա չէր բացառել, որ գերիները կարող են տուն վերադառնալ, բայց տեղի ունեցավ ճիշտ հակառակը՝ Ադրբեջանը հարձակում ձեռնարկեց, գերեվարելով նոր մարդկանց։ Ո՞ր կողմն էր, որ խախտեց պայմանավորվածությունը, արդյո՞ք Եվրամիությունը չպետք է լծակներ գործադրի, կամ՝ պատիժներ այս դեպքում։ Պետեր Ստանո․ - Եվրամիությունն այստեղ չի կարող մրցավարի դեր խաղալ։ Մենք չենք կարող կարգավորման գործընթացում գլխավոր դերը ստանձնել, մենք կարող ենք օժանդակ դեր խաղալ այլ գործընկերների հետ՝ ԱՄՆ-ի, ՄԱԿ-ի հետ, եթե կուզեք, քանի որ խոսքը միջազգային իրավունքի հարգման մասին է։ Մենք ոչ թե լծակ ենք գործադրում, ոչ թե պարտադրանք՝ ինչ-որ մեկին ստիպելու ինչ-որ բան անել, այլ առաջարկում ենք մեր ծառայությունները, մեր լավագույն փորձը և մեր լավ մտադրությունները՝ օգնելու կողմերին լուծում գտնել։ Վերջ ի վերջո, կրկին ընդգծեմ՝ Ադրբեջանն ու Հայաստանն է, որ պետք է պայմանավորվեն։ Եվրամիությունը նույն դիրքորոշումն ունի ամբողջ աշխարհում: Եթե մենք մի փոքր հեռանանք և դա դիտարկենք ավելի լայն տեսանկյունից, ապա Եվրամիությունը նպաստում է Սերբիայի և Կոսովոյի միջև հարաբերությունների կարգավորմանը, որ շարունակվում է ավելի քան 10 տարի, և այս երկրները շատ ավելի մոտ են Եվրամիությանը։ Մենք հեշտացնում ենք գործընթացը, բայց չենք կարող ստիպել նրանց լուծում գտնել, քանի դեռ նրանք չեն տեսնում, որ այս լուծումը երկուսի համար էլ լավ փոխզիջում է։ Նույնն է Իսրայելի և Պաղեստինի դեպքում։ Այնտեղ շատ երկար ժամանակ կարգավորման գործընթաց է եղել, բայց քանի դեռ երկու կողմերը պատրաստ չեն, ուրիշ ոչ ոք չի կարող լուծում պարտադրել։ Մենք երկրներին և գործընկերներին ինչ-որ բան պարտադրելու գործով չենք զբաղվում։ Մենք շեշտում ենք միջազգային իրավունքը հարգելու անհրաժեշտությունը։ Մենք շեշտում ենք հաշտության, բարիդրացիական հարաբերությունների անհրաժեշտությունը, քանի որ դրանք քաղաքակիրթ կյանքի սկզբունքներն են։ ԵՄ-ում մենք ապրում ենք 21-րդ դարում, իսկ 21-րդ դարում հարցերը լուծում են քննարկումների միջոցով, ոչ թե ուժով։ «Ազատություն». - Երբ ինչ-որ մեկը խախտում է միջազգային իրավունքը, չպե՞տք է պատասխան տա դրա համար։ Պետեր Ստանո․ - Երբ խախտվում է միջազգային իրավունքը, մենք ունենք Միավորված ազգերի կազմակերպություն, ունենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, և ցանկացած երկիր ազատ է հարցերը բերել Անվտանգության խորհուրդ, Արդարադատության միջազգային դատարան, Միջազգային քրեական դատարան։ Սա է գոյություն ունեցող համակարգը, որը մենք ցանկանում ենք ամրապնդել։ Մենք պետք է այնպես անենք, որ միջազգային իրավունքը կիրարկվի, և դրա կատարման մի մասն էլ լինի կարգավորման գործընթացը, բանակցային գործընթացը։ Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթանում են բանակցություններ, և տեղի է ունենում կարգավորման գործընթաց՝ անկախ ձեր նշած միջադեպերից, որոնք եղել են և, ցավոք, հավանաբար դեռ կլինեն։ Բայց սա ևս մեկ անգամ ընդգծում է, թե ինչու բոլորը պետք է իրենց առավելագույն ջանքերը ներդնեն լուծումներ գտնելու համար: Որովհետև, ի վերջո, ԵՄ-ն չէ, որ տուժում է։ Տուժում են մարդիկ և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում, որովհետև անկայունության մթնոլորտում մշտապես ապրելը՝ մտածելով, թե ինչ կլինի, կլինի արդյոք նոր հակամարտություն, թե՝ ոչ, ոչ մեկին չի օգնում ո՛չ Հայաստանում, ո՛չ Ադրբեջանում։ «Ազատություն». - Մենք կրկին լսեցինք արցախահայերին հավելյալ աջակցություն տրամադրելու մասին, բայց որևէ բառ չասվեց նրանց՝ հայրենիքում ապահով ու արժանապատիվ կյանք ունենալու իրավունքի մասին։ Այս հարցը փակվա՞ծ է Բրյուսելի համար: Պետեր Ստանո․ - Անտարակույս այս հարցը դեռ սեղանին է։ Մենք շատ լավ գիտենք, թե դա ինչ ազդեցություն ունի հայ ժողովրդի վրա, հայ հասարակության վրա, որքան կարևոր է հայ ժողովրդի, բայց նաև՝ Ադրբեջանի համար։ Որովհետև այս մարդիկ Ադրբեջանից են՝ Լեռնային Ղարաբաղից: Լեռնային Ղարաբաղը մեզ համար միշտ դե յուրե եղել է Ադրբեջան։ Մենք ասում էինք՝ տեսեք, կա խնդիր, կա մի հարց, որը մնացել է շատ բարդ անցյալից, եկեք լուծենք այն որպես քաղաքակիրթ համայնք՝ բանակցային սեղանի շուրջ։ Դա, ցավոք, հնարավոր չդարձավ Ադրբեջանի միակողմանի գործողությունների պատճառով։ Ահա թե ինչու Եվրամիությունը շատ արագ տրամադրեց լրացուցիչ օգնություն Լեռնային Ղարաբաղից փախած մարդկանց համար: Եվ մենք հանձնառու ենք շարունակել օգնել Հայաստանին այս խնդրի լուծման գործում: Սա մեր օրակարգի հարցերից է, և փակ չէ, քանի որ մեծ թվով՝ հարյուր հազարից ավելի մարդու է վերաբերում: Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
23:27 - 06 ապրիլի, 2024
Չնայած ռազմական տեղաշարժերի մասին որոշ պնդումներին, հուսադրող է, որ ԵՄ առաքելությունը կարողանում է հերքել դրանք. Կլաար
 |factor.am|

Չնայած ռազմական տեղաշարժերի մասին որոշ պնդումներին, հուսադրող է, որ ԵՄ առաքելությունը կարողանում է հերքել դրանք. Կլաար |factor.am|

factor.am: Հարավային Կովկասում և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը X-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Սոթք, Վերին Շորժա, Արավուս և Մովսես բնակավայրերում այսօր ԵՄ առաքելության իրականացրած պարեկությանը։ «Չնայած զինվորականների տեղաշարժի մասին որոշ պնդումներին, հաճելի է իմանալ, որ ԵՄ-ի առաքելությունը կարող է հերքել դրանք: Այն նաև մնում է չօգտագործված ռեսուրս, որն օգնում է վերացնել թյուրիմացություններն ու կեղծ պատկերացումները և կարող է լավ ծառայություններ մատուցել ինչպես Հայաստանին, այնպես էլ Ադրբեջանին»,- գրել է Կլաարը։ Հիշեցնենք, որ ապրիլի 5-ի լույս 6-ի գիշերը ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները սահմանի մի քանի ուղղություններով անկանոն ու ոչ նպատակային կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ՝ թիրախավորելով նաեւ քաղաքացիական ենթակառուցվածքները։  ՀՀ ՊՆ-ն նաև հայտնել է, որ Իշխանասարի ուղղությամբ նկատվել է ադրբեջանական զինուժի ավտոտեխնիկայի ակտիվ տեղաշարժ։ Միևնույն ժամանակ ՀՀ ՊՆ-ն հայտնել է, որ ադրբեջանական քարոզչամեքենան նախօրեին կեղծ տեղեկություններ է տարածել՝ ՀՀ ԶՈՒ-ի իրականացրած պլանային հերթափոխը փորձելով ներկայացնել իբրև կուտակումներ առաջնագծում::  
20:41 - 06 ապրիլի, 2024
Հաջակցություն Հայաստանի դիմակայունության. Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպում Բրյուսելում

Հաջակցություն Հայաստանի դիմակայունության. Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպում Բրյուսելում

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բոռելը, Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, ԱՄՆ ՄԶԳ ադմինիստրատոր Սամանթա Փաուերը այսօր՝ 2024 թվականի ապրիլի 5-ին, հանդիպել են Բրյուսելում՝ վերահաստատելու աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը, ժողովրդավարությանը, տարածքային ամբողջականությանը և սոցիալ-տնտեսական դիմակայունությանը։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ վարչապետի աշխատակազմը։ Եվրամիությունը և Միացյալ Նահանգները սատարում են Հայաստանի և տարածաշրջանի համար կայուն, խաղաղ, անվտանգ, ժողովրդավարական և բարգավաճ ապագայի։ Այս համատեքստում մենք նպատակ ունենք ընդլայնել համագործակցությունը՝ միտված Հայաստանի դիմակայունության ամրապնդմանը՝ ներառյալ այնպիսի առանցքային ոլորտներում, ինչպիսիք են` քաղաքական բարեփոխումները, տնտեսական զարգացումը և մարդասիրական աջակցությունը։ Մենք կձգտենք ընդլայնել մեր գործընկերությունները, օրինակ՝ շարժունակության, կառավարման, օրենքի կիրարկման, առևտրի, կապի, գյուղատնտեսության, էներգետիկայի և տեխնոլոգիաների ոլորտներում: Այս առանցքային ոլորտներին աջակցելու նպատակով Եվրոպական միությունը և Միացյալ Նահանգները նախատեսում են ավելի ամուր համագործակցություն Հայաստանի հետ։ Եվրոպական միությունը և Միացյալ Նահանգները բարձր են գնահատել 2018 թվականից ի վեր ժողովրդավարության և արդարադատության ոլորտներում բարեփոխումներում, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանի արձանագրած էական առաջընթացը, և հանձնառություն են հայտնել շարունակել գործընկերությունը և աջակցել Հայաստանին՝ հաշվի առնելով, որ այն շարունակում է ամրապնդել ժողովրդավարությունը և օրենքի գերակայությունը մեր ընդհանուր արժեքներին և սկզբունքներին համահունչ: ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանին իր բարեփոխումների ճանապարհին` Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) իրականացման միջոցով: Բարեփոխումները խթանելու և բոլոր ոլորտներում համագործակցությունն ընդլայնելու նպատակով ԵՄ-ն և Հայաստանը կապահովեն առաջընթաց Հայաստան-ԵՄ Գործընկերության նոր օրակարգի շուրջ: Միացյալ Նահանգները հանձնառու է օգնել Հայաստանին և վարչապետ Փաշինյանին՝ իրականացնելու նախանշված բարեփոխումները։ Բայդենի վարչակազմը Կոնգրեսի հետ նախատեսում է 2023 ֆիսկալ տարում շուրջ 65 միլիոն դոլարի զարգացման աջակցություն տրամադրել Հայաստանին։ Եվրամիությունը և Միացյալ Նահանգները ողջունել են արտաքին աշխարհի հետ կապը բարելավելու Հայաստանի հանձնառությունը՝ ներառյալ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը, որը կխթանի ընդհանուր բարգավաճումը և տարածաշրջանային տնտեսական և առևտրի դիվերսիֆիկացումը: ԵՄ-ն և ԱՄՆ-ն մտադիր են լրացուցիչ օգնություն ցուցաբերել՝ օգնելու Հայաստանին մեղմել ռիսկերը, դիվերսիֆիկացնել առևտուրը և ամրապնդել տնտեսական և ինստիտուցիոնալ դիմակայունությունը։ Հայաստան-ԵՄ Գործընկերության նոր օրակարգն ամրապնդելու նպատակով ԵՄ-ն հանդես կգա «2024-2027 թվականների համար Հայաստանի դիմակայունության և աճի»՝ 270 միլիոն եվրոյի ծրագրով: «Հայաստանի դիմակայունության և աճի» ԵՄ ծրագիրը նպատակաուղղված է լինելու Հայաստանի սոցիալ-տնտեսական դիմակայունության ամրապնդմանը` միաժամանակ աջակցելով առևտրի դիվերսիֆիկացմանը: Այն նաև աջակցություն կտրամադրի տեղահանվածների երկարաժամկետ կարիքները հոգալուն: Այն կամրապնդի ոլորտային համագործակցությունը Հայաստանի հետ՝ միաժամանակ ավելացնելով աջակցությունը կարգավորումների ներդաշնակեցմանը՝ միտված ՀԸԳՀ-ի ողջ ներուժի իրացմանը: ԵՄ-ն կշարունակի աջակցել առանցքային ոլորտներին՝ առևտրի դիվերսիֆիկացումից, ենթակառուցվածքների զարգացումից, էներգետիկայից մինչև ավիացիոն անվտանգություն: Նախագահ Ֆոն դեր Լայենն անդրադարձել է նաև 2021 թվականին մեկնարկած Տնտեսական և ներդրումային պլանի առավելություններին, որը Հայաստանում դրամաշնորհների, մասնավոր և հանրային ներդրումների միջոցով արդեն մոբիլիզացրել է ավելի քան 550 միլիոն եվրոյի ներդրումներ։ Տնտեսական և ներդրումային պլանի համահունչ՝ «Դիմակայունության և աճի» ԵՄ ծրագիրը կավելացնի աջակցությունը ռազմավարական ներդրումներին, մասնավորապես տրանսպորտային ենթակառուցվածքների, թվային և էներգետիկայի ոլորտներում, ինչպես նաև ներդրումներ կկատարի բիզնեսի զարգացման մեջ՝ նպաստելու աշխատատեղերի ստեղծմանն ու տնտեսական աճին: Տնտեսական և ներդրումային պլանն ունի խաղաղության միջոցով տնտեսական առավելություններ ապահովելու ներուժ՝ ներառյալ տարածաշրջանային կապակցվածության հարցում, եթե և երբ թույլ տան պայմանները: ԵՄ-ն նաև կդիտարկի շարժունակությանն աջակցելու ուղիները: Միացյալ Նահանգներն աշխատում է Հայաստանի հետ մի քանի ոլորտներում՝ խթանելու տնտեսական աճն ու բարեփոխումները, առևտրի դիվերսիֆիկացումը և դիմակայունությունը: Միացյալ Նահանգները կհամագործակցի Հայաստանի հետ՝ ԱՄՆ-ի լրացուցիչ ներդրումներ ներգրավելու, տեխնոլոգիաների առևտրի հնարավորությունների օպտիմալացման, կիբերանվտանգության ոլորտում համագործակցության ավելացման և տեխնոլոգիական ենթակառուցվածքների ընդլայնման ուղղությամբ։ Միացյալ Նահանգները հանձնառու է Հայաստանի անվտանգ, հուսալի և ապահով էներգետիկ ապագային և աշխատանքներ է տանում աջակցելու էներգետիկայի դիվերսիֆիկացմանը և ուսումնասիրելու խաղաղ նպատակներով օգտագործվող միջուկային էներգիայի նոր տարբերակների իրագործելիությանը, որոնց համար միջուկային անվտանգությունը և չտարածման ամենաբարձր չափանիշներն առաջնահերթություն են: Միացյալ Նահանգները հանձնառու է Հայաստանի պարենային անվտանգության բարձրացմանը, ինչպես նաև Հայաստանի սահմաններով գյուղատնտեսական մթերքների հոսքը հեշտացնելուն։ Հաշվի առնելով շարունակական մարտահրավերները, որոնց բախվում է Հայաստանն ավելի քան 100.000 տեղահանված անձանց և փախստականներին աջակցելու և սոցիալապես ներառելու առումով՝ Եվրոպական միությունը և Միացյալ Նահանգները մտադիր են շարունակել աջակցել Հայաստանի ջանքերին՝ ուղղված կարիք ունեցողներին բնակարանային, վերապատրաստման, աշխատանքային հնարավորություններ և հոգեբանասոցիալական աջակցություն տրամադրելուն, և ապահովել տեղահանվածների արժանապատիվ կենսապայմանները։ Սկսած 2023 թվականի սեպտեմբերից ԵՄ-ն արագորեն մոբիլիզացրել է 18 միլիոն եվրո մարդասիրական և 15 միլիոն եվրո բյուջետային աջակցություն՝ փախստականների հրատապ և սոցիալ-տնտեսական կարիքներին արձագանքելու համար: Այսպիսով, տուժած բնակչությանը 2020 թվականից ի վեր մարդասիրական օգնության ընդհանուր հատկացումը կազմում է 38,4 միլիոն եվրո: ԵՄ-ն կանգնած է Հայաստանի կողքին փախստականների երկարաժամկետ կարիքները հասցեագրելու և աջակցելու հարցում: ԵՄ-ի «Դիմակայունության և աճի» ծրագիրը կներառի նաև տեղահանված մարդկանց երկարաժամկետ տնտեսական և սոցիալական ներառմանն ուղղված բյուջետային աջակցություն։ Նույն կերպ, սկսած 2023 թվականի սեպտեմբերից Միացյալ Նահանգները հայտարարել է տեղահանվածներին և փախստականներին ավելի քան 7 միլիոն դոլարի մարդասիրական աջակցության մասին: Այս ֆինանսավորմամբ 2020 թվականի սեպտեմբերից ի վեր ԱՄՆ-ի մարդասիրական օգնության ընդհանուր ծավալը կհասնի է մոտ 31 միլիոն դոլարի: ԱՄՆ-ի օգնության շրջանակներում տրամադրվել է կենսական նշանակության պարենային օգնություն, մարդասիրական պաշտպանություն և ժամանակավոր ապաստան և այն կշարունակի արձագանքել տեղահանվածների և փախստականների կարիքներին: Միացյալ Նահանգները կաջակցի Հայաստանի ջանքերին՝ նվազագույնի հասցնելու հանրային ծառայությունների և ենթակառուցվածքների վրա ճնշումը և կնպաստի սոցիալական համախմբվածությանն ու տնտեսական զարգացմանը։ Բարգավաճ, ինքնիշխան և ժողովրդավարական Հայաստանը, որը զարգացնում է իր սեփական գործընկերային հարաբերությունները և ազատորեն որոշում իր ուղին, կնպաստի տարածաշրջանային կայունությանը և բարգավաճմանը:
17:31 - 05 ապրիլի, 2024
Հայաստանը և «Եվրաջասթ»-ը համաձայնագիր են ստորագրել |armenpress.am|

Հայաստանը և «Եվրաջասթ»-ը համաձայնագիր են ստորագրել |armenpress.am|

armenpress.am: Հայաստանը ԵՄ քրեական արդարադատության ոլորտում համագործակցության գործակալության՝ «Եվրաջասթ»-ի հետ համաձայնագիր ստորագրեց։ Բրյուսելում «Արմենպրեսի» թղթակցի փոխանցմամբ՝ համաձայնագիրը ստորագրեցին  ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, Արդարադատության հարցերով ԵՄ հանձնակատար Դիդիեր Ռեյներսը և Բելգիայի արդարադատության և Հյուսիսային ծովի հարցերով նախարար Փոլֆան Թիխելտը։ Հայաստանի և ԵՄ-ի միջև ստորագրված այս համագործակցության համաձայնագրի շնորհիվ ՀՀ քրեական վարույթներով իրավական համագործակցության ոլորտում իրավասու մարմինները և ԵՄ քրեական արդարադատության ոլորտում համագործակցության գործակալությունը կկարողանան աշխատել միասին։ Բելգիայի արդարադատության և Հյուսիսային ծովի հարցերով նախարար Փոլֆան Թիխելտի խոսքով՝ այս համաձայնագիրը Եվրոպական միության և Հայաստանի միջև ամուր հիմք կստեղծի։  «Համաձայնագիրը հատկապես կարևոր է Բելգիայի նախագահության համար, քանի որ Եվրոպական միության և երրորդ երկրների միջև դատական համագործակցությունը մեզ համար առանցքային առաջնահերթություն է», - նշեց բելգիացի նախարարը։ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն իր խոսքում շեշտեց, որ Հայաստանն ի սկզբանե հետաքրքրված է եղել այս համագործակցությամբ, առաջին երկիրն է եղել, որ սկսել է բանակցությունները: Նա փաստեց, որ առաջին երկիրն է, որ ստորագրում է համագործակցության համաձայնագիրը։ «Մենք սերտ համագործակցություն ունեցել ենք «Եվրաջասթ»-ի, «Եվրոպոլ»-ի հետ՝ նույնիսկ առանց համաձայնագրի, բայց այժմ այս համաձայնագիրը գալիս է ամրապնդելու և համագործակցությունը ինստիտուցիոնալ դարձնելու: Այս համաձայնագրի ստորագրմամբ մենք նաև մեկ քայլ մոտենում ենք Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ամբողջական իրականացմանը: Սա դռներ է բացում փորձի փոխանակման և կարողությունների զարգացման նոր հնարավորությունների համար», - ասաց Արարատ Միրզոյանը։ Արդարադատության հարցերով ԵՄ հանձնակատարն «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նկատեց, որ սա կարևոր անկյունաքար է ԵՄ-Հայաստան հարաբերություններում։  «Ներկայացնելով «Եվրոպոլ»-ի հանցավոր ցանցերի մասին զեկույցը՝ պարզ է դառնում, որ սա հնարավորություն է տալիս իսկապես ամրապնդել համագործակցությունը Հայաստանի հետ դատական ​​մակարդակով և ապահովել, որ 80 երկրների հետ ոչ միայն Եվրոպայում, այլև դրանից դուրս մենք կարողանանք ինտեգրված աշխատել։ Մեզ համար կարևորն այն է, որ այժմ Հայաստանը հնարավորություն ունի ունենալ ներկայացուցիչ Եվրաջասթի շրջանակներում, որը թույլ է տալիս անհրաժեշտության դեպքում մասնակցել համատեղ քննչական խմբերին», - կարևորեց Դիդիեր Ռեյներսը։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում 
17:24 - 05 ապրիլի, 2024
Հայաստանին զինված ֆորպոստ դարձնելու փորձերը հետագայում կհանգեցնեն բացասական հետևանքների. Ալիեւը՝ բրյուսելյան հանդիպման մասին

Հայաստանին զինված ֆորպոստ դարձնելու փորձերը հետագայում կհանգեցնեն բացասական հետևանքների. Ալիեւը՝ բրյուսելյան հանդիպման մասին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, անդրադառնալով այսօր Բրյուսելում կայացած ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եռակողմ հանդիպմանը, ասել է․ «Վերջին օրերին ԱՄՆ և ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաները իրենց նախաձեռնությամբ հեռախոսազրույցների ընթացքում փորձում էին մեզ համոզել, որ այս հանդիպումը Ադրբեջանի դեմ չէ։ Սակայն մենք գիտենք, որ դա դեմ է Ադրբեջանի և Հարավային Կովկասի համագործակցությանը։ Սա նպատակ ունի բաժանարար գծեր ստեղծել և մեկուսացնել մեր երկիրը»,- նշել է Ալիեւը։ Ալիեւը նշել է, թե «Հարավային Կովկասում Հայաստանին զինված ֆորպոստ դարձնելու փորձերը հետագայում կհանգեցնեն շատ լուրջ բացասական հետևանքների»։ «Դրա հետ կապված, մենք հանդես ենք եկել հայտարարություններով, որպեսզի զգուշացնենք ԱՄՆ-ի և Եվրոպայի մեր գործընկերներին», - ասել է Ալիևը։
16:36 - 05 ապրիլի, 2024
Ուժեղ և կայուն Հայաստան նշանակում է ավելի ուժեղ և կայուն Հարավային Կովկաս. Ժոզեպ Բորել
 |armenpress.am|

Ուժեղ և կայուն Հայաստան նշանակում է ավելի ուժեղ և կայուն Հարավային Կովկաս. Ժոզեպ Բորել |armenpress.am|

armenpress.am: Եվրամիությունը ցանկանում է Հայաստանի համար դրական օրակարգ մշակել և, Միացյալ Նահանգների հետ միավորելով ուժերը, ցույց տալ Հայաստանի ինքնիշխանության, ժողովրդավարության ու դիմակայունության հանդեպ ամուր նվիրվածությունը։ Այս մասին հայտարարեց ԵՄ արտաքին և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը՝ Բրյուսելում կայանալիք Փաշինյան-Ֆոն դեր Լայեն-Բլինքեն եռակողմ հանդիպմանն ընդառաջ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։ Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ բարձր ներկայացուցիչը հիշեցրեց, որ երկու ամիս առաջ Հայաստանի արտգործնախարար Միրզոյանի հետ որոշել են աշխատել ԵՄ-Հայաստան գործընկերության նոր օրակարգի վրա և ընդգծեց, որ նոր օրակարգը կապահովի հավակնոտ տեսլական ՝ խթանելու երկկողմ համագործակցությունն այն ոլորտներում, որոնք կարևոր են Հայաստանի դիմակայունության, շարժունակության, առևտրի դիվերսիֆիկացիայի և կապի համար։ Ժոզեպ Բորելը հավաստիացրեց, որ սրանք միայն աջակցության խոսքեր չեն։ «Մենք ողջունում ենք Հայաստանի ջանքերը ժողովրդավարության, կոռուպցիայի դեմ պայքարի և օրենքի գերակայության հաստատման ուղղությամբ։ Կարևոր կլինի շարունակել բարեփոխումները երկրի դիմակայունությունն էլ ավելի բարձրացնելու համար։ ԵՄ-ն կշարունակի աջակցել բարեփոխումների ջանքերին՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման միջոցով»,-նշեց ԵՄ բարձր ներկայացուցիչը: Բորելը շեշտեց, որ ուժեղ և կայուն Հայաստան նշանակում է ավելի ուժեղ և կայուն Հարավային Կովկաս, և դա օգուտ կբերի տարածաշրջանի բոլոր երկրներին։
15:18 - 05 ապրիլի, 2024
Հավատարիմ ենք Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ հիմնված միմյանց տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա. Փաշինյան
 |armenpress.am|

Հավատարիմ ենք Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ հիմնված միմյանց տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա. Փաշինյան |armenpress.am|

armenpress.am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եւ  Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի հետ եռակողմ հանդիպմանն ընդառաջ մամուլի ասուլիսի ժամանակ իր ելույթը սկսեց գործընկերներին շնորհակալական խոսքով՝ ինքնիշխան, դիմակայուն եւ բարգավաճ Հայաստանի համար հավաքական հանձնառության համար։ Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ վարչապետը կարեւորել է եռակողմ այս հանդիպումն՝ այն անվանելով Միացյալ Նահանգների եւ ԵՄ-ի հետ ընդլայնվող գործընկերություն։ «Չբավարարվելով ձեռք բերված առաջընթացով՝ մենք կքննարկենք Հայաստանի ջանքերը՝ ուղղված ժողովրդավարական ինստիտուտների դիմակայունության ամրապնդմանը։ Մենք համոզված ենք, որ մեր համագործակցության հիմքում ընկած է մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքը: Հայաստանի Հանրապետությունը վերահաստատում է արդարադատության եւ հանրային հատվածի բարեփոխումներն առաջ մղելու իր հանձնառությունն՝ ավելի ուժեղ, ավելի ապահով և առաջադեմ երկիր կառուցելու համար», - ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետն իր ելույթում նշեց՝ հիմնվելով արդյունավետ քաղաքական համագործակցության վրա՝ ճիշտ ժամանակն է առաջ մղել տնտեսական համագործակցությունը, խթանել առեւտուրը եւ ընդլայնել գործընկերությունը շարժունակության ոլորտում։ «Մենք վճռական ենք բարձրացնելու Հայաստանի մասնավոր հատվածի մրցունակությունը նոր շուկաներ մուտք գործելու նպատակով: Ավելին, մենք պատրաստ ենք բարելավել մեր ներդրումային միջավայրը եւ այն ավելի գրավիչ դարձնել եվրոպական եւ ամերիկյան ընկերությունների համար: Մենք ակնկալում ենք, որ մեր գործընկերները մեզ կաջակցեն արդիականացնել Հայաստանի որակի ենթակառուցվածքը, կառուցել բիզնես ցանցեր եւ ուսումնասիրել առեւտրի դյուրացման հնարավոր սխեմաները»,-ասաց վարչապետ Փաշինյանը։ Անդրադառնալով ԼՂ-ից բռնի տեղահանված ավելի քան 100 հազար հայերի կարիքներին՝ վարչապետը կարեւորեց նրանց արժանապատիվ կյանքը վերականգնելը՝ բնակարանային եւ տնտեսական ակտիվացման քաղաքականությունների միջոցով։ Խոսելով Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորումից՝ Նիկոլ Փաշինյանը եւս մեկ անգամ վերահաստատեց Հայաստանի հավատարմությունը գործընթացին՝ հիմնված միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա՝ համաձայն 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի: Նա հավելեց, որ Հայաստանը նաև լիովին հավատարիմ է Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա սահմանների սահմանազատմանը և տարածաշրջանային բոլոր հաղորդակցությունների ապաշրջափակմանը, որը հիմնված է երկրների ինքնիշխանության և իրավազորության, հավասարության և փոխադարձության սկզբունքների լիարժեք հարգման վրա»։ Իր ելույթի վերջում վարչապետ Փաշինյանը նշեց, որ այդ ամենին հասնելու համար կառավարությունը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը եւ հույս հայտնեց, որ գործընկերները կաջակցեն, որպեսզի նախաձեռնությունն ինտեգրվի ԵՄ Գլոբալ դարպասների ռազմավարության հետ։ «Ես հավատում եմ, որ ժողովրդավարական, խաղաղ եւ բարգավաճ ապագայի մեր ընդհանուր տեսլականը կշարունակի ծառայել որպես մեր փոխվստահելի հարաբերությունների հիմնասյունը ու առաջնորդող փարոս», - եզրափակեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
15:16 - 05 ապրիլի, 2024
Աջակցություն Հայաստանի դիմակայունությանն ու արցախցիներին․ ինչ ասաց Բլինքենը Բրյուսելում
 |civilnet.am|

Աջակցություն Հայաստանի դիմակայունությանն ու արցախցիներին․ ինչ ասաց Բլինքենը Բրյուսելում |civilnet.am|

civilnet.am:  «Այստեղ ենք տրանստլայնտայն աջակցություն հայտնելու հայ ժողովրդի ժողովրդավարական, բարեկեցիկ ապագային և ավելի ինտեգրված, ավելի խաղաղ Հարավային Կովկասին»․ ապրիլի 5-ին Բրյուսելում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ եռակողմ հանդիպումից առաջ հայտարարել է Բլինքենը։ «Մենք կիսում ենք հայ ժողովրդի ապագայի տեսլականը, ուզում ենք, որ Հայաստանը լինի ուժեղ, անկախ պետություն, որը խաղաղ է ապրում իր հարևանների հետ և միացված է տարածաշրջանին ու աշխարհին»,- ասաց պետքարտուղարը։ Նրա խոսքով՝ հայ ժողովուրդն ընտրության առաջ է, և պետք է աջակցել նրան և Հայաստանի առաջնորդներին ընտրության այս պահին։ «ԱՄՆ-ը նախատեսում է ավելի քան 65 մլն դոլարի աջակցություն տրամադրել Հայաստանին 2023-ի բյուջեով, ինչը 50 տոկոսով ավելին է, քան երկու տարի առաջ»,- հայտարարեց Բլինքենը։ Նա հավելեց, որ Վաշինգտոնը հանձնառու է շարունակելու աջակցությունը Հայաստանի տնտեսական և ժողովրդավարական դիմակայունությանը՝ ներդրումներ անելով պարենային անվտանգության, թվային ենթակառուցվածքների, էներգիայի բազմազանեցման, առևտրային գործընկերների բազմազանեցման հարցերում։ «Շարունակելու ենք աջակցել 100 հազար տեղահանված արցախցիներին, դա կարևոր է Հայաստանի երկարաժամկետ քաղաքացիական բարեկեցության տեսանկյունից։ Սատարելու ենք այդ մարդկանց ինտեգրումը տնտեսության, հասարակության մեջ, ինչը ենթադրում է բնակարանների, աշխատանքի, կրթության ապահովում»,- նշեց ամերիկացի դիվանագետը։ Նա եզրափակեց՝ Հայաստանի համար տարածաշրջանային ինտեգրումը կարևոր է անվտանգությնան ու բարեկեցության հասնելու համար։ Բլինքենը նաև աջակցություն հայտնեց Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին։  
15:15 - 05 ապրիլի, 2024
ԵՄ-ն ներդրումներ կանի Հայաստանի ենթակառուցվածքային նախագծերում․ Ուրսուլա Ֆոն դեր Լայեն
 |armenpress.am|

ԵՄ-ն ներդրումներ կանի Հայաստանի ենթակառուցվածքային նախագծերում․ Ուրսուլա Ֆոն դեր Լայեն |armenpress.am|

armenpress.am:  Բրյուսելում կայանալիք ՀՀ–ԵՄ–ԱՄՆ եռակողմ հանդիպմանն ընդառաջ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ ԵՄ-ն խոստացել է ուս ուսի կանգել Հայաստանի կողքին եւ այսօր այդ խոստումը կատարում է։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ուրսուլա Ֆոն դեր Լայենն այս մասին ասել է Փաշինյան-Բլինքեն-Ֆոն դեր Լայեն հանդիպմանը նախորդած ասուլիսի ժամանակ։ Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ Ֆոն դեր Լայենը նշեց, որ Հայաստանի հետ գործընկերության տեսլականը կյանքի կկոչվի Հայաստանի դիմակայունությանը նպաստելու ծրագրի միջոցով։ «Մենք ներդրումներ կանենք, որպեսզի Հայաստանի տնտեսությունն ու հասարակությունն ավելի ամուր լինեն և ցնցումների նկատմամբ կայուն», - ասաց Եվրահանձնաժողովի նախագահը՝  նշելով 270 մլն եվրո դրամաշնորհի մասին, որը կօգնի հատկապես փոքր եւ միջին ընկերություններին։ Ֆոն դեր Լայենի խոսքով՝ ԵՄ-ն Հայաստանում ներդրումներ կանի հատկապես ենթակառուցվածքային նախագծերում՝ մասնավորապես Սեւ ծովի էլեկտրական մալուխի նախագծում, ինչպես նաեւ վերականգնվող էներգիայի արտադրության մեջ։ Ուրսուլա Ֆոն դեր Լայենը ողջունեց Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը եւ նշեց՝ ԵՄ-ն կուսումնասիրի նաեւ միջսահմանային տրանսպորտը, երբ պայմանները թույլ տան։ Եվրահանձնաժողովի նախագահը խոսեց աջակցության նոր փաթեթի՝  Հայաստանի համար Եվրոպայի տնտեսական եւ ներդրումային ծրագրի մասին։ «Այն արդեն կես միլիարդ եվրո է մոբիլիզացրել ներդրումների համար։ Սա հրաշալի նորություն է, եւ մենք կարող ենք ավելին անել։ Ահա թե ինչու վերջերս գործարկեցինք ներդրումների համակարգման հարթակը, որպեսզի կարողանանք բացահայտել նոր նախագծեր եւ արագացնենք իրականացումը», - ասաց Ֆոն դեր Լայենը։ Եվրահանձնաժողովի նախագահը ողջունեց Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին միտված ջանքերը՝ չնայած երկրի առաջ ծառացած մարտահրավերներին եւ վերահաստատեց՝ ԵՄ-ն կշարունակի աջակցել իրականացվող բարեփոխումներին խորհրդատվության, տեխնիկական աջակցության եւ ֆինանսավորման միջոցով։ Ուրսուլա Ֆոն դեր Լայենը հավելեց, որ չեն մոռանում տեղահանված արցախահայության ծանր վիճակի մասին։ «Հայաստանում փախստականների հումանիտար իրավիճակը մնում է առաջնահերթություն։ Մենք ավելի քան երեսուն միլիոն եվրո ենք տրամադրել նրանց աջակցելու համար եւ պատրաստ ենք ավելին անել»,- նշեց նախագահ Ֆոն դեր Լայենը՝ իր ուրախությունը հայտնելով, որ կարող են հույս դնել Միացյալ Նահանգների վրա՝ որպես հավատարիմ եւ համախոհ գործընկեր այս ջանքերում։ «Մենք շարունակելու ենք բոլորս միասին աշխատել հանուն Հայաստանի ապագայի՝ կայուն ու բարգավաճ հարավկովկասյան տարածաշրջանում»,- եզրափակեց Եվրոպական հանձնաժողովի նախագահը։
14:39 - 05 ապրիլի, 2024
Բրյուսելյան հանդիպումը հիմք կստեղծի նոր աշխարհաքաղաքական տարաձայնությունների համար. Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է կայանալիք հանդիպումը |tert.am|

Բրյուսելյան հանդիպումը հիմք կստեղծի նոր աշխարհաքաղաքական տարաձայնությունների համար. Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է կայանալիք հանդիպումը |tert.am|

tert.am: Թուրքիան դատապարտում է ԵՄ-ԱՄՆ-Հայաստան եռակողմ հանդիպումը․ այն հարված կհասցնի չեզոքության մոտեցմանը, որը պետք է հիմք ընդունվի տարածաշրջանում բարդ խնդիրների լուծման համար։ Այս մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի ԱԳ նախարարութունը։ «Տարածաշրջանը շատ մոտ է նրան, որ այդ պատմական հնարավորությունը հաջողությամբ պսակվի: Այս առումով առավել քան երբևէ կարևոր է, որ երրորդ երկրները, մասնավորապես ոչ տարածաշրջանային, այս գործընթացին մոտենան արդար և անաչառ՝ զգուշորեն խուսափելով առաջընթացի հասնելուն խոչընդոտող գործողություններից»: Թուրքիայի ԱԳՆ-ն ընդգծել է, որ Բրյուսելում նախատեսված եռակողմ հանդիպումը հակասում է չեզոքության սկզբունքին, որը պետք է հիմք ընդունել տարածաշրջանային վեճերը լուծելու համար։«Այդ նախաձեռնությունը, որից դուրս է մղված Ադրբեջանը, միայն հիմք կստեղծի նոր աշխարհաքաղաքական տարաձայնությունների համար Հարավային Կովկասում։ Անկարան ևս մեկ անգամ կոչ է անում երրորդ երկրներին հետագա գործողություններում հաշվի առնել տարածաշրջանի առանձնահատկությունները և հավասար դիրքորոշում պահպանել կողմերի նկատմամբ»։
20:57 - 04 ապրիլի, 2024
Արեւմուտք-ՌԴ առճակատման պայմաններում Բրյուսելի հանդիպումը բերելու է այդ առճակատման սրմանը մեր տարածաշրջանում․ Սարգսյան
 |news.am|

Արեւմուտք-ՌԴ առճակատման պայմաններում Բրյուսելի հանդիպումը բերելու է այդ առճակատման սրմանը մեր տարածաշրջանում․ Սարգսյան |news.am|

news.am: Արեւմուտք-ՌԴ առճակատման պայմաններում Բրյուսելի հանդիպումը բերելու է այդ առճակատման սրմանը մեր տարածաշրջանում։ Այս մասին այսօր՝ ապրիլի 4-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով ապրիլի 5-ի Բրյուսելում սպասվող վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի եւ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպմանը։ «Այս աշխարհաքաղաքական իրավիճակի պայմաններում այդպիսի հանդիպումը կարող էր օգտակար լինել Հայաստանին, բայց հիմա երբ այդպիսի առճակատում կա՝ Արեւմուտք-Ռուսաստան, ապա այդպիսի հանդիպումը վստահաբար բերելու է հենց այդ առճակատման ուժեղացմանը մեր տարածաշրջանում։ Լուրեր են պտտվում, որի հավաստիությունը չեմ կարող հաստատել, որ իբր մեզ փող են խոստանալու, բայց իմ կարծիքով Հայաստանի ակնկալիքը այդ հանդիպումից պիտի լինել՝ խնդրել ԵՄ-ին եւ ԱՄՆ-ին՝ ռեալ օգնեն վերականգնել Հայաստանի սուվերեն տարածքը, ազատ արձակվեն մեր գերիներն ու պատանդները, որ վերականգնվի արցախահայության իրավունքները։ ԵՄ-ն եւ ԱՄՆ-ն պետք է պահանջեն Հայաստանի կառավարիչից, որպեսզի Հայաստանում հաստատվի իրական ժողովրդավարություն, որպեսզի Հայաստանում քաղբանտարկյալներ չլինեն, իրական պայքար լինի կոռուպցիայի դեմ, այլ ոչ թե ընտրողական եւ ոչ իրավաչափ միջոցներով հաշվերհարդար տեսնելը»,- նշեց Սերժ Սարգսյանը։
18:40 - 04 ապրիլի, 2024