Աջակցություն Հայաստանի դիմակայունությանն ու արցախցիներին․ ինչ ասաց Բլինքենը Բրյուսելում
 |civilnet.am|
15:15 - 05 ապրիլի, 2024

Աջակցություն Հայաստանի դիմակայունությանն ու արցախցիներին․ ինչ ասաց Բլինքենը Բրյուսելում |civilnet.am|

civilnet.am:  «Այստեղ ենք տրանստլայնտայն աջակցություն հայտնելու հայ ժողովրդի ժողովրդավարական, բարեկեցիկ ապագային և ավելի ինտեգրված, ավելի խաղաղ Հարավային Կովկասին»․ ապրիլի 5-ին Բրյուսելում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ եռակողմ հանդիպումից առաջ հայտարարել է Բլինքենը։

«Մենք կիսում ենք հայ ժողովրդի ապագայի տեսլականը, ուզում ենք, որ Հայաստանը լինի ուժեղ, անկախ պետություն, որը խաղաղ է ապրում իր հարևանների հետ և միացված է տարածաշրջանին ու աշխարհին»,- ասաց պետքարտուղարը։

Նրա խոսքով՝ հայ ժողովուրդն ընտրության առաջ է, և պետք է աջակցել նրան և Հայաստանի առաջնորդներին ընտրության այս պահին։

«ԱՄՆ-ը նախատեսում է ավելի քան 65 մլն դոլարի աջակցություն տրամադրել Հայաստանին 2023-ի բյուջեով, ինչը 50 տոկոսով ավելին է, քան երկու տարի առաջ»,- հայտարարեց Բլինքենը։ Նա հավելեց, որ Վաշինգտոնը հանձնառու է շարունակելու աջակցությունը Հայաստանի տնտեսական և ժողովրդավարական դիմակայունությանը՝ ներդրումներ անելով պարենային անվտանգության, թվային ենթակառուցվածքների, էներգիայի բազմազանեցման, առևտրային գործընկերների բազմազանեցման հարցերում։

«Շարունակելու ենք աջակցել 100 հազար տեղահանված արցախցիներին, դա կարևոր է Հայաստանի երկարաժամկետ քաղաքացիական բարեկեցության տեսանկյունից։ Սատարելու ենք այդ մարդկանց ինտեգրումը տնտեսության, հասարակության մեջ, ինչը ենթադրում է բնակարանների, աշխատանքի, կրթության ապահովում»,- նշեց ամերիկացի դիվանագետը։

Նա եզրափակեց՝ Հայաստանի համար տարածաշրջանային ինտեգրումը կարևոր է անվտանգությնան ու բարեկեցության հասնելու համար։ Բլինքենը նաև աջակցություն հայտնեց Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել