Արդարադատության նախարարություն

ՀՀ արդարադատության նախարարությունը գործադիր իշխանության պետական մարմին է։ Նախարարության կազմի մեջ է մտնում 14 կառուցվածքային ստորաբաժանում, 7 առանձնացված ստորաբաժանում, ինչպես նաև ՀՀ ԱՆ-ն ունի տարբեր ոլորտներում գործունեություն իրականացնող 7 իրավաբանական անձ։

ՀՀ արդարադատության նախարարն է Ռուստամ Բադասյանը։

Առաջարկվում է խոսքի, պատկերի կամ նշանի միջոցով հայհոյանքի համար սահմանել տուգանք՝ 100-150 հազար դրամի չափով |tert.am|

Առաջարկվում է խոսքի, պատկերի կամ նշանի միջոցով հայհոյանքի համար սահմանել տուգանք՝ 100-150 հազար դրամի չափով |tert.am|

tert.am: Արդարադատության նախարարությունն առաջարկում է  Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ անելու նախագիծ է ներկայացրել: Նախագիծը հանրային քննարկման է դրվել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում: Նախագիծը մշակվել է ՀՀ գլխավոր դատախազության կողմից, ներկայացրել է Արդարադատության նախարարությունը: Նախագծով առաջարկվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգիրքը լրացնել: Սահմանվել են հայհոյանքի դրսևորման ձևերը՝ խոսքի, պատկերի կամ նշանի միջոցով՝ նպատակ ունենալով հնարավորինս համապարփակ կերպով ամրագրել հիմնական ձևերը՝ չբացառելով դրսևորման այլ ձևերի հնարավորությունը: «Հասարակական վայրերում, զանգվածային լրատվության միջոցներով կամ ինտերնետային կայքերով (այդ թվում՝ սոցիալական ցանցերով) խոսքի, պատկերի, նշանի կամ այլ միջոցով հրապարակային հայհոյանքը կամ ցանկացած ձևով անպարկեշտ վիրավորանքը, եթե չի պարունակում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև հարյուրհիսունապատիկի չափով: Այդ արարքը վարչական տույժ նշանակելուց հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելnւ առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսունմեկապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով»,-ասվում է նախագծում: Նախագծի հիմնավորման մեջ ասվում է՝ զանգվածային լրատվության միջոցներով կամ ինտերնետային կայքերով (այդ թվում՝ սոցիալական ցանցերով) կարելի է ականատեսը լինել հայհոյանքի, որն իր բնույթով հրապարակային է: Հաշվի առնելով հայհոյանքի դրսևորման բնույթը՝ այն է՝ հրապարակայնությունը, առկա է այդպիսի վարքագիծը պետության կողմից համարժեք իրավական գնահատականի արժանացնելու խնդիր, քանզի հրապարակային հայհոյանքով խաթարվում են սոցիալական բնական հարաբերությունը, հասարակական համերաշխությունը:
12:30 - 09 ապրիլի, 2021
Զինծառայությունից և զորակոչից խուսափածներին համաներում հայտարարելու նախագիծը համարվել է անհետաձգելի և կներկայացվի ԱԺ. Բադասյան

Զինծառայությունից և զորակոչից խուսափածներին համաներում հայտարարելու նախագիծը համարվել է անհետաձգելի և կներկայացվի ԱԺ. Բադասյան

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ֆեյսբուքյան իր էջում  ներկայացրել է զինծառայությունից և զորակոչից խուսափած անձանց համաներում հայտարարելու օրինագծի վերաբերյալ: ««Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից, վարժական հավաքից կամ զորահավաքային զորակոչից խուսափած անձանց նկատմամբ համաներում հայտարարելու մասին» օրենքի նախագիծն այսօր արժանացավ Կառավարության հավանությանը: Նպատակ ունենալով հնարավորություն ընձեռել պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, ինչպես նաև հայտարարված վարժական հավաքից և (կամ) զորահավաքային զորակոչից խուսափած անձանց Հայաստանի Հանրապետության տնտեսական, սոցիալական, հոգևոր, մշակութային ոլորտներում զարգացման համար սեփական ավանդը ներդնելու կարևորությունը և առաջնորդվելով մարդասիրության և համերաշխության սկզբունքներով՝ Կառավարությունը որոշել է հանդես գալ համաներում հայտարարելու առաջարկությամբ: Նախագծով առաջարկվում է համաներում հայտարարել մինչև 2020 թվականի սեպտեմբերի 26-ը ներառյալ (մինչև Ադրբեջանի Հանրապետության կողմից պատերազմի սանձազերծումը) 27 տարին լրացած շարքային և 35 տարին լրացած պահեստազորի սպայական կազմերի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, ինչպես նաև հայտարարված վարժական հավաքից և (կամ) զորահավաքային զորակոչից խուսափած և Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի ՄԻԱՅՆ 327-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ դատապարտված անձանց նկատմամբ: Մասնավորապես՝ նախագծով առաջարկվում է՝ 1. համաներում հայտարարելով՝ պատժից ազատել այն անձանց` ա. որոնք դատապարտվել են ազատությունից զրկելու հետ կապված պատժի, բ. որոնց նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել, կամ պատժի կրումը հետաձգվել է, գ. որոնք դատապարտվել են ազատությունից զրկելու հետ չկապված պատժի. 2. համաներում հայտարարելով՝ դադարեցնել պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատված անձանց նկատմամբ իրականացվող վերահսկողությունը: Հատկանշական է, որ համաներման շահառու են դառնալու նաև նշված հոդվածի հիման վրա հետախուզման մեջ գտնվող անձինք: Այսինքն՝ նախագծում նախատեսվել է դրույթ առ այն, որ համաներումը կիրառվում է նաև մինչև այս օրենքն ուժի մեջ մտնելը հետախուզման մեջ գտնվող այն անձանց նկատմամբ, որոնք, ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ, մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ անձամբ կամովին կներկայանան քրեական հետապնդման մարմիններ, իսկ եթե գործը դատարանի վարույթում է` դատարան։ Նախնական տվյալներով, այս համաներման շահառուների թիվը կարող է լինել 5000 և ավելի։ Նախագծի համաձայն՝ hամաներումը չի կիրառվելու` 1. այն անձանց նկատմամբ, որոնք սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ, բացի Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասից, հանցագործությունների կամ դատավճիռների համակցության կանոններով կարող են մեղադրվել, մեղադրվում են կամ դատապարտվել են նաև Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի այլ հոդվածով. 2. մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը հետախուզման մեջ գտնվող անձանց նկատմամբ, բացառությամբ այն անձանց, որոնք մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ անձամբ կամովին կներկայանան քրեական հետապնդման մարմիններ, իսկ եթե գործը դատարանի վարույթում է` դատարան. 3. այն անձանց նկատմամբ, որոնց դեպքում վերջին տասը տարվա ընթացքում` ա. նշանակված պատժաչափը կրճատվել է Հայաստանի Հանրապետության նախագահի` ներում շնորհելու մասին հրամանագրի կամ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի համաներման ակտի հիման վրա, կամ բ. որոնց պատիժը կրելուց ազատել են Հայաստանի Հանրապետության նախագահի` ներում շնորհելու մասին հրամանագրի կամ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի համաներման ակտի հիման վրա, կամ գ. որոնց նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել, կամ քրեական հետապնդումը դադարեցվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի համաներման ակտի հիման վրա: 4. այն անձանց նկատմամբ, որոնք Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքը կատարել են մեկ այլ գործով նշանակված՝ պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքում սահմանված փորձաշրջանի ընթացքում։ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը համարվեց անհետաձգելի և սահմանված կարգով կներկայացվի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով»,- տեղեկացրել է Ռուստամ Բադասյանը:
12:54 - 08 ապրիլի, 2021
Երթևեկության կանոնների իրավախախտումներով բողոքարկումները դատարանում կքննվեն գրավոր ընթացակարգով |armenpress.am|

Երթևեկության կանոնների իրավախախտումներով բողոքարկումները դատարանում կքննվեն գրավոր ընթացակարգով |armenpress.am|

armenpress.am: ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը հավանություն տվեց կառավարության ներկայացրած օրենքի նախագծին, որով նախատեսվում է, որ Հայաստանում վարչական դատարաններում մի շարք իրավախախտումներով բողոքարկումների գործերը կքննվեն բացառապես գրավոր ընթացակարգով՝ առանձին բացառություններով: Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ հանձնաժողովի նիստում ներկայացրեց Արդարադատության փոխնախարար Սուրեն Գրիգորյանը: «Նախագծով առաջարկվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի մի շարք հոդվածների պայմաններում, երբ բողոքարկում կներկայացվի դատարան, քննություն իրականացնել բացառապես գրավոր ընթացակարգով: Միևնույն ժամանակ նախատեսվում է, որ եթե դատարանը անհրաժեշտություն է տեսնում անցնել բանավոր քննության, դրա հնարավորությունն ունի: Կողմերն էլ զրկված չեն միջնորդություն ներկայացնելուց և դատարանին խնդրելուց ընդհանուր կարգով քննությունն իրականացնելուց»,-ասաց Գրիգորյանը: Նա ներկայացրեց այն հոդվածները, որոնցով առաջարկվում է, որ պարտադիր լինի գրավոր քննություն: Դա Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 123.3 հոդվածն է, որը նախատեսում է առանց ամրակապվելու կամ համապատասխան տրանսպորտային միջոցի դեպքում առանց սաղավարտի երթևեկելու կամ ուղևոր տեղափոխելու համար վարչական պատասխանատվություն, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշի օգտագործման կանոնները խախտելը, նաև ՃԵԿ կանոնների խախտումները, լուսացույցի սահմանված կանոնների խախտմամբ երթևեկելը, տրանսպորտային միջոցների վարորդների կողմից սահմանված արագությունը գերազանցելը և այլն: Այս բոլոր իրավախախտումներով բողոքարկումները  դատարաններում քննվելու են բացառապես գրավոր ընթացակարգով՝ առանձին բացառություններով: Նախագիծը միտված է դատարանների ծանրաբեռնվածությունը թեթևացնելուն:
16:31 - 07 ապրիլի, 2021
Ռուստամ Բադասյանը մանրամասներ է ներկայացրել Ծննդի գրանցումը՝ ծննդատանը» նախագծի վերաբերյալ

Ռուստամ Բադասյանը մանրամասներ է ներկայացրել Ծննդի գրանցումը՝ ծննդատանը» նախագծի վերաբերյալ

 «Ծննդի գրանցումը՝ ծննդատանը» նախագծի մեկնարկի օրվանից՝ 2020 թվականի մարտի 8-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը, ծննդօգնություն իրականացնող 9 բժշկական հաստատություններում գրանցվել է 6239 ծնունդ։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: «Սիրելի՛ հայրենակիցներ, 2020 թվականի մարտի 8-ին հայտարարվեց «Ծննդի գրանցումը՝ ծննդատանը» նախագծի մասին։ Այս պահին ծնունդները տեղում գրանցում են Հայաստանի 9 բժշկական կազմակերպություններ՝ յոթը՝ Երևանում և մեկական՝ Գյումրիում ու Էջմիածնում։ Բացման օրվանից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ծննդօգնություն իրականացնող 9 բժշկական հաստատություններում գրանցվել է 6239 ծնունդ։ Ծրագիրը շարունակական է․ Արդարադատության նախարարությունը հրավիրում է բոլոր ծննդօգնություն ցուցաբերող բժշկական կազմակերպություններին միանալ նախաձեռնությանը»,- գրել է նախարարը:
15:57 - 07 ապրիլի, 2021
Ես պատրաստ եմ կրել քաղաքական պատասխանատվություն. Բադասյանը՝ դատաիրավական բարեփոխումների մասին
 |armtimes.com|

Ես պատրաստ եմ կրել քաղաքական պատասխանատվություն. Բադասյանը՝ դատաիրավական բարեփոխումների մասին |armtimes.com|

armtimes.com: «Մեծ ցավ եմ ապրում տեղի ունեցած պրոցեսների համար»,- այսօր ԱԺ-ում հայտարարեց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ անդրադառբալով Մարտի 1-ի գործի շուրջ ստեղծված իրավիճակին: Հարցին՝ արդյոք դատարանի երեկվա որոշումից հետո մարտի 1-ի գործը փակված է, նախարարը պատասխանեց. «Չգիտեմ՝ մարտի 1-ի գործով նախաքննության փուլում, եթե չեմ սխալվում, կա գործ որը դեռ շարունակվում է, բայց այս հարցով պետք է դիմել պատասխանատուներին: Ես ոչ թե չեմ ուզում որևէ մեկնաբանություն տալ, այլ չեմ տիրապետում ամբողջ տեղեկատվությանը»: Բադասյանի խոսքով՝ մարտի 1-ի իրադարձությունների բացահայտման,  և թե՛ դատաիրավական բարեփոխումների,  թե՛ հակակոռուպցիոն բարեփոխումների ոլորտում իրենք դանդաղկոտություն են ցուցաբերել. «Մենք ունենք հաջողություններ ինստիտուցիոնալ մակարդակում, որոնք չեն երևում հանրությանը: Կենկրետ ամեն մի գործընթացի մասով կա պատասխանատու քաղաքական իշխանության կողմից, բայց կարծում եմ՝ հանրության հետ հարաբերություններում պետք է ազնիվ լինել և պետք է ընդունենք, որ մենք ունենք որոշ ձախողումներ»: Մարտի 1-ի գործին անդրադառնալով՝ լրագրողները  հիշեցրեցին, որ երկրի ղեկավարության մակարդակով հայտարարվեց, որ ըստ էության, մարտի 1-ի գործը բացահայտված է, նախարարը նշեց, որ կան նոր հանգամանքներ. «Բացահայտված են դերակատարները, ովքեր որոշումներ են ընդունել, և այդ որոշումների արդյունքում ինչեր են կատարվել մայրաքաղաքում, բայց կա ՍԴ որոշում, դատարանի կոնկրետ որոշում: Ես հիմնական պատասխանատուն եմ դատաիրավական բարեփոխումների, քննադատության հիմնական թիրախն այն է, որ վեթինգ չի կատարվել: Ես պատրաստ եմ կրել քաղաքական պատասխանատվություն, եթե վերլուծվի, որ ես եմ պատասխանատու հենց այդ հարցով»: Շարունակությունը կարդացեք Armtimes.com-ում։
12:19 - 07 ապրիլի, 2021
Հակակոռուպցիոն դատարանը կգործի 15 դատավորով. Դատական օրենսգրքի նախագիծը լրամշակվել է

Հակակոռուպցիոն դատարանը կգործի 15 դատավորով. Դատական օրենսգրքի նախագիծը լրամշակվել է

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում երկրորդ ընթերցմամբ քննարկվեց և հավանության արժանացավ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխությունների նախագիծը:  ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հայտնեց, որ առաջինից երկրորդ ընթերցման ժամանակահատվածում կատարվել են մի շարք փոփոխություններ, մասնավորապես՝ նվազեցվել են Հակակոռուպցիոն դատարանի դատավորների թիվը, դատարանը կգործի 15 դատավորով, որից առնվազն 10-ը պետք է լինեն մասնագիտացված կոռուպցիոն հանցագործությունների, 5-ը՝ հակակոռուպցիոն քաղաքացիական գործերի գծով: Նախարարի խոսքով՝ սահմանվել են Վերաքննիչ քրեական և Վերաքննիչ քաղաքացիական դատարաններում առանձին դատավորների միջև գործերի բաշխման առանձնահատակությունները:  Բադասյանն ասաց, որ նախագծից հանվել են Վերաքննիչ դատարանի դատավորների թեկնածուների համար բարեվարքության ուսումնասիրությունն անցնելու պարտադիր պահանջի կարգավորումները:  Նա նշեց, որ Քրեական դատավարության օրենսգրքից էլ հանվել են Հակակոռուպցիոն դատարանին կոռուպցիոն հանցագործություններով միջդատական վարույթի նկատմամբ վերահսկողության իրականացման իրավասության վերապահման և Վերաքննիչ քրեական դատարանի վերաբերյալ դրույթները՝ հաշվի առնելով, որ Կառավարությունն այդ առումով առաձին նախաձեռնությամբ է հանդես եկել:  Եվս մեկ փոփոխություն՝ նվազեցվել են Հակակոռուպցիոն դատարանի դատավորների պաշտոնային դրույքաչափերը՝ դրանք հավասարեցնելով դատավորների պաշտոնային դրույքաչափերին, միաժամանակ՝ Հակակոռուպցիոն դատարանի դատավորների համար հավելումներ են սահմանվել:  Արդարադատության նախարարը նշեց, որ գլխավոր դատախազությունում ստեղծվող Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացվող մինչդատական վարույթի նկատմամբ վերահսկողության իրականացնող դատախազների պաշտոններում կարող են նշանակվել միայն բարեվարքության ուսումնասիրություն անցած անձինք: 
11:50 - 07 ապրիլի, 2021
Առաջարկվում է վերանայել դատարան դիմելու համար պետական տուրքերի գործող դրույքաչափերը. նախագիծը քննարկվեց երկրորդ ընթերցմամբ |1lurer.am|

Առաջարկվում է վերանայել դատարան դիմելու համար պետական տուրքերի գործող դրույքաչափերը. նախագիծը քննարկվեց երկրորդ ընթերցմամբ |1lurer.am|

1lurer.am: ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում երկրորդ ընթերցմամբ քննարկվեց «Պետական տուրքի մասին» և հարակից օրենքներում փոփոխությունների փաթեթը:   Արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը նշեց, որ Հայաստանի դատական համակարգում գործող պետական տուրքերը 1999 թվականից չեն փոխվել, մինչդեռ Համաշխարհային բանկի տվյալներով՝ այս տարիներին սոցիալ-տնտեսական ցուցանիշները միջինում աճել են 4.1 անգամ: Մասնավորապես, ըստ նրա, փոխվել են՝ ՀՆԱ-ն՝ մեկ շնչի հաշվով, նվազագույն աշխատավարձի, նվազագույն սպառողական զամբյուղի չափերը և այլն:   Փոխնախարարի խոսքով՝ դիտարկելով պետության կողմից դատարանների վրա ծախսված գումարը և հավաքվող պետական տուրքերը՝ 4-5 անգամ տարբերություն է նկատվում: Նա տեղեկացրեց, որ 2018-ին փաստացի ծախսերը կազմել են 9 մլրդ դրամ, եկամուտները՝ 1 մլրդ դրամ, 2019-ին փաստացի ծախսերը կազմել են 12 մլրդ դրամ, եկամուտները՝ մոտ 2 մլրդ դրամ, նույն ցուցանիշներն են նաև 2020-ին: Դանիելյանն ասաց, որ միջազգային փորձի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մի շարք երկրներում պետական տուրքերն ավելի բարձր են, քան Հայաստանում:  Նախարարի տեղակալը ներկայացրեց նախագծով առաջարկվող փոփոխությունները, թե պետական տուրքի ինչ նոր դրույքաչափեր են սահմանվում դատարան տրվող հայցադիմումների, դիմումների, դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:  «Առաջին ատյանի դատարան դրամական պահանջներով 2 տոկոսի հայցագինը դարձվել է 3 տոկոս, սահմանվել է առավելագույն չափ՝ 25 մլն դրամ: Սահմանվել է նաև 15 մլն դրամ Վերաքննիչ դատարանում՝ որպես պետական տուրքի առավելագույն չափ, Վճռաբեկ դատարանում՝ 10 մլն դրամ: Փոփոխությունը կատարվել է՝ համեմատելով նվազագույն սպառողական զամբյուղի հետ:  Սահմանվել է նաև դատարաններ դիմելու համար պետական տուրքի նվազագույն չափ՝ 6000 դրամ: Պետտուրքի գործող նվազագույն չափը 1500 դրամ է:     Արբիտրաժի վճռի կատարողական թերթի տրամադրման համար պետտուրք չի գանձվի: Պետական տուրք չի գանձվի դիտորդական կազմակերպությունների կողմից ներկայացված, ընտանիքում բռնության կանխարգելման գործերով հայցերի, հավաքի անցկացման վերաբերյալ համայնքի ղեկավարի գործողությունների իրավաչափությունը վիճարկելու, շրջակա միջավայրի պաշտպանության վերաբերյալ դիմումների դեպքում»,- նշեց նա:   Վահե Դանիելյանն ասաց, որ դատարան դիմելու առումով պետական տուրքն ապահովում է դատարանների ծախսերի փոխհատուցում և քաղաքացիների դեմ անհիմն հայցերից պաշտպանություն: Նա վստահեցրեց, որ այդ դեպքում պետական տուրքի բարձրացումն ի վնաս քաղաքացու չէ, այլ հակառակը:  Փոխնախարարը նշեց, որ առաջինից երկրորդ ընթերցման ժամանակահատվածում որոշում է կայացվել պետտուրքից ազատման արտոնություն սահմանել նաև զոհված զինծառայողների և քաղաքացիների ընտանիքների համար՝ ժառանգական վկայագիր ստանալու դեպքում:   ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ դրական եզրակացություն տվեց նախագծին, սակայն այս օրինագծի համար այս հանձնաժողովը գլխադասային չէ, ուստի նրա կարծիքը միայն խորհրդատվական է: Նախագծի ճակատագիրը կորոշի ԱԺ պետաիրավական հանձնաժողովը չորեքշաբթի կայանալիք նիստում:
11:35 - 05 ապրիլի, 2021
Հանրային ծառայությունների մատուցման միասնական գրասենյակը 5 ամսում սպասարկել է 13 հազար 650 քաղաքացու. հաշվետվություն

Հանրային ծառայությունների մատուցման միասնական գրասենյակը 5 ամսում սպասարկել է 13 հազար 650 քաղաքացու. հաշվետվություն

Արդարադատության նախարարությունն առաջիկա շաբաթների ընթացքում որոշակի պարբերականությամբ կներկայացնի արդարադատության նախարարության՝ նախորդ տարվա ընթացքում քաղաքացիներին առնչվող ոլորտներում արձանագրած ձեռքբերումները։  Նախարարությունը տեսանյութ է հրապարակել, որը վերաբերում է 2020 թվականի հուլիսի 22-ին Երևանի կենտրոնում՝ Վազգեն Սարգսյան 3 հասցեում գործարկված Հանրային ծառայությունների մատուցման միասնական գրասենյակին: Այն բացումից հետո՝ շուրջ հինգ ամիսների ընթացքում (մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31), սպասարկել է 13 հազար 650 քաղաքացու։    Միասնական գրասենյակում մատուցվում են՝   • Իրավաբանական անձանց ռեգիստրի գործակալության, • Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության, • Ազգային արխիվի, • Սոցիալական ապահովության ծառայության, • Կադաստրի կոմիտեի, • Պետական եկամուտների կոմիտեի, • Միգրացիոն ծառայության, • Թաղման բյուրոյի շուրջ 97 ծառայություններ։ Նույն վայրում նոտարական ու Անձնագրերի և վիզաների վարչության ծառայությունները՝ շուտով։ Այս կառույցներից միաժամանակ ծառայություններ ստանալու համար այլևս անհրաժեշտ չէ այցելել տարբեր հասցեներում գտնվող պետական մարմիններ։ Արդարադատության նախարարությունը նախատեսում է առնվազն մեկական Միասնական գրասենյակներ գործարկել յուրաքանչյուր մարզկենտրոնում (այս պահին Իջևանում այն արդեն գործում է «Հայփոստ»-ի բաժանմունքում (Երևանյան 10)):      
11:39 - 31 մարտի, 2021
Որևէ կասկած չկա, որ բոլոր այն դատավորները, որոնք անազնիվ են ժողովրդի և օրենքի հետ, հեռացվելու են․ Նիկոլ Փաշինյան |tert.am|

Որևէ կասկած չկա, որ բոլոր այն դատավորները, որոնք անազնիվ են ժողովրդի և օրենքի հետ, հեռացվելու են․ Նիկոլ Փաշինյան |tert.am|

tert.am: Սահմանադրական դատարանի որոշումը պիտի կարդանք` տեսնենք՝ մեջն ինչ է գրված, որ հետագայի վերաբերյալ կայացնենք որոշումներ։ Այս մասին Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղում բնակիչների հետ հանդիպմանը հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՍԴ-ի կողմից ՔՕ 300․1 հոդվածը հակասահմանադրական ճանչելուն։ Նա նշել է, որ դատարանի խնդիրն այն է, որ այն՝ որպես ինստիտուտ, չի կայացել։ «Մեր առաջիկա անելիքը պետք է լինի հետևյալը ՝մենք արդեն հասել ենք և բոլոր մեխանիզմները ձևավորել ենք, և որևէ կասկած չկա, որ բոլոր այն դատավորները, որոնք անազնիվ են ժողովրդի և օրենքի հետ, հեռացվելու են։ Դրա մեխանիզմները գործարկվել են արդեն։ Այսօր Արդարադատության նախարարության կողմից հարուցված տասնյակի չափ կարգապահական վարույթներ կան, որոնք գտնվում են ԲԴԽ-ում»,- նշել է նա։
18:20 - 28 մարտի, 2021
Համամասնական ընտրական համակարգը կնպաստի քաղաքական բանավեճի կայացմանը. նախարար |1lurer.am|

Համամասնական ընտրական համակարգը կնպաստի քաղաքական բանավեճի կայացմանը. նախարար |1lurer.am|

1lurer.am: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձավ քննարկումներին՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալ նո՞ր Ընտրական օրենսգրքով, թե՞ հնով: «Մենք համապատասխան դիրքորոշում կարտահայտենք, բայց կարծում եմ՝ երկար ժամանակ թե՛ քաղաքական ուժերի, թե՛ քաղհասարակության, թե՛ մեր հանրության մեծամասնության դիրքորոշումն այն է, որ ռեյտինգային համակարգը ամենահարմար համակարգը չէ ՀՀ-ի համար: Ռեյտինգային համակարգը տարիներ շարունակ համարվել է քողարկված մեծամասնական համակարգ, իսկ մեր երկրի համար, կարծում եմ՝ ավելի ճիշտ է, ավելի քաղաքական է և նպաստում է քաղաքական բանավեճի կայացմանը, եթե լինի մաքուր համամասնական համակարգ:  Ընտրական օրենսգիրքն ԱԺ-ի կողմից արդեն դրվել է շրջանառության մեջ, ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով»,- նշեց Բադասյանը: Նախարարի խոսքով՝ եթե քաղաքական ուժերի ու հասարակության շրջանում լինի կոնսենսուս, և փոփոխությունները տեղի ունենան արագ, ապա որևէ խոչընդոտ չկա, որ արտահերթ ընտրություններն իրականացվեն մաքուր համամասնական համակարգով՝ կուսակցական ցուցակներով:
11:51 - 22 մարտի, 2021
Ռուստամ Բադասյանը և ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանը քննարկել են պրոբացիայի ոլորտում համագործակցության հեռանկարները

Ռուստամ Բադասյանը և ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանը քննարկել են պրոբացիայի ոլորտում համագործակցության հեռանկարները

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադային: Նախարար Բադասյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին Նախարարություն կատարած այցի համար և բարձր գնահատել Ճապոնիայի Կառավարության ջանքերը՝ Կիոտո քաղաքում տեղի ունեցած ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 14-րդ կոնգրեսի աշխատանքները գերազանց կազմակերպելու համար։ Հիշեցնենք, որ Ռուստամ Բադասյանը, Կոնգրեսում ունեցած ելույթի ժամանակ, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել էր նաև 2020 թվականի սեպտեմբերին Թուրքիայի հովանավորչությամբ Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ սանձազերծված լայնամասշտաբ ռազմական ագրեսիային՝ նշելով, որ այդ 44 օրերի ընթացքում հայ ժողովուրդն ականատես է եղել միջազգային կոնվենցիաների կոպիտ խախտումների։ Դեսպանի հետ զրույցում նախարար Բադասյանը կրկին շնորհակալություն է հայտնել Ճապոնիայի կառավարությանը՝ Արցախյան պատերազմի հետևանքները չեզոքացնելու նպատակով Հայաստանին տրամադրած 3,6 մլն դոլարի հումանիտար օգնության համար և անդրադարձել Ճապոնիայի արդարադատության նախարար Յոկո Կամիկավայի հետ հանդիպման արդյունքներին։ Դեսպան Ջուն Յամադան կարևորել է երկու երկրների նախարարների հանդիպումն ու ուղիղ երկխոսություն սկսելու հնարավորությունը և տեղեկացրել, որ, թեև ավարտում է ՀՀ-ում իր դիվանագիտական առաքելությունը, սակայն դժվարությամբ է հեռանալու Հայաստանից և «սիրտը թողնելու է Հայաստանում»։ Ռուստամ Բադասյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին ի շահ Հայաստանի և Ճապոնիայի համագործակցության անձնական ներդրման համար և նորանոր ձեռքբերումներ մաղթել դիվանագիտական գործունեության ընթացքում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև քրեակատարողական և պրոբացիայի ոլորտներում համագործակցության հեռանկարները։
19:28 - 19 մարտի, 2021
Առաջարկվում է ԲԴԽ-ին օժտել նորմատիվ իրավական ակտեր ընդունելու լիազորությամբ. ԱԺ-ն քննարկում է նախագիծը |1lurer.am|

Առաջարկվում է ԲԴԽ-ին օժտել նորմատիվ իրավական ակտեր ընդունելու լիազորությամբ. ԱԺ-ն քննարկում է նախագիծը |1lurer.am|

1lurer.am: ԱԺ-ն արտահերթ նիստում քննարկում է Դատական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը: ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը տեղեկացրեց, որ փոփոխությունների նպատակն է ապահովել գործերի դատական քննության արդյունավետ իրականացումը, դրանց մասնակիցների իրավունքների ու օրինական շահերի պատշաճ իրացումը, գործերը ողջամիտ ժամանակում քննելու և լուծելու պահանջի ապահովումը, դատարանների բնականոն գործունեության երաշխիքների պահովումը: «Ըստ այդմ՝ առաջարկվող հիմնական փոփոխություններն ու լրացումները հանգում են հետևյալին. որպես դատական սանկցիայի առանձին տեսակ՝ նախատեսել իրավունքի իրականացման սահմանափակումը, որն առաջարկվում է դատարանի կողմից կիրառելի դարձնել այն դեպքերում, երբ դատավարության մասնակիցը իր դատավարական իրավունքներից օգտվելիս պարբերաբար չարաշահում է դրանք՝ վտանգելով դատավարության մյուս մասնակիցների իրավունքների պաշտպանության երաշխավորումն ու արդարադատության շահերի ապահովումը: Նախագծով առաջարկվում է ԲԴԽ-ին այսուհետ օժտել դատարանների բնականոն գործունեություն ապահովելու լիազորություն նախատեսելով, որ վերջինիս իրականացման ուղղությամբ ԲԴԽ-ն իրավունք ունենա ընդունելու նորմատիվ իրավական ակտեր: Այս լիազորության անհրաժեշտությունը կայանում է նրանում, որ ԲԴԽ-ն իր լիազորությունների իրականացման ընթացքում, որոնք կապված են օրինակ՝ դատարանների ծանրաբեռնվածության, աշխատանքների արդյունավետ կազմակերպման և այլ հարցերում երբեմն կարիք է ունենում հրատապ կարգավորում տալ առանձին հարցերի: Այդ գործառույթների իրականացման համար ԲԴԽ-ին առաջարկվում է օժտել նաև նորմատիվ իրավական ակտեր ընդունելու լիազորությամբ»,- նշեց Վարդանյանը: Նախագծի ընդունման դեպքում դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար ՀՀ արդարադատության նախարարից և դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովից բացի ԲԴԽ-ին դիմելու հնարավորություն կունենան նաև ֆիզիկական և իրավաբանական անձինք իրենց մասնակցությամբ կոնկրետ գործերով, եթե առերևույթ առկա է էական կարգապահական խախտման որոշակի հիմք, և պահպանված են ժամկետները: «Առաջարկվում է ԲԴԽ-ին լիազորություն վերապահել առանձնակի բարդություն ունեցող քրեական գործերի քննության արդյունավետությունը և դատավարության մասնակիցների օրինական շահերի պահպանումն ապահովելու նպատակով և ելնելով արդարադատության շահերից՝ տվյալ դատարանի կազմից ընտրել այդ գործերի քննության համար վիճակահանությանը մասնակից դատավորիների համապատասխան մասնագիտացում կամ ենթամասնագիտացում ունեցող դատավորների թվից՝ հաշվի առնելով նմանատիպ գործեր քննած լինելու հանգամանքը և այդ ընթացքում դատական նիստի բնականոն ընթացք ապահաովելու հմտությունները: Ըստ առաջարկի՝ ԲԴԽ-ն ընտրելու է չափորոշիչներին համապատասխանող 3 դատավորների, որոնց միջև տվյալ առանձնակի բարդության գործերը բաշխելու է՝ ներկայությամբ իրականացվող վիճակահանությամբ»,- մանրամասնեց պատգամավորը:
11:59 - 19 մարտի, 2021
Փոքր կենտրոնի բնակիչները Բադասյանին են ներկայացրել գույքի օտարման գործում 2008-ից ծագած խնդիրները

Փոքր կենտրոնի բնակիչները Բադասյանին են ներկայացրել գույքի օտարման գործում 2008-ից ծագած խնդիրները

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը մարտի 15-ին հանդիպել է Երևանի Փոքր կենտրոնի բնակիչներից ժիրայր Ավանյանին, Վարդան Գաբրիելյանին և Հարություն Սերոբյանին, ինչպես նաև նրանց փաստաբաններ Ալինա Ավետիսյանին և Նելլի Պապյանին, որոնք նեգրավված են հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման հարաբերություններում: Ինչպես տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախարար Բադասյանը կարևորել է խնդրի լուծման արդյունավետ եղանակ գտնելու անհրաժեշտությունը, հակիրճ անդրադարձել ՀՀ վարչապետի 2019 թվականի դեկտեմբերի 9-ի  համապատասխան որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքներին, լսել բնակիչների և փաստաբանների մտահոգություններն ու քննարկել իրավական այն ուղիները, որոնք կհանգեցնեն խնդրի լուծմանը։ ՀՀ արդարադատության նախարարությունից նաև հայտնում են, որ հանդիպման մասնակիցները ներկայացրել են հանրության գերակա շահերի ապահովման նպատակով գույքի օտարման գործընթացներում 2008 թվականից ծագած խնդիրները և հանգուցալուծմանն ուղղված իրենց դիրքորոշումները։ Ըստ աղբյուրի՝ նախարարությունը կշարունակի խնդրի ուսումնասիրությունը։
18:50 - 15 մարտի, 2021