Արցախ

Արցախի Հանրապետություն կամ Լեռնային Ղարաբաղ․ 1991թ․ սեպտեմբերի 2-ին անկախացած հանրապետություն։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո Արցախում տեղակայվել են ՌԴ խաղաղապահ ուժերը։ Ներկայումս  Արցախի  վերահսկողության տակ է նախկին Խորհրդային Միության կազմի մեջ մտնող Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը՝ բացառությամբ Հադրութի շրջանի և Շուշիի շրջանի Շուշի և Քարին տակ բնակավայրերի։

Մայրաքաղաքը Ստեփանակերտն է։ Գործող նախագահը Արայիկ Հարությունյանն է։

Արցախի Հանրապետության անկախությունը դեռեւս չի ճանաչել ՄԱԿ անդամ որեւէ պետություն։

 Քաշաթաղից տեղահանված բնակիչները  բողոքի ակցիա են իրականացրել կառավարության շենքի դիմաց |news.am|

Քաշաթաղից տեղահանված բնակիչները բողոքի ակցիա են իրականացրել կառավարության շենքի դիմաց |news.am|

news.am: Արցախից տեղահանված, տուն ու տեղ կորցրած մեր հայրենակիցները կանգնել են փաստի առջև․ Քաշաթաղից տեղահանվածներին տալիս են տան գնման սերտիֆիկատ, բայց բանկերը հրաժարվում են գումար տրամադրել, գործարք կնքել՝  նրանց կանգնեցնելով խնդրի առջև։ Այսօր՝ նոյեմբերի 24-ին, կառավարության դիմաց բողոքի ակցիա իրականացնող քաշաթաղցիներից մեկը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Արցախից տեղահանված քաղաքացիների խնդիրներն այս ընթացքում ավելացել են, որովհետեւ բնակարաններ գնելու սերտիֆիկաների բաժանումն սկսվել է: «Մոտ 4 հազար շահառու է, որ պետք է սերտիֆիկաներից օգտվի, նրանցից երեք հազարն արդեն ստացել է սերտիֆիկատները: Նրանց երեւի թե 90 տոկոսը մոտեցել են բանկերին, բայց որեւէ գործխարք անել չի հաջողվել: Այս ընթացքում ընդամենը 1-2 շահառու է կարողացել գործարք կատարել եւ ավարտին հասցնել գործարքը: մեկը նորապսակների ծրագրով են, այսինքն լրացուցիչ հիփոթեքային վարկ են վերցրել, որ կարողանան տուն առնել, երկրորդն էլ ավելի նորմալ պայմաններով բնակարան են վերցրել: Մնացածի մոտ չի ստացվում, քանի որ  մարդիկ հենց Քաշաթաղից ունեն խնդիրներ, որոնք լուծված չեն, իսկ բանկային համակարգն ունի իր կանոնները: Պետք է կառավարությունը ԿԲ-ի հետ համագործակցելով չեղարկեն այդ կանոնները, որպեսզի ամեն շահառու կարողանար բանկում կատարել իր գործարքը, ոչ թե ընկներ բանկային ողջ շղթայի մեջ; Դա եւ կանխավծարի մուծումն է, եւ տների գնահատումը եւ կադաստրի վճարումներ կատարելը եւ վարկային մաքուր պատմություն ունենալը: Այս բոլորը խանգարում է, որ մարդը կարողանա օգտագործել իր սերտիֆիկատը: Իսկ սերտիֆիկատն էլ տրվում է մեկ տարի ժամկետով, որից երեք ամիսն անցել է: Սերտիֆիկատի մեջ նաեւ գումար է նշված՝ մինչեւ 10 մլն դրամ, Երեւանի համար մինչեւ 8 մլն դրամ, սահմանամերձ գյուղերի համար՝ մինչեւ 14 մլն դրամ, եւ Արցախում՝ մինչեւ 12 մլն դրամ»,-ասաց նա: Հարցին, թե որքանով է հնարավոր 14 մլն դրամով սահմանամերձ գոտում բնակարան գնել, Քաշաթաղի բնակիչը պատասխանեց. «Սահմանամերձում ռեալ է, բայց բանկը կգնահատի՞ սահմանամերձում որեւէ տուն 14 մլն կամ 12 մլն դրամ, միանշանակ չի գնահատում բանկը: Բանկերի 90 տոկոսն ասում է՝ մենք գործարք չենք անում: Շահառուներին ասել են՝ հունվարին մոտեցեք»:
18:07 - 24 նոյեմբերի, 2022
Արցախի նախագահը մեկնաբանել է Սահմանադրության փոփոխության նախագիծը շրջանառությունից հանելու որոշումը

 |armenpress.am|

Արցախի նախագահը մեկնաբանել է Սահմանադրության փոփոխության նախագիծը շրջանառությունից հանելու որոշումը |armenpress.am|

armenpress.am: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը պարզաբանել է, թե ինչու է Սահմանադրության փոփոխության նախագիծը շրջանառությունից հանելու որոշում կայացրել: Հարությունյանը հարցին անդրադարձել է Արցախի խորհրդարանում: Նա պարզաբանել է, որ այդ փոփոխությունն առաջարկել էր, որովհետև քաղաքական ուժերի կողմից կար կարծիք, որ ամեն ինչ կենտրոնացված է մեկ մարդու՝ երկրի նախագահի ձեռքին, իսկ նոր իշխանություն ձևավորելու համար պետք էր գնալ արտահերթ ընտրությունների, որի միակ ճանապարհը սահմանադրական փոփոխությունն է: «Մինչև այսօր համարում եմ, որ Սահմանադրության մի հոդվածով իմ առաջարկած փոփոխությունն ամենաճիշտ տարբերակն է, բայց նաև երկրի ներքին կայունությունն ավելի կարևոր եմ համարում, քան սահմանադրական փոփոխությունը: Այսօր այդ փոփոխության կարիքը, բարեբախտաբար, չկա, քանի որ այդ լիազորություններն ամբողջությամբ կենտրոնացված չեն նախագահի ձեռքում: Իհարկե, նախագահի կողմից է այդ լիազորություններով օժտվել պետնախարարը, բայց գոնե բոլոր այն մտահոգությունները, որ կար նախկինում, այսօր ֆունկցիաների բաժանման արդյունքում, կարծես, լուծվել են: Դրա համար սահմանադրական փոփոխության հարցում մենք շտապելու որևէ անհրաժեշտություն չունենք»,-ասել է նախագահ Հարությունյանը՝ նշելով, որ ի առաջարկությունների վերաբերյալ Ազգային ժողովը մտահոգություններ էր հայտնել: Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 22-ին, հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 62-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետը և 78-րդ հոդվածի 6-րդ մասը, դիմել է Ազգային ժողովի նախագահին՝ Արցախի Հանրապետության Սահմանադրության փոփոխության նախագիծը վերադարձնելու նպատակով՝ այն հանելով շրջանառությունից: նման որոշման համար պատճառ են հանդիսացել Արցախի Հանրապետության սահմանադրական փոփոխության նախաձեռնության իրացման ընթացքում հնչած տարաբնույթ քաղաքական գնահատականները, ինչպես նաև նախագծի վերաբերյալ հանրության շրջանում առաջացած բացասական արձագանքները, ինչը կարող էր ներքին պառակտման ու լարվածության հերթական պատճառ դառնալ:
17:50 - 23 նոյեմբերի, 2022
Ներկա ճգնաժամային իրավիճակը և մարտահրավերները պահանջում են կառավարման նոր մոտեցումներ. Ռուբեն Վարդանյան

Ներկա ճգնաժամային իրավիճակը և մարտահրավերները պահանջում են կառավարման նոր մոտեցումներ. Ռուբեն Վարդանյան

Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանն այսօր հանդիպում է ունեցել իր համակարգման ոլորտում գտնվող նախարարների հետ: Պետնախարարն անդրադարձել է պետական կառավարման համակարգի գործունեության սկզբունքներին՝ նշելով, որ  ներկա ճգնաժամային իրավիճակը և մարտահրավերները պահանջում են կառավարման նոր մոտեցումներ: Նա տեղեկացրել է, որ Արցախի Հանրապետության նախագահի հետ պայմանավորվածության համաձայն՝ պետական նախարարի համակարգման ոլորտում գտնվող բոլոր նախարարները  դադարեցնում են պաշտոնավարումը: Նրանցից չորսը շարունակելու են պաշտոնավարել որպես նախարարի ժամանակավոր պաշտոնակատար, իսկ հինգը՝ ազատվում են աշխատանքից, որոնց լիազորությունները ժամանակավորապես կատարելու են նախարարների տեղակալները: Պետնախարար Ռուբեն Վարդանյանը շնորհակալություն է հայտնել  բոլոր նախարարներին՝ իրենց գործունեության համար: Նա հատկապես գնահատելի  է համարել այն նախարարների աշխատանքը, ովքեր պաշտոններն ստանձնել են  անմիջապես պատերազմից հետո՝  փորձելով հաղթահարել հետպատերազմական փուլը և նշել է, որ նրանց փորձն ու գիտելիքներն օգտակար կլինեն Արցախի զարգացման համար: Հանդիպումից հետո Ռուբեն Վարդանյանը նաև քննարկում է ունեցել նախարարների  ժամանակավոր պաշտոնակատարների հետ՝ հորդորելով նրանց ամենայն պատասխանատվությամբ մոտենալ իրենց աշխատանքներին և ողջ ծավալով իրականացնել պարտականությունները:
14:58 - 23 նոյեմբերի, 2022
Արայիկ Հարությունյանը դիմել է ԱԺ նախագահին՝ Արցախի Սահմանադրության փոփոխության նախագիծը վերադարձնելու նպատակով

Արայիկ Հարությունյանը դիմել է ԱԺ նախագահին՝ Արցախի Սահմանադրության փոփոխության նախագիծը վերադարձնելու նպատակով

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 62-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետը և 78-րդ հոդվածի 6-րդ մասը, դիմել է Ազգային ժողովի նախագահին՝ Արցախի Հանրապետության Սահմանադրության փոփոխության նախագիծը վերադարձնելու նպատակով՝ այն հանելով շրջանառությունից: Այս մասին տեղեկացնում է ԱՀ նախագահի կայքը։ Նման որոշման համար պատճառ են հանդիսացել Արցախի Հանրապետության սահմանադրական փոփոխության նախաձեռնության իրացման ընթացքում հնչած տարաբնույթ քաղաքական գնահատականները, ինչպես նաև նախագծի վերաբերյալ հանրության շրջանում առաջացած բացասական արձագանքները, ինչը կարող էր ներքին պառակտման ու լարվածության հերթական պատճառ դառնալ: Ըստ երկրի ղեկավարի՝ ներքին համերաշխությունն ու միասնականությունը պետության ամենազորեղ ուժն են և ամենակարևոր երաշխիքը՝ պետականաշինության այս դժվարագույն փուլում առկա մարտահրավերներն արժանապատվորեն դիմագրավելու գործում: Նշվում է, որ Հանրապետության նախագահը նախաձեռնելու է լրացուցիչ քաղաքական խորհրդակցություններ սահմանադրական փոփոխությունների հետագա ընթացքի շուրջ:
14:00 - 23 նոյեմբերի, 2022
Արցախի նախագահի հրամանագրերով մի խումբ նախարարներ ազատվել են պաշտոններից

Արցախի նախագահի հրամանագրերով մի խումբ նախարարներ ազատվել են պաշտոններից

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 23-ին ստորագրել է մի շարք հրամանագրեր՝ պաշտոններից ազատման վերաբերյալ, հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից։ Համաձայն այդ հրամանագրերի՝ Միքայել Հայրիյանն ազատվել է Առողջապահության նախարարի պաշտոնից: Առողջապահության նախարարի պարտականությունները ժամանակավոր վերապահվել են նախարարի տեղակալ Արթուր Օհանջանյանին: Նորայր Մուսայելյանն ազատվել է գյուղատնտեսության նախարարի պաշտոնից: Գյուղատնտեսության նախարարի պարտականությունները ժամանակավոր վերապահվել են նախարարի առաջին տեղակալ Տիգրան Առստամյանին: Անահիտ Հակոբյանն ազատվել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնից: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պարտականությունները ժամանակավոր վերապահվել են նախարարի տեղակալ Հասմիկ Մինասյանին: Արմինե Պետրոսյանն ազատվել է սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարի պաշտոնից: Սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարի պարտականությունները ժամանակավոր վերապահվել են նախարարի առաջին տեղակալ Վահրամ Առաքելյանին: Հայկ Խանումյանն ազատվել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնից: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պարտականությունները ժամանակավոր վերապահվել են նախարարի առաջին տեղակալ Վարդան Բեգլարյանին: Ժիրայր Միրզոյանն ազատվել է արդարադատության նախարարի պաշտոնից և նշանակվել արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար: Դավիթ Բաբայանն ազատվել է արտաքին գործերի նախարարի պաշտոնից և նշանակվել արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար: Արամ Սարգսյանն ազատվել է քաղաքաշինության նախարարի պաշտոնից և նշանակվել քաղաքաշինության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար: Վահրամ Բաղդասարյանն ազատվել ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի պաշտոնից և նշանակվել ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար:  
12:07 - 23 նոյեմբերի, 2022
Արցախում կառավարության նոր կազմ է ձևավորվում, որի մեջ ես չեմ լինի. Հայկ Խանումյանը լքում է Արցախի ՏԿԵ նախարարի պաշտոնը

Արցախում կառավարության նոր կազմ է ձևավորվում, որի մեջ ես չեմ լինի. Հայկ Խանումյանը լքում է Արցախի ՏԿԵ նախարարի պաշտոնը

Նոյեմբերի 23-ին, մոտ 2 տարի պաշտոնավարելուց հետո, կդադարեմ զբաղեցնել ԱՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի ՏԿԵ նախարար Հայկ Խանումյանը: «Արցախում կառավարության նոր կազմ է ձևավորվում, որի մեջ ես չեմ լինի: Կառավարությունն Արցախում ամենակազմակերպված մարմինն է և այն զգում է բոլորիս աջակցության կարիքը: Արցախի կառավարության ձախողումը, անկախ կազմից, կարող է ճակատագրական լինել ամբողջ հայության համար: Հետևաբար Արցախի կառավարությունը կարիք ունի ամբողջ հայության աջակցությանը: Շնորհակալություն եմ հայտնում ԱՀ նախագահին և կառավարության գործընկերներին՝ համատեղ աշխատանքի համար: Երախտապարտ եմ նախարարության և ենթակա կառույցների բոլոր աշխատակիցներին ճգնաժամային ու վերականգնման ժամանակաշրջանում այս ծանր բեռն իրենց ուսերին կրելու համար: Մենք աշխատել ենք՝ առանց ուշադրություն դարձնելու բազմաթիվ հարձակումներին, անարդար թիրախավորմանը, նախարարի ու նախարարության դեմ կազմակերպված արշավներին, իրենց պետական ինստիտուտների տեղ դրած թայֆաների կողմից ստեղծված շինծու քրեական գործերին: Շարունակում եմ գործել հանուն մեծ նպատակի՝ ուղղված Արցախը հայկական սուվերենության ներքո պահելուն»,- գրել է Խանումյանը:
19:02 - 22 նոյեմբերի, 2022
Ադրբեջանը այսօրվա մեջ երկրորդ անգամ ապատեղեկատվություն է տարածում, թե ՊԲ ստորաբաժանումները խախտել են հրադադարի ռեժիմը․ Արցախի ՊՆ

Ադրբեջանը այսօրվա մեջ երկրորդ անգամ ապատեղեկատվություն է տարածում, թե ՊԲ ստորաբաժանումները խախտել են հրադադարի ռեժիմը․ Արցախի ՊՆ

Նոյեմբերի 22-ին՝ օրվա ընթացքում երկրորդ անգամ, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել այն մասին, թե իբր ժամը 09:17-ից 14:48-ն ընկած ժամանակահատվածում, Պաշտպանության Բանակի ստորաբաժանումները տարբեր ուղղություններով խախտել են հրադադարի ռեժիմը և կրակ բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Այս մասին հայտնում են Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից։  Հիշեցնենք, որ Ադրբեջանի ՊՆ-ն առավոտյան տարածել էր ապատեղեկատվություն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները նոյեմբերի 21-ի ժամը 16։50-ից նոյեմբերի 22-ի ժամը 01։05-ն ընկած ժամանակահատվածում կրակ են բացել Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Միևնույն ժամանակ Արցախի ՊՆ-ից հայտնել են, որ երեկ և այսօր Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները խախտել են հրադադարի ռեժիմը՝ հրաձգային զինատեսակներից կրակ բացելով ՊԲ դիրքերի, ինչպես նաև Մաճկալաշեն գյուղի մերձակայքում գտնվող հողատարածքների ուղղությամբ։ 
17:50 - 22 նոյեմբերի, 2022
Ադրբեջանական կողմը կրակ է բացել գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիների ուղղությամբ․ Արցախի ՊՆ

Ադրբեջանական կողմը կրակ է բացել գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիների ուղղությամբ․ Արցախի ՊՆ

Ադրբեջանական բանակի ստորաբաժանումները կրակ են բացել գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիների ուղղությամբ. Նոյեմբերի 22-ին՝ ժամը 14:30-ին, Ասկերանի շրջան Սարուշեն համայնքի ղեկավարը ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի Կարմիր Շուկայի բաժանմունք է դիմել այն մասին, որ Մաճկալաշեն գյուղի վարչական տարածքում գտնվող Ամարասի հովտում՝ Սարուշեն համայնքին պատկանող գյուղատնտեսական հողատարածքներում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, ադրբեջանական բանակի մարտական հենակետերից հրաձգային տարբեր տեսակի զինատեսակներից անկանոն կրակոցներ է արձակվել, ինչի հետևանքով դադարեցվել է գյուղատնտեսական աշխատանքը: Քաղաքացիական անձանց շրջանում տուժածներ չկան:Ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը փաստերը հավաքագրել ու փոխանցել է խաղաղապահ զորակազմին: Հիշեցնենք, որ երեկ՝ նոյեմբերի 21-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, ևս նույն վայրում աշխատող խաղաղ բնակիչների ուղղությամբ հակառակորդը կրակ է բացել՝ խախտելով հրադադարի պահպանման ռեժիմը:
16:32 - 22 նոյեմբերի, 2022
Արցախում առաջարկում են պետական դավաճանության և լրտեսության համար սահմանել խստագույն պատիժ

Արցախում առաջարկում են պետական դավաճանության և լրտեսության համար սահմանել խստագույն պատիժ

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը նոյեմբերի 22-ին հրավիրել է հերթական նիստը: Այն վարում էր հանձնաժողովի նախագահ Սևակ Աղաջանյանը: Ինչպես տեղեկանում ենք Արցախի ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, օրակարգում «Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման հարցն էր: Ըստ հիմնական զեկուցող արդարադատության նախարար Ժիրայր Միրզոյանի՝ պետական դավաճանության և լրտեսության ծայրահեղ վտանգավորությունը պատերազմական գործողությունների մեջ գտնվող երկրի համար, մասնավորապես՝ ռազմական դրության պայմաններում, անհրաժեշտություն է առաջացրել վերանայել ներկայիս կարգավորումները և սահմանել խստագույն պատիժ: Ըստ այդմ՝ նախագծով առաջարկվում է «Պետական դավաճանությունը» և «Լրտեսությունը» հոդվածներում սահմանված պատիժն ավելի խստացնել: Օրենքի նախագծի ընդունման արդյունքում, պետական դավաճանության դեպքում կսահմանվի` տասնհինգից քսան տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ, իսկ լրտեսության դեպքում` տասներկուսից քսան տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ խստագույն պատիժ: Նախագծի վերաբերյալ Արցախի Հանրապետության աշխատակազմի փորձագիտական ծառայության կողմից առաջարկություններ չեն եղել: Օրինագիծը դրական եզրակացությամբ կներկայացվի ԱԺ առաջիկա հերթական նիստի քննարկմանը: «Արցախի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության մասին», ««Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ԱԺ գլխադասային հանձնաժողովի քննարկմանն է ներկայացրել Արցախի պետական վերահսկողական ծառայության պետ Մհեր Աբրահամյանը: Ծառայության պետի փոխանցմամբ՝ օրենքների նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում ակնկալվում է կանոնակարգել Արցախի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության կողմից պետական վերահսկողության իրականացման հետ կապված հարաբերությունները, սահմանել Ծառայության լիազորությունները, գործառույթները, կարգավորել Ծառայության աշխատակիցների սոցիալական երաշխիքների հետ կապված հարաբերությունները, սահմանել Ծառայության աշխատակիցների վարքագծի հատուկ կանոնները:  Նշվում է, որ Օրենքների նախագծերի փաթեթի ընդունման դեպքում կապահովվի նաև Արցախի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության բնականոն, արդյունավետ գործունեությունը,կերաշխավորվի հանրային իշխանությունների թափանցիկ գործունեությունը, մասնավորապես՝ ֆինանսական թափանցիկ գործունեությունը: ԱԺ փորձագիտական ծառայության եզրակացությամբ՝ նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտություն չկա: Փաթեթն արժանացել է հանձնաժողովի հավանությանը, այն կընդգրկվի ԱԺ հերթական նիստի օրակարգում:
15:29 - 22 նոյեմբերի, 2022
Ադրբեջանական կողմը մի քանի ուղղություններով Արցախում խախտել է հրադադարի ռեժիմը՝ կրակ բացելով ՊԲ դիրքերի, ինչպես նաև տրակտորի ուղղությամբ․ Արցախի ՊՆ

Ադրբեջանական կողմը մի քանի ուղղություններով Արցախում խախտել է հրադադարի ռեժիմը՝ կրակ բացելով ՊԲ դիրքերի, ինչպես նաև տրակտորի ուղղությամբ․ Արցախի ՊՆ

Նոյեմբերի 21-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները մի քանի ուղղություններով խախտել են հրադադարի ռեժիմը՝ հրաձգային զինատեսակներից կրակ բացելով ՊԲ դիրքերի, ինչպես նաև Մաճկալաշեն գյուղի մերձակայքում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող տրակտորի ուղղությամբ։ Հայկական կողմը կորուստներ չունի։ Այս մասին հայտնում է Արցախի ՊՆ ծառայությունը։    Հրադադարի խախտման դեպքերի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։   Միևնույն ժամանակ, Ադրբեջանի ՊՆ-ն տարածել է հերթական ապատեղեկատվությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները նոյեմբերի 21-ի ժամը 16։50-ից նոյեմբերի 22-ի ժամը 01։05-ն ընկած ժամանակահատվածում կրակ են բացել Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
10:03 - 22 նոյեմբերի, 2022