Անվտանգության խորհուրդ

Անվտանգության խորհուրդը պետական մարմին է, որը գլխավորում է վարչապետը: Խորհուրդը սահմանում է պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունները, այդ թվում՝ իրականացնում է պաշտպանության ռազմավարական պլանավորում եւ վերանայում, հաստատում է զինված ուժերի, այլ զորքերի զարգացման պլանը, զինված ուժերի ծավալման պլանը, զինված ուժերի զորահավաքային պլանը, զինված ուժերի կիրառման պլանը, Հայաստանի Հանրապետության տարածքի պաշտպանության օպերատիվ սարքավորման պլանը, քաղաքացիական պաշտպանության հանրապետական պլանը, զինված ուժերի եւ այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմի պաշտոնների, բարձրագույն սպայական կազմի պաշտոնների եւ դրանց համապատասխանող բարձրագույն սպայական զինվորական կոչումների ցանկերը. ԱԽ-ն իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ եւս։ Վարչապետի առաջարկությամբ Ազգային խորհուրդը քննարկում է Հայաստանի Հանրապետության անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը եւ սահմանների անձեռնմխելիությանը վերաբերող հարցեր եւ պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղություններին վերաբերող հարցերով ընդունում է որոշումներ, իսկ իր իրավասության մեջ մտնող այլ հարցերով` խորհրդատվական բնույթի որոշումներ։

Արցախի անվտանգությունը Հայաստանի կարևորագույն շահերից է․ ԱԽ քարտուղար |armenpress.am|

Արցախի անվտանգությունը Հայաստանի կարևորագույն շահերից է․ ԱԽ քարտուղար |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ռազմավարությունում ներդրված է երկրի հիմնական շահերը՝ ինքնիշխանություն, տարածքային ամբողջականություն և Արցախի անվտանգություն։ Այս մասին Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ասաց Ազգային անվտանգության ռազմավարության նվիրված հանրային քննարկման ժամանակ։ «Ռազմավարությունն ունի տրամաբանություն, աստեղ փորձել ենք ներդնել Հայաստանի Հանրապետության հիմնական շահերը, որոնք առանձնացվել են 3 կետի՝ ինքնիշխանություն, տարածքային ամբողջականություն և Արցախի անվտանգություն։ Այսպիսով՝ մենք ԱՀ-ին տվել ենք ՀՀ շահի ամենաբարձր մակարդակը»,- նշեց Գրիգորյանը և հավելեց, որ տարածքային ամբողջականության, Հայաստանի սուվերենության հետ միասին Արցախի անվտանգությունը համարվում է ՀՀ կարևորագույն շահերից մեկը։ ԱԽ քարտուղարի խոսքով՝ այն մոտեցումները, որոնք ձևակերպված են Ազգային անվտանգության ռազմավարության մեջ, ամբողջությամբ արտացոլում են իրականությունը։ «Այնտեղ Ադրբեջանի հնարավոր ռազմական գործողությունները ձևակերպված են որպես առաջնային սպառնալիք, Թուրքիան այն իմաստով է սպառնալիք, որ Ադրբեջանին է աջակցություն ցույց տալիս։ Արտաքին քաղաքականության մեջ կա համահայկականության սկզբունքը, որն ընդհանուր առմամբ հստակ ցույց տվեց Ռուսաստանում բիզնեսների հետ ստեղծված խնդիրները, համահայկականության օրակարգը, ինչպես նաև աշխարհի տարբեր մասերում հայերի համախմբումը»,- ընդգծեց Արմեն Գրիգորյանը։
15:45 - 25 հուլիսի, 2020
Պետական մակարդակով Ադրբեջանը ահաբեկչություն կատարելու հայտ է ներկայացրել. Արմեն Գրիգորյանը՝ ատոմակայանը հրթիռակոծելու հայտարարության մասին |aysor.am|

Պետական մակարդակով Ադրբեջանը ահաբեկչություն կատարելու հայտ է ներկայացրել. Արմեն Գրիգորյանը՝ ատոմակայանը հրթիռակոծելու հայտարարության մասին |aysor.am|

aysor.am: Ատոմակայանը թիրախավորելու Ադրբեջանի հայտարությունները ամբողջովին տեղավորվում են ահաբեկչական պետության տրամաբանության շրջանակներում, պատասխանելով հարցին, թե ինչպես կարձագանքի Ադրբեջանի՝ Մեծամորի ատոմակայանը հրթիռակոծելու մասին հայտարարությանը, ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: «Այսինքն՝ պետական մակարդակով Ադրբեջանը ահաբեկչություն կատարելու հայտ է ներկայացրել», - ասաց նա: Արմեն Գրիգորյանն ասաց, թե ակնկալում են՝ միջազգային հանրությունն այս մասով կարձագանքի: «Իհարկե, արդեն եղել են արձագանքներ, բայց սա ոչ միայն Հայաստանին է ուղղված, այլ նաև տարածաշրջանին է ուղղված, ուղղված է ամբողջ մարդկությանը, մենք հույս ունենք, որ միջազգային հանրությունն ավելի կոշտ կարձագանքի սրան», - ասաց ԱԽ քարտուղարը:
12:56 - 23 հուլիսի, 2020
ԱԽ նիստում վարչապետը հանդես է եկել Ազգային անվտանգության ռազմավարության վերաբերյալ ուղերձով

ԱԽ նիստում վարչապետը հանդես է եկել Ազգային անվտանգության ռազմավարության վերաբերյալ ուղերձով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Երևանում տեղի է ունենում Անվտանգության խորհրդի հերթական նիստը: Նիստում, ի թիվս այլ հարցերի, քննարկվում է Ազգային անվտանգության ռազավարությանը հավանություն տալու մասին հարցը: Այդ համատեքստում վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ուղերձով, որում, մասնավորապես, նշել է. «Ազգային ժողովի մեծարգո նախագահ Անվտանգության խորհրդի հարգելի անդամներ, Այսօր անվտանգության խորհրդի նիստի օրակարգում չափազանց կարևոր հարցեր են ընդգրկված, բայց ես ուզում եմ ընդգծել նրանցից մեկը՝ Ազգային անվտանգության ռազավարությանը հավանություն տալու մասին հարցը: Իհարկե, կարծում եմ մենք բավականին լավ նախագիծ ենք ստացել, բայց ուզում եմ ընդգծել, որ այստեղ կարևոր է ոչ միայն բուն տեքստը, այլև կոնտեքստը: Եվ մեր ազգային անվտանգության հարցը քննելիս, կարծում եմ նախ պետք է քննենք մեր ազգային ինքնության հարցը, որովհետև՝ ազգային անվտանգությունն ազգային ինքնության պահպանման, ֆիզիկական և բովանդակային սպառնալիքներից դրա պաշտպանության մասին է: Բայց մյուս կողմից՝ ազգային ինքնությունը նույնը չի մնում: Մեր ազգը, ժողովուրդն արդեն հազարամյակներ գոյություն ունի, բայց լինել հայ, նույն բանը չի նշանակել այդ հազարամյակների ողջ ընթացքում և հասկացության նշանակությունը փոխվել է ժամանակի հետ՝ տարբեր հանգամանքների, իրադարձությունների, գործոնների բերումով: Մենք հիմա չգիտենք՝ ինչ է նկատի ունեցել Արտաշես արքայի ժամանակների մեր հայրենակիցը, երբ ասել է հայ: Բայց հաստատ գիտենք, որ նույն բանը նկատի չի ունեցել, ինչ մենք ենք այսօր նկատի ունենում հայ ասելով: Առնվազն՝ նա չի իմացել մեր գոյության մասին, իսկ մենք նրա գոյության մասին գիտենք վստահաբար: Հենց միայն այս հանգամանքն ազգային ինքնության զարգացման էական գործոն է: Մենք հիմա չգիտենք, թե արդյոք 2000 տարի առաջ ապրած հայն իր գործողությունները դիտարկել է այսօրվա մեր գոյության շահերի տեսակետից, չգիտենք ընդհանրապես, այն ժամանակ մտքերի նման ընթացք եղե՞լ է, թե ոչ: Բայց հիմա կարող ենք այդպես վարվել՝ իմանալով անցյալը, մտածել ոչ միայն ներկայի ու ապագայի, այլև հազարամյա հորիզոնի մասին: Եվ թերևս սա է այն շրջադարձային կետը, որտեղ ազգային գաղափարախոսությունը դառնում է կենսական անհրաժեշտություն, կիրառական նշանակության ինստիտուտ, երբ կա խնդիր՝ անցյալի ու ներկայի փորձի հիման վրա ոչ միայն այսօրվա անելիքը ձևակերպել, այլև ապագային միտված մեր ուղերձը, որը հազար տարի հետո ապրող հային պետք է կապի հազար տարի առաջ ապրած հայի հետ: Թերևս հենց այսպիսին է ազգային ինքնության ու գիտակցության զարգացման գործընթացը: Ազգային ինքնությունը զարգանում է սեփական պատմության բերած փորձով, այդ փորձի իմացությամբ, այս փորձառության ու կյանքի ընթացքում ունեցած դրական և բացասական տպավորություններով, ինչպես նաև ապագայի ձգտումներով, որն օրգանական կապի մեջ է անցյալի ու ներկայի հետ: Երկար տարիների ընթացքում մեր ազգային ինքնությունը զարգացել է այնքան, որ այսօր կարող ենք ձևակերպել մեր նպատակադրումը՝ գալիք հազարամյակներում ապահովել մեր սերունդների գոյությունն ու բնականոն զարգացումը երկիր մոլորակի վրա, Հայաստան պետության տարածքում և մեր այսօրվա անելիքը դիտարկել նաև այդ տեսանկյունից: 2000 տարի հետո երկրի վրա ապրող հայը չի լինելու այնպիսին, ինչպիսին մենք ենք այսօր, ինչպես և մենք այսօր այնպիսին չենք, ինչպիսին եղել է 2000 տարի առաջ ապրած հայը: Բայց ի տարբերություն 2000 տարի առաջ ապրած հայի, մենք կարող ենք ուղերձ հղել 2000 տարի հետո ապրող հային: Եվ այդ ուղերձի հիմնական իմաստն այն պիտի լինի, թե ինչն է իրեն կապում մեզ ու մեզնից 2000 տարի առաջ ապրած հայի հետ և որոնք են այն պայմանները, որ պիտի ուժեղացնեն, կենսունակ դարձնեն այդ կապը: Մյուս կողմից, այդ կապը կապանք չպիտի՛ լինի: Այն ոչ թե պիտի հետ քաշի, այլ առաջ մղի, խթանի, ոգևորի, այն չպիտի դառնա մի ճնշող ներկայություն, այլ յուրաքանչյուր հայի հազարամյա առաքելության մասը զգալու, այդ առաքելության մասը դառնալու, այդ առաքելության շրջանակն ընդլայնելու, բովանդակությունը հարստացնելու խթան պիտի տա, վստահություն, ձգտում, ինքն իրեն ճանաչելու և գիտակցելու հետաքրքրություն պիտի պարգևի: Ազգային ինքնության ամենաառանցքային բաղադրիչը հենց կապն է արմատների հետ և ազգի պատմության ընթացքում ձևավորված ժառանգության, արժեքների նկատմամբ սեփականատիրական զգացումը, ինչը պիտի ուժեղացնի յուրաքանչյուր անհատի հավատն ու վստահությունը սեփական ուժերի նկատմամբ, այսպիսով նաև՝ ազգի, ժողովրդի հավատն ու վստահությունը սեփական ուժերի նկատմամբ: Այս է պատճառը, որ Ազգային անվտանգության ռազմավարության առաջաբանում հարկ եմ համարում գծագրել հենց այսպիսի ուղեգիծ, որը ձևակերպված է ստորև: Ընդ որում, այդ ասելիքի համար որպես բնաբան ընդտրել եմ Վահան Տերյանի հայտնի տողերը, որը հնչում է հետևյալ կերպ. Բաբելոնն է եղել մեր ախոյանը՝ տե՛ս –Անհետ կորել, անցել է – չար մշուշի պես: Եվ ուրեմն, մենք սերել ենք հայկական լեռնաշխարհում, Հայկ Նահապետից և մեր անունն է հայ: Մենք հետնորդներն ենք Վանի թագավորության, Երվանդունիների հարստության, Արտաշեսյանների հարստության, Արշակունիների հարստության, Բագրատունիների հարստության, Կիլիկյան թագավորության, Հայաստանի Առաջին Հանրապետության: Մենք ճանաչում ենք Հայկական ԽՍՀ բացառիկ դերը Հայաստանում կրթության, գիտության, մշակույթի, արդյունաբերության զարգացման գործում: Մենք Հայաստանի Երրորդ Հանրապետության հպարտ քաղաքացիներն ենք, Հայաստանի Երրորդ Հանրապետությունը հիմնադրած և Արցախն ազատագրած հայ ժողովրդի զավակները: Հայաստանի Հանրապետությունն Արցախի հայության անվտանգության և ազատության երաշխավորն է: Հայաստանի Հանրապետությունը համահայկական պետություն է և ներկայացնում է աշխարհի բոլոր հայերին: Հայ ժողովուրդը պատմական բազմաթիվ արհավիրքներ հաղթահարելու և 21-րդ դար հասնելու ուժ և կարողություն է ձեռք բերել այն հմտությունների, գիտելիքի և հատկանիշների շնորհիվ, որոնք զարգացրել է պետականություն ունենալու շրջանում: Այս պատմական գիտակցության վրա հենվելով է, որ հայ ժողովուրդը Մեծ Եղեռնից անմիջապես հետո կարողացավ վերստեղծել իր անկախ պետությունը: Հայկական պետությունը հայ ժողովրդի գոյության և զարգացման միակ երաշխավորն է: Հետևաբար հայկական պետությունը պետք է գոյություն ունենա հավիտյան, որովհետև հայ ժողովուրդը պետք է գոյություն ունենա հավիտյան: Ազգային արժեքներ Հայ ժողովրդի ազգային արժեքներն են՝ - Հայոց պետականությունը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը: - Հայ ժողովրդի պատմությունը, բանահյուսությունը. էպոսը, հավատալիքները, լեգենդները, առասպելները: - Հայոց լեզուն եւ գրերը, հայ գրականությունը, ներառյալ թարգմանական գրականությունը, գիտելիքը, գիտությունը: - Համահայկական ներուժը, հայկական սփյուռքը: - Հայրենիքը, ընտանիքը, անհատը: - Հայ առաքելական սուրբ եկեղեցին, Հայ կաթողիկե եկեղեցին, Հայ ավետարանական եկեղեցին. քրիստոնեությունը: - Հայ աշուղական, գուսանական, ժողովրդական, դասական, հեղինակային և էստրադային երաժշտությունը, հայկական պարարվեստը, հայկական կերպարվեստը, հայկական բեմարվեստը, հայկական ճարտարապետությունը: - Հեղինակային և հայկական կերպարվեստը: - Հայրենի բնաշխարհը՝ իր կենսաբազմազանությամբ: - Առաջադիմությունը, ազատասիրությունը, ինքնասիրությունը, հյուրասիրությունը, կրթասիրությունը, աշխատասիրությունը, օրինապահությունը, հարգանքը և հանդուրժողականությունը ուրիշ մարդկանց, ժողովուրդների, կրոնների նկատմամբ: Եղբայրական զգացմունքները և հարաբերությունները Հայաստանում և Արցախում ապրող ազգային փոքրամասնությունների նկատմամբ և անքակտելի միությունը նրանց հետ՝ արտահայտված Հայաստանի Հանրապետության և Արցախի քաղաքացիությամբ: - Հայկական խոհանոցը, նյութական և ոչ նյութական ժառանգության բոլոր այն նմուշները, որոնք արտահայտում, պատկերում, նկարագրում կամ խորհրդանշում են հայ ժողովրդի վերը նկարագրված ազգային արժեքները: Հաջորդ ենթավերնագիրն այս ուղերձում հետևյալն է. Ազգային նպատակներ Հայ ժողովրդի ազգային նպատակներն են՝ - Հայկական պետության հավիտենության համար անհրաժեշտ գաղափարական, անվտանգային, հանրային, քաղաքական, իրավական, տնտեսական, ժողովրդագրա-կան, միջազգային, կրթական, ինտելեկտուալ, մշակութային՝ ինստիտուցիոնալ պայմանների ապահովումը: - Արցախի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչումը՝ առանց որևէ սահմանափակման: - Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը, հետեւանքների հաղթահարումը և վերացումը:- Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անվտանգության, բարեկեցության, ազատության և երջանկության, ինչպես նաև հանրահռչակ մյուս իրավունքների ապահովումը և պաշտպանությունը: - Օրենքի առաջ բոլորի հավասարությունը, կանանց եւ տղամարդկանց իրավահավա-սարությունը, հանրային, պետական, տնտեսական կյանքում ներգրավվելու կանանց և տղամարդկանց հավասար հնարավորությունների ապահովումը, իրավունքների պաշտպանության եւ պարտականությունների կատարման վրա հիմնված ազգային միասնության հաստատումը: - Հայ ժողովրդի ազգային-պետական ինքնության, ինքնուրույնության եւ ինքնիշխանության պահպանումը և զարգացումը, ներառյալ ազգային ինքնության վերականգնումը և զարգացումը՝ ազգային ինքնագիտակցությունից հեռացած և հեռացող հայության շրջանում, ներառյալ հայության շրջանում հայոց լեզվի իմացության մակարդակի և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցողների թիվը էականորեն մեծացնելու միջոցով: - Համահայկական ներուժի համախմբումը՝ ազգային նպատակների իրագործման շուրջ հանուն ազգային արժեքների պահպանման և զարգացման: Հաջորդ ենթավերնագիրը, որ տեղադրել եմ այս ուղերձում՝ կոչվում է Համակեցության համահայկական կանոններ 1. Բռնությունը պետք է բացառվի ներհայկական որևէ հարցի լուծման գործիքակազմից: Բոլոր այն ուժերը, անհատները, որ բռնությունը դիտարկում են որպես ներհայկական որևէ հարցի լուծման միջոց, պետք է մերժվեն: Բռնությունից զերծ հանրության, բռնությունից զերծ ժողովրդի տեսլականը պետք է մեր համազգային միավորման անկյունաքարային դրույթը դառնա: Ասվածը չի կարող վերաբերվել օրինական ուժի կիրառմանը՝ հանցագործությունների կանխման և բացահայտման, հանրության բնականոն կյանքի ապահովման, ինչպես նաև արտաքին ագրեսիայից հայրենիքի պաշտպանության նպատակով: 2. Ժողովուրդը և նրա ազատ կամարտահայտությունն իշխանության ձևավորմանմիակ աղբյուրն է: Ժողովրդի ազատ կամքի աղճատման, աղավաղման ցանկացածփորձ պետք է դիտարկվի որպես հակապետական, հակազգային գործունեություն: 3. Հայաստանի և Արցախի, հայ ժողովրդի ինքնիշխանությունը բարձրագույն արժեք է: Օտար ուժերին ներհայկական, ներհայաստանյան հարցերի լուծմանը ներգրավելու, մեր երկրում որպես օտարերկրյա շահերի ներկայացուցիչ հանդես գալու պատրաստակամություն ունեցող ուժերը պիտի արժանանան հայ ժողովրդի և նրա լեգիտիմ ներկայացուցիչ Հայաստանի կառավարության կոշտ հակազդեցությանը: 4. Հայաստանը և Արցախը պետք է զերծ լինեն կոռուպցիայից. կոռուպցիայի բոլորԴրսևորումները, այդ թվում՝ հովանավորչությունը, արհեստական մենաշնորհները,մրցակիցների նկատմամբ արհեստական խոչընդոտներ հարուցելը պետք է արմատախիլ արվեն, կոռուպցիոն գործունեության արդյունքում պետությանը և ժողովրդին հասցված նյութական վնասները պետք է վերականգնվեն: 5. Իրավունքի և օրենքի գերակայությունը, օրենքի առաջ բոլորի հավասարությունը, իրավունքների պաշտպանությունը և պարտականությունների կատարումը պետք է դառնա ներազգային հարաբերությունների առանցք: Արտաքին կամ ներքին ազդեցությունների տրվող դատարանների գոյությունը սպառնալիք է ազգային անվտանգությանը: Դատարանները պետք է լինեն անկախ: Տնտեսության, քաղաքականության մեջ և հանրային կյանքի որևէ բնագավառում արտոնյալ խավի, շրջանակների, անհատների առկայությունը պետք է բացառել: 6. Արցախի հարցի կարգավորման բանակցային գործընթացի նպատակը պետք է լինի Արցախի ժողովրդի ինքնորոշման և անվտանգության համար մղված Արցախյան ազատամարտի արդյունքների պաշտպանությունը: Բանակցությունների արդյունքում Հայաստանի և Արցախի կառավարությունների համար ընդունելի համարված որևէ լուծում կարող է ընդունելի դիտվել միայն Հայաստանում և Արցախում ժողովրդական հավանության դեպքում։ Հաջորդ՝ վերջին ենթավերնագիրն այս ուղերձի. Մենք և աշխարհը Հայաստանն իր ողջ պատմության ընթացքում գտնվել է «արևելքի արևմուտքում» և «արևմուտքի արևելքում»՝ հաճախ դառնալով քաղաքակրթությունների բախման թատերաբեմ: Մենք մերժում ենք քաղաքակրթությունների բախման կանխավարկածը և միջազգային հարաբերություններում մեզ դիրքավորում որպես քաղաքակրթությունների երկխոսության ջատագով: Միջազգային և ազգամիջյան երկխոսությունը արտաքին հարաբերությունների մեր առանցքային տեսլականն է՝ հիմնված փոխադարձ հարգանքի, հասկանալու և հասկանալի դառնալու ձգտման վրա: Քաղաքակրթությունների, ժողովուրդների, պետությունների երկխոսությանը և բազմակողմ հարաբերություններին նպաստելը պիտի դառնա միջազգային խաղաղությանն ու կայունությանը աջակցելու մեր հանձնառության արտահայտությունը: Հայաստանը պատրաստ է դառնալ նման երկխոսության հարթակ: Այսքանը՝ որպես ուղերձ: Անդրադառնալով այսօր մեր կողմից ընդունվելիք Ազգային անվտանգության ռազմավարության տեքստին՝ ես ցանկանում եմ ընդգծել ևս մեկ կարևոր նրբություն: Այդ նրբությունը հետևյալն է, որ ռազմավարության մեջ Հայաստանի պետության գոյության աղբյուրը և երաշխիքը համարվում է հայ ժողովրդի կամքը, այսինքն՝ Հայաստանի Հանրապետության գոյությունը պայմանավորված է, պայմանավորվում է և պիտի պայմանավորվի հայ ժողովրդի կամքով: Եվ եթե առարկայական ձևակերպելու լինենք, թե ինչ նկատի ունենք՝ ասելով հայ ժողովրդի կամք, և ինչպես պետք է այդ կամքն արտահայտվի ամենօրյա իրավիճակներում, իմ ընկալումն այսպիսին է, որ կամքը գոյանում է իրավունքների և պարտականությունների իրացման խաչմերուկում, երբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, հայ ժողովուրդը՝ որպես ամբողջություն, հնարավորություն ունի իրացնել իր իրավունքները՝ միևնույն ժամանակ նույնքան նախանձախնդիր լինելով իր պարտականությունների կատարման մեջ, և այս երկու հասկացությունների հատման կետում է, որ գոյանում է այն կամքը, որի վրա իսկապես կարող է հենվել հայոց պետականությունը: Սա կարևոր առանձնահատկություն եմ համարում և կարևոր ընդգծում եմ համարում Ազգային անվտանգության ռազմավարության տեքստի և հայեցակարգի մեջ, որովհետև, ինչպես նախկինում մի քանի անգամ առիթ ունեցել ենք ասելու, սովորաբար հայոց պետականության գոյությունը և նաև, ցավոք, հետագայում չգոյությունը՝ մեր պատմության ընթացքի պայմանավորվել է հաճախ աշխարհաքաղաքական հանգամանքների նպաստավոր կամ աննպաստ լինելու հետ: Եվ մեր մեծագույն խնդիրն է՝ մեր ժողովրդի և պետության ճակատագիրը դուրս բերել այս ցիկլից, երբ աշխարհաքաղաքական գործոններն են դառնում այն առանցքային հանգամանքը, որոնք պայմանավորում են մեր պետության գոյությունը կամ չգոյությունը, և մեր պետությունը պետք է հիմնված լինի մեր ժողովրդի կամքի վրա: Եվ, ըստ էության, Ազգային անվտանգության այս ռազմավարությամբ մենք նոր նշաձող ենք դնում մեր առաջ: Բայց ես ցանկանում եմ ասել, որ դա ոչ այնքան նշաձող է, ավելի ճիշտ է դա անվանել՝ ծանրաձող, որովհետև դա մեզնից յուրաքանչյուրի՝ սկսած բարձրաստիճան պաշտոնյաներով, շարունակած քաղաքացիներով, մեզնից յուրաքանչյուրի վրա դնում է որոշակի՝ իհարկե, համաչափ և համարժեք պատասխանատվություն, և այդ պատասխանատվությունը կրելու և իրավունքներն իրացնելու մեր կամքից է կախված մեր պետականության հետագա գոյությունը, և ես համոզված եմ, որ մենք՝ որպես ժողովուրդ, որպես ազգ, իսկապես պատրաստ ենք այսօր վերցնել այդ պատասխանատվությունը: Ուրախ եմ, որ մենք հնարավորություն ունենք՝ որպես կառավարություն, որպես Անվտանգության խորհուրդ, այս պատրաստակամությունը ձևակերպել և ունենք մանդատ մեր ժողովրդից՝ ձևակերպել այդ պատրաստակամությունը և այդ պատրաստակամության իրացումը դարձնել մեր ամենօրյա աշխատանք: Շնորհակալ եմ: Այսքանը՝ որպես նախաբան»:
13:56 - 10 հուլիսի, 2020
Արցախի և Հայաստանի Հանրապետությունները լիովին կիսում են խաղաղության հասնելու և պատերազմի պատրաստվելու մոտեցումներն ու ջանքերը. Երևանում տեղի է ունենում ԱՀ և ՀՀ Անվտանգության խորհուրդների համատեղ նիստը

Արցախի և Հայաստանի Հանրապետությունները լիովին կիսում են խաղաղության հասնելու և պատերազմի պատրաստվելու մոտեցումներն ու ջանքերը. Երևանում տեղի է ունենում ԱՀ և ՀՀ Անվտանգության խորհուրդների համատեղ նիստը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի համանախագահությամբ այսօր՝ հունիսի 19-ին, Երևանում մեկնարկել է ԱՀ և ՀՀ Անվտանգության խորհուրդների համատեղ նիստը, որին ներկա են նաև հայկական երկու հանրապետությունների խորհրդարանների նախագահներ՝ Արթուր Թովմասյանը ու Արարատ Միրզոյանը:Մինչ օրակարգային հարցերին անցնելն Արայիկ Հարությունյանը և Նիկոլ Փաշինյանը հանդես են եկել ելույթներով:Իր խոսքում նախագահ Հարությունյանն ասել է.«Հայաստանի Հանրապետության մեծարգո՛ վարչապետ,Հայաստանի և Արցախի Հանրապետությունների անվտանգության խորհուրդների հարգարժա՛ն անդամներ,Քանի որ առաջին անգամ եմ մասնակցում Հայաստանի և Արցախի Հանրապետությունների անվտանգության խորհուրդների համատեղ նիստին, նախ, կուզեի ողջունել ավանդական դարձած այս ձևաչափը: Այն կարևորագույն ձևաչափ ու հարթակ է մեր միացյալ հայրենիքի ու ընդհանրապես հայ ազգի առջև ծառացած անվտանգային հիմնախնդիրների լուծման ուղիների շուրջ մտքերի փոխանակման, մոտեցումների հղկման և ջանքերի համատեղման համար: Արդեն նկատելի են այս ձևաչափով աշխատանքների առաջին ձեռքբերումները, և համոզված եմ, որ ժամանակի ընթացքում այդպիսի ձեռքբերումներն անընդհատ ավելանալու են՝ բարձրացնելով հայրենիքի անվտանգության մակարդակը:Հայոց միացյալ հայրենիքն այսօր ապրում է աննախադեպ անվտանգային մարտահրավերների պայմաններում, ինչը պայմանավորված է առաջին հերթին կորոնավիրուսի հարուցած անորոշություններով, իսկ անորոշությունն ինքնին գլխավոր անվտանգային սպառնալիքն է ամենուր: Ի թիվս սովորական դարձած երկարաժամկետ ռիսկերի, այժմ մենք պարտավոր ենք ոչ միայն արդյունավետ կերպով պաշտպանել հանրության կյանքն ու առողջությունը, այլ նաև՝ չեզոքացնել առկա իրավիճակով պայմանավորված կողմնակի ռիսկերը բոլոր բնագավառներում:Այդ տեսանկյունից կարևոր եմ համարում ներդաշնակ ու միասնական աշխատանքը բոլոր հնարավոր սուբյեկտների միջև՝ Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների գերատեսչություններից մինչև քաղաքացիներ ու տարբեր բնույթի կազմակերպություններ: Վստահ եմ՝ միայն պետական լիազոր մարմինների արդյունավետ համակարգմամբ ու հասարակության հավաքական ջանքերով մենք կկարողանանք դիմագրավել առկա մարտահրավերները՝ միևնույն ժամանակ օգտվելով ճգնաժամի ընձեռած հնարավորություններից:Անշուշտ, կորոնավիրուսի անտեսանելի սպառնալիքի դեմ պայքարելիս չպետք է թուլացնենք մեր զգոնությունը հատկապես Ադրբեջանից բխող տեսանելի վտանգի հանդեպ: Ադրբեջանի իշխանությունները տասնամյակներ շարունակ գոյաբանական սպառնալիք են ներկայացնում ոչ միայն Արցախի, այլև՝ Հայաստանի ողջ բնակչության նկատմամբ: Կողմնակից լինելով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորմանը՝ մենք միևնույն ժամանակ հարկադրված ենք ամեն օր պատրաստ լինել պատերազմի: Լինելով մեկ միասնական հայրենիքի և նույն անվտանգային համակարգի անբաժանելի մասերը՝ Արցախի և Հայաստանի Հանրապետությունները լիովին կիսում են խաղաղության հասնելու և պատերազմի պատրաստվելու մոտեցումներն ու ջանքերը: Դա ենթադրում է միասնական ջանքերով և՛ ռազմական ներուժի շարունակական բարելավում, և՛ սոցիալ-տնտեսական կարողությունների զարգացում, և՛ արտաքին քաղաքական լայն գործիքակազմի կիրառում հայ ժողովրդի իրավունքների ու շահերի պատշաճ պաշտպանության նպատակով, և՛, ինչու՞ չէ, տեղեկատվական կամ հոգեբանական անվտանգության պատշաճ երաշխավորում:Անվտանգության փոխազդող համակարգի գլխավոր հենասյուներից մեկն էլ պարենային ու էներգետիկ անվտանգությունն է, որտեղ ևս ձեռքբերումները նշանակալի են, սակայն նոր անելիքներ միշտ կան՝ միջավայրային մարտահրավերների և մեր նպատակների ու հնարավորությունների դինամիկ փոփոխությանը զուգահեռ: Մեր խնդիրն է ապահովել հնարավորինս ինքնաբավ ու ճկուն պարենային ու էներգետիկ համակարգ բոլոր իրավիճակների համար՝ երաշխավորելու համար ռազմական ու սոցիալ-տնտեսական անվտանգության ամրությունն ու կայունությունը: Այդ և մի շարք այլ առումներով ռազմավարական նշանակություն ունեն նաև ենթակառուցվածքները, և ուրախ եմ, որ համատեղ արդեն մեկնարկում ենք Արցախը Մայր Հայաստանին կապող երրորդ մայրուղու շինարարությունը:Հարգելի՛ ներկաներ,Եթե հակիրճ ձևակերպելու լինենք, Հայաստանի և Արցախի Հանրապետությունները կամ հայոց միացյալ հայրենիքը խնդիր ունի շարունակաբար բարելավել իր ռազմավարական դիմադրողականությունն ու ազդեցությունը առկա և գալիք անվտանգային միջավայրերում, որպեսզի կարողանա արդյունավետորեն դիմագրավել բազմոլորտ, բազմաշերտ, բազմապիսի և բազմաժամկետ մարտահրավերները:Այդ պատասխանատու գործառույթը դրված է առաջնահերթորեն անվտանգության խորհուրդներում ընդգրկված կառույցների վրա, ուստի մենք պարտավոր ենք կիրառել բոլոր արդյունավետ ձևաչափերն ու մեթոդները մեր համազգային առաքելությունը պատվով կատարելու համար:Բարի աշխատանքային ընթացք եմ մաղթում մեզ բոլորիս»:Իսկ վարչապետ Փաշինյանը իր ելույթում ասել է հետևյալը.«Արցախի Հանրապետության մեծարգո նախագահ,Հայաստանի և Արցախի Ազգային ժողովների մեծարգո նախագահներ,Անվտանգության խորհրդի հարգելի անդամներ,Այսօր տեղի է ունենում Հայաստանի և Արցախի անվտանգության խորհուրդների թվով 4-րդ նիստը և սա այլևս հաստատված մի ձևաչափ է, որտեղ քննարկվում են Հայաստանի և Արցախի անվտանգության օրակարգի ամենատարբեր հարցեր: Այսօրվա նիստը պայմանավորված է նրանով, որ Արցախում ձևավորվել է նոր իշխանություն, Անվտանգության նոր խորհուրդ է ձևավորվել և մենք կարևոր ենք համարում, որ Արցախի մեր գործընկերները հնարավորինս արագ ներգրավվեն այս աշխատանքներում:Նախ թույլ տվեք Արցախի անվտանգության խորհրդի բոլոր անդամներին շնորհավորել նշանակման կապակցությամբ: Հայաստանի անվտանգության խորհուրդը նույնպես նոր անդամներ ունի և նրանք նույնպես առաջին անգամ են մասնակցում այս ձևաչափով քննարկումներին և նրանց նույնպես շնորհավորում եմ այս առիթով:Այս համատեղ նիստի ընթացքում կարևոր եմ համարում մի քանի դիտարկումներ կատարել հարցերի երեք խմբի առնչությամբ, որոնք ես պայմանականորեն կսահմանեի որպես բանակցային գործընթացին Արցախի մասնակցության, բանակցությունների բովանդակային հատվածի հանդեպ մեր մոտեցումների և խաղաղ գործընթացի միջավայրի հարցեր:Անցած տարվա դեկտեմբերի 23-ին մեր համատեղ նիստի ընթացքում ես առանձնահատուկ կարևորեցի Արցախում անցկացվելիք համապետական ընտրությունները: Արցախում կայացած ընտրությունները հետապնդում էին երեք առաջնահերթ նպատակ: Առաջին՝ հնարավորություն տալ Արցախի ժողովրդին մարդու իրավունքների իրացմամբ ընտրել այն իշխանություններին, որոնք կկազմակերպեն երկրի քազղաքական և հասարակական կյանքը:Երկրորդ՝ հնարավորություն տալ Արցախի ժողովրդին ընտրել այն իշխանություններին, որոնք պետք է ապահովեն իր անվտանգությունը: Հայաստանի Հանրապետությունն իհարկե կշարունակի աջակցել Արցախի իշխանություններին Արցախի բնակչությանը պաշտպանելու իրենց հանձնառության մեջ՝ շարունակելով լինել Արցախի անվտանգության երաշխավորը: Երրորդ՝ Արցախի ժողովուրդը նախագահական և խորհրդարանական ընտրությունների արդյունքում պետք է մանդատ տար իր իշխանություններին՝ ներկայացնելու Արցախը նաև բանակցային սեղանին:Այժմ, երբ ընտրություններն ավարտվել են, իսկ իշխանությունները ձևավորվել, պետք է փաստել, որ այս երեք նպատակները լավագույնս կատարվել են: Մրցակցայկին և ժողովրդավարական ընտրությունների արդյունքում Արցախն ունի իշխանություն, որն արտահայտում է քաղաքական բարեփոխումների, տնտեսական և ենթակառուցվածքային զարգացման արցախցիների ձգտումները:Ընտրությունների և դրանց հետևած իշխանությունների կազմավորման արդյունքում Արցախում տեղի ունեցավ քաղաքական ուժերի համերաշխության և համախմբման կարևորագույն գործընթաց, ինչը վստահ եմ, առավել ամրապնդեց Արցախի անվտանգությունը:Վերջապես, ընտրություններն ընդգծեցին Արցախի ժողովրդի և նրա կողմից ընտրված իշխանության դերը խաղաղ կարգավորման գործընթացում: Ակնհայտ է, որ առանց Արցախի իշխանությունների լիարժեք ներգրավման՝ բանակցային գործընթացում չի կարող լինել էական առաջընթաց, քանի որ յուրաքանչյուր առաջընթացի համար անհրաժեշտ են կարևորագույն պայմանավորվածությունների ձեռքբերման և իրացման կարողություն և այստեղ է, որ Արցախի իշխանությունների ստացած ժողովրդական մանդատն անփոխարինելի է:Արցախի իշխանությունների ներգրավումը բանակցությունների բովանդակային հարցերում օբյեկտիվ անհրաժեշտություն է, որից խուսափելն առավել կձկձգի առանց այն էլ ձգձգված հակամարտությունը: Ակնհայտ է, որ հակամարտության կողմերն ունեն իրարամերժ դիրքորոշումներ առանցաքային մի շարք հարցերում և եթե անկեղծ լինենք, ապա շատ ավելի հեշտ է ասել որ հարցերում համաձայն չենք Ադրբեջանի հետ, քան որ հարցերում կարող ենք համաձայնության հասնել: Նման իրավիճակն առերևույթ ունի բազմաթիվ պատճառներ, բայց եթե մի պահ փորձենք դրանք ընդհանրացնել, ապա ակնհայտ է դառնում, որ մենք բախվում ենք երկու հիմնական խնդրի:Առաջին խնդիրն արդեն նշեցի, այն վերաբերվում է Արցախի իշխանությունների հետ բանակցելու Ադրբեջանի ներկայիս իշխանությունների դժկամության հետ: Ինչո՞ւ եմ շեշտում ներկայիս, որովհետև այս դահլիճում կան մարդիկ, որոնք ոչ միայն բանակցել, այլև փաստաթղթեր են ստորագրել Ադրբեջանի նախկին, ավելի ճիշտ այն ժամանակվա իշխանությունների հետ, ընդ որում նաև Հեյդար Ալիևի նախագահության շրջանում:Երկրորդ՝ Ադրբեջանը չի հրաժարվում առավելապաշտական կեցվածքից և դիտարկում է խաղաղ գործընթացը որպես իր բոլոր պահանջների աստիճանական կատարման միջոց: Այսինքն, ոչ թե փոխզիջման հասնելու միջոց, այլ իր բոլոր պահանջների աստիճանական կատարման միջոց: Այդպես չի լինում և չի լինելու, բանակցային գործընթացը մեկ կամ երկու ընդմիջում ունեցող պատվերով համերգ չէ, խաղաղությունը ենթադրում է փոխզիջման հասնելու պատրաստակամություն և համապարփակ լուծումներ:Հենց այդ պատրաստակամությունն ի նկատի ունենալով՝ ես առաջ էի քաշել այն բանաձևը, որի համաձայն՝ Արցախի հարցի որևէ լուծում պետք է ընդունելի լինի Ղարաբաղի ժողովրդի համար, Հայաստանի ժողովրդի համար և Ադրբեջանի ժողովրդի համար: Այս բանաձևը ոչ այլ ինչ է, քան փոխզիջման հնարավորությունն ընդունելու առաջարկ: Կրկնում եմ՝ հնարավորությունն ընդունելու առաջարկ, այլ ոչ թե կոնկրետ փոխզիջման ընդունում, որը դեռևս հեռու է ձևավորված լինելուց իմ նշած պատճառներով:Չընդունելով իմ առաջարկը՝ Ադրբեջանի նախագահը չի ընդունում ընդհանրապես որևէ փոխզիջման հնարավորություն: Եվ ուրեմն ակնհայտ է, որ մենք չենք կարող նման մոտեցումներով ակնկալել բանակցային գործընթացում իրական առաջընթաց, հատկապես, երբ դրանք ուղեկցվում են պատերազմի սպառնալիքներով կամ հայ ժողովրդի հանդեպ տարածքային կամ պատմական ուղղակի կամ անուղղակի պահանջներով:Ղարաբաղյան հակամարտությունն անժամկետ հայ-ադրբեջանական լայնածավալ թշնամության վերածելու փորձերը, որտեղ մեր ժողովուրդները միմյանցից կվիճարկեն ամեն ինչ՝ անցյալը, ներկան, ապագան և ողջ տարածաշրջանը, վստահ եմ՝ չի բխում ո՛չ հայ, ո՛չ էլ ադրբեջանցի ժողովրդի շահերից: Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Ռամիլ Սաֆարովի գործով դատավճիռը հստակ արձանագրեց և դատապարտեց Ադրբեջանում հայերի հանդեպ ատելության հողի վրա կատարվող հանցանքների խրախուսումը: Այս դատավճիռը պետք է սահմանի հստակ կարմիր գծեր Ադրբեջանի համար՝ ցույց տալով, որ այդ կարմիր գծերից անդին կանգնած է ոչ միայն Հայաստանը և հայ ժողովուրդը, այլև միջազգային հանրությունը:Քանի որ վերջին շրջանում Ադրբեջանի նախագահը սիրում է անդրադառնալ պատմությանը, ես նույնպես կցանկանայի ձևակերպել իմ միտքը որոշակի պատմական օրինաչափության մատնանշմամբ: Իր պատմության ողջ ընթացքում, այսինքն՝ վերջին 100 տարում, Ադրբեջանը ենթարկվել է 2 մեծ փորձությունների՝ 1920 թվականի ապրիլին, երբ Ադրբեջանը կորցրեց իր՝ 2 տարի առաջ ձեռք բերած պետականությունը, և 1993 թվականի հունիսին, երբ Ադրբեջանը վերստին մոտեցել էր 2 տարի առաջ ձեռք բերված պետականության կորստի եզրագծին, ինչի մասին մեզ այսօր հիշեցնում է ադրբեջանցիների ազգային փրկության օրվա գոյությունը, որի հերթական տարեդարձը, ի դեպ, նշվեց օրեր առաջ:Ադրբեջանի պետականության համար այս 2 փորձությունները պայմանավորված էին թե՛ 1920, և թե՛ 1991 թվականին Արցախի դեմ սանձազերծած պատերազմով: Պարզ է, որ թե՛ 1920, և թե՛ 1990-ականների սկզբին Ադրբեջանը գերագնահատել էր իր կարողությունները և թերագնահատել պատերազմի կործանարար հետևանքները: Ես հեռու եմ այն մտքից, որ ինչ վատ է Ադրբեջանին, լավ է Հայաստանին և Արցախին: 1920 թվականին Ադրբեջանի պետականության կորուստը մեզ՝ հայերիս, ոչինչ չտվեց: Եվ առավել կարևոր է, որ 1994 թվականին մենք՝ Հայաստանը և Արցախը, կարողացանք Ադրբեջանի հետ մեկտեղ հրադադար հաստատել և վերջ տալ պատերազմին և կայունացնել իրավիճակը տարածաշրջանում:Հայաստանի և Արցախի միասնական անվտանգության համակարգն առավել քան պատրաստ է պաշտպանելու հայ ժողովրդի անվտանգությունը մեր հայրենիքի յուրաքանչյուր հատվածում: Ուժի կիրառումն անհետևանք չի մնա, և դրան մշտապես կտրվի առավել քան համարժեք պատասխան թե՛ ռազմական, թե՛ քաղաքական հարթություններում: Սա հասկանում է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որն, ըստ էության, ինքն իրեն դրել է փակուղու մեջ: Ավելի քան 15 տարի նա սեփական ժողովրդին խոստացել է ռազմական ճանապարհով լուծել Ղարաբաղի հարցը, այս վերնագրի ներքո միլիարդավոր դոլարներ են ծախսվել, որոնք շատ հաճախ ուղղակի փողերի լվացման տպավորություն են գործում, որոնք, ի վերջո, հանգրվանում են օֆշորային գոտիների՝ հայտնի մարդկանց պատկանող հաշիվներին: Ու հիմա նա չի կարողանում սեփական ժողովրդին բացատրել, թե ինչու է իրականությունն այնպիսին, ինչպիսին կա:Նա հասկանում է, որ իր հնարավոր արկածախնդրությունն անդառնալի ավերածություններ կբերի ոչ միայն Ադրբեջանին, այլև կկազմաքանդի իր հակաժողովրդական իշխանությունը: Ու մարդկանց ուշադրությունը շեղելու համար նա, այս փակուղուց դուրս գալու համար, բարձրացնում է իր հայտարարությունների ջերմաստիճանը և ընդգրկումը՝ անցյալի ձախողումները փորձելով կոմպենսացնել ապագայի վերաբերյալ նոր ու ավելի անհեթեթ խոստումներով:Վերջերս էլ Ադրբեջանի հատուկ ծառայությունների ուղղորդմամբ, այսպես կոչված, «արևմտյան ադրբեջան» նախաձեռնություն են ստեղծել՝ նկատի ունենալով Հայաստանի Հանրապետությունը: Սրանով Ադրբեջանի վարած տարածաշրջանային քաղաքականությունն ավելի ամբողջական է դառնում, և «արևմտյան ադրբեջան»-ի անհեթեթ նախաձեռնությունը եկավ փոխարինելու այսպես կոչված, «հարավային, հյուսիսային, հյուսիս-արևմտյան ադրբեջանների» զավեշտալի շարքը՝ ընդգծելով Ադրբեջանի ապակայունացնող նկրտումները ողջ տարածաշրջանի համատեքստում:Բայց ես ուզում եմ հենց այս իմաստով ընդգծել, որ մենք, խոսելով ղարաբաղյան հակամարտության գոտու կայունության մասին, անվտանգության մասին, ըստ էության, խոսում ենք մեր ողջ տարածաշրջանի անվտանգության և կայունության մասին, և այս առումով Հայաստանը դառնում է ոչ միայն ղարաբաղյան հակամարտության գոտու, այլև մեր ողջ տարածաշրջանի անվտանգության երաշխավոր: Այս առումով, կարծում եմ, մենք պետք է առանձնահատուկ պատասխանատվությամբ վերաբերվենք մեր այս տարածաշրջանային դերին և լինենք ուժեղ, ամուր, բայց և չտրվենք անիմաստ և անհեթեթ սադրանքների: Առավել ևս այժմ, երբ մեր հասարակությունները պայքարում են գլոբալ մարտահրավերի՝ նոր կորոնավիրուսի համավարակի դեմ, մենք պետք է զերծ մնանք և նաև մեր տարածաշրջանի բոլոր երկրներին կոչ անենք՝ զերծ մնալ միմյանց հանդեպ թշնամական գործողությունների քարոզից: Ուզենք, թե չուզենք՝ պատմությունը և աշխարհագրությունը մեզ դարձրել են հարևաններ, և մենք պետք է ելնենք այն պարզ ճշմարտությունից, որ մեր ժողովուրդներն իրավահավասար են, չեն կարող լինել մեկը մյուսի տիրապետության ներքո և պետք է տնօրինեն իրենց ճակատագիրն իրենց կամքի, ինքնորոշման իրավունքի համաձայն: Այս իրավահավասարության ընդունումը մեծապես կնպաստի մեր ժողովուրդներին խաղաղության նախապատրաստմանը և մեր տարածաշրջանի երկարաժամկետ և կայուն զարգացման հուսալի հիմքեր կդնի: Շնորհակալ եմ»:
13:30 - 19 հունիսի, 2020
Պետք է շարունակենք վերաիմաստավորել հաղթական անցյալը՝ մեր անվտանգությունը դարձնելով ավելի դիմակայուն․ ԱԽ քարտուղար

Պետք է շարունակենք վերաիմաստավորել հաղթական անցյալը՝ մեր անվտանգությունը դարձնելով ավելի դիմակայուն․ ԱԽ քարտուղար

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը շնորհավորական ուղերձ է հղել Հաղթանակի տոնի, Շուշիի ազատագրման օրվա առթիվ․ «Հարգելի հայրենակիցներ, Շնորհավորում եմ Հաղթանակի տոնի, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման օրվա եռատոնի կապակցությամբ, որն այսօր տոնում ենք համաշխարհային համավարակի թելադրած հանգամանքներում: Արցախյան պայքարում մենք վերաիմաստավորել ենք ֆաշիզմի դեմ համամարդկային հաղթանակը՝ ամրագրելով խաղաղությունը՝ որպես համամարդկային արժեք, բռնության  դեմ պայքարը՝ հրամայական, իսկ հաղթանակը՝ մեր մշակույթի անբաժան մաս: Մենք՝ որպես Ցեղասպանություն վերապրած ժողովուրդ, կարողացել ենք մեր դերը վերգտնել, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ մեծ ներդրում ունենալ համաշխարհային չարիքի դեմ պայքարում, այնուհետև Արցախյան պատերազմում փայլուն հաղթանակ տանել։ 28 տարի առաջ կարողացանք ազատագրել Շուշին՝ բեկելով խաղաղության հաստատման ընթացքը: «Հարսանիք լեռներում» օպերացիան  մեր ռազմական մտքի, պայքարի և հաղթական ոգու, սեփական կարողություններին հավատալու և դրանք արդյունավետ գործադրելու ամենավառ օրինակներից է: Իր ունեցած ռազմաքաղաքական նշանակությամբ, պատմական առումով և ռազմավարական փայլուն մտահղացմամբ ու իրագործմամբ Շուշիի ազատագրման օպերացիան մեզ տվեց ոգու այնպիսի լիցք, առանց որի հնարավոր չէին լինի հետագա հաղթանակները: Այսօր՝ անկախության և ժողովրդավարության պայմաններում, մենք պետք է շարունակենք վերաիմաստավորել մեր հաղթական անցյալը՝ մեր անվտանգությունը դարձնելով ավելի դիմակայուն, զարգացնելով մարդկային ներուժի հենքի վրա ուժային գործիքակազմ և մշտապես պատրաստ լինելով խաղաղության հաստատմանն ու նոր հաղթանակների կերտմանը: Խոնարհվում եմ հայրենիքի պաշտպանության համար ընկած հերոսների հիշատակի առջև»։
10:14 - 09 մայիսի, 2020
Ստեղծվել է Պաշտպանական ոլորտի բարեփոխումներ իրականացնող հանձնախումբ

Ստեղծվել է Պաշտպանական ոլորտի բարեփոխումներ իրականացնող հանձնախումբ

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ հաստատվել է «Պաշտպանական ոլորտի բարեփոխումներ իրականացնող, ներառյալ՝ արատավոր երևույթների դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնող միջգերատեսչական հանձնա­խումբ ստեղծելու, հանձնախմբի կազմը և գործունեության կարգը»:Որոշման համաձայն՝ ղեկավարելու եմ Պաշտպանական ոլորտի բարեփոխումներ իրականացնող, ներառյալ՝ արատավոր երևույթների դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնող միջգերատեսչական հանձնախումբը:Հանձնախմբի խնդիրներն են Հայաստանի Հանրապետության պաշտպանական ոլորտում առկա խնդիրների վերհանումը, դրանց պատճառների բացահայտումը, հետևանքների կանխարգելումը, ռիսկերի նվազեցումը և պաշտպանական ոլորտի բարե­փոխումների իրականացման ուղղությամբ առաջարկությունների ներկայացումը»։
12:23 - 21 ապրիլի, 2020
Նիկոլ Փաշինյանն Արմեն Գրիգորյանին երկու օրով գործուղել է Արցախ

Նիկոլ Փաշինյանն Արմեն Գրիգորյանին երկու օրով գործուղել է Արցախ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին գործուղում է Արցախ: Վարչապետի համապատասխան որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով` 1. Աշխատանքային հանդիպումներ ունենալու նպատակով՝ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին 2020 թվականի մարտի 24-25-ը ներառյալ գործուղել Արցախի Հանրապետություն (քաղաք՝ Ստեփանակերտ): 2. Արմեն Գրիգորյանի՝ Արցախի Հանրապետություն (քաղաք՝ Ստեփանակերտ) գործուղման օրապահիկի և գիշերավարձի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում ներքին գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին: 3. Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Արցախի Հանրապետություն (քաղաք՝ Ստեփանակերտ) գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
15:24 - 24 մարտի, 2020
ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարի նշած ահաբեկչական ցանցերը բացահայտված են. Արմեն Գրիգորյան |tert.am|

ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարի նշած ահաբեկչական ցանցերը բացահայտված են. Արմեն Գրիգորյան |tert.am|

tert.am: Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ խնդրանքով անդրադարձավ համակարգի վերին օղակներում դավաճաններ լինելու՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը և նշեց, որ եթե կոնկրետ անուններ տալու անհրաժեշտություն լիներ, վարչապետը կխոսեր: «Ընդհանուր առմամբ համակարգի ներսում պարբերաբար լինում են դեպքեր, երբ չի կատարվում հեղափոխության պահանջներին համապատասխան քայլեր և ցանկացած դեպքում, երբ հստակեցվում են և բացահայտվում, կայացվում են համապատասխան որոշումներ: Գործնականում մինչ այսօր բազմաթիվ քայլեր են կատարվել, սկսած կառավարման համակարգի տարբեր բարեփոխումներից, մինչև որոշումներ, որոնցով եղել են մարդիկ, որ այլևս չեն աշխատում, դրանք բոլորն այդ նպատակին են ծառայում»,-ասաց նա: Ինչ վերաբերում է պետական դավաճանության համար քրեական գործ չլինելուն, Արմեն Գրիգորյանը նշեց. «Որպեսզի իրավական գործընթացն արդյունավետ լինի, մենք պետք է ունենանք անկախ դատարան, իսկ անկախ դատարանի հարցը լուծված չէ»: Նա  հույս հայտնեց, որ ապրիլի հինգից հետո այդ հարցը կլուծվի: Անդրադառնալով ԱԱԾ ղեկավարի պաշտոնակատարի՝ ահաբեկիչների ցանցի մասին հայտարարություններին, Արմեն Գրիգորյանն ասաց, որ ՀՀ քաղաքացին այս պահին մտահոգության պատճառ չունի, որովհետև ԱԱԾ-ն աշխատում է արդյունավետ: «Ցանցերը, որոնց մասով կասկածներ կային, բացահայտված են և այս պահին հավելյալ ինֆորմացիա չեմ կարող տալ»,-ասաց նա: Ըստ նրա՝ իրենց կառավարության չափ բաց ու թափանցիկ որևէ կառավարություն չի եղել: Անդրադառնալով սահմանների սահմանափակումների հարցին, որը պայմանավորված է կորոնավիրուսի տարածումը կանխելով՝ Արմեն Գրիգորյանն ասաց, որ ամեն ինչ կախված է, թե կորոնավիրուսի տարածման դեմ պայքարը հարևան երկրներում ինչպես կընթանան:
14:25 - 05 մարտի, 2020
Պետք է բացառենք հայ ժողովրդի նկատմամբ ցեղասպան գործողությունների իրականացումը. Արմեն Գրիգորյան |armenpress.am|

Պետք է բացառենք հայ ժողովրդի նկատմամբ ցեղասպան գործողությունների իրականացումը. Արմեն Գրիգորյան |armenpress.am|

armenpress.am: ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի խոսքով` Հայաստանը պետք է ամեն ինչ անի, որպեսզի հետագայում բացառի հայ ժողովրդի նկատմամբ ցեղասպան գործողությունների իրականացումը: Այս մասին Գրիգորյանն ասաց 1988 թ. փետրվարի 27-29-ը Սումգայիթ քաղաքում տեղի ունեցած ոճրագործության անմեղ զոհերի հիշատակին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցելու արարողությունից հետո, լրագրողների հետ զրույցում: «Հայ ժողովրդի դեմ կատարված ոճրագործությունները և դրանց հետագա բացառումը հանդիսանում է մեր անվտանգության հիմնական հիմնասյուներից մեկը: Ազգային անվտանգության ռազմավարությունում արտացոլված կլինեն անվտանգության բոլոր սպառնալիքները: Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի հետագայում բացառենք որևէ նման զարգացում, երբ հայ ժողովրդի նկատմամբ ցեղասպանական գործողություններ են իրականացվում: Դրա երաշխիքը հզոր Հայաստանն է, որտեղ պետական բոլոր կառույցներն ուժեղ են, անվտանգության պատասխանատու ինստիտուտները բարձր մակարդակով են աշխատում, և դա հնարավորություն է տալիս նաև Հայաստանից դուրս բացառել նման զարգացումները»,- ասաց Գրիգորյանը:
13:32 - 28 փետրվարի, 2020