Վլադիմիր Պուտին

Ռուսաստանի Դաշնության գործող նախագահ։ Ծնվել է 1952թ. հոկտեմբերի 7-ին։ 1975-1991թթ․ ծառայել է ՊԱԿ-ում (КГБ), զբաղեցրել հետախուզական պաշտոններ։ 1991թ. ըստ պաշտոնական տեղեկատվության սեփական զեկուցագրով զորացրվել է ՊԱԿ-ից։ 1990-1995թթ. զբաղեցրել է Լենինգրադի քաղաքային իշխանության տարբեր պաշտոններ։ 1996-1998թթ․ արագ վերելք է գրանցել Կրեմլի տարբեր պաշտոններում՝ ի վերջո ստանձնելով Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը։ 1998-ին նշանակվում է ԱԴԾ (ФСБ) տնօրեն։

1999-ի օգոստոսին ընդունելով նախագահ Ելցինի առաջարկը ստանձնել է ՌԴ վարչապետի պաշտոնը։ 1999-ի դեկտեմբերի 31-ին հրաժարական տվեց Ելցինը եւ Պուտինը դարձավ նախագահի պաշտոնակատար։ 2000թ․ մարտին ընտրվեց նախագահ եւ պաշտոնավարեց առավելագույն երկու ժամկետով։ 2008-ին՝ վարչապետ Մեդվեդեւի նախագահ ընտրվելուց հետո Պուտինը ստանձնեց Վարչապետի պաշտոնը։ Այս դրվագը հանրային լայն շրջանակներում ընկալվեց որպես «փոխատեղում»։ 2012-ից ի վեր Պուտինը նորից նախագահի պաշտոնում է։ 

Ռուսաստանը Բելառուսին $1,5 միլիարդ կտրամադրի՝ ներմուծման փոխարինման ծրագրերի համար․ Լուկաշենկո

Ռուսաստանը Բելառուսին $1,5 միլիարդ կտրամադրի՝ ներմուծման փոխարինման ծրագրերի համար․ Լուկաշենկո

Ռուսաստանը $1,5 միլիարդ կտրամադրի Բելառուսին՝ ներմուծման փոխարինման ծրագրերին մասնակցելու համար, ինչպես գրում է ԲելՏԱ լրատվական գործակալությունը, հայտնել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ «Նախագահ Պուտինի հետ վերջերս ենք այդպիսի որոշում կայացրել։ Մեր կողմից ռուսաստանցիներին առաջարկել ենք հստակ նածագծեր, որոնք շատ են պետք և մոտակա ժամանակներս պահանջարկ կունենան ոչ միայն Բելառուսում, այլև Ռուսաստանի Դաշնությունում։ Ռուսաստանցիները շուրջ մեկ ու կես միլիարդ դոլար են տրամադրում այս ծրագրերի համար միայն Բելառուսի տարածքում։ Մենք հասկանում ենք, որ առանց ներմուծման փոխարինման [․․․] մեզ համար շատ դժվար կլինի զարգանալը», - ընդգծել է Լուկաշենկոն։ Մայիսի վերջին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասել էր, որ Բելառուսն ու ՌԴ-ն մի շարք ուղղություններով աշխատելու հնարավորություն ունեն։ «Մենք նախագահ Լուկաշենկոյի հետ […] խոսել ենք այս մասին, նույնիսկ պայմանավորվել ենք առանձին ֆինանսավորում տրամադրել Բելառուսի ներսում այնպիսի նախագծերի իրականացմանը, որոնց արտադրանքը պահանջված կլինի Ռուսաստանում», - ասել էր ՌԴ նախագահը։ Նորա Վանյան
15:44 - 09 հունիսի, 2022
«Ես գիտեի, թե ինչպես է մտածում Պուտինը»․ Անգելա Մերկել

«Ես գիտեի, թե ինչպես է մտածում Պուտինը»․ Անգելա Մերկել

Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելն իր պաշտոնավարման ավարտից հետո առաջին մեծ հարցազրույցն է տվել գերմանալեզու Der Spiegel պարբերականին, որում խոսել է ուկրաինական պատերազմի, այն մասին, թե ինչու է խանգարել ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությանը, Պուտինի և այլ հարցերի մասին։ DW-ն անդրադարձել է հարցազրույցին, հոդվածը ներկայացնում ենք կրճատումներով։ «Սև տաբատ, կապույտ վերնազգեստ, նույն սաթե վզնոցը, նույն սանրվածքը․․․ Նա բացարձակ չի փոխվել։ Անգելա Մերկելն այնպիսի տեսք ուներ, կարծես Der Spiegel-ի լրագրողի հետ զրույցի էր եկել Բեռլինի «Շաուբյունե» թատրոն հենց դաշնային կանցլերի գրասենյակից, որը նա 16 տարի անց լքել է՝ թոշակի անցնելով կես տարի առաջ։ Հունիսի 7-ի երեկոյան տեղի ունեցած այս զրույցը նախկին կանցլերի առաջին մեծ ելույթն էր պաշտոնը լքելուց և Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սանձազերծած պատերազմի մեկնարկից հետո։ Չսադրված ռուսական ագրեսիան կտրուկ դատապարտող կարճ հայտարարություններ մամուլի համար Մերկելն արել էր։ Բայց ինչպե՞ս նա գնահատում իրադարձությունները, որոնք նախորդել են դրան։ Եվ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կերպարը, որի հետ նա բազմիցս հանդիպել է և անհամար հեռախոսազրույցներ ունեցել։   Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի մեկնարկի մասին Գերմանացի քաղաքական գործիչների և փորձագետների մեծ մասի համար փետրվարի 24-ին Ռուսաստանի ներխուժումն Ուկրինա շոկ էր, շատ անսպասելի մի բան։ Մինչև վերջին պահը բոլորը կարծում էին, որ Ուկրաինայի հետ սահմանին զորքեր կուտալելով՝ Պուտինը միայն վախեցնում է և բարձրացնում խաղադրույքներն իր աշխարհաքաղաքական խաղում։ Սակայն Մերկելն, իր խոսքով, ամեաուշն անցյալ տարվա հոկտեմբերի վերջին Հռոմում G20-ի գագաթնաժողովին հասկացել է, որ աղետը մոտենում է։ 2021 թ-ի դեկտեմբերին պաշտոնը լքելուց հետո նա ուշադիր հետևել է իրադարձությունների զարգացմանը։ Սակայն կանցլերի պաշտոնում անցկացրած վերջին մեկ տարում նույնպես նա տեսել է, որ «նորմանդական ձևաչափը» փակուղի է մտել, իսկ Պուտինը վերջնականապես կորցրել հետաքրքրությունը Մինսկի գործընթացի նկատմամբ։ Սակայն Մինսկի գործընթացն, ասում է Մերկելը, միակ պահող բանն էր, որը թույլ էր տալիս շարունակել երկխոսությունը Դոնբասի իրավիճակի շուրջ։   Մինսկի գործընթացի մասին Եվ Գերմանիայում, և Ուկրաինայում շատերը Մինսկի գործընթացն այլ կերպ են գնահատում, շատ ավելի քննադատաբար, իսկ ոմանք Ռուսաստանի նկատմամբ Բեռլինի քաղաքականությունը Ղրիմի բռնակցումից հետո նույնիսկ համեմատում են Հիտլերի խաղաղեցման քաղաքականության հետ 1937-1938 թթ-ին։ Ի տարբերություն Գերմանիայի նախագահ, նախկին արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի, որը խոստովանել է Ռուսաստանի նկատմամբ գերմանական քաղաքականության սխալները՝ Մերկելը կարծում է, որ ամեն ինչ ճիշտ է արել, վատթարագույն զարգացումները կանխելու ոչ մի փորձ բաց չի թողել։ Նա կոչ է անում ամեն ինչ սև-սպիտակ գույներով չտեսնել, հաշվի առնել հստակ հանգամանքները, որոնցում սկսվել և անցկացվում էր խաղաղ գործընթացը։ Մերկելը հասկանում է, որ Մինսկի համաձայանգիրն ամեն ինչով չէ, որ համապատասխանում էր Ուկրաինայի շահերին, սակայն «այն իրավիճակում, երբ 6 հազար ուկրաինացի զինծառայողներ կարող էին շրջափակման մեջ հայտնվել Դեբալցևոյում, դա որոշակի հանգստություն մտցրեց, ․․․իսկ հետագայում Ուկրաինային ժամանակ տվեց՝ 7 տարի տվեց, որպեսզի այն դառնա այնպիսին, ինչպիսին այժմ է»։ Նախկին կանցլերը նկատի ունի աշխարհի՝ հզորությամբ երկրորդ միջուկային գերտերությանը դիմակայելու Ուկրաինայի ունակությունը։ Առանց Մինսկի պայմանավորվածությունների, վստահ է նա, Պուտինն այն ժամանակ կանգ չէր առնի և «Ուկրաինային հսկայական վնաս կհասցներ»։   2008 թ-ին Բուխարեստում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի մասին Այս շարժառիթով էր Մերկելն առաջնորդվում նաև ավելի վաղ՝ 2008 թ-ին Բուխարեստում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում կտրականապես դեմ արտահայտվելով Ուկրաինայի, ինչպես նաև Վրաստանի՝ դաշինքին անդամակցության հեռանկարին։ Նա երեք պատճառ է նշել, որոնք իրեն ստիպել են դեմ արտահայտվել այդ գագաթնաժողովի ժամանակ Ուկրաինային ՆԱՏՕ-ին անդամակցության Գործողությունների պլանի տրամադրմանը։ 2008 թ-ին Ուկրաինան, Մերկելի խոսքով, «քաղաքական առումով շատ պառակտված էր»։ Իսկ անկայուն ժողովրդավարական համակագ ունեցող երկիրն, ըստ նրա, չի կարող ՆԱՏՕ-ի անդամ լինել։ Որպես ևս մեկ պատճառ նա նշել է կոռուպցիան․ «Այն ժամանակ Ուկրաինան մի երկիր էր, որտեղ իշխում էին օլիգարխները»։ Ի վերջո, Մերկելը չի ցանկացել սադրել Պուտինին։ Նա վստահ է եղել, որ Ուկրաինային այդ գործողությունների պլանի տրամադրումը Ռուսաստանի նախագահը կընկալեր՝ որպես պատերազմի հայտարարում և թույլ չէր տա նրա անդամակցությունը ՆԱՏՕ-ին։ «Նա ամբողջ Արևմուտքի մեջ թշնամի է տեսնում, կարծում է, որ իրեն անընդհատ նվաստացնում են։ Ես բացարձակ համաձայն չեմ դրան։ Բայց ես գիտեի, թե ինչպես է նա մտածում և որ դա դիտարկում է հենց այդպես»։   Պուտինի մասին Այն բոլոր տարիներին, ինչ Մերկելը գլխավորել է գերմանական կառավարությունը, այսպես թե այնպես ստիպված է եղել գործ ունենալ ԽՍՀՄ փլուզման հետ կապված խնդիրների հետ՝ Վրաստան, Ուկրաինա, Մերձդնեստր, Բալթյան երկրներ, Հայաստան, Ադրբեջան․․․ Այս առնչությամբ նա հիշեցրել է 2007 թ-ին Սոչիում Պուտինի հետ հանդիպումը, որի ժամանակ բանակցությունների սենյակ էր մտել նախագահի շունը՝ լաբրադորԿոնին։ Այն ժամանակ Պուտինն առաջին անգամ է Մերկելին հայտարարել, որ ԽՍՀՄ փլուզումը 20-րդ դարի ամենասարսափելի իրադարձությունն է համարում։ Իսկ Մերկելը նրան ասել է, որ իր կյանքում դա երջանիկ պահ էր, որը թույլ է տվել իրեն ազատ տնօրինել սեփական ճակատագիրը։ «Պարզ դարձավ, որ մեր միջև մեծ տարաձայնություններ կան, և այդ տարաձայնությունները մեծանում են, - հիշում է Մերկելը։ - Այնպես որ, այս բոլոր տարիներին այդպես էլ չհաջողվեց վերջնականապես վերջ տալ սառը պատերազմին»։ Ցավոք, ասում է Մերկելը, չստացվեց Եվրոպայում անվտանգության այնպիսի մեխանիզմներ ստեղծել, որոնք ունակ կլինեին կանխարգելելու նաև Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը։ Սակայն, հավելում է նա, ոչինչ չի կարող արդարացում լինել ռուսական ագրեսիայի համար․ «Դա դաժան, միջազգային իրավունքը ոտնահարող հարձակում է, որը ներում չունի»։   Պուտինի շան և արժեքների մասին Այդ Կոնի շան դեպքի մասին մինչ օրս շատերն են հիշում։ Մի՞թե դա պատահականություն էր, չար դիտավորությո՞ւն։ Պուտինի մամուլի քարտուղարը վստահեցնում է, որ Կրեմլում չգիտեին, որ Մերկելը վախենում է շներից։ Ավելի ուշ այդ մասին Bild թերթին տված հարցազրույցում հայտարարել էր նաև Պուտինը։ Վարկած կա նաև, թե նա ցանկացել էր իր հյուրին ուրախացնել շան միջոցով։ «Երջանիկ է նա, ով հավատում է», - այս վարկածն է մեկնաբանում Մերկելը և հիշեցնում Մոսկվա կատարած իր առաջին այցի և Ռուսաստանի նախագահի հետ հանդիպման մասին, երբ 2005 թ-ին կանցլեր էր ընտրվել․ «Այն ժամանակ արդեն Պուտինն ինձ ասաց, որ լսել է շների հետ կապված իմ խնդիրների մասին, և ինձ նվիրեց հսկայական խաղալիք շուն»։ Հետագայում նույնպես նրանք նվերներով են փոխանակվել։ Սակայն Ղրիմի բռնակցումից հետո, Մերկելի խոսքով, կտրուկ բեկում եղավ․ «Մենք հարաբերությունները պահպանում էինք, ինչպես պետք է անեն պետությունների և կառավարությունների առաջնորդները, սակայն ինձ համար բացարձակ պարզ էր դարձել, որ մենք գործ ունենք ոչ այնպիսի մեկի հետ, որը մեզ բարօրություն է մաղթում՝ մեր կենսակերպով հանդերձ»։ «Ես արժեքների մասին որոշակի պատկերացում ունեմ, և այն սկզբունքորեն տարբերվում է արժեքների մասին նախագահ Պուտինի պատկերացումից, - ասում է Մերկելը։ - Նա ժողովրդավարությունը սխալ է համարում, ես՝ ճիշտ և կառավարման ամենամարդկային ձև՝ բոլոր թերություններով հանդերձ»»։   Նորա Վանյան
19:55 - 08 հունիսի, 2022
Ռուսաստանի և Իրանի նախագահները քննարկել են միջուկային գործարքը

Ռուսաստանի և Իրանի նախագահները քննարկել են միջուկային գործարքը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին հեռախոսազրույց են ունեցել։ Կողմերը քննարկել են Իրանի միջուկային գործարքի շուրջ «վերջնական պայմանավորվածության» գալու հարցերը, հայտնում է «Կոմերսանտը»։ «Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի քննարկման ընթացքում նշվել է դիվանագիտական ջանքերի շարունակման անհրաժեշտությունը՝ վերջնական պայմանավորվածության գալու նպատակով, որը թույլ կտար ապահովել Գործողությունների համատեղ համապարփակ պլանի և ՄԱԿ Անվտանգության խորհրդի 2015 թ-ի հուլիսի 20-ի՝ այդ պլանը հաստատած 2231 բանաձևի պահպանումն ու լիակատար իրականացումը», - ասված է Կրեմլի հաղորդագրությունում։ Գործողությունների համատեղ համապարփակ պլանը փաստաթուղթ է, որը ստորագրվել է 2015 թ-ին Իրանի և վեց միջնորդների (ԱՄՆ, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Չինաստան, ՌԴ և Գերանիան) միջև։ Իրանը «սառեցրել է» միջուկային ծրագիրը՝ պատժամիջոցների չեղարկման դիմաց։ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը 2018 թ-ին հայտարարել է միջուկային գործարքից դուրս գալու մասին, Իրանը 2019 թ-ին դադարել է կատարել պլանի մի շարք կետերը։ Երկու երկրների նախագահների զրույցի ընթացքում «բարձր գնահատական է տրվել ռուս-իրանական հարաբերությունների առկա մակարդակին»։ Կողմերը մտադիր են ամրապնդել երկկողմ հարաբերությունները՝ ներառյալ առևտրատնտեսական նախագծերի իրականացումը։   Նորա Վանյան
18:27 - 08 հունիսի, 2022
Ռուսաստանը չի օգտվի առիթից, եթե Ուկրաինան ականազերծի իր նավահանգիստները․ Լավրով

Ռուսաստանը չի օգտվի առիթից, եթե Ուկրաինան ականազերծի իր նավահանգիստները․ Լավրով

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի հետ համատեղ ասուլիսին հայտնել է, որ Ռուսաստանը պատրաստ է երաշխիքներ տալ, որ չի օգտվի ուկրաինական նավահանգիստների ականազերծումից կամ հացահատիկով բեռնված նավերի ելքի թույլտվությունից՝ «հատուկ ռազմական գործողության» նպատակներին հասնելու համար, հայտնում է «Ինտերֆաքսը»։ «Այս մասին նախագահ Պուտինն արդեն խոսել է, նա հրապարակավ ասել է, որ մենք երաշխավորում ենք նմանատիպ երթուղիների անվտանգությունը և երաշխավորում ենք, որ երբ և եթե Ուկրաինան ականազերծում կատարի և թույլ տա նավերի ելքը, մենք չենք օգտվի այդ գործողությունից՝ ի շահ իրականացվող հատուկ ռազմական գործողության», - ասել է Լավրովը։ «Ռուսաստանի նախագահի այդ երաշխիքները մենք պատրաստ ենք այս կամ այն ձևով ձևակերպել», - հավելել է նա։ Ռուսաստանի արտգործնախարարը չի բացառել նաև Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների անմիջական հանդիպումը, եթե դրան նախորդի պատվիրակությունների բանակցությունների վերսկսումը։ «Սկզբից անհրաժեշտ է, որ բանակցային թիմերը վերսկսեն աշխատանքը։ Գնդակն Ուկրաինայի դաշտում է արդեն գրեթե երկու ամիս՝ ապրիլի կեսերից, երբ նրանք դրանից առաջ փոփոխեցին սեփական մոտեցումները, որոնք ներկայացվել էին Ստամբուլում», - ասել է Լավրովը։ Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն ասել է, որ իր երկիրը պատրաստ է «հնարավոր և առավելագույն ջանքերը կիրառել, որպեսզի բանակցային գործընթացը սկսվի»։ Նորա Վանյան
15:57 - 08 հունիսի, 2022
ՌԴ-ում ԱՄՆ դեսպանը հնարավոր է համարել երկու երկրների դեսպանատների փակումը, սակայն նշել է, որ դա մեծ սխալ կլիներ

ՌԴ-ում ԱՄՆ դեսպանը հնարավոր է համարել երկու երկրների դեսպանատների փակումը, սակայն նշել է, որ դա մեծ սխալ կլիներ

Մոսկվայում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանը չի բացառել այն բանի հավանականությունը, որ Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները կարող են փակել իրենց դեսպանատները միմյանց տարածքում։ Սակայն ընդգծել է, որ Վաշինգտոնը չէր ցանկանա նման քայլի դիմել։ «Կարող են, այդպիսի հավանականություն կա, - ասել է դիվանագետը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում։ - Թեև ես կարծում եմ, որ դա մեծ սխալ կլիներ»։ Ընդ որում, նրա խոսքով, ամերիկյան վարչակազմում հազիվ թե մեկը գտնվի, որ կողմ լինի դեսպանատան փակմանը։ «Ես կարող եմ միայն մեկ պատճառ պատկերացնել, թե ինչու ԱՄՆ-ն կարող է ստիպված լինել փակել իր դեսպանատունը․ դա կարող է լինել այն դեպքում, եթե դրա աշխատանքը շարունակելն անվտանգ չլինի», - հավելել է Սալիվանը։ Դեսպանը նշել է, որ նախկինում ռուսական կողմը հայտարարել է երկրների միջև հարաբերությունների խզման վտանգի մասին։ Նրա խոսքով՝ այդ իրավիճակը կարող է նշանակել երկու երկրներում դիվանագիտական ներկայացուցչությունների փակում, սակայն հույս է հայտնել, որ նման սցենար չի իրականացվի։ «Վստահեցնում եմ ձեզ, որ դա ԱՄՆ-ից չի բխում։ Նախագահ Բայդենն ու ԱՄՆ կառավարությունն այդպիսի մտադրություն չունեն։ Եվ մենք այժմ քիչ բան կարող ենք ավելացնել այս թեմային։ Մենք երեք ամիս գտնվում ենք, ինչպես ինձ է թվում, ամբողջությամբ փոփոխված փոխհարաբերությունների իրավիճակում», - ասել է նա։ Մարտի 21-ին ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունները երկկողմ հարաբերությունները խզման եզրին են կանգնեցնում, և Մոսկվան վճռական և կոշտ պատասխան է տալու «Վաշինգտոնի թշնամական գործողություններին»։ Նորա Վանյան
15:22 - 06 հունիսի, 2022
Պուտինը սպառնացել է հարվածներ հասցնել դեռևս գրոհի չենթարկված օբյեկտներին, եթե Ուկրաինային հեռահար հրթիռներ մատակարարվեն

Պուտինը սպառնացել է հարվածներ հասցնել դեռևս գրոհի չենթարկված օբյեկտներին, եթե Ուկրաինային հեռահար հրթիռներ մատակարարվեն

Եթե Կիևը հեռահար հրթիռներ ստանա, Ռուսաստանը եզրակացություններ կանի և խոցման իր միջոցները կկիրառի այն օբյեկտների դեմ, որոնց դեռևս հարվածներ չեն հասցվում, «Կոմերսանտի» փոխանցմամբ՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Ռոսիա 1» հեռուստաալիքի լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում։ Միաժամանակ Պուտինը նշել է, որ Ուկրաինային HIMARS համազարկային կրակի ամերիկյան ռեակտիվ համակարգերի մատակարարումը «ոչինչ չի փոխում»։ «Եթե դրանք ստացվեն և մատակարարվեն, մենք համապատասխան եզրակացություններ կանենք և մեր խոցման միջոցները կկիրառենք, որոնցից շատ ունենք, որպեսզի հարվածներ հասցվեն այն օբյեկտներին, որոնց մենք դեռ չենք հարվածում», - ասել է Պուտինը։ Նա ասել է, որ փետրվարի 24-ի դրությամբ, երբ սկսվել է «հատուկ ռազմական գործողությունը», Ուկրաինայի զինանոցում համազարկային հրակի 515 ռեակտիվ համակարգ է եղել, ներկա պահին դրանցից 380-ը ոչնչացված է, «սակայն մի մասը վերականգնվել է, վերցվել պահուստներից»։ Նրա խոսքով՝ Ուկրաինային համազարկային կրակի ամերիկյան ռեակտիվ համակարգերի մատակարարումն, ըստ էության, ոչինչ չի փոխում «հատուկ գործողության» ընթացքի մեջ։   Նորա Վանյան   
14:54 - 05 հունիսի, 2022
Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը քննարկել են ԵԱՀԿ ՄԽ համանախագահության աշխատանքներն ակտիվացնելու հնարավորությունը

Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը քննարկել են ԵԱՀԿ ՄԽ համանախագահության աշխատանքներն ակտիվացնելու հնարավորությունը

Հունիսի 1-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի միջև: Ինչպես հայտնում են ՀՀ կառավարությունից, ՌԴ նախագահը Հայաստանի վարչապետին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով և լավագույն մաղթանքներ փոխանցել: Վարչապետ Փաշինյանը ՌԴ նախագահին շնորհակալություն է հայտնել ծննդյան օրվա առիթով հեռախոսազանգի համար և ընդգծել, որ բարձր է գնահատում ՌԴ նախագահի ջերմ, բարեկամական վերաբերմունքը: Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստան-Ռուսաստան երկկողմ օրակարգի մի շարք հարցեր, անդրադարձ է կատարվել տարածաշրջանային խնդիրներին, հայ-ադրբեջանական սահմանային իրադրությանը: ՌԴ նախագահը ողջունել է Հայաստան-Ադրբեջան սահմանի դեմարկացիայի և սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովի առաջին հանդիպումը և վերահաստատել է Ռուսաստանի պատրաստակամությունն աջակցել սահմանների դեմարկացիայի գործընթացին: Ընդգծվել է, որ համաձայն պայմանավորվածության, հանձնաժողովի հաջորդ նիստը տեղի կունենա Մոսկվայում: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային կոմունիկացիաների բացման խնդրին և եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքներն ակտիվացնելու պայմանավորվածություն է ձեռք բերվել: Վարչապետ Փաշինյանը ՌԴ նախագահի հետ տպավորություններ է կիսել Բրյուսելյան վերջին հանդիպումից և մտահոգություն հայտնել հանդիպումից հետո քննարկումների էության հետ կապ չունեցող մեկնաբանությունների առիթով: ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի ս/թ ապրիլի 19-ի համատեղ հայտարարության դրույթներին համապատասխան զրուցակիցները քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հետ կապված հարցեր, մասնավորապես՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության աշխատանքներն ակտիվացնելու հնարավորությունը:
14:32 - 01 հունիսի, 2022
Պուտինն ու Ալիևը քննարկել են ԼՂ վերաբերյալ եռակողմ պայմանավորվածությունների կատարումը, Փաշինյան-Ալիև բրուսելյան հանդիպումը |tert.am|

Պուտինն ու Ալիևը քննարկել են ԼՂ վերաբերյալ եռակողմ պայմանավորվածությունների կատարումը, Փաշինյան-Ալիև բրուսելյան հանդիպումը |tert.am|

tert.am: Ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց են ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Զրուցակիցները, ի թիվս այլ հարցերի, քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ եռակողմ պայմանավորվածությունների կատարման հարցը: Այս մասին, ինչպես գրում է «РИА Новости»-ն, երեքշաբթի հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։«Դիտարկվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի պայմանավորվածությունների կատարումը՝ շեշտը դնելով տարածաշրջանում խաղաղ կյանքի հաստատման և կայունության ամրապնդման հետ կապված կոնկրետ հարցերի լուծման, տնտեսական կապերի և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման վրա»,- ասված է հաղորդագրության մեջ։Բացի այդ, Ալիևը Ռուսաստանի ղեկավարին տեղեկացրել է մայիսի 22-ին Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հանդիպման մասին, հավելել են Կրեմլից։
13:30 - 31 մայիսի, 2022
Էրդողանն ու Պուտինը քննարկել են Ուկրաինայում պատերազմը և Սիրիայում իրավիճակը
 |factor.am|

Էրդողանն ու Պուտինը քննարկել են Ուկրաինայում պատերազմը և Սիրիայում իրավիճակը |factor.am|

factor.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր հեռախոսազրույց են ունեցել, գրում է «Անադոլու» գործակալությունը։ Թուրքիայի նախագահականի հասարակության հետ կապերի վարչությունը հայտնում է, որ երկու երկրների ղեկավարները քննարկել են երկկողմ հարաբերությունների առկա վիճակն ու հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանայի գործընթացները Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի համատեքստում։ «Էրդողանը Պուտինի հետ զրույցում հայտարարել է  Թուրքիայի պատրաստակամության մասին՝ ՌԴ-ի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի միջև ստամբուլյան հանդիպմանը մասնակցության մասին մոնիթորիգի մեխանիզմի հնարավոր ձևավորման հարցով»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Էրդողանը նաև Պուտինի ուշադրություն է հրավիրել «Սիրիայում թուրքական սահմանից 30 կմ խորությամբ ահաբեկիչներից մաքրված գոտու բացակայության ուղղությամբ»։ Նա նշել է, որ տվյալ տարածքներում անվտանգության ապահովումը կարևոր է Անկարայի համար։
20:20 - 30 մայիսի, 2022
Խաղաղության համար հույս չտեսա. Իտալիայի վարչապետը՝ Պուտինի հետ հեռախոսազրույցի մասին |tert.am|

Խաղաղության համար հույս չտեսա. Իտալիայի վարչապետը՝ Պուտինի հետ հեռախոսազրույցի մասին |tert.am|

tert.am: Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին ասել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ «խաղաղության համար հույս չի տեսել»։ Դրագին այս մասին ասել է՝ ի պատասխան լրագրողի հարցին, գրում է meduza.io-ն։ Պուտինի հետ մայիսի 26-ին նրա զրույցը հիմնականում կենտրոնացած էր Ուկրաինայից հացահատիկի մատակարարումների արգելափակման պատճառով համաշխարհային պարենային ճգնաժամի սպառնալիքի վրա: Դրագիի խոսքով՝ Պուտինն ասել է, որ ուկրաինական նավահանգիստները արգելափակվել են Կիևի մեղքով, որը, ՌԴ նախագահի խոսքով, ականապատել է դրանց ճանապարհները: Իտալիայի վարչապետի խոսքով՝ իրավիճակը կարելի է կարգավորել՝ մաքրելով ջրերը և Ռուսաստանին երաշխիքներ տրամադրելով, որ նավահանգիստները չեն ենթարկվի հարձակումների, հայտնում է Askanews-ը։
10:16 - 27 մայիսի, 2022
Պուտինն անդրադարձել է ՌԴ-ից ՏՏ ոլորտի մի շարք մասնագետների՝ Հայաստան տեղափոխվելուն
 |shantnews.am|

Պուտինն անդրադարձել է ՌԴ-ից ՏՏ ոլորտի մի շարք մասնագետների՝ Հայաստան տեղափոխվելուն |shantnews.am|

shantnews.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խնդիր չի տեսնում նրանում, որ ՏՏ ոլորտի որոշ ռուսաստանցի մասնագետներ տեղափոխվել են Հայաստան, հաղորդում է ТАСС գործակալությունը։ Ելույթ ունենալով Եվրասիական առաջին տնտեսական ֆորումում՝ ՌԴ ղեկավարն ասել է, որ բարձր տեխնոլոգիաների զարգացումը քննարկել է Ղազախստանի և Հայաստանի իր գործընկերների հետ, բայց ոչ այն պատճառով, որ «ՏՏ ոլորտի որոշ մասնագետներ (Ռուսաստանից – խմբ.) տեղափոխվել են Հայաստան»։ «Դե, տեղափոխվել են, փառք Աստծո, թող աշխատեն»,- ասել է Պուտինը։ Միաժամանակ նա կարծում է, որ նման իրավիճակը «որոշ չափով մարտահրավեր է» Ռուսաստանի Դաշնության համար։«Մենք պետք է ավելի լավ պայմաններ ստեղծենք»,- պարզաբանել է Պուտինը։ Նա նաև նշել է, որ Ռուսաստանը հնարավորություն ունի՝ աշխատելու Բելառուսի հետ համագործակցության հետ կապված մի շարք ոլորտներում, այդ թվում՝ միկրոէլեկտրոնիկայի ոլորտում։ Ռուսաստանի Դաշնության նախագահը ուշադրություն է հրավիրել երկրում բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման վրա։ «Մեր երկրում զարգանում են բարձր տեխնոլոգիաների ոլորտները, զարգանում են հաջողությամբ, և մենք կցանկանայինք, որ դա անեինք Եվրասիական տնտեսական միության մեր գործընկերների հետ միասին», – ասել է նա։
22:53 - 26 մայիսի, 2022
Զելենսկին ասել է, որ Պուտինից բացի ՌԴ-ից ոչ մեկի հետ չի հանդիպի |tert.am|

Զելենսկին ասել է, որ Պուտինից բացի ՌԴ-ից ոչ մեկի հետ չի հանդիպի |tert.am|

tert.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել միայն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և միայն այն դեպքում, եթե բանակցություններին քննարկվի հակամարտության դադարեցման հարցը, գրում է ՏԱՍՍ-ը։«Ես չեմ ընդունում որևէ հանդիպում Ռուսաստանի Դաշնությունից որևէ մեկի հետ, բացառությամբ Ռուսաստանի Դաշնության նախագահի։ Եվ միայն այն դեպքում, եթե սեղանին լինի միայն մեկ հարց՝ պատերազմի ավարտը։ Վերջ։ Այլևս խոսելու բան չկա», - ասել է Զելենսկին երկուշաբթի՝ Դավոսում տեսակապի միջոցով պատասխանելով հարցերին։Սակայն նա շեշտել է, որ նման հանդիպում կազմակերպելը գնալով ավելի դժվար է դառնում։«Ամեն քայլի հետ գնալով ավելի ու ավելի է դժվարանում նախագահների մակարդակով մեր երկրների միջև հանդիպում կազմակերպելը... Այնուամենայնիվ, մենք պետք է փորձենք վերջ տալ հակամարտությանը»,- հավելել է նա։
10:13 - 24 մայիսի, 2022