Սահման

Տեղի է ունեցել «ՀԱՊԿ-ից դուրս Հայաստան» կոչով բողոքի ակցիա

Տեղի է ունեցել «ՀԱՊԿ-ից դուրս Հայաստան» կոչով բողոքի ակցիա

Այսօր Երևանում «ՀԱՊԿ-ից դուրս Հայաստան» կոչով բողոքի ակցիա է տեղի ունեցել։  Ակցիայի մասնակից Նարեկ Այվազյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Մենք փաստում ենք, որ միջազգային հանրությունը սատար է կանգնել Հայաստանի Հանրապետությանը, և միառժամանակ փաստում ենք, որ Հավաքական Անվտանգության Պայմանագրի կազմակերպությունը՝ ՀԱՊԿ-ը, որի հիմնադիր անդամ է հանդիսանում Հայաստանի Հանրապետությունը և այդ կազմակերպության անդամ երկրները, գրավել են չեզոք կամ հակադիր դիրք՝ ուղղակի և անուղղակի կերպով վնասելով Հայաստանին: Հավաքական անվտանգության մասին Պայմանագրի 4-րդ հոդվածը, հայտարարում ենք, որ խախտված է։ Այս հոդվածի համաձայն, «եթե անդամ պետություններից որևէ մեկը ենթարկվի ագրեսիայի որևէ պետության կամ պետությունների խմբի կողմից, ապա անդամ պետությունների կողմից դա կհամարվի որպես ագրեսիա սույն Պայմանագրի բոլոր մասնակից պետությունների դեմ: Մասնակից պետություններից որևէ մեկի դեմ ագրեսիայի ակտի ի հայտ գալու պարագայում, մնացած մասնակից պետությունները կցուցաբերեն անհրաժեշտ օժանդակություն` ներառյալ ռազմական օգնությունը, նաև կցուցաբերեն օժանդակություն իրենց տրամադրության տակ գտնվող միջոցներով` հավաքական պաշտպանության իրավունքի իրագործման կարգին համապատասխան` համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի»»: Նարեկ Այվազյանի խոսքով՝ ՀԱՊԿ-ը միջոցներ չի ձեռնարկել կանխելու Ադրբեջանի ագրեցսիան, իսկ բախումների ժամանակ չի ցուցաբերել ռազմական օգնություն Հայաստանին՝ պաշտպանելու հիմնադիր անդամ պետության տարածքային ամբողջականությունը՝ փաստելով, որ կազմակերպությունը «ժամանակավրեպ, անօգուտ և վնասակար է» թե՛ Հայաստանի Հանրապետության, թե՛ այլ ինքնիշխան երկրների համար։ «Կազմակերպության և կազմակերպության անդամների որդեգրած դիրքորոշումները Հայաստանի անվտանգության, տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և միջազգային խաղաղության նկատմամբ, ինչպես նաև Պայմանագրի կարևորագույն կետի խախտումը մեզ հիմք է տալիս պահանջել ՀՀ կառավարությունից և խորհրդարանից դուրս գալ ՀԱՊԿ-ից օր առաջ և առավելագույնս խորացնել հարաբերությունները մեզ աջակցած բոլոր երկրների հետ»- գրել է նա։  
19:09 - 17 սեպտեմբերի, 2022
Էրդողանը հիշեցրել է Բաքվի հայտարարությունը, ըստ որի, իբր «հայկական կողմի սադրանքը կանխելու օպերացիան» ավարտել է

Էրդողանը հիշեցրել է Բաքվի հայտարարությունը, ըստ որի, իբր «հայկական կողմի սադրանքը կանխելու օպերացիան» ավարտել է

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոսել է Բաքվի՝ «հայկական կողմի սադրանքը կանխելու օպերացիան» ավարտելու վերաբերյալ  հայտարարությունների մասին և պնդել՝ Ալիևն իրենց փոխանցել է, որ «Ադրբեջանի իրենց եղբայրներն ապահովել են իրենց անվտանգությունը»։ Այս հայտարարությունն, ինչպես փոխանցում է Anadolu գործակալությունը, Էրդողնն արել է Սամարղանդում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին իրեն ուղեկցող լրագրողների հետ զրույցում։ Լրագրողները հարց են ուղղել հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակի մասին, ինչին ի պատասխան Էրդողանը  հիշեցրել է Բաքվի հայտարարությունները՝ «հայկական կողմի սադրանքը կանխելու օպերացիան» ավարտելու մասին։ «Հաշվի առնելով օպերացիայի ավարտը՝ կարծում եմ՝ այս պահին չարժե ուռճացնել թեման։ Իլհամ Ալիևի՝ ինձ տրամադրած տեղեկության համաձայն՝ Ադրբեջանում մեր եղբայրներն ապահովել են իրենց անվտանգությունը։ Այս առումով շատ կարևոր է, որ Հայաստանը դադարեցնի Ադրբեջանի դեմ սադրանքները և հավատարիմ մնա իր պարտավորություններին։ Երևանը պետք է ձգտի խաղաղության և համագործակցության։ Թուրքիան հանդես է գալիս տարածաշրջանում հարաբերությունների կարգավորման գործընթացների հաջող ավարտի օգտին, ինչը կապահովի երկարաժամկետ խաղաղություն և կայունություն [Հարավային Կովկասում]»,- ասել է Թուրքիայի ղեկավարը։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի լույս 13-ի գիշերն Ադրբեջանը հարձակվել է Հայաստանի վրա՝ օկուպացնելով հայկակակն տարածքներ և թիրախավորելու քաղաքացիական ենթաակռուցվածքներ։  
18:56 - 17 սեպտեմբերի, 2022
Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանով առաջացած հրդեհները «Ջերմուկ» անտառային տնտեսությաում զգալի վնաս են հասցրել 10 հա անտառածածկ տարածքի կենսաբազմազանությանը․ ՇՄՆ

Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանով առաջացած հրդեհները «Ջերմուկ» անտառային տնտեսությաում զգալի վնաս են հասցրել 10 հա անտառածածկ տարածքի կենսաբազմազանությանը․ ՇՄՆ

ՀՀ շրջակա միջավայի նախարարության փաստահավաք աշխատանքներից հետո նախարար Հակոբ Սիմիդյանը համապատասխան գրությամբ դիմել է դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին, միջազգային կազմակերպություններին ու գործընկերներին՝ ևս մեկ անգամ նրանց ուշադրությունը հրավիրելու ՀՀ տարածքի նկատմամբ Ադրբեջանի լայնածավալ ագրեսիայի հետևանքով բնապահպանական աղետների առաջացման իրական վտանգի վրա։ Այս մասին հայտնում է ՀՀ շրջակա միջավայի նախարարությունը: «Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիայի հետևանքով առաջացած հրդեհները մեծ վնաս են հասցրել Վայոց ձորի մարզի «Ջերմուկ» անտառային տնտեսությանը։ Տվյալ տարածքում անտառային հրդեհները զգալի վնաս են հասցրել 10 հա անտառածածկ տարածքի կենսաբազմազանությանը, ներառյալ էնդեմիկ բուսական և կենդանական աշխարհը՝ հանգեցնելով հողերի դեգրադացմանը: Այս տարածքներում աճող բույսերը (գիհի կազակական, տանձի մի քանի տեսակներ և այլն) և ապրող կենդանիները (հայկական մուֆլոն, բեզոարյան այծ, գորշ արջ և այլն) գրանցված են Կարմիր գրքում»,- ասվում է գրության մեջ: Հաղորդագրության  մեջ նշված է, որ Ջերմուկը ունի հարուստ էկոհամակարգ (կաղնիներ, գիհիներ, սոճիներ), որոնք նույնպես վտանգված են, քանի որ անտառային հրդեհները վնասում են բույսերի և կենդանիների առանձնահատուկ տեսակները: Թիրախավորած տարածքները կարևոր են կենսաբազմազանության պահպանության առումով: Այդ տարածքները հարուստ են էնդեմիկ և վերացման վտանգի տակ գտնվող տեսակներով, որոնց նշանակությունը կարևոր է ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ աշխարհի համար: Գեղարքունիքի, Սյունիքի ու Վայոց ձորի մարզերի Ադրբեջանի թիրախավորած տարածքներում կան բնության հատուկ պահպանվող տարածքներ: Դրանք ինչպես ՀՀ կարմիր գրքում, այնպես էլ Բնապահպանական միջազգային միության (IUCN) վտանգված տեսակների Կարմիր ցուցակում ներառված բույսերի ու կենդանիների (հայկական մուֆլոն, բեզուարյան այծ, գորշ արջ, հարավկովկասյան ընձառյուծ և այլն) ապրելավայրն են, կարևոր միջանցք են այդ տեսակների միջգրացիայի համար։ «Նման գործողությունները միանշանակ վտանգ են ներկայացնում շրջակա միջավայրի համար՝ էապես ազդելով միջազգային բնապահպանական պայմանագրերով և կոնվենցիաներով ստանձնած պարտավորությունների կատարման արդյունավետության վրա: Բարձր գնահատելով միջազգային գործընկերների աջակցությունը՝ Շրջակա միջավայրի նախարարությունն ակնկալում է գործուն միջամտություն՝ կանխելու էկոհամակարգային ռեսուրսների վրա ճնշումների սրումը և երկարաձգումը»,- տեղեկացնում են գերատեսչությունից:
18:21 - 17 սեպտեմբերի, 2022
Ինչ է եղել իրականում և ինչ կարելի է անել․ օրվա հրամայականն է դառնում երկրի նոր ղեկավարի հայտնվելը. Վարդան Օսկանյան

Ինչ է եղել իրականում և ինչ կարելի է անել․ օրվա հրամայականն է դառնում երկրի նոր ղեկավարի հայտնվելը. Վարդան Օսկանյան

Հայաստանի նախկին արտգործնախարար (1998-2008) Վարդան Օսկանյանը լրատվամիջոցներին ուղարկած հոդվածում վերլուծում է Ադրբեջանի նոր ռազմական հարձակումը Հայաստանի վրա և առաջարկում է լուծումներ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար։ Բանակցային գործընթացքում երկարատև փորձ ունեցող ցանկացած մարդ, տեսնելով այսօրվա իրադարձությունները, կարող է շատ հստակ պատկերացնել արդեն երկու տարի հայ հասարակությանը հուզող հարցի պատասխանը՝ ինչ է քննարկվել 2020-ի նոյեմբերի 9-10-ին։ Կասկածից վեր է, որ այդ օրը, այդ ժամերին օրակարգի հիմնական թելադրողը Ալիևն էր։ Շուշի մտնելուց հետո նա հնարավորություն ուներ ժամերի ընթացքում բռնազավթելու ամբողջ Արցախը։ Դժվար չէ հասկանալ, որ այդ դիրքերում, այդ գիշեր Ալիևը սեղանին է դրել իր առավելագույն պահանջները՝ Ղարաբաղը Ադրբեջանի մաս, Զանգեզուրում միջանցք և հօգուտ Ադրբեջանի սահմանազատման լուծում՝ անկլավները ներառյալ։ Բանակցային գործընթացում նույնիսկ ամենաթույլ դիրքերում կողմին դեմքը փրկելու հնարավորություն են տալիս։ Իմ ենթադրությունն է, որ այդ երեք հարցերը դուրս են թողնվել զինադադարի գրավոր հայտարարությունից, բայց ձեռք է բերվել բանավոր պայմանավորվածություն, որի վկան, նաև՝ երաշխավորը, եղել է Պուտինը։ Հիմա, երբ այդ պայմանավորվածությունների իրականացումը ձգձվում է, Ալիևը դիմում է ուժային մեթոդների։ Եթե ելնենք հիմնավոր այս ենթադրությունից՝ այս իրավիճակում Փաշինյանը չունի մանևրելու հնարավորություն, իսկ Ռուսաստանի լռությունը դառնում է եթե ոչ արդարացված, ապա առնվազն՝ բացատրելի։ Պուտինի ձեռքերը կապված են ոչ միայն իր աշխարհաքաղաքական թուլացած դիրքով, այլև նոյեմբերի 9-ին տրված բանավոր խոստման վկան լինելով։ Հետևաբար, օրվա հրամայականն է դառնում նոր բանակցողի, իմա՝ երկրի նոր ղեկավարի հայտնվելը։ Եթե մի կողմ դնենք հուզական պիտակները և ելնենք այն ենթադրությունից, որ Փաշինյանի համար ստեղծված իրավիճակը հաճելի և ցանկալի չէ, ապա նա կամ պետք է հերքի այս թեզը, ասի, որ ոչինչ չի խոստացել բանավոր, ու իր անմիջական քայլերով, այսինքն՝ կտրուկ փոխելով քաղաքականության տրամաբանությունը, ապացուցի դա, կամ հրաժարական ներկայացնի։ Վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ Ադրբեջանի համար ևս ռազմական լուծումը ամենահեշտն ու ցանկալին չէ, հետևաբար Փաշինյանն այստեղ մանևրելու հնարավորոթյուն ունի։ Եթե դա չի անում, ուրեմն մնում է ենթադրել, որ կան խոստման կապանքները։ Նոր բանակցողի հայտնվելը ոչ միայն Հայաստանին կազատի այդ կապանքից, այլև կազատի Ռուսաստանի ձեռքերը՝ հապշտապ և ոչ շահեկան լուծումների փոխարեն նոր բանակցային փուլ սկսելու համար։ Ինչ վերաբերում է Արևմուտքին, ապա ակնհայտ է, որ այն Հայաստանի իշխանության վարած քաղաքականության մեջ տեսնում է Ղարաբաղից հրաժարվելու միտումը, դրանում էլ տեսնում է խաղաղության հասնելու ամենակարճ ճանապարհը, որը և կնպաստի Ռուսաստանի ներկայության թուլացմանը և աստիճանական հեռացմանը տարածաշրջանից։ Դրանով թերևս կարելի է բացատրել ադրբեջանական ագրեսիայի ժամանակ Արևմուտքի խաղացած դրական դերը, ճնշումը Ադրբեջանի վրա՝ ձեռք բերված փխրուն զինադադարի արդյունքով։ Սակայն Արևմուտքը նույնպես Հայաստանի իշխանությունների ենթադրաբար տված խոստման պատանդն է։ Ի վերջո, ակնհայտ է, որ Էրդողանի ռազմատենչ հայտարարությունները ԵՄ անդամ Հունաստանի դեմ և բազմաթիվ այլ հանգամանքներ, չպետք է որևէ մեկի մոտ կասկած առաջացնեն, որ Արևմուտքը նույնպես նպատակ, ցանկություն և պատճառ չունի թուրք-ադրբեջանական կողմի լիակատար հաղթանակը ցանկանալու։ Հետևաբար, նոր բանակցողի պայմաններում և դրա շուրջ ձևավորված նոր մոտեցումներով ու դիվանագիտական թիմով հայկական շահերի հետապնդումը անկասկած հնարավորոթյուն կստեղծի կարճ ժամանակում փոխելու նաև Արևմուտքի մոտեցումներն այս հարցում, Արևմուտքին նույնպես շահագրգռելով արագ լուծումների փոխարեն ավելի հավասարակշիռ լուծման համար բանակցություններ սկսելու։ Բայց դրա համար, դարձյալ, անհրաժեշտ է նոր բանակցող, որը թե՛ Ռուսաստանի, թե՛ Արևմուտքի համար կձևակերպի բանակցային նոր օրակարգ։ Ո՞րը պետք է լինի նոր բանակցողի արտաքին քաղաքական հենքը։ Ա) Փոխլրացնող քաղաքականությունը։ Կան մարդիկ, որոնք պնդում են, թե այսօր դա հնարավոր չէ՝ հաշվի առնելով Ռոսւաստան – Արևմուտք հակասությունները։ Բայց այստեղ նրանք մոռանում են առնվազն երկու հանգամանք․ Առաջին, որ այսօր Արևելք – Արևմուտք հակասությունը ոչ թե բլոկների, այլ առանձին երկրների հակասություն է։ Ռուսատան – Արևմուտք, Չինաստան – ԱՄՆ։ Դա չի ենթադրում և չի պարտադրում մեկ կամ մյուս կողմի հետ լավ հարաբերություններ ունեցող երկրներին ընտրություն անել։ Եվ դրանից, ի դեպ, լավագույնս օգտվում են Թուրքիան և Ադրբեջանը։ Երկրորդ, որ այսօր Հայաստանը կարող է հիմնավորել այս կամ այն գործընկերոջ հետ ցանկացած խորության համագործակցություն։ Անկախ պատճառներից կամ հանգամանքներից՝ փաստ է, որ 44-օրյա պատերազմից և վերջին իրադարձություններից հետո Հայաստանում ձևավորվել է համատարած հիասթափություն Ռուսաստանից։ Հայաստանը, ենլելով իր շահերից, պահելով իր հարաբերությունների որակը Ռուսաստանի հետ, առանց վարանման հնարավորություն ունի լավագույնս օգտագործելու այլ երկրների կողմից իրեն ընձեռված բոլոր տեսակի հնարավորությունները։ Բ) Նոր բանակցողը և նրա թիմը կարիք չունեն ընդհանրապես հրաժարվելու պայմանագիր կնքելու հեռանկարից։ Պարզապես անհրաժեշտ է փոխել դրա շուրջ ստեղծված և այլոց կողմից ընկալված առկա ենթատեքստը։ Ադրբեջանի համար այս փաստաթուղթը միջոց է պատերազմի արդյունքում իր ձեռք բերած և ակնկալվող ռազմական ավարի օրինականացման և միջազգային ճանաչման համար։ Հայաստանի մոտեցումը պետք է լինի նույնը։ Հայաստանի համար այս փաստաթուղթը պետք է լինի այն միջոցը, որտեղ կկարողանա տրամաբանված, ոչ ծայրահեղական ձևակերպումներով դրույթների ներառմամբ հասնել բանակցային լուրջ գործընթացի անհրաժեշտության ճանաչման և մեկնարկի։ Փաստաթղթում անհրաժեշտ է ներառել այն դրույթները, որոնց շուրջ կլինի իրական բանակցությունների անհրաժեշտություն՝ ադրբեջանական զինված ուժերի դուրսբերումը ՀՀ տարաքից; Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի խնդիրը; գերիների վերադարձը; սահմանազատման բանակցված, ոչ թե հապշտապ ու միայն ադրբեջանական կողմին բավարարող իրականացումը։ Այլապես այն, ինչ տեղի է ունենում այսօր, բանակցություն չէ, այլ պարտադրանք է Հայաստանին՝ հրաժարվելու Արցախից, ինչը ստիպված կլինի ընդունել միայն թե խաղաղություն լինի։ Ու այս ձևակերպմանը տարբեր պատճառներով դեմ չեն արտահայտվում թե՛ Ռուսաստանը, թե՛ Արևմուտքը՝ հիմնականում վերևում նշված՝ հայկական կողմի այլ ձևակերպում տալու անկարողության պատճառով։
18:06 - 17 սեպտեմբերի, 2022
Ստեփանակերտում կայացած հանրահավաքի մասնակիցները հայտարարություն են տարածել

Ստեփանակերտում կայացած հանրահավաքի մասնակիցները հայտարարություն են տարածել

Այս օրերին Ստեփանակերտում ընթացող հանրահավաքների մասնակիցները հանդես են եկել հայտարարությամբ։  Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.   «Մենք ՝ ԼՂՀ բնակիչներս, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ընթացող համաժողովրդական հանրահավաքի մասնակիցներս, հայտարարում ենք, որ մենք պաշտպանելու ենք ԼՂՀ ինքնիշխանությունն ու պետականությունը։   31 տարի առաջ մենք անկախություն հռչակեցինք և իրականացրեցինք ինքնորոշման մեր իրավունքը ՝ միջազգային իրավունքին և ԽՍՀՄ օրենսդրությանը լիովին համապատասխան։ Այդ որոշումներն ամրագրված են" ԼՂՀ անկախության մասին հռչակագրով " և համաժողովրդական հանրաքվեի արդյունքներով ։ Ադրբեջանը շարունակում է իրականացնել ավելի քան հարյուր տարի առաջ Թուրքիայի կողմից սկսված հայ ժողովրդի ցեղասպանությունը։   Ղարաբաղի հայերի նկատմամբ ցեղասպան քաղաքականությունն Ադրբեջանի կողմից իրականացվել է նաև խորհրդային իշխանության տարիներին, և ԽՍՀՄ փլուզումից հետո բոլոր հետագա տարիներին։ Այն շարունակվում է նաև այսօր, ինչի մասին, Օրինակ, վկայում են վերջին օրերի իրադարձությունները, երբ տեղի է ունեցել զինված ներխուժում Հայաստանի Հանրապետության տարածք, որն ուղեկցվել է մարդկության դեմ հանցագործություններով ՝ սպանվածների մարմիններին ծաղրելով, գերիներին գլխատելով և հայատյաց այլ անմարդկային դրսևորումներով։   Ադրբեջանը, չթաքցնելով հայերի եւ հայկական պետականության ոչնչացման իր մտադրությունները, իրականացնում է Հայոց ցեղասպանությունը ՝ իր հանցավոր գործողությունների մեջ ներգրավելով տարածաշրջանային եւ միջազգային այլ ուժերի: Միայն Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն իրավունք ունի որոշելու իր ճակատագիրը։   Հայաստանը ԽՍՀՄ փլուզումից հետո բոլոր տարիներին հանդիսանում էր ԼՂՀ անվտանգության երաշխավորը և միջնորդական գործառույթներ էր իրականացնում Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև հակամարտության կարգավորման բանակցություններում։ Բայց Հայաստանի ղեկավարությունն իրավունք չունի ստորագրել որևէ փաստաթուղթ, որը նախատեսում է ԼՂՀ գոյություն ունեցող կարգավիճակի փոփոխություն։ Նման կարգի ցանկացած փաստաթուղթ լեգիտիմ չէ և իրավաբանական ուժ չունի։   Ճանաչեք ԼՂՀ անկախությունը՝ մի մասնակցեք Ադրբեջանի և նրա դաշնակիցների կողմից իրականացվող Հայոց ցեղասպանությանը» ։
17:32 - 17 սեպտեմբերի, 2022
Դեռ շատ մարտահրավերներ կան, բայց հույս ունեմ՝ հրադադարը կպահպանվի․Տոյվո Կլաար

Դեռ շատ մարտահրավերներ կան, բայց հույս ունեմ՝ հրադադարը կպահպանվի․Տոյվո Կլաար

Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հայտնել է, որ վերադարձել է Բրյուսել Երևանում, Բաքվում և Վիեննայում կայացած հրատապ հանդիպումներից հետո։  «Բարդ ու երբեմն էմոցիոնալ քննարկումներ։ Դեռ շատ մարտահրավերներ կան, բայց հույս ունեմ՝ հրադադարը կպահպանվի։ Անհրաժեշտ է վերադառնալ բանակցություններին։ Անհանգստացնող հաղորդումներ են գալիս վերջին մարտերի ընթացքում քաղաքացիական անձանց նկատմամբ հանցագործությունների և բռնությունների մասին: Անցյալի դեպքերին ևս պետք է անդրադառնալ, բայց ոչ մի կերպ դրանք չպետք է լինեն արդարացում: Մարդու իրավունքների ոտնահարման և ռազմական հանցագործությունների վերաբերյալ բոլոր մեղադրանքները պետք է հետաքննվեն, և մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- գրել է Կլաարը։  Տոյվո Կլաարը նշել է, որ ԵՄ-ն շարունակում է ամենաբարձր մակարդակով ներգրավված մնալ գործընթացում, և նպատակը շարունակում է լինել օգնելը Հայաստանին ու Ադրբեջանին հասնելու համապարփակ և կայուն համաձայնագրի, որը կապահովի կայուն, անվտանգ և բարգավաճ Հարավային Կովկաս։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին հայտնի դարձավ, որ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի ֆոնին Ժոզեպ Բորելի խնդրանքով Տոկվո Կլաարը կայցելի Հայաստան ու Ադրբեջան։ Սեպտեմբերի 14-ին Տոյվո Կլաարը Բաքվում հանդիպեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։  Իսկ սեպտեմբերի 15-ին ԵՄ հատւկ ներկայացուցիչը Երևանում հանդիպում ունեցավ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ինչպես նաև պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ։ 
17:00 - 17 սեպտեմբերի, 2022
Այս պահի դրությամբ հաստատված երկու զոհ ունենք քաղաքացիական անձանց շրջանակներում. Քյարամյան
 |news.am|

Այս պահի դրությամբ հաստատված երկու զոհ ունենք քաղաքացիական անձանց շրջանակներում. Քյարամյան |news.am|

news.am: Այս պահի դրությամբ հաստատված երկու զոհ ունենք քաղաքացիական անձանց շրջանակներում. Քննությունը այդ առումով շարունակվում է: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 17-ին, Գեղարքունիքի մարզում մի քանի լրագրողների հետ  զրույցում նշեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը: «Մեկը ուղիղ ճանապարհը թիրախավորելու արդյունքում է զոհվել: Այո, ունենք նաեւ դեպք, որ շտապօգնության մեքենան է թիրախավորվել»,-ասաց նա: Նրա խոսքով, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից ագրեսիայի ակտ նախաձեռնելու եւ միջազգային մարդասիրական մի շարք էական խախտումներ թույլ տալու հետ կապված քրգործեր են հարուցվել. Քրեական գործեր են հարուցվել նաեւ դիակապտության հոդվածով: «Քննություն է իրականացվում եւ այս պահին Գեղարքունիքում, Սյունիքում, Վայոց Ձորում քննչական տարբեր խմբեր են փորձագետների հետ միասին աշխատում: Առաջնային նպատակը զննություններով ֆիքսելն է քաղաքացիական ենթակառուցվածքներին, օբյեկտներին հասցված վնասը: Բազմաթիվ քաղաքացիական շենքեր են վնասվել: Մեր խնդիրն է նաեւ այդ վնասները ֆիքսել, հստակեցնել, հետագայում նաեւ ապրանքագիտական փորձաքննություններ միջոցով պարզել նյութական վնասի ընդհանուր արժեքը: Այս պահին քննչական խմբերը այդ ուղղությամբ աշխատանքներ են կատարում»,-ասաց նա:Քյարամյանի խոսքով, քրեական գործը հարուցվել է հենց ագրեսիայի օրը եւ այդ օրվանից սկսած աշխատանքները ՔԿ-ն տանում է: Նա նկատեց, որ վնասված քաղաքացիական ենթակառուցվածքների կամ դրանց միջեւ ընկած տարածքներում որեւէ զինվորական ենթակառուցվածք կամ զինվորական անձնակազմ չի եղել. «Ակնհայտ է, որ Ադրբեջանն ուղիղ թիրախավորել է քաղաքացիական բնակչությանը եւ քաղաքացիական ենթակառուցվածքները»,-ասաց Քյարամյանը: Հարցին, թե քննչական աշխատանքներն ավարտելուց հետո որոնք են լինելու հետագա գործողությունները, ՔԿ նախագահը պատասխանեց. «Իրականում քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումը շատ կարեւոր է, որ հստակ ֆիքսենք, որ միջազգային ատյաններում կարողանանք բարձրացնել այդ հարցերը: Մեր գործընկերներն այդ ուղղությամբ աշխատում են, մենք մեր հավաքած ապացույցները կտրամադրենք նաեւ այդ ատյաններում աշխատող պետական իրավասու կառույցներին: Շատ ինտենսիվ ու օպերատիվ ենք աշխատում, դրանց մի մասն արդեն տրամադրել ենք, անընդհատ նորանոր տրամադրվում են նորանոր տեղեկատվություններ: Նաեւ իդենտիֆիկացված գերիների վերաբերյալ մեր գործընկերները դիմել են եւ կան արդեն Եվրոպական դատարանի կողմից միջանկյալ միջոց կիրառելու որոշումներ»:  
16:51 - 17 սեպտեմբերի, 2022
Մեր պատվիրակությունն ակնկալում է ունենալ հանդիպումներ, որոնք տարածաշրջանում առաջ կմղեն մեր արժեքներն ու շահերը․ Փելոսիի գրասենյակ
 |armenpress.am|

Մեր պատվիրակությունն ակնկալում է ունենալ հանդիպումներ, որոնք տարածաշրջանում առաջ կմղեն մեր արժեքներն ու շահերը․ Փելոսիի գրասենյակ |armenpress.am|

armenpress.am: Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան ի ցույց կդնի ԱՄՆ հանձնառությունը՝  անվտանգ, տնտեսապես բարեկեցիկ և ժողովրդավար կառավարմանը Հայաստանում և Հարավային Կովկասում։ Այս մասին ասվում է այցի վերաբերյալ Փելոսիի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։ Ներկայացուցիչների պալատի խոսնակը նշել է, որ ուրախ են այցելել Երևան 2019 թվականին Հայոց ցեղասպանությունը ճանաչող պատմական բանաձևի ընդունումից և առաջին անգամ ԱՄՆ նախագահի կողմից Ցեղասպանության ճանաչումից հետո։ Նա ընդգծել է, որ «բոլորի բարոյական պատասխանատվությունն է՝ երբեք չմոռանալ․ պարտավորություն, որը հատկապես մեծ հրատապություն է ձեռք բերել, քանի որ կոտորածներ են իրականացվում ողջ աշխարհում, այդ թվում և Ռուսաստանի կողմից Ուկրաինայում»։ «Կոնգրեսի մեր պատվիրակության այցը Հայաստան հզոր խորհրդանիշն է Միացյալ Նահանգների հաստատակամ վճռականության՝ ունենալ խաղաղ, բարեկեցիկ և ժողովրդավար Հայաստան և կայուն ու խաղաղ կովկասյան տարածաշրջան։ Կառավարության առաջնորդների, քաղաքացիական հասարակության և անվտանգային մարմինների անդամների հետ աշխատանքային հանդիպումների ժամանակ մենք կհայտնենք ԱՄՆ-ի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ և Հայաստանի երկար տարիների բարեկամ, ուժեղ և շարունակվող աջակցությունը Լեռնային Ղարաբաղում հակամարտության տևական կարգավորմանը»,- նշել է Փելոսին։ Նա ընդգծել է, որ պատվիրակության կազմում ընդգրկված դեմոկրատ գործիչներ Ֆրենք Փալոնեն, հայկական արմատներ ունեցող Աննա Էշուն, Ջեքի Սփիերը Հայաստանի շահերի համար երկար տարիներ ի վեր գործունեություն ծավալող գործիչներ են։ «Մեր պատվիրակությունն ակնկալում է ունենալ արդյունավետ հանդիպումներ, որոնք էլ ավելի կամրապնդեն Հայաստանի Հանրապետության հետ մեր գործընկերությունը և տարածաշրջանում առաջ կմղեն մեր արժեքներն ու շահերը»,- եզրափակել է Փելոսին։
16:34 - 17 սեպտեմբերի, 2022
ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը Սյունիքի մարզում է. նա հանդիպել է մարզպետի հետ և այցելել Կապանի ՀՓՋ

ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը Սյունիքի մարզում է. նա հանդիպել է մարզպետի հետ և այցելել Կապանի ՀՓՋ

Սեպտմբերի 17-ին ԱԻ նախարարն այցելել է Սյունիքի մարզ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից։   Գերատեսչության ղեկավարը մարզպետարանում հանդիպում է անցկացրել Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ: Քննարկվել են վերջին օրերին Հայաստանի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակին առնչվող հարցեր:   Նախարար Ա. Փամբուխչյանը մարզպետին վստահեցրել է, որ մարզային փրկարարական վարչությունը, հրշեջ-փրկարարները պատրաստ են լիարժեք կատարել իրենց առջև դրված խնդիրները, նաև նշել, որ անձամբ ինքը և իր ղեկավարած կառույցն անում են ամեն հնարավոր բան ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանը նպաստելու համար:   Այնուհետև, Արմեն Փամբուխչյանը և Ռոբերտ Ղուկասյանն այցելել են Կապանի հրշեջ-փրկարարական ջոկատ: Նախարարը տեղում ծանոթացել է իրավիճակին, աշխատանքային պայմաններին, զրուցել անձնակազմի հետ, տվել համապատասխան հանձնարարականներ:   Ի դեպ, Սյունիքի ՄՓՎ հրշեջ-փրկարարական ջոկատի անձնակազմի անդամներից, ինչպես և Վայոց ձորում, Գեղարքունիքում ձևավորվել են մարտական հերթապահություն իրակացնող խմբեր, որոնք ծառայություն են իրականացնում տեղակայման վայրերում:   Նախօրեին նախարար Արմեն Փամբուխչյանն այցելել էր ադրբեջանական հրետակոծությունից վնասված Ջերմուկի ՀՓՋ-ի շենք:
15:41 - 17 սեպտեմբերի, 2022
Նենսի Փելոսին Հայաստանում բարձրաստիճան պաշտոնյաների հետ կքննարկի ներկայիս անվտանգային իրավիճակը

Նենսի Փելոսին Հայաստանում բարձրաստիճան պաշտոնյաների հետ կքննարկի ներկայիս անվտանգային իրավիճակը

Հայաստանում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են՝ այսօր ավելի ուշ Երևանում սպասում է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի գլխավորած պատվիրակությանը։     Սեպտեմբերի 17-19-ի այցի ընթացքում Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փելոսին կհանդիպի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին և այլ բարձրաստիճան պաշտոնյաների՝ քննարկելու հայ-ամերիկյան հարաբերությունները և ներկայիս անվտանգային իրավիճակը։    Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փելոսին հանդես կգա մամուլի ասուլիսով, ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության հուշահամալիրում և ելույթ կունենա «Գաֆէսճեան արվեստի կենտրոնում», ընդ որում ելույթը ուղիղ հեռարձակմամբ հասանելի կլինի www.speaker.gov/newsroom հղմամբ։ Խոսնակ Փելոսին կանդրադառնա մեր երկու երկրների ամուր փոխգործակցությանը, որի հիմքում ընդհանուր արժեքներն են և մեր ժողովուրդների երկարամյա կապերը։   Պատվիրակության կազմում են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Էներգետիկ և կոմերցիոն հարցերով հանձնաժողովի նախագահ Ֆրանկ Փալոնեն և Ներկայացուցիչների պալատի անդամներ Աննա Էշուն և Ջեքի Սփիերը։
15:19 - 17 սեպտեմբերի, 2022
Արայիկ Հարությունյանը հանդիպել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ

Արայիկ Հարությունյանը հանդիպել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը և ԱՀ Ազգային ժողովի պատվիրակությունը սեպտեմբերի 16-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպում են ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ: Այս մասին տեղեկացնում է Արցախի կառավարության լրատվական ծառայությունը։ Քննարկվել են ստեղծված իրավիճակում Հայաստանի և Արցախի առջև ծառացած մարտահրավերները, վերջին օրերի Ադրբեջանի ոտնձգությունները և առկա գոյաբանական սպառնալիքները։ Հանդիպմանն ընդգծվել է անհրաժեշտությունը ազգային ողջ ներուժի համախմբման և համահայկական միասնական ջանքերի գործադրման` ի նպաստ ստեղծված դժվարին իրավիճակի հանգուցալուծման և կայուն խաղաղության վերահաստատման։ Հանրապետության նախագահը և խորհրդարանականները կարևոր են նկատել պետություն-եկեղեցի գործակցությունը, մասնավորապես, այս օրերին Հայ Առաքելական եկեղեցու առաքելությունը ազգային միասնականության ամրապնդման գործում: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Արցախի թեմի գործունեությանը և հոգևոր կյանքի զորացմանն ուղղված ծրագրերին և այդ համատեքստում պետության անելիքներին:
13:49 - 17 սեպտեմբերի, 2022
Ադրբեջանում Իրանի դեսպանը մանրամասն ներկայացրել է Թեհրանի դիրքորոշումը Հայաստանի եւ Ադրբեջանի նկատմամբ
 |news.am|

Ադրբեջանում Իրանի դեսպանը մանրամասն ներկայացրել է Թեհրանի դիրքորոշումը Հայաստանի եւ Ադրբեջանի նկատմամբ |news.am|

news.am: Բաքվում Իրանի դեսպան Սեյյեդ Աբբաս Մուսավին թվիթերի շարքում մանրամասն անդրադարձել է երկու հյուսիսային հարեւանների՝ Հայաստանի եւ Ադրբեջանի նկատմամբ Իրանի դիրքորոշմանը, գրում է Mehr-ը։ «Տարածաշրջանային եւ միջազգային հակամարտություններում Իրանի Իսլամական Հանրապետության սկզբունքային դիրքորոշումները միշտ հիմնված են պատվի, իմաստության, նպատակահարմարության, արդարության, արդարադատության եւ միջազգային իրավունքի վրա»,- ասվում է Սեյյեդ Աբբաս Մուսավիի իր առաջին թվիթում: «(Իրանի) իսթեբլիշմենտի իմաստուն իշխանությունները, միանշանակ, լավագույն ժամանակին կայացնում են լավագույն որոշումը եւ միշտ պաշտպանում են իրենց սեփական եւ տարածաշրջանային ազգային շահերն ու անվտանգությունը»: «Արտաքին եւ պաշտպանական քաղաքականություն վարող որոշումներ կայացնողների, քաղաքական գործիչների եւ պաշտոնյաների վրա ազդեցությունը, եթե այն ունի վերը նշված բաղադրիչները եւ զուրկ է ռացիոնալությունից ու հեռատեսությունից, կասկածելի է, վնասակար եւ ավելի շուտ լրացնում է Իրանի թշնամիների գլուխկոտրուկը եւ ոչնչացնում է կառավարության քաղաքականությունը հարեւանների նկատմամբ»,- հավելել է նա: «Ինչ վերաբերում է հյուսիսային հարեւաններին, ապա Իրանի դիրքորոշումները հայտնի են արդեն 30 տարի եւ բազմիցս հնչեցրել են հեղափոխության առաջնորդը, նախագահը, ԱԳ նախարարը եւ ԱԳՆ մամուլի քարտուղարը, այն է՝ միջազգային սահմանների անփոփոխությունը եւ հակադրությունն աշխարհաքաղաքական փոփոխություններին»,- հավելել է նա։ Եզրափակելով՝ դիվանագետն ընդգծել է, որ «ցանկացած դիտավորությամբ լրացուցիչ եւ զուգահեռ դիրքորոշում հայտարարելու պահանջը ոչ պրոֆեսիոնալ եւ վնասակար է»։  
13:30 - 17 սեպտեմբերի, 2022