Տեղի է ունեցել «ՀԱՊԿ-ից դուրս Հայաստան» կոչով բողոքի ակցիա
19:09 - 17 սեպտեմբերի, 2022

Տեղի է ունեցել «ՀԱՊԿ-ից դուրս Հայաստան» կոչով բողոքի ակցիա

Այսօր Երևանում «ՀԱՊԿ-ից դուրս Հայաստան» կոչով բողոքի ակցիա է տեղի ունեցել։ 

Ակցիայի մասնակից Նարեկ Այվազյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Մենք փաստում ենք, որ միջազգային հանրությունը սատար է կանգնել Հայաստանի Հանրապետությանը, և միառժամանակ փաստում ենք, որ Հավաքական Անվտանգության Պայմանագրի կազմակերպությունը՝ ՀԱՊԿ-ը, որի հիմնադիր անդամ է հանդիսանում Հայաստանի Հանրապետությունը և այդ կազմակերպության անդամ երկրները, գրավել են չեզոք կամ հակադիր դիրք՝ ուղղակի և անուղղակի կերպով վնասելով Հայաստանին: Հավաքական անվտանգության մասին Պայմանագրի 4-րդ հոդվածը, հայտարարում ենք, որ խախտված է։ Այս հոդվածի համաձայն, «եթե անդամ պետություններից որևէ մեկը ենթարկվի ագրեսիայի որևէ պետության կամ պետությունների խմբի կողմից, ապա անդամ պետությունների կողմից դա կհամարվի որպես ագրեսիա սույն Պայմանագրի բոլոր մասնակից պետությունների դեմ: Մասնակից պետություններից որևէ մեկի դեմ ագրեսիայի ակտի ի հայտ գալու պարագայում, մնացած մասնակից պետությունները կցուցաբերեն անհրաժեշտ օժանդակություն` ներառյալ ռազմական օգնությունը, նաև կցուցաբերեն օժանդակություն իրենց տրամադրության տակ գտնվող միջոցներով` հավաքական պաշտպանության իրավունքի իրագործման կարգին համապատասխան` համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի»»:

Նարեկ Այվազյանի խոսքով՝ ՀԱՊԿ-ը միջոցներ չի ձեռնարկել կանխելու Ադրբեջանի ագրեցսիան, իսկ բախումների ժամանակ չի ցուցաբերել ռազմական օգնություն Հայաստանին՝ պաշտպանելու հիմնադիր անդամ պետության տարածքային ամբողջականությունը՝ փաստելով, որ կազմակերպությունը «ժամանակավրեպ, անօգուտ և վնասակար է» թե՛ Հայաստանի Հանրապետության, թե՛ այլ ինքնիշխան երկրների համար։

«Կազմակերպության և կազմակերպության անդամների որդեգրած դիրքորոշումները Հայաստանի անվտանգության, տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և միջազգային խաղաղության նկատմամբ, ինչպես նաև Պայմանագրի կարևորագույն կետի խախտումը մեզ հիմք է տալիս պահանջել ՀՀ կառավարությունից և խորհրդարանից դուրս գալ ՀԱՊԿ-ից օր առաջ և առավելագույնս խորացնել հարաբերությունները մեզ աջակցած բոլոր երկրների հետ»- գրել է նա։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել