Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում ու իրականացնում է աշխատանքի և սոցիալական ապահովության բնագավառներում ՀՀ կառավարության քաղաքականությունը։ 

Իմ նշանակումից հետո ո՛չ ես, ո՛չ նախարարության ղեկավար անձնակազմը պարգեւավճար չենք ստացել եւ առաջիկայում չենք ստանալու․ Մեսրոպ Առաքելյան |armtimes.com|

Իմ նշանակումից հետո ո՛չ ես, ո՛չ նախարարության ղեկավար անձնակազմը պարգեւավճար չենք ստացել եւ առաջիկայում չենք ստանալու․ Մեսրոպ Առաքելյան |armtimes.com|

armtimes.com: Վստահ եմ՝ կհամաձայնեք, որ մեր նախարարության բազմաթիվ աշխատակիցներ կրտսեր աշխատակազմի ստանում են բավականին ցածր վարձատրություն, եւ պարգեւավճարները այս պարագայում պետք է դիտարկենք ոչ թե պարգեւավճար, այլ վարձատրության որոշակի հատված: Այսօր ՀՀ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նորանշանակ նախարար Մեսրոպ Առաքելյանը՝ անդրադառնալով պարգեւավճարների թեմային: «Այս մասով կարծում եմ՝ կա անհրաժեշտություն որոշակի աշխատակիցների լրացուցիչ վարձատրության: Ինչ վերաբերում է անձամբ ինձ եւ նախարարության ղեկավար անձնակազմին, ապա իմ նշանակումից հետո ո՛չ ես, ո՛չ ղեկավար անձնակազմը պարգեւավճար չենք ստացել եւ առաջիկայում չենք ստանալու»,- նշեց նախարարը։
13:44 - 03 դեկտեմբերի, 2020
Նախատեսված են հատուկ միջոցառումներ՝ պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած քաղաքացիների համար

Նախատեսված են հատուկ միջոցառումներ՝ պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած քաղաքացիների համար

Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար հնարավորությունների ապահովումն ու նրանց ինտեգրումն օրվա հրամայականն է: Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվա հետ կապված այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում նշել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը: «Դեկտեմբերի 3-ը ողջ աշխարհում նշվում է որպես Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օր։ Մեզանում այսօր՝ առավել քան երբեւէ, հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար հնարավորությունների ապահովումն ու նրանց ինտեգրումն օրվա հրամայականն է։ Ուստի, նրանց սոցիալական ներառումն ապահովող ծրագրերին զուգահեռ մեր կողմից նախատեսված են նաեւ հատուկ միջոցառումներ՝ պատերազմի հետեւանքով հաշմանդամություն ձեռք բերած քաղաքացիների համար»,- նշել է նախարարը։ Նրա խոսքով, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն անում է ամեն հնարավորը՝ առավելագույնս պարզ ընթացակարգով վիրավոր զինծառայողների կարիքների գնահատման, հաշմանդամության խմբի ճանաչման, անհրաժեշտ աջակցող միջոցների հատկացման համար: Կարիքներին համարժեք ծառայությունների մատուցումը, կրթության եւ զբաղվածության խնդիրների կարգավորումը կարող են ունենալ երկարատև դրական ազդեցություն ոչ միայն ծրագրերում ընդգրկված անձանց կյանքի որակի, այլեւ հասարակության ընկալումների վրա ՝ ապահովելով սոցիալական ու տնտեսական առաջընթաց։ Նախարարը տեղեկացրել է, որ առաջիկայում նախատեսվում է ոլորտը կարգավորող նոր օրենսդրության ընդունում, որով պետությունն ավելի մեծ երաշխավորություն կստանձնի հաշմանդամություն ունեցող անձանց` այլ անձանց հետ համահավասար անկախ կյանքի եւ ներառականության համար անհրաժեշտ պայմաններ եւ հավասար հնարավորություններ ստեղծելու ուղղությամբ:  Հասցեական եւ համալիր միջոցառումները կթեթեւացնեն առկա խնդիրները, հնարավորություն կտան վերացնել միջավայրային արգելքները, բարձրացնել հասարակության իրազեկվածությունն ու արդյունքում ձևավորել նաեւ համարժեք վերաբերմունք։ «Օրվա խորհուրդը կարևորելով՝ ուզում եմ կրկին ընդգծել, որ այս ուղղությամբ սոցիալական ցանկացած ներդրում պետք է առաջնային լինի յուրաքանչյուրիս համար: Ակնկալում եմ, որ նախատեսվող ծրագրերի իրականացման շնորհիվ հաշմանդամություն ունեցող անձինք կկարողանան լիարժեք իրացնել երկրի հասարակական, քաղաքական, մշակութային կյանքին մասնակցելու իրենց իրավունքը»,-նշել է նախարարը:
13:39 - 03 դեկտեմբերի, 2020
Մեսրոպ Առաքելյանը վարչապետի հրաժարականի անհրաժեշտություն չի տեսնում |armenpress.am|

Մեսրոպ Առաքելյանը վարչապետի հրաժարականի անհրաժեշտություն չի տեսնում |armenpress.am|

armenpress.am: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի անհրաժեշտություն չի տեսնում: Այդ մասին նա նշեց կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում: Հարցին՝ վարչապետի հրաժարականի անհրաժեշտություն տեսնո՞ւմ է, նախարարը նշեց. «Իհարկե, ոչ։ Վարչապետը պարզաբանել է տեղի ունեցածը, նաև այն անելիքները, որ առաջիկա ամիսներին շեշտադրված է հրապարակված ճանապարհային քարտեզով։ Այս պահին կառավարությունն իր բոլոր ջանքերը գործադրում է այդ ճանապարհային քարտեզում նշված բոլոր խնդիրները լուծելու համար»,- ասաց նախարարը։ Միաժամանակ նա նշեց, որ իշխանությունը տեղի ունեցած իրադարձությունների համար պատասխանատվությունը ստանձնել է և հետագա գործողութունների պատասխանատվությունը շարունակում է կրել:
13:22 - 03 դեկտեմբերի, 2020
Կենտրոնացած եմ ճանապարհային քարտեզում նախանշված խնդիրները հնարավորինս արագ լուծելու ուղղությամբ. Առաքելյան |1lurer.am|

Կենտրոնացած եմ ճանապարհային քարտեզում նախանշված խնդիրները հնարավորինս արագ լուծելու ուղղությամբ. Առաքելյան |1lurer.am|

1lurer.am: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը լրագրողների հետ զրույցում ընդգծեց, որ պատերազմի հետևանքները համարում է ողբերգություն, բազմաթիվ ընտանիքներում խնդիրներ են առաջացել, և իրենց նախարարության աշխատանքը յուրաքանչյուր օր միտված է հենց այդ խնդիրների լուծմանը: Առաքելյանի խոսքով՝ վարչապետը պարզաբանել է այն անելիքները, որն առաջիկա ամիսներին նախատեսված է հրապարակված ճանապարհային քարտեզով: Ասաց, որ այս պահին կառավարությունն իր բոլոր ջանքերը գործադրում է այդ ճանապարհային քարտեզում նշված խնդիրները հնարավորինս արագ լուծելուն: Անդրադառնալով նախարարության անելիքներին՝ Մեսրոպյանն ասաց. «Կառավարության նիստում երեք միջոցառում հաստատվեց, և ես այս պահին կենտրոնացած եմ այդ միջոցառումների իրականացումն հնարավորինս արագ ապահովել, քանի որ հազարավոր քաղաքացիների հետաքրքրում է իրենց սոցիալական խնդիրների շուտափույթ լուծումը»: Նախարարը նաև ասաց, որ Արցախի այն քաղաքացիներին, որոնք պատերազմի հետևանքով կորցրել են իրենց բնակավայրերը, կառավարությունն աջակցում է Արցախ վերադառնալու և մշտական բնակություն հաստատելու՝ նոր բնակավայրերում ու կացարաններում: Մեսրոպյանը շեշտեց, որ հասկանում են՝ դա հնարավոր չէ իրականացնել կարճաժամկետ հատվածում, բայց քայլեր են ձեռնարկվում, որ այդ քաղաքացիները կարողանան ժամանակավոր պատշաճ բնակվել ՀՀ տարածքում:
13:16 - 03 դեկտեմբերի, 2020
Պատերազմից վնասված Սյունիքի և Գեղարքունիքի համայնքների բնակարանների սեփականատերերին փոխհատուցում կտրվի |armenpress.am|

Պատերազմից վնասված Սյունիքի և Գեղարքունիքի համայնքների բնակարանների սեփականատերերին փոխհատուցում կտրվի |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունը հաստատեց 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում հրետակոծության հետևանքով Հայաստանի Հանրապետության համայնքներում քաղաքացիների անշարժ գույքին հասցված վնասների փոխհատուցման նպատակով տրամադրվող աջակցության միջոցառումը։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը նշեց, որ միջոցառումը ենթադրում է քաղաքացիներին փոխհատուցել անշարժ գույքի վնասների դեպքում։  «Մասնավորապես, խոսքը Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի մասին է։ Ընդհանուր առմամբ մոտ 75 միավոր անշարժ գույքի մասին է խոսքը, մարզպետարանների միջոցով ավերածությունների հաշվարկները ներկայացված են։ Քաղաքացիներին կտրամադրվի այդ փոխհատուցումը, քանի որ ավերածությունները հիմնականում փոքր չափի են։ Միայն մեկ դեպքով ունենք ամբողջական տան վնասվածք։ Առանձին որոշում է կայացվում կոնկրետ այդ ընտանիքին կացարանով ապահովելու մասով»,- նշեց նախարարը։ Աջակցությունը տրամադրվում է միանվագ դրամական օգնության ձևով՝ շահառուի բանկային հաշվեհամարին փոխանցելու միջոցով: Աջակցությունից օգտվելու համար շահառուն պետք է օնլայն դիմում ներկայացնի, աաջիկա օրերին կարգավորումը կհաստատվի, հնգօրյա ժամկետում գումարը կփոխանցվի բանկային հաշվին։ «Այսպիսով կարող ենք արձանագրել, որ Սյունիքի և Գեղարքունիքի մարզում քաղաքացիների տներին հասցված վնասների փոխհատուցումը տեղի կունենա»,-  ասաց վարչապետը։
12:25 - 03 դեկտեմբերի, 2020
Կառավարությունը կփոխհատուցի արցախցիներին հյուրընկալողների ծախսերը |1lurer.am|

Կառավարությունը կփոխհատուցի արցախցիներին հյուրընկալողների ծախսերը |1lurer.am|

1lurer.am: ՀՀ Կառավարությունը կփոխհատուցի Արցախի վերահսկողությունից դուրս մնացած համայնքներում հաշվառված չափահաս քաղաքացիներին ժամանակավոր հյուրընկալողների ծախսերը:  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը նշեց, որ ՀՀ-ում գտնվող արցախցիների մեծ մասը բնակվում է մասնավոր տներում և բնակարաններում, և Կառավարությունը 6 ամիս կփոխհատուցի հյուրընկալողների ծախսերը՝ Հայաստանում՝ յուրաքանչյուր չափահաս անձի մասով 30 հազար դրամ, իսկ Արցախում՝ 45 հազար դրամ:   Նախարարն ասաց, որ փոխհատուցում ստանալու համար հյուրընկալող կողմը պետք է դիմի նախարարություն էլեկտրոնային եղանակով՝ կցելով նաև այն քաղաքացիների տվյալները, որոնց հյուրընկալում է:  Մ.Առաքելյանի խոսքով՝ նշված գումարները անհատույց տրվող ֆինանսական աջակցություն են:
11:51 - 03 դեկտեմբերի, 2020
Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխայի և ընտանիքի աջակցման համար Սյունիքում նախատեսվում է կենտրոն ստեղծել |hetq.am|

Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխայի և ընտանիքի աջակցման համար Սյունիքում նախատեսվում է կենտրոն ստեղծել |hetq.am|

hetq.am: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նախատեսում է ստեղծել «Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն (ՊՈԱԿ)։ Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում այդպիսի որոշման նախագիծ է հանրային քննարկման ներկայացվել։  Կազմակերպության նպատակն է` նպաստել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխայի և ընտանիքի սոցիալական կարիքների բավարարմանը, խթանել նրանց ներուժի և կարողությունների բացահայտմանը, ծագած հիմնախնդիրներն ինքնուրույն լուծելու ունակությունների զարգացմանը, ստեղծել պայմաններ՝ նրանց սոցիալական ներառման համար, օժանդակել նրանց սոցիալական և առողջական խնդիրների լուծմանը, կանխարգելել կյանքի դժվարին իրավիճակը և սոցիալական մեկուսացումը։ Շուրջօրյա խնամքի ծառայությունների վեցամսյա ժամկետը լրանալուց հետո, ելնելով երեխայի լավագույն շահից, կներկայացվի մասնագիտական եզրակացություն՝ երեխայի հետագա խնամքի ձևը սահմանելու վերաբերյալ, կմշակվի երեխային և ընտանքին տրամադրվող աջակցության արդյունավետության բարձրացմանն ուղղված ուսումնամեթոդական ձեռնարկներ, կիրականացվի վերապատրաստումներ։ Ըստ նախնական հաշվարկների՝ «Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն»-ը կիրականացնի կյանքի դժվարին իրավիճակում հայտնված 0-ից մինչև 18 տարեկան 50 երեխաների՝ առավելագույնը 6 ամիս ժամկետով շուրջօրյա աջակցություն ու խնամք, ինչպես նաև 2-ից մինչև 18 տարեկան 100 երեխաների առավելագույնը 1 տարի ժամկետով ցերեկային աջակցության ծառայություններ։  Իսկ կենտրոնը կգործի Կապան քաղաքում։ Շարունակությունը՝ hetq.am-ում։ 
17:21 - 02 դեկտեմբերի, 2020
Մեկնարկել է արցախցիներին սոցիալական աջակցության տրամադրման երկրորդ ծրագրի դիմումների ընդունման գործընթացը

Մեկնարկել է արցախցիներին սոցիալական աջակցության տրամադրման երկրորդ ծրագրի դիմումների ընդունման գործընթացը

Մեկնարկել է արցախցիներին սոցիալական աջակցության տրամադրման երկրորդ ծրագրի դիմումների ընդունման գործընթացը։Ծրագրով նախատեսված միանվագ դրամական աջակցությունից կարող են օգտվել  Արցախի վերահսկողությունից դուրս մնացած համայնքներում հաշվառված  բոլոր քաղաքացիները, որոնք առնվազն վերջին երեք ամիսը փաստացի բնակվել են այդ համայնքներում։ Անչափասները ևս կարող են օգտվել ծրագրից, եթե ծնողը ծրագրի շահառու է: Աջակցությունը ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար կկազմի  300,000 դրամ։ Ծրագրից օգտվելու համար քաղաքացին պետք է էլեկտրոնային դիմում ներկայացնի օոliոe.ssa.am  կայքէջում՝ նշելով իր անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը, անչափահասի դեպքում՝ ծնողի տվյալներն ու երեխայի ծննդյան վկայականի էլեկտրոնային լուսապատճենը։ Դիմումի հաստատման դեպքում քաղաքացին կտեղեկանա հետադարձ կապի բջջային հեռախոսահամարին ուղարկված հաղորդագրությամբ։ Նամակը ստանալուց հետո միայն անձը հաստատող փաստաթղթով քաղաքացին կարող է ներկայանալ Հայփոստ կամ Արցախփոստ և ստանալ գումարը։ Դիմելու վերջնաժամկետը դեկտեմբերի 20-ն է։
12:10 - 02 դեկտեմբերի, 2020
Արցախում հաշվառված քաղաքացիներին տրամադրվող 68000 դրամ միանվագ աջակցության շահառուների ցուցակն ընդլայնվել է

Արցախում հաշվառված քաղաքացիներին տրամադրվող 68000 դրամ միանվագ աջակցության շահառուների ցուցակն ընդլայնվել է

Արցախում հաշվառված քաղաքացիներին տրամադրվող 68000 դրամ միանվագ աջակցության շահառուների ցուցակն ընդլայնվել է։ Այս մասին հայտնում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։    Այսուհետ աջակցություն կստանան Արցախում հաշվառում ունեցող բոլոր երեխաները՝ անկախ ծնողի շահառու լինելու հանգամանքից․ պարտադիր պայման է միայն, որ ծնողն Արցախի հաշվառում ունենա։   Սոցաջակցության ծրագրից կարող են օգտվել նաև հոկտեմբերին ՀՀ-ում աշխատավարձ չստացած արցախցիները․ այսուհետ շահառու չեն հանդիսանալու միայն 2020 թ. հոկտեմբերին Հայաստանում աշխատավարձ ստացած քաղաքացիները՝ նախկինում 2020 թ. հունվար-հոկտեմբեր ամիսների որևէ ժամանակահատվածում աշխատավարձ ստացած քաղաքացիների փոխարեն։   Հանվել է նաև ՀՀ-ում անհատ ձեռներեց լինելու դեպքում շահառու չհանդիսանալու պահանջը։   Այսպիսով, եթե նախկինում մուտքագրված դիմումը մերժվել է անհատ ձեռներեց լինելու, հունվարի 1-ից մինչև սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում եկամուտ ստանալու, իսկ անչափահասի դեպքում՝ ծնողի շահառու չհանդիսանալու հիմքով, ապա խնդրում ենք մուտքագրել նոր դիմում։
18:25 - 01 դեկտեմբերի, 2020
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարն այցելել է վիրավոր զինվորներին

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարն այցելել է վիրավոր զինվորներին

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը նոյեմբերի 30-ին այցելել է Արցախի պաշտպանության ընթացքում վիրավորում ստացած զինվորներին՝ տեղում ծանոթանալու նրանց առողջական վիճակին և տեղեկանալու հաշմանդամության խմբի տրման հետ կապված արագացված նոր գործընթացի արդյունավետությանը, լսել գործընթացը զինվորների համար էլ ավելի պարզ և արագ դարձնելուն միտված կարծիքներն ու առաջարկները։ Մեսրոպ Առաքելյանը կարևորել է զինվորների հաշմանդամության սահմանման գործընթացի անխոչընդոտ իրականացումը՝ նշելով, որ արվում է ամենն այն ավելի պարզ ընթացակարգով կազմակերպելու համար։ Մասնավորապես, արդեն մի քանի օր է նախարարության աշխատակիցներն անձամբ են տներում և հիվանդանոցներում այցելում վիրավոր զինծառայողներին, գնահատում կարիքները, ըստ անհրաժեշտության, տրամադրում հաշմանդամության խումբ։ Շրջելով Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում և Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում՝ նախարարը տեսակցել է բուժում ստացող զինվորներին, ծանոթացել բուժման ընթացքին, շնորհակալություն հայտնել նրանց՝ հայրենիքին անձնվիրաբար ծառայելու համար։ Շրջայցի ընթացքում նախարարը ծանոթացել է նաև Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի պայմաններին, ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի հետ քննարկել զինվորների վերականգնողական աշխատանքներին վերաբերող առաջնային հարցերը, հաշմանդամություն ունեցող զինվորներին հասարակություն արագ և լիարժեք ինտեգրելու տարբերակները, հետագա անելիքներն ու նախանշել գործողությունների ընթացքը։
18:55 - 30 նոյեմբերի, 2020
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Զարուհի Բաթոյանը ներկայացրել է իր կատարված աշխատանքների մասին հաշվետվություն

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Զարուհի Բաթոյանը ներկայացրել է իր կատարված աշխատանքների մասին հաշվետվություն

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Զարուհի Բաթոյանը ներկայացրել է իր կատարված աշխատանքների մասին հաշվետվություն։ Բաթոյանի գրառումը ներկայացնում ենք ստորև։ «22 ամիս ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի կարգավիճակում ծառայելուց հետո, վարչապետի որոշմամբ, նոյեմբերի 20-ին ազատվել եմ զբաղեցրած պաշտոնից։ Այդ կարճ ժամանակահատվածում ինձ համար պատիվ էր ծառայել Հայաստանի Հանրապետության քաղաքացուն և ջանքեր ուղղել նրա բարեկեցությանը, հավասար հնարավորությունների ստեղծմանը, իրավունքների պաշտպանությանը և սոցիալական ծառայությունների բարելավմանն ու ավելացմանը։ Ինձ համար սկզբունքային է եղել մարդակենտրոն քաղաքականություն վարելը, որի ընթացքում միշտ աշխատել եմ լսել թե՛ նախարարությունում և կառավարությունում աշխատող փորձառու մասնագետներին, թե՛ քաղաքացիական հասարակությանը։ Իմ երախտագիտությունն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր աջակցել են մեզ և իրենց ներդրումն են ունեցել մեր հաջողություններում։ Հատուկ շնորհակալություն եմ հայտնում սոցիալական ոլորտի բոլոր աշխատողներին, կամավորներին և կազմակերպություններին, հատկապես պատերազմական իրավիճակում իրենց կատարած աշխատանքի համար։ Սոցիալական պաշտպանության ոլորտի գրեթե երկու տարիներն առանձնացել են ինչպես տարիներ շարունակ կուտակված խնդիրների լուծման, այնպես էլ համակարգային փոփոխությունների նախապատրաստական աշխատանքով։ Ներկայացնում եմ կատարված աշխատանքների մասին իմ հաշվետվությունը (ոչ ամբողջական ցանկը՝ 85 կետ): 1․ Ռազմական դրության պայմաններում Արցախում քաղաքացիական բնակչության առաջնային կարիքները հոգալու, ժամանակավոր ապաստարաններում նրանց կենցաղային խնդիրների լուծման նպատակով՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը Արցախի Հանրապետությանն է փոխանցել մեծածավալ մարդասիրական օգնություն՝ սննդի, հիգիենիկ պարագաների և բնաիրային այլ պաշարների տեսքով: Հումանիտար օգնությունը Արցախ է հասել հոկտեմբերի 1-ին: Օգնության ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 145 մլն դրամ: 2․ Պատերազմի առաջին օրերից, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, պետական մարմինների միջև առկա աշխատանքի բաժանման համաձայն, նախաձեռնել և համակարգել է տեղահանված արցախցիներին հանրային և պետական նշանակության շինություններում, ինչպես նաև մասնավոր սեկտորի գործընկերի կողմից տրամադրված հյուրանոցներում և հյուրատներում ժամանակավոր կեցություն ապահովումը։ 3․ Նախարարության օպերատիվ շտաբի միջոցով ժամանակավոր կացարանների տրամադրման համակարգումն իրականացրվել է 7/24 գրաֆիկով՝ համագործակցելով այն կամավորական խմբերի հետ, որոնք ձևավորվել էին առաջին օրերին՝ աջակցելու Հայաստան տեղափոխված արցախցիներին։ 4․ Նախորդ ամիսներից սկսված աշխատանքի շնորհիվ տեխնիկապես արդիականացվել է 114 թեժ գծի համակարգը, որը թույլ է տվել յուրքանչյուր ստացված զանգ մշտադիտարկել, օպերատրների զբաղվածության պատճառով չպատասխանված զանգերին հետադարձ զանգ կատարել՝ գործնականում ապահովելով 95+ տոկոս արձագանք։ 114 թեժ գիծը ընդլայնել է իր ծառայությունները և ներգրավել շուրջ 40 հերթափոխային աշխատողի (այդ թվում՝ կամավոր հիմունքներով), որոնք շուրջօրյա գրաֆիկով միայն հեռախոսազանգերի միջոցով գրանցել են կացարանի կարիքների մասին հայտերը, համայնքներին և այլ իրավասու պետական մարմիններին փոխանցել սննդի, հիգիենայի պարագաների, հագուստի և առողջապահական կարիքների մասին տեղեկությունները։ 5․ Հատուկ մոտեցումով աշխատանք է կատարվել COVID-19-ի ախտանիշներ ունեցող անձանց դեպքում՝ նրանց համար ապահովելով առանձնացված կացարան, թեստավորման և համարժեք բուժօգնության ուղղորդում։ 6․ Հայ առաքելական եկեղեցու կողմից տրամադրած Հայորդաց տան տարածքում և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ՝ Հայաստան ժամանող արցախցիների համար ստեղծվել է կայանման կենտրոն, որը նույնպես համակարգում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, և որտեղ ստեղծված են պայմաններ քաղաքացիների գրանցման, կարիքների գնահատման, սնվելու, հանգստանալու և գիշերելու համար՝ մինչև ժամանակավոր կացարան տեղափոխումը։ 7․ Օրերի ընթացքում տեղահանվածների թվի աճից ելնելով (պատերազմի ավարտին՝ ավելի քան 85,000 մարդ), զուգահեռ աշխատանքներ են տարվել ազատ կացարանների մասին տվյալները հավաքագրելու ուղղությամբ, որն իրականացվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի, ԿԳՄՍՆ, ՏԿԵՆ և ԱՍՀՆ ենթակայությամբ գործող (ինչպես նաև մասնավոր) կազմակերպություններին պատկանող շինությունների գույքագրման, պայմանների գնահատման, հարմարեցման ծախսերի հաշվարկման և գործընկերների ու բարերարների օժանդակությամբ շենքային պայմանները հարմարեցնելու, կահավորելու և կեցության համար նախատրաստելու ուղղությամբ։ 8․ Բոլոր այն կացարանները, որտեղ լրացուցիչ նյութատեխնիկական կարիքներ (մահճակալ, վերմակ, անկողնային պարագաներ, ջրատաքացուցիչ, ջեռուցման տեխնիկաև այլն) կային, լրացվել են ԱՍՀՆ-ի կողմից՝ միջազգային և տեղական բարեգործական, նաև մասնավոր կազմակերպությունների մասնակցությամբ։ 9․ Նախարարությունը առանձնահատուկ ուշադրություն է դարձրել հղի կանանց, հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց, վիրավոր զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին, նրանց համար խնամքի և կեցության հնարավորություններ ստեղծելով Երևանում, հնարավորինս ապահովելով հաշմանդամություն ունեցող անձանց և նրանց ընտանիքների համար մատչելի կացարանի իրավունքը։ 10․ Համագործակցելով ավելի քան 60 տեղական և միջազգային կազմակերպությունների հետ՝ հումանիտար, սոցիալ-հոգեբանական և այլ ծառայություններով է ապահովել արցախից տեղահանված և ժամանակավորապես Հայաստանում ապաստան գտած չափահասների և երեխաների։ 11․ Հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին որակյալ խնամքի ծառայություններ է տրամադրվել Արցախից տեղահանված տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող շուրջ 350 անձանց, որոնք տեղավորվել են նախարարության ենթակայությամբ և ֆինանսավորմամբ գործող խնամքի կենտրոններում։ 12․ Քաշաթաղի 2 գիշերօթիկ հաստատություններից ՀՀ է տեղափոխվել 22 անչափահաս, որոնց խնամքը նախարարությունը կազմակերպում է գործընկեր «ՍՈՍ մանկական գյուղեր» կազմակերպության միջոցով: 13․ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի աջակցությամբ՝ նախարարությունը սկսել է հոգեբանի ծառայություններ մատուցել 114 թեժ գծի միջոցով, որը գործում է 12-ժամյա ռեժիմով և որի նպատակն է աջակցել հետպատերազմական շրջանում հոգեբանական օգնության կարիք ունեցող անձանց։ Այս ընթացքում թեժ գծի միջոցով հոգեբանական աջակցություն է տրամադրվել 377 մարդու: 14․ Արցախից ժամանակավորապես Հայաստան տեղափոխված քաղաքացիների համար ԱՍՀՆ-ն, Արցախի համապատասխան նախարարության հետ համագործակցությամբ, ստեղծել է Հայաստանում կենսաթոշակները, նպաստները և դրամական այլ վճարները ստանալու հնարավորություն։ 15․ Լրացումներ և փոփոխություններ են կատարվել «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում», ինչի արդյունքում զորահավաքային զինվորական ծառայության անցած, ինչպես նաև՝ որպես կամավորական մարտական գործողություններին մասնակցող, աշխատողների համար սահմանվել են հետևյալ երաշխիքները՝- պահպանվելու է նրանց աշխատատեղը,- այդ ժամանակահատվածը ներառվելու է նրանց աշխատանքային ստաժում,- այդ ժամանակահատվածի համար կուտակվելու է ամենամյա արձակուրդի օրեր,- բացի պետական բյուջեից տրվող վարձատրությունը, կողմերի համաձայնությամբ, նրանք կարող են վարձատրվել նաև գործատուի կողմից,- միջին աշխատավարձի չափի հաշվարկի վրա չի ազդելու գործատուի կողմից տրվող վարձարտրության չափը,- վերը նշված երաշխիքներն ունենալու են հետադարձ ուժ՝ սկսած Հայաստանի Հանրապետություն ռազմական դրություն հայտարարելու օրվանից։ 16․ 2020 թվականի հոկտեմբերի 8-ին ընդունվել է ՀՀ կառավարության N 1653-Ն որոշումը, որով սոցիալական փաթեթի շահառուներին հնարավորություն է ընձեռնվել իրենց հաշվին առկա ազատ դրամական միջոցներից, ցանկության դեպքում, առանց նույնականացման քարտի և տարեկան կանխարգելիչ բժշկական քննություն անցնելու վերաբերյալ տեղեկանքի առկայության, փոխանցումներ կատարել «Հայաստան» համահայկական հիմնադրամին: Այս փոփոխության արդյունքում, միայն հոկտեմբեր ամսվա տվյալներով, Հիմնադրամին շուրջ 1.5 մլն դոլլար գումար է փոխանցվել։ 17․ Մշակվել է պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած անձանց իրավունքների պաշտպանության և ներառման ծրագիրը և գործողությունների պլանը, որի հիմնական ուղղություններն են սոցիալական, զբաղվածութան ապահովման, առողջապահական ծառայությունները, սոցիալական ձեռնարկատիրության խթանումը, մարզական, մշակութային, համայնքային և այլ ծառայությունները, հանրային իրազեկման բարձրացումը։ Ծրագրով նախատեսվել է առնվանզ մեկ անկախ կյանքի կենտրոնի ստեղծում, որը ներառականության սկզբունքի հիման վրա, առաջնահերթ դիտարկելով այս խմբի կարիքները, սոցիալական օգնականի, կենցաղային սպասարկման, հմտությունների զարգացման, զբաղվածության ապահավովմանն ուղղված ծառայություններ կմատուցեր։ 18․ 2020 թվականի մարտի 16-ից Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու հանգամանքով պայմանավորված՝ փոփոխություններ են կատարվել ՀՀ աշխատանքային և ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերի կարգավորումներում, որի արդյունքում.սահմանվել է հեռավար եղանակով իրականացվող աշխատանքի հասկացությունը, ամրագրվել, որ հեռավար եղանակով աշխատանքների կազմակերպման հնարավորության պարագայում, աշխատողները չհամարվեն պարապուրդի մեջ, և աշխատավարձն ամբողջությամբ պահպանվի,հստակեցվել են ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված անհաղթահարելի ուժ համարվելու ժամանակահատվածում առաջացած հարկադիր պարապուրդի դեպքում` աշխատողների վարձատրության վերաբերյալ կարգավորումները,ամրագրվել է, որ մինչև 2021 թվականի հուլիսի 1-ը` տարրերային աղետների, տեխնոլոգիական վթարների, համաճարակների, դժբախտ պատահարների, հրդեհների և արտակարգ բնույթ կրող այլ հանգամանքների կանխարգելման կամ դրանց հետևանքների անհապաղ վերացման ժամանակահատվածում, ստացված դիմումի առկայության դեպքում, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը իրականացնելու է աշխատանքային օրենսդրության նկատմամբ պետական վերահսկողություն՝ օրենքով նախատեսված դեպքերում կիրառելով պատասխանատվության միջոցներ, ինչպես նաև սահմանվել են համապատասխան վարչական տույժերը: 19․ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, աշխատելով գործընկեր կազմակերպությունների հետ, առաջին անհրաժեշտության պարենի, ախտահանիչ միջոցների տրամադրմանն ուղղված միջոցառումներ է իրականացրել սոցիալական աջակցության 55 տարածքային մարմինների հետ, ինչի արդյունքում ավելի քան 81,000 անձ՝ սոցիալապես անապահով միայնակ տարեցների, տեղաշարժման դժվարություններով և տեսողության խնդիրներով հաշմանդամություն ունեցող անձինք, ստացել են սոցիալական աջակցության փաթեթներ։ 20․ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ՝ իրականացվել է միանվագ դրամական աջակցության ծրագիր, որի շահառու են հանդիսացել Հայաստանի ողջ տարածքում բնակվող, նպաստառու ընտանիքների հաշմանդամություն ունեցող 3055 երեխաներ։ 21․ ՄԱԿ-ի Պարենի hամաշխարհային կազմակերպության ֆինանսավորմամբ՝ նախարարությունը միանվագ դրամական աջակցություն է տրամադրել 2020 թվականի հունիսի դրությամբ ընտանեկան նպաստի ցուցակում ներառված ընտանիքների 6-9 տարեկան երեխաներին։ Ծրագրի շահառու է դարձել 26,618 երեխա։ 22․ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջոցով իրակացվել է Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացմանն ուղղված 11 ծրագիր, որոնք նախատեսված են եղել նպաստառու ընտանիքների, աշխատանքը կորցրած անձանց, հղի կանանց, մինչև 18 տարեկան երեխաների չաշխատող ծնողների, տուժած ոլորտների աշխատողներին և այլ խմբերի համար։ 23․ 2020 թվականի փետրվարից առաջին խմբի հաշմանդամություն ունեցող անձանց հաշմանդամության կենսաթոշակը և նպաստը վճարվում է առաջնահերթ։ 24․ Հաշմանդամություն ունեցող անձանց աջակցող բոլոր միջոցները սկսել են տրամադրվել պետական հավաստագրերի միջոցով։ 2019 թ.-ին առաջին անգամ 100 տոկոսով ապահովվել է բոլոր օգտվողների կարիքը, Իսկ 2020 թվականից ընդլայնվել է նաև աջակցող միջոցների տեսականին։ 25․ Առաջին անգամ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը սկսել է տրամադրել հավաստագիր՝ կոխլեար իմպլանտի խոսակցական պրոցեսորի մասեր ձեռք բերելու համար։ 26․ Հաշվի առնելով երեխաների տարիքային զարգացման առանձնահատկությունները, 0-16 տարեկանների համար վերանայվել է անվասայլակների տրամադրման ժամկետը՝ 3-ի փոխարեն սահմանվելով 2 տարի: 27․ Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մուտքը հաստատություններ կանխելու և ընտանիքում և համայնքում նրանց ապրելու իրավունքը ապահովելու նպատակով նախարարությունն առաջին անգամ սկսել է իրականացնել տնային խնամքի ծառայություններ՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց համար։ 2020 թվականին այդպիսի ծառայություն է նախատեսվել 60 անձի համար: 28․ Առաջին անգամ 2020 թվականին մեկնարկել է ծրագիր, որն ուղղված է տեսողության խնդիրներ ունեցող անձանց սոցիալ-հոգեբանական վերականգնմանը, անկախ կյանքի հմտությունների զարգացմանը, ինչը ներառում է սպիտակ ձեռնափայտի միջոցով տեղաշարժման ուսուցում, կենցաղավարման և ինքնասպասարկման հմտությունների զարգացում, համակարգչային հատուկ ծրագրերի և տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառում և այլն։ 29․ Վերանայվել են մինչև 18 տարեկան երեխաների հաշմանդամության ճանաչման կարգը և ժամկետները, սահմանվել են հիվանդությունների որոշակի ցանկեր, որոնց դեպքում մինչև 18 տարեկան երեխաների հաշմանդամությունը կսահմանվի հստակ ժամկետներով, ինչի արդյունքում ոչ միայն կկիրառվեն միասնական օբյեկտիվ չափորոշիչներ՝ բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում, այլև կնվազի հանձնաժողովներին հաճախակի դիմելու անհրաժեշտությունը։ 30․ Մշակվել և վարչապետի աշխատակազմ է ներկայացվել «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքի նախագիծը, որով պետությունը երաշխավորություն է ստանձնում հաշմանդամություն ունեցող անձանց` այլ անձանց հետ համահավասար անկախ կյանքի եւ համայնքում ներառվելու համար անհրաժեշտ պայմաններ և հավասար հնարավորություններ ստեղծելու ուղղությամբ: 31․ Հաշմանդամության գնահատման նոր համակարգի ներդրման նպատակով մշակվել է «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» ՀՀ օրենքների նախագիծը, մեկնարկել է նոր մասնագետների համալրման գրծընթացը, որոնք պատահականության սկզբունքով կընտրվեն՝ յուրաքանչյուր դեպքի համար անկախ գնահատում իրականացնելու նպատակով։ 32․ Երկար տարիներ հաստատություններում ապրող հաշմանդամություն ունեցող անձանց կյանքը համայնքում կազմակերպելու, նրանց անկախ կյանքին նպաստելու նպատակով ձեռք է բերվել երկու տուն և տեխնիկական միջոցներ։ Խմբային տներում ապրելու հնարավորություններ կստեղծվեն շուրջ 20 անձանց համար։ 33. Բարելավվել են հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության ապահովմանն ուղղված ծրագրերը, մասնավորապես հանվել է այդ ծրագրերի շրջանակներում ստացված ֆինանսական միջոցների հետ վերադարձնելու պայմանը, որը կիրառվում էր պայմանագրի չեղարկման կամ այլ պատճառներով դրա չիրականացման դեպքում։ 34․ Հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին աշխատավարձի մասնակի փոխհատուցման և հաշմանդամություն ունեցող անձին ուղեկցողի համար դրամական օգնության տրամադրման ծրագրի ժամկետը սահմանվել է 1 տարի՝ 6 ամսվա փոխարեն։ 35․ Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերը ներառվել են կանանց, երեխաների իրավունքների պաշտպանության օրակարգում, նախարարության կողմից մշակված իրավական բոլոր նոր ակտերում բացառվել է հաշմանդամության հիմքով ուղղակի կամ անուղղակի խտրականությունը։ 36․ Առաջին անգամ կազմակերպվել են խնամատար ծնող դառնալու ցանկություն ունեցող անձանց վերապատրաստումներ, այդ թվում՝ մասնագիտացված, ճգնաժամային և արձակուրդային խնամատարություն իրականացնելու համար, որոնց մասնակցել է 38 անձ։ 37․ 2018 թ.֊ի համեմատությամբ գրեթե կրկնապատկվել է խնամատար ընտանիքներում խնամվող երեխաների թիվը՝ 38֊ից հասնելով 72֊ի, որից 9-ը խնամք են ստանում մասնագիտացված խնամատար ընտանիքներում։ 38․ Հաստատվել են խնամատար ծնող դառնալու ցանկություն ունեցող անձանց ընտրության, երեխայի խնամքը և դաստիարակությունը խնամատար ընտանիքում կազմակերպելու, խնամատար ծնող դառնալ ցանկացող անձանց ուսուցման, ինչպես նաև ընտանիքին ամսական դրամական միջոցների վճարման կարգն և չափը։ Ըստ որոշման, յուրաքանչյուր երեխայի համար շուրջ 136.000 դրամ ամսական գումար է տրամադրվում ընտանիքին, իսկ եթե երեխան հաշմանդամություն ունի՝ 30 % բարձրացված չափաքանակով։ 39․ Ավելի քան չորս անգամ մեծացել է երեխաների մուտքը հաստատություններ կանխարգելող ծրագրերի ծավալը՝ 120 երեխայի փոխարեն ծառայություն տրամադրելով 565 երեխայի։ 40․ 2018 թվականի համեմատ 2020 թվականի նոյեմբերի դրությամբ երեխաների խնամքը նախարարության ենթակայությամբ գտնվող հաստատություններին հանձնելու դեպքերը նվազել են 35-ով։ Ընդ որում կրկնակի նվազել են ծնողական իրավունքից հրաժարվելու, այդ թվում 0-1 տարեկան երեխաներից հրաժարվելու դեպքերը: 41․ Եռապատկվել են երեխաներին տրամադրվող ցերեկային ծառայությունները, որոնք հասանելի են դարձել նախկին 1160 շահառուի փոխարեն շուրջ 3500 երեխայի (այդ թվում հաշմանդամություն ունեցող) Երևանում և հանրապետության բոլոր մարզերում՝ ընդգրկելով 24 խոշոր բնակավայրեր։ 42․ Առաջին անգամ հաստատվել է երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացմանն ու ներդաշնակ զարգացմանն ուղղված 2020-2023 թվականների համալիր ծրագիրը, որը ներառում է նաև հաշմանդամություն ունեցող երեխաներին և վրաբերում է նաև պետական մանկատների գործունեությանը։ Ծրագիրը հիմնված է ընտանիքների ամրապնդման քաղաքականության, ընտանիքում երեխաների խնամքի կազմակերպման, երեխաների՝ կյանքի դժվարին իրավիճակի կանխարգելման սկզբունքների վրա։ 43․ Շիրակի մարզում ստեղծվել, իսկ Սյունիքի մարզի համար մշակվել են նախագծեր առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին ճգնաժամային աջակցություն ցուցաբերելու նպատակով։ Նախատեսվում է, որ այդպիսի 3 կենտրոններում 2021 թվականից ծառայություն կստանան ճգնաժամային իրավիճակում գտնվող և հրատապ տեղավորման կարիք ունեցող մինչև 18 տարեկան երեխաները (անհրաժեշտության դեպքում նաև ուղեկցողի հետ) առավելագույնը 6 ամիս ժամկետով։ 44․ ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ են կատարվել, որի արդյունքում սահմանվել է նոր հանցակազմ՝ ծնողական իրավունքներից հրաժարվելուն հակելու կամ հարկադրելու համար։ Ավելի խիստ պատիժ է սահմանվել, եթե այդ արարքը կատարվել է բուժաշխատողի կամ կազմակերպված խմբի կողմից: 45․ Երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացմանն ու ներդաշնակ զարգացմանն ուղղված քաղաքականության արդյունքում 255 երեխա գիշերօթիկ հաստատություններից և մանկատնից վերադարձել է կենսաբանական ընտանիք, շարունակելով պետական աջակցություն ստանալ բնաիրային ապահովման, կոմունալ ծախսերի փոխհատուցման, նյութատեխնիկական աջակցության տեսքով։ 46․ Ներդրվել է խնամատար ծնող դառնալ ցանկացող անձանց կենտրոնական հաշվառման մեխանիզմը, որը հնարավորություն է տալիս իրականացնել խնամատար ծնողների էլեկտրոնային հաշվառում։ 47․ 2020 թվականից առաջին անգամ պետական ֆինանսավորում են ստացել ընտանիքում բռնության ենթարկված անձանց աջակցության կենտրոնները, որոնք համաֆինանսավորմամբ ծառայություններ են մատուցել հանրապետության բոլոր մարզերում։ Առաջին կիսամյակում այդ կենտրոններում իրավաբանական, սոցիալ-հոգեբանական աջակցություն է ստացել ավելի քան 880 անձ: 48․ Պետական համաֆինանսավորմամբ 2020 թվականից սկսել են ապաստարանի տրամադրման ծառայություններ մատուցել նաև երկու կազմակերպություններ, որոնք առաջին կիսամյակում ընդունել են ընտանեկան բռնությունից տուժած 129 անձի՝ 51 կանանց և 78 երեխաների: 49․ Հաստատվել է Հայաստանի Հանրապետությու­նում գենդերային քաղաքականության իրականացման 2019-2023 թվական­ների ռազմավարությունը և միջոցա­ռումների ծրագիրը, որով ահմանվում են գենդերային քաղաքականության առաջնահերթ ուղղությունները, որոնց նպատակը հասարակական կյանքի բոլոր ոլորտներում կանանց և տղամարդկանց իրավունքների և հնարավորությունների իրացման համար նպաստավոր պայմանների ստեղծումն է։ 50․ Բարելավվել և ընդլայնվել են կանանց ուղղված զբաղվածության ծրագրերը, որոնք ուղղված են երիտասարդ մայրերի ուսուցմանը և աշխատանքին, մինչև երեք տարեկան երեխա ունեցող աշխատող մայրերի համար դայակների ապահովմանը, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող երեխաների մայրերի մասնագիտական ուսուցմանը և զբաղվածությանը։ 51․ Հուշագիր է ստորագրվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, «Հայաստան» համահայկական հիմնադրամի և «Կանանց աջակցման կենտրոն» հասարակական կազմակերպության միջև, որի նպատակը «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքով սահմանված աջակցման կենտրոնների ստեղծմանը և դրանց կարողությունների զարգացմանը աջակցելն է: Համագործակցության արդյունքում ընտանիքի աջակցման 6 կենտրոնների դասապատրաստողների վերապատրաստումներ են իրականացվել։ 52․ Սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող շուրջ 100 միայնակ կենսաթոշակառուներ 2020 թվականից սկսած կօգտվեն կոմունալ ծառայությունների վարձավճարների փոխհատուցման ծրագրից: 53․ Կրկնապատկվել է Հայրենական մեծ պատերազմի վետերանների ամենամսյա պատվովճարը՝ կազմելով 100.000 դրամ: 54․ 2019 թ.-ին համակարգում իրականացված արդյունավետ օպտիմալացման շնորհիվ հնարավոր դարձավ 2020 թ.-ից բարձրացնել երեխաների և տարեցների շուրջօրյա խնամքի հաստատությունների 930 աշխատակիցների աշխատավարձը՝ 5-61 %-ով: 55․ Կայացել է ավելի քան 112 մրցույթ՝ շուրջ 11,000 շահառուների՝ երեխաների, տարեցների, հաշմանդամություն ունեցող անձանց, ընտանիքում բռնության կամ թրաֆիքինգի զոհ դարձած անձանց տարբեր տիպի ծառայություններ տրամադրելու համար։ 56․ Ընդլայնվել է տարեց և հաշմանդամություն ունեցող անձանց տնային խնամքի ծառայությունների աշխարհագրությունը։ Պատվիրակման միջոցով՝ ծառայությունները հասանելի են դարձել 11 մարզում՝ նախկին 6-ի փոխարեն։ 57․ Նախապատրաստական աշխատանքներ են իրականացվել նախարարության ենթակայությամբ գործող տարեցների խնամքի տներում սննդի ապահովումը արտապատվիրակման միջոցով իրականացնելու և այդ նպատակով մրցույթներ հայտարարելու համար։ Նախատեսվում է 2021 թվականի հունվարից անցում կատարել սննդի տրամադրման նոր եղանակին, ինչը կապահովի ծառայությունների որակի բարձրացում։ 58․ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ուսումնասիրությունների և նախաձեռնությունների արդյունքում մի շարք քրեական գործեր են հարուցվել։Զինհաշմանդամության թոշակից և այլ արտոնություններից զրկված մի շարք անձանց գործերով աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տրամադրած նյութերի հիման վրա հարուցվել է քրեական գործ՝ Քր. օրենսգրքի 314 և 315 հոդվածների հատկանիշներով: Քննչական կոմիտե փոխանցված գործի շրջանակներում դիտարկվում են 54 անձանց գործեր, որոնք հաշմանդամության կարգի փոփոխման պատճառով դուրս են մնացել Պաշտպանության նախարարության բնակարանային ծրագրից կամ առհասարակ զրկվել են զինթոշակից։Նախարարության ուսումնասիրությունները հիմք են հանդիսացել հայաստանցի երեխաների ապօրինի որդեգրումների վերաբերյալ քրեական գործերի հարուցման համար, որոնք առնչվում են պետական տարբեր համակարգերի պաշտոնատար անձանց։Հարուցվել է քրեական գործ՝ համալիր սոցիալական ծառայությունների կենտրոն ստեղծելու նպատակով 2017 թ.-ին ձեռք բերված տարածքի գործով, որը գնահատվել և կառավարության կողմից ձեռք էր բերվել փաստացի եռապատիկ թանկ գնով՝ 1 մլրդ 2 մլն դրամով` արձանագրելով պետական միջոցների ոչ արդյունավետ օգտագործման փաստ: 59․ Հիմքեր են ստեծվել Ինտեգրված սոցիալական գրասենյակի ստեղծման համար, որը 2021 թ.-ին կմիավորի սոցիալական աջակցության, զբաղվածության գործակալության և հաշմանդամության սահմանման գործառույթները և ծառայություններ կմատուցի մեկ պատուհանի սկզբունքով։ 60․ Մշակվել և ՀՀ վարչապետին և կառավարությանն է ներկայացվել սոցիալական աջակցության նոր համակարգի կոնցեպտը։ Այն ենթադրում է եկամտի վրա հիմնված կամ նվազագույն երաշխավորված եկամտի մեթոդով անապահովության գնահատում, զբաղվածության ներուժով, երեխաների գործոնով պայմանավորված՝ նպաստի տրամադրման ու չափի որոշում, ապահովելով նաև ոչ ֆինանսական ծառայությունների փաթեթ առողջապահության, կրթության և այլ ոլորտներում։ 61․ Համաշխարհային բանկի վարկային ծրագրի շրջանակում շահագործման են հանձնվել Համալիր սոցիալական ծառայությունների 10 տարածքային կենտրոններ՝ Հայաստանի 10 համայնքներում, որտեղ տեղակայված են զբաղվածության գործակալության, Սոցիալական աջակցության, Բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովները և Սոցիալական ապահովության տարածքային բաժիները։ 62․ Ստեղծվել են հիմքեր՝ սոցիալական կարիքի գնահատման միասնական համակարգ ունենալու համար: «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքում և կից ներկայացված նախագծերում արված փոփոխության արդյունքում սոցիալական կարիքի գնահատման, ինչպես նաև աջակցության նշանակման գործառույթը համայնքների և մարզպետարանների փոխարեն կիրականացվի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից: 63․ Ընտանեկան և սոցիալական նպաստ ստացողների շրջանում զբաղվածությունը խթանելու նպատակով՝ որոշվել է սեզոնային ժամանակավոր աշխատանքը չհաշվարկել որպես եկամուտ, ինչը հնարավորություն է տալիս նպաստառու անձանց զբաղվել 20 տեսակի ժամանակավորնաշխատանքով՝ միևնույն ժամանակ չզրկվելով պետական ֆինանսական աջակցությունից և մյուս արտոնություններից։ 64․ 2019 թ.-ին մեկնարկել է մանկատան շրջանավարտների համար բնակարանի գնման վկայագրերի տրամադրման գործընթացը, որի նպատակով նախարարության խնայողություններից հատկացվել է 1.9 մլրդ դրամ: Այս ծրագրով իրականացվել է դեռևս 2003 թվականին կառավարության կողմից տրված, բայց այդպես էլ չկատարած խոստումը։ 197 շահառուի արդեն տրմադրվել են վկայագրեր՝ յուրաքանչյուրին 6,3 մլն դրամի չափով։ 65․ Ստորագրվել է «Արժանապատիվ աշխատանք» ազգային ծրագիրը, ՀՀ կառավարության, Աշխատանքի միջազգային կազմակերպության և սոցիալական գործընկերների միջև։ Ծրագիրը սահմանում է ԱՄԿ-ի և Հայաստանի Հանրապետության միջև համագործակցության գերակայությունները, հիմնական արդյունքները և իրականացման ռազմավարությունները՝ 2019-2023 թթ. համար։ 66․ Առաջին անգամ իրականացվել է աղքատության փուլային հաղթահարման ծրագիրը, որի միջոցով 1001 ընտանիք ընդգրկվել է անասնապահությամբ զբաղվելու ծրագրում՝ նպաստից բացի ստանալով սեփական աշխատանքով կայուն եկամուտ ունենալու և աղքատությունից աստիճանաբար դուրս գալու հնարավորություն։ Ուսումնասիրելով ծրագրի առաջին վեց ամիսների ազդեցությունը շահառուների կյանքի որակի վրա՝ արձանագրել ենք, որ հարցվածների 93 %-ն, ընդհանուր առմամբ, գոհ է ծրագրից, 56 %-ը նշել է, որ այս ծրագրի արդյունքում իրենց եկամուտներն ու սոցիալ-տնտեսական վիճակը որոշ չափով փոխվել է, 35 %-ը նշել է, որ ծրագրի արդյունքում բարելավվել է ընտանիքի սննդի որակը և բազմազանությունը: 67. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության առաջարկությամբ և ԱԺ պատգամավորների նախաձեռնությամ՝բ 2020 թվականի հունվարի 1-ից շուրջ 23.6 տոկոսով ավելացել է նվազագույն ամսական աշխատավարձը՝ 55000 ՀՀ դրամից կազմելով 68000 ՀՀ դրամ: 68. Աշխատաշուկայում անմրցունակության որոշարկման չափանիշները լրացվել են նոր չափանիշներով. այն է` անձի Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների ժամանակ զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամ (ամուսին, երեխա, հայր, մայր, քույր, եղբայր, տատ, պապ) հանդիսանալու հանգամանքը, ինչպես նաև երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ ստացող անձ հանդիսանալու հանգամանքը։ Սա հնարավորություն է տալիս առաջնահերթության կարգով օգտվել զբաղվածության պետական ծրագրերից։ 69. Ազգային ժողովի պատգամավորների հետ համագործակցության արդյունքում ընդունվել են աշխատանքային օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ պետական վերահսկողության շրջանակների ընդլայնում նախատեսող իրավական հիմքերը: Արդյունքում, 2021 թվականի հուլիսի 1-ից Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը վերահսկողություն է իրականացնելու նաև աշխատանքային օրենսդրության, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի այլ պահանջների, կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրերի պահանջների կատարման նկատմամբ, ինչպես նաև օրենքով նախատեսված դեպքերում կիրառելու է պատասխանատվության միջոցներ։ 70. Մշակվել «Կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի մասին» ՀՀ օրենքի նախագծի և դրանից բխող մի շարք օրենքներում փոփոխություններ նախատեսող ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը: 71․ «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում ամրագրվել է «Նվազագույն կենսաթոշակի չափ» հասկացությունը: Միաժամանակ, ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստի չափը ևս սահմանվել է նվազագույն կենսաթոշակի չափով։ Արդյունքում 2019 թվականի հունվարից 40 %-ով ավելացել է նվազագույն կենսաթոշակը, ինչպես նաև ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստի չափը։ Ավելացել են ավելի քան 90 000 քաղաքացիների ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստների, զինվորական և աշխատանքային կենսաթոշակների չափերը: 72. 2020 թ. հունվարի 1-ից ավելացել են հիմնական, նվազագույն կենսաթոշակների, աշխատանքային և զինվորական ծառայության ստաժի մեկ տարվա արժեքները, ինչպես նաև պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողների հաշմանդամության և նրանց ընտանիքների անդամների՝ կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակների չափեր։ Արդյունքում, աշխատանքային և զինվորական կենսաթոշակների չափերն ավելացել են միջինում 10 տոկոսով: 73. «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում կատարված փոփոխությունների համաձայն՝ այլ զորքերի կազմում ևս շփման գծում մարտական հերթապահության ժամանակահատվածը զինծառայության ստաժում կհաշվառվի կրկնակի չափով: 74. Երևանում Սոցիալական ապահովության ծառայության տարածքային բաժինների փոխարեն ձևավորվել են սպասարկման և նշանակման առանձին վարչություններ (back office, front office): Արդյունքում կենսաթոշակների, նպաստների և սոցիալական այլ ծրագրերով նախատեսված դրամական վճարների նշանակման և վճարման գործընթացները տարանջատվել է իրարից, նվազել է մարդկային գործոնը և չարաշահումների ռիսկը։ 75․ 2021 թվականի հունվարից աստիճանաբար անցում կկատարվի կենսաթոշակների և նպաստների առանձին տեսակների վճարման անկանխիկ համակարգին՝ ապահովելով վճարումների հասցեականությունը և էապես նվազեցնելով առկա ռիսկերը։ Անցումը հնարավորություն կտա նաև պատիկներով կրճատել Պետական բյուջեից կենսաթոշակների վճարման ծառայությունների համար հատկացվող միջոցները։ 76․ Մի շարք փոփոխությունների արդյունքում բարելավվել և պարզեցվել են ծառայությունները։ Մասնավորապես՝● քաղաքացին կենսաթոշակի նշանակման համար տարածքային բաժնում դիմում ներկայացնելիս տեղում է ընտրում բանկը (առանց բանկ այցելելու), որի միջոցով ցանկանում է ստանալ կենսաթոշակը,● Կենսաթոշակային տարիքը լրանալուն պես քաղաքացին տպագիր ծանուցում է ստանում կենսաթոշակի իրավունքի և դրա իրացման ժամկետների, անհրաժեշտ փաստաթղերի ներկայացման և այլնի վերաբերյալ,● Մշակվել է առցանց դիմումի հիման վրա աշխատող կենսաթոշակառուի կենսաթոշակը վերահաշվարկելն ապահովող ենթահամակարգը, որը գտնվում է թեստավորման փուլում (կներդրվի ոչ ուշ, քան մինչև 2020 թվականի դեկտեմբերի 1-ը)։ 77․ 2020 թվականի հուլիսի 1-ից ավելացել է երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը՝ առաջին և երկրորդ երեխայի համար սահմանելով 300,000 դրամ՝ նախկինում սահմանված 50,000 և 150000 դրամի փոխարեն։ 78․ 2020 թվականի հուլիսի 1-ից 3–րդ և հաջորդ երեխայի ծննդյան դեպքում ծննդյան միանվագ նպաստի գումարն ամբողջությամբ վճարվում է շահառուին։ Նախկինում շահառուին վճարվում էր 500 000 դրամը, իսկ մնացած 500 000 կամ 1 մլն դրամը տրվում էր որպես ընտանեկան դրամագլուխ: 79․ 2020 թվականի հուլիսի 1-ից ավելացել է մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի չափը՝ սահմանելով 26500 դրամ՝ նախկինում սահմանված 18000 դրամի փոխարեն։ 80․ Գյուղական բնակավայրերում բնակվող ընտանիքների համար մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի իրավունք է սահմանվել՝ անկախ ծնողի աշխատելու հանգամանքից։ Նոյեմբեր ամսվա դրությամբ արդեն 1200 գյուղաբնակ ընտանիք ստանում է խնամքի նպաստ, իսկ շահառուների վերջնական թիվը կանխատեսվում է շուրջ 22-23000 ընտանիք։ 81․ 2020 թվականի հուլիսի 1-ից մեկնարկել են երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերը։ Մասնավորապես, իրականացվում են հետևյալ ծրագրերը.- միանվագ դրամական աջակցության ծրագիր (մարզային բնակավայրերում հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու համար տրամադրվում է միանվագ դրամական աջակցություն).- կանխավճարի ապահովագրության ծրագիր (հիփոթեքով բնակարան ձեռք բերող շահառուին տրամադրվում է դրամական աջակցություն՝ կանխավճարի ապահովագրության տարեկան ապահովագրական վճարը վճարելու համար).- երեխայի ծննդյան աջակցության ծրագիր (հիփոթեքային վարկ մարող ընտանիքում երեխա ծնվելու դեպքում տրամադրվում է միանվագ դրամական աջակցություն)։Առ 23.11.2020 թ. ծրագրի շահառու է դարձել 274 մարդ, որոնց վճարվել է 225,958,707 ՀՀ դրամ։ 82. Օտարերկրյա պետությունների գործընկեր կազմակերպությունների հետ իրականացվել է համագործակցություն՝ ուղղված տարեցների խնամքի ծառայությունների մատուցման բարելավմանը՝ համայնքային փոքր տների ստեղծման միջոցով: 83. Ամրապնդվել է երկկողմ համագործակցությունը մի շարք օտարերկրյա պետությունների համապատասխան գերատեչությունների հետ, մասնավորապես՝ Իրանի Իսլամական Հանրապետության կոոպերատիվների, աշխատանքի և սոցիալական բարեկեցության նախարարության հետ ստորագրվել է համագործակցության ծրագիր: Աշխատանքներ են իրականացվել միջազգային նոր պայմանագրերի կնքման ուղղությամբ և շարունակվել են աշխատանքները գործող պայմանագրերի շրջանակներում, մասնավորապես Լիտվայի Հանրապետության, Բուլղարիայի Հանրապետության, Քուվեյթի Պետության հետ: 84․ Առաջին անգամ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նաև սոցիալական ցանցերի պաշտոնական էջերի միջոցով ապահովել է հանրության հետ հաղորդակցումը, քաղաքացիների հետ ապահովելով հետադարձը կապը հաշված ժամերի ընթացքում։ 85․ Ավելի քան 80 օֆլայն հանրային քննարկում է կազմակերպվել Հայաստանի բոլոր մարզերում նվիրված հաշմանդամություն ունեցող անձանց, կանանց, երեխաների հիմնահարցերին, ինչպես նաև աշխատանքային օրենսգրքի փոփոխություններին և այլ նախագծերին»։
19:49 - 28 նոյեմբերի, 2020
ՀՀ-ում գտնվող Արցախի քաղաքացիներին աջակցող միջոցներ կտրամադրվեն

ՀՀ-ում գտնվող Արցախի քաղաքացիներին աջակցող միջոցներ կտրամադրվեն

Հայաստանի Հանրապետությունում գտնվող Արցախի Հանրապետության քաղաքացիներին, ըստ անհրաժեշտության, կտրամադրվի աջակցող միջոցներ (սայլակ, քայլակ, հենակ, լսողական սարք և այլն)։ Այս մասին հայտնում է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն։ Աջակցող միջոց ստանալու համար անհրաժեշտ է դիմել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Բուժատեխնիկական հանձնաժողով (հասցե՝ Ծարավ Աղբյուրի 55 ա)՝ ներկայացնելով միայն դիմում  և անձը հաստատող փաստաթուղթ (լսողական սարքի դեպքում՝ աուդիոգրամմա և լսողական սարքի անհրաժեշության վերաբերյալ տեղեկանք)։Ըստ այդմ, Բուժատեխնիկական հանձնաժողովը կգնահատի անձի կարիքը և անհրաժեշտության դեպքում նույն օրը կտա եզրակացություն։ Դրական եզրակացության դեպքում քաղաքացուն կտրվի հավաստագիր ու նաև այն կազմակերպությունների ցանկը, որոնցից հնարավոր է ձեռք բերել անհրաժեշտ միջոցը։  
20:07 - 27 նոյեմբերի, 2020
Կադրային փոփոխությունը չպետք է ինքնանպատակ լինի. նախարարը վճռական է հնարավորինս արագ լուծումներ տալ տուժածների խնդիրներին |armenpress.am|

Կադրային փոփոխությունը չպետք է ինքնանպատակ լինի. նախարարը վճռական է հնարավորինս արագ լուծումներ տալ տուժածների խնդիրներին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ կառավարությունը ֆինանսական աջակցություն կտրամադրի նաև Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ սանձազերծած պատերազմի ընթացքում Հայաստանի Հանրապետության բնակավայրերում հակառակորդի թիրախավորման հետևանքով տուժած ՀՀ քաղաքացիներին: Աշխատանքի և սոցիալական հարցերի նորանշանակ նախարար Մեսրոպ Առաքելյանը մանրամասներ է ներկայացրել պատերազմից տուժած արցախցիների, հաշմանդամություն ստացած զինծառայողների սոցիալական երաշխիքների ապահովման, ինչպես նաև նախարարի պաշտոնում իր առաջնահերթությունների վերաբերյալ:  - Պարոն Առաքելյան, Աշխատաքի և սոցիալական հարցերի նախարար եք նշանակվել հետպատերազմական դժվարին իրավիճակում, երբ մասնավորապես ձեր ղեկավարած նախարարության առջև առկա են մեծաթիվ խնդիրներ: Կառավարությունը հայտարարել է, որ Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի հետևանքով տեղահանված և Հայաստան տեղափոխված արցախցիներին միանվագ 68 հազար դրամի չափով օգնություն է ցույց տալու: Կարծիք կա, որ այս գումարը բավական փոքր է: Արդյոք այն հետագայում աճելու միտում ունի՞: - Հետպատերազմական վիճակում նախարարության և՛ առաջնահերթությունները, և՛ գործառույթները, ցավոք, էականորեն փոխվում են առնվազն առաջիկա ժամանակահատվածի համար: Մասնավորապես, այո, Արցախի մեր հայրենակիցների զգալի հատվածը դեռ Հայաստանի Հանրապետությունում է, որոնց մի հատվածը կորցրել է նաև իրենց բնակավայրերը պատերազմի հետևանքով: Մնացած հատվածի մասով ջանքեր են գործադրվում առավելագույնս արդյունավետ կերպով ապահովել նրանց վերադարձն Արցախի Հանրապետություն: Առաջին միջոցառման շրջանակներում է ընդամենը 68 հազար դրամ տրամադրվելու: Իհարկե, մեծ գումար չէ, սակայն մենք արդեն ունենք երկրորդ միջոցառումը հաստատված, որն առաջիկա օրերին կգործարկվի: Մանսավորապես, Արցախի մեր այն հայրենակիցներին, որոնք բնակվել են այն բնակավայրերում, որ այս պահին գտնվում են Արցախի վերահսկողությունից դուրս, կտրվի միանվագ օգնություն՝ 300-հազարական դրամի չափով, ընդ որում ընտանիքի բոլոր անդամներին, այդ թվում՝ երեխաներին: - Ի՞նչ հավելյալ քայլեր է պատրաստվում ձեռնարկել նախարարությունն արցախցի այն քաղաքացիների կարիքների ապահովման համար, որոնք կորցրել են իրենց տները և ցանկանում են մնալ ու ապրել Հայաստանում: - Առաջիկայում ունենք նաև այլ միջոցառումներ, սկսած կացարանների ապահովումից, որովհետև իրատեսական ենք գնահատում իրավիճակը, որ առնվանզ այն քաղաքացիների համար, որոնք կորցրել են իրենց բնակավայրերը, առաջիկա ամիսներին Արցախում նոր բնակավայր ունենալու հարցը շուտ չի կարգավորվի: Հետևաբար, Հայաստանում նրանց պատշաճ կեցությունն ապահովելու համար նույնպես կունենանք աջակցություն: Միջոցառումները լինելու են բազմաբնույթ, որոնց գերնպատակն, ի վերջո, երկարաժամկետ հատվածում առավելագույնս մեծ թվով քաղաքացիների վերաբնակեցումն է Արցախում՝ ստեղծելով կյանքի համար բավարար նվազագույն պայմաններ, և կարճաժամկետ հատվածում նրանց համար ապահովել Հայաստանում կեցավայրեր ու նորմալ կենսագործունեության պայմաններ: - Մեծ թիվ են կազմում նաև պատերազմի հետևանքով վիրավորում ստացած և հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողները: Ինչպե՞ս են կազմակերպվելու նրանց հաշմանդամության կարգի որոշման և սոցիալական երաշխիքների ապահովման աշխատանքները:  - Հաշմանդամություն ունեցող զինծառայողների հետ կապված աշխատանքները նույնպես մեր կարևորագույն առաջնահերթություններն են: Այս մասով ևս մենք ունենք բավական մեծ անելիքներ, քանի որ նախարարության կողմից հաշմանդամության խմբի հաստատումը ի վերջո հիմք է հանդիսանում այդ զինծառայողների համար՝ որոշակի արտոնություններից օգտվելու: Այդ գործընթացը մենք առաջիկա օրերին կսկսենք ավելի արդյունավետ իրականացնել: Նախարարության աշխատակիցների հետ ունեցել եմ խորհրդակցություն, նաև այն աշխատակիցների հետ, որոնք անձամբ զբաղվելու են այդ գործընթացով: Մենք ֆիքսել ենք, որ հաշմանդամության կարգի որոշման գործընթացում արդյունավետության և որակի կողքին դնելու ենք արագությունն ու հարմարավետությունը: Ողջ գործընթացն իրականացնելու ենք բուժհաստատություններում, արդեն իրենց տներում գտնվող ու հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների տուն ենք այցելելու՝ իրենց հետ պայմանավորվածություն ձեռք բերելով, որպեսզի տեղում իրականացնենք այդ գործընթացը: Նաև հետագա փաստաթղթաշրջանառությունը առավելագույնս կկազմակերպենք մենք ինքներս՝ պետական կառույցների միջոցով:  - Պատերազմի առաջնագիծ մեկնած ՀՀ քաղաքացիների մեջ կան այնպիսիք, որոնք տվյալ ժամանակահատվածում կորցրել են իրենց եկամտի աղբյուրները: Նախարարությունն ունի՞ նրանց աջակցություն ցուցաբերելու ծրագիր: - Մենք հասկանում ենք, որ մի զգալի մարդկանց հատված կա, որոնք իրենց եկամուտը վաստակում են ոչ թե գործատուի մոտ գրանցված վիճակով, այլ սեփական որևէ նախաձեռնությամբ: Գիտակցում ենք, որ առնվազն ռազմական գործողություններին մասնակցելու ընթացքում նրանք հնարավորություն չեն ունեցել իրենց եկամուտն ապահովելու: Քննարկումներ կան, որ որոշ ձևով այդ անձանց նույնպես աջակցենք: Ընդ որում, ոչ միայն սոցիալական աջակցության մասին է խոսքը, այլ մեր նպատակը նաև այն է, որ խրախուսենք այդ անձանց աշխատել և սեփական աշխատանքի միջոցով եկամուտ վաստակել: Աշխատունակ անձանց աշխատանքով ապահովելը մեզ համար ավելի ճիշտ գործառույթ է, քան ուղղակի դրամական աջակցությունը: - Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում զոհեր ու վիրավորներ են եղել նաև Հայաստանի Հանրապետության բնակավայրերի թիրախավորման արդյունքում, արձանագրվել են և ավերածություններ: Նշված դեպքերի հետևանքով տուժած քաղաքացիները ևս կօգտվե՞ն աջակցության ծրագրերից: - Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի բնակավայրերում ունեցանք քաղաքացիական անձանց շրջանում զոհեր, վիրավորներ և ավերածություններ: Այդ մասով նույնպես կառավարությունն առաջիկայում միջոցառում կիրականացնի այդ մարդկանց սոցիալական աջակցություն ցուցաբերելու նպատակով: Առաջիկայում կլինի սոցիալական աջակցության փաթեթ: Շարունակությունը՝ armenpress.am-ում
09:36 - 25 նոյեմբերի, 2020
Հաշմանդամության կարգի տրամադրման ամբողջ գործընթացը կազմակերպվելու է նախարարության միջոցով. ԱՍՀ նախարար

Հաշմանդամության կարգի տրամադրման ամբողջ գործընթացը կազմակերպվելու է նախարարության միջոցով. ԱՍՀ նախարար

Զինվորներին հաշմանդամության կարգի տրամադրման ամբողջ գործընթացը կազմակերպվելու է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջոցով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նորանշանակ նախարար Մեսրոպ Առաքելյանը՝ հավելելով, որ որևէ զինվոր կամ ընտանիքի անդամ անհրաժեշտություն չունի այցելել որևէ վայր՝ դիմում գրելու կամ փաստաթուղթ ներկայացնելու համար։ Ավելի վաղ ՀՀ-ում Արցախի Կառավարության օպերատիվ շտաբից հայտնել էին, որ բոլոր այն զինծառայողները և կամավորականները, որոնք այս պատերազմի ընթացքում ստացել են ծանր վիրավորում, այդ թվում՝ ունեն անդամահատում, պետք է այդ մասին հիվանդանոցային համապատասխան տեղեկագրով ներկայանան ՀՀ-ում Արցախի Կառավարության օպերատիվ շտաբի սոցաջակցության բաժին՝ հաշմանդամության կարգի և ընթացիկ այլ հարցերի վերաբերյալ համապատասխան աշխատանքները կազմակերպելու նպատակով։
12:41 - 23 նոյեմբերի, 2020
Միանգամից պետք է անցնել գործի և կոնկրետ արդյունքներ արձանագրել. վարչապետը ներկայացրել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նորանշանակ նախարարին

Միանգամից պետք է անցնել գործի և կոնկրետ արդյունքներ արձանագրել. վարչապետը ներկայացրել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նորանշանակ նախարարին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Մեսրոպ Առաքելյանին: Վարչապետը շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Զարուհի Բաթոյանին կատարած աշխատանքի համար և Մեսրոպ Առաքելյանին մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ: «Ընդհանրապես կարող ենք ենթադրել, որ մի քանի հանգամանքների բերումով սոցիալական լարվածությունն էլ ավելի է սրվելու՝ կապված կորոնավիրուսի համաճարակի, պատերազմի, նրա հետևանքների, տնտեսական վիճակի հետ: Աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում պետք է մեծ տեմպ հաղորդել աշխատանքին և կոնկրետ արդյունքներ արձանագրել: Քիչ առաջ պարոն Առաքելյանին ասում էի, որ հիմա այն ժամանակները չեն, որպեսզի ասեն, թե ժամանակ է հարկավոր աշխատանքի մեջ մտնելու, առանձնահատկութուները հասկանալու համար: Միանգամից պետք է անցնել գործի և կոնկրետ արդյունքներ արձանագրել: Հույս ունեմ, որ տիկին Բաթոյանը և նախարարության թիմն այս աշխատանքում լիովին կաջակցեն նորանշանակ նախարարին: Սա բոլորիս խնդիրն է և մենք պետք է կենտրոնացնենք մեր ուժերն այս խնդրի լուծման համար»,- ասել է վարչապետ Փաշինյանը: Զարուհի Բաթոյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին վստահության և համատեղ աշխատանքի համար: «Ինձ համար մեծ պատիվ էր աշխատել Հայաստանի Հանրապետության կառավարությունում և ծառայել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին: Ուզում եմ աշխատակազմին հատուկ շնորհակալություն հայտնել 2020 թվականին համավարակի, ինչպես նաև պատերազմական դրության ընթացքում կատարած ծանրաբեռնված աշխատանքի համար: Բոլորս գիտենք, որ բոլոր խնդիրների դեպքում առաջին հերթին հետևանքները սոցիալական ոլորտին են բաժին ընկնում: Մենք 2020-ին նախատեսել էինք իրականացնել բազմաթիվ համակարգային փոփոխություններ, սակայն խնդիրները դրանք բավականին հետաձգեցին: Այնուամենայնիվ, կատարել ենք բավականին մեծ նախապատրաստական աշխատանք և ես հույս ունեմ, որ պարոն Առաքելյանի հետ համատեղ նաև այդ աշխատանքները կհասցնենք իրականացնել: Ես ինքնս որպես հավասար հնարավորությունների ջատագով և սոցիալական ոլորտի մարդ՝ շարունակելու եմ ծառայել Հայաստանի Հանրապետությանը: Հաջողություն մաղթելով պարոն Առաքելյանին՝ նշեմ, որ պատրաստ եմ աջակցել նախարարության աշխատանքներին, ընթացիկ ծրագրերին և մշտապես նաև կապի մեջ լինել թե նախարարի, թե նախարարության մեր գործընկերների հետ»,- նշել է Զարուհի Բաթոյանը: Իր հերթին, նորանշանակ նախարար Մեսրոպ Առաքելյանը ևս շնորհակալություն է հայտնել վարչապետին վստահության համար: «Ինչպես նաև տիկին Բաթոյանը նշեց՝ այս տարին սոցիալական խնդիրների առումով ավելի ծանրաբեռնված էր և այդ մասով իրոք նախարարության գործառույթուներն ու պատասխանատվությունն ավելի մեծ էր: Այս պահին նույնպես կարևորում եմ այն խնդիրները, որ սոցիալական հատվածում առաջացել են և որոնք պետք է օր առաջ կարգավորվեն: Իմ և նախարարության թիմի նպատակն է լինելու յուրաքանչյուր օր ստեղծել նոր արդյունք: Վստահեցնում եմ, որ շատ կարճ ժամանակում մենք էական արդյունքներ կապահովենք, որպեսզի առկա իրավիճակը հնարավորինս մեղմենք, միևնույն ժամանակ չմոռանալով կառավարության ծրագրերը, որոնք նախատեսել ենք իրականացնել սոցիալական ոլորտում»,- ընդգծել է նորանշանակ նախարարը:
15:36 - 21 նոյեմբերի, 2020